Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Անհրաժեշտ է ուժեղ և պրոֆեսիոնալ բանակ՝ ուժեղ հոգով, իմացությամբ, ինտելեկտով և ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելով. ՀՀ վարչապետ

Անհրաժեշտ է ուժեղ և պրոֆեսիոնալ բանակ՝ ուժեղ հոգով, իմացությամբ, ինտելեկտով և ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելով. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ այցելել է Պաշտպանության նախարարություն, որտեղ տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն ԶՈՒ բարձրագույն սպայակազմի մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա են գտնվել նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը և այլ պաշտոնատար անձինք: Միջոցառման սկզբում դահլիճ են բերվել Հայաստանի Հանրապետության պետական, Զինված ուժերի մարտական և Հայոց բանակի պահապան՝ Սուրբ Աշոտ Երկաթ դրոշները, որից հետո հնչել է ՀՀ օրհներգը: Այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակին: Ելույթով նախ հանդես է եկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, այնուհետև ներկաներին է դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր խոսքում, վարչապետը նշել է. «Պաշտպանության հարգելի նախարար,Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Գլխավոր շտաբի պետ,Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ,Պարոնայք գեներալներ և սպաներ,Հարգելի ներկաներ, Շնորհավորում եմ բոլորիս մեր բանակի ձևավորման 31-րդ տարեդարձի առիթով և ուզում եմ առաջին հերթին բոլորիս մաղթել կամք, որը հենված է իմացության վրա։ 31 տարիների պատմությունը վերլուծելով՝ մենք պետք է արձանագրենք հետևյալը, որ բանակի և պետության որակական կապը շատ ուղիղ է։ Այս կապը մեզ պիտի պարտադրի, որպեսզի բանակի և պետության որակի զարգացումը մեր ամենօրյա աշխատանքը լինի։ Բայց սրա համար մենք պետք է առերեսվենք խնդիրներին։ Երբեմն հաճախ ու շատերին թվում է, թե մենք լրիվությամբ խորացել ենք պրոբլեմների մեջ։ Իրականությունն այդպես չէ, եթե նույնիսկ մենք խորացել ենք այդ պրոբլեմների մեջ` չենք առերեսվել դրանց: Կարծում եմ, որ մենք հենց այստեղից պետք է սկսենք, որովհետև մեր բոլոր գործողությունները պետք է հիմնված լինեն իմացության և ճանաչողության վրա։ Մենք պետք է ճանաչենք մեր խնդիրների, մեր բոլոր ձախողումների և մեր բոլոր հաջողությունների էությունը։ Այս առումով, ուզում եմ ընդգծել և նաև կիսել ձեզ հետ մեր մտքերի ընթացքը։ Բանակն առաջին հերթին հենված է սպայի ինստիտուտի վրա։ Մենք պետք է արձանագրենք մի բան, որ սպայական կոչման և սպայական աշխատանքի վարկը պետության անվտանգության խնդիր է։ Սպան չի կարող չապահովել սեփական ընտանիքի բարեկեցությունը։ Սա պետք է լինի մեր ամենակարևոր արձանագրումը, որովհետև սպան պետության հենասյունն է, ընդ որում, բանակի սպան, հատուկ ծառայությունների սպան, ոստիկանության սպան։ Այստեղից են, որ սկսում են մեր բոլոր պրոբլեմները, որովհետև մեզ թվացել է, թե մենք կարող ենք ապահովել պետության անվտանգությունը` սպային մղելով յոլա գնալու դաշտ և հարթություն։ Հայաստանի Հանրապետությունում սպայի ընտանիքը պետք է լինի բարեկեցիկ։ Սա է մեր մարտավարական նպատակը և այս խնդրով ենք մենք առաջնորդվելու։ Բայց սպա լինելը պետք է նշանակի առանձնահատուկ որակների կրում, սպա լինելը պետք է լինի առանձնահատուկ առաքելության գիտակցում և պրոֆեսիոնալ, մասնագիտական առանձնահատուկ հմտությունների իմացություն։ Այս իրողությունները պետք է սերտորեն կապված լինեն իրար հետ։ Եվ մենք