Ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

ՀՀ ֆինանսների նախարարը Տիգրան Խաչատրյանն է։

Նախատեսվում է կրճատել հարկային քաղաքականության ճեղքը. կվերանայվեն հարկման համակարգերը

Նախատեսվում է կրճատել հարկային քաղաքականության ճեղքը. կվերանայվեն հարկման համակարգերը

Պետությունը մտադիր է վերանայել հարկային արտոնության դաշտը, շրջանառության հարկման շեմը, դրույքաչափերը՝ հարկային քաղաքականության ճեղքը նվազեցնելու նպատակով: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: «Ճեղքի մեծությունը պետք է բաժանել երկու մասի: Մի մասը բաղկացած է հարկային արտոնություններից, մյուս մասը՝ հարկային պլանավորման հնարավորություններից: Երկրորդ մասը մենք պլանավորում ենք հաղթահարել հնարավոր կարճ ժամկետում: Այսինքն, եթե քննարկումների համատեքստում մենք համոզմունք ձևավորենք, որ ընտրված է ամենաճիշտ ճանապարհը, թերևս նախատեսվող փոփոխությունները կարող են ուժի մեջ մտնել 2022 թվականի հունվարի 1-ից: Իսկ ինչ վերաբերում է որոշ անարդյունավետ արտոնությունների վերացմանը, սա մեր երկրորդ ուղղությունը պետք է լինի»,-ասաց Պողոսյանն ու հավելեց՝ ըստ ժամանակացույցի նախատեսվում է այս գործընթացը նորից սկսել 2022 թվականի հունվարի 1-ից: Փոխնախարարը նշեց, որ հաճախ հարկային արտոնությունների տրամադրումից հետո վերլուծական աշխատանքներ չեն կատարվել՝ պարզելու, թե որքանո՞վ են այդ հարկային արտոնությունները հասցեական և ըստ այդմ՝ արդյունավետ, իրենց նպատակին ծառայող: «Այս իմաստով, ամենաքիչը ՀՆԱ-ի շուրջ 7 տոկոսի մասին է խոսքը: Ինչը մեր համեստ հնարավորությունների պայմաններում բավականին տպավորիչ թիվ է»,-ասաց Պողոսյանը: Փոխնախարարը շեշտեց, որ իրենց քաղաքականությունը պետք է լինի այդպիսին, բոլոր այն հարկային արտոնությունները, որոնք տարբեր ժամանակներում տարբեր հիմնավորումներով կամ երբեմն ոչ այնքան պատշաճ հիմնավորումներով տրվել են, գնահատեն և վերաիմաստավորեն դրանց նշանակությունը: «Արդյոք դրանք ծառայո՞ւմ են իրենց նպատակին, թե իրենց հիմնական խնդիրը չլուծելով հանդերձ՝ պետությունից ռեսուրս են տանում»,-հավելեց Պողոսյանը: Նա պարզաբանեց՝ եթե արտոնությունը տրվել է շահառուների որոշակի խմբի համար, ըստ այդմ նախատեսվել է, որ այն կլինի թիրախային, արդյունավետ, և եթե ինչ-ինչ պատճառներով այդ արտոնությունից սկսել են օգտվել նաև այն խմբերը, որոնց համար դա ի սկզբանե նախատեսված չի եղել, և այդ խմբերն ամենակարիքավորը չեն՝ այդ արտոնությունից օգտվելու համար, այստեղ քաղաքականությունը կամ այդ արտոնության տրամադրման իմաստը խեղաթյուրվում է: «Խոսքն առաջին հերթին այս տեսակի արտոնությունների մասին է: Երկրորդը՝ հարկային համակարգի ձևախեղումների հանգեցրած կարգավորումների մասին է: Մասնավորապես, ունենք հարկման տարբեր համակարգեր՝ միկրոձեռնարկատիրության արտոնյալ հարկման համակարգ, շրջանառության հարկի համակարգ, ավելացված արժեքի հարկի համակարգ: Եվ, եթե գործունեության միևնույն տեսակը ԱԱՀ-ի համակարգում իրականացնելու պայմաններում վճարվում է պայմանական 25 տոկոս իրացման շրջանառության նկատմամբ հարկերի համախումբ, բայց նույն գործունեության տեսակը շրջանառության հարկի համակարգում իրականացնելու պարագայում վճարվում է օրինակ 5 տոկոս հարկ, սա բերում է աղավաղումների, շարժառիթների, որ խոշոր տնտեսավարողները բաժանվեն մասերի, տեղավորվեն իրենց համար չնախատեսված արտոնյալ հարկային միջավայրում: Խնդիրները փոխկապակցված են»,-ասաց Պողոսյանը: Դեռ վերջնական որոշումներ չկան, որոշակի հարցեր առանձնացվել են քննարկումների, վերլուծությունների համար: «Ուղղություններից մեկը շրջանառության հարկի շեմի նվազում է ենթադրում, մյուսը՝ շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացում՝ այն տրամաբանությամբ, որ դրանք առնվազն հավասար լինեն՝ նույն գործունեությունը հարկման ընդհանուր համակարգում իրականացնելիս վճարվելիք հարկերի հանրագումարին»,-ասաց Պողոսյանը: Ընդ որում, ֆինանսների նախարարությունը հեռանկարում շրջանառության հարկի համակարգը ցանկանում է տեսնել որպես այլընտրանք՝ հարկման ընդհանուր համակարգին, այլ ոչ թե արտոնյալ համակարգ: Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը հիմնականում կպահպանվի նույն տեսքով: Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգն ի սկզբանե նախագծվել է այն տրամաբանությամբ, որ այն պետք է սպասարկի բնակչությանը և ոչ բիզնեսին: Սակայն, Պողոսյանն ասաց. «Մոնիտորինգի արդյունքներով միտումներ են նկատվել, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտները շատ հաճախ ավելի խոշոր հարկ վճարողների հետ փոխկապակցված հարկ վճարողներ են լինում և նրանց հետ գործարքների մեջ են մտնում՝ հաճախ ոչ իրականում կատարված: Սրանք շատ վատ ու անհանգստացնող երևույթներ են»,-ասաց Պողոսյանը: 2020 թվականը սկսվել է 34 հազար միկրոձեռնարկատիրության սուբյեկտների թվաքանակով և ավարտվել՝ շուրջ 46 հազարով: Դրանք ակտիվ հարկ վճարողների կեսից ավելին են: Պողոսյանը նաև շեշտեց, որ հարկային քաղաքականության պատասխանատուները միշտ հայտարարել են, որ երբ ներդրվում է հարկման արտոնյալ համակարգ, այն ժամանակավոր պետք է լինի այդպիսին, հեռանկարում այն պետք է լինի այլընտրանքային և ոչ թե արտոնյալ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020-ի դեկտեմբերի 30-ին ստորագրել է հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները հաստատելու մասին որոշում:
16:31 - 20 հունվարի, 2021
Բիզնեսը, երբ ասում է, որ պետական գնումների մրցույթի տեխնիկական բնութագիրը խտրական է, պետք է սկսի նաև գործողություններ անել․ Սերգեյ Շահնազարյան

Բիզնեսը, երբ ասում է, որ պետական գնումների մրցույթի տեխնիկական բնութագիրը խտրական է, պետք է սկսի նաև գործողություններ անել․ Սերգեյ Շահնազարյան

