ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին նոր սարքեր են տրամադրվել

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին նոր սարքեր են տրամադրվել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայաստան Համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ այցելել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց: Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի ֆինանսավորման շնորհիվ` առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, հիվանդանոցին են տրամադրվել թոքերի արհեստական շնչառության համակարգ և շարժական թվային ռենտգեն սարքավորում: «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը Արսեն Թորսյանին և Հայկակ Արշամյանին ներկայացրել է սարքերի կիրառման հնարավորությունները: Նախարարն իր խոսքում նշել է, որ շարժական թվային ռենտգեն սարքը շատ կարևոր է հիվանդանոցի համար, ինչի կարիքը կար տարիներ շարունակ: «Շատ կարևոր է, որ հիմա` ձմեռային սեզոնին ստացանք այդ սարքերը և ոչ թե ավելի ուշ, որպեսզի այս սեզոնին բարձրորակ ծառայություններ մատուցենք մեր բնակչությանը», - ասել է Արսեն Թորոսյանը: Նախարարը շրջել է հիվանդանոցի զինվորական բաժանմունքում, որտեղ գործում է սննդի նոր ծառայություն` մատուցելով որակյալ և առողջ սնունդ զինծառայողներին: Միաժամանակ, Արսեն Թորոսյանը ծանոթացել է բաժանմունքում մատուցվող մյուս ծառայություններին: Հաջորդիվ, նախարարը շրջել է հիվանդանոցի վաղ մանկական և մանկական վարակային բաժանմունքներում: Focus on Children Now բարեգործական կազմակերպության շնորհիվ վերակահավորվել են հիվանդասենյակները և բուժքույրական սենյակները ժամանակակից գույքով: Արսեն Թորոսյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքի համար: Հայկակ Արշամյանը նշել է, որ Հայաստան Համահայկական հիմնադրամը շարունակելու է համագործակցել առողջապահության նախարարության հետ: «Փորձելու ենք նաև բժիշկների վերապատրաստման ծրագիր մշակել` «Առողջություն Հայաստանին» (Health for Armenia) խորագրով», - ասել է հիմնադրամի տնօրենը: Մհեր Դավիդյանցը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարությանը և Հայաստան Համահայկական հիմնադրամին հերթական աջակցության համար: Նշենք, որ հիմնադրամի ֆինանսավորմամբ 2006 թվականին հիմնանորոգվել են հիվանդանոցի վերակենդանացման, աղիքային վարակների թերապևտիկ, ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքները:
13:31 - 11 նոյեմբերի, 2019
Երևանում ընթանում է «Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ը

