Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է։

Եղել է Գեղարքունիքի մարզպետը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ «Հայկական աշխարհագրական ընկերություն» գիտական-հասարակական կազմակերպության անդամ։ Ծնվել է 1983թ․ հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում։ 2000-2006 թթ․ սովորել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում՝ ստանալով բակալվրի, այնուհետև՝ բնօգտագործում և բնապահպանություն մագիստրոսի աստիճան։

2004-2010թթ. եղել է ուսուցիչ «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում։ 2007-2010 թթ․ դասավանդել է Երևանի Հյուսիսային համալսարանում, այնուհետև՝ 2006-2018թթ․՝ Արտաքին տնտեսական կապերի համալսարանում։ 2014-2015թթ. «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում աշխատել է որպես վաճառքի պատասխանատու։ 2018թ. մայիս- հոկտեմբեր եղել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ։ Նույն թվականի հոկտեմբերի 10-ին նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ։

Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում երկրաշարժի հետեւանքով էլեկտրաէներգիա չկա. մարզպետ
 |armtimes.com|

Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում երկրաշարժի հետեւանքով էլեկտրաէներգիա չկա. մարզպետ |armtimes.com|

armtimes.com: Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում քիչ առաջ տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով էլեկտրաէներգիա չկա: Այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Ինչ-որ բան է վնասվել, որի ուղղությամբ այս պահին աշխատանքներ են տարվում, որպեսզի վերականգնվեն»,- ասաց Սանոսյանը: Նրա խոսքով՝ այս պահին տեղեկություններ չկան շենք-շինություններ վնասվել են, թե՝ ոչ. «Այս պահին ամենակարեւորը՝ կարծես մարդկային զոհեր չունենք: Առաջնային խնդիրը հիմա հոսանքը վերականգնելն է»: Հարցին՝ ամբո՞ղջ մարզն է հոսանքազրկվել, մարզպետը պատասխանեց. «Շողակատի եւ Ճամբարակի տարածաշրջանում է»:Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 5-ին՝ տեղական ժամանակով 19:36-ին գրանցվել է երկրաշարժ՝ Հայաստանի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում 5-6  բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6  բալ ուժգնությամբ, Երևանում՝ 3 - 4  բալ ուժգնությամբ: 
20:43 - 05 փետրվարի, 2021
Գեղարքունիքի մարզպետարանը կհամագործակցի ԿԽՄԿ hայաստանյան գրասենյակի հետ

