Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Մենք մշտապես պետք է մի բան ասենք, որ այդ ճանապարհները բացելուց բացի, դրանցով նախևառաջ մեր ռազմագերիները պետք է վերադառնան․ Ալեն Սիմոնյան |tert.am|

Մենք մշտապես պետք է մի բան ասենք, որ այդ ճանապարհները բացելուց բացի, դրանցով նախևառաջ մեր ռազմագերիները պետք է վերադառնան․ Ալեն Սիմոնյան |tert.am|

tert.am: Ես կարող եմ ասել, որ մեր ռուս գործընկերների մոտ կա հստակ ընկալում իրավիճակի և այն պատկերացումները, իրավիճակի գնահատականները որոնք որ մենք ունենք, կարող եմ ասել, որ գրեթե ամբողջությամբ մեր ռուս գործընկերները կիսում են։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա նշեց, որ ռուս գործընկերների կողմից կա պատրաստակամություն՝ աշխատելու առկա հարցերի լուծման ուղղությամբ և վստահեցրեց, որ դա շոշափելի կտեսնենք առաջիկայում։ «Կարող եմ հիմա էլ փաստել, որ թե՛ պատերազմից առաջ, թ՛ե պատերազմից հետո Ռուսաստանի դերակատարումը եղել է բավականին մեծ, և, կարելի է  ասել, որոշ դեպքերում ամենաորոշիչը»,–ասաց նա։ Անդրադառնալով ռազմագերիների հարցին՝ նա ասաց, որ ռազմագերիները վաղուց պետք է  վերադարձվեին ամբողջությամբ և Ադրբեջանը փաստացի չի կատարում իր կողմից ստանձնած և ռուս գործնկերների մոտ ընկալումը։ «Այսօր երբ մենք խոսում ենք ճանապարհների բացման, հարաբերությունների և խաղաղության մասին, մենք մշտապես պետք է մի բան ասենք, որ այդ ճանապարհները բացելուց բացի, դրանցով, նախևառաջ, մեր ռազմագերիները պետք է վերադառնան»,–ասաց նա։ ԱԺ նախագահը նշեց, որ կին ռազմագերու մասին ինֆորմացիան ադրբեջանական կողմը չի հաստատում։ «Ես մեծ հույսեր և վստահություն ունեմ, որ այդ ռազմագերի բառակապակցությունը միգուցե կթողնենք անցյալում, համենայնդեպս դրա համար ամեն ինչ անում ենք»,–ասաց նա։ Ավելին՝ tert.am-ում
14:04 - 12 հոկտեմբերի, 2021
Ընդդիմադիր պատգամավորները պահանջում են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրել |armenpress.am|

Ընդդիմադիր պատգամավորները պահանջում են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների անդամներ Տիգրան Աբրահամյանը, Արթուր Ղազինյանը, Գեղամ Նազարյանն ու Գեղամ Մանուկյանը նամակ են ուղղել հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ պահանջելով հրավիրել հանձնաժողովի արտահերթ նիստ: «Ղեկավարվելով  «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով և 122-րդ հոդվածով՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ին մասի, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 6-րդ և 28-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի առաջին գլխի 1.1 և 1.3 ենթագլուխներում նշված նպատակների կատարման նկատմամբ խորհրդարանական վերահսկողության իրականացման նպատակով պահանջում ենք 2021թ.-ի հոկտեմբերի 15-ին ժամը 13:00–ին հրավիրել ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով. 1.Լսել ՀՀ ԱԱԾ տնօրենի, ՀՀ ԱԳ նախարարի, ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետի, ՀՀ Գլխավոր դատախազի  զեկույցները և հաշվետվություն-պարզաբանումները Հայաստանի հարավ-արևելյան սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: 2.Վերոնշյալ զեկույցների և հաշվետվությունների հիման վրա ստեղծել աշխատանքային խումբ»,- ասված է նամակ-պահանջի մեջ: Նշվում է, որ Արտահերթ նիստի նպատակն է ՀՀ գործադիր իշխանության ներկայացուցիչներից ստանալ բացատրություններ և պարզաբանումներ հետևյալ հարցերի վերաբերյալ. «1.ՀՀ պաշտպանության նախարարն ու ՀՀ ԳՇ պետը պետք է ներկայացնեն բացատրություն, թե ինչ հանգամանքներում և ում հրամանով է տեղի ունեցել ՀՀ զինված ուժերի և կամավորականների դուրս բերումը 2020թ-ի նոյեմբերի 9-ի դրությամբ զբաղեցրած դիրքերից և ներկայացնել ռազմական էսկալացիայի վտանգի կոնկրետ հիմքեր: 2.ՀՀ Արտաքին գործերի նախարարը պետք է Հանձնաժողովին ներկայացնի բացատրություն,թե որքանով է ներգրավված եղել ՀՀ ԱԳ նախարարությունը այս գործընթացում, պահպանված են եղել արդյոք ՀՀ պետական սահմանի մասին օրենքի պահանջները և առկա է եղել արդյոք ՀՀ պարտավորեցնող որևէ միջազգային պայմանագիր: 3.ՀՀ գլխավոր դատախազը պետք է ներկայացնի բացատրություն ՀՀ պետական սահմանի փոփոխության սահմանադրա-իրավական հիմքերի վերաբերյալ և ներկայացնի պարզաբանում ՀՀ քրեական օրենսգրքի 300.2, 309 հոդվածի 3-րդ մասի և 299 հոդվածի հատկանիշներով քրեական գործի հարուցման կամ դրա մերժման իրավական հիմքերի վերաբերյալ: 4.ՀՀ ԱԱԾ տնօրենը պետք է ներկայացնի հաշվետվություն ՀՀ պետական սահմանի պահպանության ուղղությամբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կատարած գործողությունների և միջոցառումների վերաբերյալ և հստակեցնի, թե ինչ գործողություններ են նախատեսվում իրականացնել ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման և ՀՀ արտաքին սահմանների խախտման համար պատասխանատու սուբյեկտներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար»:  Հանձնաժողովի վերոնշյալ անդամների խոսքով՝ ՀՀ ՊԱ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի հրավիրումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ադրբեջանական զինված ուժերը 2020թ-ի դեկտեմբերի 16-ից մինչ օրս օկուպացրել են ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը, արգելափակել և խոչընդոտներ են ստեղծում ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների ՀՀ ինքնիշխան տարածքով ազատ տեղաշարժին, սպառնում և ահաբեկում են այդ տարածքներում ապրող և Գորիս-Կապան ավտոճանապարհով երթևեկող քաղաքացիական անձանց:  «ՀՀ ԱԺ ՊԱ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը պարտավոր Է սույն թվականի հոկտեմբերի 15-ին հրավիրել Հանձնաժողովի արտահերթ նիստ և երաշխավորել նշված պաշտոնատար անձանց ներկայությունն այդ նիստին»,- ընդգծել են պատգամավորները::  Հանձնաժողովի 4 անդամները նաև հայտնել են, որ հաշվի առնելով օրակարգում ներառված հարցի կենսական կարևորությունն ու հանրային մեծ հետաքրքրությունը, նիստը նախատեսում են անցկացնել դռնբաց ռեժիմով և չեն ակնկալում որևէ պետական գաղտնիքի հրապարակում:
14:01 - 12 հոկտեմբերի, 2021
ԱԺ-ից պահանջում են վերանայել ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող ամբողջ օրենսդրությունը

