Լիլիթ Մակունց

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է։ 7-րդ գումարման Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն էր, դրանից առաջ՝ ՀՀ մշակույթի նախարարը։

Ծնվել է 1983թ․ նոյեմբերի 7-ին։ 1999-2003 թվականներին սովորել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան։

Նույն ֆակուլտետում 2003-2005 թվականներին սովորել է մագիստրատուրայում: 2014 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում: 2015 թվականի ամռանը անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում: 2005 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում:

2018 թվականի փետրվարին զբաղեցրել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի եւ համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

2021 թվականի օգոստոսին նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։

Լիլիթ Մակունցը՝ Արսեն Ջուլֆալակյանի մասնակցությամբ միջադեպի մասին |news.am|

Լիլիթ Մակունցը՝ Արսեն Ջուլֆալակյանի մասնակցությամբ միջադեպի մասին |news.am|

news.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն Ազգային ժողովում անդրադարձել է Արսեն Ջուլֆալակյանի եւ նրա հոր՝ Լեւոն Ջուլֆալակյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հրապարակումներին: Լրագրողների հետ զրույցում ասել է. «խոսել եմ Արսեն Ջուլֆալակյանի հետ, որովհետեւ մամուլում տեղ էին գտել տեղեկություններ, որ Արսեն Ջուլֆալակյանն ու իր հայրը բռնության են ենթարկել մի քաղաքացու: Արսեն Ջոլֆալակյանն ասել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նա իր հոր հետ ներկայացել են ոստիկանություն, որպեսզի հասկանան, թե ինչի մասին է խոսքը: Իրենք էլ իրենց հերթին ներկայացրել են պարզաբանում, թե Արսեն Ջուլֆալակյանի գործընկերոջ հետ ինչ խոսակցություն է եղել: Հաստատում եմ, որ նման ծեծկռտուք, բռնի գործողություններ չեն եղել»: Հարցին, թե այդ դեպքում ինչպես է այդ քաղաքացին վնասվածքներով հայտնվել հիվանդանոցում, Լիլիթ Մակունցն արձագանքեց. «Որքանով հրապարակվել է մամուլում, որեւէ վնասվածք քաղաքացին չի ստացել, հայտնվել է հիվանդանոցում բարձր ճնշման հետեւանքով: Ինչ վերաբերում է մնացյալին, քանի որ դա քաղաքական տիրույթի հարց չէ, ավելի լավ է, որ լրացուցիչ պարզաբանումներ ստանաք հենց Ջուլֆալակյանից»:
12:54 - 06 մայիսի, 2019
Պետաիրավական հանձնաժողովը պետք է հարցը դիտարկի և հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ․ Լիլիթ Մակունց

Պետաիրավական հանձնաժողովը պետք է հարցը դիտարկի և հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ․ Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստում քննարկվել են նաև «Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությունը և ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մասնակցությամբ աղմկահարույց միջադեպը։ Այս մասին նիստից հետո ասել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ հավելելով, որ իրենք որևէ դիրքորոշում չեն ձևավորել այս հարցերի վերաբերյալ։ Բագրատյանի հետ կապված Մակունցը մասնավորապես նշել է. «Այս պահին մենք չենք ուզում նման գնահատական հնչեցնել, որ դրանք որևէ քաղաքական ենթատեքստ ունեն։ Ժամանակը ցույց կտա, թե իրականում ինչ կա այդ ամենի հետևում, և կա՞ ինչ-որ քաղաքական ենթատեքստ, թե՞ ոչ»։ «Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարության հետ կապված  Լիլիթ Մակունցն ասել է․ ««ՔՈ»-ի հայտարարությունը մենք կարող ենք դիտարկել երկու տիրույթում՝ իրավական և քաղաքական։ Իրավական առումով մեզ համար շատ կարևոր է, թե ինչ իրավական գնահատական է ի վերջո հնչելու։ Այդ առումով կսպասենք իրավապահ մարմինների գնահատականին։ Քաղաքական առումով պարոն Ծառուկյանը հայտարարություն է արել և պիտի նշեմ, որ ինչպես մենք նախկինում ենք հայտարարել, այնպես էլ հիմա ենք ասում, որ, բնականաբար, չի կարող լինել այնպես, որ իշխանությունը և բիզնեսը սերտաճեն․ սա մենք նկատի ունենք, երբ հայտարարում ենք, որ Հայաստանում գոյություն չունի օլիգարխիա»։  Մակունցի խոսքով, իրավական առումով լողացող ինչ-որ տիրույթի հետ գործ ունենք, որը հստակեցման կարիք ունի․ «ամեն դեպքում, գտնում եմ, որ պետաիրավական հանձնաժողովը այս առումով պետք է հարցը դիտարկի և հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ»,-շեշտել է  «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը՝ շեշտելով, որ այս մասին  առաջարկ դեռ չի արել։  
17:46 - 29 ապրիլի, 2019
Քննիչ հանձնաժողովներ կստեղծվեն․ Լիլիթ Մակունց |panorama.am|

