Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Ռուսաստանն ու Բելառուսը երկարաձգում են համատեղ զորավարժությունները |azatutyun.am|

Ռուսաստանն ու Բելառուսը երկարաձգում են համատեղ զորավարժությունները |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանն ու Բելառուսը երկարաձգում են համատեղ զորավարժությունները, որոնք պետք է ավարտվեին փետրվարի 20-ին, ասել է Բելառուսի պաշտպանության նախարարը:  Վիկտար Խրենինը նշել է, որ որոշումն ընդունվել է «կապված Ռուսաստանի և Բելառուսի արտաքին սահմանների մոտ ռազմական ակտիվության աճի և Արևելյան Ուկրաինայում լարվածության աճի հետ»: ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Ռուսաստանն ունի մինչև 30,000 զինծառայող Բելառուսում և կարող է նրանց օգտագործել Ուկրաինայի վրա հարձակվելու համար, սակայն Մոսկվան հերքում է նման մտադրությունը: Փետրվարի 19-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն Կրեմլի օպերատիվ շտաբից հետևել են Ռուսաստանի միջուկային ուժերի վարժանքներին, որոնք ներգրավել են վերջինիս հիպերձայնայիպն և թեւավոր հրթիռները:
20:02 - 20 փետրվարի, 2022
Մակրոնը ջանքեր է գործադրում՝ Ուկրաինայում խոշոր հակամարտությունից խուսափելու համար․ Ելիսեյան պալատ |hetq.am|

Մակրոնը ջանքեր է գործադրում՝ Ուկրաինայում խոշոր հակամարտությունից խուսափելու համար․ Ելիսեյան պալատ |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջին ջանքերն է գործադրում Ուկրաինայում խոշոր հակամարտության առաջացումից խուսափելու համար։ Այդ մասին լրագրողներին շաբաթ օրը երեկոյան հայտնել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը։  «Հանրապետության նախագահը վերջին ջանքերն է գործադրում, որպեսզի Ուկրաինայում թույլ չտրվի խոշոր հակամարտություն։ Նա պատրաստ է նոր քայլեր ձեռնարկել կայունության և խաղաղության համար և չի բացառում նոր առաքելություններ»,- ընդգծել են Ֆրանսիայի առաջնորդի աշխատակազմում։ Ելիսեյան պալատի ներկայացուցիչը նշել է «բռնության նոր պարույրի մեջ մտնելու բարձր վտանգը»։ Ելիսեյան պալատում նաև նշել են, որ Մակրոն-Զելենսկի վերջին հեռախոսազրույցի ժամանակ նախագահ Զելենսկին նախագահ Մակրոնին վստահեցրել է, որ «չի պատասխանի Դոնբասի շփման գծում սադրանքներին»։ Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ «եթե ցանկանա, Ռուսաստանը կենտրոնացրել է բավարար քանակությամբ ուժեր, որպեսզի ներխուժի Ուկրաինա»։ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմում կարծում են, որ Ուկրաինաի դեմ ռազմական գործողությունը պատերազմ կբերի Եվրոպայի կենտրոնին։  Ելիսեյան պալատից նաև հավելել են, որ կիրակի օրը կեսօրից հետո կայանալու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն Ուկրաինայի շուրջ իրավիճակը։   
15:42 - 20 փետրվարի, 2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը հայտարարել է Երկրորդ աշխարհամարտի վերջից ի վեր խոշորագույն պատերազմի վտանգի մասին |armenpress.am|

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը հայտարարել է Երկրորդ աշխարհամարտի վերջից ի վեր խոշորագույն պատերազմի վտանգի մասին |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը BBC-ի հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պատճառով Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո խոշորագույն պատերազմի վտանգի մասին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Քաղաքական գործչի կարծիքով՝ գոյություն ունեն որոշակի «նշաններ», որ Ռուսաստանը «որոշ իմաստով արդեն սկսել է Ուկրաինայի տարածք ներխուժելու ծրագրի իրականացումը»: «Վախենում եմ, որ այդ պլանը, որի իրագործումը մենք այժմ տեսնում ենք, կարող է հանգեցնել Եվրոպայում 1945 թվականից ի վեր խոշորագույն պատերազմի»,- պնդում է Ջոնսոնը: Մեծ Բրիտանիայի վարչապետը վկայակոչել է հետախուզության տվյալները և հայտարարել, որ ռուսական զորքերն իբր պլանավորում են «շրջափակել» Կիևը: Բացի այդ, մեջբերելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը, նա ընդգծել է, որ Մոսկվան մտադիր է «ներխուժում» սկսել ոչ միայն Ուկրաինայի արևելքից, այլև Բելառուսից:
13:39 - 20 փետրվարի, 2022
Դոնբասից 40 հազար, իսկ  Լուգանսկից 30 հազար բնակիչ տարհանվել է Ռուսաստան

