Լիբանան

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Լիբանանի ժողովրդին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Լիբանանի ժողովրդին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը օգոստոսի 5-ին ցավակցագիր է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Նաիմ Աունին՝ իր խոր ցավն արտահայտելով Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունի առնչությամբ, որը պատճառ դարձավ մարդկային անմեղ զոհերի, բազմաթիվ վիրավորների և ավերածությունների: Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Նորին Սրբությունն իր վշտակցությունն է փոխանցել Լիբանանի պետական ավագանուն, անմեղ զոհերի ընտանիքներին ու հարազատներին և Լիբանանի բարեկամ ողջ ժողովրդին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով պայթյունից տուժածներին։ «Մեր մաղթանքն է, որ Լիբանանի աստվածասեր ժողովուրդը հաղթահարի առկա դժվարությունները և շարունակի իր խաղաղ ու ստեղծագործ կյանքի ընթացքը», - նշել է Վեհափառ Հայրապետը: Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ՝ դժվարին այս պահին բերելով իր զորակցությունը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանությանը և Լիբանանի հայ համայնքին։ Հայոց Հովվապետն իր ցավակցություններն է ուղղել Արամ Ա Կաթողիկոսին հայորդիների մահվան առիթով, հետաքրքրվել պայթյունի հետևանքով Բեյրութի բնակչությանը, հայ համայնքին և կաթողիկոսարանին պատճառված վնասներով։
13:34 - 05 օգոստոսի, 2020
Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ

Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ:Նախագահը հետաքրքրվել է նախօրեին Բեյրությում տեղի ունեցած հուժկու պայթյունի մանրամասներով՝ իր խորին մտահոգությունը հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նախագահ Սարգսյանն իր անհանգստություն է հայտնել պայթյունից տուժած հայահոծ Բուրջ Համուդ թաղամասի իրադրության, Մայրավանքի կրած վնասների և լիբանանահայ մեր հայրենակիցների վիճակի կապակցությամբ: Հանրապետության նախագահն իր ցավակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ պայթյունի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ, որոնց թվում նաև մեր հայրենակիցներ կան: Նա նաև շուտափույթ ապաքինում է մաղթել պայթյունից վիրավորված մեր հայրենակիցներին: Իր զորակցությունը հայտնելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին և, ի դեմս նրա, լիբանանահայ գաղութին` նախագահ Սարգսյանը նաև աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Նախագահը վստահություն է հայտնել, որ բազում փորձությունների միջով անցած և դրանք հաղթահարած լիբանանահայերը, Լիբանանի ողջ բարեկամ ժողովրդի հետ միասին կկարողանա հաղթահարել նաև այս ծանր փորձությունը:
13:22 - 05 օգոստոսի, 2020
Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է․ ԱԳՆ խոսնակ

Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնում է, որ Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է։ Այս մասին նա գրել է, իր ֆեյսբուքյան էջում։«ԱԳՆ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Լիբանանին թիրախային աջակցության տրամադրումն Լիբանանի ճգնաժամային կառույցի հետ համակարգելու նպատակով։ Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների հետ՝ միասնաբար գնահատելու լիբանանյան կողմի կարիքները և աջակցության շրջանակը։ Զուգահեռաբար կապ է պահպանվում հայ համայնքային կառույցների հետ՝ կարիքները գնահատելու նպատակով։ Լիբանանում դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, գործում է թեժ գիծ։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք կապ պահպանել բացառապես ինձ հետ՝ դեսպանությանը թույլ տալով անխափան իրականացնել համակարգման ողջ աշխատանքը։ Ձեռնարկվող քայլերի մասին տեղեկատվությունը կտրամադրենք հավելյալ», - հավելել է նա։
12:04 - 05 օգոստոսի, 2020
Իսրայելն ու Թուրքիան պատրաստ են հումանիտար օգնություն ուղարկել Լիբանան |tert.am|

Իսրայելն ու Թուրքիան պատրաստ են հումանիտար օգնություն ուղարկել Լիբանան |tert.am|

tert.am: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մեիր Բեն-Շաբաթին կարգադրել է Մերձավորարևելյան խաղաղ կարգավորման գծով ՄԱԿ-ի բանագնաց Նիկոլայ Մլադենովի միջոցով հստակեցնել, թե ինչով կարող է Իսրայելն աջակցել Լիբանանին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ երկրի պաշտպանության նախարար Բենի Հանցն ու արտգործնախարար Գավի Աշքենազին միջազգային խողովակներով հումանիտար բժշկական օգնություն են առաջարկել Լիբանանին: Իսրայելի ու Լիբանանի միջև տարածաշրջանային հակասությունների, մասնավորապես՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության պատճառով, դիվանագիտական հարաբերությունները խզված են: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ, ցավակցություն հայտնել տասնյակ զոհերի կապակցությամբ, հաղորդում է ТАСС-ը՝ փոխանցելով, որ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել հումանիտար բժշկական օգնություն ուղարկել Լիբանան:
09:52 - 05 օգոստոսի, 2020
Արցախահայության, իշխանությունների ու անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին և մեր հայրենակիցներին. Արայիկ Հարությունյան

