«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

Չլուսաբանել, միայն հերքել․ Հ1-ը լռել է վարչական ռեսուրսի չարաշահման մեղադրանքի մասին, բայց տարածում է ՔՊ-ի հերքումները |uic.am|

Չլուսաբանել, միայն հերքել․ Հ1-ը լռել է վարչական ռեսուրսի չարաշահման մեղադրանքի մասին, բայց տարածում է ՔՊ-ի հերքումները |uic.am|

uic.am: Ակտիվիստ Արթուր Չախոյանը սեպտեմբերի 8-ին ֆեյսբուքյան իր օգտահաշվում հրապարկել էր տեսանյութ, որում արձանագրում է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրս է կիրառում։ Չախոյանը, մասնավորապես, կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի՝ վարչական շրջաններից մեկում երևանցիների հետ հանդիպման մասնակիցների թվում արձանագրել էր քաղաքապետարանին և համայնքապետարաններին ենթակա կրթական, մշակութային և այլ հաստատություններից աշխատակիցների ներգրավում՝ թվով մոտ 780 հոգի։ Տեսանյութի հրապարակումներին հաջորդել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հերքումը։ Կուսակցության՝ սեպտեմբերի 9-ի հայտարարության մեջ նշվում էր, թե իրենք բացառում են «ստիպողաբար, նյութապես շահագրգռելով կամ այլ ապօրինի եղանակով մեր հավաքներին մարդկանց մասնակցությունն ապահովելը»։ «Մենք դա համարել և համարում ենք արատավոր երևույթ քաղաքական պրոցեսներում, և եթե կամայական մեկը կամայական քաղաքական ուժի՝ այդ թվում մեր, հավաքին մարդկանց մասնակցություն ապահովելու համար կդիմի նման քայլերի, ապա թող պատրաստ լինի կրել դրա բոլոր քրեաիրավական հետևանքները։ Ու մեր շտաբը հենց շահագրգիռ է լինելու, որպեսզի այդ քրեաիրավական պատասխանատվությունը վրա հասնի»,– մասնավորապես, նշված էր հայտարարության մեջ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այս հայտարարությունն ամբողջությամբ արտատպել է նաև Հանրային հեռուստաընկերության լրատվական ալիքի կայքը։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը», սակայն, մշտադիտարկելով Առաջինի լրատվականի կայքը, պարզեց, որ այն որևէ կերպ չի անդրադարձել Չախոյանի՝ վարչական ռեսուրսի ենթադրյալ չարաշահման վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ուղղված՝ մեղադրանք պարունակող տեսանյութերին, որոնք, ի դեպ, լայնորեն տարածվել էին սոցիալական մեդիայում։ Մենք մշտադիտարկեցինք նաև հեռուստաընկերության «Լուրերի»՝ սեպտեմբերի 7-ի, 8-ի և 9-ի բոլոր թողարկումներն ու պարզեցինք, որ դրանք ևս չեն լուսաբանել Չախոյանի՝ վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ ՔՊ-ին ուղղված՝ մեղադրանքներ պարունակող տեսանյութը։ Սեպտեմբերի 12-ին հեռուստաընկերության «Հարցազրույցի» եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ մեղադրանքներին՝ նշելով, որ կուսակցությունը «չի կարող այդպիսի գործելակերպ ունենալ, քանի որ դա հակասում է կուսակցության էությանը և արժեքներին»։ Ի պատասխան հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, որ կա այդ մասին փաստող տեսանյութ, Փաշինյանը ասել է, թե «յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա օբյեկտիվ քննության»։ «Ես՝ որպես կուսակցության վարչության նախագահ, կարող եմ ասել, որ ցանկացած նման դեպք կունենա օրենքով սահմանված կարգով գնահատական։ Իհարկե, եթե հանկարծ չպարզվի, որ խոսքն օրինական գործունեության մասին է»,- ասել է Փաշինյանը։ Այսպիսով, Հանրային հեռուստաընկերությունը հրապարակում է հերքում մի թեմայի՝  իրադարձության, միջադեպի վերաբերյալ, որը չի լուսաբանվել իր եթերում, լրատվական ալիքի կայքում կամ որևէ այլ ռեսուրսի միջոցով։
11:43 - 13 սեպտեմբերի, 2023
Նախաձեռնվել են քրեական վարույթներ Երևանի քաղաքապետի թեկնածուների նախընտրական պաստառները վնասելու դեպքերի առթիվ