ՀՀ ֆինանսների նախարարության պետական գնումների վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի հետ զրուցել ենք պետական գնումների ոլորտում կատարված փոփոխությունների  արդյունավետության և առկա ռիսկերի կառավարման հարցերի շուրջ։ - Պարո՛ն Շահնազարյան, 2019 թվականին գնումների ոլորտում տեղի ունեցան փոփոխություններ, որոնք նպատակաուղղված էին նաև ոլորտի թափանցիկության ու արդյունավետության բարձրացմանը։ Սակայն ոլորտի փորձագետները մինչ այժմ էլ մատնանշում են դեպքեր, երբ պետական մարմինները չեն պահպանում գնումների թափանցիկության սկզբունքը, չեն հրապարակում ընթացակարգերին առնչվող փաստաթղթերը, և այլն։ Ի՞նչ պետք է անել այս խնդրի լուծման համար։ Ալբանիայում, Չեխիայում, Հունգարիայում հաշվետվողականությունը չապահովելու, փաստաթղթերը չհրապարակելու համար, օրինակ, կիրառվում են պատասխանատվության միջոցներ՝ հիմնականում վարչական։ Քննարկվո՞ւմ է այս մեխանիզմի կիրառումը մեր երկրում։ - Եթե խոսում ենք մրցութի հրավերի, հանձնաժողովի նիստերի արձանագրությունների, կնքված պայմանագրի հայտարարության, պայմանագիր կնքելու վերաբերյալ հայտարարությունների մասին, ապա դրանք չեն կարող չհրապարակվել, ավելին՝ դրանք ավտոմատ են հրապարակվում։ Այսինքն, եթե անգամ պատվիրատուն շատ ուզի, չի կարող չհրապարակել։ Քաղաքականությունն այնպես է տարվում, որ բիզնես գործընթացներն ավտոմատացվում են։ Եթե շատ ուզես չհրապարակել, չես կարող, քանի որ մի քայլը մյուսի հետ փոխկապակցված է։ Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա պարտադիր չէ, որ այն «Գնումների մասին» ՀՀ օրենքում գրվի։ Այդ պատասխանատվությունը նախատեսված է աշխատանքային օրենսդրությամբ, այդ թվում՝ հանրային ծառայության վերաբերյալ իրավական ակտերով, նախատեսված է նաև քրեական օրենսդրությամբ, եթե այդ գործողությունները հանգեցնում են քրեական պատասխանատվության։ Նշեմ նաև, որ պետական բոլոր մարմիններն ունեն ներքին աուդիտի ծառայություն, որը պարտավոր է 20 մլն դրամից բարձր բոլոր գնումները ենթարկել ներքին աուդիտի։ Աուդիտի է ենթարկվում և՛ գործընթացի, և՛ պայմանագրի կատարման մասով։ Իսկ 20 մլն դրամից ցածր գնումների առնվազն 30 տոկոսը պետք է ենթարկվի աուդիտի։ Այսինքն՝ կան այն մեխանիզմները, որոնք այդ ռիսկերը գեներացնում են, ներկայացնում են տվյալ մարմինների ղեկավարներին, որոնք սկսում են պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել։ Ըստ իս՝ ARMEPS համակարգը բավականին ճկուն ֆիլտրման համակարգ ունի, որը տալիս է ցանկացած ինֆորմացիա ստանալու հնարավորություն: Ուղղակի պետք է դրա հետ աշխատել և օգտագործել համակարգի հնարավորությունները։ Եթե կան առաջարկներ՝ համակարգն ավելի ճկուն դարձնելու, կա անհրաժեշտություն՝ այլ պատուհաններ ավելացնելու, վերլուծություն անելու համար ինֆորմացիան այլ տրամաբանությամբ գեներացնելու, մենք պատրաստ ենք նայել։ Մեզ բավականին կօգնի, մենք շնորհակալ կլինենք, եթե այդ առաջարկներն ունենանք։ Ավելին՝ մենք նոր ծրագրային ապահովման մշակման գործընթացի մեջ ենք։ Բայց, կարծում եմ, այսօրվա գործող համակարգը տալիս է ինֆորմացիան ավտոմատ ստանալու, գեներացնելու, վերլուծելու հնարավորությունը։ - Անդրադառնանք տեխնիկական բնութագրերին։ Ինչպե՞ս մեղմել վերջիններիս հակամրցակցային լինելու ռիկսը։ Խնդիր է նաև այն, որ մրցույթում սովորաբար հաղթող է ճանաչվում ցածր գին առաջարկած մասնակիցը, սակայն ցածր գինը ոչ միշտ է ենթադրում բարձր որակ։  - Թյուր տպավորություն է ձևավորված, թե «Գնումների մասին» ՀՀ օրենքը ասում է, որ միայն ցածր գինը պետք է հաղթի։ Օրենքը երկու հնարավորություն է նախատեսում՝ ցածր գին և գին-որակ հարաբերակցություն։ Պատվիրատուն է որոշում՝ որ տրամաբանությունը օգտագործել։ Բայց երկուսի դեպքում էլ չի նշանակում, որ ով ինչ առաջարկի, և ով տա ցածր գին, պատվիրատուն պետք է ընտրի ու գնա, պայմանագիր կնքի։ Այսօրվա կարգավորումներով մինչև գնին հասնելը կան մասնակցության իրավունքի պայմաններ, որոնց մասնակիցը պետք է բավարարի․ սա մեկ։ Երկրորդը՝ եթե խոսում ենք ապրանքների մասին, ապա բոլոր մասնակիցները հայտով ներկայացնում են իրենց առաջարկած ապրանքների տեխնիկական նկարագրերը։ Եթե դրանք համապատասխանում են պատվիրատուի պահանջին, իսկ պատվիրատուի պահանջը սահմանված է հրավերով, նոր սկսում են նայել այդ մասնակցի գնային առաջարկը։ Այսինքն՝ չկա այդպիսի բան, թե ով ինչ գին բերեց-գցեց, թողեց-գնաց, ու ինքն ամենաէժանն է, առանք։ Ի դեպ, այս բնութագրերն ի սկզբանե ներկայացնում են բոլոր մասնակիցները։ Այսինքն՝ «խաղի կանոնը»՝ ով ինչ է առաջարկելու, ի սկզբանե հայտնի է։ Հայտերը բացվելուց հետո դրանք հրապարակային են դառնում ARMEPS համակարգում։ Ում ներկայացրած առաջարկը համապաստասխանում է կարիքին, նոր սկսում ենք գնին նայել։ Կառավարությունը ցանկացած անձի տվել է մրցույթի հրավերով նախատեսված տեխնիկական բնութագրերի վերաբերյալ կարծիք հայտնելու հնարավորություն։ Եթե գտնում ես, որ տեխբնութագրերը խտրական են, սահմանափակում են մրցակցությունը, դու՝ որպես բիզնես իրավունք, հնարավորություն ունես էլեկտրոնային փոստի միջոցով դիմել քարտուղարին և ասել, որ իրենց այս կամ այն պահանջը խտրական է, չի թողնում, որ այլ անձինք ևս մասնակցեն։ Պատվիրատուն այս առաջարկների հիման վրա 2 գործողություն ունի անելու․ կա՛մ պետք է հիմնավորի, որ խտրական չի ու չփոխի բնութագրերը, կա՛մ պիտի հրավերում փոփոխություն կատարի, այդ ենթադրյալ խտրական պայմանը դուրս հանի։ Եվ ամենակարևորը՝ հայտերը բացվելուց հետո պատվիրատուն պարտադիր հրապարակում է ամփոփաթերթ՝ ստացված և քննարկված առաջարկությունների վերաբերյալ։ Այսինքն՝ բիզնեսը, եթե գտնում է, որ խտրական պայման կա, լիարժեք հնարավորություն ունի դիմել պատվիրատուին և ուղղել տալ այդ անհամապատասխանությունը։ Այստեղ պետք է բիզնեսը սկսի աշխատել։ Եվ երկրորդը՝ նույն կառավարության որոշմամբ պարտադիր պայման է սահմանված, որ երբ պատվիրատուն բնութագրերը հաստատում է, պետք է այնպիսի տրամաբանությամբ հաստատի, որ մրցույթին կարողանան մասնակցել 1-ից ավելի մասնակիցներ։ Այսինքն՝ եթե գնում ես ապրանք, որի բնութագրերը հնարավորություն չեն տալիս 1-ից ավելի արտադրողների ապրանք քեզ ներկայացնել, ապա սա համարվում է խտրական, դու իրավունք չունես այսպիսի բան անելու։  Բիզնեսը, երբ ասում է, որ խտրական է, պետք է սկսի նաև գործողություններ անել, որովհետև միայն հայտարարելով, թե խտրական է, ու գնալ առաջ, ես մի քիչ համաձայն չեմ այդ դիրքորոշման հետ։ Բավարար չափով գործիքակազմ է տրված տնտեսվարողներին, ինչպես նաև շահագրգիռ հասարակական միավորներին, որ եթե իրենք գտնում են, որ տեխնիկական բնութագրերում կա խտրականության հարց, իրենք լիարժեք ունեն հնարավորություն այդ հարցը բարձրացնելու, խնդիրը կարգավորելու, ավելին՝ հետո տեսնելու, թե իրենց առաջարկն ինչու չի ընդունել պատվիրատուն ու նոր որոշել՝ գնալ բողոքարկե՞լ, թե՞ չբողոքարկել։ Հավատացեք՝ բիզնեսից լավ ոչ մեկը չի կարող բնութագրերի խտրականության հարցը որոշել, որովհետև պետությունը գնում է մոտավարապես 20 հազար անուն ապրանք, աշխատանք, ծառայություն, և անհնար է մեկ ունիվերսալ կառույց պահել, որը կարողանա այդ վերլուծությունն անել ու որոշել՝ խտրակա՞ն է, թե՞ ոչ։ Դրա համար այդ հնարավորությունը պետությունը տվել է բիզնեսին։ Ասում է՝ բիզնե՛ս, դու բացեցիր հրավերը, տեսար, եթե տեսար բնութագրերում խտրական պայման կա, չես կարողանում մասնակցել, արձագանքի՛ր, անվճար է, հետո էլ կտեսնես՝ պատվիրատուն ընդունե՞ց, թե՞ չէ։ Եթե ընդունած չլինի, բողոքարկի՛ր։ Բայց դու փորձի՛ր «գլխից» կանխարգելել, այլ ոչ թե սպասիր, տես՝ հաղթո՞ւմ ես մրցույթում, թե՞ չես հաղթում, նոր հետո բողոքարկիր։ - Մեկ անձ ընթացակարգերում հանդիպում են դեպքեր, երբ մի քանի տարի շարունակ է նախապատվությունը տրվում՝ առանց շուկայի ուսումանսիրության։ Քննարկվո՞ւմ է մեկ անձ ընթացակարգի առաջ դրվող պահանջներն ավելի խստացնելու և հստակեցնելու հարցը։ - Մեկ անձից գնումը ենթադրում է տարբեր հիմքեր և դրանով պայմանավորված՝ ֆունկցիոնալ տարբեր պահանջներ։ «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված է մեկ անձից գնման 5 հիմք։ Առաջինն այն է, երբ մրցակցության բացակայությամբ պայմանավորված՝ գնումներ են արվում։ Սա հիմնականում վերաբերում է հանրային ծառայությունների մատուցման ոլորտում գործող ընկերություններից ծառայությունների ձեռբերմանը և որոշակի գնումներին, որտեղ կարող է լինել մրցակցություն, սակայն, կարիքի բավարարման առանձնահատկությունը հաշվի առնելով, կառավարությունը թույլ է տվել, որ մեկ անձից գնման ձևով արվի։ Երկրորդը մինչև 1 մլն դրամ գնումներն են։ Այսինքն՝ եթե տարվա ընթացքում ունես մինչև 1 մլն դրամի գնումներ, ապա այն ևս հնարավորություն է, որ չանես մրցույթ և գնես, ումից ցանկանաս։ Անտրամաբանական է 50 հազար դրամի համար մրցույթ անելը։ Երրորդ հիմքը հրատապ կարիքի բավարարումն է։ Այսինքն՝ առաջացել է իրավիճակ, երբ պատվիրատուն մրցակցային գնում անելու ժամանակ չունի։ Չորրորդ դեպքը, երբ թույլատրվում է պայմանագրի ծավալը 10 տոկոսով մեծացնել։ Վերջին հիմքը, երբ գնումներն արվում են Հայաստանի տարածքից դուրս և սպառվում են Հայաստանի տարածքից դուրս (դեսպանատներ և այլն)։ Թվարկված հիմքերը ոչ թե պարտադիր են, այլ կարող են։ Այսինքն՝ պատվիրատուն 100 հազար դրամի համար էլ կարող է մրցույթ անել, կարող է չանել, գնալ մեկ անձից գնման ձևով կարիքը բավարարել։ Իրենց իրավունքն է՝ անել մրցո՞ւյթ, թե՞ մեկ անձ։ Այստեղ շատ կարևոր բան կա, որի վրա, ըստ իս, պետք է կենտրոնանալ։ Մեր օրենքն ասում է, որ 1 դրամից սկսած՝ բոլոր պայմանագրերի մասին հայտարարությունները պետք է հրապարակվեն։ Այսինքն՝ ուզում ես առնես մեկ անձից, թե մրցույթով, անկախ պայմանագրի գնից՝ պատվիրատուն պետք է հրապարակի կնքված պայմանագրի մասին հայտարարություն։ Սրա տրամաբանությունը նաև այն է, որ շահագրգիռ մարդիկ նայեն, հասկանան, թե, օրինակ, մարզպետարանը ինչո՞ւ է ամեն տարի նույն մարդուց գնում, և այդ հարցը բարձրացնեն մարզպետարանի մոտ, փորձեն հասկանալ՝ թե ինչո՞ւ Պողոսից առան, այլ ոչ թե Պետրոսից։ Այսինքն՝ օրենսդրությունն ապահովում է հրապարակայնություն, պետությունն ասում է՝ պատվիրատո՛ւ, մինչև 1 մլն դրամ գնումների ժամանակ կարող ես գնալ՝ ումից ուզում ես՝ առնել, որովհետև համարվում է շատ փոքր ծախս, բայց ումից էլ առնես, դրա վերաբերյալ ինֆորմացիան կհրապարակես՝ ումից ես առել, ինչ ես առել, երբ ես առել։ Եթե շահագրգիռ մարդիկ ցանկություն ունեն պատվիրատուին հարցնել, թե ինչու է տվյալ մարդուց գնել, նա պետք է այդ հարցի պատասխանն ունենա, որովհետև, ճիշտ է՝ իր իրավունք է ուղիղ ինչ-որ մեկից առնելը, բայց, կարծում եմ, հանրային ծառայողի դեպքում իրավունքը պետք է ենթադրի նաև պարտականություն, այսինքն՝ պետք է ունենա այդ բացատրությունը։ Այսօր էլ պատվիրատուն կարող է մեկ անձից գնման դեպքում մի քանիսից գին հարցնել։ Կարելի է քննարկել այն, որ առնվազն 3-4 սուբյեկտից հարցումներ անելը պարտադիր դառնա։ Բայց, հավատացեք, սա ոչինչ չի փոխելու, որովհետև եթե պատվիրատուն ուզի 3 հարցում ունենալ, ապա կունենա և «իր մարդունը» այդտեղ կլինի ամենալավը։ Փոքրարժեք գնումների դեպքում սա շատ-շատ բարդ է անելը։ Այստեղ, ինձ թվում է, պետք է մտածել ավելի շատ կատալոգի գործընթացի տրամաբանություն դնելու ուղղությամբ, որի մասին մենք հիմա մտածում ենք։ Այսինքն՝ լինի էլեկտրոնային, ամեն մարդ իր ապրանքի առաջարկն այդտեղ ունենա, և այդ էլեկտրոնային համակարգի միջոցով պատվիրատուն ստանա գնային առաջարկներ։ Մենք հիմա դրա մասին մտածում ենք և այս նոր էլեկտրոնային համակարգի ֆունկցիոնալ նկարագրերում սա նախատեսելու ենք անպայման։ - Պարո՛ն Շահնազարյան, բանկային երաշխիքի ինստիտուտի ներդրումից հետո բարձրաձայնվում է դրա ռիսկերի ու տնտեսվարողների մոտ առաջացրած խնդիրների մասին։ Ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել նշված կարգավորումը և ինչպե՞ս են մեղմվում երաշխիքի ինստիտուտի ստեղծած ռիսկերը։ - Այս փոփոխությունը ներդրվել է նախանցյալ տարի նոյեմբերին, և անցած տարվա հունիսին որոշակի վերանայումներ արվել են։ Նախ պետք է մի բան ֆիքսել, որ պետական մարմինների կնքած պայմանագրերի 85 տոկոսի գինը չի գերազանցում 10 մլն դրամը, իսկ մինչև 10 մլն դրամ բանկային երաշխիքի ներկայացման պայմանը չի գործում։ Այսինքն՝ դաշտը բավականին մեծ է, և փոքր ու միջին սուբյեկտներն ունեն գործընթացներին լիարժեք մասնակցելու հնարավորություն։  Նախկինում նախատեսված էր, որ 10 մլն դրամից բարձր պայմանագրերի դեպքում բանկային երաշխիքով էր ներկայացվում ապահովումը, սակայն այժմ մասնակիցներին հնարավորություն է տրվել նաև կանխիկ փողով ներկայացնելու ապահովումը, որը պահում ենք գանձապետարանում, հատուկ առանձնացված հաշիվ կա, և պայմանագիրը կատարելուց հետո կանխիկ փողը վերադարձնում ենք ։ Այս cash cover-ի գաղափարն այն էր, որ մասնակիցն ասում էր՝ բանկը ինձնից շատ տոկոսներ է պահում, թանկանում է, չեմ կարողանում այս խնդիրը լուծել, դրա համար կանխիկ փողի գաղափարը դրվեց, որ փողը թողնեն և տոկոսներ չվճարեն։ Եվ ամենակարևոր փոփոխությունը, որը հունիսին արվեց․ այն պայմանագրերը, որոնք փուլային են կատարվում, և փուլը վերջնարդյունքի հետ փոխկապակցված չէ, ապա ամեն փուլի արդյունքն ընդունելուց հետո այդ չափով երաշխիքի կամ կանխիկ փողի չափը նվազեցվում է։ Տեխնիկական հսկողության մասով ևս որոշակի փոփոխություններ կատարվեցին, որոնք կարելի է բաժանել 3 մասի։ Նախ՝ տեխնիկական հսկողության մրցույթներում այլևս էժան գինը չի հաղթում, գին-որակ հարաբերակցությունն է աշխատում, և վերջինիս մեջ գնին տրվող միավորը չի կարող պակաս լինել 20 միավորից և ավելի՝ 30-ից։ Այսինքն՝ այստեղ մեխը դրված է ավելի շատ մեթոդաբանության, քան գնի վրա։ Այն տեխնիկական հսկողները, որոնք ինստիտուցիոնալ կայացած կառույցներ են, շատ լավ հնարավորություն ունեն մասնակցելու մրցույթներին և իրենց ներկայացրած մեթոդաբանության արդյունքում հաղթողներ ճանաչվել՝ թեկուզ թանկ գնով։ Երկրորդը՝ որակավորման ապահովման չափը, որը հավասար էր կապալառուի օբյեկտի նախահաշվային գնի 10 տոկոսին, հանվեց, և որակավորման ապահովման չափը հավասարվեց տեխնիկական հսկողի ներկայացրած գնային առաջարկի չափին։ Երրորդը՝ կար կառավարության որոշում, որով սահմանված էր, որ տեխնիկական հսկողության ծառայությանը տրվող չափը չէր կարող ավելի լինել, քան կապալառուի օբյեկտի գնի 1,5 տոկոսն է։ Այսինքն՝ կան սահմանված նորմատիվներ, և երբ դու բյուջեում գումար ես պլանավորում՝ տվյալ դպրոցի կառուցման տեխնիկական  հսկողության համար, ապա այդ պլանավորվող գումարի չափը չէր կարող ավելի լինել դպրոցի կառուցման գնի գումարի 1,5 տոկոսից։ Սա լուրջ խնդիր էր, որովհետև եթե շուկայում այդ ծառայության մատուցումն արժեր 5 տոկոս, ապա անհնար էր գումար հատկացնել։ Հիմա այդ սահմանափակումը ևս հանվել է, և նախատեսվել է, որ մրցույթի արդյունքում ձևավորված գինն է համարվելու տեխնիկական հսկողին վճարվող գումարի չափը։ Սա շատ կարևոր ու էական փոփոխություն է։  Արփի Ավետիսյան
22:34 - 18 հունվարի, 2021
Միքայել Մելքումյանը շրջանառությունից հանեց առաջին ընթերցմամբ ընդունված իր նախագիծը |armenpress.am|

