ԿԱՐԴԱԼԻՔ

ՊՆ-ն չի պարզաբանում Ջերմուկ ներթափանցած խմբի վերաբերյալ ԳՇ պետի եւ Վայոց ձորի մարզպետի հայտարարությունների հակասությունը

ՊՆ-ն չի պարզաբանում Ջերմուկ ներթափանցած խմբի վերաբերյալ ԳՇ պետի եւ Վայոց ձորի մարզպետի հայտարարությունների հակասությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրաժարվում է պարզաբանել Ջերմուկ ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների վերաբերյալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի եւ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հայտարարությունների միջեւ եղած հակասությունը։ Բանն այն  է, որ այս տարվա հոկտեմբերի 31-ին՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ՀՀ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, խոսելով ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած խմբերի մասին, ասել է, որ համապատասխան փոխհրաձգության արդյունքում հակառակորդի ստորաբաժանումները, տալով համապատասխան կորուստներ, հետ են քաշվել, այդ թվում՝ Ջերմուկի ուղղությունից․ «Եվ ներկայումս Ջերմուկի ուղղությամբ ունենք գծագրված առաջնագիծ, որ ապահովում է քաղաքի անվտանգությունը»,- նշել է նա՝ հավելելով, որ հակառակորդի ստորաբաժանումները, Ջերմուկի հյուսիսարեւելյան վերջնամասից հաշված, 4․5 կմ-ի վրա են, Ջերմուկի կենտրոնից՝ 5․5-6 կմ։  Դրանից օրեր անց՝ նոյեմբերի 7-ին, լրագրողները ճեպազրույց էին ունեցել Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ՝ հիշեցնելով ԳՇ պետի այս հայտարարությունը եւ նշելով, որ ջերմուկցիները իրենց հետ զրույցում հայտնել են, որ սեպտեմբերի 13-ից հետո ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում եւ տեսանելի են իրենց։ Ի պատասխան ԶԼՄ հարցերին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանն ասել է․ «Մեր տեղեկություններով՝ իրենք (ադրբեջանական ստորաբաժանումներին,- հեղ․ ) շարունակում են այդտեղ գտնվել, բայց ԳՇ պետը ավելի լավ է տիրապետում, որովհետեւ իրենք հետախուզական բոլոր հնարավոր միջոցները ունեն»։ Հարցին՝ իրենց տեղեկությունները որտեղի՞ց են, արդյո՞ք ադրբեջանցիներին անզեն աչքով տեսնում են, մարզպետը դրական պատասխան է տվել․ «Այո, բայց լրացուցիչ, ավելի մասնագիտական չեմ կարող ասել, որովհետև եթե ԳՇ պետը ասել է, որ գնացել են․․․ Ամեն դեպքում, մենք տեսնում ենք իրենց»,- նշել է նա։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ Infocom-ը նույն օրը գրավոր հարցմամբ դիմել էր Պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով պարզաբանել հնչած երկու հայտարարությունների հակասությունը եւ նշել, թե ՀՀ բնակչությունը դրանցից որ մեկը պետք է ընդունի որպես վերջնական, ճշգրիտ տեղեկություն։ Միեւնույն ժամանակ խնդրել էինք հայտնել՝ ներկայում ադրբեջանական որեւէ խումբ գտնվո՞ւմ է ՀՀ տարածքում, այդ թվում՝ Ջերմուկում։ Եթե այո, ապա քանի՞սն են նրանք եւ քանի՞ կմ խորության վրա են, իսկ եթե ներթափանցած բոլոր խմբերը դուրս են մղվել, ապա ՀՀ սահմանից քանի՞ կմ հեռավորության վրա են նրանք։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի կողմից օկուպացված են ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ, այդ թվում՝ նաեւ Ջերմուկի ուղղությամբ․ «Հայցվող մյուս տեղեկության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ ՀՀ կառավարության 1998 թ․ մարտի 13-ի N 173 որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետերի պահանջները»,- ասված է ՊՆ պատասխանում։ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է տեղեկատվության ազատության սահմանափակումները։ Ըստ այդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք։ Բացառությանը վերաբերող 3-րդ մասը, ի թիվս այլնի, ամրագրում է, որ տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը եւ առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին։  Ինչ վերաբերում է Կառավարության որոշմանը, որին հղում է տվել ՊՆ-ն, այն սահմանում է ՀՀ պետական գաղտնիք համարվող տեղեկությունների ցանկը։ Ըստ այդ ցանկի 2-րդ կետի՝ պետական գաղտնիք են, ի թիվս այլնի, ԶՈՒ ռազմավարական ծավալման մասին տեղեկությունները։ Այս պայմաններում, եթե անգամ ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվելը Նախարարությունը չի դիտում որպես քաղաքացիների անվտանգությանը եւ առողջությանը սպառնացող արտակարգ դեպք, առնվազն տարակուսելի է հայցվող տեղեկությունը պետական գաղտնիք որակելը․ ՀՀ կառավարության որոշումը ՀՀ պետական գաղտնիք է դիտում ՀՀ զինված ուժերի ռազմավարական ծավալման մասին տեղեկությունները, այնինչ մեր հարցը վերաբերում էր ոչ թե ՀՀ, այլ ադրբեջանական զինված ուժերի տեղակայմանը։ Իսկ եթե առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ ադրբեջանական զինված ուժերի տեղակայման բացահայտումը կարող է վտանգ ներկայացնել ՀՀ զինված ուժերի համար, ապա ենթադրվում է, որ ԳՇ պետն էլ այն չէր հրապարակի: Ստացվում է, որ ԳՇ պետը կա՛մ հրապարակել է պետական գաղտնիք համարվող տեղեկություններ, կա՛մ ՊՆ-ն այժմ անհիմն է հրաժարվում պատասխանել լրատվամիջոցի հարցմանը եւ պարզաբանել պաշտոնատար անձանց հայտարարությունների հակասությունը՝ դրանով իսկ զրկելով քաղաքացիներին ճշմարտությունն իմանալու հնարավորությունից։   Միլենա Խաչիկյան
18:10 - 17 նոյեմբերի, 2022
ԵՄ դիտորդական առաքելության գործառույթներն են նաև հրադադարի պահպանման մոնիթորինգը և հրադադարին վերաբերող զարգացումների մասին զեկույցները

ԵՄ դիտորդական առաքելության գործառույթներն են նաև հրադադարի պահպանման մոնիթորինգը և հրադադարին վերաբերող զարգացումների մասին զեկույցները

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը երկու օր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում «էժանագին սուտ» որակեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ Եվրամիության (ԵՄ) դիտորդական առաքելության վերաբերյալ։ Նրա խոսքով, երբ Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղվել, թե ինչու ԵՄ առաքելությունը չի արձագանքել հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի վերջին խախտումներին, Նիկոլ Փաշինյանը սխալ է ներկայացրել դիտորդական առաքելության գործունեությունը: «Ինչ ա ասում, որ նրանք (ԵՄ դիտորդները) հրադադարի պահպանման մեխանիզմներ չեն իրականացնում, նրանց միսիայի էությունն ավելի խորն ա»,- նշեց Աշոտյանը։ Ապա հավելեց, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դիտորդները եկել են ոչ թե հրադադարի մեխանիզմների պահպանման համար, այլ ավելի «խորը միսիայով»։ Որպես իր խոսքերի հաստատում Արմեն Աշոտյանը նաև կից հրապարակեց ԵՄ պաշտոնական հրապարակումն՝ առաքելության գործառույթների մասին, և ընթերցեց դրանից հատվածներ։ Ըստ Աշոտյանի՝ ԵՄ կայքում նշված է, որ առաքելությունը պետք է «սատարի վստահության կառուցման պրոցեսին Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հրադադարի պահպանման մոնիթորինգ իրականացնելով»։  Նա ԵՄ հայտարարությունից մեջբերեց ևս մի հատված․ «ԵՄ մոնիթորինգային կարողությունը Հայաստանում պետք է զեկուցի միջազգայնորեն ճանաչված հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում հրադադարի պահպանմանը վերաբերող զարգացումների մասին»։    Ի՞նչ է ասել Նիկոլ Փաշինյանը Ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվեց Հանրային հեռուստաընկերությանը։ Հարցազրույցի ընթացքում լրագրողը հարցրեց նրան, թե ինչպես կմեկնաբանի այն, որ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից հետո Ադրբեջանը խախտել է հրադադարը, բայց առաքելությունը չի արձագանքել։ Փաշինյանը պատասխանեց, որ չի կարծում, թե դիտորդներն «այստեղ են ամեն օր հայտարարություններ անելու համար»։  «Կարծում եմ, որ նրանք իրենց գործունեության արդյունքում ավելի խորը հետևություններ պիտի անեն, և այդ հետևություններն, իմիջիայլոց, պիտի փոխանցեն նաև դելիմիտացիայի գործընթացում ներգրավված անձանց, պաշտոնյաներին և միջազգային հանրությանը։ Վստահ եմ, որ այդ հետևությունները կլինեն օբյեկտիվ։ Այսինքն՝ նրանք հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգ չեն իրականացնում, նրանց միսիայի էությունն ավելի խորն է»,- նշեց նա։   ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա՝ օկուպացնելով ՀՀ ինքիշխան տարածքից հատվածներ։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան հրադադար հաստատվեց։ Սակայն ըստ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունների՝ Ադրբեջանը մինչև օրս էլ շարունակում է խախտել հաստատված հրադադարը։ Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։ Հանդիպումից հետո հայտարարություն տարածվեց, որտեղ առաջին անգամ խոսվեց Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին։  «Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը»,- նշվում էր հայտարարության մեջ։ Հոկտեմբերի 17-ին ԵՄ-ն հայտարարություն տարածեց, որ մինչև 40 մոնիթորինգային փորձագետների տեղակայումը նպատակ է ունենալու վստահություն ստեղծելու անկայուն իրավիճակում։ Հոկտեմբերի 27-ին ԵՄ դիտորդներն ուղևորվեցին հայ-ադրբեջանական սահման՝ պարեկություն իրականացնելու։   Ի՞նչ գործառույթներ ունի առաքելությունը Հոկտեմբերի 25-ին ԵՄ-ն հարցուպատասխանի ձևաչափով ներկայացրել էր, թե ինչ նպատակով է դիտորդական առաքելությունը գալու հայ-ադրբեջնական սահմանի հայկական հատված (ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր, որ մերժել է Եվրամիության՝ Ադրբեջան առաքելություն ուղարկելու փորձը)։ «Առաքելության մանդատը Հայաստանի և Ադրբեջանի սահմանային շրջաններում իրավիճակի մոնիթորինգն է` երկու երկրների միջև վստահության հաստատմանը նպաստելու և ԵՄ-ին սահմանային հանձնաժողովներին ավելի լավ աջակցելու հանարավորություն տալու համար»,- ասվում էր ԵՄ կայքում: Այնուհետև նշվում էր, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կիրականացնի երկու հիմնական առաջադրանք. Կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը` հետևելով, թե արդյո՞ք երկու կողմերը պահպանում են հրադադարը։ Կանոնավոր և ըստ անհրաժեշտության ներկայացված զեկույցների միջոցով կվերահսկի իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմում: Դա թույլ կտա ԵՄ-ին ավելի լավ աջակցել երկու կողմերի սահմանային հանձնաժողովների աշխատանքին։ ԵՄ կայքում նաև նշվում է, որ դիտորդական առաքելությունը կզեկուցի Հայաստանի և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմում հրադադարին վերաբերող զարգացումների մասին։  Այս փաստաթղթում, որին էլ հենց հղվում էր Արմեն Աշոտյանը, փաստորեն արձանագրվում է, որ ԵՄ դիտորդական առաքելության գործառույթներն են նաև հրադադարի պահպանման մոնիթորինգը և հրադադարին վերաբերող զարգացումների մասին զեկույցները։ Ընդ որում՝ ԵՄ կայքում նշված է, որ, բացի կանոնավոր զեկույցներից, ըստ անհրաժեշտության՝ կներկայացվեն նաև այլ զեկույցներ։  Երեկ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր, որ Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական բանակի ամենօրյա հարձակումները փաստագրել է։ «Առաքելությունը ԵՄ և այլոց համար կհստակեցնի, որ այդ հարձակումները առանց որևէ պատճառի են ու լավագույն կերպով կազմակերպված են Ադրբեջանի կողմից՝ ընդդեմ հայկական պետականության»,- գրել էր Մարուքյանը։ Գլխավոր լուսանկարում ԵՄ առաքելության դիտորդներն են՝ Գեղարքունիքի մարզում, լուսանկարը՝ Գեղարքունիքի մարզպետի ֆեյսբուքյան էջից Աննա Սահակյան
14:18 - 15 նոյեմբերի, 2022
Կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող վիրուսի արհեստական ծագման մասին ապացույցները միանշանակ չեն

Կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող վիրուսի արհեստական ծագման մասին ապացույցները միանշանակ չեն

Հայաստանյան կայքերում տեղեկություններ են տարածվում մի հետազոտության մասին, որի հեղինակներն, իբր, հայտնաբերել են կորոնավիրուսի լաբորատոր ծագման ապացույցներ: Նույն հրապարակումներում նաև հղում է արվում The Lancet ամսագրում հրապարակված զեկույցին, որտեղ «ընդունվում է, որ COVID-19-ը կարող էր առաջանալ լաբորատորիայում»։  Փորձենք հասկանալ, թե ինչ հետազոտության և ինչ զեկույցի մասին է խոսքը, և արդյո՞ք իսկապես կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող վիրուսի՝ SARS-CoV-2-ի արհեստական ծագման ապացույցներ են հայտնաբերվել։   Ի՞նչ հետազոտության մասին է խոսքը, ե՞րբ ու որտե՞ղ է հրապարակվել այն Այս տարվա հոկտեմբերի 20-ին bioRxiv հարթակում հայտնվեց մի հետազոտություն։ Հետազոտության հեղինակներն են մաթեմատիկոս-կենսաբան Ալեքս Ուոշբերնը, Հյուսիսային Կարոլինայի Դյուկի համալսարանի դեղագիտության դոցենտ Անտոնիուս Վանդոնգենը և Գերմանիայի Վյուրցբուրգի համալսարանի մոլեկուլային իմունոլոգ Վալենտին Բրուտելը։ Այս հետազոտության մասին խոսելիս շատ կարևոր է նշել, որ այն հրապարակված է bioRxiv-ում՝ մի հարթակում, որտեղ գիտնականները տեղադրում են իրենց աշխատանքները մինչև գրախոսվելը։ Երեք հեղինակների հոդվածը դեռ գրախոսություն չի  անցել և չի հրապարակվել որևէ գրախոսվող գիտական ամսագրում։ Որպեսզի որևէ գիտական հոդված հրապարակվի գրախոսվող ամսագրում, տվյալ ոլորտի այլ գիտնականներ պետք է ընթերցեն այն, անճշտություններ, թերություններ գտնելու դեպքում տեղեկացնեն հեղինակներին, որ նրանք հնարավորություն ունենան դրանք ուղղելու։ Գրախոսություն անցնելուց և վեջնական տեսքի բերվելուց հետո միայն հոդվածը կարող է հրապարակվել գրախոսվող ամսագրում։ Այս հետազոտության հավաստիության մասին հիմնավոր դատողություններ կարելի է անել գրախոսվելուց հետո միայն։   Ի՞նչ են հայտնաբերել հետազոտության հեղինակները Որպեսզի հասկանանք, թե ինչի մասին է վերը նշված հետազոտությունը, նախ պետք է որոշակի պատկերացում կազմենք կենսաբանական մի քանի տերմինների մասին։ Այսպես, մեր բջիջներում կան ԴՆԹ կոչվող մոլեկուլներ։ ԴՆԹ-ն իր տեսքով երկար աստիճան հիշեցնող երկպարույր շղթա է, և նրա շղթաներից յուրաքանչյուրն իր հերթին կազմված է ավելի փոքր հատվածներից։ Այս հատվածները մենք անվանում ենք տառերով՝ A, T, C և G։ Ավելի պարզ ասած՝ ԴՆԹ շղթան այս տառերի հաջորդականությունն է։  Այն, թե ինչ հերթականությամբ են ԴՆԹ շղթայում դասավորված այս 4 տառերը, շատ կարևոր է, քանի որ այս տառերի որոշակի հաջորդականությունները ԴՆԹ շղթայի կոնկրետ հատվածներում կոդավորում են մեր գեները։ Իսկ մեր գեներից յուրաքանչյուրում նշված տառերի միջոցով կոդավորված տեղեկությունների շնորհիվ մեր օրգանիզմում ստեղծվում են սպիտակուցներ, որոնք մեզ համար կենսական նշանակություն ունեն։ Հիմնականում սպիտակուցներից են կազմված մեր բջիջները, և մեր բոլոր հատկանիշները պայմանավորված են սպիտակուցների գործունեությամբ։ Իսկ ԴՆԹ հաջորդականություններում կոդավորված այս բոլոր տեղեկությունների ամբողջությունը մեր գենոմն է։ Կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող վիրուսը՝ SARS-CoV-2-ը, ինչպես այլ վիրուսներ, ունի իր գենոմը։ Այս հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են SARS-CoV-2-ը և վիրուսի գենոմում մի օրինաչափություն են հայտնաբերել, որն, ըստ նրանց, բնորոշ է արհեստական վիրուսներին։ Դա էլ հիմք է տվել ենթադրելու, որ վիրուսը կարող է ունենալ ոչ բնական ծագում։   Ի՞նչ օրինաչափության մասին է խոսքը Գոյություն ունեն հատուկ ֆերմենտներ, որոնք կարողանում են ԴՆԹ շղթայի  համապատասխան վայրերում կտրվածքներ անել, ավելի պարզ ասած՝ ԴՆԹ երկար շղթան բաժանել ավելի փոքր հատվածների։ Այս ֆերմենտների օգնությամբ հնարավոր է նաև ԴՆԹ առանձնացված հատվածները միավորել և նոր գործառույթներով գեներ ստեղծել։  Իրենց հետազոտության մեջ հեղինակները նշում են այս տեխնոլոգիայով արհեստական վիրուսների ստեղծման մասին։ Հետազոտությունից պարզ է դառնում, որ ուսումնասիրելով SARS-CoV-2-ի գենոմը՝ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ վիրուսի գենոմում վերը նշված ֆերմենտների բաշխվածությունն «անոմալ» է բնական կորոնավիրուսների համար (վիրուսների խումբ, որոնց շարքին է դասվում կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող SARS-CoV-2-ը) և սովորական է լաբորատորիայում հավաքված վիրուսների համար։ Այլ կերպ ասած՝ ֆերմենտների նման բաշխվածությունը նրանց հիմք է տվել ենթադրելու, որ SARS-CoV-2-ի գենոմը հավաքված է լաբորատորիայում ԴՆԹ հաջորդականության փոքր կտորներից։ Չխորանալով հետազոտության այլ մանրամասների մեջ՝ նշենք, որ դժվար է ասել՝ արդյո՞ք դրա հեղինակներն իրոք SARS-CoV-2-ի լաբորատոր կամ արհեստական ծագման ապացույցներ են հայտնաբերել։ Այս հարցին պիտի պատասխանեն ոլորտի գիտնականները, որոնք կգրախոսեն հոդվածը։  Շատ կարևոր է նշել, որ հոդվածի հեղինակները չեն պնդում, որ եթե վիրուսն իսկապես արհեստական ծագում ունի, ապա ստեղծվել ու տարածվել է միտումնավոր։ Հեղինակներից Վալենտին Բրուտելն, օրինակ, գերմանական N-tv-ին տված հարցազրույցում չի բացառել, որ արհեստական վիրուսը կարող էր լաբորատորիայից արտահոսել գենետիկ փորձերի հետևանքով։   Հետազոտության վերաբերյալ կարծիքներ Գիտական հանրությունը միանշանակ չի ընդունել դեռևս չգրախոսված այս հետազոտությունը։ The Economist պարբերականն անդարադարձել է հետազոտությանը՝ ներկայացնելով նաև դրա վերաբերյալ տարբեր գիտնականների կարծիքներ։ Սիդնեյի համալսարանի էվոլյուցիոն կենսաբան և վիրուսաբան Էդվարդ Հոլմսն, օրինակ, ասում է, որ հոդվածում հայտնաբերված բոլոր հատկանիշները բնական են և արդեն հայտնաբերվել են չղջիկների այլ վիրուսներում:  Լոնդոնի համալսարանական քոլեջի հաշվողական կենսաբանության պրոֆեսոր Ֆրանսուա Բալուն էլ նշում է, որ չի կարողացել բացահայտել որևէ ճակատագրական սխալ հետազոտության հիմնավորումների և մեթոդաբանության մեջ:  Էրիկ վան Նիմվեգենը՝ Բազելի համալսարանից, ասում է, որ կան տեղեկության միայն փոքր կտորներ, և «դժվար է դրանից վերջնական որևէ բան դուրս բերել»: Այսպիսով, հետազոտության վերաբերյալ կարծիքները միանշանակ չեն, և ինչպես նշեցինք, միայն գրախոսությունից հետո պարզ կդառնա՝ հետազոտությունն իրո՞ք արժանահավատ է, թե՞ ոչ։   Ի՞նչ է ասում The Lancet-ի զեկույցը SARS-CoV-2-ի ծագման մասին  Անդրադառնանք նաև The Lancet ամսագրի զեկույցին։ 2020-ին The Lancet-ում հանձնաժողով ստեղծվեց, որի նպատակն էր կորոնավիրուսային համավարակը ճնշելու վերաբերյալ առաջարկներ մշակել։ Հանձնաժողովում ներառվեցին համաշխարհային փորձագետներ՝ հանրային քաղաքականության, միջազգային համագործակցության, համաճարակաբանության, տնտեսագիտության և այլ ոլորտներից։ 2022-ի սեպտեմբերին հրապարակված ծավալուն զեկույցի մի առանձին գլուխ նվիրված է SARS-CoV-2-ի ծագմանը։ Զեկույցում շեշտվում է, որ վիրուսի ծագումը դեռևս հայտնի չէ։ «Մենք համաձայն ենք 18 առաջատար գիտնականների հետ, որոնք 2021 թվականի մայիսին Science ամսագրում գրել են. «Մենք պետք է լրջորեն որպես վարկած ընդունենք թե՛ բնական, թե՛ լաբորատոր արտահոսքերը, քանի դեռ բավարար չափով տվյալներ չենք ունենա»»,- վիրուսի ծագման մասին ասվում է զեկույցում։ Հղում է արվում նաև The Lancet-ում 16 գիտնականների հայտարարությանն այն մասին, որ վիրուսի և՛ կենդանաբանական, և՛ լաբորատոր ծագման ամբողջական ապացույցները բացակայում են։ «Անկախ փորձագետները, որոնց հետ խորհրդակցել է Lancet COVID-19-ի հանձնաժողովը, այն տեսակետի կողմնակից են, որ թե՛ բնական, թե՛ լաբորատոր արտահոսքերի վերաբերյալ վարկածները գործում են և լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեն»,- ասվում է զեկույցում: Այնուհետև ներկայացվում են վիրուսի ծագման բնական և լաբորատոր վարկածները։  Ըստ առաջին վարկածի՝ SARS-CoV-2-ն առաջացել է բնական տարածման արդյունքում, այսինքն՝ կենդանուց անցել է մարդու, այնուհետև՝ մարդուց մարդու։ Ըստ երկրորդ վարկածի՝ վիրուսը ծագել է հետազոտության հետ կապված գործողություններից․ հետազոտողը վարակվել է նմուշներ հավաքելիս,  հետազոտողը վարակվել է լաբորատորիայում իրենց բնական միջավայրում հավաքված վիրուսներն ուսումնասիրելիս,  հետազոտողը վարակվել է լաբորատորիայում գենետիկ մանիպուլյացիայի ենթարկված վիրուսներն ուսումնասիրելիս։ Զեկույցում նշվում է, որ անկախ հետազոտողները դեռ չեն ուսումնասիրել ԱՄՆ լաբորատորիաները, որոնք զբաղվում են SARS-CoV-ի նման վիրուսների լաբորատոր մանիպուլյացիայով, և չեն ուսումնասիրել Վուհանում (քաղաքը, որտեց առաջին անգամ հայտնաբերվեց վիրուսը) իրականացված լաբորատոր ուսումնասիրությունների մանրամասները։ «Դեռևս չկա անկախ, գիտական ​​և համատեղ աշխատանք՝ այս թեմայի վերաբերյալ: Վիրուսի ծագման որոնումը պահանջում է միջազգային խմբերի անաչառ, անկախ, թափանցիկ և մանրակրկիտ աշխատանք վիրուսաբանության, համաճարակաբանության, կենսաինֆորմատիկայի և այլ հարակից ոլորտներում բոլոր կառավարությունների աջակցությամբ»,- ասվում է զեկույցում: Այսպիսով, դեռևս չկան հստակ ապացույցներ այն մասին, թե ինչ ծագում ունի SARS-CoV-2-ը։ Պնդել, որ վիրուսն ունի արհեստական ծագում՝ հիմնվելով միայն չգրախոսված մեկ հետազոտության վրա, որը գիտական հանրությունը ոչ միանշանակ է ընդունել, չենք կարող։ Սակայն չենք կարող պնդել նաև հակառակը։  Գլխավոր լուսանկարը՝ paho.org-ից Աննա Սահակյան
14:08 - 12 նոյեմբերի, 2022
Սարգիս Ավետիսյանի պնդումը, թե վերջերս լուրեր են շրջանառվել, որ Կարսում պետք է հանդիպեն Էրդողանն ու Փաշինյանը, իրականությանը չի համապատասխանում

