ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պետական մարմին է, որն իրականացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն։

ՀՔԾ-ն ինքնուրույն պետական մարմին է և լիազորություններն իրականացնելիս անկախ է։ ՀՔԾ պետն է Սասուն Խաչատրյանը։ 

ՀՀ քաղաքացու՝ ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու մասին հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել

ՀՀ քաղաքացու՝ ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու մասին հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու մասին հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել․ «Նախօրեին տեղեկացրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի արդյունքում ֆիքսվել են քաղաքացու նկատմամբ ոստիկանության գործողություններում ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները, որոնք ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել են ՀՀ ՀՔԾ: Նաև նշված քաղաքացուց՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործով կասկածյալ Տ. Կարապետյանից էր հաղորդում ստացվել ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ բռնություններ կատարելու վերաբերյալ, որը նույն գրությամբ ևս ուղարկվել էր ՀՀ ՀՔԾ: Նույն դեպքի առնչությամբ Տ. Կարապետյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նաև ՀՀ ՀՔԾ-ին: Դրանց հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այսօր ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ: Քրեական գործի շրջանակներում կձեռնարկվեն բոլոր միջոցները՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու դեպքի իրական և ամբողջական հանգամանքները»:
16:14 - 31 մարտի, 2020
Քաղաքացու նկատմամբ ոստիկանների գործողությունները ստուգելու համար Դատախազությունը ԶԼՄ հրապարակումներն ուղարկել է ՀՔԾ
 |armtimes.com|

Քաղաքացու նկատմամբ ոստիկանների գործողությունները ստուգելու համար Դատախազությունը ԶԼՄ հրապարակումներն ուղարկել է ՀՔԾ |armtimes.com|

armtimes.com: 28-ամյա երիտասարդի նկատմամբ ոստիկանների գործողությունների իրավաչափությունը ստուգելու համար Դատախազությունը ԶԼՄ հրապարակումները ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ Գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի արդյունքում ֆիքսվել են քաղաքացու նկատմամբ ոստիկանության գործողություններում ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները. «Վերջիններս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և այդ շրջանակներում իրական հանգամանքները պարզելու հանձնարարությամբ ուղարկվել են ՀՔԾ»: Աբրահամյանը տեղեկացրեց, որ ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ բռնություններ կատարելու վերաբերյալ նաեւ նույն քաղաքացուց է հաղորդում ստացվել, որը նույն գրությամբ ևս ուղարկվել է ՀՔԾ: ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը նշեց, որ Դատախազությունից հրապարակումները դեռեւս չեն ստացել: Ինչ վերաբերում է հանցագործության մասին հաղորդմանը, քաղաքացին այն նաեւ իրենց էր հասցեագրել: Հաղորդումը ստացել են, եւ դրա ընթացքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Հիշեցնենք, որ, ըստ Ոստիկանության, մարտի 27-ին՝ ժամը 05-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով մոտեցել են բարձր արագությամբ ընթացող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային, ներկայացել եւ վարորդից պահանջել տրամադրել փաստաթղթերը: Վարորդն ու ուղևորը ակնհայտ եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ, եւ չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրել են, հնչեցրել հայհոյանքներ: Պաշտպանական կողմը, սակայն, պնդում է, որ քաղաքացու երեխան վատ է զգացել, այդ պատճառով էլ թեեւ մի երկու բաժակ խմած է եղել, առանց փաստաթղթերի դուրս է եկել տնից, շտապել դեղատուն: Ըստ պաշտպանի՝ քաղաքացուն ծեծելով, քարշ տալով են տարել Ոստիկանություն:
20:34 - 30 մարտի, 2020
Մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու համար

Մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու համար

Ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի գնման` 2018-2019թթ-ի գործընթացներում ոստիկանության ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք: Մասնավորապես, Ա. Վ.-ն ՀՀ ոստիկանությանը պետհամարանիշերի հաշվառման համարանիշեր մատակարարած ընկերության բաժնետերերից մեկը հանդիսացող արտասահմանյան ընկերությունից իր ղեկավարած երկու ընկերությունների անվամբ 2011թ.–ից 2019թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ստացել է ընդհանուր շուրջ 3,3 միլիոն ԱՄՆ դոլար գումար, որը չի արտացոլել օրենքով սահմանված հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում և հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթերում: Այդ կերպ Ա. Վ.-ն նշված ժամանակահատվածում չի վճարել շահութահարկի և եկամտային հարկի գծով ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա առանձնապես խոշոր չափերի՝ 731 241 054 ՀՀ դրամի հարկեր /տույժ-տուգանքով՝ 1 528 073 858 ՀՀ դրամ/: Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Ա. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ինչպես արդեն տեղեկացվել է, նշված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ ոստիկանության երկու բարձրաստիճան պաշտոնատար անձանց` ՀՀ ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի մատակարարման հնարավորություն ունեցող մասնավոր երկու ընկերությունների միջև մրցակցությունը սահմանափակելու, ընկերություններից մեկի մուտքը ՀՀ շուկա խոչընդոտելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու եղանակով հակամրցակցային գործունեություն ծավալելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու համար: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:30 - 24 մարտի, 2020
Վահագն Հարությունյանն ազատ է արձակվել ՌԴ օրենսդրությամբ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով |news.am|

