Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Հինգ տարի հետո ազգային փոքրամասնությունների ոլորտում տեսանելի արդյունք է գրանցվելու. Ռուստամ Բաքոյան |armenpress.am|

Հինգ տարի հետո ազգային փոքրամասնությունների ոլորտում տեսանելի արդյունք է գրանցվելու. Ռուստամ Բաքոյան |armenpress.am|

armenpress.am: Վերջին 30 տարում Կառավարությունը ուշադրություն է դարձրել ազգային փոքրամասնություններին, բայց այդ ուշադրությունը բավարար չի եղել, և այն գործիքակազմերը, որոնք կիրառվել են, արդյունավետ չեն եղել: Ազգային ժողովի բարձր ամբիոնից այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: «Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և մի շարք միջազգային պայմանագրերով երաշխավորված է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը: Վստահ եմ, որ այս ոլորտում Կառավարությունը եկող 5 տարիների ընթացքում իր ուշադրությունը ավելի շատ է կենտրոնացնելու ազգային փոքրամասնությունների վրա»,- նշեց Բաքոյանը: Պատգամավորի խոսքով` ներկայումս ազգային փոքրամասնությունները ունեն ինքնության պահպանման խնդիր: Բաքոյանի կարծիքով` Կառավարությունը եկող 5 տարիների ընթացքում պետք է այս ոլորտում շրջադարձային քայլեր ձեռնարկի և նոր գործիքակազմերով փորձի այս ոլորտը կարգավորել: «Մենք ունենք լեզվի, մշակույթի, ավանդույթների պահպանման խնդիր, և այն մոտեցումները, որոնք մինչ այժմ եղել են, այդ թվում նաև դպրոցներում դասավանդելը, լրիվ անարդյունավետ են եղել: Ցավով  պետք է ասեմ, որ եզդիական համայնքի թիվը կազմում է 40 հազար, իսկ եզդիերեն լեզվի մասնագետներին մատների վրա կարելի է հաշվել: Հանրային ռադիոյում (աշխատելու համար) չենք կարողանում մասնագետ գտնել: Վստահ եմ, որ մեր մոտեցումները լրիվ այլ են լինելու, և մենք 5 տարի հետո տեսանելի արդյունք ենք ունենալու այս ոլորտում»,- եզրափակեց Ռուստամ Բաքոյանը:
11:00 - 26 օգոստոսի, 2021
ԱԺ աշխատակազմի ղեկավարին պատկանող ընկերությունից պետական մարմինները հեղափոխությունից հետո ակտիվ գնումներ են կատարել

ԱԺ աշխատակազմի ղեկավարին պատկանող ընկերությունից պետական մարմինները հեղափոխությունից հետո ակտիվ գնումներ են կատարել