Դոնբասից 40 հազար, իսկ Լուգանսկից 30 հազար բնակիչ տարհանվել է Ռուսաստան

Փետրվարի 18-ի երեկոյից ի վեր Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության գրեթե 29 հազար բնակիչ հատել է Ռուսաստանի հետ սահմանը։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքային պաշտպանության շտաբից։ «Փետրվարի 18-ի երեկոյից ՌԴ-ի հետ սահմանը հատել է գրեթե 29000 բնակիչ: Փետրվարի 19-ի առավոտյան ժամը 8-ից մինչև փետրվարի 20-ի առավոտյան ժամը 8-ը տարհանվել է 4107 մարդ»,-ասվում է հաղորդագրության մեջ։  Ընդհանուր առմամբ, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքում գործում է 61 տարհանման կետ։ Ներգրավված է 219 ավտոբուս և 1 գնացք։ Միևնույն ժամանակ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանը լրագրողների հետ զրույցւմ հայտնել է, որ ավելի քան 40 հազար փախստական Դոնբասից արդեն ժամանել է Ռուսաստան:  «Այժմ նրանք հիմնականում գտնվում են Ռոստովի մարզում», - ասել է Չուպրիյանը՝ հավելելով, որ տարհանվածների համար 92 ժամանակավոր բնակության կենտրոն է ստեղծվել։ Մոտ երկու հազար մարդ էլ գնացել է Վորոնեժի և Կուրսկի շրջաններ։ Չուպրիյանի խոսքով՝ գիշերը տարհանված բնակիչներով երեք գնացք է մեկնել։
13:23 - 20 փետրվարի, 2022
ԵՄ-ն դատապարտում է իրավիճակի լարումը Դոնբասում
 |azatutyun.am|

ԵՄ-ն դատապարտում է իրավիճակի լարումը Դոնբասում |azatutyun.am|

azatutyun.am: ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կրկնել է ԵՄ-ի մտահոգությունը արևելյան Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նա աջակցություն է հայտնել ԵԱՀԿ-ի առաջարկին՝ Դոնբասի հարցով Եռակողմ կոնտակտային խմբի արտահերթ հանդիպում հրավիրելու վերաբերյալ։ «ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում լարվածությունը թուլացնել՝ Ուկրաինայի սահմաններից ռազմական ուժերի զգալի դուրսբերման միջոցով։ Այս էսկալացիան այժմ սրվում է Արևելյան Ուկրաինայի սահմանազատման գծի երկայնքով վերջին օրերին հրադադարի խախտումների ավելացմամբ», - ասվում է Եվրամիության դիվանագիտության ղեկավարի հայտարարության մեջ: Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ն դատապարտում է ծանր սպառազինության կիրառումը և բնակելի թաղամասերի անխտիր գնդակոծությունը՝ որպես Մինսկի համաձայնագրերի և միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտում։ «Մենք սատարում ենք ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի առաջարկը՝ հրավիրել եռակողմ կոնտակտային խմբի արտահերթ հանդիպում՝ առկա լարվածությունը թուլացնելու համար և կոչ ենք անում բոլոր մասնակիցներին միանալ ներկայիս իրավիճակը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար անհրաժեշտ ջանքերին», - ասվում է Բորելի հայտարարության մեջ։
11:49 - 20 փետրվարի, 2022
Lufthansa-ն և Austrian Airlines-ը դադարեցնում են թռիչքները Ուկրաինա |hetq.am|

