Փաստերի ստուգում

Համայնքային տեղեկության հասանելիությունը․ չաշխատող կայքեր, ոչ անվտանգ էլ․ հասցեներ, անպատասխան հարցումներ

Համայնքային տեղեկության հասանելիությունը․ չաշխատող կայքեր, ոչ անվտանգ էլ․ հասցեներ, անպատասխան հարցումներ

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ ՀՀ 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքները պետք է ունենան համայնքային պաշտոնական համացանցային կայքեր, որտեղ պարբերաբար պետք է տեղադրվեն տեղեկություններ` համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, ավագանու և ղեկավարի ընդունած իրավական ակտերի, հնգամյա ծրագրերի և դրանց կատարողականների, բյուջեի, բյուջեի կատարման, բնակիչների հետ հանդիպման, հանրային լսումների և քննարկումների, ինչպես նաև համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների մասին: Այս օրենքը նպատակ ունի ապահովել համայնքների բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը: 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների պաշտոնական կայքերը օրենքի ուժով ստեղծված են, սակայն անհայտ է՝ ինչպես են օգտագործվում, ինչպես են վերահսկվում, տեղադրվա՞ծ են արդյոք օրենքով սահմանված բոլոր տեղեկությունները, թե՞ ոչ։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար ուսումնասիրել ենք 3000 և ավելի բնակչություն ունեցող ՀՀ համայնքների պաշտոնական կայքերի հասանելիությունը հանրությանը: Համայնքների բնակչության թվի վերաբերյալ բոլոր տեղեկությունները վերցված են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի արած տարածքային վիճակագրությունից: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Շիրակի մարզում 3000 և ավելի բնակչություն ունի 9 համայնք, որոնցից 3-ը քաղաքային համայնքներ են, 6-ը՝ գյուղական: Քաղաքային երեք համայնքներից մեկի՝ Արթիկի դեպքում, ուսումնասիրության ընթացքում կայքը պարբերաբար չէր գործում: Այսինքն` առկա են տեխնիկական խնդիրներ: Նմանօրինակ խնդիրներ կան նաև այլ համայնքների դեպքում, հետևաբար, բոլոր տվյալները, որոնք շարադրված են հոդվածում, արտացոլում են ուսումնասիրության պահին առկա իրավիճակը: Չի բացառվում, որ ուսումնասիրությունից առաջ և հետո կայքերը գործել են անխափան, կամ ուսումնասիրությունից հետո տեխնիկական խնդիրները վերացվել են: Ազատան համայնքի կայքում կարելի է գտնել գրեթե բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, սակայն ավագանու նիստերի և որոշումների մասին տեղեկությունը 2019 թվականի դեկտեմբերից ի վեր չի թարմացվել:  Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետի՝ ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ, սակայն Ազատան համայնքի կայքում տեղ գտած տեղեկության համաձայն՝ վերջին նիստը եղել է 2019 թվականի դեկտեմբերի 17-ին, իսկ վերջին որոշումը՝ 2019 թվականի հուլիսի 16-ին: Փանիկ համայնքի կայքը 2019 թվականի սեպտեմբերի 19-ից հետո առհասարակ չի թարմացվել, բյուջեի ծախսերի պլանի նախահաշիվը միայն 2018 թվականինն է, իսկ ավագանու նիստերի, որոշումների, ինչպես նաև համայնքի ղեկավարի որոշումների մասին թարմացումներ նույնպես չկան: Փոքր Մանթաշ համայնքի կայքն առհասարակ չի թարմացվում: Կայքում ավագանու որևէ նիստի մասին որևէ տեղեկություն չկա, համայնքի ղեկավարի որոշումների մասին նույնպես ոչինչ չկա: Կայքի նորությունների բաժնում տեղադրված է 2018 թվականի ընդամենը 3 լուր: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Լոռու մարզում կա 3000 և ավելի բնակչությամբ 10 համայնք, որից 5-ը՝ քաղաքային, 5-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից ամենախոշորը՝ Վանաձորը, ունի համայնքային երկու կայք, որոնցից մեկը չի թարմացվում, իսկ մյուս կայքը պարբերաբար թարմացվում է, և համայնքի մասին անհրաժեշտ բոլոր տեղեկությունները կարելի է գտնել։  Ջրաշեն համայնքի կայքում կարող եք գտնել տեղեկություններ ավագանու նիստերի, որոշումների և գործունեության մասին, սակայն բյուջեի մասով ոչինչ չկա, և որևէ տարվա բյուջեի ելքերի, մուտքերի, տարեկան պլանների և կատարողականների մասին տեղեկություն չեք գտնի: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Տավուշի մարզում 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 10 է, որից 4-ը քաղաքային է, 6-ը՝ գյուղական: Քաղաքային ամենախոշոր՝ Իջևան համայնքի պաշտոնական կայքը չի թարմացվում ինչպես կարգն է և ինչպես սահմանում է օրենքը: Բյուջեի ծախսերի պլանի նախահաշվի, ինչպես նաև կատարողականի վերաբերյալ վերջին թարմացումները եղել են 2018 թվականին: Գյուղական համայնքներից Այգեհովիտ և Աչաջուր համայնքների դեպքում նույնպես կայքերը չեն թարմացվել, իսկ Գանձաքար համայնքի կայքն առհասարակ չի գործում: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Արագածոտնի մարզում 3000 և ավելի բնակչություն ունի 13 համայնք, որոնցից 3-ը՝ քաղաքային, 10-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից մեկի՝ Թալինի դեպքում, ուսումնասիրության պահին կայքը չէր գործում: Գյուղական համայնքների պաշտոնական կայքերից ընդհանրապես չեն թարմացվում կամ բավարար չափով և օրենքով սահմանված կետերին համապատասխան չեն թարմացվում Բյուրական, Ոսկեվազ և Օշական համայնքների կայքերը: Ուսումնասիրության պահին չէին գործում Սասունիկ, Արագած և Արագածավան համայնքների կայքերը: Չէին գործում նաև Կոշ և Ուջան համայնքների կայքերը, որոնք գրանցված են համապատասխանաբար http://5.77.246.76/ և http://46.130.112.110/ դոմեյնների վրա: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Կոտայքի մարզում 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 18 է, որից 6-ը՝ քաղաքային, 12-ը` գյուղական: Գյուղական համայնքներից Պռոշյանի և Քասախի պաշտոնական կայքերի թարմացումները պարբերական բնույթ չեն կրում կամ չեն թարմացվում օրենքով սահմանված կետերին համապատասխան՝ մասնավորապես ավագանու նիստերի և բյուջեի ծախսերի մասով: Գյուղական համայնքներից Արգել համայնքի կայքը ուսումնասիրության պահին չէր գործում: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Գեղարքունիքի մարզի 3000 և ավելի բնակչությամբ համայնքների թիվը 22 է, որից 5-ը՝ քաղաքային, 17-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից մեկի՝ Վարդենիսի պաշտոնական կայքը ուսումնասիրության պահին չէր գործում: Գյուղական համայնքներից Զոլաքար, Ներքին Գետաշեն, Վարդենիկ համայնքների կայքերը գրեթե չեն օգտագործվում և չեն թարմացվում: Չեն գործում Գանձակի, Նորատուսի, Երանոսի, Ծովինարի, Ձորագյուղի, Վաղաշենի, Վերին Գետաշենի, Ծովագյուղի և Ակունք համայնքների կայքերը: Երանոս համայնքի պաշտոնական էլ. հասցեին հաղորդագրություն չի գնում, իսկ Ծովինար համայնքի կայքը որոնողական համակարգի պարզ որոնման եղանակով հնարավոր չէ գտնել: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Արարատի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 21 է, որից 4-ը՝ քաղաքային, 17-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից Արտաշատ և Վեդի համայնքների բյուջեների մասին տեղեկությունները 2018 և 2019 թվականի են: Գյուղական համայնքներից չեն թարմացվում կամ օրենքով սահմանված կետերին համապատասխան չեն թարմացվում Ոստան, Նորաշեն, Այնթափ և Մարմարաշեն համայնքների կայքերը: Գյուղական համայնքներից չեն գործում Մխչյան և Ավշար համայնքների կայքերը: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Արմավիրի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 23 է, որից 3-ը՝ քաղաքային, 20-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից ամենամեծը՝ Էջմիածինը, ունի համայնքային երկու կայք, որոնցից մեկն ընդհանրապես չի թարմացվում, իսկ մյուսի դեպքում թարմացումները դարձյալ պարբերական բնույթի չեն: Օրինակ՝ ավագանու արձանագրված վերջին նիստը 2019 թվականի է: Մյուս քաղաքային համայնքի՝ Արմավիրի կայքի դեպքում էլ կա թարմացման խնդիր: Բյուջեի նախահաշիվը դեռևս 2019 թվականինն է: Գյուղական համայնքներից պարբերաբար չեն թարմացվում կամ օրենքով նախատեսված կետերին համապատասխան չեն թարմացվում Բամբակաշատ, Մրգաշատ, Նալբանդյան, Դալարիկ, Մյասնիկյան, Ակնալիճ, Արշալույս և Ջրառատ համայնքների կայքերը: Գյուղական համայնքներից չեն գործում Արմավիրի և Սարդարապատի կայքերը: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Ոսկեհատ համայնքի բնակչությունը 3422 է, սակայն, ըստ Արմավիրի մարզպետարանի կայքի՝ 2805: Ոսկեհատ և Թաիրով համայնքների կայքերը չհաջողվեց գտնել։ Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Վայոց Ձորի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 4 է, որից 3-ը՝ քաղաքային, միայն մեկը՝ գյուղական: Մարզի բոլոր համայնքների կայքերն էլ պարբերաբար թարմացվում են, և հնարավոր է գտնել անհրաժեշտ տեղեկությունները: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Սյունիքի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 6 է, և բոլորն էլ քաղաքային համայնքներ են: Գորիս համայնքի կայքում բյուջեի նախահաշվի և կատարողականի մասին տեղեկությունը դեռևս 2019 թվականի է: Էլ. հասցեներ․ ի՞նչ էլեկտրոնային հասցեներից են օգտվում համայնքները Ինչպես համայնքային ընդհանուր կայքերը, այնպես էլ էլեկտրոնային հասցեները ունեն ընդհանուր, օրինակելի տարբերակ (@mta.gov.am), որը ենթադրելի է, որ ավելի անվտանգ տարբերակ է: Սակայն համայնքներից շատերը շարունակում են օգտվել այլ համակարգերից: Ուսումնասիրել ենք 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների էլեկտրոնային հասցեները և դրանց գործունեությունը: Շիրակի մարզի 3000 և ավեի բնակչություն ունեցող համայնքները, բացառությամբ Գյումրիի, օգտվում են @mta.gov.am օրինակելի ձև համարվող էլեկտրոնային հասցեներից: Գյումրի համայնքը օգտագործում է gyumri.am կայքի էլ. հասցեն: Լոռու մարզի համայնքները նույնպես օգտվում են @mta.gov.am էլ հասցեներից՝ բացառությամբ Սպիտակ համայնքի: Վերջինս օգտվում է gmail.com-ի տրամադրած էլ. հասցեից: Տավուշի մարզը օգտագործվող էլ. հասցեների առումով բազմազան է: Օրինակ՝ մարզկենտրոն Իջևանը օգտագործում է mail.ru, Դիլիջանը օգտվում է yahoo.com համակարգից, իսկ Գանձաքար համայնքի էլ․ հասցեն ընդհանրապես չկարողացանք պարզել, քանի որ կայքը չէր գործում: Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակը, օրինակ, օգտագործում է gmail էլ. հասցե, իսկ Թալին համայնքն օգտվում է list.ru համակարգից: Արագածավանը օգտվում է mail.ru համակարգից: Կոտայքի մարզի համայնքներից mail.ru համակարգից օգտվում են Նոր Հաճնի, Գեղաշենի, Քանաքեռավանի և Քասախի համայնքները: Բալահովիտի համայնքապետարանն օգտվում է rambler.ru համակարգից: Հրազդան համայնքն օգտագործում է ոչ պաշտոնական՝ [email protected] էլ. փոստը: Գեղարքունիքի մարզի համայնքներից mail.ru համակարգից օգտվում են Սևանի և Վարդենիսի համայնքները: Մարզի մի քանի համայնքների մեյլերը այդպես էլ չհաջողվեց պարզել՝ կայքի չգործելու պատճառով, իսկ, օրինակ, Լիճք համայնքի կայքը գործում է, սակայն էլ. հասցե չկա գրված, հետևաբար, տվյալ դեպքում մասամբ խախտվում է քաղաքացիների՝ տեղեկություն ստանալու ազատության իրավունքը: Իսկ Երանոս համայնքի դեպքում էլ. հասցեն գրված է, սակայն դրան հաղոդագրություն ուղարկել չի լինում: Արարատի մարզկենտրոն Արտաշատ համայնքն օգտվում է bk.ru էլ․ հասցեների համակարգից: Mail.ru համակարգից օգտվում են մարզի Ոստան, Վերին Արտաշատ, Նորաշեն, Արարատ, Ոսկետափ, Այնթափ համայնքները: Մարմարաշեն համայնքի պաշտոնական էլ. հասցեն yandex.com համակարգով է և ոմն Հակոբյան Էդիկի անունով: Արմավիրի մարզի համայնքներից mail.ru համակարգից օգտվում են Արշալույսի և Ջրառատի համայնքապետարանները: Արշալույս համայնքը՝ [email protected], իսկ Ջրառատը` [email protected] էլ. հասցեներով: Մեծամորի համայնքապետարանի էլ հասցեն yandex.ru համակարգով է, իսկ Դալարիկ համայնքինը` rambler.ru: Արմավիր համայնքի մարզկենտորն Էջմիածինն օգտվում է ոչ պաշտոնական [email protected] էլ. փոստից: Վայոց Ձորի մարզի համայնքներից միայն Վայքն է օգտվում [email protected] էլ. հասցեից, մնացած համայնքներն օգտվում են mta.gov.am պաշտոնական հասցեներից: Սյունիքի մարզի համայնքների դեպքում միայն Սիսիանն է օգտվում ոչ պաշտոնական էլ․ հասցեից՝ [email protected]։ Էլեկտրոնային հասցեների միասնական հարթակից օգտվելու առաջնահերթություններից հիմնականն անվտանգությունն է: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը վերջերս կորոնավիրուսի վարակակիրների տվյալների արտահոսքի վերաբերյալ նշել էր, որ, ամենայն հավանականությամբ, հաքերները կորոնավիրուսով վարակակիրների տվյալները գողացել են ինչ-որ մեկի էլեկտրոնային փոստից, այսինքն` համակարգ չեն կոտրել: Ուսումնասիրված 114 համայնքներից ոչ պաշտոնական էլ․ հասցեներից են օգտվում 30-ը։ Այժմ դիտարկենք՝ արդյոք համայնքները հետևո՞ւմ են իրենց էլ. փոստերին և պատասխանում քաղաքացիների հարցումներին՝ օրենքով սահմանված ձևով և ժամկետներում: Համաձայն Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների, ինչպես նաև «Տեղեկատվության ազատության» մասին օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների՝ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ստանալ իրեն անհրաժեշտ տեղեկությունը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիներից: Տեղեկության տրամադրման ժամկետ է սահմանված 5 աշխատանքային օրը:  Հասկանալու համար՝ արդյոք տեղական ինքնակառավարման մարմինները պահո՞ւմ են Սահմանադրության և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համապատասխան հոդվածները, հարցումով դիմեցինք ՀՀ 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքներին: Այսպիսով` կատարված 114 հարցումներից ստացել ենք միայն  67-ի պատասխանը:  Ո՞ր համայնքներն այդպես էլ չպատասխանեցին Տեղեկություն ստանալու մեր հարցմանը չեն պատասխանել Շիրակի մարզի Ազատան, Պեմզաշեն և Փոքր Մանթաշ համայնքները, Լոռու մարզի Վանաձոր, Տաշիր, Գուգարք, Մարգահովիտ համայնքները, Տավուշի մարզի Աչաջուր և Կողբ համայնքները, Արագածոտնի մարզի Բյուրական, Կարբի և Արագածավան համայնքները, Կոտայքի մարզի Աբովյան, Առինջ, Բալահովիտ, Արգել, Նոր Գեղի և Գառնի համայնքները, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Ներքին Գետաշեն, Վարդենիկ և Ծովագյուղ համայնքները, Արարատի մարզի Արտաշատ, Արարատ, Ոստան, Արարատ, Այգավան, Տափերական, Այնթափ և Հովտաշատ համայնքները, Արմավիրի մարզի Էջմիածին, Արևիկ, Բամբակաշատ, Նալբանդյան, Ջանֆիդա, Սարդարապատ, Մյասնիկյան, Քարակերտ, Ակնալիճ, Արշալույս, Գայ, Մուսալեռ և Փարաքար համայնքները, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր և Մալիշկա համայնքները և  Սյունիքի մարզի Մեղրի համայնքը: Այսպիսով՝ ուսումնասիրության արդյունքում կարելի է գալ այն եզրահանգման, որ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքները չեն իրացվում՝ ինչպես կարգն է, վերահսկման մեխանիզմները, եթե դրանք կան, չեն գործում արդյունավետ, ցածր է համայնքային կառույցների տեղեկատվական անվտանգության մակարդակը։ Նարեկ Մարտիրոսյան
14:56 - 02 հուլիսի, 2020
Արսեն Թորոսյանը չէր կարող հրաժարվել «Գրանդ Հոլդինգ»-ի՝ կորոնավիրուսի հաղթահարման գանձապետական հաշվին կամավոր փոխանցած գումարից․ «Ժողովուրդ»-ը մանիպուլացնում է

Արսեն Թորոսյանը չէր կարող հրաժարվել «Գրանդ Հոլդինգ»-ի՝ կորոնավիրուսի հաղթահարման գանձապետական հաշվին կամավոր փոխանցած գումարից․ «Ժողովուրդ»-ը մանիպուլացնում է

Հուլիսի 1-ին «Ժողովուրդ» օրաթերթն ու նրա armlur.am կայքը հրապարակել են ««Սկզբունքային» նախարարը. ինչու չհրաժարվեց «Գրանդ հոլդինգ»-ի օգնությունից» վերտառությամբ մի նյութ, որտեղ ասված է, թե Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հակասելով ինքն իրեն, համաձայնել է աջակցություն ստանալ ծխախոտային ընկերությունից։ Armlur.am-ի այս հրապարակումը արտատապեցին նաեւ մի շարք կայքեր։ Հրապարակման մեջ, մասնավորապես, նշված է, որ 2019 թ. ապրիլի 2-ին՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել էր «Ժպիտների քաղաք» հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանի առաջարկին՝ ծխախոտ արտադրող ընկերությունների՝ սոցիալական, առողջապահական որեւէ ծրագիր ֆինանսավորելու վերաբերյալ, եւ հայտարարել, որ դա անթույլատրելի է համարում․ «Ցանկացած առողջապահական հարց լուծող կազմակերպություն՝ լինի պետական, թե մասնավոր, չպետք է համագործակցի որեւէ ծխախոտային ընկերության հետ՝ թե՛ ֆինանսական, թե՛ ոչ ֆինանսական առումով»,- մեջբերել էր կայքը, ապա հիշեցրել, որ այս տարվա մարտի 26-ին «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը կորոնավիրուսի կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված միջոցառումների աջակցության գանձապետական հաշվին փոխանցել է 100 միլիոն ՀՀ դրամ՝ վարակի տարածումը կանխելու եւ բուժաշխատողներին աջակցելու նպատակով: Լրատվամիջոցը շեշտել է, որ «Գրանդ Հոլդինգ»-ի կազմում է նաեւ ծխախոտի արտադրությամբ եւ վաճռքով զբաղվող «Գրանդ Տոբակո» ընկերությունը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ առողջապահության նախարարությունից իր գրավոր հարցմանն ի պատասխան պարզաբանում է ստացել, որ հավաքագրված դրամական միջոցներն Առողջապահության նախարարությանը վերաբաշխվում են կառավարության որոշումների հիման վրա:  Լրատվամիջոցն այս պատասխանից եզրակացրել է, որ նախարար Թորոսյանն «ամեն դեպքում իր վրայից փորձեց գցել պատասխանատվությունը, ինչից ստացվում է, որ ծխախոտային ընկերություններից պետք եղած ժամանակ օգնություն ստանալը ոչ թե անթույլատրելի է, այլ նաեւ խրախուսելի»,  «Համաձայնեք՝ «սկզբունքային» տեսակետ է»,- նյութն այսպես է եզրափակել կայքը: Թեեւ կայքն, ըստ էության, ապատեղեկատվություն չի հայտնել, սակայն Թորոսյանի տեսակետը ներկայացրել է կիսատ ու մանիպուլյատիվ։ Բանն այն է, որ Ազատության ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, թե՝ որպես առողջապահության նախարար՝ ի՞նչ է կարծում, որքանո՞վ է ճիշտ, որ քաղցկեղ առաջացնող կամ քաղցկեղին նպաստող ծխախոտի վաճառքից գումար տրամադրվի քաղցկեղի բուժմանը, Թորոսյանը նախ պատասխանել է, որ անթույլատրելի է համարում գումար վերցնելը, ապա պարզաբանել է․ «Ինչո՞ւ եմ համարում անթույլատրելի։ Նույնիսկ հակաքաղցկեղային շատ մեծ միությունները, օրինակ, Ամերիկյան հակաքաղցկեղային միությունը, հատուկ հայտարարություն ունի, որ որեւէ կերպ չի կարելի համագործակցել ծխախոտային ինդուստրիայի հետ, ակնկալել որեւէ գումար՝ մի պարզ պատճառով՝ նրանց վարկանիշը չբարձրացնելու համար։ Որովհետեւ նրանց գործունեության արդյունքում առաջացած վնասը՝ մարդկային կյանքերի տեսքով, ոչ մի կերպ չի կարող կոմպենսացվել նրանց տված X կամ Y թվով։ Նույնիսկ ԱՀԿ-ն հատուկ հայտարարություն ունի, որն ուղարկվել է երկրիների ղեկավարներին, այդ թվում՝ մեր, որով կոչ է անում՝ չհամագործակցել որեւէ ծխախոտային ինդուստրիայի առաջարկած բարեգործական ծրագրերի հետ, որովհետեւ այդ ընկերությունները հիմա նման մարկետինգային քայլեր են անում, ստեղծում են, օրինակ, քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամ, բայց որը ֆինանսավորում է ծխախոտային ընկերություն»։  Թորոսյանը հավելել է, որ որեւէ առողջապահական հարց լուծող կազմակերպություն չպետք է համագործակցի որեւէ ծխախոտային ընկերության հետ՝ թե՛ ֆինանսական, թե՛ ոչ ֆինանսական առումով։ Նախարարի խոսքը, ըստ էության, վերաբերել է քաղցկեղի բուժմանն ուղղվելիք գումարներին։ Իսկ կորոնավիրուսի հետեւանքները հաղթահարելու համար բացված ֆոնդին մարդիկ կամ կազմակերպությունները գումար են ուղարկում կամավոր, եւ նրանց որեւէ մեկը արգելել չի կարող։ Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը մարտի 17-ին բացել էր գանձնապետական հաշիվ՝ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման եւ հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։  Նախարար Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ փոխանցում կատարելիս պետք է նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին», իսկ ստացված միջոցները օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա։ Գանձապետարանի մուտքերը վերահսկում է ֆինանսների նախարարությունը, եւ, ինչպես նշեցինք, որեւէ մեկը չի կարող արգելել կամավոր հիմունքով գումար փոխանցել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին աջակցելու նպատակով։  Եւ, ինչպես ասված է նախարարության պարզաբանման մեջ, կառավարության որոշմամբ են բաշխվում այդ գումարները։ Այսինքն՝ թե դրանց որ մասը ինչի վրա կծախսվի, Արսեն Թորոսյանի սկզբունքներից կախված չէ, եւ Թորոսյանը չի էլ կարող ասել՝ «Գրանդ Հոլդինգ»-ի փոխանցած գումարը չօգտագործեք կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար։ Այսպիսով,«Ժողովուրդ» օրաթերթը մանիպուլյատիվ է ներկայացրել մի հանգամանք, որը կապ չունի Արսեն Թորոսյանի սկզբունքների հետ։ Իսկ Թորոսյանի տեսակետը կայքը ներկայացրել է կոնտեքստից կտրված։ Նարեկ Մարտիրոսյան
14:55 - 02 հուլիսի, 2020
«Վիրահատական միջամտություն»՝ դատական համակարգում [մաս 3]․ վեթինգի տրանսֆորմացիաները

«Վիրահատական միջամտություն»՝ դատական համակարգում [մաս 3]․ վեթինգի տրանսֆորմացիաները

Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Նիկոլ Փաշինյան, 2019 թվական   Այս տարվա մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկեցին վեթինգի եւ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացներին վերաբերող հարցեր։  Քննարկումից պարզ դարձավ, որ էապես փոխվել է վեթինգ անելու՝ կառավարության գործիքակազմը, որի մասին Փաշինյանը խոսում էր դեռեւս 1 տարի առաջ։   Հրապարակման առաջին մասում Infocom-ն անդրադարձել էր Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ 2013 թվականին հրապարակած զեկույցին, որտեղ ներկայացված էին Վճռաբեկ դատարանում կոռուպցիոն մեխանիզմները, նախկին Արդարադատության խորհրդի անդամների՝ դատարավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս կիրառած երկակի ստանդարտները։ Երկրորդ մասում ներկայացրել էինք 2008 թվականի մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերով որոշումներ կայացրած դատավորներին։ Իսկ այս մասում կանդրադառնանք վեթինգի վերաբերյալ կառավարության՝ նախկինում տված խոստումների եւ ապագայում նախատեսվող գործողությունների տրամաբանության տարբերություններին։ Վեթինգի վերաբերյալ նոր կառավարող ուժի հայտարարություններն ու իրականությունը Դատաիրավական համակարգում բարեփոխումներ անելու խիստ անհրաժեշտության մասին վերջին շրջանում չէ, որ խոսվում է։ Դատական համակարգի հանդեպ անվտահության մասին բարձրաձայնվել է տարիներով, սակայն դրա լուծման խիստ կարեւորությունն, ըստ էության, արձանագրվել է 2018 թվականին տեղի ունեցած իրադարձություններից հետո։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հակարգի մասին խոսեց 2018 թվականի մայիսի 19-ին՝ նշելով, որ Հայաստանում այս համակարգը  հայտնվել է կաթվածահար վիճակում։ Փաշինյանը այդ վիճակը կապեց նրա հետ, որ դատարանները չգիտեն՝ ինչ անեն ու ինչպես վարվեն, քանի որ սովոր են գործել հրահանգներով․ «Բաղրամյան 26-ից դատարաններին ուղղված հրահանգներ չեն լինելու, տիկնայք եւ պարոնայք, սիրելի ժողովուրդ: Էնպես որ, դատավորները թող գործեն իրենց լիազորությունների շրջանակներում եւ նաեւ կրեն իրենց որոշումների պատասխանատվությունը: Եվ սրա համար միակ երաշխիքն այն է, որ նրանք պետք է կայացնեն օրինական, օբյեկտիվ դատավճիռներ, եւ այդ դատավճիռները պետք է ծնվեն բացառապես ՀՀ օրենսդրությամբ, միջազգային կոնվենցիաներով, նաեւ ՄԻԵԴ-ի նախադեպային վճիռներով սահմանված շրջանակում»,- ընդգծեց գործադիրի ղեկավարը։ Վարչապետն իր եզրափակիչ խոսքում նշեց, որ ՀՀ-ում կա քաղաքական կամք՝ ունենալու անկախ դատական համակարգ, եւ, ըստ այդմ, մենք կունենանք անկախ դատական համակարգ։ 2018 թվականի օգոստոսի 17-ին՝ իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց դատական համակարգի խնդիրների մասին։ «Այսօր ավելի ու ավելի բարձր են հնչում տեսակետներ, որ մեր հանրապետության դատավորների մի զգալի մասը երկար տարիներ սպասարկել է կոռուպցիոն համակարգին: Այսօր ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են խոսում այն մասին, որ Հայաստանում բազմաթիվ դատավորներ եղել են կոռուպցիոն համակարգի մաս, եւ այս իմաստով դատական մարմինների նկատմամբ անվստահույթունը շարունակում է խորը մնալ: Սա, իհարկե, չափազանց նուրբ թեմա է, եւ մենք ամեն դեպքում չպետք է տրվենք դատական իշխանության գործերին խառնվելու եւ միջամտելու գայթակղությանը»,- մասնավորապես նշեց Նիկոլ Փաշինյանը՝ մյուս կողմից ընդգծելով, որ սա չի նշանակում, թե որոշ դատավորներ պետք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ՝ կոռումպացված իշխանության ներկայացուցիչներից: «Եվ ուզում եմ նախորդ իշխանության եւ նրանցից հրահանգներ ստացող դատական իշխանության ներկայացուցիչներին ասել շատ ուղիղ եւ կոնկրետ. խելքներդ գլուխներդ հավաքեք եւ կատակ չանեք ժողովրդի հետ: Իսկ ընդհանուր առմամբ՝ ես չափազանց կարեւոր եմ համարում, որ մենք, մեր դատական համակարգի այսօրվա վիճակն արձանագրելով, առաջիկայում լուրջ քննարկում ունենանք եւ որոշում կայացնենք անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ, որովհետեւ անցումային արդարադատության մարմինները մեզ կարող են անհրաժեշտ լինել ոչ միայն այն պատճառով, որ մեր դատական համակարգի բազմաթիվ կոռումպացված դեմքեր շարունակում են տեղը չբերել ժողովրդական հեղափոխությանը, այլեւ այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ խնդիրներ»,- ընդգծեց Փաշինյանը։ Վերոնշյալ մեջբերումներից կարող ենք եզրակացնել, որ 2018 թվականին Փաշինյանը վերբալ մակարդակում խաղի նոր կանոններով շարժվելու կոչեր էր անում դատական համակարգի ներկայացուցիչներին։ Այս փուլում ինստիտուցիոնալ որեւէ փոփոխություն չեղավ, սակայն, խոսվեց անցումային արդարատության մարմիններ ստեղծելու անհրաժեշտության մասին։ Արդեն 2019 թվականի մայիսին 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով կոչ արեց հաջորդ օրը իրականացնել «Հանուն անկախ դատական համակարգի» ակցիան եւ շրջափակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։  Հաջորդ օրը՝ 2019 թվականի մայիսի 20-ին, վարչապետը կոչ արեց ժամը 13:30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը։ Նույն օրը տեղի ունեցավ դատաիրավական բարեփոխումների մասին քննարկում, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ երկրում հաստատված են ժողովրդի վստահությունը վայելող եւ լեգիտիմ կառավարություն ու Ազգային ժողով՝ գործադիր եւ օրենսդիր իշխանություններ, սակայն վերջին մեկ տարվա իրադարձությունները շարունակաբար ի ցույց են դնում, որ Հայաստանի Հանրապետությունում ինչպես չի եղել, այնպես էլ չկա ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն: Վերոնշյալ քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ անելու ժամանակը եւ ակնարկեց վերջինիս իրագործման 5 կարեւոր ուղենիշները․ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից: Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ եւ օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարեւոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին: Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, եւ մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին յոթ-ութ ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը։ Ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ մեր երկրի համար կենսական այս օրակարգը կյանքի կոչելու եւ Հայաստանում իրապես, երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաեւ այդ քայլին, եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, մենք պետք է գնանք նաեւ նման լուծումների: Վերոնշյալից կարող ենք եզրակացնել, որ դատական համակարգում վիրահատական միջամտություններն ու դրա իրականացման գործիք վեթինգը պետք է ընդգրկեին ոչ միայն դատավորի այժմյան գույքային վիճակի գնահատում եւ ապագայում տեղի ունենալիք խախտումների արձանագրում, այլ պետք է ներառեին ավելի լայն սպեկտր՝ հասկանալու դատավորի ունեցած քաղաքական կապերն ու ծագումնաբանությանը, ինչպես նաեւ նախկինում ծավալած գործունեությունը։ Սակայն անցումային արդարադատության մեխանիզմների ներդման մասին վարչապետի ասածը կարծես այդպես էլ ըստ էության չիրականացվեց․ համենայն դեպս, կառավարությունը մինչ օրս չի մշակել անցումային արդարադատության ամբողջական հայեցակարգ։ Միայն վարչապետի մեջբերված ելույթից օրեր անց՝ մայիսի 25-ին, Ազգային ժողովում անցումային արդարադատության վերաբերյալ լսումներ կազմակերպվեցին՝ Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով։  Լսումների ժամանակ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել էր ասոցիացիայի պատրաստած՝ «Անցումային արդարադատության էությունը, դրա կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում» թեմայով զեկույց, որում ներկայացվում է անցումային արդարադատության էությունը, դրա կիրառելիության հնարավորությունը Հայաստանում, առկա միջազգային փորձը՝ տարբեր երկրներում հաջողված եւ անհաջող օրինակներով հանդերձ, կիրառված գործիքները, մեխանիզմները եւ ինստիտուտները, ինչպես նաեւ համեմատական վերլուծական եղանակով վերհանվում է Հայաստանում անցումային արդարադատության իրականացման դեպքում նվազագույն ռիսկերով կիրառելի արդյունավետ մոդելը։ Զեկույցում առաջարկ է եղել՝ ստեղծել վեթինգային հանձնաժողով, որը կպարզի պաշտոնյաների կողմից պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերը եւ կհեռացնի նրանց։  Լսումների ժամանակ իր ելույթում արդարադատության արդեն նախկին փոխնախարար Աննա Վարդապետյանը, խոսելով ԱԱ գործիքակազմի մասին, դարձյալ հիշատակել է վեթինգը՝ գնահատման գործընթացը: Ըստ նրա՝ վեթինգը պետք է ապահովի պատշաճ հավասարակշռություն՝ իրավունքների տեսանկյունից. գործընթացն անցնող հանրային պաշտոն զբաղեցնող անձի եւ այս գործընթացից ակնկալիք ունեցող հասարակության միջեւ որեւէ դեպքում նվաստացուցիչ իրավիճակ չի ենթադրվում: Ողջամիտ գնահատումը, փոխնախարարի խոսքով, չի կարող արժանապատվությունը նվաստացնող լինել: Խորհրդարանական ծավալուն քննարկումից օրեր անց՝ մայիսի 29-ին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ ամբիոնից դիմելով խորհրդարանական մյուս խմբակցությունների անդամներին, հայտարարեց, որ «Իմ քայլը» նախաձեռնել է վեթինգի նախագիծը մշակելու գործընթացը, որը սկսվել է դեռևս ամիսներ առաջ, եւ արդեն վերջնականացման փուլում է․ «Այդ իսկ պատճառով ես դիմում եմ կոչով իմ գործընկերներին՝ թե՛ «Բարգավաճ Հայաստան», թե՛ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների, մեկ շաբաթվա ընթացքում գրավոր առաջարկներ ներկայացնել այն մասին, թե ինչ են ուզում, որ ներառի վեթինգի նախագիծը և իրենց մտահոգությունները»,- ասաց Մակունցը։ Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների անդամներն այս հայտարարությունից հետո դժգոհություններ հայտնեցին, քանի որ նույնիսկ տեղյակ չէին, որ իշխող մեծամասնությունը սկսել է նախագծի մշակումը։ 2019 թվականի հունիսի 20-ին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դատավորների աշխատավարձերի բարձրացմանը։ Նա հիշեցրեց, որ 2018 թվականին առաջին անգամ դատավորների թափուր մրցույթում տեղի ունեցավ «նեդաբոր»՝ շատ պարզ պատճառով. «Դատավորները գիտեն, որ կաշառք չպետք է վերցնեն, հակառակ դեպքում, մեծ հավանականությամբ, կձերբակալվեն: Գիտեն, որ բիզնեսով չպետք է զբաղվեն, այլապես կբացահայտվեն: Գիտեն, որ պետք է ստանան 400-600 դրամ աշխատավարձ՝ որոշ դեպքերում մարդկանց դատապարտելով ցմահ ազատազրկման: Ո՞վ կուզի նման պայմաններում ՀՀ-ում լինել դատավոր: Դուք ձեզ մի հատ տվեք այդ հարցը»։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ երբ խոսում է աշխատավարձերի բարձրացման մասին, խոսքը չի վերաբերում կոռումպացված դատավորներին, այլ նրանց, որոնք զբաղեցնելու են դատավորի պաշտոնը թափուր տեղ առաջանալու դեպքում։ Սակայն, Փաշինյանի կարծիքով, այդ պահին դեռ չէին կարող դատավորների աշխատավարձը բարձրացնել, քանի որ հանրությունը չի կարող նման որոշումն ընկալել: Փաշինյանի այս հայտարարությունից օրեր անց՝ հունիսի 24-ին, Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ վեթինգի մասին առանձին օրենք չի լինի, դատավորների բարեվարքության ստուգումն էլ կիրականացնի ԲԴԽ-ն՝ նոր ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ։ «Կան հարցեր, որոնք Բարձրագույն դատական խորհուրդը պետք է իրականացնի, քննարկի։ Վեթինգի հիմնական գործընթացը իրականացնելու է հենց Բարձրագույն դատական խորհուրդը, բայց կան հարցեր, որը նրա լիազորությունների տիրույթից դուրս է, հետևաբար, դրանք պետք է ուսումնասիրության և քննության ենթարկվեն այլ մարմնում, որը, ենթադրաբար, Կոռուպցիայի կանխարգելման մարմինն է»,- ասել էր Մակունցը: Նրա ներկայացմամբ, վեթինգի մասին նախագիծ, որպես այդպիսին, չի լինելու, բայց օրենսդրական որոշ փոփոխություններ, նախաձեռնություններ կլինեն: Հունիսի 22-ին, կառավարության նիստից հետո, սակայն, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը միանգամայն այլ հայտարարություն էր արել: Նա ասել էր, որ արդարադատության նախարարությունը դատաիրավական բարեփոխումների շրջանակում սկսում է վեթինգի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումների ու դրանից բխող օրենսդրական փոփոխությունների մշակումը։ Լրագրողների հարցին՝ ի վերջո, լինելո՞ւ է վեթինգի մասին առանձին օրենքի նախագիծ, նախարարը դրական պատասխան է տվել՝ դժվարանալով նշել, թե ի՞նչ նախագիծ է լինելու։  2019 թվականի հուլիսի 17-ին Ազատություն ռադիոկայանին տրված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն արդեն կոշտ տոնով անդրադարձավ դատական համակարգին եւ նշեց, որ վերջինս տիրոջ ստրուկ է։ «Գնացել են անկյուններում իրենց հին տերերին են փնտրում։ Դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք, բա մենք 400 հազար դրամով ո՞նց ապրենք, բա լավ չէ՞ր էն ժամանակ. մեզ փող էիք տալիս, մեզ հաց էիք տալիս, մեզ համար խաշ ու քյաբաբ էիք ուղարկում։ Այդ դատական համակարգը՝ սկսած Սահմանադրական դատարանից մինչեւ վերջ, անհամատեղելի է նոր Հայաստանի հետ», - մասնավորապես նշեց Փաշինյանը։ Ինչպես տեսնում ենք, Փաշինյանն այս շրջանում կրկին անդրադարձել  է դատական համակարգի կախյալ գործելաոճին եւ կոռումպացվածությանը՝ պատճառների թվում նշելով արդեն ոչ միայն նախկին իշխանությունների ազդեցությունը, այլ նաեւ դատավորների աշխատավարձի ցածր չափը։ Արդեն այս տարվա մայիսի 11-ին, երբ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկում էին վեթինգի իրականացման գործընթացը եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումները, Ռուստամ Բադասյանը նշեց, որ դատավորների համատարած վեթինգի իրականացում հնարավոր չէ՝ առանց Սահմանադրություն փոխելու։ Նախարարն այսպես պատասխանեց Փաշինյանի այն հարցին, թե ինչպես անել, որ «վատ» դատավորները գնան համակարգից, ինչն էլ հենց ենթադրում է վեթինգը։ Նախարարը ներկայացրեց, որ առաջին անգամ Դատական օրենսգրքով դատավորի՝ հայտարարագիր չներկայացնելը, ներկայացման դեպքում դրա վերլուծության արդյունքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ գույքի ավելացման կամ պարտավորությունների նվազեցման դեպքում պատշաճ բացատրություն չներկայացնելը արձանագրվում է որպես վարքագծի կանոնի խախտում։ Միաժամանակ, Ռուստամ Բադասյանը նշեց, որ վեթինգի Ալբանական մոդելի օրինակով գնալու եւ դատավորներին համատարած ստուգելու դեպքում՝ ՀՀ-ն կունենա դատավորների պակաս՝ վեճերի քննության համար։ Infocom-ը Արդարադատության նախարարությունից փորձեց տեղեկանալ՝  ի վերջո ի՞նչ քայլեր են իրականացվելու վեթինգի իրականացման համար, եւ արդյոք 2018 թվականից առ այսօր որեւէ քայլ իրականացվե՞լ է առհասարակ դատական համակարգի առողջացման ուղղությամբ։ Նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ 25.03.2020 թվականին ընդունված եւ 02.05.2020 թվականին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով եւ հարակից օրենքներով 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության շրջանակներում դատավորների կարգավիճակին վերաբերող դրույթների եւ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթի վերանայումը, դատավորների բարեվարքության ստուգման եւ նրանց գործունեության գնահատման մեխանիզմների ներդրումը հնարավորություն կտա երաշխավորել անկախ, անաչառ, կոռուպցիայից զերծ եւ արդյունավետ գործող դատական իշխանություն ունենալու տեսլականը:  Մասնավորապես, այս փուլում վեթինգի իրագործումը, ըստ ԱՆ-ի, հնարավոր է հետեւյալ գործողությունների իրականացմամբ.  1) Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի ձեւավորում, որը կընդգրկի ոչ միայն դատավոր անդամների, այլեւ հասարակական կազմակերպությունների առաջադրած անդամների:  Այս հանձնաժողովը կարգապահական խախտումներ, այդ թվում` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերեւույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարք հայտնաբերելու դեպքում դատավորի նկատմամբ հարուցելու է կարգապահական վարույթ:  2) Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի ձեւավորում, որը կընդգրկի ոչ միայն դատավոր անդամների, այլեւ իրավաբան-գիտնականների: Հանձնաժողովը պարբերաբար իրականացնելու է դատավորների գործունեության գնահատում` դատավորի աշխատանքի որակն ու արդյունավետությունը, ինչպես նաեւ դատավորի արհեստավարժությունն ու վարքագիծը բնութագրող հստակ չափանիշների գնահատման միջոցով: Դատավորների գործունեության գնահատումը կնպաստի առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները կազմելիս լավագույն թեկնածուների ընտրությանը, դատավորի աշխատանքի արդյունավետությունը բարելավելու ուղիների բացահայտմանը, դատավորի ինքնակատարելագործմանը, ինչպես նաեւ դատարանի գործունեության արդյունավետության բարելավմանը։ Դատավորների գործունեության գնահատման արդյունքում կարգապահական խախտման հատկանիշներ հայտնաբերելու դեպքում, հանձնաժողովը կարգապահական վարույթ հարուցելու համար դիմում է Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին: 3) Կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեցող մարմինների շարքում է նախատեսվել նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը կիրականացնի դատավորի գույքային դրության ստուգում, որը կարող է հանգեցնել դատավորի կարգապահական, վարչական կամ քրեական պատասխանատվության: 4) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահել է նաեւ լիազորություն՝ Սահմանադրական դատարանի դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, դատավորների, դատախազների, քննիչների թեկնածուների հավակնորդների բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնելու եւ իրավասու մարմին խորհրդատվական եզրակացության ներկայացնելու:  5) Կարգապահական նոր տույժի տեսակը, ինչպիսին է դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատելը, հնարավորություն կտա կարգապահական խախտում թույլ տված դատավորին ազատելու այդ պաշտոններից:  Վերոնշյալից բացի՝ նախարարությունից հայտնել են, որ, հիմք ընդունելով հանգամանքը, որ վեթինգի իրագործման այլ եղանակների իրականացումը հնարավոր է միայն սահմանադրական բարեփոխումների իրականացմամբ, 10.10.2019 թվականին հաստատված դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարությամբ որպես ռազմավարական նպատակ է նախատեսվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների իրականացումը: Ըստ այդմ, նշված նպատակին հասնելու համար ձեւավորված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից այժմ քննարկվում են վեթինգի իրագործման այլ հնարավոր ուղղությունները: Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ 2 տարի շարունակ նոր կառավարության եւ կառավարող քաղաքական ուժի ներկայացուցիչները տարբեր առիթներով հայտարարել են դատական համակարգում բարեփոխումների՝ այդ թվում վիրահատական միջամտությամբ փոփոխությունների մասին, հայտարարել են մշակվող նախագծերի մասին, սակայն դրանք, ըստ էության, մինչ օրս վերջնականացված չեն։ Դեռեւս մշակված չէ անցումային արդարադատության ամբողջական հայեցակարգ, անցումային արդարադատության ընդհանուր կիրառման մասին նույնիսկ դադարել է խոսվել, վեթինգի մասին առանձին օրենք չի լինելու, իսկ դատավորների բարեվարքության ստուգմամբ զբաղվելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնանժողովը, որը, բոլոր դեպքերում, ուսումնասիրում է պաշտոնյաների ունեցվածքը՝ անկախ վեթինգի մեխանիզմի ներդրումից։  Բացի այս՝ 2 տարվա ընթացքում իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում չի եղել նաեւ ըստ էության հանցագործության մասին հաղորդումներ պարունակող՝ Մարդու իրավունքների նախկին պաշտպանի ծավալուն եւ փաստական զեկույցը։ Արփի Ավետիսյան, Հայարփի Բաղդասարյան
21:41 - 01 հուլիսի, 2020
«Վիրահատական միջամտություն»՝ դատական համակարգում [մաս 2]․ Մարտի 1․ արդարացված քաղաքացիներին դատապարտած պաշտոնավարող դատավորները

