ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պետական մարմին է, որն իրականացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն։

ՀՔԾ-ն ինքնուրույն պետական մարմին է և լիազորություններն իրականացնելիս անկախ է։ ՀՔԾ պետն է Սասուն Խաչատրյանը։ 

Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշումը բողոքարկվել է |pastinfo.am|

Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշումը բողոքարկվել է |pastinfo.am|

pastinfo.am: «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշումը բողոքարկվել է։ Այս մասին ասաց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։  Փետրվարի 13-ին ՀՔԾ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ պահանջելով երկարացնել Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը, թեեւ փաստաբանը ներկայացրել էր նրա նկատմամբ երաշխավորություն կիրառելու մասին միջնորդություն։ Փետրվարի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ բավարարել է «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը, իսկ փետրվարի 21-ին հայտնի է դարձել, որ Դատախազությունը մերժել է Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին պաշտպանի միջնորդությունը։ Թավադյանի համար երաշխավորել են ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը, քաղաքագետ Արծրուն Պեպանյանը, գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը, «5-րդ» ալիք ՀԸ գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։
17:45 - 26 փետրվարի, 2020
Քննիչը և դատախազն անհամաձայնություն ունեն Արա Բաբլոյանի կատարած արարքի որակի հետ կապված. ՀՔԾ պետ |armenpress.am|

Քննիչը և դատախազն անհամաձայնություն ունեն Արա Բաբլոյանի կատարած արարքի որակի հետ կապված. ՀՔԾ պետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ աշխատակազմի ղեկավարի  նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կատարած արարքի որակի հետ կապված քննիչը և դատախազն անհամաձայնություններ ունեն: Այս մասին ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: «Քննիչը և դատախազը անհամաձայնություն ունեն մեղադրյալների կատարած արարքի որակի հետ կապված: Խոսքը վերաբերվում է արարքի միայն իրավաբանական որակմանը:  Ձեռք բերված ապացույցների առումով որևէ տարակարծություն չկա: Մենք դատախազությունից ցուցումը ստացել ենք, մեր առարկությունը մերժել են և, բնականաբար, կվերաորակավորենք այն հոդվածով, որի ցուցումն է տվել դատախազությունը»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ գործը փետրվարի 21-ին ստացել են: Ավելի վաղ, ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ աշխատակազմի ղեկավարի  նախկին տեղակալ Արսեն Բաբայանին վերաբերող քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազը մերժել էր ՀՔԾ քննիչի առարկությունը՝ մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը վերադարձնելու որոշման վերաբերյալ: Վերահսկող դատախազը ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի նախկին պաշտոնակատար Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը չէր հաստատել և վերադարձրել էր այն` նկատի ունենալով, որ ճիշտ չեն որակվել մեղադրյալների կատարած արարքները։ Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը կայացրել էր ըստ մեղադրանքի՝ Արա Բաբլոյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արսեն Բաբայանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և լրացուցիչ քննություն կատարելու համար քրեական գործը քննիչին վերադարձնելու մասին որոշում՝ նկատի ունենալով, որ ճիշտ չեն որակվել մեղադրյալների կատարած արարքները:  Դատախազի տեսակետով՝ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ Արա Բաբլոյանի արարքը առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների, իսկ Արսեն Բաբայանի արարքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին: Հատուկ քննչական ծառայության քննիչն առաջարկություն էր ներկայացրել  Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով մեղադրանքները փոփոխելու ցուցումի դեմ:  
20:20 - 21 փետրվարի, 2020
Մահակով ցուցմունք կորզելու քրգործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ նախկին

Մահակով ցուցմունք կորզելու քրգործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ նախկին

ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Վ. Ն.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի համար, որ նա, 2008 թվականի նոյեմբերին զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը, խմբով, դիտավորությամբ կատարել է բռնությամբ և հատուկ միջոցի գործադրմամբ զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել անձի իրավունքներին ու պետության օրինական շահերին: Ինչպես  տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, ըստ առաջադրված մեղադրանքի` Վ. Ն.-ն 2008 թվականի նոյեմբերի սկզբին` իր աշխատասենյակում, նույն բաժանմունքի ծառայողների մասնակցությամբ, բնակարանային գողության փորձ կատարելու դեպքի շուրջ զրուցել է հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկված Արմեն Մարտիրոսյանի հետ: Վերջինիս կողմից դեպքին առնչություն ունենալու հանգամանքը հերքելուց հետո Վ. Ն.-ն և ոստիկանության մի շարք այլ ծառայողներ, գողության փորձ կատարելու դեպքը խոստովանելու պահանջ ներկայացնելով, Արմեն Մարտիրոսյանին գցել են գետնին, գլխին անցկացրել հակագազ և ձեռքերով ու մահակով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:  Նախաքննությունը շարունակվում է: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:39 - 21 փետրվարի, 2020
Հարուցվել է քրեական գործ` անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու, տարածելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ` անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու, տարածելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` 2020 թվականի փետրվարի 13-ին «hraparak.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ և 2020 թվականի փետրվարի 14-ին «lragir.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանն ակնարկել է, թե ով է իր մասին գաղտնի տեղեկության արտահոսք կազմակերպել» վերտառությամբ հոդվածների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով` պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ մարդու անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի տեղեկությունն ապօրինի հավաքելու, պահելու և այլ անձի կողմից այդ տեղեկությունն ապօրինի տարածելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ: Կատարվում է նախաքննություն:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:15 - 20 փետրվարի, 2020
Արա Բաբլոյանի գործով դատախազի որոշման դեմ ներկայացված առարկությունը մերժվել է |azatutyun.am|

Արա Բաբլոյանի գործով դատախազի որոշման դեմ ներկայացված առարկությունը մերժվել է |azatutyun.am|

azatutyun.am: Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին վերաբերող քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազի՝ մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը վերադարձնելու որոշման վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած առարկությունը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ: Այս մասին  հայտնեցին Գլխավոր դատախազությունից: Նշենք, որ օրեր առաջ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործը քննած քննիչը առարկություն է ներկայացրել այս գործը հսկող դատախազի դեմ։ ՀՔԾ-ից փոխանցել էին, որ առարկություն էին ներկայացրել՝ հիմք չտեսնելով դատախազի առաջարկը կատարելու համար։ Դատախազն առաջարկել էր փոփոխել երկու մեղադրյալների մեղադրանքը։ Հիշեցնենք՝ փետրվարի 10-ին Գլխավոր դատախազությունը երկրորդ անգամ չէր հաստատել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքը, վերահսկող դատախազը գործը լրացուցիչ քննության համար հետ էր ուղարկել Հատուկ քննչական ծառայություն։ Դատախազն իր վերջին որոշմամբ անհրաժեշտ է համարել փոփոխել մեղադրյալներին առաջադրված մեղադրանքը և նրանց առաջադրել նոր մեղադրանքներ։ Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել երկու հոդվածներով՝ իշխանությունը յուրացնելու և պաշտոնեական կեղծիքի համար։
19:42 - 18 փետրվարի, 2020
ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի քրգործը կուղարկի դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու |azatutyun.am|

ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի քրգործը կուղարկի դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու |azatutyun.am|

