Հակոբ Արշակյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն է, ԱԺ փոխնախագահ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարարը։

Ծնվել է 1985թ. ապրիլի 16-ին Երեւանում:

2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2009թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) եւ տեխնոլոգիա» բաժինը (բակալավրիատ): 2011թ.՝ նույն բաժնի մագիստրատուրան:

2010-2014թթ. աշխատել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համակարգերի ճարտարագետ: 2014-2017թթ.՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային (Հնդկաստան, Ռուսաստան եւ ԱՊՀ, Արաբական երկրներ, Աֆրիկա) ղեկավար:

2018թ. հունվար-մայիս՝ «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն: 2018թ. մայիս-հոկտեմբեր՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ: 2018-2019թթ.՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, 2019-2021թթ.՝ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար:

2008-2012թթ. եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության հիմնադիր անդամ: 2012թ.՝ «ՀԻՄԱ» ՀԿ նախագահ: 2014թ. եղել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:

2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2019 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 4-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Հակոբ Արշակյանը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է 2020-2023թթ. փոխգործակցության հեռանկարները

Հակոբ Արշակյանը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է 2020-2023թթ. փոխգործակցության հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ, GIZ) պատվիրակությանը, որի կազմում էին «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի տնօրեն Կատյա Կամերերը, նույն ծրագրի նորանշանակ տնօրեն Հանս-Յուրգեն Քասսենսը և ԵՄ և Գերմանիայի կառավարության կողմից համաֆինանսավորվող «Նորարարականտուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի թիմի ղեկավար Միխայելա Յոհաննա Վեբերը: Այս մասին տեղեկացնում ք Բարձր տեխնոարդյունաբերության նախարարությունը: Հանդիպման ընթացքում Կատյա Կամերերը ներկայացրել է ԳՄՀԸ կողմից 2020-2023թվականներին իրականացվելիք ծրագրերը, որոնք ֆինանսավորվելու են ԵվրոպականՄիության կողմից: Նշվել է, որ «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը Հայաստանում» (SMEDA – Support to SME development in Armenia) ծրագիրը, որի նպատակն է նպաստել Հայաստանում բիզնես և ներդրումային միջավայրի բարելավմանը, ուժեղացնել մասնավոր հատվածը և ՓՄՁ-֊ների համակարգման գործիքակազմը, հաջողությամբ իրականացվել է 2016-2019թթ.-ին, և կուտակվածփորձառությունը հիմքեր է ստեղծել առաջիկա ծրագրերի կյանքի ընդլայնման համար: Կատյա Կամերերը նշել է նաև, որ առաջիկա տարիներին ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող ծրագրերը կլինեն 2 հիմնական ուղղություններով՝ միտված տեխնոլոգիաների և մարզերում տուրիզմի զարգացմանը` դրամաշնորհների միջոցով: ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը ողջունել է հյուրերին և շնորհավորել Հանս-Յուրգեն Քասսենսին նշանակման կապակցությամբ, շնորհակալություն հայտնել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը՝ վերջին տարիներին Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված գործունեության համար: Նշվել է, որ ՀՀ կառավարության կողմից, ի դեմս ԲՏԱ նախարարության, այժմ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում՝ ուղղված տեխնոլոգիական կրթության, ձեռներեցության զարգացմանը: Դրանցից են «Վիրտուալ կամուրջ» ծրագիրը, Դրեյփերի համալսարանում հայ ձեռնարկատերերին կրթաթոշակի տրամադրման, ինչպես նաև դրամաշնորհային բազմաթիվ ծրագրեր: Կարևորվել են թվայնացումը և բարձր տեխնոլոգիաների զարգացումը, որոնք ՀՀ ԲՏԱ նախարարության գերակա ուղղություններից են և ինչի շուրջ համագործակցության նոր եզրեր կարող են ձևավորվել նախարարության և ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի միջև: Հակոբ Արշակյանն ընդգծել է տեխնոլոգիական այն ուղղությունները, որոնք գտնվում են նախարարության համակարգման տիրույթում, մասնավորապես՝ արհեստական բանականություն, ծրագրային ապահովում, ստարտափ էկոհամակարգ, տիեզերական համակարգեր և այլն: ԳՄՀԸ համագործակցության շրջանակներում նախարարը կարևորել է հայկական ստարտափների միասնական պլատֆորմի ստեղծումը, որը հնարավորություն կտա բոլոր շահառուներին, այդ թվում՝ ներդրողներին համակողմանի պատկերացում կազմելու Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մասին: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու և ընդլայնելու համագործակցության շրջանակները:
17:07 - 02 մարտի, 2020
Նախարար Հակոբ Արշակյանի՝ Աբու Դաբի այցի կարևոր շեշտադրումները