Նոր ձևավորված 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Ալեն Սիմոնյանը։ Վերջինս նախագահի պաշտոնում իր առաջին կարգադրությամբ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակեց Վահան Նարիբեկյանին։ Լրատվամիջոցները այս լուրը տարածել են Վահան Նարիբեկյանի և Ալեն Սիմոնյանի համատեղ նկարով, ինչից կարելի է ենթադրել, որ նրանք մտերմիկ հարաբերություններ ունեն։ Բացի սրանից՝ հատկանշական է, որ Նարիբեկյանը մինչև ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնին նշանակվելը եղել է «Արգավանդ կահույք» խանութ սրահի տնօրենը։ Համաձայն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014 թվականի ապրիլի 14-ին Վահան Նարիբեկյանի կողմից։ Վերջինս մինչև այս տարվա օգոստոսի 12-ը հանդիսացել է նույն ընկերության տնօրենը, որից հետո տնօրեն է նշանակվել նրա եղբայրը՝ Գարիկ Նարիբեկյանը։ Նշենք, որ Վահան Նարիբեկյանը ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվել է օգոստոսի 3-ին։ «Արգավանդ կահույք» խանութ սրահն աչքի է ընկնում պետական գնումներին մասնակցությամբ։ Մասնավորապես Ազգային ժողովի հետ ընկերությունը սկսել է պայմանագրեր կնքել 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Ի՞նչ գնումներ է կատարել Ազգային ժողովը «Արգավանդ կահույքից» Ազգային Ժողովը սեփական կարիքների համար «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ից պետական գնումներ սկսել է կատարել 2018 թվականի հուլիսից։ Առաջին գնումն իրականացվել է այդ ամսվա 31-ին։ Պայմանագրով ԱԺ-ն ձեռք է բերել 2 տեսակի աթոռ՝ 5 հատ 90 հազար դրամ և 25 հատ 7250 դրամ արժողությամբ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 630 հազար դրամ։ ԱԺ-ն հիմնական գնումները կատարել է գնանշման հարցումով։ Համաձայն օրենքի՝ գնանշման հարցումով պետական գնում կարելի է կատարել եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորի յոթանասունապատիկը։ Գնումների բազային միավորն օրենքով սահմանված է 1 մլն դրամ։ Գնման այս ձևով պետական գնումների կարող են մասնակցել միայն այն ընկերությունները, որոնք նախապես պատվիրատուից ստացել են մասնակցության հրավեր։ 2018 թվականին նույն ընկերությունից ևս մեկ գնում էլ իրականացվել է դեկտեմբերի 25-ին։ Պայմանագրով ԱԺ-ն ձեռք է բերել 2 տեսակի գրասենյակային աթոռ՝ 100 հատ 7800 դրամ և 100 հատ 24 հազար դրամ արժողությամբ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 3 մլն 180 հազար դրամ։ Ընդհանուր առմամբ 2018 թվականին ԱԺ-ն այս ընկերության հետ կնքել է 3 մլն 810 հազար դրամի պայմանագիր։ 2019 թվականին, համաձայն պետական գնումների Armeps համակարգի, ԱԺ-ն «Արգավանդ կահույք» ընկերության հետ կնքել է գնման 3 պայմանագիր։ Սակայն նշված 3 պայմանագրերն էլ ունեն նույն պայմանագրի կոդը և համակարգում տեղադրված է նույն պայմանագիրը։ Այս պայմանագրով ԱԺ-ն ձեռք է բերել շարժական գրադարաններ, սեղաններ, զգեստապահարաններ և բազկաթոռներ՝ ընդհանուր 8 մլն 748 հազար դրամ արժողությամբ։  2020 թվականին ԱԺ-ն նույն ընկերության հետ կնքել է 3 պայմանագիր։ Առաջին պայմանագրով ԱԺ-ն ձեռք է բերել շուրջ 527 հազար դրամ ընդհանուր արժեքով բազկաթոռներ և աթոռներ։ Երկրորդ պայմանագրով ԱԺ-ն ձեռք է բերել փափուկ կահույք․ պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 10 մլն 519 հազար դրամ։ Այդ տարվա երրորդ պայմանագրով ԱԺ-ն ձեռք է բերել գրասեղաններ և գրասենյակային աթոռներ՝ ընդհանուր 1 մլն 139 հազար դրամ արժողությամբ։ Այսինքն՝ 2020 թվականին Ազգային Ժողովը «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ի հետ կնքել է 12 մլն 185 հազար դրամի տարբեր տեսակի կահույք ձեռք բերելու պայմանագրեր։   Ընդհանուր առմամբ՝ հեղափոխությունից հետո Ազգային ժողովը Վահան Նարիբեկյանին պատկանող ընկերության հետ կնքել է 5 պայմանագիր՝ շուրջ 24 մլն 743 հազար դրամի, ընդ որում, յուրաքանչյուր տարում կնքված պայմանագրերի արժեքն ավելի բարձր է եղել նախորդ տարվա պայմանագրերի արժեքից։ Պետական այլ մարմինների և «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերը։ Բացի Ազգային ժողովից՝ Վահան Նարիբեկյանին պատկանող ընկերությունը ծառայություններ է մատուցել նաև պետական այլ մարմինների։ Մինչև հեղափոխությունը նշված ընկերությունից իրականացվել է պետական 3 գնում՝ 2 գնում 2017-ին և 1 գնում՝ 2018-ին։ Հեղափոխությունից հետո Նարիբեկյանին պատկանող ընկերությունից գնումներն ակնհայտորեն ավելացել են։ 2018 թվականին այս ընկերության հետ պետական տարբեր մարմիններ, բացի Ազգային ժողովից, ընդհանուր առմամբ կնքել են 26 պայմանագիր։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 46 մլն 197 հազար դրամ։  2019 թվականին պետական մարմինները ընկերության հետ կնքել են 62 պետական գնման պայմանագիր, որում ներառված չեն ԱԺ-ի հետ կնքված պայմանագրերը։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 145 մլն 390 հազար դրամ։ 2020 թվականին պետական մարմինները նույն ընկերության հետ կնքել են 37 պայմանագիր։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 67 մլն 744 հազար դրամ։   «Արգավանդ կահույք» ընկերության հետ պայմանագրեր են կնքել ՏԿԵՆ-ը, ՍԴ-ն, ՊԵԿ-ը, ՊՆ-ն, Ոստիկանությունը, ՇՄ նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, ԱԱԾ-ն, Առողջապահության նախարարությունը, ԱԻՆ-ը, ԲՏԱՆ-ը, Գյուղատնտեսության նախարարությունը, Վարչապետի աշխատակազմը և այլն։   Ընդհանուր առմամբ՝ «Արգավանդ կահույք» ընկերության հետ հեղափոխությունից հետո կնքվել է 130 գնման պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 284 մլն 74 հազար դրամ։ Այսպիսով՝ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար  նշանակված Վահան Նարիբեկյանին պատկանող ընկերությունից պետական մարմինները՝ այդ թվում Ազգային ժողովը, հեղափոխությունից հետո մշտապես պետական գնումներ են կատարել և պետական միջոցներից վճարել են շուրջ 284 մլն 74 հազար դրամ։ Նարեկ Մարտիրոսյան
20:50 - 25 օգոստոսի, 2021
Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ

Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել խորհրդարանում ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումների ու կիրառվող բռնությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր խոր մտահոգությունն ու վրդովմունքն ենք արտահայտում վերջին երկու օրերին Ազգային ժողովում տիրող անընդունելի իրավիճակի և գործընթացների, հատկապես՝ դրանք լուսաբանող լրագրողների ու օպերատորների աշխատանքները խոչընդոտելու կամ ապօրինաբար դադարեցնելու փաստերի առնչությամբ։ Այսպես, օգոստոսի 24-ի նիստին, երբ ԱԺ պատգամավորների թեժ վեճերը վերածվեցին ծեծկռտուքի, անվտանգության աշխատակիցները բռնի ուժով հեռացրին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին մամուլի համար նախատեսված օթյակից՝ թույլ չտալով շարունակել նկարահանումները։ Լրագրողների ու օպերատորների գործունեությունը խոչընդոտվել է նաև նիստերի դահլիճի մուտքի մոտ։ Ի թիվս բազում այլ անհիմն արգելքների՝ անվտանգության ծառայողները սպառնացել են «News.am» լրատվական կայքի օպերատոր Հայկ Տոնոյանին՝ զրկել ԱԺ հավատարմագրումից, եթե շարունակի նկարել, ապա՝ ըստ վերջինի, ջնջել են ծեծկռտուքի տեսանյութը։ Նույն իրավիճակը կրկնվել է այսօր՝ օգոստոսի 25-ին․ որպեսզի խորհրդարանականների ծեծկռտուքը չնկարահանվի, ԶԼՄ-ների ներկայացուցիչները դարձյալ հեռացվել են օթյակից, ընդ որում՝ նաև ֆիզիկական բռնության կիրառմամբ։ Նրանց մասնագիտական գործունեությունն անհիմն արգելվել է նաև նիստերի դահլիճի մուտքի մոտ։ Մենք պնդում ենք, որ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների ու օպերատորների նկատմամբ իրականացվող այս գործողությունները ոչ այլ ինչ են, քան ապօրինություններ՝ ուղղված խոսքի ազատության և հասարակության տեղեկացված լինելու իրավունքի դեմ։ Դրանք հակասում են նաև լրագրողական երեք կազմակերպությունների՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավարների և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ս. թ. օգոստոսի 23-ին կայացած հանդիպման և քննարկման բովանդակությանն ու էությանը։ Անքննելի է, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն իմանալու, թե ինչպես է աշխատում և ինչ վարքագիծ է դրսևորում յուրաքանչյուր պատգամավոր։ Ավելին՝ խորհրդարանի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, որը չի պարունակում պետական կամ այլ գաղտնիք, պետք է դառնա հանրության սեփականությունը։ Իսկ դա հնարավոր է ապահովել նախևառաջ ԶԼՄ-ների անկաշկանդ գործունեության միջոցով։ Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք. ԱԺ ղեկավարությունից՝ անհապաղ դադարեցնել խորհրդարանում հավատարմագրված լրագրողների և օպերատորների նկատմամբ կիրառվող բռնությունները, ճնշումները և ապօրինի սահմանափակումները՝ անկախ այն հանգամանքից, թե նրանք ինչ իրադարձություններ են լուսաբանում՝ մասնագիտական պարտականություններից ելնելով, ԱԺ նախագահից՝ անպայմանորեն մասնակցել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ օգոստոսի 30-ին կայանալիք քննարկմանը, որը նվիրված է լինելու վերոհիշյալ խնդիրներին, և առավելագույնս ընդառաջել լրագրողների ողջամիտ ակնկալիքներին, Անվտանգության ծառայության աշխատակիցներից՝ չգերազանցել իրենց լիազորությունները. խորհրդարանում աշխատող լրագրողների ու օպերատորների նկատմամբ չկիրառել անհիմն սահմանափակումներ, չներկայացնել անօրինական պահանջներ և չխոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը»։  Հայտարարության տակ ստորագրել են. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե Երեվանի մամուլի ակումբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն Լրագրողների «Ասպարեզ» ակումբ Ինֆորմացիայի ազատության կենտրոն Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստան Հանրային լրագրության ակումբ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հկ Գորիսի մամուլի ակումբ «Ֆեմիդա» ՀԿ
17:22 - 25 օգոստոսի, 2021
Ալեն Սիմոնյանը խստորեն դատապարտում է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած բռնության դեպքը |armenpress.am|