Նախաձեռնվել են քրեական վարույթներ Երևանի քաղաքապետի թեկնածուների նախընտրական պաստառները վնասելու դեպքերի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժիններում քննություն է իրականացվում պարզելու Երևանի քաղաքապետի թեկնածուների նախընտրական պաստառները վնասելու 3 դեպքերի հանգամանքները: Մասնավորապես, 2023թ․ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 23:02-ին, քաղաքացին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ սեպտեմբերի 3-5-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը դիտավորյալ պոկել է Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բակերից մեկում կայանված, իրեն պատկանող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակիներին փակցված «Ուժը Հայրենյաց» կուսակցության պաստառները՝ պատճառելով գույքային վնաս: Բացի այդ՝ 2023թ. սեպտեմբերի 10-ին տեղեկություններ են ստացվել այն մասին, որ անհայտ անձը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուս փողոցի կանգառներից մեկում փակցված պաստառը վնասել է։ 2023թ․ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 21:00-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողները ծառայություն իրականացնելիս նկատել են, որ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող շինության պատին փակցված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական պաստառը վնասված է: Նշված դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա և Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժիններում, ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել են քրեական վարույթներ: Կատարվում է նախաքննություն։ Առերևույթ հանցանք կատարած անձանց ինքնությունը, դեպքերի հանգամանքները պարզելու նպատակով հանձնարարություններ են տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներին։
11:54 - 12 սեպտեմբերի, 2023
Բացառում ենք ապօրինի եղանակով մեր հավաքներին մարդկանց մասնակցությունն ապահովելը․ ՔՊ նախընտրական շտաբ

Բացառում ենք ապօրինի եղանակով մեր հավաքներին մարդկանց մասնակցությունն ապահովելը․ ՔՊ նախընտրական շտաբ

«Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը գրում է․ «Սիրելի երևանցիներ, ուզում ենք անդրադառնալ վերջին օրերին համացանցում որոշ ուժերի կողմից տարածվող 2 թեզի 1. «ՔՊ նախընտրական շտաբում եղել են ցուցակներ»։ Այո, եղել են։ Դրանք ԿԸՀ-ի կողմից հրապարակված ընտրողների ցուցակներն են, որոնք տպված են police. am կայքից և հասանելի են բոլորին։ Այդ ցուցակները հրապարակվում են հենց նրա համար, որ ընտրողները և քաղաքական ուժերը ստուգեն ու ուսումնասիրեն դրանք, ինչը և անում են մեր ենթաշթաբները։ Ու երբ ընտրություններից 7 օր առաջ հրապարակվեն ընտրողների վերջնական ցուցակները, դրանք ևս ստուգվելու և ուսումնասիրվելու են մեր թիմի կողմից։ 2. «Մանկապարտեզներից մարդ են բերել հանրահավաքին»։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի անունից պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք բացառում ենք ստիպողաբար, նյութապես շահագրգռելով կամ այլ ապօրինի եղանակով մեր հավաքներին մարդկանց մասնակցությունն ապահովելը։ Մենք դա համարել և համարում ենք արատավոր երևույթ քաղաքական պրոցեսներում, և եթե կամայական մեկը կամայական քաղաքական ուժի՝ այդ թվում մեր, հավաքին մարդկանց մասնակցություն ապահովելու համար կդիմի նման քայլերի, ապա թող պատրաստ լինի կրել դրա բոլոր քրեաիրավական հետևանքները։ ՈՒ մեր շտաբը հենց շահագրգիռ է լինելու որպեսզի այդ քրեաիրավական պատասխանատվությունը վրա հասնի։ Եթե հանդիպեք նման դեպքի անկախ նրանից թե ում կողմից է և ում օգտին հորդորում ենք դիմել իրավապահ մարմիններին, եթե ունեք կաշկանդվածություն, կարող եք դիմել մեր նախընտրական շտաբ և մենք ինքներս կդիմենք իրավապահներին։ Թող ոչ մեկի մտքով չանցնի, թե կարող է մեզ նման պիտակ կպցնել։ Բայց սրան զուգահեռ, ուզում ենք նաև նշել, որ միայն վերջին տարում մենք հիմնանորոգել ենք 24 մանկապարտեզ, խոստացել ենք հիմնանորոգել Երևանի առանց բացառության բոլոր մանկապարտեզները։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում խոսել ենք այն մասին, որ պատրաստվում ենք շոշափելիորեն բարձրացնել մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը ու այս ամենի մասին մոռանալ ևս չի կարելի։ Այնուամենայնիվ ևս մեկ անգամ շեշտում ենք՝ ցանկացած ապօրինի գործողության մասին մեզ հայտնի դարձած տեղեկատվությունը մենք անմիջապես փոխանցելու ենք իրավապահ մարմիններին, ինչը հորդորում ենք անել նաև մյուս քաղաքական ուժերին»։ Նշենք, որ վարչական ռեսուրսի չարաշահման մասին հայտնել էր քաղաքացի Արթուր Չախոյանը։
21:41 - 09 սեպտեմբերի, 2023
ՀՀ վարչական դատարանը մերժել է ՔՊ-ի երկու հայցն ընդդեմ «168 ժամ»-ի. Արամազդ Կիվիրյան