ԱԺ-ից պահանջում են վերանայել ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող ամբողջ օրենսդրությունը

Հոկտեմբերի 5-ին ՀՀ սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, համաձայն որի՝ այս տարվա մարտի 24-ին խորհրդարանի ընդունած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը համարվեց Սահմանադրությանը համապատասխանող։ Ըստ այդմ՝ վիրավորանքի համար նախկինում նախատեսված փոխհատուցման վերին շեմը 1 միլիոն դրամից կբարձրանա մինչև 3 միլիոն, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոնի փոխարեն կդառնա 6 միլիոն դրամ։ Օրենքը հեղինակել է ԱԺ ներկայիս նախագահ Ալեն Սիմոնյանը, երբ դեռ ԱԺ փոխնախագահն էր: Որպես նախագիծ շրջանառվելիս այն հիմնավոր քննադատության արժանացավ ոչ միայն ներքոստորագրյալ կազմակերպությունների, այլև լրագրողական լայն համայնքի և միջազգային կառույցների («Freedom House», «Լրագրողներ առանց սահմանների» և այլն) կողմից։ Այդ խնդրի առնչությամբ մի շարք հայտարարություններ են արել նաեւ հայաստանյան լրագրողական կազմակերպությունները, որոնցից վերջինում, օրենքի ընդունման օրը, կոչ են արել ՀՀ նախագահին չստորագրել այն և ուղարկել ՍԴ՝ որոշելու դրա համապատասխանությունը Սահմանադրությանը, ինչը և արվեց։ Այդ կազմակերպությունները նոր հայտարարություն են տարածել օրենքի` Սահմանադրությանը համապատասխան ճանաչվելու կապակցությամբ: Այն ներկայացնում ենք ստորեւ: «Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միայն հիասթափության ու տարակուսանքի, այլև վրդովմունքի տեղիք է տալիս։ Այն հաշվի չի առնում տվյալ խնդրին վերաբերող՝ Եվրոպայի Խորհրդի հանձնարարականներն ու Եվրոպական դատարանի մի շարք նախադեպային որոշումների պահանջները։ Ավելին՝ ՍԴ ընդունած այս փաստաթուղթն ակնհայտորեն հակասում է նույն մարմնի՝ 2011 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 997 որոշման մի քանի դրույթներին և ընդհանուր ոգուն։ Այսպես, 10 տարի առաջ պահանջ ներկայացնելով առ այն, որ հրապարակումներում տեղ գտած վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում նշանակելիս անհրաժեշտ է հաշվի առնել ԶԼՄ-ների ֆինանսական վիճակը, որպեսզի պատասխանատվությունը չհանգեցնի դրանց սնանկացմանը, այսօր նույն դատարանը (թեև այլ կազմով), ըստ էության, հաստատում է մի օրենք, որը սահմանում է վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցումների վերին շեմերի եռապատիկ բարձրացում։ Հասկանալի է, որ սա կարող է ազդակ դառնալ դատարանների համար, որպեսզի նման գործերով նրանք ավելի մեծ գումարներ բռնագանձեն, քան ընդունված է այսօրվա պրակտիկայում: Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, վերահաստատում ենք, որ ամենևին նպատակ չունենք պաշտպանելու վիրավորողներին ու զրպարտողներին, բայց նաև պնդում ենք, որ անհամաչափ խիստ մոտեցումների կիրառումն ավելի շատ վնաս կհասցնի խոսքի ազատությանը, քան կծառայի արատների դեմ պայքարին։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ թե՛ քաղաքական գործիչները, թե՛ պաշտոնատար անձինք, թե՛ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներն իրենց հասցեագրված քննադատությունը հաճախ ընկալում են որպես զրպարտություն կամ վիրավորանք և դիմում են դատարան։ Սա կարող է լուրջ խոչընդոտներ ստեղծել լրատվամիջոցների ազատ գործունեության համար, խրախուսել ու մեծացնել ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների դատական հայցերի հոսքը։ Այս օրենքի ընդունումը հատկապես տագնապալի է ԶԼՄ-ներին վերաբերող իրավական կարգավորումների անհամաչափ կոշտացման և կիրառվող նոր սահմանափակումների համատեքստում։ Այդ ռեգրեսիվ գործընթացի մաս են կազմում այսպես կոչված «ծանր վիրավորանքի» քրեականացումն ու դրա միջոցով հանրային ու պետական գործունեություն իրականացնողներին, մի քանի այլ խմբերին առավել պաշտպանության տակ առնելը, ինչպես նաև՝ չնույնականացվող տեղեկատվական աղբյուրներին հղում կատարելու արգելքի, պաշտոնյաների գործուղումների և դրանց հետ կապված ծախսերի, մեկ անձից կատարվող գնումների մասին տվյալներ չհրապարակելու նախաձեռնությունները և այլն։ Արձանագրելով, որ ամբողջ պետական համակարգը, փաստորեն, ի զորու չեղավ պաշտպանել ԶԼՄ-ներին անհիմն ու անհամաչափ սահմանափակումներից և իրավական ճնշումներից, պահանջում ենք. Ազգային ժողովից՝ վերանայել լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող ամբողջ օրենսդրական դաշտը, չեղարկել վերջերս ընդունված՝ միջազգային նորմերին հակասող օրենքները և հրաժարվել շրջանառության մեջ գտնվող նմանատիպ նախագծերի ընդունումից, որից հետո մասնագիտական բաց քննարկումներ նախաձեռնել ԶԼՄ-ների ոլորտի իրավական կարգավորումների հայեցակարգ մշակելու համար, ՀՀ նախագահից, ՍԴ-ից, բոլոր քաղաքական ուժերից՝ նպաստել ԶԼՄ-ների գործունեության համար բարենպաստ օրենսդրական դաշտ ստեղծելու գործընթացին և ակտիվորեն հակազդել հետադիմական օրենսդրական նախաձեռնություններին, միջազգային կազմակերպություններից՝ քննարկման առարկա դարձնել ՀՀ խորհրդարանի կողմից ԶԼՄ-ներին վերաբերող օրենքների ընդունման և այդ գործընթացում միջազգային նորմերի անտեսման խնդիրները, ինչպես նաև՝ իրավիճակը շտկելու միջոցներ ձեռնարկել»,- ասված է տարածված մամուլի հաղորդագրության մեջ։ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ «ՖԵՄԻԴԱ» ՀԿ
17:00 - 11 հոկտեմբերի, 2021
ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող տուգանքների չափն ավելացնելու օրենքի նախագիծը |azatutyun.am|

ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող տուգանքների չափն ավելացնելու օրենքի նախագիծը |azatutyun.am|

azatutyun.am: Սահմանադրական դատարանը որոշել է, որ մարտի 24-ին ԱԺ-ի ընդունած Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը: ՍԴ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագծով վիրավորանքի համար այսուհետ սահմանվում է մինչև 3 միլիոն դրամ տուգանք` նախկին 1 միլիոնի փոխարեն, իսկ զրպարտության դեպքում՝ 2 միլիոնի փոխարեն մինչև 6 միլիոն։ Նախագահ Արմեն Սարգսյանը չէր ստորագրել խորհրդարանի կողմից ընդունված ու լրագրողական կազմակերպությունների, իրավապաշտպանների կողմից բուռն քննադատության արժանացած օրինագիծն` այն ուղարկելով Սահմանադրական դատարան: Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսվող տուգանքի չափի զգալի բարձրացումը կարող է էական վնաս հասցնել խոսքի ու արտահայտվելու ազատությանը, զգալիորեն սահմանափակել լրագրողի, լրատվամիջոցների ազատությունը։
16:02 - 09 հոկտեմբերի, 2021
Ռուբեն Ռուբինյանը և Սերգեյ Կոպիրկինը կարեւորել են հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացումը

Ռուբեն Ռուբինյանը և Սերգեյ Կոպիրկինը կարեւորել են հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացումը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ վստահեցրել, որ կշարունակի ջանքեր գործադրել երկու երկրների դաշնակցային հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ: ԱԺ-ն հայտնում է, որ զրուցակիցները կարեւորել են հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացումը, խոսել միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցության խորացումից: Այս համատեքստում Ռուբեն Ռուբինյանը դրական է համարել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ օրերս ՌԴ կատարած այցի ընթացքում միջխորհրդարանական պատվիրակությունների համակարգված աշխատանքի վերաբերյալ պայմանավորվածությունը: Կողմերն ընդգծել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կապերի դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներում եւ վստահություն հայտնել, որ երկու կողմերն էլ հետաքրքրված են համագործակցության ընդլայնմամբ եւ սերտացմամբ: Դրա վառ վկայությունն է նաեւ այն, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ղեկավարի պաշտոնում առաջին անգամ այցելեց հենց Ռուսաստանի Դաշնություն: Մտքեր են փոխանակվել տնտեսության, ատոմային էներգետիկայի ոլորտներում փոխշահավետ կապերի զարգացմանն առնչվող հարցերի շուրջ:
16:54 - 08 հոկտեմբերի, 2021
Սյունիքում ստեղծված սպառնալիքները, ռիսկերը դեռևս շարունակում են պահպանվել․ Տիգրան Աբրահամյան

