Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործող ղեկավար։ Ծնվել է 1956թ.-ի նոյեմբերի 25-ին։ 1989թ.-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: 1996թ.-ին հռչակվել է բազկամարտի աշխարհի չեմպիոն, 1998թ.-ին դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող: 2004թ.-ից ղեկավարում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

2003թ.-ին մեծամասնական կարգով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր։ 2004թ.-ին հիմնադրել է «Բարգավաճ Հայստան» կուսակցությունը, որը 2007թ.-ին կայացած ընտրություններում ձեւավորեց մեծությամբ երկրորդ խմբակցությունը։ 2012թ․-ին ԲՀԿ-ն ստացավ 37 մանդատ՝ կրկին գրավելով երկրորդ տեղը, 2017-ին 31 մանդատով՝ երկրորդ տեղում, 2018թ-ին 26 մանդատով՝ երկրորդ տեղում։ 

2020 թ․ հունիսի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց Գագիկ Ծառուկյանի բիզնեսներին վերաբերող քրեական գործի հարուցման վերաբերյալ, ըստ որի պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։

2020 թվականի հունիսի 16-ին ՀՀ Ազգային Ժողովը նրան զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից եւ համաձայնություն տվեց կալանավորելու միջնորդությանը։

Ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու համար. դատախազություն

Ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու համար. դատախազություն

2020թ. փետրվարի 1-ին ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու համար: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն է ներկայացրել Ազգային Ժողովին՝ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն, ինչպես նաև նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու համար: Դատախազության հաղորդագրությունը՝ ստորեւ. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ. փետրվարի 1-ին հարուցված և վարույթում քննվող քրեական գործի  նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվում է, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար և դրա կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին իր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու նպատակով, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ, որի կազմում ընդգրկել է «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական և տարածքային մարմինների աշխատակիցների և այլ անձանց։ Կազմակերպված խմբի համակարգված և արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով գործարկվել է ֆինանսական միջոցների տնօրինման և կազմակերպված խմբի անդամների գործունեության վերահսկման համակարգ, կազմվել են հաշվետվություններ, որոնցում արտացոլվել են տրամադրված ֆինանսական միջոցները, դրանց հաշվին կատարվելիք կամ կատարված ծախսերը, իսկ  ընտրողներին տրված կաշառքի վերաբերյալ կազմված ցուցակներում նշվել են նրանց անուն ազգանունները, անձնագրային տվյալները, ընտանիքի անդամների թիվը և դրան համապատասխան տրամադրվող գումարը՝ յուրաքանչյուր անձին 10․000 ՀՀ դրամ։ Կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց միջոցով ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին նախորդող ժամանակահատվածում Գագիկ Ծառուկյանի և կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց կողմից տրամադրված միջոցների հաշվին քաղաքական կուսակցությունների դաշինքին և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքի ընտրողներին 17194 քվեի համար տրվել է ընդհանուր 171.940.000 ՀՀ դրամ կաշառք։ Նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու համար, որպիսի արարքը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38-154․2-րդ հոդվածի 2-րդ մասով, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածով, Ազգային Ժողովի կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետովՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Ազգային Ժողովին՝ համաձայնություն տալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն, ինչպես նաև նրան ազատությունից զրկելուն:
19:07 - 15 հունիսի, 2020
Վերջին օրերի զարգացումները պետք է դրական համարել, եթե նպատակն իրապես օլիգարխիայի դեմ պայքարն է. «Հանուն Հանրապետության»

Վերջին օրերի զարգացումները պետք է դրական համարել, եթե նպատակն իրապես օլիգարխիայի դեմ պայքարն է. «Հանուն Հանրապետության»