azatutyun.am: Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի գործը քննող ՀՔԾ-ն հաղորդում է, որ քննչական ծառայությունը Թովմասյանի և Նորայր Փանոսյանի քրեական գործով ձեռքբերված ապացույցները բավարար է համարել՝ գործով մեղադրական եզրակացություն կազմելու և դատարան ուղարկելու համար։ Այս մասին տեղյակ է պահվել տուժողներին, մեղադրյալներին, նրանց պաշտպաններին։ Գործի նյութերը տրամդրվել են նրանց՝ ծանոթանալու համար։ Հիշեցնենք, Հրայր Թովմասյանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Այն առնչվում է նրա արդարադատության նախարար եղած ժամանակահատվածին: Ըստ դատախազության՝ Թովմասյանը «իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձի հետ հանցակցությամբ» օգտագործելով 2 նոտարների իրենից ունեցած կախյալ վիճակը՝ 2013 թվականի հոկտեմբերին վերջիններիս հետ ձեռք է բերել նրանց համար ակնհայտ ոչ շահավետ գնով տարածքը վարձակալությամբ հանձնելու պայմանավորվածություն: Արդյունքում ՍԴ ներկայիս նախագահը այդ երկու նոտարներից յուրաքանչյուրից, մինչև 2014 թվականի ապրիլը, ամսական ստացել է 800 հազար դրամ վարձավճար՝ ընդհանուր 11 միլիոն 200 հազար դրամ: Սանիկը, որին հիշատակում է դատախազությունը, Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյա Նորայր Փանոսյանն է, նրան ևս նույն մեղադրանքն է առաջադրվել: Հրայր Թովմասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
18:13 - 18 փետրվարի, 2020
ՀՔԾ-ն կարճել է Վաչագան Ղազարյանին և նրա կնոջն առնչվող քրեական գործը |azatutyun.am|

ՀՔԾ-ն կարճել է Վաչագան Ղազարյանին և նրա կնոջն առնչվող քրեական գործը |azatutyun.am|

azatutyun.am: Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) կարճել է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի ընդհանուր քրեական գործը, որն առնչվում էր ինչպես հարկերից խուսափելուն, այնպես էլ ապօրինի հարստացմանը։ Այս մասին փոխանցեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Նրա խոսքով՝ Ղազարյանը որպես չվճարած հարկ պետությանն է վերադարձրել մոտ 3 միլիարդ դրամ։ Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանն էլ հայտնեց՝ ապօրինի հարստացման մասով քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով։ Տարիուկես տևած քննությունից հետո իրավապահները եզրահանգել են, որ Վաչագան Ղազարյանն ապօրինի չի հարստացել։ Ղազարյանին և նրա կնոջը մեղադրանք էր առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար:
18:14 - 17 փետրվարի, 2020
Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնություն կատարելու համար․ ՀՔԾ

Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնություն կատարելու համար․ ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար: Այս մասին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից : «Ըստ առաջադրված մեղադրանքի` Նարեկ Սամսոնյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, 2020 թվականի հունվարի 26-ին «Facebook.com» սոցիալական ցանցում կատարված գրառմամբ, այնուհետև ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննության ընթացքում տված ցուցմունքով հայտնել է, թե իբր ՀՀ վարչապետը Երևանում գործող ռեստորաններից մեկից գնել է սև ձկնկիթ՝ մեկ կիլոգրամը 3.000 ԱՄՆ դոլար արժողությամբ, որից հետո՝ 2019 թվականի դեկտեմբերին, ՀՀ վարչապետի անվտանգության աշխատակիցներն այցելել են հիշյալ ռեստորան և ցանկացել են ձեռք բերել ևս մեկ կիլոգրամ սև ձկնկիթ՝ գումարը բանկային փոխանցման եղանակով վճարելու պայմանով, սակայն ռեստորանի տնօրինությունն անվտանգության աշխատակիցներին տեղեկացրել է, որ այդ դեպքում սև ձկնկիթի մեկ կիլոգրամը կարժենա 5.000 ԱՄՆ դոլար: Ըստ Նարեկ Սամսոնյանի` այդ մասին տեղեկանալուց հետո ՀՀ վարչապետը որոշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջոցով պատժել հիշյալ ռեստորանին: Այսինքն` Նարեկ Սամսոնյանը, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը,  Հայաստանի Հանրապետության վարչապետի նկատմամբ կատարել է սուտ մատնություն՝ նրան վերագրելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարում: Նարեկ Սամսոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՀՀ հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:09 - 15 փետրվարի, 2020
Արա Բաբլոյանի գործով քննիչը առարկություն է ներկայացրել դատախազի ցուցումի դեմ |azatutyun.am|

