ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Մեկնարկել է հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնություն ծրագիրը

Մեկնարկել է հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնություն ծրագիրը

Առողջապահության նախարարի հրամանով մեկնարկել է Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնություն (Emergency) ծրագիրը: Այն միտված է բնակչության համար առավել հասանելի ու մատչելի դարձնել անհետաձգելի ոչ հիվանդանոցային դեպքերի սպասարկումը ստացիոնար կազմակերպություններում, որոնք մինչև այժմ իրականացվել են վճարովի հիմունքներով: Ներկայումս հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնություն (Emergency) ծառայության պետական պատվեր տեղադրվել է 40 բազմապրոֆիլ  և նեղ մասնագիտական բժշկական հաստատություններում, որոնցից 11-ը տեղակայված են Երևանում, իսկ 29-ը` մարզային բազմապրոֆիլ բժշկական կազմակերպություններում: Ծրագրի մեջ ներառվելու նախապայման է բժշկական կազմակերպությունների կողմից հիվանդանոցների ընդունարանների անհետաձգելի բուժօգնության բաժանմունքների տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներին ու պայմաններին բավարարելը, ինչպես նաև շուրջօրյա բժշկական հերթապահության  առկայությունը: Հիվանդանոցների ընդունարանի անհետաձգելի բուժօգնության բաժնում (Emergency)՝  24-ժամյա ռեժիմով յուրաքանչյուր քաղաքացու, անկախ սոցիալական կարգավիճակից, պետական պատվերի շրջանակներում կցուցաբերվի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում չպահանջող անհետաձգելի դեպքերի բուժօգնություն, կկայացվի հոսպիտալացման վերաբերյալ որոշում` համապատասխան բաժանմունքի հստակեցումով, կիրականացվեն վերակենդանացման միջոցառումների անհրաժեշտություն ունեցող պացիենտներին ուղղված նախնական գործողություններ: Ի դեպ, անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող վիճակներն ու ախտորոշումներն են.  1) ծակած, կտրած, կծած վերքեր, 2) հոդախախտեր, ոսկրերի կոտրվածքներ, որոնք չեն պահանջում հոսպիտալացում, 3) մաշկի անհայտ ծագման սուր ցանավորումներ, ալերգիկ սուր ռեակցիաներ, 4) մարմնի բարձր ջերմություն՝ մինչև ախտորոշումը (38.50-ից բարձր ջերմություն), 5) սուր ցավ կրծքավանդակում` մինչև ախտորոշումը, 6) սուր ցավ որովայնում` մինչև ախտորոշումը, 7) աղեստամոքսային համակարգի սուր դիսֆունկցիա` մինչև ախտորոշումը, 8) արյունահոսություններ, այրվածքներ, ցրտահարություններ, որոնք չեն պահանջում հիվանդանոցայինբուժում, 9) սուր շնչառական խանգարումներ` մինչև ախտորոշումը:
10:47 - 14 փետրվարի, 2020
Թունյանը ներկայացված հակածխախոտային օրինագծում տնտեսության համար տեսնում է էական ռիսկեր |armenpress.am|

