Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը. ՀՀ փոխվարչապետ |armenpress.am|

Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը. ՀՀ փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով 40 հազար մարդ մնացել է անօթևան և կորցրել ունեցվածքը, ոչնչացվել է 17 հազար քաղաքացիական օբյեկտ և ենթակառուցվածք. մի քանի հազար մարդ զոհվել և վիրավորվել է, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, շատերի ճակատագիրը դեռևս անհայտ է: Նոյեմբերի 12-ին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստում այս մասին հայտարարեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Չնայած նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորություններին, Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ներառյալ բազմաթիվ հայ ռազմագերիների գերության մեջ պահելը, ինչը ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի կոպիտ խախտում է, այլ նաև միջազգային մարդասիրական իրավունքի: Խեղաթյուրելով տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթները՝ Ադրբեջանի կողմից շահարկվում է «միջանցքի» գաղափարը, որն ուղեկցվում է ուժի կիրառման սպառնալիքներով»,- ընդգծեց փոխվարչապետը: Փոխվարչապետը շեշտեց` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով: «Հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում։ Իրավիճակը լիցքաթափելու և տարածաշրջանի խաղաղ զարգացման փուլ մտնելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի՝ հրաժարվելով ատելության քաղաքականությունից, ագրեսիվ հռետորաբանությունից և թշնամական գործողություններից»,- եզրափակեց Գրիգորյանը:
15:07 - 12 նոյեմբերի, 2021
Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նորանշանակ մշտական ներկայացուցչին

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նորանշանակ մշտական ներկայացուցչին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից, մանրամասնելով, որ ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության իրականացման գործում: Նաթիա Նացվլիշվիլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ պատրաստակամ է առավելագույն ջանքերը գործադրելու համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակներում համագործակցության խորացման ուղղությամբ: Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են համագործակցության հնարավոր նոր ուղղությունները, անդրադարձել ծրագրերին առնչվող ընթացիկ հարցերին: Մհեր Գրիգորյանը և Նաթիա Նացվլիշվիլին մտքեր են փոխանակել նաև կայուն զարգացման նպատակների իրականացման, Հայաստանում ընտրական համակարգի կատարելագործման և հանրային կառավարման բարեփոխումների շուրջ:
16:18 - 09 նոյեմբերի, 2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող ՄԱԿ մշտական համակարգողին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող ՄԱԿ մշտական համակարգողին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: Կառավարության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Շոմբի Շարփին իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքի համար: Փոխվարչապետn ընդգծել է Շոմբի Շարփի դերակատարությունը մասնավորապես Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի աշխատանքների ուղղությամբ: Շոմբի Շարփը շնորհակալություն է հայտնել հնչած բարի խոսքերի համար՝ նշելով, որ հեռանում է Հայաստանից միայն ջերմ հիշողություններով: Նա բարձր է գնահատել համագործակցությունը կառավարության գործընկերների, մասնավորապես՝ փոխվարչապետի գրասենյակի հետ՝ ընդգծելով, որ իր աշխատանքի արդյունավետությունը անմիջականորեն կախված է եղել նաև ձևավորված կառուցողական համագործակցությունից: Մհեր Գրիգորյանը մաղթել է պարոն Շարփին նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ՝ նշելով, որ նա մշտապես կմնա Հայաստանի գործընկերը:
21:19 - 08 նոյեմբերի, 2021
Վարդենիս-Մարտակերտ ճանապարհ չի քննարկվում, չկա օրակարգում. Մհեր Գրիգորյան |1lurer.am|

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհ չի քննարկվում, չկա օրակարգում. Մհեր Գրիգորյան |1lurer.am|