Զինված ուժերի բարեփոխումների համատեքստում հենց այս բանաձևն ենք դնում։ Սպայի պրոֆեսիոնալ իմացությունը, հմտությունը և նրա ընտանիքի բարեկեցությունը՝ սկսած սոցիալական երաշխիքների համակարգից, բնակարանային ապահովության համակարգից, շարունակած նրանց ընտանիքի անդամների, երեխաների կրթության հնարավորություններով, որովհետև պետք է հասկանանք, երբ մարդը ծառայում է Հայրենիքին` սպայի կարգավիճակում, նա սովորականից ավելի պակաս ժամանակ է տրամադրում իր ընտանիքին։ Մենք պետք է առերեսվենք այս պրոբլեմների հետ և այնպես անենք, որ այս իրողությունը նեգատիվ ազդեցություն չունենա ընտանիքի բարեկեցության և երեխաների հետագա ճակատագրի, կրթության հարցերում։ Պետությունն այստեղ պետք է կանգնած լինի սպայի կողքին, կրկնում եմ՝ միևնույն ժամանակ, որևէ կոմպրոմիսի չգնալով սպայի որակական հատկանիշների առումով։ Հաջորդը` զինվորի պրոֆեսիոնալ կարողություններն ու հմտություններն են. այստեղ նույնպես նույն չափանիշները պիտի գործեն` մի փոքր այլ հարթության մեջ։ Մենք կարծում ենք՝ այն գործընթացը, որ սկսել ենք Զինված ուժերում, պիտի բերի մեր խնդիրների կատարմանը։ Ընդհանուր առմամբ պիտի արձանագրեմ, որ զինվորական ծառայությունը, իհարկե, առաջին հերթին կարգապահությունն է, ինձնից սկսած` բոլորովս ավարտած։ Մենք պետք է հայրենասիրության մեր մոդելի մասին մտածենք։ Մենք պետք է ի վերջո հրաժարվենք կենացային հայրենասիրությունից, երբ ճառերը և իրականությունը կիլոմետրերով շեղված են իրարից։ Այսօր էլ մենք բախվում ենք այդ խնդրի հետ։ Եվ սա այն ֆունդամենտալ պրոբլեմներից է, որը մենք պետք է ի վերջո կարողանանք լուծել: Դահլիճում ներկա են կին զինծառայողներ, ես ուզում եմ նախ առանձնահատուկ ընդգծել նրանց ծառայությունն ու ներկայությունը: Մենք Զինված ուժերում կանանց ներգրավվածության աստիճանը պետք է մեծացնենք, այդ թվում և առավել ևս մարտական ծառայության ոլորտում: Եվ սա Զինված ուժերի բարեփոխումների մեր հաջորդ կարևոր ուղղությունն է: Նաև մեր մեծագույն խնդիրներից մեկը եղել է այն, որ չենք ընկալել, որ բանակն ինքնին անվտանգության ապահովման գործում չի կարող միայնակ իրագործել այդ խնդիրը, եթե չունի շարունակություն: Այս առումով, ուզում եմ ընդգծել այն բարեփոխումները, որ նախաձեռնել ենք պահեստազորի կառավարման կամ պատրաստության առումով: Մի քանի անգամ խորհրդակցություններ ունեցել ենք, և ես ընդգծել եմ՝ այն մարտունակությունը, որ ունենք բանակում, զինծառայողների շրջանում, պետք է այսպես ասած, արտապատվիրակենք, փոխանցենք պահեստազորին: Իսկ բանակում զինծառայության մեջ գտնվող սպաների և զինծառայողների մարտունակությունը պիտի լինի նոր որակի, որը շատ դեպքերում մեզ նույնիսկ անծանոթ է: Մենք այս խնդիրները լուծելու պարագայում է, որ կունենանք նոր իրավիճակ, և մենք հետևողականորեն պետք է գնանք այս ճանապարհով: Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել նաև աշխարհազորի կայացումը որպես ինստիտուտ: Նաև հիմա շատ տարածված է և դա վատ չէ, այս օրերին մեզ օգնում են կամավորներ, տարբեր կազմակերպություններ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց դրա համար, բայց մյուս կողմից պետք է ընդգծեմ, որ երկրում չեն կարող լինել բանակներ, երկրում կարող է լինել բանակ: Եվ բոլոր նրանք, ովքեր այս կարգի ծառայություն են մատուցում, ինչի համար մենք շնորհակալ ենք, պետք է միանշանակորեն և աներկբա տեղավորվեն հրամանատարական ուղղահայացի մեջ, և այդտեղ որևէ այլընտրանք և որևէ կոմպրոմիս լինել չի կարող, ուզում եմ, որ մենք շատ հստակ գիտակցենք: Բանակը նաև գործում է ըստ այն հնարավորությունների, որը ստեղծում է տնտեսությունը: Եվ այստեղ էլ ուզում եմ կապը տեսնենք, որովհետև մենք բանակում բարեփոխումներ, սպառազինության ձեռքբերումներ իրականացնում ենք այնքանով, ինչքանով դրա հնարավորությունը տալիս է պետական բյուջեն: Իսկ պետական բյուջեն գեներացվում է տնտեսվարողների գործունեության և նրանց կողմից վճարվող հարկերի հաշվին: 2023 թվականին մենք 2018 թվականի համեմատությամբ 113 տոկոսով ավելացրել ենք պաշտպանական ծախսերը: Այդ ծախսերի մի մասը գնալու է զինծառայողների սոցիալական ապահովությանը, աշխատավարձերի բարձրացմանը, մյուս մասը՝ սպառազինության և տեխնիկայի ձեռքբերումներին, մյուս մասը՝ ինժեներական աշխատանքներին և այլն: Եվ ես ուզում եմ նաև այս դահլիճում շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր տնտեսական գործունեություն են ծավալում և օրենքով սահմանված կարգով հարկեր են վճարում պետությանը: Ընդհանրապես և այդ թվում անվտանգության ոլորտում շատ կարևոր է, որ կարողանանք փոխել հարկ վճարելու ընկալումը մարդկանց կողմից, որովհետև դարձյալ կրկնում եմ՝ սխալ է այն ընկալումը, թե պետությունը մարդկանցից վերցնում է այդ գումարը հարկի տեսքով: Ո՛չ, երբ մարդը, քաղաքացին հարկ է վճարում, նա իր աջ գրպանից գումարը տեղափոխում է ձախ գրպան, կամ հակառակը, որովհետև վճարված հարկերի հաշվին է ապահովվում երկրի անվտանգությունը, կառուցվում ճանապարհներ, դպրոցներ և այլն: Ոչ ոք ինքն իր համար ճանապարհ չի կառուցելու, ոչ ոք ինքն իր համար անվտանգություն չի ապահովելու, ոչ ոք ինքն իր համար իրավակարգ չի ապահովելու, և այս առումով, շատ կարևոր է այս հարաբերությունների ճիշտ կառուցումն առաջին հերթին գաղափարական հարթության վրա: Մեզ անհրաժեշտ է ուժեղ և պրոֆեսիոնալ բանակ՝ ուժեղ հոգով, ուժեղ իմացությամբ, ուժեղ ինտելեկտով, ուժեղ բազկով, ուժեղ ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելով: Սակայն դարձյալ ուզում եմ կրկնել, որ բանակը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար, որովհետև Զինված ուժերի բարեփոխումներն առաջին հերթին մեզ համար կարևոր են կառավարության որդեգրած խաղաղության օրակարգն առաջ մղելու համար: Մենք չպետք է շեղվենք այդ օրակարգից և հետևողականորեն առաջ մղենք խաղաղության օրակարգը: Եվ ի վերջո ուզում եմ մեր բոլոր սպաներին, գեներալներին, զինվորներին, շարքայիններին, քաղաքացիական ծառայողներին, ովքեր ազնիվ և անձնվեր ծառայություն են մատուցում Հայրենիքին, շնորհակալություն հայտնել այդ առիթով: Մենք շատ դժվար ճանապարհ ենք անցնում, և ինչպես կանցնենք այդ ճանապարհը՝ կախված է մեզնից, բացառապես մեզնից և մեր կամքից, մեր հավատից, մեր նվիրումից, մեր ազնվությունից: Բոլորիս հաջողություն եմ մաղթում և կրկին շնորհակալություն հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր ծառայում են ոչ միայն և ոչ այնքան գործի, աշխատանքի բերումով, այլ նաև հոգու, սրտի, հավատի և առաքելության գիտակցությամբ: Շնորհակալ եմ բոլորիցդ և շնորհավորում եմ բոլորիս Հայկական բանակի 31-րդ տարեդարձի առիթով»: Հավաք-խորհրդակցության ընթացքում ներկայացվել են 2022 թվականի ուսումնական տարվա արդյունքներով լավագույն ճանաչված զորամասերն ու ստորաբաժանումները: Առաջիկայում տեղի կունենան վերջիններիս պատվո դրոշների փոխանցման արարողությունները: Միջոցառումն ավարտվել է ՀՀ Զինված ուժերի օրհներգի կատարմամբ:
15:31 - 28 հունվարի, 2023
«Եթե չլիներ այդ դժբախտ դեպքը, ՊՆ-ն այդ տնակների մասին առավոտից գիշեր չէր խոսի»․ Գեղամ Մանուկյան