«Վիրահատական միջամտություն»՝ դատական համակարգում [մաս 2]․ Մարտի 1․ արդարացված քաղաքացիներին դատապարտած պաշտոնավարող դատավորները

«Դատավորը մայրիկիս ասել էր՝ գոնե էսքանը պետք ա տանք, վերեւից պատվեր ա, հա՛մ մայրիկիս էր ասել, հա՛մ հորեղբորս, որ հնարավոր չի ոչ մի բան անել, վերեւից պատվեր է։ Անգամ Աղվան Հովսեփյանի անունն է տվել, որ կեթաք էսքան կուզեք։ Հլը նույնիսկ ասում էր՝ 5 պետք ա ուզեի, էս փոքր երեխու համար 4 տվեցի։ Դատախազը՝ Փիլոյանն էլ էր ասել, որ պատվեր է, ես ոչ մի բան չեմ կարող անել»։   Կարեն Թարխանյան, Մարտի 1-ից հետո 2 ոստիկանի ցուցմունքով 4 տարվա ազատազրկման դատապարտված, 2019թ․-ին արդարացված ՀՀ քաղաքացի   Այս տարվա մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկեցին վեթինգի եւ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացներին վերաբերող հարցեր։  Քննարկումից պարզ դարձավ, որ էապես փոխվել է վեթինգ անելու՝ կառավարության գործիքակազմը, որի մասին Փաշինյանը խոսում էր դեռեւս 1 տարի առաջ։   Նախորդ հրապարակմամբ Infocom-ն անդրադարձել էր Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ 2013 թվականին հրապարակած զեկույցին, որտեղ ներկայացված էին Վճռաբեկ դատարանում կոռուպցիոն մեխանիզմները, նախկին Արդարադատության խորհրդի անդամների՝ դատարավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս կիրառած երկակի ստանդարտները։ Հրապարակման այս մասում կանդրադառնանք 2008 թվականի մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերով որոշումներ կայացրած դատավորներին, որոնց մի մասն այսօր էլ շարունակում է աշխատել դատական համակարգում։   Մարտի 1-ի տասներորդ տարելիցին ընդառաջ՝ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը հրատարակեց մի գիրք՝ «Մարտի 1-ի ոճրագործությունը» վերնագրով, որտեղ ներկայացված են 2008թ. մարտի 1-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված անօրինականություններին վերաբերող տարբեր բնույթի փաստաթղթեր։ Այս գրքում ներկայացված են շուրջ 4 տասնյակ դատավորների անուններ, որոնք, ինչպես նշված է գրքում, անարդար ու ապօրինի որոշումներ են կայացրել Մարտի 1-ին առնչվող քրեական գործերով, այդ թվում՝ մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա կայացրել են մեղադրական դատավճիռ։ Այդ դատավորներից որոշների անունները հիշատակվում են նաեւ Մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանի արտահերթ զեկույցում։ Նրանցից ոմանք շարունակում են պաշտոնավարել։ Ստորեւ կներկայացնենք այդ դատավորներից մի քանիսին առնչվող հրապարակումներ, որտեղ ներկայացված են նրանց կայացրած ենթադրյալ ապօրինի ակտերն ու անարդար որոշումները։  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյան․ վերջինս թեեւ այլեւս չի պաշտոնավարում համակարգում, սակայն նրա վերաբերյալ հրապարակումները քիչ չեն։  2008 թվականի նոյեմբերին Երեւանի քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանը «Մարտի 1»-ի գործով 4 տարվա ազատազրկման էր դատապարտել Գեւորգ Մանուկյանին, որը նախագահական ընտրությունների ժամանակ Էջմիածնում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձն էր: 29-ամյա Մանուկյանին բռնությամբ ուղեկցվող զանգվածային անկարգություններ կատարելու մեղադրանք էր առաջադրված: Մեղադրող կողմը 5 տարվա ազատազրկում էր պահանջել նրա համար: Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը հայտնել էր, որ իր պաշտպանյալը կալանավորված էր մայիսի 10-ից` երեք վկաների ցուցմունքների հիման վրա, որոնցից երկուսը Էջմիածին քաղաքի բնակիչներ են, մեկը` ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակից: Փաստաբանի վկայությամբ` վկաներից մեկը հոգեկան հիվանդ էր: 2013 թվականի սեպտեմբերին ՀԱԿ կուսակցության փոխնախագահ, այդ ժամանակ ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը, որն անձնական երաշխավորություն էր հայտնել դատարանին՝ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը վերացնելու խնդրանքով, նաեւ հայտարարել էր․ «Հիմա կոնկրետ խոսում եմ դատավոր Եվա Դարբինյանի մասին, ով հայտնի է նրանով, որ Մարտի 1-ով անցնող մեր քաղբանտարկյալ ընկերների գործերով բազմաթիվ անարդար վճիռներ է կայացրել: Նա շատ մեծ մեղքեր է գործել արդարադատության դեմ ու նրան եմ ուղղում խոսքս։ Այդ կինը մեղքի մեծ բեռից ազատվելու մի հնարավորություն ունի, եթե, անսալով մեր կոչին, ճիշտ որոշում ընդունի, ու բռնապետի կողմից ճնշված դատավորի մեջ արթնանա իր կոչմանը արժանի դատավորը»,- ասել էր Զուրաբյանը։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյան․ նրա լիազորությունները դադարեցվել են չորս տարի առաջ։ Ըստ մամուլի հրապարակումների՝ կաշառք ստանալուց հետո առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու մեջ մեղադրվող անձին դատապարտել է երկու տարվա ազատազրկման, այնինչ՝ այս արարքի համար նվազագույն պատիժը 4 տարի է։  Մասնավորապես, 2010 թվականի սեպտեմբերին «Հետք» պարբերականը մի հրապարակում արեց, որտեղ նշված էր, որ այդ ժամանակ նախագահի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանը Լոնդոնից նամակ է ստացել, որտեղ միջազգային հանցավոր խմբի պարագլուխ, Ռումինիայի քաղաքացի Օլիվեր Ռադուկու Մարիանը գրել է իր հայաստանյան արկածների մասին՝ ինչպես են այստեղ հսկայական գումարներ հափշտակել, երկրից դրանք հանել դուրս, ինչպես են ձերբակալվել ու կաշառքի դիմաց արժանացել մեղմ պատժի:  2008 թվականին ԱԱԾ-ն վնասազերծել էր միջազգային հանցավոր խումբ, որը նույն տարվա օգոստոսին հայաստանյան 4 բանկերի բանկոմատներից կեղծ պլաստիկ քարտերով հափշտակել էր ավելի քան 80 մլն դրամ: 2010-ին հիշյալ խմբի անդամներից ընդամենը երկուսն էին անազատության մեջ: Մյուսները տարօրինակ կերպով արժանացել էին իրավապահների մեղմ վերաբերմունքին:  Օլիվեր Մարիանի գործը քննել է ԱԱԾ-ի ավագ քննիչ Արտյոմ Գրիգորյանը, մեղադրող-դատախազը եղել է Հովսեփ Սարգսյանը, դատավորն էլ` Գագիկ Ավետիսյանը։ Վերջինս, ինչպես նշեցինք վերեւում, Մարիանին դատապարտել էր ընդամենը 2 տարվա ազատազրկման։ Դատավոր Գագիկ Ավետիսյանն այս բացառիկ մոտեցումը հիմնավորել էր նաեւ այն հանգամանքով, որ Օլիվերը նախկինում ոչնչով արատավորված, մասնավորապես` դատված չի եղել: Սա այն դեպքում, երբ նույն քրեական գործում առկա է Մեծ Բրիտանիայի Ինտերպոլի տեղեկանքը, ըստ որի` Օլիվեր Մարիանը խարդախության համար երկու անգամ դատապարտվել է եւ անցնում է իրենց երկրի քրեական հաշվառումներով: Իսկ Սերժ Սարգսյանին ինքը` հանցավոր խմբի պարագլուխ Օլիվեր Մարիանը գրել է, որ ինքն ընդունել է մեղքը, դատապարտվել է 2 տարվա ազատազրկման եւ դատավարությունից 7 ամիս անց բանտից ազատվել ու լքել է Հայաստանը։ Գագիկ Ավետիսյանն այս արարքի համար նույնիսկ նկատողության չի արժանացել։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գործող դատավոր Գագիկ Պողոսյան․ վերջինս հայտնի է ՀԱԿ ակտիվիստների դատապարտման գործով․ 2011 թվականի օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ տեղի ունեցած միջադեպով սկսված ՀԱԿ ակտիվիստների աղմկահարույց գործը 1 տարի անց ավարտվել է դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով, համաձայն որի՝ Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6, Արտակ Կարապետյանը՝ 3,5, Սարգիս Գեւորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական տարվա ազատազրկման: Ուշագրավ է, որ վերջինիս համար մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը 2 տարի պայմանական ազատազրկում է պահանջել, սակայն Գագիկ Պողոսյան ավելի խիստ պատիժ է սահմանել՝ անտեսելով  դատախազի պայմանական ազատազրկման պահանջը եւ երկու տարի տալով երիտասարդ ընդդիմադիր գործչին։ Ինչպես բազմիցս նշել են դատավարության ընթացքին հետեւող իրավապաշտպանները, լրագրողները եւ անհատները, Պողոսյանը շատ անգամ նիստերի ընթացքում չի լսել եւ ոչ մի կողմին, ու աթոռին նստած կամ ճոճվել է, կամ քնել: Ի դեպ, 2010 թվականին ՀՀ արդարադատության նախարարի 09.08.2010 թվականի թիվ 163-Ա հրամանով դատավոր Գ. Պողոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, որի առիթ է հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի 24.05.2010 թվականի հաղորդումը: Նշվել է, որ Պողոսյանն արդարադատություն իրականացնելիս դատավարական օրենքների նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտումներ է թույլ տվել: Արդարադատության խորհուրդը, սակայն, որոշել է մերժել արդարադատության նախարարի միջնորդությունը եւ կարճել Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը: Գագիկ Պողոսյանն իր գույքը եւ եկամուտների հայտարարագիրը ներկայացրել է 2011 թվականից սկսած։ Այդ ժամանակ Պողոսյանը հայտարարագրել է 7 մլն ՀՀ դրամ եւ 6000 ԱՄՆ դոլար։  2019 թվականի հայտարարագրում  Գագիկ Պողոսյանը ներկայացրել է 3 բնակարան՝ համատեղ սեփականությամբ, որոնք ձեռք են բերվել 1993, 1995 եւ 2005 թվականներին։ 2019 թվականի վերջի դրությամբ Պողոսյանի բանկային հաշվում առկա է 2 մլն 481 հզ ՀՀ դրամ եւ 5200 ԱՄՆ դոլար։ Դատավորը հայտարարագրել է նաեւ 18 մլն ՀՀ դրամ եւ 9000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար։ Ուշագրավ է, որ Գագիկ Պողոսյանը 4 մլն 521 հզ ՀՀ դրամ մնացորդով փոխառություն ունի՝ տրված «Միկշին» ՍՊԸ-ին, որը պատկանում է ԱԱԾ նախկին պետ Գրիգոր Հարությունյանի եղբոր՝ Միախիլ Հարությունյանի որդուն՝ Տիգրան Հարությունյանին։  Ընդհանուր իրավասության դատարանի գործող դատավոր Գայանե Խաչատրյան․ 2019 թվականի մայիսին փստաբան Հակոբ Ճարոյանը վարչապետին է ներկայացրել դատավորի կողմից հանցավոր արարք կատարելու վերաբերյալ դիմում։ Փաստաբանը նման հաղորդում է ներկայացրել նաեւ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի վերաբերյալ։ Հաղորդումը կրկին հանցավոր արարք կատարելու մասին է. «Հանցավոր արարքը նրանց երկուսի դեպքում էլ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելն է։ Նրանք երկուսն էլ ակնհայտ անարդար դատական ակտ են կայացրել եւ ենթակա են քրեական պատասխանատվության»,-ասել է Ճարոյանը՝ հավելելով, որ երկու դեպքում էլ դատախազությունը իր հաղորդումները համարել է անհիմն, եւ քրեական գործ չի հարուցվել:  Գայանե  Խաչատրյանը 2011 թվականի դրությամբ հայտարարագրել է 12 մլն ՀՀ դրամ եւ 25000 ԱՄՆ դոլար դրամական միջոցներ։ Դատավորն այդ տարում գույք եւ եկամուտ չի հայտարարագրել։ 2019 թվականի հայտարարագրում Խաչատրյանը ներկայացրել է բնակարան, որտեղ միանձնյա սեփականատեր է եւ, ըստ հայտարարագրի, ժառանգության իրավունքով է ստացել՝ 2010 թվականին։ Դատավորը հայտարարագրել է նաեւ շարժական գույք՝ Mercedes Benz մակնիշի ավտոմոբիլ, որը գնվել է 2007 թվականին։ Դատավորը հայտարարագրել է նաեւ 15 մլն 500 հզ ՀՀ դրամին եւ 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական միջոցներ։ 2020 թվականի մայիսին Հայաստանի Վճռաբեկ դատարանը արդարացրեց Մարտի 1-ի գործով տարիներ առաջ ազատազրկված 9 անձի՝ Արմեն Ավագյան, Մասիս Այվազյան, Կարեն Թարխանյան, Դավիթ Աղայան, Վարդան Ջհանգիրյան, Արման Շահինյան, Դավիթ Մաթեւոսյան, Խաչիկ Գասպարյան, Սամվել Հարությունյան, իսկ Արամ Բարեղյամյանի մասով դիմումը բավարարվել է մասնակի։ Մեղադրական դատավճիռների դեմ բողոք էր ներկայացրել ՀՀ դատախազությունը։ Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո այս 9 անձանց դատարանները մեղավոր էին ճանաչել տարբեր հոդվածներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրել, բռնությամբ զանգվածային անկարգությունների մասնակցել, Արամ Բարեղամյանի դեպքում նաեւ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառել։ Այս անձանց դատավորներից մեկն էլ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյան, մյուս արդարացվածներին դատել են Ռուբեն Ափինյանը, Գագիկ Ավետիսյանը, Գայանե Կարախանյանը, գործող դատավոր Ալեքսանդր Ազարյանը։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյան․ այս դատավորն էլ հայտնի է Մարտի 1-ից հետո «7»-ի գործի քննությամբ ու խնդրահարույց դատավճիռներով: Նա քննել է նաեւ Նիկոլ Փաշինյանի, ապա նաեւ ՀԱԿ ակտիվիստների գործը՝ բոլոր գործերով արձակելով մեղադրական դատավճիռներ:  2015 թվականին ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը դիմել է դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտիրոսյանի նկատմամբ վարույթ հարուցելու վերաբերյալ: Դիմումի համար հիմք է հանդիսացել դատապարտյալ Արթուր Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանի բողոքը, որով փաստաբանը դատարանից խնդրել էր իր պաշտպանյալի մասով վերացնել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի համապատասխան որոշումը, որով մերժվել էր փոխել Այվազյանի ռեժիմը միայն այն պատճառով, որ նա դատապարտված լինելու ժամանակ կրկին հանցագործություն է կատարել եւ բացի դրանից՝ պատիժը կրելու ընթացքում 9 անգամ ենթարկվել է կարգապահական տույժի, չի խրախուսվել: Այս որոշման դեմ Ալումյանը վերաքննիչ բողոք է բերել, եւ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 1-ին մասնակիորեն բավարարել է Ալումյանի բողոքը՝ փոխելով առաջին ատյանի դատարանի որոշումը եւ տեղաբաշխման հանձնաժողովին պարտավորեցնելով վերացնել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ արձանագրված դատապարտյալի իրավունքի խախտումը: Օմբուդսմենը համարել է, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը դուրս է եկել օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից եւ թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի, 429-րդ հոդվածի 1-ին մասի, 358-րդ հոդվածի դրույթների ակնհայտ եւ կոպիտ խախտում, ինչի հետեւանքով խախտվել են նաեւ Սահմանադրության 5-րդ, 18-րդ եւ 19-րդ հոդվածներով սահմանված դրույթները: Բացի այդ, Օմբուդսմենը կարծում է, որ դատապարտյալի պաշտպանի բողոքի մերժման որոշումը պատշաճ պատճառաբանված չի եղել: Ի դեպ՝ Մնացական Մարտիրոսյանը հանդիսացել է հենց նույն կարգապահական հանձնաժողովի անդամ, եւ ենթադրվում էր, որ դժվար թե այդ հանձնաժողովը նրան կարգապահական պատասխանատվության ենթարկեր: Մնացական Մարտիրոսյանն իր առաջին՝ 2011 թվականին հրապարակված հայտարարագրում ներկայացրել է 4 մլն ՀՀ դրամ, 17000 ԱՄՆ դոլար եւ 3950 եվրո դրամական միջոցներ։ 2019 թվականին Մնացական Մարտիրոսյանը հայտարարագրել է 25 տոկոս  բաժնային սեփականությամբ 1 բնակարան եւ 25 տոկոս բաժնային սեփականությամբ ավտոտնակ, որոնք ձեռք են բերվել 2019 թվականին։ Դատավորը հայտարարագրել է նաեւ Toyota մակնիշի 1 ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 2015 թվականին։  2019 թվականի վերջի դրությամբ Մնացական Մարտիրոսյանի հաշվին եղել է 581 հզ ՀՀ դրամ եւ 267 եվրո։ Դատավորը հայտարարագրել է 10 մլն ՀՀ դրամ, 17 000 ԱՄՆ դոլար եւ 5000 եվրո կանխիկ դրամական միջոցներ։ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանը 2013-ի հոկտեմբերին դիմել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով` Վերաքննիչ քրեական դատարանի՝ արդեն նախկին դատավոր Աիդա Հովհաննիսյանի հարցը քննարկելու եւ համապատասխան որոշում ընդունելու միջնորդությամբ: Նման դիմումի առիթ էին դարձել մամուլի հրապարակումները։ Մամուլի միջոցներով հրապարակվել են տարբեր քաղաքացիների դժգոհությունները` կապված դատավոր Աիդա Հովհաննիսյանի կողմից քաղաքացիների հետ տարբեր քաղաքացիաիրավական վեճեր ունենալու եւ դրանց շրջանակում Աիդա Հովհաննիսյանի կողմից դատավորին արգելված վարքագիծ դրսեւորելու մասին: Դատական դեպարտամենտն ուսումնասիրել է մամուլի միջոցներում տեղ գտած հրապարակումները, դրանց մանրամասները եւ արդյունքները ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին: Դրանից հետո՝ 2013 թվականի նոյեմբերին Սերժ Սարգսյանը դադարեցրել է Հովհաննիսյանի լիազորությունները։ Մարտիմեկյան իրադարձություններից հետո դրանց վերաբերյալ դատական ակտեր կայացրած բոլոր դատավորներին մանրամասն անդրադառնալու դեպքում այս հրապարակումը շատ երկար կլիներ, այդ պատճառով ներկայացրինք միայն առավել ուշագրավ կենսագրություն ունեցողներին։  Նախորդ տարի՝ 2019 թվականի մայիսի 24-ին, խորհրդարանում անցումային արդարադատության վերաբերյալ լսումների ժամանակ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը ԱԺ ամբիոնից ներկայացրեց հիշյալ՝ Մարտի 1-ի ոճրագործությունը գիրքը՝ հայտարարելով, որ այն ուղարկել է նաեւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին․ «42 դատավորի, 27 դատախազի անուն կա գրքում, որոնց նկատմաբ հարկավոր է ոչ թե վեթինգ իրականացնել, այլ քրեական հետապնդում: Դրանք այն մարդիկ են, որոնք 1 ոստիկանի ցուցմունքով մարդկանց 6-7 տարի  հոդված են տվել»,- ասաց Արամ Մանուկյանը: Infocom.am-ը ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացավ, որ գիրքը Մարտի 1-ի քրեական գործով քննության առարկա է։ Գրքում հիշատակված դատավորները, դատախազները կամ քննիչները գործի շրջանակներում հարցաքննվե՞լ են, թե՞ ոչ, դատախազությունից չհայտնեցին։ Ստորեւ ներկայացնում ենք վերևում հիշատակված դատավորների ներկայացրած առաջին ու վերջին հայտարարագրերի տվյալները, եւ որպեսզի դրանք համեմատելի լինեն իրենց ստացած աշխատավարձերի հետ, ներկայացնում ենք նաեւ դատավորների ամսական աշխատավարձերի փոփոխությունները՝ 2011 թվականից առ այսօր։ Այստեղ պետք է հաշվի առնել, որ աշխատավարձի նշված չափերը ներառում են նաև եկամտային հարկը, ինչպես նաեւ այն, որ ամսական այսքան եկամուտ ստանալիս յուրաքանչյուր դատավոր նաեւ ունեցել է եւ/կամ ունի ծախսեր։ Միաժամանակ նշենք, որ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը դատավորներ պաշտոնային դրույքաչափերը սահմանվել են տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով և այդ շրջանում գործող Դատական օրենսգրքով։ 2014 թվականի հուլիսի 1-ից հետո դատավորների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվել են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասին» ՀՀ օրենքի համաձայն եւ մինչ այժմ փոփոխության չեն ենթարկվել։   «Վիրահատական միջամտություն»՝ դատական համակարգում [մաս 3]․ վեթինգի տրանսֆորմացիաները Արփի Ավետիսյան, Հայարփի Բաղդասարյան
19:46 - 01 հուլիսի, 2020
Գագիկ Ծառուկյանի՝ օբյեկտիվ քննադատություն ներկայացվող ստերն ու մանիպուլյացիաները

