Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի գործող քարտուղարն է։

Ծնվել է 1983 թ․ դեկտեմբերի 25-ին, Արցախի Մարտունի քաղաքում։

2001թ․ ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ԼՂՀ Պաշտպանության բանակ։ 2009 թ․ ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա։

2012 թ․ մարտից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերը աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում։ 2015 թ․ ապրիլից 2018 թ․ մայիսն աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ում՝ որպես ընտրական ծրագրերի համակարգող։ 2013թ․ եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ: 2015թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում եւ 2017 թ․ ապրիլին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը։ 2017թ․ կատարել է փորձագիտական աշխատանքներ Եվրոպայի խորհրդում։ 2018-ին եղել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ։ Շարժման մյուս առաջնորդների հետ միասին նախ առեւանգվել էր, ապա ձերբակալվել. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազատ է արձակվել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

2021թ․ հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, նույն թվականի օգոստոսի 19-ին ազատվել է պաշտոնից և վերանշանակվել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։

ԱԽ քարտուղարը Եվրոպական խորհրդարանում ՀՀ-ի հարցերով մշտական զեկուցողին է ներկայացրել Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից վերջին սանձազերծված ագրեսիայի հետևանքները

ԱԽ քարտուղարը Եվրոպական խորհրդարանում ՀՀ-ի հարցերով մշտական զեկուցողին է ներկայացրել Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից վերջին սանձազերծված ագրեսիայի հետևանքները

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ: Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: ԱԽ քարտուղարը ողջունել է Անդրեյ Կովաչևի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ փոխհամագործակցությունը նպաստելու է դրական արդյունք ունենալուն:  ԱԽ քարտուղարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի կողմից սանձազերծված ագրեսիան և դրա հետևանքները, ինչպես նաև՝ բանակցային գործընթացի որոշ մանրամասներ: Քարտուղարը նաև ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները նաև որպես անվտանգային բաղադրիչ:
16:01 - 21 հոկտեմբերի, 2022
Արմեն Գրիգորյանը գեներալ Փիթ Քրաքֆորդի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

Արմեն Գրիգորյանը գեներալ Փիթ Քրաքֆորդի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

Հոկտեմբերի 20-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արևելյան Եվրոպայում բրիտանական պաշտպանական բաժանմունքի ղեկավար, ավիացիայի կոմանդոր (գեներալ) Փիթ Քրաքֆորդի ղեկավարած պատվիրակության հետ:  Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Գալագերը: ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ երկկողմ համագործակցության համար առկա են լայն հնարավորություններ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ինչի շրջանակներում Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի կողմից սանձազերծված ագրեսիան և դրա հետևանքները: Քարտուղարը նաև ընդգծել է Հայաստանի նպատակադրվածությունը տարածաշրջանում՝ հասնելու կայուն անվտանգային միջավայրի ձևավորմանը: Զրուցակիցները քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հեռանկարները և ուղիները։ 
15:27 - 20 հոկտեմբերի, 2022
ՀՀ ԱԽ քարտուղարը Բրազիլիայի դեսպանի խնդրանքով ներկայացրել է Ադրբեջանի ձեռնարկած վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքները

ՀՀ ԱԽ քարտուղարը Բրազիլիայի դեսպանի խնդրանքով ներկայացրել է Ադրբեջանի ձեռնարկած վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքները

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 18-ին հանդիպել է Բրազիլիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ: Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, Արմեն Գրիգորյանը ողջունել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել երկկողմ հարաբերությունների զարգացման և առավել ամրապնդման գործում: ԱԽ քարտուղարը դեսպանի խնդրանքով ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սկսված լայնածավալ ագրեսիան, դրա հետևանքները, ինչպես նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից որոշ մանրամասներ: Բրազիլիայի դեսպանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան, ինչպես նաև ընդգծել Բրազիլիայում հայկական համայնքի և մասնավորապես բրազիլահայերի կարևոր դերը առևտրում և տնտեսության մի շարք ոլորտներում:  
14:20 - 18 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանի ագրեսիան հարձակում է ուղղված Հայաստանի ժողովրդավարությանը. ԱԽ քարտուղարը հանդիպել է Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության հետ

Ադրբեջանի ագրեսիան հարձակում է ուղղված Հայաստանի ժողովրդավարությանը. ԱԽ քարտուղարը հանդիպել է Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության հետ