1lurer.am: «Վարդենիս-Մարտակերտ ճանապարհ չի քննարկվում, չկա օրակարգում, և ընդհանրապես մենք քննարկում ենք և կազմակերպում ենք աշխատանքները եռակողմ աշխատանքային խմբի հունվարի 11-ի հայտարարության բովանդակության շրջանակներում և այդ շրջանակներից դուրս չենք գալիս»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին: Ինչ վերաբերում է ճանապարհներին, ասաց՝ այդ մասով դեռևս կոնսենսուս չկա: «Առաջարկները շատ են, բայց ասել, որ կա արդեն պատրաստի քարտեզ ավտոճանապարհների մասով, թե որոնք են շահագործվելու իմ ասած սկզբունքներով, ընդհանուր հայտարարի կամ հնարավորությունների ընդհանուր ընկալում այս պահին դեռ չունենք. երկաթգծի մասով ավելի ընդհանուր, մոտ պատկերացումներ և մոտեցումներ կան, բայց այնտեղ հարցը, կարծում եմ, շատ ավելի պարզ է»,- նշեց փոխվարչապետը: Մհեր Գրիգորյանի խոսքով՝ քննարկվում է հարավային երկաթգծի վերականգնման հարցը: «Հստակ է, և վարչապետն էլ պատասխանեց, որ խոսքը վերաբերում է ապաշրջափակմանը՝ դասական իմաստով, այսինքն՝ գործող ենթակառուցվածքներով հնարավորություն տալ փոխադարձ օգտագործել տարածաշրջանում բոլոր հնարավոր երկրներին»,- նշեց նա:
19:54 - 27 հոկտեմբերի, 2021
Փոխվարչապետ Գրիգորյանը Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հարթակին է ներկայացրել ՀՀ կառավարության ծրագիրը

Փոխվարչապետ Գրիգորյանը Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հարթակին է ներկայացրել ՀՀ կառավարության ծրագիրը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփի համանախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի շրջանակներում հերթական հանդիպումը: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում աջակցության ծրագրեր իրականացնող մի շարք երկրների դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հաշվի առնելով, որ այս ձևաչափով սա առաջին քննարկումն էր Կառավարության ձևավորումից հետո՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Կառավարության ծրագիրը, դրա հիմնական ուղենիշները և նախատեսված բարեփոխումները: Փոխվարչապետը նշել է, որ մի շարք ոլորտներում արդեն իսկ ձևավորված լուրջ համագործակցություն կա, որի հենքի վրա հնարավոր է առավել խորացնել և ընդլայնել համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակը: Մասնավորապես, առանձնացվել են ենթակառուցվածքների, կանաչ տնտեսության, մարդկային կապիտալի զարգացման ուղղությունները: Անդրադարձ է կատարվել ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու նպատակով ջանքերի համախմբման անհրաժեշտությանը՝ ընդգծելով, որ մի շարք միջազգային գործընկերներ առանցքային աջակցություն են ցուցաբերել ճգնաժամերի հաղթահարման ուղղությամբ: Կարևորվել է նաև հանրային կառավարման բարեփոխումներն ու թվայնացման օրակարգը: Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Կառավարության ֆիսկալ քաղաքականության հիմնական ուղղությունները և մակրոտնտեսական կայունության ապահովմանն ուղղված ընթացիկ միջոցառումները: Միջազգային գործընկերները բարձր են գնահատել այս ձևաչափով քննարկումների անցկացումը և հանդիպումը շարունակել հարց ու պատասխանով:  
18:41 - 26 հոկտեմբերի, 2021
Կայացել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ աշխատանքային խմբի նիստը

Կայացել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ աշխատանքային խմբի նիստը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի նիստը:Ս.թ. հոկտեմբերի 20-ին Մոսկվայում կողմերն անցկացրել են Եռակողմ աշխատանքային խմբի 8-րդ նիստի առաջին մասը, որի ընթացքում դիտարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները, և քննարկվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2021թ. հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքը:Կողմերը պայմանավորվել են մոտակա ժամանակներում անցկացնել 8-րդ նիստի երկրորդ մասը:
22:58 - 20 հոկտեմբերի, 2021
Մհեր Գրիգորյանը նշեց Հայաստանում գազի գնի շուրջ կայուն իրավիճակ ունենալու հիմնական գործոնը |armenpress.am|

