Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է։

Եղել է Գեղարքունիքի մարզպետը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ «Հայկական աշխարհագրական ընկերություն» գիտական-հասարակական կազմակերպության անդամ։ Ծնվել է 1983թ․ հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում։ 2000-2006 թթ․ սովորել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում՝ ստանալով բակալվրի, այնուհետև՝ բնօգտագործում և բնապահպանություն մագիստրոսի աստիճան։

2004-2010թթ. եղել է ուսուցիչ «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում։ 2007-2010 թթ․ դասավանդել է Երևանի Հյուսիսային համալսարանում, այնուհետև՝ 2006-2018թթ․՝ Արտաքին տնտեսական կապերի համալսարանում։ 2014-2015թթ. «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում աշխատել է որպես վաճառքի պատասխանատու։ 2018թ. մայիս- հոկտեմբեր եղել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ։ Նույն թվականի հոկտեմբերի 10-ին նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ։

Գնել Սանոսյանը ՀՀ- ում ՄԹ դեսպանի հետ քննարկել է համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

Գնել Սանոսյանը ՀՀ- ում ՄԹ դեսպանի հետ քննարկել է համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է  ՀՀ- ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։ Հանդիպմանը մասնակցել է  դեսպանության առևտրի և զարգացման հարցերով պատասխանատու Արտաշես Դավթյանը։       Շնորհավորելով նախարարին նշանակման առթիվ  և մաղթելով  բեղմնավոր  աշխատանք նոր պաշտոնում՝ դեսպանը  դրական, կառուցողական համագործակցության ձևավորման վստահություն է հայտնել։  Ջոն Գալագերը կարծիք է հայտնել, որ  համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի բացահայտել  և արդյունավետ համագործակցել փոխադարձ  հետաքրքրություններ ներկայացնող ուղղություններով։   Ողջունելով հյուրին՝  ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հաստատել է, որ  արդեն իսկ ձևավորված հարաբերությունները խորացնելու ու բազմաթիվ նոր  ուղղություններով համագործակցությունը զարգացնելու ներուժ կա։ Նախարարը հավելել է, որ նախարարության համակարգման շրջանակը բավականին մեծ է,  ինչը համագործակցության  լայն հնարավորություններ է ստեղծում։ «Մենք այս ոլորտներում բազմաթիվ  ընթացիկ և նոր  ծրագրեր ունենք։ Կարծում եմ՝   մեր բրիտանացի  գործընկերների  փորձը, գիտելիքներն ու կարողությունները կարող են մեզ օգտակար լինել»,-ասել է նախարարը՝  մասնավորապես նշելով, որ  ենթակառուցվածքների ոլորտում ծրագրվում են լայնածավալ աշխատանքներ, որոնք միայն տեղական հզորություններով հնարավոր չէ իրականացնել,  և առաջարկել է աջակցել  մրցութային գործընթացներում բրիտանական  ընկերություններ ներգրավելու հարցում։ Գնել Սանոսյանը նշել է, որ  ողջունելի կլինի ճանապարհաշինության, էներգետիկ, ջրային ենթակառուցվածքների, էներգախնայող համակարգերի ստեղծման  ոլորտներում իրականացվող ծրագրերում բրիտանացի ներդրողների մասնակցությունը և հետաքրքրվածությունը։ Դեսպանը Գալագերն  իր հերթին պատրաստակամություն է հայտնել  դիտարկել համագործակցության նոր հնարավորությունները, հավելելով, որ բրիտանական կողմը  տեղեկացված է ենթակառուցվածքների ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթություններից և հետաքրքրված է նշված ծրագրերում մասնակցություն ունենալու հարցերով։ Նա ընդգծել է, որ բրիտանական ընկերությունների հետ  կքննարկվի  Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային, ինչպես նաև ՀԱԷԿ-ի վերազինման ծրագրերում    վերջիններիս  մասնակցության հնարավորությունը, նշելով, որ բրիտանական ընկերությունները ունեն բավականին փորձառություն և կարողություններ այս ծրագրի շրջանակում նույնպես ներգրավվելու համար։ Դեսպանը տեղեկացրել է  նաև Միացյալ Թագավորության  Արտահանման  ֆինանսավորման պետական գործակալության գործիքակազմից  օգտվելու հնարավորությունների մասին։ Հանդիպմանը ՏԿԵ նախարարը և ՀՀ-ում ՄԹ  դեսպանը քննարկել են նաև էներգետիկ ոլորտում երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել  Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցման ծրագրի ընթացքին, վերականգնվող էներգետիկայի՝ մասնավորապես արևային կայանների կառուցման  հեռանկարներին, երկուստեք վերահաստատելով, որ համագործակցության չիրացված ներուժ կա։ Անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս։
20:12 - 01 սեպտեմբերի, 2021
Գնել Սանոսյանը Արմավիրի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել ոռոգման գործընթացի վերաբերյալ

Գնել Սանոսյանը Արմավիրի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել ոռոգման գործընթացի վերաբերյալ

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 19-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզպետարանում՝ մարզում ոռոգման գործընթացին առնչվող խնդիրների վերաբերյալ։     Խորհրդակցությանը մասնակցել են Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, Արմավիրի մարզի ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարները, մարզպետարանի աշխատակիցներ։   Նախարար Գնել Սանոսյանը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է ոլորտում առկա կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանը միտված առաջնահերթությունները և ծրագրերը։ ՏԿԵ նախարարը մասնավորապես ընդգծել է, որ չնայած ոռոգման ջրապահովման դեֆիցիտը մեղմելու նպատակով Սևանա լճից բաց թողնվող ջրի առավելագույն չափաքանակն ավելացվել է 75 մլն խմ-ով, սակայն պետք է խնդիր դնել՝ սահմանված ծավալից պակաս չափի ջրառով ապահովել ոռոգման գործընթացը։   «Մեզնից կախված ամեն ինչ պետք է անենք, որ 75 միլիոն թվին ոչ մի կերպ չհասնենք, ես հավատում եմ, որ դա հնարավոր է, լավ կլինի, որ եղանակային պայմաններն էլ նպաստավոր լինեն։ Կարծում եմ, որ համատեղ աշխատանքի ու ջանքերի շնորհիվ կարող ենք լուծել այդ խնդիրը»,- նշել է Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ ամենշաբաթյա պարբերականությամբ ոլորտի պատասխանատուների հետ կքննարկի ընթացիկ աշխատանքները և առաջիկա անելիքները։   Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը տեղեկացրել է, որ Սևանա լճից այս տարվա համար օրենքով սահմանվածից պակաս չափաքանակի ջրառ իրականացնելու համար կատարվել են անհրաժեշտ հաշվարկներ, և այդ ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ։   Կարեն Սարգսյանը ՏԿԵ նախարարին ներկայացրել է նաև Ախուրյանի և Ապարանի ջրամբարներից Արմավիրի մարզի ջրօգտագործողների համար նախատեսված ծավալներով ջրառի ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքները։   Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի տեղեկացմամբ՝ մարզում ոռոգման ապահովման առումով ճգնաժամային շրջանը հաղթահարված է, և այժմ ավելի կայուն շրջան է։ Խորհրդակցության ընթացքում Արմավիրի մարզի «Էջմիածին», «Արմավիր» և «Շենիկ» ՋՕԸ-երի տնօրենները ներկայացրել են իրենց սպասարկման տարածքներում ոռոգովի հողատարածքներին և ոռոգման ջրի պահանջարկին առնչվող տվյալներ, ինչպես նաև ջրասակավության պայմաններում ջրօգտագործող ընկերություններին անհրաժեշտ ջրաքանակների ապահովման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։   Մարզի ՋՕԸ-երի ղեկավարների տեղեկացմամբ՝ ջրօգտագործման վճարների հավաքագրումների ցուցանիշը բարելավվել է նախորդ տարվա համեմատ։   Քննարկվել են նաև Արմավիրի մարզում ոռոգվող հողատարածքների ջրապահովման նպատակով անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես նոր ջրամբարների կառուցման, ջրատար համակարգի արդիականացման ու ընդլայնման, խորքային հորերի վերագործարկման, ոռոգման համակարգի էներգաապահովման վերաբերյալ հարցեր, անդրադարձ է կատարվել նաև մակերեսային ոռոգումից աստիճանաբար կաթիլային ոռոգման համակարգի անցնելու հարցին:   Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ՋՕԸ-երի ղեկավարներին հորդորել է իրենց ընկերությունների անդամ ջրոօգտագործողների հետ բացատրական աշխատանքներ կատարել՝ տեղեկացնելով աշխարհում և մասնավորապես Հայաստանում կլիմայական պայմանների փոփոխությունների հետևանքով հողամշակության և հատկապես հողի ոռոգման ավանդական եղանակների վերանայման ու արդիականացման անհրաժեշտությունը։   Նախարար Սանոսյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել ջրօգտագործման վճարների հավաքագրումների ցուցանիշների ավելացմանը։
14:19 - 20 օգոստոսի, 2021
Նախարար Գնել Սանոսյանը ճանաչողական այց է կատարել Հայկական ատոմային էլեկտրակայան