Թունյանը ներկայացված հակածխախոտային օրինագծում տնտեսության համար տեսնում է էական ռիսկեր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացված հակածխախոտային օրինագծում տնտեսության համար էական ռիսկեր է տեսնում: Թունյանն այս մասին ասաց ԱԺ նիստում նախագծի քննարկման ժամանակ։ Նախ՝ անդրադառնալով ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանի՝ իրենց առաջարկությունները նախագծում չընդգրկելու վերաբերյալ դժգոհությանը՝ Թունյանը նշեց, որ իսկապես եղել են նախագծում առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում փոփոխություններ կատարելու համաձայնություններ: «Սակայն երկրորդ ընթերցումից առաջ մենք տեսնում ենք, որ ավելի ենք խստացրել օրենքի նախագիծը: Բայց «Իմ քայլը» խմբակցությանը, հանձնաժողովին մի փորձեք կառավարության հետ կռվեցնել, որովհետև մենք մի թիմ ենք, այդ քննարկումները մեր ներսում ունեցել ենք, կունենանք և ունենում ենք: Տարբեր հարցերի շուրջ կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ: Ես գտնում եմ, որ այս տեսքով այս նախագիծը բիզնեսի, տնտեսության համար էական ռիսկեր է պարունակում»,-ասաց Թունյանը: Նա շեշտեց, որ շատ բովանդակային քննարկումներ են եղել, հանձնաժողովում քննարկել են իրավական, տնտեսական ասպեկտները, միայն ծխողների իրավունքների մասին չեն խոսել: «Հակառակը՝ սա պետք է ծխողների և չծխողների թեմա չլինի, սա պետք է լինի առողջ մարդու թեմա: Եթե մենք մի քիչ ավելի կոշտ լինեինք, հավատացած եղեք, այնքան հիմնավոր փաստարկներ կբերեինք, որ նախագիծը տնտեսական հարցերի հանձնաժողովում բացասական եզրակացության կարժանանար: Մենք դրական եզրակացություն տվել ենք այն բանի համար, որ չենք ուզում այս նախագիծը տապալվի, չենք ուզում, որ տնտեսական շահերը գերակայեն առողջապահական շահերին »,-ասաց պատգամավորն ու նկատեց՝ շտկելու բաներ նախագծում միանշանակ կան: Նա շեշտեց՝ ինքը ևս ասում է, որ ծխելը վատ բան է, սակայն պետք է հասկանան՝ այդ օրինագծով այդ խնդիրը լուծում են, թե ոչ, ինչ են շահում և ինչ կորցնում, ինչքանով է արդյունավետ վարչարարությունը, ինչքանով է այն հնարավոր լինելու իրականացնել: «Առողջ մարդն է տնտեսության մեջ մեծ արժեք ստեղծում, բայց առողջ մարդիկ լինում են միայն հարուստ երկրներում: Աղքատ երկրներում առողջ մարդիկ չեն լինում: Իսկ այդ հարստությունը ստեղծում են տնտեսավարողները: Իսկ եթե խոսում եք փողն ու առողջությունը հակադրելու մասին, ասեմ, որ ծխախոտային ինդուստրիան 2019-ին ավելի քան 120 մլրդ դրամի հարկեր է վճարել»,-ասաց պատգամավորն ու հավելեց՝ պետք է առողջ, հավասարակշռված մոտեցում գտնել: Եթե նախագիծն ուժի մեջ մտնի, Թունյանը միգուցե բոլոր խնդրահարույց դրույթների վերաբերյալ հանդես գա լրացուցիչ փոփոխությունների առաջարկներով: Նա նշեց՝ ժամանակ կունենան մանրամասն դիտարկել բոլոր ռիսկերը, բոլոր հետևանքները և հարկ եղած դեպքում կփոխեն դրույթները՝ մինչև դրանց ուժի մեջ մտնելը: «Եվ եթե որևէ մեկը մեզ մեղադրելու է առողջությունը վնասելու, ծխախոտային ինդուստրիայի շահերը պաշտպանելու մեջ, ի սկզբանե ասեմ, որ այդ մեղադրանքներն անհիմն են »,-ասաց Թունյանը: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր ելույթում նշել էր,  որ որպես պետական պաշտոնյաներ իրենք պարտավոր են առաջին հերթին մտածել քաղաքացիների առողջության անվտանգության մասին: «Սա, իհարկե, չի նշանակում, որ բիզնես շահերը պետք է որևէ կերպ անտեսվեն:  Բայց նժարի վրա դրված լինելով գումար, թե առողջություն, կարծում եմ, որ այստեղ այլընտրանք չկա»,-հավելել էր Մակունցը:
13:46 - 13 փետրվարի, 2020
Քննարկվում է հանրային սննդի բոլոր օբյեկտներում ծխելն արգելող օրինագիծը |armenpress.am|

Քննարկվում է հանրային սննդի բոլոր օբյեկտներում ծխելն արգելող օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է հակածխախոտային հայտնի օրինագիծը, որով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում, ինչպես նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում: Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին օրենքի նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ փետրվարի 13-ի նիստում ներկայացրեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել են որոշակի փոփոխություններ: Մասնավորապես, հանվել է կիսափակ հասկացությունը, այսինքն՝ նախագծով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում: Սակայն դրույթ է ավելացվել, որով հանրային սննդի բոլոր օբյեկտներում կարգելվի ծխախոտի օգտագործումը: «ՀՀ քաղաքացիները գտնվում են ամենօրյա երկրորդային վնասակար ծխի ազդեցության տակ և համարվում են ամենօրյա պասիվ ծխողներ: Պասիվ ծխելն առկա է ռեստորաններում, գրասենյակներում կամ այլ հանրային տարածքներում, երբ մարդիկ օգտագործում են այնպիսի ծխախոտային արտադրանք, ինչպիսին են ծխախոտը, նարգիլեն, տաքացվող եղանակով օգտագործվող ծխախոտը և այլն: Պասիվ ծխելու ազդեցության անվտանգ մակարդակ գոյություն չունի»,-ասաց Նանուշյանը: Նա նշեց՝ ծխախոտային արտադրատեսակները, այդ թվում, այսպես կոչված, նորարարական, իբր առողջության վրա ցածր ռիսկ ունեցող և էլեկտրոնային արտադրատեսակները բարձր տխնոլոգիական արտադրանք են համարվում: «Դրա բաղադրիչների մեծամասնությունը թունավոր է, քաղցկեղածին և կախվածություն առաջացնող: Մեր վերաբերմունքը միանշանակ է, այսպես կոչված, նորարարական և էլեկտրոնային արտադրատեսակների նկատմամբ, դրանք պետք է կարգավորվեն հավասար հիմունքներով,  ինչպես կարգավորվում են ավանդական ծխախոտային արտադրատեսակները»,-նշեց փոխնախարարը: Նախագծով առաջարկվող ծխախոտային արտադրատեսակների միատեսակ փաթեթավորման պահանջն ուժի մեջ կմտնի 2024 թվականից: Փոխնախարարը շեշտեց՝ ծխախոտի օգտագործման դեմ պայքարին ուղղված ցանկացած քայլ, այդ թվում հանրային վայրերում ծխելու արգելքը, քաղաքակիրթ աշխարհին միանալու փոքրիկ քայլ է:
12:26 - 13 փետրվարի, 2020
Նախարարությունը պարզաբանել է ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորումը

Նախարարությունը պարզաբանել է ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորումը

ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի» և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի» միավորումը։ Նախարարությունից հայտնել են. «Վերջին օրերին «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի» և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի» միավորման շուրջ  որոշակի մտահոգություններ են առաջացել հանրության շրջանում։ Առողջապահության նախարարության այս որոշումն ուղղված է ծառայությունների ինտգերմանը և պացիենտների համար որակի ու հասանելիություն ապահովմանը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկաց շրջանում մահացության հիմնական պատճառներն են ՁԻԱՀ-ի փուլում առաջացող օպորտունիստական հիվանդությունները` մեծամասամբ ինֆեկցիոն բնույթի (տուբերկուլոզ, ծանր բակտերիալ ինֆեկցիաներ, կրիպտոկոկային մենինգիտ, տոքսոպլազմոզ, պնևմոցիստային թոքաբորբ, հեպատիտ Ց), ինչպես նաև չարորակ նորագոյացությունները: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ուղեկցող այլ վարակների կառավարումը բարդ և դժվարին իրավիճակ է ստեղծում հիվանդների բուժման և խնամքի ողջ շղթայում ներգրավված կլինիկաների համար: Արդյունավետ կառավարումը պահանջում է ինտեգրված բուժման մոտեցումներ, հաշվի առնելով հակառետրովիրուսային (ՀՌՎ) դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները, այլ դեղերի հետ հնարավոր փոխազդեցությունները և այլ հնարավոր բարդությունները: Վերը նշված ինտեգրված բուժման մոտեցումները և ռեսուրսների կենտրոնացումը կնպաստեն հիվանդության ավելի արդյունավետ կառավարմանը: Հիմնավոր ապացույցներ ստանալու համար կատարվել է բժշկական գրականության ուսումնասիրություն ՄԻԱՎ-ի հետ կապված հետևյալ խնդիրների շուրջ՝ հիվանդանոց ընդունելության/դուրս գրման չափանիշները և կարգը, ՀՌՎ բուժման իրականացումը հիվանդանոցային պայմաններում, լաբորատոր մոնիտորինգ, լյարդային և երիկամային ֆունկցիայի փոփոխությունների և դեղերի փոխազդեցությունների մշտադիտարկումներ և կառավարում: Նշված գործառույթները պահանջում են համապատասխան հիվանդանոցային հագեցվածություն՝ թե՛ պահանջվող բուժսարքավորումների, թե՛ մուլտիդիսցիպլինար բուժանձնակազմի առումով։ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում տարածված են ուղեկցող այլ վարակները և առողջական կարգավիճակները, ուստի հիվանդության պատշաճ վարման ընթացակարգերը պետք է վերանայվեն դիսպանսեր հսկողության մեջ ընդգրկելու, բուժման և շարունակական խնամքի բոլոր փուլերում: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հիվանդանոցային բուժման կազմակերպումը պետք է իրականացվի մշակված ընթացակարգերի համաձայն՝ ամբուլատոր պատասխանատու բժշկի հետ համագործակցության ներքո, հաշվի առնելով պացիենտի հիվանդության պատմությունը, դեղորայքային ռեժիմները, լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքները:      ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի տվյալների համաձայն` միջազգային փորձը նույնպես վկայում է, որ ինտեգրված կառավարումն ավելի արդյունավետ է և նպաստում է պացիենտներին մեկուսացումից դուրս բերելուն, ինչպես նաև խարանի ու խտրականության նվազեցմանը:  Տարածաշրջանային երկրները նույնպես հրաժարվել են «առանձին» ՁԻԱՀ-ի կենտրոն ունենալուց, և ինտեգրել են ծառայությունները ինֆեկցիոն հիվանդությունների կառավարման ոլորտին: Դեռ 2019-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաքելության կողմից Հայաստանում իրականացված գնահատման արդյունքներով՝ առաջարկվել է ապակենտրոնացնել ՄԻԱՎ ախտորոշման ծառայությունը։ Իսկ 2018թ. Աստանայի հռչակագրի համաձայն՝ առողջության առաջնային պահպանման օղակի հզորացումը տուբերկուլոզ, ՄԻԱՎ և հեպատիտ Ց հիվանդությունների և համավարակների համատեղ կառավարման առումով կնպաստի ՄԻԱՎ-ի դեմ պայքարի ուժեղացմանը, ինչպես նաև պացիենտակենտրոն մոտեցմանը:    Այն ենթադրում է պացիենտի առավել համապարփակ խնամք, բուժման հետևողականության բարձրացում, մասնավորապես` բազմակի մասնագիտական միջամտությունների կարիքի դեպքում, պացիենտների կողմից բուժման ընդհատման վտանգի նվազեցում, ավելի ծախսարդյունավետ այցելություններ բուժհաստատություն և «սպասման ժամանակի» կրճատում:   Մինչ այս կենտրոնը մատուցում էր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման և բուժման միայն ամբուլատոր ծառայություններ, չէր աշխատում շուրջօրյա և հանգստյան օրերին, ինչը խոչընդոտ էր հասարակական կազմակերպությունների կողմից ուղղորդված դեպքերի ժամանակին հետազոտելու և հսկողության տակ վերցնելու համար: Ավելին, ուղեկցող ինֆեկցիոն հիվանդությունների գերակշիռ մասի դեպքում անհրաժեշտություն է առաջանում հիվանդի բուժումը կազմակերպել ստացիոնար պայմաններում` հիվանդանոցում, ինչը պահանջում է երկու կազմակերպությունների մասնագետների համատեղ աշխատանք: Կենտրոնի միացումը հիվանդանոցին դրականորեն կանդրադառնա պացիենտների բուժման կազմակերպման գործընթացի վրա, ինչպես նաև կնպաստի կենտրոնի տեխնիկական հնարավորություններն օգտագործել նաև մի շարք այլ, հաճախ նաև` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին ուղեկցող վարակիչ հիվանդությունների ախտորոշման և բուժման գործընթացներում: Հարկ է նշել, որ կենտրոնում պետպատվերի շրջանակներում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց համար նախատեսված ախտորոշիչ և բուժական ծառայությունները կշարունակեն տրամադրվել հիվանդանոցում նույն ծավալով՝ բոլոր հաշվառված հիվանդներին:    ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և ՁԻԱՀ-ով պացիենտների նկատմամբ մեր հասարակությունում առայժմ առկա է խտրական վերաբերմունք, որին որոշակիորեն նպաստում է ախտորոշումն ու բուժումն առանձին հաստատությունում կազմակերպելը։ Պետք է մեկ անգամ ևս փաստել, որ կենտրոնի և հիվանդանոցի միավորումը կնպաստի մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանի և խտրականության նվազեցմանը: Հաշվի առնելով արձանագրված բոլորը փաստերը՝ կոչ ենք անում չխոչընդոտել լիազոր մարմնին իրականացնել իրեն վերապահված գործառույթները և չխաթարել բարեփոխումների ընթացքը»։
21:50 - 11 փետրվարի, 2020
Առողջապահության նախարարը ANIF-ի ներկայացուցիչների հետ քննարկել է հնարավոր ներդրումային ծրագրերը