Գագիկ Ծառուկյանի՝ օբյեկտիվ քննադատություն ներկայացվող ստերն ու մանիպուլյացիաները

Շաբաթներ առաջ՝ հունիսի 5-ին, տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստը, որի ժամանակ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ կառավարությանն ուղղված քննադատական ելույթով։ Վերջին շրջանում, երբ Ծառուկյանին առնչվող քրեական գործերի մասին հայտնի դարձավ, ԲՀԿ-ականները եւ անձամբ Ծառուկյանը պնդումներ արեցին եւ շարունակում են անել, թե հենց այդ նիստի ժամանակ արած հայտարարությունների պատճառով Ծառուկյանի հանդեպ քաղաքական հետապնդում են սկսել։ Infocom-ը չդադարող այս պնդումների ֆոնին որոշեց հետ գնալ եւ ստուգել ԲՀԿ ղեկավարի արած հայտարարությունների իսկությունը։ Քաղխորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանը մի շարք մանիպուլյատիվ եւ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ է արել։ Նա, մասնավորապես, իր խոսքում ասել է, թե Հայաստանում տնտեսության բոլոր ճյուղերը ձախողված են․  «Տնտեսական հեղափոխություն անելու համար միայն խոսքերը բավարար չեն, այլ պետք է ծրագրեր լինի, ֆինանսավորում լինի, հնարավորություն տրվի, որ մարդիկ կարողանան ներդրումներ անել»,- հայտարարել է Ծառուկյանը՝ հավելելով, թե երկրում չեն ստեղծվել ներդրումների ներգրավման գործուն մեխանիզմներ, ինչի մասին վկայում է տնտեսական ցուցանիշների անկումը․ «2018 թվականի համեմատ 2019 թվականին ներդրումները պակասել են»։ Այս պնդումը, սակայն, իրականությանը չի համապատասխանում։ ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2018 թվականին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 5.2 %, իսկ 2019 թվականին՝ 7․6 տոկոս։ Ընդ որում՝ նախորդ տարի տնտեսական աճը մեծապես հիմնված է եղել առեւտրի ու ծառայությունների վրա։ Վիճկոմիտեի տվյալների համաձայն՝ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նման բարձր աճ չի գրանցվել 2007 թվականից ի վեր։ Տնտեսական աճի ցուցանիշի մասին սույն թվականի փետրվարի 20-ին կառավարության նիստի ժամանակ խոսել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ 2019-ին գրանցված 7,6 տոկոս տնտեսական աճն ամենաբարձրն է նախորդ տասներկու տարիների ընթացքում։ Հաջորդիվ, ինչ վերաբերում է Ծառուկյանի պնդամը, թե 2018-ի համեմատ 2019-ին ներդրումները պակասել են, ապա, ըստ Կենտրոնական բանկի վճարային հաշվեկշռի` 2018 և 2019 թվականներին օտարերկրյա ներդրումները, կամ որ նույնն է` զուտ պարտավորությունների ստանձնումը, կազմել է 254․1 եւ 254,5 մլն ԱՄՆ դոլար։ Ըստ այդմ՝  ներդրումները 2018 թվականի համեմատ աճել են 0,4 տոկոսով։ Այսինքն՝ Ծառուկյանի պնդումը, թե 2019-ին նախորդ տարվա համեմատ տնտեսական ցուցանիշների անկում է եղել, ներդրումներն էլ պակասել են՝ դարձյալ իրականությանը չի համապատասխանում։ Այնուհետեւ, Ծառուկյանն իր ելույթում հայտարարել է, թե այսօր, երբ աշխարհը սկսում է հաղթահարել վիրուսը, Հայաստանում այն նոր թափ է ստանում․ «Համաճարակը հունվարից է սկսվել, բայց մինչեւ հունվար-փետրվար-մարտի 4-ը՝ մեզ մոտ ոչ մի աշխատանք չէր կատարվել, ոչ մի խնդիր չէր լուծվել, տվյալ իշխանությունը պարտավոր էր հունվարից հարցեր կարգավորել, հարցեր դնել, դեղորայքի համար, դիմակների համար, որ արտադրվեր, ներկրվեր, թեստերի խնդիրը կարգավորել։ Մարտի 4-ին թեստ գոյություն չի ունեցել։ Էսօր մարզեր կան՝ թեստ գոյություն չունի»,- ասաց Ծառուկյանը։ Նշենք, որ կորոնավիրուսը Չինաստանում բռնկվել է դեկտեմբերին։ Հունվարի 30-ին արդեն ՀՀ վարչապետը ստորագրել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշում։ Անմիջապես հաջորդ օրը՝ հունվարի 31-ին, տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի նիստը։  Նիստի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ ՀՀ ԱԳՆ-ի հետ համատեղ ինտենսիվ աշխատանքներ են տարվում կորոնավիրուսի ախտորոշման համար անհրաժեշտ լաբորատոր թեստեր ձեռք բերելու ուղղությամբ: Այսինքն՝ լաբորատոր թեստեր ձեռք բերելու ուղղությամբ աշխատանքներ տարվել են դեռ այն ժամանակ, երբ վիրուսի դեպքեր գրանցել էին հիմնականում Չինաստանի Ուհան քաղաքում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մերձավոր Արեւելքում եւ Եվրամիությունում։ Հունվարի 31-ին նախարարը հանդիպել է նաեւ Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ ու քննարկել իրավիճակը։ Նույն օրը Թորոսյանը հայտնել է, որ Հայաստանն այդ պահին կոնկրետ այս վարակն ախտորոշելու թեստեր չունի եւ մինչ այդ առաջնորդվել է հիվանդների մոտ կլինիկական ախտանշանները ստուգելով, սակայն այդ առավոտյան արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել մի չինական ընկերության հետ, ժամերի ընթացքում թեստերը կլինեն Չինաստանում Հայաստանի դեսպանատանը։ Փետրվարի 4-ին դարձյալ տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է ընդհանուր իրավիճակը, միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները, ՀՀ քաղաքացիներին շուրջօրյա աջակցելու ուղղությամբ Չինաստանում ՀՀ դեսպանության գործունեությունը: Իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ առաջիկայում ակնկալվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ստանալ եւս 200 ախտորոշիչ թեստ: Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ին․ այդ ժամանակ Հայաստանն արդեն ախտորոշիչ թեստեր ուներ։ Առողջապահության նախարարությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ կոնկրետ մարտի 4-ի դրությամբ հանրապետությունում առկա է եղել 520 ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիան ստուգող թեստ) թեստ։ Անդրադառնլով ԲՀԿ ղեկավարի հայտարարությանը, թե բոլոր երկրներում համաճարակը մարում է, նշենք, որ այս կուսակցության քաղխորհրդի նիստից օրեր անց Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարեց, որ կորոնավիրուսային համաճարակը հեռու է նահանջից։ Ըստ այդմ՝ Ծառուկյանի պնդումները, թե Հայաստանում հունվար-փետրվարին աշխատանքներ չեն տարվել կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ, իսկ մարտի 4-ին Հայաստանում ախտորոշման թեստեր չեն եղել, մնացած երկրներում էլ համաճարակը մարում է, դարձյալ իրականությանը չեն համապատասխանում։ Ծառուկյանն իր ելույթում նաեւ ասաց, որ Հայաստանում այսօր կան մարզեր, որտեղ թեստ գոյություն չունի։ Infocom-ն առողջապահության նախարարությունից տեղեկացավ, որ ՊՇՌ մեթոդով կորոնավիրուսային հիվանդություն ախտորոշումն իրականացվում է  Երևանում և ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» 3 մարզային մասնաճյուղերում՝ Սյունիքում (ք.Կապան), Լոռիում (ք.Վանաձոր) և Շիրակում (ք.Գյումրի), սակայն իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ այլ մասնաճյուղերում ևս հետազոտությունների իրականացման ուղղությամբ: Նշենք, որ Առողջության առաջնային պահպանման հաստատությունները (ԱԱՊ հաստատություն (պոլիկլինիկա)), կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք հայտնաբերելիս, ԱՆ 2020 թվականի հունվարի 31-ի թիվ N 336-Ա հրամանով հաստատված ուղեցույցի համաձայն՝ կազմակերպում են նմուշառում։ Այնուհետեւ այդ նմուշները այդ նպատակի համար նախատեսված տրանսպորտային միջոցով տեղափոխվում են կցագրված լաբորատորիաներ` հետազոտության։  Հաջորդիվ ԱԱՊ հաստատության սպասարկող բժիշկը կապ է հաստատում հաստատված պացիենտի հետ, ճշտում է գանգատները, ուղեկցող հիվանդությունները: Եւ, ելնելով հաստատված պացիենտի գանգատներից, որոշում է կայացնում տնային այցելության մասին` տեղում գնահատելու նրա ծանրության աստիճանը, որի հիման վրա որոշում է կայացնում հոսպիտալացման անհրաժեշտության մասին:  Հոսպիտալացման հիմնավորման դեպքում ԱԱՊ բժիշկը 8603, 011 860303 հեռախոսահամարներով կապ է հաստատում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գործող պացիենտների տեսակավորում իրականացնող մասնագիտական խմբի հետ և վերջիններիս հետ քննարկում հոսպիտալացման ցուցումները: Խումբը տրամադրում է խորհրդատվություն ԱԱՊ բժշկին և հոսպիտալացման հիմնավորված ցուցումների առկայության դեպքում՝ ուղղորդում համապատասխան կազմակերպություններ։ Այսինքն, ԱԱՊ բժիշկը անհրաժեշտության դեպքում կատարում է նմուշառում, եւ այն ուղարկում համապատասխան հաստատություն։ Ծառուկյանն իր ելույթում անդրադարձել է նաեւ Պարետի այն որոշմանը, ըստ որի՝ մեքենայի մեջ մեկից ավելի ուղեւորի դեպքում բոլորը պարտավոր են դիմակ դնել։ ԲՀԿ ղեկավարն այսպիսի ձեւակերպում արեց․ «Մարդ ու կնոջ տուգանում են մեքենայի մեջ»։ Նշենք, որ վարչապետը հայտարարել է, որ վարակը կանխարգելելու վարչական ռեսուրսները սահմանափակ են, եւ ավելի մեծ մասշտաբով վերահսկողողություն իրականացնելու համար ձեւավորվել են ոստիկանության ու պետական այլ մարմինների համատեղ կարգախմբեր: Սա նշանակում է, որ միայն ոստիկանության ռեսուրսները չեն բավարարում կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար, եւ պարետի որոշումն, ըստ էության, բխում է այդ տրամաբանությանից, որպեսզի հսկիչ ոստիկանները ամեն մեքենայի մեջ գտնվող անձանց ամուսնական վկանայակնները հատ առ հատ չստուգեն։ Ծառուկյանն իր ելույթում նաեւ ասել է, թե համաճարակի հետ կապված ինչ-որ գումարներ են տրամադրել սահման պահողներին, ոստիկաններին, փրկարարներին՝ 26 հազար, զգացել են՝ սխալ են անում, անմիջապես պարտադրել են, որ այդ գումարը հետ տան։ Այս խնդրի մասին Նիկոլ Փաշինյանն արդեն հանգամանալից խոսել էր մայիսի 6-ին՝ Ազգային ժողովում՝ պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ։ Նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը, դիմելով ՀՀ վարչապետին, ասել էր, որ կառավարության նախաձեռնած՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 9-րդ միջոցառման շրջանակներում դիմել են քաղաքացիներ, որոնք կամ որոնց հարազատները աշխատում են ԱԻՆ-ում, ՊՆ-ում, ոստիակնությունում, բայց ստացել են գումար։ Պատգամավորը հավելել էր, որ հիմա համապատասխան ստորաբաժանումներին գրություններ են գնում, որ այնտեղ աշխատողներն այդ գումարները պետք է վերադարձնեն․ «Հիմա այդ գումարները պետք է հե՞տ վերադարձվեն կառավարությանը, թե՞ այլ տարբերակ կա»,- մասնավորապես հարցրել էր Սիմոնյանը։ Նախքան վարչապետի պատասխանը ներկայացնելը՝ նշենք, որ հիշյալ՝ 9-րդ միջոցառման շահառու են հանդիսանում այն ընտանիքները, որոնք ունեն 0-18 տարեկան երեխա, բայց որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք։ Օժանդակության ձեւը միանվագ մեկանգամյա աջակցություն է՝ յուրաքանչյուր երեխայի համար 26.500 դրամի չափով: Այսինքն՝ հիշյալ գերատեսչություններում գրանցված աշխատակիցները շահառու չեն հանդիսացել , եւ նրանց այդ աջակցությունը տրամադրելը սխալմունք է եղել։ Ի վերջո, վարչապետը Կարեն Սիմոնյանին պատասխանեց, որ այդ գումարները պետք է վերադարձվեն, որովհետեւ դրանք նախատեսված էին բոլորովին այլ կատեգորիայի մարդկանց համար․ «Եւ այն, որ ծառայության որոշ տեսակներ կան, որոնք գաղտնի են եւ արձանագրված չեն ընդհանուր բազաներում, սողանցք է դարձել, եւ դա ցավալի փաստ է, որ մեր՝ սոցիալական անապահով խավի համար նախատեսած միջոցերը գնացել են ոչ այդ խավի համար նախատեսված ուղղությամբ։ Այդ գումարները պե՛տք է վերադարձվեն, եւ ավելին՝ պետք է ծառայողական քննություն նշանակվի, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել։ Դա շատ վատ երեւույթ է։ Մեկը բանկում 50 մլն ավանդ ունի, գալիս, այդ միջոցառումից գումար է տանում, 3-րդի իր աշխատավարձը առաջնային կարգով բարձրացրել ենք եւ ծառայության պայմանները բարելավել ենք, գալիս, այդտեղից գումար է տանում»,- ասաց վարչապետը, եւ, դիմելով պատգամավորին, նշեց, որ վերջինս հարցը պետք է այլ կերպ տար՝ ե՞րբ են այդ գումարները վերադարձնելու եւ այդ նպատակին ծառայեցնելու։  Իսկ Ծառուկյանի՝ վերոգրյալի վերաբերյալ կիսատ հատարարությունից անտեղյակ ունկնդրի մոտ տպավորություն կարող է լինել, թե կառավարությունը փոքր չափի գումար է տվել ԱԻՆ-ի, ՊՆ-ի, ոստիկանության ծառայողներին, հիմա էլ դրանք հետ է պահանջում։ Բայց, փաստորեն, այդ գումարները նախատեսված էին սոցիալական կոնկրետ խավի համար, եւ ոչ թե նշյալ կառույցներում գրանցված աշխատողների։ Այսպիսով, մոտ 19 րոպեանոց իր ելույթում Գագիկ Ծառուկյանը շուրջ 9 մանիպուլյատիվ կամ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ է արել։  Հայարփի Բաղդասարյան, Նարեկ Մարտիրոսյան
17:52 - 01 հուլիսի, 2020
«Վիրահատական միջամտություն»՝ դատական համակարգում [մաս 1]․ ՄԻՊ մոռացված զեկույցը

