ԵԱՏՄ

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։ Անդամ երկրներն են Բելառուսը, Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Ղազախստանը։

Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ ներքին շուկաների պաշտպանության ընդհանուր մոտեցման մշակումը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ ներքին շուկաների պաշտպանության ընդհանուր մոտեցման մշակումը. Նիկոլ Փաշինյան

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդ պետությունների կառավարությունների ղեկավարները՝ Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլահ Արիպովը, հեռահար կարգով՝ Կուբայի Հանրապետության վարչապետ Մանուել Կրուսը և Մոլդովայի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Աուրելի Չոկոն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Համատեղ արարողակարգային լուսանկարահանումից հետո տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ նախ նեղ, ապա ընդլայնված կազմով։ Ընդլայնված կազմով հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Եվրասիական միջկառավարական խորհրդի հարգելի անդամներ, Նիստի հարգելի մասնակիցներ, Թույլ տվեք ելույթս սկսել Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Ուզակպաևիին ուղղված շնորհակալական խոսքով՝ հրավերի և այսօրվա նիստի կազմակերպման համար: Օգտվելով առիթից, ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել Ասկար Ուզակպաևիին՝ Նախարարների կաբինետի ղեկավարի լիազորությունների վերահաստատման կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր գործունեությունը հետայսու ևս կնպաստի մեր երկրների հարաբերությունների զարգացմանը, իսկ բազմակողմ ձևաչափով` համաձայնեցված որոշումների մշակմանն ու իրականացմանը, որոնք այդ թվում միտված կլինեն նաև Եվրասիական միության ներուժի զարգացմանը: Նաև ցանկանում եմ շնորհավորել Ուլուկբեկ Ասամիդինի Մարիպովին՝ Ղրղզստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան հետագա գործունեության մեջ:Սրտանց ողջունում եմ դիտորդի կարգավիճակով մասնակցող երկրների՝ Ուզբեկստանի, Մոլդովայի և Կուբայի Հանրապետությունների ներկայացուցիչներին: Ձեր մասնակցությունը ևս մեկ անգամ հաստատում է մեր կազմակերպության աճող միջազգային նշանակությունը: Եվ սա ևս մեկ լավ առիթ է` հերթական անգամ վերահաստատելու դիտորդ պետությունների հետ համագործակցելու մեր պատրաստակամությունը՝ համատեղ ծրագրերի և նախագծերի շրջանակում: Հարգելի գործընկերներ, անցած ժամանակահատվածի գլխավոր արդյունքների շարքում ես կառանձնացնեի Միության՝ մինչև 2025 թվականը զարգացման ռազմավարության վերջնական հաստատումը: Հուսով ենք, որ ընթացիկ տարին արգասաբեր կլինի ինտեգրացիայի զարգացման՝ փաստաթղթում արտացոլված ուղղությունների հետագա իրագործման տեսանկյունից: Այս առումով կցանկանայի ընդգծել այն միջոցառումների կարևորությունը, որոնք ուղղված են բարձր և, մասնավորապես, թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հետագա զարգացմանը: Հայաստանն ավանդաբար ակտիվորեն մասնակցում և աջակցում է Միության Թվային օրակարգի ստեղծման և իրագործման գործընթացին: Մենք ողջունում ենք այսօրվա նիստի շրջանակում Թվային համաժողովի անցկացումը, որին ես սիրով մասնակցեցի: Վստահ եմ, որ այսօրվա համաժողովը կարևոր ներդրում կունենա մեր երկրների միջև՝ բարձր և թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության առաջնահերթ ուղղությունները և արդյունավետ գործիքակազմը որոշելու հարցում: Այս թեմայի համատեքստում գոհունակությամբ կցանկանայի նշել «Ճանապարհորդում եմ առանց COVID-19» բջջային հավելվածի փորձնական ծրագրի հաջող մեկնարկը: Փետրվարի 1-ին մեկնարկած այս նախագիծը թույլ տվեց մեզ գտնել փոխընդունելի լուծումներ Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի միջև ուղևորափոխադրումների խնդրի վերաբերյալ, ինչը բավական կարևոր սոցիալական և տնտեսական նշանակություն ունի մեր երկրի համար: Ակնհայտ է, որ այս նախագիծը կարևոր է նաև կորոնավիրուսային վարակի տարածման ռիսկը նվազեցնելու տեսանկյունից և կարևոր տեղ է գրավում համավարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների շարքում: Հարգելի գործընկերներ, նիստի քննարկմանն առաջարկված հարցերի առնչությամբ կցանկանայի կանգ առնել հետևյալ թեմաների վրա: Անկասկած, ԵԱՏՄ-ում հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային և հակակշռող միջոցառումների կիրառման մեխանիզմների կատարելագործումը կարող է արդյունավետ գործարկվել՝ հայրենական արտադրողներին երրորդ երկրներից աճող ներմուծման կամ անբարեխիղճ մրցակցության բացասական ազդեցությունից պաշտպանելու համար: Այստեղ կարևոր են ինչպես միասնական մոտեցումը, այնպես էլ վերջնարդյունքը, որը դրսևորվում է Միության պետությունների ապրանքների՝ երրորդ երկրների ապրանքների հետ մրցունակության մեջ: Հայկական կողմը պատրաստ է ինտեգրացիոն գծով գործընկերների հետ սերտ համագործակցության` նշված միջոցների կիրառման համար ընդհանուր մոտեցում մշակելու նպատակով: Միության ներքին շուկայի պաշտպանությանն ուղղված մեխանիզմների համատեքստում նաև հարկ է դիտարկել գործող միջազգային պայմանագրերին համապատասխան, ԵԱՏՄ տարածքում արձագանքման միջոցառումների մեխանիզմի մշակման և ներդրման հնարավորությունը: Մենք մեծապես կարևորում ենք այն գնահատականները և եզրակացությունները, որոնք ներկայացված են «ԵԱՏՄ անդամ երկրներում մակրոտնտեսական իրավիճակի և կայուն տնտեսական զարգացման ապահովման առաջարկների մասին» զեկույցում: Վստահ եմ, որ դրանք օգտակար են մեր երկրների ֆինանսատնտեսական իրավիճակը վերլուծելու և դրա շարժի ուղղությունները կանխատեսելու տեսանկյունից: Եվ, վերջիվերջո, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն կառուցողական մոտեցման համար, որ ԵԱՏՄ երկրների կողմից ցուցաբերվեց սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը վերանայելու Հայաստանի նախաձեռնությանը: Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ զարգացող և նվազ զարգացած երկրներից ապրանքներին ու ծառայություններին սակագնային արտոնությունների տրամադրման հարցն արդեն ընդգրկվել է մեր կազմակերպության օրակարգում և մոտ ապագայում համապատասխան լուծում կստանա՝ մեր ընդունած չափորոշիչների հիման վրա: Ամփոփելով ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու ԵԱՏՄ-ում առաջնահերթ ծրագրերի իրականացման ուղղությամբ, որոնք նախանշված են Ղազախստանի նախագահության շրջանակում և միտված են եվրասիական ինտեգրման առաջմղմանը ու Միության զարգացմանը։ Շնորհակալություն ուշադրության համար»: ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերը քննարկել են նիստի օրակարգի մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է եղել Միության ներքին շուկաների պաշտպանության մեխանիզմների կատարելագործման, ԵԱՏՄ մաքսային տարածքում արձագանքման միջոցների կիրառման հարցերին։ Հաստատվել է ԵԱՏՄ անդամ երկրներում ցեղային անասնաբուծության ոլորտում սելեկցիոն աշխատանքի վերլուծության և համակարգման կարգը։ Կառավարությունների ղեկավարներին է ներկայացվել ԵԱՏՄ անդամ երկրներում մակրոտնտեսական իրավիճակի և կայուն տնտեսական զարգացման ապահովման առաջարկների մասին» զեկույցը։ Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։
13:58 - 05 փետրվարի, 2021
ՌԴ-ն պատրաստ է համավարակի հաղթահարման հարցում աջակցել գործընկերներին. Միշուստին |armenpress.am|