Նախարար Գնել Սանոսյանը ճանաչողական այց է կատարել Հայկական ատոմային էլեկտրակայան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 19-ին Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ճանաչողական այց է կատարել Հայկական ատոմային էլեկտրակայան։ Այս մասին հայտնում են ՏԿԵ-ից։ Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, գլխավոր տնօրենի տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը։ ՏԿԵ նախարարը շրջայց է կատարել ատոմակայանի տարածքում, տուրբինային արտադրամասում, ծանոթացել է ՀԱԷԿ-ի հիմնական տեխնիկական հատկանիշներին և սարքավորումներին, եղել է էներգաբլոկի կառավարման վահանակում, որտեղ ծանոթացել է ՀԱԷԿ-ի կառավարման և անվտանգության ապահովման համակարգերին, հետևել է անձնակազմի աշխատանքին։ ՀԱԷԿ-ի տուրբինային արտադրամասի մեքենասրահում նախարար Գնել Սանոսյանին մասնավորապես ներկայացվել են ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման և կայանի արդիականացման ծրագրի շրջանակներում պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2021, 141 օր տևողությամբ) աշխատանքների ընթացքը, հիմնանորոգվող և նորացվող համակարգերն ու սարքավորումները։ՏԿԵ նախարարն այնուհետև հանդիպել է ՀԱԷԿ-ի ղեկավար աշխատակազմի հետ։ Կայանի աշխատակիցներին բարդ և պատասխանատու աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով՝ նախարար Սանոսյանը կարևորել է ՀԱԷԿ-ում առկա լուրջ մասնագիտական ներուժն ու կարողությունները և համոզմունք է հայտնել, որ ատոմակայանի արդիականացման նպատակով կատարվող վերանորոգումների այս կարևոր փուլում յուրաքանչյուր աշխատակից ջանք չի խնայի աշխատանքները պատշաճ իրականացնելու և նախատեսված ժամկետներում ավարտելու համար։ ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով նախարար Սանոսյանին կատարած այցի համար, վստահեցրել է, որ ատոմակայանի արհեստավարժ մասնագետները նախատեսված ժամանակին և արդյունավետ կիրականացնեն իրենց առջև դրված կարևոր խնդիրները։Էդուարդ Մարտիրոսյանն ընդգծել է նաև, որ Հայկական ատոմային էլեկտրակայանը, հանրապետության համար կարևորագույն ռազմավարական հիմնարկ և տնտեսության քարշիչ ուժը լինելով, մեծ դեր ունի նաև Արմավիրի մարզի աշխատանքային զբաղվածության ապահովման առումով։ Այցի ավարտին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ընդգծելով ոլորտի ինստիտուցիոնալ հիշողության շարունակականության կարևորությունը, ՀԱԷԿ-ի փորձառու մասնագետներին հորդորել է իրենց երկարամյա աշխատանքի արդյունքում կուտակած գիտելիքներն ու փորձը փոխանցել երիտասարդ գործընկերներին։ «Մեր երկիրը հետպատերազմյան այս փուլում բարդ իրականության մեջ է, և յուրաքանչյուրս մեր աշխատանքը վերանայելու, դրան նորովի վերաբերվելու կարիք ունենք՝ անկախ նրանից, թե ինչքան ժամանակ ենք աշխատում տվյալ պաշտոնում։ Անհրաժեշտ է տեսնել, թե էլ ինչ է պետք անել, որ մեր աշխատանքն է՛լ ավելի արդյունավետ դարձնենք, մեր պետության ու տնտեսության համար ավելի շատ օգտակար աշխատանք կատարենք, քանի որ յուրաքանչյուրիս ներդրած ջանքից է շատ բան կախված»,- հավելել է Գնել Սանոսյանը։
10:46 - 20 օգոստոսի, 2021
Գնել Սանոսյանն աշխատակազմին է ներկայացրել Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

Գնել Սանոսյանն աշխատակազմին է ներկայացրել Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արմավիր, Արագածոտնի մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում Արագածոտնի մարզի Թալին համայնքում աշխատակազմին է  ներկայացրել  Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։Նախարարը շնորհակալություն է հայտնել համայնքի նախկին ղեկավարին՝ պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքի և համայնքի խնդիրների լուծմանն ուղղված ներդրման համար։Շնորհավորելով Տավրոս Սափեյանին պաշտոնի ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Սանոսյանը մաղթել է նրան համայնքի խնդիրներով, հոգսերով զբաղվելու պատասխանատվություն, կամք և համառություն։Գնել Սանոսյանի խոսքով՝ ինչպես Թալինում, այնպես էլ տարածաշրջանի մյուս բնակավայրերում անելիքներ շատ կան, որոնք պատերազմից հետո կրկնապատկվել են։ «Անհրաժեշտ է, որ մենք վերանայենք աշխատելու մեր մոտեցումները, յուրաքանչյուրս փորձենք նորովի վերաբերվել մեր պարտականություններին, նոր ջանքով ու եռանդով աշխատենք»,- նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ այս փոփոխությունը ևս մեկ առիթ կհանդիսանա կատարված աշխատանքն արժևորելու, հին խնդիրները վերհանելու և դրանց լուծման ուղղությամբ համայնքի հետ համատեղ աշխատանքներն ակտիվացնելու համար։ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել նախկին ղեկավարին և շնորհավորելով Տավրոս Սափեյանին՝ հույս է հայտնել, որ նա իր աշխատանքի, համայնքի հետ համագործակցության արդյունքում կկարողանա լուծել համայնքի առջև ծառացած խնդիրները։Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Թալին համայնքի առաջնահերթ խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին վերաբերող հարցեր, մասնավորապես` անդրադարձ է կատարվել ոռոգման ջրի մատակարարմանն առնչվող հարցերի։ 
18:20 - 19 օգոստոսի, 2021
ՏԿԵ նախարար Սանոսյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե և «Զվարթնոց» օդանավակայան

