Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Մենք գնահատել ենք խոսակցություն սկսելու պատրաստակամության վերաբերյալ Թուրքիայից դրական ազդակները. Փաշինյան |1lurer.am|

Մենք գնահատել ենք խոսակցություն սկսելու պատրաստակամության վերաբերյալ Թուրքիայից դրական ազդակները. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարին՝ շեշտելով, որ երբ փոխադարձաբար արտահայտվում է խոսակցություն սկսելու պատրաստակամություն, ենթադրվում է, որ պետք է այդ խոսակցությունը սկսելու համար նաև կոնկրետ քայլեր ձեռնարկել:  «2021 թվականի գարնանը, երբ սկսեցի հանդիպումներ ունենալ Հայաստանի տարբեր բնակավայրերի բնակիչների հետ, ի հայտ եկավ մի խոսակցություն և բանաձևվեց հետևյալ կերպ, որ թշնամության մթնոլորտը մեր տարածաշրջանում պիտի կառավարվի: Այս խոսույթով մենք հանդես եկանք ընտրությունների նախորդած շրջանում, և ընտրություններում այս կոնտեքստը ներկա էր: Մենք ՀՀ քաղաքացիներից ստացել ենք մանդատ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար: Այս քննարկումների համատեքստում Թուրքիայից եղել են խոսակցություն սկսելու պատրաստակամության վերաբերյալ դրական ազդակներ: Մենք գնահատել ենք այդ ազդակները և ինքներս արտահայտել ենք ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ սկսելու այդպիսի խոսակցություն հարաբերությունների կարգավորման հնարավորությունների, հաղորդակցության ուղիների բազման վերաբերյալ»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ավելացրեց, որ Հայաստանի միջազգային մի շարք գործընկերներ հրապարակային պատարստակամություն են ցուցաբերել՝ աջակցելու այդ գործընթացին: «Երբ փոխադարձաբար արտահայտվում է խոսակցություն սկսելու պատրաստակամություն, ենթադրվում է, որ պիտի կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ խոսակցությունը սկսելու համար: Այդ խոսակցությունը կարող է լինել աշխատանքային: Կարծում եմ, որ խոսակցությունը տրամաբանորեն պետք է լինի նախ աշխատանքային, ապա եթե տեսնենք, որ կան կոնկրետ արդյունքներ արձանագրելու հնարավորություններ կամ կա դրա անհրաժեշտությունը, պիտի լինեն կամ կարող են լինել նաև հրապարակային: Այս պահի դրությամբ մենք գործում ենք այն շրջանակներում, ինչ հայտարարել ենք և պատրաստվում ենք այդ ուղղությամբ առաջ գնալ»,-ասաց Փաշինյանը:
18:45 - 15 սեպտեմբերի, 2021
Քարը փեշներիցդ թափեք, հայտարարեք, որ ամբողջովին փոխվելու է Անկախության օրվա միջոցառման ձեւաչափը․ Գեղամ Նազարյանը՝ վարչապետին

Քարը փեշներիցդ թափեք, հայտարարեք, որ ամբողջովին փոխվելու է Անկախության օրվա միջոցառման ձեւաչափը․ Գեղամ Նազարյանը՝ վարչապետին

ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատագամովր Գեղամ Նազարյանը հարց հնչեցրեց, թե ինչու մինչեւ հիմա անհետ կորած զինծառայողների հարցով զբաղվող առանձին հանձնաժողով չի ստեղծվել, եւ մի՞թե Անկախության տոնը նշելու ավելի ընդունելի ձեւ չկար, քան փայտով, գունագեղ միջոցառմամբ զոհերի ծնողների սիրտը փորփրելն էր։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պատասխանի ընթացքում ասաց, որ ինքն անձամբ վերջին ամիսներին տասնյակից ավելի հանդիպումներ է ունեցել անհետ կորածների հարազատների հետ, բայց այդ հանդիպումները չեն լուսաբանել․  «Անհետ կորածների հարցով զբաղվող մարմին կա, ես անհետ կորածների հարազատներին ասել եմ, որ ինքս եմ այդ հարցերը համակարգում, եւ մեր պետական մարմիններն ամենաբարձր մակարդակով զբաղվում են այդ հարցով, բոլոր հնարավոր միջոցներն իրագործվում են։ Հիմնական հարցադրումն այն է, որ այսքան ժամանակ անց մենք լուր չունենք գտնվելու վայրն անհայտ մեր զինվորների մասին։ Իրավիճակի բարդությունն ու առանձնահատկությունը դրանում է, որ լուր չունենալով պատճառով մենք օգտագործում ենք այդ ցավալի բառակապակցությունը»,- ասաց Փաշինյանը։ Ինչ վերաբերում է Անկախության օրվան նվիրված միջոցառումներին, Փաշինյանը ներողություն խնդրեց այն մարդկանցից, որոնց զգացմունքները վիրավորել կամ խոցել է իր ձեւակերպմամբ․ «Բայց ես ասել եմ, որ մեր տրամադրությունը, ցավոք, տոնական չէ, բայց կա այլ խնդիր․ մեր Հանրապետությունը 30 տարեկան է, եւ եթե այդ միջոցառումը անենք ՀՀ դրոշներով, իսկ պետական տոնը պետք է նշվի դրոշներով․․․ Տեսեք, մեր դրոշի գույները շատ վառ գույներ են, եւ ես չեմ կարծում, որ մենք պիտի չեղարկենք դրոշի գույները, բայց ես ուզում եմ ասել, որ միջոցառման առանցքը հենց մեր նահատակների հիշատակի ընդգծումն է»։  Փաշինյանը հայտնեց՝ սեպտեմբերի 21-ին հայտարարվելու է Հայաստանի անկախության եւ Արցախյան երեք պատերազմներում եւ ընդհանրապես պատերազմից դուրս մարտական հերթապահության ընթացքում իրենց կյանքը զոհած մեր եղբայրների եւ քույրերի հիշատակը հավերժացնող մի մասշտաբային նախագծի մեկնարկի մասին, որի շուրջ իրենք աշխատանքային քննարկումներ են իրականացնում շուրջ վեց ամիս։ Ներողություն խնդրելով նաեւ Գեղամ Նազարյանից, Փաշինյանը մի փաստ արձանագրեց․ «ՀՀ-ի անկախության որեւէ տոնակատարություն չենք ունեցել, երբ չունենանք անհետ կորածներ, երբ չունենանք թարմ շիրիմներ Եռաբլուրում․ «Դիլեման հետեւյալն է․ արդյոք մենք պիտի ընդգծենք Հայաստանի Անկախության տարեդարձը։ Իմ ասածի առանցքային փիլիսոփայությունն այն է, որ, իմ ընկալմամբ, մեր բոլոր նահատակներն ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունն ապրի։ Կարծում եմ՝ սա պիտի լինի էն զոհողությունների մեկնաբանությունը, որոնք ունեցել ենք»։ Գեղամ Նազարյանը կարծիք հայտնեց, որ Անկախության տոնը պետք է նշվի, բայց ոչ գունագեղ շոույով․ «Մեր տղերքը սիրում էին էս երկիրը, սիրում են, զոհվել են էս երկրի համար, ոչ թե նրա համար, որ իրենց հիշատակը ցինիզմով հարգեն, այլ որ դրանից հետո սթափվենք, փոխվենք՝ յուրաքանչյուրս։ Էդ տղերքին հանգիստ թողեք, նարնց հոգիները հիմա մեզ են նայում, հետո մեր դատավորներն են լինելու։ Մի օգտագործեք զոհերի անունները, ուղղակի եկեք զբաղվենք տղերքի ծնողների հարցերով։ Դեռ ուշ չէ, եկեք՝ քարը փեշներիցդ թափեք, հայտարարեք, որ ամբողջովին փոխվելու է ձեւաչափը, որ հնչելու է միայն սիմֆոնիկ երաժշտություն, ու վերջ»,- ասաց Նազարյանը։ Միջոցառումն ի սկզբանե հենց այդ տրամաբանությամբ է նախատեսված եղել, եւ միջոցառումը երկու տող ունի՝ «Անկախ» եւ «Հայրենիքիս հետ»։ Վերջինը Թումանյանի բանաստեղծության վերնագիրն է, որ գրվել է 1915-ին․ «Եթե հիշենք բանաստեղծության բովանդակությունը, մեր այսօրվա մոտեցումը լիարժեք կամ չգիտեմ՝ ինչքանով հաջող փորձ է անում հենց Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծության տրամաբանությունը դնել մեր այսօրվա տեսլականի հիմքում։ Բանաստեղծության առաջին տունն ավարտվում է՝ «զարկված հայրենիք, զրկված հայրենիք», հետո՝ «ողբի հայրենիք, որբի հայրենիք», հետո՝ «լույսի հայրենիք, հույսի հայրենիք», հետո՝ «իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք»։ Սա էն տրամաբանությունն է, որ մենք փորձում ենք դնել մեր էսօրվա գործողությունների հիմքում, եւ մեր խոնարհումն ու հարգանքը պիտի արտահայտվի այնպես, որ մենք պետք է փոխենք էն տրամաբանությունը, որով ընկալում ենք մեզ, մեր երկիրը, մեր անելիքը, մեր պարտավորությունները՝ մեր նահատակների առաջ»,- ասաց Փաշինյանը եւ կարդաց Թումանյանի բանաստեղծության նախավերջին տունը․ «Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետՈւ խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ պիտի ասես աշխարհքինՈւ պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին―               Հույսի՜ հայրենիք,                  Լույսի՜ հայրենիք»։   Լուսանկարը՝ ԱԺ ֆեյսբուքյան էջից
17:58 - 15 սեպտեմբերի, 2021
Հուսով ենք՝ այս տարի կհաջողվի պահպանել գազի գինը․ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

Հուսով ենք՝ այս տարի կհաջողվի պահպանել գազի գինը․ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Եվրոպայում վերջին օրերին գազի գնի ռեկորդային գների գրացնման, հաջորդ տարվա սակագնի մասին ՌԴ-Բելառուս պայմանավորվածության եւ նախօրեին ՀՀ-ում «Գազպրոմի» նախագահի եւ կառավարության միջեւ բանակցությունների ֆոնին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը հարց հնչեցրեց՝ արդյոք ունե՞նք որոշակիություն 2022-ին Հայաստան մատակարարվող գազի գնի վերաբերյալ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարեւորեց հարցը՝ նշելով, սակայն, որ որոշակի անորոշություն կա, եւ կան տենդենցներ, որովհետեւ երեկվա դրությամբ գազի գինը 1000խմ-ի համար կազմեց մոտ 800 դոլար, ինչը, փոխվարչապետի խոսքով, որոշակի հարցեր է առաջացնում․ «Բանակցությունները «Գազպրոմի» հետ պերմանենտ բնույթ ունեն, մենք ամեն տարի անդրադառնում ենք հարցին եւ փորձում խոսել առնվազն գնի պահպանման, եւ ոչ ավելացման մասին, չնայած «Գազպրոմ» խմբից կա պնդում, որ  եկամտաբերության չափը, որը պայմանավորված է 2013-ի համաձայնագրի շրջանակներում, իրենց չի բավարարում։ Բայց դա աշխատանքային պրոցես է, ես հիմա ավելին չասեմ, որովհետեւ հենց հիմա բանակցությունների գործընթաց է, հուսով եմ՝ գազի գնի մասով անսպասելի բան տեղի չի ունենա»,- ասաց փոխվարչապետն ու նշեց, որ բանակցությունների ավարտին տեղեկություններ կհայտնի։ Արմեն Գեւորգյանը ճշտեց՝ արդյոք այս պատասխանից պե՞տք է հասկանալ, որ գազի գինը չի բարձրանալու, թե՞ հարցն, այնուամենայնիվ, այնքան անորոշ է, որ այդ սցցենարը չի բացառվում։ Փոխվարչապետն ասաց, որ ինքն, անսպասնելի ասելով, նկատի ունի մոտակա ժամանակահատվածը․ «Բայց տեսեք՝ աշխարհում ինչ է կատարվում, հիմա ես չեմ կարող խոսել 2-3 տարիների կտրվածով։ Այս տարի, հուսով ենք, կհաջողվի պահպանել գազի գինը»,- եզրափակեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։   Լուսանկարը՝ ԱԺ ֆեյսբուքյան էջից
17:24 - 15 սեպտեմբերի, 2021
Գորիս-Կապան ճանապարհը 2 տեղ դուրս է գալիս Խորհրդային Հայաստանի վարչական սահմանից, այս հանգամանքի բերումով են տեղադրվել ադրբեջանական հենակետերը․ Փաշինայն