Միքայել Մելքումյանը շրջանառությունից հանեց առաջին ընթերցմամբ ընդունված իր նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում շրջանառությունից հանեց իր ներկայացրած նախագիծը, որն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել էր լիագումար նիստում: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով Մելքումյանն առաջարկում էր ընդլայնել միկրոձեռնարկատիրության դաշտում գործող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց շրջանակը, որոնք զբաղվում են որոշակի գործունեությամբ: «Հատկապես առաջարկում ենք ներառել այն գործունեության տեսակները, որոնք ներտնային աշխատանքին են առնչվում, օրինակ` մաքրողները, դայակները»,-ասաց պատգամավորը: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հիշեցրեց, որ ի սկզբանե կառավարությունը հավանություն չի տվել նախագծին, սակայն կառավարությունն առաջարկել է Մելքումյանի նախագծի քննարկման առիթն օգտագործել և 5000 դրամների կանոնը վերանայել և պասիվ եկամուտները դուրս բերել միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգից: «Ի սկզբանե համակարգի ներդրման փիլիսոփայությունը չէր նախատեսում պասիվ եկամուտների հարկումից ազատում և նախատեսում էր պարզունակ գործունեության տեսակներով  զբաղվող և իրացման շրջանառության փոքր ծավալներ ունեցողների հարկումից ազատում»,-ասաց նա: Սակայն Մելքումյանը դեմ արտահայտվեց առաջարկին, քանի որ կարծում է, որ իր ներկայացրած նախագծի հետ կապ չունի այդ առաջարկը: Նա առաջարկեց նոր նախագծով ներկայացնել այդ առաջարկները: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ պատգամավորները առաջին ընթերցմամբ քննարկմանը լիակատար կոնսենսուս չեն ունեցել նախագծի վերաբերյալ: Նրա խոսքով՝ պատգամավորներն իմացել են, որ կառավարության իրենց գործընկերների հետ ընդհանուր հայտարարի են եկել, որ այդ պահին նախագիծն ընդունեն այս տեսքով, երկրորդ ընթերցմամբ քննարկմանը փոփոխություններ անեն: «Հիմա ստացվում է, որ պայմանավորվածությունը խախտվում է»,-ասաց նա: Մելքումյանը ներկայացրեց իր հիմնավորումները: Պատգամավորը նաև շեշտեց, որ ճգնաժամային իրավիճակում ընդհանրապես դեմ է որևէ հարկային ռեժիմի ծանրացման: «Իսկ եթե դուք չունեք կոնսենսուս, մի ունեցեք: Ես հենց հիմա կհանեմ այս օրենքի նախագիծը: Համարեք, որ ես պաշտոնապես հանում եմ այս նախագիծը»,-ասաց նա:
16:36 - 13 հունվարի, 2021
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ դառնալու գայթակղությունը մեծացել է. ֆիննախը թիվը գնահատում է նախատեսվածից շատ բարձր |armenpress.am|