Ալեն Սիմոնյանը խստորեն դատապարտում է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած բռնության դեպքը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խստորեն դատապարտում է Խորհրդարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած բռնության դեպքը: Լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ բռնությունը արդարացում չունի և Ազգային ժողովը այն տեղը չէ, որտեղ բռնություն պետք է կիրառվի: Ալեն Սիմոնյանը նաև հայտնեց, որ քննարկման առարկա են դարձել այն իրավիճակները, որոնց ականատես են եղել վերջին օրերին և որոշակի լուծումներ են գտնելու այդ իրավիճակներից խուսափելու համար: «Մասնավորապես, օրինակ, համարում եմ, որ անընդունելի է նման իրավիճակներում օթյակից լրագրողներին դուրս հրավիրելը։ Քննարկել եմ գործընկերներիս հետ և, եթե կրկին նման իրավիճակ լինի, կարծում եմ՝ որևիցե ձևով պետք է լրագրողներին այնտեղից չհանենք։ Կա կարծիք, որ ճիշտ չէ՝ պատգամավորների կամ որևիցե մեկի լուսանկարը, տեսանյութը այն վիճակում, երբ իրեն հարվածում են կամ գետնին է ընկնում, եթեր դուրս գա»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, առաջնայինը պետք է քննարկել այն, որ խուսափեն նման վիճակներից:
17:19 - 25 օգոստոսի, 2021
Անվտանգության հետ կապված գլխավոր խնդիրը, որը ներկայացված չէ կառավարության ծրագրում հետևյալն է՝ ինչ խնդիր է դրված ԶՈՒ-ի առաջ․ Տիգրան Աբրահամյան

Անվտանգության հետ կապված գլխավոր խնդիրը, որը ներկայացված չէ կառավարության ծրագրում հետևյալն է՝ ինչ խնդիր է դրված ԶՈՒ-ի առաջ․ Տիգրան Աբրահամյան