Երևանում ընթանում է «Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ը

Հնդկաստանի դեղագործական առաջատար շուրջ 30 ընկերություններ իրենց արտադրանքն են ներկայացնում Երևանում նոյեմբերի 10-13-ն ընթացող «Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ում, որը կազմակերպել են Հնդկաստանի կառավարությունը, Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը և Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարության հիմնած Դեղերի արտահանումը խթանող խորհուրդը (PHARMEXCIL-Pharmaceuticals Export Promoution Council)։ Համաժողով-ցուցահանդեսի նոյեմբերի 11-ին կայացած բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես գալով՝ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Կիշան Դան Դեվալը (Kishan Dan Dewal) նշել է, որ հնդկական դեղագործական ընկերությունները Հայաստանի գործընկերների հետ համագործակցության խորացման մեծ ներուժ են տեսնում։ «Այս համաժողով-ցուցահանդեսը Հնդկաստանի և Հայաստանի միջև դեղագործության ոլորտի կապերը խորացնելու և ընդլայնելու, նոր կապեր հաստատելու հիանալի առիթ է, որը, համոզված եմ, պատշաճ կօգտագործվի ոլորտի հնդկական և հայկական ընկերությունների կողմից։ Հնդկական դեղերն արդեն իսկ բավական լայն են ներկայացված հայկական շուկայում. Հայաստանում պետական գրանցում ստացած շուրջ 5 հազար դեղերից ավելի քան 150-ը Հնդկաստանում արտադրված դեղեր են։ Եվ հուսով եմ, որ համաժողով ցուցահանդեսի ընթացքում ձեռք կբերվեն նոր փոխշահավետ պայմանավորվածություններ, որոնց իրականացման արդյունքում Հայաստանի սպառողներին հասանելի կլինի հնդկական առաջատար ընկերությունների արտադրության որակյալ, անվտանգ և արդյունավետ դեղերի ավելի մեծ տեսականի»,- ասել դեսպան Կ.Դ. Դեվալը։ «Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ի մասնակից հնդկական և այցելու հայկական ընկերությունների ներկայացուցիչներին ողջունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նրանց մաղթելով արդյունավետ համագործակցություն։ PHARMEXCIL-ի ավագ տնօրեն Աբհայ Սինհան (Abhay Sinha), ներկայացնելով Հնդկաստանի դեղագործության ոլորտը, նշել է, որ երկիրը ջեներիկ դեղամիջոցների խոշորագույն մատակարարն է աշխարհում՝ զբաղեցնելով համաշխարհային մատակարարումների ծավալի 20%-ը: Երկիրն ունի 3000 դեղագործական ընկերություն, որոնց հզոր ցանցը ունի ավելի քան 10,500 արտադրական օբյեկտ: Արտադրության արժեքը Հնդկաստանում կազմում է ԱՄՆ-ի արժեքի գրեթե մեկ երրորդը, իսկ Եվրոպայում՝ գրեթե կեսը: Աբհայ Սինհան հավելել է, որ Հնդկաստանը 60 000 ջեներիկ ապրանքանիշի աղբյուր է 60 բուժական կատեգորիաների մեջ և արտադրում է ավելի քան 500 տարբեր Ակտիվ դեղագործական բաղադրիչներ (API): Ջեներիկ դեղերի արտահանումը Հնդկաստանի ուժեղ կողմերից է: 2018-19-ին դեղագործական արտադրանքի արտահանումը կազմել է 19.2 մլրդ դոլար: «Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ին ներկայացվում են Հնդկաստանի դեղագործության ոլորտի հետ գործարար կապերի հաստատման հեռանկարները, այդ երկրում ոլորտի ձեռքբերումները և օրենսդրական կարգավորումները, կայանում են B2B ձևաչափի հանդիպումներ ոլորտի հնդկական առաջատար ընկերությունների և հայկական ընկերությունների միջև։
08:38 - 11 նոյեմբերի, 2019
Հայաստանում առողջապահության ծախսերը կավելանան ավելի քան 19 մլրդ 424 մլն դրամով․Արսեն Թորոսյան |news.am|

Հայաստանում առողջապահության ծախսերը կավելանան ավելի քան 19 մլրդ 424 մլն դրամով․Արսեն Թորոսյան |news.am|

news.am: Առողջապահության ոլորտին նախատեսվում է հատկացնել առնվազն 109 մլրդ 14,6 մլն դրամ 2019-ի 89 մլրդ 590 մլն-ի փոխարեն։ Այս մասին այսօր՝ խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին նշեց, որ 2019-ի համեմատ ծախսերն ավելացել են 19 մլրդ 424 մլն դրամով կամ 21,7 տոկոսով։ Նրա խոսքով՝ առողջապահության ոլորտի բարեփոխման ընթացքում իրենց խնդիրն այն է, որպեսզի առկա ռեսուրսների եւ ներուժի շրջանակում ապահովեն քաղաքացիների՝ առողջության պահպանման սահմանադրական իրավունքը, բարձրացնեն երաշխավորված անվճար բուժօգնության որակն ու հասանելիությունը, ինչպես նաեւ ծնելիությունն ու կյանքի միջին տեւողությունը։
07:20 - 01 նոյեմբերի, 2019
Պարզաբանում` լիցենզիաների կասեցման վերաբերյալ․առողջապահության նախարարություն