Նախարար Հակոբ Արշակյանի՝ Աբու Դաբի այցի կարևոր շեշտադրումները

Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի և Աբու Դաբիի թագաժառանգի հովանու ներքո փետրվարի 22-23-ը Աբու Դաբիում անցկացված «UMEX/SimTEX 2020» հեղինակավոր ցուցահանդես-համաժողովը նվիրված էր պաշտպանական տեխնոլոգիաներին, ռոբոտացված և անօդաչու համակարգերին, դրանց ներուժի առավելագույն օգտագործմանը առաջիկա տասնամյակների ընթացքում: «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության հարցերով պետական նախարարի հրավերով Աբու Դաբիում փետրվարի 22-23-ը մասնակցել է  միջոցառմանը՝ հանդես եկել որպես համաժողովի բանախոս և մի շարք հանդիպումներ ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝  քննարկելով ոլորտում երկու երկրների փոխգործակցության հեռանկարները: Էմիրությունների փոխվարչապետ, Նախագահական հարցերով նախարար Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանիին նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված արհեստական բանականության հիմքով նավիգացիոն համակարգերը: ԱՄԷ Մուբադալա ներդրումային ընկերության խմբի ղեկավարի տեղակալ Հոմմիդ Ալ Շիմարիի հետ հանդիպման ընթացքում հայկական կողմը քննարկել է համագործակցության ակտիվացման հնարավորությունները՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում վենչուրային ներդրումների, ձեռներեցության զարգացման, կրթական ծրագրերի իրականացման և էկոհամակարգի զարգացման հիմնական ուղղություններով: Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության պետնախարար Մոհամմեդ Ահմեդ ալ Բովարդիի հետ հանդիպման ընթացքում նախարար Արշակյանին է ներկայացվել ԱՄԷ զինվորական համակարգում ներդրված «Ապագայի զինվոր» ծրագիրը: Նախարարը կարևորել է Հայաստանի հետ Էմիրությունների գործակցությունը և մատնանշել հարաբերությունների խորացման և զարգացման անհրաժեշտությունը հատկապես ռազմաարդյունաբերական և պաշտպանական ոլորտներում: Նախարար Հակոբ Արշակյանն իր հերթին մատնանշել է նախարարության ակտիվ գործունեությունը ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման ուղղությամբ, ներկայացրել տասնամյակների առաջատար գիտահեն ներուժն ու փորձը, հնարավորությունները, հայաստանյան ռազմարդյունաբերության կայուն և առաջանցիկ զարգացումը: Նախարար Արշակյանը, ԱՄԷ Նախարար Բովարդիին նաև հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու ս․ թ․ մարտի 26-28֊ը անցկացվող սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսին»,- ասված է հաղորդագրությունում:
16:52 - 26 փետրվարի, 2020
Հակոբ Արշակյանը Աբու Դաբիում ներկայացրել է տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու Հայաստանի նպատակը