Արա Բաբլոյանի գործով քննիչը առարկություն է ներկայացրել դատախազի ցուցումի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործը քննած քննիչը առարկություն է ներկայացրել այս գործը հսկող դատախազի դեմ։ «Ազատության» հարցին՝ արդյո՞ք Բաբլոյանի և Բաբայանի քրեական գործը օրեր առաջա դատախազությունից ստանալուց հետո փոփոխվել են մեղադրանքները, ՀՔԾ-ից պատասխանեցի, որ այս պահին առարկություն են ներկայացրել՝ հիմք չտեսնելով դատախազի առաջարկը կատարելու համար։ Դատախազն առաջարկել էր փոփոխել երկու մեղադրյալների մեղադրանքը։ Փետրվարի 10-ին Գլխավոր դատախազությունը երկրորդ անգամ չէր հաստատել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքը, վերահսկող դատախազը գործը լրացուցիչ քննության համար հետ էր ուղարկել Հատուկ քննչական ծառայություն։ Դատախազն իր վերջին որոշմամբ անհրաժեշտ է համարել փոփոխել մեղադրյալներին առաջադրված մեղադրանքը և նրանց առաջադրել նոր մեղադրանքներ։ Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել երկու հոդվածներով՝ իշխանությունը յուրացնելու և պաշտոնեական կեղծիքի համար։
19:22 - 14 փետրվարի, 2020
Ոստիկանության նախկին պաշտոնյան յուրացրել է 46 միլիոն դրամից ավելի գումար․ ոստիկանության բացահայտումը

Ոստիկանության նախկին պաշտոնյան յուրացրել է 46 միլիոն դրամից ավելի գումար․ ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել ոստիկանության ՊՊԳՎ Արմավիրի պահպանության բաժանմունքի նախկին պետ, պաշտոնաթող գնդապետի ապօրինությունների վերաբերյալ, որը ներկայումս աշխատում է ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչությանում։ Մասնավորապես պարզվել է, որ 2013-ից 2018 թվականների ընթացքում նա տարբեր տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց հետ կնքած օբյեկտների պահպանության իրականացման վերաբերյալ պայմանագրերի շրջանակներում մի շարք պատվիրատուների հետ ձեռք է բերել բանավոր պայմանավորվածություն և ենթականերից մեկին հանձնարարել տնտեսվարողներից գանձել կանխիկ գումար։ Բացի այդ, ստորաբաժանման հաշվապահին հրահանգել է հաշվետվություններում կեղծ տեղեկություններ մտցնել և կազմել կեղծ փաստաթղթեր։ Այս ապօրինությունների հետևանքով յուրացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 46 միլիոն 455 հազար դրամ։ Արմավիրի պահպանության բաժանմունքի նախկին պետը բերման է ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն և ձերբակալվել։ Հարուցված քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։
19:38 - 13 փետրվարի, 2020
ՀՔԾ-ն միակողմանի է հրապարակել գործի ապացույցները․ Կոստանյանի փաստաբանները պահանջում են մեղադրանքի հիմքերը |news.am|

ՀՔԾ-ն միակողմանի է հրապարակել գործի ապացույցները․ Կոստանյանի փաստաբանները պահանջում են մեղադրանքի հիմքերը |news.am|