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ դառնալու գայթակղությունը մեծացել է. ֆիննախը թիվը գնահատում է նախատեսվածից շատ բարձր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում միկրոձեռնարկատիրության սուբյեկտների թիվը տարեկան հասնում է շուրջ 35 հազարի, ՀՀ ֆինանսների նախարարությունը միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի կարգավորումների շրջանակներում այս թիվը գնահատում է նախատեսվածից շատ ավելի բարձր: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանի նախագծի քննարկմանը:  «2020 թվականի հունվարի 1-ից ներդրված միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի կարգավորումների շրջանակներում տարեկան ունենում ենք շուրջ 35 հազար միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, որոնց թիվը մենք գնահատում ենք չափազանց շատ բարձր՝ այդ թվում նախկինում տրված գնահատականից էականորեն բարձր, որը առավելագույնը 22 հազար թվաքանակի շրջանակում էր: Այս բարձր թիվը մենք հիմնականում պայմանավորում ենք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անձանց մոտ վարձու աշխատողների համար եկամտային հարկը ստանդարտ կանոնից տարբերվող կանոնով հաշվարկելու հետ (5000 դրամ)»,-ասաց Պողոսյանը:  Ըստ փոխնախարարի ՝ դա լուրջ շարժառիթ է, որ նաև երբեմն վարձու աշխատողները, որոնք հատկապես միջին և բարձր աշխատավարձ են ստանում, ազատվեն աշխատանքից, դառնան միկրոձեռնարկատիրության սուբյեկտ անհատ ձեռնարկատերեր և իրենց նախկին գործատուներին մատուցեն քաղաքացիաիրավական բնույթի ծառայություններ: Նա նկատեց, սակայն, որ բովանդակային առումով նրանց կյանքում որևէ բան չի փոխվում, նրանք կարող են նույն աշխատանքային պայմաններում աշխատել, պարզապես նախկինում կատարվող վարձու աշխատանքը փաստաթղթավորվում է որպես ծառայության ձեռքբերում: Պողոսյանը նշեց, որ առաջանում է հարկման արդարության ու հավասարության սկզբունքների էական խեղաթյուրում, նաև պետբյուջեն լուրջ հարկային եկամուտներ է կորցնում: 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքի փոփոխություններով՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտների վարձու աշխատողների աշխատավարձն անկախ չափից հարկվում է 5000 դրամով:
16:18 - 13 հունվարի, 2021
Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությանն անհատույց 10 մլն եվրո գումար է տրամադրել

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությանն անհատույց 10 մլն եվրո գումար է տրամադրել

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար իրականացվող անհատական ֆինանսական օժանդակության միջոցառումների համաֆինանսավորման նպատակով Հայաստանին անհատույց 10 մլն եվրո գումար է տրամադրել: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Սույն թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև համաձայնագիր է ստորագրվել, որով Ռուսաստանի Դաշնությունը 10 մլն. եվրո գումարի անհատույց ֆինանսական օգնություն է տրամադրում ՀՀ կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար իրականացվող ֆինանսական օժանդակության միջոցառումների համաֆինանսավորման նպատակով:
19:11 - 30 դեկտեմբերի, 2020
Հայաստանի 2021-ի տնտեսական աճի կանխատեսումը վերանայվել է. սպասվում է 3.2 տոկոս աճ |armenpress.am|