Սարգիս Ավետիսյանի պնդումը, թե վերջերս լուրեր են շրջանառվել, որ Կարսում պետք է հանդիպեն Էրդողանն ու Փաշինյանը, իրականությանը չի համապատասխանում

Նախօրեին 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդման տաղավարում «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների, Փաշինյան-Էրդողան, Փաշինյան-Ալիեւ բանակցությունների մասին, ասել է․ [20:26] «Վերջերս լուրեր գնաց, որ Կարս քաղաքում պետք ա տեղի ունենա հանդիպում Նիկոլ Փաշինյանի եւ Էրդողանի [միջեւ]։ Հիմա տրամաբանական հարց․ էս ստացվում ա, որ դուք կատարել եք Թայիփ Էրդողանի ասածները, եւ նա ձեզ ընդունում ա, ընդ որում՝ Կարս քաղաքում, եւ էդ Կարս քաղաքում պատրաստվում ա մի փաստաթուղթ ստորագրվել՝ հաշտության պայմանագիր, որով իբր Հայաստանը ոչ մի պահանջ չունի Թուրքիայի հանդեպ»։ Ավետիսյանի պնդումները, սակայն, իրականությանն այնքան էլ չեն համապատասխանում։ Բանն այն է, որ լուրեր չեն շրջանառվել, թե Փաշինյանն ու Էրդողանը հանդիպելու են Կարսում։ Թեեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում Կարս քաղաքի մասին հիշատակում իրականում եղել է․ մասնավորապես, հայաստանյան լրատվամիջոցները, հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, այս տարվա օգոստոսի 11-ին հաղորդել էին [1, 2], որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական՝ հինգերորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին, Կարս քաղաքում։  Սակայն ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը նույն օրը «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանել էր, որ այդ պահի դրությամբ հանդիպման վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն չկա, եւ որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին իրենք հանրությանը պատշաճ ժամկետներում, նախօրոք տեղեկացնում են։  Այդ մեկնաբանությունից հետո Կարսում հանդիպում անցկացնելու հավանականության մասին այլ լուրեր չեն տարածվել, համենայն դեպս հայկական մեդիատիրույթում։ Իսկ Փաշինյան-Էրդողան՝ Կարսում կայանալիք հանդիպման մասին ընդհանրապես խոսք չի եղել։ Քննարկումները եղել են այն կոնտեքստում, որ հանդիպումները կարող են անցկացվել կամ Հայաստանում, կամ Թուրքիայում։ Թեեւ այս առնչությամբ էլ հարկ է նշել, որ այս տարվա հոկտեմբերի 25-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հերքել է թուրքական «Սաբահ» պարբերականի տեղեկությունը, թե բանագնացների առաջիկա հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում կողմերի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը մինչ այժմ չորս հանդիպում են ունեցել՝ առաջինը Մոսկվայում, մյուսները` Վիեննայում․ վերջին հանդիպումը եղել է հուլիսի սկզբին։ Այդ հանդիպման ժամանակ Հայաստանը եւ Թուրքիան պայմանավորվել են բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում, թեեւ մինչեւ հիմա ո՛չ Երեւանը, ո՛չ Անկարան չեն նշել, թե երբ կսկսեն իրագործել այդ պայմանավորվածությունը: Իսկ Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել են միայն մեկ անգամ՝ Չեխիայում, որտեղ էին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովին։ Հանդիպման ժամանակ կողմերը շեշտել են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը: Այսպիսով, Կարսում հայ ու թուրք պաշտոնյաների հանդիպման հավանականության մասին լուրերը շրջանառվել են ոչ թե վերջերս, այլ ամիսներ առաջ՝ օգոստոսին։ Դրանց մասին սկզբում գրել են թուրքական աղբյուրները, լուրերը հրապարակվել են նաեւ հայկական աղբյուրներում, սակայն պաշտոնական գերատեսչությունների ներկայացուցիչները՝ մասնավորապես ՀՀ ԱԳՆ խոսնակն ու ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, առնվազն պաշտոնապես չեն հաաստատել այդ տեղեկությունները։ Բացի դրանից՝ որեւէ տեղեկություն չի շրջանառվել այն մասին, թե Կարսում հանդիպելու են Էրդողանն ու Փաշինյանը, դրա վերաբերյալ այժմ էլ չկա նախնական պայմանավորվածություն։ Ինչ վերաբերում է հնարավոր ստորագրվելիք փաստաթղթին, ապա որեւէ կոնկրետ փաստաթղթի եւ դրա բովանդակության մասին պաշտոնական տեղեկություններ չկան։ Այսպիսով, «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի պնդումը, թե վերջերս լուրեր են շրջանառվել, որ Կարսում պետք է հանդիպեն Էրդողանն ու Ալիեւը, իրականությանը չի համապատասխանում։ Հայարփի Բաղդասարյան
21:43 - 10 նոյեմբերի, 2022
Նարեկ Մանթաշյանը կոնտեքստից կտրված է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի խոսքերը

Նարեկ Մանթաշյանը կոնտեքստից կտրված է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի խոսքերը

Օրեր առաջ՝ նոյեմբերի 7-ին, 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդման հյուրն էր «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը։ Հաղորդավարը՝ Դերենիկ Մալխասյանը, այսպիսի հարց է հնչեցնում․ [12:42] «Հիմա՝ իշխանություններից ազատվելու, իշխանափոխության մասին․ «Դիմադրության» շարժումը բավականին տեւական ժամանակ այդ օրակարգով հրապարակում էր, հունիսի 3-ին տեղի ունեցավ այն, ինչը շատերը տեսան եւ համոզվեցին, որ իշխանությունը պատրաստ է ճգնաժամային պահին կրակել, բիրտ ուժ կիրառել, ցրել ժողովրդին, եւ կրկին շատերը մտածեցին, որ սահմանադրական ճանապարհը կամ այն ճանապարհը, որով հանրային ճնշման միջոցով պետք է իշխանություն փոխվի, ինչպես Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանութան, այդ ճանապարհը հենց Նիկոլ Փաշինյանը փակում է ընդդիմության առաջ՝ պատրաստ լինելով կրակելու։ Հիմա, Ձեր կարծիքով, պատային վիճակ չի՞ ստացվում այս առումով»։ Նարեկ Մանթաշյանն այս հարցին այսպես է արձագանքում․ [13:28] «Էն, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ էր կրակելու, եթե ոմանք համոզվել են հունիսի 3-ին, ես դրանում համոզվել եմ շատ ավելի վաղուց, երբ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցներից մեկում նա բացեիբաց հայտարարեց, որ «ես պատրաստ եմ ընդդիմության որեւէ հավաք կամ, էսպես, բարձրացրած ձայն տանկերի մամլիչների տակ ճզմելու․․․»»։ Մանթաշյանը կոնտեքստից կտրված է ներկայացնում Փաշինյանի խոսքերը։ Այսպես, վերջինս նշում է, որ Փաշինյանը «Ազատությանը» տված հարցազրույցներից մեկում ասել է «ընդդիմությանը տանկերով ճզմելու պատրաստակամության մասին»։ Խոսքը 2019 թվականի հունիսի 3-ի հարցազրույցի մասին է, որի ժամանակ Փաշինյանը, ի թիվս այլնի, խոսում է հայաստանյան ժողովրդավարությունից, դատաիրավական համակարգի բարեփոխումներից, անդրադառնում նաեւ ընդդիմադիրների քննադատություններին, այդ թվում այն պնդումներին, որ Ռոբերտ Քոչարյանը, որն այդ ժամանակ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում կալանավորված էր, քաղբանտարկյալ է։ Մասնավորապես, մեկնաբանը՝ Հրայր Թամրազյանը, դիմելով Փաշինյանին՝ ասում է․  [45:44] «Պարո՛ն վարչապետ, հիմա, այ դուք, իբրեւ, լինելով նախկին քաղբանտարկյալ, ավելի քան երեքուկես տարի բանտում եք եղել, եւ հիմա ինչպե՞ս կմեկնաբանեք Քոչարյանի այն պնդումները, թե ինքը քաղբանտարկյալ է»։ Ի պատասխան՝ Փաշինյանն ասում է․ [46:02] «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նրանք, նշանակում է, ասում են, որ ես էսօր իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երեւան քաղաք եւ ցանկացած ընդդիմադիր դրսեւորում տանկերի թրթուրների տակ ճզմել։  Եթե ես իրավունք ունեմ զինված ուժերի, տանկերի թրթուրների տակ ճզմել ընդդիմությանը․․․ Եթե ես իրավունք չունեմ էդպիսի բան անելու, ես ասելով՝ որեւէ մեկը իրավունք չունի էդպիսի բան անելու, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել։ Եթե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, մենք ասում ենք՝ Հայաստանում տենց ա, մեր մոտ, երբ որ հանկարծ տեսանք, որ իշխանությունը կորցնում ենք, ի՞նչ խնդիր կա, տանկերը բոլոր տեղերից կհավաքենք, կմտցնենք Երեւան քաղաք՝ դե եկեք-վերցրեք իշխանությունը, տեսնեմ՝ ոնց եք վերցնում»։ Փաշինյանն, ըստ ամենայնի, տանկերը Երեւան մտցնելու այս դրվագը նկարագրում է՝ նկատի ունենալով 2008թ․ մարտիմեկյան դեպքերը, որոնց ժամանակ մայրաքաղաքում մարտական զրահամեքենաների առկայության վերաբերյալ տեղեկություններ կան, համացանցում պարզ որոնմամբ էլ կարելի է գտնել մայրաքաղաքի կենտրոն բերված զրահամեքենաների, բայց ոչ տանկերի կադրեր։ Թեեւ տարբեր գործիչներ, եւ հատկապես Նիկոլ Փաշինյանը, տարբեր տարիների իր ելույթներում խոսել է «ժողովրդի ընդվզումը տանկերի թրթուրների տակ ճզմելու» մասին։ Որպես օրինակ՝ 2014 թվականին Ազգային ժողովում Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նիստի ժամանակ իր ելույթում [2:44] Փաշինյանն ասել է․ «2008 թվականի Մարտի 1-ը ժողովրդական ընդվզման լուսավոր մի օր էր, որ իշխանությունը ճնշեց տանկերի թրթուրների տակ»։Կամ մեկ այլ օրինակ՝ պատերազմից հետո՝ 2021թ․ մարտի 1-ին, Երևանի Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հանրահավաք էր հրավիրել՝ ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի և ներքաղաքական իրավիճակի լուծման ուղիների շուրջ: Այդ օրն իր ելույթում Փաշինյանն ասել է․ «[․․․] Գլխավոր շտաբի պետը, որն անում է քաղաքական հայտարարություն, ընդ որում՝ այդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների՝ Հանրապետականների դրդմամբ, ովքեր ուզում են 2008 թվականի նման ժողովրդական կամքը խեղդել տանկերի թրթուրների տակ, Հայաստանի Հանրապետությունը նման Գլխավոր շտաբի պետ չի կարող ունենալ[...]»։ Այսպիսով, Նարեկ Մանթաշյանը, փաստացի, կոնտեքստից կտրված է ներկայացնում Փաշինյանի մեկնաբանությունը՝ ներկայացնելով, թե նա ասել է, որ «պատրաստ է ընդդիմությանը ճզմել տանկերի տակ»։ Այնինչ Փաշինյանը իր տեսանկյունից զուգահեռ է անցկացրել Քոչարյանի քաղբանտարկյալ լինելու եւ ընդդիմությանը տանկերով ճզմելու կարելիության միջեւ՝ ինքն էլ ընդգծելով, թե «որեւէ մեկն իրավունք չունի այդպիսի բան անելու»։ Ի հիշեցում՝ այս տարվա հունիսի 3-ին, «Դիմադրություն» շարժումը երթ էր անում, եւ երբ երթը հասել էր կառավարական առանձնատների մոտ եւ փորձում էր շարժվել դեպի խորհրդարանի շենք, բախումներ սկսվեցին ցուցարարների ու ոստիկանների միջեւ, որոնց հետեւանքով տասնյակ վիրավորներ եղան եւ ոստիկանների, եւ ակցիայի մասնակիցների շարքերից։ Բախումների ժամանակ ոստիկանությունն օգտագործեց լուսաձայնային նռնակներ։ Հունիսի 3-ի բախումների քրոնիկոնը մանրամասն ներկայացրել են fip.am-ի մեր գործընկերները։ Հայարփի Բաղդասարյան
12:28 - 10 նոյեմբերի, 2022
44-օրյա պատերազմին առնչվող նոր քրեական վարույթ է նախաձեռնվել

44-օրյա պատերազմին առնչվող նոր քրեական վարույթ է նախաձեռնվել

44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութին հարակից Խուռհատ սարում զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողներն օրերս հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որի հիման վրա Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Infocom-ի հարցին ի պատասխան Դատախազությունից տեղեկացրին, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 549-րդ եւ 550-ի հոդվածների 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն։ Խոսքը վերաբերում է պատերազմի ժամանակ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելուն եւ զինվորական պաշտոնեական անփութությանը։ Զինծառայողների ծնողների այս հաղորդման հիմք են հանդիսացել Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի պետ, մայոր Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով դատարանում ի հայտ եկած հանգամանքները։ Վահանյանը, հիշեցնենք, հանդիսանալով հիշյալ գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետ, ըստ մեղադրանքի, 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում աջ ազդոսկրի հատվածում թեթեւ վնասվածք ստանալը օգտագործել է որպես պատրվակ, վերցրել վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով՝  անձնակազմին թողել եւ հեռացել։ Նրա հեռանալուց հետո անձնակազմը տեղում գտնվող մի քանի սպաների հետ միասին անկանոն նահանջ է իրականացրել։ Դատական գործի շրջանակում քննության առարկա են դարձել ոչ միայն Վահանյանի այս գործողությունները, այլ նաեւ այդ նահանջի մանրամասները։ Մասնավորապես, հարցաքննության ժամանակ սպա Հայկազ Գրիգորյանը պատմել է, որ Վահանյանի գնալուց հետո, երբ արդեն շրջափակման մեջ են ընկել, չեն իմացել՝ որ ուղղությամբ գնալ, եւ արդյունքում, 200 հոգանոց անձնակազմը բաժանվել է 3 խմբի․ ոմանք սխալ ուղղությամբ են գնացել, ինչի հետեւանքով հետագայում զոհվել կամ գերեվարվել են։ Դատավարության մասնակիցների հարցին, թե ներկա 4 սպաներով ինչո՞ւ չեն կանխել զորքի ցաքուցրիվ լինելը, վկան պատասխանել է, որ իրավիճակն այնքան անկանոն էր, որ չեն կարողացել։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանն այդ ժամանակ հայտարարել է, որ վկայի խոսքերը հանցագործության տարրեր են պարունակում, որից հետո իրավահաջորդների անունից հաղորդում է ներկայացվել։ Մեր զրույցում Գուրգեն Գրիգորյանը նշեց, որ նախաձեռնված վարույթով քննության առարկա պետք է դառնան ինչպես տվյալ օրը տվյալ վայրում գտնվող սպաների գործողությունները, այնպես էլ դրանից առաջ՝ հոկտեմբերի 7-ի մոտակայքում, զինծառայողներին Հադրութի զորամաս տեղափոխելը։ Բանն այն է, որ Հադրութի զորամասն էլ այդ ժամանակ անվտանգ չի եղել, եւ ըստ տուժող կողմի՝ սխալ էր զինծառայողներին այնտեղ տանելը։ Գրիգորյանի խոսքով՝ նախաձեռնված վարույթով ծնողներն առայժմ տուժողի իրավահաջորդ չեն ճանաչվել, դատավարական որեւէ գործողության չեն մասնակցել։ Փաստաբանը տեղեկացրեց նաեւ, որ այժմ հանցագործության մեկ այլ հաղորդում են պատրաստում․ «Հիմա երկրորդ հաղորդումն ենք պատրաստում գեներալ Կարեն Առստամյանի հետ կապված, նրա ցուցմունքը խոստովական ցուցմունք էր, որ վկայում էր անգործության մասին, քննությունը կպարզի՝ ուղղակի՞ թե՞ հանցավոր անգործության»,- ասաց նա։ Նշենք, որ Կարեն Առստամյանը պատերազմի ժամանակ այն դիվիզիայի հրամանատարն էր, որի ղեկավարման ներքո է գտնվել նորակոչիկների հիշյալ գումարտակը։ Դատարանում ցուցմունք տալիս Առստամյանը նշել է, որ Վահանյանի ենթադրյալ փախուստի, կապի միակ միջոցի բացակայության եւ զորքի ոչ կանոնակարգված նահանջի մասին իրեն չի զեկուցվել, ինքը օրեր անց է իմացել, իսկ իմանալուց հետո հնարավորություն չի ունեցել ենթադրաբար անտառներում մնացած զինծառայողների դուրսբերման ուղղությամբ որեւէ գործողություն իրականացնել։ Առստամյանի ցուցմունքը նաեւ որոշ դրվագներով հակասել է նույն օրը հարցաքննված փոխգնդապետ Ռյուրիկ Սեմյոնովի ցուցմունքին։ Վերջինս դատարանում հայտնել է, որ սեպտեմբերի 21-ից սկսած՝ տեխնիկայի շարժ է նկատվել, 24-ին կամ 25-ին անօդաչու են բարձրացրել եւ տեսել հակառակորդի մեծ քանակությամբ կուտակումը։ Այդ օրը, ըստ նրա, Կարեն Առստամյանը, իր կողքին է եղել, մինչդեռ Առստամյանը նշել է, որ ինքը արձակուրդում է գտնվել, եւ ծառայության է վերադարձել միայն սեպտեմբերի 26-ին։ Սեմյոնովի խոսքով՝ նման կուտակումների դեպքում պետք էր առաջինը գործել, խոցումներ իրականացնել, սակայն իրենք, որքան էլ զեկուցել են վերադաս հրամանատարությանը, դիվիզիայի հրամանատարից կամ ուրիշ մեկից նման հրաման այդպես էլ չեն ստացել․ «Պետք է պարզվի, թե մինչեւ ում են զեկուցել, արդյոք մինչեւ վերջ զեկուցվել է՝ Պաշտպանության բանակի շտաբի պետ, ՀՀ զինված ուժերի շտաբի պետ, երկու Հանրապետությունների նախարարներ, Անվտանգության խորհրդի քարտուղար, Գերագույն գլխավոր հրամանատար․․․ Եթե այս բոլոր անձանց հասցվել է, ապա ինչո՞ւ որեւէ գործողություն չի արվել, զինվորները ամսի 26-ին հանգիստ իրենց գործով են եղել, այդպես չի լինում,- մեր զրույցում ասաց փաստաբանը՝ կատարվածը դավաճանություն որակելով։   Միլենա Խաչիկյան
14:43 - 04 նոյեմբերի, 2022
«Պատիվ ունեմ»-ը ՍԴ-ում կվիճարկի ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի ընտրությունը

