ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Հակակոռուպցիոն կոմիտեն նախատեսում է հաջորդ տարի քննել մոտ 2 000 կոռուպցիոն բնույթի հանցագործություններ |armenpress.am|

Հակակոռուպցիոն կոմիտեն նախատեսում է հաջորդ տարի քննել մոտ 2 000 կոռուպցիոն բնույթի հանցագործություններ |armenpress.am|

armenpress.am: Հակակոռուպցիոն կոմիտեն նախատեսում է 2022-ին քննել մոտ 2 000 կոռուպցիոն բնույթի հանցագործություններ: Այս մասին ասաց կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը: Խաչատրյանը նախ հիշեցրեց, որ Կոմիտեն ամբողջությամբ ձևավորվել է 2021-ի հոկտեմբերի 23-ին: Այդ պատճառով կազմակերպության 2022-ի բյուջեն դեռևս գտնվում է մշակման փուլում, առկա է դրա նախնական տարբերակը: Կոմիտեն իրականացնելու է «Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում և քննության ապահովում» բյուջետային ծրագիրը: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է 2 մլրդ 378 մլն 900 հազար դրամ: Կոմիտեի պահուստային ֆոնդը կազմում է 30.3 մլն դրամ: «Ծրագրի գծով վերջնական արդյունքի չափորոշիչը ենթադրյալ հանցագործությունների դեպքերով քննված քրեական գործերն են: Թվային ցուցանիշ հնարավոր չէ կանխատեսել: Բայց 2022-ին նախատեսում ենք քննել մոտ 2 000 կոռուպցիոն բնույթի հանցագործություններ, քանի որ վիճակագրական ցուցանիշները մոտավորապես այդ թվի մասին են խոսում: Հատուկ քննչական ծառայությունը, Քննչական կոմիտեն, ԱԱԾ քննչական դեպարտամենտը և ՊԵԿ քննչական ծառայությունը քննել են մոտ այդ քանակի քրեական գործեր»,- ասաց Խաչատրյանը: Կոմիտեն ծանրաբեռնվելու է ոչ միայն քրեական գործերով, այլ նաև կոռուպցիոն բնույթի դիմումների, բողոքների քննությամբ, նյութերի նախապատրաստմամբ, օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացմամբ: Նախատեսվում է հաջորդ տարի գործարկել նաև Կոմիտեի տարածքային ստորաբաժանումները:
15:57 - 03 նոյեմբերի, 2021
Արդարադատության նախարարությունն առաջարկում է աշխատավարձի 90-120%-ի չափով հավելում տալ «առանձնակի ռիսկային պաշտոններ» զբաղեցնող անձանց

Արդարադատության նախարարությունն առաջարկում է աշխատավարձի 90-120%-ի չափով հավելում տալ «առանձնակի ռիսկային պաշտոններ» զբաղեցնող անձանց