Հայաստանի 2021-ի տնտեսական աճի կանխատեսումը վերանայվել է. սպասվում է 3.2 տոկոս աճ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի 2021թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծում վերանայվել է տնտեսական աճի կանխատեսումը՝ նախապես կանխատեսված 4.8 տոկոսի փոխարեն նախանշելով 3.2 տոկոս տնտեսական աճ: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը: Ջանջուղազյանը նշեց նաև ՝ այնպես չէ, որ այդ 3.2 տոկոսը ամենահեշտ սպասվող կամ որևէ ջանք չպահանջող տնտեսական արդյունքն է, այն ենթադրում է քրտնաջան աշխատանք: Վերանայվել է նաև ՀՆԱ-ի անվանական մեծությունը: Դա իր ազդեցությունն է ունեցել նաև բյուջեի ցուցանիշների վրա՝ եկամուտների, մասնավորապես հարկային եկամուտների վրա, բյուջեի պակասուրդի վրա: «Մենք 2021-ին վերաբերվում ենք հարկաբյուջետային կանոնների տեսակետից որպես բացառիկ այն իմաստով, որ հայտնի չէ, թե երբ է մեկնարկելու տնտեսության վերականգնումը և ինչքան է տևելու: Հետևաբար հարկաբյուջետային քաղաքականությունը նախագծվել է այն տրամաբանությամբ, ինչը պահանջում են հարկաբյուջետային կանոնները: Այսինքն ՝մենք ունենալու ենք ավելի մեծ պակասուրդ՝ 5.3 տոկոս՝ համախառն ներքին արդյունքի, քան կունենայինք այլ հավասար պայմաններում»,-ասաց նախարարը: Նա ակնհայտ համարեց, որ այս տարի 7 տոկոսը գերազանցող պակասուրդ է սպասվում: «Ենթադրվում է, որ մյուս տարի կունենանք սահուն հարկաբյուջետային կոնսոլիդացիա ենթադրող հարկաբյուջետային քաղաքականություն և դեֆիցիտի 5.3 տոկոս մակարդակ»,-նշեց Ջանջուղազյանը: Ծախսերը սկզբնական ներկայացված նախագծի համեմատությամբ փոխվել են փոքր-ինչ, 1 տրլն 843 մլրդ դրամի փոխարեն այն կազմում է 1 տրլն 850 մլրդ դրամ: Հիմնական մասը բացատրվում է փոխարժեքի հաշվարկային մեծության փոփոխությամբ և պարտքի ներգրավման ծավալի մեծացմանը զուգընթաց պարտքի սպասարկման համար անհրաժեշտ միջոցներ նախատեսելու հանգամանքով:
14:41 - 09 դեկտեմբերի, 2020
Հաջորդ տարվա ռազմական ծախսերի փոփոխության հարցում կաշկանդված չենք. ֆինանսների նախարար |1lurer.am|

Հաջորդ տարվա ռազմական ծախսերի փոփոխության հարցում կաշկանդված չենք. ֆինանսների նախարար |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը խորհրդարանում «ՀՀ 2021 թվականի պետբյուջեի մասին» նախագծի քննարկմանն անդրադարձավ հնչող տեսակետին, թե վերջին իրադարձություններով պայմանավորված՝ այն հիմնովին պետք է փոխվի: «Բյուջեն մի կողմից ազդեցության գործիք է, մյուս կողմից՝ հետևանք է այն ոլորտային քաղաքականության, որը մեր երկրում բխում է կարգավորումներից: Ոլորտային քաղաքականության գերակշիռ մեծամասնությունն ամրագրված է օրենքներով: Բյուջետային ծախսերի 80 տոկոսը մեր երկրի օրենքներով ամրագրված պարտավորությունների արտացոլումն են, եկեք փոխենք, եկեք վերանայենք առաջնահերթությունները, եկեք քննարկենք դրանց հիմքում ընկած կարգավորումները և ըստ այդմ վերանայենք: Մի մասը օրենքներով վերապահված է Կառավարությանը և ակնկալվում է, որ Կառավարությունը իր որոշումներով պետք է կարգավորի այդ հարցը: Դա բյուջետային ծախսերի մոտավորապես 6 տոկոսն է»,- նշեց Ջանջուղազյանը: Բյուջետային ընդհանուր ծախսերի հաջորդ 6 տոկոսն էլ բխում են մեր երկրի ունեցած միջազգային պարտավորություններից, որոնք բոլորը ԱԺ-ն է հավանության արժանացրել՝ ասաց նախարարը:  «Հնարավո՞ր է սա փոխել, իհարկե հնարավոր է, բայց այդ հնարավորության իրացումը պետք է լինի արդյունք աշխատանքի: Մենք 2018-ից ներդրել ենք ծրագրային բյուջետավորման մոտեցումը՝ որպես օրենքի բաղկացուցիչ, և ենթադրվում է, որ ծրագրային բյուջետավորման տրամաբանության ներքո մենք չենք կարող խոսել միայն փողի կամ ֆինանսների մասին, մենք պետք է խոսենք դրա տակ ընկած քաղաքականության մասին, դրանից ակնկալվող ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների մասին»,- նշեց նախարարը: Ջանջուղազյանի խոսքով՝ 1990-2000-ական թվականներին մեր երկրում եղել է իրավիճակ, երբ որ մեր բյուջետային կանխատեսումների և մեր հավակնությունների անհամապատասխանության պայմաններում ձևավորել ենք բյուջետային պարտքեր: «Որպես ռիսկ՝ ճիշտ կլինի արձանագրել, որ որևէ դեպքում բյուջետային պարտքի ռիսկը անկայունության թելադրման կամ առաջացման լավագույն ճանապարհը կլինի: Մեզանից ոչ մեկը չի կարող պատկերացնել, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ իրավիճակ, որ օրինակ՝ բյուջեով նախատեսված այս կամ այն ծախսը հնարավոր չլինի իրականացնել միայն այն պատճառով, որ մենք բավարար չափով ողջամիտ չենք ծրագրավորել բյուջեն»,- նշեց նախարարը: Ռազմական ծախսերի մասին խոսելով՝ Ջանջուղազյանը նշեց, որ միգուցե այն ևս պետք է փոխվի, բայց չափի մասին դատողություններ անելիս պետք է հաշվի առնել, որ այն երկու կողմ ունի, այսինքն՝ այդ չափի անընդհատ ավելացումը կամ նվազումը իր ռիսկերն ունի: «Դրա տրամաբանությամբ է, որ ռազմական ծախսերի ընդհանուր բյուջեն նախատեսված է: Իսկ կարիք կլինի ավելացնել թե պակասեցնել, անորոշության աստիճանը թույլ չի տալիս հենց այսօր այդ փոփոխությունն անել: Հետևաբար՝ մենք ոչ մի բանով կաշկանդված չենք, որ այն ժամանակ, երբ պարզ կլինի, թե ինչ պիտի արվի ռազմական ծախսերի հետ, այդ ինչը արվի: Այսօր առկախել կամ ընդհանրապես ունենալ այդպիսի տեսակետ, որ կարելի է առկախել ռազմական բյուջեն՝ հաշվի առնելով, որ օրինակ՝ չգիտենք, թե ինչ է լինելու ռազմական ծախսերի հետ հաջորդ տարի, կարծում եմ՝ դա կլինի կոպիտ բացթողում»,- նշեց Ջանջուղազյանը:
13:27 - 09 դեկտեմբերի, 2020
Ատոմ Ջանջուղազյանը՝ «Հայաստան» հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված միջոցների մասին |1lurer.am|

Ատոմ Ջանջուղազյանը՝ «Հայաստան» հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված միջոցների մասին |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովում «ՀՀ 2021 թվականի պետբյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված միջոցներին և դրա շուրջ ծավալված քննարկումներին: Նախարարը նշեց, որ ստեղծման օրվանից (1992 թվական) հիմնադրամը նպատակ է ունեցել ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին և աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի և Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր: «Պետբյուջեին նվիրաբերությունները կատարվել են հոգաբարձուների խորհրդի որոշմամբ և ձևակերպվել հետևյալ տրամաբանությամբ, որ պետության կողմից ռազմական դրություն հայտարարելու հանգամանքով պայմանավորված՝ ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար նվիրաբերել հիմնադրամի բանկային հաշիվներին հավաքագրված միջոցներից ինչ-որ գումար: Նվիրաբերություն ստացողը պարտավորվում է օգտագործել նվիրաբերության գումարը բացառապես սույն կետում նշված նպատակների իրականացման համար»,- ասաց նախարարը: Ջանջուղազյանի խոսքով՝ նվիրաբերության պայմանագրով նախատեսված է նաև դրույթ, որի համաձայն պետք է ներկայացվի հաշվետվություն՝ ստացված միջոցների հավաստման և դրանց օգտագործման վերաբերյալ: Հաշվետվություն ներկայացնողը ֆինանսների նախարարությունն է: «Նվիրաբերության գումարը կառավարությանը հնարավորություն է ընձեռել 2020 թվականի պետբյուջեով նախատեսված միջոցները օրենսդրության սահմանված կարգով ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը, որոնք այդ հաշվետվությունը տրամադրելու օրվա դրությամբ կազմել են շուրջ 101 միլիարդ դրամ: Ռազմական դրությամբ պայմանավորված ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորման նպատակով միջոցները հատկացվել են Կառավարության համապատասխան որոշումներով: Դրանց, ինչպես նաև պետական այլ միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվություններն օրենսդրությամբ սահմանված կարգով կհրապարակվեն բյուջեի կատարման հաշվետվությունների շրջանակում»,-ընդգծեց Ջանջուղազյանը:  
13:09 - 09 դեկտեմբերի, 2020
Նախարարը պետության համար կենսական համարեց առաջիկա ժամանակահատվածի ծրագիր ունենալը. պետբյուջեն հենց այդ ծրագիրն է |armenpress.am|