Սյունիքում ստեղծված սպառնալիքները, ռիսկերը դեռևս շարունակում են պահպանվել․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձավ իր՝ Սյունիք կատարած այցին և Սյունիքում ստեղծված իրավիճակին․ «Ակնհայտ է, որ տեղում ստեղծված սպառնալիքները, ռիսկերը դեռևս շարունակում են պահպանվել։ Ադրբեջանը սահմանի՝ իր վերահսկողության տակ գտնվող հատվածներում բավականին ակտիվ շինարարական աշխատանքների մեջ է, որոնք ունեն և՛ ռազմական և՛ իրենց բնույթով նաև քաղաքացիական նշանակություն։ Շատ մտահոգիչ է նաև Սյունիքին հարակից, Ադրբեջանի կողմից բռնազավթված հատվածներում ադրբեջանցիների ամրացումները, որոնք կապված են սահմանապահ զորամասերի տեղակայման և այդ հատվածում ամրաշինական, ենթակառուցվածքային աշխատանքների հետ։Այլընտրանքային ճանապարհը՝ Տաթև-Աղվանին, որի հետ կապված այս պահին աշխատանքներ գնում են, մի քանի հարցեր լուծելու է, բայց ամբողջական հարցը Սյունիքի անվտանգության հետ կապված չի լուծելու»։ Տիգրան Աբրահամյանը նաև ընդգծեց՝ իշխանությունը ջանքեր է գործադրում, որ ուժային կառույցների ղեկավարները որևէ պարագայում խորհրդարան չգան․ «Այս շաբաթ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում բացի ավանդական դարձած փոխնախագահի ընտրության թեմայից նաև խոսք գնաց ուժային տարբեր կառույցների՝ խորհրդարան գալու խնդրի մասին։ Ամենատարբեր ֆորմատով չի ստացվում, կամ այս պարագայում շատ ավելի ճիշտ կլինի ասել, որ իշխանությունը համառ ջանքեր է գործադրում, որպեսզի ուժային կառույցի ղեկավարները որևէ պարագայում չգան խորհրդարան և չպատասխանեն հարցերին»։ Նա հավելեց, որ կա հանրային պահանջ՝ ուժային կառույցների ղեկավարների հետ որևէ ֆորմատով խորհրդարանում հանդիպելու և մտահոգիչ հարցերի պատասխանները ստանալու․ «Իշխանությունների այս մոտեցումը, ըստ էության, շատ ավելի է խորացնում մտահոգությունները այն մասին, որ իրականում անվտանգային համակարգում նախատեսված վերակազմավորումները, փոփոխությունները չեն իրականացվում, ուժային կառույցները ասելիք չունեն և այս պարագայում ամեն գնով խուսափում են որևէ ձևով հայտնվել մեր տեսադաշտում»։
12:56 - 08 հոկտեմբերի, 2021
Կառավարության նիստում պատվաստումների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան իրավական տեսակետից լիազորությունների անցում․ Արծվիկ Մինասյան

Կառավարության նիստում պատվաստումների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան իրավական տեսակետից լիազորությունների անցում․ Արծվիկ Մինասյան

Մեկ տարի է անցել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից, բայց այս մեկ տարվա ընթացքում լիարժեք գնահատական չի տրվել բոլոր այն իրողություններին, որոնք անհրաժեշտ են մեր երկրի հետագա զարգացումն ապահովելու համար։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ խոսելով անվտանգության միջավայրի, ներքին եւ արտաքին սպառնալիքների գնահատման ու ռազմավարական վերանայման, մեր երկրի կարեւոր ուղղությունների ռազմավարությունը մշակելու մասին։ «Այս երկու ամսվա ընթացքում մենք եկանք այն եզրակացության, որ այդ կարեւոր ուղղությամբ տրվող հարցերի շուրջ իշխանությունները ոչ լիարժեք գնահատված եւ նաեւ մանիպուլյացիոն պատասխաններ են հղում մեր հանրությանը՝ որոշ դեպքերում մոլորեցնելով նաեւ գոյություն ունեցող իրական մտահոգությունների շուրջ՝ սահմանային իրավիճակ Սյունիքում, Գեղարքունիքում, անվտանգային համակարգի ձեւավորում ու զարգացում»,- ասաց Օհանյանը։ Նրա դիտարկմամբ՝ ԱԺ վերջին քառօրյայի ընթացքում քննարկված հարցերը ցույց տվեցին, որ կառավարությունը չի գտնում այն առաջնահերությունները, որոնց ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացնի (ԱԺ վերջին քառօրյային անվտանգության ոլորտին վերաբերող հարցեր չեն քննարկվել,- հեղ․)։ Խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ երեկ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին։ Մինասյանը նշեց, որ երեկ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների 1/5-ով դիմում են ներկայացրել ՍԴ՝ համայնքների խոշորացման օրենսդրական փաթեթի սահմանադրականությունը վիճարկելու հարցով․ «Այս խոշորացումն ունի քաղաքական նպատակ՝ սեփական իշխանությունն էլ ավելի ամրապնդելու եւ բոլոր տարածներում ՔՊ-ական իշխանություն հաստատելու։ Սա խոսում է այն մասին, որ Փաշինյանը հետ չի կանգնում իր ապօրինի վարքագծից։ Նա կառավարության նիստում խոսում էր նաեւ պատվաստումների մասին, եւ, ըստ էության, հրահանգավորում տվեց իրավապահ մարմիններին, ավելին՝ պահանջեց որպեսզի քննչական մարմիններն իրեն զեկուցեն․ սա ոչ այլ ինչ է, քան իրավական տեսակետից լիազորությունների անցում կամ չարաշահում, առերեւույթ հանցագործություն, որովհետեւ չի կարող գործադիր իշխանության ղեկավարը քննչական մարմիններից պահանջի զեկուցումներ, կալանավորումներ կամ ձերբակալումներ»,- ասաց Մինասյանը՝ խոսելով Փաշինյանի այն հայտարարության մասին, որտեղ վերջինս ասել էր․ «Պետական կառավարման համակարգում մարդ չպետք է լինի, որը պատվաստված չլինի։ Անձամբ բոլոր առաջին դեմքերը պատասխանատվություն են կրում դրա համար։ Կեղծ պատվաստումների մասին ես էլ ահազանգ չլսեմ։ Ձերբակալեք, կալանավորեք»։
11:47 - 08 հոկտեմբերի, 2021
Եկեք հաշվենք՝ ինչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում, ինչ ծավալի ներդրումներ՝ Բադեն-Բադենում, տեսնենք՝ իրար հետ համեմատության եզր ունե՞ն․ Նիկոլ Փաշինյան