Ելույթս կսկսեմ կառավարության ծրագրի նախաբանում հնչեցրած և ներկայացված  մի քանի մտքերից։ Նախաբանում նշվում է, ինչպես նաև կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց, որ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է։ Հիմա նույն կառավարության ծրագրի նախաբանի երկրորդ մասում միաժամանակ նշվում է, որ կառավարությունը գիտակցում է, այս խնդրի լուծումը, այսինքն՝ այս առաքելության իրականացումը, կախված չէ միայն Հայաստանից։ Այս մասին այսօր ԱԺ նիստի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։  Վերջինս ընդգծեց, որ Հայաստանում բոլորն ուզում են խաղաղություն, և այս հարցով երկրում կա կոնսեսուս, խաղաղությունը առաջնային է բոլորի համար։ Աբրահամյանի խոսքով, սակայն,  հաջորդ տողում գրել, որ ստեղծված իրավիճակում մեզանից կախված չէ, արդեն իսկ խնդիր է և ցույց է տալիս կառավարության ծրագրի նախաբանում ստեղծված հակասությունների մասին։ Աբրահամյանը շեշտեց, թե այս մասին խոսում է նաև այն պատճառով, որ ընտրական ժամանակահատվածում  այս դրույթն օգտագործվում էր որպես ընտրական տեխնոլոգիա, այսինքն՝ ներկայացվում էր որպես հանրությանը խաղաղություն բերելու դրույթ, մոտեցում։ Պատգամավորը հավելեց․  «Կարծում եմ, որ այստեղ մանիպուլյացիոն գործոնը բավականին մեծ է։ Ես մի քանի հարցադրումներ արեցի, երեկ այս դահլիճում ստեղծված իրավիճակի պատճառով քննարկումը  դրա շուրջ չգնաց, բայց ես այդ հարցադրումները այստեղ ևս կհնչեցնեմ, որովհետև կարծում եմ, որ մեր քաղաքացիների համար դա շատ ավելի առաջնային է, քան վերջին օրերին այս դահլիճում ծավալվող գործընթացները։ Առաջինը կապված է հետևյալ իրավիճակի հետ․ փաստացի պատերազմից հետո մենք ունենք տարածքներ, որոնք որևէ փաստթղթով ներկայացված չէին Ադրբեջանին փոխանցվող տարածքներ, բայց  պատերազմի սպառնալիքների ներքո մենք դրանք տվել ենք Ադրբեջանին։ Հարցը բերեմ Ադրբեջանի դաշտ և վտանգներն ու սպառնալիքերը այդ տեսանկյունից ներկայացնեմ։ Արդյոք Ադրբեջանում կարո՞ղ են կարծել, որ ստեղծված իրավիճակում, օգտագործելով այդ նախադեպը, որ իրենք կարողացել են փաստաթղթից դուրս տարածքներ զավթել, բռնազավթել, այս իրավիճակում ունեն այլ հնարվորություն  Հայաստանին իրենց օրակարգը պարտադրելու և Հայաստանից նոր տարածքներից խլելու համար»։ Աբրահամյանի կարծիքով հաջորդ կարևոր դրույթն այն է, որ կառավարության ծրագրում չկա Արցախի հանրապետություն եզրույթը։ Աբրահամյանը հարց ուղղեց՝  «դա ձեր քաղաքականությո՞ւնն է, դա մտածելակե՞րպ է, թե ի՞նչ է»։ Սա այն պայմաններում, երբ կառավարության ծրագրում բոլոր կետերում նշված է Հայաստանի Հանրապետություն, դա պաշտոնական փաստաթուղթ է, բայց նշված չէ Արցախի Հանրապետություն։ «Կարող ենք ենթադրել, որ միգուցե սա պայմանավորված է Ադրբեջանի հետ հարաբերությունը չսրելու հետ, սրա հետ կապված կարծում եմ, որ մենք պարզաբանման կարիք ունենք, որովհետև սուբեկտայնության խնդիր կա, և ընդհանուր մոտեցումներում սա պետք է պարզաբանվի։ Ղարաբաղյան հարցին առնչվող հատվածում նաև նշվում է, որ կարգավորումը կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո, ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցմամբ, հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Տեսեք՝ կարգավիճակի հետ կապված ամրագրումը կա ծրագրում, բայց մեր միջազգային օրակարգում կարգավիճակի հետ կապված հարց որևէ ձևով առաջին պլան բերված չէ։ Եթե այս կառավարության համար առաջնայինն այն է, որ պայմաններ ստեղծվեն, որպեսզի արցախցիները ապրեն Արցախում, և հետագայում համապատասխան կարգավիճակ ունենան, ապա ես ասեմ, որ այս պահին դա ձեր կողմից առաջնային օրակարգ բերել չի ստացվում և դրա արձագանքը նկատվում է նաև Արցախի հանրության տարբեր շրջանակներում»,- ընդգծեց Աբրահամյանը։ Խոսելով  անվտանգության բլոկում ամրագրված մի քանի կարևոր դրույթների մասին՝ Աբրահամյանը շեշտեց, որ կառավարության ծրագրում որևէ բան չի գտել սպաների վերաբերյալ։ Պատգամավորի կարծիքով բանակային ցանկացած ռեֆորմի, անվտանգության ուղղությամբ ցանկացած փոփոխության հիմքում սպան է։ «Եթե մենք սպայի գործոնը երկրորդ-երրորդ պլան ենք մղում, ապա միանգամից ասեմ, որ այդ ռեֆորմները հաջողություն ունենալու որևէ շանս չունեն։ Պրոֆեսիոնալ բանակի հետ կապված, դրույթներից մեկում նշված է, որ աստիճանաբար պրոֆեսիոնալ բանակի կայացմանն ենք գնալու, պայմանագրայինների թիվն ավելանալու է։ Նայեք վիճակագրությունը, կտեսնեք, որ վերջին երկու-երեք տասնամյակների ընթացում այդ պայմանագրայինների աճը տեղի է ունեցել, և սա որևէ նոր բան իրենից չի ներկայացնում։ Եթե չեմ սխալվում նաև միջև պատերազմական գործողությունները ՀՀ ԶՈՒ-ում պայմանագրայինների և ժամկետայինների հարաբերակցությունը մոտ 85-ը 15-ի էր, ի օգուտ պայմանագրայինների։  Անվտանգության հետ կապված գլխավոր խնդիրը, ոչ որևէ կերպ ներկայացված չէ կառավարության ծրագրում հետևյալն է, ի՞նչ խնդիր է դրված ԶՈՒ-ի առաջ, ԶՈՒ-ն որևէ կերպ ապահովելու է Արցախի անվտանգությունը, թե ոչ։ ԶՈՒ-ն խնդիր ունի՞ արդյոք, որ էֆեկտիվ բանակցությունների պայմանում Արցախում մարտ վարեն։  Ցավում եմ, բայց բազմաթիվ խնդիրների որևէ պատասխան այս ծրագրում չեմ տեսնում»,- եզրափակեց Աբրահամյանը։
16:48 - 25 օգոստոսի, 2021
ԱԺ նիստի տեսագրություններն ուղարկվել են ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու, դեպքին և դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ. Խաչատրյան