ՀՀ վարչական դատարանը մերժել է ՔՊ-ի երկու հայցն ընդդեմ «168 ժամ»-ի. Արամազդ Կիվիրյան

ՀՀ վարչական դատարանը, նախագահությամբ դատավոր Աղասի Դարբինյանի, 08.09.2023 թվականին կայացված որոշումներով մերժել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թվով երկու հայցերն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 40.1 հոդվածով նախատեսված կարգով «168 Ժամ» ՍՊԸ-ին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին: Այս մասին տեղեկացնում է 168.am-ի փաստաբան Արամազդ Կիվիրյանը։ «Նշված գործերով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դիմել էր ՀՀ վարչական դատարան փաստարկելով, որ «168 Ժամ» ՍՊԸ-ի կողմից www.168.am կայքում կատարված հրապարակումներով Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում ավագանու արտահերթ ընտրությունների, ինչպես նաև ընտրությունների նախորդող օրն իբր իրականացվել է քարոզչություն: Տվյալ դեպքում, ՀՀ վարչական դատարանի կողմից կայացված որոշումներով փաստվել է, որ «168 ժամ» ՍՊԸ-ի՝ որպես լրատվական գործունեություն իրականացնողի կողմից, քարոզչություն կատարված լինելու փաստն առկա չէ, որպիսի պայմաններում բացակայում է Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.1-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ նախատեսված արարքի կատարումը: Միաժամանակ, Դատարանը որոշել է յուրաքանչյուր հայցի մասով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հօգուտ «168 ԺԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բռնագանձել 30.000-ական ՀՀ դրամ՝ որպես ներկայացուցչի վճարի փոխհատուցում»,- գրել է փաստաբանը:
18:39 - 09 սեպտեմբերի, 2023
«Ականատեսը» մտահոգություն է հայտնում ՔՊ-ի կողմից վարչական ռեսուրսների չարաշահման հերթական դրսևորման առիթով

«Ականատեսը» մտահոգություն է հայտնում ՔՊ-ի կողմից վարչական ռեսուրսների չարաշահման հերթական դրսևորման առիթով

«Ականատես» դիտորդական առաքելությունը իր մտահոգությունն է հայտնում Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից վարչական ռեսուրսների չարաշահման հերթական դրսևորման առիթով։ Առաքելության տարածած հայտարարության մեջ նաև ասվում է. «Սեպտեմբերի 7-ին Նոր Նորքի առաջին զանգվածում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հավաքին ուսումնական հաստատությունների, համայնքային այլ կառույցների աշխատակազմերի ուղղորդված մասնակցությունը, ինչպես նաև «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդների կողմից նմանատիպ այլ դեպքերի պարբերաբար արձանագրումը վկայում են իշխող ուժի կողմից վարչական լծակների լայնածավալ և համակարգային չարաշահման մասին։ Այս գործելաոճն ամբողջովին խեղաթյուրում է ընտրական արդար և հավասար մրցակցային պայքարը, ինչպես նաև անթույլատրելիորեն խոչընդոտում ընտրողների ազատ կամքի իրացումը։ Ավելին, արձանագրված դեպքը առերևույթ կարող է պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ կամ 236-րդ հոդվածով նախատեսված հանցակազմերի հատկանիշներ։ Ուստի, կոչ ենք անում ՀՀ Գլխավոր դատախազությանը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կատարել պատշաճ ուսումնասիրություն և ձեռնարկել քայլեր՝ կանխելու նմանատիպ վարքագծի հնարավոր ազդեցությունն ընտրությունների արդյունքների վրա»։
12:56 - 09 սեպտեմբերի, 2023
«Անկախ դիտորդ»-ը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին երկու հաղորդում է ուղարկել

«Անկախ դիտորդ»-ը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին երկու հաղորդում է ուղարկել

