Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Անվտանգության հետ կապված գլխավոր խնդիրը, որը ներկայացված չէ կառավարության ծրագրում հետևյալն է՝ ինչ խնդիր է դրված ԶՈՒ-ի առաջ․ Տիգրան Աբրահամյան

Անվտանգության հետ կապված գլխավոր խնդիրը, որը ներկայացված չէ կառավարության ծրագրում հետևյալն է՝ ինչ խնդիր է դրված ԶՈՒ-ի առաջ․ Տիգրան Աբրահամյան

Ելույթս կսկսեմ կառավարության ծրագրի նախաբանում հնչեցրած և ներկայացված  մի քանի մտքերից։ Նախաբանում նշվում է, ինչպես նաև կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց, որ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է։ Հիմա նույն կառավարության ծրագրի նախաբանի երկրորդ մասում միաժամանակ նշվում է, որ կառավարությունը գիտակցում է, այս խնդրի լուծումը, այսինքն՝ այս առաքելության իրականացումը, կախված չէ միայն Հայաստանից։ Այս մասին այսօր ԱԺ նիստի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։  Վերջինս ընդգծեց, որ Հայաստանում բոլորն ուզում են խաղաղություն, և այս հարցով երկրում կա կոնսեսուս, խաղաղությունը առաջնային է բոլորի համար։ Աբրահամյանի խոսքով, սակայն,  հաջորդ տողում գրել, որ ստեղծված իրավիճակում մեզանից կախված չէ, արդեն իսկ խնդիր է և ցույց է տալիս կառավարության ծրագրի նախաբանում ստեղծված հակասությունների մասին։ Աբրահամյանը շեշտեց, թե այս մասին խոսում է նաև այն պատճառով, որ ընտրական ժամանակահատվածում  այս դրույթն օգտագործվում էր որպես ընտրական տեխնոլոգիա, այսինքն՝ ներկայացվում էր որպես հանրությանը խաղաղություն բերելու դրույթ, մոտեցում։ Պատգամավորը հավելեց․  «Կարծում եմ, որ այստեղ մանիպուլյացիոն գործոնը բավականին մեծ է։ Ես մի քանի հարցադրումներ արեցի, երեկ այս դահլիճում ստեղծված իրավիճակի պատճառով քննարկումը  դրա շուրջ չգնաց, բայց ես այդ հարցադրումները այստեղ ևս կհնչեցնեմ, որովհետև կարծում եմ, որ մեր քաղաքացիների համար դա շատ ավելի առաջնային է, քան վերջին օրերին այս դահլիճում ծավալվող գործընթացները։ Առաջինը կապված է հետևյալ իրավիճակի հետ․ փաստացի պատերազմից հետո մենք ունենք տարածքներ, որոնք որևէ փաստթղթով ներկայացված չէին Ադրբեջանին փոխանցվող տարածքներ, բայց  պատերազմի սպառնալիքների ներքո մենք դրանք տվել ենք Ադրբեջանին։ Հարցը բերեմ Ադրբեջանի դաշտ և վտանգներն ու սպառնալիքերը այդ տեսանկյունից ներկայացնեմ։ Արդյոք Ադրբեջանում կարո՞ղ են կարծել, որ ստեղծված իրավիճակում, օգտագործելով այդ նախադեպը, որ իրենք կարողացել են փաստաթղթից դուրս տարածքներ զավթել, բռնազավթել, այս իրավիճակում ունեն այլ հնարվորություն  Հայաստանին իրենց օրակարգը պարտադրելու և Հայաստանից նոր տարածքներից խլելու համար»։ Աբրահամյանի կարծիքով հաջորդ կարևոր դրույթն այն է, որ կառավարության ծրագրում չկա Արցախի հանրապետություն եզրույթը։ Աբրահամյանը հարց ուղղեց՝  «դա ձեր քաղաքականությո՞ւնն է, դա մտածելակե՞րպ է, թե ի՞նչ է»։ Սա այն պայմաններում, երբ կառավարության ծրագրում բոլոր կետերում նշված է Հայաստանի Հանրապետություն, դա պաշտոնական փաստաթուղթ է, բայց նշված չէ Արցախի Հանրապետություն։ «Կարող ենք ենթադրել, որ միգուցե սա պայմանավորված է Ադրբեջանի հետ հարաբերությունը չսրելու հետ, սրա հետ կապված կարծում եմ, որ մենք պարզաբանման կարիք ունենք, որովհետև սուբեկտայնության խնդիր կա, և ընդհանուր մոտեցումներում սա պետք է պարզաբանվի։ Ղարաբաղյան հարցին առնչվող հատվածում նաև նշվում է, որ կարգավորումը կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո, ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցմամբ, հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Տեսեք՝ կարգավիճակի հետ կապված ամրագրումը կա ծրագրում, բայց մեր միջազգային օրակարգում կարգավիճակի հետ կապված հարց որևէ ձևով առաջին պլան բերված չէ։ Եթե այս կառավարության համար առաջնայինն այն է, որ պայմաններ ստեղծվեն, որպեսզի արցախցիները ապրեն Արցախում, և հետագայում համապատասխան կարգավիճակ ունենան, ապա ես ասեմ, որ այս պահին դա ձեր կողմից առաջնային օրակարգ բերել չի ստացվում և դրա արձագանքը նկատվում է նաև Արցախի հանրության տարբեր շրջանակներում»,- ընդգծեց Աբրահամյանը։ Խոսելով  անվտանգության բլոկում ամրագրված մի քանի կարևոր դրույթների մասին՝ Աբրահամյանը շեշտեց, որ կառավարության ծրագրում որևէ բան չի գտել սպաների վերաբերյալ։ Պատգամավորի կարծիքով բանակային ցանկացած ռեֆորմի, անվտանգության ուղղությամբ ցանկացած փոփոխության հիմքում սպան է։ «Եթե մենք սպայի գործոնը երկրորդ-երրորդ պլան ենք մղում, ապա միանգամից ասեմ, որ այդ ռեֆորմները հաջողություն ունենալու որևէ շանս չունեն։ Պրոֆեսիոնալ բանակի հետ կապված, դրույթներից մեկում նշված է, որ աստիճանաբար պրոֆեսիոնալ բանակի կայացմանն ենք գնալու, պայմանագրայինների թիվն ավելանալու է։ Նայեք վիճակագրությունը, կտեսնեք, որ վերջին երկու-երեք տասնամյակների ընթացում այդ պայմանագրայինների աճը տեղի է ունեցել, և սա որևէ նոր բան իրենից չի ներկայացնում։ Եթե չեմ սխալվում նաև միջև պատերազմական գործողությունները ՀՀ ԶՈՒ-ում պայմանագրայինների և ժամկետայինների հարաբերակցությունը մոտ 85-ը 15-ի էր, ի օգուտ պայմանագրայինների։  Անվտանգության հետ կապված գլխավոր խնդիրը, ոչ որևէ կերպ ներկայացված չէ կառավարության ծրագրում հետևյալն է, ի՞նչ խնդիր է դրված ԶՈՒ-ի առաջ, ԶՈՒ-ն որևէ կերպ ապահովելու է Արցախի անվտանգությունը, թե ոչ։ ԶՈՒ-ն խնդիր ունի՞ արդյոք, որ էֆեկտիվ բանակցությունների պայմանում Արցախում մարտ վարեն։  Ցավում եմ, բայց բազմաթիվ խնդիրների որևէ պատասխան այս ծրագրում չեմ տեսնում»,- եզրափակեց Աբրահամյանը։
16:48 - 25 օգոստոսի, 2021
ԱԺ նիստի տեսագրություններն ուղարկվել են ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու, դեպքին և դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ. Խաչատրյան