«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող գործընթացների վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.  «Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, հարուցված քրեական գործերն ու դրանց շուրջ ծավալվող զարգացումներն իրականում շատ ավելի խորքային երևույթների մակերեսային արտահայտություններն են՝ դրանք առնչվում են թավշյա հեղափոխության ընթացքում ու դրանից հետո հեղափոխական հարթակներից հնչած առանցքային կարգախոսներին ու խոստումներին՝ օլիգարխիայի դեմ պայքարին և բիզնեսի ու քաղաքականության տարանջատմանը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ նույնիսկ առերևույթ կապ ունեցող քրեական գործերի հարուցումն ինքնին քաղաքական է այնքանով, որքանով դրանք վերաբերում են խորհրդարանական՝ մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի ղեկավարին։ Հետևաբար, իրավապահ մարմիններն այս հարցում պետք է լինեն առավել քան զգույշ ու նրբանկատ՝ գործընթացները բացառապես ու ամբողջությամբ իրավական տիրույթում պահպանելու և որևէ քաղաքական շահարկման տեղ չթողնելու համար։ Հայաստանի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական խնդիրների խորքային պատճառները պայմանավորված են եղել տասնամյակներ շարունակ երկրում արմատավորված օլիգարխիայով ու քաղաքականության հետ վերջինիս սերտաճմամբ։ Օլիգարխիան կեղեքել է ազատ տնտեսական մրցակցությունը, տնտեսությունը վերածել է քվոտավորված կիսաքրեական հարաբերությունների։ Դա զուգակցվել է քաղաքականության վրա օլիգարխիայի շարունակական ու աճող ազդեցությամբ, ինչն արդեն հիմնովին խախտել է քաղաքացիների ընտրական իրավունքներն ու քաղաքական ազատությունները։ Ակնհայտ է, որ առանց օլիգարխիայի կազմաքանդման, առանց խոշոր բիզնեսի ու քաղաքականության տարանջատման, առանց Հայաստանի տնտեսական ու քաղաքական համակարգերում քաղցկեղի նման տարածված այդ երևույթներն արմատախիլ անելու՝ մենք չենք կարող էական հաջողություններ արձանագրել ո՛չ տնտեսական հարաբերություններում, ո՛չ քաղաքականության մեջ ընդհանուր առմամբ։ Այդ առումով վերջին օրերի զարգացումները պետք է դրական համարել, եթե դրանց նպատակն իրապես օլիգարխիայի դեմ պայքարն է ու բիզնեսի և քաղաքականության տարանջատումը։ Միևնույն ժամանակ խիստ անթույլատրելի ու դատապարտելի է, եթե այս գործընթացները ծառայեցվեն նեղքաղաքական նպատակների համար և հետապնդեն առանձին անհատների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու շարժառիթներ։ Այդ դեպքում գործընթացն ինքնին կարժեզրկվի և կստանա միանգամայն այլ բնույթ ու նշանակություն։ Չափազանց կարևոր է, որ այս գործընթացները տեղի ունենան բացառապես ինստիտուցիոնալ, համակարգային հարթություններում և վեր լինեն անձնային տիրույթից, որքան էլ դրանք տեղի են ունենում առանձին անհատների նկատմամբ։ Ոստիկանության գործողությունների այն դրվագները, որոնք հարցեր են հարուցել համաչափության տեսանկյունից, պետք է ստանան պատշաճ գնահատական՝ ծառայողական քննության արդյունքում։ Միևնույն ժամանակ չպետք է անտեսել, որ բողոքի այդ ակցիան տեղի է ունեցել համավարակով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության պայմաններում, այսինքն՝ ինքնին եղել է ապօրինի, օրենքից դուրս։ Հայաստանն այս օրերին գտնվում է բավական դրամատիկ իրավիճակում։ Կորոնավիրուսի համավարակը, ցավոք, շարունակում է տարածվել՝ ամեն օր խլելով կյանքեր։ Մյուս կողմից երկրում տեղի են ունենում հիմնարար նշանակություն ունեցող քաղաքական ու իրավական գործընթացներ, և այս պայմաններում առավել, քան երբևէ մեզանից պահանջվում է խոհունություն ու հասունություն՝ երկիրը անցանկալի ցնցումներից ու անկայունությունից զերծ պահելու և մեզ պատուհասած հերթական փորձությունը պատվով ու նվազագույն կորուստներով հաղթահարելու համար»:
16:52 - 15 հունիսի, 2020
Երկրում դժգոհությունը ժամ առ ժամ մեծանում է․ հարցերին լուծումներ տալու, փոխարեն իշխանությունը գնում է ընդդիմախոսներին ահաբեկելու ճանապարհով․ Գագիկ Ծառուկյան