Գեղարքունիքի մարզպետարանը կհամագործակցի ԿԽՄԿ hայաստանյան գրասենյակի հետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին։ Ինչպես հանդիպման սկզբում ներկայացրեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Քարամյանը, իրենց այցի նպատակը Գեղարքունիքի մարզում գործունեություն ծավալելն է՝ կապված 2020 թվականի Արցախյան պատերազմի հետեւանքների վերացման կամ մեղմման, պատերազմից տուժած բնակչության հիմնախնդիրների կարգավորման հետ։ «Մենք կարեւորում ենք համագործակցությունը Գեղարքունիքի մարզպետարանի հետ, դրա համար կցանկանայինք լսել ձեր մտահոգություններն ու առաջարկությունները, ծանոթանալ տեղահանված կամ սահմանամերձ համայնքներում բնակվող մարդկանց կարիքներին»,-նշեց Արմեն Քարամյանը։ Մարզպետ Գնել Սանոսյանը խոսեց պատերազմի ընթացքում եւ հետպատերազմական ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում ի հայտ եկած հիմնախնդիրների մասին, որոնք առկա են մի շարք ուղղություններում եւ պահանջում են առաջնահերթ կարգավորումներ։ «Ողջունելի է, որ հետպատերազմական ժամանակաշրջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ցանկություն է հայտնել գործունեություն ծավալել Գեղարքունիքի մարզում։Մենք պատերազմի ընթացքում եւ հետպատերազմյան ժամանակահատվածում համագործակցել ենք Հայկական Կարմիր խաչի հետ, ու վստահ եմ, որ այս համագործակցությունը եւս արդյունավետ ընթացք կունենա։ Մեր մարզում պատերազմի հետեւանքների մեղմման կամ վերացման նպատակով տրամադրվող աջակցության կարիքները կարելի է բաժանել մի քանի ուղղությունների՝ աշխատանք զոհվածների, վիրավորների, անհետ կորածների, Արցախից տեղահանվածների եւ սահմանամերձ բնակավայրերում բնակվող ընտանիքների հետ։ Վերջին երկու տարիների ընթացքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սահմանամերձ բնակավայրերում բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել ենթակառուցվածքների կարգավորման ուղղությամբ, սակայն դեռեւս անելիքներ կան»,-ներկայացրեց մարզպետ Գնել Սանոսյանը։ Այնուհետև մարզպետն ըստ ոլորտների ներկայացրեց իրավիճակը, մասնավորապես անդրադառնալով այն խնդիրներին, որոնք ի հայտ են եկել պատերազմի հետեւանքով եւ անմիջապես առնչվում են առավել խոցելի խմբերի հետ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ Ինսկե Վանդորմայլը եւ Միքայել Ռիեպլը հետաքրքրվեցին աջակցության հետ կապված առաջնահերթ խնդիրներով եւ անելիքներով, միաժամանակ շեշտելով, որ իրենք ցանկանում են մարզպետարանի հետ համատեղ գնահատել բոլոր կարիքները եւ տարբեր ծրագրերի իրականացմամբ սկսել աջակցության գործընթացը։ «Մենք նյութական ու մասնագիտական աջակցություն կցուցաբերենք նաեւ դատաբժշկական ոլորտում։ Անհետ կորածների հարցերով կաջակցենք ոչ միայն Արցախյան վերջին, այլ նաեւ առաջին պատերազմի ժամանակ տուժած ընտանիքներին։ Դրա համար ցանկանում ենք անձամբ խոսել պատերազմից տուժած ընտանիքների հետ, մոտիկից ծանոթանալ բոլոր առկա հիմնախնդիրներին ու փորձել դրանք կարգավորել։ Մեզ նաեւ հետաքրքրում է, թե որքանով են ինտեգրվում Գեղարքունիքի մարզում Արցախից տեղահանված ընտանիքները»,-նշեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները։ Գնել Սանոսյանը հույս հայտնեց, որ Գեղարքունիքի մարզպետարանի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան գրասենյակի համագործակցությունը կտա ցանկալի ու տեսանելի արդյունքներ։«Մենք պետք է լինենք մշտական շփումների մեջ, ոլորտ առ ոլորտ վեր հանենք ու համաձայնեցնենք կարիքների գնահատման ու կարգավորման առաջնահերթությունները։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը Գեղարքունիքի մարզում մեծապես կնպաստի հետպատերազմական ժամանակահատվածի խնդիրների կարգավորմանը»,-եզրափակեց Գեղարքունիքի մարզպետը:
16:33 - 04 փետրվարի, 2021
Սանոսյանը Գեղարքունիքի մարզի դպրոցների տնօրենների հետ քննարկել է կրթական համակարգի խնդիրները

Սանոսյանը Գեղարքունիքի մարզի դպրոցների տնօրենների հետ քննարկել է կրթական համակարգի խնդիրները