ԱԺ նիստի տեսագրություններն ուղարկվել են ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու, դեպքին և դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ. Խաչատրյան

ՀՀ  ԱԺ 2021 թվականի օգոստոսի 25-ի նիստի տեսագրությունների ուսումնասիրությունը առերևույթ վկայում է ՀՀ ԱԺ առանձին պատգամավորների կողմից օրենսդիր մարմնի ներկայացուցչի վարքագծին ոչ հարիր, նիստին ներկա, ինչպես նաև դրան հետևող քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումների մասին, ինչը զուգորդվել է ինչպես անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, այնպես էլ բռնության գործադրմամբ՝ խոչընդոտելով ԱԺ բնականոն աշխատանքը ՀՀ  ԱԺ 2021 թվականի օգոստոսի 25-ի նիստի տեսագրությունների ուսումնասիրությունը առերևույթ վկայում է ՀՀ ԱԺ առանձին պատգամավորների կողմից օրենսդիր մարմնի ներկայացուցչի վարքագծին ոչ հարիր, նիստին ներկա, ինչպես նաև դրան հետևող քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումների մասին, ինչը զուգորդվել է ինչպես անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, այնպես էլ բռնության գործադրմամբ՝ խոչընդոտելով ԱԺ բնականոն աշխատանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Վերոգրյալը նկատի ունենալով՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից հիշյալ տեսագրություններն ուղարկվել են ՀՀ ՀՔԾ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, դեպքին և դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ»,- գրել է Խաչատրյանը:
15:37 - 25 օգոստոսի, 2021
Ակնարկեցի, թե ինչ է տեղի ունեցել վերջին 30 տարում. Հայկ Սարգսյանը մանրամասնեց ԱԺ-ում տեղի ունեցածը |1lurer.am|

Ակնարկեցի, թե ինչ է տեղի ունեցել վերջին 30 տարում. Հայկ Սարգսյանը մանրամասնեց ԱԺ-ում տեղի ունեցածը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ նիստը վերսկսվեց: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շարունակեց ընդհատված ելույթը և մանրամասնեց ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը: «Պատասխանելով մեր ընդդիմադիր գործընկերների՝ վերջին երկու օրվա ընթացքում հնչող մեղադրանքներին՝ մեր քաղաքական թիմի և վերչապետի հասցեին, ակնարկ արեցի, թե ինչ է տեղի ունեցել վերջին 30 տարում, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե ինչ է տեղի ունեցել: Նշեցի, որ մինչև հեղափոխությունը ռազմական դիսբալանսը Հայաստանի և Ադրբեջանի միջև գնալով աճել է: Իմ այդ ելույթի ժամանակ Սեյրան Օհանյանը նշեց, որ «դուք բանակը քանդել եք կամ թալանել եք», որին ի պատասխան, բայց ոչ Սեյրան Օհանյանի անունը նշելով կամ մատնացույց անելով նրան՝ հայտարարեցի, որ բոլոր այն պաշտպանության նախարարները, ովքեր փողով կամ զանգով մարդ են ազատել բանակից, դավաճաններ են, ինչին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանը շիշ շպրտեց իմ ուղղությամբ և ասաց՝ «դավաճանները դուք եք»: Այս տրամաբանության մեջ ցանկանում եմ ասել, որ մեր բանակի խնդիրները, որոնց մեր բնակչությունը քաջատեղյակ է, այնպես չի, որ ես էսօր էս ամբիոնից հայտարարում եմ, ժողովուրդը նոր է իմանում, որ փողով բանակից մարդ է ազատվել: Դա բոլորը գիտեն, տարբեր պաշտպանության նախարարների ժամանակ դրույքաչափերը տարբեր են եղել»,- ասաց Սարգսյանը:
12:42 - 25 օգոստոսի, 2021
Իշխանությունը ինքը իր ելույթով սադրեց, որպեսզի այս բախումը տեղի ունենա․ Սեյրան Օհանյան

