ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պետական մարմին է, որն իրականացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն։

ՀՔԾ-ն ինքնուրույն պետական մարմին է և լիազորություններն իրականացնելիս անկախ է։ ՀՔԾ պետն է Սասուն Խաչատրյանը։ 

«Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել

«Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում շարունակվում է «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի կողմից կատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել: Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի կողմից կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը, պայմանագրով չնախատեսված հողատարածքում խոտհունձ կազմակերպելը թույլատրելու համար, շրջակա գյուղերի բնակիչներից պահանջել և ստացել է կաշառք: Մասնավորապես՝ կազմակերպության տնօրենի պաշտոնակատարը, 2019 թվականի նոյեմբերից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մի շարք բնակիչների օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ առանց խոտհարքներից օգտվելու օրենքով սահմանված պայմանագիր կնքելու, խոտհարքը տրամադրելու և խոտհարքն ապօրինի հնձելը չկանխարգելելու դիմաց, պահանջել և ստացել է տարբեր չափերի կաշառք: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (7 դրվագ), 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
07:50 - 10 դեկտեմբերի, 2019
ՀՔԾ-ն մերժել է Վահագն Հարությունյանի՝ Հայաստան վերադառնալու հարցով պաշտպանի ներկայացրած դիմումը |armtimes.com|

ՀՔԾ-ն մերժել է Վահագն Հարությունյանի՝ Հայաստան վերադառնալու հարցով պաշտպանի ներկայացրած դիմումը |armtimes.com|

armtimes.com: Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, սույն գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումը։ Այս մասին տեղեկացրեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Նրա խոսքով՝ դիմումը քննարկվել է քննիչի կողմից, եւ որոշում է կայացվել մերժել այն անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Ավելի վաղ պաշտպանը մեր զրույցում ասել էր, որ Հարությունյանն իր բժիշկների հետ քննարկում է ՀՀ վերադառնալու հարցը, որին խանգարող հանգամանքը նրա նկատմամբ հայտարարված հետախուզումն է: Ըստ այդմ՝ պաշտպան Միհրան Պողոսյանը դիմել էր Գլխավոր դատախազին եւ ՀՔԾ պետին, որպեսզի այն վերացվի, եւ Հարությունյանը վարույթ իրականացնող մարմնին ներկայանալու համար ժամանի ՀՀ:   Հարությունյանի նկատմամբ մեկ տարուց ավելի է՝ հետախուզում է հայտարարված: Ի սկզբանե նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել կալանավորումը, որն այս պահին վերացված է։ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը սկզբում որպես մեղադրյալ էր ներգրավվել՝ Մարտի 1-ի գործով կարևոր ապացույցներ կեղծելու համար։ Ավելի ուշ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ լրացրել է մեղադրանքը, և Հարությունյանը մեղադրյալ է ներգրավել նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։  
09:20 - 06 դեկտեմբերի, 2019
ՀՔԾ-ն պարզաբանում է՝ Կոստանյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ է ներգրավվել 5 հոդվածներով |azatutyun.am|

ՀՔԾ-ն պարզաբանում է՝ Կոստանյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ է ներգրավվել 5 հոդվածներով |azatutyun.am|

azatutyun.am։ Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ է ներգրավվել միանգամից 5 հոդվածով։ Այս մասին հարցմանն ի պատասխան տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ)։ Մասնավորապես, նախկին պաշտոնյան մեղադրյալ է ներգրավվել պաշտոնեական կեղծիք կատարելու (Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով), պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու ( 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով), պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու (38-314-րդ հոդվածի 1-ին մասով), ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելու (38-334-րդ հոդվածի 1-ին մասով), ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցների կեղծմանը դրդելու (38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով) հոդվածներով։ Չնայած արդեն տևական ժամանակ է հայտնի էր, որ Գևորգ Կոստանյանը մեղադրյալ է ներգրավվել Մարտի 1-ի գործով, սակայն ՀՔԾ-ն չէր պարզաբանում, թե մասնավորապես ինչ հոդվածներով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարեց Հայաստանի նախկին գլխավոր դատախազին կալանավորելու միջնորդությունը: Դատարանի որոշումը Կոստանյանի պաշտպաններն անհիմն են համարում և պատրաստվում են բողոքարկել այն:
09:34 - 05 դեկտեմբերի, 2019
Դատարանը Գեւորգ Կոստանյանին կալանավորելու որոշում կայացրեց |armtimes.com|