Պարզաբանում` լիցենզիաների կասեցման վերաբերյալ․առողջապահության նախարարություն

Հանրության շրջանում վերջերս շատ է բարձրաձայնվում բժշկական կադրերի անհամապատասխանությամբ պայմանավորված բժշկական կազմակերպությունների լիցենզիաների կասեցման հարցը` բուժօգնության և սպասարկման առանձին տեսակներով: Հարկ է նշել, որ գործընթացը սկսվել է 2018 թվականի մարտից` ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախաձեռնությամբ ՀՀ ԱՆ լիցենզավորման գործակալությունում շուրջ 1 տարի իրականացված հաշվեքննությամբ: Այդ ընթացքում հաշվեքննության է ենթարկվել ու գնահատվել դեղատնային գործունեության, նաև բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման գործընթացը: Ուսումնասիրության արդյունքում Հաշվեքննիչ պալատը հաստատել է ընթացիկ եզրակացություն, որով արձանագրել է, որ ուսումնասիրված 410 դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորված անձանցից 159-ով և 400 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորված անձանցից 268-ով չի պահպանվել կառավարության որոշմամբ նախատեսված պահանջը` չեն ներկայացվել աշխատակիցների մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերը։ Դեղատնային գործունեություն և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը, որոնք սահմանված կարգով և ժամկետներում առողջապահության նախարարություն չեն ներկայացրել աշխատակիցների մասին համապատասխան տվյալներ, հրապարակվել է ՀՀ Հաշվեքննիչ պալատի էլեկտրոնային կայքում և ներկայացվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2019 թվականի մարտ-հունիս ամիսներին հարուցվել են վարչական վարույթներ, որոնց արդյունքում պարզվել է, որ դեղատնային գործունեություն իրականացնող 136 և բժշկական օգնություն և սպասարկում իրականացվող 226 լիցենզավորված անձանց կողմից կառավարության որոշմամբ նախատեսված պահանջը պահպանված չէ: Աշխատակիցների մասին տվյալներ չներկայացրած լիցենզավորված անձանց ցանկը ներկայացվել է առողջապահության նախարարություն` գործունեության հետագա կասեցման առաջարկով: Կասեցման ենթարկվել են դեղատնային գործունեություն իրականացնող 32 կազմակերպություն, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող 76 կազմակերպություն` նախապես ծանուցված լինելով: Այն կազմակերպությունները, որոնք մինչև կասեցման նիստը ներկայացրել են համապատասխան փաստաթղթերը կասեցման չեն ներկայացվել: Ինչպես նաև շատ կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր համապատասխան գործունեության իրականացման լիցենզիայի կամ լիցենզիայով նախատեսված տեսակների կասեցումից հետո ներկայացրել են համապատասխան փաստաթղթեր և տվյալ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի լիցենզիաների կասեցման հրամաններն ուժը կորցրած են ճանաչվել: Համալիր այս գործընթացը միտված է առողջապահության ոլորտում բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի իրականացման իրավունքը չունեցող անձի կողմից բուժօգնության տրամադրման կանխմանը կամ բացառմանը:
06:03 - 31 հոկտեմբերի, 2019
ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

ՀՀ առողջապահության նախարարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել հիմնական դեղերի ցանկում` հաշվի առնելով համաքաղաքացիների դիմում-բողոքները որոշ դեղերի հասանելիության առումով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Միաժամանակ, հարցումներ են իրականացվել Երևանի և մարզերի բժշկական հաստատություններ` ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի մարտի 17-ի թիվ 07-Ն հրամանում չներառված, սակայն կենսականորեն անհրաժեշտ որոշ դեղերով համալրելու վերաբերյալ: Ներկայացված առաջարկների հիման վրա հիմնական դեղերի ցանկը համալրվել է նոր դեղերով, որոնք առողջության պահպանման գործում բավարարում են բնակչության մեծամասնության պահանջները: Այսպիսով` ՀՀ առողջապահության նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի մարտի 17-ի N 07-Ն հրամանում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 39-Ն հրամանով հաստատվել է նոր դեղերի ցանկը: Նշված դեղերն անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվում են ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշմամբ ամրագրված` բնակչության սոցիալապես անապահով խմբերին` սպասարկող պոլիկլինիկայի մասնագետի նշանակմամբ: ՀՀ առողջապահության նախարարի 27.09.2019 թվականի թիվ 39-Ն հրամանով հաստատված հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերի առևտրային անվանումներն այստեղ»,- նշված է հաղորդագրության մեջ։  
16:57 - 23 հոկտեմբերի, 2019
Հակատուբերկուլոզային դիսպանսերի 2019 թվականի ֆինանսական ծավալում փոփոխություն չի եղել. նախարարություն

Հակատուբերկուլոզային դիսպանսերի 2019 թվականի ֆինանսական ծավալում փոփոխություն չի եղել. նախարարություն