Հակոբ Արշակյանը Աբու Դաբիում ներկայացրել է տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու Հայաստանի նպատակը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության հարցերով պետական նախարարի հրավերով Աբու Դաբիում փետրվարի 22-ին մասնակցել է «UMEX/SimTEX 2020» հեղինակավոր ցուցահանդես-համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Միջոցառումն անցկացվում է Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի և Աբու Դաբիի թագաժառանգի հովանու ներքո: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Հակոբ Արշակյանը, որպես համաժողովի հիմնական բանախոս, հանդես է եկել ելույթով:   Ողջունելով  ներկաներին՝ նախարարն անդրադարձել է Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի առաջընթացին ուղղված  ՀՀ կառավարության քաղաքականությանը։ Նա  նշել է, որ ի դեմս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության՝ ՀՀ կառավարությունը տեխնոլոգիական ոլորտը հայտարարել է տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը։ Նախարարի խոսքով՝ մշակված է ոլորտի զարգացման ռազմավարությունը, այն արդեն ներդրվել է, գործում է և նոր թափ է հավաքում։ Նախարարը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է հայկական տեխնոլոգիական ներուժը։ Նա նշել է, որ դեռևս ԽՍՀՄ տարիներին տեխնոլոգիական աշխարհում Հայաստանը համարվել է Խորհրդային միության «Սիլիկոնյան հովիտ»-ը։ Հայ գիտնականները բոլոր ժամանակներում իրենց ներդրումն են ունեցել համաշխարհային տեխնոլոգիաների զարգացման գործընթացներում. գունավոր հեռուստատեսության գյուտից մինչև ավտոմեքենաների ավտոմատ համակարգեր,  բանկոմատներից մինչև համակարգչային տամոգրաֆ, դոլարի գույնից մինչև առաջին հաշվիչ մեքենաներ։ Հայ մասնագետների հեղինակած բազմաթիվ այլ գիտական նվաճումների շնորհիվ էականորեն բարելավվել է մարդկանց կենցաղն ու ապրելակերպը, առաջընթաց ապահովել առողջապահության, գյուղատնտեսության, տիեզերագնացության, տրանսպորտի, ռազմաարդյունաբերության, տնտեսության շատ այլ բնագավառներում։ Նախարարն անդրադարձել է նաև բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի ներկա զարգացումներին և ապագայի հեռանկարներին։ Նա նշել է, որ Հայաստանը մեծ ներուժ ու հնարավորություններ ունի այս ոլորտում, ընդգծել է, որ մեր երկրում բարձր է արժևորվում մարդկային տաղանդը: Կառավարությունը հարկային արտոնություն է տրամադրել նորաստեղծ ստարտափներին՝ հնարավորություն տալով նրանց զարգանալու, կյանքի կոչելու իրենց գաղափարները։ Նախարարը խոսել է նաև Հայաստանը՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու նպատակին ուղղված աշխատանքների մասին, ներկայացրել է «Վիրտուալ կամուրջ»  ծրագրի առանձնահատկությունները, նշել, որ ծրագրի շրջանակներում խոստումնալից  ստարտափները հնարավորություն կստանան սովորելու աշխարհի առաջատար  տեխնոլոգիական կենտրոններում: Նրանցից 45-ն այս տարի Սիլիկոնյան հովտում, ունենալով լիարժեք պետական կրթաթոշակ, կմասնակցեն Դրեյփերի համալսարանի ձեռնարկատիրական դասընթացներին։ Նախարարը, կարևորելով կրթության դերն և նշանակությունը մեր երկրի համար, ներկայացրել է «Արմաթ»-ի, «Ազգային ինժեներական լաբորատորիաներ»-ի, «Ինժեներական քաղաք»-ի, «Թումո»-ի գործունեությունը։ Իր ելույթում Արշակյանն անդրադարձել է նաև անցած տարի մեր երկրում տեղի ունեցած  համաշխարհային նշանակություն ունեցող տեխնոլոգիական  միջոցառումներին՝  ՏՏ համաշխարհային համաժողովը, « Summit of Minds», «Global IT Award», «Digitec EXPO» ցուցահանդեսը,  «ArmHiTech EXPO»-ն, «Ինժեներական շաբաթը», «Silicon Mountains» համաժողովը, նշել, որ մեծամասշտաբ տեխնոլոգիական միջոցառումները մեզ կուղեկցեն նաև առաջիկայում։ Նախարարը խոսել է նաև պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման մասին, ընդգծել, որ ժամանակակից աշխարհում պայքարը տեխնոլոգիաների միջև է։ Արհեստական բանականությունը, կիբերանվտանգությունը, ավտոմատացված կառավարումը, այլ առաջադեմ տեխնոլոգիաները վճռորոշ դերակատարություն ունեն պաշտպանական արդյունաբերության մեջ։ Նրա խոսքով՝ նախարարության կազմում միավորելով բարձր տեխնոլոգիաները, թվայնացումն ու ռազմարդյունաբերությունը, կառավարությունը վստահ է, որ այս երեք ուղղությունները պետք է զարգանան միասնաբար, իսկ լավ կրթությունը, զարգացած ենթակառուցվածքներն ու էկոհամակարգը բոլոր բնագավառներում տնտեսական հեղափոխության կհանգեցնեն։ Արշակյանն իր ելույթն ավարտել է համաժողովի մասնակիցներին հրավիրելով համագործակցության՝ միանալու խաղաղության և պաշտպանության համար առավել կատարյալ տեխնոլոգիաներ ստեղծելու Հայաստանի ջանքերին։ «UMEX/SimTEX 2020» համաժողովի ընթացքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին շնորհվել է մրցանակ: Նախարարի ելույթին հաջորդել են պանելային քննարկումներ: «UMEX/SimTEX 2020»-ը բաղկացած է համաժողովից, ցուցահանդեսից և ցուցադրություններից։  «UMEX/SimTEX 2020»-ի նպատակն է ստեղծել հարթակ՝ քննարկելու ոլորտի վերջին զարգացումները, միտումները և նորարարական լուծումները: Միջոցառումն ընդգրկում է նաև մոդելավորման և թրեյնինգների (Simulation & Training - SIMTEX) հատված, որը միտված է՝ նպաստելու համագործակցության խորացմանը զինված ուժերի, արդյունաբերության, գիտական և պետական-կառավարական գործակալությունների միջև: Համաժողովն այս տարի նվիրված է պաշտպանական տեխնոլոգիաներին, ռոբոտացված և անօդաչու համակարգերին, դրանց ներուժի առավելագույն օգտագործմանը հաջորդ տասնամյակի ընթացքում: Այն կենտրոնանում է թվայնացվող աշխարհում անվտանգության և խելացի համակարգերի ավելի լայնամասշտաբ կիրառմանը։
11:01 - 23 փետրվարի, 2020
Հակոբ Արշակյանն աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն

Հակոբ Արշակյանն աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն: Այցի շրջանակներում նախարարը հանդիպել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանին, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանին, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանին, այցելել Արցախում գործող մի շարք ձեռնարկություններ: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարությունից։ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում գիտատար ոլորտների զարգացմանը և այս համատեքստում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, Արցախի և Հայաստանի զինված ուժերի, ռազմարդյունաբերական համալիրի կոորդինացված մոտեցման մշակման հնարավորություններ: Հակոբ Արշակյանը հանդիպել է նաև ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը: Քննարկվել են մի շարք ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու, ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հաջողված փորձը տեղայնացնելու, Արցախի երիտասարդների մտավոր ներուժը լիարժեք օգտագործելու և այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացմանը վերաբերող հարցեր: Կողմերը կարևորել են նման ձևաչափով հանդիպումներն ու ոլորտային մասնագետների փոխայցելությունները, ինչը հնարավորություն կտա ապահովելու տեխնոլոգիական, ինժեներական կրթության, ռազմարդյունաբերության ոլորտներում և ձեռներեցության զարգացմանն ուղղված ծրագրերում Արցախի երիտասարդների ներկայացվածությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտային փոխգործակցությունը նոր հարթություն տեղափոխելու ուղղությամբ՝ որպես առաջին քայլ նշելով խնդիրները գույքագրելու անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաև կապի հասանելիության և փոստային ծառայությունների ոլորտի զարգացման ծրագրերին: Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԲՏԱ նախարարն այցելել է նաև Արցախում գործող մի շարք ձեռնարկություններ, Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն հիմնադրամ, ծանոթացել կենտրոնի սարքավորումների հագեցվածությանը, զրուցել աշխատակիցների հետ: Քննարկվել են ՏՏ ոլորտի մի շարք խնդիրներ, բիզնես ինկուբացիոն ծառայություններին և տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը վերաբերող հարցեր:
13:21 - 20 փետրվարի, 2020
Հայաստանը բարձր տեխնոլոգիական ոլորտում կանանց ներգրավվածությամբ առաջատար երկրների շարքում է |armenpress.am|

Հայաստանը բարձր տեխնոլոգիական ոլորտում կանանց ներգրավվածությամբ առաջատար երկրների շարքում է |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտում կանանց ներգրավվածությունը շուրջ 38 տոկոս է: Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ «Բարձր տեխնոլոգիական ոլորտում 2018-ի դրությամբ եղել է 15 հազար աշխատող: Կանանց ներգրավվածությունը բարձր տեխնոլոգիական ոլորտում շուրջ 38 տոկոս է: Կարող ենք ասել, որ Հայաստանն այս առումով աշխարհի առաջատարների մեջ է: Սա շատ լավ թիվ է և, հուսով եմ, առաջիկայում կավելանա»,- ասաց Արշակյանը: Նախարարը նկատեց՝ տարատեսակ թվեր են հնչում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության շրջանառության և աշխատակիցների քանակի, աճի տեմպերի վերաբերյալ, սակայն մինչև այժմ հնչեցված տարատեսակ թվերը հստակ չեն: «2018-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ծրագրային ապահովումը և սարքավորումների արտադրությունը միասին կազմել են 250 մլն դոլար: Աճը 2017-ի նկատմամբ կազմել է 33 տոկոս: 2015-2018թթ. միջին աճը եղել է շուրջ 28 տոկոս: Այսինքն՝ աճի տեմպերը բավականին լուրջ են»,-ասաց նա: Արշակյանը նշեց՝ ոլորտի շրջանառությունը հիմնականում գեներացվում է աշխատակիցների աշխատավարձերի տեսքով: «Հայաստանում գործող միջազգային ընկերությունների գլխամասը արտերկրում է, որտեղ էլ իրականացվում է իրենց ողջ ֆինանսական շրջանառությունը: Հայաստանյան մասնաճյուղ ուղարկվում են այն գումարները, որոնք անհրաժեշտ են այստեղ աշխատավարձ ապահովելու համար: Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հայկական ընկերությունների մի մեծ մասը նույնպես այդպես է աշխատում, այսինքն՝ իրենց գումարները գեներացնում են արտերկրի կազմակերպություններում, իսկ Հայաստան է գալիս հիմնականում աշխատավարձը: Դա էլ բերում է նրան, որ շրջանառության փոքր թվեր ունենք: Սա նշանակում է, որ ռազմավարության մեջ պետք է դիտարկենք այնպիսի մեխանիզմներ, որպեսզի հայկական ընկերություններն իրենց ամբողջ գումարը շրջանառեն Հայաստանում»,-ասաց նախարարն ու հավելեց՝ այդ ուղղությամբ իրենք արդեն քայլեր են նախատեսում:
05:08 - 19 դեկտեմբերի, 2019
Youtube-ի եւ PayPal-ի հետ կապված մենք երեք ճակատով լրջորեն աշխատում ենք. Հակոբ Արշակյան |news.am|

