Արցախի ԱԳՆ

Արցախի  գործադիր իշխանության մարմին, որը իրականացնում է օտար երկրների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների պետական կառավարումը։

ԱՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի հոսպիտալի դիտավորյալ գնդակոծությունը

ԱՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի հոսպիտալի դիտավորյալ գնդակոծությունը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հյուսիս-արևելքում տեղակայված հոսպիտալի դիտավորյալ գնդակոծությունը, որտեղ բուժում էին ստանում նաև քաղաքացիական անձինք: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Պատերազմի օրենքների և սովորույթների նմանատիպ կոպիտ խախտումը հերթական անգամ ցույց է տալիս, որ իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու ճանապարհին Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքը հետ չի կանգնելու որևէ հանցագործությունից։  Ադրբեջանը, որի գործողությունները հովանավորվում և ղեկավարվում են Թուրքիայի կողմից, ոչ միայն հրաժարվում է պահպանել մարդասիրական հրադադարը, այլև նպատակաուղղված կերպով ընդլայնում է ագրեսիայի մասշտաբներն ու աշխարհագրությունը: Մասնավորապես՝ հոկտեմբերի 14-ին ադրբեջանա-թուրքական զինված ուժերը հարվածել են Հայաստանի Հանրապետության տարածքին՝ նոր մակարդակի հասցնելով տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիքները: Ադրբեջանա-թուրքական կողմի հանցավոր գործողությունները պետք է արժանանան ամենախիստ դատապարտման և վճռական միջոցների` հետագայում դրանց կրկնությունը կանխելու համար: Միջազգային հանրության կողմից Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքից բխող վտանգի հետագա անտեսումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ ոչ միայն Հարավային Կովկասի համար, այլև նրա սահմաններից դուրս:Վերստին ընդգծում ենք, որ այն պայմաններում, երբ Ադրբեջանի իշխանությունները, ստանալով Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների աջակցությունը և մնալով անպատիժ, կորցրել են իրականության զգացումը և միտումնավոր կերպով տորպեդահարում են Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խաղաղարար նախաձեռնությունները՝ բռնության աճը կասեցնելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և տարածաշրջանում տևական ու կայուն խաղաղություն ապահովելու միակ արդյունավետ միջոցը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն է»,- ասվում է հաղորդագրության մեջ: 
01:05 - 15 հոկտեմբերի, 2020
ԱՀ ԱԺ-ն ընդունել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը

ԱՀ ԱԺ-ն ընդունել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը

Հոկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն Արթուր Թովմասյանի նախագահությամբ գումարել է արտահերթ նստաշրջան: Նախքան նստաշրջանի աշխատանքներին անցնելը՝ խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում նահատակված զոհերի հիշատակը: Խորհրդարանը քննարկել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը: Զեկուցողի փոխանցմամբ՝ օրենքի նախագծը բխում է կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման և կազմակերպման անհրաժեշտությամբ:Օրենքի նախագծի համաձայն սահմանվում են «աշխարհազոր» հասկացությունը, նպատակները, կառուցվածքը, ձևավորման կարգը, խաղաղ և պատերազմի ժամանակ աշխարհազորի պատրաստության և կիրառման, ենթակայության և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները: Նախագծի վերաբերյալ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանը միաձայն ընդունել է օրենքը:
10:56 - 13 հոկտեմբերի, 2020
Միջազգային հանրությունը պետք է վճռական միջոցներ ձեռնարկի, այդ թվում՝ պարտադրող բնույթի՝ տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար․ ԱՀ ԱԳՆ

Միջազգային հանրությունը պետք է վճռական միջոցներ ձեռնարկի, այդ թվում՝ պարտադրող բնույթի՝ տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար․ ԱՀ ԱԳՆ

 Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարի շարունակվող խախտումների վերաբերյալԻ հեճուկս 2020 թ․ հոկտեմբերի 9-10 Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ՝ մարդասիրական նպատակներով ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման համար հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը, ադրբեջանական բանակը, գտնվելով Թուրքիայի հրամանատարության և ղեկավարման ներքո, շարունակում է ագրեսիվ գործողությունները և Արցախի տարածքի հրետակոծությունները, այդ թվում՝ խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների վրա։Մարդասիրական հրադադարը խախտել է ադրբեջանական կողմը` Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կողմից կրակի դադարեցման մասին հայտարարելուց ընդամենը րոպեներ անց։ Ադրբեջանա-թուրքական ուժերը չդադարող հրթիռա-հրետանային գնդակոծությանը զուգահեռ հարձակումներ են ձեռնարկում առաջնագծի տարբեր ուղղություններով։ Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքի ագրեսիվ գործողությունների, այդ թվում՝ մարդասիրական հրադադարի մասին հայտարարելուց հետո Հադրութի ուղղությամբ դիվերսիոն հարձակումների արդյունքում սպանվել է չորս խաղաղ բնակիչ։Թուրք-ադրբեջանական ուժերի փաստացի հրաժարումը՝ դադարեցնելու կրակը, միանշանակ վկայում է, որ Թուրքիան, չհասնելով իր առջև դրված նպատակներին և այդ պատճառով շահագրգռված չլինելով տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատման մեջ, հնարավոր բոլոր միջոցներով ձգտում է թույլ չտալ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածության իրականացումը։ Թուրքիան չի հրաժարվում Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների ձեռքերով Հարավային Կովկասում իր աշխարհաքաղաքական ծավալապաշտական խնդիրները լուծելու փորձերից։Այս պայմաններում, երբ մի կողմը՝ ի դեմս Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների, համառորեն ընդդիմանում է խաղաղության հաստատմանը, միջազգային հանրությունը պետք է վճռական միջոցներ ձեռնարկի, այդ թվում՝ պարտադրող բնույթի՝ տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար։ Այս ուղղությամբ կարևոր քայլ է նաև Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը։
19:28 - 12 հոկտեմբերի, 2020
Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը գործնական քայլ է  Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիան դադարեցնելու ճանապարհին

Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը գործնական քայլ է Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիան դադարեցնելու ճանապարհին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարություն Է տարածել մարդասիրական նպատակներով հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է․ «Կարևորում ենք Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ 2020թ. հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման համար: Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը գործնական քայլ է՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից՝ միջազգային ահաբեկիչների հետ դաշինքով, Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիան դադարեցնելու ճանապարհին: Մարդասիրական հրադադարը պետք է Ադրբեջանի կողմից անշեղորեն պահպանվի և ամուր հիմք դնի 1994թ. մայիսի 12-ի կրակի և ռազմական գործողությունների դադարեցման և 1995թ. փետրվարի 6-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ համաձայնագրերի գործողությունը լիակատար վերականգնելու համար: Կարևոր ենք համարում, որ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարության մեջ նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի բացառիկ դերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար միջնորդական գործունեության իրականացման մեջ: Վերստին ընդգծում ենք, որ Ադրբեջանի կողմից չորս տարիների ընթացքում սանձազերծված երկու ագրեսիանները համոզիչ կերպով ցույց են տալիս ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը բացառող մեխանիզմի ներդրման հույժ անհրաժեշտությունը: Վերահաստատում ենք պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը, որ միայն Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը կերաշխավորի տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն և ցույց կտա միջազգային հանրության համար ուժի կիրառման անընդունելիությունը ՝ որպես հակամարտության լուծման միջոց»։
13:15 - 11 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, թե ռազմական գործողությունների վերսկսումը չի նշանակում բանակցային գործընթացից հրաժարում, ցինիզմի բարձրագույն դրսևորում են․ ԱՀ ԱԳՆ

Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, թե ռազմական գործողությունների վերսկսումը չի նշանակում բանակցային գործընթացից հրաժարում, ցինիզմի բարձրագույն դրսևորում են․ ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունը․«Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն այն մասին, թե ռազմական գործողությունների վերսկսումը չի նշանակում բանակցային գործընթացից հրաժարում, և որ պաշտոնական Բաքուն շարունակում է Արցախի բնակիչներին համարել իր քաղաքացիները, ցինիզմի բարձրագույն դրսևորում են: Նման պնդումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ապրում է իր մտացածին՝ իրականությունից կտրված աշխարհում: Առանց գիտակցելու Արցախի հանդեպ իրենց հավակնությունների անիրավաչափ ու պատրանքային լինելը, Ադրբեջանի իշխանությունները չեն կարողանա ճեղքել այն արատավոր շրջանը, որում հայտնվել են՝ իրենց հակահայկական քարոզչությամբ, տարածաշրջանի պատմությունը վերաշարադրելու փորձերով և միջազգային իրավունքի նորմերի կանխակալ մեկնաբանմամբ:Նախ՝ Արցախի Հանրապետության քաղաքացիները 1991 թվականից ապրում են անկախ, ինքնիշխան պետությունում և չունեն որևէ քաղաքական ու իրավական կապեր Ադրբեջանի հետ: Բաքուն վաղուց կորցրել է Արցախի բնակիչներին իր քաղաքացիները կոչելու նաև բարոյական իրավունքը: Իսկ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած զինված ագրեսիայի սանձազերծումից հետո, որի ընթացքում ադրբեջանական բանակը նպատակաուղղված գնդակոծում էր քաղաքացիական օբյեկտները և խաղաղ բնակչության դեմ կիրառում էր արգելված տեսակի զենքեր, այդ թվում՝ կասետային զինամթերք, Բաքվի նման պնդումները պարզապես սին ու անիմաստ բառակույտ են դառնում:Երկրորդ՝ սանձազերծելով հերթական ագրեսիվ պատերազմը և հակամարտությունը կրկին փորձելով լուծել ուժի կիրառման միջոցով` Ադրբեջանը զրոյացրեր է միջազգային միջնորդների բոլոր ջանքերը և մշակումները խաղաղ կարգավորման գործընթացում: Ստեղծված պայմաններում միայն մեկ ելք կա՝ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը, որը տարածաշրջանում կապահովի երկարատև խաղաղություն և կայունություն, ինչպես նաև կբացառի Ադրբեջանի կողմից հերթական պատերազմ սանձազերծելու փորձերը և կկանխի Բաքվի իշխանությունների կողմից մարդկության դեմ նոր հանցագործությունների իրագործումը»:
12:19 - 09 հոկտեմբերի, 2020
Պատմական, մշակութային և կրոնական օբյեկտների կանխամտածված ավերումը միջազգային ահաբեկչական կազմակերպություններին բնորոշ տխրահռչակ ձեռագիրն է․ Արցախի ԱԳՆ