Վահագն Հարությունյանն ազատ է արձակվել ՌԴ օրենսդրությամբ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով |news.am|

news.am: «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության դատախազության կողմից ձերբակալումից ազատ է արձակվել՝ վերջինիս մեղսագրվող արարքի համար ՌԴ օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Այս լուրը  հաստատեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը: Մարտի 15-ին Վահագն Հարությունյանը ձերբակալվել էր ՌԴ-ում։ Երեկ Վահագն Հարությունյանի ձերբակալումը վերացվել է եւ վերջինս ՌԴ֊ի իրավապահների կողմից ազատ է արձակվել։ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 38-349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելուն հանցակցելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):      
17:51 - 17 մարտի, 2020
ԱԱԾ-ն նպատակահարմար չի համարում ծառայությունում լյուստրացիա իրականացնելը |azatutyun.am|

ԱԱԾ-ն նպատակահարմար չի համարում ծառայությունում լյուստրացիա իրականացնելը |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի Ազգային ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) նպատակահարմար չի համարում ծառայությունում լյուստրացիա իրականացնելը։  «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում մշտապես հսկողություն է իրականացվում ծառայողների կողմից ծառայողական և կատարողական կարգապահության պահպանման, ինչպես նաև նրանց՝ ՀՀ Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջների համապատասխանության նկատմամբ։ Թերություններ հայտնաբերելու դեպքում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ, ուստի ծառայությունում լյուստրացիա իրականացնելը գտնում ենք ոչ նպատակահարմար։ Միաժամանակ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ լյուստրացիա կարող է իրականացվել միայն համապատասխան օրենքի առկայության դեպքում», - նշված է ԱԱԾ պատասխանում, որը ստորագրել է ծառայության տնօրենի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ս. Հարությունյանը։ Հատուկ քննչական ծառայության մարտի 2-ին տարածած հաղորդագրության համաձայն, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ ստորաբաժանման պետին, քանի որ նա այս տարվա հունվարի 9-ին ԱԱԾ աշխատակցից առանց իրավաչափ հիմքերի պահանջել է ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստանալ ու իրեն փոխանցել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկանքը, որը պարունակել է նրա անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկություններ: Այս կապակցությամբ հարցում էր ուղարկվել ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին՝ փոխանցելով ծառայությանն ուղղված հայաստանցի իրավապաշտպանների քննադատությունը, թե Պապիկյանի հետ կապված դեպքը ևս մեկ ապացույց է, որ ԱԱԾ-ում զբաղված են տարաբնույթ քաղաքական, տնտեսական շահեր սպասարկելով և ոչ թե պետության ազգային անվտանգության ապահովմամբ, ուստի հարկավոր է ԱԱԾ-ն լյուստրացիայի ենթարկել։ Մարտիրոսյանին հղված հարցում նշված էր՝ «ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ, կո՞ղմ եք լյուստրացիային»։
15:34 - 10 մարտի, 2020
ՀՔԾ-ն քրգործ է հարուցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ

ՀՔԾ-ն քրգործ է հարուցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից ենթադրաբար պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, ըստ ձեռք բերված տվյալների, 2020 թվականի փետրվարի 24-ի երեկոյան ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տվյալ օրվա հերթափոխում ընդգրկված ծառայողը հիշյալ հիմնարկի կալանավորված անձ Վահագն Աբգարյանին  ապօրինի դուրս է բերել իր խցից և ուղեկցել մեկ այլ հարկաբաժնի խուց, որտեղ գտնվող դատապարտյալները վիճաբանել են նրա հետ և հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Կատարվում է նախաքննություն: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:04 - 06 մարտի, 2020
Երվանդ Զախարյանի և Արսեն Լալայանցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է |azatutyun.am|