«Վիրահատական միջամտություն»՝ դատական համակարգում [մաս 1]․ ՄԻՊ մոռացված զեկույցը

 «Եթե Վճռաբեկ դատարանի եւ նրա երկու պալատների նախագահներ Արման Մկրտումյանը, Դավիթ Ավետիսյանն ու Երվանդ Խունդկարյանը պատշաճ գործեին, ապա դատական անօրեն վճիռներով հազարավոր սովորական մարդկանցից չէին խլի տունը, փողը, աշխատավարձը, սեփական երեխային, բանտերում չէին հայտնվի անմեղ մարդիկ, իսկ հանցագործները չէին մնա ազատության մեջ: Վերջապես, եթե այդ երեք նախագահները արդարություն ապահովեին, ապա Հայաստանից չէին հեռանա օտարերկրյա տասնյակ ներդրողներ, ում թալանել են հենց դատարաններում, իսկ հայ գործարարները չէին համակերպվի մաքսակետերում ապօրինի ու երկակի ստանդարտներով կիրառվող հսկիչ գների, ինչպես նաեւ օլիգարխներ ստեղծելու եւ պահելու այլ եղանակների հետ:»  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, 2013թ․ Այս տարվա մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկեցին վեթինգի եւ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացներին վերաբերող հարցեր։  Քննարկումից պարզ դարձավ, որ էապես փոխվել է վեթինգ անելու՝ կառավարության գործիքակազմը, որի մասին Փաշինյանը խոսում էր դեռեւս 1 տարի առաջ։ Infocom-ը որոշեց անդրադառնալ վեթինգի վերաբերյալ կառավարության՝ նախկինում տված խոստումների եւ ապագայում նախատեսվող գործողությունների տրամաբանության տարբերություններին, դատական համակարգում եղած ապօրինություններին, այն դատավորներին, որոնք այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել իրենց կայացրած ապօրինի ակտերի համար՝ չնայած առկա հիմքերին։ Դատական համակարգի նկատմամբ անվստահություն կար դեռեւս 2018 թվականի իրադարձություններից առաջ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ սեւով սպիտակի վրա գրված է՝ ՀՀ-ում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան, արդարադատության իրականացմանը որեւէ միջամտություն արգելվում է: Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաեւ վարչական եւ սնանկության դատարանները: Տարիներ շարունակ, սակայն, ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, իրավապաշտպանները բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի դատարանները ոչ թե արդարադատություն են իրականացնում, այլ ենթարկվում են օրվա գործադիր իշխանությանը։ Սրա վերաբերյալ մամուլի հրապարակումները բազմաթիվ են։ Սակայն միայն մամուլի հրապարակումները չեն, որ վկայում են դատական համակարգի անկատարության մասին։ Դեռեւս 2013 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ Մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակեց արտահերթ զեկույց, որում կասկածի տակ էր դրվում Վճռաբեկ դատարանի արդար ու վստահելի լինելը։ Այստեղ Անդրեասյանը ներկայացրել էր դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմները,  շրջանառվող գումարի չափերն ու տրման ձեւերը: Սակայն, բացի սրանից, զեկույցում նշվել էին նաեւ դատավորների անուններ, որոնց նկատմամբ նախկին Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը երկակի ստանդարտներով իրարարմերժ որոշումներ էր կայացրել՝ որոշ դեպքերում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը մերժվելով՝ չհիմնավորված պատճառաբանությամբ։ Կոռուպցիոն մեխանիզմներ ՄԻՊ-ի անցկացրած հարցումների արդյունքում պարզվել էին դատական համակարգում առկա հետեւյալ 4 կոռուպցիոն մեխանիզմները, շրջանառվող գումարի չափերը եւ տրման ձեւերը: Կաշառքը տրվում է առաջին ատյանի դատավորին, որը պատասխանատվություն է ստանձնում միայն իր կայացրած վճռի համար: Այս դեպքում հաջորդ յուրաքանչյուր ատյանում «կաշառատուն» ինքն է պարտավոր «համաձայնեցնել» գործի ելքը՝ նոր գործարք կնքելով այդ ատյանի դատավորի կամ դատավորների հետ: Դատավորը ավելի մեծ գումար է պահանջում իր վճիռը «պահելու» համար, այսինքն՝ երաշխավորում է, որ իր կայացրած վճիռը չի բեկանվի վերադաս դատական ատյաններում: Այս տարբերակը ենթադրում է գումարի բաշխում վերադաս դատական ատյանների դատավորների միջեւ: Կաշառքի սակագները տատանվում են հետեւյալ միջակայքերում. 1․ առաջին ատյանում 500-10.000 ԱՄՆ դոլար, 2․ վերաքննիչ դատարանում 2.000-15.000 ԱՄՆ դոլար, 3․ Վճռաբեկ դատարանում 10.000-50.000 ԱՄՆ դոլար: Գործին մասնակցող անձը միանգամից կապի մեջ է մտնում Վճռաբեկ դատարանի որեւէ անդամի հետ: Այս դեպքում գործն ի սկզբանե վերահսկում եւ հրանգավորում է անմիջապես Վճռաբեկ դատարանի անդամը: Երկու դատական ատյաններում հաջողության չհասած կողմը, Վճռաբեկ դատարանի հետ համաձայնության գալով, հասնում է դատական ակտի բեկանմանը եւ փոփոխմանը: Այսինքն՝ գումար չի վճարում առաջին ատյանում, վերաքննիչ ատյանում եւ իր խնդիրը «կարգավորում» է միայն Վճռաբեկ դատարանում: ՄԻՊ զեկույցում ասված է, որ դատական ակտերի լայնածավալ անօրինական եւ հանցավոր համաձայնեցում է կատարվել Վճռաբեկ դատարանի եւ ստորադաս դատավորների միջեւ, ինչով էլ պայմանավորված է դատական ակտերի կայունության բարձր ցուցանիշը։ Նշված է, որ Արդարադատության խորհուրդն է հանդիսացել այն լծակը, որի միջոցով Վճռաբեկ դատարանը դատավորների նկատմամբ իրականացրել է ուղղակի եւ անուղղակի ճնշումներ: Արդարադատության խորհուրդը (ԱԽ-ին այժմ փոխարինում է Բարձրագույն դատական խորհուրդը,- հեղ․), ըստ էության, այն մարմինն էր, որը նշանակում կամ ազատում էր դատավորներին, խրախուսում կամ պատասխանատվության էր ենթարկում նրանց, իջեցնում կամ բարձրացնում դատավորների պաշտոնը: Արդարադատության խորհուրդը կազմված էր 13 անդամներից, որից 9-ը դատավորներ էին, իսկ 4-ը՝ իրավաբան-գիտնականներ: Արդարադատության խորհրդի նիստերը վարում էր Վճռաբեկ դատարանի նախագահը։ Արդարադատության խորհրդի՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը այդ ժամանակ, ըստ ՄԻՊ զեկույցի, «ամենարդյունավետ» լծակն էր դատավորներին կախյալ եւ ճնշված վիճակում պահելու համար: Այս մասին են վկայում փաստաբանների, դատախազների եւ դատավորների շրջանում իրականացված ՄԻՊ-ի հարցումները, ինչպես նաեւ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության «Իրավունքի գերակայության նախաձեռնության» կողմից իրականացված ուսումնասիրությունը՝ ըստ որի Արդարադատության խորհրդի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվությունը կիրառվում էր կամայականորեն՝ դատական ակտերի կայացման գործընթացի վրա ազդելու կամ առանձին դատավորների նկատմամբ հաշվեհարդարի իրականացման նպատակով։  Քանի որ հիշյալ զեկույցը բավականին լայնածավալ եւ բազմաշերտ է, փորձենք 2018 թվականից հետո դատական համակարգում տեղի ունեցած փոփոխությունները պարզել երկու ուղղությամբ․ հասկանալ՝ ովքե՞ր են զեկույցում նշված այն դատավորները, որոնք, այսպես ասած, արտոնյալ կարգավիճակ են ունեցել՝ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի որոշումների առումով ու դեռ շարունակում են մնալ համակարգում, եւ երկրորդը՝ արդյոք 2018 թվականից հետո այս զեկույցը իրավապահների ուսումնասիրության առարկա դարձե՞լ է, թե՞ ոչ։ Այժմ ներկայացնենք այն «արտոնյալ դատավորների» ցանկը, որոնց նկատմամբ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը վարանել է կարգապահական վարույթ հարուցել։ Ցանկում ընդգրկված են այն դատավորները, որոնք մինչ այժմ շարունակում են պաշտոնավարել։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած հաղորդման հիման վրա 2013թ. հուլիսին Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը հրաժարվել է վարույթ հարուցել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանի նկատմամբ՝ քաղաքացիական գործը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում քննության փուլում գտնվելու եւ դատավորի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտության արգելքի հղումով:  Բունիաթյանն այժմ շարունակում է պաշտոնավարել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում: Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը վարույթ չի հարուցել նաեւ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ՝ 16.08.2012թ. «Հայփոստ» ՓԲԸ-ի ներկայացուցչի կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ նույն այն պատճառաբանությամբ, ինչ դատավոր Ռուբեն Բունիաթյանի դեպքում։ Ներսիսյանն այժմ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։ Նրա կայացրած խնդրահարույց դատական ակտերի վերաբերյալ հրապարակումները քիչ չեն։ Միայն հիշատակենք, որ 2019 թվականին նրա նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել քաղաքացիական գործով վճիռը հիմնավորված եւ պատճառաբանված չլինելու հիմնավորմամբ, ինչպես նաեւ դատավորի կողմից, ըստ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, խախտվել էին վճռի բովանդակությանը ներկայացվող պահանջները: 2019 թվականի դեկտեմբերին Բարձրագույն դատական խորհուրդը՝ Ռուբեն Վարդազարյանի նախագահությամբ, բավարարել է Ներսիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը․ Ներսիսյանին հայտարարվել է նկատողություն։ Թիվ ԵԿԴ/3012/02/11 եւ ԵԿԴ/0019/04/12 քաղաքացիական գործերը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում քննության փուլում գտնվելու պատճառաբանությամբ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը վարույթ չի հարուցել նաեւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նկատմամբ՝ «Յունիբանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված դիմումի հիման վրա:  «Յունիբանկ» ՓԲԸ-ի գործով դատավոր Ա. Սուքոյանը վճիռը հրապարակել է 24.05.2012թ., իսկ կողմին վճռի օրինակն ուղարկվել է միայն 14.06.2012թ. եւ ստացվել է 15.06.2012թ., այսինքն՝ վճռի հրապարակումից երեք շաբաթ անց: Այս գործով Սուքոյանի թույլ տված խախտումը նույնական է թիվ ԵՇԴ/0865/02/11 քաղաքացիական գործով Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ի. Բարսեղյանի թույլ տված խախտման հետ, սակայն, ի հակադրություն վերջինիս, այն հիմք չի հանդիսացել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:  2013թ. մայիսի 23-ին փաստաբան Հ. Հարությունյանը դիմում է ներկայացրել Արդարադատության խորհուրդ՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 3 դատավորներին՝ այդ թվում՝ Նախշուն Տավարացյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Դիմումի ներկայացման համար հիմք է հանդիսացել մեկ վարույթում միացված 2 քաղաքացիական գործերով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կազմի բոլոր երեք դատավորների կողմից ինքնաբացարկ հայտնելու մասին որոշումների ընդունումը․ վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել 11.12.2012թ., առաջին նիստը կայացել է 23.01.2013թ., ինքնաբացարկի որոշումները կայացվել են 2013 թվականի ապրիլի 8-ին: Կարգապահական վարույթ, սակայն, դարձյալ չի հարուցվել։ Տավարացյանն այժմ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր է: Տավարացյանի կայացրած՝ ակնհայտ ապօրինի ակտերից մեկին կարող եք ծանոթանալ Հետք լրատվականի ծավալուն եւ փաստական հոդվածում։ Նշենք նաեւ, որ Տավարացյանն այն դատավորն է, որը «Ա1+» լրատվականի եթերազրկումից հետո առանց հիմնավորման մերժել էր հեռուստընկերության հայցն ընդդեմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի: Վերոհիշյալ գործով դատավորներից մեկն էլ, որի նկատմամբ եւս կարգապահական վարույթ չի հարուցվել՝ չնայած հիմքերին, Ստեփան Միքայելյանն է։ Նա հիմա եւս ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր է:  2018 թվականի մայիսին էլ փաստաբան Գեւորգ Գյոզալյանն է դիմել ՀՀ բարձրագույն դատական խորհրդի կարգապահական հարցերով հանձնաժողովին՝ դատավոր Միքայելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով։ Խնդիրն վերաբերվում է նրան, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում, որպես նախագահող դատավոր վերջինս թույլ էր տվել օրենքի խախտում։  Կարգապահական հանձնաժողովը, թեեւ արձանագրել է, որ Միքայելյանի թույլ տված խախտումն ակնհայտ է, սակայն նշել է, որ այն կոպիտ չէ, քանի որ չի կրում պարբերական բնույթ եւ չի հեղինակազրկում դատական իշխանությունը։ Հանձնաժողովը որոշել է այս հիմնավորմամբ կարգապահական վարույթ չհարուցել։ Արման Մկրտումյան․ դատական համակարգում անպատժելիության «հայրը» Ինչպես արձանագրված է զեկույցում՝ որպես կանոն դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ էր իրականացվում, եթե լինում էր դեռ այն ժամանակ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գրավոր կարգադրությունը։  Մկրտումյանի դատավորական գործունեությունը արդարադատության տեսանկյունից, մեղմ ասած, այդքան էլ հարուստ չէ, ապօրինությունների վերաբերյալ հրապարակումներն էլ՝ բազմաթիվ։ 2013 թվականին, մինչ մեկը մյուսի հետեւից հերքումներ էին պտտվում ՄԻՊ զեկույցի վերաբերյալ, Հրապարակ օրաթերթը հրապարակեց հոդված, որտեղ նշված էր, որ Արման Մկրտումյանի եղբայրը՝ մասնագիտությամբ իրավաբան Ռուբեն Մկրտումյանը, զեկույցը կարդալուց հետո որոշել է մանրամասներ հաղորդել Ա․ Մկրտումյանի նյութական առաջխաղացման վերաբերյալ, որոնք ապացուցում են, որ պաշտպանը չի սխալվում՝ դատական համակարգն իրոք կոռումպացված է: Իր եղբոր ունեցվածքը, ըստ Ռուբեն Մկրտումյանի, կտրուկ սկսել է ավելանալ՝ սկսած 1998 թվականից, երբ նա նշանակվեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ։  2016թ. հոկտեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռով ճանաչել էր Վարդանյանի արդար դատաքննության, ինչպես նաեւ սեփականության իրավունքի խախտումները՝ արդարացի փոխհատուցման հարցը թողնելով հետագա լուծման: Յուրի Վարդանյանն ապրել է Երեւան քաղաքի Բուզանդի 13 հասցեում, որտեղ սեփականության իրավունքով ունեցել է 395.6 քմ մակերեսով տուն, 1,385.6քմ մակերեսով հողատարածք: Այն գերակա շահ է ճանաչվել եւ անցել պետությանը: ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ վերականգնումը հնարավոր չէ, քանի որ տունը քանդված է, իսկ հողամասն օտարվել է երրորդ անձանց: Ուստի, դատարանը համարել է, որ պետք է տրվի նյութական վնասի հատուցում: ՄԻԵԴ-ն այս վճռով արձանագրել էր, որ Վճռաբեկ դատարանի այն ժամանակվա նախագահ Արման Մկրտումյանը (ՄԻԵԴ-ի վճռի տեքստում նշված է որպես judge M.) թույլ է տվել Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում: Մկրտումյանը, որպես դատավոր, օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել՝ խախտելով մարդու արդար դատաքննության իրավունքը: Արդեն 2019 թվականի հուլիսի 25-ին ՄԻԵԴ-ն այս գործով Հայաստանի դեմ աննախադեպ վճիռ կայացրեց․ Հայաստանը երեք ամսվա ընթացքում պետք է 1 մլն 608 հազար եվրո վճարեր Յուրի Վարդանյանին: Վճիռն աննախադեպ է այնքանով, որ այս մեկ գործով փոխհատուցման գումարն ավելին է, քան Հայաստանի դեմ կայացված ՄԻԵԴ-ի բոլոր վճիռներով փոխհատուցման հանրագումարը: Կառավարությունը, որպես փոխհատուցման գումարի չափ, առաջարկել էր մոտ 893 հազար 916 եվրո, ինչին դեմ է եղել Յուրի Վարդանյանը: Նա ներկայացրել է հաշվարկներ, որոնք մի քանի անգամ գերազանցել են կառավարության առաջարկած փոխհատուցման գումարի չափը: Փաստորեն, բացի այն, որ Մկրտումյանը խախտել է մարդու արդար դատաքննության իրավունքը, նաեւ պատճառ է հանդիսացել Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի այս աննախադեպ վճռի։ Ինչպես հայտնի է ե՛ւ դատավորների, ե՛ւ հանրության շրջանում, այս դատավորը Սերժ Սարգսյանի հովանավորյալն է, հետեւաբար՝ նախկինում նրա նկատմամբ նույնիսկ կարգապահական վարույթ չի հարուցվել։ Եւ չնայած նրան, որ, համաձայն ՀՀ դատական օրենսգրքի 153 եւ 155 հոդվածների, ՄԻԵԴ նշված վճիռը հիմք էր դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունքը վերապահված էր բացառապես Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին, սակայն վարույթ այդպես էլ չի հարուցվել, Իսկ Մկրտումյանը այդպես էլ որեւէ պատասխանատվության չի ենթարկվել։ 2018 թվականին Մկրտումյանը հրաժարական տվեց Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից։ Ըստ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու  դրությամբ ներկայացրած հայտարարագրի՝ Մկրտումյանն ունի 1 բնակարան, 1 ավտոտնակ, 1 անհատական բնակելի տուն, 2 հողամաս։ Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Մկրտումյանն ունեցել է 185 հզ 790 ԱՄՆ դոլար հանձնած փոխառություններ եւ 43 մլն 970 հզ ՀՀ դրամ դրամական միջոցներ։ Բարձրագույն դատական խորհուրդը՝ որպես Արդարադատության խորհրդի իրավահաջորդ Ինչպես արդեն նշել ենք՝ 2005 թվականի Սահմանադրության համաձայն՝ դատավորների նշանակման եւ վերջիններիս գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում էր Արդարադատության խորհուրդը։ Այն կազմում եւ նախագահի հաստատմանն էր ներկայացնում դատավորների թեկնածությունների ցուցակը եւ դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները, որոնց հիման վրա կատարվում էին նշանակումները, եզրակացություն էր տալիս ներկայացված դատավորների թեկնածությունների վերաբերյալ, առաջարկում էր Վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահների եւ դատավորների, վերաքննիչ, առաջին ատյանի եւ մասնագիտացված դատարանների նախագահների թեկնածությունները, դատավորներին ենթարկում էր կարգապահական պատասխանատվության, եւ այլն։  2015 թվականի խմբագրության Սահմնանադրությամբ՝ Արդարադատության խորհրդ այլեւս չկա։ Դրան այժմ, ըստ էության, փոխարինում է Բարձրագույն դատական խորհուրդը՝ գրեթե նույն լիազորություններով։ Ինչպես կարելի է եզրակացնել նախկին ՄԻՊ-ի ներկայացրած զեկույցից՝ Արդարադատության խորհուրդը երկակի ստանդարտներով է առաջնորդվել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում։ Տարիներ շարունակ խորհրդի կազմում եղել են դատավորներ եւ իրավաբան գիտնականներ, որոնք, փաստացի, մաս են կազմել ե՛ւ այն դատական համակարգի, որը շարունակ անարդարացի իրավական ակտեր ու վճիռներ է կայացրել, ե՛ւ այն խորհրդի, որը հենց պետք է բացառեր նման գործելաոճն ու բարձրաձայներ այդպիսի որոշումներ կայացրած դատավորներին պատասխանատվության ենթարկելու մասին։  Վերոնշյալ գործելաոճը որդեգրած կառույցի դատավորների մի մասը ներկայումս շարունակում է պաշտոնավարել դատական համակարգում։ Նրանք են՝ Մնացական Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Կարեն Մաթեւոսյանը, Նախշուն Տավարացյանը, Սուրեն Անտոնյանը, Սամվել Օհանյանը, Գագիկ Խանդանյանը, Ռուզաննա Բարսեղյանը, Մեսրոպ Մակյանը, Կարինե Բաղդասարյանը, Սերգեյ Չիչոյանը, Արա Բաբայանը, Արմեն Խաչատրյանը, Մարգարիտա Հարթենյանը, Աղասի Դարբինյանը։ Ի դեպ՝ Գագիկ Խանդանյանի ընտանիքում դատավորի պաշտոն է զբաղեցնում նաեւ նրա որդին՝ Ռաֆիկ Խանդանյանը։ Այս դատավորները կառույցի գոյության ընթացքում  պարբերաբար ընդգրկվել են խորհրդի կազմում։ Ստացվում է, որ հիշյալ կազմը եւ խորհրդի այլ անդամներ, որոնք այս պահին չեն պաշտոնավարում դատական համակարգում, գործել են երկակի ստանդարտների մեխանիզմով եւ վերոհիշյալ զեկույցում նշված  թերությունների պատասխանատուներն են։ Նշենք, որ Արդարադատության խորհրդի 2006-2018 թվականների կազմում է եղել նաեւ  Գրիգոր Բադիրյանը, որը եղել է նաեւ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի խորհրդականը։ Ըստ «Հետք»-ի 2014 թվականի հրապարակման՝ Գրիգոր Բադիրյանը նաեւ Լոռու մարզի Արջուտի ոսկու հանքավայրը շահագործող ընկերության՝ «Բակտեկ էկո» ՍՊԸ-ի խոշոր բաժնետերն է հանդիսացել՝ 65% բաժնեմասով։ ԲԴԽ-ի կազմում իրենց գործունեությունն են շարունակել, օրինակ, ԱԽ նախկին անդամներից Նախշուն Տավարացյանը եւ Արմեն Խաչատրյանը։ ԱԽ նախկին անդամներից այսօրվա դրությամբ ԲԴԽ կազմում են Սերգեյ Չիչոյանը եւ Մեսրոպ Մակյանը։ Վճռաբեկ դատարանում սերնդափոխություն չի եղել տարիներ շարունակ Այսօր Վճռաբեկ դատարանում շարունակում են պաշտոնավարել այն դատավորները, որոնց, ըստ էության, ինչ-որ առումով վերաբերելի է ՄԻՊ-ի զեկույցը։ Այդ դատավորների մեծամասնությունը դատարանում է դեռեւս 2000-ականներից։ Ներկայացնենք նրանց անուններն ու պաշտոնավարման տարեթվերը։ Վճռաբեկ դատարանի նախագահն է Երվանդ Խունդկարյանը։ Նա դատարանում է դեռ 2008 թվականից, այս պաշտոնին է նշանակվել Արման Մկրտումյանի հրաժարականից հետո՝ 2018 թվականին։ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատ Ռուզաննա Սուրիկի Հակոբյան․ դատարանում է 2008 թվականից։Գոռ Գագիկի Հակոբյան․ դատարանում է 2010 թվականից։Նախշուն Գեւորգի Տավարացյան․ դատարանում է 2015 թվականից։Վարդան Ավետի Ավանեսյան․ դատարանում է 2009 թվականից։Ստեփան Կարոյի Միքայելյան․ դատարանում է 2018 թվականից։Տիգրան Ռաֆիկի Պետրոսյան․ դատարանում է 2009 թվականից։Սուրեն Ռաֆիկի Անտոնյան․ դատարանում է եղել 2004-2008թթ․, վերանշանակվել է 2009-ից։Մամիկոն Լիբկնեխտի Դրմեյան․ դատարանում է 2009 թվականից։Արտակ Հակոբի Բարսեղյան․ դատարանում է 2009 թվականից։Էդգար Ռազմիկի Սեդրակյան․ դատարանում է 2018 թվականից։ Վճռաբեկ դատարանի քրեական պալատ Լիլիթ Զելիմի Թադեւոսյան․ դատարանում է 2016 թվականից։Սերժիկ Սերգեյի Ավետիսյան․ դատարանում է 2012 թվականից։Համլետ Նորայրի Ասատրյան․ դատարանում է եղել 2003-2008թթ․, վերանշանակվել է 2009 թվականին։Արթուր Վլադիմիրի Պողոսյան․ դատարանում է 2009 թվականից։Ելիզավետա Ռեմիկի Դանիելյան․ դատարանում է 2009 թվականից։Սամվել Վլադիմիրի Օհանյան․ դատարանում է 2000 թվականից։ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի վերաբերյալ մինչ օրս քրեական գործ չի հարուցվել Այն, որ Կարեն Անդրեասյանի զեկույցը նախկին իշխանության օրոք քննարկվեց միայն դրա վերաբերյալ հերքումների ու խիստ քննադատությունների կոնտեքստում, հասկանալի էր․ ի վերջո մի ողջ համակարգի կոռումպացվածության վերաբերյալ աղաղակող այդ հայտարարության հետ լռելյայն համաձայնելը ՀՀԿ-ի համար հեշտ չէր լինի։  Infocom-ը ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացավ, որ ՄԻՊ արտահերթ զեկույցում տեղ գտած տվյալների վերաբերյալ ոչ միայն 2013-2018թթ․, այլեւ ընդհանրապես նյութեր չեն նախապատրաստվել ու քրեական գործեր չեն հարուցվել։ Այնինչ, զեկույցը հիմնված է փաստերի վրա։ Դրա մշակման նպատակով հարցազրույցներ են անցկացվել ոլորտի շուրջ 120 մասնագետների հետ՝ փաստաբաններ, դատախազներ, դատավորներ, իրավաբան-գիտնականներ եւ այլ փորձագետներ: Պաշտպանը երաշխավորել է հարցազրույցների ընթացքում ստացված տեղեկատվության աղբյուրների գաղտնիությունը: Զեկույցի ստեղծման համար ուսումնասիրվել են ՀՀ արդարադատության խորհրդի 2006-2013թթ. ընդունված բոլոր որոշումները, 270 վճռաբեկ բողոքներ, որոնք վարույթ են ընդունվել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից (2012-2013թթ.), դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 500 դիմումների ընթացքը (2011-2013թթ.), 200 վճռաբեկ բողոքներ եւ դրանց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումներ (2007-2013թթ), փաստաբանների տրամադրած շուրջ 35 դատական գործեր:  Հայաստանում տեղի ունենցած փոփոխություններից հետո, երբ սկսեց խոսվել դատաիրավական համակարգի խորքային բարեփոխման մասին, այս զեկույցում ներկայացված տվյալները դարձյալ քննարկման առարկա դարձան։ Կարեն Անդրեասյանն այս շրջանում՝ մոտ մեկ տարի առաջ, իր հարցազրույցներից մեկում, ի պատասխան լրագրողի հարցի՝ ի վերջո հիմա կարո՞ղ է կոնկրետ անուններ հնչեցնել, ասել է, որ զեկույցը բոլոր դատավորներին չէր վերաբերում, բայց կաշառքի մասով անուններ ասել չի կարող, որովհետեւ այդ տեղեկություններն իրեն վստահել են որպես պաշտպան․ «Իմ զեկույցում բազմաթիվ անուններ կան, բայց ոչ թե հենց կաշառքի հետ կապված, այլ թե ինչպես դատավորները չէին ենթարկվում կարգապահական պատասխանատվության, դատավորները մի գործում անում էին մի վճիռ, նույն տեսակի այլ գործում՝ այլ, այսինքն՝ դատական կամայականություններ էին ցույց տալիս։ Հերիք է՝ վեթինգի հանձնաժողովը վերցնի, նայի այդ զեկույցը, այդտեղ նվազագույնը տասնյակ անուններ կան, եւ հենց այդ զեկույցով նույնպես կարելի է զտել դատական համակարգը։ Այն ժամանակ, ցավոք, 2-3-րդ էջից այն կողմ չանցան, բայց տասներորդ էջից հետո տասնյակ դատավորների անուններ կան»,- շեշտել էր պաշտպանը։ Այդ նույն շրջանում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարել էր, որ եթե կան մարդիկ, որոնք գիտեն, որոնք ունեն փաստեր որեւէ դատավորի կողմից երբեւէ գործած անօրինականության, անօրինական վճռի, եկամուտների հետ անհամեմատ մեծ արժեքի տիրապետած գույքի, նախկին քաղաքական կապերի ու շահերի, պաշտոնին անհարիր պահվածքի եւ վերաբերմունքի, պրոֆեսիոնալ անկարողությունների մասին տեղեկություններ՝ անհապաղ հրապարակեն։ Լրագրողը պաշտպանից հետաքրքրվել էր՝ թեկուզ ոչ հրապարակային, բայց այդ անունները կհայտնի՞։ Անդրեասյանը պատասխանել էր, որ քանի դեռ հստակ հանձնաժողով, չափորոշիչներ չկան, չի կարող որեւէ մեկին հայտնել, եւ կարծիք էր հայտնել, որ շատերը չեն հայտնի, մինչեւ վստահ չլինեն, որ դա ապահով կլինի իրենց աղբյուրների համար․ «Սա շատ զգայուն թեմա է, եւ պետք է այնպիսի մարմին, որ մարդիկ հանգիստ խղճով կարողանան վստահել եւ այդ տեղեկությունները հայտնել։ Հավատացեք, եթե ճիշտ մարմին ձեւավորվի, հարյուրավոր բողոքավորներ հանգիստ կներկայացնեն իրենց ապացույցներն ու փաստերը»,- ասել էր Անդրեասյանը։ Այսպիսով, կարող ենք փաստել, որ 2018 թվականի իրադարձություններից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում անտեսել է նախկին ՄԻՊ-ի ներկայացրած զեկույցը, որը, ըստ էության, հանցագործությունների մասին հաղորդում էր։ Միաժամանակ, զեկույցի գլխավոր դերակատարներ հանդիսացող դատավորներից որոշներն այսօր էլ համակարգում են, որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել նախկինում կայացրած իր խնդրահարույց, որոշ դեպքերում՝ ապօրինի որոշումների ու վճիռների համար։ Ստորեւ ներկայացնում ենք հիշատակված դատավորների ներկայացրած առաջին ու վերջին հայտարարագրերի տվյալները, եւ որպեսզի դրանք համեմատելի լինեն իրենց ստացած աշխատավարձերի հետ, ներկայացնում ենք նաեւ դատավորների ամսական աշխատավարձերի փոփոխությունները՝ 2011 թվականից առ այսօր։ Այստեղ պետք է հաշվի առնել, որ աշխատավարձի նշված չափերը ներառում են նաև եկամտային հարկը, ինչպես նաեւ այն, որ ամսական այսքան եկամուտ ստանալիս յուրաքանչյուր դատավոր նաեւ ունեցել է եւ/կամ ունի ծախսեր։ Միաժամանակ նշենք, որ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը դատավորներ պաշտոնային դրույքաչափերը սահմանվել են տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով և այդ շրջանում գործող Դատական օրենսգրքով։ 2014 թվականի հուլիսի 1-ից հետո դատավորների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվել են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասին» ՀՀ օրենքի համաձայն և մինչ այժմ փոփոխության չեն ենթարկվել։   «Վիրահատական միջամտություն»՝ դատական համակարգում [մաս 2]․ Մարտի 1․ արդարացված քաղաքացիներին դատապարտած պաշտոնավարող դատավորները   «Վիրահատական միջամտություն»՝ դատական համակարգում [մաս 3]․ վեթինգի տրանսֆորմացիաները   Հայարփի Բաղդասարյան, Արփի Ավետիսյան
21:00 - 29 հունիսի, 2020
ԱԱԾ-ն համացանցում ԲՀԿ-ին առնչվող քրգործի նյութեր հրապարակելու կապակցությամբ վարույթ չի նախաձեռնել, քանի որ դրանք չեն հանդիսացել հրապարակման ոչ ենթակա տվյալներ