 |aravot.am|

«Եթե չլիներ այդ դժբախտ դեպքը, ՊՆ-ն այդ տնակների մասին առավոտից գիշեր չէր խոսի»․ Գեղամ Մանուկյան |aravot.am|

aravot.am: ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանում կազմակերպել էր դռնփակ աշխատանքային քննարկում՝ ՀՀ զինված ուժերի ներկա վիճակի, բանակում առկա խնդիրների, դրանց լուծման ընթացքի և ուղիների վերաբերյալ, սակայն պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գրություն էր ուղարկել, որ նպատակահարմար չի գտնում մասնակցել կամ ներկայացուցիչ ուղարկել։ Հրավերին արձագանքել եւ ներկայացուցիչ էր ուղարկել միայն ֆինանսների նախարարությունը։ Քննարկման բաց հատվածում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով Գեղարքունիքի մարզում 15 զինվորի մահվան դեպքին, հայտարարեց․ «Բոլորի աչքի առաջ դժբախտ դեպքին նախորդել է Անդրանիկ Քոչարյանի մի հայտարարություն, որ նոր տարուց առաջ ընդդիմադիր պատգամավորները եղել են առաջնագծի տարբեր հատվածներում եւ դրանից հետո «սակավախոս դարձել»։ Նա ակնարկել էր, թե մենք այնպիսի լավ վիճակ ենք տեսել, որ խուսափում ենք բարձրաձայնել։ Տեղի ունեցավ այդ դժբախտ դեպքը, եւ այսօր էլ իշխանությունը շարունակում է ոչ թե խնդիրներ լուծել, առաջնագիծ կահավորել, այլ սեփական հեղինակությունը փրկելով է զբաղված։ Վերջին աղմկոտ օրինակն իտալական մոդուլային տնակներն են։ Եթե չլիներ այդ դժբախտ դեպքը, ՊՆ-ն դրա մասին թերեւս առավոտից գիշեր չէր խոսի»։ Գեղամ Մանուկյանի խոսքով՝ ովքեր որ ծանոթ են առաջնագծի պայմաններին, գիտեն, որ նման մոդուլային տնակներ վաղուց արտադրվում են ՀՀ-ում եւ տեղավորվում որոշ հատվածներում․ «Դրանք, ցավոք, ժամանակավոր են, ոչ թե ամրակայված կացարաններ են։ Փոխարենն իշխանությունն այս օրերին պարեկների շնորհանդեսներով է զբաղված, Իջեւանում ճոխ խնջույք է անում։ Պարեկային ծառայությունը խայտառակ վիճակում է․ Երեւանի ծառայության համար նոր գնված թանկարժեք մեքենաների պարկի 23%-ը խափանված կանգնած է»։
17:09 - 23 հունվարի, 2023
Սուրեն Պապիկյանն ու Տոյվո Կլաարը  հույս են հայտնել, որ որոշում կկայացվի ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական նոր առաքելություն իրականացնելու վերաբերյալ

Սուրեն Պապիկյանն ու Տոյվո Կլաարը հույս են հայտնել, որ որոշում կկայացվի ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական նոր առաքելություն իրականացնելու վերաբերյալ

Հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Տոյվո Կլաարը իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ ԵՄ արտգործնախարարների կոմիտեի նիստին որոշում կկայացվի ՀՀ տարածքում ԵՄ քաղաքացիական դիտորդական նոր առաքելություն իրականացնելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկօրյա այցով Երևանում է։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում՝ նշելով, որ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և պետք է շտապ լուծումներ գտնել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան առնվազն երկու տարով։ Infocom.am-ի հայաստանյան աղբյուրը հաստատել էր տեղեկությունը, որ դեռ անցած շաբաթ նախագիծն ընդունվել է Եվրոպական խորհրդի Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում, երեկ էլ հաստատվել դիտորդական առաքելություններով զբաղվող հիմնական կառույցում՝ Ճգնաժամերի կառավարման քաղաքացիական հարցերի հանձնախմբում: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով ԵՄ-ի կողմից ՀՀ նոր երկարաժամկետ առաքելություն ուղարկելու մասին լուրերը, նշել էր․ «ԵՄ նոր լիարժեք դիտորդական առաքելության սահմանման պարագայում միայն աջակցող ու կառուցողական դերակատարում կունենանք, անշուշտ, դրական ենք վերաբերվում քննարկմանը, դրական կվերաբերվենք, եթե այդպիսի որոշում ընդունվի ԵՄ կողմից ու տեղում լայն համագործակցություն կհաստատենք նրանց հետ»։     
14:16 - 23 հունվարի, 2023
Իրենք ապահովված են ամեն ինչով՝ բացի այդ անվտանգության նորմերի պահպանումից, որոնք խախտվել են․ Սիմոնյանը՝ զինվորների կացարանի մասին

Իրենք ապահովված են ամեն ինչով՝ բացի այդ անվտանգության նորմերի պահպանումից, որոնք խախտվել են․ Սիմոնյանը՝ զինվորների կացարանի մասին

Թող նախաքննությունը գնա, վստահեցնում եմ ձեզ, որ բոլոր մեղավորները նաև քրեաիրավական պատասխանատվություն կկրեն։ Այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորական վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհին։  Հարցին, թե արդյո՞ք կլինեն քաղաքական պատասխանատվություն կրողներ, օրինակ՝ պաշտպանության նախարարը, Սիմոնյանն ասաց․ «Պաշտպանության նախարարը որևիցե ձևով այս ամեն ինչի հետ կապ չի կարող ունենալ, որովհետև իր գործառույթի մասով ինքը իր աշխատանքը ամբողջությամբ արել է։ Այդ քաղաքական սակարկումները պաշտպանության նախարարի վերաբերյալ շատ սին եմ համարում և անտեղի, որովհետև այն բարեփոխումները, որ պարոն Պապիկյանը իրականացնում է, նաև այն պատասխանատվությունը, որ իր վրա վերցրել է, լինելով փոխվարչապետ, պատերազմից հետո այդ վիճակում նա համաձայնություն է տվել բանակը վերցնել և սկսել բարեփոխումներ»։ Լրագրողի դիտարկմանը, որ զինվորները «խրճիթում» են հայտնվել, Սիմոնյանն ասաց․ «Խրճիթ չի, շինարարական և սակրավորական ջոկատները այնտեղ են բնակվում։ Իրենք ապահովված են ամեն ինչով՝ բացի այդ անվտանգության նորմերի պահպանումից, որոնք խախտվել են, որի հետևանքով տեղի է ունեցել այդ դեպքը»։ Սիմոնյանը հավելեց․ «Այն, որ գործընկերը փորձում է խրճիթ ներկայացնել, սեփական տներ են, որոնք բավական լավ վիճակում են գտնվում և ապահովված են ամեն ինչով»,- ասաց նա։ Դիտարկմանը, որ գումար է  օգտագործվում այլ ծախսերի, օրինակ՝ ծառայողական մեքենաների, վերելակների համար, Սիմոնյանն ասաց․ «Հայաստանի Հանրապետությունը գումարի որևիցե խնդիր չունի բանակի վրա ծախսելու, և որևիցե դեպք չի եղել և չկա 2018-ից սկսած, որ գումարի պատճառով մենք որևիցե գնում չկատարենք։ Քաղաքական ղեկավարությունը իր կողմից ամեն ինչ արել է և շարունակելու է անել։ Դժբախտ պատահարը դարձնել քաղաքական շա հարկման թեմա և դա փորձել մտցնել քաղաքական օրակարգ, անտեղի եմ  համարում»։ Սիմոնյանը նաև նշեց, որ հանդիպել է հրդեհի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին։ Անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի միջազգային արձագանքին,  Սիմոնյանը կարևորեց  ԵԽԽՎ-ի զեկուցը․ «Բավականին ծանրակշիռ և կարևոր փաստաթուղթ էր մեզ համար, և կարևոր էր փաստթուղթ էր Լաչինի և Լեռնային Ղարաբաղի հետ կապված, և կարծում եմ՝ դիվանագիտական առումով բավականին հաջողություններ կան գրանցված»։  Անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այսօր սպասվող հանդիպմանը, Սիմոնյանն ասաց․ «Մենք բոլոր միջազգային ֆորմատներով այդ հարցը բարձրացնում ենք, և պետք է ասեմ, որ դա իր ազդեցությունը ունենում է, և կարծում եմ՝ հետևանքները մենք կտեսնենք նաև հողի վրա։ Շատ մանրամասներ պահին չեմ կարող ու չեմ էլ ուզում հայտնել»։ Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։  Պաշտոնանկություններ են եղել նաև ՊՆ-ում։
13:16 - 23 հունվարի, 2023
Պապիկյանն այցելել է 2-րդ բանակային կորպուս, այնուհետև՝ վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի վայրը

