Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Մարտական գործողություններին մասնակից կամ 2 և ավելի երեխա ունեցող ուսանողները կօգտվեն աջակցությունից․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Մարտական գործողություններին մասնակից կամ 2 և ավելի երեխա ունեցող ուսանողները կօգտվեն աջակցությունից․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ասել էր, որ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները բխում են կրթության բնագավառում պետական քաղաքականության միտումներից և ուղղված են պետության կողմից ուսանողների ֆինանսական աջակցության հասցեականությանը, ինչպես նաև նպատակայնությանը ու ծավալաների ընդլայնմանը։ «Օրենքի ընդունմամբ Սահմանադրության պահանջներին համապատասխան իրավական հիմք և լիազորող նորմեր կապահովվեն՝ հնարավորություն ընձեռելով կառավարության որոշմամբ մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սահմանել սովորողների առանձին խմբեր, որոնք կարող են լրիվ կամ մասնակի օգտվել պետության կողմից տրամադրվող նպաստներից»։ Նա հավելել էր, որ պետության կողմից ֆինանսական աջակցություն տրամադրելու համար օրենքում ավելացվել են սովորողների առանձին խմբեր՝ մարտական գործողությունների մասնակից կամ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներ։ «Առաջարկվող փոփոխությունների արդյունքում մենք կարող ենք կառավարության կողմից համապատասխան կարգերի միջոցով կարգավորել նաև մարտական գործողությունների մասնակցած ուսանողներին առկա ուսուցմամբ բակալավրի կամ ինտեգրված կրթական ծրագրերով ընդունված, երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին տրվող նպաստների հետ կապված հարաբերությունները, չափերը, և համապատասխանաբար կամրագրվեն առաջադիմության շեմերը»։ Նախագիծն ընդունվեց 72 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։ 
18:36 - 30 հուլիսի, 2021
Անձին ծանր վիրավորանք հասցնելը կպատժվի նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Անձին ծանր վիրավորանք հասցնելը կպատժվի նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:  Նախագծի համաձայն` անձին ծանր վիրավորանք հասցնելու` հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում  առաջարկվում է կիրառել տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով։ Եթե անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով կամ կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով։ Նույն արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով: Նախագծում գրված է նաև, որ հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը»: Նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել էր այսօր։
18:20 - 30 հուլիսի, 2021
Մարտական գործողություններին մասնակից կամ 2 և ավելի երեխա ունեցող ուսանողները կօգտվեն աջակցությունից․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Մարտական գործողություններին մասնակից կամ 2 և ավելի երեխա ունեցող ուսանողները կօգտվեն աջակցությունից․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագիծը ներկայացնելիս ԿԳՄՍ փոխնախար Կարեն Թռչունյանն ասաց, որ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները բխում են կրթության բնագավառում պետական քաղաքականության միտումներից և ուղղված են պետության կողմից ուսանողների ֆինանսական աջակցության հասցեականությանը, ինչպես նաև նպատակայնությանը ու ծավալաների ընդլայնմանը։ «Օրենքի ընդունմամբ Սահմանադրության պահանջներին համապատասխան իրավական հիմք և լիազորող նորմեր կապահովվեն՝ հնարավորություն ընձեռելով կառավարության որոշմամբ մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սահմանել սովորողների առանձին խմբեր, որոնք կարող են լրիվ կամ մասնակի օգտվել պետության կողմից տրամադրվող նպաստներից»։ Թռչունյանը նշեց, որ բացի օրենքով սահմանված շրջանակից՝ սովորողների այլ խմբերին ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է 44-օրյա պատերազմով և երկրում հայտարարված արտակարգ դրությամբ։  «Պետության կողմից ֆինանսական աջակցություն տրամադրելու համար օրենքում ավելացվել են սովորողների առանձին խմբեր՝ մարտական գործողությունների մասնակից կամ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներ։ Առաջարկվող փոփոխությունների արդյունքում մենք կարող ենք կառավարության կողմից համապատասխան կարգերի միջոցով կարգավորել նաև մարտական գործողությունների մասնակցած ուսանողներին առկա ուսուցմամբ բակալավրի կամ ինտեգրված կրթական ծրագրերով ընդունված, երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին տրվող նպաստների հետ կապված հարաբերությունները, չափերը, և համապատասխանաբար կամրագրվեն առաջադիմության շեմերը»։
14:28 - 30 հուլիսի, 2021
Խիստ պատժաչափեր` հանրային անձին հայհոյելու համար. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |hetq.am|