Այսօր ակատուբերկուլյոզային դիսպանսերի աշխատողներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Առողջապահության նախարարության դիմաց: Ակցիայի մասնակիցները նշում էին, որ բողոքում են, քանի որ նվազեցվել է դիսպանսերի ֆինանսավորումը, իսկ նախարարությունը մտադիր է առհասարակ փակել դիսպանսերը: ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ Երևանի քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսերի 2019 թվականի ֆինանսական ծավալում փոփոխություն չի եղել: Հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանում տուբերկուլոզով հիվանդացության կայուն նվազումը և տուբերկուլոզային ստացիոնար բուժում իրկանացնող կազմակերպությունների թերբեռնվածությունը՝ առողջապահության նախարարությունը ձեռնարկել է ստացիոնար բուժում իրականացնող կազմակերպությունների օպտիմալացում, այդ թվում՝ պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական միջոցների կրճատում։ Միաժամանակ, հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող և միջազգայնորեն ընդունված տուբերկուլոզային բուժման հիվանդակենտրոն մոդելը՝ տուբերկուլոզային ծառայությունն ուժեղացվում է առողջության պահպանման առաջնային օղակում՝ պոլիկլինիակներում, առավել հասանելի դարձնելով բնակչության համար և տուբերկուլոզի կասկածի դեպքում ախտորոշման հնարավորությունը և բուժման դեպքում ամենօրյա հսկողությունը։ 2019 թվականին առողջապահության նախարարի հրամանով հաստատված տուբերկուլոզի բուժման նոր ուղեցույցը նկարագրում է միջազգային լավագույն փորձի վրա հիմնված հիվանդներին տուբերկուլոզի ծառայությունների մատուցման առավել մատչելի հնարավորություններ՝ տնային այցեր, վիդեոզանգ, ընտանիքի անդամի միջոցով հսկվող բուժում, որոնց ներդրումը նվազեցնում է տուբերկուլոզային ծառայություններ մատուցողների առկա ծավալների կարիքը։ Ելնելով վերը նշվածից` առողջապահության նախարարությունում քննարկվում է 2020 թվականի ծախսերում Երևանի քաղաքային հակատուբերկուլոզային դիսապնսերին ֆինանսական միջոցներ տրամադրելու նպատակահարմարությունը։ Սույն դիսապնսերի հիմնադիրը Երևանի քաղաքապետարանն է և դրա հետագա վերապրոֆիլավորման կամ այլ ծառայություններ մատուցելու կենսունակության ապահովման հարցերը դուրս են առողջապահության նախարարության լիազորությունից։ Այն պացիենտները, որոնք գործադուլի արդյունքում կունենան ստացիոնար բուժման կարիք` իրենց բուժումը կարող են շարունակել Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում կամ տեղամասային պոլիկլինիկաներում:
08:11 - 15 հոկտեմբերի, 2019
Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Շվեդիայում է

Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Շվեդիայում է

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա ճանաչողական այցով գտնվում է Շվեդիայում: Այցը նպատակ ունի ամրապնդելու տարիների համագործակցությունը, զարգացնելու երկկողմ հարաբերությունները առողջապահության և բժշկական կրթության ոլորտներում: Պատվիրակությունը Շվեդիայում ունենալու է տարբեր հանդիպումներ Յոնկոպինգ նահանգի ղեկավարության, ինչպես նաև առողջապահության համակարգի ղեկավար կազմի հետ: Այցի ընթացքում շվեդական կողմը կներկայացնի առողջապահության ոլորտը, բարեփոխումները և ծրագրերը: Շվեդական կողմը մշտապես աջակցել է Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններին ու մասնագետներին փորձի փոխանակման, ինչպես նաև առողջապահության քաղաքականության տարբեր փաստաթղթեր ուսումնասիրելիս մասնագիտական կարծիքի տրամադրման ուղղությամբ` օգտագործելով Եվրոպայի ու մասնավորապես` Շվեդիայի փորձը:
08:50 - 14 հոկտեմբերի, 2019
Հայաստանը մասնակցում է Ավստրիայում ընթացող Եվրոպական առողջապահական համաժողովին |lragir.am|

Հայաստանը մասնակցում է Ավստրիայում ընթացող Եվրոպական առողջապահական համաժողովին |lragir.am|

lragir.am: Ավստրիայի Բադ Հոֆգաստայն քաղաքում ընթանում է Եվրոպական առողջապահական համաժողովը, որին մասնակցում է առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը: Միջոցառումը կազմակերպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակը: Համաժողովն իր շուրջն է համախմբել առողջապահության ոլորտում քաղաքականություն մշակողներին, հասարակական կազմակերպություններին, գիտական ու գործարար շրջանակների ներկայացուցիչներին: Համաժողովին շեշտադրվել են առողջապահության համակարգում վստահության մթնոլորտի ձևավորման, անհավասարությունների հարթման, ֆինանսական մեխանիզմների կանոնակարգման և աղքատության նվազեցման ուղղությամբ երկրներում տարվող աշխատանքները: Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է առողջապահության ոլորտում առկա խնդիրներին, նաև ներկայացրել է առողջապահական համընդհանուր ծածկույթի վերաբերյալ Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերը: Համաժողովի շրջանակում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կիսվել է առողջապահության ոլորտում արդարության վերաբերյալ իր կատարած աշխատանքների արդյունքներով, ըստ որոնց` գոյություն ունի վեց մակրոտնտեսական քաղաքականություն, որը կարող է 2-4 տարվա ընթացքում նվազեցնել անհավասարությունները առողջապահական ոլորտում: Կազմակերպությունը երկրներին տրամադրել է ուղի-ապացույցներ` ցույց տալով, թե ինչպես կարելի է հասնել արդյունավետ լուծման:
17:35 - 03 հոկտեմբերի, 2019
Անպտղություն ունեցող զույգերը կստանան անվճար բուժում. ովքեր կարող են օգտվել ծրագրից |armenpress.am|