ՌԴ-ն պատրաստ է համավարակի հաղթահարման հարցում աջակցել գործընկերներին. Միշուստին |armenpress.am|

armenpress.am: ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն անհրաժեշտ է համարում ձեռնարկել հավելյալ քայլեր, որպեսզի կանխվի կորոնավիրուսի տարածումը, ինչպես նաև ստեղծվեն բարենպաստ պայմաններ միության ներսում անվտանգ ուղևորափոխադրումների համար։ Այս մասին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նշեց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում։«Նախորդ տարին դյուրին չէր ԵԱՏՄ անդամ պետությունների համար։ Կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակում է մեր համագործակցության կարևոր ուղղություններից մնալ։ Ակնհայտ է, որ վճռորոշ գործոն կլինի պատվաստման համար հնարավորությունների ստեղծումը։Ինչպես գիտեք Ռուսաստանում արդեն երկու պատվաստանյութ գրանցված է, սպասվում է երրորդի գրանցումը, և ՌԴ նախագահի որոշմամբ սկսվել է մասսայական անվճար պատվաստման գործընթաց։ Մենք պատրաստ ենք մեր գործընկերներին այս հարցում ցուցաբերել ամբողջ անհրաժեշտ աջակցությունը և կիսվել մեր փորձով»,֊ասաց ՌԴ վարչապետը։Նրա խոսքով, անհրաժեշտ է նաև այլ քայլեր ձեռնարկել ոչ միայն վարակի տարածումը կանխելու, այլև միության ներսում անվտանգ ուղևորափոխադրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։ Որպես պիլոտային ծրագիր գործարկվել է «Ճամփորդում եմ առանց Covid 19- ի» ծրագիրը։ ՌԴ վարչապետի խոսքով, այդ ծրագրով աշխատում են Հայաստանը, Բելառուսն ու Ռուսաստանը, սակայն նա հույս հայտնեց, որ այդ երկրների ցանկը կընդլայնվի։  Դա հնարավորություն կտա մարդկանց ազատ տեղաշարժվել, մեկնել ճանապարհորդության կամ աշխատանքի նպատակով։
13:30 - 05 փետրվարի, 2021
Պետք է ձգտել, որ թվային մակարդակում ԵԱՏՄ երկրների միջև սահմանները վերանան. վարչապետը մասնակցել է «Almaty Digital Forum 2021» ֆորումին