«Անկախ դիտորդ» դաշինքը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին երկու հաղորդում է ուղարկել, երկուսն էլ պետական ու համայնքային կառույցների աշխատողներին ՔՊ կուսակցության հանրահավաքներին բերելու պարտադրանքի մասին վկայող նյութերով։ Այս մասին հայտնում է Դանիել Իոաննիսյանը։ «Հաղորդումների հիմքում ընկած են թե՛ մեր դիտորդների դիտարկումները, թե՛ համացանցում հրապարակված կադրերը։  Հաղորդումները ներկայացված են Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ նախընտրական քարոզչության մասնակցության հարկադրելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով։ Քանի որ նշված ենթադրյալ հանցագործությունը հանդիսանում է ծանր հանցագործություն, «Անկախ դիտորդ» դաշինքը պահանջում է կատարել լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ եղելիությունը ամբողջությամբ բացահայտելու համար»,- գրել է Իոաննիսյանը։
11:31 - 09 սեպտեմբերի, 2023
«Ականատեսը» ներկայացնում է օրենքի խախտմամբ փակցված քարոզչանյութերը

«Ականատեսը» ներկայացնում է օրենքի խախտմամբ փակցված քարոզչանյութերը

«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.  «Մայրաքաղաքում գրեթե ամենուր կարելի է հանդիպել տարատեսակ նախընտրական քարոզչանյութերի։ Ականատեսը այս անգամ ներկայացնում է օրենքի խախտմամբ փակցված քարոզչանյութերի հեղինակներին։ Չնայած անզիջում պայքարին և գրեթե հավասար մրցակցությանը՝ մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այս ընթացքում չսահմանված վայրերում քարոզչանյութերի փակցման առաջատարն է «Ապրելու Երկիր»  կուսակցությունը։ Երկրորդ «պատվավոր» տեղը գրավում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը շատ քիչ է զիջում «առաջատարին»։ Երրորդ տեղում «Ուժը Հայրենյաց» կուսակցությունն է, որն էականորեն պարտվում է նախորդ երկու մրցակիցներին։ Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ օրենքի խախտմամբ փակցված քարոզչանյութերի հեռացման պատասխանատուն համայնքի ղեկավարն է, անհրաժեշտության դեպքում ոստիկանության աջակցությամբ:  Ականատեսը հետևողական է օրենքի խախտմամբ փակցված քարոզչանյութերի հեռացման հարցում և դրանք նկատելու դեպքում անմիջապես տեղեկացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին»։
21:18 - 07 սեպտեմբերի, 2023
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են վերացնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գույքի վրա 1 մլն դրամի արգելանքի որոշումը

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են վերացնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գույքի վրա 1 մլն դրամի արգելանքի որոշումը

Հայաստանի մի շարք լրագրողական կազմակերպություններ դատարանից պահանջում են անհապաղ վերացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պահանջով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գույքի վրա 1 մլն դրամի չափով արգելանք դնելու որոշումը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև։ «Սեպտեմբերի 4-ին «Fip.am» փաստերի ստուգման հարթակի հիմնադիր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստացել է որոշում՝ կազմակերպությանը պատկանող գույքի վրա 1 միլիոն դրամի չափով արգելանք դնելու մասին։ Սրա համար հիմք է հանդիսացել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ներկայացրած կատարողական թերթը, որն արտացոլում է այդ ատյանի որոշումը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գործով պատասխանողի նկատմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու հայցվորի միջնորդության բավարարման վերաբերյալ։ Իսկ հայցի առիթը վերոհիշյալ կայքում ս․ թ․ հուլիսի 21-ին հրապարակված՝ «ՔՊ-ն այլ համայնքների վարչական ռեսուրսն օգտագործելով ձայն է հավաքում Ավինյանի համար» նյութն է։ Դրանում փորձ է արվում բացահայտել, թե ինչպես է կուսակցությունը Սպիտակի տարածաշրջանի համայնքապետերի միջոցով կազմակերպում, որպեսզի տեղի բնակիչների երևանցի ազգականներն ու բարեկամները մայրաքաղաքի ավագանու գալիք ընտրություններում քվեարկեն ՔՊ-ի օգտին։ Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ իշխող ուժի ներկայացուցիչներն ընդդեմ լրատվամիջոցների հիմնադիրների հայց ներկայացնելիս նաև միջնորդում են, որ դատարանը պատասխանողի գույքի և/կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնի։ Նմանատիպ դեպքի առնչությամբ մենք հանդես ենք եկել հայտարարությամբ նաև մայիսի 12-ին՝ Տիգրան Ավինյանն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի և լրագրող Դավիթ Սարգսյանի գործով։ ԶԼՄ-ի նկատմամբ հայցի ապահովման միջոց կիրառելն ինքնին լրացուցիչ ճնշում գործադրելու և խմբագրության հետ «հաշիվ մաքրելու» փորձ է, ինչն անթույլատրելի է և հակասում է միջազգային նորմերին ու պրակտիկային։ Բայց առավել անընդունելի է, երբ դատարանները բավարարում են լրատվամիջոցների գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու այդ միջնորդությունները։ Այդպիսի անհիմն որոշումները խաթարում են խմբագրությունների բնականոն գործունեությունը։ Մինչդեռ դատարանները պետք է դա թույլ չտան, ինչպես նաև հակազդեն հայցվորների՝ դատական մեխանիզմները որպես ԶԼՄ-ների նկատմամբ «պատժիչ գործիք» կիրառելու փորձերին։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք պահանջում ենք․ Երևանի ընդհանուր իրավասության դատարանից՝ անհապաղ վերացնել «Fip.am» փաստերի ստուգման հարթակի հիմնադիր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գույքի վրա 1 միլիոն դրամի չափով արգելանք դնելու որոշումը և հետ կանչել ԴԱՀԿ-ին ուղարկած կատարողական թերթը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ դրսևորելով քաղաքական լայնախոհություն և հանդուրժողականություն՝ հրաժարվել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունից և դատական գործում կենտրոնանալ բուն տեղեկատվական վեճի վրա»: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ Լուսանկարում՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադիր Դանիել Իոաննիսյանը/«Ֆեյսբուք»
12:32 - 07 սեպտեմբերի, 2023
«Ականատես» դիտորդական առաքելության դիտորդը հարձակման է ենթարկվել  ՔՊ կուսակցության համակիր, Երևանի թիվ 11 մանկապարտեզի տնօրենի ժպ-ի կողմից