Պապիկյանն այցելել է 2-րդ բանակային կորպուս, այնուհետև՝ վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի վայրը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, հունվարի 21-ին այցելել է 2-րդ բանակային զորամիավորում: Այս մասին Սուրեն Պապիկյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ Նա նշել է, որ հունվարի 19-ին հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց, ծառայակից ընկերներին, հարազատներին և ընտանիքի անդամներին կորստյան ծանր վիշտը կիսելու, ցավակցության խոսք հղելուց հետո, բանակային զորամիավորման հրամանատարական կազմին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանին: Այնուհետև Պաշտպանության նախարարը այցելել է ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի՝ ողբերգական դեպքի վայր: «ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը ներկայացրել է դեպքի առնչությամբ որոշ մանրամասներ: Վստահություն եմ հայտնել, որ նախաձեռնված վարույթի ընթացքում բոլորը հարցերը և դեպքի հանգամանքները լիարժեք կպարզվեն: Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել եմ խիստ ուշադրության կենտրոնում պահել հրդեհային անվտանգության պահպանման կանոնները՝ նմանօրինակ դեպքերն իսպառ բացառելու համար»,- գրել է Պապիկյանը։ Պաշտպանության նախարարը այցելել է նաև մոդուլային զորանոցների կառուցման շինհրապարակներ, տվել համապատասխան հանձնարարականներ՝ զորանոցների կառուցման աշխատանքները պատշաճ և նախանշված ժամկետներում իրականացնելու վերաբերյալ:
15:32 - 21 հունվարի, 2023
Պաշտոնանկություններ ՊՆ-ում․ Պապիկյանի խոսքով «մինչև ավելի մանրամասն քրեաիրավական գնահատական կտրվի խնդրին, նրանց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ»

Պաշտոնանկություններ ՊՆ-ում․ Պապիկյանի խոսքով «մինչև ավելի մանրամասն քրեաիրավական գնահատական կտրվի խնդրին, նրանց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ»

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ իր հրամաններով պաշտոններից ազատվել են մի շարք սպաներ։ Մասնավորապես՝ պաշտոնից ազատվել են․ 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Սերգեյի Մախսուդյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, թիկունքի պետ՝ գնդապետ Շիրազ Գևորգի Խաչատրյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ գնդապետ Արթուր Սերժիկի Օհանյանը, շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ռուդիկ Էդիկի Հակոբյանը, հրամանատարի թիկունքի և ԿՇԾ գծով տեղակալ, փոխգնդապետ Գոռ Սերգոյի Աղեկյանը, ինժեներական ծառայության պետ, կապիտան Տիգրան Նվերի Ղազարյանը, ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գոռ Գեղամի Սարգսյանը ԶՈՒ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ Սարգիս Ռոբերտի Մազմանյանը: Նշենք, որ նախագահի հրամանագրով այսօր պաշտոնից ազատվել է նաև Վահրամ Գրիգորյանը՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյո՞ք այս բոլոր պաշտոնյաները պատասխանատվություն են կրում 2022 թ․-ի դեկտեմբերի 21-ին ԶՈՒ ԳՇ պետի ստորագրած կարգադրությունը իրականացնելու համար, Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «Իրենց զբաղեցրած պաշտոնները, այո, ինչ-որ կերպ առնչվում են խնդրին և բնականաբար մինչև ավելի մանրամասն քրեաիրավական գնահատական կտրվի խնդրին, իրենց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ»։ Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։ 
11:30 - 19 հունվարի, 2023
Վառարանը վառելու համար օգտագործվել է արգելված միջոց՝ ավտոբենզին․ Պապիկյանն ու Քյարամյանը մանրամասներ հայտնեցին զորամասում տեղի ունեցած հրդեհից

