Արցախի ԱԳՆ

Արցախի  գործադիր իշխանության մարմին, որը իրականացնում է օտար երկրների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների պետական կառավարումը։

Մենք կասկած չունենք, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանի տարածքը կօգտագործվի որպես ահաբեկչական խմբավորումների տեղակայման վայր․ ՀՀ ԱԳ խոսնակ

Մենք կասկած չունենք, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանի տարածքը կօգտագործվի որպես ահաբեկչական խմբավորումների տեղակայման վայր․ ՀՀ ԱԳ խոսնակ

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձավ նրան, որ թուրք-ադրբեջանական թիրախում հայտնվել են օտարերկրյա լրագրողներ։ Ըստ նրա՝ դա եղել է այն բանից հետո, երբ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է , թե որքան մեծ արձագանք կա միջազգային լրատվամիջոցների կողմից լուսաբանելու հակամարտությունը։ Խոսնակը փոխանցեց՝ Հավատարմագրվել էին ավելի քան 50 միջազգային առաջատար լրատվամիջոցների թիմեր՝ մոտ 200 լրագրողներ, որոնց մեծամասնությունը` 100-ից ավելի լրագրողներ, արդեն աշխատում էին Արցախում։ «Ադրբեջանը պարզապես հանդես է գալիս որպես Թուրքիայի քաղաքականությանը ծառայելու միջոց, և մենք կասկած չունենք, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանի տարածքը կօգտագործվի որպես ահաբեկչական խմբավորումների տեղակայման վայր, անգամ ավելին՝ այդ ահաբեկիչների ներկայությունն Ադրբեջանն ու տարածաշրջանը կվերածի արյունահեղությունների հերթական դաշտի»,- հայտնեց Աննա Նաղդալյանը։ ԱԳՆ խոսնակը տեղեկացրեց, որ այսօր տեղի է ունեցել ԱԳ նախարարի հեռախոսազրույցը ֆրանսիացի գործընկերոջ հետ, իսկ ասուլիսի պահին տեղի էր ունենում նախարարի և նրա Հունաստանի գործընկերոջ տեսակոնֆերանսը։ Աննա Նաղդալյանը նաև հայտնեց, որ նախարարությունը տարբեր մակարդակներով մշտական կապի մեջ է Իրանի գործընկերների հետ։ «Ափսոսանքի է արժանի այն, որ Ադրբեջանը տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը վտանգելու համար օգտագործում է այլ երկրների տարածքներ, որպեսզի մարտական գործողություններ ու ագրեսիա իրականացնի Արցախի դեմ։ Իրանի գործընկերների հետ մեր երկխոսությունը համապարփակ է և ներառում է հարցերի լայն շրջանակ»,- նշեց նա։ Անդրադառնալով այսօր ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների մակարդակով արված հայտարարությանը՝ խոսնակը հայտնեց, որ դրա վերաբերյալ Հայաստանի կողմի դիրքորոշումը ներկայացվելու է մի փոքր ավելի ուշ և ոչ իմ կողմից։ 
21:50 - 01 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները չեն կարող առանց քաղաքական և իրավական հետևանքների մնալ

Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները չեն կարող առանց քաղաքական և իրավական հետևանքների մնալ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունը․ «Գոհունակությամբ ենք նշում, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի վերաբերյալ սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած փակ քննարկումների արդյունքներով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները խստորեն դատապարտել են ուժի գործադրումը և իրենց աջակցությունն են հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին` անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, նվազեցնել լարվածությունը և վերադառնալ կառուցողական բանակցությունների: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կենտրոնական դերին: Անվտանգության խորհրդի անդամների՝ մամուլի համար արված այս հայտարարությունը վերջակետ դրեց Ադրբեջանի իշխանությունների շահարկումներին՝ կապված Արցախի Հանրապետության դեմ ռազմական ուժ կիրառելու նրանց ենթադրյալ իրավունքի հետ: Ակնհայտ է, որ իրենց միջազգային հակաօրինական գործողությունների համար միջազգային որևէ աջակցություն ստանալու նպատակով Բաքվի և Անկարայի ձեռնարկած բոլոր փորձերն ավարտվել են լիակատար ձախողմամբ: Վերստին նշենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները, որոնք սպառնում են Հարավային Կովկասում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, չեն կարող առանց քաղաքական և իրավական հետևանքների մնալ: Բաքվին և Անկարային պատասխանատվության կանչելով` միջազգային հանրությունն անհրաժեշտ խթան կհաղորդի լարվածության թուլացմանը և պայմաններ կստեղծի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»:
00:21 - 01 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանը որեւէ տարբերակում չի դնում քաղաքացիական բնակչության եւ ռազմական օբյեկտների միջեւ՝ վտանգի տակ դնելով ողջ բնակչության կյանքը․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանը որեւէ տարբերակում չի դնում քաղաքացիական բնակչության եւ ռազմական օբյեկտների միջեւ՝ վտանգի տակ դնելով ողջ բնակչության կյանքը․ ՀՀ ՄԻՊ