Youtube-ի եւ PayPal-ի հետ կապված մենք երեք ճակատով լրջորեն աշխատում ենք. Հակոբ Արշակյան |news.am|

news.am: Youtube-ի հետ կապված մենք երեք ճակատով աշխատում ենք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: «Մեկը պաշտոնական խողովակներն են, Կոնգրեսում հայերի բարեկամների խումբ ունենք, որոնցից ոմանց այստեղ ես ընդունել եմ, գրություն եմ փոխանցել, որպեսզի աջակցեն, որովհետեւ իրենք հենց այդ ընկերությունների հետ են աշխատում: Մասնավորապես Սիլիկոնային հովտում մենք երեք կոնգրեսական ունենք, որոնք աջակցում են մեզ: Երկրորդը՝ Google-ում եւ Youtube-ում աշխատող հայերի խումբ կա, որոնց հետ հանդիպել եմ Սիլիկոնային հովտում եւ նրանք նույնպես փորձում են լուծումներ գտնել: Երրորդը սփյուռքահայերի դրսի խումբն է, որը նույնպես փորձում է որեւէ կերպ ազդել խնդրի կարգավորման համար: Մենք երեք խնդիր ունենք. Նախ Google Maps-ի խնդիրն է, որտեղ ՀՀ տարածքում, մասնավորապես, Նոյեմբերյանում ադրբեջանական անկլավներ է ցույց տալիս: Դ խնդիր է թե տուրիստների համար, թե քաղաքական առումով: Նաեւ Արցախի ոչ բաժանված լինելն է քարտեզի վրա: Երկրորդ մասը վճարային համակարգերն են, մասնավորապես, Paypal-ը եւ Google Pay-ը: Մի մասով անցյալ տարի արդեն հաջողություն արձանագրել ենք. դա Google Store-ի վճարահաշվարկային համակարգն է. որ երբ Հայաստանում եղած ընկերությունը իր հավելվածը դնում էր Google Store, չէր կարողանում իր գումարն ստանալ, որովհետեւ Հայաստանը ներառված չէր այդ գործընկերների ցուցակում: Հիմա արդեն ներառված է»,-ասաց Արշակյանը: Նրա խոսքով, նույնը պետք է կարողանանք անել նաեւ Youtube-ի եւ PayPal-ի դեպքում: «Այս ուղղությամբ լուրջ աշխատանք տարվում է, ուղղակի այս մեծ ընկերությունները շատ դանդաղաշարժ են: Կարծում եմ՝ հաջողություններ կարձանագրենք, բայց կոնկրետ ամսաթվեր չեմ կարող ասել: Գոյություն ունի Yotube Partner Programm գործընկերների ծրագիր, որը թույլ է տալիս, որ դու իր գործընկերը լինելով կարողանաս Youtube-ի ալիքներում դրվող կոնտենտից գումար գեներացնել եւ մոնետիզացնել: Հայաստանն ընդգրկված չի այն երկրների ցանկում, որոնք կարող են լինել Google Partner Programm-ի մաս: PayPal-ի դեպքում նույնն է, այսինքն դու կարող ես PayPal-ի գումարները գեներացնել օնլայն, բայց մոնետիզացիայի դեպքում չես կարող հայկական բանկային քարտով հանել այդ գումարը: Մի խնդիր էլ կա, Youtube-ի որոնման համակարգում չեն կարողանում իդենտիֆիկացնել հայկական կոնտենտը ու պատճառն էլի Partner Programm-ի բացակյությունն է»,-ընդգծեց նա:      
12:35 - 18 դեկտեմբերի, 2019
Արցախի հետ ռոումինգի ծառայությունների սակագները հուլիսից զգալիորեն կնվազեն. Հակոբ Արշակյան |armenpress.am|