«Ականատես» դիտորդական առաքելության դիտորդը հարձակման է ենթարկվել ՔՊ կուսակցության համակիր, Երևանի թիվ 11 մանկապարտեզի տնօրենի ժպ-ի կողմից

Սեպտեմբերի 6-ին «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդը հարձակման է ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիր, Երևանի թիվ 11 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից։   Հերթական շրջայցի ընթացքում դիտորդն այցելել է Կենտրոն վարչական շրջանի Ռուսթավելի 17 հասցե՝ ընտրողների ցուցակների ճշգրտության ստուգման նպատակով։ Նույն փողոցի վրա է գտնվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը։ Դիտորդը լուսանկարել է նաև շտաբը, դրա շրջակայքում առկա քարոզչական նյութերը։ Աշխատանքի ընթացքում դիտորդին է մոտեցել թիվ 11 մանկապարտեզի տնօրենի ԺՊ Սոֆիկ Կարապետյանը, ասելով, որ դիտորդն իրավունք չունի լուսանկարել «իրենց շտաբը» կամ հարցեր տալ հասցեների հետ կապված։ Կինը վեճի է բռնվել դիտորդի հետ, խոչընդոտել լուսանկարահանմանը, խլել դիտորդի՝ ԿԸՀ կողմից տրամադրված վկայականը։   Կնոջը միացել են ևս երկու անձիք (ենթադրաբար շտաբի աշխատակիցներ), փորձել վեճի բռնվել, վիրավորել դիտորդին: Ականատեսը հաղորդում կներկայացնի իրավապահ մարմիններին՝ դիտորդական առաքելության իրավունքների խոչընդոտման դեպքով։
21:44 - 06 սեպտեմբերի, 2023
ՔՊ-ն չունի վստահություն Երեւանում. ՔՊ-ի կողմից ձեւավորված քարոզչական ֆոնը փուչիկ է. Նորայր Նորիկյան
 |news.am|

ՔՊ-ն չունի վստահություն Երեւանում. ՔՊ-ի կողմից ձեւավորված քարոզչական ֆոնը փուչիկ է. Նորայր Նորիկյան |news.am|