Այսօր խորհրդակցություն անցկացրեցի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, որի ընթացքում քննարկվեցին կրթական համակարգի առաջնահերթ խնդիրները։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:  «Խորհրդակցության սկզբում մեկ րոպե լռությամբ հարգեցինք Արցախյան վերջին պատերազմում զոհված հայորդիների հիշատակը։ Ապա Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորեցի տնօրեններին և կրթական համակարգի աշխատակիցներին: Մինչ օրակարգային հարցերի քննարկումը՝ խոսեցի կրթական համակարգում առկա խնդիրների բարելավման մասին:Իմ պատկերացմամբ, Արցախյան պատերազմում մեր կրած անհաջողության հիմնական պատճառներից մեկն այն է, որ մենք շատ բաց ու թերի կողմեր ունենք մեր կրթական համակարգում ու բոլորս ընդհանուր ուժերով պետք է փորձենք հնարավորինս արագ շտկել իրավիճակը՝ նորովի մոտեցում ցուցաբերելով արդի աշխարհի կրթական պահանջներին։ Արագ զարգացող աշխարհում, որպեսզի մենք կարողանանք դիմագրավել արտաքին մարտահրավերներին, պետք է հզորանանք, ինչն անհնար է պատկերացնել առանց մրցունակ կրթական համակարգի ձևավորման։ Իսկ այդ կարևորագույն պահանջի իրականացումը կախված է մեզանից յուրաքանչյուրից։Շնորհակալություն հայտնեցի, առաջին հերթին, մեր դպրոցների այն տնօրեններին և ուսուցիչներին, ովքեր անձամբ ներգրավված են եղել մարտական գործողություններում։   Նաև իմ երախտագիտությունը հայտնեցի բոլոր տնօրեններին, մանկավարժներին, ծնողներին ու աշակերտներին, ովքեր տարբեր կերպ օժանդակել են Արցախին և Արցախից մարզ տեղափոխված ընտանիքներին։ Խնդրեցի, որ առանձնակի ուշադրություն դարձնենք Արցախից տեղափոխված ընտանիքների երեխաներին, անենք հնարավորը, որպեսզի նրանք լիարժեք ներգրավվեն կրթական գործընթացում, ստանան հոգեբանական աջակցություն, հարմարվեն նոր միջավայրին։ Խնդրեցի նաև անձամբ այցելել զոհված, վիրավորում ստացած կամ անհետ կորած մեր զինվորների ընտանիքներին, զրուցել նրանց հետ, սփոփել նրանց, նաև մեզ հուշել, թե ինչ կարգի օժանդակություն կարող է ցուցաբերվել մեր կողմից։ Միաժամանակ, առաջարկեցի մեր զոհված զինվորների պատվին դպրոցներում ստեղծել փառքի անկյուններ, կազմակերպել Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումներ։Խոսեցի նաև դպրոցներում համավարակի դեմ պայքարի կանոնների պահպանման մասին: Շատ կարևոր է նաև դասասենյակներում բավարար ջերմաստիճանի ապահովումը։ Ճիշտ է, որոշ դպրոցներում մենք դրա համար բավարար պայմաններ դեռ չունենք, սակայն պետք է անհրաժեշտ ջանքեր գործադրենք, որպեսզի խուսափենք սուր շնչառական հիվանդություններից ու դրանց տարածումից։  Խոսվեց նաև օրենքով սահմանված կարգով դպրոցական շենքերի տարածքները վարձակալությամբ տրամադրելու, առարկայական օլիմպիադաների մարզային ու հանրապետական փուլերում բավարար արդյունք ապահովելու, տնտեսված միջոցները նպատակային օգտագործելու, փաստաթղթաշրջանառությունն ու գործավարությունը բարձր հիմքերի վրա դնելու, ուսուցիչների մրցույթների կազմակերպման նպատակով տրվող հայտարարությունները ժամանակին հրապարակելու և այլ հարցերի մասին։   Լսեցի դպրոցների տնօրենների կողմից բարձրացված հարցերն ու առաջարկները՝ տեղում քննարկելով դրանք ու տալով համարժեք պատասխաններ։
21:47 - 22 հունվարի, 2021
Մարտունու բժշկական կենտրոնի Covid-19-ի  բաժանմունքը կընդարձակվի