ԱԱԾ-ն համացանցում ԲՀԿ-ին առնչվող քրգործի նյութեր հրապարակելու կապակցությամբ վարույթ չի նախաձեռնել, քանի որ դրանք չեն հանդիսացել հրապարակման ոչ ենթակա տվյալներ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նախքան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ընտրակաշառք բաժանելու դեպքերի բացահայտման մասին իրենց տարածած հաղորդագրությունը համացանցում քրեական գործի նյութեր հրապարակելու կապակցությամբ վարույթ չի նախաձեռնել, քանի որ դրանք չեն հանդիսացել հրապարակման ոչ ենթակա տվյալներ։ Այս մասին Infocom.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ ԱԱԾ-ից։ Սույն թվականի հունիսի 14-ի առավոտյան՝ ժամը 10։44-ին, «Անհերքելի փաստեր» անունով ֆեյսբուքյան էջը հրապարակեց մի փաստաթուղթ, որտեղ ներկայացված էր Գեղարքունիքի մարզի N8 ընտրատարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բաժանած ընտրակաշառքի մասին հաշվետվություն։ Այդ փաստաթուղթը մեծ արագությամբ տարածվեց սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում, այն իրենց անձնական էջերում տեղադրեցին նաեւ խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։ Նույն օրը՝ ժամը 16։00-ի շրջանակներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց 2017թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր եւ համակարգային բնույթ կրող դեպքեր բացահայտելու մասին։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված էր, որ բացահայտվել են ԲՀԿ մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաեւ ԲՀԿ օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները:  Այս հաղորդագրությանը կից հրապարակվեց նաեւ տեսանյութ, որտեղ իրավապահները ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկություն են իրականացնում։ Տեսանյութում ներառված էին կադրեր նաեւ վերոնշյալ բացահայտումներին վերաբերող փաստական տվյալներ՝ տեղեկանքներ, գրություններ եւ այլն։ Սակայն համացանցում հրապարակված փաստաթուղթը բացակայում էր․ այն չկար ոչ հաղորդագրության տեքստին կից, ոչ էլ տեսանյութում։ Սակայն հաջորդ օրը, երբ խորհրդարանում քննարկվում էր Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդագիրը, վերջինս ԱԺ ամբիոնից պատագամավորներին ներկայացրեց հարուցված քրեական գործի փաստական տվյալների մասին տեղեկություններ՝ այդ թվում ընթերցելով նաեւ վերոհիշյալ փաստաթղթում առկա տվյալները։ Եւ չնայած ԲՀԿ-ական պատգամավորները ակտիվորեն պնդում էին, թե այդ փաստաթուղթը «սաքված է, ֆոտոշոփ է», այդուհանդերձ հանրության շրջանում հարց առաջացավ՝ ինչպես է, ըստ ամենայնի, նախաքննության նյութ հանդիսացող այդ փաստաթուղթը համացանցում հայտնվել՝ նախքան ԱԱԾ պաշտոնական հաղորդագրությունը։ Infocom-ը ԱԱԾ-ից փորձեց պարզել՝ արդյոք այդ հաշվետվությունը համարվո՞ւմ է ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված քրեական գործի նյութ, արդյոք այն հրապարակման ենթակա՞ էր, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչո՞ւ ներառված չէր հաղորդագրության մեջ, եթե հրապարակման ենթակա չէր, ապա ինչպե՞ս էր հայտնվել համացանում, եւ ի վերջո եթե հրապարակման ենթակա չէր եւ հայտնվել էր համացանցում, ապա արդյոք նյութեր նախապատրաստվո՞ւմ են կամ նախաքննության նյութեր հրապարակելու համար քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ։ ԱԱԾ-ից մեր գրավոր հարցմանն ի պատասխան նշել են, որ նշված փաստաթղթերի պատճենները, այո, համարվում են հունիսի 14-ին իրենց տարածած հաղորդագրության մեջ նշված քրեական գործին կից նյութեր, սակայն դրանք հաղորդագրության մեջ չեն ներառվել, քանի որ տեղեկության բովանդակությունը եւ ծավալը որոշում է Ծառայությունը։ Իսկ ինչ վերաբերում է տեղեկության հրապարակմանը, ապա, ինչպես նշել են ԱԱԾ-ից, օրենսդիրը նախաքննության որեւէ փուլում չի բացառում հրապարակայնության սկզբունքի կիրառումը, քանի որ հասարակությունը որոշակի պահանջ ունի տեղեկացված լինելու քրեական գործերի քննության ընթացքի մասին՝ հաշվի առնելով այն, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումների ուժով նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործով վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ։ ԱԱԾ-ն անհրաժեշտ է համարել ընդգծել նաեւ, որ նախնական քննության սահմանափակ տվյալների հրապարակումը կարող է հետապնդել նաեւ հասարակության աջակցությունը ստանալու՝ մասնավորապես տեղեկություններ ձեռք բերել կատարված նմանատիպ այլ դեպքերի մասին, ամբողջությամբ բացահայտել կոռուպցիոն մեխանիզմները, պարզել նմանատիպ դեպքերին առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը։  Ուստի, ըստ ԱԱԾ-ի, նախաքննության մարմինը գործել է բացառապես հարուցված քրեական գործի համակողմանի եւ արդյունավետ քննությունն ապահովելու, նախաքննության խնդիրներն արդյունավետ իրագործելու հանրային շահով, որով, Ծառայության պնդմամբ, ակնհայտորեն չի խախտվել նաեւ որեւէ անձի անմեղության կանխավարկածի սկզբունքը։ ԱԱԾ-ն փաստում է, որ համացանցում հրապարակված տվյալները տվյալ փուլում չեն հանդիսացել հրապարակման ոչ ենթակա տվյալներ, ուստի այս կապակցությամբ համապատասխան հիմքերի բացակայության պայմաններում գործով վարույթ չի նախաձեռնվել։ Նշենք, որ ԱԱԾ մեջբերած՝ ՀՀ ՔԴՕ 201-րդ հոդվածի 2-րդ մասով էլ սահմանված է, որ անհրաժեշտ դեպքերում քննիչը, հետաքննության մարմինը վկային, տուժողին, քաղաքացիական հայցվորին եւ քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին, մասնագետներին, փորձագետներին, թարգմանիչներին, ընթերականերին, պաշտպաններին եւ գործին մասնակցող այլ անձանց գրավոր նախազգուշացնում են` նախնական քննության տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու պարտականության մասին: Հիշեցնենք, որ Infocom-ն անդրադարձել էր նաեւ ԲՀԿ-ականների այն պնդումներին, թե վերոհիշյալ փաստաթուղթը ֆոտոշոփով է ստացվել։ Մասնավորապես, հունիսի 14-ին ֆեյսբուքյան օգտատեր Արարատ Պետրոսյանը մի հրապարակում արեց, ըստ որի՝ լուսանկարը կեղծ է եւ պատրաստված է photoshop ծրագրի միջոցով: Հասկանալու համար՝ արդյոք հնարավո՞ր է Պետրոսյանի ներկայացրած եղանակով ստուգել փաստաթղթի՝ photoshop ծրագրի միջոցով հավաքված լինելը, մենք ներկայացրել էինք, որ նախ պետք է հասկանանք թե ինչ կայքի միջոցով է կատարվել ստուգումը եւ ինչ է լուսանկարի մետատվյալը: Թեմայի վերաբերյալ նյութը կարող եք կարդալ այստեղ։ Հայարփի Բաղդասարյան
15:25 - 22 հունիսի, 2020
ԵՄ օդային անվտանգության ցուցակում հայտնվել են ՀՀ-ում գրանցված բոլոր 7 ավիաընկերությունները

ԵՄ օդային անվտանգության ցուցակում հայտնվել են ՀՀ-ում գրանցված բոլոր 7 ավիաընկերությունները

2020 թվականի հունիսի 2-ին համացանցում հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ Հայաստանում գրանցված բոլոր ավիաընկերություններին արգելվել է թռչել ԵՄ տարածք:  Լուրը շատ արագ տարածվեց համացանցում. քննարկման առիթ դարձավ քաղաքական և մասնագիտական շրջանակներում,  ինչին հաջորդեց ՀՀ վարչապետի աշխատակազմին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոն» հարթակի  «Արգելքը տարածվել է Հայաստանից կանոնավոր ավիափոխադրում իրականացնող մեկ ավիաընկերության վրա. մյուսները Եվրոպա թռիչքներ չեն իրականացրել» վերտառությամբ փաստերի ստուգման հոդվածը, որտեղ այս թեմայով լրատվամիջոցների կողմից հրապարակված վերնագրերին տրվում է մանիպուլյատիվ բնորոշումը։ «Այսօր մամուլում տարածվել է տեղեկություն, թե Հայաստանում գրանցված ավիաընկերությունները այլևս չեն կարողանալու թռիչքներ իրականացնել դեպի Եվրամիություն։ Մանիպուլյատիվ վերնագրերով այս լուրը քննարկման առարկա է դարձել համացանցում և փորձագետների շրջանում»,-նշվում հրապարակման մեջ։ Այնուհետև մեջբեվում  Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեին ուղղված հարցման պատասխանը․  «Եվրահանձնաժողովի թարմացրած ԵՄ օդային անվտանգության ցուցակով ԵՄ երկինք մուտք գործելու իրավունքից զրկվել են ընդհանուր առմամբ թվով 96 ավիաընկերություն՝ 16 երկրից։ 96 ավիաընկերություններից միայն մեկն է, որ Հայաստանից ավիափոխադրում է իրականացրել դեպի Եվրամիություն»։ Նաև նշվում է, որ արգելքի տակ հայտնված ավիափոխադրողը կանոնավոր թռիչքներ էր իրականացնում միայն մեկ ուղղությամբ՝ Լիոն։ Հայկական մյուս ավիափոխադրողները եվրոպական երկրներ թռիչքներ այսպես թե այնպես չեն իրականացրել։ Փաստերի ստուգման հոդվածի հրապարակումից 1 օր անց՝ հունիսի 3-ին, քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևի Ռևազյանը հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը: «Aircompany Armenia-ին և Atlantis European Airways-ին է վերաբերում այս ամեն ինչը, որ կարող է լուրջ խոչընդոտ ստեղծել: Սակայն բավականին քիչ կանոնավոր չվերթներ են իրականացնում այդ ընկերությունները, բայց չարտերներ ևս կազմակերպում են: Հանրությունը շատ մեծ փոփոխություն չի զգա, բայց պարզ է, որ ավիաընկերության համար կարող է դա մեծ խոչընդոտ լինել»,-նշել է նա: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Infocom-ի ձեռքի տակ հայտնվել էր Թռիչքային անվտանգության Եվրոպական գործակալության նամակը, որը հասցեագրված էր   «Ավիակոմպանիա Արմենիայի» տնօրենին:  Նամակում ասվում է, որ Եվրոպական հանձնաժողովի՝ փետրվարի 3-7-ը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում (ՔԱԿ) անցկացրած մոնիթորինգի արդյունքում եկել են այն եզրակացության, որ Հայաստանը ներկայումս ի վիճակի չէ լիցենզավորել և վերահսկել իր օպերատորներին և օդանավերին՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։ Որպես նշվածի հետևանք՝ ՀՀ ՔԱԿ-ը ներկայումս պատրաստվում է վերալիցենզավորել նախկինում իր կողմից լիցենզավորած բոլոր օպերատորներին։ Նաև ասվում է, որ Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը ներկայումս չունի վստահություն ՀՀ ՔԱԿ-ի կողմից տրված լիցենզիայի նկատմամբ: Այդ լիցենզիան է այն հիմքը, որով «Ավիակոմպանիա Արմենիա»-ին տրվել է TCO (Երրորդ երկրի օպերատոր) լիցենզիա։ Ի՞նչ է ԵՄ օդային անվտանգության ցուցակը («սև ցուցակ»).  ԵՄ օդային անվտանգության ցուցակում կարող են հայտնվել այն ավիափոխադրողները, որոնք չեն համապատասխանում անվտանգության միջազգային ստանդարտներին և ավիաընկերության պետությունը ընդունակ չէ լիցենզավորել և վերահսկել օպերատորին: ԵՄ օդային անվտանգության ցուցակում հայտնված ավիաընկերությունները չեն կարող թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ և ԵՄ տարածքում: Բացի ԵՄ թռիչքներ իրականացնող ավիաընկերություններից այս ցուցակում կարող են հայտնվել նաև ավիափոխադրողներ, որոնք թռիչքներ չեն իրականացնում ԵՄ: Այսպիսով՝ Եվրահանձնաժողովը հունիսի 2-ին հայտնել է  ԵՄ ավիացիայի թարմացված «սև ցուցակ»-ի մասին, որից հետո հրապարակել են ցուցակ, ըստ որի ԵՄ օդային անվտանգության ցուցակում ընդգրկվել է 96 ավիափոխադրող 16 երկրներից: Ցանկում ընդգրկված 96 ավիափոխադրողներից 7-ը գրանցված են Հայաստանում: Այսինքն՝ Հայաստանում գրանցված բոլոր 7 ավիաընկերությունները հայտնվել են ԵՄ օդային անվտանգության ցուցակում, հետևաբար այն պնդումը, որ Հայաստանում գրանցված ավիաընկերությունները այլևս չեն կարողանալու թռիչքներ իրականացնել դեպի Եվրամիություն փաստացի համապատասխանում է իրականությանը և, ի հակադրություն «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ի բնորոշման,  զերծ է մանիպուլյացիայից: Մյուս կողմից՝ Տեղեկատվության ստուգման կենտրոնի հոդվածի վերնագիրը թեև ընդհանուր առմամբ համապատասխանում է իրականությանը, այսինքն՝ ԵՄ օդային անվտանգության ցուցակում ընդգրկվելը այս պահին խոչընդոտ է հանդիսանում միայն մեկ ավիաընկերության գործող թռիչքների համար, սակայն չի արտացոլում խնդիրն ամբողջությամբ և տպավորություն է ստեղծվում, որ դա որևէ կերպ չի անդրադառնում կամ չի կարող անդրադառնալ հայկական այլ ընկերությունների գործունեության վրա։ Արգելվել է ՀՀ-ում գրանցված բոլոր 7 ավիաընկերությունների մուտքը ԵՄ: Թեև միայն մեկ ավիաընկերություն էր այս պահին կանոնավոր թռիչքներ իրականացնում դեպի Եվրոպական Միության տարածք, սակայն մյուս ավիաընկերությունները նույնպես զրկվել են այն պոտենցիալ հնարավորությունից, որը կարող էին ունենալ։ Հավելենք նաև, որ Քաղաքացիական ավիացայի կոմիտեից, ի պատասխան մեր հարրցմանը, տվել են գրեթե նույն պարզաբանումն այն մասին, որ Հայաստանում գրանցված և օդանավ շահագործողի վկայական ունեցող ընկերություններից միայն երկու ավիաընկերություն ունեին Եվրոպական Միության երկրներ թռիչքներ իրականացնելու իրավունք, սակայն երկու ավիաընկերություններից միայն մեկ ավիաընկերությունն էր, որ փաստացի իրականացնում էր թռիչքներ դեպի Եվրոպա: Վերոհիշյալ երկու ընկերություններն են «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ն և «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ՍՊԸ-ն:  Այսպիսով՝ հայաստանյան օդանավ շահագործող և «Երրորդ երկրի օպերատոր» սերտիֆիկատ ունեցող վերոհիշյալ երկու ընկերություններից միայն  «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ն էր կանոնավոր թռիչքներ իրականացնում դեպի Լիոն, իսկ «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ՍՊԸ-ն Երևանից դեպի Եվրոպա թռիչքներ չէր իրականացնում: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից նաև մեզ հայտնեցին, որ Հայաստանում գրանցված և օդանավ շահագործողի վկայական ունեցող ավիաընկերությունները շարունակելու են իրենց անխափան գործունեությունը գրեթե բոլոր տարածաշրջաններում և գրեթե բոլոր ուղություններով՝ բացառությամբ Եվրոպական ուղղությունների: Նարեկ Մարտիրոսյան
11:16 - 17 հունիսի, 2020
Ընտրակաշառքի վերաբերյալ անստորագիր փաստաթղթի  հավաստիությունը մետատվյալների ստուգման մեթոդով հնարավոր չէ ստուգել

Ընտրակաշառքի վերաբերյալ անստորագիր փաստաթղթի հավաստիությունը մետատվյալների ստուգման մեթոդով հնարավոր չէ ստուգել

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ 3 հաղորդագրություն տարածեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործերի մասին, որոնցից մեկը վերաբերում էր 2017 թվականի ապրիլին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ զանգվածային ընտրակաշառք բաժանելուն։ Բայց մինչ ԱԱԾ-ն կտարածեր համապատասխան հայտարարությունը՝ Անհերքելի փաստեր անունով ֆեյսբուքյան էջը հրապարակեց նույն թվականի ընտրությունների ժամանակ բաժանված ընտրակաշառքի վերաբերյալ անստորագիր փաստաթուղթ, որտեղ արձանագրված էր Գեղարքունիքի մարզում ԲՀԿ-ի բաժանած ընտրակաշառքի հաշվետվությունը։ ԱԱԾ հաղորդագրության մեջ, սակայն, այս փաստաթուղթը ներկայացված չէր, քանի որ այն, ամենայն հավանականության, քրեական գործի նախաքննության նյութերից է, եւ, ըստ ամենայնի, հրապարակման ենթակա չէ։ ԱԱԾ-ից փորձել ենք տեղեկանալ՝ արդյոք վերոհիշյալ փաստաթուղթը գործի նյութերից է, եւ եթե այո, ապա ինչպես է այն հայտնվել համացանցում։ Մինչ հարցման պատասխանը ստանալը՝ անդրադառնանք այդ փաստաթղթի՝ ֆոտոշոփով սարքված լինելու պնդումներին։ Մինչ հարուցված քրեական գործերի մասին պաշտոնական տեղեկություն կլիներ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան լայվի միջոցով տեղեկացրեց, որ ԱԱԾ-ն հետախուզական աշխատանքներ է իրականացնում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ընտրակաշառքի վերաբերյալ հիշյալ փաստաթուղթը ֆեյսբուքում սկսեց շրջանառվել Աբովյանի ուղիղ եթերից քիչ անց: Այն տարածեցին նաեւ ԱԺ իշխող Իմ քայլը խմբակցության պատգամավորները, այդ թվում՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Փաստաթղթի արագ տարածումը, իհարկե, անարձագանք չմնաց։ Ֆեյսբուքյան օգտատեր Արարատ Պետրոսյանը մի հրապարակում արեց, ըստ որի՝ լուսանկարը կեղծ է և պատրաստված է photoshop ծրագրի միջոցով: Վերջինիս հրապարակումը ևս լայն տարածում գտավ: Հրապարակմամբ կիսվել է նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Արման Աբովյանը: Վերջինս նաև Ազատություն ռադիոկայանի կիրակնօրյա վերլուծականի եթերում նշեց, որ իր ֆեյսբուքյան պատին արդեն իսկ կա ապացույցը, որ փաստաթուղթը կեղծ է և photoshop ծրագրի միջոցով է հավաքված եղել: Նա նշեց, որ դրանում համոզվելու համար կարող են նայել իր ֆեյսբուքյան էջի հրապարակումը: Հասկանալու համար՝ արդյոք հնարավոր է այս եղանակով ստուգել փաստաթղթի photoshop ծրագրի միջոցով հավաքված լինելը, նախ պետք է հասկանանք թե ինչ կայքի միջոցով է կատարվել ստուգումը և ինչ է լուսանկարի մետատվյալը: Յուրաքանչյուր լուսանկար պարունակում է մետատվյալ, որը տեսանելի չէ, սակայն պարունակում է մի շարք տվյալներ նկարի մասին: Օրինակ՝ որտե՞ղ է նկարվել լուսանկարը, ե՞րբ է նկարվել, մշակվե՞լ է ֆոտոշոփով, թե՞ ոչ և այլն: Լուսանկարի մետատվյալները կարդալու համար կան մի քանի հարթակներ, որոնցից մեկից էլ օգտվել է ֆեյսբուքի օգտատերը: Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ֆեյսբուք սոցիալական ցանց ներբեռնած լուսանկարի մետատվյալները կա՛մ ջնջվում են ավտոմատ կերպով, կա՛մ էլ փոփոխվում են, հետևաբար ֆեյսբուք սոցիալական ցանցից ներբեռնած լուսանկարի մետատվյալները հնարավոր չէ պարզել նշված կայքի միջոցով: Բացի այդ photoshop ծրագրով մշակված լուսանկարների ստորագրությունը լինում է Adobe Photoshop CS6 (Windows) ձևով և ոչ պարզապես Photoshop 3.0:  Օրինակ առաջին լուսանկարը, որը ներբեռնվել է համակարգչից, նշվում է, որ օգտագործվել է Adobe Photoshop CS6 ծրագիր: Բացի այդ նկարի մասին տալիս է մի շարք  այլ տվյալներ, այդ թվում ամսաթվի և ժամի մասին: Եթե նույն լուսանկարը ներբեռնենք ֆեյսբուք սոցիալական ցանց, ապա տեղադրենք նույն կայքում, կստանանք հետևյալ պատկերը: Երկրորդ լուսանկարում տեսնում ենք, որ մետատվյալները կա՛մ ջնջվել են, կա՛մ փոփոխվել: Այսպիսով՝ Արման Աբովյանի պնդումները, որ սա ապացույց է փաստաթղթի ֆոտոշոփով պատրաստված լինելու մասին, հնարավոր չէ պարզել այս մեթոդով: Հետևաբար՝ հնարավոր չէ նաև այս մեթոդով պարզել՝ արդյոք ֆեյսբուք սոցիալական ցանց ներբեռնված լուսանկարը մշակվել է ֆոտոշոփով, թե ոչ: Այնուամենայնիվ՝ փաստաթուղթը photoshop ծրագրի միջոցով կեղծելու անհրաժեշտություն նույնիսկ չէր էլ կարող լինել, քանի որ անստորագիր փաստաթուղթը կարելի է ուղղակի հավաքել word ծրագրի միջոցով և տպագրել: Այլ հարց է, թե որտեղից է փաստաթուղթը հայտնվել համացանցում և եթե փաստաթուղթը  քրեական գործի նախաքննության նյութերից է, ապա ինչպես է հայտնվել ֆեյսբուքյան էջի օգտատիրոջ ձեռքում: Այս և այլ հարցերի վերաբերյալ հարցումով դիմել ենք ԱԱԾ, որի պատասխանը ստանալուց հետո հանդես կգանք հրապարակմամբ:  Նարեկ Մարտիրոսյան
10:49 - 16 հունիսի, 2020
Գյուղատնտեսական վարկերի համար դիմած քաղաքացիների ուսումնասիրված դիմումների մոտ 49 տոկոսը բավարարվել է․ 5-րդ ալիքը մանիպուլատիվ է ներկայացնում միջոցառման արդյունքները