«Պատիվ ունեմ»-ը ՍԴ-ում կվիճարկի ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի ընտրությունը

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստվում է Սահմանադրական դատարանում վիճարկել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորանշանակ նախագահ Վահագն Հովակիմյանի ընտրությունը։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, Հովակիմյանը, որպես պատգամավոր եւ ԿԸՀ անդամի թեկնածու, մասնակցելով իր իսկ քվեարկությանը, խախտել է «ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի պահանջները, ըստ որի՝ պատգամավորական էթիկայի խախտում է, ի թիվս այլնի, պատգամավորի կողմից իր լիազորություններն իրականացնելիս իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով առաջնորդվելը, իսկ անձնական շահերով առաջնորդվել է նաեւ քվեարկությանը մասնակցելը, որը կարող է հանգեցնել կամ նպաստել պաշտոնում իր ընտրությանը կամ նշանակմանը։ Հովակիմյանի նշանակումից հետո Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել էր ԱԺ երեք խմբակցություններին՝ խնդրելով հայտնել, թե ինչ դիրքորոշում ունեն Հովակիմյանի սեփական քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ եւ արդյոք պատրաստվում են իրավական գործընթաց սկսել։ Հաշվի առնելով, որ նշանակումից հետո մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարությամբ էին հանդես եկել՝ ի թիվս այլնի, խմբակցություններին հորդորելով ԱԺ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծ ներկայացնել՝ հարցրել էինք նաեւ՝ արդյո՞ք պատրաստվում են նման նախագիծ ներկայացնել։ «Պատիվ ունեմ»-ի մասնագետները կազմում եմ ՍԴ դիմումը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է, որ խմբակցության կարծիքով՝ ՀՀ ԿԸՀ նախագահի պաշտոնը անկյունաքարային է ժողովրդավարության եւ դրա շարունակականությունն ապահովելու տեսանկյունից, ուստի ԿԸՀ-ի նախագահի ընտրության օրինականության հարցը պետք է վիճարկվի ՀՀ բարձր Սահմանադրական դատարանում։ Թովմասյանի փոխանցմամբ՝ այս պահին մասնագետները կազմում եմ դիմումը․ «ԿԸՀ-ը անկախ պետական մարմին է: ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածը սահմանում է, որ ԿԸՀ անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Վահագն Հովակիմյանի նշանակումը ԿԸՀ-ի նախագահի պաշտոնում իշխող կուսակցության նեղ խմբային, քաղաքական շահի սպասարկման դրսեւորում է, քանի որ նա, լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, երկար տարիներ զբաղվում է ակտիվ քաղաքական գործունեությամբ»,- նշել է պատգամավորը։ Մեջբերելով հիշյալ օրենքի դրույթները՝ նա ընդգծել է, որ Վահագն Հովակիմյանը քվեարկությունից առաջ պարտավոր էր հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ, եւ այդ դեպքում հարցի քվեարկությունից նրա բացակայությունը համարվեր հարգելի․ «Ընդ որում, մեր կարծիքով նրա քվեն վճռորոշ է եղել ընտրության արդյունքների հարցում, քանի որ համաձայն ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի պահանջերի՝ ԿԸՀ նախագահին եւ մյուս անդամներին ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, ուստի մեզ համար ակնհայտ է դառնում, որ Վահագն Հովակիմյանի ընտրության համար անհրաժեշտ էր առնվազն 65 կողմ ձայն, իսկ նա հենց այդ քանակությամբ ձայն էլ ստացել է,- ասված է «Պատիվ ունեմ»-ի պատասխանում։ «Հայաստան» խմբակցությունը քննարկում է իրավական գործընթաց նախաձեռնելու հարցը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ իրավական գործընթաց նախաձեռնելու եւ համանման հարցերը գտնվում են քննարկման փուլում, արդյունավետ լուծման հանգելու պարագայում լրացուցիչ կտեղեկացնեն։ Ըստ Մինասյանի՝ Վահագն Հովակիմյանի կողմից իր իսկ քվեարկությանը մասնակցելը, ինչպես նաեւ առհասարակ նրա թեկնածության առաջադրումն ու ԿԸՀ նախագահի պաշտոնում «ընտրությունը» Հայաստանի օրվա քաղաքական իշխանություն իրականացնող վարչախմբի հերթական ապօրինությունն է՝ հակաժողովրդավարական, հակաիրավական եւ հակաքաղաքական դրսևորման ակհայտ ցուցադրմամբ․ «Հանրային իշխանության՝ սահմանադրական ինստիտուտները զավթելու անթաքույց վարքագիծ դրսեւորող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, չբավարարվելով գործադիր եւ օրենսդիր իշխանության լծակները իրենով անելու հակաժողվրդավարական մեթոդներով, տեւական ժամանակ ոտնահարելով ՀՀ գործող Սահմանադրությունն ու պառլամենտարիզմի միջազգային սկզբունքները, զավթում է դատական իշխանության եւ անկախ պետական մարմինների առանցքային պաշտոնները, յուրացնում տեղական ինքնակառավարման մարմինների ու իրավապահ համակարգի գործառույթները: Ցավոք, այս ամենը, ինչպես նաեւ իշխանությունների տարանջատման եւ հավասարակշոման հիմնարար սկզբունքը ոտնահարվում է նաեւ քաղաքացիական հասարակության աչքի առաջ, օրը ցերեկով՝ վերջինիս լուռ համաձայնությամբ»,- գրել է խմբակցության քարտուղարը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը անտեսում է լրատվամիջոցի գրավոր հարցումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, չնայած օրենքով սահմանված ժամկետի ավարտին, մեր գրավոր հարցմանը չի պատասխանել։ Նշենք, որ տեղեկություն ստանալու իրավունքը ամրագրված է Սահմանադրությամբ, իսկ դրա կարգը սահմանված է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ  օրենքով։  Օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ գրավոր հարցման պատասխանը տրվում է այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ եթե տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այն դիմողին է տրվում դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին դիմողին գրավոր տեղեկացնում են նույն 5-օրյա ժամկետում՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Գրավոր հարցումը ՔՊ-ին մենք ուղարկել ենք հոկտեմբերի 14-ին՝ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի անվամբ, եւ ուղարկելուց հետո նրա օգնական Նատալի Սինորյանից հավաստիացել ենք, որ այն ստացել են։ 5-օրյա ժամկետը լրանալուց հետո հարցման պատասխանը չենք ստացել եւ կապ ենք հաստատել Սինորյանի հետ պատճառները հասկանալու համար։ Վերջինս տեղեկացրել է, որ Հայկ Կոնջորյանից հարցման վերաբերյալ որեւէ հանձնարարական չի ստացել։ Խնդրել ենք ճշտել՝ հիշեցնելով օրենքով նախատեսված ժամկետի ավարտի մասին։ Սինորյանը խոստացել է ճշտել եւ տեղեկացնել, ինչն այդպես էլ չի արվել։ Օրեր անց դարձյալ զանգահարել ենք նրան եւ ստացել նույն պատասխանը, թե Կոնջորյանը հարցման հետ կապված դարձյալ որեւէ հանձնարարական չի տվել։ Հայտնել ենք, որ այդ պատասխանը մեզ չի բավարարում, քանի որ օրենքով սահմանված ժամկետը լրացել է, եւ մենք արդեն իսկ մի քանի օր ավելի սպասել ենք, որպեսզի ինքը ճշտի, ուստի խնդրել ենք հայտնել, թե ինչ է ճշտել։ Ի պատասխան՝ Սինորյանն ասել է, որ հասկանում է, սակայն Կոնջորյանը հանդիպումների մեջ է եղել, եւ ինքն ավելացնելու ոչինչ չունի։ Օգնականը հավելել է, որ նորություն ունենալու դեպքում կզանգահարի, եւ անջատել է հեռախոսը։ Մենք փորձել ենք կապ հաստատել նաեւ պատգամավոր Հայկ Կոնջորյանի հետ, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանել։     Միլենա Խաչիկյան  
14:23 - 03 նոյեմբերի, 2022
Անձնակազմի մի մասը, պատշաճ չտեղեկացվելով Հադրութի գրավման մասին, նահանջել է այդ ուղղությամբ․ Վահանյանի գործով հարցաքննվեց ևս 2 սպա

Անձնակազմի մի մասը, պատշաճ չտեղեկացվելով Հադրութի գրավման մասին, նահանջել է այդ ուղղությամբ․ Վահանյանի գործով հարցաքննվեց ևս 2 սպա

#Կարճ_ասած Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում երեկ շարունակվեց 44-օրյա պատերազմի ժամանակ  իշխանության անգործության եւ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործի քննությունը, որի ժամանակ դատարան ներկայացան եւ հարցաքննվեցին սպայական կազմից վկաներ։ Պատերազմի ժամանակ Հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար Լեւոն Բաբայանը պատմեց, որ երբ հոկտեմբերի 10-ի նահանջի ժամանակ վերադաս հրամանատարությունից տեղեկացել է, որ Հադրութ քաղաք գնալը վտանգավոր է, այդ մասին հայտնել է ներկա անձնակազմին։ Բոլորին թե ոչ՝ վկան դժվարացավ հստակեցնել։ Այնուհանդերձ, նշեց, որ կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանին այդ ժամանակ չի տեսել, իսկ Մուրադյանը այն սպան է, որի ղեկավարությամբ անձնակազմի մի մասը գնացել է Հադրութի ուղղությամբ, ինչի արդյունքում բազմաթիվ զինծառայողներ զոհվել եւ գերեվարվել են։ Մեկ այլ դասակի հրամանատար Արթուր Դանիելյանն էլ պատմեց, որ հոկտեմբերի 2-ին, երբ ինքը վիրավոր ընկած է եղել Նյուզգյար տեղամասում, Իշխան Վահանյանի ղեկավարած շտապօգնության մեքենան եկել է, սակայն իրեն չի տարհանել․ այլ վիրավորների հետ այդտեղ թողնելով՝ հեռացել է։ Թե ինչու, վկան չգիտեր, հետագայում չի էլ հարցրել․ «Ոչ մեկին էդ հարցը չեմ տվել, վերեւն Աստված կա, ամեն մարդու արածն իր դեմն ա գալու»,– ասաց նա։  #Մանրամասն 2020 թ․ հոկտեմբերի 10-ին՝ Խուռհատ սարում նահանջ իրականացնելու ժամանակ, սպայական կազմը  բջջային կապով իմացել է, որ Հադրութ քաղաքի ուղղությամբ գնալը վտանգավոր է, քանի որ հակառակորդն արդեն այնտեղ է, բայց չնայած դրան՝ N զորամասի 5-րդ ուսումնական գումարտակի անձնակազմի մի մասը, պատշաճ չտեղեկացվելով, հրամանատարներից մեկի հետ այդ ուղղությամբ է գնացել, ինչի հետեւանքով բազմաթիվ զինծառայողներ զոհվել եւ գերեվարվել են։ Խուռհատ սարում նահանջը եւ դրան նախորդած դեպքերը քննարկման առարկա են նույն գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակում։ Վահանյանը, հիշեցնենք, մեղադրվում է անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ մեղադրանքի՝ այդ օրը աջ ազդոսկրի հատվածում թեթեւ վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով՝ նա վերցրել է վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով՝  անձնակազմին թողել եւ հեռացել։ Հիշյալ նահանջը իրականացվել է դրանից հետո։ Դատարանը ներկայում հարցաքննությունների փուլում է։ Դատակոչի ենթակա 40 անձանից առայժմ հարցաքննվել են շուրջ 17-ը։ Ըստ կապիտան Լեւոն Բաբայանի՝ Վահանյանը, կաղալով քայլելով, կանգնեցրել է վիրավորների մեքենան, նստել եւ հեռացել Երեկ դատակոչված վկաների թվում էր կապիտան Լեւոն Բաբայանը, որը նախքան պատերազմը եղել է գնդի հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար։ Սեպտեմբերի 16-ին նշանակվել է հիշյալ 5-րդ ուսումնական գումարտակի հակատանկային դասակի հրամանատար, սակայն օրեր անց՝ սեպտեմբերի 26-ին, իրեն տեղափոխել են դիրքեր, քանի որ այնտեղ գտնվող 4-րդ գումարտակը հակատանկային դասակի հրամանատար չի ունեցել։ Փաստացի, պատերազմի ժամանակ ուսումնական գումարտակն այլեւս իր հրամանատարության ներքո չի եղել, նրանց հետ չի առնչվել։ Այնուհանդերձ, Խուռհատ սարում տեղի ունեցած դեպքերի ժամանակ Բաբայանը՝ իր մեկ հաշվարկով (այսինքն՝ նա եւ եւս երկու անձ), ներկա են եղել՝ այլ խնդիր իրականացնելու նպատակով․ «Հոկտեմբերի 9-ին Վազգեն Վարդանյանը (դասակի հրամանատար է,–հեղ․) ինձ զանգել է, ասել, որ տանկերի շարժ կա, իմ կարիքը կա, ես էլ վերադասության հետ ճշտել եմ, իմ մեկ հաշվարկով գնացել ենք Հադրութի սարը, ուսումնական գումարտակն արդեն այնտեղ է եղել, ձախ կողմից իրենք են նստած եղել, աջ կողմից՝ մենք, ամսի 10-ին, որ Հադրութը գրավել են, նոր դուրս ենք եկել»։ Լուսանկարում՝ վկա Լեւոն Բաբայանը 9-ի երեկոյան, ըստ Բաբայանի, հրետանին է հարվածել, իսկ հաջորդ օրը կեսօրից մարտ է ընթացել, ուսումնական գումարտակը զոհեր եւ վիրավորներ է ունեցել։ Վիրավորներին իջեցրել են, որից հետո արդեն անձնակազմն է իջել։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցին՝ այսինքն՝ նահա՞նջ է իրականացվել, վկան պատասխանեց․ «Եթե կարելի է այդպես ասել․․․ Նահանջը ո՞րն է, հետ էին գալիս սարից, որովհետեւ վիրավորները շատ էին, հակառակորդը շատ էր խորանում»։ Այդ ժամանակ է, որ վկան նկատել է Վահանյանին․ «Երբ անձնակազմը իջնում էր սարից դեպի ճանապարհ, Վահանյանը կաղալով գալիս էր, գոռում էր՝ վիրավոր կա, կանգնեցրեք, մի հատ կամազ էր մնացել, կանգնեցրել են, տեսել եմ, որ նստել է մեքենան, ճանապարհով իջել»,– ասաց նա՝ հավելելով, որ չգիտի՝ այլ վիրավորների Վահանյանն իր հետ տարել է, թե չէ։ Վկան հայտնեց նաեւ, որ հոկտեմբերի 10-ին հրետանի չի աշխատել, այնինչ Վահանյանը, ըստ բժշկական տեղեկանքների, այդ օրը բեկորային վնասվածք է ստացել։ Հրետանու պետը հաղորդել է, որ Հադրութի ուղղությամբ գնալը վտանգավոր է Բաբայանի խոսքով՝ Վահանյանի հեռանալուց մոտ 15 րոպե անց հեռախոսով (քանի որ իր ռադիոկապի լիցքավորումը ավարտված է եղել,–հեղ) կապ է հաստատել հրետանու