ԱԺ նիստի տեսագրություններն ուղարկվել են ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու, դեպքին և դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ. Խաչատրյան

ՀՀ  ԱԺ 2021 թվականի օգոստոսի 25-ի նիստի տեսագրությունների ուսումնասիրությունը առերևույթ վկայում է ՀՀ ԱԺ առանձին պատգամավորների կողմից օրենսդիր մարմնի ներկայացուցչի վարքագծին ոչ հարիր, նիստին ներկա, ինչպես նաև դրան հետևող քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումների մասին, ինչը զուգորդվել է ինչպես անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, այնպես էլ բռնության գործադրմամբ՝ խոչընդոտելով ԱԺ բնականոն աշխատանքը ՀՀ  ԱԺ 2021 թվականի օգոստոսի 25-ի նիստի տեսագրությունների ուսումնասիրությունը առերևույթ վկայում է ՀՀ ԱԺ առանձին պատգամավորների կողմից օրենսդիր մարմնի ներկայացուցչի վարքագծին ոչ հարիր, նիստին ներկա, ինչպես նաև դրան հետևող քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումների մասին, ինչը զուգորդվել է ինչպես անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, այնպես էլ բռնության գործադրմամբ՝ խոչընդոտելով ԱԺ բնականոն աշխատանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Վերոգրյալը նկատի ունենալով՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից հիշյալ տեսագրություններն ուղարկվել են ՀՀ ՀՔԾ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, դեպքին և դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ»,- գրել է Խաչատրյանը:
15:37 - 25 օգոստոսի, 2021
Ակնարկեցի, թե ինչ է տեղի ունեցել վերջին 30 տարում. Հայկ Սարգսյանը մանրամասնեց ԱԺ-ում տեղի ունեցածը |1lurer.am|