Վառարանը վառելու համար օգտագործվել է արգելված միջոց՝ ավտոբենզին․ Պապիկյանն ու Քյարամյանը մանրամասներ հայտնեցին զորամասում տեղի ունեցած հրդեհից

Մեկնարկել է կառավարության նիստը։ Գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին այսօր ՊՆ զորամասերից մեկում հրդեհի պատճառով զոհված զինծառայողների հիշատակը։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց նախնական տվյալները՝ կապված զորամասի կեցավայրում հրդեհի դեպքի հետ։ «Նախնական տվյալներով, մասնավորապես Ռազմական ոստիկանության հայտնած տվյալներով հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաև արգելված միջոց, խոսքը վերաբերում է ավտոբենզինին, որը հնարավոր չի եղել հետագայում ուղղակի մարել»,- նշեց Պապիկյանը։ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հաստատեց այն, և ասաց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ՝ Քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներակայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որը անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձի մահ։ «Դեպքի վայրում են գտնվում քննչական խմբի անդամները, ովքեր ողջ գիշեր աշխատել են, ներգրավվել են նաև փորձագետներ, և կա նախնական վարկած առ այն, որ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով, դա նախնական վարկածն է, որը այս պահի դրությամբ բավականին հիմնավորվել է»,- հավելեց ՔԿ նախագահը։ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց հետևյալը․ «Մենք պարզում ենք, որ ոչ միայն բենզին է օգտագործվել, այլ վառարանը օգտագործելու համար 5 լիտրանոց տարայով փորձ է արվել բացել, լցնել վառարանի մեջ»։  Հիշեցնենք, որ հունվարի 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։ 
11:22 - 19 հունվարի, 2023
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությանը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությանը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 10-ին ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությանը՝ Մարչին Վիդրայի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը: Ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից, հանդիպման ընթացքում ամփոփվել է 2022 թ. դեկտեմբերին 19-ին ավարտված առաքելության գործունեությունը: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են դրա ընթացքում առաքելության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև արդյունավետ համագործակցությունը` հույս հայտնելով, որ այն արդյունավետ կշարունակվի նաև նոր առաքելության գործունեության ընթացքում: Սուրեն Պապիկյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը և դրա հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները: Պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ԵՄ ներգրավվածությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում` հատկապես կարևորելով դիտորդական առաքելությունների դերը, և հայտնել է պաշտպանության նախարարության պատրաստակամությունը շարունակելու բոլոր միջոցներով աջակցել ԵՄ նոր դիտորդական առաքելությանը:
14:23 - 10 հունվարի, 2023
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել ՊՆ-ում

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել ՊՆ-ում

Հունվարի 9-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Խորհրդակցության ժամանակ քննարկվել են զինված ուժերում ընթացող աշխատանքների, մասնավորապես՝ առաջնագծում իրականացվող ինժեներական և ամրաշինական կահավորման, թիկունքային և բարոյահոգեբանական ապահովման հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումներին: Պաշտպանության նախարարին զեկուցվել են նախորդ աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Բարձրացված խնդիրների առնչությամբ համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:
15:47 - 09 հունվարի, 2023
Պարզ գիտակցումը, որ բանակը մեր երկրի անվտանգության առաջին երաշխավորն է, մեզ ստիպում է բանակաշինության ընթացքը դարձնել ավելի արդյունավետ․ Սուրեն Պապիկյան