Մհեր Գրիգորյանը նշեց Հայաստանում գազի գնի շուրջ կայուն իրավիճակ ունենալու հիմնական գործոնը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի համար գազի գնի շուրջ բանակցությունները «Գազպրոմ» խմբի հետ անընդհատ պրոցես է, որը չի ընդհատվում և այս պահին էլ ընթանում է: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Սահմանին գազի գնի և Հայաստանի տարածքում գործող սակագնի հետ կապված մենք կոնսենսուս ունենք, որովհետև մենք 2019 թվականից ծանր բանակցությունների մեջ ենք եղել, և կարծում եմ բավականին խորը քննարկել ենք այդ հարցը և որոշակի իմաստով նաև համաձայնեցրել ենք, բայց մենք գլոբալ իմաստով ի՞նչ խնդիր ունենք «Գազպրոմ» խմբի հետ կապված:  2013 թվականի համաձայնագրի հիման վրա կառուցվել է 5-րդ էներգաբլոկը, որն էլեկտրաէներգիա արտադրող ջերմակայան է: Ջերմակայանը, ցավոք, հիմա չի աշխատում: Բոլոր ներդրումները, որոնք իրականցվում են Հայաստանում «Գազպրոմ» խմբի կողմից, նույն համաձայնագրի ուժով պետք է ունենան տարեկան շուրջ 9 տոկոս եկամտաբերություն: Կայանի կառուցումը լուրջ և խոշոր ներդրում է, բայց այդ ներդրումն այսօր չի գեներացնում այն հասույթը, որը կապահովի այն եկամտաբերությունը, որը նախատեսված է 2013 թվականի համաձայնագրով»,- մանրամասնեց Գրիգորյանը: Նա հավելեց, որ այդ հարցն օրակարգում է, շարունակվում է քննարկումը, եթե հաջողվի այդ հարցին լուծում տալ, ապա գազի գնի վերաբերյալ կունենանք շատ կայուն իրավիճակ: Փոխվարչապետը հիշեցրեց, որ աշխարհում գազի գինն առնվազն 940 դոլարի է հասել, իսկ Հայաստանի համար 165 դոլար է: «Բայց նույնիսկ առանձին այս մասով խնդիրներ չեն առաջանալու տեսանելի ժամանակահատվածում, եթե մեզ հաջողվի 5-րդ էներգաբլոկի հետ կապված լուծումեր գտնել և աշխատանքի այնպիսի օպտիմալ ռեժիմ գտնել, որը կհամապատասխանի 2013 թվականի համաձայնագրի տրամաբանությանը»,- նշեց փոխվարչապետը:  
14:03 - 19 հոկտեմբերի, 2021
Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք բարդացնում են գործընթացը. Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման և սահմանագծման մասին |armenpress.am|

Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք բարդացնում են գործընթացը. Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման և սահմանագծման մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման շուրջ հնարավոր աշխատանքներ սկսելու մասին հարցին: Լրագրողների հետ զրույցում Գրիգորյանն ընդգծեց՝ որպեսզի խոսենք սահմանների մասին, նախ պետք է լիարժեք հետազոտենք սահմանների հետ կապված իրավական ամբողջ բազան, և ընդ որում, իրավական այն բազան, որտեղ կա երկու երկրների համաձայնությունը, ստորագրությունը կամ միացումը ինչ-որ փաստաթղթի: Նրա խոսքով՝ դրանից հետո նոր հնարավոր կլինի խոսել քարտեզների մասին, որովհետև քարտեզը ընդամենը սխեմա է. «Քարտեզի տակ պետք է լինի իրավական հիմք և այդ իրավական հիմքերի վրա մենք հիմա աշխատում ենք, հետազոտում ենք, հավաքագրում ենք և վերլուծելուց հետո նոր հնարավոր կլինի խոսել քարտեզների մասին՝ դրանց հիմա վրա ինչ-որ գործընթացներ իրականացնելու նպատակով»,- ասաց Գրիգորյանը: Միևնույն ժամանակ՝ փոխվարչապետն ընդգծեց, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք գործընթացները բավականին բարդացնում են. «Առանձին վերցրած գործընթացները որոշակի իրականացման տրամաբանություն կարող են ունենալ, բայց ընդհանուր մթնոլորտը  պետք է լինի շատ ավելի լավը»,- ասաց փոխվարչապետը՝  նկատի ունենալով 2021 թվականի մայիսից ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներխուժումը ՀՀ տարածք, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը:  
13:36 - 19 հոկտեմբերի, 2021
Ունենք պայմանավորվածություն, որ ապաշրջափակումը իրականացվի ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում. Մհեր Գրիգորյան |armenpress.am|