ՏԿԵ նախարար Սանոսյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե և «Զվարթնոց» օդանավակայան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն օգոստոսի 13-ին այցելել է ՀՀ ՏԿԵՆ քաղաքացիական ավիացիայի կոմիտե և «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ, այնուհետև շրջայց է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ ՀՀ ՏԿԵ նախարարը քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մասնակցությամբ հանդիպել է կոմիտեի ղեկավար աշխատակազմի հետ, ներկայացրել ոլորտի հետագա զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքի վերաբերյալ իր մոտեցումները։ Ողջունելով ՔԱԿ անձնակազմին՝ Գնել Սանոսյանը համոզմունք է հայտնել, որ արդյունավետ համագործակցության միջոցով հնարավոր կլինի առկա խնդիրների վերհանման և հետագա մարտահրավերների կանխատեսման և հաղթահարման ուղղությամբ հաջողությունների հասնել, և այդ առումով կարևորել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմի մասնագիտական բարձր ներուժը։ «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ՏԿԵ նախարարին ներկայացրել է իր ղեկավարած կառույցի իրականացրած և շարունակվող աշխատանքները, ոլորտի զարգացումները, ինչպես նաև առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նախարարության տեղեկացմամբ՝ «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ում նախարար Գնել Սանոսյանը գլխավոր տնօրեն Արթուր Գասպարյանի և ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ ծանոթացել է ՀՀ օդային տարածքում օդանավերի աերոնավիգացիոն սպասարկման, մասնավորապես, օդային երթևեկության կարգավարական և աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման համակարգերին ու գործառույթներին, կառույցի տեխնիկական հագեցվածությանը, հետևել է անձնակազմի աշխատանքին։ ՏԿԵ նախարարն այնուհետև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի և ոլորտի մյուս պատասխանատուների ուղեկցությամբ ճանաչողական շրջայց է կատարել ժամանման, մեկնման սրահներում, ուղևորների նստեցման և սպասարկման հարակից գոտիներում, ծանոթացել է նաև օդանավակայանի անվտանգության կառավարման կենտրոնի աշխատանքին։ «Մարսելո Վենդեն նախարար Գնել Սանոսյանին ներկայացրել է օդանավակայանի ուղևորահոսքերի սպասարկման և դրանց ծավալների ավելացման ուղղությամբ ընկերության կողմից իրականացվող և նախատեսվող աշխատանքները, ինչպես նաև տեղեկացրել է կորոնավիրուսային համավարակի հետևանքով ուղևորների սպասարկման կազմակերպման դժվարությունների մասին։ Մարսելո Վենդեն և ՀՀ ՏԿԵ նախարարը, մասնավորապես, անդրադարձել են օդանավակայանի սպասարկած ուղևորահոսքերի հեռանկարային աճի պայմաններում օդանավակայանի սպասարկման սրահների ընդլայնման և համապատասխան ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտության և այդ ուղղությամբ ոլորտի պետական գերատեսչության ու օդանավակայանի կառավարիչի միջև հետագա գործակցության վերաբերյալ հարցերին»,- հայտնում են ՏԿԵ նախարարությունից։ Շրջայցի ավարտին Գնել Սանոսյանը այցելել է «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենք, որտեղ քննարկվել է պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցի պահպանման և հնարավոր օգտագործման տարբերակների, ինչպես նաև օդանավակայանի զարգացման համար ենթակառուցվածքների հետագա ընդլայնման հնարավորությունների ուղղությամբ հավասարակշռված լուծումներ գտնելու հարցը։
19:39 - 13 օգոստոսի, 2021
Ապաշրջափակման դեպքում երկաթուղին անցնելու է Նախիջևանով և Մեղրիով․ Գնել Սանոսյան |hetq.am|

Ապաշրջափակման դեպքում երկաթուղին անցնելու է Նախիջևանով և Մեղրիով․ Գնել Սանոսյան |hetq.am|

hetq.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է նոր ենթակառուցվածքների կառուցման մասին՝ նշելով, որ ապաշրջափակումը վերաբերում է թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին։ «Երկուսն էլ համաչափ կերպով պետք է ապաշրջափակեն տրանսպորտային ուղիները, և սկսվի հաղորդակցություն, որից կշահենք ոչ միայն մենք, այլ նաև տարածաշրջանի մեր հարևան երկրները»,- ասել է նա։ Նախարարի խոսքով՝ ենթադրաբար, երկաթուղին անցնելու է նախկին ցանցի նույն ուղիով․ «Բոլորիս հայտնի է՝ երկաթուղին անցնում էր Նախիջևանով, Մեղրիով, և եթե որոշում կայացվի, որ երկաթուղին պետք է շահագործել, ուրեմն այդ ուղղությունը պետք է վերականգնել և աշխատել։ Իջևանի ուղղությամբ սովետական տարիներին երկաթուղի եղել է։ Ենթադրաբար, երբ տարածաշրջանում խաղաղություն լինի և կարողանանք ամբողջովին ապաշրջափակել, կարծում եմ՝ նաև տնտեսապես ձեռնտու կլինի այդ ուղղությունն էլ աշխատեցնել»,- հայտնել է Գնել Սանոսյանը։ Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։
14:26 - 12 օգոստոսի, 2021
Գնել Սանոսյանն ու Ասեթ Ասավբաևը քննարկել են Հայաստանի և տարածաշրջանային երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության զարգացման հնարավորությունները