Երկրում դժգոհությունը ժամ առ ժամ մեծանում է․ հարցերին լուծումներ տալու, փոխարեն իշխանությունը գնում է ընդդիմախոսներին ահաբեկելու ճանապարհով․ Գագիկ Ծառուկյան

Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիր նախագաև և ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ.Անկեղծորեն շնորհակալ եմ ձեզ՝ երեկ ցուցաբերած մարդկային մեծ աջակցության համար։Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներկայությամբ ցույց տվեցին, որ մեր երկրում չի կարող լինել մեկ մարդու միանձնյա իշխանություն։Շնորհակալ եմ նրանց, ովքեր երբեք չեն եղել իմ համակիրը, չեն եղել իմ ընտրողը, գուցե եղել են նաև իմ ընդդիմախոսը, բայց տեսնելով դրսևորված անարդարությունը, կատարվածի պարզունակ քաղաքական պատվերը՝ չլռեցին և իրենց վրդովմունքն արտահայտեցին։ Կատարվածն իսկապես շատ տգեղ է, որը կարճ կոչվում է քաղաքական պատվերով քրեական գործերի հորինում։Ինչո՞ւ է իշխանությունը դիմում նման քայլի։ Պատասխանը շատ պարզ է։ Համավարակով պայմանավորված՝ Հայաստանում ստեղծվել է ծայրահեղ ծանր իրավիճակ։ Հայաստանը գտնվում է առողջապահական ճգնաժամի մեջ, որի սոսկալի հետևանքները մեր ազգաբնակչությունը դեռ զգալու է։ Տասնյակ հազարավոր հիվանդների և հարյուրավոր մահերի պատասխանատուն հենց կառավարությունն է՝ իր աններելի անլրջությամբ, վտանգները չպատկերացնելու իր տեսակով։ Նույնիսկ այս պահին կառավարությունը չունի հստակ ռազմավարություն, չի պատկերացնում պրոբլեմն իր ամբողջ խորությամբ։Չգիտի՝ ի՞նչ է պետք անել, ինչպե՞ս է պետք դուրս գալ ստեղծված իրավիճակից: Երկրում օրեցօր աճում է սոցիալական լարվածությունը։ Հազարավոր մարդիկ մենակ են մնացել վարակի առաջ, հարյուր հազարավորները մնացել են մենակ՝ տնտեսական դժվարությունների առաջ։ Երկրում դժգոհությունը ժամ առ ժամ մեծանում է։Իսկ ի՞նչ է անում իշխանությունը. հարցերին լուծումներ տալու, դժվար, բայց իրական աշխատանք կատարելու փոխարեն՝ գնում է ընդդիմախոսներին ահաբեկելու ճանապարհով։Իմ դեմ իրավապահների արշավը, քրեական գործերի հարուցումը սկսվեց օրեր առաջ՝ իմ հայտնի ելույթից հետո։ Անկեղծ ասած՝ ինձ համար դա սպասելի էր։ Բայց հոգուս խորքում ես ունեի մի թույլ հույս, թե իշխանությունը իմ ելույթում հնչեցրած խնդիրները կընկալի որպես ահազանգ, կընկալի որպես երկրի տնտեսական վիճակից քաջատեղյակ մարդու զգուշացում, կընդունի իր ակնհայտ սխալները և կփորձի բոլոր ուժերի համախմբմամբ գտնել լուծումներ։Ես շնորհակալ եմ քաղաքական և հանրային շրջանակներից հնչեցրած աջակցության բոլոր ուղերձների համար։ Սա իմ մասնավոր խնդիրը չէ. սա մեր բոլորի ընտրությունն է։ Ընտրությունը պարզ է. գնալ երկրի խնդիրները գրագետ և համատեղ ուժերով լուծելու ճանապարհով, կամ գնալ այդ խնդիրների մասին խոսողներին ահաբեկելու ճանապարհով։ Իմ ընտրությունը ես արդեն իսկ արել եմ։ Դատելով զարգացումներից՝ շատերն են արել նույն ընտրությունը։ Ես պատրաստ եմ ցանկացած սցենարի։Ես դիմում եմ մեր քաղաքացիներին. մի՛ ընկճվեք, մի՛ հուսահատվեք, ամեն ինչ լավ է լինելու, մենք հաղթահարելու ենք այս ճգնաժամը, նույնիսկ եթե իշխանություններն ու անձամբ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անեն՝ իրավիճակը վատացնելու համար։Ես այսօր ունեմ ընդամենը մեկ ցանկություն. Ես ուզում եմ, որ մեր երկիրը դուրս գա ստեղծված իրավիճակից, իսկ դա այս կառավարությունն անել ի վիճակի չէ։ Վերջապես մեր երկիրը պետք է հանդարտվի։Սիրելի՛ հայրենակիցներ, վերջում ուզում եմ բոլորիդ խնդրել, որպեսզի բոլորս պահպանենք մեր վստահությունը, կամքը, ու նաև խնդրում եմ միշտ, ամեն պարագայում, պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները, ձեր առողջությունն ինձ համար ամեն ինչից վեր է»։
16:17 - 15 հունիսի, 2020
Գագիկ Ծառուկյանը 3 քրեական գործերից որեւէ մեկով ԱԱԾ–ում չի հարցաքննվել. մանրամասներ |news.am|