Ունենք պայմանավորվածություն, որ ապաշրջափակումը իրականացվի ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում. Մհեր Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում կմասնակցի տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստին: Մհեր Գրիգորյանն այս մասին ասաց Ռուս-հայկական 8-րդ միջտարածաշրջանային ֆորումի լիագումար նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում: Անդրադառնալով հարցին, թե ինչ հարցեր են քննարկվելու, Մհեր Գրիգորյանն ասաց, որ որոշակի պատկերացումներ ձևավորել են երկաթուղու մասով: «Մենք որոշակի պատկերացումներ և որոշակի պայմանավորվածություններ ունենք առ այն, որ ապաշրջափակման հետ կապված կարգավորումները իրականացվելու են ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում: Մենք ունենք քննարկելու ավտոմոբիլային կապի միջոցների և ուղիների հետ կապված հարցեր»,- նշեց Գրիգորյանը: Հարցին, թե որո՞նք են Հայաստանի առաջնահերթությունները, փոխվարչապետն ընդգծեց՝ Հայաստանի առաջնահերթությունները հայտարարված են, դա ապաշրջափակումն է: Հարցին, թե ապաշրջափակման համատեքստում կոնկրետ ի՞նչ ուղիների մասին են քննարկումներ գնում, Գրիգորյանը պատասխանեց. «Կոնկրետացված տարբերակներ չկան: Ես ասել եմ երկաթգծի հետ կապված խնդիրը մի փոքր ավելի պարզ է՝վերականգնողական տրամաբանության մեջ: Գծերը, որոնք եղել են Խորհրդային Միության ժամանակ, դրանց  վերականգման մասին է խոսքը: Բոլոր հնարավոր տարբերակները քննարկվում են»:
13:02 - 19 հոկտեմբերի, 2021
Մհեր Գրիգորյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների վերահսկիչ պալատի նախագահին

Մհեր Գրիգորյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների վերահսկիչ պալատի նախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների վերահսկիչ պալատի նախագահ Հարեբ ալ-Ամիմիին: Այդ մասին տեղեկացնում է Կառավարության պաշտոնական կայքէջը։Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հանրային ռեսուրսների արդյունավետ կառավարման շուրջ: Հաշվի առնելով, որ ԱՄԷ վերահսկիչ պալատի նախագահը 2019 թվականից ստանձնել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի նախագահությունը՝ Մհեր Գրիգորյանը և Հարեբ ալ-Ամիմին քննարկել են հակակոռուպցիոն քաղաքականությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է թե՛ հանրային ռեսուրսների կառավարման ոլորտում և թե՛ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնումն ու փորձի փոխանակումը:
18:04 - 13 հոկտեմբերի, 2021
Իրավական հենքերի ամբողջական հետազոտությունից հետո պարզ կդառնա, թե որ քարտեզը հիմք կհանդիսանա գործընթացների համար․ Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման եւ սահմանագծման մասին