Գնել Սանոսյանն ու Ասեթ Ասավբաևը քննարկել են Հայաստանի և տարածաշրջանային երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող «ՏՐԱՍԵԿԱ» (Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցք) Միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ասեթ Ասավբաևին։  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում եմ, որ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ, «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի Մշտական քարտուղարությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ (ազգային քարտուղար) Արմեն Սիմոնյանը։ Ողջունելով հյուրին՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը համոզմունք է հայտնել, որ «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի շրջանակներում առկա են տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության հետագա զարգացման լավ հնարավորություններ և ընդգծել է դրանք իրացնելու գարծում Հայաստանի պատրաստակամությունը։  «ՏՐԱՍԵԿԱ»-ի գլխավոր քարտուղար Ասեթ Ասավբաևը, շնորհավորելով Գնել Սանոսյանին ՀՀ ՏԿԵ նախարարի պաշտոնը ստանձնելու առիթով, ներկայացրել է Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրի առաջնահերթություններն ու ընթացիկ և նախատեսվող ծրագրերը։ Ասեթ Ասավբաևը մասնավորապես անդրադարձել է «ՏՐԱՍԵԿԱ»-ին անդամակցող երկրներում տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպման թվայնացված համալիր հարթակի և միասնական տարանցիկ թույլտվությունների համակարգի ներդրման, մի շարք տեխնիկական ստանդարտների միասնականացման, սահմանահատումների ընթացակարգերի պարզեցման նախաձեռնություններին, որոնք միտված են փոխադրումների գործընթացի դյուրացմանը և ինքնարժեքի նվազեցմանը, ինչպես նաև միջանցքի ծրագրի ընդհանուր արդյունավետության և գրավչության մեծացմանը։ Կառույցի ղեկավարը ներկայացրել է նաև «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի և Եվրոպական միության համագործակցության շրջանակում իրականացված ներդրումային և ինստիտուցիոնալ ու տեխնիկական աջակցության ծրագրերը։ Հանդիպման ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարարը և «ՏՐԱՍԵԿԱ» ՄԿՀ գլխավոր քարտուղարը քննարկել են Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրի շրջանակներում Հայաստանի և տարածաշրջանային երկրների, այդ թվում նաև Կենտրոնական Ասիայի երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության զարգացման համատեքստում տարածաշրջանային տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները։ Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում կայացել է նաև «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի Միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ասեթ Ասավբաևի և ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ, «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի Մշտական քարտուղարությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ (ազգային քարտուղար) Արմեն Սիմոնյանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի շրջանակներում կառույցի և Հայաստանի՝ որպես դրա անդամ երկրի, համագործակցության հետագա ընդլայնմանը, «ՏՐԱՍԵԿԱ»-ի զարգացման նախաձեռնություններին Հայաստանի մասնակցությանն առնչվող հարցեր։ Արմեն Սիմոնյանը անդրադարձել է նաև՝ մի կողմից «ՏՐԱՍԵԿԱ»-ի երկրների ու Հայաստանի, մյուս կողմից՝ Հայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների միջև տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպման որոշ ընթացակարգերի և մեխանիզմների համադրման հնարավորության հարցերին։Ասեթ Ասավբաևը բարձր է գնահատել Արմեն Սիմոնյանի ջանքերը և ներդրումը «ՏՐԱՍԵԿԱ»-ի նախաձեռնությունների շրջանակներում Հայաստանի արդյունավետ մասնակցության գործում։ Արմեն Սիմոնյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Ասեթ Ասավբաևին կառույցի ղեկավարումը ստանձնելուց ի վեր Հայաստանի և «ՏՐԱՍԵԿԱ»-ի փոխգործակցության հարցերում կառուցողական և պատրաստակամ մոտեցման համար։
11:32 - 12 օգոստոսի, 2021
Մեր ճանապարհը մարդկային, ֆինանսական ռեսուրսների բարձրացումն է. վարչապետը ներկայացրել է ՏԿԵ նախարարին

Մեր ճանապարհը մարդկային, ֆինանսական ռեսուրսների բարձրացումն է. վարչապետը ներկայացրել է ՏԿԵ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Գնել Սանոսյանին:    Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սուրեն Պապիկյանին՝ նախարարի պաշտոնում կատարած արդյունավետ աշխատանքի համար և նշել. «Իհարկե, նաև այդ աշխատանքի արտահայտությունն է, որ պարոն Պապիկյանը նշանակվել է փոխվարչապետ և իր գործունեությունը շարունակելու է այդ կարգավիճակով: Եվ, իհարկե, այս բերումով շարունակելու է ուղիղ առնչություն ունենալ ոլորտի հետ»: Վարչապետը շնորհավորել է Գնել Սանոսյանին նախարարի պաշտոնում նշանակվելու առիթով և շնորհակալություն հայտնել Գեղարքունիքի մարզպետի կարգավիճակում իր կատարած աշխատանքի համար: Նշելով, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կառավարության ամենամեծ, խոշոր օղակներից է և անդրադառնալով 2019թ. կառավարության կառուցվածքում իրականացված բարեփոխումներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր բարեփոխումների նպատակը կառավարման համակարգն ավելի արդյունավետ դարձնելն էր, որովհետև կարծում էինք, որ շատ նախարարություններում, գերատեսչություններում կա գործառութային անարդյունավետություն և բեռնվածություն: Մեր նպատակադրումը հետևյալն էր, որ նախարարությունների միավորման միջոցով հասնենք ավելի մեծ արդյունավետության՝ մարդկային ռեսուրսների, ֆինանսների կառավարման և այդպես շարունակ»: Վարչապետի խոսքով՝ այդ որոշումները պահի տակ կայացված որոշումներ չեն. «Իհարկե, ես չեմ ասում, որ այդ որոշումները կատարյալ են, և այդտեղ լավարկման ինչ-որ գործընթացներ չեն կարող տեղի ունենալ: Բայց, ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ բոլորս գիտակցում ենք, որ պետք է առաջ գնանք և հետ գնալու ճանապարհ չկա: Այն, ինչի համար այդ գործընթացն սկսել ենք, պետք է ուղղակի իր լրումին հասցնել. մարդկային ռեսուրսի, ֆինանսական ռեսուրսի, գործառութային արդյունավետության բարձրացումն է մեր ճանապարհը, և պետք է շարունակենք գնալ այդ ճանապարհով»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սուրեն Պապիկյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս երեք տարիների ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնն իրեն վստահելու համար: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել գործընկերներին համատեղ աշխատանքի համար, որովհետև երեք տարիների ընթացքում նոր նախարարության ձևավորման ընթացքում համատեղ հսկայական աշխատանք ենք կատարել: Ունենք լավ արդյունքներ, ունենք նաև որոշակի թերացումներ, որոնցից պիտի դասեր քաղենք»,-նշել է Սուրեն Պապիկյանը: Նա հաջողություն է մաղթել Գնել Սանոսյանին պատասխանատու գործում: Նշելով, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը  երկրի ամենակարևոր հենասյուներից է, և, «մեր գրեթե ամենակարևոր արյունատար անոթներն անցնում են այս նախարարության համակարգման ներքո»՝ Սուրեն Պապիկյանն իր  պատրաստակամությունն է հայտնել ի պաշտոնե ամեն հարցում աջակից ու հենարան լինել: «Պարոն վարչապետ, Ձեր թույլտվությամբ, կշարունակենք նախարարության զարգացման այն միտումները, որ մեր առջև դրել ենք, որպեսզի կարողանանք երկրի ապագան օր առաջ ավելի լավը դարձնել»,-նշել է նա: Գնել Սանոսյանն ընդգծել է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հսկայական դերակատարում ունի: Նրա խոսքով, նաև աշխատանքների ծավալը շատ է մեծացել՝ կապված հետպատերազմյան և այլ իրավիճակներով: Ըստ Գնել Սանոսյանի, մյուս կողմից՝ Սուրեն Պապիկյանը շատ բարձր նշաձող է սահմանել, անձնակազմը հսկայածավալ աշխատանք է արել, և գործընկերների հետ փորձելու են նախ այդ տեմպը պահել և նոր առաջ եկած մարտահրավերներին դիմակայել ու լուծումներ տալ: Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ այս ծանր, բարդ շրջանում նման բարձր պաշտոն վստահելու համար և հավաստիացրել, որ ճանաչելով անձնակազմին ու աշխատանքի բերումով ոլորտին ծանոթ լինելով, արագ կանցնեն աշխատանքային պրոցեսի և իրենց առջև դրված խնդիրները համատեղ կլուծեն: 
15:54 - 04 օգոստոսի, 2021
Մարզպետները 2020 թվականին ստացել են նույնչափ պարգևավճարներ, որքան 2019 թվականին