Ուսումնասիրությունները վստահ ապացուցում են, որ Ադրբեջանը որեւէ տարբերակում չի դնում քաղաքացիական բնակչության եւ ռազմական օբյեկտների միջեւ՝ դրանով վտանգի տակ դնելով ողջ բնակչության կյանքը, առողջությունը։ Այդ հարվածներն ակնհայտ նպատակային են եւ թիրախավորված են՝ հենց քաղաքացիական օբյեկտներին վնաս հասցնելու։ Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում կա չորս զոհ, ընդ որում՝ վտանգված է երեխաների, կանանց, տարեց մարդկանց կյանքը։ Մահացածների ու տասնյակ վիրավորների թվում էլ կան կանայք, երեխաներ ու տարեցներ։ Այս գործողություններն ուղեկցվում են քաղաքացիական խաղաղ բնակչության համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտներին հարվածներ հասցնելու կամ դրանք պարալիզացնելու ուղղությամբ։ Խոսքը վերաբերում է կենսական նշանակության ճանապարհներին, կապի միջոցներին։ Այդ հարվածները կրում են համակարգված բնույթ»,- ասաց ՄԻՊ-ը։  Արման Թաթոյանի խոսքով՝  այս բոլոր հարձակումներն, առաջին պահից սկսած, ուղեկցվում են ատելության ինտենսիվ, լայնածավալ խոսքով, և չնայած միշտ էլ եղել է էթնիկ հայերի նկատմամբ արմենոֆոբիայի բարձր մակարդակ, բայց հիմա ատելության մակարդակը դարձել է համակարգված, ուժեղացված։ «Տարածվում են հատուկ պատրաստված տեսանյութեր, որոնք նպատակ ունեն խաղաղ բնակչության շրջանում առաջացնել վախ, տագնապ, նաեւ բռնության ու սպանության կոչեր են լինում։ Առավել վտանգավոր հարթակը Tik-Tok կոչվող ցանցն է, որովհետեւ այդ տիրույթում նյութերի կոնտենտը հնարավոր չէ վերահսկել։ Թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական աղբյուրներից եկող ատելության այս խոսքը թիրախավորում է նաեւ երեխաներին»,- հայտնեց նա։ ՄԻՊ-ը Նաեւ տեղեկացրեց, որ հայկական անուն-ազգանուններով կեղծ էջեր են տարածում կեղծ հաղորդագրություններ։ Տարբեր տեսանյութերում օգտագործվում են դրվագներ, որոնք կամ առհասարակ Հայաստանի ու Արցախի հետ կապ չունեն, կամ ապրիլյան պատերազմին են վերաբերում։  «Մենք ամենօրյա ու ամենժամյա կապի մեջ ենք Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Արցախի ՄԻՊ-ը նախաձեռնել է բարձր որակի փաստահավաք աշխատանքներ, մենք անընդհատ տեղեկություններ ենք փոխանակում, կապի մեջ ենք քաղաքացիական բնակչության հետ, մեր աշխատանքները բերվել են հատուկ ռեժիմի, կան մասնագիտացած աշխատակիցներ։ Մենք կապի մեջ ենք նաեւ ՀՀ ՊՆ-ի հետ, այնքանով, որքանով հարցն առնչվում է ՊՆ-ի գործողություններին, զինվորների իրավունքներին»,- հայտնեց Արման Թաթոյանը։  ՄԻՊ-ը տեղեկացրեց, որ իրենք ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին ու միջազգային կառույցներին են ներկայացնում հաղորդումներ, երկրորդը կներկայացվի այսօր․ այն վերաբերելու է ատելության խոսքին ու բռնության կոչերին։
11:51 - 29 սեպտեմբերի, 2020
Մտահոգություն է առաջացնում տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիան վարձկաններ է հավաքագրում Մերձավոր Արևելքից՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար․ Արցախի ԱԳՆ

Մտահոգություն է առաջացնում տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիան վարձկաններ է հավաքագրում Մերձավոր Արևելքից՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ ուղեկցվում է զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների խախտումներով։ Մասնավորապես՝ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր հարձակումներ են իրականացնում քաղաքացիական օբյեկտների վրա, որոնք չեն հանդիսանում ռազմական նշանակության թիրախներ, օգտագործում են արգելված պատերազմելու մեթոդներ և միջոցներ, որոնք կարող են ավելորդ վնասներ հասցնել կամ ավելորդ տառապանքներ պատճառել, նաև օգտագործում են ոչ ընտրողական բնույթի զենքի տեսակներ: Ադրբեջանի հանցավոր գործողությունների արդյունքում Արցախի խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ կան: Լրջագույն մտահոգություն է առաջացնում տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիան վարձկաններ է հավաքագրում Մերձավոր Արևելքից՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար: Ադրբեջանի նմանատիպ գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես` պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիայի լուրջ խախտում են և համարվում են պատերազմական հանցագործություններ: Հարկ է նշել, որ ինչպես Արցախի Հանրապետությունը (1993 թ. հունվարի 26-ից), այնպես էլ Ադրբեջանը նշված Կոնվենցիայի կողմ են: Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիան պետք է դիտվի քաղաքացիական հայ բնակչության դեմ ուղղված համատարած և համակարգված հարձակումների համատեքստում, որոնք ձեռնարկվում են Ադրբեջանի կողմից ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակ՝ Արցախի ազգային ազատագրական շարժման սկզբից ի վեր։ Հայ բնակչության ջարդերը Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում, Ադրբեջանից ողջ հայ բնակչության բռնի տեղահանումը, ինչպես 1990 թթ., այնպես էլ 2016 թ. ապրիլին Արցախի դեմ պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնարար իրավունքների շարունակական խախտումները և իրենց անկապտելի իրավունքների իրացման խոչնդոտումը ոչ այլ ինչ են, քան մարդկության դեմ հանցագործություն։ Ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձում է իրեն վեր դասել միջազգային իրավունքից։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի հակաիրավական արարքները հետզհետե ավելի սպառնալից են դառնում քաղաքացիական բնակչության համար՝ մասնավորապես, և տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության համար՝ ընդհանրապես` ի խախտումն ՄԱԿ-ի կանոնադրության։ Հենց այս համատեքստում է պետք դիտարկել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հայտարարությունները ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտության վերաբերյալ: Հատուկ ուշադրության են արժանի տարբեր երկրների քաղաքական և հասարակական գործիչների հայտարարությունները՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության վերաբերյալ։ Համոզված ենք, որ դա առավել գործուն մեխանիզմ է` ապահովելու Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորությունների իրականացումը՝ որպես միջազգային հանրության անդամ, ինչպես նաև կանխելու միջազգային հակաիրավական արարքներ իրագործելու իր հետագա մտադրությունները։ Տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանմանն ուղղված միջազգային հանրության զինանոցում առկա գործիքակազմից Արցախի միջազգային ճանաչումն ամենաարդյունավետ միջոցն է։ Արցախի Հանրապետությանը միջազգային իրավասուբյեկտայնությամբ օժտումը հանրապետության անվտանգության ապահովման ռազմական միջոցներին կավելացնի նաև իր քաղաքացիների հիմնարար իրավունքները պաշտպանելու իրավական մեխանիզմներ»։
20:26 - 28 սեպտեմբերի, 2020
Միշտ ագրեսիվ գործողություններն իրականացվել են ադրբեջանական կողմից, բայց միշտ ապարդյուն՝ իր համար․ Մասիս Մայիլյան