Գագիկ Ծառուկյանը 3 քրեական գործերից որեւէ մեկով ԱԱԾ–ում չի հարցաքննվել. մանրամասներ |news.am|

news.am: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ՝ հունիսի 14-ին, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարցաքննվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ մյուսների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս մասին ասաց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։ «Հարուցված այդ երեք քրեական գործերից որեւէ մեկով չի հարցաքննվել։ Պարոն Ծառուկյանը հարցաքննվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, Սեդրակ Առուստամյանի եւ շատ այլ անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործով։ Երբ մեզ հրավիրել են ԱԱԾ՝ հարցաքննության, չեն էլ նշել, թե ի՞նչ գործի շրջանակներում ենք կանչվում։ Այսինքն՝ խուզարկությունից հետո միանգամից հրավիրել են։ Պարոն Ծառուկյանն էլ որպես օրինապահ քաղաքացի ու որպես ԱԺ պատգամավոր, չի մերժել հրավերը, եւ գնացել ենք ԱԱԾ»,- պատմեց Էմին Խաչատրյանը։
15:25 - 15 հունիսի, 2020
Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու որևէ հիմք չկա․փաստաբան |pastinfo.am|

Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու որևէ հիմք չկա․փաստաբան |pastinfo.am|

pastinfo.am: Գագիկ Ծառուկյանը որևէ առնչություն չունի այս քրեական գործերի հետ, նրան անձեռնմխելիությունից զրկելու համար որևէ հիմք չկա: Այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը:  «Քրեական հետապնդումը բացարձակ ապօրինի և անթույլատրելի է, որովհետև իրենց թե՛ հայտարարություններում, թե՛ մեկնաբանություններում տեղ գտած մտքերից հստակ կարող ենք պնդել, որ պարոն Ծառուկյանի նկատմամբ սկսվել է բացահայտ քրեական հետապնդում: Իրավաբանության մեջ ունենք նաև «քողարկված» քրեական հետապնդում հասկացությունը, բայց այս դեպքում, նրանք նույնիսկ չեն փորձում այդ եղանակով շարժվել առաջ»,- նշեց Խաչատրյանը: Անդրադառնալով անմեղության կանխավարկածի սկզբունքին՝ Խաչատրյանը նշեց, որ վերջին տարիներին մեր երկրում սովորական բան է դիտարկվում, որ սկզբից բացահայտ պնդումներ են անում, հետո քրեական գործեր են հարուցում, բայց դեռ այդ քրեական գործերի ճակատագիրը մշուշոտ է, քանի որ պետք է բազմակողմանի քննություն ընթանա: «Մենք որևէ կասկածի նշույլ անգամ չունենք, որ Գագիկ Ծառուկյանը այդ քրեական գործերի հետ կարող էր որևէ առնչություն ունենալ։ Վստահ ենք, որ նա որևէ առնչություն չունի և չէր կարող ունենալ և համոզված ենք, որ արդարադատությունը կվերականգնվի։ Հասարակ օրինակ բերեմ՝ պարոն Ծառուկյանն արդեն երկար տարիներ է իր բոլոր ձեռնարկությունները և կազմակերպությունները հանձնել է հավատարմագրային կառավարման, մարդիկ այս պահին ինչ-որ ապօրինի խաղատան թեմա են բարձրացնում, լավ, հարգելիներս, անձն ունի կառավարիչ, ինքն ուղղակի դիվիդենտ է ստանում, այսինքն՝ որևէ անուղղակի, ուղղակիի,միջնորդավորված չի մասնակցում այդ բիզնեսների կառավարմանն ու ղեկավարմանը։ Պարբերաբար ստուգումներ են եղել այդ կազմակերպություններում, նաև այս իշխանության ժամանակ և հիմա ինչ, մեզ ուզում են համոզել, որ, եթե խախտումներ են տեղի ունեցել, իրենք այդ խախտումները չեն տեսել »,- ասաց նա։ Ինչ վերաբերում է Ծառուկյանի տանը կատարվող խուզարկությանը, փաստաբանը նշեց, որ դիմել են դատարան՝ խուզարկության մասին որոշման, քննիչի միջնորդության և դրան կից փաստաթղթերը ձեռք բերելու, որ բավարար տվյալներ ունենալով ՝ հնարավորություն ունենան խուզարկություններ կատարելու թույլտվության վերաբերյալ որոշումների դեմ վերաքննիչ բողոքներ ներկայացնել։ Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը կատարվող խուզարկության ընթացքում առգրավել են քրեական գործերի հետ առնչություն չունեցող իրեր։ Շարունակությունը՝ pastinfo.am-ում
15:02 - 15 հունիսի, 2020
Քրեական հետապնդումը տեղի է ունենում քաղաքական միջամտության և վերահսկողության ներքո․ «Լուսավոր Հայաստան»