Պարզ գիտակցումը, որ բանակը մեր երկրի անվտանգության առաջին երաշխավորն է, մեզ ստիպում է բանակաշինության ընթացքը դարձնել ավելի արդյունավետ․ Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում ասված է․   «Սիրելի՛ զինծառայողներ, Հայրենիքի սահմանները պաշտպանելիս անմահացած քաջերի հարազատներ, հայրենակիցներ, պատմությանը հանձնեցինք ևս մեկ տարի:   2022 թվականը նշանավորվեց բանակաշինության մի շարք ձեռքբերումներով, զինվորների ու սպաների սխրալի ծառայությամբ, փխրուն խաղաղությունը պահպանելու անմնացորդ ջանքերով, ինչպես նաև մեր երկիրը կանգուն ու անառիկ պահելու համաժողովրդական տքնանքով:   2022 թվականը Զինված ուժերի համար մի շարք փորձությունների ու դժվարությունների տարի էր. Սեպտեմբերին զինված ուժերի ստորաբաժանումները վճռականությամբ դիմագրավեցին ադրբեջանական ռազմական ագրեսիային: Եվ հիմա, Տարեմուտը դիմավորում ենք կորստյան ցավի և հպարտության հակասական զգացողությամբ:   Պարզ գիտակցումը, որ բանակը մեր երկրի անվտանգության ու մեր ժողովրդի խաղաղ գոյության առաջին երաշխավորն է, մեզ ստիպում է բանակաշինության ընթացքը դարձնել ավելի արդյունավետ, իրականացնել նպատակային բարեփոխումներ, զինծառայությունը դարձնել ավելի գրավիչ ու շահավետ, ստեղծել 21-րդ դարին հարիր, ճկուն ու մարտունակ բանակ: Այս համատեքստում ես ուզում եմ խոսել երկու ծրագրերի մասին, որոնք, համոզված եմ, կմեծացնեն մարդկային ռեսուրսի հոսքը դեպի զինված ուժեր, կբերեն որակական զգալի փոփոխություններ:   Առաջինը ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին բնակարանով ապահովելու ծրագիրն է: Իր ճակատագիրը բանակի հետ կապած, ռազմական համալսարան ավարտած յուրաքանչյուր զինծառայող կստանա երեք սենյականոց բնակարան մայրաքաղաքում: Այս նորամուծությունը ոչ միայն էապես կբարելավի ապագա զինծառայողների սոցիալական վիճակը, այլև կկարևորի հայրենիքը պաշտպանելու նրանց բացառիկ առաքելությունը հասարակության, հատկապես՝ բարձրացող սերնդի աչքում:   «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը ժամկետային զինծառայողներին հնարավորություն կտա կամավորագրվել բանակին, ժամկետային ծառայությունից սահուն անցում կատարել պայմանագրային վճարովի ծառայության: Մենք բանակում խթանելու ենք նաև պրոֆեսիոնալ սերժանտական ինստիտուտի ներդրումը, որ վաղուց կայացած է զարգացած երկրների զինված ուժերում, այդպիսով՝ դնելու ենք պրոֆեսիոնալ բանակի նոր հիմքեր՝ մարտունակ զինված ուժեր ձևավորելու ռազմավարությամբ:   2022-ի շրջանակում ուզում եմ կարևորել նաև առաջնագծի կահավորումն ու սպառազինության համալրման ուղղությամբ կատարված աշխատանքները: Սիրելի՛ հայրենակիցներ, չեմ կարող ասել, որ մենք թևակոխում ենք 2023 թվական՝ բոլոր խնդիրները լուծած և բոլոր դժվարությունները թոթափած, բայց անմնացորդ նվիրումն ու տքնաջան աշխատանքը, բոլորիս ուժերի մեկտեղումն ու հավատարամությունը հզոր ու պաշտպանված հայրենիքի գաղափարին, մեզ հնարավորություն կտա ձիգ ու ամուր քայլել Նոր տարում և լուծել մեր առջև ծառացած կենսական խնդիրները, դիմագրավել լրջագույն մարտահրավերներին:   Ես ազգային համերաշխության, միասնական աշխատանքի տարի եմ մաղթում բոլորիս: Թող 2023-ը անկորուստ տարի լինի բոլորիս համար: Թող մեր զինվոր որդիները անխախտ պահեն Հայրենիքի սահմանները, ու թող նրանք բանակից տուն վերադառնան ողջ-առողջ ու փառքով: Արևշատություն ու երջանկություն եմ մաղթում բոլորիդ ընտանիքներին: Ու հավատացնում եմ, որ մենք ենք մեր ճակատագրի տերը, մենք ենք կռելու մեր ապագան: Կեցցե՛ Հայաստանը, փառք Հայոց բանակին:   Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:
21:11 - 31 դեկտեմբերի, 2022