Նախարարը պետության համար կենսական համարեց առաջիկա ժամանակահատվածի ծրագիր ունենալը. պետբյուջեն հենց այդ ծրագիրն է |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կարծում է, որ հատկապես այս իրավիճակում պետության համար կենսական նշանակություն ունի առաջիկա ժամանակահատվածի ծրագիր ունենալը, և պետբյուջեն հենց այդ առաջիկա ժամանակահատվածի ծրագիրն է: Ջանջուղազյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը՝ հետպատերազմյան շրջանում: «Պետության համար կենսական նշանակություն ունի առհասարակ և հատկապես այս իրավիճակում ունենալ առաջիկա ժամանակահատվածի ծրագիր: Պետբյուջեն՝ ինչպես գործող օրենսդրությամբ, այնպես էլ իր բովանդակությամբ, սահմանվում է որպես պետության՝ առաջիկա ժամանակահատվածի ծրագիր: Որպես պետություն, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր ճանաչվում է ՀՀ-ն, այլ ոչ թե որևէ անձ: Եվ, եթե այդ տեսանկյունից նայելու լինենք, աշխարհը ճանաչում է պետությանը և ուզում է հարաբերվել վերջինիս հետ որպես ինստիտուտի, այլ ոչ թե որպես փոփոխականների (ներողություն եմ խնդրում բոլոր անհատներից), որովհետև ենթադրվում է, որ մենք բոլորս կարողանում ենք մեր սեփական շահերը ստորադասել հանրայինին»,-ասաց նախարարը: Անդրադառնալով ինստիտուցիոնալ ներդրողներին՝ Ջանջուղազյանն ասաց. «Ինչպե՞ս եք պատկերացնում՝ նրանք կարո՞ղ են 10, 30 կամ ավելի տարով ներդրում անել մի միջավայրում, մի պետության մեջ, կամ այդ պետության որևէ բիզնեսում, որի ապագան կախված լինի միայն այս պահի իրավիճակից, և հնարավոր չլինի կանխատեսել, թե հիմնարարները ո՞ր ուղղությամբ են առաջնորդելու տվյալ երկրին»,-ասաց Ջանջուղազյանն ու հավելեց՝ դա գործնականում անհնար է: Նախարարը կարևորեց ներկայացնել նաև, թե երկիրը ինչ զարգացումների արդյունքում է հասել այսօրվան: Անդրադառնալով 2019-ի տնտեսական միջավայրին՝ Ջանջուղազյանն ասաց. «Մենք ունեցել ենք հարաբերական կայուն ընթացիկ հաշվի պակասուրդ, որը ցույց է տալիս արտաքին աշխարհի հետ մեր հարաբերությունները՝ մասնավորապես արտաքին առևտրի դիրքը: Համաշխարհային տնտեսության 2.9 տոկոս աճի պայմաններում Հայաստանի տնտեսությունն աճել է 7.6 տոկոսով»,-ասաց Ջանջուղազյանը: Նա հիշեցրեց՝ 2017-ին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը կազմել է 222 մլն դոլար կամ ՀՆԱ-ի մոտ 1.9 տոկոսը, 2018-ին՝ 247 մլն կամ ՀՆԱ-ի 2 տոկոսը, 2019-ին՝ 397 մլն՝ շուրջ 60 տոկոսով ավելի, քան 2018-ին կամ ՀՆԱ-ի 2.9 տոկոսը: Մշակող արդյունաբերության ճյուղը 2019-ին ունեցել է առաջանցիկ աճ: Անդրադառնալով բյուջետային հատվածին՝ Ջանջուղազյանը նշեց. «Մենք 2017-ին ունեցել ենք 267 մլն դրամ պակասուրդ կամ ՀՆԱ-ի 4.8 տոկոսը: Դա հանգեցրել է նրան, որ մենք վերանայել ենք մեր վերաբերմունքը հարկաբյուջետային կանոնների նկատմամբ, որպեսզի կառավարելի միջակայքում պահենք մեր պետական պարտքը: 2018-ին ունեցել ենք 105 մլրդ դրամ պակասուրդ կամ ՀՆԱ-ի 1.8 տոկոսը, 2019-ին՝ 64 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 1 տոկոսը: Սա հարկաբյուջետային կոնսոլիդացիայի վկայությունն է»,-ասաց նախարարը: Հարկային եկամուտները 2019-ին 2018-ի համեմատ անվանական արտահայտությամբ աճել են 16 տոկոսով, այն կազմել է 1 տրլն 464 մլրդ դրամ:
12:21 - 09 դեկտեմբերի, 2020
Հոկտեմբերին ՀՀ ֆինանսների նախարարությունում պարգևավճարներ չեն բաժանվել. նախարարության պարզաբանումը

Հոկտեմբերին ՀՀ ֆինանսների նախարարությունում պարգևավճարներ չեն բաժանվել. նախարարության պարզաբանումը

ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է պարզաբանում պետական հիմնարկներում՝ մասնավորապես Ֆինանսների նախարարությունում աշխատավարձի (ներառյալ՝ պարգևավճարների) տրամադրման կարգի մասին։ «Հաշվի առնելով, պետական մարմինների աշխատակիցների վարձատրության բաղկացուցիչ՝ պարգևավճարների շուրջ ծավալված քննարկումները և մասնավորապես, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատողներին վճարված պարգևատրումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներում տեղ գտած գնահատականները և նպատակ ունենալով կանխելու հնարավոր շահարկումները նախարարությունը տեղեկացնում է, որ ս․ թ․ հոկտեմբերին ՀՀ ֆինանսների նախարարությունում պարգևավճարներ չեն բաժանվել։    Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողություններով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 27-ից Հայաստանի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում ՀՀ ֆինանսների նախարարությունը փոխադրվել է ռազմական դրության աշխատանքային ռեժիմի՝ ապահովելով նախարարությանը վերապահված գործառույթների (այդ թվում՝ ռազմական գործողությունների ֆինանսական ապահովման նպատակով հրատապ ծախսերի կատարման կազմակերպում) շուրջօրյա՝ 7/24 ռեժիմով իրականացումը և ս.թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքի համար նախարարության որևէ աշխատակցի պարգևատրում չի վճարվել: Ս․թ․ հոկտեմբերին, ինչպես նախկինում տեղեկացվել է, նախարարության աշխատակիցներին պարգևավճարներ են հատկացվել սեպտեմբերին կատարված աշխատանքների համար։ Ծանրաբեռնվածության, ըստ էության, կրկնապատկման պայմաններում հոկտեմբեր ամսվա համար Նախարարության աշխատակիցները ստացել են տասնամյակներով ձևավորված, ուստի նաև իրավաչափորեն ակնկալվող վարձատրության չափի, որն իր մեջ ներառում է նաև պարգևատրման գումարը՝ միայն մի մասը (միայն հիմնական աշխատավարձը) և այդ նույն ժամանակ անտրտունջ կատարել են իրենց պարտականությունները ճիշտ այնպես, ինչպես հարիր է համախմբման կոչին արձագանքած հասարակության յուրաքանչյուր անդամին: Այս տեսակետից, հասարակությունը պառակտելու՝ հայրենասերների և պակաս հայրենասերների բաժանելուն ուղղված փորձերը դատապարտված են ձախողման, որովհետև ռազմական դրության ժամանակահատվածում ֆինանսների նախարարության կամ որևէ այլ պետական մարմնի աշխատակիցը. ռազմական գործողությունների առաջին օրվանից ընդհանուր զորահավաքի շրջանակում զորակոչվել և ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում, կամ գործառութային պարտականությունների կատարման տեսակետից օբյեկտիվորեն գնահատելով իր՝ պետական մարմնում ծառայությունը շարունակելու անհրաժեշտության աստիճանը, սահմանված կարգով կամավորագրվել է՝ պատրաստ լինելով համալրել ՀՀ զինված ուժերի շարքերը, կամ չտրվելով զգազմունքային պոռթկումներին և Հայրենիքին ծառայությունով առավելագույն նպաստ բերելու վերաբերյալ հավասարակշռված դատողության արդյունքում, շարունակել է ծանր ժամանակներում բարեխղճորեն կատարել ոչ միայն իր ընթացիկ պարտականությունները, այլև աշխատել է կրկնակի ծանրաբեռնվածությամբ։ Հետևաբար, պետական մարմնում աշխատանքը և դրա համար վարձատրությունը շահարկելով՝ որպես հասարակական պարսավանքի առարկա ներկայացնելու ուղղությամբ փորձերն ապարդյուն են։ Ճիշտ հակառակը՝ յուրաքանչյուր պատասխանատու վերաբերմունք, Հայրենիքին մատուցած բարեխիղճ ծառայություն պետք է գնահատվի համարժեքորեն և միանշանակորեն արժանանա հարգանքի։ Ինչ վերաբերում է այն տեսակետին, որ պարգևատրումների տրամադրումը զուգորդվել է «Հայաստան» Համահայկական Հիմնադրամից նվիրաբերությունների ստացմամբ, ուստի և ավելորդ շռայլություն է, ապա հարկ է նկատի ունենալ, որ տնտեսական անկման սպասմամբ պայմանավորված պետական բյուջեի ծախսերի կրճատման հարց չի քննարկվել, իսկ հանգանակությունները հիմնադրամին օրենքով չէին կարող կատարվել պետական բյուջեից, մինչդեռ քաղաքացիները, որոնց թվում են նաև Նախարարության աշխատակիցները, կարող էին և փաստացի կատարել են փոխանցումներ հիմնադրամին՝ իրենց վաստակած եկամուտներից»,-ասված է նախխարարության պարզաբանման մեջ:
11:20 - 28 նոյեմբերի, 2020
ՀՀ ֆինանսների նախարարության պարզաբանումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիաբերության վերաբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարության պարզաբանումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիաբերության վերաբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարության պարզաբանումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիաբերության վերաբերյալ․ Հաշվի առնելով այս օրերին լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցումները,  հարկ ենք համարում հրապարակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը նվիրաբերած դրամական միջոցների տրամադրման կարգի ու այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը։ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բյուջեների կատարումն իրականացվում է միասնական դրամարկղի սկզբունքի հիման վրա, որը նախատեսում է բյուջեների բոլոր մուտքերի մուտքագրումը և ելքերի կատարումը` պետական լիազորված մարմնի միասնական գանձապետական հաշվով: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ բյուջեների մուտքերը կուտակվում են պետական լիազորված մարմնի միասնական գանձապետական հաշվում: Նույն օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ բյուջետային մուտքերն են պետական կամ համայնքների բյուջեներ ստացվող դրամական միջոցները: Բյուջետային մուտքերը ներառում են տվյալ բյուջեին օրենքով ամրագրված բյուջետային եկամուտները (…): Նույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բյուջետային եկամուտներն են օրենսդրությանը համապատասխան պետական և համայնքների բյուջեներ մուտքագրվող` համապատասխանաբար պետական մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տնօրինվող դրամական միջոցները (…): Նույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ պետական բյուջեի եկամուտների աղբյուրներն են այլ եկամուտները: Նույն հոդվածի 5-րդ մասի «զ» կետի համաձայն՝ այլ եկամուտներն են (...) նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցները։ «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի «դ» կետի համաձայն՝ գանձապետարանի խնդիրներն են Հայաստանի Հանրապետության և համայնքների տնօրինության տակ գտնվող դրամական միջոցների մուտքագրման և դրանց հաշվին ծախսերի` լիազոր մարմնի գանձապետական միասնական հաշվով կատարման կազմակերպումը: Նույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին ամրագրված բոլոր միջոցները հաշվեգրվում են գանձապետական միասնական հաշվին: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և համայնքների կողմից բոլոր վճարումներն իրականացվում են գանձապետական միասնական հաշվից (եթե այլ բան չի նախատեսված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով)` լիազոր մարմնի սահմանած կարգով: Հարկ է նկատել, որ գանձապետական միասնական հաշիվը գանձապետական համակարգի առանցքային տարրերից է, ինչը հնարավորություն է տալիս համախմբել Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին պատկանող դրամական միջոցները ու ապահովել հանրային ֆինանսների արդյունավետ կառավարման համակարգ: Գանձապետական միասնական հաշվի ներդրմամբ, ի թիվս այլ առավելությունների, ձևավորվել է նաև հնարավորություն` գանձապետական միասնական հաշվի մեջ ներառվող ենթահաշիվների վարման միջոցով պարտավորությունների առանձնացված հաշվառում իրականացնելու համար։ Վերը ներկայացված կարգավորումների շրջանակում, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված միջոցները մուտքագրվել են գանձապետական միասնական հաշվի՝ «Ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններից պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար ստացված մուտքեր՝ տրամադրված ներքին աղբյուրներից» բյուջետային եկամուտների առանձնացված հաշվառման գանձապետական հաշվեհամարին և համախմբվելով պետական բյուջեի մնացած մուտքերի հետ օգտագործվել են նվիրաբերության պայմանագրերով համաձայնեցված ուղղություններով՝ ռազմական գործողությունների հետևանքով ծագած լրացուցիչ բյուջետային կարիքները ֆինանսավորելու նպատակով։ Խնդրո առարկա ֆինանսական միջոցների համախմբումը պետական բյուջեի եկամուտներում նշանակում է նաև, որ դրանց հաշվին ծախսերի կատարումը կազմակերպվել է ՀՀ բյուջետային համակարգի հիմքում դրված սկզբունքների, ներառյալ՝ հրապարակայնության սկզբունքի հիման վրա։ Բյուջեի հրապարակայնությունը, իր հերթին, նշանակում է հաստատված բյուջեի և դրա կատարման մասին հաշվետվությունների հրապարակումը մամուլում («Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածին համապատասխան), բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը։ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածն, ի թիվս այլնի, սահմանում է, որ պետական բյուջեի կատարման և դրա նկատմամբ վերահսկողության հրապարակայնությունը ապահովելու համար Կառավարությունը բյուջետային տարվա յուրաքանչյուր եռամսյակից հետո 45-օրյա ընթացքում հրապարակում է տեղեկատվություն պետական բյուջեի եռամսյակային կատարման մասին։ Հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված նվիրաբերության պայմանագրերի հիման վրա Հիմնադրամը «Ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններից պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար ստացված մուտքեր՝ տրամադրված ներքին աղբյուրներից» թիվ 900005002135 գանձապետական հաշվեհամարին, որպես նվիրաբերություն, փոխանցել է 52,703,113.3952 հազ. ՀՀ դրամ գումար (այսուհետ՝ նվիրաբերության գումար) պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով: Հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերության պայմանագրերի հիման վրա, որպես նվիրաբերություն, փոխանցված 52,703,113.3952 հազ. ՀՀ դրամ գումարն ամբողջությամբ մուտքագրվել է միասնական գանձապետական հաշվին «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» և «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան և դրանցով սահմանված կարգով: Նվիրաբերության գումարն օգտագործվել և բյուջետային գործընթացի շրջանակներում օգտագործվելու է պետական բյուջեով նախատեսված պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով: Ընդ որում, նվիրաբերության գումարի հաշվին վկայակոչված ծախսերի ֆինանսավորումը հնարավորություն է ընձեռել ՀՀ կառավարությանը ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով այդ ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված միջոցները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված, նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը, որոնք 19.11.2020թ. դրությամբ կազմում են շուրջ 100,978,491.5 հազ. ՀՀ դրամ: Ռազմական դրությամբ պայմանավորված նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորման նպատակով միջոցները հատկացվել են ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով, դրանց օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները օրենսդությամբ սահմանված կարգով կհրապարակվեն բյուջեների կատարման հաշվետվությունների շրջանակում: Անդրադառնալով Հիմնադրամի կողմից վերը նշված նվիրաբերության պայմանագրերի կնքման իրավաչափության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած գնահատականներին՝ հարկ է նկատի ունենալ հետևյալը. «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադիրների, Հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև Հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և Հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ Հիմնադրամի հիմնադիրները, Հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև Հիմնադրամի աշխատողները հանդիսանում են կանոնադրությամբ նախատեսված շահառուներ: Նույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հիմնադրամի շահառուներ են համարվում ֆիզիկական և իրավաբանական այն անձինք, որոնց օգտին, Հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան, կարող են կատարվել կամ կատարվել են որոշակի վճարումներ, մատուցվել ծառայություններ կամ նրանց փոխանցվել Հիմնադրամի գույքի որոշ մասը: Հիմնադրամի կանոնադրության (այսուհետ՝ Կանոնադրություն) 5-րդ կետի համաձայն՝ Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս ՀՀ նախագահը: Կանոնադրության 23-րդ կետի համաձայն՝ Հիմնադրամը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող ու իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցներն իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան։ Կանոնադրության 27-րդ կետի համաձայն՝ Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, Հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև Հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և Հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ Հիմնադրամի հիմնադիրը, Հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև Հիմնադրամի աշխատողները հանդիսանում են կանոնադրությամբ նախատեսված շահառուներ: Կանոնադրության 38-րդ կետի «զ» ենթակետի համաձայն՝ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի իրավասությանն է վերապահված Հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը: Կանոնադրության 10-րդ կետի համաձայն՝ Հիմնադրամի գործունեության նպատակներն ու խնդիրներն են․ ա) օժանդակել Հայաստանի և այլ երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը և բարեփոխումների իրականացմանը, բ) նպաստել գիտական, կրթական, մշակութային, սոցիալական և առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը (…)։ Տվյալ դեպքում, ինչպես վերը նշվել է, Հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը ֆինանսական միջոցները փոխանցվել են. սահմանված կարգով կնքված նվիրաբերության պայմանագրերի հիման վրա,    2.պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ: Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով այն հանգամանքը, որ նվիրաբերության պայմանագրերով սահմանված նվիրաբերության գումարի օգտագործման պայմանն ամբողջությամբ համապատասխանում է Հիմնադրամի կանոնադրությամբ ամրագրված վերջինիս գործունեության նպատակներին և խնդիրներին, և խնդրո առարկա գործարքներն արժանացել են Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հավանությանը՝ գտնում ենք, որ դրանց ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ գնահատականներն անհիմն են։
12:05 - 24 նոյեմբերի, 2020
ԱԺ կիսադատարկ դահլիճում նախարարը ներկայացնում է գլխավոր ֆինանսական փաստաթուղթը |hetq.am|