Եկեք հաշվենք՝ ինչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում, ինչ ծավալի ներդրումներ՝ Բադեն-Բադենում, տեսնենք՝ իրար հետ համեմատության եզր ունե՞ն․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Լիտվա կատարած այցի ժամանակ հայ համայնքի հետ ունեցած հարց ու պատասխանին։ Աբրահամյանը ցիտեց Փաշինյանի խոսքերը․ «Շուշիի մասին, որ այդքան խոսում են, 30 տարվա ընթացքում Շուշիում քանի՞ բնակելի շենք է կառուցվել, ինչի՞ ոչ մեկը հարց չի տալիս՝ ինչո՞ւ չի կառուցվել, տրամաբանությունը ո՞րն է եղել, փող չե՞ն ունեցել»։  Աբրահամյանը շարունակեց, որ պատերազմից հետո Շուշիում որեւէ շինություն չի եղել, որ վնասված չլինի։ Նրա խոսքով՝ ովքեր գնացել են Շուշի, թանգարաններ են տեսել, հյուրանոցներ, վարչական շենքեր, դեպի Ղազանչեցոց գնալիս՝ համալսարաններ, արհեստագործական դպրոց, դեպի Կանաչ ժամ գնալիս՝ բազմաբնակարան շենքեր, առնձնատներ, ԿԲ մասնաճյուղ, մանկապարտեզներ, մշակույթի պալատ, սպայական շենքեր, եւ այլն․ «Վերջապես, պաշտոնական տեղեկություններով Շուշիում ապրում էր մոտ  4000 բնակիչ։ Ուզում եմ հարցնել Նիկոլ Փաշինյանին՝ արդյոք եղել է Շուշիշում, արդյոք չէ՞ր արձանագրել այդ շինությունները, որոնց մի մասը ես նկարագրեցի»։ Փաշինյանն արձագանքեց, որ ինքը խոսել է բնակելի տների մասին։ Նա ասաց, որ ինչ տեսնելու էր, տեսել է, եւ այն, ինչ ասել է, որեւէ կասկածի տակ դրվել չի կարող․ «Օրինակ էսօր Իջեւանում կառուցվում եւ ասֆալտապատվում են ճանապարհներ, որոնք 40-50 տարի չեն նորոգվել։ Իջեւանում անկախությունից ի վեր առաջին անգամ առաջնային բնակարանային ֆոնդ է ձեւավորվել, որը հիմա վաճառվում է Իջեւանում։ Ինչ վերաբերում է Լիտվայում իմ արած հայտարարություններին, ես դրան հավելելու բան չունեմ»,- ասաց Փաշինյանը։ Աբրահամյանը պատասխանեց, որ ինքն այնքան էլ լավ չհասկացավ, որ եթե իր նկարագրածների մի մասը Փաշինյանը տեսել է, ապա տարօրինակ է ստացվում հարց ու պատասխանը Լիտվայում․ «Դուք Լիտվայում իրավիճակն այլ կերպ եք ներկայացրել, որ Շուշիում ոչ մի ներդրում արված չի եղել, բնակելի շենքեր չեն եղել, ի սկզբանե նախապատրաստված է եղել հանձնման համար, բայց իրականում դուք այս դահլիճում ուղղակի կամ անուղղակի հնչեցնում եք, որ իրավիճակը մոտավորապես այնպիսին էր, ինչպես ես եմ ներկայացնում»։ Փաշինյանը դարձյալ ասաց, որ ինքը խոսել է բնակելի շենքերի կառուցման մասին, եւ ինքը շարունակում է մնալ այդ տեսակետին․ «Հիմա դուք նշում եք ցանկեր, բայց եթե էդ ցանկը դնենք, դա կարող է մի էջի վրա չտեղավորվել։ Իսկ ի՞նչ ծավալ ա դա։ Եկեք հաշվենք՝ ի՞նչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում, ինչ ծավալի ներդրումներ են արվել Բադեն-Բադենում։ Տեսնենք՝ իրար հետ համեմատության եզր ունե՞ն։ Ձեզ թվում է՝ մենակ դուք կամ ես եմ եղել Շուշիում, այլ մարդիկ չեն եղել, չեն տեսել ինչ իրավիճակ է էնտեղ տիրո՞ւմ։ Ես տպավորություն ունեմ, որ զուգահեռ իրականության մեջ ենք։ Էն, ինչ հայտարարել եմ, ճիշտ եմ հայտարարել»,- ասաց Փաշինյանը։ 
17:35 - 06 հոկտեմբերի, 2021
Իրավական հենքերի ամբողջական հետազոտությունից հետո պարզ կդառնա, թե որ քարտեզը հիմք կհանդիսանա գործընթացների համար․ Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման եւ սահմանագծման մասին