Գորիս-Կապան ճանապարհը 2 տեղ դուրս է գալիս Խորհրդային Հայաստանի վարչական սահմանից, այս հանգամանքի բերումով են տեղադրվել ադրբեջանական հենակետերը․ Փաշինայն

Ազգային ժողովում մեկնարկել է Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, դիմելով ՀՀ վարչապետին, հետաքրքրվեց Գորիս-Կապան ավտոճանապարհի հատվածում ադրբեջանական ոստիկանական անցակետի տեղադրման մասին՝ հարցնելով, թե, ի վերջո, ինչու է կանգնեցվել այդ անցակետը եւ ինչու են կանգնեցվում իրանական բեռնատարները, տուրք վճարում ադրբեջանցիներին։ Փաշինյանն իր ելույթի սկզբում ասաց, որ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով, ունեն բազմաթիվ շերտեր եւ ենթատեքստեր, եւ շատ կարեւոր է, որ այդ ենթատեքստերը ճիշտ ընկալենք եւ ճիշտ թարգմանենք․  «Այս դահլիճում մի քանի անգամ առիթ է եղել խոսելու, որ 2020-ի դեկտեմբերին մենք իրականացրել ենք ՀՀ ԶՈՒ դիրքերը Հայաստանի Հանրապետության՝ Խորհրդային Միությունից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթաց։ Այդ գործընթացն իրականացվել է ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար, ես մեր մոտիվացիաները մանրամասն ներկայացրել եմ իմ ունեցած հեռուստաուղերձում»,- ասաց Փաշինյանն ու կրկին հիշեցրեց 2010-ին ՀՀ ԱԺ-ի ընդունած «Վարչատարածքային բաժանման մասին օրենքը», որտեղ, վարչապետի խոսքով, հստակ արձանագրվում է, որ Շուռնուխի եւ Որոտանի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին․  «Տվյալ դեպքում պիտի արձանագրեմ նաեւ, որ այս իրողությունն է Խորհրդային Հայասռանի եւ Խորհրդային Ադրբեջանի գոյություն ունեցած վարչական սահմանը, որը հետագայում վերածվել է պետական սահմանի, այս իրողությունն է ընդունվել որպես հիմք։ ՀՀ ՊՆ-ն այդ թեմայով հաղորդագրութուն է տարածել։ Այդ հատվածներում երկու տեղ Գորիս-Կապան ճանապարհը դուրս է գալիս Խորհրդային Հայաստանի վարչական սահմանից, եւ նաեւ այս հանգամանքի բերումով է, որ ժամանակին ձեզ հայտնի տեղերում հայտնվել են մեզ հայտնի ցուցանակներն ու հենակետերը։ Ժամանակին՝ 2020-ի դեկտեմբերին, պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ այդ ճանապարհն անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների եւ բեռների տարանցման համար։ Ենթադրում եմ, որ քանի որ այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել նաեւ օտարերկրյա բեռների հանգամանքը, տվյալ իրավիճակում Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը՝ թերեւս, ի պատասխան մեր այն հայտարարությունների, որ թե՛ նոյեմբերի 9-ի, եւ թե՛ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մեջ հիշատակված չէ ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյալ դրույթ։ Եւ ՀՀ-ն, ընդունելով, որ տարածաշրջանի կոմունիկացիաները պիտի բացվեն, այնուամենայնիվ արձանագրում է, որ օտարկերկրյա բեռները ՀՀ տարածքը հատելիս, այդ թվում՝ Ադրբեջանի արեւելյան շրջաններից դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն գնալիս պիտի հատեն մաքսային, անձնագրային եւ այլ կետեր՝ ինչպես սահմված է ԱՊՀ երկրների միջեւ տրանսպորտային հաղորդակցույթւոնն ապահովող իրավապայմանագրային բազայում»,- ասաց վարչապետը։ Հաջորդ խնդիրը, որի մասին, ըստ վարչապետի, գուցե հարց լինի, այն է, թե ինչու է հաղորդագրությունների մեջ կամ իր ելույթենրում նշվել Էյվազլի եւ Չայզամի տեղանունները․ «Դա արվել է մի պարզ պատճառով, որպեսզի ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի, որ խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե ՀՀ կամ ՀԽՍՀ տարածքում, այլ այդ տարածքից դուրս, որը ՀՀ-ն դե յուրե ընդունել է իմ հիշտակածակ 2010-ին ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքում»,- եզրափակեց գործադիրի ղեկավարը։
16:56 - 15 սեպտեմբերի, 2021
Ազգային ժողովում շուտով կվերաձևավորվի հայ-հնդկական բարեկամական խումբը. Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի դեսպանին