Քրեական հետապնդումը տեղի է ունենում քաղաքական միջամտության և վերահսկողության ներքո․ «Լուսավոր Հայաստան»

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել՝ կապված հունիսի 14֊ին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանն իրականացված խուզարկության և դրան հաջորդած իրադարձությունների հետ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Հունիսի 14֊ին մամուլից տեղեկացանք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Այնուհետև ԱԱԾ-ն երեք հաղորդագրություն տարածեց պաշտոնական կայքով, համաձայն որոնց երեք առանձին դեպքի առիթով քրեական գործեր են հարուցվել, որից հետո Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է ԱԱԾ նշված գործերով հարցաքննության։ Այդ ընթացքում ԱԱԾ գլխավոր մասնաշենքի մոտ տարերայնորեն և ինքնաբուխ կերպով հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ, ինչպես նաև Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորներ։ ՀՀ Ոստիկանությունը, կիրառելով անհամաչափ ուժ, բերման էր ենթարկել, ըստ ոստիկանության տվյալնների, 252 մարդու (վարչական ձերբակալում)՝ այդ ընթացքում դրսևորելով անհարգալից վերաբերմունք քաղաքացիների և պատգամավորների նկատմամբ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վերահաստատում է, որ հանցագործություն կատարած անձինք պետք է ենթարկվեն քրեական հետապնդման և դատապարտվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Միևնույն ժամանակ մենք, հավատարիմ մնալով իրավական պետության արժեքներին և իրավունքի գերակայության սկզբունքին, դատապարտում ենք քաղաքական ազդեցությունն ու վերահսկողությունը ցանկացած քրեական հետապնդման նկատմամբ։ Օրենք խախտած յուրաքանչյուր ոք պետք է պատասխանատվություն կրի օրենսդրության ամբողջ խստությամբ, սակայն իրավական գործընթացների օգտագործումը, ինչպես նաև շանտաժի, կոմպրոմատների օգտագործումը՝ որպես քաղաքական գործիք՝ ընդդիմախոսներին լռեցնելու, բռնաճնշելու նպատակով, անընդունելի է և դատապարտելի: Քաղաքական ազդեցությունը իրավապահ մարմինների նկատմամբ ոչնչացնում է քրեական հետապնդման իրավաչափությունը։ Վերոնշյալ գործընթացներին զուգահեռ քաղաքական իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ պատգամավորների և նախարարների կողմից սոցիալական ցանցերում տարածվում էին առերևույթ նախաքննության գաղտնիք պարունակող ապացույցներ։ Ավելին, վերոնշյալ պաշտոնատար անձինք անմեղության կանխավարկածի ակնհայտ խախտմամբ հայտարարություններ էին անում։ Հատկանշական է՝ նույն օրվա ընթացքում տարբեր դեպքերի առթիվ քրեական գործերի հարուցումը և նույն անձին այդ նույն գործերով հարցաքննության կանչելը։ Վերոնշյալն ակնհայտորեն ցույց է տալիս, որ քրեական հետապնդումը տեղի է ունենում քաղաքական միջամտության և վերահսկողության ներքո։ Սա արդեն փաստում է իշխող քաղաքական ուժի՝ պետական քաղաքականություն իրականացնելիս ազնվության ակնհայտ բացակայության և երկակի ստանդարտներով առաջնորդվելու մասին, ինչը դրսևորվում է կոմպրոմատային քաղաքականությամբ և օրենքի ընտրողաբար կիրառմամբ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը խստագույնս դատապարտում է, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, քրեական հետապնդումներ իրականացնելը, օրենքի ընտրողաբար կիրառումը։ Իշխանություններին կոչ ենք անում զբաղվել համավարակի դեմ պայքարով և սոցիալ֊տնտեսական բարդացող իրավիճակի կառավարմամբ՝ քրեական հետապնդումները թողնելով միայն իրավապահ մարմիններին»։
10:46 - 15 հունիսի, 2020
Եվս մեկ անգամ կրկնում ենք՝ չի կարող լինել որևէ պատգամավորի, այդ թվում Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու քաղաքական որոշում․ Գլխավոր դատախազի խորհրդական