Պետք է ձգտել, որ թվային մակարդակում ԵԱՏՄ երկրների միջև սահմանները վերանան. վարչապետը մասնակցել է «Almaty Digital Forum 2021» ֆորումին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստան աշխատանքային այցի շրջանակում այսօր Ալմաթիում մասնակցել է «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին: Այն անցկացվում է «Թվային վերբեռնում. թռիչք դեպի նոր իրականություն» խորագրով: Մասնակիցների շարքում են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և ԵԱՏՄ դիտորդ-պետությունների կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ: Ֆորումի լիագումար նիստից առաջ տեղի է ունեցել արարողակարգային տեսալուսանկարահանում, ապա ՀՀ վարչապետը համաժողովի մասնակից մյուս երկրների կառավարությունների ղեկավարների հետ միասին ծանոթացել է թվային նախագծերի թանգարանում ներկայացված աշխատանքներին։ Թվային համաժողովի լիագումար նիստում ՀՀ վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Ելույթս ցանկանում եմ սկսել Ղազախստանին ուղղված շնորհակալական խոսքով՝ թվային հերթական համաժողովը կազմակերպելու համար: Համաժողովը դարձել է թվային տնտեսության արդիական հարցերի քննարկման ավանդական հարթակ: Ակնհայտ է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը որոշիչ դեր է խաղում պետության մրցունակության, անվտանգության և բնակչության կենսամակարդակի բարձրացման գործում: Բարձր տեխնոլոգիաներ ստեղծող և զարգացնող երկրներն առաջատար դիրքեր են զբաղեցնում միջազգային ասպարեզում: Թվայնացումը, նորարարությունները և նորագույն տեխնոլոգիաները Հայաստանի կառավարության կողմից դիտարկվում են որպես արդյունավետ և ներկայացուցչական պետական կառավարման համակարգի, բարենպաստ գործարար միջավայրի ստեղծման և առաջանցիկ տնտեսական աճի ապահովման կարևորագույն գործիք: Բարձր և, մասնավորապես, թվային տեխնոլոգիաների ոլորտը մեր տնտեսության ամենաարագ զարգացող ոլորտն է: 2020 թվականին Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների շրջանառությունը կազմել է ավելի քան 400 մլն դոլար: Նախորդ տարվա համեմատ այն աճել է շուրջ 20 տոկոսով: 2020 թվականին այս ոլորտում աշխատողների թիվն աճել է 22 տոկոսով: Այս պահին մեր երկրում գրանցված է ավելի քան 1200 գործող ՏՏ ընկերություն: Նրանց համար նախատեսված են էական հարկային արտոնություններ` Հայաստանի կառավարության կողմից այս բնագավառում տարվող քաղաքականությանը համապատասխան: Համավարակը չափազանց բարդ մարտահրավերներ է առաջացրել հասարակության, բիզնեսի և կառավարության համար: Ստիպված էինք լուծել դրանք կարանտինի կամ լիակատար լոք-դաունի (արգելափակման) պայմաններում: Նման պայմաններում աշխատելու անհրաժեշտությունը բերեց ինչպես կառավարման նոր մշակույթի ներդրմանը, այնպես էլ թվային տեխնոլոգիաների և լուծումների լայն կիրառմանը: Ֆիզիկական շփման սահմանափակ հնարավորությունների պայմաններում՝ վերջիններս դարձան առավելագույնս կարևոր և պահանջված գործնականում պետական կառավարման ողջ շղթայում և սոցիալ-տնտեսական գործունեության մեջ: Հայաստանում մենք կիրառել ենք թվային տեխնոլոգիաները, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության և էլեկտրոնային կառավարման գործիքները: Ցանկանում եմ նշել, որ համապատասխան տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ աջակցության կարիք ունեցող սոցիալական խմբերը որոշվել են բարձր աստիճանի ճշգրտությամբ, իսկ աջակցության միջոցառումների գործարքներն իրականացվել են հնարավորինս սեղմ ժամկետում: Մենք նախատեսում ենք պետական տվյալների, էլեկտրոնային ծառայությունների, էլեկտրոնային կառավարման համակարգերի, թվային գործընթացների համակարգման քաղաքականության ներդրում և զարգացում, ընդհանուր չափանիշների և թվային միջավայրի ստեղծում։ Կառավարությունը խրախուսում է տնտեսության մասնավոր հատվածում թվային տեխնոլոգիաների կիրառումը խթանող էլեկտրոնային գործիքների օգտագործումը։ Հայաստանում թվայնացման ներկայիս գործընթացն իրականացվում է՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ընդհանուր թվային օրակարգի առկայությունը: Ստեղծվում է տվյալների բազաների միջև փոխգործողության հարթակ, որն օպտիմալացնում է համակարգերի միջև տվյալների փոխանակման գործընթացները և մեծ թվով հանրային ծառայությունների թվայնացումը: Գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել, որ Միության երկրները կարողացան կիրառել թվային տեխնոլոգիաները` համավարակի պատճառով ծագած խնդիրների մի մասը հաղթահարելու համար: Խոսքը «Ճանապարհորդում եմ առանց Covid-19» թվային հարթակի մասին է, որը փաստացի փետրվարի 1-ից վերականգնեց քաղաքացիների ազատ տեղաշարժը Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի միջև: Հայաստանն ի սկզբանե աջակցել է Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» նախագծին, և մենք շնորհակալ ենք Հիմնադրամի և Ռուսաստանի ու Բելառուսի կառավարությունների մեր գործընկերներին՝ այս ծրագրի շրջանակում համատեղ ակտիվ աշխատանքի համար: Մենք պետք է ակտիվ առաջ շարժվենք այլ համատեղ թվային նախագծերի իրագործման ուղղությամբ՝ այդ նպատակով օգտագործելով վերազգային կառույցների և զարգացման ինստիտուտների հնարավորությունները: Համատեղ նախագծերի իրականացումից բացի, նաև պետք է աշխատենք արդեն առկա հաջողված լուծումները տարածելու ուղղությամբ: Իսկ մեր երկրներից յուրաքանչյուրում դրանք քիչ չեն: Մեր նպատակը պետք է դառնա պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների լիակատար և համընդգրկուն թվայնացումը: Դրա համար պետք է օգտագործել էլեկտրոնային ծառայությունների ողջ սպեկտրը՝ բջջային հեռախոսներ, ցանցային ծառայություններ, ամպային տեխնոլոգիաներ և այդպես շարունակ: Պետք է ձգտել, որպեսզի թվային մակարդակում ԵԱՏՄ պետությունների միջև սահմանները վերանան, առկա սահմանափակումները նվազագույնի հասցվեն: Այն հնարավորությունները, որ ընձեռում է թվայնացումը, կարելի է, և մենք արդեն դա տեսնում ենք, օգտագործել աշխատուժի ազատ տեղաշարժի արդյունավետության բարձրացման համար: Համապատասխան բջջային հավելվածը կարող է «մեկ պատուհանում» հավաքել ԵԱՏՄ ողջ տարածքում աշխատատեղերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, հնարավորություն տալ լրացնել և ներկայացնել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ ընտրված աշխատանքն ունենալու համար: Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքը և փորձի փոխանակումը թույլ կտան վստահորեն առաջ ընթանալ թվային տեխնոլոգիաների բոլոր ճյուղերում, հասնել հաջողության և ցանկալի արդյունքների: Շնորհակալություն ուշադրության համար»:
09:48 - 05 փետրվարի, 2021
ԵԱՏՄ-ում միասնական արժույթի ներդրման պլաններ չկան, այդ թեման չի քննարկվում. ԵՏՀ ներկայացուցիչ