Ազգային ժողովում շուտով կվերաձևավորվի հայ-հնդկական բարեկամական խումբը. Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի դեսպանին

Սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեւալին: Այս մասին հայտնում է ԱԺ աշխատակազմը: Ողջունելով դեսպանին՝ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում բարեկամական հարաբերությունների խորացումն ու զարգացումը: Անդրադառնալով երկու երկրների միջեւ համագործակցության խորացմանը՝ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Ազգային ժողովում շուտով կվերաձեւավորվի հայ-հնդկական բարեկամական խումբը, որը նշանակալի դեր կունենա միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ Հնդկաստանի խորհրդարանում Հնդկաստան-Հայաստան բարեկամական խմբի ձեւավորումը եւս հնարավորություն կստեղծի համատեղ ջանքերով էլ ավելի խորացնելու օրենսդիրների կապերը: Կարեւորելով միջազգային հարթակներում Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դրական համագործակցությունը՝ ՀՀ օրենսդիրի ղեկավարը բարձր գնահատեց միջազգային կազմակերպություններում Հայաստանի կենսական հարցերի շուրջ Հնդկաստանի կառավարության հավասարակշռված մոտեցումը: Կողմերն անդրադարձան տարածաշրջանային անվտանգության հարցերին: Այս համատեքստում հայկական կողմն արժեւորեց պաշտոնական Նյու Դելիի մոտեցումն առ այն, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է ստանա խաղաղ հանգուցալուծում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հնդկաստանի դեսպանը բարձր գնահատեց միջազգային հարթակներում Քաշմիրի խնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող Հայաստանի մշտական աջակցությունը: Համատեղ օրակարգի առաջնահերթություններում փոխայցելությունները դիտվեցին որպես առաջնահերթություն՝ ի նպաստ երկկողմ համագործակցության նոր հեռանկարային ուղղությունների:
14:02 - 15 սեպտեմբերի, 2021
Իշխանությունը Սյունիքում ստեղծված իրավիճակի մասով ԱԺ փակ նիստին ցանկանում է ներկայանալ առաջին դեմքերով  |armenpress.am|

Իշխանությունը Սյունիքում ստեղծված իրավիճակի մասով ԱԺ փակ նիստին ցանկանում է ներկայանալ առաջին դեմքերով |armenpress.am|

armenpress.am: Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի հարցով Ազգային ժողովում ընդդիմության նախաձեռնությամբ անցկացվելիք փակ նիստին իշխանությունը ցանկանում է ներկայանալ առաջին դեմքերով, սակայն դեռ պարզ չէ, թե այն երբ կկայանա, ընդդիմությունը դժգոհում է իշխանության որոշումների կայացման արագությունից: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Մենք առաջարկել էինք, որ համապատասխան պաշտոնատար անձինք՝ ԱԱԾ-ի, ՊՆ-ի, ԱԳՆ-ի, Դատախազության և ՄԻՊ-ի, գան և ներկայացնեն իրավիճակը և դրանից դուրս գալու իրենց առաջարկությունները: Իշխանություններն ասում են, որ ցանկանում են առաջին դեմքերով ներկայանալ, և համադրման խնդիր կա, տարբեր պատճառներով բացակայողներ կան»,- ասաց Օհանյանը: Ընդդիմությունն առաջարկել էր սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանից առաջ՝ 14:00-ին հավաքվել, քննարկել: «Բայց այսօր մենք տեղեկություն ստացանք, որ նորից համադրման խնդիր կա, և իրենք առաջարկում են, որ վերջնական համադրումն իրականացնեն»,- ասաց Օհանյանն ու հավելեց՝ կարծում է, այսօր չի լինի այդ հանդիպումը: Թե նիստը երբ կկայանա, նա չգիտի: «Հայաստան» խմբակցության ղեկավարը բողոքեց իշխանության որոշումների ընդունման արագությունից:
13:27 - 15 սեպտեմբերի, 2021
Հայ գերիների խոշտանգումների մասին Աննա Մկրտչյանի ներկայացրած տվյալները հորինված չեն. Ալեն Սիմոնյանը սխալվում է

Հայ գերիների խոշտանգումների մասին Աննա Մկրտչյանի ներկայացրած տվյալները հորինված չեն. Ալեն Սիմոնյանը սխալվում է