պետի, հրետանու շտաբի պետի հետ, որոնք իրեն ասել են, որ Հադրութի ուղղությամբ չգնան, որովհետեւ թշնամին արդեն լցվել է քաղաք։ Տեղում գտնվող սպաներով որոշել են բարձրանալ հարակից սարերից մեկը, որպեսզի վերեւից տեսնեն թշնամու շարժը եւ հասկանան՝ ուր գնալ։ Այս դրվագի հետ կապված հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը մի շարք հարցեր հղեց վկային․ -Երբ տեղեկացաք, որ Հադրութի ուղղությամբ չպետք է գնալ, ուսումնական գումարտակն ամբողջ կազմով ձեզ հե՞տ էր,- հարցրեց Ավետիսյանը։ -Ամբողջը չէ, վերեւը վիրավորներ ենք ունեցել, զոհեր էլ,– պատասխանեց վկան։ -5-րդ գումարտակը 300-ից ավելի անձնակազմ է ունեցել, մնացած անձնակազմը ձեզ հե՞տ էր։ -Մնացած անձնակազմը անտառից ճանապարհով իջել է ներքեւ, մենք էլ իրենց հետ իջել ենք, ինձնից առաջ մարդ գնացել է թե չէ՝ չեմ կարող։ Մնացած սպաների հետ հասկացել ենք, որ Հադրութ գնալը վտանգավոր է, որոշել ենք բարձրանալ սարը։ Մենք առջեւից ենք գնացել, անձնակազմը՝ մեր հետեւից, այդ ժամանակ կապի դասակի Հովոյի հետ (նկատի ունի կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանին–հեղ․) շարասյան մի որոշ մասը իջել է ներքեւ․ թե ինչ պայմաններում, ինչու են նման որոշում կայացրել, չեմ կարող ասել,– պատասխանեց վկան։ -Իսկ 5-րդ գումարտակի սպայակազմին փոխանցե՞լ եք ձեր այդ տեղեկությունը, որ Հադրութ գնալը վտանգավոր է– հետաքրքրվեց դատախազը։ -Խոսքով փոխանցվել է, անձնակազմը որ հավաքված է եղել, ընդհանուր խոսել ենք, որ ասեմ՝ կապի միջոցով է ասվել, չեմ տեսել նման բան։ -Հովհաննես Մուրադյանին կամ նրա հետ գտնվողներին փոխանցելու հնարավորություն եղե՞լ է։ -Ես Հովհաննեսին այդ ժամանակ չեմ տեսել, ինքը հետո է ոնց որ իջել անտառից, մենք, որ որոշել ենք բարձրանալ, իրենք ամենավերջից որոշել են իջնել անտառ, ես չեմ տեսել՝ ոնց է այդ որոշումը կայացրել կամ ինչի համար,– ասաց վկան։ Նշենք, որ ըստ այլ ցուցմունքների՝ կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանն ու նրա հետ գտնվող անձնակազմին փրկվել չի հաջողվել սխալ ճանապարհով գնալու պատճառով։ Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Դատավոր Ջոն Հայրապետյանը եւս հետաքրքրվեց՝ արդյո՞ք վկան, կապիտան լինելով, պարտականություն չի ունեցել՝ բոլորին հայտնելու, որ ով գնա Հադրութի ուղղությամբ, զոհվելու է․ «Ունեի, ասել եմ, նենց չի՝ տասը հոգի էինք, որ կարողանայինք տասով բարձրանալ, նենց չի՝ ես եմ որոշել, սպաներով որոշել ենք, մի շարասյունով գնացել ենք իրար հետեւից, հետո թե ոնց է Հովոն էդ ճանապարհից հետ դարձել, չեմ կարող ասել»։ Այնուհանդերձ, նա կարծիք հայտնեց, որ եթե Մուրադյանը տեղյակ լիներ Հադրութում հակառակորդի գտնվելու մասին, այդ ուղղությամբ զորքին չէր տանի․ «Ես սենց գիտեմ․ ինքը ասել է՝ էս կողմը մարդ չկա, գնանք, քյասար դուրս գանք, եթե տեղյակ լիներ, չեմ կարծում՝ տենց բան կաներ, դա մարդկային չէր լինի»։ Մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հարցեր ուղղեց նաեւ այն մասին, թե նա, որպես սպա, ինչ միջոցներ է ձեռնարկել նահանջը պատշաճ կազմակերպելու համար․ -Ասել ենք, որ իրար հետեւից գան, ապահովության համար որոշեցինք, որ իրար հետեւից բարձրանանք, ոչ թե իրար կողքի, նենց չի՝ ես եմ որոշել, սպաների հետ խոսել ենք՝ ոնց լինի, որ լավ լինի,– պատասխանեց վկան։ -Որպես սպա՝ նահանջն այդպե՞ս պետք է կատարեիք,- հարցրեց մեղադրողը։ -Տենց կոնկրետ բան չկա՝ նահանջը ոնց կատարես, այդ պահից ելնելով․․․ -Փորձեմ հուշել Ձեզ․ վերադաս հրամանատարությունից ումի՞ց եք նահանջի թույլտվություն ստացել։ -Ոչ մեկից։ -Իսկ տեղյա՞կ եք, որ նահանջում են բացառապես հրամանատարի թույլտվությամբ եւ իմացությամբ։ -Վահանյան է եղել հրամանատար, նա ճշտել է թե չէ, չեմ կարող ասել, իմ մասին ասեմ․ հակառակորդը որ եկել, հասել է, սարը վերցրել է, անձնակազմը իջել է, ես էլ հետները իջել եմ,  մենակ կանգնեի, ի՞նչ անեի։ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանն էլ հետաքրքրվեց՝ արդյո՞ք սպաներով մասերի են բաժանվել՝ զորքին դիմացից, մեջտեղից, հետեւից ուղեկցելու համար, թե՞ իրենք առջեւից են գնացել, զինվորները՝ նրանց հետեւից․ «Ես կոնկրետ դիմացից եմ գնացել, մյուսների մասին չեմ կարող ասել»,- ասաց Լեւոն Բաբայանը՝ նշելով, որ սպաներից Վազգեն Վարդանյանն է իր հետ եղել, Հայկազ Գրիգորյանին չի տեսել։ Նշենք, սակայն, որ նախորդ նիստերին դատարանում ցուցմունք տալիս Վազգեն Վարդանյանը հայտնել է, որ ինքն ու Հայկազ Գրիգորյանը միասին են փորձել զորքին անվտանգ դուրս հանել։ Նրանք նաեւ նշել են, որ իրավիճակն այդ ժամանակ այնպիսին էր, որ սպաներով չեն կարողացել կանխել զորքի ցաքուցրիվ լինելը, ինչի արդյունքում անձնակազմը 3 խմբի է բաժանվել։ Իշխան Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը խնդրեց նկարագրել, թե զորքն այդ ժամանակ ինչ հոգեվիճակում էր, խուճապ կա՞ր, ինչին վկան պատասխանեց․ «Միանշանակ խուճապ կար, բոլորս խառնված էինք, էդ իրավիճակում բոլորն էլ խառնվում են»։ Ի վերջո, կեսգիշերն անց դուրս են եկել անտառից, վկայի խոսքով՝ 40-42 հոգով։ 5-րդ ուսումնական գումարտակը մոտ 370 անձնակազմ է ունեցել, ըստ տուժող կողմի՝ նրանցից միայն 150-ն է ողջ մնացել։ Արթուր Դանիելյանի խոսքով՝ Վահանյանի ղեկավարած շտապօգնության մեքենան, վիրավորներին մարտի դաշտում թողնելով, հեռացել է Հարցաքննված մյուս վկան 5-րդ ուսումնական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար, կապիտան Արթուր Դանիելյանն էր՝ մեկը այն անձանցից, որին, ըստ ցուցմունքների, գումարտակի՝ այդ ժամանակ դեռ շտաբի պետ, մայոր Իշխան Վահանյանը, հոկտեմբերի 2-ին մարտի դաշտում վիրավոր թողնելով, հեռացել է։  Արթուր Դանիելյանի ցուցմունքը առավելապես վերաբերում էր դրան եւ դրան նախորդած օրերին, երբ ինքը երկու անգամ առիթ է ունեցել՝ Վահանյանին հանդիպելու։ Սարում հոկտեմբերի 10-ի մարտական գործողություններից վկան տեղեկություն չուներ, քանի որ այդ ժամանակ բուժման մեջ է եղել։  Դատարանում ցուցմունք տալով՝ Արթուր Դանիելյանը պատմեց, որ Իշխան Վահանյանի հետ ունեցել է ծառայողական հարաբերություններ, այժմ շփում չունի։ Լուսանկարում՝ վկա Արթուր Դանիելյանը Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում Վահանյանի հետ առաջին հանդիպումը եղել է սեպտեմբերի 29-ին, երբ գումարտակի՝ այդ ժամանակվա հրամանատար Սամվել Սահակյանը զոհվել է, իսկ Վահանյանը՝ վիրավորվել․ «Ես իմ աչքով վիրավորվելը չեմ տեսել, բայց որ իջել եմ հրամանատարական դիտակետ՝ կապի մարտկոցները մեզ մոտ տանելու, տեսել եմ, որ նա նստած է եղել, ասել է՝ մի պուճուր վիրավորվել եմ, բայց նորմալ է, բան չկա»։ Հարցին՝ վիրավորումը ակներե՞ւ էր, վկան բացասական պատասխանեց՝ նշելով, որ վիրակապ չի տեսել, միայն Վահանյանն է ձեռքով ցույց տվել ոտքի տվյալ հատվածը։ Թե դրանից հետո նա ինչ քայլեր է ձեռնարկել, բուժօգնության դիմել է թե ոչ՝ վկան չգիտեր։ Նշենք, որ ըստ քրեական գործի՝ Վահանյանը աջ ազդոսկրի վնասվածքը ստացել է հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում, դրանից առաջ վիրավորում ստանալ-չստանալու վերաբերյալ տեղեկություններ չեն պարզվել։ Տուժող կողմը, սակայն, այն համոզմանն է, որ նա շատ ավելի վաղ է վիրավորվել, իսկ հոկտեմբերի 10-ին վերքը քչփորել է՝ մարտի դաշտը թողնելու պատրվակ ստեղծելու համար։ Ըստ Վահանյանի՝ ինքը երկու անգամ է վիրավորվել։ Վահանյանի հետ երկրորդ հանդիպումը, ըստ վկայի, եղել է հոկտեմբերի 2-ին, երբ ինքը նույն վաշտի մեկ այլ դասակի հրամանատար Հայկ Ղազարյանի հետ հրաման է ստացել՝ Նյուզգյարում գտնվող 2-րդ գումարտակին օգնության հասնելու։ Տեղի հրամանատարի՝ Արթուր Քյարամյանի հետ ճշգրտել են՝ ով որտեղ է տեղակայվելու, ինչ խնդիրներ է ունենալու, եւ երբ ցանկացել են վերադառնալ՝ որոշված բնագծերը զբաղեցնելու, տեղ չհասած՝ հրետակոծության են ենթարկվել․ առաջին ալիքն իրեն շպրտել է, գիտակցությունը կորցրել է, իսկ երկրորդից բեկորային վիրավորում է ստացել․ «Հայկին խավարի մեջ տեսնելով՝ ուզում եմ քայլել դեպի նա, մի հատ էլ որ խփում է, էդտեղ արդեն չոքում եմ, հետո նոր զգում եմ, որ ոտքս էլ նորմալ չի գործում»։ Այդ ամենից հետո, երբ ուշքի է եկել, ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա է նկատել, որը ղեկավարել է ներսում գտնվող Իշխան Վահանյանը։ Բղավել է, որ հանկարծ չկանգնի, քշի, տեսնի՝ վիրավորներ հո չե՞ն մնացել, սակայն պարզվել է՝ մեքենան արդեն հեռանալիս է եղել։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցին՝ այսինքն՝ ավելի հեռվում գտնվող վիրավորնե՞ր էլ կային, որոնց կարող էին հանել, վկան պատասխանեց․ «Այո, հենց Նյուզգյարում, որտեղ հրետակոծություն էր եղել, չգիտեմ՝ վիրավորներ թե․․․ Հետո պարզվել է, որ զոհեր են եղել, որոնողական աշխատանքների ժամանակ այդտեղից մոտավորապես 7-8 հոգու հանել են»։ Ավետիսյանի հարցին՝ ըստ վկայի՝ ինչու մեքենան չի մոտեցել եւ իրեն էլ չի տարհանել, նա պատասխանեց․ «Պատճառը ինձ մի հարցրեք, ես չգիտեմ, թե խի ավտոն դալշը չգնաց, ենթադրում եմ՝ կարողա տեղ չի եղել, կարողա․․․ չգիտեմ․․․» Նրա խոսքով՝ Վահանյանը մեքենայից չի իջել, իր որպիսիությունն անգամ չի հարցրել։ Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը Պատասխանելով դատավորի հարցին՝ հետագայո՞ւմ էլ չի հետաքրքրվել Վահանյանից, թե ինչու է իրեն մարտի դաշտում թողնելով հեռացել, վկան բացասական պատասխան տվեց․ «Ոչ մեկի էդ հարցը չեմ տվել, վերեւն Աստված կա, ամեն մարդու արածն իր դեմն ա գալու, իմաստը ո՞րն էր՝ հարցնեի՝ ինձ ինչո՞ւ չես հանել, ի՞նչ էր փոխվելու»։ Հարցին, թե այդ մեքենայով քանի վիրավոր էր հնարավոր տեղափոխել, վկան պատասխանեց, որ դա կախված է վիրավորների վիճակից․ եթե մեջքից վիրավոր կամ անդամահատված անձինք չկան, նստած վիճակում 8-9 հոգի հնարավոր է, իսկ եթե ծանր վիրավորներ են, որոնց պառկեցնել է անհրաժեշտ՝ ավելի քիչ։ Տվյալ դեպքում՝ իրենց մեջ երկուսն էլ եղել են։ Արթուր Դանիելյանի խոսքով՝ ինքն է լարով վիրակապել իր վերքը, իսկ մյուս հրամանատար Հայկ Ղազարյանին այլեւս չի հանդիպել։ Ենթադրում է՝ նա զոհվել է, քանի որ որոնողական աշխատանքների ժամանակ նրա հագուստն ու ռադիոկապը գտել են։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 3-ին, 5 զինծառայողների հետ միասին մի կերպ հասել է Կարմիր Շուկա։ Դրանից հետո՝ մինչ պատերազմի ավարտը, Դանիելյանը բուժման մեջ է եղել, Վահանյանի հետ այլեւս չի առնչվել․ «Վահանյանին մեկ էլ մի անգամ հանդիպել եմ իրենց տանը․ որ մտա, բազկաթոռին նստած էր, հարեւաններից էլ կային նստած, ու որ տեղից պիտի ելներ՝ թեկուզ փաթաթվեր, թեկուզ բարեւ տար, չհելավ, ասաց՝ կներես, չեմ կարողանում, սաղ ոտքերս ասկոլկա են, ես էլ նորմալ եմ ընդունել, որովհետեւ գիտեմ՝ դա ինչ բան է․․․ Ու տենց, պատմեց, որ ընկել են շրջափակման մեջ,  էլ արդեն չեմ խորացել․ ամեն անգամ այդ զրույցները տանելիս իմ մոտ․․․  Չի ստացվում, սաղ գալիս է իմ աչքի դեմը, աշխատում եմ քիչ լսեմ»։ Դատավորի հարցին, թե Վահանյանի տուն ինչ նպատակով է գնացել, վկան պատասխեց․ «Մի հատ իմ աչքով տեսնեի էդ մարդու աչքերը»։ Հանրային մեղադրողը հիշեցրեց՝ քրեական գործի շրջանակում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքներով պարզվել է, որ վիրավորվել է Վահանյանի միայն մեկ ոտքը, այն  էլ՝ թեթեւ․ «Այնինչ դուք նշում եք, որ նա ասել է, թե երկու ոտքն էլ բեկորներով է պատված եղել, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է այդպես ասել»,-հարցրեց Ավետիսյանը, ինչի վկան պատասխանեց՝ ասելով․ «Ես մի բան գիտեմ․ եթե մարդը մի սուտ է ասում, պիտի մի յոթ բան էլ սուտ ասի, որ այդ մի սուտը ճիշտ դառնա, իսկ թե քանիսն է պետք, որ այդ յոթը ճիշտ դառնա, ես արդեն չգիտեմ»։ Իշխան Վահանյաին որպես սպա բնութագրելով՝ Արթուր Դանիելյանն ասաց․ «Սպաները լինում են մի քանի տեսակի․ կա սպա, որ բայեվոյ է, կա սպա, որ ասֆալտի սպա է, իսկ այդ երկու տեսակները իրար հետ համեմատելի չեն։ Ես, որ տեսել եմ Վահանյանի ծառայությունը, եղել է պահանջկոտ, եղել է ծառայող, բայց որպես բայեվոյ սպա՝ ես իրեն չեմ տեսել»։ Դանիելյանը նաեւ հայտնեց, որ ուսումնական գումարտակը անհրաժեշտ զինտեխնիկայով ապահովված եղել է։ Ինչ վերաբերում է նրանց պատրաստվածությանը, դժվարացավ հստակ գնահատականներ տալ՝ ասելով, որ պատերազմից կարճ ժամանակ առաջ է այդտեղ տեղափոխվել, նրանց չի ճանաչել․ «Բայց որ ասեմ իմ զինվորը չի պարտվել, դա հաստատ է, իրենց պետք չէր սովորեցնել, իրենք կռվում էին»,- նշեց նա։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 21-ին։   Միլենա Խաչիկյան
22:18 - 01 նոյեմբերի, 2022
«62 զինծառայողը 400 թուրքի դիմաց ի՞նչ պիտի աներ»․ «Քիմիկների զորամաս»–ի գործով նախնական դատալսումներն ավարտվեցին