 |armenpress.am|

ԵԱՏՄ-ում միասնական արժույթի ներդրման պլաններ չկան, այդ թեման չի քննարկվում. ԵՏՀ ներկայացուցիչ |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթ ներդնելու պլաններ չկան, այդ թեման չի քննարկվում անհրաժեշտ նախադրյալների բացակայության պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Belta»-ին, այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը՝ փետրվարի 4-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ: «ԵԱՏՄ շրջանակներում ոչ մի պայմանագրում, ոչ մի ակտում չի խոսվում միասնական արժույթի ներդրման մասին։ Նման ծրագրեր չկան։ Նման ծրագրեր չկան նաեւ մինչեւ 2025 թվականը զարգացման ռազմավարության մեջ, բանակցություններ չեն ընթանում այդ հարցով։ Այդ թեման չի քննարկվում», - ասել է Ժակսիլիկովը: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա փետրվարի 5-ին Ալմաթիում:
19:18 - 04 փետրվարի, 2021
ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտը համակարգող մարմինների ղեկավարները խորհրդակցություն են անցկացրել

ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտը համակարգող մարմինների ղեկավարները խորհրդակցություն են անցկացրել

Այսօր տեղի է ունեցել 2021-2022 թվականների տրանսպորտային քաղաքականությանն ուղղված ճանապարհային քարտեզի նախագծի համաձայնեցման հարցերով ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտը համակարգող մարմինների ղեկավարների հերթական խորհրդակցությունը, որին հայկական կողմից մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, տրանսպորտի ոլորտը համակարգող փոխնախարար Արմեն Սիմոնյանը։ Խորհրդակցության ընթացքում աշխատակարգային ձևաչափով քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների 2021-2022 թվականների համակարգված տրանսպորտային քաղաքականությանն ուղղված ճանապարհային քարտեզի նախագիծը։ Կողմերն իրենց դիրքորոշումն են հայտնել քննարկվող հարցերի շուրջ, մասնավորապես՝ ավտոմոբիլային, երկաթուղային, օդային տրանսպորտի, տարանցիկ ճանապարհների ոլորտներում ԵԱՏՄ կարգավորումների վերաբերյալ՝ տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
19:33 - 29 հունվարի, 2021
ԵԱՏՄ երկրներում ակնկալվում է տնտեսական աճ. ԵԱՏՄ նախարար |1lurer.am|

ԵԱՏՄ երկրներում ակնկալվում է տնտեսական աճ. ԵԱՏՄ նախարար |1lurer.am|

1lurer.am:  ԵԱՏՄ պետությունները դիմակայեցին կորոնավիրուսի հարուցած տնտեսական ճգնաժամին՝ դրանից դուրս գալով նվազագույն կորուստներով: Այդ մասին «Սպուտնիկ Արմենիայի» կազմակերպած Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է ԵԱՏՄ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերի նախարար Տիմուր Ժակսիլիկովը: Նրա կարծիքով՝ անցած տարի տնտեսական աննշան, սակայն աճ գրանցած միակ երկիրն ամբողջ աշխարհում եղել է Չինաստանը: Մյուս բոլոր երկրներում արձանագրվել է տնտեսության անկում: ԵԱՏՄ նախարար Ժակսիլիկովի խոսքով՝ ամենամեծ կորուստն ունեցել են միության երկրների ծառայությունների և զբոսաշրջության ոլորտները: «Առաջիկայում կհրապարակենք տնտեսության աճի տեմպի նվազման վերջնական վիճակագրությունը»,- ասել է նա:    Պաշտոնյայի խոսքով՝ տնտեսական ճգնաժամից նվազագույն կորուստներով ԵԱՏՄ անդամների դուրս գալուն մեծապես նպաստել են ազգային կառավարությունների իրականացրած՝ գործարարության աջակցության ծրագրերը: Ժակսիլիկովն ասել է, որ այս տարի ակնկալվում է ԵԱՏՄ երկրների տնտեսության աճ, սակայն դեռ վաղ է կատարել հստակ կանխատեսում: Նա ասել է, որ տնտեսական ակտիվության աճն արդեն նկատելի է, և դրա ապացույցներից մեկը ԵԱՏՄ երկրներում, հատկապես Ռուսաստանում, աշխատուժի պահանջարկի մեծացումն է:    Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն միավորում է, որը հիմնվել է 2015 թ. հունվարի 1-ին: Անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը:
15:12 - 29 հունվարի, 2021
Ռուսաստանը կատարելագործում է ԵԱՏՄ-ից ժամանող ներգաղթյալների նույնականացման կանոնները․ Միխայիլ Միշուստին |hetq.am|

Ռուսաստանը կատարելագործում է ԵԱՏՄ-ից ժամանող ներգաղթյալների նույնականացման կանոնները․ Միխայիլ Միշուստին |hetq.am|

hetq.am: Ռուսաստանը կատարելագործում է ԵԱՏՄ երկրներից ժամանող ներգաղթյալների նույնականացման կանոնները։ Այդ մասին РИА Новости-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ «Կկատարելագործվի ներգաղթյալների նույնականացման համակարգը, որոնց մուտքի համար չի պահանջվում այցագիր։ Բոլոր նրանք, որոնք նախատեսում են Ռուսաստանում մնալ ավելի քան 3 ամիս, պետք է անցնեն պարտադիր բժշկական հետազոտություն։ Այսօր դա պարտադիր պայման է՝ հաշվի առնելով կորոնավիրուսի և մյուս վտանգավոր վիրուսների տարածման վտանգը»,- հայտարարել է Միշուստինը։  ՌԴ վարչապետը նշել է, որ 2020 թվականին Ռուսաստանի տարածքում գտնվել է ԵԱՏՄ երկրների ավելի քան 2,5 միլիոն քաղաքացի։       
20:22 - 28 հունվարի, 2021
Հայաստանը ԵԱՏՄ-ում երկրորդն է մանրածախ առևտրի շրջանառության նվազման ցուցանիշով |armenpress.am|