Մարզպետները 2020 թվականին ստացել են նույնչափ պարգևավճարներ, որքան 2019 թվականին

Պաշտոնատար անձանց աշխատավարձը սահմանվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով, համաձայն որի՝ սահմանվել է պաշտոնատար անձանց աշխատավարձի հաշվարկման մեխանիզմ։ Ըստ այդ մեխանիզմի՝ պաշտոնյայի հիմնական աշխատավարձը օրենքով նախատեսված գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալն է։ Տարբեր պաշտոնների համար սահմանված գործակիցներին կարող եք ծանոթանալ ուսումնասիրելով օրենքի հավելվածները, իսկ բազային աշխատավարձն ամեն տարի սահմանվում է «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով։ 2020 թվականին այն սահմանվել է 66,140 ՀՀ դրամ։ 2020 թվականը մեկնարկեց կորոնավիրուսային համավարակով, որին զուգորդեց 44-օրյա պատերազմը։ 2020 թվականի ընթացքում տարբեր գերատեսչություններ հրաժարվեցին իրենց հատկացվող պարգևավճարներից կամ այն փոխանցեցին պետական ֆոնդերի։ Պատգամավորները 2019 թվականի համեմատությամբ նվազեցրին իրենց հատկացվող պարգևավճարները։ Ինֆոքոմն ուսումնասիրել է մարզպետների հայտարարագրերը՝ պարզելու՝ արդյոք նրանք 2020 թվականի ընթացքում ստացել են նույնչափ պարգևավճարներ, թե ոչ։ Ինչպես արդեն նշեցինք, հիմնական աշխատավարձը բազային աշխատավարձի և գործակցի արտադրյալն է։ Համաձայն այս հաշվարկման մեխանիզմի՝ մարզպետների աշխատավարձը 661,400 դրամ է, որի մեջ ներառված են հարկերը։ Աշխատավարձի հաշվիչի համաձայն՝ մարզպետների մաքուր աշխատավարձը, որում ներառված չեն հարկերը, կազմում է շուրջ 474,000 դրամ։  Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մարզպետ է նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 16-ին։ Վերջինիս ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 2019 թվականին ստացել է 12 մլն 79 հազար դրամ աշխատավարձ։ Եթե վերցնենք միջին ցուցանիշը, ապա Գևորգյանն ամսական ստացել է 1 մլն 6 հազար դրամ աշխատավարձ։ Նրա ստացած ամսական եկամուտը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 532 հազար դրամով։ Այսինքն՝ Գևորգյանը 2019 թվականին ամսական ստացել է 532 հազար դրամ պարգևավճար, որը նրա ամսական հիմնական աշխատավարձի 112%-ն է։ 2020 թվականին մարզպետ Դավիթ Գևորգյանը ստացել է 10 մլն 522 հազար դրամ աշխատավարձ, որն ամիսների վերածած կազմում է ամսական 877 հազար դրամ։ 2020 թվականին նրա ստացած ամսական եկամուտը, որը ներառում է նաև պարգևավճարները, նրա հիմնական աշխատավարձից ավելի է 403 հազար դրամով։ Այսինքն՝ Գևորգյանը 2020 թվականին ամսական ստացել է 403 հազար դրամ պարգևավճար, որը նրա ամսական հիմնական աշխատավարձի 85%-ն է։ Երկու տարիների վիճակագրությունները համեմատելիս պարզ է դառնում, որ 2020 թվականին Արագածոտնի մարզպետը չի հրաժարվել իրեն պարգևատրելուց և 2019-ի համեմատությամբ գրեթե նույն չափ պարգևավճար է ստացել։  Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը պաշտոնը ստանձնել է 2020 թվականի դեկտեմբերի 10-ին, հետևաբար կդիտարկենք նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի ներկայացրած հայտարարագիրը։ Սարգսյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հունիսի 1-ին։ 2018 թվականին 7 ամիսների ընթացքում Գարիկ Սարգսյանն ստացել է 3 մլն 530 հազար դրամ աշխատավարձ, որը ամիսների վերածած կազմում է 504 հազար դրամ։  2019 թվականին Սարգսյանն ստացել է 11 մլն 614 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև ստացած պարգևավճարները։ Եթե վերցնենք միջին ցուցանիշը, ապա Սարգսյանի ամսական եկամուտը կազմել է 968 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 494 հազարով։ Այսինքն՝ 2019 թվականին Սարգսյանն ամսական կտրվածքով ստացել է 494 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 104,2%-ն է։ 2020 թվականին Սարգսյանն ստացել է 12 մլն 217 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև ստացած պարգևավճարները։ Եթե վերցնենք միջին ցուցանիշը, ապա Սարգսյանի ամսական եկամուտը կազմել է 1 մլն 18 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 544 հազարով։ Այսինքն՝ 2020 թվականին Սարգսյանն ամսական կտրվածքով ստացել է 544 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 114,7%-ն է։ Ստացվում է, որ Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը 2020-ին 2019-ի համեմատությամբ ավելի շատ պարգևավճար է ստացել։  Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 16-ին։ 2019 թվականին Մաթևոսյանը Արմավիրի մարզպետարանից ստացել է 10 մլն 754 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են պարգևավճարները։ Նրա ստացած աշխատավարձը ամսական միջին ցուցանիշով կազմում է 896 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատվարձից ավելի է 422 հազար դրամով։ Այսինքն՝ Արմավիրի մարզպետը ամսական ստացել է 422 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 89%-ի չափով է։ 2020 թվականին Մաթևոսյանն ստացել է 10 մլն 324 հազար դրամ աշխատավարձ, որը գրեթե հավասար է 2019 թվականին ստացած աշխատավարձի չափին։ Ամսական միջին ցուցանիշով 2020 թվականին Մաթևոսյանի աշխատավարձը, որում ներառված են նաև պարգևավճարները, կազմել է 860 հազար դրամ։ Սա Մաթևոսյանի հիմնական աշխատավարձից ավելի է 408 հազար դրամով, այսինքն՝ հենց այսքան է կազմել մարզպետի ամսական ստացած պարգևավճարը։ Արմավիրի մարզպետի ստացած պարգևավճարը նրա հիմնական աշխատավարձի 86%-ն է։ 2019 և 2020 թվականների եկամուտները համեմատելիս ակնհայտ է, որ երկու տարիներին էլ դրանք միմյանց գրեթե հավասար են եղել։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին։ 2019 թվականին Սանոսյանի աշխատավարձը կազմել է 10 մլն 801 հազար դրամ, որում ներառված են նաև ստացած պարգևավճարները։ Եթե վերցնենք ամսական միջին ցուցանիշը, ապա Սանոսյանի ամսական եկամուտը եղել է 900 հազար դրամ։ Սա նրա հիմնական աշխատավարձից ավելի է 426 հազար դրամով։ Այսինքն՝ Սանոսյանն ամսական կտրվածքով ստացել է 426 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 89,8%-ն ։ 2020 թվականին Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետարանից ստացել է 10 մլն 672 հազար դրամ աշխատավարձ, որն ամիսների վերածած կազմում է 889 հազար դրամ։ Սա Սանոսյանի հիմնական աշխատավարձից ավելի է 415 հազար դրամով, որը հենց ստացած պարգևավճարն է։ Սանոսյանի ստացած պարգևավճարները 2020 թվականին կազմել է նրա հիմնական աշխատավարձի 87,5%-ը։ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի դեկտեմբերի 17-ին, հետևաբար 2019 և 2020 թվականների աշխատավարձերի և պարգևավճարների համեմատությունն անելու համար կդիտարկենք Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հայտարարագրերը։ Ղուկասյանը Լոռու մարզի մարզպետի պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին։ 2019 թվականին Ղուկասյանի աշխատավարձը և ստացած պարգևավճարները միասին կազմում են 11 մլն 150 հազար։ Եթե վերցնենք ամսական միջին ցուցանիշը, ապա Ղուկասյանը 2019 թվականին ամսական ստացել է 929 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 455 հազար դրամով։ Այսինքն՝ ամսական կտրվածքով Ղուկասյանը ստացել է 455 հազար դրամ պարգևավճար։ Ղուկասյանը 2019 թվականին ստացել է հիմնական աշխատավարձի 95,9%-ի չափով պարգևավճար։ 2020 թվականին Անդրեյ Ղուկասյանը մարզպետի պաշտոնում ստացել է 11 մլն 302 հազար դրամ աշխատավարձ, որը ամսական կազմում է 942 հազար դրամ։ Սա նրա աշխատավարձից ավելի է 468 հազար դրամով։ Այսինքն՝ Ղուկասյանը 2020 թվականին ամսական միջին ցուցանիշով ստացել է 468 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 98,7%-ն է։  Համեմատելով մարզպետի 2020 և 2019 թվականների աշխատավարձերը՝ տեսնում ենք, որ 2020 թվականին ստացած պարգևավճարները չեն զիջում 2019-ին ստացածին։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը պաշտոնը ստանձնել է 2021 թվականի մայիսի 27-ին։ Նրանից առաջ Կոտայքի մարզպետը Մեսրոպ Առաքելյանն էր, որին նախորդել է Ռոմանոս Պետրոսյանը։ Հասկանալու համար, թե 2019 և 2020 թվականներին որքան աշխատավարձ և պարգևավճար են ստացել Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնող անձինք՝ դիտարկենք Ռոմանոս Պետրոսյանի և Մեսրոպ Առաքելյանի ներկայացրած հայտարարագրերը։  Այսպես՝ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի հունիսի 1-ին։ 2018 թվականի 7 ամիսների ընթացքում Պետրոսյանն ստացել է 3 մլն 396 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև նրա ստացած պարգևավճարները։ Այս գումարը ամիսների վերածած կազմում է 485 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձի չափով է։  2019 թվականին Պետրոսյանն ստացել է 11 մլն 522 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նրա ստացած պարգևավճարները։ Ամիսների միջին ցուցանիշով Պետրոսյանն ստացել է 960 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 486 հազար դրամով։ Այսինքն՝ 2019 թվականին Պետրոսյանն ամսական միջինում ստացել է 486 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 102,5%-ն է։ 2020 թվականին Պետրոսյանը պաշտոնավարել է մինչև հուլիսի 30-ը։ Այս 7 ամիսների ընթացքում Պետրոսյանն ստացել է 8 մլն 308 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև ստացած պարգևավճարները։ Նրա ստացած աշխատավարձը ամսական կազմում է 1 մլն 187 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 713 հազար դրամով։ Մեսրոպ Առաքելյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է նոյեմբերի 26-ին և մինչև տարեվերջ՝ մեկ ամսվա համար ստացել է 985 հազար դրամ աշխատավարձ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 511 հազարով։ Ընդհանուր՝ երկու մարզպետները 2020 թվականի 8 ամիսների ընթացքում ստացել են 9 մլն 293 հազար դրամ, որը ամիսների վերածած կազմում է ամսական 1 մլն 161 հազար։ Սա նրանց հիմնական աշխատավարձից ավելի է 687 հազար դրամով։ Այսինքն՝ հենց այսքան ամսական միջին պարգևավճար են ստացել Կոտայքի մարզպետները, որը նրանց հիմնական աշխատավարձի 145%-ն է։ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը 2018 թվականի հեղափոխությունից հետո երրորդ մարզպետն է։ Նրանից առաջ Շիրակի մարզպետը Տիգրան Պետրոսյանն էր։ Վերջինս մարզպետ է նշանակվել 2019 թվականի փետրվարի 12-ին։ Պետրոսյանը 2019 թվականի ընթացքում մարզպետարանից ստացել է 7 մլն 565 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև նրա ստացած պարգևավճարները։ Միջին ամսական կտրվածքով նրա աշխատավարձը կազմել է 720 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 246 հազար դրամով։ Այսինքն՝ Պետրոսյանը 2019 թվականին ամսական միջինը ստացել է 246 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 51,9%-ն է։ 2020 թվականին Հարությունյանն ստացել է 9 մլն 984 հազար դրամ աշխատավարձ, որն ամիսների բաժանած կազմում է ամսական 832 հազար դրամ։ Սա նրա հիմնական աշխատավարձից ավելի է 358 հազար դրամով։ Այսինքն 2020 թվականի ընթացքում Հարությունյանն ամսական միջինը ստացել է 358 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 75,5%-ն է։ Ինչպես տեսնում ենք երկու տարիների համեմատությունից, 2020 թվականին Շիրակի մարզպետի պաշտոնում ավելի շատ են պարգևավճար ստացել, քան 2019 թվականին։ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի դեկտեմբերի 9-ին։ Մինչ այդ մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանն էր։ 2019 թվականին Պողոսյանը Սյունիքի մարզպետարանից ստացել է 10 մլն 166 հազար դրամ աշխատավարձ, որն ամիսների բաժանած կազմում է ամսական 847 հազար դրամ։ Սա նրա հիմնական աշխատավարձից ավելի է 373 հազար դրամով, որը նրա աշխատավարձի 78,7%-ն է։ 2020 թվականին Պողոսյանն ստացել է 10 մլն 808 հազար դրամ աշխատավարձ, որն ամիսների բաժանած կազմում է 982 հազար դրամ։ Ամսական այս աշխատավարձը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 508 հազար դրամով։ Այսինքն՝ 2020 թվականի ընթացքում Պողոսյանն ամսական միջինը 508 հազար դրամ պարգևավճար է ստացել, որը նրա հիմնական աշխատավարձի 107%-ն է։ Ստացվում է, որ 2020 թվականին պարգևավճարի չափը ոչ միայն չի պակասել, այլ ավելացել է։ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը պաշտոնն ստանձնել է 2019 թվականի հոկտեմբերի 30-ին։ 2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար վերջինս ստացել է 1 մլն 800 հազար դրամ աշխատավարձ, այսինքն՝ ամսական 900 հազար դրամ։ Մինչև Գրիգորյանի պաշտոնավարումը Վայոց ձորի մարզպետը Տրդատ Սարգսյանն էր։ Վերջինս 2019 թվականի ընթացքում պաշտոնավարել է 9 ամիս 10 օր։ Այդ ընթացքում Սարգսյանն ստացել է 9 մլն 633 հազար դրամ աշխատավարձ, այսինքն՝ ամսական 1 մլն 36 հազար դրամ։ Ընդհանուր առմամբ 2019 թվականին Վայոց ձորի մարզպետի պաշտոնը զբաղեցնող երկու մարզպետերն ստացել են 11 մլն 433 հազար դրամ աշխատավարձ, որն ամսական կազմում է 1 մլն 12 հազար դրամ։ Այսինքն՝ ամսական միջին ցուցանիշով մարզպետները ստացել են 538 հազար դրամ պարգևավճար, որը նրանց հիմնական աշխատավարձի 113,5%-ն է։ 2020 թվականին Գրիգորյանը Վայոց ձերի մարզպետարանից ստացել է 11 մլն 334 հազար դրամ աշխատավարձ, որն ամսական կազմում է 944 հազար դրամ։ Սա նրա հիմնական աշխատավարձից ավելի է 470 հազար դրամով, այսինքն՝ Գրիգորյանը 2020 թվականի ընթացքում ամսական ստացել է միջինը 470 հազար դրամ պարգևավճար, ինչը նրա հիմնական աշխատավարձի 99,1%-ն է։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը պաշտոնը ստանձնել է 2021 թվականի ապրիլի 8-ից, մինչ այդ Տավուշի մարզպետը Հայկ Չոբանյանն էր։ Վերջինս պաշտոնը ստանձնել է 2019 թվականի փետրվարի 6-ին։ 2019-ի թվականի պաշտոնավարման ընթացքում վերջինս ստացել է 9 մլն 236 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև պարգևավճարները։ Ամսական կտրվածքով Չոբանյանի ստացած աշխատավարձը կազմել է 840 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 366 հազար դրամով։ Այսինքն՝ Չոբանյանը 2019 թվականի ընթացքում ամսական կտրվածքով ստացել է 366 հազար դրամի պարգևավճար, ինչը նրա հիմնական աշխատավարձի 77,2%-ն է։ Չոբանյանը չի ներկայացրել 2020 թվականի տարեկան հայտարարագիրը, հետևաբար չենք կարող համեմատել և իմանալ, թե որքան աշխատավարձ և պարգևավճար է ստացել վերջինս 2020 թվականի ընթացքում։ Ընդհանուր առմամբ ուսումնասիրելով բոլոր մարզպետների 2019 և 2020 թվականների հայտարարագրերը՝ պարզ է դառնում, որ 2020 թվականի ընթացքում, թեև շատ գերատեսչություններ և պաշտոնյաներ հրաժարվում էին իրենց պարգևավճարներից, մարզպետները ամենևին չեն հրաժարվել և որոշ դեպքերում նույնիսկ չեն էլ պակասեցրել իրենց ստացած պարգևավճարները։ Բացի այդ՝ մարզպետները իրենց ստացած պարգևավճարները որևէ հիմնադրամների փոխանցելու մասին հայտարարություններ չեն արել։ Նարեկ մարտիրոսյան
14:46 - 22 հուլիսի, 2021
Ռուս զինվորականների մի մասն արդեն Գեղարքունիքի մարզում է, նրանք կտեղակայվեն սահմանի երկայնքով. Սանոսյան |armtimes.com|