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի   Ազգային ժողովի երեկվա նիստում մտքերի փոխանակության ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր ելույթում անդրադարձավ հայ գերիների հարցին՝ ընթերցելով Մարդու իրավունքների պաշտպանի՝ օրեր առաջ հրապարակված արտահերթ զեկույցից մի հատված, որտեղ ներկայացվել են գերեվարվածների հանդեպ խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը։ Ինչպես հիշատակեց պատգամավորը՝ Պաշտպանը հետաքննությամբ պարզել է, որ ադրբեջանցիները հայ գերիներին ծեծելու համար ստեղծել են առանձին խմբեր, ծեծում են՝ մինչեւ գիտակցության կորուստը, սպասում են, մինչեւ գիտակցության գա, շարունակում ծեծը. «Եռման թեյ ու ջուր են լցնում գերիների մարմնի վրա, այրվածքների ստանալուց հետո շարունակում են ծեծը՝ մինչեւ մահանա, հետո դին մի քանի օր թողնում են բանտախցում։ Սնվելու համար տալիս են տասը վայրկյան, ստիպում են ուտել գետնից, թքում են սննդի մեջ ու ստիպում ուտել, կտրում են մարմնի մասեր, ողջ կապում են մեքենային ու քաշում, զրկում են ջրից, քնից ու սննդից։ Սա՞ է թուրքերի դրական ազդակը, կառավարության շենքից տեսնվող դրական ազդակը, այսինքն՝ հայերին խոշտանգե՞լն է դրական ազդակ»,- իր ելույթում ասաց Մկրտչյանը։ Երբ նա ավարտեց, նիստերի դահլիճում գտնվող կին պատգամավորներից մեկը տեղից արձագանքեց՝ « ծնողները բողոքում են, որ այդպիսի բաներ եք խոսում», իսկ Ալեն Սիմոնյանը շարունակեց. «Ես էլ չհասկացա, անկեղծ ասած, թե էդ հնարած տեսարանները ինչի համար էր պետք ՀՀ ԱԺ-ում հնչեցնել»։ Երբ Աննա Մկրտչյանը Սիմոնյանի այս արտահայտությանը տեղից արձագանքեց (հստակ չլսվեց՝ նա ինչ ասաց), Սիմոնյանը պատասխանեց, թե՝ «գիրք կարդա, կհասկանաս»։ Ի վերջո, վերադառնալով ՄԻՊ-ի զեկույցին։ Օրեր առաջ՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը հանդես եկան մամուլի ասուլիսով՝ ամենայն մանրամասնությամբ ներկայացնելով մեր գերիների հանդեպ ադրբեջանցիների վերաբերմունքը եւ այդ անմարդկային արարքները կատարողներին ու հենց Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունները։ Թաթոյանը նախ հայտնեց, որ զեկույցը միանգամից հրապարակվում է անգլերեն՝ միջազգային ատյաններում ներկայացվելու համար, ապա շեշտեց, որ այն ապացույցների բազայով բացառիկ հիմնավորվածություն ունի։ Պաշտպանը ներկայացրեց իրենց հավաքագրած փաստերը, որոնք ստուգել են տարբեր աղբյուրներով։ Այսպիսով, նա նշեց, որ թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ զինծառայողները ենթարկվել են համակարգային խոշտանգման՝ ֆիզիկական ու հոգեկան տառապանքների։ Ընդ որում՝ հատուկ պատժի են ենթարկվել ադրբեջանական այն ծառայողները, որոնք փորձել են մի փոքր լավ վերաբերվել ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց․ «Ամենադաժան վերաբերմունքը եղել է նոր գերեվարման ժամանակ, հատկապես՝ հատուկ ծառայությունների կողմից։ Խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը եղել են լայնածավալ, ինչպես էթնիկ պատկանելության ծաղրանքներով, այնպես էլ կրոնական իրավունքների կոպիտ խախտումներով»։ Թաթոյանը նշեց, որ բազմաթիվ են եղել դեպքերը, երբ գերիներին չեն տվել ջուր ու սնունդ․ «Եղել են դեպքեր, որ սնունդը գցել են գետնին, ստիպել են ուտել գետնից, հետո, սոված վիճակում պահելով գերուն, սնունդը գցել են աղբարկղը՝ հենց նրա դիմաց, կամ ուտելու համար տվել են տասը վայրկյան ու վերցրել, կամ թքել են սննդի մեջ ու ստիպել ուտել։ Դաժան են վերաբերվել բժշկական հետազոտությունների մասով, ստիպել են տանել ուղղակի ցավը, ծեծն ու խոշտանգումը եղել է վերքի վրա մատը դնելով, որ էլ ավելի ցավի»,- ներկայացրեց ՄԻՊ-ը՝ հայտնելով նաեւ ադրբեջանցիների կողմից հայ գերիներին խոշտանգելու այլ մանրամասներ։ Այսպիսով՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե Աննա Մկրտչյանը «հնարած տեսարաններ» է ներկայացրել ԱԺ ամբիոնից, իրականությանը չի համապատասխանում։ Ավելին՝ Մկրտչյանն ԱԺ-ում ընթերցեց գերիներին խոշտանգելու միայն մի քանի դեպք, իսկ Թաթոյանը առավել մանրամասն էր ներկայացրել՝ ցուցադրելով նաեւ որոշակի կադրեր։  
10:09 - 15 սեպտեմբերի, 2021
Արեւելյան գործընկերության գագաթաժողովին Հայաստանի պատվիրակության մասնակցության նախապայմանը պիտի լինի գերիների վերադարձը․ Հայկ Մամիջանյան

Արեւելյան գործընկերության գագաթաժողովին Հայաստանի պատվիրակության մասնակցության նախապայմանը պիտի լինի գերիների վերադարձը․ Հայկ Մամիջանյան