Պատմական, մշակութային և կրոնական օբյեկտների կանխամտածված ավերումը միջազգային ահաբեկչական կազմակերպություններին բնորոշ տխրահռչակ ձեռագիրն է․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման վերաբերյալ։ Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի զինված ուժերի հարձակումը Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց հայկական եկեղեցու վրա: Հիշեցնում ենք ադրբեջանական կողմին, որ ժողովուրդների մշակութային ու հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմական հուշարձանների, արվեստի ստեղծագործությունների և պաշտամունքի վայրերի դեմ ուղղված հարձակումը միջազգային պայմանագրային և սովորույթային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է, իսկ ռազմական գործողությունների ժամանակ մշակութային հուշարձանների ավերումը՝ ռազմական հանցագործություն: Պատմական, մշակութային և կրոնական օբյեկտների կանխամտածված ավերումը միջազգային ահաբեկչական կազմակերպություններին բնորոշ տխրահռչակ ձեռագիրն է: Բավական է հիշել թալիբների կողմից Բուդդայի Բամիանական արձանների ոչնչացումը, ինչպես նաև Սիրիայում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների կողմից Պալմիրայում հաղթական կամարի և Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու ավերումը: Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վրա հարձակումը ցուցադրում է, որ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիա սանձազերծած հանցավոր եռյակ դաշինքին՝ Ադրբեջանին, Թուրքիային և ահաբեկչական կազմակերպություններին միավորում են ոչ միայն ընդհանուր նպատակները, այլև արժեհամակարգը և ռազմական գործողությունների վարման հանցավոր մեթոդները: Եվս մեկ անգամ նշում ենք, որ մշակութային ժառանգության պահպանումը մեծ նշանակություն ունի աշխարհի բոլոր ժողովուրդների համար, իսկ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը ողջ մարդկության մշակութային ժառանգությանն է վնաս հանդիսանում։Մշակութային և պատմական ժառանգության պաշտպանության մասին բազմաթիվ միջազգային կոնվենցիաների ընդունումից բացի, հարցը բարձրացվել է նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի մակարդակով, որը զինված հակամարտությունների համատեքստում հատկապես ահաբեկչական խմբավորումների կողմից մշակութային ժառանգության ոչնչացման անթույլատրելիության մասին իր բանաձևում (2347) կոչ է արել բոլոր պետություններին կոլեկտիվ և համակարգված պայքար մղել նման պրակտիկայի դեմ: Վերստին ընդգծում ենք, որ Ադրբեջանի կողմից մարդասիրության և համամարդկային արժեքների բացահայտ ժխտման պայմաններում Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման, նրա հիմնարար իրավունքների իրացման, ինչպես նաև Արցախի մշակութային ժառանգության պահպանման առավել գործուն միջոցն է:
23:51 - 08 հոկտեմբերի, 2020
Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման ամենաարդյունավետ միջոցն է․ ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման ամենաարդյունավետ միջոցն է․ ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը․«Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը` ուղղված Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը, որոնք սպառնում են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը: Այս կապակցությամբ հարկ է նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հայտարարությունը, որտեղ վճռականորեն դատապարտվում է հակամարտության գոտում բռնության աննախադեպ և վտանգավոր սրացումը:Վերստին ընդգծում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կենտրոնական դերը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող միակ համաձայնեցված ձևաչափ: Միաժամանակ, հերթական անգամ հաստատուն կերպով հայտարարում ենք Արցախի Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում միջազգային միջնորդական ջանքերում ցանկացած ձևով Թուրքիայի մասնակցության անթույլատրելիության վերաբերյալ: Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիայի հրամանատարությունն իրականացնող և ղեկավարող, պատերազմ վարելու նպատակով Ադրբեջանին զենք մատակարարող և ռազմական գործողություններին մասնակցելու համար Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների զինյալներ հավաքագրող Թուրքիայի հանցավոր գործողություններն անհնար են դարձնում նրա հետագա անդամակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին:Արցախի Հանրապետությունը բազմիցս նշել է, որ միջնորդական ջանքերի արդյունավետությունն ուղղակիորեն կախված է կարգավորման գործընթացի անշրջելիությունն ապահովելու և ռազմական գործողությունների վերսկսման կանխարգելմանն ուղղված արդյունավետ մեխանիզմներ ներդնելու ունակությունից: Վերջին չորս տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ երկու լայնամասշտաբ զինված հարձակումներն ակնառու կերպով ցույց են տալիս, որ միջնորդների նախկին մշակումներն անզոր էին Ադրբեջանի կողմից ոչ միայն իր միջազգային պարտավորությունների, այլև միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն ոտնահարումների դեմ, և զրոյացվեցին Բաքվի միջազգային հակաիրավական արարքներով:Ստեղծված պայմաններում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման ամենաարդյունավետ միջոցն է, որն ամուր հիմքեր կերաշխավորի բանակցությունների միջոցով հակամարտությունը կարգավորելու համար»:
23:53 - 06 հոկտեմբերի, 2020
Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի իրական նպատակը Արցախի ժողովրդի ոչնչացումն է․ Արցախի ԱԳՆ