Ռուս զինվորականների մի մասն արդեն Գեղարքունիքի մարզում է, նրանք կտեղակայվեն սահմանի երկայնքով. Սանոսյան |armtimes.com|

armtimes.com: Համատեղ պրոցես է գնում, որի արդյունքում ռուսական կողմի զինվորականները որոշակի փուլից հետո կտեղակայվեն սահմանի երկայնքով: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեղ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Սանոսյանի խոսքով՝ նրանց մի մասն արդեն մարզում է. «Ադրբեջանական զինված ուժերը դուրս կբերվեն այդ հատվածներից, որից հետո մնացած բանակցային պրոցեսը կգնա, եւ որոշակի հատվածներում ճշգրտումներ կարվեն»:   Խոսելով սահմանային վիճակի մասին՝ մարզպետն ասաց, որ մեծ առումով սահմանային վիճակում փոփոխություններ չկան, բացառությամբ պարբերաբար գրանցվող որոշակի միջադեպերի. «Նման միջադեպ նաեւ օրերս ունեցանք, որի արդյունքում թեթեւ վիրավորում ստացած զինվորական ունեցանք»: Սանոսյանն ասաց, որ այս պահին վիճակը կայուն է: 
14:44 - 07 հուլիսի, 2021
Վարդենիս քաղաքում սուբվենցիոն ծրագրերով կհիմնանորոգվի երեք փողոց

Վարդենիս քաղաքում սուբվենցիոն ծրագրերով կհիմնանորոգվի երեք փողոց

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կասֆալտապատվեն Ռոման եւ Խ․ Ստեփանյան փողոցները, միակողմանի մայթ կկառուցվի Վիկտոր Համբարձումյան փողոցում։ Սուբվենցիոն երեք ծրագրերը հաստատվել են Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 16-ի նիստում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Ռոման փողոցի ասֆալտապատման եւ կահավորման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 30 միլիոն 576 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 13 միլիոն 759 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 16 միլիոն 817 հազար դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում կասֆալտապատվի 360 գծամետր ճանապարհ՝ 3729 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։Խ․ Ստեփանյան փողոցի ասֆալտապատման, միակողմանի մայթի կառուցման եւ կահավորման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 82 միլիոն 178 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 36 միլիոն 980 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 45 միլիոն 198 հազար դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում կասֆալտապատվի 697 գծամետր երկարության ճանապարհ, կկառուցվի նույնքան երկարության միակողմանի մայթ, ասֆալտապատվող մակերսը կկազմի 5837 քառակուսի մետր մակերես։ Վիկտոր Համբարձումյան փողոցի միակողմանի մայթի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 88 միլիոն 196 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 39 միլիոն 688 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 48 միլիոն 508 հազար դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում մայթ կկառուցվի 1498 գծամետր երկարությամբ, ասֆալտապատվող մակերեսը կկազմի 4085 քառակուսի մետր։ Շինարարական աշխատանքների մրցույթները կհայտարարվեն առաջիկայում։
15:47 - 26 հունիսի, 2021
Ռուս դիրքապահները կտեղակայվեն Գեղարքունիքում․ և՛ թշնամին է զորքը հետ քաշելու, և՛ մենք |24news.am|

Ռուս դիրքապահները կտեղակայվեն Գեղարքունիքում․ և՛ թշնամին է զորքը հետ քաշելու, և՛ մենք |24news.am|

24news.am: Գեղարքունիքի մարզում սահմանային իրավիճակը դեռևս նույնն է, բայց եռակողմ համատեղ աշխատանք է տարվում: Այս մասին այսօր ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ «Մոտ օրերս կունենանք փոփոխություններ՝ այն առումով, որ ռուս գործընկերներն իրենց ներկայությունը կհաստատեն այնտեղ, որոշակի գործընթացը կշարունակվի», - ասաց նա:  Ճշտող հարցին՝ արդյո՞ք երկու կողմն էլ հետ պիտի քաշվեն, Սանոսյանը պատասխանել է. «Համատեղ՝ և մերոնք, և նրանք»: Նա նշել է, որ ինքը չի բանակցում, ուղղակի տեղեկություններ ունի, կան եռակողմ բանակցություններ, կա պրոցես, որ մարզում տեղի է ունենում վերջին առնվազն 20 օրվա ընթացքում:  Դիտարկմանը, թե հարցի այս լուծման հետ կապված դժգոհություններ կան` ինչո՞ւ պետք է մենք մեր հողում հետ քաշվենք, Սանոսյանն արձագանքել է. «Սա բավական լավ լուծում է՝ եղած պայթյունավտանգ իրավիճակին համահունչ, որ չունենանք ծեծկռտուք, կրակոցներ, միջադեպեր: Երկու կողմն էլ հետ կքաշվեն, սահմանին կայունություն կունենանք, որից հետո մնացած գործընթացները կշարունակվեն»:
21:38 - 21 հունիսի, 2021
Հակառակորդը, առաջնորդվելով նոյեմբերի 9-ի համաձայնագրով, սահմանային ճշգրտման աշխատանքներ է իրականացրել Վարդենիսի հատվածում, ապա փորձել դիրքային առաջխաղացում ապահովել. մարզպետ