Գյուղատնտեսական վարկերի համար դիմած քաղաքացիների ուսումնասիրված դիմումների մոտ 49 տոկոսը բավարարվել է․ 5-րդ ալիքը մանիպուլատիվ է ներկայացնում միջոցառման արդյունքները

5-րդ ալիքը մայիսի 22-ին «Գյուղատնտեսական վա՞րկ, թե՞ դասական մանիպուլացիա» վերնագրով ռեպորտաժ է եթեր հեռարձակել, որտեղ ներկայացնում են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված կառավարության երկրորդ ծրագրին դիմած և մերժում ստացած քաղաքացիներին: Կառավարությունը 2020 թվականի մարտի 26-ի նիստում ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված երկրորդ ծրագիրը, ըստ որի, գյուղատնտեսական վարկերի որոշ տեսակների տոկոսադրույքները կսուբսիդավորվեն՝ հասնելով 0 %-ի, իսկ գյուղատնտեսական կոոպերատիվների դեպքում, բացի տոկոսները սուբսիդավորելուց, վարկերը նաև կհամաֆինանսավորվեն կառավարության կողմից: Ռեպորտաժում նշվում է, որ ըստ «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի՝ սա խաբեություն է, դասական մանիպուլյացիա. բանկերին փող են տալիս, անունը դնում, թե գյուղացուն օգնեցին: Այնուհետև, շարունակելով բանկերի թեման, ռեպորտաժի մեկ այլ հատվածում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը ասել է. «Հա, մենք փողը տալու ենք բանկերին, բայց բանկը պիտի որոշի՝ ում տա, ում չէ», որին հետևում է կառավարության նիստից մի հատված, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում է. «Լավ բանաձև ենք գտել, որն իր կենսունակությունը դեռ պետք է պրակտիկայում ապահովի»: Այս խոսքերից երկրորդը վերաբերում էր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին ծրագրին, որտեղ Նիկոլ փաշինյանն ասում է. «Մենք ոչ թե պետք է զուգահեռ օրգանիզմներ ստեղծենք, այլ մենք պետք է այս գործող օրգանիզմի կենսունակությունն ապահովելու ճանապարհով գնանք: Դրա համար մենք երկու գործիք ենք կիրառել: Առաջին գործիքը հետևյալն է. մենք ասել ենք, որ տոկոսները սուբսիդավորում ենք և ըստ էության ամենաթիրախավորված հատվածում զրոյացնում ենք վարկի տոկոսները, մնացած դեպքերում էականորեն իջեցնում ենք: Երկրորդ գործիքը հետևյալն է. քանի որ շուկան վատ վիճակում է, բանկերը կարող են հակված չլինել էդպիսի վարկավորում տալուն, որովհետև իրենք կարող է մտածեն՝ ինչու իրենք ռիսկերը միայնակ կրեն: Եվ որպեսզի բանկերին նույնպես խթանենք, որ իրենք շահագրգռված լինեն, կառավարությունն ասում է, որ ըստ ծրագրերի աշխատավարձերի դեպքում փողի 50% ենք տալիս, հարկերի և տուրքերի դեպքում փողի 50% ենք տալիս, կոմունալ վճարի դեպքում փողի 40% ենք տալիս, հումքի դեպքում փողի 40%-ը, սարքավորումների պարագայում՝ 25%, սննդամթերքի ներկրման դեպքում՝ 30%: Ես կարծում եմ, որ մենք լավ բանաձև ենք գտել, որն իր կենսունակությունը դեռ պետք է պրակտիկայում ապահովի և մեր պայմանավորվածությունը հետևյալն է, որ մենք անընդհատ մոնիթորինգի տակ կպահենք պրոցեսները և որ տեսնենք չի աշխատում, կհասկանանք՝ ինչում է խնդիրը և բանաձևերը արագ կփոխենք»: Իսկ լրագրողի մեջբերած խոսքը, թե կառավարությունը փողը տալու է բանկերին, բայց բանկը պիտի որոշի՝ ում տա, ում չէ, այդ օրվա նիստում չի հնչել: Ընդհանուր առմամբ վարկավորման, վարկառուների հայտերը բավարարել կամ մերժելու իրավասությունները բանկերինն է, բայց կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն այդպիսի խոսք չի հնչեցրել: Հետևաբար ռեպորտաժում ներկայացված հատվածը մանիպուլյացիա է: «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը ռեպորտաժի մեկ այլ հատվածում էլ ասում է. «Եթե Հայաստանում գյուղատնտեսությունը սկսում է մարտի 1-ից կամ 10-ից, ո՞նց կարող է այդ հարցը քննարկվել մարտի վերջին կամ ապրիլին: Այդ հարցը պետք է քննարկվեր հունվարին»: Սակայն, պետք է նշել, որ այս ծրագիրը միտված էր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանը և հունվարին լինել չէր կարող, քանի որ հունվարին Հայաստանում դեռևս կորոնավիրուսային համաճարակ չկար: Այնուամենայնիվ՝ պարզելու համար, սա «խաբեություն» է, թե  պարզապես խնդիրը ներկայացվում է միակողմանի, հարցում ուղարկեցինք էկոնոմիկայի նախարարություն: Ըստ հարցման պատասխանի՝ 2020 թվականի մայիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ ծրագրի շրջանակներում ստացվել է թվով 33.242 հայտ, որից բավարարվել է 7125-ը, մերժվել` 7484-ը: Սպասման փուլում է գտնվում 18.633 հայտ: Վարկային հայտերի ընդհանուր ծավալը կազմում է 67.225.991.000 ՀՀ դրամ, որից բավարարված հայտերի ծավալը կազմում է 10.058.994.000 ՀՀ դրամ: Վարկային հայտերի ընդհանուր թվի մեջ ներառված ֆիզիկական անձանց համար տրամադրվող գյուղատնտեսական միկրովարկերի համար ստացված դիմումների քանակը կազմում է 23.845 հայտ, որից բավարարվել է 6165-ը, մերժվել՝ 5586-ը: Ընդհանուր առմամբ գյուղատնտեսական միկրովարկերի հայտերի գումարը կազմում է 23.750.161.000 ՀՀ դրամ, որից բավարարվել է 5.183.180.000 ՀՀ դրամը:  Եթե դիտարկենք միայն բավարարված և մերժված հայտերը, ապա 2020 թվականի մայիսի 1-ի դրությամբ բավարարվել է շուրջ 7125 հայտ, մերժվել՝ 7484-ը: Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը մեզ հետ զրույցում մերժման հիմքերի վերաբերյալ ասաց, որ քաղաքացիների վարկունակությունը որոշում են բանկերը, իսկ մերժված դիմումների վերաբերյալ նշեց, որ մեծամասամբ մերժվել են բանկերի սև ցուցակում գտնվող և վատ վարկային պատմություն ունեցող քաղաքացիները: Ընդհանուր առմամբ գյուղատնտեսական վարկերի համար դիմած քաղաքացիների դիմումների 51.23%-ը մերժվել է, չհաշված սպասման փուլում գտնվող դիմումները, սակայն ծրագրի շրջանակներում 2020 թվականի մայիսի 1-ի դրությամբ վարկավորվել են շուրջ 7125 դիմող, որոնց տրամադրվել է ավելի քան 10.058 մլրդ դրամ: Այսպիսով՝ 5-րդ ալիքի ռեպորտաժը միակողմանի է ներկայացնում թեման, պարունակում է մանիպուլյացիաներ և չի արտացոլում իրական պատկերը: Հեղինակ՝ Նարեկ Մարտիրոսյան
13:32 - 04 հունիսի, 2020
Արցախի դրոշը չի մոռացվել. չդրվելու պատճառներն արարողակարգային են

Արցախի դրոշը չի մոռացվել. չդրվելու պատճառներն արարողակարգային են

Մայիսի 28-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում: Հանդիպման ժամանակ տեղադրված էր միայն ՀՀ պետական դրոշը, ինչը դարձյալ քննարկումների առիթ դարձավ համացանցում: Հրապարակ առցանց պարբերականը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի հանդիպմանը «Ու՞ր է Արցախի հանրապետության դրոշը...»  վերտառությամբ հոդվածով, որտեղ մասնավորապես նշվում է, որ տեղի է ունեցել առաջին պաշտոնական հանդիպումն Արցախի հանրապետության նախագահի հետ և դա պետք է լիներ արժանապատիվ հանդիպում՝ հարգվեր Արցախի Հանրապետության դրոշը: Հրապարակի հոդվածում նաև նշվում է, որ եթե 2019 թվականի հոկտեմբեր ամսին Նիկոլ Փաշինյանը Երևանում՝ կառավարությունում, ընդունել էր Բակո Սահակյանին և հանդիպմանը տեղադրված էր միայն ՀՀ դրոշը, որը քննարկումների առիթ դարձավ, բայց և լռեցվեց՝ իբր մոռանալու պատճառով է եղել, այսօր դա ընկալելի չէ:    Նախ նշենք, որ նախորդ հանդիպման ժամանակ Արցախի դրոշի բացակայության վերաբերյալ պարզաբանում էր տվել վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը. «Եղել են հանդիպումներ, որոնց ընթացքում տեղադրված են եղել երկու դրոշները, եղել են հանդիպումներ, որոնց ընթացքում տեղադրված է եղել միայն Հայաստանի Հանրապետության դրոշը: Մենք հիմա ճշտում ենք` ո՞րն է ճիշտ, և հաջորդ հանդիպմանը կլինի այնպես, ինչպես պահանջում է արարողակարգը»:  Հետևաբար՝ Հրապարակի այն պնդումը, որ քննարկումների առիթ դառնալուց հետո թեման լռեցվել է՝ իբր մոռանալու պատճառով է եղել, չի համապատասխանում իրականությանը:  Արցախի հանրապետության դրոշի բացակայությունը կրում է զուտ ընթացակարգային բնույթ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողասյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշել է, որ պրոտոկոլային կարգն է այդպես: «Այնպես չէ, որ առաջին անգամ է, որ Հայաստանում հանդիպումների ընթացքում բացակայում է Արցախի դրոշը։ Այդպես է եղել թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի օրոք։ Նախկինում երբևէ Հայաստանում հանդիպումների ընթացքում Արցախի դրոշը չի եղել, քանի որ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել Արցախի անկախությունը, հետևաբար, հայաստանյան հանդիպումներում տեղադրվում է հայկական դրոշը։ Ուզում եմ շեշտել, որ ոչ թե ՀՀ-ի, այլ հայկական դրոշը։ Իհարկե, մենք կուզեինք Արցախը տեսնել անկախ, ապա միացված Հայաստանին, սակայն ամեն դեպքում գործընթացները դեռևս ավարտված չեն ու այստեղ աննախադեպ բան չկա»,-ասել է Պողոսյանը։ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին Երևանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի պաշտոնական հանդիպումը, որի ժամանակ դարձյալ Արցախի հանրապետության դրոշը տեղադրված չի եղել: Սա համացանցում քննարկումների առիթ դարձավ, ինչին անդրադարձավ Fip փաստերի ստուգման հարթակը, որտեղ նշվում էր, որ դա առաջին անգամը չէր, երբ Հայաստանի և Արցախի ղեկավարների հանդիպման ժամանակ բացակայում էր Արցախի Հանրապետության դրոշը: Այսպես, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը 2018 թ. ապրիլի 24-ին Երևանում ընդունել էր Բակո Սահակյանին: Հանդիպումը եղել էր նույն սրահում, որտեղ Փաշինյանը հոկտեմբերի 15-ին ընդունել էր Արցախի նախագահին, և ինչպես տեսնում եք Կարապետյանի և Սահակյանի հանդիպման լուսանկարներում, այդ օրը ևս բացակայել է Արցախի դրոշը: Դրոշի բացակայությունն ակտիվ քննադատեցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, սակայն պարզվում է, որ Քոչարյանը ևս 2007 թ. Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ «մոռացել էր» ԱՀ դրոշը տեղադրել: Արցախի դրոշի «մոռանալը» հատկապես մտահոգել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին: Ինչպես նշեցինք, ՀՀԿ-ական վարչապետ Կարեն Կարապետյանի ժամանակ ևս դրոշը բացակայել էր: Սակայն սա ամենը չէ: Պարզվում է՝ Արցախի դրոշը մոռացել էր նաև երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Այսպես, դրոշը բացակայում է Սերժ Սարգսյան-Բակո Սահակյան 2009 թ. փետրվարի 8-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Եղել են հանդիպումներ Արցախում, երբ տեղադրված է եղել միայն Արցախի դրոշը: Օրինակ՝ 2013 թ. օգոստոսի 31-ին Բակո Սահակյանն ընդունել էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այս հանդիպմանը տեղադրված էր միայն ԱՀ դրոշը: Այսպիսով՝ Հրապարակի այն պնդումները, որ չի հարգվել Արցախի Հանրապետության դրոշը, կամ քննարկումների առիթ դառնալուց հետո լռեցվել է՝ իբր մոռանալու պատճառով է եղել, չեն համապատասխանում իրականությանը և մանիպուլատիվ են: Նարեկ Մարտիրոսյան
09:07 - 29 մայիսի, 2020
Կոմունալ ծառայությունների անջատումների վերաբերյալ ներկայացված համեմատական տվյալները ճշգրիտ չեն

Կոմունալ ծառայությունների անջատումների վերաբերյալ ներկայացված համեմատական տվյալները ճշգրիտ չեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 30-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ հոսանքի անջատումներն այս տարվա ապրիլին ավելի քիչ են, քան 2019 թվականի ապրիլին են եղել․ Փաշինյանի հայտնած մոտավոր տվյալների համաձայն՝ 2019-ի ապրիլին եղել է մոտ 5000 անջատում, այս տարվա ապրիլին՝ մոտ 2600։ Վարչապետը նշեց, որ անջատումները նախորդ տարվա համեմատ քիչ են եղել նաեւ գազի մատակարարման մասով, սակայն կոնկրետ թիվ չնշեց։ Infocom-ը փորձեց պարզել՝ վարչապետն ինչ տվյալների համաձայն է կատարում վերոնշյալ պնդումները։ Հարկ է նշել, սակայն, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա» եւ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունները սպառողներին մատուցված ծառայությունների դիմաց վճարումներ չկատարելու պատճառով ծառայությունների դադարեցման (ընդհատումների) առանձնացված հաշվառում չեն իրականացնում, եւ նախորդ ժամանակահատվածին վերաբերող տվյալները կարող են պարունակել որոշակի պայմանականություններ (գնահատականներ):  Սակայն, ըստ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից ստացված պատասխանի՝ առանձին ամիսների վիճակագրություն վարվում է։ Մեզ տրամադրվել են 2019 եւ 2020 թվականներին մատակարարված գազի արժեքի համար վճարում չկատարելու պատճառով անջատումների քանակները, որոնք ներկայացնում ենք ստորեւ․ Column ChartInfogram Համեմատելով 2019 եւ 2020 թվականների ապրիլ ամիսները, տեսնում ենք, որ այս տարի 594-ով ավել են եղել գազի անջատումները․ 2019 թվականի ապրիլին դրանք եղել են 1710, իսկ 2020 ապրիլին՝ 2304։ Այնուամենայնիվ, եթե համեմատենք նաև մարտ-ապրիլ ամիսների անջատումների գումարային՝ ընդհանուր քանակները, ապա կտեսնենք, որ անցյալ տարի այդ ամիսներին  բնական գազի ավելի շատ անջատումներ են գրանցվել։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից էլ մեզ հայտնեցին, որ իրենք բնակիչ-բաժանորդների՝ էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ չկատարելու պատճառով էլեկտրամատակարարման դադարեցման մասով հաշվառում չեն վարում, հետեւաբար նաեւ վիճակագրություն ներկայացնել չեն կարող: Սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի, բնական գազի եւ խմելու ջրի ընդհատումների վերաբերյալ տեղեկատվությունը, որպես մատակարար-սպառող հարաբերություններում սպասարկման որակի ցուցանիշներ, մշտապես վերահսկում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:  Հանձնաժողովից մեզ տեղեկացրին, որ էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի ընդհատումների վերաբերյալ համապատասխանաբար՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա» եւ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերություններից իրենք եռամսյակային արդյունքներով ստանում են համապատասխան տեղեկատվությունը: Այսինքն՝ ոչ ՀԷՑ-ը, ոչ էլ ՀԾԿՀ-ն մեկ ամսվա կտրվածքով վիճակագրություն չեն վարում։ Ավելին՝ ընկերությունից ստացած պատասխանի համաձայն՝ տվյալները փոխվում են անընդհատ, եւ կոնկրետ օրվա կամ ամսվա համար հստակ տվյալ հայտնելը չափազանց դժվար է։ ՀԷՑ-ից տեղեկացանք, որ իրենք ապրիլ ամսվա անջատումների վերաբերյալ տվյալները ներկայացրել են ՀԾԿՀ-ին, որտեղից էլ դրանք փոխանցել են պարետատանը։ Իսկ ՀԾԿՀ-ից մեզ տրված պատասխանում նշել են, որ սպասարկման որակի ցուցանիշների շրջանակում հանձնաժողովի կողմից վերահսկվում են սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի ընդհատումների այնպիսի դեպքերը, ինչպիսիք պայմանավորված են մատակարարման ցանցի պլանային, վթարային նորոգման աշխատանքներով, ֆորս-մաժորի հետեւանքներով եւ այլն, իսկ մատուցված ծառայությունների դիմաց չվճարման պատճառով ընդհատումները չեն հանդիսանում մատակարար-սպառող հարաբերություններում սպասարկման որակի ցուցանիշներ եւ չեն արտացոլվում ընկերությունների կողմից հանձնաժողով ներկայացվող հաշվետվություններում:  Ինչպես ասված է մեր հարցման պատասխանի մեջ՝ հանձնաժողովը՝ ի թիվս օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակում ընկերություններից ստացվող հաշվետվությունների, կորոնավիրուսի հետեւանքները չեզոքացնելու՝ կառավարության նախաձեռնած աջակցության ծրագրերն առավել թիրախային խմբերին ուղղելու նպատակով մատակարար կազմակերպություններից աշխատանքային կարգով ստացել եւ ՀՀ կառավարություն տվյալներ է ներկայացրել սպառողներին մատուցված ծառայությունների դիմաց գումարների ընդհանուր հավաքագրումների, էլեկտրական էներգիայի եւ բնական գազի սպառման ծավալներով պայմանավորված՝ առանձին սպառողական խմբերի բաժանորդների քանակի, ապրանքային արտադրանքի, նշված սպառողական խմբերում պարտք ունեցող բաժանորդների քանակի, վերջիններիս սպառման արդյունքում ձեւավորված ապրանքային արտադրանքի, պարտքի մնացորդների, ինչպես նաեւ վճարումներ չկատարելու պատճառով բաժանորդներին մատուցվող ծառայությունների դադարեցման (այդ թվում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածին վերաբերող) դեպքերի վերաբերյալ:  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ՀՀ վարչապետի աշխատակազմից և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից ստացված հարցումներին ի պատասխան՝ նշված տեղեկատվությունը պարբերաբար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից պահանջել և վերջիններիս ներկայացրել է աշխատանքային կարգով: Ի հակառակ երկու կառույցների՝ վերը նշված պարզաբանումների՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը մեր զրույցում հայտնեց, որ վարչապետին տրամադրվել են օպերատիվ տվյալներ։ Օպերատիվ ասվածը, Խաչատրյանի խոսքով, նշանակում է, որ հնարավոր է կարճ ժամանակի համար էլ տվյալներ տրամադրել։ Նշենք, որ ՀԾԿՀ-ից մեր երկրորդ հարցմանն ի պատասխան դարձյալ չհայտնեցին, թե կոնկրետ ինչ թվեր են ներկայացրել կառավարությանը։ Մեզ տրամադրել են միայն եռամսյակային տվյալներ, որոնք հրապարակված են ՀԾԿՀ պաշտոնական կայքում։ Ստացվում է, որ իրավասու մարմինները կառավարությանը ներկայացրել են պարբերական տվյալներ, որոնք, ինչպես ասված է մեր հարցման պատասխանի մեջ, անընդհատ փոխվում են՝ նույնիսկ ժամվա ընթացքում, սակայն վարչապետը ընդհանրացված տվյալ է ներկայացրել, որը չի արտացոլում ոուսումնասիրվող ժամանակահատվածում անջատումների բացարձակ քանակը։ Հայարփի Բաղդասարյան
18:30 - 27 մայիսի, 2020
Գրանցված վարձու աշխատողների 20 տոկոսն է հանդիսանում կառավարության 8-րդ միջոցառման շահառու․ ծրագիրը կատարվել է 71․4 տոկոսով