Առողջապահության նախարարը ANIF-ի ներկայացուցիչների հետ քննարկել է հնարավոր ներդրումային ծրագրերը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) ներկայացուցիչների հետ և քննարկել համագործակցության շրջանակներն ու ուղիները, հնարավոր ներդրումային ծրագրերը: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի փոխնախագահ Գրիգոր Պետրոսյանը ներկայացրել է կառույցի գործունեությունը, առաքելությունն ու գործառույթները: «Մեր հիմնական նպատակն է դեպի Հայաստան ներդրումներ գեներացնել և Հայաստանի տնտեսության ռազմավարական ուղղությունների վրա հիմնված ծրագրերը ներկայացնել թիրախային ներդրողներին: Մեր ուշադրության կենտրոնում են նաև առողջապահության ոլորտում ներդրումները», - ասել է Պետրոսյանը: Հանդիպմանը քննարկվել են առողջապահության նախարարության հնարավոր ներգրավումը նմանատիպ ներդրումային ծրագրերին, ինչպես նաև դեղերի նոր արտադրություն հիմնելու և բժշկական տուրիզմը Հայաստանում զարգացնելու հեռանկարները: «Առողջապահությունն առանձնահատուկ, ծավալից որակ ծնող ոլորտ է, ուստի, պետք է հաշվի առնել ամեն նրբություն», - ասել է նախարարը և շնորհակալություն  հայտնել հյուրերին պատրաստակամության համար: Նա հույս է հայտնել, որ նմանատիպ հանդիպումները կլինեն հաճախակի:
19:40 - 11 փետրվարի, 2020
Արսեն Թորոսյանը հանդիպել է ԵԱՏՄ Տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ Վիկտոր Նազարենկոյին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ԵԱՏՄ Տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ Վիկտոր Նազարենկոյին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է ԵԱՏՄ Տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոյին: Կողմերը քննարկել են 2011 թվականի հունվարի 28-ի «Արտադրանքի միասնական ցանկի» մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը: Ըստ փոփոխության` տեխնիկական կանոնակարգման ենթակա կլինեն նաև այլ նիկոտին պարունակող արտադրանքները և ոչ նիկոտինային լցանյութերը նիկոտինի առաքման համակարգերի համար: Վիկտոր Նազարենկոն անդրադարձել է նիկոտին պարունակող արտադրատեսակների հասկացության մեջ ընդգրկված նյութերի և տաքացման ճանապարհով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների դասակարգման հարցին: Կողմերը քննարկել են տաքացման ճանապարհով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների` դասական ծխախոտային արտադրատեսակների տեխնիկական կանոնակարգին ենթարկվելու, այլ ոչ թե առանձին կանոնակարգելու հարցը:  Միաժամանակ որոշվել է, որ կկազմակերպվեն հետագա քննարկումներ ԵԱՏՄ երկրների ոլորտի պատասխանատուների հետ «Ծխախոտային արտադրատեսակների տեխնիկական կանոնակարգ» մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտության վերաբերյալ: Հանդիպման ժամանակ ներկայացվել է նաև նիկոտին պարունակող այլ սննդային վտանգավոր արտադրատեսակների հրատապ կանոնակարգման անհրաժեշտությունը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և հույս հայտնել, որ քննարկման առարկա հարցերը առաջիկայում կգտնեն իրենց լուծումները:
15:36 - 11 փետրվարի, 2020
Սուր շնչառական վարակներն աճի միտում ունեն, 1894 երեխայի մուտքը կրթական հաստատություններ արգելվել է. ՀՀ ԱՆ