Անպտղություն ունեցող զույգերը կստանան անվճար բուժում. ովքեր կարող են օգտվել ծրագրից |armenpress.am|

armenpress.am: Անպտղություն ունեցող, հատուկ պահանջների բավարարող զույգերը սեպտեմբերի 9-ից կարող են ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժում: ՀՀ առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական վարչության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը: «Անպտուղության բարձր՝ 14.8 տոկոս մակարդակ կա Հայաստանում, դրանցից 4.3 տոկոսն առաջնային է, 10.6 տոկոսը` երկրորդային: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ասում է, որ եթե երկրում կա անպտղության 15 և ավելի տոկոս, ապա ճգնաժամային մակարդակ է, քանի որ դա ազդում է ծնելիության վրա: Ելնելով սրանից մենք շատ կարևորեցինք այս ծրագիրը, և ի ուրախություն մեզ պետությունն առաջին անգամ թույլատրեց ծրագիրն իրականացնել: Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով անպտղության բուժման և հաղթահարման ծրագրի շրջանակներում իրականացվելու են բուժօգնության հետևյալ տեսակները` անպտղության պատճառների հետազոտում և բուժում, մինչ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների իրականացումը, պարտադիր հետազոտությունների իրականացում, ամուսնու կամ դոնորական սերմով արհեստական սերմնավորումը` առավելագույնը 6 փորձ, արտամարմնային բեղմնավորման 1 փորձ, և հավելյալ սաղմեր ստանալու դեպքում արգանդի խոռոչ երկրորդ և երրորդ տեղադրումները նույնպես կկատարվի անվճար: Եթե ամուսնական զույգն ուզում է երկրորդ փորձը, ապա պետությունը այդ ծախսը կարող է փոխհատուցել 50 տոկոսով»,-ներկայացրեց Ավագյանը: Միևնույն ամուսնական զույգի բուժօգնության բոլոր տեսակներից կարող է օգտվել, եթե կա ցուցում: Պետությունը չի փոխհատուցում փոխնակ մոր, դոնորական ձվաբջիջների և դոնորական սերմնաբջիջների ծախսերը, դրանք կատարում է շահառուն: Ծրագրի շահառու դառնալու համար անձը պետք է պատկանի որոշակի խմբի՝ ամուսինը կամ կինը պետք է լինի զինծառայող կամ զինծառայողին հավասարեցված անձ, ռազմական գործողությունների ընթացքում կամ ծառայության ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված որդու ծնողներ, անապահովության համակարգում ներառված` 30.01 և ավելի միավոր ունեցող ընտանիքներ, ամուսիններից մեկի մոտ հաշմանդամության առկայություն և սոցիալական հատուկ աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներում բնակվող զույգեր:Ավագյանի խոսքով՝ ծրագրից կարող են օգտվել բացառապես երկու և ավելի տարվա անպտղություն ունեցող անզավակ զույգերը: Միաժամանակ զույգերը պետք է բավարարեն նաև լրացուցիչ պահանջների`ամուսինները կամ ամուսիններից մեկը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, և ամուսնությունը գրանցված լինի օրենսդրությամբ սահմանված կարգով: Կինը պետք է լինի 20-35 (ներառյալ) տարիքային խմբում (բացառություն է սահմանված միայն զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողների դեպքում` կնոջ տարիքը մինչև 42 տարեկան), ընդ որում 35 տարեկանում դիմելու և որպես շահառու հաշվառվելու դեպքում կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկան դառնալը: Ավագյանը պատճառաբանեց, թե ինչու է դրվել տարիքային սահմանափակում: «Ընտրված է 20-35 տարեկանը, քանի որ 35-ից հետո խիստ ընկնում է պտղաբերության ինդեքսը: Պետությունը չի կարող ծախսեր անել` իմանալով, որ արդյունքը փոքր է»,-նշեց նա: Ծրագրի շահառու դառնալու համար անձը պետք է ընտրի վերարտադրողական տեխնոլոգիաներ տրամադրող Երևանում գործող 5 կազմակերպություններից որևէ մեկը` Շենգավիթ, Աստղիկ ԲԿ-ներ, Ֆերթիլիթի կենտրոն, Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն (Մարգարյան ծծնդատուն) և Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձական գինեկոլոգիային հանրապետական ինստիտուտ(Հանրապետական ծննդատուն), դիմի այդ կազմակերպություններին, ներկայացնի պահանջվող փաստաթղթերը:Այդ հինգ բուժհաստատություններում արդեն կազմավորված են հանձնաժողովներ, փաստաթղթերը պետք է ներկայացվեն հանձնաժողովին: Պետք է ներկայացվի դիմում, կնոջ և ամուսնու անձնագրերը, ամուսնության վկայականը, կարգավիճակը հաստատող փաստաթուղթ: Ավագյանը վստահեցրեց՝ դիմումը ստանալուց հետո լինելու է հերթագրում ընդհանուր էլեկտրոնային համակարգում, որ հերթն առաջ տալու հնարավորություն, սուբյեկտիվ գործոն չլինի: Այդ կենտրոններում աշխատող բժշկի ընտրությունը ևս ազատ է: Ավագյանը հիշեցրեց՝ պետությունը կարող է փոխհատուցել միայն անպտղության վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիայի պրոցեսի համար:Պետությունը չի կարող փոխհատուցել դոնորական ձվաբջջի, փոխնակ մոր համար: Ծրագիրն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 7-ից, սակայն քանի որ օրը շաբաթ է, ապա գործելու է երկուշաբթի օրվանից՝ սեպտեմբերի 9-ից:Ծրագրի իրագործման համար հատկացվել է 210 մլն դրամ: Թե մեկ շահառուի վրա որքան կծախսվի, դեռ դժվար է ասել: «Մոտ 300 շահառու կարող են ներգրավվել: Եվ մենք հույս ունենք, որ հաջորդ տարի մեր բյուջեն պետք է ավելանա, և մենք շահառուների ցանկն ավելացնենք»,-ասաց Ավագյանը:Գումարը պետք է բաշխվի բուհաստատութունների միջև` ըստ կատարողականի: Նյութն ամբողջությամբ՝ armenpress.am—ում։
06:30 - 09 սեպտեմբերի, 2019
Ուռուցքաբանության ոլորտին նպաստող 2 փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել |armenpress.am|