news.am: Մինչեւ ընտրությունների ընթացքը փորձ էր արվում գեներացնել  մի օրակարգ, որ երեւանի ավագանու ընտրությունները կենցաղային խնդիրների լուծմանը միտված  ընտրություններ են, որ դրանք քաղաքային խնդիրների շուրջ մրցակցություն է, այնինչ երեւանցիների հետ հանդիպումները ցույց են տալիս, որ նրանք չափից դուրս զգայուն են երկրում ընթացող գլոբալ խնդիրների, ներքին ու արտաքին սպառնալիքների չեզոքացման վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորիկ Նորիկյանը: «Քաղաքացիները փոփոխություն են ուզում, համաձայն չեն գործող իշխանության կողմից վարվող քաղաքականությանը, կարծում են, որ գործող իշխանությունը տապալել ու ձախողել է է 5-ամյա իր տված խոստումները: Երեւան քաղաքում ՔՊ-ն չունի վստահություն, չունի մեծամասնություն, որեւէ շանս չունեն 50 + 1 տոկոս ստանալու, եթե չգործադրվի վարչական ռեսուրսը, կասկածելի հեղինակություն ունեցող սուբյեկտների ռեսուրսները: Ես չեմ հանդիպել մարդու, որը կհիմնավորի, որ իր կամքով քվեարկելու է ՔՊ-ի օգտին: ՔՊ-ի կողմից ձեւավորված քարոզչական ֆոնը փուչիկ է»,-ասաց նա: Անդրադառնալով իրենց շանսերին, Նորիկյանն ասաց. «Ես մեր շանսերը գնահատում եմ շատ լավ, մենք շատ լավ տեմպի մեջ ենք, դրական ձնագնդի էֆեկտ է գործում մեր ուժի նկատմամբ, համակրանքը օր օրի մեծանում է: Եթե ազատ ընտրություններ լինեն, մենք հնարավորություն չունենանք շրջադարձային արդյունք արձանագրել»: «Արդար Հայաստան»-ի ղեկավարը խոսեց նաեւ ֆեյքերի մասին՝ նշելով, որ եթե իրենց հաջողվի փոփոխություն արձանագրել Երեւանի ընտրություններում եւ որոշակի լծակներ ունենալ, ապա ստեղծված ֆեյքային որջերը իրենց պատասխանատուների հետ միասին  բացահայտվելու են եւ ոչնչացվելու են: 
13:08 - 05 սեպտեմբերի, 2023
«Ակնկալում ենք այն քվեները, որի միջոցով կկարողանանք կազմել քաղաքային իշխանություն»․ Հայկ Մարությանը՝ այլ ուժերի հետ համագործակցության մասին

«Ակնկալում ենք այն քվեները, որի միջոցով կկարողանանք կազմել քաղաքային իշխանություն»․ Հայկ Մարությանը՝ այլ ուժերի հետ համագործակցության մասին

Երևանի ավագանու ընտրություններում «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն «Ազատության» հետ զրույցում ասել է, որ բացառում են համագործակցությունը ՔՊ-ի հետ, հին իշխանությունների հետ․ «Ես տեսել եմ՝ ասում են՝ բա եթե 50+ չհավաքե՞ք, դա ընդհանրապես չենք քննարկում մենք։ Չեմ ուզում ասել, որ վստահ ենք, բայց մենք ակնկալում ենք երևանցիներից այն քվեները, որի միջոցով կկարողանանք կազմել քաղաքային իշխանություն»։ Հարցին, թե ով է իրենց գլխավոր մրցակիցը, Մարությանն ասաց․ «Ընդհանրապես մենք չենք տեսնում ինչ-որ մեկին գլխավոր մրցակից, բայց պայքարը բնականաբար իշխանությունը փոփոխելն է Երևան քաղաքում։ Իշխանությունը եթե այս պահին ՔՊ-ն է, ցավոք սրտի, մարդիկ ձայնը տվել են «Իմ քայլը» դաշինքին, բայց այսօր ուզուրպացրել են իրենք իշխանությունը, և իշխանությունը, չգիտես ինչպես, հայտնվել է ՔՊ-ի ձեռքերում։  Բնականաբար մեր պայքարը այդ կուսակցության հետ է, որովհետև մենք ուզում ենք փոխել իշխանությունը, որովհետև գտնում ենք, որ այս պահին բացարձակ էֆեկտիվ չի կառավարվում մեր մայրաքաղաքը»։
10:17 - 05 սեպտեմբերի, 2023
«Այն մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ դիվան էին քշում եւ հիմա շատ ակտիվ Արցախի մասին խոսում են, թող չխառնեն՝ ում հետ ինչ են խոսում»․ Տիգրան Ավինյան