Իրավական հենքերի ամբողջական հետազոտությունից հետո պարզ կդառնա, թե որ քարտեզը հիմք կհանդիսանա գործընթացների համար․ Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման եւ սահմանագծման մասին

Ազգային ժողովում սկսվել է ՀՀ կառավարություն - պատգամավորներ հարց ու պատասխանը։ Ներկա է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության անդամներին հարց տալու համար հերթագրվել է 35 պատգամավոր։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի սպասվող գործընթացի հիմքերին՝ նշելով, որ կառավարությունը չի նշում, թե որ թվականների սահմաններով ենք առաջնորդվելու։ Նա, հիշեցնելով Փաշինյանի այն պնդումները, ըստ որոնց՝ ՀՀ-ն Սովետական Հայաստանի հիմքի վրա է ստեղծվել, ասաց, որ Սովետական Հայաստանը ներառում էր ԼՂԻՄ 5 շրջաններն ու Շահումյանի շրջանը։ Խաչատրյանը հարցրեց՝ եթե ՀՀ կառավարությունն առաջնորդվում է Սովետական սահմաններով, արդյոք սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի շրջանակներում պահանջել կամ պահանջելու է Ադրբեջանից իր զորքերը դուրս հանել ԼՂԻՄ-ից եւ Շահումյանի շրջաններից, որոնք 89 թվականի դեկտեմբերի 1-ից Հայաստանի մաս են կազմում։ Հարցին պատասխանեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ նման գործընթացներում թե՛ նախապատրաստական փուլում, թե՛ հետագայում իրականացման փուլում նախ եւ առաջ կարեւոր են ոչ թե քարտեզները, այլ այն իրավական ակտերը, որոնք վավեր են, իրավազոր են, եւ որոնց հիման վրա կառուցվել կամ կազմվել են քարտեզները, որոնք իրենց հերթին պետք է հետազոտվեն․ «Ամբողջական եւ համապարփակ իրավական հիմքերի եւ հենքերի հետազոտությունից հետո նոր պարզ կդառնա, թե սխեմատիկ իմաստով որ քարտեզը հիմք կհանդիսանա գործընթացներ կազմակերպելու եւ սկսելու համար»։ Խաչատրյանը հիշեցրեց, որ 1990-ի մայիսի 20-ին ընտրություններին մասնակցել է ԼՂԻՄ-ի ժողովուրդը, եւ Շահումյանի շրջանի ժողովուրդը, բացի դրանից՝ չեն չեղարկվել ո՛չ 89-ի դեկտեմբերի 1-ի որոշումը, ո՛չ ՀՀ Անկախության հռչակագիրը, ո՛չ էլ 1991-ի սեպտեմբերի 23-ի որոշումը, ուստի, Խաչատրյանի խոսքով, դրանք ուժի մեջ գտնվող եւ գործող իրավական ակտեր են։ Փոխվարչապետն էլ կրկնեց, որ հնարավոր չէ սելեկտիվ վերաբերել գործող եւ իրավազոր ակտերի, դրանք պետք է վերլուծվեն ամբողջության մեջ․ «Այլ հարց է, թե էդ իրավական ակտերի կոնֆլիկտն ինչ տեսք կունենա։ Մաքսիմալ պետք է բացահայտվեն այն ակտերը, որոնք երկկողմ համաձայնեցված են եղել, որոնց հիման վրա քարտեզագրում է իրականացվել»,- եզրափակեց Մհեր Գրիգորյանը։
17:16 - 06 հոկտեմբերի, 2021
Սոցփաթեթի գումարի ծախսման ուղղությունները կընդլայնվեն. շահառուները կօգտվեն լողավազաններից, մարզասրահներից |armenpress.am|