Ցանկացած պետական ծառայողի թիվ մեկ առաջնահերթյուններից մեկը մեր գերի տղաների վերադարձն է հայրենիք։ Այս մասին այսօր Ազգային ժողովում մտքերի փոխանակության ժամանակ իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը․ «Դրան են միտված մեր ֆրակցիայի, երկու կուսակցությունների լծակները։ Թվարկեմ մի քանի կետ, որոնք պարտավոր էր անել իշխող մեծամասնությունը, իմ տեղեկությունների համաձայն՝ չի արել, բայց դեռ ուշ չէ դրանք կիրառել։ Կետ առաջին․ այս պահին տեղի են ունենում ԵՄ-Ադրբեջան բանակցությունները՝ իրենց ռազմավարական համագործակցության վերաբերյալ․ մենք բոլոր լծակներով՝ խորհրդարանական եւ ոչ միայն, պիտի հասնենք նրան, որ գերիների վերադարձը դառնա այդ համաձայնագրի նախապայմաններից մեկը։ Երկրորդ՝ Արեւելյան գործընկերության գագաթաժողովին, որ, հավանաբար, տեղի է ունենալու աշնանը, Հայաստանի պատվիրակության մասնակցության նախապայմանը պիտի լինի գերիների վերադարձը։ Ադրբեջանի վրա, ցավոք, այլ ճնշում այս պահին կարծես չի կիրառվում։ Եթե նախորդ երկու պարագաներում մենք անուղղակիորեն ենք ազդում խնդրի վրա, ապա Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում մենք ուղիղ ազդեցության գործիք ունենք»,- ասաց Մամիջանյանն ու մեկնաբանեց, որ Եվրանեսթի պարագայում հնարավորություն կա հայտարարելու քո կենսական շահը, որի շրջանակներում իրավունք կա կիրառելու վետո՝ Բյուրոյից մինչեւ բուն Վեհաժողով։ Մամիջանյանի կարծիքով՝ մեր խորհրդարանական պատվիրակությունը պարտավոր է գերիների վերադարձը հայտարարել որպես կենսական շահ (vital interest), եւ բոլոր հնարավոր տարբերակներով, վետոներով հասնել այդ խնդրի լուծմանը․ «Դա գուցե ներկայացվի որպես տորպեդահարում, բայց մենք արդար գործի համար ենք պայքարում։ Շատ բարդ է այս բոլոր ասածներիս իրականացումն ակնկալել, եթե ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն այսօր լրագրողներին ասել է, որ ադրբեջանական ոստիկանական անցակետը դրվել է Սովետական Ադրբեջանի տարածքում։ Լա՛վ, ես չեմ հասկանում՝ էդ հայտարարությունները, որ անում եք, հետո բոլորս միասին ո՞նց ենք որպես երկիր դուրս գալու ձեր արած հայտարարությունների տակից, թե՞ գերիներին էլ եք ինչ-որ պահի ասելու, որ Սովետական Ադրբեջանի տարածքում են»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։
19:16 - 14 սեպտեմբերի, 2021
Խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը․ ԲԴԽ-ն երեք թեկնածու է առաջադրել

Խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը․ ԲԴԽ-ն երեք թեկնածու է առաջադրել

Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը։ Սրան զուգահեռ, ի դեպ, պատգամավորները փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, որի թափուր պաշտոնում առաջադրվել է Մարիամ Գալստյանի թեկնածությունը։ Իսկ ահա Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդեւյանի, Հրաչ Այվազյանի եւ Լիանա Հակոբյանի թեկնածությունները։ ԱԺ-ն այս երեք թեկնածուներից պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի դատավոր։ Թեկնածուներին ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։ Հովսեփ Բեդեւյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։ Հրաչ Այվազյանի կենսագրությանը՝ այստեղ։ Լիանա Բեդեւյանի կենսագրությանը՝ այստեղ։ Հեվսեփ Բեդեւյանն ու Լիանա Հակոբյանը Վերաքննիչ վարչական դատարանի դատավորներ են, իսկ Հրաչ Այվազյանը Վարչական դատարանի նախագահն է։ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը նախքան թեկնածուներին ներկայացնելը պարզաբանեց, որ քանզի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատում գործում է միայն մեկ վարչական մասնագիտացման դատավոր, ուստի ԲԴԽ-ն գերադասել է հանձնել բացառապես վարչական մասնագիտացում ունեցող դատավորների թեկնածություններ՝ նկատի ունենալով հանգամանքը, որ առաջիկայում նախատեսվում է քաղաքացիական եւ վարչական գործերով դատական պալատը բաժանել երկու մասի եւ Վճռաբեկ դատարնում ստեղծել առանձին մասնագիտացված վարչական գործերով դատական պալատ։
10:54 - 14 սեպտեմբերի, 2021
Հյուսիս-հարավ ավտոճանապարհի նախագծումը կապ չունի անկլավների և ԽՍՀՄ քարտեզների հետ․ Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի նախագծումը կապ չունի անկլավների և ԽՍՀՄ քարտեզների հետ․ Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է