Խիստ պատժաչափեր` հանրային անձին հայհոյելու համար. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է անձին ծանր վիրավորանք հասցնելու` հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում տուգանքով պատժել: Ըստ նախագծի` անձին ծանր վիրավորանք հասցնելու` հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում  առաջարկվում է կիրառել տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (100 հազարից-500 հազար դրամ): Եթե անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով կամ կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով (500 հազարից մինչև 1 միլիոն դրամ): Նույն արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով (1-ից 3 միլիոն դրամ) կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով: Նշվում է նաև, որ հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը: Նախագծերի փաթեթը ներկայացրեց համահեղինակ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ում խոսքով պետք է վիրավորանքից տարբերել հայհոյանքն ու անձի արժանապատվությունը վիրավորելը: «Որևէ մեկի համար բացահայտում չեմ անի, եթե ասեմ հայհոյանքը կա, եղել ու մնալու է պատժելի մեր  հասարակությունում, այլ հարց է պետությունն այդ հարցում քաղաքացուն մենակ է թողնելու թե օրենքով է սահմանելու պատասխանատվությունը»,-ասաց նա: Ըստ պատգամավորի`այժմ ավելի խնդրահարույց է դարձել այս իրավիճակը, քանի որ հեռավար եղանակով հայհոյանք հասցնելը շատ ավելի վտանգավոր է դարձել` դառնալով հետագա քրեածին վարքագծի ձևավորման պատճառ: Վարդանյանի համոզմամբ` նախագծի նպատակը ոչ այնքան պատասխանատվության ենթարկելու համար է, այլ կանխարգելիչ նշանակություն պետք է ունենա, և վերանա  հայ հասարակությունից: Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ պետք է նախագծում ընդգծվեր որ պատգամավորին, կառավարության անդամին հայհոյանք հասցնելը պետք է քրեականացվի: Նա հիշեցրեց, որ որոշակի մասնագիտությունների դեպքում, ինչպես` փաստաբան, դատավոր, կա նման դրույթ, ստացվում է` պատգամավորները պաշտպանված չեն հայհոյանքներից: Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց` յուրաքանչյուր անձի արժանապատվությունը պետք է պաշտպանված լինի, ուստի իրենք դեմ են տարբերակված մոտեցմանը: Շարունակությունը՝ hetq.am-ում
13:56 - 30 հուլիսի, 2021
Սահմանային շերտում կարգելվի առանց թույլտվության ԱԹՍ-ների, տեսալուսանկարահնող սարքերի օգտագործումը․ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց նախագիծը

Սահմանային շերտում կարգելվի առանց թույլտվության ԱԹՍ-ների, տեսալուսանկարահնող սարքերի օգտագործումը․ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց նախագիծը

Ազգային ժողովը արտահերթ նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։«Ընդունումը պայմանավորված է ՀՀ պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող, անօդաչու թռչող սարքերի օգտագործման հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու, սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, բնակվելու կանոնները խախտած անձանց նկատմամբ վարչական ներգործության միջոցներ կիրառելու հիմքերը հստակացնելու, ինչպես նաև նշված իրավախախտման համար սահմանված վարչական պատասխանատվության չափը վերանայելու անհրաժեշտությամբ»,-նախագիծը ներկայացնելիս ասաց նախագծի հիմնական զեկուցող, ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը
13:11 - 30 հուլիսի, 2021
Նաիրա Զոհրաբյանը ԱԺ արտակարգ նիստ հրավիրելու անհրաժեշտություն է տեսնում

Նաիրա Զոհրաբյանը ԱԺ արտակարգ նիստ հրավիրելու անհրաժեշտություն է տեսնում

Սահմանային լարվածությունները Հայաստան-Ադրբեջան սահմանին շարունակվում են։ Նախօրեին ես հրապարակային դիմել էի ԱԺ դեռևս գործող նախագահ Արարատ Միրզոյանին ՝ առաջարկելով հրավիրել արտակարգ նիստ և քննարկել այն իրավիճակը, որ այսօր մենք տեսնում ենք սահմանին։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա նշեց, որ իր առաջարկը մնում է ուժի մեջ։ «Ես կարծում եմ և պնդում եմ, որ  այս արտահերթից հետո պիտի անպայմանորեն հրավիրել նիստ, հրավիրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, Զինված ուժերի, Պաշտպանության նախարարության ղեկավար մարմիններին, և եթե անհրաժեշտություն կա փակ ֆորմատով քննարկել ստեղծված իրավիճակը։ Առաջիկայում Մոսկվայում սպասվում են եռակողմ, բավականաչափ բարդ բանակցություններ։ Ես չեմ ուզում, որ կրկնվի 44-օրյա պատերազմից առաջ և հետո եղած իրավիճակը, երբ որևէ մեկը ոչինչ չգիտեր։ Հիմա իսկապես կոնսոլիդացվելու, հիմա իսկապես միասնական լուծումներ և թուրք-ադրբեջանական տանդեմին (որովհետև արդեն հայտարարվում է միասնական բանակ ունենալու մասին) իրապես գրագետ, համախմբված, ճիշտ քայլերով հակադարձելու ժամանակն է, իսկ հայհոյանքը քրեականացնելու համար, ապագա խորհրդարանի էքշնները նվազեցնելու համար, կարծում եմ, դուք ժամանակ կգտնեք»։
12:31 - 30 հուլիսի, 2021
Արարատ Միրզոյանի կարգադրությամբ՝ աշխատանքից ազատվել է ԱԺ նախագահի ռեֆերենտը, խորհրդականները, ԱԺ աշխատակազմի ղեկավարը, ղեկավարի տեղակալը