«62 զինծառայողը 400 թուրքի դիմաց ի՞նչ պիտի աներ»․ «Քիմիկների զորամաս»–ի գործով նախնական դատալսումներն ավարտվեցին

#Կարճ ասած Հակակոռուպցիոն դատարանում երեկ ընթացավ «Քիմիկների զորամաս»–ի անվանումը ստացած քրեական գործով նախնական դատալսումների փուլը։ Գործով, հիշեցնենք, մեղադրյալի աթոռին են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը, այդ ժամանակ նույն զորամասի շտաբի պետ, ներկայում ՀՀ ԶՈՒ ԳՇ համապատասխան բաժնի կենսաբանական եւ էկոլոգիական անվտանգության ապահովման բաժանմունքի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանը։ Սարգիս Կուլակչյանի պաշտպան Մարտիկ Մարտիրոսյանը 5 միջնորդություն ներկայացրեց, որոնցից քրեական հետապնդումը դադարեցնելու եւ գործից մաս անջատելու վերաբերյալ միջնորդությունները դատարանը մերժեց, իսկ ՀՀ քննչական կոմիտեից եւ ԶՈՒ գլխավոր շտաբից նյութեր պահանջելու եւ գործին որպես ապացույց կցելու միջնորդությունների լուծումը հետաձգեց։ Գործին ապացույց կցելու միջնորդությամբ հանդես եկավ նաեւ անհետ կորած զինծառայող Ռուդիկ Ալեքսանյանի հայրը, որ դատարան էր եկել՝ շրջափակման միջից որդու գրած հաղորդագրության լուսապատճենը ձեռքին։ Նա մեկական օրինակ տրամադրեց պաշտպանական եւ մեղադրող կողմերին, որից հետո՝ նաեւ դատարանին, որպեսզի նրանք կարդան եւ իր խոսքով՝ զգան՝ ծնողն ինչ է զգում։ Դատարանը, ընթերցելով հաղորդագրությունը, այն կցեց գործի նյութերին։ #Մանրամասն Հակակոռուպցիոն դատարանի Երեւանի նստավայրը երեկ սովորականից մարդաշատ էր․ նշանակված էր «Քիմիկների զորամաս»–ի գործով հերթական դատական նիստը։ Խոսքն այն քրեական գործի մասին է, որի շրջանակում քննության առարկա են դարձել 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության Կովսական քաղաքում  62 հոգանոց խմբի 40 զինծառայողների շրջափակման մեջ ընկնելու հանգամանքները․ նրանցից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, 23-ի, ինչպես նաեւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Քրեական գործով մեղադրյալի աթոռին են ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ–զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, 56-ամյա գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը (պաշտոնից ազատվել է 2022 թ փետրվարի 24-ին), N զորամասի հրամանատար, 37-ամյա փոխգնդապետ Արսեն Աբգարյանը, այդ ժամանակ նույն զորամասի շտաբի պետ, ներկայում ՀՀ ԶՈՒ ԳՇ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության վարչության պատրաստության եւ էկոլոգիական անվտանգության ապահովման բաժնի կենսաբանական եւ էկոլոգիական անվտանգության ապահովման բաժանմունքի պետ, 34-ամյա փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ,  43-ամյա կապիտան Էլլադա Հարությունյանը։ Անդրանիկ Մակարյանը, հիշեցնենք, մեղադրվում է ռազմական դրության պայմաններում իշխանության անգործության, Արսեն Աբգարյանը՝ իշխանության անգործության եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի, Սարգիս Կուլակչյանը՝ իշխանության անգործությանն օժանդակելու, իսկ Էլլադա Հարությունյանը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (2003 թ․ Քրեական օրենսգրքի համապատասխանաբար 375-րդ հոդվածի 4-րդ մաս, 375-րդ հոդվածի 4-րդ մաս եւ 376-րդ հոդվածի 3-րդ մաս, 38-375-րդ հոդվածի 4-րդ մաս եւ 314-րդ հոդվածի 1-ին մաս):  Ըստ մեղադրանքի՝ Աբգարյանը 2020 թ. հոկտեմբերի 20-ին Մակարյանից ստացել է անձնակազմին Կովսականի շրջանի Կերեն գյուղի մոտակայքում գտնվող «Կիրի Հանք» անվանումով տեղանք հասցնելու հանձնարարական, սակայն անփույթ վերաբերմունք է դրսեւորել ծառայության նկատմամբ, հետամուտ չի եղել եւ ուղեկցողներից վերջնականապես չի պարզել անձնակազմին մատնանշված երթուղով վերջնակետ հասցնելու հանգամանքը, չի պահպանել ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական կանոնադրության պահանջները, ինչն  անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։  Մասնավորապես, հոկտեմբերի 21-ին անձնակազմի մի մասն ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի հետ անհավասար մարտի բռնվել։ Նման պայմաններում, ըստ մեղադրանքի, Մակարյանը, հանդիսանալով տվյալ մարտական հատուկ առաջադրանքի իրականացման պատասխանատու, օգնության շտապելու փոխարեն իր եւ ենթակա անձնակազմի կյանքին սպառնացող անմիջական վտանգը չեզոքացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, ցուցաբերել է իշխանության անգործություն, անձնակազմին տվել «Նահանջ» հրաման եւ վերադարձել Կապան քաղաք։ Դրանից բացի, Արսեն Աբգարյանն ու Սարգիս Կուլակչյանը մեղադրվում են ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության վարչության պետ Վարդան Նշանյանի որդու՝ Գեւորգ Նշանյանի՝ մարտական ծառայությունից խուսափելու հանգամանքը կոծկելու մեջ, որն իրականացվել է Էլլադա Հարությունյանին ցուցում տալով, որպեսզի վերջինս նրան հրամանագրի իբրեւ թե զորամասի հիմնական կազմի մյուս զինծառայողների հետ մարտական գործողություններից հերթափոխով զորամաս վերադարձած զինծառայող։ Չորս մեղադրյալներն ազատության մեջ են, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված երկրից բացակայելու արգելքը։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Դատարանն արգելեց նիստի տեսա եւ լուսանկարահանումը Քրեական գործն ի սկզբանե ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, սակայն տուժող կողմի միջնորդությամբ հետագայում տեղափոխվել է Երեւան՝ հաշվի առնելով, որ նրանց մեծ մասը հարակից Արմավիրի մարզից են։ Նախորդ բոլոր նիստերը կա՛մ հետաձգվել են, կա՛մ ըստ էության չեն կայացել, ուստի դատարանը դեռեւս նախնական դատալսումների փուլում էր։  Նիստը նախագահում էր դատավոր Սարգիս Դադոյանը։ Վերջինս ամիսներ առաջ՝ 2022 թ․ օգոստոսին է նշանակվել դատավոր, մինչ այդ աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում՝ որպես ավագ քննիչ։ Լուսանկարում՝ Հակակոռուպցիոն դատարանի շենքը Նիստի սկզբում դատավորը ճշտեց կողմերի դիրքորոշումը՝ զանգվածային լրատվության միջոցների կողմից նիստի տեսա եւ լուսանկարահանման վերաբերյալ, որի դեմ պաշտպանների մի մասն առարկեց, մյուսը դիրքորոշում չհայտնեց՝ թողնելով դատարանի հայեցողությանը։ Մեղադրող կողմը եւս առարկեց՝ միաժամանակ դեմ չլինելով նիստի ձայնագրառմանն ու լուսաբանմանը։ Լսելով կողմերին՝ դատավոր Սարգիս Դադոյանը որոշեց այս փուլում արգելել նիստի տեսա եւ լուսանկարահանումը՝ նպատակահարմար չլինելու պատճառաբանությամբ (տուժողների իրավահաջորդների մասնակցությամբ լուսանկարները արվել են ընդմիջումներին՝ վերջիններիս համաձայնությամբ)։ Դատավորը նաեւ տեղեկացրեց, որ 2013-2014 թթ շուրջ 9 ամիս աշխատանքային հարաբերությունների մեջ է եղել մեղադրյալ Անդրանիկ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանի հետ, քանի որ երկուսն էլ աշխատել են Ոստիկանության նույն բաժանմունքում, սակայն այդ հանգամանքը իրեն չի կաշկանդում գործի քննությունն իրականացնելու համար, ուստի դատարանը ինքնաբացարկ հայտնելու հիմքեր չունի։ Կողմերը եւս այդպիսի հիմքեր չտեսան, եւ դատարանն անցավ միջնորդությունների քննարկմանը։ Տուժողի իրավահաջորդ Հրաչյա Ալեքսանյանը մեկ, իսկ մեղադրյալ Սարգիս Կուլակչյանի պաշտպան Մարտիկ Մարտիրոսյանը հինգ միջնորդություն ներկայացրին։ Կուլակչյանը միացավ իր պաշտպանի բոլոր միջնորդություններին։ Տուժողի իրավահաջորդը դատարանին ներկայացրեց շրջափակման միջից իր որդու գրած հաղորդագրությունը Զինծառայող Ռուդիկ Ալեքսանյանի հայրը դատարան էր եկել՝ շրջափակման միջից որդու գրած հաղորդագրության լուսապատճենը ձեռքին։ Նա մեկական օրինակ տրամադրեց պաշտպանական եւ մեղադրող կողմերին, որից հետո՝ նաեւ դատարանին, որպեսզի նրանք կարդան եւ իր խոսքով՝ զգան՝ ծնողն ինչ է զգում։ Դատարանը, ընթերցելով հաղորդագրությունը, այն կցեց գործի նյութերին․ «Մա՛մ, լավ մնացեք, գերի եմ ընկել, պախկված եմ, տարբերակ չունեմ հետ գալու, կա՛մ կմնամ սենց, կա՛մ կխփեն, հորս արեւ, լավ մնացեք, թեթեւ տարեք, չլացես, հերոս ունես, մա՛մ ջան, շատ եմ ձեզ սիրում, իմ կյանքն էլ սենց դասավորվեց, հերոս կմնամ, դուխով, հենց հիմա թուրքերի տարածքում եմ, հելնեմ՝ կփոխեն, աղաչում եմ՝ չլացես»,– 2020 թ․ հոկտեմբերի 21-ին գրել էր զինծառայողը։ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդները Հրաչյա Ալեքսանյանի խոսքով՝ որդու այս հաղորդագրության մասին ինքը հայտնել է ե՛ւ Անդրանիկ Մակարյանին, ե՛ւ Արսեն Աբգարյանին, սակայն նրանք, այսօր–վաղը ասելով, ոչինչ չեն ձեռնարկել․ «Իմ երեխան մարտի է բռնվել հոկտեմբերի 21–ին,  երեկոյան ես խոսել եմ նրա հետ, նա նշել է, թե որտեղ է, 22–ի առավոտյան եղել եմ Կապանի գնդում, որտեղ մոտեցել եմ Մակարյանին ու Աբգարյանին, ներկայացրել եմ էս հաղորդագրությունը եւ ասել՝ իմ տղան այստեղ թաքնված է, միջոց ձեռնարկեք, կարծում եմ՝ երկուսն էլ լավ հիշում են, բա՝ հարգելի ծնող, էս երկու օրը մի բան կանենք, ասում եմ՝ պարոն գեներալ, մի րոպեն էլ, հինգ րոպեն, տասը րոպեն, կես ժամը մահու հարց է, ի՞նչ է նշանակում էս երկու օրը, նույնը՝ Արսենը, բա՝ հոպա՛ր ջան, այս երկու օրը… Ասում եմ՝ տղա՛ ջան, հոպարի ժամանակը չէ, կյանքի հարց է, երեխաս տեղը նշում է, եկեք, ես էլ ձեր հետ գնանք կամ ասում եմ՝  ցույց տվեք՝ Զանգելանը մոտավորապես որ մասում է, ուղղություն տվեք, ես գնամ։ Էս երկու տարի է՝ թե էդ երկու օրը ե՞րբ պիտի գա․․․»– ասաց տուժողի իրավահաջորդը՝ նշելով, որ որդին նաեւ հոկտեմբերի 22-ի առավոտյան է զանգել․ «Դրա հաջորդ օրն էլ էլի զանգ է մտել, ուզել է կապվել, դե պատկերացրեք, հարգելի՛ դատարան, դուք բառ ասեք, ես ասեմ իրենց»։ Դատավոր Սարգիս Դադոյանը նշեց, որ ընկալեց ծնողի ասածն ու հասկանում է նրան, բայց միեւնույն ժամանակ խնդրում է վիրավորական արտահայտություններ չհնչեցնել, որպեսզի դատարանը ստիպված չլինի սանկցիաներ կիրառել։ Ռուդիկ Ալեքսանյանը ներկայումս անհետ կորածների շարքում է։ Պաշտպան Մարտիկ Մարտիրոսյանը միջնորդեց դադարեցնել Սարգիս Կուլակչյանի քրեական հետապնդումը Մեղադրյալ Սարգիս Կուլակչյանի պաշտպան Մարտիկ Մարտիրոսյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ Կուլակչյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ գործի վարույթը կարճելու վերաբերյալ։ Նա ընդգծեց այն հանգամանքը, որ Կուլակչյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թ․–ին ուժի մեջ մտած եւ գործը դատարան ուղարկելու պահին ուժը կորցրած օրենքով․  «Սույն վարույթում մեղադրանքի պաշտպանությունը պետք է իրականացվի ներկայացված մեղադրական եզրակացության շրջանակներում, իսկ այն օրենքը, որով նրան մեղադրանք է առաջադրվել, դադարել է գոյություն ունենալ, ուստի չկա մեղադրանք, եւ կարծում եմ՝ սույն գործով վարույթը ենթակա է կարճման, իսկ Կուլակչյանը պետք է արդարացվի արարքում հանցակազմի բացակայության հիմքով»,– ասաց պաշտպանը։ Հանրային մեղադրող Էդգար Մանասյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ ըստ օրենքի՝ արարքի հանցավորությունը եւ պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով․ «Կուլակչյանին մեղսագրվող արարքը կատարվել է 2020 թ հոկտեմբեր ամսին, որի ժամանակ գործել է այդ օրենսգիրքը, ուստի արարքը ենթակա է որակման նույն օրենքով, բացառությամբ այն դեպքերի, երբ նոր օրենքով բարենպաստ նորմ սահմանված լինի, որը սույն պարագայում չկա»,– ասաց մեղադրողը։ Մարտիրոսյանն էլ հակադարձեց՝ եթե անգամ բարենպաստ նորմ լիներ, Դատախազությունն իրավասու չէր լինի արարքը համապատասխանեցնել նոր օրենսգրքին, քանի որ դատավարությունն իրականացվում է 1998 թ․ Քրեական դատավարության օրենսգրքով, որով նման հնարավորություն սահմանված չէ: Անդրանիկ Մակարյանի եւ Էլլադա Հարությունյանների պաշտպանները միացան միջնորդությանը, իսկ Արսեն Աբգարյանի պաշտպան Համբարձում Հարությունյանն ասաց․ «Դժբախտություն է տեղի ունեցել, թող գործը քննվի, հասկանանք՝ ով է մեղավոր․ եթե որեւէ մեկը մեղավոր չէ, անմեղ անձը մեղավորի պատասխանատվություն չկրի, դրա համար մենք նման միջնորդություն չենք ներկայացրել»։ Դահլիճում գտնվող ծնողներից մեկն արձագանքեց․ «Սխալ է արտահայտվում, դժբախտություն չէ, հանցագործություն, դավաճանություն է տեղի ունեցել, էրեխեքին տարել են, իրենց ձեռքով տվել են, եկել են, ոնց կանգնեց, ասեց՝ վրիպակ է եղել, այսինքն՝ 62 էրեխու տանում է, ասում է՝ վրիպակ է եղել, հիմա էլ՝ դժբախտություն, իրենք են դժբախտությունը ստեղծել մեր համար, դժբախտություն չէր լինի, մեր տղերքը կռվող տղերք են, իրենք ընդամենը էրեխեքին մի ավտոմատ են տվել ու խաբել են, ասել են՝ գնում ենք տարածք սանրելու, 62 հոգին 400 թուրքի դիմացի ի՞նչ պիտի աներ»,– ասաց նա։ Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ առանձին սենյակ, որտեղից կարճ ժամանակ անց վերադառնալով՝ մերժեց միջնորդությունը։ – Ոնց որ զգացվում է՝ արդարություն կա,– լսվեց ծնողներից մեկի ձայնը։ Պաշտպան Մարտիկ Մարտիրոսյանի մյուս միջնորդությունը, որը դարձյալ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին էր, այն հիմքով էր, որ Կուլակչյանը իրեն վերագրվող արարքի համար արդեն իսկ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, նրա նկատմամբ հայտարարվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը, որի պատճառով զինվորական հերթական՝ փոխդնգապետի կոչումը ուշացումով՝ տույժը կրելուց հետո է ստացել։ Պաշտպանը մեջբերեց սահմանադրական այն դրույթը, ըստ որի՝ ոչ ոք չի կարող նույն արարքի համար կրկին դատվել։ Նա ընդգծեց, որ կարգապահական վարույթի արդյունքում Կուլակչյանին կարող էր տրվել քրեական պատժին հավասար պատժի տեսակ՝ «ծառայության սահմանափակում», որը երկու վարույթների համար էլ նախատեսված է, իսկ Եվրոպական դատարանը, ըստ պաշտպանի, այն դիրքորոշմանն է, որ պարտադիր չէ՝ այդ պատիժը կիրառված լինի, այսինքն՝ եթե իրականացվել է այնպիսի վարույթ, որի արդյունքում կարող էր նշանակվել քրեական պատիժ, ապա դա ինքնին բավարար է կրկնակիության հարցը որոշելու համար։ Հանրային մեղադրող Էդգար Մանասյանը առարկեց միջնորդության դեմ՝ պնդելով, որ կարգապահական պատասխանատվության ենթարկվելն ինքնին հիմք չէ քրեական հետապնդում չիրականացնելու համար, իսկ Եվրոպական դատարանի՝ պաշտպանի մեջբերած դիրքորոշումը վերաբերում է այն դեպքերին, երբ կարգապահական տույժի արդյունքում փաստացի սահմանափակվել է անձի ազատությունը․ «Այդ պարագայում գուցե կարող էր առաջանալ կրկին դատվելու անթույլատրելիության խախտման հարց, իսկ այս դեպքում անձի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն տույժը, որը շատ նվազ է եւ չի կարող սույն գործի շրջանակում դիտվել կրկին դատվելու անթույլատրելիության խախտում»,– ասաց նա։ Այս միջնորդությունը դատարանը եւս մերժեց։ Մարտիկ Մարտիրոսյանը միջնորդեց նաեւ քրեական գործից մաս անջատել Պաշտպան Մարտիկ Մարտիրոսյանն ասաց, որ հաշվի առնելով նաեւ դատարանում առկա մթնոլորտը՝ միջնորդում է քրեական գործից անջատել Կուլակչյանի, Հարությունյանի եւ Աբգարյանի վերաբերյալ գործերը եւ քննությունը շարունակել առանձին վարույթով։ Որպես հիմնավորում՝ նա նշեց, որ Կուլակչյանին եւ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը, ինչպես նաեւ Աբգարյանին առաջադրված մեղադրանքներից մեկը որեւէ առնչություն չունեն Մակարյանին առաջադրված մեղադրանքին (խոսքը Գեւորգ Նշանյանի մարտական ծառայությունից խուսափելու հանգամանքը կոծկելու դրվագի մասին է,–հեղ․)․ «Տվյալ պարագայում գործերի լրիվությունը եւ օբյեկտիվությունը չի խախտվի, դա կնպաստի ողջամիտ քննությանը, հակառակ պարագայում Կուլակչյանը եւ Հարությունյանը մասնակցելու են մի դատավարության, որը գործի բարդությամբ եւ ծավալով ավելի երկարատեւ է, քան այն գործի քննությունը, որը կարող է կատարվել անջատվելուց հետո»,– ասաց նա։ Հանրային մեղադրող Էդգար Մանասյանն առարկեց միջնորդության դեմ՝ այն հիմնավորմամբ, որ Աբգարյանի մեղադրանքը մի դրվագով փոխկապակցված է Կուլակչյանի, մյուսով՝ Մակարյանի հետ, ուստի գործերի անջատումը նպատակահարմար չէ։ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդները Դեմ արտահայտվեցին նաեւ տուժողների իրավահաջորդները․ «Պիտի այ սենց բոլորը մեր հետ նստեն, նայեն մեր աչքերին, պատասխան տան, մեր էրեխեքից լավը չեն»,– ասաց նրանցից մեկը։ Պաշտպանի այս միջնորդությունը եւս մերժվեց։ Դատարանը հետաձգեց Քննչական կոմիտեից եւ ԶՈՒ գլխավոր շտաբից ապացույցներ պահանջելու վերաբերյալ միջնորդությունների լուծումը Հաջորդիվ Մարտիկ Մարտիրոսյանը հայտնեց, որ այս քրեական գործը հարուցվել է մեկ այլ գործի շրջանակում, եւ այդ մայր գործի 5 հատոր նյութերը ոչ իրենց, ոչ տուժող կողմին չեն տրամադրվել, ինչը, ըստ նրա, սահմանափակում է պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացումը․ «Կարծում եմ՝ եթե մեղադրանքը հիմնավորող նյութեր լինեին, քննիչը կարտացոլեր մեղադրական եզրակացության մեջ, մինչդեռ եթե արդարացնող նյութեր լինեին, քննիչը, հնարավոր է, կցած չլինի, ես իրավունք ունեմ կասկածելու»,– ասաց նա՝ միջնորդելով դատարանին պահանջել այդ հինգ հատորները։ Հանրային մեղադրողը դարձյալ առարկեց՝ պնդելով, որ այդ հատորները վերաբերելի չեն մեղադրանքներին, այդ իսկ պատճառով չեն կցվել, ուստի դրանք ձեռքբերելու անհրաժեշտություն չկա․ «Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ քննիչը պարտավոր է ձեռք բերել մեղադրանքը ինչպես հաստատող, այնպես էլ հերքող ապացույցներ, լինելու դեպքում դրանք ամրագրվում են մեղադրական եզրակացության մեջ, կարելի է արձանագրել, որ նման ապացույցներ չեն եղել, այդ իսկ պատճառով չեն կցվել»,– նշեց Մանասյանը։ Դատարանը որոշեց միջնորդությանը անդրադառնալ դատաքննության փուլում՝ գործում առկա ապացույցները հետազոտելուց հետո։ Վերջին միջնորդությունն էլ վերաբերում էր հիշյալ ծառայողական քննության վերաբերյալ նյութերին։ Ըստ Մարտիկ Մարտիրոսյանի՝ քննիչը պահանջել եւ ստացել է ծառայողական քննության 382 թերթ նյութերը, որոնցից գործին է կցվել միայն 88-ը։ Դրանից բացի պաշտպանն ընդգծեց՝ թեեւ իրենք քննիչի գործողությունները չեն վիճարկում, սակայն հատկանշական է, որ քննիչը ոչ թե փաստաթղթերի զննում է կատարել, ապա՝ կազմել դրա վերաբերյալ արձանագրություն, այլ կատարել է ուսումնասիրություն, որը դատավարական օրենքով նախատեսված չէ։ Հանրային մեղադրողն էլ պարզաբանեց՝ կատարվել է ուսումնասիրություն՝ հաշվի առնելով, որ նյութերը եղել են գաղտնի եւ խիստ գաղտնի բնույթի, նաեւ այդ պատճառով ամբողջությամբ չեն կցվել գործին։ Այնուհանդերձ, մեղադրողը կարծիք հայտնեց, որ այս միջնորդությունը եւս ենթակա է հետաձգման։ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանն էլ ընդգծեց, որ գաղտնիք լինելը խոչընդոտ չէ, որովհետեւ օրենքը նախատեսում է ինչպես դռնփակ նիստ անցկացնել, այնպես էլ ներկա մասնակիցներից ստորագրություն վերցնել այդ նիստում իրենց հասանելի դարձած տեղեկությունները չհրապարակելու համար։ Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության լուծումը եւ գործում առկա ապացույցների հետազոտումից հետո պարզել՝ դրա անհրաժեշտությունը կա՞ թե՞ ոչ։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 16-ին։   Միլենա Խաչիկյան
22:38 - 28 հոկտեմբերի, 2022
Վիգեն Սարգսյանն ու կինը Բելմոնտ քաղաքում իսկապես առանձնատուն են ձեռք բերել․ Արման Բաբաջանյանը ճիշտ է

Վիգեն Սարգսյանն ու կինը Բելմոնտ քաղաքում իսկապես առանձնատուն են ձեռք բերել․ Արման Բաբաջանյանը ճիշտ է

«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում մի փաստաթուղթ էր հրապարակել՝ նշելով, թե այդ փաստաթուղթն ապացուցում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն այս տարվա մայիսին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքում ավելի քան 2 մլն դոլարով առանձնատուն է ձեռք բերել։ «Վիգեն Սարգսյանն ու նրա կինը՝ Լուսինե Գալաջյանը, միասին արդեն բնակվում են նոր 48 Amherst Road, Belmont, Massachussetts 02478 հասցեում գտնվող առանձնատանը»,- նշել էր Արման Բաբաջանյանը։ Արման Բաբաջանյանն այլ մանրամասներ չէր ներկայացրել, իսկ կից փաստաթղթից պարզ են դառնում այն մարդկանց անունները, որոնցից պաշտպանության նախկին նախարարը ենթադրաբար գնել է առանձնատունը։ Այսպիսով, ըստ Բաբաջանյանի հրապարակած փաստաթղթի, առանձնատունը պատկանել է Ջուլիեն և Նիսսիա Գրատիերներին։ Google Maps-ից տեղեկանում ենք, որ Բաբաջանյանի նշած հասցեում իրոք առանձնատուն կա։ Բեմլոնտ քաղաքի պաշտոնական կայքից էլ իմանում ենք, որ 2021-ի տվյալներով նշված անձինք իրոք գրանցված են եղել այս հասցեում (տե՛ս 5-րդ և 23-րդ էջերը)։ Անշարժ գույքի մասին տեղեկություններ պարունակող տարբեր կայքերում նշվում է, որ այս առանձնատունը վերջին անգամ վաճառվել է 2022 թ․ մայիսի 20-ին 2 050 000 ԱՄՆ դոլարով (zillow.com, realtor.com, compass.com): Առանձնատունը վերևից և ներսից, լուսանկարները՝ compass.com-ից Իսկ Մասաչուսեթսում անշարժ գույքի գործարքների մասին տեղեկություններ պարունակող Banker & Tradesman կազմակերպության կայքից իմանում ենք առանձնատան վաճառքի մասին այլ մանրամասներ։ Այս տարվա հունիսին հրապարակված զեկույցում Banker & Tradesman-ը նշում է, որ Գրատիեր ամուսինները 48 Amherst Road, Belmont, Massachussetts 02478 հասցեում գտնվող առանձնատունը վաճառել են Վիգեն Սարգսյանին և Լուսինե Գալաջյանին  (տե՛ս էջ 29)։ Առանձնատան գինն ու վաճառքի ամսաթիվը նույնն են, ինչ վերը նշված կայքերում։ Այսպիսով, բաց և հասանելի տվյալներն ապացուցում են, որ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ու նրա կինն ԱՄՆ-ում՝ Բեմլոնտ քաղաքում, առանձնատուն են ձեռք բերել։ Գլխավոր լուսանկարը՝ compass.com-ի Աննա Սահակյան
17:18 - 26 հոկտեմբերի, 2022
QS World University Ranking-ում ԵՊՀ-ն և Հայ-ռուսական համալսարանը լավագույն 1000-յակում են․ Բաբկեն Թունյանը սխալվում է

QS World University Ranking-ում ԵՊՀ-ն և Հայ-ռուսական համալսարանը լավագույն 1000-յակում են․ Բաբկեն Թունյանը սխալվում է

Բաբկեն Թունյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանի հայտնի բուհերը տեղ չեն գրավում «անգամ աշխարհի լավագույն բուհերի ոչ թե հազարյակում, այլ տասըհազարյակում»։ Պատգամավորը, սակայն, սխալվում է, որովհետև կան 1500-2000 հաստատություն ներառող վարկանիշային ցանկեր, որտեղ Հայաստանյան որոշ բուհեր ներառված են։ ԱԺ այսօրվա նիստի ընթացքում քննարկվող հարցերից էր Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։ Նախագծի քննարկման ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հարց ուղղեց նախագծի հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին։ Թունյանը հարցի ընթացքում այսպիսի միտք արտահայտեց․ «Բուհերի միավորման հետ կապված այս վերջին պատմությունները որ եղավ, ես, անկեղծ ասած, չգիտեի, էդ ժամանակ իմացա, որ մեր էն բոլոր հայտնի բուհերը, որոնք մենք համարում ենք առաջատար, տեղ չեն գրավում անգամ աշխարհի լավագույն բուհերի ոչ թե հազարյակում, այլ տասհազարյակում»։  Իրականում, սակայն, Երևանի պետական համալսարանն (ԵՊՀ) ու  Հայ-ռուսական համալսարանն ընդգրկված են QS World University Ranking-ում։ Այս վարկանիշային ցանկը ներառում է 1500 կրթական հաստատություն, իսկ ԵՊՀ-ն և Հայ-ռուսական համալսարանը գտնվում են 801-1000 դիրքում։ Այս հարցին Infocom-ն անդրադարձել էր դեռ օրեր առաջ, երբ Բրյուսովի անվան համալսարանի գիտխորհրդի ընդլայնված նիստի ընթացքում բանավեճ էր սկսվել հայաստանյան բուհերի վարկանիշների վերաբերյալ։ Մենք ներկայացրել էինք, որ հայաստանյան ոչ մի բուհ ընդգրկված չէ Շանհայի վարկանիշային ցանկում։ Սակայն հայաստանյան տարբեր բուհեր ընդգրկված են վարկանիշային այլ ցանկերում։ The Times Higher Education-ի վարկանիշային ցանկում, օրինակ, ներառված է Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանը․ այս ցանկը ներառում է 1799 հաստատություն։ Ավելի քան 30 000 հաստատություն ներառող Webometrics-ի ցանկում էլ ԵՊՀ-ն, օրինակ, 3050-րդ տեղում է, Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ 4375, Հայ-ռուսական համալսարանը՝ 5011 (հայաստանյան այլ բուհեր կարող եք գտնել այստեղ)։ Այսպիսով, 1500 հաստատություն ներառող QS World University Ranking վարկանիշային ցանկում ԵՊՀ-ն և Հայ-ռուսական համալսարանը լավագույն 1000-յակում են։ Այլ ցանկերում ևս ներառված են հայաստանյան մի քանի բուհեր, որոնք ամենևին էլ տասըհազարերորդական տեղերում չեն։   Գլխավոր լուսանկարը՝ Sputnik-ի Աննա Սահակյան
15:41 - 25 հոկտեմբերի, 2022
Դատարանը մերժեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով մեղադրական եզրակացությունը դատախազին վերադարձնելու միջնորդությունը