Միշտ ագրեսիվ գործողություններն իրականացվել են ադրբեջանական կողմից, բայց միշտ ապարդյուն՝ իր համար․ Մասիս Մայիլյան

Առավոտվանից կապի մեջ ենք ԵԱՀԿ գործող նախագահի անձանական ներկայացուցչի հետ, այս ագրեսիայի մասին տեղեկացված են նաև ՄԽ համանախագահները։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Արցախիարտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ «Համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ։ Արցախի ԱԳՆ-ն ևս հայտարարություն է ընդունել, որտեղ նշվել է, որ ագրեսիայի հեղինակը Արդբեջանն է։ Ընդհանրապես, միշտ ագրեսիվ գործողություններն իրականացվել են ադրբեջանական կողմից, բայց միշտ ապարդյուն իր համար։ Համոզված ենք, որ այս անգամ ևս հաղթանակը մերն է լինելու»,- նշեց նախարարը։ Նա ընդգծեց, որ ակտիվ աշխատանքներ են տարել միջազգային տարբեր կառույցների հետ։ «Նախ իրազեկել ենք իրավիճակի մասին, նպատակ ենք ունեցել, որ արտերկրում մեր գործընկերները իմանան, թե ով է նախաձեռնել հերթական ագրեսիայի ակտը, և պատահական չէ, որ հետո մի շարք հայտարարություններ հնչեցին (և մինչև հիմա այդ գործընթացը շարունակվում է), որտեղ տարբեր կառույցներ, քաղաքական տարբեր գործիչներ ուղղակի մեղադրում են Ադրբեջանին ագրեսիա սկսելու համար և իրենց աջակցությունն են հայտնում Արցախի ժողովրդին»,- հավելեց Մայիլյանը։ Արտգործնախարարի խոսքով՝ միջազգային արձագանքը եղել է շատ բուռն, միջազգային բոլոր հեղինակավոր կազմակերպությունները հայտարարություններ են ընդունել, արձագանքել են իրավիճակին՝ սկսած ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից, ԵԽ-ից։ «Հիմնական մեսսիջն այն է, որ պետք է կանգնեցնել պատերազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների, այսինքն՝ խաղաղ ճանապարհով լուծել հարցը։ Որոշ հայտարարություններում նշված է, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում»,- ասաց Մասիս Մայիլյանը։
00:45 - 28 սեպտեմբերի, 2020
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը․ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են ձեռնարկել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ՝ շփման գծի ողջ երկայնքով։ Ադրբեջանական բանակի ռազմական հարձակումը ուղեկցվել է հրետանակոծություններով և օդային հարվածներով, այդ թվում՝ քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակչության ուղղությամբ։ Մասնավորապես՝ հրետակոծվել է ինչպես Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը, այնպես էլ սահմանամերձ բնակավայրերը։ Գնդակոծությունների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր։ Ադրբեջանական կողմի գործողությունները Արցախի Հանրապետության դեմ ուղղված ագրեսիայի ակտ են։ Արցախի Հանրապետությունը ՄԱԿ կանոնադրության դրույթների համաձայն՝  իրականացնում է իր  ինքնապաշտպանության անկապտելի իրավունքը և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ագրեսիան ետ մղելու և տարածաշրջանում խաղաղություն վերականգնելու համար։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ուղիղ կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես իրազեկվել են Ադրբեջանի կողմից զինված հարձակման մասին: Երկու հայկական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունները համակարգված աշխատանք են տանում համապատասխան միջազգային կառույցների հետ՝ ադրբեջանական ագրեսիան կասեցնելու նպատակով։ Զինված հարձակմանը նախորդել են Ադրբեջանի իշխանությունների կողմից  հայկական կողմերի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հրապարակային թիրախավորումը, Արցախի Հանրապետության դեմ ուժի կիրառման բացահայտ սպառնալիքները, ինչպես նաև զինված ուժերի շփման գծում հոկտեմբերի 1-ին նախատեսված ԵԱՀԿ դիտարկման անցկացման մերժումը: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ամբողջական պատասխանատվություն է կրում ագրեսիայի հանցագործության համար՝ միջազգային իրավունքի նորմերի համաձայն: Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Ադրբեջանի նմանատիպ քաղաքականությունն ուղղակի սպառնալիք է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը:  Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիան ոչ մի կասկած չի թողնում, որ  հակամարտությունն ուժի միջոցով  լուծելու Ադրբեջանի փորձերին միջազգային հանրության կողմից ամենաարդյունավետ պատասխանը Արցախի Հանրապետության ճանաչումն է:
15:04 - 27 սեպտեմբերի, 2020
Բաքուն պետք է ճանաչի Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի փաստը. Արցախի ԱԳՆ

Բաքուն պետք է ճանաչի Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի փաստը. Արցախի ԱԳՆ