Գրանցված վարձու աշխատողների 20 տոկոսն է հանդիսանում կառավարության 8-րդ միջոցառման շահառու․ ծրագիրը կատարվել է 71․4 տոկոսով

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելուց մոտ մեկ շաբաթ անց կառավարությունը սկսեց կորոնավիրուսի տնտեսական եւ սոցիալական հետեւանքների չեզոքացման միջոցառումներ, այդ թվում՝ կորոնավիրուսի տարածման հետեւանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին եւ անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաեւ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողներին դրամական աջակցության տրամադրում։ Սոցիալական գործիքներից ամենաշատ շահառու ունեցողը հենց այս՝ 8-րդ փաթեթն է․ ընդգրկում է շուրջ 100 հազար շահառու, որոնք բոլորը գրանցված աշխատողներ են։ Միջոցառման գործարկման սկզբում քննարկվում էր հարցը, թե արդյոք այն քաղաքացիները, որոնց աշխատանքային պայմանագրերը քաղաքացիաիրավական են, կարող են հանդիսանալ կորոնավիրուսի սոցիալական հետեւանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու։ Ապրիլի 30-ին՝ կառավարության հերթական նիստի ժամանակ, որոշվեց, որ նշյալ միջոցառման շահառուների շրջանակն ընլայնվելու է մոտ 36․000-ով։ Որոշման համաձայն՝ քաղիրավական պայմանագրով աշխատողները եւս ներառվեցին այս ծրագրի մեջ։ Ծրագիրը նախատեսված է գործունեության 5 տեսակների համար։ Դրանք են․  1) հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,  2) հանրային սննդի ծառայություններ, 3) զբոսաշրջային ծառայություններ, 4) վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ, 5) մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն։ Այսպիսով, կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 8-րդ միջոցառմամբ նախատեսված աջակցությունից կարող են օգտվել վերոնշյալ ոլորտների այն աշխատակիցները, որոնք պայմանագրերից գոնե մի տեսակով գրանցված են (եղել)։  Infocom-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ 2020 թվականի փետրվարի դրությամբ Հայաստանում քաղիրավական պայմանագրով աշխատող 49․188 անձ կա, իսկ հիմնական աշխատանքային պայմանագրով աշխատող՝ 622․805։ Սրանք բոլորը հաշվարկված են 50․549 գործատուների ներկայացրած տվյալների համաձայն։ Ընդհանուր առմամբ, ՊԵԿ-ի տրամադրած տվյալների համաձայն, ունենք 665․476 հիմնական եւ քաղիրավական պայմանագրով աշխատող քաղաքացիներ։ Սակայն քաղիրավական պայմանագրերով եւ հիմնական պայմանագրերով աշխատողների հանրագումարը 665․476-ից ավելի է։ Բանն այն է, որ առկա են դեպքեր, երբ միեւնույն անձը միաժամանակ ներգրավված է հիմնական աշխատանքային եւ քաղիրավական պայմանագրերի շրջանակներում։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացանք, որ այս տարվա մայիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել թվով 94828 հիմնական աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողի, եւ  2411 քաղաքացիաիրավական անշխատանքային պայմանագրով վարձու աշխատողի: Ստացվում է, որ մայիսի 21-ի դրությամբ՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 8-րդ միջոցառումը ներառել է հիմնական աշխատանքային պայմանագրով աշխատողների 15,22 տոկոսին, քաղիրավական պայմանագրով աշխատողների՝ 4,9 տոկոսը։  Նախնականում պլանավորվում էր սպասարկել 100․000 շահառուի, հետագայում շահառուների շրջանակն ընդլայնվեց 36․000-ով։ Եթե վերցնենք ծրագրով նախատեսված թիվը, ապա ստացվում է, որ փոխհատուցում ստանալու էր հիմնական եւ քաղիրավական պայմանագրերով աշխատողների մոտավորապես 20 տոկոսը։ Փաստացի, մայիսի 21-ի դրությամբ ծրագիրը կատարվել է 71,4 տոկոսով՝ ըստ Սոցիալական հարցերի նախարարությունից ստացած տվյալների։
22:06 - 26 մայիսի, 2020
Ծառայություն մատուցող սպանդանոցների թիվն աճելու փոխարեն նվազում է

Ծառայություն մատուցող սպանդանոցների թիվն աճելու փոխարեն նվազում է

Մայիսի 21-ին տեղի ունեցած կառավարության նիստում ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում այս պահի դրությամբ կա գործող 44 սպանդանոց, որից ծառայություն  է մատուցում 19-ը:  Infocom-ը որոշեց պարզել, թե պարտադիր սպանդանոցային մորթի որոշման ընդունման նախնական փուլում սպանդանոցների ինչ քանակ էր նշվում, և ինչ բաշխվածություն ունեն վերջիններս՝ ըստ ՀՀ մարզերի: Նախ նշենք, որ 2020 թվականի  հունվարի 15-ից Սննդի անվտանգության տեսչական մարմինը անցավ սպանդանոցային մորթի խիստ հսկողության, որից հետո, ի պատասխան քաղաքացիների դժոգության , Սննդի անվտանգության տեսչական մարմնի կայքում տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում հունվարի 23-ի դրությամբ կա թվով 40 գործող սպանդանոց, որոնք ընդգրկում են բոլոր  մարզերը:  2020 թվականի հունվար ամսին չէր նշվում, թե 40 գործող սպանդանոցներից քանիսն են ծառայություն մատուցում, սակայն անհրաժեշտ քանակի վերաբերյալ մտահոգություններին ի պատասխան նշվում էր, որ գործող 25 սպանդանոցների հզորությունը կարող է բավարարել Երևանի մսի պահանջարկը, իսկ առաջիկայում պետք է շահագործման հանձնվեր ևս 23 սպանդանոց, որոնք ի վիճակի կլինեին ծածկել ողջ հանրապետության պահանջարկը: Սակայն կառավարության երեկվա նիստում խոսվեց ծառայություն մատուցող 19 սպանդանոցի մասին, որոնք չեն համապատասխանում նախկին հայտարարություններին, որտեղ խոսվում էր արդեն գործող 25 սպանդանոցի և 23 կառուցվող սպանդանոցների մասին:  Այնուամենայնիվ,  միայն բաց աղբյուրների՝ մասնավորապես Սննդի անվտանգության տեսչական մարմնի կայքում տեղադրված սպանդանոցների ցանկի հիման վրա փորձենք հասկանալ, թե Հայաստանի Հանրապետությունում ծառայություն մատուցող սպանդանոցներն  ինչ բաշխվածություն ունեն և ինչ ծառայություններ են մատուցում: Ինչպես տեսնում ենք գրաֆիկից՝ Արագածոտնի մարզում, ըստ Սննդի անվտանգության տեսչական մարմնի կայքում հրապարակված ցուցակի, կա ծառայություն մատուցող մեկ սպանդանոց, որն իրականացնում է միայն խոշոր և մանր եղջերավոր կենդանիների մորթ: Փաստացի այս պահի դրությամբ Արագածոտնի մարզում չկա սպանդանոց, որը կիրականացնի խոզերի մորթ: Կոտայքի մարզում ծառայություն է մատուցում  5 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր և խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաև խոզերի մորթ: Սյունիքի մարզում ծառայություն է մատուցում մեկ սպանդանոց, որն իրականացնում է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաև խոզերի մորթ: Արարատի մարզում ծառայություն է մատուցում 1 սպանդանոց, որն իրականացնում է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: Փաստացի Արարատի մարզում նույնպես չկա խոզերի մորթ իրականացնող սպանդանոց: Արմավիրի մարզում ծառայություն է մատուցում  3 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր և խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաև խոզերի մորթ: Երեք սպանդանոցներից մեկը շարժական է, որը նույնպես իրականացնում է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի մորթ: Տավուշի մարզում ծառայություն է մատուցում մեկ սպանդանոց, որն իրականացնում է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, ինչպես նաև խոզերի մորթ: Վայոց Ձորի մարզում ծառայություն է մատուցում մեկ սպանդանոց, որն իրականացնում է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, ինչպես նաև խոզերի մորթ: Շիրակի մարզում չկա ծառայություն մատուցող սպանդանոց: Գեղարքունիքի մարզում ծառայություն է մատուցում երկու սպանդանոց, որոնք իրականացնում են մանր և խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաև խոզերի մորթ: Երևանում ծառայություն է մատուցում երկու սպանդանոց, որոնցից մեկն իրականացնում է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ, իսկ մյուսը միայն ճագարի մորթ: Այսպիսով՝ ծառայություն մատուցող սպանդանոցները բաշխվածությամբ չեն ծածկում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը: Բացի այդ, կան մարզեր, որոնք ունեն սպանդանոցներ, սակայն սպանդանոցները ճկուն չեն և չեն իրականացնում բոլոր տեսակի կենդանիների մորթ: Օրինակ՝ Արագածոտնի, Արարատի մարզերում և Երևանում չկա խոզերի մորթ իրականացնող սպանդանոց, իսկ Շիրակի մարզում ընդհանրապես ծառայություն մատուցող սպանդանոց չկա: Հիշեցնենք, որ պարտադիր սպանդանոցային մորթի պահանջը հետաձգվել է մինչև հուլիսի 1-ը: Հեղինակ՝ Նարեկ Մարտիրոսյան
16:47 - 22 մայիսի, 2020
Հայաստանում 5G աշտարակներ չեն տեղադրվել․ Մարինա Խաչատրյանն ապատեղեկատվություն է տարածում

Հայաստանում 5G աշտարակներ չեն տեղադրվել․ Մարինա Խաչատրյանն ապատեղեկատվություն է տարածում

«Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ հրապարակել է 5G աշտարակների լուսանկարներ՝ կից գրառմամբ, թե այդ բոլոր տեսակի աշտարակներն այսօր արդեն տեղադրված են Հայաստանում, ավելի խիտ` Երեւանում։ Խաչատրյանը հրապարակման մեկնաբանություններում գրել է, թե դրանք շատ վտանգավոր են եւ տեղադրվել են արտակարգ դրության օրերին․ նրա ձեւակերպմամբ՝ «հերթական թաքուն օպերացիան»։ Google համակարգում վերոնշյալ լուսանկարների ամենապարզ որոնմամբ երեւում է, որ այդ նկարները Հայաստանում արված չեն։ Ըստ երեւույթին, Մարինա Խաչատրյանը լուսանկարները ներբեռնել է հենց Google համակարգից կամ այլ կայքերից։ Որոնման արդյունքները ներկայացնում ենք ստորեւ․ Infocom-ը Մարինա Խաչատրյանի տարածած տեղեկությունը ճշտեց նաեւ Հայաստանի բջջային օպերատորներից։ Ucom ընկերության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ շրջանառվող լուրն իրականությանը չի համապատասխանում․ Ucom-ը 5G աշտարակներ չունի։ Նույն պատասխանը ստացանք նաեւ VivaCell եւ Beeline ընկերություններից։ Մասնավորապես, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահե Իսահակյանը մեր զրույցում եւս ասաց, որ իրենք 5G ծառայություն չեն տրամադրում։ Բացի այս, ինչպես նշեց մեր զրուցակիցը, չկան 5G-ով աշխատող բազային կայաններ, որպեսզի աշխատեն, դրա համար պիտի լինեն սարքեր, իսկ հաճախականություն տրամադված չէ։ Beeline-ից էլ մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ընկերությունը Հայաստանի տարածքում երբեւէ չի տեղադրել 5G որեւէ կայան, եւ որ այդ տեխնոլոգիան գործարկելու համար հեռահաղորդակցության օպերատորներին առնվազն անհրաժեշտ է ունենալ որոշակի հաճախականային ռեսուրս, որն այս պահի դրությամբ Beeline-ը եւս պետությունից չի ստացել։  Հավելենք, որ 5G կայանների տեղադրման մասին որեւէ պաշտոնական տեղեկություն այս ընթացքում չի շրջանառվել։ Այսպիսով, Մարինա Խաչատրյանի գրառումն ապատեղեկատվություն է․ Հայաստանում 5G կայաններ չկան, իսկ տեղադրված լուսանկարները Հայաստանում արված չեն։ Ի՞նչ է 5G-ն 5G-ն 5-րդ սերնդի բջջային կապի կարճ անունն է, որը փոխարինելու է 3G եւ 4G կապերին: 5-րդ սերնդի բջջային կապի ներդրման շնորհիվ արագանալու է տվյալների փոխանցումը, ալեհավաքների թվի հաշվին ավելի որակյալ են դառնալու ազդանշանները, եւ այլն։ 5G-ի թեստավորման ժամանակ գրանցվել է տվյալների փոխանցման 25,3 Գբ/վ առավելագույն արագություն: Ցանցի ներսում սովորական օգտատերերին սպասվում է մինչեւ 10 Գբ/վ արագություն (4G ցանցի օգտատերերի առավելագույն արագությունը հասնում է մինչեւ 100 Մբ/վ-ի)․ պարզ ասած՝ ընդամնեը վայրկյանների ընթացքում հնարավոր կլինի ներբեռնել Full HD ֆիլմեր։ Աշխարհում նոր սերնդի առաջին ցանցերի ամբողջական գործարկումն արդեն սկսվել է։ Այս տարվա վերջում նախատեսվում է թողարկել առաջին պիլոտային ծրագրերը՝ 5-րդ սերնդի ցանցի ներդրման համար:  Ucom ընկերության նախկին տնօրեն Հայկ Եսայանը, օրինակ, նախրոդ տարի Հայաստանում տեղի ունեցած WCIT տեխնոլոգիական կոնֆերանսի օրերին, խոսելով 5G ցանցի ներդրման մասին, նկատել է, որ  ի վերջո ցանկացած պարագայում գնալու ենք ցանցի տրանսֆորմացիային, պարզապես հայաստանցիները դեռեւս պատրաստ չեն մասսայաբար ձեռք բերել նորագույն, թանկարժեք հեռախոսներ, որոնք կկարողանան աշխատել հինգերորդ սերնդի ցանցում։ Մեկ տարի առաջ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ իր հերթին նշել է, որ 5G ստանդարտն արդեն ուրվագծված է, սակայն շուկայի համար մատչելի գնով սարքեր դեռեւս հասանելի չեն: Յիիրկյանի կարծիքով՝ մոտ 2 տարի ժամանակ կպահանջվի, մինչեւ այդ սարքերը դառնան հասանելի լայն կիրառման համար: Ինչ վերաբերում է հարցին, թե ե՞րբ Հայաստանում կլինի 5G, VivaCell-ի տնօրենն ասել է, որ իրենց ընկերությունը վաղուց է սկսել պատրաստվել 5G-ի ներդրմանը, քանի որ ընկերության 4G ցանցում օգտագործելու նպատակով ներդրվող սարքավորումները կարող են աշխատել նաեւ 5G ցանցում՝ ընդամենը ծրագրային փոփոխության ենթարկվելով։ Հայարփի Բաղդասարյան
14:56 - 21 մայիսի, 2020
Պատգամավորին կարելի է դիտարկել որպես պետական ծառայող․ վերջինիս լիազորություններում կարգադրիչի որոշակի էլեմենտներ կան․ Էդգար Շաթիրյան

Պատգամավորին կարելի է դիտարկել որպես պետական ծառայող․ վերջինիս լիազորություններում կարգադրիչի որոշակի էլեմենտներ կան․ Էդգար Շաթիրյան

Մայիսի 11-ին մամուլում տեղեկություն տարածվեց, որ նույն օրը անհայտ անձը հեծանվով մեծ արագությամբ ընթացել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի ուղղությամբ, փորձել վրաերթի ենթարկել նրան, ապա հնչեցրել է սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ։ Բաղդասարյանը ոստիկաններին հայտնել է, որ տեղի ունեցածը կապված է իր աշխատանքային գործունեության հետ: 2020թ. մայիսի 13-ին ՀՀ ոստիկանությունում դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, նախաքննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեն։ Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ Էջմիածին քաղաքի բնակիչ Արթուր Ալեքսանյանը, ձերբակալվել, ապա կալանավորվել է։  Արցախի նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը Ալեքսանյանի ձերբակալման օրը հանդես եկավ ֆեյսբուքյան գրառմամբ՝ հայտնելով, որ անձը չի ընդունել իրեն մեղսագրվող արարքը։ Ապա, նշելով, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածով՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը», Մելիքյանը մեջբերել է նույն հոդվածի 3-րդ մասը, որը սահմանում է «իշխանության ներկայացուցիչ» հասկացությունը.  «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ծառայության ենթակայության տակ գտնվող  անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով»։ Մելիքյանի պնդմամբ՝ 316-րդ հոդվածը վերաբերելի է միայն այն ծառայողներին, որոնք իրավասու են ցանկացած մարդու կարգադրել։ Ըստ նրա՝ այդ անձինք հիմնականում ոստիկանության ծառայողներն են․ «Հիմա՝ ԱԺ պատգամավորը երբվանի՞ց դարձավ ոստիկան, որ նրա նկատմամբ իբրև թե բռնությունը որակել եք 316-րդ հոդվածով։ Երբվանի՞ց եք պատգամավորներին օժտել մարդկանց կարգադրելու լիազորությամբ»,- հարց է հնչեցրել Ռուբեն Մելիքյանը։ Infocom-ը փորձեց պարզել՝ Քրեական օրենսգրքի վերոգրյալ հոդվածի կոնտեքստում ո՞ր սուբյեկտը կարող է դիտարկվել որպես իշխանության ներկայացուցիչ։ Իրավաբան Էդգար Շաթիրյանի խոսքով՝ պնդումը, թե պատգամավորն իշխանության ներկայացուցիչ չէ, միանշանակ չէ, քանի որ 316-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իշխանության ներկայացուցչի համար պարտադիր պայման է հանդիսանում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող լինելը։  Այս դեպքում, ինչպես մեր զրույցում նշեց Շաթիրյանը, պետական մարմնում ծառայող հասկացությունը կարող ենք մեկնաբանել լայն առումով։ Մասնավորապես, ելնելով Հանրային ծառայության մասին օրենքի տրամաբանությունից՝ հանրային ծառայությունն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը եւ հանրային պաշտոնները։ Այս օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում նշված է, որ պետական պաշտոնները դասակարգվում են տեսակների՝ քաղաքական, վարչական, ինքնավար և հայեցողական: Պետական պաշտոնների շարքում իրենց հերթին առանձնացվում են նաեւ պետական քաղաքական պաշտոնները, որոնց թվում է նաեւ պատգամավորի պաշտոնը։ Եւ, ըստ Շաթիրյանի, եթե այս առումով մեկնաբանենք ծառայող եզրույթը, պատգամավորին կարելի է դիտարկել որպես պետական ծառայող։ Միաժամանակ ՔՕ 316-ի երրորդ մասում նշված է, որ իշխանության ներկայացուցիչ համարվում է այն անձը, որը ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ օժտված է կարգադրիչ լիազորություններով․ Հետեւաբար, ըստ Էդգար Շաթիրյանի, վերջական եզրահանգման գալու համար՝ ՔՕ 316-րդ հոդվածի իմաստով պատգամավորը հանդիսանո՞ւմ է իշխանության ներկայացուցիչ, թե՞ ոչ, անհրաժետ է պատասխան տալ հետեւյալ հարցին․ արդյոք պատգամավորն օժտվա՞ծ է կարգադրիչ լիազորություններով՝ իր ծառայողական ենթակայության ներքո չգտնվող անձանց նկատմամբ։ «ԱԺ կանոնակարգ» օրենքը եւ «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքը պատգամավորին վերապահել են մի շարք իրավունքներ․ պատգամավորը կարող է հարցումներով եւ առաջարկություններով դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց, վերջիններս պարտավոր են քննարկել դրանք ու սահմանված ժամկետներում պատասխան տալ։ Պատգամավորի լիազորություններւում կարգադրիչի որոշակի էլեմենտներ կան, բայց եթե դասական առումով մեկնաբանենք (եթե այդպիսի համընդհանուր սահմանում կա, ինչի առնչությամբ ողջամիտ կասկածներ ունեմ), կարծես թե կարգադրիչ եզրույթի հետ կապված խնդիր ենք ունենում»,- ասաց Շաթիրյանը։ Իսկ ինչ վերաբերում է մեկնաբանությանը, թե օրենքը իշխանության ներկայացուցիչ է դիտարկում հիմնականում ոստիկանության ծառայողին, ապա, իրավաբանի համոզմամբ, եթե ՔՕ հիշատակված հոդվածի իմաստով որպես տուժող միայն ոստիկանն է դիտարկված, ապա հոդվածի վերտառության եւ տեքստի «իշխանության ներկայացուցիչ» ձևակերպման գործածությունն է իմաստազրկվում է․ պատգամավորին որպես իշխանության ներկայացուցիչ դիտարկելու հարցի համատեքստում պետք է նկատի ունենալ, որ նա պետաիշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, ինչը չի բացառում նաև կարգադրիչ տարրը (լայն առումով)՝ պատգամավորի կողմից ի պաշտոնե հանդես գալիս կամ գործելիս։ Infocom-ը մեկնաբանություն խնդրեց նաեւ ՀՀ քննչական կոմիտեից, սակայն մեզ պատասխանեցին, որ ՀՀ քննչական կոմիտեն նման ընթացակարգով չի մեկնաբանում, չի հիմնավորում կոմիտեի քննիչների կայացրած որևէ որոշում, այդ թվում՝ 316-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու որոշումը: «Քննիչը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, կայացրել է Ձեր նշած որոշումը: ՀՀ քրեական դատավարության համապատասխան սուբյեկտները որոշման հետ համաձայն չլինելու դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, քննիչի որոշումը կամ գործողությունները կարող են բողոքարկել դատախազություն կամ դատարան»,- հավելեցին ՔԿ մամուլի ծառայությունից: Այսպիսով, հիմնվերով Հանրային ծառայության մասին, Պատգամավորի գործունեության մասին եւ ԱԺ կանոնակարգ օրենքների՝ նշված մի շարք հոդվածների վրա՝ կարող ենք ասել, որ պատգամավորը կարող է համարվել իշխանության ներկայացուցիչ, քանի որ ունի կարգադրիչ համարվող որոշակի լիազորություններ։ Ռուբեն Մելիքյանի պնդումը, թե ՔՕ 316-րդ հոդվածը վերաբերում է հիմնականում ոստիկանության ծառայողներին, խնդրահարույց է, իսկ այն, որ պատգամավորը իշխանության ներկայացուցիչ չէ, միանշանակ չէ։ Հայարփի Բաղդասարյան
14:28 - 21 մայիսի, 2020