Մարտունու բժշկական կենտրոնի Covid-19-ի բաժանմունքը կընդարձակվի

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնի Քովիդ-19-ի բաժանմունքը 2021 թվականի սկզբից կընդարձակվի: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը դեկտեմբերի 30-ին՝ Մարտունու բժշկակական կենտրոն կատարած աշխատանքային այցի ընթացքում, ծանոթացել է բաժանմունքի ընդարձակման հետ կապված աշխատանքներին։ Ինչպես ներկայացրել է Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, բաժանմունքի լրացուցիչ սենյակները կահավորվում ու շահագործման են նախապատրաստվում գործող բաժանմունքից առանձին մեկ այլ հարկաբաժնում։ Արդեն հիմնանորոգված են բաժանմունքի ընդարձակման համար նախատեսված բոլոր սենյակները, ընթանում են մաքրման և կահավորման աշխատանքներ։ Բաժանմունքի ընդարձակված հատվածը դրական ախտորոշում ունեցողներին կընդունի 2021 թվականի առաջին օրերից։ Պահանջվող ֆինանսական միջոցները հատկացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Կահավորումն ընթանում է առանց խնդիրների՝ նախատեսված ժամանակացույցին համապատասխան։ Տեղադրված են 20 մահճակալներ և թթվածնի 15 կետեր։ Հաշված օրերի ընթացքում մենք բաժանմունքի նոր հատվածում կընդունենք մեզ դիմած քաղաքացիներին»,- ներկայացրել է ԲԿ տնօրենը։ Գնել Սանոսյանը շրջել է հիմնանորոգված և կահավորված սենյակներում, զրուցել բուժանձնակազմի հետ, տվել համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։ «Բաժանմունքի ընդարձակման անհրաժեշտությունն առաջացավ այս տարվա հոկտեմբեր ամսին, երբ Մարտունու բժշկական կենտրոնը, բացի կորոնավիրուսով հիվանդներից, ընդունեց նաև Արցախյան պատերազմի ընթացքում վիրավորված զինվորներին։ Նման գերբեռնվածության պայմաններում մենք որոշեցինք ընդարձակել համապատասխան բաժամունքը։ Նախատեսեցինք գործող մահճակալների թիվը 50-ից հասցնել 70-ի։ ՀՀ առողջապահության նախարարությունը դրականորեն արձագանքեց մեր առաջարկությանը, և այսօր արդեն ունենք այս կարևոր ձեռքբերումը, հատկապես, որ համավարակը դեռ չի նահանջել։ Հուլիսից մինչ տարեվերջ Մարտունու բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման միջոցով առողջացել են վարակված 440 հիվանդ։Այստեղ բուժվել են ոչ միայն մեր մարզի, այլև Երևանի և Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներ։ Այդ ընթացքում բաժանմունքի բժիշկները նվիրական գործ են կատարել»,- նշել է մարզպետ Գնել Սանոսյանը:
08:58 - 31 դեկտեմբերի, 2020
Առաջին Թումո տուփը բացվեց Գավառում