Դատարանը մերժեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով մեղադրական եզրակացությունը դատախազին վերադարձնելու միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի վերաբերյալ գործի քննությունը։ Գրիգորյանը, հիշեցնենք, մահացել է հուլիսի 15-ին՝ իր իսկ գործով առաջին դատական նիստի ժամանակ։ Թեեւ Քրեական դատավարության օրենսգիրքը անձի մահը դասում է քրեական հետապնդումը բացառող հանգամանքների շարքին, սակայն սահմանում է, որ վարույթը կարող է շարունակվել, եթե մահացածի օրինական ներկայացուցիչը առարկում է կարճման դեմ՝ այն հիմքով, որ վերջինս չի կատարել իրեն վերագրվող հանցանքը։ Արմեն Գրիգորյանին վերագրվում է հրապարակայնորեն ազգային թշնամանք հարուցելուն, ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելը, որի համար հիմք է հանդիսացել հարցազրույցներից մեկի ժամանակ Շիրակի եւ Արարատյան դաշտավայրի բնակչությանը «թուրք» անվանելը։ Նախորդ դատական նիստին Գրիգորյանի որդին ներգրավվել է որպես օրինական ներկայացուցիչ եւ նպատակ ունենալով հասնել հոր արդարացմանը՝ պնդել, որ վարույթը շարունակվի։ Դատարանը ներկայումս նախնական դատական լսումների փուլում է։ Ըստ պաշտպանական կողմի՝ մեղադրանքը նոր օրենսգրքին համապատասխանեցնելու կարիք կա Նիստի սկզբում դատարանը պետք է ճշտեր  ամբաստանյալի ինքնությունը, սակայն նրա բացակայությունը հաշվի առնելով՝ հրապարակեց նրա վերաբերյալ մեղադրական եզրակացության մեջ տեղ գտած որոշ տվյալներ։ Ըստ այդմ, Արմեն Գրիգորյանը ՀՀ եւ ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ, նախկինում դատված չի եղել, ծնվել եւ մեծացել է Երեւանում, ավարտել` Երեւանի պետական բժշկական համալսարանը։ Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հետաքրքրվեց՝ պաշտպանական կողմը ստացե՞լ է մեղադրական եզրակացությունը, ինչին արձագանքելով՝ Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը հիշեցրեց՝ ոչ միայն ստացել են, այլեւ առաջին դատական նիստին դրա հետ կապված միջնորդություն են ներկայացրել, որը մնացել է չլուծված։ Խոսքը Գրիգորյանին մեղսագրվող հանցանքը Քրեական նոր օրենսգրքին համապատասխանեցնելու մասին է։ Լուսանկարում՝ պաշտպան Ռուբեն Մելիքյանը Բանն այն է, որ Արմեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածով, որը պատասխանատվություն է սահմանում ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու համար։ Այս օրենսգիրքը, սակայն, 2022 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրել է, եւ նույն օրը ուժի մեջ է մտել 2021 թվականին ընդունված Քրեական նոր օրենսգիրքը, որում Գրիգորյանին մեղսագրվող արարք, թեեւ դարձյալ ներառվել է, սակայն տեքստուալ որոշակի փոփոխության է ենթարկվել։ Ըստ այդմ, նոր օրենսգրքի 329-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի համար։ Այս փոփոխությունը, ըստ պաշտպանական կողմի, սկզբունքային է, ուստի կարիք կա հստակեցնելու, թե իրենք կոնկրետ ինչից պետք է պաշտպանվեն։ Օրինակ՝ հին օրենսգրքում տեղ գտած ազգային արժանապատվությունը նվաստացնելու եզրույթը նոր օրենսգրքից բացակայում է, մեկ այլ տարբերություն է այն, որ հին օրենսգրքի թշնամանք հարուցելու եզրույթը վերաձեւակերպվել է թշնամանք հրահրել կամ քարոզել․ «Այժմ պաշտպանության մեր հնարավորությունը վտանգված է, որովհետեւ ի տարբերություն շատ այլ հանցակազմերի, որոնք որոշակի փոփոխությունների են ենթարկվել, այս դեպքում սկզբունքային փոփոխություններ ունենք, ծավալները էապես տարբեր են, եւ այս բոլորը հաշվի առնելով՝ մենք միջնորդել ենք, որ քրեական գործը վերադարձվի մեղադրողին, երեք օր ժամանակ տրամադրվի, որպեսզի մեղադրական եզրակացությունը փոփոխվի, մենք էլ իմանանք՝ ինչից ենք պաշտպանվում»,– ասաց Մելիքյանը՝ տեղեկացնելով, որ ստեղծված իրավիճակն իրենց համար որոշակի խոչընդոտներ է ստեղծում․ իրենք չեն կարողանում փորձաքննություն նախաձեռնել, քանի որ չգիտեն՝ հոդվածներից որ մեկի վերաբերյալ փորձագետին հարցեր հղեն՝ թշնամանք հարուցելո՞ւ թե՞ թշնամանք հրահրելու կամ քարոզելու։ Նշենք, որ թեեւ նախաքննության փուլում վարույթն իրականացնող մարմնի կողմից փորձաքննություն նշանակվել եւ իրականացվել է, սակայն դատավարական նոր օրենսգիրքը վարույթի մասնավոր մասնակցին եւս փորձաքննություն նախաձեռնելու իրավունք է տալիս։ Հանրային մեղադրողի կարծիքով՝ մեղադրյալին վերագրվող արարքը ամբողջությամբ ներառված է նոր օրենսգրքում Խոսելով հին եւ նոր օրենքների համապատասխանության մասին՝ հանրային մեղադրող Արմեն Գեւորգյանը կարծիք հայտնեց, որ թեեւ գործող օրենսգրքի հիշյալ հոդվածում արարքի նկարագրությունը որոշակիորեն ձեւափոխվել է, սակայն այն ներառում է նախորդ օրենսգրքում նկարագրված արարքի օբյեկտիվ կողմի բոլոր գործողությունները: Պաշտպան Ռուբեն Մելիքյանը խնդրեց մատնանշել՝ նոր օրենսգրքի 329-րդ հոդվածում որտե՞ղ է ներառված ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու էլեմենտը, որը հին օրենսգրքում էր առկա։ Լուսանկարում՝ հանրային մեղադրող Արմեն Գեւորգյանը Մեղադրողը նշեց, որ հարցին հռետորական պատասխան կտա․ «Եթե անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքով պայմանավորված թշնամանք հրահրելը ոչ այլ ինչ է, քան ազգային արժանապատվության նվաստացում, ուրեմն այդ հարցի պատասխանը ես չունեմ կամ եթե նույն քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված անձի նկատմամբ խտրականություն դրսեւորելը, անհանդուրժողականություն եւ ատելություն սերմանելը չի վիրավորում այդ խմբի արժանապատվությունը, ապա բոլորովին այլ հարություն ենք տեղափոխվում»։ Պաշտպանական կողմն արձանագրեց, որ մեղադրողի համար, փաստորեն, նախորդ օրենսգրքի ազգային արժանապատվությունը նվաստացնելու էլեմետը դուրս չի եկել, եւ թեեւ մեղադրանքն իրենց համար հասկանալի չէ, սակայն իրենք գոնե իմացան, թե ինչից պետք է պաշտպանվեն։ Լսելով կողմերին՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց մերժել միջնորդությունը՝ արձանագրելով, որ այդ հարցին կողմերը կարող են անդրադառնալ նախնական դատալսումների ավարտից հետո՝ ելույթների ժամանակ։ Միեւնույն ժամանակ դատավորն ընդգծեց՝ եթե նախորդ օրենսգրքում առկա որակումը ավելի խիստ է, հանցակազմի տարրերը՝ ի վնաս մեղադրյալի ավելի մեծածավալ, ապա ենթադրելի է, որ դա մեկնաբանվում է հօգուտ մեղադրյալի, եւ ուժի մեջ է նոր, այսինքն՝ գործող օրենսգրքի նորմը։ Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ Արմեն Գրիգորյանի ներկայացրած միակ փաստարկը մեղադրական եզրակացության մեջ տեղ չի գտել Նախքան որոշում կայացնելը դատավորը ընթերցեց Քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածով սահմանված այն չափանիշները, որոնց մեղադրական եզրակացությունը պետք է համապատասխանի։ Այդ հոդվածը, ի թիվս այլնի, նախատեսում է, որ մեղադրական եզրակացության պատճառաբանական մասում վերլուծվեն մեղադրյալի մեղավորությունը հաստատող ապացույցները, ի պաշտպանություն մեղադրյալի բերված փաստարկները, դրանց ստուգման համար ձեռնարկված գործողությունները, ինչպես նաեւ այդ փաստարկները հերքող ապացույցները: Դատավորն արձանագրեց, որ պատճառաբանական մասում այս տեղեկությունները առկա են, ինչին արձանագանքելով՝ պաշտպան Ռուբեն Մելիքյանը հարցրեց․ «Ի պաշտպանություն մեղադրյալի՝ որեւէ փաստա՞րկ է նշված»։ Մելիքյանը հայտարարեց, որ կենդանության օրոք, երբ Գրիգորյանը դեռեւս քրեակատարողական հիմնարկում էր, մի միջնորդություն է ներկայացրել քննիչին՝ խնդրելով այն կցել գործին եւ ճանաչել ապացույց։ Միջնորդության բովանդակությունը պաշտպանն ամբողջովին չբացահայտեց, նշեց միայն՝ այն հայ ժողովրդի պատմության, մասնավորապես, 1918-20–ական թվականներին վերաբերող ակադեմիական հատորներից մի էջ էր, որտեղ գիտական կոնկրետ տվյալներով ապացուցվում էր Գրիգորյանի անմեղությունը։ Քննիչը, սակայն, մերժել է այն գործի նյութերին կցելը, որոշումը բողոքարկվել է հսկող դատախազին, սակայն մեղադրական եզրակացության մեջ այն այդպես էլ չի ներառվել։ Լուսանկարում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված պաշտպանի այն դիրքորոշումը, որ հենց այդ փաստարկը պետք է տեղ գտներ մեղադրական եզրակացության մեջ։ Պատասխանելով հարցին՝ Մելիքյանն ընդգծեց, որ մեղադրյալը հրաժարվել է ցուցմունք տալուց, եւ դա նրա կողմից ներկայացված միակ փաստարկն է, ուստի գուցե հարգա՞նք դրսեւորվի անձի նկատմամբ։ Դատավորի հարցին՝ ի՞նչն է խոչընդոտում, որ հետագայում ներկայացնեն այդ փաստարկը գործին կցելու միջնորդությունը, պաշտպանը պատասխանեց, որ դա եւս բացառված չէ, սակայն քանի որ նոր օրենքը հնարավորություն տալիս է մեղադրական եզրակացությունը այդ հիմքով վերադարձնելու, դատարանն է որոշելու՝ ինչպիսի պրակտիկա ձեւավորել, ֆորմալիզմ դրսեւորե՞լ, թե՞ ոչ։ Ի վերջո, դատավորն արձանագրեց, որ մեղադրական եզրակացության անհամապատասխանություն օրենքին առկա չէ, ըստ այդմ, այն մեղադրողին վերադարձնելու կարիք չկա, իսկ ապացույց ճանաչելու միջնորդությունը կողմը կարող է դատական քննության փուլում էլ ներկայացնել։ Արմեն Գրիգորյանի հայտարարությունների վերաբերյալ հարցաքննվել են Շիրակի եւ Արարատի մարզի բնակիչներ Հաջորդիվ կողմերը քննարկեցին հետազոտման ենթակա ապացույցների ծավալը։ Դատավորի հարցին ի պատասխան՝ հանրային մեղադրող Արմեն Գեւորգյանն առաջարկեց սահմանել ապացույցների հետազոտման հետեւյալ հաջորդականությունն ու ծավալը․ սկզբում հետազոտել ապացուցողական գործողությունների արձանագրությունները, մասնավորապես, զննությունների արձանագրությունները, ապա՝ փորձագետի եզրակացությունը, այնուհետեւ՝ արտավարութային փաստաթուղթ հանդիսացող լազերային սկավառակը, որից հետո՝ հարցաքննել դատակոչված վկաներին։ Այսինքն՝ մեղադրողն առաջարկեց պահպանել եւ հետազոտել մեղադրական եզրակացության մեջ ներառված բոլոր ապացույցները։ Պաշտպանական կողմը, սակայն, վերապահում ուներ վկաների ցուցմունքների վերաբերելիության առումով։ Պաշտպան Ռուբեն Մելիքյանը հիշեցրեց Քրեական դատավարության նոր օրենսգրքի այն պահանջը, ըստ որի՝ կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է հիմնավորել, թե իր առաջարկած` հետազոտման ենթակա յուրաքանչյուր ապացույց վերդիկտ կայացնելու համար նշանակություն ունեցող ինչ փաստական հանգամանք է հաստատում կամ հերքում։ Ըստ այդմ, նա խնդրեց, որ մեղադրողը պարզաբանի, թե վկաների ցուցմունքներով կոնկրետ ինչ է հերքվելու կամ հաստատվելու․ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից հարցաքննության են ենթարկվել Արարատյան դաշտավայրում եւ Շիրակի մարզում բնակվող վկաներ, որոնք արտահայտել են իրենց ընկալումները հարցազրույցների ընթացքում Արմեն Գրիգորյանի հայտնած մտքերի վերաբերյալ, այսինքն՝ վկաների ցուցմունքները հիմնավորում են ելույթում առկա առանձին ձեւակերպումների վերաբերյալ հասարակության անդամների ընկալումների մասին տեղեկություններ, հետեւաբար էական նշանակություն ունեն»,– պարզաբանեց մեղադրող Արմեն Գեւորգյանը։ Լուսանկարում՝ պաշտպաններ Ռուբեն Մելիքյանը, Արմեն Մաշինյանը Պաշտպան Արմեն Մաշինյանն էլ հայտարարեց՝ կոնկերտ 4 վկաների՝ Արտյոմ Թումանյանին, Հունան Հակոբյանին, Գրիգոր Կարապետյանին եւ Վանիկ Դավթյանին հարցեր են ուղղվել բացառապես ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունների մասին, որը, ինչպես արդեն նշվեց, նոր օրենսգրքից հանվել է, հետեւաբար, այդ ցուցմունքները, ըստ պաշտպանի, այլեւս վերաբերելի չեն գործին։ Ավելի ուշ պատասխանելով մեր այն հարցին՝ արդյո՞ք այդ վկաները Շիրակի եւ Արարատի մարզից պատահականորեն ընտրված անձինք են՝ պաշտպանը պատասխանեց․ «Թող գան, կհասկանանք՝ պատահականորեն են թե ոչ, այդ հարցը մեզ էլ է հետաքրքրում»։ Արձագանքելով պաշտպանների հայտարարությանը՝ հանրային մեղադրող Արմեն Գեւորգյանը հիշեցրեց, որ ոչ մի տվյալ, ըստ օրենքի, նախապես հավաստի ապացույցի ուժ չունի, եւ ասաց, որ վկաների ցուցմունքների ըստ էության վերաբերելիությունը վերջնականապես կարող է գնահատվել միայն նրանց հարցաքննության արդյունքում։ Այնուհանդերձ, մեղադրողն ընդգծեց, որ պաշտպանության կողմը առանձնացրել է այն վկաներին, որոնք ելույթ են ունեցել եւ իրենց դժգոհությունն են արտահայտել Արմեն Գրիգորյանի մտքերի կապակցությամբ, եւ այդ ելույթի սկավառակը, այսպես թե այնպես, հանդիսանում է արտավարութային փաստաթուղթ․ «Քրեական գործով վկաները հայտնել են Գրիգորյանի կողմից իրենց նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված անհանդուրժողական, խտրականության, ատելության, ինչո՞ւ չէ, նաեւ թշնամանք հրահրելուն ուղղված ընկալումների վերաբերյալ եւ մատնանշել են, որ այս կամ այն քաղաքական ուժին հարելու կամ քաղաքական ուժի օգտին քվերակելու հանգամանքով պայմանավորված Գրիգորյանը նշված տարածաշրջանի բնակիչներին անվանել է թուրք։ Գտնում եմ, որ այդ խոսույթը եւ այդ արտահայտությունները, որ ենթադրաբար հնչեցվել են ազգաբնակչության հասցեին քաղաքական հայացքներով պայմանավորված, նրանց նկատմամբ խտրականության, անհանդուրժողական, ատելության եւ թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ են պարունակում, հետեւաբար վերաբերելի են եւ հաստատում են հատկապես այդ հանգամանքը»,– ասաց նա։ Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց, որ ապացույցների առկա ծավալը չհաստատելու հիմք այս պահին չունի, իսկ դրանց մանրամասն հետազոտումը այս փուլում չէ, որ պետք է իրականացվի։ Դատական նիստը հետաձգվեց՝ պաշտպանական կողմին փորձաքննություն նշանակելու նախաձեռնությամբ հանդես գալու ժամանակ տրամադրելու համար։ Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 11-ին։   Միլենա Խաչիկյան
22:23 - 24 հոկտեմբերի, 2022
Մանկատան նախկին սաները Սոցապից պահանջում են իրենց տրամադրել բնակարանի գնման վկայագրեր․ գործը դատարանում է

Մանկատան նախկին սաները Սոցապից պահանջում են իրենց տրամադրել բնակարանի գնման վկայագրեր․ գործը դատարանում է