Սուր շնչառական վարակներն աճի միտում ունեն, 1894 երեխայի մուտքը կրթական հաստատություններ արգելվել է. ՀՀ ԱՆ

Օրական կտրվածքով շարունակվում է սուր շնչառական վարակների համաճարակաբանական դիտարկումը, որի արդյունքները փաստում են, որ հիվանդացությունն ունի աճման միտում: Հիվանդացության աճ է գրանցվել ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակերպություններ իմելիության և շտապ օգնության կանչերում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության համաճարակաբանական մշտադիտարկումը շարունակվում է նաև դպրոցներում և նախադպրոցական կազմակերպություններում: Այսօրվա տվյալներով` հանրապետությունում սուր շնչառական վարակներով բացակայությունը կազմել է 3,8%-ը: Եզակի կրթական կազմակերպություններում արձանագրվել են սուր շնչառական վարակներով բացակայության բարձր ցուցանիշներ: Սուր շնչառական վարակների տարածումը կրթական հաստատություններում հնարավորինս բացառելու նպատակով այդ կազմակերպություններում՝ ներգրավելով շահագրգիռ կառույցների ներուժը, ուժեղացվել է համաճարակային ֆիլտրը: Արդյունքում՝ չի թույլատրվել 1894 երեխայի մուտքը կրթական հաստատություններ: 723-ը Երևանում, 1171-ը՝ մարզերում: Նախարարությունը նաեւ հիշեցնում է, որ հանրապետությունում դեռևս շրջանառում են գրիպի  Ա H1N1 ենթատեսակը և Բ տեսակը, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս): Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝  առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է պատվաստվել սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով հաշվառման պոլիկլինիկա, խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից: «Եթե հիվանդ եք՝ մնացեք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը, եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի զբաղվեք ինքնաբուժմամբ, մի օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, հագնվեք եղանակին համահունչ, պահպանեք հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործեք հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխեք փակ տարածքները, հետևեք անձնական հիգիենային»,-տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։  
20:34 - 10 փետրվարի, 2020
Երևանի  պոլիկլինիկաները  նոր սարքավորումներ են ստանում. այդ նպատակին հատկացվող գումարը եռապատկվել է

Երևանի պոլիկլինիկաները նոր սարքավորումներ են ստանում. այդ նպատակին հատկացվող գումարը եռապատկվել է

Երևանի քաղաքապետարանն առողջապահության առաջնային օղակի ամրապնդումն ու զարգացումը առաջնահերթություն է համարում, և 2019-ին կրկնապատկել է բժշկական սարքավորումների ձեռքբերման համար համայնքային բուժհաստատություններին տրամադրվող բյուջեն: 70 մլն դրամի փոխարեն նախորդ տարի այդ նպատակի համար հատկացվել է 146 մլն դրամ: 2020-ին  այս ցուցանիշը 2018-ի համեմատ կեռապատկվի՝ կազմելով 215 մլն: Այս մասին  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ցուցանիշն աննախադեպ գնահատելով Երևանի համար:  ««Առաջնային օղակի նպատակն է կանխարգելիչ միջոցներով, վաղ հայտնաբերումով ախտորոշել հիվանդությունները, որպեսզի դա չդառնա քրոնիկական, ավելի չբարդանա, որպեսզի մեր քաղաքացիները ստիպված չլինեն դիմել արդեն հիվանդանոց»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը: 2019թ. երևանյան պոլիկլինիկաները համալրվել են 10-ը տեսակի 325 սարքավորումով:«84թ.-ից այս կողմ մեր տեխնիկան չէր թարմացվել: Ընթացքում փոփոխություններ, վերանորոգումներ արվել էին, բայց չէր թարմացվել: Իսկ սա մեզ համար ուղղակի հեքիաթ է»,-ասում է «Թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը:«Իհարկե, անմիջական ազդեցություն ունի և՛ պոլիկլինիկայի նկատմամբ հիվանդների վստահության բարձրացման գործում, և՛ ավելի ճշգրիտ, ավելի որակյալ բուժսպասարկում ապահովելու գործում»,- նկատում է «Թիվ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրեն Սաթենիկ Բադալյանը: «2019թ. մենք ձեռք բերեցինք մանկական վաղ ախտորոշման ամբուլատոր բուժում անցկացնելու սարքեր, դրանք պուլսօքսիմետրներն են, որոնք շատ հեշտացրել են մանկաբույժների աշխատանքը՝ երեխաների առողջական վիճակն ախտորոշելու համար, և ինգալյատորներ, որոնք նաև այս շրջանում հնարավորություն են տալիս երեխաներին հենց պոլիկլինիկաներում ստանալ բուժում, որպեսզի վիճակը չխորանա»,- նշում է Սերգեյ Հարությունյանը: Առողջապահական ոլորտում համակարգային բարեփոխումները, ըստ առաջնահերթության, կշարունակվեն նաև այս տարի: Երևանի քաղաքապետարանն ընթացիկ տարում պոլիկլինիկաներին 12 տեսակի 128 բուժսարքավորում կհատկացնի: «Այս տարվա հաստատված բյուջեով ձեռք ենք բերելու սիրտ հետազոտելու ուլտրաձայնային սարքավորումներ: Սա պոլիկլինիկայի տեխնիկական բազայի և մատուցված ծառայությունների ընդլայնմանն ուղղված ևս մեկ քայլ է: Սրտի հետազոտությունների ծրագիրն իրականացնում ենք Հայկական սրտաբանների ասոցիացիայի հետ համատեղ և իրենք իրենց պատրաստակամությունն են ցուցաբերել՝ մասնագետների վերապատրաստման ու մեր ծառայությունն ավելի բարձր մակարդակով կազմակերպելու հարցում: Այս տարի մի քանի պոլիկլինիկաների համար նաև ձեռք ենք բերելու ժամանակակից ակնաբուժական սարքավորումներ, դա մտնում է դժվարամատչելի ծառայությունների մեջ, բայց մենք նպատակ ունենք մեր քաղաքացիներին հարմարավետ և որակյալ ծառայություններ մատուցելու հենց պոլիկլինիկաներում՝ չուղեգրելով բժշկական այլ հաստատություններ»,- ընդգծում է Երևանի փոխքաղաքապետը: Այսօր առաջնային օղակի համար որպես առաջնային խնդիր շարունակում է մնալ շենքային պայմանների բարելավումը: Բժշկական սարքավորումների համալրմանը զուգահեռ այս տարի ևս մի շարք համաբուժարաններ կվերանորոգվեն: 2020-ին ըստ պլանի ամբողջությամբ կավարտվի նաև Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ընկերության բոլոր ենթակայանների վերանորոգման ծրագիրը»,- նշված է հաղորդագրության մեջ:
19:08 - 10 փետրվարի, 2020
«Խոզագրիպ» եզրույթն այլևս կիրառելի չէ. ՀՀ առողջապահության նախարարության հայտարարությունը