Ուռուցքաբանության ոլորտին նպաստող 2 փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի զարգացմանն ուղղված երկու փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել առողջապահության նախարարությունում` ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի, Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի և «ԻՐԱ Մեդիքլ Գրուպ» ընկերության միջև: Երկկողմանի հուշագիրը` ուռուցքաբանության ազգային կենտրոնի և «ԻՐԱ Մեդիքլ Գրուպ»-ի միջև` նպատակ ունի վերջինիս կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի միջոցով ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցնել ուռուցքաբանական ծառայությունը Հայաստանում: Հուշագրի և նրանց համատեղ ջանքերի շնորհիվ` այն նպաստելու է Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի զարգացմանը: Ներդրումների գումարը շուրջ 3,5 միլիոն դոլար է: «Պետական բյուջեում ճառագայթային բժշկությանը տրամադրվող միջոցների աճ է արձանագրվում: Մենք կկարողանանք մոտակա տարիների ընթացքում էական ձեռքբերումներ ունենալ», - ասել է Արսեն Թորոսյանը: Նախարար Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել ընկերության ներդրում կատարելու ցանկությունը և նշել, որ հենց այս ընկերությունն է սկիզբ դրել ժամանակակից ճառագայթային բուժումը Հայաստանում: «Պետությունն իր հերթին այս ոլորտում էականորեն մեծացնում է պետական ֆինանսավորումը: 2 տարվա ընթացքում մենք ունենալու ենք մոտավորապես 3 ամգամ աճ: Մենք պետք է ավելացնենք ֆինանսները, որպեսզի առավելագույնս հասանելի դարձնենք բուժումը` թե վիրահատական, թե ճառագայթային թերապևտիկ, թե քիմիաթերապևտիկ ուղղություններով», - ասել է նախարար Արսեն Թորոսյանը: Ինչ վերաբերում է եռակողմ փոխըմբռնման հուշագրին, ապա այն նպատակ ունի իրականացնել հետբուհական, լրացուցիչ և շարունակական մասնագիտական զարգացման ու կրթական ծրագրեր, կազմակերպել գիտական և հետազոտական աշխատանքներ ու ապահովել նպաստավոր պայմաններ որակյալ բուժաշխատողներ կրթելու և վերապատրաստելու համար:
11:30 - 06 սեպտեմբերի, 2019
Արգելվում է բժշկական թափոնները խառնել կենցաղային թափոնների հետ