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի իրական նպատակը Արցախի ժողովրդի ոչնչացումն է․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունըՉդադարեցնելով ռազմական նպատակներին հասնելու անհաջող փորձերն ու կրելով կենդանի ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ՝ Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի անմիջական վերահսկողության և կառավարման ներքո, սրընթաց աճող ինտենսիվությամբ շարունակում են հարձակումները Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը, Մարտունին, Հադրութը և հանրապետության այլ բնակավայրեր գտնվում են հրթիռա-ռմբային զանգվածային հարձակումների տակ:Խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների վրա անդադար հարձակումները ոչ մի կասկած չեն թողնում, որ Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների զինյալների աջակցությամբ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի իրական նպատակը Արցախի Հանրապետության ժողովրդի ոչնչացումն է՝ որպես Հայոց ցեղասպանության քաղաքականության շարունակություն:Ընդգծում ենք, որ հանցավոր եռակողմ դաշինքին ռազմական աջակցություն ցուցաբերող երկրները, մասնավորապես՝ նրանք, ովքեր հարձակողական զենք և զինամթերք են տրամադրում, որոնցով թիրախավորվում են խաղաղ բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, անկասկած իրենց բաժին պատասխանատվությունն են կրում մարդկության դեմ շարունակվող հանցագործության համար: Մասնավորապես՝ աղաղակող փաստ է, որ զենքի մատակարարումն իրականացվում է ընդլայնվող ռազմական ագրեսիայի պայմաններում, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը դատապարտում է ուժի կիրառումը և կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:Կոչ ենք անում համապատասխան երկրների կառավարություններին դադարեցնել վտարյալ պետությունների և միջազգային ահաբեկչության կողմից Արցախի դեմ իրականացվող ագրեսիայի սնուցումը, դադարեցնել զենքի մատակարարումը հանցավոր եռակողմ դաշինքին, ինչպես նաև չտրամադրել իրենց տարածքն ու օդային տարածությունը՝ Ադրբեջան և Թուրքիա ռազմական մատակարարումներ իրականացնելու համար:Եվս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, ինչը թույլ կտա վերացնել Արցախի ժողովրդի գլխին կախված էքզիստենցիալ վտանգը, վերջ տալ Արցախի դեմ անմարդկային ագրեսիային և վերականգնել երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում:
11:17 - 06 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի կողմից ձևավորվել են հատուկ խմբեր, ում առաջադրանք է տրված՝ հետևել լրագրողների շարժին. Արցախի ԱԳՆ

Ադրբեջանի կողմից ձևավորվել են հատուկ խմբեր, ում առաջադրանք է տրված՝ հետևել լրագրողների շարժին. Արցախի ԱԳՆ

Արցախի արտաքին գործերի նախարարությունը զգուշացնում է, որ  ադրբեջանական բանակը անցել է հստակ գործողությունների՝ թիրախավորելով տեղական, հայաստանյան և միջազգային լրագրողական խմբերին։ Հայտարարությունը՝ ստորև։ «Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական բաժնի վարիչի և ԱԳՆ խոսնակի մակարդակով հայտարարված՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը լուսաբանող լրագրողներին ուղղված բացահայտ սպառնալիքներից հետո ադրբեջանական բանակը անցել է հստակ գործողությունների՝ թիրախավորելով տեղական, հայաստանյան և միջազգային լրագրողական խմբերին։ Ըստ ունեցած տվյալների՝ Ադրբեջանի կողմից ձևավորվել են հատուկ խմբեր, ում առաջադրանք է տրված՝ հետևել լրագրողների շարժին, թիրախավորել և հնարավորինս շատ վնաս հասցնել մարտական գործողությունները լուսաբանող լրագրողներին։ Լրագրողական խմբերին թիրախային հարվածներ հասցնելու համար հակառակորդը կողմնորոշվում է լրագրողների՝ ռազմական գործողությունները հեռարձակվող տեսանյութերով և ուղիղ եթերներով։ Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ տեղում աշխատող լրագրողներն ունեն համապատասխան «PRESS» |տարբերանշաններով վերնազգեստ, իսկ նրանց տեղափոխող մեքենաներին ամրացված է նույն նշանը։ Ավելին՝ լրագրողները թիրախավորվել են այն ժամանակ, երբ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում էին քաղաքացիական բնակավայրերում, այլ ոչ թե մարտական գործողությունների թեժ կետերում։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, լրագրողների, այդ թվում՝ նաև օտարերկրյա քաղաքացիների, ֆիզիկական անվտանգությունը և կյանքի իրական ուղիղ սպառնալիքը՝ որոշում է կայացվել վերջիններիս ժամանակավոր տեղափոխել տեղեկատվական նոր կենտրոն, որը գտնվում է Արցախի տարածքում՝ ապահով վայրում»։
14:32 - 04 հոկտեմբերի, 2020
ԱՀ ԱԳՆ հայտարարությունը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու վերաբերյալ