Արցախահայության, իշխանությունների ու անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին և մեր հայրենակիցներին. Արայիկ Հարությունյան

Արցախահայության, իշխանությունների ու անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին և մեր հայրենակիցներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանյի մայրաքաղաք Բեյրութում որոտացած հզոր պայթյունին: «Բեյրութում տեղի ունեցած ողբերգությունը սահմռկեցուցիչ է. այն ցնցել է ողջ մարդկությանը: Զոհերի և վիրավորների թիվն անգամ ժամեր անց, ցավոք, շարունակում է աճել. հայկական գաղթօջախը ևս կորուստներ ունի: Անընդհատ կապի մեջ լինելով Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցչության, Լիբանանում ՀՀ դեսպանության և հայ համայնքի պատասխանատուների հետ՝ արցախահայության, իշխանությունների ու անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին և մեր հայրենակիցներին: Այդ ծանրագույն իրավիճակը հաղթահարելու համար համբերություն և տոկունություն եմ մաղթում»,- նշել է նախագահը:
09:38 - 05 օգոստոսի, 2020
Լիբանանն օգնության համար դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և Քաթարին |tert.am|

Լիբանանն օգնության համար դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և Քաթարին |tert.am|

tert.am: Լիբանանի առողջապահության նախարարությունը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և Քաթարին՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից տուժածներին բժշկական օգնություն հասցնելու խնդրանքով: Այդ մասին լիբանանյան MTV հեռուստաալիքին հայտնել է երկրի առողջապահության նախարար Համադ Հասանը, հաղորդում է РИА Новости-ն: «Մենք կապ ենք հաստատել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ՝ օգնությամբ բեռնված օդանավ ուղարկելու համար, իսկ Քաթարին խնդրել ենք ապահովել դաշտային հիվանդանոցների աշխատանքը»,-հայտնել է նախարարը: Ավելի վաղ Քաթարի էմիրի աշխատակազմը տեղեկացրել է, որ Թամիմ բեն Համադ Ալ Թանին իր ցավակցությունն է հայտնել լիբանանյան ղեկավարությանը և Լիբանանին, ինչպես նաև՝ հրահանգել  «շտապ օգնություն» ցուցաբերել պայթյունից տուժածներին: Հիշեցնենք, որ երեկ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 78 մարդ զոհվել է, մոտ 4000 մարդ՝ վիրավորվել։ Լիբանանի վարչապետը, խոսելով պայթյունի հնարավոր պատճառների մասին, նշել է, որ Բեյրութի նավահանգստում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, արդեն 6 տարի է՝ պահվում է մոտ 2750 տոննա նիտրատի ամոնիում, որն օգտագործվում է պայթուցիկների պատրաստման համար։
09:29 - 05 օգոստոսի, 2020
Նախնական տեղեկություն կա Բեյրութում ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Նախնական տեղեկություն կա Բեյրութում ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Լիբանանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց։ Պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը: Հնարավոր զոհերի, վիրավորների և պայթյունի պատճառած ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են, և դրանց վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի»,- գրել է նա:
22:43 - 04 օգոստոսի, 2020
Բեյրությում այսօր հնչած ուժգին պայթյունից 15 կմ հեռու գտնվող ՀՀ դեսպանատունը ևս վնասվել է, կոտրվել են բոլոր պատուհանները․ Զարեհ Սինանյան

Բեյրությում այսօր հնչած ուժգին պայթյունից 15 կմ հեռու գտնվող ՀՀ դեսպանատունը ևս վնասվել է, կոտրվել են բոլոր պատուհանները․ Զարեհ Սինանյան

Բեյրությում այսօր հնչած ուժգին պայթյունից 15 կմ հեռու գտնվող ՀՀ դեսպանատունը ևս վնասվել է, կոտրվել են բոլոր պատուհանները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Այսօր երեկոյան լուրեր ստացվեցին, որ հզոր պայթյուն է որոտացել Լիբանանում` Բեյրութի նավահանգստում։ Նախնական տեղեկատվություն ստացվեց, որ ուժգին պայթյունը վնասել է շենքեր և բնակարաններ: Նավահանգստին մոտ է գտնվում հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասը, որտեղ ևս վնասներ են եղել: Դեպքից անմիջապես հետո հեռախոսով կապնվեցի Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ: Դեսպանը նշեց, որ արդեն իսկ կապ է հաստատել տարբեր կազմակերպությունների հետ` պարզելու, թե որքան է նախնական վնասը, և արդյոք կան զոհեր: Այս պահին միայն խոսք է գնում մեկ վիրավորի մասին, ով վնասվել է պայթյունի հետևանքով կոտրված ապակուց։ Պայթյունից 15 կմ հեռու գտնվող ՀՀ դեսպանատունը ևս վնասվել է, կոտրվել են բոլոր պատուհանները։ Մահվան դեպքերի մասին դեռևս որևէ տեղեկություն չկա։ Նոր տեղեկությունների առկայության պարագայում մենք կկատարենք հավելյալ թարմացումներ: Աստված մեր հայրենակիցներին և Բեյրութի բնակիչներին պահապան»:
22:39 - 04 օգոստոսի, 2020