«Այն մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ դիվան էին քշում եւ հիմա շատ ակտիվ Արցախի մասին խոսում են, թող չխառնեն՝ ում հետ ինչ են խոսում»․ Տիգրան Ավինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակեց  Շենգավիթ վարչական շրջանում։ Բնակչուհիներից մեկը ամոթանք տվեց Ավինյանին։ «Ամոթ է, ամոթ, Արցախը բլոկադայի մեջ եք, դուք այստեղ քարոզարշավ եք անում»,- պատուհանից ասաց բնակչուհին։ Ավինյանը նախ հետաքրքրվեց, թե ինչ է տիկնոջ անունը, ապա դիմելով նրան՝ ասաց․ «Տիկին Մարիամ, ձեզ բան ասեմ, ես ամաչելու ոչ մի կաթիլ չունեմ, դուք սխալվում եք։ Եվ այն մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ դիվան էին քշում, հիմա շատ ակտիվ Արցախի մասին խոսում են, թող չխառնեն՝ ում հետ ինչ են խոսում։ Ես ամբողջ պատերազմի ժամանակ Արցախում եմ եղել, ինչով կարողացել եմ աջակցել եմ այդ ժամանակ դրանից հետո ու մինչեւ օրս։ Եղբայրս այնտեղ է եղել, ամբողջ պատերազմի ժամանակ Ստեփանակերտի հիվանդանոցում 70 վիրահատություն է արել։ Խնդրում եմ՝ այս դասերը ինձ պետք չի տալ»։ «Կանգնում եք, ձեր եղբոր արած վիրահատություններն եք թվարկում»,- արձագանքեց բնակչուհին։ «Լավ եմ անում, որովհետեւ եթե դուք անձնապես ինձ եք ասում ամոթ, ուզում եմ հասկանամ՝ ինչի՞ համար եք ասում»,- ասաց Ավինյանը։ «Ասում եմ, որովհետեւ դուք իշխանություն եք»,- արձագանքեց բնակչուհին։
20:31 - 04 սեպտեմբերի, 2023
«Բացարձակ զրպարտություն է»․ ՔՊ-ից մեկնաբանում են «ՔՊ-ն իր երթերին մասնակցելու համար գումար է բաժանում» վերտառությամբ հոդվածը

«Բացարձակ զրպարտություն է»․ ՔՊ-ից մեկնաբանում են «ՔՊ-ն իր երթերին մասնակցելու համար գումար է բաժանում» վերտառությամբ հոդվածը

Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը անդրադարձել է «Ականատես» դիտորդական նախաձեռնության դիտարկմանը, ըստ որի՝ «հավաքագրում են աղջիկների՝ գումարի դիմաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական երթերին մասնակցելու համար»։ «Սիրելի՛ քաղաքացիներ, այսօր առավոտից տարածվող «ՔՊ-ն իր երթերին մասնակցելու համար գումար է բաժանում» վերտառությամբ հոդվածը բացարձակ զրպարտություն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր գործունեության ընթացքում միշտ մերժել և շարունակում է մերժել գումարի դիմաց քաղաքացիներին հանրահավաքներին, երթերին ներգրավելու արատավոր երևույթը։ Այսօր առավոտյան հոդվածը լույս տեսնելուց անմիջապես հետո Կուսակցության նախընտրական շտաբը կապ է հաստատել առանց բացառության բոլոր ենթաշտաբների պետերի հետ։ Կարող ենք փաստել, որ կուսակցության ո՛չ կենտրոնական շտաբը, ո՛չ ենթաշտաբները որևէ առնչություն չունեն հոդվածում նկարագրվող պրոցեսների հետ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր քարոզարշավն իրականացնում է բացառապես օրենքով սահմանված կարգով, օգտվելով միայն վճարովի գովազդային և այլ այնպիսի ծառայություններից, որոնք արգելված չեն օրենքով և չեն հակասում մեր արժեքներին։ Որպես օրինակ՝ գովազդային գործակալությունների հետ սահմանված կարգով համագործակցում ենք՝ պաստառներ փակցնելու, թռուցիկներ տարածելու, լեդ էկրանների վրա գովազդային հոլովակներ տեղադրելու և նման այլ հարցերով։ Իրավապահ մարմիններին կոչ ենք անում անհապաղ ստուգել հրապարակված հոդվածում առկա տեղեկատվության իսկությունը և դրանում քրեաիրավական գնահատականի արժանի արարքի առկայությունը։ Աներկբայորեն պետք է պարզել այս գործողությունը կատարողի կամ այս պատմությունը բեմադրողի ինքնությունը։ Հարկ ենք համարում շեշտել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակն է, որ քարոզարշավի առաջին օրվանից ցայսօր ամեն օր հրապարակել է իր քարոզարշավի անցկացման օրը, ժամը և վայրը՝ ամբողջ պրոցեսը մաքսիմալ թափանցիկ դարձնելով լրատվամիջոցների համար։ Հատուկ ուշադրություն ենք հրավիրում այն փաստին, որ «Ականատես» դիտորդական առաքելությունն արդեն երկրորդ անգամ է նախընտրական փուլում զրպարտական բնույթի նյութ տեղադրում և թիրախավորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Նախորդ անգամ առաքելության անդամները որպես վարչական լիազորությունների չարաշահում էին ներկայացրել մեր՝ արձակուրդում գտնվող ավագանու թեկնածուներից մեկի՝ քարոզչական բնույթի ֆեյսբուքյան հետնանկարի տեղադրումը։ Բոլոր հետաքրքրված լրագրողներին, ՀԿ և դիտորդական առաքելությունների անդամներին և, իհարկե, քաղաքացիներին հրավիրում ենք օրվա ցանկացած ժամի և ցանկացած վայրում իրականացվող մեր քարոզարշավներին՝ սեփական աչքերով տեսնելու թե՛ մեր քարոզարշավը, թե՛ մեր թիմակիցների մոտիվացիան, որը ի տարբերություն շատերի փողը չէ»։
17:46 - 04 սեպտեմբերի, 2023
Դատախազությունը ուսումնասիրում է ՔՊ երթերին գումարով մասնակցելու վերաբերյալ հրապարակումը
 |factor.am|