Երվանդ Զախարյանի և Արսեն Լալայանցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է |azatutyun.am|

azatutyun.am: Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչը Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի և քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախիկին պետ Արսեն Լալայանցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացրել։ Այս մասին հայտնեցին ՀՔԾ-ից։ ՀՔԾ-ի պնդմամբ՝ Զախարյանը և Լալայանցը կատարել են Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով («պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների») նախատեսված հանցավոր արարքներ. «Այսինքն` նշված պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով «Հաղթանակ» զբոսայգու հողամասի մասը կազմող և պետական սեփականություն հանդիսացող, 2 միլիարդ 990 միլիոն ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող, օտարման ոչ ենթակա 10 հազար քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով, կադաստրային արժեքով` 164 միլիոն 760 հազար ՀՀ դրամով, օտարվել է մասնավոր ընկերության, և հասարակությունը հանիրավի զրկվել է ազգային զբոսայգու մի ստվար հատվածից»: Միաժամանակ, ըստ ՀՔԾ-ի, նկատի ունենալով, որ վերը նկարագրված դեպքում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, նշված անձինք դիմել են վարույթն իրականացնող մարմնին և հայտնել, որ չեն առարկում ոչ արդարացնող, այն է` վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ, ուստի ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել նշված հիմքով նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Որոշման օրինակն ուղարկվել է Գլխավոր դատախազություն` օտարված հիշյալ անշարժ գույքի գործարքներն առ ոչինչ ճանաչելու և գույքային միավորը պետության հաշվեկշիռ վերադարձնելու պետական շահերի հայց ներկայացնելու հարցը քննարկելու նպատակով: Շարունակությունը՝ azatutyun.am-ում։
11:03 - 04 մարտի, 2020
Արա Բաբլոյանի գործն ուղարկվել է դատարան |pastinfo.am|

Արա Բաբլոյանի գործն ուղարկվել է դատարան |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է։ Գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից։ «Արսեն Բաբայանի ու Բաբլոյանի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից և քրեական գործի հետ ուղարկվել է դատարան»,-ասաց Գոռ Աբրահամյանը։ Դատախազությունը երկու անգամ չի հաստատել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունը և հետ էր ուղարկել ՀՔԾ։ Փետրվարի 24-ին հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն փոփոխել է Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքները։ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Արսեն Բաբայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Վարույթն իրականացնող մարմինը նրանց վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին, և գործի նյութերը տրամադրվել են նրանց` ծանոթանալու համար։
17:18 - 03 մարտի, 2020
ՊՆ-ն այդտեղ որևէ կապ չունի. Օհանյանը չի ընդունում մեղադրանքը |24news.am|

ՊՆ-ն այդտեղ որևէ կապ չունի. Օհանյանը չի ընդունում մեղադրանքը |24news.am|

24news.am: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես կասկածյալ առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով, չի ընդունում մեղադրանքը։  «Հարցաքննվել եմ մի քանի օր առաջ։ Պաշտպանության նախարարությունն այդտեղ որևիցե կապ չունի։ Այդ մեղադրանքը չեմ ընդունում։ Դրանով զբաղվել է բացառապես Էներգետիկայի նախարարությունը»,- ասել է Օհանյանը։ Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով:
20:07 - 02 մարտի, 2020
Սեյրան Օհանյանը կասկածվում է առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու մեջ |armenpress.am|

Սեյրան Օհանյանը կասկածվում է առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու մեջ |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով: Այս մասին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2010 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես` առանց գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3,600,000,000 ՀՀ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը: Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունից 2010 թվականի դեկտեմբերի 16-ին կազմվել է ՀՀ կառավարության որոշման նախագծի առաքման վերաբերյալ գաղտնի գրություն, որը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ նույն օրն ուղարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմ: Որոշման նախագիծը գաղտնի ընթացակարգով քննարկվել է ՀՀ կառավարության նիստում և 16.12.2010թ.-ին ընդունված որոշման հիման վրա կնքված գույքի առուվաճառքի պայմանագրով «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող, պարտադիր գնահատման ենթակա՝ 4,646,400,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով ողջ գույքը, առանց պատշաճ գնահատման միջոցով շուկայական արժեքի սահմանման, «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանն է իրացվել իրական արժեքից 1,046,400,000 ՀՀ դրամ պակաս գումարով: Սեյրան Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում հանցանքի կատարմանը ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:46 - 02 մարտի, 2020
«5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի եւ Ռոբերտ Քոչարյանի աջակցի գործով նախաքննությունն ավարտվել է

«5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի եւ Ռոբերտ Քոչարյանի աջակցի գործով նախաքննությունն ավարտվել է