Հայաստանը ԵԱՏՄ-ում երկրորդն է մանրածախ առևտրի շրջանառության նվազման ցուցանիշով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում մանրածախ առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով և ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքով, 2020-ի հունվար-նոյեմբերին կազմել է 2 մլրդ 409,4 ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 16,6%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից։ ԵՏՀ-ի տվյալներով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների անցյալ տարվա առաջին տասնմեկ ամիսների ընդհանուր մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 468 մլրդ 306,4 մլն ԱՄՆ դոլար և 2019-ի նույն ամիսների համեմատ նվազել 4,1%-ով։ Ընդ որում, 2020-ի հունվար-նոյեմբերին Բելառուսում մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է (ընթացիկ գներով և այդ երկրի ազգային բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթի միջին կշռված փոխարժեքով) 19 մլրդ 562,2 մլն ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել 2,0%-ով։  Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի դեպքում մանրածախ առևտրի շրջանառության ծավալը հաշվարկվել է ընթացիկ գներով և կենտրոնական (ազգային) բանկերի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթների միջին փոխարժեքով։ Այսպես, Ղազախստանում այն 2020-ի առաջին տասնմեկ ամիսներին կազմել է 24 մլրդ 504,1 մլն ԱՄՆ դոլար և նվազել 5,0%-ով, Ղրղզստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 3 մլրդ 609,6 մլն ԱՄՆ դոլար և 17,4% նվազում, իսկ Ռուսաստանում՝ 418 մլրդ 221,1 մլն ԱՄՆ դոլար և 4,1% նվազում։
09:54 - 25 հունվարի, 2021
ԵԱՏՄ-ում ոսկերչական իրերի առևտրի համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն
 |1lurer.am|

ԵԱՏՄ-ում ոսկերչական իրերի առևտրի համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն |1lurer.am|

1lurer.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հավանություն է արժանացրել ոսկերչական իրերի հարգափորձման, հետազոտման և հարգադրոշման նկատմամբ կիրառվող պահանջները և հաստատել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղափոխվող ոսկերչական իրերի արտադրության ժամանակ թույլ տրվող խախտումների ցանկը: Այս մասին հայտնել է ԵՏՀ նախարար Գեղամ Վարդանյանի քարտուղարության խորհրդատու Հասմիկ Կարապետյանը։ «Ընդունված փաստաթղթերը հնարավորություն կտան ոսկերչական արտադրատեսակների փոխադարձ առևտրի համար ստեղծելու բարենպաստ պայմաններ, ինչը բիզնեսի կարևոր բաղկացուցիչ մասն է, սպառողների համար էլ ավելի անվտանգ կլինի արտադրանքի ձեռքբերումը: Սա քայլ է այդ ոլորտում առկա լավագույն միջազգային փորձի, ինչպես նաև առ 22 նոյեմբերի 2019 թ ԵԱՏՄ-ի շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին համաձայնագրում նշված փորձի կիրառման ուղղությամբ»,- ասել է ԵՏՀ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Գեղամ Վարդանյանը: Այսպիսով՝ հանձնաժողովն օպերատիվ կերպով ստեղծում է հարգադրոշմների փոխադարձ ճանաչման համար անհրաժեշտ պայմաններ` եվրասիական ինտեգրատիվ միության ներքին շուկայում ոսկերչական իրերի փոխադարձ առևտրի համար:  Հանձնաժողովի կոլեգիան հաստատել է մի անդամ երկրից մյուսը տեղափոխվող ոսկերչական և այլ իրերի արտադրության նկատմամբ առկա պահանջների խախտումների ցանկը, ինչն ուղղված է ձեռնարկատիրական գործունեության բարեխիղճ սուբյեկտների գործունեության պաշտպանությանը:   Փաստաթուղթը հնարավորություն կտա սահմանելու նվազագույն անհրաժեշտ պայմաններ համապատասխան ստուգիչ միջոցառումների իրականացման համար՝ այն ոսկերչական և այլ իրերի կապակցությամբ, որոնք միության տարածքում կարող են տեղափոխվել խախտումներով հանդերձ: Փաստաթղթի ընդունման պես անդամ երկրների լիազորված մարմինները միմյանց հետ կփոխանակվեն միջսահմանային առևտրի ժամանակ խախտումների վերաբերյալ տեղեկատվությամբ դրանց վերացման կապակցությամբ անհրաժեշտ միջոցների ձեռնարկման նպատակով՝ ազգային օրենսդրության համաձայն:  ԵԱՏՄ-ի շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին համաձայնագիրն արդեն վավերացրել են Ռուսաստանը, Բելառուսը և Հայաստանը:   
19:18 - 22 հունվարի, 2021
Երևանում լույս է տեսել «Հայաստանը ԵԱՏՄ-ում: Ինտեգրման տնտեսական արդյունավետությունը» վերտառությամբ գրքույկը