Դատարանը Գեւորգ Կոստանյանին կալանավորելու որոշում կայացրեց |armtimes.com|

armtimes.com: ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին կալանավորելու որոշում կայացվեց: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով բավարարելով Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրան 48 ժամ էր առաջարկել՝ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու եւ մեղադրանք առաջադրելու համար: 48 ժամը լրանալուց հետո ՀՔԾ-ն նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելով դատարան: ՀՔԾ-ն առ այսօր չի տեղեկացրել, թե Կոստանյանը ՀՀ Քրեական օրենսգրքի որ հոդվածներով է ներգրավվել որպես մեղադրյալ:  
14:00 - 04 դեկտեմբերի, 2019
Հարուցվել է քրեական գործ պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու առթիվ

Հարուցվել է քրեական գործ պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 315-րդ հոդվածի 2-րդ մասերով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ` ոստիկանության կողմից տրանսպորտային ու այլ տեխնիկական միջոցների ձեռքբերման ու սպասարկման, տարբեր ծառայությունների և ապրանքների գնման ընթացակարգերի, մի շարք ընկերություններին տրամադրված դրամաշնորհների ու սուբսիդիաների ծախսման գործընթացներում պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական անփութություն կատարելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով` հակամրցակցային գործունեություն իրականացնելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ: Կատարվում է նախաքննություն:
13:39 - 28 նոյեմբերի, 2019
Ոստիկանությունում քաղաքացու խոշտանգման դեպքը տեղի է ունեցել 2008-2010 թվականների միջակայքում. Սասուն Խաչատրյան |lragir.am|

Ոստիկանությունում քաղաքացու խոշտանգման դեպքը տեղի է ունեցել 2008-2010 թվականների միջակայքում. Սասուն Խաչատրյան |lragir.am|

lragir.am: Ըստ նախնական տվյալների՝ ոստիկանությունում քաղաքացու խոշտանգման դեպքը, որի մասին տեսանյութը օրերս տարածվել էր համացացնում, տեղի է ունեցել 2008-2010 թվականների միջակայքում: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: «Այն ժամանակ 300 պրիմ՝ խոշտանգման համար պատիժ նախատեսող հոդվածը, դեռևս ընդունված չէր: Հետևաբար, մենք նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում նույնսիկ չէինք կարող այդ հոդվածով գործ հարուցել»,- նշեց Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով քննադատություններին, թե ինչո՞ւ խոշտանգման հոդվածով գործ չի հարուցվել: Սասուն Խաչատրյանն ասաց, որ քննությունը դեռ երկու օր է ընթանում է, և դեռևս հնարավոր չէ հաստատել, որ կադրում երևացող բոլոր անձինք ոստիկաններ են: Հարցին, թե այսինքն՝ խոշտանգում իրականացնող անձանց շրջանակը հայտնի՞ չէ, ՀՔԾ պետը պատասխանեց. «Չեմ ցանկանում այս պահին նման տեղեկատվություն տարածել, հայտնի է, թե հայտնի չէ, բայց համոզված եղեք՝ եթե նույնիսկ այս պահին հայտնի էլ չէ, թեև ես նման բան չեմ հաստատում, շատ շուտ դուք կտեղեկանաք, որ ամջողջ ծավալով էլ կբացահայտվի»:
09:01 - 26 նոյեմբերի, 2019
Կգործենք ըստ օրենքի. ՀՔԾ պետը՝ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին |aysor.am|

Կգործենք ըստ օրենքի. ՀՔԾ պետը՝ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին |aysor.am|