Եվս մեկ անգամ կրկնում ենք՝ չի կարող լինել որևէ պատգամավորի, այդ թվում Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու քաղաքական որոշում․ Գլխավոր դատախազի խորհրդական

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Եվս մեկ անգամ կրկնում ենք՝ չի կարող լինել որևէ պատգամավորի, այդ թվում նաև Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու քաղաքական որոշում: Նման որոշումները կայացվում են բացառապես քրեական դատավարության շրջանակներում՝ ելնելով նրանից, թե որքանով է գլխավոր դատախազը քննության ընթացքում հավաքված ապացույցները բավարար կամ անբարարար գնահատում նման միջնորդության հիմնավորվածության տեսանկյունից: Հետևաբար անիմաստ է իրադարձություններից առաջ ընկնելով, բացառապես քրեադատավարական պրոցեսները քաղաքականացնելու փորձերը: Եթե նման հարցով Ազգային ժողովին միջնորդություն ներկայացվելու դատավարական հիմքերը լինեն, դատախազությունը հանրությանը կտեղեկացնի այդ մասին»:
10:42 - 15 հունիսի, 2020
Մի խումբ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Մի խումբ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ ««Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվել են հավաքները: 2020 թվականի հունիսի 14-ին մի խումբ անձինք, անտեսելով հավաքների արգելքը' Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 104 հասցեում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի մոտակայքում,  կազմակերպել և անցկացրել են հավաք: Նշված անձինք չեն ենթարկվել նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի տարածումը կանխելու նպատակով սոցիալական հեռավորություն պահպանելու և հավաքը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության օրինական պահանջներին, ուստի ժամը 22։00-ի դրությամբ 252 անձի նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում։ Մի խումբ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»:
09:26 - 15 հունիսի, 2020
Գագիկ Ծառուկյանը 10 ժամ անց դուրս է եկել ԱԱԾ շենքից |armtimes.com|