Քննիչ հանձնաժողովներ կստեղծվեն․ Լիլիթ Մակունց |panorama.am|

panorama.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության փակ նիստում որոշվել է ստեղծել քննիչ հանձնաժողովներ, որոնք կզբաղվեն հանքարդյունաբերության, ջրօգտագործման և էլի մի քանի ոլորտների հետ կապված հարցերով։ Նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա հավելել է, որ վերահսկողական գործիքները հնարավորություն են տալիս հաջողություններ գրանցել: Լրագրողների դիտարկմանը, թե վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիտողություն էր արել՝ ասելով, որ խորհրդարանը լիարժեքորեն չի օգտագործում իր վերահսկողական գործառույթը, Մակունցը պատասխանել է. «Մենք իրականում ինտենսիվ ինտենսիվ աշխատում ենք։ Մինչ վարչապետի ասելն էլ մենք պլանավորում էինք սա, վարչապետն էլ տեղյակ է եղել, պարզապես առաջնահերթությունները պետք է սահմանեինք։ Իրականում ես համաձայն եմ, որ այն ներուժը և այն գործիքները, որ ունի Ազգային ժողովը, պետք է սկսենք ամբողջ ծավալով կիրառել»։
12:33 - 23 ապրիլի, 2019
«Իմ քայլը» խմբակցությունը որոշել է Քաղաքացու օրը չկենտրոնանալ Երևանում. գնալու են մարզեր․ Լիլիթ Մակունց |tert.am|

«Իմ քայլը» խմբակցությունը որոշել է Քաղաքացու օրը չկենտրոնանալ Երևանում. գնալու են մարզեր․ Լիլիթ Մակունց |tert.am|

tert.am: «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է Քաղաքացու օրը չկենտրոնանալ Երևանում, այլ գնալու մարզեր։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նրա խոսքով՝ պատգամավորները կգնան իրենց ընտրատեղամասեր։«Մարզեր կգնան ոչ միայն տվյալ ընտրատարածքից ընտրված պատգամավորները, այլև մյուս պատգամավորները։ Անձամբ ես կլինեմ ոչ թե Երևանում, այլ 3 մարզում՝ Շիրակ, Լոռի և Տավուշ»,- ասաց նա։Մակունցի խոսքով՝ Կառավարությունը տեղեկացրել է, որ Քաղաքացուն օրը առավոտյան ժամը 10-ից մինչև 21։30  միջոցառումներն են լինելու։ Հարցին՝ Շիրակի մարզի տնակային ավանի բնակչին ինչպե՞ս եք համոզելու նշել քաղաքացու օրը և ինչպե՞ս եք բացատրել, որ 124 միլիոն դրամը հենց իր արժանապատվության համար է ծախսվել (չհաշված Գյումրիի համայնքային բյուջեից ևս 1 մլն դրամ է հատկացվել տոնը նշելու համար), Մակունցը նշեց, թե ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը բաց ձևով կտրամադրվի, որպեսզի նպատակահարմարությունը պարզվի։
12:25 - 23 ապրիլի, 2019
«Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ առաջարկելու են նախաձեռնել Սահմանադրական փոփոխությունների գործընթաց |armenpress.am|

«Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ առաջարկելու են նախաձեռնել Սահմանադրական փոփոխությունների գործընթաց |armenpress.am|

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և մի շարք այլ պատգամավորներ հանդես են գալու Սահմանադրական փոփոխություններ կատարելու գործընթաց նախաձեռնելու առաջարկությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մակունցն այս մասին հայտարարեց ապրիլի 18-ին, Ազգային ժողովի նիստի ընթացքում: «Պատասխանելով խորհրդարանական ընդդիմության կողմից բարձրացված խորհրդարանական վերահսկողության ամրապնդմանն ուղղված հարցադրումներին, հայտնում եմ, որ շուտով ես և «Իմ քայլը» խմբակցությունից մի շարք այլ պատգամավորների հանդես ենք գալու Սահմանադրական փոփոխություններ կատարելու գործընթաց նախաձեռնելու առաջարկությամբ, որի նպատակն այլ հարցերի հետ մեկտեղ լինելու է կառավարությանը և վարչապետին ենթակա մարմիններին ԱԺ հերթական նիստերին պատգամավորների հարցերին պատասխանելու հրավերը: Այսպիսով, այն, ինչ վերջին շրջանում բնութագրվել է, որպես անհնար կամ մի բան, որին խորհրդարանական մեծամասնությունը դեմ է, ինչպես տեսնում եք՝ իրականությանը չի համապատասխանում: Եվ ուրեմն, չնայած՝ Ազգային անվտանգության ծառայությանը, Ոստիկանությանը, Պետական եկամուտների կոմիտեն Ազգային ժողովի հարցուպատասխանին մասնակից դարձնելու ցանկությունը մեր ընդդիմադիր գործիչներինն էր, այս ուղղությամբ համատեղ աշխատանքների առաջարկը համարվեց անիրատեսական: Այդ պատճառով, կարևորելով նշված կառույցների հանրային հաշվետվողականությունը, մենք ինքներս ենք նախաձեռնելու նրանց Ազգային ժողով հրավիրելու համար անհրաժեշտ փոփոխություններ ձեռնարկելը»,- նշեց Մակունցը:
12:34 - 18 ապրիլի, 2019
ԼՀԿ-ի առաջարկածն այլընտրանքային նախագիծ է, որի իրավունքը Սահմանադրությամբ չունենք․Լիլիթ Մակունց |24news.am|

ԼՀԿ-ի առաջարկածն այլընտրանքային նախագիծ է, որի իրավունքը Սահմանադրությամբ չունենք․Լիլիթ Մակունց |24news.am|

24news.am: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր Ազգային ժողովում կառավարության կառուցվածքին վերաբերող օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ անդրադարձավ կառավարության կառուցվածքի մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած առաջարկությունների փաթեթին՝ ասելով«Լուսավոր Հայաստանի մեր գործընկերները կառավարությանը ներկայացրել են այլընտրանքային մոդելի նախագիծ, որի իրավունքը Հայաստանի Սահմանադրությամբ, մենք չունենք, դա կառավարության տիրույթում է։ Մակունցը կարծիք հայտնեց, որ դա իրատեսական չէ։ «Սա կառավարության աշխատանքներն արդյունավետ դարձնելու մասին նախագիծ է ու չի վերաբերում Ազգային ժողովի վերահսկողական գործիքները ավելացնելուն։ Աշխարհի ոչ մի կառավարություն չի ներկայացնում մի նախագիծ, որով փորձ է արվում վերահսկելի դարձնել իր գործառույթները։ Դա մեր գործառույթն է, հարգելիներս»։   
10:14 - 17 ապրիլի, 2019
Մեր խմբակցությունում, բոլորն աշխատում են դրական փոփոխությունների ուղղությամբ․ Լիլիթ Մակունց |24news.am|