aysor.am։ Ազգային ժողովում այսօր լրագրողները ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից հետաքրքրվեցին՝ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզո՞ւմ են հայտարարելու, Սասուն Խաչատրյանն էլ պատասխանեց. «Կգործենք ըստ օրենքի»։ Դիտարկմանը, թե Կոստանյանն ասել է՝ երբ դասերն ավարտի, կգա, ՀՔԾ պետն արձագանքեց. «Անձը մեղադրյալ ներգրավվում է այն ժամանակ, երբ վարույթն իրականացնող մարմինը բավարար է համարում ապացույցների համակցությունը անձին որպես մեղադրյալ ներգրավելու համար»: Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ Գևորգ Կոստանյանին դեռևս մեղադրանք չի առաջադրվել։ Դիտարկմանը, թե Կոստանյանը հայտարարել է, որ այս գործում արհեստականություն կա, Սասուն Խաչատրյանն ասաց. «Ի՞նչ արհեստականություն, ես չեմ կարող մեկնաբանել պարոն Կոստանյանի ասածները։ Դուք ինձ հարցնում եք՝ 48 ժամվա մեջ իրատեսակա՞ն է Մոսկվայից հասնել Երևան, ես հարցը ձեզ եմ տալիս՝ իրատեսակա՞ն է»։ Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով Գևորգ Կոստանյանին առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար։ Հարցին՝ Գևորգ Կոստանյանին առաջադրվելիք մեղադրանքը կապվում է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մեղադրանքի նկարագրության հե՞տ, ՀՔԾ պետն ասաց՝ այո։ Հարցին՝ գլխավոր դատախազ եղած տարիներին Մարտի մեկի գործը չբացահայտելու համար էլ կլինի՞ մեղադրանք, Սասուն Խաչատրյանն արձագանքեց. «Եկեք 48 ժամ սպասենք»։
08:53 - 26 նոյեմբերի, 2019
Սուրիկ Խաչատրյանի հիվանդությունները խոչընդոտ չեն նրա՝ ՀՀ տեղափոխման համար. ՀՔԾ |armtimes.com|

Սուրիկ Խաչատրյանի հիվանդությունները խոչընդոտ չեն նրա՝ ՀՀ տեղափոխման համար. ՀՔԾ |armtimes.com|

armtimes.com Սյունիքի նախկին մարզպետ, Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Սուրիկ Խաչատրյանի մոտ ախտորոշված հիվանդությունները խոչընդոտ չեն հանդիսանում նրա՝ տարածության մեջ ինքնուրույն տեղաշարժման, տրանսպորտային միջոցներով որեւէ այլ երկիր, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխման համար: Այս մասին հարցմանը ի պատասխան հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: ՀՔԾ-ից մասնավորապես հետաքրքրվել էինք, թե Խաչատրյանի փաստաբանի կողմից ներկայացված բժշկական փաստաթղթերը բավարար չե՞ն եղել արդյոք մինչ հետախուզում հայտարարելը: «Փաստաբանի կողմից ուղարկված փաստաթղթերի հիման վրա նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ ըստ ներկայացված փաստաթղթերի՝ Սուրիկ Խաչտրյանն իր բուժումը կարող է շարունակել ստանալ նաեւ ՀՀ-ում»,-ասացին ՀՔԾ-ից:
07:42 - 26 նոյեմբերի, 2019
Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել

Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչպես նաև, պաշտոնեական դիրքն օգտագործելով և անձանց ապօրինի կարգադրություն տալով, դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի վատնում ու պաշտոնեական կեղծիք, ինչի հետևանքով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին: Մասնավորապես, պարզվել է, որ Սուրիկ Խաչատրյանը, 2011-2012թթ ընթացքում զբաղեցնելով Սյունիքի մարզպետի պաշտոնը, մարզպետարանի պաշտոնատար անձի միջոցով Սյունիքի մարզի Նորավան համայնքի ղեկավար Լավրենտիկ Առաքելյանին տվել է ապօրինի կարգադրություն՝ Սյունիքի մարզի Նորավան համայնքին պատկանող մետաղական խողովակներն առանց որևէ օրինական հիմքի իր եղբորը հանձնելու վերաբերյալ: Լավրենտիկ Առաքելյանը, օրենքի պահանջների խախտմամբ, առանց խողովակներն օտարելու մասին համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու, ապա` այն համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով օտարելու կամ օգտագործման տրամադրելու փոխարեն, Սուրիկ Խաչատրյանի դրդմամբ, Նորավան համայնքի սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերով՝ 5.132.891 ՀՀ դրամ արժողությամբ մետաղական խողովակները տրամադրել է Սուրիկ Խաչատրյանի եղբորը: Բացի այդ, 2016թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Սուրիկ Խաչատրյանը Ակներ համայնքի ղեկավարին տվել է ապօրինի կարգադրություն՝ Ակներ համայնքում գտնվող հողամասը ճանապարհին միացնող 0.43 հա մակերեսով հողատարածքի հատվածը կեղծ աճուրդի միջոցով իր կողմից նշված անձին` Աշոտ Գևորգյանին օտարելու վերաբերյալ: Այդ նպատակով Ակներ համայնքի աշխատակազմի ղեկավարը համայնքի ղեկավարի ցուցումով ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով` կազմել է նշված հողատարածքի աճուրդի անցկացման և արդյունքների մասին կեղծ արձանագրություններ, որոնց համաձայն՝ իբր 2016թ. սեպտեմբերի 16-ին անցկացված աճուրդով նշված 0.43 հա մակերեսով հողամասը 70.000 ՀՀ դրամով վաճառվել է Աշոտ Գևորգյանին: 19.11.2019թ.-ին Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը Ս. Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Լավրենտիկ Առաքելյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և Աշոտ Գևորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է:
07:26 - 20 նոյեմբերի, 2019
Գարիկ Սարգսյանի դեմ քրեական գործ չի հարուցվել․ հաղորդումը մերժվել է․ ՀՔԾ |factor.am|