«Խոզագրիպ» եզրույթն այլևս կիրառելի չէ. ՀՀ առողջապահության նախարարության հայտարարությունը

Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների և գրիպի սեզոն է, ու լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` դեռևս 2019 թվականի նոյեմբերից շրջանառվում են գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակները և գրիպի Բ տեսակի հարուցիչները: ՀՀ առողջապահության նախարարությունը, սակայն, առաջարկում է զերծ մնալ ոչ մասնագիտական և խուճապ հրահրող մեկնաբանություններից՝ կապված «խոզի գրիպի» տարածման հետ և տեղեկացնում, որ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական հայտարարությունների՝ դեռևս 2010 թվականից «խոզագրիպ» եզրույթն այլևս կիրառելի չէ: ««Խոզագրիպ» եզրույթը կիրառվում էր միայն 2009 թվականին, երբ նույն կազմակերպության կողմից հայտարարվել էր համավարակ՝ պանդեմիա, որպես գրիպի Ա տեսակի նոր ենթատեսակ և ուներ համավարակ առաջացնելու ներուժ, քանի որ վերջինս նոր ձևավորված գրիպի Ա տեսակի ենթատեսակ էր և «անծանոթ» էր մարդկության համար: 2010 թվականից գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը համարվում է մարդու համար սեզոնային գրիպի հարուցիչ և այլևս չունի համավարակ՝ պանդեմիա առաջացնելու ներուժ: Ավելին՝ վերջինս արդեն 10 տարի է շրջանառում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում: Նշենք, որ գրիպի Ա տեսակի H1N1, H3N2 ենթատեսակների և գրիպի Բ տեսակի (դրանք ներկայումս, որպես մարդու գրիպի տեսակներ և ենթատեսակներ, շրջանառում են թե եվրոպական տարածաշրջանի երկրներում, և թե Հայաստանում) դեմ առկա է պատվաստանյութ, ինչով ապահովված են բոլոր բժշկական կազմակերպությունները, որն էլ համարվում է գրիպի դեմ պայքարի արդյունավետ միջոց: Ավելին, բժշկական կազմակերպություններն ապահովված են հետգրիպային բարդություններով պացիենտների բուժում ապահովող դեղով: Այսօր հանրապետության որոշ բժշկական կազմակերպություններում գրիպի ախտորոշման նպատակով կիրառվում են արագ ախտորոշիչ թեստեր, այնինչ դրանք, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության, կողմնորոշիչ են և արդյունքում կարող են ապահովել հետազոտության ոչ ճիշտ արդյունքներ: Գրիպի ախտորոշումն իրականացվում է միայն լաբորատոր մասնահատուկ մեթոդով (պոլիմերազային շղթայական ռեակցիա), այն էլ ոչ ախտորոշման, այլ շրջանառող հարուցիչների պարզաբանման համար: Հետևաբար՝ առաջարկվում է զերծ մնալ ոչ մասնագիտական և խուճապ հրահրող մեկնաբանություններից, հրապարակումներից և հետևել առողջապահության նախարարության հորդորներին և հայտարարություններին: Հայաստանի Հանրապետությունը գտնվում է սուր շնչառական վարակների և գրիպի սեզոնում (2019թ. հոկտեմբերից 2020թ. մայիս) և լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` դեռևս 2019 թվականի նոյեմբերից շրջանառվում են գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակները և գրիպի Բ տեսակի հարուցիչները: Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.  պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա, խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը, եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, հագնվե´ք եղանակին համահունչ, պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները, հետևե´ք անձնական հիգիենային»: Ինչ վերաբերում է հանրապետությունում շրջանառող գրիպի հարուցիչներին, ապա հարկ է նշել, որ սեզոնի ընթացքում իրականացվել է 740 նմուշի հետազոտություն, որի արդյունքում հայտնաբերվել է Ա H1N1 ենթատեսակը (18,5%), Բ տեսակը (5,5%), ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (24,7%) (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս): Այսինքն` 2019 թվականի դեկտեմբերից շարունակում են շրջանառվել գրիպի և այլ շնչառական վարակների հարուցիչները:
11:30 - 07 փետրվարի, 2020
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն օդային եւ ցամաքային սահմանին շարունակում է ուժեղացված հսկողական աշխատանքները