Իշխանությունը ինքը իր ելույթով սադրեց, որպեսզի այս բախումը տեղի ունենա․ Սեյրան Օհանյան

Իշխանությունը ինքը իր ելույթով սադրեց, որպեսզի այս բախումը տեղի ունենա, սրանից ավել չեմ կարող ոչինչ ասել։ Այս մասին խորհրդանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Ես արդեն ասացի, որ իրենք սադրեցին, դրա համար տեղի ունեցավ այս բախումը։ Նիստերի դահլիճում ծեծկռտուք տեղի չի ունեցել, բախում է տեղի ունեցել, հրմշտոցներ են եղել։ Վարչապետին չեմ տեսել, որովհետև ակնոցս ջարդվեց, հիմա էլ չեմ տեսնում»,- նշեց նա։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նիստին ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ընթացքում դահլիճից պատգամավորի ուղղությամբ շիշ նետեցին այն բանից հետո, երբ վերջինս ասաց, որ պաշտպանության այն նախարարները, որոնց պաշտոնավարման ժամանակ բանակից փողով մարդ է ազատվել, «պետական դավաճան են»։ Այնուհետև ՔՊ և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները սկսեցին միմյանց ուղղությամբ ջրի շշեր նետել։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ընդմիջում հայտարարվեց մինչև 12։00-ն, և ուղիղ հեռարձակումն ընդհատվեց։
11:43 - 25 օգոստոսի, 2021
«Պաշտպանության բոլոր այն նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, հայրենիքի դավաճան են»․ ԱԺ-ում շշեր նետեցին իրար վրա

«Պաշտպանության բոլոր այն նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, հայրենիքի դավաճան են»․ ԱԺ-ում շշեր նետեցին իրար վրա

ԱԺ-ում ընթանում է կառավարության ծրագրի քննարկումը։ Խորհրդարանում իր ելույթի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց, որ վերջին օրվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ընդդիմադիր խմբակցությունների հարցերն ու ելույթները լսելով իր մոտ ծիծաղ ու ամոթ են առաջացել․ «Ես չեմ պատկերացնում՝ մարդ ոնց կարա տենց դատողություն ունենա։ Վերջին օրվա ընթացքում այդ խմբակցությունները փորձում են պարտության ամբողջ բեռը բարդել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա։ Հիմա ես ուզում եմ թվերով արձանագրենք՝ ինչ է տեղի ունեցել վերջին 30 տարում, որպեսզի սայլը տեղից շարժվի․ 1990 թվականին ՀՀ բնակչության թիվը եղել է 3,5 մլն, 2018-ին՝ 2,9 մլն։ Այդ ժամանակ Փաշինյանը դեռ վարչապետ չէր։ Այսինքն՝ ձեր ղեկավարների պատճառով ՀՀ բնակչության թիվը պակասել է 550 հազարով։ Ադրբեջանի բնակչության թիվը 1990-ին եղել է 7մլն, 2018-ին՝ 10 մլն։ Այս ընթացքում Ադրբեջանը զինել է իր բանակը, երբ մենք գնում էինք 90-ականների զենքեր, Ադրբեջանը գնում էր ժամանակակից սպառազինություն, անօդաչուներ, երբ մենք արդեն պատերազմի ժամանակ դուրս էինք բերում 1 տանկ, Ադրբեջանը դուրս էր բերում 20 տանկ, մեր ամեն մեկ զինվորի առաջ կանգնած էր 10-ից ավելի ադրբեջանցի, թուրք, վարձկան։ Հիմա էս ամենը մենք պիտի՞ իրար հետ քննարկենք, հասկանանք՝ ինչն ենք սխալ արել, թե՞ անընդհատ մեղադրենք իրար։ Եթե մեղադրելով լինի, մենք թվերով, փաստերով մի քանի անգամ շատ կարանք ձեզ մեղադրենք»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ Փաշինյանի կառավարման տարիներին տասն անգամ շատ զենք է գնվել։ Նա հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ չեն արձագանքում ընդդիմադիրները։ Պատգամավորը անդրադարձավ նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գրառմանը, որտեղ նա վիրավորել էր Փաշինյանին ընտրած քաղաքացիներին, ու ասաց, որ ընդդիմությունն առիթից օգտվում է, որ Փաշինյանն իր թիմին ասել է՝ «չպետք է տալ, մեկի գլուխը ջարդել»։ Պատգամավորի այս խոսքի ժամանակ ԱԺ-ից քմծիծաղներ լսվեցին։ Սարգսյանն ասաց, թե իրենք մնալու են կոռեկտության սահմաններում։   «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղից արձագանքեց, որ Սարգսյանը «ռազբոռկա է սարքում», ինչին հակադարձեց ՔՊ-ական պատգամավորը՝ ասելով՝ «երեւի սխալ ա եղել, որ ռազբոռկա չենք սարքել», ու որ շուտով կանդրադառնա նաեւ Սեյրան Օհանյանին․ «Եթե 2008-ին մեզ մոտ ստացված լիներ հեղափոխությունը, եւ այն տեմպերով, ինչ տեմպերով զարգացել է բանակը 2018-ից հետո, զարգանար 2008-ից հետո, նման աղետալի հետեւանք տեղի չէր ունենա»։ Սարգսյանը հայտարարեց՝ պաշտպանության բոլոր այն նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, նրանք հայրենիքի դավաճան են։ Սեյրան Օհանյանը, որը նախկին պաշտպանության նախարարն է, տեղից արձագանքեց «հայրենիքի դավաճանը դո՛ւ ես, այ տղա, իմ ժամանակ․․․», եւ նրա խոսքը լսելի չեղավ, քանզի Հայկ Սարգսյանը կտրուկ արձագանքեց՝ «ես քեզ ե՞մ ասում, արա՛»։ Այդ պահին Սեյրան Օհանյանը շիշը նետեց Սարգսյանիվրա, վերջինը սկսեց բղավել, թե՝ «խելոք պահի քեզ, արա» ու ինքն էլ իր շիշը նետեց դեպի Սեյրան Օհանյանը։ ԱԺ-ում ՔՊ խմբակցության կողմից շշեր նետեցին, հետո սկսեցին տարբեր կողմերից իրար շշերով հարվածել։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, նիստն ընդհատվեց։
11:02 - 25 օգոստոսի, 2021
«Պատիվ ունեմ» և «Հայաստան»խմբակցությունները հայտարարություն են տարածել ԱԺ-ում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ

«Պատիվ ունեմ» և «Հայաստան»խմբակցությունները հայտարարություն են տարածել ԱԺ-ում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունները հայտարարություն են տարածել այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ։ Հայտարարությունը՝ ստորև․ «ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները խստորեն դատապարտում են այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ բռնությունն Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ: Արձանագրում ենք, որ օգոստոսի 24-ը դառնալու է խորհրդարանական պատմության ամենաամոթալի էջերից մեկը, երբ իրենց իշխանություն հռչակած մի խումբ անձանց ապօրինի հրամաններով ՀՀ օրենսդիր մարմնում, Սահմանադրության և օրենքների կոպիտ ոտնահարմամբ տեղի ունեցավ հանցագործություն ժողովրդավարական և խորհրդարանական արժեքների նկատմամբ: Հայաստանում բռնության քարոզն ու ատելության մթնոլորտն ունեն մեկ աղբյուր՝ դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Վստահեցնում ենք, որ հետևողական ենք լինելու այսօր հանցագործություն կատարած անձանց ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական պատասխանատվության ենթարկելու հարցում»:
23:20 - 24 օգոստոսի, 2021
Սևանա լճի մակարդակը և լճից ջրառները 2002-2021 թվականներին․ ամփոփ տվյալներ

Սևանա լճի մակարդակը և լճից ջրառները 2002-2021 թվականներին․ ամփոփ տվյալներ

Օրեր առաջ նորընտիր Ազգային ժողովում քննարկվում էր Սևանա լճից ոռոգման նպատակներով ջրառ իրականացնելու վերաբերյալ օրենքի փոփոխության նախագիծը, համաձայն որի՝ կառավարության որոշմամբ արդեն իսկ հաստատված 170 մլն խորանարդ մետր ջրառի թույլատրելի սահմանը փոփոխվեց՝ դառնալով 245 մլն խորանարդ մետր։  Կառավարությունը հավելյալ ջրառի անհրաժեշտությունը հիմնավորում է սակավ տեղումներից և շոգ եղանակից առաջացած ջրի դեֆիցիտը լրացնելու անհրաժեշտությամբ։ Օրենքում փոփոխություն կատարելու սույն նախագիծը թեև թեժ քննարկումներով, սակայն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ ձայների 57 կողմ, 19 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Քանի որ նոր ձևավորված Ազգային ժողովի 3 խմբակցություններում ՀՀ նախկին և ներկա իշխանության ներկայացուցիչներն են և այս հարցի քննարկման ժամանակ համեմատականներ անցկացվեցին նախկին և ներկա կառավարող ուժերի միջև, թե ով ինչպես է կարողացել վերահսկել Սևանա լճից ջրառի իրականացումը և լճի մակարդակի բարձրության պահպանումը, որոշեցինք ուսումնասիրել 20 տարվա կտրվածքով Սևանա լճի բարձրության մակարդակը, ինչպես նաև լճից ջրառի չափերը։ Սևանա լճի մակարդակի փոփոխությունը պայմանավորված է տվյալ տարվա հիդրոլոգիական և եղանակակլիմայական պայմաններով, այսինքն՝ գետերով ներհոսքներից, տեղումներից և գոլորշիացումներից։ Սևանա լճից ջրառի չափաքանակը 2002-2021 թվականներին 2002 թվականին (նախագահ՝ Ռոբերտ Քոչարյան) Սևանից իրականացվել է 99,6 մլն խորանարդ մետր ջրառ, 2003 թվականին՝ 118,31 մլն խորանարդ մետր, 2003-ին՝ 118,31 մլն խորանարդ մետր, իսկ 2004-ին՝ 149,91 մլն խորանարդ մետր։ 2005 թվականին կառավարության որոշմամբ նախատեսվել էր իրականացնել 150 մլն խորանարդ մետր ջրառ․ իրականացվել է 149,55 մլն խորանարդ մետր, այսինքն՝ հավելյալ ջրառի կարիք չի եղել։ 2006 թվականին կառավարության որոշմամբ նախատեսվել էր 120 մլն խորանարդ մետր ջրառ, սակայն իրականացվել է նախատեսվածից ավելի՝ 152,37 մլն խորանարդ մետր։ 2007 թվականին Սևանից ջրառի համար կառավարության որոշմամբ նախատեսված էր 120 մլն խորանարդ մետր, սակայն այդ տարի իրականացվեց նախատեսվածից ավելի՝ 154,56 մլն խորանարդ մետր։ 2008 թվականին (նախագահ՝ Սերժ Սարգսյան) կառավարության որոշմամբ նախատեսված էր նախորդ տարիների համեմատությամբ բավականին շատ՝ 315 մլն խորանարդ մետր ջրառ․ իրականացվել է 303,69 մլն խորանարդ մետր, այսինքն՝ հավելյալ ջրառ չի կատարվել, թեև ի սկզբանե կառավարության որոշմամբ սահմանվածը նախորդ տարիների համեմատությամբ բավականին շատ էր։ 2009 թվականի կառավարության որոշման համաձայն՝ նախատեսված էր 142 մլն խորանարդ մետր ջրառ․ իրականացվել է 126,29 մլն խորանարդ մետր։ 2010 թվականին կառավարության որոշմամբ նախատեսված 168,9 մլն խորանարդ մետր ջրառից