Ակնարկեցի, թե ինչ է տեղի ունեցել վերջին 30 տարում. Հայկ Սարգսյանը մանրամասնեց ԱԺ-ում տեղի ունեցածը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ նիստը վերսկսվեց: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շարունակեց ընդհատված ելույթը և մանրամասնեց ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը: «Պատասխանելով մեր ընդդիմադիր գործընկերների՝ վերջին երկու օրվա ընթացքում հնչող մեղադրանքներին՝ մեր քաղաքական թիմի և վերչապետի հասցեին, ակնարկ արեցի, թե ինչ է տեղի ունեցել վերջին 30 տարում, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե ինչ է տեղի ունեցել: Նշեցի, որ մինչև հեղափոխությունը ռազմական դիսբալանսը Հայաստանի և Ադրբեջանի միջև գնալով աճել է: Իմ այդ ելույթի ժամանակ Սեյրան Օհանյանը նշեց, որ «դուք բանակը քանդել եք կամ թալանել եք», որին ի պատասխան, բայց ոչ Սեյրան Օհանյանի անունը նշելով կամ մատնացույց անելով նրան՝ հայտարարեցի, որ բոլոր այն պաշտպանության նախարարները, ովքեր փողով կամ զանգով մարդ են ազատել բանակից, դավաճաններ են, ինչին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանը շիշ շպրտեց իմ ուղղությամբ և ասաց՝ «դավաճանները դուք եք»: Այս տրամաբանության մեջ ցանկանում եմ ասել, որ մեր բանակի խնդիրները, որոնց մեր բնակչությունը քաջատեղյակ է, այնպես չի, որ ես էսօր էս ամբիոնից հայտարարում եմ, ժողովուրդը նոր է իմանում, որ փողով բանակից մարդ է ազատվել: Դա բոլորը գիտեն, տարբեր պաշտպանության նախարարների ժամանակ դրույքաչափերը տարբեր են եղել»,- ասաց Սարգսյանը:
12:42 - 25 օգոստոսի, 2021
Իշխանությունը ինքը իր ելույթով սադրեց, որպեսզի այս բախումը տեղի ունենա․ Սեյրան Օհանյան

Իշխանությունը ինքը իր ելույթով սադրեց, որպեսզի այս բախումը տեղի ունենա․ Սեյրան Օհանյան

Իշխանությունը ինքը իր ելույթով սադրեց, որպեսզի այս բախումը տեղի ունենա, սրանից ավել չեմ կարող ոչինչ ասել։ Այս մասին խորհրդանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Ես արդեն ասացի, որ իրենք սադրեցին, դրա համար տեղի ունեցավ այս բախումը։ Նիստերի դահլիճում ծեծկռտուք տեղի չի ունեցել, բախում է տեղի ունեցել, հրմշտոցներ են եղել։ Վարչապետին չեմ տեսել, որովհետև ակնոցս ջարդվեց, հիմա էլ չեմ տեսնում»,- նշեց նա։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նիստին ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ընթացքում դահլիճից պատգամավորի ուղղությամբ շիշ նետեցին այն բանից հետո, երբ վերջինս ասաց, որ պաշտպանության այն նախարարները, որոնց պաշտոնավարման ժամանակ բանակից փողով մարդ է ազատվել, «պետական դավաճան են»։ Այնուհետև ՔՊ և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները սկսեցին միմյանց ուղղությամբ ջրի շշեր նետել։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ընդմիջում հայտարարվեց մինչև 12։00-ն, և ուղիղ հեռարձակումն ընդհատվեց։
11:43 - 25 օգոստոսի, 2021
«Պաշտպանության բոլոր այն նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, հայրենիքի դավաճան են»․ ԱԺ-ում շշեր նետեցին իրար վրա

«Պաշտպանության բոլոր այն նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, հայրենիքի դավաճան են»․ ԱԺ-ում շշեր նետեցին իրար վրա