Արցախի հետ ռոումինգի ծառայությունների սակագները հուլիսից զգալիորեն կնվազեն. Հակոբ Արշակյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Արցախի միջև շարժական կապի օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները 2020-ի հուլիսի 1-ից էականորեն կիջնեն: Այս մասին իր տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: «Այս տարվա ձեռքբերումներից է Արցախի հետ կապի կանոնակարգումը, ռոումինգի սակագների իջեցումը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Արցախի գործընկերների և օպերատորների հետ արդյունավետ աշխատանք ենք ունեցել, և սակագները թե մուտքային, թե ելքային զանգերի տեսանկյունից նվազել են 11-44 տոկոսով։ Ակնկալվում է, որ հուլիսի 1-ից մուտքային և ելքային զանգերի սակագների նվազում պետք է տեղի ունենա»,- ասաց նախարարը: Նա շեշտեց՝ նախարարության ստեղծումից անմիջապես հետ զբաղվել են ռոումինգի հարցով: Արշակյանը հիշեցրեց, որ օպերատորներից մեկի ցանցում ելքային զանգերի 15 տոկոսի նվազում է եղել, մուտքային զանգերի դեպքում՝ 44 տոկոսի նվազում: Եվ հիմա գործում է ելքային զանգերի 38 դրամ և մուտքային զանգերի 25 դրամ միասնական սակագինը: «Հուլիսին այդ թվերը շատ կիջնեն: Հստակ թվերը դեռ չեմ ուզում ասել, քանի որ բանակցում ենք, բայց շատ կիջնեն»,- եզրափակեց նախարարը:  
10:44 - 18 դեկտեմբերի, 2019
Կառավարությունը շարունակում է բանակցությունները Google-ի և PayPal-ի հետ |armenpress.am|

Կառավարությունը շարունակում է բանակցությունները Google-ի և PayPal-ի հետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը շարունակում է Google-ի և PayPal-ի հետ բանակցությունները, որոնք միտված են այդ ընկերությունների կողմից մատուցվող մի շարք ծառայությունների հայաֆիկացմանը: Այս մասին դեկտեմբերի 17-ին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: «Մենք մի քանի խնդիր ունենք YouTube-ի, Google Maps-ի, PayPal-ի և Google Play-ի հետ կապված: Այս ուղղություններով բավական լուրջ աշխատանքներ ենք տանում, սփյուռքի հետ ենք համագործակցում: Մեր սփյուռքի այն հայրենակիցները, որոնք աշխատում են այդ կազմակերպություններում, նույնպես ներառված են այդ աշխատանքներում: Աշխատանքային ընթացք է, գնահատականներ այս պահին չեմ կարող հնչեցնել, բայց այս տեմպերով եթե գնանք, բավական արագ կհասնենք արդյունքի»,- ասաց Արշակյանը: Հարցին, թե արդյոք կա՞ հավանականություն, որ այդ արդյունքը կլինի 2020թ., նախարարը պատասխանեց, որ այո` կա այդ հավանականությունը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը 2019թ. մարտի 12-ին հայտնել էր, որ ՀՀ կառավարությունն աշխատանքային խումբ կստեղծի օնլայն տեղեկատվական հարթակների` YouTube-ի, Google-ի հայաֆիկացման հնարավորությունն ուսումնասիրելու ու դրան աջակցելու համար։ Տեղեկատվական հարթակների հայաֆիկացումը հնարավորություն կտա հայ օգտատերերին գումար աշխատել, նշելով, որ իրենք Հայաստանից են, իսկ երկիրը ճանաչելի կդարձնի տեղեկատվական քարտեզի վրա: Հոկտեմբերի 7-ին Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բանակցություններ է սկսել Youtube-ի հետ կապված:  
14:08 - 17 դեկտեմբերի, 2019
Հակոբ Արշակյանն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկրին

Հակոբ Արշակյանն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկրին

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկիր, ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին: Նա Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր է, հարյուրավոր հոդվածների ու գյուտերի հեղինակ, «Origami World» տեսության և «Վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակը: Նախարարը ողջունել է դոկտոր Կանադեին, շնորհավորել նրան բարձր պարգևի արժանանալու համար, նշել, որ Հայաստանի համար մեծ պատիվ է՝ ընդունելու տեխնոլոգիական ոլորտի հանրահայտ մարդկանց, որոնք իրենց ազդեցությունն են թողել աշխարհում տեխնոլոգիաների զարգացման մեջ։ Նախարարը ներկայացրել է նորաստեղծ նախարարության գործունեության ուղղությունները, տեխնոլոգիական ոլորտի մեր երկրի առաջնահերթությունները, ծրագրերն ու նպատակները։ Նա տեղեկացրել է, որ նախարարությունն իր գործունեությունը ծավալում է էկոհամակարգի զարգացման, թվայնացման և ռազմարդյունաբերության ուղղություններով: Նախարարն անդրադարձել է ոլորտի հայ մասնագետների ներուժին, ընդգծել դեռևս խորհրդային տարիներին ռադիոֆիզիկայի, միկրոէլեկտրոնիկայի և այլ բնագավառներում հայ ինժեներների ձեռբքերումները: Հակոբ Արշակյանը նաև նշել է յուրաքանչյուր հայ ընտանիքի համար ուսման կարևորության մասին՝ ընդգծելով, որ կրթությունն ու տաղանդը մեր երկրի էկոհամակարգի կարևորագույն մասն են կազմում. Հայաստանը չունի գազ, նավթ, սակայն ունի տաղանդներ, որոնք կարող են զարգացնել տեխնոլոգիաները։ Նախարարը ներկայացրել է տեխնոլոգիական կրթության զարգացման հայկական մոդելը։ Նա նշել է, որ դպրոցական ծրագրերում շախմատի դասեր են ուսուցանվում, գործում են ռոբոտաշինության լաբորատորիաներ, բուհերում նոր ուղղություններ են զարգանում արհեստական բանականության, բլոկչեյն, իրերի ինտերնետ, և մի շարք այլ ուղղություններով։ Կրթության որակը բարձրացնելու նպատակով ոլորտի հայտնի ընկերությունները մասնագիտական դասընթացներ են անցկացնում՝ պատրաստելով մրցունակ մասնագետներ: Նախարարը ճապոնացի գիտնականի հետ կիսվել է նաև ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերով, մանրամասներ ներկայացրել «Ինժեներական քաղաքի», Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ստեղծված ինժեներական լաբորատորիաների, ընդգծելով, որ տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում շատ արագ է զարգանում, տեխնոլոգիական ընկերությունների թիվը կտրուկ աճում է։ Տակեո Կանադեն շնորհակալություն է հայտնել որպես մրցանակակիր իրեն ընտրելու համար, նշել, որ հիացած է և մեծ հարգանքով է վերաբերվում այն երկրին, որը ջանքեր է գործադրում՝ դառնալու տեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոն։ Գիտնականը նախարարի հետ կիսվել է տեխնոլոգիական կրթության Ճապոնիայի և ԱՄՆ ունեցած փորձով, մի շարք մանրամասներ ներկայացրել այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերից, նշել, որ մեծ անհամբերությամբ է սպասում հայ ուսանողների հետ իր հանդիպմանը՝ Պոլիտեխնիկական համալսարանում։
06:35 - 06 դեկտեմբերի, 2019
Հայաստանի ՌԱՀ-ը պետք է ինքնավար զարգացող օրգանիզմ դառնա․ Հակոբ Արշակյան

Հայաստանի ՌԱՀ-ը պետք է ինքնավար զարգացող օրգանիզմ դառնա․ Հակոբ Արշակյան

news.am: Ճիշտ եւ արդյունավետ աշխատանքի դեպքում ռազմաարդյունաբերական համակարգը հագեցնելու միջոցները հնարավոր է կրկնապատկել։ Այս մասին Բիզնես-ինովացիոն 7-րդ համաժողովում (BIF-2019) «Արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղին» քննարկումների ժամանակ հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Նրա խոսքերով՝ ներկայում Հայաստանի առաջնահերթ խնդիրը գործող ՌԱՀ-ը կարգի բերելն է։ Նախարարն ընդգծեց, որ իդեալական կլինի այն, որ ՌԱՀ-ն «ինքնավար, զարգացող օրգանիզմ» դառնա։ Արշակյանը նշեց, որ համակարգի զարգացման համար պետական բյուջեով նախատեսված միջոցները ընթացիկ տարում կրկնապատկվել են։ Ընդհանուր առմամբ՝ ՌԱՀ-ի վերահագեցման համար նախատեսված է 2,5 մլրդ դրամ։ Ընդ որում, նախարան ասաց, որ ճիշտ կազմակերպված աշխատանքի դեպքում այդ միջոցները կարելի կլինի բազմապատկել։ Դիմելով համաժողովի մասնակիցներին՝ նախարարն ընդգծեց նախարարության եւ ոլորտում գործող ընկերությունների համատեղ համաձայնեցված աշխատանքի կարեւորությունը։ Նա ասաց, որ համաժողովի շրջանակներում անհրաժեշտ է բարձրաձայնել ոլորտում առկա բոլոր խնդիրները, քննարկել դրանց լուծման ճանապարհները, որը կտանի դեպի ավելի արդյունավետ աշխատանք եւ ոլորտի զարգացում։
07:38 - 01 դեկտեմբերի, 2019
Հայաստանում Ազգային վենչուրային հիմնադրամ կստեղծվի․ Հակոբ Արշակյան