Հակառակորդը, առաջնորդվելով նոյեմբերի 9-ի համաձայնագրով, սահմանային ճշգրտման աշխատանքներ է իրականացրել Վարդենիսի հատվածում, ապա փորձել դիրքային առաջխաղացում ապահովել. մարզպետ

Մայիսի 12-ին հակառակորդը, առաջնորդվելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով, սահմանային ճշգրտման աշխատանքներ է իրականացրել Վարդենիսի տարածաշրջանի այն հատվածներում, որտեղ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չէր հասցրել իրականացնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Նշված աշխատանքները, նույն հատվածներում, շարունակվել են մայիսի 13-ին: Սակայն օրվա երկրորդ կեսին, ադրբեջանական զինված ուժերը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի սահմանային որոշ հատվածներում։ Ինչպես նշված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ՝ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ»,- գրել է մարզպետը։
21:50 - 13 մայիսի, 2021
ՀՀ պետական սահմանը պահպանվել է․ Սանոսյանը Գեղարքունիքի մարզից մանրամասներ է հայտնում |armtimes.com|

ՀՀ պետական սահմանը պահպանվել է․ Սանոսյանը Գեղարքունիքի մարզից մանրամասներ է հայտնում |armtimes.com|

armtimes.com: Սահմանագծի փոփոխությունից հետո Գեղարքունիքում կան վայրեր, որտեղ բնակլիմայական պայմանները շատ բարդ են, և որոշ հատվածներում հակառակորդը տեղակայման պրոցես չէր արել, հիմա եղանակային պայմանները փոխվել են, տեղակայման պրոցես են անում։ Այսօր Կառավարության նիստից առաջ հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ «Հայաստանի պետական սահմանը պահպանվել է՝ մեկ-երկու տեղ լանջով սահմանագիծ կար, որը մերոնք պնդում էին, որ պետք է այդ հատվածից ներս նստեն, որն ընթացքում կարգավորվեց: Երեկ ես եղել եմ Վերին Շորժայում, եղել եմ այն հատվածում, որտեղ այդ աշխատանքներն են, և մեր Զինված ուժերը աշխատում է, քարտեզները կան, սա այն նույն պրոցեսն է, որը կար նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին»,- նշեց Սանոսյանը։ Մարզպետը վստահեցրեց, որ մարզում այս պահին սահմանների հետ կապված խնդիր չկա, իրավիճակը Սյունիքի հետ համեմատելի չէ, իսկ բնակիչների անհանգստությունը, ըստ մարզպետի, ավելի շատ տարածվող կեղծ լուրերի հետևանք է։ «Ես երեկ մի քանի ժամ եղել եմ Վերին Շորժայում, հեց այդ հատվածում, որտեղ այդ աշխատանքներն են տարվում։ Մեր զինված ուժերը ներկա են, քարտզները կան։ Սա այն նույն պրոցեսն է, որը կար նոյեմբեր–դեկտեմբերին»։ Հարցին, թե բնակիչներին, կարո՞ղ եք ասել, որ վիճակն անվտանգ է՝ լարվածություն, ագրեսիա չկա, Սանոսյանը պատասխանեց. «Բնակիչները տեսել են, որ վիճակը հանգիստ է, երեկ բնակիչներից շատ մարդ կար մեզ հետ, այնտեղ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, ուղղակի բանակցում են իրար հետ՝ սահմանագիծը ճշգրտում են»: Հարցին, թե Սոթքի ոսկու հանքում ի՞նչ վիճակ է, հանքն աշխատո"ւմ է, աշխատակիցների շրջանում կրճատումներ եղա՞ն, Գեղարքունիքի մարզպետն ասաց, որ հանքն աշխատում է և մոտ 280 աշխատող կրճատվել է։ 
12:50 - 13 մայիսի, 2021
Ձմռանը հակառակորդը դիրքավորումներ չէր իրականացրել Վարդենիսի ուղղությամբ դիրքերում, հիմա դիրքավորվում են. Գեղարքունիքի մարզպետ
 |news.am|

Ձմռանը հակառակորդը դիրքավորումներ չէր իրականացրել Վարդենիսի ուղղությամբ դիրքերում, հիմա դիրքավորվում են. Գեղարքունիքի մարզպետ |news.am|

news.am: Նոյեմբերի 9-ից հետո հայկական կողմը որոշակի դիրքավորվել, տեղակայվել է, իսկ դիմացը կամ այլ հատվածներում հակառակորդը՝ ոչ։ Եղանակային պայմաններից ելնելով իրենք զորք չեն պահել այդտեղ, հիմա դա են անում, իսկ մեր Զինված ուժերն էլ ուշադիր հետեւում են, որ հանկարծ սահմանի խախտման դեպքեր տեղի չունենան։ Այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ «Վարդենիսի հարակից տարածքի բարձր լեռնային մի շարք հատվածներում ձմռան ամիսներին հակառակորդը դիրքավորումներ չէր իրականացրել։ Հիմա եղանակային պայմանները թույլ են տալիս, ձյան շերտը որոշակի հալվել է, նրանք այդ հատվածներում դիրքերի տեղակայման աշխատանքներ են իրականացնում, որին մեր Զինված ուժերի ներկայացուցիչները ներկա են, համատեղ աշխատում են, որպեսզի միջդիրքային տարածությունները չխախտվեն։ Ուրիշ բան տեղի չի ունեցել, միջադեպեր տեղի չեն ունեցել, կրակոցներ չեն եղել, մնացած ամեն ինչ հանգիստ է սահմանային այս հատվածում»,- նշեց մարզպետը։ Անդրադառնալով տեղեկություններին, թե ադրբեջանցիները մի հատվածում 300 մետր առաջ են եկել, Գնել Սանոսյանն ասաց. «Կարող է՝ որոշ հատվածներում անճշտություններ լինեն, որն էլ բանակցում, ճշտում են, տեղերը ֆիքսում են եւ տեղակայվում։ Մետրերով չեմ կարող ասել, բայց էդպիսի պրոցես է տեղի ունենում։ Իրենք մեր կողմը չեն եկել, նույնիսկ երբ որ եկել, փորձել են տեղը գտնել, եթե ինչ-որ տեղ էլ անճշտություն է եղել, մերոնց բանակցության արդյունքում վերջնական տեղերը ֆիքսվել են, եւ նրանք հաստատվել են այն տեղերում, որտեղ երկկողմանի համաձայնություն է եղել»։ Մարզպետն ասած, որ սահմանային ճշտումների գործողությունները սկսվել են այսօր առավոտյան և երկար չեն տեւի։
19:52 - 12 մայիսի, 2021