Երևանում լույս է տեսել «Հայաստանը ԵԱՏՄ-ում: Ինտեգրման տնտեսական արդյունավետությունը» վերտառությամբ գրքույկը

«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը և Եվրասիական փորձագիտական ակումբը լույս են ընծայել հոդվածների ժողովածու միաժամանակ հայերեն և ռուսերեն լեզուներով «Հայաստանը ԵԱՏՄ-ում: Ինտեգրման տնտեսական արդյունավետությունը» ընդհանուր վերնագրով: Այս գիրքը Եվրասիական փորձագիտական ակումբի անդամների կոլեկտիվ աշխատանքի արդյունքն է: Ներկայացված հոդվածները արդյունք են հետազոտությունների, որոնք ունեն եվրասիական ինտեգրման գործընթացի տնտեսական հարցերի, ինչպես նաև նրա քաղաքական-անվտանգային և մշակութային-քաղաքակրթական ասպեկտների արդիական հնչողություն: Հրատարակության գլխավոր խմբագիրն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:  Ներածության հեղինակը և ժողովածուի կազմողն է «Ինտեգրացիա և զարգացում» հ/կ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը: Ընթերցողներին ողջույնի խոսքով են դիմել ՀՀ Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը, ինչպես նաև ԵԱՏՄ ինստիտուտի (Մոսկվա) տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համահիմնադիր, հայտնի ռուսաստանյան քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը: Ներածության մեջ նշվում է, որ ժողովածուի հեղինակների նպատակն է միասնական եվրասիական մշակութային-քաղաքակրթական տարածքի, նրա ընդհանուր արժեքների զարգացմանը նպաստելը, ինչը պետք է ապահովի ԵԱՏՄ-ի արժանի տեղը ժամանակակից, արագ փոփոխվող անհանգիստ աշխարհում: Հենց այդ պատճառով ընթերցողների ուշադրությանը ներկայացված հրապարակումները նվիրվել են բուռն թափ հավաքող եվրասիական ինտեգրացիոն տարածաշրջանային մեգանախագծի ինչպես տնտեսական, սոցիալական, քաղաքական, այնպես էլ հումանիտար և գաղափարական ասպեկտներին: Հայ եվրասիացի-փորձագետների այս, մի շարք առումներով հաջողված աշխատանքն, ըստ էության, հանդիսանում է հրավեր հայ գիտահետազոտական և փորձագիտական հանրությանը վերջապես համակարգված հիմքերի վրա դնելու եվրասիական ինտեգրման թեմատիկայի հետազոտությունները: Գիրքը հասցեագրված է քաղաքական և հասարակական գործիչներին, գիտնականներին և փորձագետներին, լրագրողներին, ասպիրանտներին և ուսանողներին, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակին, ով հետաքրքրված է եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացով:     
20:51 - 21 հունվարի, 2021
Խորհրդարանը վավերացրեց ԵԱՏՄ ապրանքային և սպասարկման նշանների մասին պայմանագիրը |armenpress.am|

Խորհրդարանը վավերացրեց ԵԱՏՄ ապրանքային և սպասարկման նշանների մասին պայմանագիրը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովը վավերացրեց «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը: Այն վավերացվեց 85 «կողմ» և 1 «դեմ» ձայներով: Պայմանագրով նախատեսվում է ստեղծել իրավական դաշտ, որը նպատակ ունի կարգավորել ԵԱՏՄ ապրանքային նշանների և Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման կապակցությամբ ծագող հարաբերությունները: Պայմանագրի գործողության մեջ մտնելուց հետո տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն կունենան հարկ եղած դեպքերում մեկ հայտ ներկայացնելու միջոցով իրականացնել իրենց ապրանքային նշանի գրանցումը ԵԱՏՄ տարածքում հատկապես այն ապրանքների համար, որոնք նախատեսված են ԵԱՏՄ տարածքում  քաղաքացիական շրջանառության մեջ դնելու համար: Դա հնարավորություն կտա նրանց օգտվել ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի պաշտպանության այն մեխանիզմներից, որոնք նախատեսված են ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ, քանի որ պայմանագրով նախատեսված գրանցումներն իրավական առումով հավասարեցված են ազգային գրանցումներին:
11:39 - 20 հունվարի, 2021
ԱԺ-ն քննարկեց ԵԱՏՄ-ում ծխախոտային արտադրանքի ակցիզների դրույքաչափերը ներդաշնակեցնելու հարցը․ 2024-ի ավարտին ԵԱՏՄ-ում 1000 գլանակի համար այն կլինի 35 եվրո |tert.am|