Մեր խմբակցությունում, բոլորն աշխատում են դրական փոփոխությունների ուղղությամբ․ Լիլիթ Մակունց |24news.am|

«Իմ քայլը» դաշինքի բոլոր պատգամավորներն աշխատում են դրական փոփոխությունների ուղղությամբ։ Այդ մասին խորհրդարանում ամենամեծ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` մեկնաբանելով Արսեն Թորոսյանի հայտարարությունը։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում` նշելով, որ տպավորություն ունի՝ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում երկրի առողջապահական համակարգում։«Մեր խմբակցությունում, իհարկե, բոլորն աշխատում են դրական փոփոխությունների ուղղությամբ։ Իսկ հավելյալ մեկնաբանությունների համար, կարծում եմ, արժի դիմել պարոն Թորոսյանին»,- նշել է Մակունցը, ապա հավելել, որ այդ հարցի շուրջ «թեժ քննարկումներ» չեն եղել, զրույց է եղել խմբակցության ներսում, որի հրապարակումը էթիկայի նորմերի խախտում է։  Մակունցը հրաժարվել է թեման մեկնաբանել` միայն նշելով, որ իրեն վերագրված խոսքերը չեն համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք՝ Արսեն Թորոսյանը գրել էր, որ տպավորություններ ունի՝ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում տեսնել երկրի առողջապահական համակարգում։ 24news.am
10:16 - 14 մարտի, 2019
Մենք առաջին հերթին կանանց դերը վերաիմաստավորելու խնդիր ունենք. Լիլիթ Մակունց |armenpress.am|

Մենք առաջին հերթին կանանց դերը վերաիմաստավորելու խնդիր ունենք. Լիլիթ Մակունց |armenpress.am|

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մարտի 8-ին կայացած «Հավասար հնարավորությունների տոնավաճառ» խորագրով միջոցառման ընթացքում՝ լրագրողների հետ զրույցում, խոսելով կանանց դերից Հայաստանում, ասաց․  «Մենք առաջին հերթին կանանց դերը վերաիմաստավորելու խնդիր ունենք: Պահպանողական հասարակություններում կանանց համար բավականին բարդ է տարբեր տիրույթներում իրացնել իրենց ներուժը, հատկապես, եթե դա վերաբերում է հանրային գործունեությանը: Այն, ինչ նույնիսկ չի նկատվում տղամարդկանց պարագայում, կանանց դեպքում մի փոքր անգամ վրիպումն արժանանում է մեծ քննադատությունների ու պարսավանքի: Այնպես որ, մեզանից ակնկալում են, որ մենք լինենք կատարյալ»։ Միջոցառումը կազմակերպվել է «Եվրոպացի երիտասարդ դեսպաններ» նախաձեռնության կողմից: Նախաձեռնության անդամ Անդրանիկ Շիրինյանը նշեց, որ միջոցառմանը կին պատգամավորների մասնակցությունը հատուկ նպատակ ունի: «Քանի որ առաջ կանայք շատ քիչ են մասնակցել որոշումներ կայացնելու գործընթացներին, որոշեցինք նաև հրավիրել կին պատգամավորների, ցույց տալու համար, որ թեև քիչ, բայց կանայք ևս այսօր արդեն մասնակցում են որոշումներ կայացնելու գործընթացին»,- նշեց Անդրանիկ Շիրինյանը: Միջոցառման ընթացքում բանախոսներն ու ներկաները քննարկեցին Հայաստանում կանացն վերաբերող խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: armenpress.am
08:41 - 08 մարտի, 2019