Սոցփաթեթի գումարի ծախսման ուղղությունները կընդլայնվեն. շահառուները կօգտվեն լողավազաններից, մարզասրահներից |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սոցփաթեթով արդեն գործող ծառայություններին ավելացնել ևս երկուսը: «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 56 «կողմ», 1 «դեմ», 23 «ձեռնպահ» ձայներ: Այս նախագծով սոցփաթեթով կուտակված գումարների ծախսման երկու նոր ուղղություն է նախատեսվում՝ մարզա-առողջարարական եւ սպորտային համալիրների, լողավազանների եւ այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու հնարավորություն և պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարման հնարավորություն: Մինչև այժմ սոցփաթեթը ներառում էր հանգստի ապահովումը ՀՀ-ում և Արցախում, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարումը, ուսման վճարի մարումը, շահառուի և շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի ձեռք բերումը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել է խմբագրական փոփոխություն: «Հայաստան» խմբակցության կողմից արվել են առաջարկներ, որոնք, սակայն չեն ընդունվել: «Մեր մոտեցմամբ՝ դրանք հակասում են սոցիալական փաթեթի գաղափարին»,- ասաց նա: «Հայաստան»-ից Թադևոս Ավետիսյանը պնդեց՝ այնպես չէ, որ իրենց մոտեցումը միանշանակ հակասում է սոցիալական փաթեթի գաղափարին: «Մեր առաջարկները սոցիալական փաթեթին ավելի համապատասխան են, քան ձեր բերած առաջարկները»,- ասաց պատգամավորն ու առաջարկեց ներկայացնել սոցփաթեթի հիմնական նպատակը: Փոխնախարարի խոսքով՝ սոցփաթեթի նպատակն է պետական ապարատից աշխատողների արտահոսքը նվազեցնելը և պետական ապարատում աշխատելու գրավչությունը բարձրացնելը: Նա հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր սոցփաթեթի գումարի ծախսման ևս 3 ուղղություն ավելացնել, օրինակ՝ սոցփաթեթի գումարն ընդհանրապես բոլոր սպառողական վարկերի վրա ծախսելու ուղղությունը: Սարգսյանը տեղեկացրեց, որ օրինակ սոցփաթեթի 60 տոկոսը շահառուներն ուղղում են հանգստին, այլ ոչ թե հիփոթեքային վարկի մարմանը: Անդրադառնալով ընդդիմադիր խմբակցության առաջարկին՝ նա ընդունեց, որ առաջարկը սոցիալական է, բայց ասաց. «Համադրելով այդ ամենը և խուսափելով բուն նպատակից շեղվելուց, կարծում ենք, որ դա անընդունելի է»: Իր ելույթում Թադևոս Ավետիսյանը նշեց, որ ինքը հատկապես կարևորում է բնակարանային վարձի հատուցման իրենց առաջարկը: «Երբ հիմնական զեկուցողն ասում է, որ չկա բնակարան, որի վարձը կարելի է 72 հազարով տալ, նույն տրամաբանությամբ ես էլ ասում եմ, որ չկա հիփոթեքային վարկի ամսական վճար, որը 6 հազար դրամ է կազմում»,- ասաց պատգամավորը: ՔՊ-ից Բաբկեն Թունյանը սպառողական վարկերի մարումը փոխհատուցելու «Հայաստան»-ի առաջարկը համարեց ծայրահեղ անթույլատրելի: «Պետությունը մարդուն գումար է տրամադրում, որ նա կարողանա դրանով հանգստանալ, առողջություն վերականգնել, մենք ասենք՝ կարող ես գնալ քո համար հեռախոս գնել և դրա տոկոսը փակե՞լ»,- նշեց նա: «Հայաստան»-ից Արծվիկ Մինասյանը քվեարկությունից առաջ վարման կարգով հայտնեց, որ իրենց խմբակցությունը նախագծին «ձեռնպահ» է քվեարկելու:
11:08 - 06 հոկտեմբերի, 2021
ԱԺ-ն ընդունեց Երևանում հիփոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգը հանելու նախագիծը

ԱԺ-ն ընդունեց Երևանում հիփոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգը հանելու նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որով հիփոթեքային վարկի տոկոսադրույքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգը Երևանում աստիճանաբար կսահմանափակվի և կհանվի:  Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ընդունվեց՝ ստանալով 59 «կողմ», 22 «դեմ» ձայներ: Նախագծով առաջարկվում է ամրագրել, որ համակարգից օգտվելու համար, երբ գույքը ձեռք է բերվում կամ նախատեսվում է կառուցել Երևանի առաջին գոտում, անհրաժեշտ է, որ հիփոթեքային վարկը ստացված լինի մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը, նույն տրամաբանությամբ երկրորդ գոտու համար՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, երրորդ գոտու համար անհրաժեշտ պայման է սահմանվում, որ վարկը պետք է ստացված լինի մինչև 2023-ի հուլիսի 1-ը:  Այնուհետև, 1.5 տարի դադար է առաջարկվում: Իսկ Երևան քաղաքի մնացյալ գոտիների համար նախապայման է առաջադրվում, որ հիփոթեքային վարկը ստացված լինի մինչև 2025-ի հունվարի 1-ը: Իսկ եթե շինարարության թույլտվությունը ստացված կլինի մինչև 2022-ի հունվարի 1-ը, ապա դրա շրջանակում կառուցված շենքից բնակարանների վաճառքի գործարքներն ամբողջությամբ կսպասարկվեն եկամտային հարկի վերադարձի համակարգի շրջանակներում՝ առանց սահմանափակումների: «Հայաստան» խմբակցությունը հայտնել էր, որ այս տեսքով ներկայացված նախագծին դեմ են քվեարկելու և ներկայացնելու են իրենց առաջարկները:
10:51 - 06 հոկտեմբերի, 2021
Պատերազմի մեկնարկը տրվել էր 2018 թ․-ին՝ հայտնի իրադարձություններից հետո․ Տիգրան Աբրահամյան