Եթե ադրբեջանական իշխանություններն իրոք հետաքրքրված են տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմամբ, ապա նրանք պետք է հրաժարվեն ռազմական շանտաժի և սպառնալիքների քաղաքականությունից, ճանաչեն Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի փաստը և նստեն բանակցային սեղանի շուրջ՝ իրենց իսկ կողմից սանձազերծված զինված հակամարտության հետևանքով առաջացած խնդիրներին լուծում գտնելու նպատակով։ Այս մասին նշված է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանության մեջ։ «Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահը, տեսաձևաչափով ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում, հերթական անգամ հնչեցրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանական կողմի անհիմն ենթադրությունները, որոնք բազմաթիվ անգամ հերքվել են։ Հատկանշական է, որ ՄԱԿ-ում ելույթին նախորդել էր սեպտեմբերի 19-ին «Ապշերոն» հանքավայրում անցկացված միջոցառման շրջանակներում Ադրբեջանի նախագահի` բովանդակային առումով նույնատիպ հուզական հարցազրույցը։ Հարցազրույցի ընթացքում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները ցույց են տալիս Ադրբեջանի իշխանությունների շփոթվածության աստիճանը այն պայմաններում, երբ շանտաժի և սպառնալիքների վրա հիմնված Բաքվի վաղեմի ռազմավարությունն ապացուցել է իր սնանկությունը և ամբողջությամբ սպառել է իրեն: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը խեղաթյուրելու, լիարժեք ձևաչափով բանակցությունների վերականգնումը խոչընդոտելու, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ տարածքային պահանջներն արդարացնելու նպատակով միջազգային իրավունքի նորմերը կանխակալ մեկնաբանելու և նոր ագրեսիա սանձազերծելու իրավունք վերապահելու Ադրբեջանի իշխանությունների բազմամյա պրակտիկան հակամարտության կարգավորման գործընթացը հասցրել է այն իրավիճակին, որում այժմ այն գտնվում է, ինչը, սակայն, պաշտոնական Բաքվին որևէ լրացուցիչ քաղաքական դիվիդենտ չապահովեց: Նույնքան անարդյունավետ էին Ադրբեջանի նախագահի կողմից հայտարարված՝ Հայաստանը և Արցախը մեկուսացնելու, հայկական երկու պետությունների տնտեսական աճին խոչընդոտելու քաղաքականությունը, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում կրոնական թեման շահարկելու փորձերը։ Ակնհայտ է, որ, զրկվելով իր հիմնական գործիքից, այն է՝ սպառնալիքի և ուժային ճնշման միջոցով հասնել միակողմանի փոխզիջումների, պաշտոնական Բաքուն իր հարմարավետության գոտուց դուրս է հայտնվել և փորձում է վերադառնալ այն իրավիճակին, որին ընտելացել է՝ ուժեղացնելով ռազմատենչ հռետորաբանությունը՝ ուղղված ոչ միայն հայկական երկու կողմերի, այլև, ընդհանրապես՝ կարգավորման գործընթացի դեմ։ Եթե ադրբեջանական իշխանություններն իրոք հետաքրքրված են տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմամբ, ապա նրանք պետք է հրաժարվեն ռազմական շանտաժի և սպառնալիքների քաղաքականությունից, ճանաչեն Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի փաստը և նստեն բանակցային սեղանի շուրջ՝ իրենց իսկ կողմից սանձազերծված զինված հակամարտության հետևանքով առաջացած խնդիրներին լուծում գտնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։    
20:33 - 22 սեպտեմբերի, 2020
Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարությունները ոլորտային խորհրդակցություններ են անցկացրել

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարությունները ոլորտային խորհրդակցություններ են անցկացրել

Արցախի արտաքին գործերի նախարարությունում սեպտեմբերի 18-ին տեղի են ունեցել  ոլորտային խորհրդակցություններ Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարոությունների կառուցվածքային ստորաբաժանումների միջև։ ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը գլխավորել է  ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, իսկ Արցախի ԱԳՆ պատվիրակությունը՝ Արցախի ԱԳՆ գլխավոր քարտուղար Սեմյոն Աֆիյանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ «Հայաստանի և Արցախի ԱԳՆ պատվիրակությունների կազմում ներգրավված համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները հանգամանալից քննարկեցին գերատեսչությունների միջև ոլորտային համագործակցության ամրապնդմանը և խորացմանն առնչվող հարցեր: Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ ԱԳՆ պատվիրակությանն ընդունեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը: Նախարար Մայիլյանը մեծապես կարևորեց Արցախի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև նման ձևաչափով խորհրդակցությունների անցկացումը, որը հնարավորություն է տալիս ուրվագծելու երկու գերատեսչությունների միջև հաստատված համագործակցության առավել ընդլայնման հեռանկարները:  Վահագն Մելիքյանը շնորհակալություն հայտնեց արցախյան կողմին ջերմ ընդունելության համար և ընդգծեց երկու արտգործնախարարությունների միջև ստորագրված խորհրդակցությունների պլանի շրջանակներում պարբերական հանդիպումների և փոխայցերի անցկացման կարևորությունը։  Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ պատվիրակությանն ընդունեց նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նախագահ Հարությունյանը բարձր գնահատեց Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներում առկա սերտ համագործակցությունը՝ առանձնահատուկ կարևորելով նման ձևաչափով շփումների պարբերականության պահպանումը»,- նշված է հաղորդագրության մեջ:
20:50 - 18 սեպտեմբերի, 2020
Անթույլատրելի ենք համարում Բեյրութի աղետից տուժածների ադրբեջանական իշխանությունների հարձակումների թիրախ և քաղաքական շահարկումների առարկա դառնալը․ ԱՀ ԱԳՆ

Անթույլատրելի ենք համարում Բեյրութի աղետից տուժածների ադրբեջանական իշխանությունների հարձակումների թիրախ և քաղաքական շահարկումների առարկա դառնալը․ ԱՀ ԱԳՆ

Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը․ «Ադրբեջանի ԱԳՆ կողմից վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված բողոքի կապակցությամբ, որտեղ փորձ է արվում լիբանանահայ մի քանի ընտանիքների Արցախի Հանրապետություն տեղափոխվելը ներկայացնել որպես միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտում, անհրաժեշտ ենք գտնում նշել հետևյալը: Արցախի Հանրապետության իշխանություններն իրենց պարտքն են համարում օգնություն ցուցաբերել տարաբնույթ աղետների և ճգնաժամերի պատճառով կրիտիկական իրավիճակում հայտնված հայրենակիցներին: Ավելին՝ մարդասիրական աղետներին արձագանքելը գտնվում է ողջ միջազգային հանրության կոլեկտիվ պատասխանատվության տիրույթում, որի բաղկացուցիչ մասն է Արցախի Հանրապետությունը՝ անկախ նրա՝ ժամանակավորապես միջազգայնորեն չճանաչված քաղաքական կարգավիճակից: Մարդասիրական օգնություն ուղարկելով Լիբանան և ապաստան տրամադրելով նրանց, ովքեր Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունի արդյունքում կորցրել են իրենց տները` պաշտոնական Ստեփանակերտը ուժերի ներածին չափ իր ներդրումն է ունենում միջազգային հանրության ընդհանուր ջանքերում` միտված մարդասիրական իդեալների կենսագործմանը: Արցախի Հանրապետության իշխանությունները շահագրգռված են, որ Լիբանանի հայ համայնքը պահպանվի, սակայն, միևնույն ժամանակ, իրենց ինքնիշխան իրավունքի շրջանակներում անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն ծանր իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին, ովքեր ցանկություն կհայտնեն գալ և հաստատվել մեր հանրապետությունում: Մարդասիրական աղետի պայմաններում հայտնված մարդկանց Արցախի իշխանությունների կողմից բնակարանների տրամադրումը որպես միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում ներկայացնելու ադրբեջանական կողմի բազմաթիվ փորձերը վկայում են ոչ միայն միջազգային փաստաթղթերի կանխակալ մեկնաբանման, այլև, առհասարակ, մարդասիրության վերաբերյալ խեղաթյուրված պատկերացումների մասին։ Հակամարտության և դրա կարգավորման ողջ ընթացքում ադրբեջանական իշխանություններն ի ցույց են դնում մարդասիրական խնդիրների նկատմամբ իրենց բացահայտ քամահրական վերաբերմունքը՝ դրանք օգտագործելով միայն սեփական շահի համար՝ քողարկելու իրենց իրական՝ դատապարտելի նպատակները։ Այդ մասին է վկայում ավելի քան երեք տասնամյակ շարունակ Ադրբեջանից կես միլիոն հայ փախստականների իրավունքների լկտիաբար անտեսումը, որոնց վտարումն ուղեկցվում էր զանգվածային սպանություններով և դաժան ջարդերով, սակայն առայսօր պաշտոնական Բաքուն համառորեն հրաժարվում է ճանաչել իր պատասխանատվությունը նրանց ողբերգական ճակատագրի համար։ Անթույլատրելի ենք համարում, որ Բեյրութի մարդասիրական աղետից տուժածները դառնան ադրբեջանական իշխանությունների հարձակումների թիրախ և քաղաքական շահարկումների առարկա։ Վերահաստատում ենք, որ Արցախի Հանրապետության իշխանություններն այսուհետ ևս անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն իրենց բնակության վայրերում դժվարին իրավիճակում հայտնված մեր բոլոր հայրենակիցներին»։
21:32 - 16 սեպտեմբերի, 2020
Պաշտպանության բանակը պատրաստ է հետ մղել ցանկացած ագրեսիա. ԱՀ ԱԳ նախարարի հարցազրույցը Nationalia-ին
 |tert.am|

Պաշտպանության բանակը պատրաստ է հետ մղել ցանկացած ագրեսիա. ԱՀ ԱԳ նախարարի հարցազրույցը Nationalia-ին |tert.am|