Արարատ Միրզոյանի կարգադրությամբ՝ աշխատանքից ազատվել է ԱԺ նախագահի ռեֆերենտը, խորհրդականները, ԱԺ աշխատակազմի ղեկավարը, ղեկավարի տեղակալը

Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ Վահան Կոստանյանն ու Սյուզաննա Ավետիսյանը ազատվել են ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոններից։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մեկ այլ կարգադրությամբ աշխատանքից ազատվել են նաև Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ  Ավետիսյանը և աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանը։ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանին։ Աշխատանքից ազատվել է նաև Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը, Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ Աշխեն Աբրահամյանը։
20:41 - 28 հուլիսի, 2021
Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել․ Ալեն Սիմոնյան

Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել․ Ալեն Սիմոնյան

Քննարկեցինք գալիք աշխատանքը, նաև Ազգային ժողովի և կառավարության համագործակցությունը։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի նորընտիր պատգամավորների հանդիպումից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց , որ հանդիպման ընթացքում քննարկել են գալիք աշխատանքը, ԱԺ-Կառավարություն համագործակցությունը»։ «Որոշում է կայացվել, որ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու 44-օրյա պատերազմի վերաբերյալ, և կարծում ենք, որ այդ հարցում  նաև արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը  պետք է լինի․ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի Ազգային ժողովում այսօր ներկայացված կուսակցություններով», -ասաց նա՝ հավելելով, որ փորձել են հասկանալ, թե ինչ օրենսդրական լուծումներ պետք է առաջարկեն, որպեսզի արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները ներառվեն հանձնաժողովում։ Նա ասաց նաև, որ քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր։
18:44 - 26 հուլիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներին ԱԺ անցնելու առիթով |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներին ԱԺ անցնելու առիթով |armenpress.am|

armenpress.am: Կառավարության նիստի սկզբում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սահմանադրական դատարանի որոշմանը՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումն անփոփոխ թողելու առնչությամբ։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արտահերթ ընտրությունները Հայաստանում անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան ու ընտրությունների վերջնական արդյունքները արտահայտում են հայ ժողովրդի կամքը: «Այսպիսով՝ 8-րդ գումարման Ազգային ժողովը կազմված կլինի 107 պատգամավորից ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ», - ասաց նա: Փաշինյանը բոլորին շնորհավորեց ճգնաժամային պայմաններում ազատ ու մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ: «Շնորհավորում եմ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներին ԱԺ անցնելու առիթով, ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց, մինչդեռ, նախկինում մենք սովոր ենք եղել ընտրությունների արդյունքներով քաղաքական ճգնաժամեր ունենալու պրակտիկային», - ասաց վարչապետի պաշտոնակատարը:
11:44 - 22 հուլիսի, 2021
Պատգամավորների ծախսերի համար ամսական հատկացվող 50 հազար դրամը կդառնա 250 հազար. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |armenpress.am|

Պատգամավորների ծախսերի համար ամսական հատկացվող 50 հազար դրամը կդառնա 250 հազար. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը»-ի պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերին հատկացվող ամսական 50 հազար դրամը ավելանում է՝ դառնալով 250 հազար դրամ: «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քվեարկությամբ ստացավ 71 կողմ ձայն: «Ես կարծում եմ, որ մենք Հայաստանում պետք է ձևավորենք արժեքային այնպիսի համակարգ, որտեղ պետական ծառայողները թե իրենց աշխատավարձի առումով, թե եկամուտների, թե ծախսերի առումով իրենց հույսը պետք է դնեն միայն ու միայն պետբյուջեի վրա: Մենք արդեն փակել ենք պատմության այն էջը, երբ պետությունը սերտաճած էր գործարարության հետ, և պատգամավորները բնավ կարիք չունեն իրենց ծախսերը հոգալու այլ ստվերային կամ «ծրարային» մեթոդներով»,-ասաց Վիկտոր Ենգիբարյանը: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում պատգամավորները նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ չէին եղել: Ըստ պատգամավորի՝ սա հատկապես մեծ աջակցություն է այն պատգամավորներին, որոնք մարզերից են, և իրենց առօրյա գործունեության ընթացքում հաճախ պետք է ճամփորդեն, հանդիպեն ընտրողներին: Նա նշել էր, որ 2.5 տարիների փորձը ցույց է տվել, որ պատգամավորի նյութատեխնիկական ապահովման, տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում վառելիքի ծախսի համար 50 հազար դրամը բավարար չէ:  Օրենքն ուժի մեջ կմտնի 8-րդ գումարման երկրորդ նստաշրջանի գումարման օրվանից: Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները ներկա չէին նիստին՝ թե առաջին ընթերցմամբ քննարկմանը, թե երկրորդ:
17:56 - 15 հուլիսի, 2021