Պատերազմի մեկնարկը տրվել էր 2018 թ․-ին՝ հայտնի իրադարձություններից հետո․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը այսօր՝ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց՝ մեկ տարի առաջ այս օրը ՀՀ Զինված ուժերը համառ մարտեր էին մղում Հայաստանի ու Արցախի անվտանգության համար, իսկ Հայաստանի իշխանությունները հիմնավորումներ էին փնտրում, մեղավորներ նշանակում, կեղծ թիրախներ հնարում․ «Խնդիրը մեկն էր․ ինչ էլ լիներ, պետք է հայտարարվեր, որ մեղավոր են բոլորը՝ միջին վիճակագրական քաղաքացին, զինվորը, հրամանատարը, կամավորականը, մի խոսքով՝ բոլորը՝ բացի մեկ մարդուց՝ Նիկոլ Փաշինյանից»։ Աբրահամյանի խոսքով՝ իշխանությունը քանդում էր նույնիսկ խաղաղ պայմանների համար նախատեսված մեխանիզմները, խափանում առաջին գծի համար նախատեսված առաջնային համալրումները․ «Սխալվում կամ դիտմամբ մոլորեցնում են բոլոր այն անձինք, ովքեր պնդում են, որ պատերազմը կանխելու կամ կանգնեցնելու հնարավորություն չի եղել։ Պատերազմի մեկնարկը տրվել էր 2018 թվականին՝ հայտնի իրադարձություններից հետո։ Դրանք առավել արագ փուլ մտան հետագա տարիներին։ Բնականաբար, դրան նպաստեց իշխանության նախաձեռնությամբ մեկնարկած Հայաստանի զինվորական հրամանատարության և ռազմական ներուժի գլխատման արշավը, երկրի կենսունակ ուժերի, դեմքերի մեկուսացումը, հասարակական խորը պառակատումները և ժողովրդին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի նախապատրաստելու քայլերը»։ Պատգամավորի խոսքով՝  Ադրբեջանում ռազմական գործողություններ սկսելու քաղաքական որոշման հիմքում Հայաստանում ստեղծված այդ իրավիճակն էր։ Աբրահամյանը նաև ասաց՝ իշխանությանը խանգարող մարդիկ դեռ ամբողջությամբ չեզոքացված չեն․ «Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի անվտանգությունը պետք է լիարժեքորեն ապահովվի։ Ինձ համար առաջնային չէ, թե իշխանությունը սեփական պարտությունը կամ դրա պատասխանատվությունը ում վրա է փորձում գցել, ինձ համար կարևոր է, որպեսզի նշածս մարդկանց անվտանգությունը ապահովված լինի, որովհետև իշխանությունը վաղ թե ուշ փոխվելու է, և հասարակությունը պետք է հնարավորություն ունենա այս մարդկանցից լսելու այն իրականությունը, այն «ինչուների» պատասխանները, ինչն այսօրվա իշխանության պայմաններում գրեթե բացառելի է»։
17:18 - 05 հոկտեմբերի, 2021
Արա Նռանյանն ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ

Արա Նռանյանն ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ

Ազգային ժողովում ավարտվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության փակ, գաղտնի քվեարկությունը։ Քվեարկության արդյունքներով Արա Նռանյանն ընտրվեց ՀՀ ՀԾԿՀ անդամ։ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 75-ը։ Կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ՝ 7։ 1997-2000թթ․ Նռանյանն աշխատել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում՝ որպես Տարիֆիկացիայի և վերլուծության բաժնի առաջին կարգի մասնագետ, 2000-2001թթ․ եղել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության Պետական բաժնեմասի կառավարման բաժնի պետ, 2001-2004թթ․՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում Ռազմավարական ծրագրերի մշակման և վերլուծության բաժնի պետ, իսկ 2004-2007թթ․՝ ՀՅԴ Բյուրոյում տնտեսական հարցերով խորհրդական։   2007-2012թթ․ եղել է ԱԺ պատգամավոր՝ ՀՅԴ խմբակցությունից, 2015-2016թթ․՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ԵՏՀ Կոլեգիայի անդամ, 2016-2019թթ․՝ ՀՀ վերահսկիչ պալատի (ՀՀ հաշվեքննիչ պալատ) նախագահի տեղակալ։ Նռանյանի կենսագրությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ, ԱԺ-ում նրա ընտրության հարցով քննարկումն առավել մանրամասն՝ այստեղ։
15:51 - 05 հոկտեմբերի, 2021
Արթուր Ղազինյանը վեցերորդ անգամ չընտրվեց պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

Արթուր Ղազինյանը վեցերորդ անգամ չընտրվեց պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական արտահերթ նիստն է գումարել՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցով։ Այս հարցը քննարկվում է վեցերորդ անգամ։ Ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես նախորդ անգամներին, այնպես էլ այս անգամ, հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ «Քաղաքացիական պայմանագիրը» դեմ է նրա ընտրությանը։ Ղազինյանն անիմաստ համարեց մասնակցել իր ընտրության հարցով քննարկմանը՝ նշելով, որ ինքն արդեն երկու տասնյակի հասնող հարցերի ու նույնքան արձագանքների է պատասխանել։ Նա եւ ընդդիմադիր մյուս պատգամավորները լքեցին հանձնաժողովի սենյակը։ Ղազինյանը դուրս գալիս ասաց, որ ընդդիմությունը այդ պաշտոնը չի պատրաստվում զիջել մեծամասնությանը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որ նիստը վարողն է, իր ելույթում ասաց, որ այս խնդիրը պետք է լուծում ստանա, ուստի իրենց խմբակցության պատգամավորները օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա՝ ԱԺ կանոնակարգ օրենքի շրջանակում հարցին լուծում տալու համար, որպեսզի ընդդիմադիրները նույն թեկնածուին անընդհատ չառաջադրեն։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին Ղազինյանի թեկնածությանը։ Նա վեցերորդ անգամ չընտրվեց։
14:13 - 05 հոկտեմբերի, 2021