news.am: ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի պաշտպանները դատական կարգով բողոքարկել են ՀՔԾ-ի եւ Դատախազության որոշումները, որով փաստաբաններին մերժել են տրամադրել Կոստանյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցները։ Այս մասին հայտնեց Գեւորգ Կոստանյանի պաշտպանական խմբի անդամ Գեւորգ Գեւորգյանը։ «Հաշվի առնելով, որ նախաքննական մարմինը որեւէ ապացույց չի ներկայացրել, որով կհիմնավորվեր պարոն Կոստանյանի մեղադրանքի որոշումը կամ հիմնավոր կասկածը, ուստի միջնորդել ենք մեր ծանոթացմանը ներկայացնել մեղադրանքի հիմքում դրված ապացույցները: Ընդ որում՝ մեղադրյալի արդար դատաքննության իրավունքն իր մեջ ներառում է նաեւ պաշտպանության իրավունքի իրականացումը: Բացի այդ, մրցակցային դատավարության ապահովումն անհնար է, եթե մեղադրյալը տեղյակ չէ, թե ինչ անօրինական արարքի կատարման մեջ է մեղադրվում եւ ինչ ապացույցների հիման վրա, իսկ քննարկվող դեպքում պաշտպանական կողմը տեղեկացված չէ Գեւորգ Կոստանյանի մեղադրանքի հիմքի մասին, հետեւաբար, յուրաքանչյուր անձ, տեղեկացված չլինելով իրեն մեղսագրված արարքն ապացուցող տվյալների մասին, արդյունավետ չի կարող պաշտպանվել»: Փաստաբանն ընդգծեց, որ պահանջվող տեղեկությունները նախաքննության գաղտնիք չեն կարող համարվել․ «Քանի որ ՀՀ ՀՔԾ-ն արդեն իսկ միակողմանի հրապարակել է այս գործում առկա որոշ ապացույցներ: Ավելին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ըստ էության թաքցնում է Գեւորգ Կոստանյանի օգտին տրված ցուցմունքները եւ նրա մեղավորությունը բացառող այլ ապացույցներ, այդ իսկ պատճառով պարոն Կոստանյանի պաշտպանական թիմը, ղեկավարվելով մի շարք միջազգային նորմերով եւ ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 1-ին կետով, Գ.Կոստանյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցները ներկայացնելուց հրաժարվելու մասին վարույթն իրականացնող մարմնի անհիմն ու ապօրինի որոշումը բողոքարկել է դատական կարգով»: Հիշեցնենք, որ Գեւորգ Կոստանյանը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ պաշտոնեական դիրքի չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելը:
19:09 - 12 փետրվարի, 2020
Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՔԾ՝ քրգործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու. ՀՔԾ պարզաբանումը

Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՔԾ՝ քրգործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու. ՀՔԾ պարզաբանումը

ՀՔԾ մամուլի թարտուղար Մարիա Օհանջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Hraparak.am» լրատվական կայքում 24.01.2020թ.֊ին հրապարակված «Նիկոլ Փաշինյանը գաղտնի ՀՔԾ է այցելել» վերտառությամբ հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ դրանում նշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննական մարմնի վարույթում քննվող քրեական գործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու։ Նախաքննության շահերից ելնելով՝ քրեական գործի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում, իսկ լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ սուտ, անհեթեթ և մանիպուլյացիոն բնույթի հրապարակումներով հանրությանը միտումնավոր ապակողմնորոշելու փորձերից։»
08:43 - 25 հունվարի, 2020
Պարզաբանում Ամրամ Մակինյանի հայտարարության վերաբերյալ

Պարզաբանում Ամրամ Մակինյանի հայտարարության վերաբերյալ

Հաշվի առնելով հանրության կողմից օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունքը` անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանի հայտարարությունը, թե իբր Հրայր Թովմասյանին և նրա պաշտպանական թիմին հնարավորություն չի տրվում ծանոթանալ Հ. Թովմասյանի բնակարանում խուզարկություն իրականացնելու մասին դատարանի որոշմանը, ակնհայտ ապատեղեկատվություն է: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ քննիչի կողմից խուզարկությանը մասնակցող անձանց, այդ թվում` պաշտպանական թիմին հնարավորություն է տրվել քրեադատավարական օրենքով սահմանված կարգով ծանոթանալ որոշմանը: Ա. Մակինյանի վերը նշված հայտարարությունը նպատակ է հետապնդում ընդամենը խոչընդոտել քննչական գործողութան իրականացմանը: Վերոգրյալը հաշվի առնելով` Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմին հորդորում ենք գործել օրենքի սահմաններում և զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող ու հանրությանն ապակողմնորոշող հայտարարություններ հնչեցնելուց:
08:25 - 24 հունվարի, 2020
Սերժ Սարգսյանի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել նաև գյուղատնտեսության նախկին փոխնախարարը

Սերժ Սարգսյանի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել նաև գյուղատնտեսության նախկին փոխնախարարը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը: Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար` Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սերժ Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Բարսեղ Բեգլարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործից վերը նշված մեղադրյալների վերաբերյալ անջատված գործով նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
09:06 - 20 հունվարի, 2020