Հոկտեմբերի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում էին հայ-շվեյցարական բարեկամության խմբի անդամ Շտեֆան Մյուլեր Ալտերմատը, դաշնային պատգամավոր Միշել Մատերը, ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրացը և հայ-շվեյցարական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը: ԱԽ քարտուղարը ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիան և դրա հետևանքները: Գրիգորյանն ընդգծել է, որ Ադրբեջանի այս գործողությունները նաև հարձակում է ուղղված Հայաստանի ժողովրդավարությանը: Շտեֆան Մյուլեր Ալտերմատն ընդգծել, որ Շվեյցարիան հաստատակամ է նպաստելու Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: Այս համատեքստում պարոն Մյուեր Ալտերմատը բարձր է գնահատել Հայաստանում անցկացված խորհրդարանական և համայնքային ժողովրդավարական ընտրությունները: Հանդիպման շրջանակներում զրուցակիցները նաև քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներն ու հնարավորությունները:   
14:17 - 14 հոկտեմբերի, 2022
Արցախի համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կդիտարկի Արցախի ապագան Ադրբեջանի կազմում․ Արցախի պատվիրակությունը՝ ԱԽ քարտուղարին

Արցախի համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կդիտարկի Արցախի ապագան Ադրբեջանի կազմում․ Արցախի պատվիրակությունը՝ ԱԽ քարտուղարին

Արցախի համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կդիտարկի Արցախի ապագան Ադրբեջանի կազմում։ ՀՀ ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանն ասել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահը։ Տեղեկանում ենք ԱՀ ԱԺ հաղորդագրությունից․ «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը այս օրերին գտնվում է ՀՀ- ում և հանդիպումներ է ունենում ՀՀ բարձրագույն քաղաքական ղեկավարության հետ։ Քննարկվում են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին և ներհայկական կապերին վերաբերող հարցեր։ Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ԱՀ պատվիրակությունը ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի առաջնորդությամբ հանդիպում է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ և քննարկել վերոնշյալ խնդիրներին առնչվող հարցեր։ Արցախի պատվիրակությունը ներկայացրել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը ՀՀ ԱԽ քարտուղարին։ ԱՀ պատվիրակությունն ընդգծել է, որ Արցախի համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կդիտարկի Արցախի ապագան Ադրբեջանի կազմում' շեշտելով, որ Արցախը հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցային գործընթացի վերսկսմանը' պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ»։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԽ-ն նույնպես հաղորդագրություն է տարածել հանդիպման մասին, մասնավորապես, նշելով, որ  հանդիպմանը Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել բոլոր ուղղություններով ընթացող բանակցային գործընթացից, այնուհետև կողմերը մտքեր են փոխանակել և գնահատականներ ներկայացրել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ:
08:51 - 14 հոկտեմբերի, 2022
Պայմանավորվածություն կա մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու և սահմանազատում անելու շուրջ․ ԱԽ քարտուղար |tert.am|

Պայմանավորվածություն կա մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու և սահմանազատում անելու շուրջ․ ԱԽ քարտուղար |tert.am|

tert.am: Վաշինգտոնում Սալիվանի և Հաջիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք խաղաղության պայմանագրի գնալու ժամանակացույցը, այսինքն մինչև տարեվերջ պայմանագիր ունենալ։ Նաև դելիմիտացիայի հարցը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև տարեվերջ դելիմիտացիա է տեղի ունենալու։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Խաղաղության պայմանագիրը և դելիմիտացիան փոխկապակցված են։ Հայաստանը մտահոգություն ունի, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հետո, այսպես կոչված, չդելիմիտացված սահմանի պատրվակը կարող է օգտագործել Հայաստանի վրա հարձակվելու համար։ Շարունակում է օրակարգում մնալ ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ սուվերեն տարածքից, դա նույնպես քննարկվել է»,- ասել է Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։
22:33 - 12 հոկտեմբերի, 2022
Լին Թրեյսին Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը մատնանշել է, որ Ադրբեջանի զորքերը պետք է վերադառնան իրենց նախնական դիրքեր

Լին Թրեյսին Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը մատնանշել է, որ Ադրբեջանի զորքերը պետք է վերադառնան իրենց նախնական դիրքեր

Հոկտեմբերի 3-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում դեսպան Թրեյսին ընդգծեց ԱՄՆ շարունակական ներգրավվածությունը տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու հարցում։   Դեսպանը նշեց, որ ուժի կիրառումն անընդունելի ճանապարհ է և մատնանշեց, որ Ադրբեջանի զորքերը պետք է վերադառնան իրենց նախնական դիրքեր։   Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը նույնպես հաղորդագրություն էր տարածել հանդիպման մասին։ Ըստ հաղորդագրության՝ փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և շնորհակալություն հայտնել ԱՄՆ իշխանությունների հասցեական հայտարարությունների համար:
12:49 - 04 հոկտեմբերի, 2022
Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում խոսել է ադրբեջանական ԶՈւ իրականացրած պատերազմական հանցագործությունների մասին

Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում խոսել է ադրբեջանական ԶՈւ իրականացրած պատերազմական հանցագործությունների մասին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 3-ին ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում հանդիպել է անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Հանդիպմանը ներկայացրել եմ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքով ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիան՝ շեշտելով, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի պահանջել Ադրբեջանից անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից: Ներկայացրել եմ նաև ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամի և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների մանրամասները: Այս համատեքստում խոսել եմ նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների մասին, որոնց մի մասի վերաբերյալ ներկաները տեղեկացված են եղել: Խոսել եմ նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, ՀՀ պաշտպանական համակարգի ժողովրդավարական կառավարման, Հայաստանի ժողովրդավարացման արտաքին սպառնալիքների մասին և պատասխանել ներկաների հարցերին»,- հայտնել է նա:
21:34 - 03 հոկտեմբերի, 2022
Փելոսիի այցը հույս է տալիս, որ Հայաստանը միայնակ չէ իր պայքարում. Արմեն Գրիգորյանը՝ «Վաշինգտոն Փոստ»-ին

 |armenpress.am|

Փելոսիի այցը հույս է տալիս, որ Հայաստանը միայնակ չէ իր պայքարում. Արմեն Գրիգորյանը՝ «Վաշինգտոն Փոստ»-ին |armenpress.am|

armenpress.am:  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը հույս է տալիս, որ Հայաստանը միայնակ չէ իր պայքարում: Այս մասին ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հայտնի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսին ներկայացնելով նախորդ շաբաթ Միացյալ Նահանգներ կատարած իր այցի նպատակները: «Ես այստեղ եմ քննարկելու, թե ինչպես կարող ենք ամրապնդել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները: Հնարավոր համագործակցության ոլորտները ներառում են անվտանգությունը, էներգետիկան, դիվանագիտությունը և տնտեսական հարաբերությունները: Հարաբերությունների հիմքում լինելու է «ժողովրդավարությունն ամրապնդում է ժողովրդավարությունը» սկզբունքը», - ասել է Արմեն Գրիգորյանը: Հոդվածի հեղինակ Դեյվիդ Իգնատիուսը իր հերթին հավելում է, որ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ սեպտեմբերի 17-ին, Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումից անմիջապես հետո Երևան կատարած այցը դարձավ կատալիզատոր ԱՄՆ-Երևան հարաբերությունների բարելավման համար: Թե  արդյոք հայ-ամերիկյան հարաբերությունների ընդլայնումը կտարածվի նաև ռազմական համագործակցության վրա՝ ըստ Դեյվիդ Իգնատիուսի, առայժմ մնում է անորոշ: Ամեն դեպքում հեղինակը հիշեցնում է, որ սեպտեմբերին Պենտագոն էր այցելել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Հայաստանի զինված ուժերը, որոնք Ադրբեջանի հետ վերջին պատերազմում ծանր պարտություն կրեցին, ավելի լավ մարտական պատրաստության և սպառազինության կարիք ունեն: Բայց առայժմ Միացյալ Նահանգների կողմից ռազմական աջակցության տեսանելի նշաններ չկան», - գրում է սյունակագիրը: Իգնատիուսի խոսքով՝ քանի որ «ուկրաինական ճահճի» մեջ խորանալու պատճառով Ռուսաստանը գնալով կորցնում է Հայաստանի և Ադրբեջանի տևական հակամարտությունը կարգավորելու իր ռազմական և դիվանագիտական կարողությունները՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը փորձում է լրացնել դատարկ տարածությունը՝ միջնորդական ակտիվ ջանքեր գործադրելով այդ ուղղությամբ: Դրանցից մեկը Բայդենի խորհրդական Ջեյք Սալիվանի միջնորդությամբ Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի միջև Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումն էր, որը Սալիվանը բնութագրել էր իբրև «անմիջական և կառուցողական բանակցություններ»: Ըստ Դեյվիդ Իգնատիուսի՝ Հայաստանի մյուս հարևանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում նույնպես փոփոխության թույլ շողեր են առկայծում: Իգնատիուսը հիշեցնում է, որ Անկարան շարունակում է ժխտել 1915 թ. Հայոց ցեղասպանությունը՝ Հայոց պատմության ամենաողբերգական իրադարձությունը: Սակայն Արմեն Գրիգորյանն ասել է, որ «նորմալացման» գործընթացը Երևանի և Անկարայի միջև սկսվել է, և կողմերը սկզբունքորեն համաձայնության են հասել Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու սկզբունքների շուրջ: «Մենք ակնկալում ենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է՝ շուտ», - ասել է Գրիգորյանը: «Բայց, ինչպես միշտ, նման դիվանագիտական խաղերում սատանան մանրուքների մեջ է», - որպես վերջաբան հավելել է Դեյվիդ Իգնատիուսը:
20:32 - 03 հոկտեմբերի, 2022