Առաջին Թումո տուփը բացվեց Գավառում

Այսօր` դեկտեմբերի 18-ին, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և dot818 ընկերության համագործակցության շնորհիվ Գավառ քաղաքում բացվեց առաջին Թումո տուփը, որն ուղղված է մարզային քաղաքներում և գյուղերում կրթության  զարգացմանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։Բացման միջոցառմանը Թումոյին և Գավառի Թումո տուփի հովանավոր dot818 ընկերությանը միացան ՀՀ ԿԳՍՄՆ նախարար Վահրամ Դումանյանը, փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԲՏԱ փոխնախարար Վիկտորյա Պողոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև Թումո շրջանավարտներ ու Գավառի տուփի ապագա ուսանողներ։Ողջունելով ներկաներին` Թումո կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը նշեց. «Թումոյի մարզային ընդլայնումը էլ ավելի մեծ թափ է ստանում Գավառի Թումո տուփի բացումով: Հաշված օրերից ևս մի Թումո տուփ կբացվի Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում: Այս գործընթացը շարունակական է, և դրանով մենք վերահաստատում ենք մեր առաքելությունը` Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնել Հայաստանի և Արցախի անգամ ամենափոքր համայնքների պատանիներին»: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կարևորեց Տուփի ծրագրի իրականացումը փոքր համայնքներում․ «Շնորհակալ եմ մեր գործընկերներին, որ անգամ այս դժվարին ժամանակահատվածում կարողացան բացել առաջին Թումո տուփը Գավառում։ Մարզպետարանը և մեր համայնքները պատրաստակամ են աջակցել առաջիկա Թումո տուփերի բացմանը Գեղարքունիքի մարզում։ Ուրախությամբ նշեմ, որ առաջիկայում Սևանում ևս կունենանք Թումո տուփ։ Կարևորում եմ Թումոյի կրթական ծրագրի էլ ավելի ապակենտրոնացումը․ այսպես երեխաները կարողանում են հենց իրենց համայնքում ստանալ ժամանակակից կրթություն»։  Համագործակցությանն ու նախագծի կարևորությանն ԱՄՆ-ից անդրադարձավ dot818-ի հիմնադիր Դավիթ Տոնոյանը՝ նշելով․ «dot818-ը շատ ոգևորված և հպարտ է Գավառի Թումո տուփ նախագծի իրականացմամբ։ Հայ պատանիների մտքի բնական ճկունության զարգացումն է մեր հաջողությունների երաշխիքը արհեստի, արվեստի, շինարարության, մշակույթի և գիտության մեջ։ Լավագույնն եմ ցանկանում Գավառի երեխաներին և Թումոյի թիմին։ Մինչ հաջորդ նախագիծ Հայաստանում»։ Միջոցառմանը նաև տեղի ունեցավ Թումո տուփի ամենաառաջին գրանցված գավառցի պատանիների ծանոթացումը ծրագրին ու հանդիպումն արդեն փորձառու թումոցիների և շրջանավարտների հետ: Եգորը, Հայկն ու Լարիսան առաջին փորձարկումներն արեցին ռոբոտաշինության, նկարչության և ծրագրավորման ոլորտներում:Թումո տուփ նախագծի նպատակը փոքր համայնքների պատանիների համար Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնելն է։ Այն փոքր, սակայն տեխնիկապես հագեցած մինի Թումո է։ Ուսանողները՝ Թումո կրթական ծրագրի մաս կազմող ինքնուսուցման փուլը անցնելու են Տուփում, իսկ Թումոյի գործնական դասընթացների համար ուղևորվելու են Թումո Դիլիջան։ Յուրաքանչյուր Թումո տուփ հնարավորություն է տալու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու։ Բացի Թումոյի հիմնական ծրագրից, առավոտյան ժամերին Տուփը կարող է օգտագործվել այլ կրթական ծրագրեր իրականացնելու համար։Dot818-ը ամերիկյան մարքեթինգային ընկերություն է, որը հիմնվել է 2011 թվականին Կալիֆորնիայում: Այն զբաղվում է հրատարակչական, գովազդի և մարքեթինգի գործառույթներով: Կալիֆորնիայում տեղակայված գլխամասից բացի այն նաև ունի գրասենյակ Հյուսիսային Կարոլինայում և Մեծ Բրիտանիայում:Թումո տուփի հաջորդ ուղղությունը Տավուշի մարզի Բերդ քաղաքն է։ Դրա բացումը նույնպես կկայանա այս ամիս:
17:36 - 18 դեկտեմբերի, 2020
Ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանքով վիրավորված Մեծ Մասրիկի բնակիչը մահացել է

Ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանքով վիրավորված Մեծ Մասրիկի բնակիչը մահացել է