Արգելվում է բժշկական թափոնները խառնել կենցաղային թափոնների հետ

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հետազոտության, բուժման, բուժկանխարգելիչ աշխատանքների, ինչպես նաև գիտական հետազոտությունների արդյունքում առաջանում են յուրատեսակ թափոններ՝ բժշկական թափոններ: Այդ թափոնները դասվում են վտանգավոր թափոնների շարքին: Դրանց անվտանգ գործածությունը սահմանված է առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» սանիտարական կանոններով և նորմերով: Բժշկական թափոնների սխալ գործածությունը կարող է ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցություն ունենալ հիվանդների, առողջապահության համակարգի աշխատողների և շրջակա միջավայրի վրա: Այդ պատճառով արգելվում է բժշկական թափոնները խառնել կենցաղային թափոնների հետ: Թափոնների ցանկացած տարողություն կամ բեռնարկղ, որը պարունակում է կենցաղային թափոնների և վտանգավոր բժշկական թափոնների թեկուզ աննշան քանակության խառնուրդ` դիտվում է որպես վտանգավոր բժշկական թափոն: Վարակիչ բժշկական թափոնները դրանց գոյացման վայրում անմիջապես պետք է առանձնացվեն այլ թափոններից, այդ թվում՝ կենցաղային թափոններից, տեղադրվեն դրանց հավաքման համար հատուկ նախատեսված և մակնշված տարողությունների մեջ, հեռացվեն և վնասազերծվեն միայն օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված կազմակերպությունների կողմից: Առողջապահության նախարարությունը հորդորում է՝ խստորեն պահպանել նշված սանիտարական կանոնների պահանջները և հիշեցնում, որ սանիտարական կանոնների խախտման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված է վարչական տույժ:
06:20 - 21 օգոստոսի, 2019
ՀՀ-ն ու Ուրուգվայը քննարկում են առողջապահության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հարցը

ՀՀ-ն ու Ուրուգվայը քննարկում են առողջապահության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հարցը

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն այսօր ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռեզենբրոքին: Կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում առկա համագործակցության ուղղությունները, ապագա անելիքները: 2002 թվականին ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում մի շարք խնդիրներից մեկն էլ ծխախոտի վերահսկումն է:Լենա Նանուշյանը նշել է, որ ուսումնասիրվել է ծխախոտի դեմ պայքարում Ուրուգվայի փորձը, որից ելնելով մեր երկրում մշակվում է նոր քաղաքականություն: Հաշվի առնելով այս ոլորտում Ուրուգվայի արդյունքը` փոխնախարարը հույս է հայտնել, որ Հայաստանում ևս այն իրականություն կդառնա և կունենա դրական ազդեցություն:Էդուարդո Ռեզենբրոքը փաստել է, որ Ուրուգվայի նախագահը մասնագիտությամբ լինելով ուռուցքաբան, շատ ճիշտ գնահատել է քաղցկեղի հիվանդացության ռիսկի գործոնները: Քաղաքական կամք դրսևորելով` իրականացրել է ծխախոտի դեմ պայքարի արդյունավետ միջոցառումներ` ուղղված բնակչության առողջության պահպանմանը:Նա նաև նշել է, որ 2002 թվականին ստորագրված հուշագիրն ամբողջովին կյանքի չի կոչվել և այսուհետև ակտիվորեն պետք է համատեղ աշխատել` հատկապես ծխախոտի հսկողությունն ապահովելու համար: «Մենք, ականատես լինելով քաղցկեղի հիվանդացության դեպքերի աճին, կարևորելով բնակչության առողջության պահպանումը` ուզում ենք օգտագործել այլ երկրների փորձը, որպես օրինակ, որ մենք նույնպես կարող ենք փոփոխություններ իրականացնել, որոնք ազդեցություն կթողնեն երկրի վրա», – ասել է նախարարի տեղակալը:Կողմերը ցանկություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը նաև այլ հարցերի շուրջ, ինչպես օրինակ` հաստ աղիքի քաղցկեղի սկրինինգները և կանխարգելումը, նորածինների մահացության մակարդակի նվազեցումը և այլն:
07:12 - 13 օգոստոսի, 2019
Հանրապետությունում +40 է. ԱՆ-ի՝ շոգի ազդեցությունը մեղմելու խորհուրդները