ԱԺ-ն քննարկեց ԵԱՏՄ-ում ծխախոտային արտադրանքի ակցիզների դրույքաչափերը ներդաշնակեցնելու հարցը․ 2024-ի ավարտին ԵԱՏՄ-ում 1000 գլանակի համար այն կլինի 35 եվրո |tert.am|

tert.am: ԱԺ-ն քննարկեց «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Հիմնական զեկույցով հանդես եկավ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Նա նշեց, որ համաձայնագրի վավերացման նպատակը գալիք 4 տարիների ընթացքում ծխախոտի արտադրանքի համար անդամ պետություններում կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափերի ներդաշնակեցումն է: «Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի դեկտեմբերի 19-ին: Միաժամանակ ԵԱՏՄ անդամ պետությունները պարտավորվում են մինչև 2024 թվականը ապահովել ակցիզային հարկի դրույքաչափերի համապատասխանությունը համաձայնագրով սահմանված նվազագույն չափերին: Համաձայնագիրը ենթադրում է ծխախոտի արտադրանքի համար կողմնորոշիչ դրույքաչափի սահմանում, 2024-ի ավարտի համար առաջարկվում է 1000 գլանակի համար 35 եվրոյին համարժեք ազգային արժույթի չափով: Նշյալ դրույքաչափից թույլատրելի շեղումները 2024 թվականի համար կարող են լինել ոչ ավելի, քան 20 տոկոս դեպի ներքև և ոչ ավելի, քան 20 տոկոս դեպի վերև»,- ասաց նա: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հետաքրքրվեց՝ այս համաձայնագրի ուժի մեջ մտնելը կխրախուսի արտահանումը, թե ներմուծումը, և դա ՀՀ բյուջետային և եկամտային մասի վրա ի՞նչ ազդեցություն կունենա: «Այս համաձայնագրի կիրառման ընթացքում կունենանք աստիճանաբար ակցիզային հարկի ներդաշնակեցում ծխախոտի արտադրանքի մասով: ԵԱՏՄ-ում տարիների ընթացքում կձևավորվի ծխախոտի արտարդրանքի միասնական շուկա, թեև հիմա մեր արտադրողները երկրի ներսում սպառվող ծխախոտի մասով վճարում են հայաստանյան ակցիզային հարկ, ՌԴ կամ Ղազախստան արտահանելու դեպքում վճարում են տվյալ երկրի ակցիզային հարկերը, դրանք համեմատաբար ավելի բարձր են, կարծում եմ, արտահանողների վրա բացասական ազդեցություններ էականորեն չենք ունենա»,- պատասխանեց փոխնախարարը: Ավելին՝ tert.am-ում
11:31 - 20 հունվարի, 2021
Հայաստանը գրանցել է ջերմային և էլեկտրաէներգիայի արտադրության աճի ամենամեծ ցուցանիշները ԵԱՏՄ-ում  |armenpress.am|

Հայաստանը գրանցել է ջերմային և էլեկտրաէներգիայի արտադրության աճի ամենամեծ ցուցանիշները ԵԱՏՄ-ում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2020-ի հունվար-նոյեմբերին կազմել է 7,0 մլրդ կՎտ.ժ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 1,8%-ով։ Այս մասին տեղեկացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից։ Այս տարվա առաջին տասնմեկ ամիսներին Եվրասիական տնտեսական միության երկրներում, ընդհանուր առմամբ, արտադրվել է 1 տրլն 129,5 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա՝ 3,2%-ով քիչ, քան 2019-ի նույն ամիսներին։ Ընդ որում, Բելառուսում այդ ցուցանիշները կազմել են 34,4 մլրդ կՎտ.ժ և 5,0% նվազում, Ղազախստանում՝ 97,6 մլրդ կՎտ.ժ և 1,8% աճ, Ղրղզստանում՝ 13,4 մլրդ կՎտ.ժ և 0,9% աճ, իսկ Ռուսաստանում 2020-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 977,1 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա կամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծավալից 3,2%-ով քիչ։ Հայաստանում այս տարվա հունվար-նոյեմբերին արտադրված ջերմային էներգիայի (գոլորշի և տաք ջուր) 7,8  հազ. Գկալ ցուցանիշը նախորդ տարվա նուն ժամանակահատվածի համեմատ աճել է 39,9%-ով այն դեպքում, երբ ԵԱՏՄ բոլոր երկրներում արտադրվել է 1 մլրդ  176,0 մլն Գկալ ջերմային էներգիա, և այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5,1%-ով։ Ընդ որում, Բելառուսում 2020-ի առաջին տասնմեկ ամիսներին արտադրված ջերմային էներգիայի ծավալը կազմել է 53,0 մլն Գկալ (նվազումը՝ 3,8%), Ղազախստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար,  72,0 մլն Գկալ և 0,8% նվազում, Ղրղզստանում՝ 2,4 մլն Գկալ և 11,9% աճ, և Ռուսաստանում՝  1 մլրդ 48,6 մլն Գկալ և 5,5% նվազում։ 
09:42 - 20 հունվարի, 2021