Ադրբեջանի հրետակոծության հետևանքով ծանր վիրավորված ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչը մահացել է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Ցավով պետք է տեղեկացնեմ, որ Երեւանի Միքայելյանի անվան հիվանդանոցում մահացել է այս տարվա հոկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմի հրետակոծության հետեւանքով ծանր վիրավորում ստացած ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ,1968 թվականին ծնված, Ռոբերտ Եղիազարյանը: Բժիշկները օրեր շարունակ պայքարում էին Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետեւանքով վիրավորում ստացած քաղաքացու ապաքինման համար, սակայն նրա կյանքը, ցավոք սրտի, փրկել չհաջողվեց։ Այս ամենը մեկ անգամ եւս փաստում է՝ Ադրբեջանի ագրեսիվ ու ցեղասպան քաղաքականությունը հայ ժողովրդի հանդեպ, որը կատարվում է էթնիկ ատելության հողի վրա: Ադրբեջանի իրականացրած ցեղասպան հանցագործությունները, ուղղված խաղաղ բնակչության թիրախավորման ու ոչնչացման, պետք է խստագույնս դատապարտվի»,- գրել է Սանոսյանը:
00:17 - 23 հոկտեմբերի, 2020
Մինչ այս պահը Գեղարքունիքի մարզում խոցվել է 18 ԱԹՍ․ Գնել Սանոսյան

Մինչ այս պահը Գեղարքունիքի մարզում խոցվել է 18 ԱԹՍ․ Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզում վնասվել են շուրջ 40 առանձնատներ, 2 դպրոց Կութ և Սոթք համայնքներում։ Մեծ Մասրիկում խոցման հետևանքով ոչ միայն տունն ամբողջովին փլուզվեց, այլև հարակից գազատարը վնասվեց, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ «Բազմաթիվ դաշտային տարածքներում կան հրետակոծություններ, որոնք բերում են նրան, որ գյուղատնտեսական աշխատանքները կատարելու խնդիր կարող է առաջանալ և առաջացել է»,- ասաց մարզպետը։  Նա ավելացրեց, որ ընդհանուր առմամբ՝ մարզի բնակչությունը առաջին օրերից հետո սկսել է նաև սովորել հակառակորդի կողմից իրականացվող գործողություններին, և բավական լավ քաղպաշտպանության է անցել և դրա արդյունքում կարողանում է խուսափել ավելի մեծ թվով վիրավորներից և զոհերից։ Գնել Սանոսյան հիշեցրեց, որ մինչ այս պահը մարզում խոցվել է 18 ԱԹՍ։ «Ուզում եմ ընդգծել, որ դրանք միայն Վարդենիսի տարածաշրջանում չեն խոցվել, խոցվել են նաև Մարտունու և Գավառի տարածաշրջաններում»-ավելացրեց նա։  Սանոսյանը պատմեց Սևանից Գևորգի մասին, ով ձեռքը գրպանը, Սևանի զինկոմիսարիատից հասել է մինչ ռազմաճակատ։ «Ինչու ձեռքը գրպանը, որովհետև Գևորգի մեկ ձեռքը չկա, մատները կտրված են դաստակից։ Գևորգը զինկոմիսարիատում թաքցրել է այդ փաստը՝ ձեռքը գրպանը պահելով, և հիմա նա ռազմաճակատում է»,- ասաց մարզպետը ։ 
22:20 - 17 հոկտեմբերի, 2020
Պայմանավորվել ենք, որ շաբաթվա վերջ իրենց խնդիրները գրավոր կներկայացնեն Շրջակա միջավայրի նախարարություն. Գեղարքունիքի մարզպետը՝ ձկնավաճառների բողոքի մասին |tert.am|