Իրավական հենքերի ամբողջական հետազոտությունից հետո պարզ կդառնա, թե որ քարտեզը հիմք կհանդիսանա գործընթացների համար․ Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման եւ սահմանագծման մասին

Ազգային ժողովում սկսվել է ՀՀ կառավարություն - պատգամավորներ հարց ու պատասխանը։ Ներկա է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության անդամներին հարց տալու համար հերթագրվել է 35 պատգամավոր։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի սպասվող գործընթացի հիմքերին՝ նշելով, որ կառավարությունը չի նշում, թե որ թվականների սահմաններով ենք առաջնորդվելու։ Նա, հիշեցնելով Փաշինյանի այն պնդումները, ըստ որոնց՝ ՀՀ-ն Սովետական Հայաստանի հիմքի վրա է ստեղծվել, ասաց, որ Սովետական Հայաստանը ներառում էր ԼՂԻՄ 5 շրջաններն ու Շահումյանի շրջանը։ Խաչատրյանը հարցրեց՝ եթե ՀՀ կառավարությունն առաջնորդվում է Սովետական սահմաններով, արդյոք սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի շրջանակներում պահանջել կամ պահանջելու է Ադրբեջանից իր զորքերը դուրս հանել ԼՂԻՄ-ից եւ Շահումյանի շրջաններից, որոնք 89 թվականի դեկտեմբերի 1-ից Հայաստանի մաս են կազմում։ Հարցին պատասխանեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ նման գործընթացներում թե՛ նախապատրաստական փուլում, թե՛ հետագայում իրականացման փուլում նախ եւ առաջ կարեւոր են ոչ թե քարտեզները, այլ այն իրավական ակտերը, որոնք վավեր են, իրավազոր են, եւ որոնց հիման վրա կառուցվել կամ կազմվել են քարտեզները, որոնք իրենց հերթին պետք է հետազոտվեն․ «Ամբողջական եւ համապարփակ իրավական հիմքերի եւ հենքերի հետազոտությունից հետո նոր պարզ կդառնա, թե սխեմատիկ իմաստով որ քարտեզը հիմք կհանդիսանա գործընթացներ կազմակերպելու եւ սկսելու համար»։ Խաչատրյանը հիշեցրեց, որ 1990-ի մայիսի 20-ին ընտրություններին մասնակցել է ԼՂԻՄ-ի ժողովուրդը, եւ Շահումյանի շրջանի ժողովուրդը, բացի դրանից՝ չեն չեղարկվել ո՛չ 89-ի դեկտեմբերի 1-ի որոշումը, ո՛չ ՀՀ Անկախության հռչակագիրը, ո՛չ էլ 1991-ի սեպտեմբերի 23-ի որոշումը, ուստի, Խաչատրյանի խոսքով, դրանք ուժի մեջ գտնվող եւ գործող իրավական ակտեր են։ Փոխվարչապետն էլ կրկնեց, որ հնարավոր չէ սելեկտիվ վերաբերել գործող եւ իրավազոր ակտերի, դրանք պետք է վերլուծվեն ամբողջության մեջ․ «Այլ հարց է, թե էդ իրավական ակտերի կոնֆլիկտն ինչ տեսք կունենա։ Մաքսիմալ պետք է բացահայտվեն այն ակտերը, որոնք երկկողմ համաձայնեցված են եղել, որոնց հիման վրա քարտեզագրում է իրականացվել»,- եզրափակեց Մհեր Գրիգորյանը։
17:16 - 06 հոկտեմբերի, 2021
Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 16 տոկոսով՝ կազմելով 1.9 մլրդ դոլար |armenpress.am|