Գագիկ Ծառուկյանը 10 ժամ անց դուրս է եկել ԱԱԾ շենքից |armtimes.com|

armtimes.com: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ քննչական դեպարտամենտից դուրս գալից պատասխանեց լրագրողների ընդամենը 1 հարցի. «Բոլոր կատարված գործողությունները, որը դա տեղի է ունեցել իմ ելույթից հետո, ես դա համարում եմ քաղաքական հետապնդում: Կան թղթեր, սարքած թղթեր, ամեն ինչը դա  եղել է իմ ելույթից հետո, ուրեմն սա քաղաքական հետապնդում է»,-ասաց նա: Պատասխանելով հարցին, թե կոնկրետ որ քրեական գործով է ինքը հարցաքաննվել, Ծառուկյանը միայն նշեց, որ քննությունը է տարվում. «Ասենք թե կարող եք դիմել համապատասխան մարմիններին, ամեն ինչ իմանալ: Բայց ես ասում եմ, սա քաղաքական հետապնդում է, պապուս թվի գործերը հանել են, ես բիզնեսների կառավարման հետ գործ չունեմ: Այս գործողությունները եղել են իմ ելույթից հետո, ուրեմն սա քաղաքական հետապնդում է, եթե ելույթից առաջ լիներ,  կմտածեի 50/50 է: Ես միայն այսքանը կասեմ: Շնորհակալություն, բոլորդ գնացեք տուն»,-եզրափակեց նա:  Ծառուկյանին ԱԱԾ շենքի դիմաց դիմավորել են նրա աջակիցները։ Նրանցից ավելի քան 100-ը բերման է ենթարկվել ոստիկանություն պարետի սահմանված կանոնները խախտելու համար։ Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
09:22 - 15 հունիսի, 2020
Ի տարբերություն 2015 թվականի՝ այս անգամ իշխանությունը սակարկումների և քաղաքական էջը փակելու տրամաբանության մեջ չի աշխատելու․ Ալեն Սիմոնյան

Ի տարբերություն 2015 թվականի՝ այս անգամ իշխանությունը սակարկումների և քաղաքական էջը փակելու տրամաբանության մեջ չի աշխատելու․ Ալեն Սիմոնյան

Պարոն Ծառուկյանն ազնիվ էր, երբ ասում էր, որ ինքը մինչև վերջ գնալու է, որովհետև, ի տարբերություն 2015 թվականի, այս անգամ իշխանությունը սակարկումների և քաղաքական էջը փակելու տրամաբանության մեջ չի աշխատելու և չի աշխատում։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում նշեց ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այսօրվա իրադարձություններին։ Ըստ Ալեն Սիմոնյանի՝ այսօր տեղի ունեցող գործընթացը լիովին իրավական է, և չի հաջողվելու գործընթացին քաղաքական երանգ տալ։ «Մինչև օրս եղած դեպքերը վկայում են, որ զուտ իրավական պրոցես է։ Քրեական գործը և քրեական գործի մանրամասները, որի մասին խոսում են այսօր, եղել են ավելի շուտ, քան  պարոն Ծառուկյանի քաղաքական քննադատությունը»,- նշեց նա։ Ալեն Սիմոնյանը նաև անդրադարձավ 2017-ի ընտրությունների վերաբերյալ համացանցում հայտնված փաստաթղթերին։ Նա ենթադրում է, որ այդ փաստաթղթերը կան ոչ միայն համացանցում, այլև  իրավապահ մարմինների մոտ։ «ՀՀ որևիցե քաղաքացի չի մոռացել, թե ընտրությունները ՀՀ-ում ինչ մեխանիզմներով էին տեղի ունենում։ Փաստաթղթերը, որոնք հրապարակվել են համացանցում, հենց դրա ապացույցն են։ Սպասենք, կտեսնենք՝ արդյո՞ք կստացվի, որ այդ փաստաթղթերը կեղծ են»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտարարություններ տարածեց։ Հայտարարություններից մեկի համաձայն՝ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» ընկերությունների ապօրինի գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս: Ըստ ԱԱծ-ի հաջորդ հայտարարության՝ բացահայտվել են 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ անդամների կողմից ընտրողներին կաշառելու հարյուրավոր դեպքեր: ԱԱԾ-ի դիմաց, որտեղ Գագիկ Ծառուկյանն առավոտից հարցաքննվում է, նրա աջակիցները հավաք են անցկացնում։          
21:04 - 14 հունիսի, 2020
Մեր մեջ վախեցածներ չկան, մեր մեջ իրենց սկզբունքներից հրաժարվողներ չկան. Նաիրա Զոհրաբյան |pastinfo.am|