ԱԺ կիսադատարկ դահլիճում նախարարը ներկայացնում է գլխավոր ֆինանսական փաստաթուղթը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի հերթական նիստում քննարկվում է 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը, այն ներկայացնում է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նիստին ներկա է միայն քաղաքական մեծամասնության մի քանի պատգամավոր: Ընդդիմությունը պնդեց, որ այս իրավիճակում պատրաստ չեն այլ հարց քննարկել, քան ռազմական դրության չեղարկումն ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ուստի հեռացան նիստերի դահլիճից: Ֆինանսների նախարարը, մոտենալով խոսափողին, պատասխանեց ավելի վաղ ելույթ ունեցած Միքայել Մելքումյանին, թե ինչու հրաժարականի դիմում չի ներկայացնում: Նախարարը հայտարարեց` հավատարիմ է մնալու իր երդմանը ու բարեխղճորեն կատարելու է այն պարտականությունները, որոնք ստանձնել է նախարարի պաշտոնում նշանակվելիս: Գլխավոր ֆինանսիստը հիշեցրեց, որ Կառավարությունն օրենքով ու միջազգային պայմանագրերով ստանձնած որոշակի պարտավորություններ ունի, ինչը ենթադրում է, որ բյուջեն պետք է հաստատվի, և ստանձնած պարտավորությունները կատարվեն: Նախարարի խոսքով` բյուջեի արմատական փոփոխությունների մասին խոսակցությունները խնդրահարույց են, վերջինիս համոզմամբ` կազմված նախագծում տրամաբանություն ու քաղաքականություն է դրված: Ջանջուղազյանը հիշեցրեց, որ նախագիծը կազմվել է մինչ ռազմական դրությունը հաստատվելը: 2021 թվականին նախատեսվում է ապահովել 1 տրիլիոն 569 միլիարդ դրամի եկամուտ, նախանշված է 1 տրիլիոն 843 միլիարդ դրամ ծախս, դեֆիցիտը՝ 274 միլիարդ դրամ: Հավանական է համարվում 3,2 % տնտեսական աճի սցենարը:
16:02 - 17 նոյեմբերի, 2020
Կառավարությունը 2021-ի բյուջեով նախատեսված ծախսերը կրճատելը նպատակահարմար չի համարում

 |armenpress.am|

Կառավարությունը 2021-ի բյուջեով նախատեսված ծախսերը կրճատելը նպատակահարմար չի համարում |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հաջորդ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսերը կրճատելու կողմնակիցը չէ, ամեն ինչ կփորձի անել, որ ծախսերի բաղադրիչը պահպանվի՝ տնտեսական աճը վերականգնելու համար, սակայն վերաբաշխումներ կատարելը չի բացառում:  Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: ԼՀԿ-ից Անի Սամսոնյանը նշեց՝ նկատի ունենալով, որ երկիրը համավարակային և պատերազմական իրավիճակի մեջ է, կարծում է, որ ծախսերը պետք է լինեն ավելի խնայողական: «Եվ դա առաջին հերթին վերաբերում է վարչական ծախսերին, աշխատակազմերին, որտեղ լինում են ծախսեր ինչ-որ միջոցառումների, թանկարժեք գնումների համար»,- ասաց պատգամավորն ու հարցրեց, թե նախատեսվո՞ւմ են, արդյոք, էական կրճատումներ, խնայողություններ՝ այդ գումարներն այլ բնագավառներ ուղղելու համար: Նախարար Ջանջուղազյանը չհամաձայնեց պնդման հետ՝ նշելով, որ հարկաբյուջետային քաղաքականության տրամաբանությունը ճիշտ հակառակն է: «Ճգնաժամի պայմաններում, ինչպես նաև վերականգնմանը նպաստող միջավայր ձևավորելու տեսակետից ծախսերի կրճատման հարց քննարկելը հիմնավորված չէ»,- ասաց նա ու հավելեց՝ միջազգային մամուլը, հեղինակավոր կազմակերպություններն էլ փաստում են, որ ճգնաժամի ազդեցությունը մեղմելու, վերականգնում աահովելու ճանապարհը ծախսերի ընդլայնումն է: Ջանջուղազյանը հիշեցրեց, որ նույնիսկ 2020-ի բյուջեում երկու անգամ կատարված փոփոխություններով ծախսերի կրճատում չեն առաջարկել: «Իսկ 2021-ի համար մենք ծախսերի երկու խմբի դեպքում էլ կիրառել ենք այն մոտեցումը, ինչը ենթադրում է, որ հարկաբյուջետային քաղաքականության տեսակետից լավագույնը կլինի: Ամեն ինչ պետք է փորձենք անել, որ ծախսերի բաղադրիչը պահպանվի, քանի որ գիտակցում ենք, որ նաև դա է տնտեսական աճը վերականգնելու: Հակառակ դեպքում կարող ենք այնպիսի գործողություններ անել, որոնք ավելի կխորացնեն խնդիրը»,- ասաց նախարարը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք ծախսերում վերաբաշխումներ կատարելու անհրաժեշտություն կլինի՞, Ջանջուղազյանն ասաց, որ դա տեղի է ունենում նաև այսօր, և ակնհայտ է, որ կարող է այդպիսի անհրաժեշտություն առաջանալ նաև հաջորդ տարի:
11:27 - 04 նոյեմբերի, 2020
Հաջորդ տարվա բյուջեի նախագծով կապիտալ ծրագրերի իրականացման համար նախատեսվել է 215 մլրդ դրամ |armenpress.am|

Հաջորդ տարվա բյուջեի նախագծով կապիտալ ծրագրերի իրականացման համար նախատեսվել է 215 մլրդ դրամ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2021 թվականի համար բյուջեի նախագծով նախատեսված կապիտալ ծախսերի չափը գերազանցում է կապիտալ ծախսեր իրականացնելու համար երկրի՝ պատմական միջին կարողությունը, նախատեսված միջոցների չափը կազմում է 215 մլրդ դրամ: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «2021 թվականի բյուջեի նախագծում կապիտալ ծրագրերի համար նախատեսված միջոցների չափը կազմում է 215 մլրդ դրամ կամ կանխատեսվող համախառն ներքին արդյունքի 3.2 տոկոսը: Դա գերազանցում է մեր երկրի պատմական միջին կարողությունը՝ կապիտալ ծախսեր իրականացնելու համար: Այսինքն՝ մի փոքր ավելի բարձր շեմ է վերցված, քան մենք պատմականորեն միջինում կարողացել ենք կապիտալ ծախսեր իրականացնել»,-ասաց նախարարը: Բացի կոնկրետ բյուջեով նախատեսված 215 մլրդ դրամից, 2021 թվականի բյուջեում դրվել է նաև մի միջանկյալ լուծում: Առանձին  հավելվածով առաջարկվել է կապիտալ ծրագրերի առաջնահերթություններ հանդիսացող ծախսերի ցանկ: Դա նշանակում է, որ հնարավոր կլինի տարվա ընթացքում վերանայել, վերաբաշխումներ կատարել: Անդրադառնալով բյուջեի նախագծի ընդհանուր տրամաբանությանը՝  նախարարը նշեց՝ միանշանակ կանգ են առել այն որոշման վրա, որ նույնիսկ ամենաանորոշ իրավիճակում շատ ավելի լավ է ունենալ որևէ ծրագիր, քան ընդհանրապես թույլ տալ, որ գործողություններն ու իրադարձությունները զարգանան ինքնաբերաբար, այլ կերպ ասած՝ գործընթացների վրա ազդող լինել, քան սպասել իրադարձությունների զարգացմանը և փորձել դրանց հակազդել: Հենց այս տրամաբանությունն է ընկած եղել բյուջեի նախագծի մշակման հիմքում: Անորոշության աստիճանը չափազանց բարձր է, բայց նույնիսկ այս պարագայում օգտագործվել է այն տեղեկատվությունը, որը հասանելի է եղել: Օգտագործվել է ժամանակակից և արդիական գնահատվող լավագույն մեթոդաբանությունը՝ կանխատեսելու թե մակրո և թե բյուջետային շրջանակը: Նպատակադրվել է տնտեսական աճի վերականգնումը և պոտենցիալի մեծացումը: «Տնտեսական աճի պոտենցիալին միտված գործողություններն այլընտրանք չունեն, որովհետև երկրի առջև ծառացած խնդիրների տեսակետից՝ լավագույն լուծումների հասնելու միակ ճանապարհն ավելի լավ տնտեսություն ունենալն է: Իսկ ավելի լավ տնտեսություն ունենալ հնարավոր է ոչ թե միանվագ գործողություններով, այլ տնտեսական աճի պոտենցիալի մեծացմամբ»,-ասաց Ջանջուղազյանը:
11:28 - 02 նոյեմբերի, 2020