իրականացվել է 157,74 մլն խորանարդ մետրը։ 2011 թվականի որոշմամբ նախատեսված 170 մլն խորանարդ մետր ջրառից իրականացվել է 168,33 մլն խորանարդ մետրը։ 2012 թվականին կառավարության որոշմամբ դարձյալ սահմանվել էր մյուս տարիների համեմատությամբ բավականին բարձր ցուցանիշ, ինչպես 2008 թվականի դեպքում էր։ Նախատեսված 319,2 մլն խորանարդ մետր ջրառից իրականացվել է 317,65 մլն խորանարդ մետրը։ 2013 թվականի որոշմամբ նախատեսված 170 մլն խորանարդ մետր ջրառից իրականացվել է 169,95 մլն խորանարդ մետրը։ 2014 թվականի որոշմամբ նախատեսված էր 270 մլն խորանարդ մետրի ջրառ, որից իրականացվել է 269,62 մլն խորանարդ մետրը։ Համաձայն Արտակարգ իրավիճակների նախարարության զեկույցի՝ 2008, 2012, 2013 և 2014 թվականները համարվել են սակավաջուր տարիներ։ 2015 և 2016 թվականներին նախատեսվել և իրականացվել է 170 մլն խորանարդ մետրի ջրառ։ 2017 թվականի որոշմամբ նախատեսված 270 մլն խորանարդ մետր ջրառից իրականացվել է 266,75 մլն խորանարդ մետրը։ 2018 թվականին (վարչապետ՝ Նիկոլ Փաշինյան) կառավարության որոշմամբ ի սկզբանե նախատեսվել էր 170 մլն խորանարդ մետր ջրառ, սակայն հետո Ազգային ժողովին ներկայացվեց և ընդունվեց 40 մլն խորանարդ մետր հավելյալ ջրառ իրականացնելու նախագիծ։ Ընդհանուր առմամբ այդ տարի Սևանից իրականացվել է 200,62 մլն խորանարդ մետր ջրառ։ 2019 և 2020 թվականներին նախատեսվել և իրականացվել է 170 մլն խորանարդ մետրի ջրառ, այսինքն՝ հավելյալ ջրառի անհրաժեշտություն չի առաջացել։ Արդեն այս տարի՝ 2021 թվականին, կառավարության որոշմամբ նախատեսված էր իրականացնել 170 մլն խորանարդ մետրի ջրառ, սակայն ինչպես վերևում նշեցինք, օրեր առաջ ընդունվեց փոփոխությունների նախագիծ, որի համաձայն՝ ջրառի թույլատրելի սահմանը դարձավ 245 մլն խորանարդ մետր։ Այսպիսով՝ վերջին 20 տարիներին ամենաշատ ջրառ իրականացվել է 2012 թվականին, ընդ որում, այդ տարում գետերով, Արփա-Սևանով ներհոսքերը և տեղումները ավելի քիչ են եղել, քան գոլորշիացումն ու իրականացված ջրառը, այսինքն՝ գրանցվել է բացասական հաշվեմնացորդ, ինչի հետևանքով էլ լճի մակարդակը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահտվածի նկատմամբ ցածր է եղել 3 սանտիմետրով։ Սևանա լճի մակարդակը 2002-2021 թվականներին Արտակարգ իրավիճակների նախարարության զեկույցի համաձայն՝ Սևանա լճի մակարդակի փոփոխությունների մոնիթորինգ իրականացվում է 4 դիտակետերում։ Ըստ զեկույցի տվյալների՝ լճի մակարդակի իջեցումն սկսել է 1933 թվականից, երբ ջրառի տարեկան քանակը գերազանցել է նրա բնական հոսքին։ 1981-2001 թվականները համարվել են լճի մակարդակի պայմանական հավասարակշռության տարիներ։ 2002-ից սկսած լճի մակարդակն սկսել է բարձրանալ։ Լճի մակարդակը տարվա ընթացքում տատանվում է և ամենաբարձրը դիտվում է յուրաքանչյուր տարվա հուլիսին։ Դիտարկենք Սևանա լճի մակարդակի տատանումները յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ։ Այսպես՝ 2002 թվականի հունվարի 1-ին Սևանա լճի մակարդակը եղել է 1896 մետր 32 սանտիմետր, 2008-ի հունվարի 1-ին՝ 1898 մետր 79 սանտիմետր, այսինքն՝ այդ տարիներին մակարդակը բարձրացել է 2 մետր 47 սանտիմետրով։  2018 թվականի հունվարի 1-ին լճի մակարդակը եղել է 1900 մետր 39 սանտիմետր, որը 2008 թվականի համեմատությամբ բարձր է 1 մետր 60 սանտիմետրով։ 2019 թվականի հունվարի մեկին լճի մակարդակը 2018 թվականի համեմատությամբ ցածր է եղել 3 սանտիմետրով, սակայն 2020-ին դարձյալ բարձրացել է, և 2021-ին լճի մակարդակը եղել է 1900 մետր 52 սանտիմետր, որը 2018-ի համեմատությամբ բարձր է 10 սանտիմետրով։ Ընդհանուր առմամբ՝ վերջին 20 տարիներին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 4 մետր և 20 սանտիմետրով։ Այսպիսով՝ ինչպես տեսնում ենք ներկայացված տվյալներից՝ Սևանա լճի մակարդակը վերջին 20 տարիներին շարունակաբար բարձրացել է և այս տարվա հունվարի 1-ին նախորդ տարիների համեմատությամբ եղել է ամենաբարձրը, սակայն նախատեսված հավելյալ ջրառի պարագայում հնարավոր է՝ նվազի։ Նարեկ Մարտիրոսյան
18:10 - 24 օգոստոսի, 2021
Պատգամավորի այդ խոսքերին ի արձագանք նրա նկատմամբ կարգապահական միջոցի կիրառումն ապօրինություն էր, որն էլ հանգեցրել է հետագա էսկալացիային․ Իոաննիսյանը՝ ԱԺ միջադեպի մասին