Պայմանավորվել ենք, որ շաբաթվա վերջ իրենց խնդիրները գրավոր կներկայացնեն Շրջակա միջավայրի նախարարություն. Գեղարքունիքի մարզպետը՝ ձկնավաճառների բողոքի մասին |tert.am|

tert.am: Խնդիրը բավական խորն է, ոլորտի պատասխանատուները հանձն են առել զբաղվել խնդրով, բոլորս էլ գիտակցում ենք, որ երկար տարիներով չկարգավորված ոլորտ է և կարգավորման ընթացքում կարող են որոշակի խնդիրներ առաջանալ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ խոսելով ձկնավաճառների բողոքի մասին: Հիշեցնենք, որ Երևան-Սևան մայրուղին այսօր իրենց ավտոմեքենաներով փակել էին ձկնորսները՝ դժգոհելով, որ իրենց արգելել են ձուկ որսալ, որի մասին հայտնել էր շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: «Մեր քաղաքացիները խնդիր են տեսել և իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, հիմա մենք պայմանավորվածության եկանք, որ առանց ավելորդ ագրեսիայի, բորբոքվելու՝ շաբաթ և կիրակի օրերին իրենց տեսած խնդիրները, հարցերը կձևակերպեն թղթի վրա և կտան Շրջակա միջավայրի նախարարությանը, որոնք էլ կփորձեն հարցերին պատասխանել»,- ասաց նա: Մարզպետը հույս հայտնեց, որ նախարարությունը սպառիչ պատասխան կտա և իր համար ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ձկնորսները համամիտ են խելամիտ կարգավորվող և օրենքի շրջանակներում աշխատելուն: Գնել Սանոսյան նաև շեշտեց, որ թեմայի շուրջ քննարկումներ են եղել նաև մարզպետարանում, որոշ հարցերի պատասխաններ կան, իսկ որոշներին պետք է պատասխանի նախարարությունը:
18:10 - 21 օգոստոսի, 2020
Վարչապետը ծանոթանացավ Լճաշենի մանկապարտեզի նորոգման և համայնքում կատարված այլ աշխատանքների |armenpress.am|

Վարչապետը ծանոթանացավ Լճաշենի մանկապարտեզի նորոգման և համայնքում կատարված այլ աշխատանքների |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացավ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մանկապարտեզի նորոգման աշխատանքների ընթացքին։ Նրան ուղեկցում են մարզպետ Գնել Սանոսյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ «2018 թվականին բարեկարգվել է այս մանկապարտեզի բակը։ 2019 և 2020 թվականներին գյուղում իրականացվել է 7 սուբվենցիոն ծրագիր՝ 4-ը նախորդ տարի, իսկ 3-ն՝ այս։ 2019-ին Լճաշենում ասֆալտապատվել է ճանապարհը, գյուղի լուսավորությունն է ապահովվել, այս տարի էլ այդ աշխատանքները շարունակվել են։ 2019 թ. մի հետաքրքիր սուբվենցիոն ծրագիր էլ ենք փորձել իրականացնել՝ թանգարանն է վերանորոգվել, ուղղակի համավարակը մի փոքր խանգարեց դրա գործելուն»,- նշեց Սանոսյանը՝ ներկայացնելով գյուղում կատարվող և կատարվելիք աշխատանքները։ Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ ընթացիկ տարում ամբողջությամբ կլուծվի գյուղի լուսավորության հարցը։ «Գլխավոր և երկրորդային փողոցներում ամբողջությամբ փոխվում է լուսավորությունը՝ այստեղ սյուներ չեն եղել, նորերն են դրվում»,- ասաց ՏԿԵ նախարարը։ Մուտք գործելով մանկապարտեզ՝ Փաշինյանը շրջեց շենքում, որտեղ աշխատակիցն ամբողջությամբ ծանոթացրեց բոլոր մանրամասներին։ Դիմելով մանկապարզի աշխատակցին՝ Վարչապետն անդրադարձավ նաև աշխատող և չաշխատող ծնողներին վճարվող նպաստներին: «Վերջերս ժողովրդագրական վիճակի վերաբերյալ որոշումներ ենք կայացրել՝ գյուղական համայնքներում աշխատող ծնողներին նշանակել ենք կրկնակի ավել նպաստ՝ 53 հազար դրամ, իսկ չաշխատողներին՝ 26 500 դրամ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։ Դիմելով Վարչապետին՝ Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը, նշեց, որ իրենց գյուղը խմելու, ոռոգման ջրի, լուսավորության հետ կապված խնդիրներ չունի։ «Մեզ մոտ աղբահանության հարցն էլ ամբողջությամբ լուծված է: Ունենք երաժշտական, արվեստի, սպորտի դպրոցներ, թանգարան, մշակույթի տուն, հրապարակ ու զբոսայգի կա։ Սակայն մենք ունենք հիմնական խնդիր՝ չմշակվող հողեր ունենք, որոնք պետք է մշակել, մեր բնակիչների զբաղվածության հարցն ենք ցանկանում լուծել»,- ասաց Մարգարյանը։
13:23 - 17 օգոստոսի, 2020
Վարդենիս քաղաքի զբոսայգու տարածքում կառուցվում է ներառական խաղահրապարակ |armenpress.am|