ԱՀ ԱԳՆ հայտարարությունը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու վերաբերյալ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու վերաբերյալ․ 2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի և Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների աջակցությամբ, Արցախի Հանրապետության դեմ սանձազերծել են ագրեսիվ պատերազմ։ Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակումը Արցախի Հանրապետության վրա ուղեկցվում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, ինչպես նաև զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների լուրջ խախտումներով։ Մասնավորապես՝ ադրբեջանա-թուրքական զինված կազմավորումները միտումնավոր գնդակոծում են Արցախի քաղաքները, գյուղերը և քաղաքացիական օբյեկտները՝ խաղաղ բնակչության ահաբեկման և ոչնչացման նպատակով։ Նրանց հանցավոր գործողությունների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր։ Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և, ընդհանրապես, միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի ռազմական ագրեսիայի անհապաղ դադարեցմանը և լարվածության նվազեցմանը։ Միևնույն ժամանակ, նշում ենք, որ միջազգային հանրության բոլոր պահանջները և կոչերը լկիտիաբար մերժվում են Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկչական կազմակերպությունների եռյակ դաշինքի կողմից։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար։ Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է։
12:41 - 03 հոկտեմբերի, 2020
Արցախի ԱԳՆ-ն՝ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների համատեղ կոչի վերաբերյալ

Արցախի ԱԳՆ-ն՝ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների համատեղ կոչի վերաբերյալ

Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը, որում խստագույնս դատապարտվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում բռնության աճը և կոչ է արվում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ հանդիսացող երեք երկրների ղեկավարների սույն հայտարարությունը վերջնականապես ամրապնդում է միջազգային հանրության հավաքական դիրքորոշումը՝ ուժի կիրառման անթույլատրելիության վերաբերյալ, որն ավելի վաղ արտահայտվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամների, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, ԵԽ Գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ-ի գործող նախագահի և Եվրամիության անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից: Շարունակելով մերժել տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու միջազգային հանրության պահանջները՝ Ադրբեջանն ու Թուրքիան ավելի ու ավելի են դիրքավորվում որպես վտարյալ պետություններ՝ բացահայտ կերպով մերժելով համընդհանուր կանոններն ու նորմերը, որով առաջնորդվում է քաղաքակիրթ աշխարհը: Ադրբեջանը և Թուրքիան ոչ միայն համառորեն դժկամություն են ցուցաբերում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին, այլև հետևողականորեն և միտումնավոր կերպով ավելացնում են ռազմական գործողությունների ինտենսիվությունը: Արցախի Պաշտպանության բանակը, որն այսօր փաստորեն պայքարում է նաև միջազգային ահաբեկչության դեմ, շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ստիպելու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները՝ դրանով իսկ իր ներդրումն ունենալով տարածաշրջանում խաղաղության վերականգնման միջազգային ջանքերի մեջ: Արցախի Հանրապետությունն այսուհետ ևս պատասխանատու քաղաքականություն է վարելու անվտանգության ոլորտում` ուղղված տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ապահովմանն ու ամրապնդմանը: Միաժամանակ կարծում ենք, որ այն պայմաններում, երբ Ադրբեջանը և Թուրքիան բացահայտ ռազմական դաշինք են ձևավորում քաղաքակիրթ աշխարհի կողմից օրենքից դուրս հայտարարված ահաբեկչական կազմակերպությունների հետ, հրամայականորեն պահանջվում է ողջ միջազգային հանրության հավաքական միջոցների ձեռնարկում, այդ թվում՝ հարկադրական բնույթի, ողջ համաշխարհային հանրության համար սպառնալիք ներկայացնող Անկարայի և Բաքվի հակաօրինական գործողությունները դադարեցնելու համար: Այս կապակցությամբ վերստին ընդգծում ենք, որ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը ոչ միայն թույլ կտա անհապաղ դադարեցնել ագրեսիան, այլև կբացառի ապագայում դրա կրկնության հնարավորությունը: Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կարգավորման գործընթացի անխուսափելի և տրամաբանական արդյունքն է, որը կասկածի տակ չի դրվում միջազգային հանրության կողմից, քանի որ Արցախի անկախությունն ունի ամուր իրավական, օրինական և արդարացի հիմքեր: Որքան ավելի շուտ սկսվի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, այնքան ավելի արագ տարածաշրջանում երկար սպասված ու տևական խաղաղություն կհաստատվի:
00:27 - 03 հոկտեմբերի, 2020