Գարիկ Սարգսյանի դեմ քրեական գործ չի հարուցվել․ հաղորդումը մերժվել է․ ՀՔԾ |factor.am|

factor.am: ՀՔԾ-ն մերժել է Նորաշենի նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանի պաշտպան Ամրամ Մակինյանի ներկայացրած հաղորդումը՝ ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի։ Այս մասին ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: «Հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվել, նյութերի նախապատրաստման ընթացքում որոշվել է քրգործի հարուցումը մերժել»,- տեղեկացրեց Մարինա Օհանջանյանը: Նորաշենի նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանի պաշտպան Ամրամ Մակինյանն էլ մեզ հետ զրույցում փաստեց, որ իրենք որոշումը բողոքարկելու են։ «Մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել ՀՔԾ, որը մերժվել է։ Որոշումը բողոքարկելու ենք Դատախազություն, և եթե Դատախազությունը մեր բողոքը չբավարարի, իրավական բոլոր ընթացակարգերով անցնելու ենք»,- տեղեկացրեց փաստաբանը։ Շաբաթներ առաջ Նորաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ պնդելով, թե Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն անօրինաբար պաշտոնից ազատել է համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին: Վերջիններս պահանջում էին վերականգնել նրան պաշտոնին: Շարունակությունը՝ factor.am-ում
12:34 - 08 նոյեմբերի, 2019
Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված Անահիտ Ֆարմանյանը նախաքննության ընթացքում խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, ինչպես նաև չի հայտնել չներկայանալու հարգելի պատճառների մասին, իսկ նրա անձնական երաշխավորությունն ստանձնած ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը հայտնել են, որ Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն և չեն կարող ապահովել նրա ներկայանալը Հատուկ քննչական ծառայություն: Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները` 31.10.2019թ.-ին Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը Ա. Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է, և 01.11.2019թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Ա. Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՔԾ
07:07 - 01 նոյեմբերի, 2019
Հրայր Թովմասյանին հարցաքննելու համար ՍԴ թույլտվությունը պետք չէ․ Սասուն Խաչատրյան |news.am|

Հրայր Թովմասյանին հարցաքննելու համար ՍԴ թույլտվությունը պետք չէ․ Սասուն Խաչատրյան |news.am|

news.am։ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին հարցաքննելու համար ՍԴ թույլտվությունը պետք չէ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ «Հարցաքննելու իրավունք ունենք ցանկացած անձի, Սահմանադրական դատարանի թույլտվությունը հարցաքննության համար պետք չէ»,-նշեց Խաչատրյանը։ Իսկ որպես մեղադրյալ ներգրավելու մասին հարցին նա չպատասխանեց․ «Դա իրավական վեճ է, դրա մասին հիմա չեմ խոսի»։ Հրայր Թովմասյանի նկատմամաբ քաղաքական հետապնդման մասին հարցին ՀՔԾ պետը արձագանքեց․ «Ես մի քանի առիթով ասել եմ, որ ՀՔԾ-ն քաղաքական վերահսկողությունից դուրս է, ղեկավարվում է միայն օրենքով»: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հատուկ քննչական ծառայությունը վարույթ է ընդունել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ առնչվող քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի՝ որպես արդարադատության նախարար պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական լիազորությունները առերեւույթ չարաշահելու վերաբերյալ:
09:13 - 30 հոկտեմբերի, 2019
Անչափահաս երեխաների հետ Արսեն Բաբայանի շփումն արգելելը ՀՔԾ պետը համարեց թյուրիմացություն |aysor.am|