Lufthansa-ն և Austrian Airlines-ը դադարեցնում են թռիչքները Ուկրաինա |hetq.am|

hetq.am: Lufthansa ավիաընկերությունը հայտարարել է, որ փետրվարի 21-28-ը դադարեցնում է թռիչքները դեպի Կիև։ Այդ մասին հայտնում է AFP-ն։ Ավիափոխադրողը կդադարեցնի թռիչքները նաև դեպի Օդեսա։  «Lufthansa-ն մշտապես հետևում է իրավիճակին և ավելի ուշ որոշում կընդունի հետագա թռիչքների վերաբերյալ»,- նշվում է ընկերության կայք էջում։ Համանման որոշման մասին հայտնել է նաև Ավստրիայի ազգային ավիափոխադրողը՝ Austrian Airlines-ը, որը փետրվարի 20-ից մինչև այս ամսվա վերջ կդադարեցնի թռիչքները դեպի Կիև ու Օդեսա։ Իրավիճակը խիստ լարված է Դոնբասում։ Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակհանրապետությունների ղեկավարները հայտարարել էին Ռուսաստան բնակչության տարհանման մասին։ Նրանց պնդմամբ՝ Ռոստովի մարզի իշխանությունները համաձայնվել են ընդունել Դոնբասի բնակիչներին։ Զուգահեռաբար, Դոնեցկում միացվել են քաղաքացիական պաշտպանության շչակները։ Բարձրախոսներով քաղաքացիներին կոչ են անում մեկնել Ռուսաստան։  Դոնբասի ինքնահռչակ երկու հանրապետությունների ղեկավարները տարհանումը բացատրել են տարածաշրջանում լարվածության աճով։ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը, հղում անելով «հետախուզության տվյալներին», հայտարարել է, որ «ուկրաինական ագրեսորը» պլանավորում է սադրանքներ իրականացնել շփման գծում և «խորը ներթափանցել» ԼԺՀ տարածք։ Ուկրաինայում տարբեր մակարդակներով հերքել են դեպի Դոնբաս դիվերսիոն հարձակումների նախապատրաստման և հարձակողական օպերացիայի անցկացման մեղադրանքները։ «Ուկրաինան չի իրականացնում և չի նախատեսում նմանատիպ որևէ գործողություն իրականացնել Դոնբասում։ Մենք ամբողջությամբ հավատարիմ ենք բացառապես դիվանագիտական կարգավորմանը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։
11:06 - 20 փետրվարի, 2022
Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել |civilnet.am|

Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել |civilnet.am|

civilnet.am:  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելու առաջարկ է հղել։ «Ես չգիտեմ, թե ինչ է ուզում Ռուսաստանի Դաշնության նախագահը, ուստի առաջարկում եմ հանդիպել»,- ասել է Զելենսկին, հաղորդում է ուկրաինական korrespondent.net կայքը։ Նա ասել է, որ Ուկրաինան պատրաստ է բոլոր հնարավոր ձևաչափերով և բոլոր հարթակներում պատերազմը դադարեցնելու համար բանակցել։ «Փարիզ, Բեռլին, Մինսկ, Ստամբուլ, Ժնև, Բրյուսել, Նյու Յորք, թե Պեկին․․․ ինձ համար կարևոր չէ, թե աշխարհի որ ծայրում բանակցություններ կվարեմ Ուկրաինայում խաղաղության համար։ Կարևոր չէ՝ չորս երկրի, յոթ երկրի, թե հարյուր երկրի մասնակցությամբ։ Գլխավորն այն է, որ նրանց մեջ լինի Ուկրաինան և լինի Ռուսաստանը»,- ասել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ խաղաղություն անհրաժեշտ է ոչ միայն Ուկրաինայում, այլև աշխարհում, և անհրաժեշտ է Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմաններում նրա տարածքային ամբողջականության վերականգնումը։ «Հուսով եմ, որ ոչ ոք Ուկրաինան չի դիտարկում որպես հարմար և հավերժական բուֆեր Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Դա տեղի չի ունենա, ոչ ոք դա թույլ չի տա: Հակառակ դեպքում, հարց կառաջանա՝ ո՞վ է հաջորդը։ ՆԱՏՕ-ի երկրները ստիպված կլինեն պաշտպանել իրար։ Կցանկանայի հավատալ, որ Հյուսիսատլանտյան դաշինքը և նրա 5-րդ հոդվածը ավելի արդյունավետ կլինեն, քան Բուդապեշտի հուշագիրը»,- ասել է Զելենսկին։  
22:40 - 19 փետրվարի, 2022
Ֆրանսիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս լքել Ուկրաինան |factor.am|

Ֆրանսիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս լքել Ուկրաինան |factor.am|

factor.am: Ֆրանսիայի ԱԳՆ-ը կոչ է արել Ուկրաինայում գտնվող իր քաղաքացիներին լքել երկիրը։ Այս մասին ասված է շաբաթ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Բոլոր ֆրանսիացի քաղաքացիներին, որոնց Ուկրաինայում մնալը ծանրակշիռ հիմքեր չունի, խորհուրդ է տրվում լքել երկիրը։ Նաև խորհուրդ է տրվում հետաձգել Ուկրաինա կատարած բոլոր ուղևորությունները։ Ֆրանսիայի քաղաքացիներին, որոնք գտնվում են Խարկովի, Լուգանսկի և Դոնեցկի մարզերում, որպես նախազգուշական միջոց խորհուրդ է տրվում անհապաղ հեռանալ այդ շրջաններից»,- նշվում է կայքում։ «Լարվածության պայմաններում, որը պայմանավորված է Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կենտրոնացմամբ և երկրի արեւելքում շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով, խորհուրդ է տրվում բարձր զգոնություն ցուցաբերել և չայցելելել երկրի հյուսիսային և արևելյան սահմանամերձ շրջաններ»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ ասված է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում:
21:17 - 19 փետրվարի, 2022