ԱԺ-ում ընթանում է կառավարության ծրագրի քննարկումը։ Խորհրդարանում իր ելույթի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց, որ վերջին օրվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ընդդիմադիր խմբակցությունների հարցերն ու ելույթները լսելով իր մոտ ծիծաղ ու ամոթ են առաջացել․ «Ես չեմ պատկերացնում՝ մարդ ոնց կարա տենց դատողություն ունենա։ Վերջին օրվա ընթացքում այդ խմբակցությունները փորձում են պարտության ամբողջ բեռը բարդել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա։ Հիմա ես ուզում եմ թվերով արձանագրենք՝ ինչ է տեղի ունեցել վերջին 30 տարում, որպեսզի սայլը տեղից շարժվի․ 1990 թվականին ՀՀ բնակչության թիվը եղել է 3,5 մլն, 2018-ին՝ 2,9 մլն։ Այդ ժամանակ Փաշինյանը դեռ վարչապետ չէր։ Այսինքն՝ ձեր ղեկավարների պատճառով ՀՀ բնակչության թիվը պակասել է 550 հազարով։ Ադրբեջանի բնակչության թիվը 1990-ին եղել է 7մլն, 2018-ին՝ 10 մլն։ Այս ընթացքում Ադրբեջանը զինել է իր բանակը, երբ մենք գնում էինք 90-ականների զենքեր, Ադրբեջանը գնում էր ժամանակակից սպառազինություն, անօդաչուներ, երբ մենք արդեն պատերազմի ժամանակ դուրս էինք բերում 1 տանկ, Ադրբեջանը դուրս էր բերում 20 տանկ, մեր ամեն մեկ զինվորի առաջ կանգնած էր 10-ից ավելի ադրբեջանցի, թուրք, վարձկան։ Հիմա էս ամենը մենք պիտի՞ իրար հետ քննարկենք, հասկանանք՝ ինչն ենք սխալ արել, թե՞ անընդհատ մեղադրենք իրար։ Եթե մեղադրելով լինի, մենք թվերով, փաստերով մի քանի անգամ շատ կարանք ձեզ մեղադրենք»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ Փաշինյանի կառավարման տարիներին տասն անգամ շատ զենք է գնվել։ Նա հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ չեն արձագանքում ընդդիմադիրները։ Պատգամավորը անդրադարձավ նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գրառմանը, որտեղ նա վիրավորել էր Փաշինյանին ընտրած քաղաքացիներին, ու ասաց, որ ընդդիմությունն առիթից օգտվում է, որ Փաշինյանն իր թիմին ասել է՝ «չպետք է տալ, մեկի գլուխը ջարդել»։ Պատգամավորի այս խոսքի ժամանակ ԱԺ-ից քմծիծաղներ լսվեցին։ Սարգսյանն ասաց, թե իրենք մնալու են կոռեկտության սահմաններում։   «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղից արձագանքեց, որ Սարգսյանը «ռազբոռկա է սարքում», ինչին հակադարձեց ՔՊ-ական պատգամավորը՝ ասելով՝ «երեւի սխալ ա եղել, որ ռազբոռկա չենք սարքել», ու որ շուտով կանդրադառնա նաեւ Սեյրան Օհանյանին․ «Եթե 2008-ին մեզ մոտ ստացված լիներ հեղափոխությունը, եւ այն տեմպերով, ինչ տեմպերով զարգացել է բանակը 2018-ից հետո, զարգանար 2008-ից հետո, նման աղետալի հետեւանք տեղի չէր ունենա»։ Սարգսյանը հայտարարեց՝ պաշտպանության բոլոր այն նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, նրանք հայրենիքի դավաճան են։ Սեյրան Օհանյանը, որը նախկին պաշտպանության նախարարն է, տեղից արձագանքեց «հայրենիքի դավաճանը դո՛ւ ես, այ տղա, իմ ժամանակ․․․», եւ նրա խոսքը լսելի չեղավ, քանզի Հայկ Սարգսյանը կտրուկ արձագանքեց՝ «ես քեզ ե՞մ ասում, արա՛»։ Այդ պահին Սեյրան Օհանյանը շիշը նետեց Սարգսյանիվրա, վերջինը սկսեց բղավել, թե՝ «խելոք պահի քեզ, արա» ու ինքն էլ իր շիշը նետեց դեպի Սեյրան Օհանյանը։ ԱԺ-ում ՔՊ խմբակցության կողմից շշեր նետեցին, հետո սկսեցին տարբեր կողմերից իրար շշերով հարվածել։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, նիստն ընդհատվեց։
11:02 - 25 օգոստոսի, 2021