ՀՀ արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկվում է հավելումներ սահմանել ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և ստեղծվելիք ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների համար: «Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերը, կարգը, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման այս նախագծի համար, ինչպես նշում է Նախարարությունը, հիմք են հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազությանը, ԱԱԾ-ին, ՀՀ ոստիկանությանը, ՀՀ քննչական կոմիտեին և ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ուղարկված հարցման միջոցով տրամադրված պատասխանները, որոնք պարունակում են տվյալ պաշտոնների մասին տեղեկատվություն և դրանց՝ առանձնակի ռիսկայնության և մասնագիտացման վերաբերյալ հիմնավորումները: Հիշյալ պաշտոնների համար հավելում նախատեսելու առաջարկի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով հսկողություն և վերահսկողություն իրականացնելը կրում է առանձնակի ռիսկային բնույթ: Նախագծով առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազի հավելումը սահմանել 95%, նրա տեղակալինը՝ 100%, գլխավոր դատախազի՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները համակարգող տեղակալի հավելումը՝ 120%, գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի հավելումը՝ 90%, ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազինը՝ 100%: Նախագծի ընդունումը, ԱՆ-ի համոզմամբ, ի թիվս այլնի, պայմանավորված է ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022թթ․ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման N 1 հավելվածի 4.1.1.-ին կետի կարգավորումներով, որոնց համաձայն՝ վարչական կոռուպցիայի հաղթահարման կարևորագույն տարրերից է նաև անհրաժեշտ սոցիալական երաշխիքների սահմանումը: Այս համատեքստում նախարարությունը կարևորվում է պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգի բարեփոխումը: Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ՝ կարգավորմամբ առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված հավելումների նախատեսումը բխում է վերոնշյալ որոշմամբ նախատեսված միջոցառումներից: Ի դեպ՝ ինչպես նկատելի է, առաջարկվող կարգավորմամբ ՀՀ գլխավոր դատախազի այն տեղակալները, որոնց համակարգման ոլորտում չի լինելու ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքների համակարգումը, որոշման ընդունման դեպքում եւս ստանալու են հավելում։ Նախարարությունը նախագծի հիմնավորման մեջ նշել է, որ այս պարագայում հավելման սահմանումը նպատակ ունի ապահովել, որպեսզի տեղի չունենա մեծ շեղում ընդհանուր կանոններից, քանի որ դրա չսահմանման դեպքում, ըստ նախարարության, ստացվում է մի իրավիճակ, երբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի վարձատրության չափը կկգերազանցի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վարձատրության չափը, ինչը կխաթարի դատախազության աստիճանակարգված ենթակայության տրամաբանությունը։ Գլխավոր դատախազի, Գլխավոր դատախազի տեղակալների և գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների (թվով 21) համար նախնական հաշվարկով տարեկան կտրվածքով անհրաժեշտ է լինելու շուրջ 144․000․000 ՀՀ դրամ։
12:59 - 02 նոյեմբերի, 2021
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի փոխդեսպանին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի փոխդեսպանին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է   Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության փոխդեսպան, Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութին, դեսպանության ծրագրերի ավագ համակարգող Սերգեյ Հովհաննիսյանին և ծրագրի խորհրդատու Կառլ Ուլբրիխտին: Այս մասին տեղեկացնում են հակակոռուպցիոն կոմիտեից, մանրամասնելով, որ փոխդեսպանն, անդրադառնալով Շվեյցարիայի կողմից ֆինանսավորվող` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության աջակցմանն ու կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրին, որի մեկնարկը տրվել է 2020 թվականին, ներկայացրել է դրա շրջանակներում առ այսօր իրականացված և առաջիկայում նախանշվող աշխատանքները: Դրանք, մասնավորապես, միտված են լինելու մասնագիտացված վերապատրաստման ծրագրերի իրականացմանը, քննչական աշխատանքների կատարելագործման նպատակով նորարարական տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանն ու տեխնիկական փորձառության ձեռքբերմանը, Կոմիտեի օպերատիվ աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, ինչպես նաև ապօրինի կերպով երկրից դուրս բերված ակտիվների վերադարձին ուղղված քննության աջակցմանը: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խոսքով` նոր որակի կառույց ունենալու համար նախևառաջ անհրաժեշտ է ունենալ պատշաճ պատրաստված կադրեր: Իսկ դրա համար առաջին հերթին հարկավոր է լուծել աշխատակիցներին անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներով ապահովելու և այդ գիտելիքները գործնականում կիրառելու հարցերը, որի համար կարևոր է ժամանակակից նյութատեխնիկական բազայի առկայությունը: Նշվում է, որ ըստ Սասուն Խաչատրյանի` գերժամանակակից սարքավորումներով հագեցվածությունն այսօր կարևոր նախապայման է կոռուպցիայի դեմ պայքարում դրական արդյունքներ արձանագրելու համար, քանի որ հանցագործությունների կատարման եղանակները ևս ժամանակի ընթացքում կատարելագործվում են: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ներկայացմամբ` նորաստեղծ կառույցի գործունեության առաջնահերթություններից է լինելու երկրից ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձը, որի համար ակնկալվում է գործընկեր պետությունների աջակցությունը, այդ թվում` փորձագետների ներգրավման և եվրոպական լավագույն փորձին ծանոթանալու միջոցով: Այդ համատեքստում կարևորվել է հատկապես միջազգային իրավական փոխօգնությանն առնչվող հարցերում ակտիվ համագործակցությունն ու անհրաժեշտ աջակցության տրամադրումը: Շվեյցարական կողմը վստահություն է հայտնել, որ վերը նշված ծրագիրը կնպաստի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մատնանշած մարտահրավերների հաղթահարմանը, և այդ համատեքստում երկկողմ համաձայնություն է ձեռք բերվել ծրագրի շրջանակներում համագործակցության հետագա խորացման վերաբերյալ:
17:10 - 28 հոկտեմբերի, 2021
Սասուն Խաչատրյանը Լին Թրեյսիին ներկայացրել է նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեի առաջիկա անելիքները

Սասուն Խաչատրյանը Լին Թրեյսիին ներկայացրել է նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեի առաջիկա անելիքները

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի, ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) բյուրոյի նորանշանակ ղեկավար Ալեքսիս Հաֆթվանիի, հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատու Յոհաննես Վան Դեն Հուգենի և քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանի հետ։ Սասուն Խաչատրյանին շնորհավորելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ԱՄՆ դեսպանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարն այն ոլորտն է, որի ուղղությամբ Հայաստանի և Միացյալ Նահանգների համագործակցությունը սերտ և շարունակական բնույթ է կրում, և այժմ էլ ԱՄՆ-ն պատրաստակամ է նորաստեղծ կառույցի հետ աշխատանքներ տանել այդ համագործակցությունը խորացնելու նպատակով: Միաժամանակ, դեսպանը կարևորել է Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության անկախության և թափանցիկության ապահովումը: Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի առաջիկա անելիքներին և կառույցի առջև ծառացած մարտահրավերներին` Սասուն Խաչատրյանն առանձնացրել է չորս հիմնական բաղադրիչ, որոնց համատեղ առկայության պայմաններում հնարավոր կլինի առարկայական արդյունքներ արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում: Ըստ Սասուն Խաչատրյանի` նշված բաղադրիչներն են կամքն, աշխատասիրությունը, մասնագիտական գիտելիքները և նյութատեխնիկական բազան: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է ջանքեր ներդնել հատկապես վերջին երկու բաղադրիչների ապահովման ուղղությամբ, որին մեծապես կնպաստի ամերիկյան լավագույն փորձի ուսումնասիրությունը:  Խաչատրյանը կարևորել է ԱՄՆ դրական փորձի ներդրումը նաև միջազգային իրավական փոխօգնության ոլորտին  առնչվող աշխատանքներում: Ինչ վերաբերում է քննիչների մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը, ապա ամերիկյան կողմի փոխանցմամբ` այդ ուղղությամբ արդեն նախանշվում են վերապատրաստման և կարողությունների զարգացմանը միտված տարաբնույթ ծրագրեր: Այդ համատեքստում անդրադառնալով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, մասնավորապես` փողերի լվացման և ապօրինի հարստացման դեպքերի քննությանը` Սասուն Խաչատրյանն ընդգծել է դրանց վերաբերյալ վերապատրաստման դասընթացների շրջանակներում առավել հաջողված կոնկրետ դեպքերի ներկայացման անհրաժեշտությունը: Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվել է համատեղ ջանքերի գործադրմամբ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում համագործակցության ընդլայնումն ու արդյունավետության բարձրացումը:
15:42 - 05 հոկտեմբերի, 2021