tert.am: Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հարցազրույց է տվել Բարսելոնայում գործող «Nationalia» գործակալությանը։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արցախի ԱԳ նախարարն անդրադարձել է ղարաբաղյան հակամարըության կարգավորման նկատմամբ Արցախի և Ադրբեջանի դիրքորոշումներին՝ անընդունելի համարելով Թուրքիայի կառավարության դիրքորոշումն՝ սատարումն Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների։ - Հուլիսին Բաքվում տեղի ունեցած ցույցերը փողոց դուրս բերեցին հազարավոր մարդկանց, ովքեր Ադրբեջանի կառավարությունից պահանջում էին լայնամասշտաբ պատերազմ սկսել՝ Ղարաբաղը հետ գրավելու համար: Ի՞նչ է կարծում ձեր նախարարությունը՝ արդյո՞ք ինչ-որ պահի ադրբեջանական ուժերի հարձակումը հավանական է: Եթե այո, ապա ինչպե՞ս է Ղարաբաղը պատրաստ պաշտպանվել՝ հաշվի առնելով, որ տարիներ շարունակ Ադրբեջանն ավելացրել էր իր ռազմական կարողությունները: - Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե ինչ տեմպերով և ծավալներով է Ադրբեջանը մեծացնում իր զինանոցը, պարզ է դառնում, որ Ադրբեջանը զենք է գնում ոչ թե պահեստում պահելու, այլ մի օր օգտագործելու մտադրությամբ: Եվ Ադրբեջանը յուրաքանչյուր հնարավորություն կօգտագործի՝ փորձարկելու և ստուգելու՝ արդյո՞ք ճիշտ ժամանակն է նոր ագրեսիա սկսելու համար: Մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը դա անում 2016թ. ապրիլին, և բոլորովին վերջերս՝ հուլիսի 12-ին, հայ-ադրբեջանական սահմանին՝ Հայաստանի Տավուշի մարզում: Երկու դեպքերում էլ Արցախի և Հայաստանի պաշտպանական ուժերը համարժեք պատասխան են տվել։ Հիմքեր չկան հավատալու, որ Ադրբեջանը հերթական անգամ չի կատարի նման փորձ, երբ  զգա, որ բավականին հզորացել է՝ դիմելու նոր ռազմական արկածախնդրության: Իհարկե, մենք դա գիտակցում ենք, և Արցախի Պաշտպանության բանակը պատրաստ է հետ մղել ցանկացած ագրեսիա, ինչպես որ դա արել է նախկինում։ - Ինչպե՞ս է ձեր նախարարությունը և Արցախի կառավարությունը, ընդհանրապես, աշխատում միջազգային դիվանագիտական ասպարեզում՝ ձեր հանրապետության դիրքերն ամրապնդելու համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ այն շարունակում է մնալ չճանաչված: - Մեր նախարարությունը, և, ընդհանուր առմամբ, Արցախի իշխանություններն անում են առավելագույնը՝ աշխարհին ներկայացնելու իրադրության իրական պատկերը: Անկախության հռչակումից ի վեր մեր հանրապետության դիրքորոշումն անփոփոխ է: Մենք մշտապես կողմ ենք եղել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։ Այս դիրքորոշումը հնչել է բազմաթիվ առիթներով՝ ինչպես հրապարակավ, այնպես էլ՝ ԵԱՀԿ գործող նախագահի և Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ընթացքում. նաև Արտաքին գործերի նախարարության բազմաթիվ հայտարարություններ են տարածվել միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են՝ ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, ԵԽ-ն և այլն: Մենք չենք թաքցնում այն փաստը, որ խաղաղություն ենք ուզում, միևնույն ժամանակ, գիտակցում ենք, թե ինչ նկատի ուներ լատինացի փիլիսոփան` նշելով «Si vis pacem, para bellum - Ուզում ես խաղաղություն՝ պատրաստ եղիր պատերազմի»: Եվ մենք արդեն անցել ենք դրա միջով: Երբեմն գեթ մի հայացք տարածաշրջանին բավական է՝ հասկանալու հակամարտության գոտում տեղի ունեցող զարգացումների հիմքում ընկած իրականությունը: Ինչպես նշեցիք առաջին հարցում, Բաքվում հազարավոր ցուցարարներ Ադրբեջանի կառավարությունից պահանջում էին  լայնամասշտաբ պատերազմ սկսել: Արդարության համար, սակայն, հարկ է նշել, որ երկրի խորհրդարանի շենք ներխուժած ցուցարարներն ունեցել են նաև հակակառավարական օրակարգ: Դա պարզապես ցույց է տալիս, թե ինչ դեր է խաղում հակամարտությունը Ադրբեջանի ներքին կյանքում, և որքանով են ադրբեջանական հասարակությունն ու կառավարությունը պատրաստ խաղաղության կամ հակամարտության խաղաղ կարգավորման: Հնարավոր չէ խաղաղության հասնել միակողմանիորեն. դրան պետք է ձգտեն հակամարտության բոլոր կողմերը: Եվ անկախ նրանից, թե որքան բարձրաձայն ենք հայտարարում մեր հարևանների հետ խաղաղության հասնելու պատրաստակամության մասին, նրանք պետք է լինեն և՛ ընկալունակ, և՛ տրամադրված խաղաղության: Ցավոք, տարիներ շարունակ Ադրբեջանում հակահայկական տրամադրությունները պետական քաղաքականության մաս են դարձել, և Ադրբեջանն իր բնակչությանը խաղաղության փոխարեն նախապատրաստել է պատերազմի: Սա այն իրականությունն է, որի հետ մենք բախվում ենք այսօր: Եվ սա է այն իրականությունը, որով  միջազգային հանրությունը պետք է զբաղվի: Անկախ այն փաստից՝ երկիրը ճանաչված է, թե ոչ, մենք, առաջին հերթին, պետք է մտածենք ժողովրդի մասին: Եվ մենք մեր բաժինն անում ենք, ոչ միայն մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, այլև տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու գործում կառուցողական դեր խաղալու համար: Կարդալ ավելին՝ tert.am-ում։
20:47 - 07 սեպտեմբերի, 2020
Ռազմաքաղաքական առումով Հայաստանը և Արցախը վաղուց արդեն դե ֆակտո միասնական տարածք են և միշտ էլ այդպես է եղել. Միքայել Զոլյան |lragir.am|