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 16 տոկոսով՝ կազմելով 1.9 մլրդ դոլար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021-ի առաջին կիսամյակում աճել է 16 տոկոսով՝ կազմելով 1.9 մլրդ դոլար: Այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ Երևանում Armenia Business Forum-ի շրջանակում «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» խորագրով քննարկման ժամանակ: Գրիգորյանը նախ հիշեցրեց, որ 2019 թվականին առաջին անգամ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտուրը գերազանցել է 2 մլրդ դոլարի մակարդակը: «Չնայած գլոբալ համաճարակի թելադրանքով մեր քաղաքացիների տեղաշարժի և ապրանքների տեղաշարժի պարտադրված սահմանափակումներին՝ 2020-ին մեզ հաջողվեց երկկողմ առևտրի ընդամենը մի փոքր անկում գրանցել»,-ասաց փոխվարչապետը: Իսկ ինչ վերաբերում է ընթացիկ տարվան՝ Գրիգորյանը նկատեց, որ աճն արդեն ակնհայտ է. «Տարվա առաջին կիսամյակի համար ապրանքաշրջանառությունը կազմել է 1.9 մլրդ ԱՄՆ դոլար (աճը 16 տոկոս),  ներմուծման աճը կազմել է 9 տոկոս, իսկ արտահանումը՝ 36 տոկոս»: Արտահանման հիմնական մասը կազմել են թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղները, քարերը և դրանցից ստացված արտադրանքը, ինժեներական արտադրանքը, գյուղատնտեսական ապրանքները, թեթև արդյունաբերությունը, քիմիական արտադրանքը և սննդամթերքը: Գրիգորյանը նկատեց, որ արտահանման ծավալների ավելացման ակնհայտ հեռանկարներ կան, առաջին հերթին `ոչ հումքային արտադրանքի: «Այս ամենը վկայում է այն մասին, որ ռացիոնալ կլիներ ակտիվացնել արդյունաբերական համագործակցությունը և համատեղ կորպորացիաների և արդյունաբերությունների զարգացումը, իրականացնել համատեղ նորարարական նախագծեր, որոնք թույլ կտան մրցունակ լինել արտաքին գործընկերների նկատմամբ»,-ասաց նա:
12:06 - 20 սեպտեմբերի, 2021
Բոլոր ճանապարհները պետք է լիարժեք գործեն. փոխվարչապետ |armenpress.am|

Բոլոր ճանապարհները պետք է լիարժեք գործեն. փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունն ինտենսիվ աշխատում է ե՛ւ միջպետական ճանապարհի Գորիս-Կապան հատվածի հետ կապված խնդիրները լուծելու, ե՛ւ շրջանցիկ՝ Տաթևով անցնող ճանապարհը բարեկարգելու, այլընտրանքային լուծումներ գտնելու ուղղությամբ: Լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի հսկողության տակ գտնվող ճանապարհահատվածում իրանական բեռնատարների երթևեկը խոչընդոտելու դեպքերին: «Մենք երկու ուղղությամբ էլ հիմա ինտենսիվ աշխատում ենք՝ ե՛ւ խնդրի լուծման, ե՛ւ այլընտրանքային լուծումներ գտնելու իմաստով: Կարծում եմ՝ երկու ուղղությամբ էլ աշխատանքներն ինտենսիվ կշարունակվեն, և, ի վերջո, ինչ-որ լուծում կգտնենք այդ խնդրին: Եթե ալտերնատիվ ենթակառուցվածքային լուծում տանք՝ դա, իհարկե, շատ լավ լուծում կլինի, որովհետև այն կբալանսավորի իրավիճակը»,- ասաց Մհեր Գրիգորյանը: Փոխվարչապետի խոսքով՝ Սյունիքի ճանապարհների ենթակառուցվածքային լուծումը ենթադրում է անվտանգության և այլ բնույթի ռիսկերի մեղմում, ինչպես նաև՝ տեխնիկական լուծումներ, որոնք ավելի ապահով կդարձնեն երթևեկությունը, մինչև վերջնական լուծում տրվի մնացած բոլոր խնդիրներին: «Բոլոր ճանապարհները պետք է լինեն և լիարժեք գործեն: Դա մեր ցանկությունն է և նպատակը»,- ընդգծեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
15:37 - 17 սեպտեմբերի, 2021