Դատախազությունը ուսումնասիրում է ՔՊ երթերին գումարով մասնակցելու վերաբերյալ հրապարակումը |factor.am|

factor.am: ՀՀ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Ականատես» դիտորդական առաքելության հրապարակումը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավին քայլելու համար 1000 դրամով մասնակիցների է հավաքագրում։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրին Գլխավոր դատախազությունից։ «Ականատես» դիտորդական առաքելությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու համար արդյո՞ք վերը նշված գործողություններն ունեն ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով սահմանված՝ քայլերթերին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմի տարրեր։ Դիտորդական առաքելությունից նաև պնդում են, թե նշվածն ապացուցող մի շարք ձայնագրություններ և այլ նյութեր կան, սակայն անձնական տվյալների գաղտնիության պահպանման նկատառումներով հրապարակվում են դրանց մի մասը։
16:31 - 04 սեպտեմբերի, 2023
Հավաքագրում են աղջիկների՝ գումարի դիմաց ՔՊ կուսակցության քարոզչական երթերին մասնակցելու համար․ «Ականատես»

Հավաքագրում են աղջիկների՝ գումարի դիմաց ՔՊ կուսակցության քարոզչական երթերին մասնակցելու համար․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական նախաձեռնությունը հրապարակում է արել Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում խախտումների վերաբերյալ․ «Կուսակցություններն օգտվում են մարքեթինգային գործակալությունների ծառայություններից՝ գումարի դիմաց մարդկանց ներգրավվելով երթերի և քարոզչական թռուցիկների տարածման գործում։ Սոցիալական տարբեր ցանցերում քաղաքական երթերին մասնակցելու հայտարարություններ են տարածվում։ Մասնավորապես, Promo host գովազդային տեխնոլոգիաների կազմակերպությունն իր ինստագրամյան չատում հավաքագրում է աղջիկների՝ գումարի դիմաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական երթերին մասնակցելու համար։ Մասնակից աղջիկներին հանձնարարվում է կրել սպիտակ շապիկներ և ջինսե տաբատներ։ Նույն տեսքով քարոզարշավին մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները։ Մասնակցել ցանկացողները պետք է նաև նախապես ուղարկեն իրենց լուսանկարը կազմակերպչին՝ հաստատում ստանալու նպատակով։ Մասնակիցները հրավիրվում են Սայաթ-Նովա 40 հասցեում գտնվող ՔՊ գլխամասային գրասենյակ, որտեղից մեկնարկում են քարոզչական երթերը։ Մասնակից աղջիկներին 1 ժամվա համար վճարվում է 1000 դրամ փոխհատուցում։ Գումարները փոխանցվում են անկանխիկ եղանակով՝ մասնակիցների բանկային քարտերին փոխանցման միջոցով։ Promo & More  ֆեյսբուքյան խումբը, որն ունի շուրջ 3000 մասնակից, ևս կիրառվում է որպես նմանատիպ հայտարարությունների հարթակ։ Մեկ այլ՝ City Promotion մարքեթինգային գործակալությունն այստեղ հավաքագրում է մասնակիցների՝ քարոզչական տարբեր միջոցառումներում թռուցիկների բաժանման, դրոշակների ծածանման համար։ Կազմակերպության ներկայացուցչի հետ զրույցում պարզ դարձավ, որ նմանատիպ ծառայություն մատուցում են մի քանի կուսակցությունների համար (կազմակերպությունը խուսափեց անուններ նշելուց)։ Այս դեպքում ևս մասնակիցներին մեկ ժամվա համար վճարվում է 1000 -2000 դրամ։ Ականատեսը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու համար արդյո՞ք վերը նշված գործողություններն ունեն ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով սահմանված՝ քայլերթերին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմի տարրեր։ Ականատեսն ունի վերը նշվածն ապացուցող մի շարք ձայնագրություններ և այլ նյութեր։ Անձնական տվյալների գաղտնիության պահպանման նկատառումներով առայժմ հրապարակվում են դրանց մի մասը»։
14:12 - 04 սեպտեմբերի, 2023