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն օդային եւ ցամաքային սահմանին շարունակում է ուժեղացված հսկողական աշխատանքները

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ի պատասխան հարցումների՝ Այո, սահմանին հոսպիտալացումներ եղել են։ Այո, եղել են Չինաստանից Հայաստան ժամանած հայեր, որոնք ունեցել են ջերմություն։ Այո, նրանք եւ ոչ միայն նրանք մեկուսացվել եւ հոսպիտալացվել են։ Ինչո՞ւ այս մասին չի հրապարակվել։ Շատ պարզ պատճառով։ Սրանք Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի ընթացիկ հսկողական աշխատանքներն են՝ ուղղված կորոնավիրուսի ներթափանցումը կանխելուն։ Սրանց սահուն հաջորդում են Առողջապահության նախարարության աշխատանքները։ Չինաստանից ժամանած կամ այդ երկրում վերջին 14 օրվա ընթացքում գտնված յուրաքանչյուր անձ, ում մոտ սահմանը հատելիս ջերմաչափման արդյունքում արձանագրվում է 37 եւ բարձր ջերմություն, անձնակազմի եւ ուղեւորների հետ շփումը սահմանափակելու նպատակով մեկուսացվում եւ հոսպիտալացվում է։ Նրանց առողջական հետագա վիճակով շարունակում է զբաղվել արդեն առողջապահության նախարարությունը։ Բարեբախտաբար, մինչ օրս հոսպիտալացված անձանցից եւ ոչ մեկի մոտ հիվանդությունը չի հաստատվել։ Այս առումով պարբերաբար տրամադրվում է ամփոփ սպառիչ տեղեկատվություն, երբ ԱՆ-ն ունենում է համապատասխան հետազոտությունների արդյունքները։ Ավելորդ խուճապի կարիք չկա։ Կարեւորը՝ պատկան մարմիններն իրենց տեղում են։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն օդային եւ ցամաքային սահմանին շարունակում է ուժեղացված հսկողական աշխատանքները։ Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։ ԱԱՏՄ-ն սերտորեն գործակցում է պատկան այլ կառույցների հետ»։
08:34 - 07 փետրվարի, 2020
Գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստումն է

Գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստումն է

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Սուր շնչառական վիրուսային հիվանդություններն ամենատարածվածն են ոչ միայն վարակիչ, այլև ընդհանուր հիվանդացության կազմում, որոնց հետևանքով ամբողջ աշխարհում տարեկան մահանում է 290000-ից 650000 մարդ: Այս օրերին բոլորը հետևում են նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արդեն հայտարարվել է «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ»: Նոր կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության կանխարգելման գործընթացում, ի թիվս այլ կանխարգելիչ միջոցառումների, հատկապես կարևորվում է պատվաստանյութի առկայությունը, որը դեռևս մշակման փուլում է: Չնայած նրան, որ ներկայումս հանրության ուշադրության կենտրոնում է նոր կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը և մտահոգությունը, թե ինչպես խուսափել նոր վիրուսից, միևնույն ժամանակ, շարունակում է արձանագրվել սեզոնային գրիպով պայմանավորված հիվանդացություն, որը կարծես մոռացության է մատնվել, այն դեպքում, երբ կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը՝ պատվաստումը, հասանելի է և կիրառվում է արդեն տասնյակ տարիներ: Հարկ է նշել, որ գրիպի համաճարակների հետևանքով ամբողջ աշխարհում տարեկան արձանագրվում է 3-5 միլիոն ծանր ընթացքով դեպք։ Հիշեցնենք, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ: Սակայն ազգաբնակչության այլ խմբերի համար ևս պատվաստումը կլինի հասանելի (ռիսկի խմբերի պատվաստումներից հրաժարված անձանց հաշվին)։ Մեկ անգամ ևս հորդորում ենք` եթե դեռ չեք պատվաստվել սեզոնային գրիպի դեմ, դիմե՛ք պոլիկլինիկա և պատվաստվե՛ք»։
06:28 - 05 փետրվարի, 2020
Նոր կորոնավիրուսով (2019-nCoV) պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ թարմացված

Նոր կորոնավիրուսով (2019-nCoV) պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ թարմացված