Վարդենիս քաղաքի զբոսայգու տարածքում կառուցվում է ներառական խաղահրապարակ |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգու տարածքում արդեն մի քանի օր է, ինչ ընթանում են ներառական խաղահրապարակի կառուցման աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը, ծրագիրն իրականացվում է Վարդենիսի համայնքապետարանի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, «Համահայկական հիմնադրամի»  եւ «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի» համագործակցությամբ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 10 միլիոն դրամ, որտեղ Վարդենիսի համայնքապետարանի ներդրումը կազմում է շուրջ 1 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են մի քանի օր առաջ եւ ավարտին կհասցվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: «Այս ծրագիրն ամբողջացնում է Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգու վերակառուցման ու բարեկարգման գործընթացը, որը սկսվել էր նախորդ տարի, սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Վարդենիսի ներառական խաղահրապարակն իր բովանդակությամբ երկրորդն է Հայաստանում՝ Սիսիանից հետո: Հատուկ խնդիրներ ունեցող երեխաների զբաղմունքի եւ ժամանցի համար ստեղծվում են բոլոր հարմարավետ պայմանները: Միաժամանակ մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու զբոսայգին ավելի բարետես, ավելի ժամանակակից  դարձնելու խնդիրը»,- ասաց Վարդենիս համայնքի ղեկավարը: Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով օգոստոսի 12-ին Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգու շինհրապարակ է այցելել  Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
12:55 - 13 օգոստոսի, 2020
Գեղարքունիքի մարզպետը շրջայց է կատարել Կարճաղբյուր, Ակունք և Վարդենիս համայնքներում

Գեղարքունիքի մարզպետը շրջայց է կատարել Կարճաղբյուր, Ակունք և Վարդենիս համայնքներում

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․   «Երեկ այցելեցի Կարճաղբյուր, Ակունք և Վարդենիս համայնքների շինհրապարակներ՝ դիտարկելու սուբվենցիոն և այլ ծրագրերով իրականացվող շինարարությունների ընթացքը:   Կարճաղբյուր համայնքում եղա 3-րդ և 15-րդ փողոցներում, որտեղ արդեն ավարտին են մոտենում ճանապարհաշինական աշխատանքները: Այդ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 48 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Կարճաղբյուրի համայնքապետարանը:   870 գծամետր ասֆալտապատում է արվել կենտրոնական փողոցում: Եվս 180 գծամետր երկարությամբ ասֆալտապատվել է գյուղի գերեզմանոց տանող ճանապարհը: Շինաշխատանքներն ավարտված են մոտ 90 տոկոսով: Դիտարկման ըմթացքում նկատեցի շինարարական աշխատանքի որակի հետ կապված խնդիրներ` ինչի առնչությամբ հրահանգեցի շտկել թերությունները»։
09:54 - 13 օգոստոսի, 2020