Մեր մեջ վախեցածներ չկան, մեր մեջ իրենց սկզբունքներից հրաժարվողներ չկան. Նաիրա Զոհրաբյան |pastinfo.am|

pastinfo.am: Ողջ աշխարհը հետևում է այս պահին, թե ինչպես են անօրինական կերպով բռնություն գործադրում կին պատգամավորների նկատմամբ, և զարմացնում է իշխանական թիմի կին պատգամավորների պահվածքն, ովքեր լռում են: Սա բումերանգ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ տեսնում ենք, թե ինչպես է ժողովրդավարական կարգախոսներով իշխանության եկած ուժն ավելի բիրտ մեթոդներ կիրառում իր ընդդիմախոսներին լռեցնելու: «Հանկարծ չմտածեն, որ մեր մեջ վախեցածներ կան: Մեր մեջ վախեցածներ չկան, մեր մեջ իրենց սկզբունքներից հրաժարվողներ չկան և, եթե մենք դուրս ենք եկել, ուրմեն մենք հաշվարկել ենք այս իշխանության ստորության ու նենգության բոլոր հնարավոր քայլերը, որ կարող է բոլորիս դեմ, այդ թվում՝ ինձ, որ թվում է, թե աբսուրդային բան կլինի, շինծու գործեր հարուցել, փորփել, քրքրել մեր անձնական կյանքը: Ամեն ինչի ընդունակ են: Ամեն ինչի պատրաստ ենք, որևէ ռեպրեսիա չի ստիպելու մեզ հետ կանգնել մեր խնդրից՝ երկրում հաստատել օրինականություն»,- ասաց Զոհրաբյանը՝ նշելով, որ այսօր դրվեց այս իշխանության վերջի սկիզբը և կտեսնենք, թե ինչ արագ է այս իշխանությունը կնքելու իր քաղաքական մահկանացուն: Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին տեղեկատվությանը՝ Զոհրաբյանը նշեց, որ վստահ է, որ իշխանությունը մեկ միասնական կոճակ դարձած քվեարկելու է կողմ:
20:39 - 14 հունիսի, 2020
Տեղի ունեցող իրադարձություններն իրավական դաշտում են. վարչապետի խոսնակ |azatutyun.am|

Տեղի ունեցող իրադարձություններն իրավական դաշտում են. վարչապետի խոսնակ |azatutyun.am|

azatutyun.am: Տեղի ունեցող իրադարձություններն իրավական դաշտում են։ Այս մասին ասաց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը` ի պատասխան հարցադրման, թե ինչ գնահատական է տալիս վարչապետը ԲՀԿ ղեկավարի շուրջ գործընթացներին: Մանե Գևորգյանը նշեց, որ այլ մեկնաբանություններ չունեն, հորդորում են հետևել իրավապահների հաղորդագրություններին։ Ինչ վերաբերում է դրսում` Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց, կատարվածին, ապա ըստ Մանե Գևորգյանի՝ անհասկանալի է, երբ ընդդիմադիր ամենամեծ խմբակցության պատգամավորները արտակարգ դրության պայմաններում, երբ արգելված են հավաքներն ու մարդկային կուտակումները, գնում են նման քայլերի՝ վտանգելով քաղաքացիների առողջությունը, այնինչ, հենց իրենք նման պայմաններում պետք է լինեին օրինակ մյուս քաղաքացիների համար։ Հիշեցնենք, որ այսօր առավոտից ԱԱԾ-ն խուղարկություն էր իրականացնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը: Այնուհետև Ծառուկյանը տան դիմաց հավաքվածներին հայտարարեց, թե իր նկատմամբ քաղաքական ճնշման փորձ է կատարվում, և որ «ամեն ինչ սարքած է»` հավելելով, որ ինքը գնում է հարցաքննության: ԱԱԾ դիմած, որտեղ Ծառուկյանը հարցաքննվում է, հավաքվել են ԲՀԿ-ական պատգամավորները և Ծառուկյանի աջակիցները: ԲՀԿ-ականները նշում են, որ թույլ չեն տալու իրենց լռեցնել: Նրանք նաև շեշտում էին, որ Ծառուկյանի աջակիցներն ինքնակամ են այստեղ եկել: Ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար 100-ից ավելի քաղաքացի բերման է ենթարկվել: ԱԱԾ-ի այսօր տարածած հաղորդագրութան համաձայն` Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» ընկերությունների ապօրինի գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս: Մյուս հաղորդագրությամբ, ըստ ԱԱԾ-ի, բացահայտվել են ԲՀԿ անդամների կողմից ընտրողներին կաշառելու հարյուրավոր դեպքեր 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
19:20 - 14 հունիսի, 2020