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) ի հայտ գալու հետ կապված համաճարակային իրավիճակը Չինաստանում դեռևս լարված է: Չինաստանում արձանագրվել է շուրջ 2000 դեպք՝ 56 մահվան ելքով: Հիշեցնենք, որ գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման հիմնական գործոն են դարձել թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։ Չհիվանդանալու և դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար՝ առողջապահության նախարարությունը հորդորում է. միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, եթե գտնվում եք Չինաստանում, հատկապես՝ Ուհան կամ հարակից քաղաքներում, ապա խուսափե´ք կամ բացառե՛ք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելելուց, օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր, խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ սերտ շփումից, մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ, օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ, գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, եթե վերադարձել եք Չինաստանից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին: Հարկ է նշել, որ առողջապահության նախարարությունն ակտիվ միջգերատեսչական համագործակցություն ունի պատասխանատու մարմինների հետ։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից մշակվել է «Նոր վարակ Չինաստանում, «Նոր կորոնավիրուս (2019-nCoV)»» վերտառությամբ տեղեկատվական պաստառը և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համագործակցությամբ դրանք տեղադրվել են Հայաստանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում։ Միաժամանակ, առողջապահության նախարարության մասնագետները կգործուղվեն ՀՀ պետական սահմանի անցման կետեր՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխակիցներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) հետ համատեղ քննարկման արդյունքում որոշում է կայացվել, ըստ որի՝ հունվարի 26-ից ՍԱՏՄ-ի կողմից արգելվել է Չինաստանից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը ՀՀ տարածք:
05:55 - 27 հունվարի, 2020
Նոր կորոնավիրուսով (2019-nCoV) պայմանավորված համաճարակային իրավիճակը

Նոր կորոնավիրուսով (2019-nCoV) պայմանավորված համաճարակային իրավիճակը

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) ի հայտ գալու հետ կապված համաճարակային իրավիճակը Չինաստանում լարված է: Չինաստանում արձանագրվել է շուրջ 900 դեպք՝ 26 մահվան ելքով: 34 դեպքում հիվանդները բուժվել են: Դեպքեր են արձանագրվել նաև Ճապոնիայում, Թայլանդում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում. բոլորը Չինաստանից բերովի: Հունվարի 23-ի դրությամբ Առողջապահության համաշարհային կազմակերպությունը չի հայտարարել «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ», քանի որ դեպքերն ըստ կլինիկական բնորոշման «մեղմ» են, տեղայնացման աշխատանքներն արդյունավետ են, և արտակարգ իրավիճակը դիտվում է միայն Չինաստանում։ Նոր մոտեցում է ցուցաբերվել վարակի փոխանցմանը՝ գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման գործոն հիմնականում դարձել են թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։ Առողջապահության համաշարհային կազմակերպությունը հիվանդությունն անվանվել է «2019թ. նոր կորոնավիրուս» (2019-nCoV): Չհիվանդանալու և դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար՝ առողջապահության նախարարությունը հորդորում է. միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, եթե գտնվում եք Չինաստանում, հատկապես՝ Ուհան կամ հարակից քաղաքներում, ապա խուսափե´ք կամ բացառե՛ք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելելուց, օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր, խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ սերտ շփումից, մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ, օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ, գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, եթե վերադարձել եք Չինաստանից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին:
12:21 - 24 հունվարի, 2020
Արսեն Թորոսյանը ՀԲ-ի պատվիրակության հետ քննարկել է առողջության ապահովագրության ներդրման օրակարգը

Արսեն Թորոսյանը ՀԲ-ի պատվիրակության հետ քննարկել է առողջության ապահովագրության ներդրման օրակարգը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` ՀԲ առողջապահական թիմի ղեկավար Ադաննա Ճուկվումայի գլխավորությամբ։  Վերջիններս քննարկել են առողջության համապարփակ ապահովագրության ներդրման օրակարգը, դրա իրականացման համար տեխնիկական առաջադրանքը: Հարկ է նշել, որ Համաշխարհային բանկը տեխնիկական աջակցություն է տրամադրում ծրագրի ներդրման օրակարգին: Ադաննա Ճուկվուման նշել է, որ 4-օրյա այցի ընթացքում ՀԲ պատվիրակությունը նախատեսվում է իրականացնել առողջապահության ոլորտի ֆինանսավորման համար հարկաբյուջետային հնարավորությունների գնահատում, տնտեսության և առողջության վրա ազդեցության հաշվարկային ընդհանուր հավասարակշռության մոդելների կառուցում և եկամուտների մոբիլիզացման տարբերակների ֆիսկալ ազդեցության գնահատում։ Քննարկման ընթացքում առաջարկվել է իրականացնել վերլուծական աշխատանք և քննարկումներ տարբեր շահագրգիռ կողմերի հետ` բարեփոխումների բաղադրիչների, հարկաբյուջետային հետևանքների և առողջության ու տնտեսական արդյունքների վրա հնարավոր ազդեցությունների շուրջ: Ուշադրության կենտրոնում է գտնվել նաև առողջապահական ծառայությունների գնման և ապահովագրության բնագավառում Հայաստանի ու համաշխարհային փորձի վերջերս ավարտված գնահատումը։ Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել համակարգային ծրագրերին աջակցելու համար և շեշտել, որ օրակարգի առաջ մղումը կնպաստի ընդհանուր համակարգի զարգացմանը:
13:22 - 20 հունվարի, 2020