Ռազմաքաղաքական առումով Հայաստանը և Արցախը վաղուց արդեն դե ֆակտո միասնական տարածք են և միշտ էլ այդպես է եղել. Միքայել Զոլյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հետ։  Պարոն Զոլյան, օրերս Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն իր հարցազրույցում կարևորել է Հայաստանի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու անհրաժեշտությունը: Մենք հիշում ենք, որ ապրիլյան պատերազմից հետո նախկին իշխանության ներկայացուցիչները խոսում էին դրա մասին, սակայն հետո այդպես էլ կյանքի չկոչվեց: Հիմա Մայիլյանը նշել է, որ հիմա քննարկում են նման դաշինք կնքելու հարցը: Որքանո՞վ են դրանք հնարավոր կլինի կյանքի կոչել: Նախ ուզում եմ ասել, որ ռազմաքաղաքական առումով Հայաստանը և Արցախը վաղուց արդեն դե ֆակտո միասնական տարածք են և միշտ էլ այդպես է եղել և  միշտ էլ այդպես կլինի: Եթե մենք խոսում ենք իրերի իրական վիճակի մասին, ապա իհարկե, այդ դաշինքը վաղուց գոյություն ունի: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք պետք է այդ իրականությունը ամրագրել ինչ-որ փաստաթղթի ձևով, թե ոչ, սա արդեն դիվանագիտական խնդիր է: Ժամանակ առ ժամանակ այս թեման կարող է արծարծվել, երբ նպատակահարմար է: Մեկ այլ պահի կարող ենք, օրինակ, մի կողմ դնել: Ամեն դեպքում սա, իհարկե, օրակարգի մի մաս է, բայց նաև որևէ շտապողականություն չպետք է դրսևորել: Պետք է նայել մեր նպատակահարմարությանը, պետք է նայենք նրան, թե ինչպիսի արդյունքներ կտա կամ չի տա ցանկացած քայլ՝ կապված ձեր հիշատակած թեմայի հետ և ըստ դրա գործենք: Կարող է այնպիսի իրավիճակ լիներ, որ, այո, պետք լինի ավելի հստակ քայլեր ձեռնարկել, կարող է լինել իրավիճակ, որ այն իրեր դրությունը, որն այսօր կա, բավականին համապատասխանում է մեր շահերին և կարիք չկա լրացուցիչ քայլեր անելու: Ամեն դեպքում, ինչպես ասացի, ռազմաքաղաքական առումով  Հայաստանն ու Արցախը առանց որևէ կասկածի միասնական տարածք են և բոլորը դրա մասին գիտեն՝ թե Հայաստանում ու Արցախում, թե դրսում: Մայիլյանը խոսել է նաև Մադրիդյան սկզբունքների մասին՝ նշելով, որ հիմա այլևս դրանք չեն քննարկվում: Ինչի՞ շուրջ պետք է լինեն հանդիպումներն ու քննարկումները Ադրբեջանի հետ, եթե սեղանին չկա ոչ Լավրովի պլանը, ոչ էլ Մադրիդյան սկզբունքները: Միշտ էլ քննարկելու բան կա, և հայկական կողմերը շատ հստակ ասել են՝ որպեսզի հնարավոր լինի ցանկացած կառուցողական քննարկում, առաջին հերթին պետք է լինի կառուցողական մթնոլորտ, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ լինեն վստահության ամրապնդման միջոցներ, միջադեպերի հետաքննության մեխանիզմներ և այլն: Սրա շուրջ միշտ էլ կարող ենք զրուցել: Մյուս կողմից այս գործընթացի ցանկացած մասնակից, լինեն հակամարտության կողմերը, լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նրանք միշտ էլ կարող են առաջարկներ անել: Այսինքն որևէ սահմանափակում այս առումով չկա: Միշտ էլ կարող են ինչ-որ առաջարկ ներկայացնել, և դա կքննարկվի: Ինչ վերաբերում է բուն մադրիդյան սկզբունքներին, որոշակի հարցադրումներ էին արվել, թե ի վերջո ինչպե՞ս են կողմերը հասկանում այդ սկզբունքները, և ըստ էության, այդ հարցադրումների շուրջ դեռ խոսելու բան կա, որովհետև դեռևս հստակություն չի մտցվել դրա մեջ: Հետևաբար, նաև այդ ուղղությամբ կարելի է քննարկել ցանկացած փաստաթուղթ: Բայց որպես կարգավորման համար հիմք, այսօր որևէ ընդունված փաստաթուղթ գոյություն չունի: Շարունակությունը՝ lragir.am-ում
15:23 - 05 սեպտեմբերի, 2020
«Մադրիդյան սկզբունքները» այլևս չեն քննարկվում. Արցախի արտգործնախարար |azatutyun.am|

«Մադրիդյան սկզբունքները» այլևս չեն քննարկվում. Արցախի արտգործնախարար |azatutyun.am|