Սուտ ցուցմունք տալու նպատակով տուժողին կաշառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ռոբերտ Քոչարյանի մտերիմ Արմեն Թավադյանը  «Մարտի 1»-ի քրեական գործով, ինչպես նաև այդ գործից Ռ․Քոչարյանի և մյուսների վերաբերյալ անջատված և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող գործով արդարադատության իրականացմանը, դատական համակարգի նորմալ գործունեության ապահովմանն ու գործով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելու դիտավորությամբ 2019 թվականի ամռանը Վարուժան Մկրտչյանի և Ռ․Քոչարյանի այլ աջակիցների հետ ստեղծել է կազմակերպված խումբ։ Կազմակերպված խմբի առջև դրված վերը նշված նպատակներին հասնելու համար Արմեն Թավադյանի, Վարուժան Մկրտչյանի և խմբի այլ անդամների միջև նախապես ծրագրվել, փոխադարձ համաձայնեցվել է խմբի յուրաքանչյուր անդամի դերաբաշխումը: Դրանից  հետո կազմակերպված խմբի անդամ Վարուժան Մկրտչյանը, խմբի մյուս անդամների, այդ թվում` Արմեն Թավադյանի համաձայնությամբ և գիտությամբ, 2019 թվականի սեպտեմբերին Երևան քաղաքում գործող իր աշխատասենյակ է հրավիրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով տուժողին, վերջինիս առաջարկել 5 միլիոն ՀՀ դրամ կաշառք՝ նշված քրեական գործով տուժողի կարգավիճակից ու տված ցուցմունքներից հրաժարվելու և Ռոբերտ Քոչարյանի օգտին սուտ ցուցմունք տալու դիմաց: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Արմեն Թավադյանին և Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով: Վարույթն իրականացնող մարմինը, ձեռք բերված ապացույցները բավարար համարելով քրեական գործից նշված անձանց վերաբերյալ անջատված մասով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, այդ մասին հայտնել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին և քրեական գործի նյութերը տրամադրել նրանց` ծանոթանալու համար: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:44 - 28 փետրվարի, 2020
Պաշտոնատար անձանց գործողություններում առկա են եղել լիազորությունները չարաշահելու առերևույթ հանգամանքներ

Պաշտոնատար անձանց գործողություններում առկա են եղել լիազորությունները չարաշահելու առերևույթ հանգամանքներ

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կարիքների համար 2013-2017 թվականներին բնակարանների ձեռքբերման և բաշխման գործընթացների օրինականության ստուգման նպատակով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ 2017 թ․ մարտի 30-ին 10․000․000 դրամով Երևան քաղաքում գնվել է տուն, որը սակայն 2017 թ․ մայիսի 11-ի որոշմամբ, որպես նվիրատվություն, հանձնվել է ՀՀ ոստիկանությանը: Այնուհետև 2017 թ․ հունիսի 22-ին, ՀՀ ոստիկանության պետի հրամանով, հիշյալ տունը սեփականության իրավունքով հատկացվել է ընդամենը 6 օր ոստիկանության զորքերում ծառայության անցած աշխատակցուհուն։Պարզվել է, որ անշարժ գույքի ձեռքբերման և նվիրատվության ընթացքում կատարվել են մի շարք չարաշահումներ: Մասնավորապես՝ չի պահպանվել ՀՀ կառավարության 24․07․2008 թ․ թիվ 805-Ն որոշմամբ սահմանված՝ զինծառայողներին անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով բնակարաններ տրամադրելու առաջնահերթություններից երկարամյա /5 կամ 10 տարվա/ ծառայության ստաժի պահանջը, այն պայմաններում, երբ ոստիկանության կրթահամալիրում նույն ժամանակահատվածում ծառայել են բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող մի շարք երկարամյա ծառայողներ: Չեն իրականացվել ՀՀ կառավարության 07․03․2007 թ․ թիվ 384-Ն որոշմամբ սահմանված ուսումնասիրությունները՝ ծառայողի սոցիալական վիճակը՝ բնակարանային պայմանները պարզելու և կարիքները գնահատելու համար և չեն պահանջվել որոշմամբ սահմանված փաստաթղթերը:Բացի այդ, պարզվել է, որ նշված ծառայողը, 2017 թ․ հունիսի 16-ից 2018 թ․ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ոստիկանության զորքերի 1031 զորամասի շտաբի նվագախմբի երաժշտի պաշտոնը և այդ պաշտոնի համար վարձատրվելով, երբևէ չի ներկայացել ոստիկանության զորքերում ծառայության, սակայն վարձատրվել է։Նկատի ունենալով, որ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները վկայել են այն մասին, որ վերջինիս ՀՀ ոստիկանության զորքերի 1031 զորամասի նվագախմբի երաժշտի հաստիքին հրամանագրելու և ոստիկանության զորքերում ծառայության չներկայանալու պարագայում նրան վարձատրելու, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կարիքների համար ձեռք բերված առանձնատունը նրան տրամադրելու գործընթացքում պաշտոնատար անձանց դրսևորած գործողություններում առկա են եղել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հանգամանքներ, ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
19:47 - 27 փետրվարի, 2020