Հայաստանում Ազգային վենչուրային հիմնադրամ կստեղծվի․ Հակոբ Արշակյան

news.am: Հայաստանում կստեղծվի Ազգային վենչուրային հիմնադրամ, որի կառավարումը կդրվի միջազգային մակարդակի մասնագետների վրա։ Այս մասին Բիզնես-ինովացիոն 7-րդ համաժողովում (BIF-2019) «Արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղին» քննարկումների ժամանակ հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Նրա խոսքերով ԱՎՀ-ի ստեղծումը որոշված հարց է։ Հիմնադրամը կձեւավորվի պետություն-մասնավոր համագործակցության մեխանիզմի կիրառմամբ։ Ծրագրվում է, որ առաջիկա 5-7 տարիներին հիմնադրամի միջոցները կհասնեն 100 մլն դոլարի, ներառյալ՝ պետության միջոցները։ ԱՎՀ-ի հիմնական նպատակը ստարտափներում ներդրումներն են, նշեց Արշակյանը։ Նա ընդգծեց, որ հիմնադրամի ստեղծմամբ կառավարությունը ձգտում է Հայաստանում ձեւավորել բարենպաստ միջավայր, որի դեպքում արտասահմանյան մասնագետներն էլ կգան երկրում աշխատելու։ Տվյալ փուլում նախարարությունը ստարտափներին աջակցելու ջանքեր է գործադրում։ Այսպես, երկրի պետական բյուջեով նախատեսված են գրանտային ծրագրեր։ Մասնավորապես, պետությունը պատրաստ է իր վրա վերցնել ստարտափների ֆինանսավորման 50 տոկոսը։ Պետությունը պատրաստ է 50 000 դոլարի գրանտ տրամադրել՝ ընկերության կողմից նույն չափով համաֆինանսավորման դեպքում։ Արշակյանը հավելեց, որ հավասարակշռված զարգացման շահերից ելնելով՝ գրանտային միջոցների 75 տոկոսը կտրամադրվի մարզերում ստարտափներին, եւ միայն 25 տոկոսը բաժին կհասնի մայրաքաղաքում գործողներին։    
06:22 - 01 դեկտեմբերի, 2019
Հայաստանում շուրջ 6000 մարդ անվճար տեխնոլոգիական կրթություն ստանալու հնարավորություն կունենան

Հայաստանում շուրջ 6000 մարդ անվճար տեխնոլոգիական կրթություն ստանալու հնարավորություն կունենան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին և կայուն զարգացման գրասենյակի հատուկ հարցերով խորհրդական Ջեֆֆրի Փարեթչանին։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Հակոբ Արշակյանը խոսել է տնտեսության առաջընթացի համար տեխնոլոգիական ոլորտի զարգացման կարևորության մասին։ Նա ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող Հայաստանի կառավարության քաղաքականությունը, նախարարության առաջնահերթություններն ու ծրագրերը, ընթացիկ աշխատանքները։ Ոլորտի զարգացմանն ուղղված կարևոր առաջնահերթությունների ցանկում նախարարը հատկապես կարևորել է տեխնոլոգիական կրթության որակի բարձրացմանն ուղղված քայլերը, այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը, թե՛ մասնագիտական բուհերի ուսանողների, թե՛ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են նորագույն տեխնոլոգիական գիտելիքներ ստանալ։ Մասնավորապես, շուրջ 6000 մարդ Երևանում և մարզերում հաջորդ տարվանից անվճար տեխնոլոգիական կրթություն ստանալու հնարավորություն կունենան։ Նախարարն անդրադարձել է նաև նորարարական գաղափարների խթանմանն ուղղված ծրագրերին՝ ընդգծելով Ազգային վենչուրային հիմնադրամի, մի շարք դրամաշնորհային ծրագրերի, ինչպես նաև ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված հարկային արտոնություններից օգտվելու հնարավորությունները։ Տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու ճանապարհին Հակոբ Արշակյանը կարևորել է նաև «Հայաստանի վիրտուալ կամուրջ» ծրագիրը, համաձայն որի՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում գործունեություն սկսած ցանկացած ընկերություն՝ ոչ միայն հայկական, հնարավորություն կունենա օգտագործել հայկական սփյուռքի ներուժը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև մեր երկրում թվայնացման գործընթացների ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ թվային օրակարգից մինչև ներկա ձեռքբերումներ և ապագայի ծրագրեր։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը շնորհակալություն է հայտնել հանդիպման և ներկայացրած ծրագրերի համար։ Գրիզերը պատմել է ԱՄՆ ՄԶԳ գործունեության մի շարք ուղղությունների, ինչպես նաև նախարարության և ոլորտի մի շարք ընկերությունների հետ հաջող գործակցության մասին: Ըստ պատվիրակության անդամների՝ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությունը պատրաստակամ է քննարկել տեխնոլոգիական ոլորտում հետագա համագործակցության հնարավորությունները:
13:34 - 22 նոյեմբերի, 2019