Հանրապետությունում +40 է. ԱՆ-ի՝ շոգի ազդեցությունը մեղմելու խորհուրդները

Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, այսօր 16:00-ի դրությամբ Երևանում և մարզերում դիտվում է 40 և ավելի ջերմաստիճան: Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է պահպանել հետևյալ պարզ կանոնները. Խմել օրական շուրջ 3 լիտր հեղուկ` ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։ Ջուրը ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենամատչելի միջոցն է: Թանն իր մեջ պարունակող օրգանական թթուների, սպիտակուցների և աղերի շնորհիվ ծարավը հագեցնելու հրաշալի միջոց է: Բնական հյութերից ամռանը նախապատվությունը տվեք լոլիկի, թուրինջի, բալի, սալորի և հոնի հյութերին։ Թեյը ևս լավ միջոց է շոգ եղանակին ծարավը հագեցնելու համար, սակայն այն պետք է լինի առանց շաքար, ոչ թունդ և ցանկալի է կանաչ։ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո: Ուշադիր լինել արևահարվելուց: Ցանկալի է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում չընդունել արևային լոգանք:  Ցանկալի է կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, խրախուսելի է` բամբակյա կտորից հագուստ: Աշխատել հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն:Հեղուկներ ընդունելիս շատ չսառեցնել, ցանկալի է խմել գոլ կամ մի փոքր հովացրած: Հնարավորինս զերծ մնալ շաքարավազ պարունակող գազային ըմպելիքներից:Չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում երկար ժամանակ չգտնվել, երկարատև արևի տակ կայանված փոխադրամիջոցներում չնստել: Արգելվում է երեխաներին և ընտանի կենդանիներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում: Խրախուսվում է, որ երեխաները, հղիները, ծերերը, խրոնիկ հիվանդություններով տառապող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը: Խուսափել ցերեկային ամենաշոգ ժամերին բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից: Պետք է հետևել, որպեսզի օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա:
14:57 - 31 հուլիսի, 2019
ԱՆ-ն կոչ է անում գործատուներին շոգին ապահովել պատշաճ աշխատանքային պայմաններ

ԱՆ-ն կոչ է անում գործատուներին շոգին ապահովել պատշաճ աշխատանքային պայմաններ

Հուլիսի 21-23-ը կանխատեսվող շոգ եղանակի կապակցությամբ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները հիմնված են աշխատավայրերում առկա ջերմաստիճանի վրա և սահմանված են ՀՀ Աշխատանքային օրենսգքրի 153 հոդվածով:Այս առումով խորհուրդ է տրվում այն դեպքերում, երբ աշխատատեղերում աշխատանքի բնույթից կախված հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ (օդի լավորակում), հատկապես ծանր ֆիզիկական և լարված մտավոր աշխատանքի պարագայում աշխատողներին հովանալու և հանգստանալու հնարավորություն տրամադրել, ապահովել բարձր ջերմաստիճանի ազդեցությունից պաշտպանվելու միջոցներ` գլխարկներ, բաց գույնի, բնական նյութերից, օդափոխությունն ապահովող արտահագուստ, ստվեր առաջացնող հովանոցներ, ակնոց և այլն։Նշվում է, որ բարձր ջերմաստիճանի ազդեցությունը մեղմելու համար անհրաժեշտ պայմանների առկայություն է պետք ապահովել` խմելու ջրի, թանի, հանքային ջրի, լվացվելու միջոցով հովանալու հնարավորություն, բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատանքային ռեժիմի փոփոխություն` աշխատանքի, հատկապես առավել ծանր և լարված, կատարումը նախատեսելով օրվա զով ժամերին, և աշխատանքի երկարատև ընդմիջում` օրվա շոգ ժամերին:Առողջության պահպանման նպատակով առողջապահության նախարարությունը կոչ է անում բոլոր գործատուներին և աշխատողներին կիրառել վերը նշված խորհուրդները:
12:29 - 20 հուլիսի, 2019
Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս չլողալ Սեւանի որոշ հատվածներում

Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս չլողալ Սեւանի որոշ հատվածներում

Առողջապահության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին Սևանա լճի ափամերձ որոշ տարածքներում, որտեղ կապտականաչ ջրիմուռներ են նկատվում` խուսափել լողալ այդ հատվածներում:Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։ Նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ։ Առողջական այսօրինակ խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է` չլողալ այն վայրերում, որտեղ նկատվում է ջրիմուռներ արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում, վերը նշված ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի: Չնայած նրան, որ լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ առավել ռիսկային տարածքներն են Վարդենիկ և Մարտունի համայնքներին հարակից լողափերը, սակայն ջրիմուռները լինելով կենդանի օրգանիզմ` կարող են տեղաշարժվել, փոփոխելով տեսակների հարաբերակցությունը` կախված օդի և ջրի ջերմաստիճանից, քամու ուղղությունից և ուժից:Ուստի ևս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս խուսափել այն տեղերում լողալուց, որտեղ ջրում առկա են ջրիմուռներ:
16:17 - 11 հուլիսի, 2019