Ազգային Ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետը եզրափակիչ ելույթում, խոսելով Սյունիքի մարզում առաջացած խնդրից, անդրադարձավ հյուսի-հարավ ծրագրին։ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասաց․ «Բա պատասխանեք՝ ինչի՞ հյուսիս-հարավ ճանապարհը նախագծելիս էդ ճանապարհը Երասխով չի շարունակվել Տիգրանաշեն, հետո Զանգակատուն․ պատասխանե՛ք, ինչի՞։ Որովհետեւ էդ հարցերը մենք չենք բերել օրակարգ։ Ինչի՞ հյուսիս-հարավ ճանապարհը չէր անցնում Որոտան-Շուռնուխ հատվածով, այլ նախատեսված է էնպես, որ թունելներ կառուցվեն։ Մենք ե՞նք վիճարկելի դարձրել, ո՛չ»։ Վարչապետը այսպիսի ձևակերպումներով փորձում է հիմնավորել, որ անկլավների և վիճարկելի այլ տարածքների խնդիրը ոչ թե նոր է օրակարգային դարձել, այլ նախկինում ևս օրակարգային է եղել, ինչի ապացույցը, ըստ նրա, հյուսիս-հարավ ավտոճանապարհի Տիգրանաշենով և Որոտան-Շուռնուխ հատվածով չանցնելն է։ Սակայն վարչապետի պնդումը մանիպուլյատիվ է։ Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի այս ճանապարահահատվածը, որի մասին խոսել է վարչապետը, տրանշ 4-ն է։ Համաձայն հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի պաշտոնական կայքի՝ տրանշ 4-ի նախագծման աշխատանքների խորհրդատուն իտալական ընկերություն է։ Նախագծված ճանապարհը ներառում է Արտաշատ-Ագարակ ճանապարհահատվածը։ Համաձայն Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքի՝ տրանշ 4-ը բաղկացած է 3 ենթահատվածից՝  Արտաշատ-Սիսիան, Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ։  Վարչապետի հայտարարույթան իսկությունը ստուգելու նպատակով կապ հաստատեցինք Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ի ծրագրերի նախապատրաստման և մոնիթորինգի մասնագետ Կարեն Ջեյրանյանի հետ։ Վերջինս մեր զրույցում ասաց, որ առկա նախագիծը դեռևս նախնական է, որը պարզապես հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու, թե մոտավորապես որ հատվածով է ճիշտ ճանապարհի անցկացումը և ինչքան կարժենա։ «Հիմա քանի որ այս հատվածի վերաբերյալ ունենք ընդամենը նախնական նախագիծ, մենք բանակցություններ ենք վարում միջազգային տարբեր կազմակերպությունների հետ, որ ստանանք դրամաշնորհ այդ հատվածի վերջնական նախագիծը պատվիրելու համար։ Գործընթացը քննարկումների փուլում է, հենց դրամաշնորհային պայմանագիրը ստորագրեցինք, մրցույթ ենք հայտարարելու վերջնական նախագծի համար։ Հենց ունենանք վերջնական նախագիծը, նոր հստակ կարող ենք ասել՝ Տիգրանաշենով անցնելու է, թե ոչ։ Հիմա էնքան նախնական է ամեն ինչ, որ չենք կարող սրա հիման վրա մրցույթ հայտարարել»,- նշել է Կարեն Ջեյրանյանը։ Ճշտող հարցին, թե ամեն դեպքում նախնական նախագծով ճանապարհը Տիգրանաշենով անցնելու է, թե ոչ, վերջինս պատասխանեց, որ Տիգրանաշենով անցնելու է, սակայն մանրամասները դեռ հստակ չեն և չգիտեն կամուրջ է լինելու, թունել թե այլ բան։ Ճանապարհային դեպարտամենտի կայքում առկա քարտեզի համաձայն՝ ճանապարհն անցնելու է Տիգրանաշենով, սակայն ոչ թե Երասխ-Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհով, այլ նոր կառուցվող երթուղիով։  Սակայն պետք է նշել, որ մեր զրուցակցի խոսքով քարտեզում նույնպես կարող են լինել անճշտություններ, քանի որ ծրագիրը նախնական է, իսկ քարտեզը պատրաստել են իրենց IT ոլորտի մասնագետները։ Ինչ վերաբերում է վարչապետի մյուս հայտարարությանը, թե ինչու հյուսիս-հարավ ճանապարհը չէր անցնում Որոտան-Շուռնուխ հատվածով, այլ նախատեսված է այնպես, որ թունելներ կառուցվեն, մեր զրուցակիցն ասաց, որ հաշվի է առնվել Մեղրիի լեռնանցքի բարձրությունը, ինչի հետևանքով ձմռանը կարող են երթևեկության հետ կապված խնդիրներ առաջանալ, բացի դրանից թունելի միջոցով որոշակիորեն կրճատվում է ավտոճանապարհի երկարությունը, և սա ամենաօպտիմալ լուծումն է․ «Նախագծման համար հայտարարված մրցույթով ընտրված միջազգային կազմակերպությունները մեզ առաջարկում են ամենաօպտիմալ տարբերակները, որով էլ նախագծվում է Հյուսիս-Հարավ ճանապարհը»,- նշել է Կարեն Ջեյրանյանը։ Մեր հարցին, թե նախագծումը կարո՞ղ է որևէ կապ ունենալ անկլավների կամ ԽՍՀՄ քարտեզով ադրբեջանական տարածքների հետ, զրուցակիցն ասաց, որ նախագծումը որևէ աղերս չունի այս խնդիրների հետ․ «Ընտրված տարբերակը որևէ կապ չունի անկլավների և Ադրբեջանի ճանապարհի (Որոտան-Շուռնուխ հատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ճանապարհի,- խմբ․) հետ, որովհետև նախագիծը մշակվել է մինչև պատերազմը․ հետևաբար չէր կարող որևէ կապ ունենալ։ Սակայն հիմա վերջնական նախագծման ժամանակ պետք է հաշվի առնենք նոր իրողությունը, որն առաջացել է պատերազմից հետո»։ Բացի Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ի ծրագրերի նախապատրաստման և մոնիթորինգի մասնագետ Կարեն Ջեյրանյանի հետ խոսելուց, փորձեցինք կապ հաստատել տրանշ 4 ծրագրի ղեկավար Կարեն Բադալյանի հետ։ Վերջինս առանց նույնիսկ մեր հարցը լսելու ասաց, որ պատասխան ստանալու համար դիմենք գրավոր հարցմամբ։ Ուստի պաշտոնական գրությամբ դիմեցինք նույն ՊՈԱԿ-ին։ Պաշտոնական գրությամբ ՊՈԱԿ-ին դիմել էինք օգոստոսի 27-ին․ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի՝ հարցման պատասխանը պետք է ստանայինք 5 աշխատանքային օրվա ընթացքում, այսինքն՝ սեպտեմբերի 3-ին, սակայն մեր հարցման պատասխանը մեզ տրամադրվեց օրենքի կոպիտ խախտմամբ՝ սեպտեմբերի 9-ին։ Նշված ՊՈԱԿ-ից մեր հարցման պատասխանն ուշացնելը հիմնավորում էին տնօրների գործուղման մեջ լինելով, սակայն օրենքը հստակ է, իսկ Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ի վարքն օրենքի խախտում է։ Մեզ տրամադրած պատասխանը լղոզված է և ըստ էության չէ։ Մասնավորապես մենք հարցրել էինք, թե արդյոք «Հյուսիս-հարավ» ներդրումային ծրագրի տրանշ 4-ի նախնական նախագծով նախատեսված եղել է, որ ճանապարհն անցնի Տիգրանաշենով․ պատասխանում նշվում է, որ միջազգային խորհրդատու ընկերությունը 2015-2016 թթ․ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի տրանշ 4-ի Արտաշատ-Սիսիան հատվածի վերակառուցման համար իրականացրել է տնտեսագիտական վերլուծություն և համապատասխան հետազոտություններ։ Ըստ պատասխանի՝ նշված ճանապարհահատվածի վերակառուցման ֆինանսական աղբյուրները հստակեցնելուց հետո պետք է պատվիրվի նախագիծ, որի շրջանակներում կճշտվեն և՛ աշխատակիցների ծավալները, և՛ այլ մանրամասներ։ Այս պատասխանից նույնիսկ հնարավոր է տպավորություն ստեղծվի, թե առայժմ որևէ նախնական նախագիծ չկա և պլանավորվում է առաջիկայում նախագիծ պատվիրել, սակայն և՛ մեր զրուցակիցն ասաց նախնական նախագծի մասին, և՛ ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում է նշված, որ նախապատրաստվել է նախնական նախագիծ, և՛ Հյուսիս-հարավ ծրագրի պաշտոնական կայքում է նշված նախագծային աշխատանքներն իրականացնող իտալական ընկերության անվանումը։ Այսինքն՝ նախնական նախագիծ եղել է, ինչի մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը, սակայն Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ը խուսափում է պատասխանել նախագծով նախատեսված եղել է ճանապարհի Տիգրանաշենով անցումը, թե ոչ։ Գրությամբ ասվում է, որ նախատեսվող ճանապարհի համար սահմանվում է հաշվարկային 100 կմ/ժ արագություն, ինչպես նաև՝ այս արագության համար պահանջվող բոլոր երկրաչափական պարամետրերը, իսկ կայքում առկա քարտեզն ընդհանուր առմամբ պատկերացում տալիս է ծրագրի վերաբերյալ, որը սակայն, նոր նախագիծ պատվիրելուց հետո կարող է ճշգրտման ենթարկվել։ Այսպիսով՝ թեև պաշտոնական գրությամբ խուսափում են հարցին լիարժեք պատասխան տրամադրել, սակայն ծրագրերի նախապատրաստման և մոնիթորինգի մասնագետի հետ զրույցի և կայքում առկա քարտեզի հիման վրա կարող ենք փաստել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում մանիպուլյատիվ  հայտարարություններ է արել, քանի որ հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի 4-րդ տրանշի նախագիծը նախնական է, իսկ երթուղին նախագծվել է հաշվի առնելով օպտիմալ լուծումները։ Մասնավորապես՝ ըստ նախնական նախագծի՝ ճանապարհն անցնելու է Տիգրանաշենով, հստակ չեն միայն ճանապարհի անցկացման տեխնիկական լուծումները, իսկ Որոտան-Շուռնուխ հատվածի թունելը կառուցվելու է հաշվի առնելով ավտոճանապարհի բարձրությունն ու այլ անհարմարություններ։ Նարեկ Մարտիրոսյան
18:05 - 13 սեպտեմբերի, 2021
ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը

ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը

Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը։ ԿԿՀ անդամի պաշտոնում առաջադրվել է Մարիամ Գալստյանի թեկնածությունը։Թեկնածուին ներկայացրեց մրցութային խորհրդի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, որը տեղեկացրեց, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն՝ Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն առաջանալու դեպքում ձեւավորվում է մրցութային խորհուրդ, որտեղ խորհրդի անդամներ ներկայացնելու իրավասությունը վերապահված է Մարդու իրավունքների պաշտպանին, Փաստաբանների պալատին, Բարձրագույն դատական խորհրդին, Ազգային ժողովի խորհրդին եւ կառավարությանը։ Այս իրավասու մարմինների ներկայացուցիչներից ձեւավորվել է մրցութային խորհուրդը, որը 2021-ի հունիսի 22-ին հայտարարել էր ԿԿ հանձնաժողովի անդամի պաշտոնիի համար մրցույթ։ Հերիքնազ Տիգրանյանը հայտնեց, որ երկու հավակնորդ է եղել, երկուսն էլ անցել են մրցույթի բանավոր քննության փուլը, իսկ մրցութային խորհրդի սեպտեմբերի 3-ի որոշմամբ, ի վերջո, հաղթոր է ճանաչվել Մարիամ Գալստյանը։ Վերջինը մասնագիտության իրավաբան է, իրավագիտության բակալավրի աստիճանը ստացել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանում։ Գալստյանի կենսագրության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Ի դեպ, ԿԿ հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր է 2019-ի դեկտեմբերի 6-ից։ Մրցութային խորհուրդը ձեւավորվել է 2021-ի փետրվարի 19-ին՝ ԱԺ նախագահի կարգադրությամբ։Գալստյանն իր ելույթում նշեց, որ հիմա, առավել քան երբեւէ, արդիական է այն գաղափարը, որ կոռուպցիայի անգամ նվազագույն քանակությամբ առկայությունն ուղղակի վտանգի է ազգային անվտանգությանը, պետության մարտունակությանը, տնտեսությանը․ «Կարծում եմ՝ այս գիտակցումով պետք է առաջնորդվենք յուրաքանչյուրս»,- ասաց նա՝ շեշտելով, որ միշտ հավատացել է, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի օրենքի շրջանակներում ագրեսիվ եւ անհանդուրժող պայքար մղել կոռուպցիայի դեմ։
17:32 - 13 սեպտեմբերի, 2021