Անչափահաս երեխաների հետ Արսեն Բաբայանի շփումն արգելելը ՀՔԾ պետը համարեց թյուրիմացություն |aysor.am|

aysor.am։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի գործը քննող քննիչը եկել է այն եզրահանգման, որ Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել միայն կալանավորման պայմաններում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ «Նաև, հենց այդ նկատառումներով արգելանք է դրվել նրա տեսակցությունների վրա», - ասաց նա։ Դիտարկմանը, թե ինչպես է ստացվում, որ պատգամավորը կարող է տեսակցել Նաիրի Հունանյանին, սակայն մեկ այլ պատգամավոր չի կարող տեսակցել Արսեն Բաբայանին, ՀՔԾ պետն արձագանքեց. «Նրանց կարգավիճակները տարբեր են: Նաիրի Հունանյանը պատիժ է կրում, դատապարտված է: Տվյալ դեպքում, Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված է խափանաման միջոց կալանք, այսինքն՝ կալանավորումը ընտրվում է այն նկատառումներով, որ բացառվի նաև նրա շփումը այլ անձանց հետ»։ Հարցին՝ անչափահաս երեխաների հետ հանդիպումն ինչո՞վ է գործին խանգարելու, Սասուն Խաչատրյանն ասաց, թե տեղեկատվություն չունի, որ անչափահաս երեխաների հետ նրա շփումն արգելվել է։ «Եթե նման թյուրիմացություն եղել է, իհարկե, կշտկվի», - ասաց նա։ Հարցին՝ եթե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական ներկայացրած լիներ, Արսեն Բաբայանի նկատմամբ գործ կհարուցվե՞ր, ՀՔԾ պետը պատասխանեց. «Հրաժարական տալ-չտալը քրեական գործի համար որևէ նշանակություն չունի ու կրկին ասում եմ, որ ՀՔԾ-ն քաղաքականությամբ չի զբաղվում»։ Դիտարկմանը, թե Բաբայանը ձերբակալվել է համաներման ակտի տակ գտնվող հոդվածով ու չէր կարող ազատազրկվել, Սասուն Խաչատրյանն ասաց, որ համաներման կիրառման համար պետք են մի շարք նախապայմաններ։ «Դրանցից ամենակարևորն անձի համաձայնությունն է, որ իր նկատմամբ ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդում չիրականացվի, տվյալ դեպքում, Արսեն Բաբայանը նման ցանկություն չի հայտնել», - ասաց Սասուն Խաչատրյանը։  
08:25 - 30 հոկտեմբերի, 2019
ՀՔԾ-ն հրապարակել է Արա Բաբլոյանի պատասխանը քննիչին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու հարցով

ՀՔԾ-ն հրապարակել է Արա Բաբլոյանի պատասխանը քննիչին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու հարցով

2019 թ.-ի հոկտեմբերի 23-ին տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում Արա Բաբլոյանը հայտարարել է. «…Ինձ մի բանում կարող են մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության: Այդ հարցում հստակ կա մեղադրանք: Եթե որոշեն դա քննել, դա կհաստատեմ»: Հաշվի առնելով այս հայտարարության ուղղությամբ քննություն սկսելու հետ կապված լրատվամիջոցների կողմից վարույթն իրականացնող մարմնին ուղղված բազմաթիվ հարցադրումներն ու հանրության հետաքրքրությունը հիշյալ հարցի շուրջ` հարկ ենք համարում հայտնել, որ Արա Բաբլոյանն այս հայտարարության կապակցությամբ քննիչի կողմից իրեն ուղղված հարցադրմանը բառացի պատասխանել է հետևյալը. «Ճիշտն ասած, ի նկատի եմ ունեցել այն, որ ներկայիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ԱԺ պատգամավորի պաշտոնից է նշանակվել վարչապետի պաշտոնում և պատգամավորական մանդատից հրաժարական չի ներկայացրել: Եթե ենթադրենք՝ Հրայր Թովմասյանի դեպքում խախտում էի թույլ տվել այն մասով, որ նա պատգամավորական մանդատից հրաժարական չէր ներկայացրել, սակայն արձանագրել էի նրա պատգամավորի լիազորությունները վաղաժամ դադարած լինելու հանգամանքը, ապա նույն խախտումը ենթադրաբար թույլ էի տվել նաև Նիկոլ Փաշինյանի դեպքում: Սակայն փաստաբանիս հետ իրավաբանական խորհրդակցությունից հետո հասկացա, որ նման պայմաններում պետական մարմնում պաշտոնի նշանակվելուց հետո պատգամավորի լիազորությունները, ՀՀ Սահմանադրության 2015 փոփոխությունների 95-րդ հոդվածի համաձայն, ինքնաբերաբար, իրավունքի ուժով դադարում են: Իմ կողմից տրված հարցազրույցի մասով ավելացնելու այլ բան չունեմ»:
06:40 - 25 հոկտեմբերի, 2019