Երկվորյակ եղբայրներ Արթուր եւ Աշոտ Հարությունյանները տեւական ժամանակ է՝ իրավական քաշքշուկի մեջ են․ որպես մանկատան նախկին սաներ՝ նրանք պահանջում են, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը իրենց տրամադրի բնակարանի գնման վկայագրեր։ Infocom-ին է դիմել Հարությունյանների ներկայացուցիչ Հասմիկ Մանուչարյանը եւ որոշ մանրամասներ ներկայացրել խնդրի վերաբերյալ։ Մանուչարյանի խոսքով՝ եղբայրները ծնվել են 1987 թ․ սեպտեմբերի 9-ին, մոր մահից հետո որոշակի ընդհատումներով՝ 1994-1998 եւ 1999-2005 թթ., խնամվել են «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ում։ Թե 1998-1999 թթ. ընթացքում ինչի հիման վրան են դուրս գրվել, ներկայացուցչի խոսքով՝ հայտնի չէ․ պատկան մարմինները, նրա հարցերին ի պատասխան, նշել են, որ հիմքը չի պահպանվել։ 2018 թ․-ին, երբ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը վերսկսել է մանկատան նախկին սաներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու գործընթացը, Հարությունյան եղբայրները դիմում են ներկայացրել՝ խնդրելով իրենց ճանաչել ծրագրի շահառու։  Նշենք, որ 2019 թ․ նոյեմբերի 7-ի 1555-Ն որոշմամբ Կառավարությունը ֆինանսական միջոցներ է հատկացրել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ «ՀՀ մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովում» միջոցառման շրջանակում մանկատան շրջանավարտների բնակարանային ապահովման խնդիրների լուծման նպատակով։ Նախատեսվել է, որ ծրագրում ընդգրկված շահառուները ՀՀ տարածքում ձեռք կբերեն 6.3 մլն դրամը չգերազանցող, իսկ սեփական միջոցներ ներդնելու դեպքում՝ նաեւ գերազանցող արժեքով բնակարաններ։ Ըստ որոշման՝ մանկատան շրջանավարտները բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք ունեն ՀՀ քաղաքացի հանդիսանալու, սեփականության կամ համասեփականության իրավունքով այլ բնակելի տարածք չունենալու եւ վերջին հինգ տարվա ընթացքում բնակելի տարածք օտարած չլինելու դեպքում։  Այս որոշման մեջ Կառավարությունը 2021 թ․ հոկտեմբերի 28-ին փոփոխություն է կատարել՝ սահմանելով, որ վկայագիր ստանալու իրավունք ունեն 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մանկատան շրջանավարտ հանդիսացող անձինք եւ 18 տարին լրացած, մանկատանն առնվազն 7 տարի խնամք եւ դաստիարակություն ստացած սաները։ Որոշմամբ սահմանվել է նաեւ, որ վկայագիր ստանալու իրավունք չունեն, ի թիվս հիշյալ պայմանների, նաեւ կենսաբանական ծնողի ընտանիք վերադարձածները։ Եղբայրների դիմումներին ի պատասխան՝ 2018 թ օգոստոսի 16-ին եւ 2019 թ․ դեկտեմբերի 24-ին նախարարությունից տեղեկացրել են, որ համապատասխանաբար Արթուր եւ Աշոտ Հարությունյանները դեռ 2008 թ․–ից հաշվառված են բնակարանի ապահովման ծրագրում, անհրաժեշտ տեղեկությունը ստանալուց եւ ուսումնասիրելուց հետո կորոշվի վկայագրի տրամադրման հարցը։  2019 թ․ դեկտեմբերին մանկատունը նախարարությանը տրամադրել է համապատասխան տեղեկանքներ, որոնց համաձայն՝ եղբայրները մանկատան շրջանավարտ են եւ դուրս են գրվել այնտեղից՝ 18 տարեկանը լրանալու կապակցությամբ։  Ծրագրի ընթացքը դրանից հետո դանդաղել է՝ համավարակով եւ պատերազմով պայմանավորված։ Որոշ ժամանակ անց՝ 2021 թ․ հունվարին, մանկատնից նախարարությանը տրամադրել են եւս մեկ տեղեկանք, ըստ որի՝ տղաները ոչ թե մանկատան շրջանավարտ են, այլ սան։ Դրանից հետո նախարարության դիրքորոշումը փոխվել է․ 2021 թ․ փետրվարին նախարարությունը մերժել է Արթուր Հարությունյանի դիմումը՝ պատճառաբանությամբ, որ վերջինս մանկատան շրջանավարտ չէ․ «Մանկատան շրջանավարտ են համարվում 18 տարեկանը լրանալու կապակցությամբ մանկատան խնամակալական կազմակերպություններից դուրս գրված անձինք»,- հայտնել են Նախարարությունից։  2022 թ․ հունվարին էլ մերժվել է Աշոտ Հարությունյանի դիմումը․ այս դեպքում որպես հիմնավորում մանկատան շրջանավարտ չհանդիսանալուց բացի նշվել է նաեւ կենսաբանական ընտանիք վերադարձած լինելու հանգամանքը։ Հասմիկ Մանուչարյանը մանկատան իրարամերժ տեղեկանքների մեջ ներքին պայմանավորվածությունների եւ իրենց հասանելիք գումարը յուրացնելու միտում է տեսնում։ Ըստ նրա՝ թեեւ եղբայրները, իսկապես, 17․5 տարեկանում են դուրս գրվել, սակայն Կառավարության հիշյալ 1555-Ն որոշմամբ որեւէ տեղ ամրագրված չէ 18 տարեկանը լրանալու կապակցությամբ դուրս գրվելու պահանջ։ Մանուչարյանի խոսքով՝ տղաների քույրն էլ 18 տարեկանը լրանալու կապակցությամբ դուրս չի գրվել, սակայն նրան բնակարան տրամադրվել է։ Դրանից բացի, նա ընդգծեց, որ եղբայրները կենսաբանական ընտանիքում փաստացի չեն էլ բնակվել, ինչը, ըստ նրա, անտեսվել է․ «1998 թ․-ին անհայտ հիմքերով վերադարձվել են կենսաբանական ընտանիք՝ հոր, տատի մոտ, որտեղ տարի ու կես բռնության են ենթարկվել, որից հետո նրանց հաջողվել է փախչել եւ վերադառնալ մանկատուն»,- պատմեց Մանուչարյանը։ Հարցին՝ իրենց նկատմամբ այդ  տեսակ վերաբերմունքի մասին մանկատանը հայտնե՞լ են՝ Մանուչարյանը դրական պատասխանեց՝ տարակուսանք հայտնելով, որ անձնակազմն այդ ուղղությամբ որեւէ գործընթաց չի սկսել։ Դրանից հետո՝ Մանուչարյանի ենթադրությամբ 2004 թ․-ին, եղբայրներից Արթուր Հարությունյանին ուղարկել են «Փոքր Մհեր» ռազմական դպրոց, որը գիշերօթիկ դպրոց է։ Հարությունյանը, սակայն, այնտեղ երկար չի մնացել․ ներկայացուցչի խոսքով՝ օրեր անց դիմել է փախուստի եւ գնացել հոր տուն։ Հարցին՝ եթե հոր կողմից նախկինում բացասական վերաբերմունքի է արժանացել, ինչպե՞ս է հետո ցանկություն ունեցել նրա մոտ գնալու, Մանուչարյանը պատասխանեց, որ նախ, մշտապես չի տեղափոխվել այնտեղ, եւ դրանից բացի, 11 եւ 17 տարեկան տղայի հոգեբանությունը տարբեր է․ 17 տարեկանը, բնական է, ազատության կձգտեր։ Հոր տուն գալուց հետո այնտեղ է տեղափոխվել նաեւ Աշոտ Հարությունյանը, դրանից հետո եղբայրները մանկատուն այլեւս չեն վերադարձել։ Գործում առկա նյութերի համաձայն՝ նրանք վերադարձել են հոր մոտ՝ նրա իսկ դիմումի հիման վրա․ «Իմ ենթադրությամբ՝ մանկատան տնօրենը այցելել է հոր տուն, ամենայն հավանականությամբ՝ հանդիպել նրան ոչ սթափ վիճակում, ասել՝ էրեխեքիդ տուր, նա էլ չի տվել, եւ տնօրենն էլ ասել է՝ դե, չես տալիս, դիմում գրի․ այս դիալոգը ինձ պատմել է Գավառի ոստիկանության հետաքննիչ Մուշեղյանը, եւ դպրոցական տետրի վրա, ամենայն հավանականությամբ, ինքն էլ թելադրել է, թե հայրը ինչ գրի»,- նշեց տղաների ներկայացուցիչը՝ հավելելով, որ որեւէ մեկը չի այցելել՝ գնահատելու ծնողի կենցաղային պայմանները․ Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը իր եզրակացությունը տվել է մանկատան տնօրենի խոսքերի հիման վրա։ Նշենք, որ Մանուչարյանը նաեւ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ ի թիվս այլնի, նշելով նաեւ հոր դիմումի ենթադրյալ կեղծված լինելու մասին, սակայն նախապատրաստված նյութերով նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն, եւ պարզվել է, որ դիմումը գրվել է հոր կողմից, ուստի քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Մանուչարյանի խոսքով՝ տղաները երկար չեն մնացել հոր մոտ, բնակվել են ընկերների, հորաքրոջ տանը, որից հետո զորակոչվել են բանակ։ Այդ ընթացքում՝ 2006 թ․-ին, պետության կողմից անհատույց օգտագործման նպատակով բնակարան է տրամադրվել եղբայրների ավագ քրոջը․ «Մանկատան տնօրենն ասում է, որ ինքը այցելել է, ականտես եղել ընտանիքի վերամիավորմանը, ինչը, սակայն, սուտ է, քանի որ այդ ժամանակ տղաները եղել են բանակում»,- նշեց Մանուչարյանը՝ հավելելով, որ տնօրենը այցի ամսաթիվ էլ չի նշում․ «Բանակից վերադառնալուց հետո 3-3․5 տարի ապրել են քրոջ տանը, իրենք պատասխանատու չեն, որ քույրը հորը տեր է կանգնել, դրանից հետո ես եմ կանչել իմ տուն, կերակրել, գնալ-գալով՝ իմ տունը իրենց համար ավելի հարմար էր»։ Դիմումի մերժումները ստանալուց հետո Հարությունյան եղբայրները երկու առանձին հայցեր են ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով նախարարությանը պարտավորեցնել իրենց տրամադրել բնակարանի գնման վկայագրեր։ Որպես հայցվոր՝ նրանք նշել են, որ մանկատնից դուրս գրելու վերաբերյալ համաձայնություն չեն տվել եւ ծնողի տանը չեն բնակվել։ Նրանք դիմել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին։ Գավառի մանկատուն ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի խոսքով՝ ամեն ինչ օրենքի սահմաններում է եղել «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ–ի փոխտնօրեն Նիկոլայ Նալբանդյանը, որ այդ տարիներին մանկատան տնօրենն է եղել, մեր զրույցում դժվարացավ շատ մանրամասներ հիշել՝ հաշվի առնելով, որ երկար ժամանակ է անցել։ Այնուհանդերձ, նա վստահեցրեց, որ ինչ եղել է, օրենքի սահմաններում է եղել։  Նալբանդյանը նշեց, որ մանկատան արխիվում պետք է պահպանված լինի եղբայրների՝ 1998 թ մանկատնից դուրս գրվելու հիմքը, ուստի նրանք կարող են դիմել եւ ստանալ այն։  Նրա խոսքով՝ Արթուր Հարությունյանին, ըստ ամենայնի, փորձել են զինվորական կրթության տալ, սակայն քանի որ չի հարմարվել, երեխայի կարծիքը հաշվի են առել։ Թե որքան է մնացել «Փոքր Մհեր»-ում, Նալբանդյանը չհիշեց՝ նշելով, որ դրանից հետո նա վերադարձել է տուն։ Անդրադառնալով հոր դիմումին, մանկատան փոխտնօրենն ասաց, որ վերջինս այն ինքնակամ է գրել, երեխաներն էլ, բնականաբար, կողմ են եղել․ «Ցանկացած երեխա ուզում է ծնողի հետ ապրել, եւ ցանկացած ծնող իրավունք ունի դիմելու եւ երեխային մանկատնից վերցնելու․ թե ինչ ձեւաչափով, ինչ մոտիվացիայով, արդեն այլ հարց է»։ Տվյալ դեպքում, ըստ դիմումի, հայրը առողջական խնդիրներ եւ խնամքի կարիք է ունեցել․ «Մենք էլ մտածել ենք՝ տղաները հորը նեցուկ կլինեն, եւ մինչեւ Հանձնաժողովի եզրակացությունը ժամանակավորապես թողել ենք բնակվեն այնտեղ»։ Հարցին՝ առանց Հանձնաժողովի եզրակացության՝ նման թույլտվության իրավասություն ունեի՞ն՝ Նալբանդյանը պատասխանեց․ «Ստիպողաբա՞ր պիտի բերվեին մանկատուն, չեմ կարծում՝ 17․5 տարեկանը այդքան փոքր է, այսպես թե այնպես կես տարի հետո գնալու էին իրենց տուն, հատկապես, որ քույրը տուն ուներ, գնացել են այնտեղ, վերամիավորվել»։ Թե երբ է այցելել եւ տեսել ընտանիքի՝ իր խոսքով վերամիավորումը, Նալբանդյանը դժվարացավ հիշել, ասաց՝ 2000-ական թվականներն էին։ Հարցին՝ հանձնաժողովը ի վերջո  այցելել եւ ստուգե՞լ է ընտանիքի կենսապայմանները, Նալբանդյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել, խառը տարիներ էին, գուցե զանգել են կամ հետաքրքրվել, ամեն դեպքում, մենք երաշխիքներ տվել ենք»։ Ընտանիքի կենսապայմանների եւ բարոյահոգեբանական վիճակի հետ կապված մանկատան նախկին տնօրենը որեւէ խնդիր չի տեսել։ Ինչ վերաբերում է նախարարությանը տրամադրած իրարամերժ տեղեկանքներին, Նիկոլայ Նալբանդյանն ասաց, որ դա շփոթմունքի արդյունք է։ Հարությունյանները, ըստ նախարարության, Գավառի մանկատան սաներ են, այլ ոչ թե շրջանավարտներ Ունենալով Հարությունյան եղբայրների գրավոր համաձայնությունը՝ իրենց անձնական գործի վերաբերյալ տեղեկություններ ստանալու մասին՝ մենք գրավոր հարցմամբ դիմել ենք նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ թեմայի վերաբերյալ մի շարք հարցեր հղելով։  Մասնավորապես, խնդրել ենք պարզաբանել մանկատնից ստացված տեղեկանքների իրարամերժությունը, անձնական գործերի վերաբերյալ որոշ փաստաթղթերի բացակայությունը, նախքան հանձնաժողովի եզրակացության մանկատան սաներին ընտանիքում թողնելու իրավաչափությունը, ինչպես նաեւ հայտնել, թե իրենց կողմից հիշատակված նորմատիվ իրավական ակտերի կոնկրետ որ կետն է սահմանում, որ բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք ունեն, ի թիվս այլ պահանջների, 18 տարեկանը լրանալու կապակցությամբ մանկատնից դուրս գրված շրջանավարտները։  Խնդրել ենք հայտնել նաեւ, թե ինչ պահանջներ են նախատեսված եղել 2000-ական թվականներին, արդյոք եղբայրների քրոջ պարագայում «18 տարեկանը լրանալու կապակցությամբ» պահանջ առկա չի եղել։ Հնարավորության դեպքում խնդրել էինք հայտնել նաեւ, թե հիշյալ բնակարանը քրոջը տրամադրելու որոշումը երբ է կայացվել, երբ է այն նրա կողմից փաստացի բնակեցվել, եւ երբ է Ն․ Նալբանդյանը այց կատարել այնտեղ։ Հետաքրքրվել էինք նաեւ, թե կոնկրետ որ թվականի որ ամիսներին է Արթուր Հարությունյանը բնակվել «Փոքր Մհեր» կրթահամալիրում, եւ կան արդյոք տեղեկություններ, թե այնտեղից դուրս գալով՝ ուր է տեղափոխվել նա։ Հարցրել էինք նաեւ՝ անձնական գործում առկա են տեղեկություններ Խնամակալության եւ հոգաբարձության մարմինների կողմից կենսաբանական ընտանիք այց կատարելու, կենսապայմանները ստուգելու, այնտեղ մնալ-չմնալու վերաբերյալ եղբայրների կարծիքը լսելու մասին, ինչպես նաեւ տեղեկություններ՝ կենսաբանական ընտանիքը լքելու, այնտեղ նրանց նկատմամբ առերեւույթ բացասական վերաբերմունքի եւ/կամ հետագա կեցավայրերի մասին։ Նախարարությունը մեկամսյա ժամկետ էր խնդրել՝ նշված հարցերին պատասխանելու համար։ Ըստ այդմ, Նախարարությունից հայտնել են, որ 2003 թվականի հոկտեմբերի 30-ի N 1419-Ն որոշմամբ՝ ՀՀ կառավարությունը արձանագրել է, որ մանկատներից դուրս են գրվում 18 տարին լրացած մանկատան սաները, իսկ հետագա կիրառությունն ապահովելու նպատակով փակագծերում նշվել է, որ մանկատան նախկին սաները մանկատան շրջանավարտներ են․ «Այսպիսով, ՀՀ կառավարության որոշման մեջ ամրագրված է, որ մանկատան նախկին սանն այսուհետ կարող է դիտարկվել որպես մանկատան շրջանավարտ, ինչպես նաեւ այն կարեւոր հանգամանքը, որ մանկատներից դուրս են գրվում 18 տարին լրացած մանկատան սաները»,- նշել են Նախարարությունից՝ մեջբերելով նաեւ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ Օրենքը․ «Օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետությունն ու համապատասխան մարմիններն ապահովում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված (այդ թվում՝ առանց ծնողական խնամքի մնացած) երեխաների խնամքը եւ դաստիարակությունը՝ որդեգրման, խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու կամ խնամատար ընտանիքում տեղավորելու, իսկ դրանց անհնարինության դեպքում` համապատասխան հաստատություններում տեղավորելու միջոցով: Հետեւաբար, մանկատան շրջանավարտը՝ 18 տարին լրացած եւ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններից դուրս գրված մանկատան սանն է»,- ասված է պատասխանում։ Անդրադառնալով մանկատնից ստացված իրարամերժ տեղեկանքներին՝ նախարարությունից հայտնել են, որ 2019 թվականի դեկտեմբերի 11-ի տեղեկանքում նշվել է, որ Արթուր եւ Աշոտ Հարությունյանները «մանկատան շրջանավարտ» են, քանի որ հաշվարկը կատարվել է ծննդյան տարեթվերով եւ ոչ ամիսներով։ Երկրորդ անգամ՝ 2021 թվականի հունվարի 22-ին տրված տեղեկանքը տրվել է նախարարության կողմից փոփոխված եւ հստակեցված չափանիշների ու պահանջների հիման վրա, ըստ որի՝ Հարությունյանները հանդիսանում են Գավառի մանկատան սաներ, այլ ոչ թե շրջանավարտներ՝ 18 տարին մանկատանը չլրանալու պատճառով՝ հիմք ընդունելով Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 11-ի 1555-Ն որոշման պահանջները։ Անդրադառնալով այն հանգամանքին, որ եղբայրների քույրը, թեեւ 17 տարեկանում է դուրս գրվել մանկատնից, բնակարան ստացել է, Նախարարությունից պարզաբանել են, որ նրան բնակարան տրամադրվել է մեկ այլ՝ «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրով․ «Ծրագրի պատասխանատուները «մանկատան շրջանավարտ» կամ «մանկատան սան» հասկացությունները դիտարկելուց զատ կարեւորել են այդ պահին երեխաների կեցության հրատապ խնդիրը։ Արդյունքում, այդ ծրագրով բնակարաններ են ստացել Գավառի մանկատան 18 տարին չլրացած շատ սաներ, այդ թվում՝ Հարությունյանների քույրը»։ Ինչ վերաբերում է մանկատան նախկին տնօրենի կատարած այցին, ապա, ըստ Նախարարության, դա տեղի է ունեցել 2004 թվականի նոյեմբերի 28-ին․ «Ն․ Նալբանդյանն այցելել է Հարությունյանների քրոջը պատկանող բնակարան, որտեղ ապրում էին վերջինիս հայրը, տատիկը եւ եղբայրները՝ Արթուր եւ Աշոտ Հարությունյանները։ Այցի նպատակն է եղել երեխաներին մանկատուն վերադարձնելը, ինչպես նաեւ նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին ծանոթանալը։ Սակայն հայրը, տատիկը եւ եղբայրները հրաժարվել են տղաների՝ մանկատուն վերադարձը՝ պատճառաբանելով, որ մեծ են եւ կարող են ինքնուրույն տնօրինել հետագա կյանքն ու օգտակար լինել ընտանիքին։ Այդ ընթացքում հայրը դիմում է գրել մանկատան տնօրենին՝ խնդրելով երեխաներին վերադարձնել կենսաբանական ընտանիք։ Հետագայում հայրը ՀՀ դատախազություն գրած բողոք-դիմումում հայտնել է, որ ինքը դիմում չի գրել, եւ եղած դիմումը կեղծ է։ Դրա հիման վրա հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում կատարվել է քննություն և պարզվել, որ դիմումը գրված է հոր կողմից, և գործը կարճվել է»,- ասված է պատասխանում։  Նշենք, որ այցի ամսաթիվը  որոշակի հակասություն է ստեղծում, քանի որ ըստ գործի նյութերի՝  եղբայրների քրոջ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ Պետական գույքի  կառավարման վարչության միջեւ բնակարանի անհատույց օգտագործման եռակողմ պայմանագիրը կնքվել է 2006 թ․ սեպտեմբերի 25-ին։ Թե երբ է այն փաստացի բնակեցվել, Նախարարությունից չեն հայտնել։ Ստացված պատասխանի համաձայն՝ երեխայի՝ կենսաբանական ընտանիքում ժամանակավոր ապրելու իրավունքն արգելող որեւէ իրավական ակտ այդ ժամանակ չի եղել։ Դա կատարվել է խնամակալի հայեցողությամբ՝ հաշվի առնելով ընտանիքի բարոյահոգեբանական մթնոլորտը եւ սոցիալ-կենցաղային պայմանները։ Ի պատասխան այն հարցին, թե արդյոք որեւէ իրավական ակտով սահմանվում է, որ մանկատան տնօրենը կարող է մինչեւ համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը երեխաներին թույլատրել ժամանակավոր ապրել կենսաբանական ընտանիքում, Նախարարությունից նշել են, որ գործող օրենսդրությամբ նման կարգավորում նախատեսված չէ։ Ինչ վերաբերում է Խնամակալության եւ հոգաբարձության մարմնին, ըստ պատասխանի՝ վերջինիս կողմից այցելություն չի եղել, հանձնաժողովը հիմնվել է մանկատան տնօրենի այցելության, նրա հաղորդած տեղեկությունների, երեխաների ընտանիքում ապրելու ցանկության վրա, հաշվի է առել այն հանգամանքը, որ 6 ամիս հետո լրանալու էր եղբայրների 18 տարին։ Անդրադառնալով անձնական գործերի որոշ փաստաթղթերի բացակայությանը, Նախարարությունից հստակ տեղեկություն չեն տվել՝ նշելով, որ  մանկատան երեխաների շարժն ամրագրված է սաների ընդունման եւ դուրսգրման հրամանագրքում, սակայն Հարությունյանների ընդունման եւ դուրսգրման հիմքերն անձնական գործերում չեն պահպանվել (դիտարկվում է այն տարբերակը, որ փաստաթղթերը տրվել են վերջիններիս հարազատներին)։ «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ը, ըստ նախարարության, չի տիրապետում նաեւ Արթուր Հարությունյանի՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրում բնակվելու եւ այնտեղից այլ վայր տեղափոխվելու վերաբերյալ տեղեկության։ Ամփոփելով նախարարությունից տեղեկացրել են, որ ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 1555-Ն որոշման շրջանակում տրամադրված գումարը նախատեսված է 300 շահառուի համար․ «Այս պահի դրությամբ բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինասական աջակցություն ստանալու իրավունք է տրվել 281 շահառուի․ ընթացքի մեջ է նաեւ 7 շահառուի գործերի ուսումնասիրություն»,- ասված է պատասխանում։ Դատարանը բավարարել է Արթուր Հարությունյանի հայցը՝ ընդդեմ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Նյութի պատրաստմանը զուգահեռ ՀՀ վարչական դատարանը դատավոր Գեւորգ Սոսյանի նախագահությամբ, քննելով Արթուր Հարությունյանի հայցը, օրերս բավարարել է այն՝ Նախարարությանը պարտավորեցնելով քաղաքացուն տրամադրել բնակարանի գնման վկայագիր։  Ի թիվս այլնի՝ դատարանը վճռում արձանագրել է, որ հայցվորի կողմից բնակարանի գնման վկայագրի տրամադրման հայցումը, ըստ էության, իրավաչափ է, իսկ դրա մերժումը եղել է ոչ իրավաչափ․ «Սույն գործի փաստերով հաստատվում է այն փաստը, որ «Աջակցություն եւ խորհրդատվություն ՀՀ մանկատան շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում 2003-2013 թթ բնակարանի սպասող շահառուների ցուցակի 89-րդ համարի տակ Արթուր Հարությունյանին 2008 թվականին հաշվառելուց հետո վերջինիս հերթացուցակից հանելու վերաբերյալ որեւէ ապացույց (միջամտող վարչական ակտ) գործի նյութերում առկա չէ, այսինքն՝ այդ հաշվառումը մինչեւ այս պահը շարունակում է գործել՝ պահպանելով իր իրավաբանական ուժը եւ առաջացնելով իրավական հետեւանքներ, ինչն էլ նշանակում է, որ հայցվորի անվամբ գործող հաշվառումը պետք է առաջացնի բնակարանի գնման վկայագիր տալուն: Ընդ որում, Դատարանը հատուկ ընդգծում է, որ անձին հաշվառումից հանելը եւս պետք է իրականացվի վարչարարությամբ՝ միջամտող վարչական ակտի ընդունմամբ, քանի որ որեւէ այլ կանոնակարգում կիրառելի իրավանորմերի շրջանակներում առկա չէ, այսինքն՝ եթե նույնիսկ առկա է հաշվառումից հանելու բավարար հիմք, ապա անձը հաշվառումից հանվում է ոչ թե նման հիմքի առաջացման փաստով, այլ դրա համար վարչական մարմնի կողմից նախ պետք է իրականացվի վարչական վարույթ, որի արդյունքներով հիշյալ հիմքի հաստատման դեպքում վարչական մարմինը կկարողանա ընդունել հաշվառումից հանելու վերաբերյալ միջամտող վարչական ակտ, որպիսի գործընթացն էլ սույն գործով առկա չէ»,- ասված է վճռի մեջ։ Աշոտ Հարությունյանի վերաբերյալ գործը դեռեւս դատաքննության փուլում է։   Միլենա Խաչիկյան
17:14 - 23 հոկտեմբերի, 2022
ԵՄ քաղաքացիական առաքելությունների փորձը․ Վրաստան, նախկին հարավսլավական հանրապետություններ և այլ տարածաշրջաններ

ԵՄ քաղաքացիական առաքելությունների փորձը․ Վրաստան, նախկին հարավսլավական հանրապետություններ և այլ տարածաշրջաններ