azatutyun.am: «Մադրիդյան սկզբունքները» այլևս չեն քննարկվում, հայտարարում է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: Հատվածներ հարցազրույցից. «Ազատություն». – Երեկ լրագրողների հետ հանդիպել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Խոսեց, բնականաբար, նաև ղարաբաղյան բանակցություններից: Ինքը շատ թերահավատ էր բանակցությունների հեռանկարի հետ կապված, ասաց, որ իր համար ավելի կարևոր է անվտանգության հարցը, քան միջազգային ճանաչման հարցը: Դուք ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ: Մասիս Մայիլյան. - Նախագահը նաև ասաց, որ այս իրավիճակում, երբ Ադրբեջանը հարձակում է կազմակերպում օրինակ` Հայաստանի Հանրապետության պետական տարածքների վրա` Տավուշի ուղղությամբ, և այդ ատելության քարոզչությունը կա այնտեղ և այլն, այս պայմաններում որևէ սպասումներ չունի, այսինքն` սա շատ կարևոր է նշել, որ մթնոլորտ է, ինչ մթնոլորտում կարելի է սպասել ինչ-որ առաջխաղացում, ինչ մթնոլորտում կարելի չի սպասել: Այս կոնտեքստում մենք պետք է նայենք: Իհարկե, անկախությունը, ինչպես նշված է նաև ծրագրում, բացառիկ արժեք է, և շատ կարևոր է, առաջնահերթություն է անվտանգության ապահովումը, նաև մենք դիտարկում ենք անկախության ճանաչումը, միջազգային ճանաչումը որպես քաղաքական և դիվանագիտական լրացուցիչ լծակ` զսպելու Ադրբեջանին: Այսինքն` այս երկու հարցերն իրար հետ փոխկապակցված են, բայց իհարկե, անվտանգությունն առաջին տեղում է: «Ազատություն». - Արցախի նախագահը երեկ խոսեց նաև, բնականաբար, ղարաբաղյան բանակցություններից, ասաց, որ «Մադրիդյան սկզբունքների» շրջանակում բանակցվում էր, քննարկվում էր երկու տարբերակ. առաջին տարբերակի համաձայն` հայկական կողմն Ադրբեջանին է հանձնում 5 շրջան, երկրորդ տարբերակի համաձայն` Ադրբեջանին է հանձնում 7 շրջան ճանաչման անորոշ հեռանկարով: Ես ուզում եմ հասկանալ, խնդրում եմ մի փոքր մանրամասներ հայտնեք, ինչի՞ շուրջ էիք բանակցում և ինչի՞ շուրջ եք հիմա բանակցում: Մասիս Մայիլյան. – «Մադրիդյան առաջարկները», ինչպես գիտեք, առաջարկվել էին Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներին 2007 թվականի նոյեմբերին, բայց այդ մադրիդյան տրամաբանությունն ինքը, արմատները դրա ավելի խորն են, դա հասնում է մինչև 91 թվականի դեկտեմբերի 16-ը, և Եվրոպայի 12 պետությունների արտգործնախարարներ մի փաստաթուղթ ընդունեցին, այն չափանիշներն ընդունեցին, որի համաձայն իրենք կարող են ճանաչել որպես անկախ այն պետությունները նախկին Խորհրդային Միությունում և Արևելյան Եվրոպայում, որոնք համապատասխանում են այսինքն` այդ չափանիշներին: Եվ այն ժամանակվանից սկսած այդ տրամաբանությունն իշխել է, և մինչև վերջերս այդ տրամաբանության մեջ էին գնում բանակցությունները, այսինքն` իրենց որոշման համաձայն` իրենք ճանաչել են որպես անկախ հանրապետություններ միութեանական հանրապետության կարգավիճակ ունեցող հանրապետություններին, բայց այն ժամանակ օրինակ` նույն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը արդեն հռչակվել էր, այսինքն` սեպտեմբերի 2-ին հռչակվել էր, դեկտեմբերին իրենք որոշում են կայացնում, բայց անտեսում են այդ իրողությունները, որ կա օրինակ` նախկին Խորհրդային Միության տարածքում: Եվ այդ տրամաբանության մեջ շարունակվել է այս ամեն գործընթացը, և դրա արտացոլումը եղել են «Մադրիդյան առաջարկները», որը երկար կյանք է ունեցել` 10 տարուց ավելի քննարկման թեմա է եղել իր տարբեր վարիացիաներով: Այսինքն` մենք կարող ենք արձանագրել, որ այս պահին, և դրա մասին հայտարարվել է մեր հայաստանյան գործընկերների կողմից, որ սեղանի վրա որևէ փաստաթուղթ, որևէ առաջարկ այսօր չկա: Դա նշանակում է, որ սեղանի վրա չկա անգամ նաև այդ` «Մադրիդյան առաջարկները»: «Ազատություն». – Այսինքն` այդ երկու առաջարկները չկան: Մասիս Մայիլյան. – Ընդհանրապես որևէ առաջարկ չկա, նաև չկան այդ առաջարկները: Այս առումով կարծում եմ` քանի որ չկան այդ առաջարկները, նաև քննարկելու անհրաժեշտություն չկա, այդ փաստաթղթերը, կարելի է ասել, կամ առաջարկներն ավելի շուտ մնացել են անցյալում, բայց որն է արդիական, որ պետք են նոր առաջարկներ, նոր մոտեցումներ, որ մենք կարողանանք առաջ տանել այս գործընթացը: Շարունակությունը՝ azatutyun.am-ում
16:31 - 03 սեպտեմբերի, 2020
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության պատվիրակությանը

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 31-ին ընդունել է «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության պատվիրակությանը՝ տարածաշրջանային ծրագրերի ղեկավար Նիկ Սմարթի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Երկրի ղեկավարը շնորհավորել է «The HALO Trust» արցախյան ծրագրի նորանշանակ ղեկավար Մայլզ Հոթորնին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով Արցախում կազմակերպության կողմից կարևորագույն առաքելության իրականացման գործում:Հանրապետության նախագահի խոսքով՝ կառույցի գործունեությունը կենսական նշանակություն ունի Արցախի համար, քանի որ այն գնահատվում է ոչ միայն ականազերծված տարածքների չափով, այլ այն բազմաթիվ խաղաղ բնակիչների փրկված կյանքերով, որոնք ծրագիրը չգործելու պարագայում կարող էին դժբախտ պատահարի զոհ դառնալ:  Նիկ Սմարթը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության և կառույցի ու պետական համապատասխան մարմինների միջև ստեղծված համագործակցության բարձր մակարդակի համար: Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։
15:46 - 31 օգոստոսի, 2020
Լիբանանի հայկական համայնքին է փոխանցվել Արցախից ուղարկված հերթական դրամական օգնությունը

Լիբանանի հայկական համայնքին է փոխանցվել Արցախից ուղարկված հերթական դրամական օգնությունը

Օգոստոսի 27-ին Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարապետ Քաբաբջյանը Բեյրութում հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտաքիին գործերի նախարարությունը։ Հանդիպման գլխավոր նպատակն էր Արամ Առաջին Վեհափառի հովանու ներքո գործող՝ Լիբանանի հայկական համայնքային բոլոր կառույցներն ընդգրկող հանձնախմբին փոխանցելու Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարականով Արցախի կառավարության կողմից լիբանանահայությանը հատկացված 25 միլիոն ՀՀ դրամի չափով դրամական օգնությունը։  Նույն օրը Կարապետ Քաբաբջյանը Լիբանանի ազգային առաջնորդարանում հանդիպում է ունեցել Լիբանանի հայ համայնքի հոգևոր առաջնորդների հետ։ Հանդիպմանը Կարապետ Քաբաբջյանը նշել է, որ Արցախի համար դժվարին ժամանակներում Լիբանանի հայ համայնքը մշտապես սատար է կանգնել արցախահայությանը, և այժմ Արցախն է օգնության ձեռք մեկնում լիբանանահայությանը՝ Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքների վերացմանն օժանդակելու համար։ Լիբանանի հայ համայնքի հոգևոր առաջնորդների անունից շնորհակալական խոսք է ասել Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Շահէ արքեպիսկոպոս Փանոսեանը՝ նշելով, որ Արցախի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունն ավելին է, քան պարզապես դրամական օգնություն. այն ուժ և կորով է ներշնչում լիբանանահայությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։
18:41 - 29 օգոստոսի, 2020