Պատգամավորի այդ խոսքերին ի արձագանք նրա նկատմամբ կարգապահական միջոցի կիրառումն ապօրինություն էր, որն էլ հանգեցրել է հետագա էսկալացիային․ Իոաննիսյանը՝ ԱԺ միջադեպի մասին

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթը ընդհատեց և նրա նկատմամբ կարգապահական միջոց (նախազգուշացում) կիրառեց այն բանից հետո, երբ Աննա Մկրտչյանը, իր հարցի սահմաններում ասաց «հիմա էս անձնավորությունը իր հետ դահլիճ ա բերել ախրաննիկներ, որոնք երբևէ ԱԺ չեն մտել»: ԱԺ կանոնակարգ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը սպառիչ թվարկում է պատգամավորի նկատմամբ կարգապահական միջոց կիրառելու հիմքերը, որոնցից և որևէ մեկի տակ չի ընկնում պատգաավորի կողմից իր հարցում (հենց հարցում և ոչ ելույթում) անվտանգության աշխատակիցների մասին հիշատակում անելը: Պատգամավորի այդ խոսքերին ի արձագանք նրա նկատմամբ կարգապահական միջոցի կիրառումն ապօրինություն էր, որն էլ հանգեցրել է հետագա էսկալացիային: Եթե չլիներ Ալեն Սիմոնյանի այդ ապօրինությունը՝ չէին լինի հետագա փոխադարձ բղավոցները: Եթե բղավոցներից հետո Նիկոլ Փաշինյանը չասեր, որ «մեղմ են արձագանքում»՝ չէր լինի հետագա էսկալացիան ու բռնությունները, չէր խախտվնի ԱԺ նիստի բնականոն ընթացքը: Եվ ուրեմն խոհրդարանի նիստի բնականոն ընթացքը խախտել է Ալեն Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի ակնհայտ օրհնությամբ ու դրդմամբ: Եվ պետք չի այս ամենը գցել ընդդիմության սադրիչ պահվածքի վրա՝ իշխանությունը պարտավոր է չտրվել սադրանքներին: Հ.Գ. Այս ամենը չէր լինի, եթե Աննա Մկրտչյանը առանց ընդհատվելու ավարտեր իր հարցը (որքան էլ որ այն սադրիչ չլիներ), վարչապետն էլ պատասխաներ կամ չպատասխաներ դրան: Բայց ոչ, Ալեն Սիմոնյանը որոշեց Նիկոլ Փաշինյանին ցուցադրել հավատարմության բարձր մակարդակ (երևի՝ Աժ աշխատասենյակներում կախված վարչապետի լուսանկարները քիչ են), Նիկոլ Փաշինյանն էլ, իր հերթին, ըստ էության ցույց տվեց, որ դա իրեն դուր է գալիս»:
17:59 - 24 օգոստոսի, 2021
«Միլիարդների մասին վստահորդիդ հետ խոսա»․ Փաշինյանի՝ Վարդեւանյանին տված պատասխանից հետո ԱԺ-ում իրարանցում սկսվեց

«Միլիարդների մասին վստահորդիդ հետ խոսա»․ Փաշինյանի՝ Վարդեւանյանին տված պատասխանից հետո ԱԺ-ում իրարանցում սկսվեց

ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ընթերցեց 2020 թվականի դեկտեմբերի 12-ին հրապարկված մի ձայնագրության տեքստ․ ձայնագրությունը վերաբերում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի խոսակցությանը։ Վարդեւանյանը մեջբերեց ձայնագրության այն մասը, ըստ որի՝ Արայիկ Հարությունյանն ասում է, թե Ստեփանակերտը պահելու համար տասը օր է՝ մարդ են ուզում, բայց տասը օր է՝ Ստեփանակերտը երկու կաղ մարդու հույսին է։ Վարդեւանյանը հարցրեց՝ Փաշինյանը տեղյա՞կ է ձայնագրությունից, եւ արդյոք Փաշինյանը երբեւէ այս հարցով գտնվե՞լ է նախաքննական մարմնում, քանի որ արդեն հարուցված քրեական գործ կա։ Փաշինյանը պատասխանեց, որ ձայնագրությունից տեղյակ չէ․ «Ձեր ասած հանգամանքներից տեղյակ եմ, եւ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրվել է նաեւ ձեր նկարագրած հանգամանքները հաշվի առնելով։ Ձեր հարցերի մեջ էնքան հակասություն կա։ Ես չեմ հասկացել, մեկ ասում եք՝ հայրենիք կորցնել, մեկ ասում եք՝ պատերազմ կանգեցնել։ Պատերազմը կանգնեցնելը գին է ունենում, չէ՞։ Հիմա ձեր ասած հայրենիքը պահելու համար պետք էր պայքարել, թե՞ պետք չէր պայքարել։ Ժամանակին ասել եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները չեն նկատում, որ իրենք իրենց իսկ բարձրացրած մեղադրանքներով չեզոքացնում են իրենց իսկ բարձրացրած մեղադրանքները»,- ասաց Փաշինյանը։ Նա հայտնեց, որ այս հարցով նախաքննության մարմնում չի եղել․ «Ես եղել եմ ամենամեծ նախաքննության մարմնում, ես կանգնել եմ ՀՀ ժողովրդի առաջ․ դուք ուրիշ ձայնագրություններ, ձեր բոլոր մեղադրանքները ձեր բոլոր հեռուստաընկերություններով, թաքուն, բացահայտ տվել եք, եւ ժողովուրդը գնացել, իր դատն արել է։ Դուք ստիպված եք ժողովրդի դատավճռի հետ հաշվի նստել եւ համակերպվել դրա հետ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ընդդիմադիրները ԱԺ-ում նստած են այդ դատավճռի համաձայն։ Արձագանքելով Փաշինյանի պատասխանին՝ Վարդեւանյանն ասաց, թե ժողովուրդը չի կարող դատավճիռ կայացնել, դատավաճիռ կայացնում է դատական իշխանությունը․ «Դատական իշխանությունը նույնիսկ ժողովրդի՝ ձեր ասած դատավճռի պայմաններում կարող է լրիվ այլ վճիռ կայացնել։ Հիմա ճի՞շտ եմ ըմբռնում, որ միջազգային հանցագործություններ գործած Հիտլերը, եթե վերընտրվեր, ոչ մի բանի համար չպիտի դատվեր։ Սենց տրամաբանություն իրավաբանությունում չկա»,,- ասաց Վարդեւանյանը։ Նա նշեց, որ քրեական գործ կա հարուցված՝ Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ ուղիղ կապի, 5 միլիարդի մասին։ Փաշինյանը քմծիծաղով պատասխանեց․ «Էդ միլիարդների մասին, կարծում եմ, ճիշտ կանեք՝ ձեր վստահորդի հետ խոսեք (նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին, որի պաշտպանն էր Վարդեւանյանը,- խմբ․)։ Էնտեղ մարդ կա (ձեռքով ցույց է տալիս ընդդիմադիրների կողմը,-խմբ․), թող գա 5 միլիարդի հետ կապված ասի, բացատրի, վկայություն տա։ Բա որ ժողովուրդը չի կարա որոշում կայացնի, ինչի՞ եք 300 հոգով գնդակահարության որոշումներ կայացնում, բեմադրում (հիշեցնում է ընդդիմադիրների ակցիան, որի ժամանակ բեմադրվում էր Չաուշեսկույի եւ նրա կնոջ սպանությունը,-խմբ․)։ Բա դուք կարաք 3 հոգով որոշում կայացնեք, ժողովուրդը չի կարա 800․000 հոգով որոշում կայացնի՞։ Ժողովուրդը կարող ա դատավճիռ կայացնի եւ իրագործի դատավճիռը, ուրեմն գնդակահարության տեսարանները, որ բեմադրում էիք, հիշեիք՝ ժողովուրդը կարա՞ որոշում կայացնի, թե՞ չի կարա»,,- ասաց Փաշինյանն, ու դահլիճում անմիջապես իրարանցում սկսվեց, պատգամավորները տեղից սկսեցին բղավել ու ռեպլիկներ անել։ Փաշինյանը, դիմելով Վարդեւանյանին, այդ աղմուկի մեջ բղավեց․ «Ու ասում եմ՝ վստահորդիդ հետ խոսա՛, կանդրադառնամ վստահորդիդ միլիարդներին»։ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին նախազգուշացրեց ու ԱԺ կանոնակարգի հիման վրա նրան նախազգուշացում հայատարարեց։ ԱԺ-ում պատգամավորները բղավոցները չէին դադարում, Սիմոնյանը ստիպված եղավ դարձյալ բարձր գոչել, որպեսզի խմբակցությունների պատգամավորները տեղից չբղավեն։
17:45 - 24 օգոստոսի, 2021
Շուրջ 50 մասունք բարդ փորձաքննություն է անցնում Հոլանդիայում. Անահիտ Ավանեսյան

Շուրջ 50 մասունք բարդ փորձաքննություն է անցնում Հոլանդիայում. Անահիտ Ավանեսյան

armenpress.am: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյունների և մասունքների հայտնաբերումից հետո իրականացվող նույնականացման փորձաքննությունների ժամանակ որոշ բարդություններ են առաջացել: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ հայտնաբերված մասունքներից 50-ի դեպքում Հայաստանում հնարավոր չի եղել ԴՆԹ անջատել: «Ունեինք այնպիսի մասունքներ, որոնք փորձաքննության արդյունքում չէինք կարողանում սեկվենավորել, այդ պատճառով մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել հոլանդացի մեր գործընկերների հետ: Շուրջ 50 մասունք բարդ փորձաքննության է ենթարկվում Հոլանդիայում: Այստեղ չի ստացվել այդ մասունքներից ԴՆԹ անջատել ու որոշակի արդյունք ստանալ: Մենք դեռ ունենք աճյուններ ու մասունքներ, որոնք արդեն իսկ նույնականացված են, սակայն ծնողները ցանկություն են հայտնել կրկնակի, որոշ դեպքերում էլ եռակի փորձաքննության ենթարկել, սակայն այլ երկրներում: Մինչ այս պահը, բոլոր այդ դեպքերում մենք ստացել ենք նույն պատասխանները: 20-ից ավելի մասունք ու աճյուն կրկնակի կամ եռակի փորձաքննություն է անցել արտասահմանում»,- նշեց Ավանեսյանը:
16:36 - 24 օգոստոսի, 2021
Ձեզնից առաջ հայ ժողովուրդը հստակ արձանագրել է, թե ինչպես է պատրաստվում լուծել Ղարաբաղի հարցը, ձեր ժամանակ շփոթ է առաջացել․ Արմեն Ռուստամյանը՝ Փաշինյանին

Ձեզնից առաջ հայ ժողովուրդը հստակ արձանագրել է, թե ինչպես է պատրաստվում լուծել Ղարաբաղի հարցը, ձեր ժամանակ շփոթ է առաջացել․ Արմեն Ռուստամյանը՝ Փաշինյանին

ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, նկատեց, որ վարչապետը պատերազմի սանձազերծումը համարում է Արցախի վերաբերյալ մինչեւ հիմա ունեցած ոչ հստակ դիրքորոշումների, շփոթի հետեւանք։ Ռուստամյանը համաձայն է, որ դա այդպես է, բայց ինքը համարում է, որ այդ շփոթն առաջացել է Փաշինյանի ղեկավարման օրոք․ «Ձեզնից առաջ հայ ժողովուրդը հստակ արձանագրել է, թե ինչպես է պատրաստվում լուծել Ղարաբաղի հարցը, եւ դա եղել է թե Ղարաբաղի երկու հանրաքվեներով ամրագրված, թե նաեւ հռչակագրերով, որոնք բացառիկ փաստաթղեր են, որ ընդունվել են միաձայնությամբ՝ ՀՀ-ի եւ ԼՂ-ի անկախության հռչակագրերը։ Ըստ այդ մոտեցումների՝ հանրաքվեն փաստել է մի շատ կարեւոր լուծման ուղղություն՝ տարածքներ՝ կարգավիճակի դիմաց, բայց էնտեղ շատ հստակ հերթականություն է նշված՝ կարգավիճակ, հետո՝ տարածքներ։ Եթե դա լավ չի ընկալվել, դա այլ հարց է, բայց սեւով սպիտակի վրա գրված է, հստակ է։ Ինչ վերաբերում է միացման եւ անկախության հակադրմանը․ միացումը մեզ համար միշտ եղել է ռազմավարական նպատակ, իսկ անկախությունը՝ այդ նպատակին հասնելու մարտավարական հանգրվան»,- ասաց Ռուստամյանն ու շեշտեց՝ Փաշինյանի կառավարության ժամանակ շփոթ է առաջացել․ «Դուք սկզբից եկաք եւ խոսեցիք անկախության տեսակետից, որ չեք կարող ներկայացնել Ղարաբաղը, որովհետեւ Ղարաբաղի կողմից չեք ընտրվել, եւ պետք է Ղարաբաղը բանակցություններին մասնակցի, հետո ասացիք՝ Ղարաբաղը Հայաստան է, եւ վերջ։ Այսինքն՝ անկախությունը եւ մաիցումն իրար հակադրվում են, հաջորդաբար՝ իրար լրացնում, վերջում ավելի անհասկանալի բան ասացիք՝ էնպիսի լուծում պետք է լինի, որ բավարարի Հայաստանին, Ղարաբաղին, Ադրբեջանին։ Պարզվեց՝ ունեցանք մի լուծում, որը բավարարեց միայն Ադրբեջանին։ Էս հարցն ինչպե՞ս եք դուք ներկայացնում որպես պատմական էնպիսի մի ձախողում, որի արդյունքում ունեցանք պատերազմ։ Շփոթն առաջացել է ձե՛ր ժամանակ»։ Ի պատասխան՝ Փաշինյանը դիտարկում արեց՝ Ռուստամյանը համարում է, որ Ղարաբաղի հարցը լուծված է․ «Էստեղ խնդիր եմ տեսնում, որովհետեւ ձեր այդ արձանագրումն ուղղակի համահունչ է Ադրբեջաննի արձանագրմանը, ես չեմ կարծում, որ ճիշտ է՝ ՀՀ ԱԺ-ում այդպիսի դիրքորոշում հնչի։ Դուք ասում եք, որ Արցախի ժողովուրդը հանրաքվեով լուծել է կարգավիճակի հարցը։ Եթե էդպես է, ապա ինչու է ՀՀ-ն, սկսած 2000-ականներից, բանակցել Ղարաբաղի կարգավիճակը ճշգրտելու հարցով հանրաքվե անցկացնելու հարցով․ քանի՞ անգամ հանրաքվե պետք է տեղի ունենա։ Դուք հակասությունների մասին եք ասում․ էդ ո՞նց է՝ մի կողմից Արցախի ընդունված Սահմանադրությամբ էդ նույն տարածքները համարվում են Արցախի մաս, ՀՀ օրենսդրությամբ՝ Ադրբեջանի մաս։ Էդ հակասությունները ի վերջո հասել են կուլմինացիայի»։ Փաշինյանն ասաց՝ այո՛, պատերազմը իրենց ժամանակ է եղել, բայց պատերազմի մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է Սերժ Սարգսյանը․ «Այս ամբիոնից 2018 թվականի ապրիլի 17-ին, հայտարարելով երկու բան՝ բանակցային գործընթացը կանգնած է եւ լավատեսություն չի ներշնչում, որովհետեւ Ադրբեջանի ակնկալիքները բանակցային գործընթացից անիրատեսական են եւ անընդունելի են մեզ համար, եւ երկրորդը՝ մենք այլեւս երկար ժամանակ չպիտի հույս ունենանք, որ Ադրբեջանը թողնելու է ռազմական ճանապարհով հարցը լուծելու իր մոտեցումը»։ Էդ պատերազմի գալն էս ամբիոնից ուրիշ մարդ է հայտարարել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հակասություններն, այո, եղել են, եւ իր օրոք հասել են կուլմինացիայի։ Արձագանքելով Փաշինյանի պատասխանին՝ Ռուստամյանը կրկնեց, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է՝ որպես ռազմավարական նպատակ․ «Այ դուք է՛դ չեք կարողացել ընկալել, դրանք զուգահեռ չի կարելի տանել, ե՛ւ ասել՝ անկախ է, ե՛ւ ասել՝ միացում։ Դրանք զուգահեռ չեն կարող լինել, իրար կհակասեն, բայց հետեւողականորեն գնալ հերթականության ճանապարհով, դա եղել է ռազմավարական նպատակ՝ միշտ, բայց որպես մարտավարական հանգրվան, եղել է անկախությունը։ Դուք որեւէ կասկած ունե՞ք, որ եթե հասնեինք նրան, որ Ադրբեջանը ճանաչեր Ղարաբաղի անկախությունը, միանգամից կհամաձայներ, որ միանան իրար, որովհետեւ չէր ուզի, որ հայկական երկու անկախ պետություններ լինեն, երկու ձայն ունենան ՄԱԿ-ում։ Սրանք հաշվարկված են եղել, դուք եկել եք, էդ ժառանգությունը չեք յուրացրել, ձեր իշխանության պռոբլեմը սա է»։
16:30 - 24 օգոստոսի, 2021