Եվրոպական Միության քաղաքացիական առաքելությունն արդեն  Հայաստանում է։ Խումբը բաղկացած է մոտ 40 հոգուց և Հայաստանում է լինելու առնվազն երկու ամիս ժամկետով։ Հոկտեմբերի 6-ին Պրահայում  տեղի ունեցած հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության էին եկել հայ-ադրբեջանական սահման ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու հարցում։  Ըստ հայտարարության՝ Հայաստանը նախապես համաձայնել էր առաքելությանը, իսկ Ադրբեջանը համաձայն է «համագործակցել առաքելության հետ այնքանով, որքանով առնչություն կունենա»։ Հայտարարության տեքստից պարզ է դառնում, որ առաքելությունն իրականացվելու է Հայաստանի տարածքից։  ԵՄ միջնորդությամբ երկու երկրների համաձայնության հասնելուց մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 5-ին, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը հայտարարել էր, որ Ադրբեջանը դեմ էր առաքելությանը։ «Ուրիշ ի՞նչ եք ուզում, որ մենք անենք։ Մենք չենք պատրաստվում ԵՄ զորքեր ուղարկել առանց երկու կողմերի համաձայնության»,- հայտարարել էր Բորելը։ Բորելն անդրադարձել էր նաև ԵԱՀԿ առաքելության՝ տարածաշրջան ուղարկվելու հնարավորությանը՝ նշելով, որ առավելագույնը, որ ԵՄ-ն կարող է անել, միջնորդի դեր ստանձնելն է մինչև ԵԱՀԿ առաքելությունը կգնա տարածաշրջան, ինչը չի լինի, եթե երկու երկրներն էլ չցանկանան։   Հոկտեմբերի 18-ին՝ Նորվեգիայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանի տարածքում ԵԱՀԿ առաքելության տեղակայման որոշումը սպասվում է մոտ ապագայում։  Եվրոպական միությունը արդեն փորձ ունի տարբեր երկրներում, այդ թվում՝ նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում, քաղաքացիական առաքելություն իրականացնելու։    Քաղաքացիական և ռազմական առաքելություններ Եվրոպական միությունը կարող է իրականացնել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական առաքելություններ, ինչպես նաև ռազմական գործողություններ։  Առաքելությունների մասին որոշումները կայացնում է Արտաքին գործերի խորհուրդը։ 2003 թվականից սկած՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր ռազմավարության հաստատումից հետո,  Եվրոպական միությունն իրականացրել է 37 առաքելություն, որից 18-ը հիմա ընթացքի մեջ է։  Ընթացիկ առաքելություններից 11-ը քաղաքացիական է, 7-ը՝ ռազմական։ ԵՄ-ը քաղաքացիական և ռազմական առաքելություններ ունի ռազմական կոնֆլիկտ ունեցող մի շարք երկրներում, ինչպիսիք են Իրաքը, Լիբիան, Պաղեստինը, Վրաստանը, Կոսովոն և այլն։  Քաղաքացիական առաքելությունների անդամները զինված չեն, ուղարկվում են աջակցելու հակամարտությունների կարգավորմանը, սահմանների անվտանգությանը, անվտանգային ռեֆորմներին և այլն։ Ռազմական առաքելությունների դեպքում ուղարկվում է զինված անձնակազմ դասընթացների, ռազմական գործողությունների և այլ նպատակներով։ ԵՄ գործող ռազմական առաքելություններից մեկի նպատակն, օրինակ, ծովահենների դեմ պայքարն է։ Եվրոպայի տարածքում ԵՄ իրականացրած միակ ռազմական օպերացիան Բոսնիայի և Հերցեգովինայի տարածքում է եղել 2004 թվականին՝ պարտադրելու համար շուրջ  9 տարի առաջ կնքված հրադադարի պայմանագրի կետերի պահպանումը։ ԵՄ ռազմական առաքելությունների մեծամասնությունը ուսումնական է, հիմնականում՝ Աֆրիկյան երկրներում։  Հայաստան ուղարկվող առաքելությունը հաստատելուն զուգահեռ` ԵՄ-ն հաստատեց ավելի քան 15 000 ուկրաինացի զինվորականների վերապատրաստման առաքելությունը։   Վրաստան Վրաստան Եվրոպական միության՝ 200 հոգուց բաղկացած քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշում կայացվել է 2008 թվականին՝ ռուս-վրացական պատերազմից հետո՝ դիտարկելու Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ սահմանային հատվածը։ ԵՄ-ը միջնորդել էր պատերազմի ավարտը հայտարարող 6 կետից բաղկացած պայմանագիրը, որի՝ ԵՄ առաջարկած նախնական կետը նախատեսում էր նաև ԵՄ կամ ՄԱԿ խաղաղապահ առաքելություն ուղարկել տարածաշրջան, սակայն կնքված պայմանագրում այդ կետը բացակայում էր։  Ռուսաստանը համաձայնություն տվել էր առաքելության՝ բուֆերային գոտում կամ Վրաստանի տարածքում գտնվելուն․ ո՛չ Աբխազիայի և ո՛չ Հարավային Օսեթիայի իշխանությունները թույլ չեն տալիս առաքելությանն անցնել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներ, այսինքն՝ ԵՄ մանդատը գործում է միայն Վրաստանի տարածքում։ Այս առումով Վրաստանի առաքելությունը նմանություններ ունի Հայաստան ուղարկվելիք առաքելության հետ, որը գտնվելու է սահմանի միայն հայկական կողմում։  Ըստ հաղորդագրությունների՝ Վրաստանի ՊՆ-ը կատարել է սահմանամերձ շրջաններից ծանր զինտեխնիկայի դուրսբերման առաջարակը, մինչդեռ ռուսական կողմը չի արձագանքել դրան։ Այսինքն՝ ԵՄ առաքելությունը Վրաստանում միակողմանի է։  Մինչև 2008 թվականի առաքելության ուղարկումը ԵՄ-ը մեկ այլ առաքելություն էր ուղարկել Վրաստան 2005 թվականին՝ Ռուսաստանի կողմից ԵԱՀԿ առաքելության վրա վետո դնելուց հետո։ ԵՄ-ն ուղարկել էր երեք քաղաքացիական փորձագետների՝ սահմանային խնդիրների ուղղությամբ Վրաստանում աշխատելու համար․ ավելի մեծ առաքելություն ուղարկելուն դեմ էին արտահայտվել Իտալիան, Հունաստանը և Ֆրանսիան Ռուսաստանի առարկություններից հետո։  Ըստ ԵՄ պաշտոնական հաղորդագրությունների՝ առաքելության շոշափելի արդյունքներ գրանցելուն և խաղաղության հասնելուն խանգարում էին Ռուսաստանի ստեղծած խոչընդոտները, ինչպես օրինակ՝ ԵՄ պատվիրակությունների՝ Աբխազիայի և Օսեթիայի տարածք մուտքի արգելքը, զինատեսակների սահմանափակման մասին պայմանագիրը չկնքելը և այլն։    Նախկին Հարավսլավիայի մաս կազմող հանրապետություններ Եվրոպական միության՝ շուրջ 16 տարի շարունակված և այժմ ավարտված առաքելություններից մեկը նախկին Հարավսլավիայի պետությունների տարածքում էր Սլովենիայի և Խորվաթիայի անկախության հռչակումից հետո, երբ Հարավսլավիայի ժողովրդական բանակը բախումներ սկսեց։ Լյուքսեմբուրգի, Պորտուգալիայի և Նիդերլանդների միջնորդությամբ Սլովենիան համաձայնվեց կնքել պայմանագիր և թույլատրել առաքելություն ուղարկել, որը պիտի հետևեր հրադադարի ռեժիմի պահպանմանը և հարավսլավական բանակի՝ Սլովենիայի տարածքից դուրսբերմանը։ Հաջորդող տարիների ընթացքում առաքելությունը ընդլայնել էր գործունեության սահմանները նախկին Հարավսլավիայի մաս կազմող մյուս պետությունների տարածքում։    Սահմանային առաքելություններ ԵՄ քաղաքացիական առաքելությունների շարքում բավական շատ են սահմանների դիտարկման կամ սահմանային անվտանգության ապահովման առաքելությունները։ Այսպես, ուկրաինա-մոլդովական սահմանին ԵՄ սահմանապահ ծառայությունն իրականացնում է ԵՄ ստանդարտներին համապատասխան ծառայություն։ Հետաքրքիր է, որ Ռուսաստանի հետ կոնֆլիկտի ֆոնին ԵՄ-ը դիտորդական առաքելություն չի ուղարկել, սակայն 2014-ին ֆինանսավորել է ԵԱՀԿ առաքելությունը։ Այդ ժամանակ դիտորդներին գերի էին վերցրել Դոնեցկի և Լուգանսկի ուժերը։ ԵՄ առաքելությունն աջակցում է նաև Լիբիայի ցամաքային, օդային և ծովային սահմանների դիտարկմանն ու սահմանային ծառայության ռազմավարության մշակմանը։ Առաքելությունը կից է ՄԱԿ 2011 թվականին ստեղծված առաքելությանը և ստեղծվել է Լիբիայի կառավարության խնդրանքով՝ «աջակցելու անցումային իշխանություններին իրենց հետկոնֆլիկտային ջանքերում»։  Մինչև այս տարի ամառ գործում էր նաև Պաղեստինի տարածքում ԵՄ առաքելություն, որն աջակցություն էր ցույց տալիս պաղեստինյան իշխանություններին Պաղեստին-Իսրայել և Պաղեստին-Եգիպտոս սահմանահատումների և սահմանային այլ հարցերի շուրջ։ ԵՄ-ը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել 2005 թվականին սկսված առաքելությունը, եթե քաղաքական և անվտանգային իրավիճակը թույլ տա։ Գլխավոր լուսանկարը՝ Վրաստանում ԵՄ առաքելությունից Անի Ավետիսյան
15:52 - 21 հոկտեմբերի, 2022
Ինչպես են վարկանիշավորվում համալսարանները․ Բրյուսովի անվան համալսարանի գիտխորհրդի ընդլայնված նիստի բանավեճի հետքերով

Ինչպես են վարկանիշավորվում համալսարանները․ Բրյուսովի անվան համալսարանի գիտխորհրդի ընդլայնված նիստի բանավեճի հետքերով

Հոկտեմբերի 14-ին Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտխորհրդի ընդլայնված նիստն էր, որին մասնակցում էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։ Նիստի ընթացքում Կարեն Թռչունյանի և բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանի միջև բանավեճ սկսվեց։ Կարեն Թռչունյանը բերեց համալսարանների վարկանիշային ցանկերի օրինակներ՝ նշելով, որ դրանցից մեկում Հայաստանի պետական մանկավարժական համալսարանն ավելի բարձր դիրքում է, քան Բրյուսովի անվան պետական համալսարանը։ Բուհի ռեկտորն էլ նշեց, որ այդ համեմատությունն արդարացի չէ։ Փորձել ենք հասկանալ, թե նախարարի տեղակալը վարկանիշավորման ինչ ցանկերի մասին է նշել, ինչպես են վարկանիշավորվում համալսարանները, և ինչ «ոչ արդարացի» համեմատության մասին է խոսում բուհի ռեկտորը։ Այսպիսով, Մի քանի օր առաջ պարզ դարձավ, որ շրջանառվում է Բրյուսովի անվան պետական համալսարանը, Մանկավարժական համալսարանն ու Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը միավորելու նախագիծ։ Բրյուսովի անվան համալսարանում դեմ են նախագծին։ Բուհում գիտխորհրդի ընդլայնված նիստի ընթացքում խոսք գնաց Բրյուսով անվան և Մանկավարժական համալսարանների վարկանիշներից, և ԿԳՄՍ նախարարի տեղակալը, հնչող հարցերին ի պատասխան, նշեց․ «Ըստ QS, Շանհայի և Times Higher Education-ի վարկանիշավորման՝ ո՛չ դուք (Բրյուսովի անվան պետական համալսարանը- խմբ․) կաք, ո՛չ Մանկավարժականը։ Scopus-ի վարկանիշագիտատեղեկատվական շտեմարանում պատմության մեջ ընդհանրապես Բրյուսովը տպագրել է 18 հոդված, Մանկավարժականը՝ 198»։ Այնուհետև Կարեն Թռչունյանը բերեց վարկանիշային այնպիսի ցանկի օրինակ, որտեղ երկու բուհերն էլ կան․ «Եթե 30 հազար համալսարաններ կան աշխարհում, Webometrics-ում Բրյուսովը գտնվում է 12 873-րդ տեղում, եթե չեմ սխալվում, Մանկավարժական համալսարանը գտնվում է 8845-րդ դիրքում»։ Կարինե Հարությունյանը հակադարձեց․ «Ադ բոլոր վարկանիշավորման համակարգերում․․․ Մասնավորապես՝ Շանհայի վարկանիշավորման հայտնի համակարգն ընդհանրապես ունի այդպիսի գրառում, որ այնտեղ չեն վարկանիշավորում հումանիտար ուղղվածություն ունեցող բուհերը»։ Կարեն Թռչունյանն արձագանքեց՝ ոչ։  Կարինե Հարությունյանն էլ պատասխանեց․ «Այո՛, որովհետև իրենց մոտ տվյալները հիմնականում վերաբերում են բնագիտական ոլորտին, Նոբելյան և այլ մրցանակակիրներին, վերաբերում են Science և այլ ամսագրերում հրապարակված հոդվածների թվին։ Այս [Բրյուսովի անվան պետական] համալսարանը, բոլորն էլ գիտեն, որ լեզվական, հումանիտար, սոցիալական գիտությունների ոլորտում համալսարան է, և այդքան արդար չէ համադրել համալսարանը։ Իսկ Մանկավարժական համալսարանն ունի բոլոր բնագիտական ուղղվածությունների և մաթեմատիկական ուղղվածությունների մասնագետներ և աշխատակազմ։ Այդ համեմատությունն արդարացի չէ»։ Կարեն Թռչունյանն էլ հայտարարեց․ «Համեմատությունը շատ արդար է, և այդտեղ եթե կա QS վարկանիշավորման համակարգ, այնտեղ կան նաև social and humanitarian sciences [սոցիալական և հումանիտար գիտություններ] հատվածներ»։  Կարինե Հարությունյանի նշած չափանիշներն, իրոք, վերաբերում են Աշխարհի բուհերի ակադեմիական վարկանիշային ցանկին (անգլ.՝ Academic Ranking of World Universities, ARWU) կամ Շանհայի վարկանիշային ցանկին։ ARWU-ն համալսարանների վարկանիշավորման համար սահմանել է չափանիշներ (օրինակ՝ կրթության որակ, հետազոտութունների արդյունքներ) և այդ չափանիշներին համապատասխան ցուցանիշներ։ Այդ ցուցանիշներն են համալսարանի շրջանավարտների և անձնակազմի ստացած Նոբելյան կամ Ֆիլդսյան մրցանակները (վերջին մրցանակը տրվում է մաթեմատիկոսներին), շատ հղումներ ունեցող հետազոտողոները, Science և Nature գիտական ամսագրերում հրապարակված աշխատությունները և այլն։  Կազմակերպությունը, սակայն, նշում է, որ հումանիտար և սոցիալական գիտությունների բնագավառում մասնագիտացված հաստատությունների համար, ինչպիսին է, օրինակ, Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը, Science և Nature գիտական ամսագրերում հրապարակված աշխատությունների ցուցանիշը հաշվի չի  առնվում,  և այդ ցուցանիշի կշիռը տեղափոխվում է այլ ցուցանիշների: Հետաքրքր է, որ նույն Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոցը ներառված է Շանհայի վարկանիշային ցանկում, չնայած որ մասնագիտացած է հասարակական գիտություններում։ Շանհայի վարկանիշային ցանկում, սակայն, ո՛չ Մանկավարժական համալսարանը կա, ո՛չ էլ Բրյուսովի անվան համալսարանը, ինչպես նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը։ Այս ցանկը ներառում է 1000 համալսարան, և այնտեղ ընդգրկված չէ հայկական ոչ մի բուհ։ Կարեն Թռչունյանի նշած վարկանիշավորման մեկ այլ կազմակերպություն՝ QS World University Ranking-ը, 6 ցուցանիշ է առանձնանցնում, որոնցով վարկանիշավորում է աշխարհի լավագույն համալսարանները։  Ակադեմիական հեղինակություն՝ համալսարաններում դասավանդման և հետազոտության որակը։  Գործատուի հեղինակություն․ ինչպե՞ս են հաստատությունները պատրաստում ուսանողներին հաջող կարիերայի համար, ո՞ր հաստատություններն են ապահովում առավել կոմպետենտ, նորարար և արդյունավետ շրջանավարտների: Պրոֆեսորադասախոսական կազմ/ուսանող հարաբերակցություն․ խոսքը մեկ ուսանողի հաշվով դասավանդողների թիվն է, և հաշվի է առնվում, թե ինչպես են հաստատություններն ուսանողների համար ապահովում դասախոսներին նշանակալից հասանելիություն: Հղումները ամեն ֆակուլտետի համար․ համալսարանի հետազոտությունների որակը չափվում է ամեն ֆակուլտետի հղումներով՝ հաշվի առնելով համալսարանի կողմից հինգ տարվա ընթացքում հրապարակված հոդվածների ակադեմիական հղումների ընդհանուր թիվը։ Արտասահմանյան ուսանողներ և դասախոսներ․ ըստ QS World University Ranking-ի՝ միջազգային հզոր հաստատություններն ապահովում են բազմազգ միջավայր։ Այս վարկանիշային ցանկում հայաստանյան բուհերից ներառված են Երևանի պետական և Հայ-ռուսական համալսարանները։ Ցանկը ներառում է մոտ 1500 համալսարան։ The Times Higher Education-ը ևս համալսարանները վարկանիշավորելիս հաշվի է առնում մի քանի ցուցանիշներ՝ ուսուցում, հետազոտություններ, գիտական հոդվածներին հղումներ, միջազգային ուսանողների և աշխատակիցների ներգրավում, միջազգային համագործակցություններ, բիզնես հատվածից ֆինանսների ներգրավում։ Այս վարկանիշային ցանկում հայաստանյան բուհերից կա միայն Պոլիտեխնիակական համալսարանը։ Ցանկում կա 1799 համալսարան։ Ինչ վերաբրեում է ԿԳՄՍ նախարարի տեղակալի նշած Webometrics-ին, ապա այնտեղ, իսկապես, կան և՛ Մանկավարժական համալսարանը, և՛ Բրյուսովի անվան համալսարանը։ Webometrics-ը նշում է, որ վարկանիշավորում է «աշխարհի բոլոր համալսարանները, ոչ թե միայն զարգացած աշխարհի մի քանի հարյուր հաստատություններ»։ «Միայն հետազոտությունների վրա հիմնված վարկանիշավորումները կողմնակալ են տեխնոլոգիաների, համակարգչային գիտությունների, հասարակական և հումանիտար գիտությունների նկատմամբ, առարկաներ, որոնք սովորաբար ներառում են ստանդարտ համալսարանի գիտնականների և ուսանողների կեսից ավելին: Webometrics-ը նաև անուղղակի կերպով չափում է այլ առաքելություններ, ինչպիսիք են դասավանդումը կամ, այսպես կոչված, երրորդ առաքելությունը՝ հաշվի առնելով ոչ միայն համալսարանի գործունեության գիտական ազդեցությունը, այլև տեխնոլոգիաների տրանսֆերի տնտեսական նշանակությունը, հանրության ներգրավվածությունը (սոցիալական, մշակութային, բնապահպանական դերերը) և նույնիսկ քաղաքական ազդեցությունը»,- նշում է կառույցը։ Այս վարկանիշային ցանկում Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանն, իրոք, 12873-րդ տեղում է, Մանկավարժականը՝ 8845 տեղում։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Երևանի պետական համալսարանը 3050-րդ տեղում է։   Աննա Սահակյան
14:17 - 19 հոկտեմբերի, 2022
Փաստաբանի և դատավորի վերաբերյալ գործը կաշառքի հետ առնչություն չունի․ «Արմենիա» ՀԸ–ն սխալվում է

Փաստաբանի և դատավորի վերաբերյալ գործը կաշառքի հետ առնչություն չունի․ «Արմենիա» ՀԸ–ն սխալվում է

«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի եթերով երեկ երեկոյան լուր է հեռարձակվել՝ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի եւ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի քրեական գործի վերաբերյալ, որում երկու սխալ տեղեկություն է եղել։ Հեռուստամեկնաբանը ասել է․ «Կաշառքի գործով ձերբակալված փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կմնա ազատության մեջ․ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է նրան կալանավորելու միջնորդությունը։ Նույն գործով անցնում է նաեւ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու միջնորդությունը Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է»։ Իրականում, սակայն, փաստաբանի եւ դատավորի վերաբերյալ քրեական գործը առնչություն չունի կաշառքի հետ: Թեեւ գործի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն մինչ այս պահը չկա, եւ միակ հայտարարությունը, որ եղել է, պաշտպանական կողմինն է, սակայն վերջինս քանիցս հերքել է այդ լուրերը։ Մասնավորապես, կաշառքի հետ առնչության մասին մամուլը գրել է Ալեքսանյանի ձերբակալման հաջորդող ժամերին, սակայն կարճ ժամանակ անց նրա պաշտպան Գայանե Պապոյանը հերքել է այդ լուրը․ «Թեեւ նախազգուշացվել եմ նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին, սակայն ցանկանում ենք բոլորին տեղեկացնել, որ նախաձեռնված քրեական վարույթը կաշառքի հետ բացարձակ կապ չունի»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։ ԶԼՄ–ների հետ ճեպազրույցում երեկ դա հերքել է նաեւ ինքը՝ Ալեքսանյանը․ «Լուրեր են պտտվում, թե իբրեւ ինձ առաջադրվել է մեղադրանք՝ ինչ–որ կաշառքի հետ կապված, եկեք ուղիղ ասեմ՝ դա իրականությանը չի համապատասխանում, որեւէ կաշառքի մեղադրանքի մասին խոսք չի գնում, չի էլ կարող գնալ, ինձ ճանաչող բոլոր մարդիկ շատ լավ գիտեն, որ ես կոռուպցիոն որեւէ գործի մեջ չեմ կարող ներգրավված լինել»,– ասել է փաստաբանը՝ մանրամասնելով, թե իր մեղադրանքը ինչ հանգամանքների է առնչվում։ Ըստ պաշտպանական կողմի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մեղադրում են ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ նրա լիազորությունները անցնելուն օժանդակելու մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։  Ինչ վերաբերում է Էրիկ Ալեքսանյանի՝ ազատության մեջ գտնվելու հանգամանքին, ապա դա ոչ թե կալանավորման միջնորդության մերժման, այլ ձերբակալման ժամկետի ավարտով է պայմանավորված։ Բանն այն է, որ Ալեքսանյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 17-ի կեսօրին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի հիման վրա, ըստ որի՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության դեպքում քննիչն իրավասու է որոշում կայացնելու մեղադրյալին ձերբակալելու մասին: Նույն հոդվածի համաձայն՝ այդ հիմքով իրականացված ձերբակալումը չի կարող տեւել 24 ժամից ավելի: Հետեւաբար, երեկ՝ հոկտեմբերի 18-ի կեսօրին, երբ լրացել է Ալեքսանյանի ձերբակալման ժամկետը, նա օրենքի ուժով ազատ է արձակվել։ Դրան զուգահեռ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, քննել է փաստաբանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը եւ ավարտելով այն՝ հեռացել առանձին սենյակ՝ որոշում կայացնելու։ Ալեքսանյանի պաշտպան Գայանե Պապոյանը տեղեկացրել է, որ որոշման հրապարակման կոնկրետ ժամ դատարանը չի նշել։ Համենայն դեպս, այս պահի դրությամբ էլ փաստաբանի կալանավորման միջնորդության վերաբերյալ որոշում առկա չէ։ Հավելենք, որ այն բանից հետո, երբ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց Գլխավոր դատախազության միջնորդությունները՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ, նույն հոդվածի հիման վրա ձերբակալվել է նաեւ Արուսյակ Ալեքսանյանը։ Նրան կալանավորելու միջնորդության քննությունը եւս ավարտվել է․ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ռազմիկ Մարիկյանի նախագահությամբ, հեռացել է առանձին սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի այսօր՝ ժամը 12։00-ին։ Մինչ այդ դատավորի ձերբակալման ժամկետը լրացել է, եւ նա եւս օրենքի ուժով ազատ է արձակվել։ Մենք փորձել ենք տեղեկություն ստանալ նաեւ պատկան մարմիններից, սակայն ԱԱԾ–ից մեր զանգերին չեն պատասխանել, իսկ Դատախազությունից առայժմ հրաժարվել են գործի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալ։ ԼՐԱՑՈՒՄ․ Հոկտեմբերի 24-ին ԱԱԾ-ն դեպքի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որով եւս հերքվել է կաշառքի հանգամանքը։   Միլենա Խաչիկյան
11:20 - 19 հոկտեմբերի, 2022