Վեոլիա ջուր

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր գործունեությունն է ծավալում Հայաստանում 2017 թ․-ից։ «Վեոլիա Ջրի» սպասարկման տարածքն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը, այդ թվում մայրաքաղաք Երևանը, 44 այլ քաղաք և 318 գյուղ: Ընդամենը 363 բնակավայր:

Դրանից բացի, ընկերությունը մեծածախ ջրամատակարարման ծառայություններ է մատուցում 53 բնակավայրի: Ընդհանուր առմամբ Օպերատորը սպասարկում 527 000 ակտիվ բաժանորդի:

«Վեոլիա Ջուր» ընկերության պարզաբանումը՝ ջրամատակարարման գրաֆիկների վերաբերյալ

«Վեոլիա Ջուր» ընկերության պարզաբանումը՝ ջրամատակարարման գրաֆիկների վերաբերյալ

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հրապարակել էր իր սպասարկման տարածքի բնակավայրերի ջրամատակարարման գրաֆիկը՝ 2020թ. հոկտեմբերի 1– 2021թ. ապրիլի 30 ժամանակահատվածի համար։ Այսօր ընկերությունը պարզաբանում է ուղարկել այդ գրաֆիկի վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք.  Ընկերությունը հայտնում է, որ 2020թ. հոկտեմբերի 1 – 2021թ. ապրիլի 30 ժամանակահատվածում ջրամատակարարման գրաֆիկը մնալու է նույնը, ինչ եղել է դրան նախորդող ժամանակահատվածում։ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակված ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում։ Ջրամատակարարման գրաֆիկի հրապարակումը 2016թ. նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարության, ի դեմս Ջրային կոմիտեի, ֆրանսիական «Վեոլիա Գրուփ» ընկերության և «Վեոլիա Ջուր» ընկերության միջև կնքված եռակողմ 15 ամյա վարձակալության պայմանագրի հիման վրա ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀՀ ՀԾԿՀ/ կողմից Վեոլիա Ջուր ՓԲԸ-ին տրված գործունեության թիվ 1 Լիցենզիայի պահանջն է:  Հայաստանի ջրամատակարարման համակարգերի Օպերատորը պարտավոր է տարին երկու անգամ՝ ապրիլին և սեպտեմբերին հրապարակել գրաֆիկն առաջիկա ամիսների համար: Գրաֆիկը տպագրվում է թերթում, տեղադրվում է ընկերության veolia.am պաշտոնական կայքում և Ֆեյսբուք սոցիալական ցանցի Veolia armenia էջում, ինչպես նաև նշվում է բաժանորդների վճարման անդորրագրերում:  Վերջին տարիներին «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ այսօր բաժանորդների մեծ մասի գրաֆիկը շուրջօրյա է: Արմատապես բարելավվել է ջրամատակարարումը հանրապետության տասնյակ բնակավայրերում: Ձեռնարկվում են արդյունավետ միջոցներ հատկապես նվազագույն ջրամատակարարում ունեցող բաժանորդների գրաֆիկի բարելավման նպատակով, ինչը խիստ հրատապ է հատկապես մարզերում: «Վեոլիա Ջուր» ընկերությունը լիովին կատարում է իր ներդրումային պարտավորությունները՝ սեփական միջոցներից և ապահովում է ջրամատակարարման ռեժիմ, որը համապատասխանում է համակարգի տվյալ պահի տեխնիկական հնարավորություններին: Ավելին, խոսքը ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ջրամատակարարման մասին է, քանի որ իրականում, հատկապես  հոկտեմբեր – ապրիլ ժամանակամիջոցում բաժանորդները ապահովվում են հայտարարվածից ավելի երկարաժամկետ ջրամատակարարմամբ: Ընկերության շուրջ 2800 աշխատակիցներ շուրջօրյա ռեժիմով անում են հնարավոր ամեն բան վթարներին արագ արձագանքելու, նոր ջրագծեր ու ջրամբարներ կառուցելու, համակարգի մյուս ինժեներական ենթակառուցվածքներն տեխնիկապես վերազինելու ու այս ճանապարհով բաժանորդներին կայուն ջրամատակարարմամբ և որակյալ ջրով ապահովելու համար:
14:27 - 26 սեպտեմբերի, 2020
Հոկտեմբերի 1-ից Երևանի ու այլ բնակավայրերի մի մասում ջրամատակարարումը կդառնա ժամով․ Վեոլիա ջուր

Հոկտեմբերի 1-ից Երևանի ու այլ բնակավայրերի մի մասում ջրամատակարարումը կդառնա ժամով․ Վեոլիա ջուր

Հոկտեմբերի 1-ից Երևանի մի շարք հասցեներում ջուրը կդառնա ժամով: Այս մասին հայտարարություն է տարածել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն։ «Հարգելի սպառող, Հրապարակված ջրամատակարարման գրաֆիկն առաջիկա ամիսների համար կազմվել է` հաշվի առնելով «Վեոլիա ջուր» ՓԲԸ ներկայիս տեխնիկական հնարավորությունները և համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող նվազագույն պահանջներին: Այն գործում է 2020 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թ. ապրիլի 30-ը ներառյալ: Հրապարակված գրաֆիկների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ «Վեոլիա ջուր» ՓԲԸ «Հեռախոսային կենտրոնի» (հեռ.՝ 1-85, 011.300-185, 0-800-00-185` անվճար), veolia.am պաշտոնական կայքի, Բաժանորդների սպասարկման գրասենյակների (հասցե` ք. Երևան՝ Աբովյան 66ա, Ազատության 24, Էրեբունի 5, Լվովյան 2, Ֆուչիկի 1/3, ք. Գյումրի՝ Դուդկոյի 1, ք. Վանաձոր՝ Ն.Ստեփանյան 2), ընկերության տարածքային բոլոր ստորաբաժանումների, ինչպես նաև Վճարման անդորրագրերի միջոցով, որտեղ նշվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա ջրամատակարարման գրաֆիկը: «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հիշեցնում է, որ բազմաբնակարան շենքերի ներքին ցանցում վթարների դեպքում անհրաժեշտ է դիմել համապատասխան համատիրությանը, շենքի լիազոր ներկայացուցչին, համայնքապետարանի կամ վարչական շրջանի աշխատակազմին: Անհատական տնատիրություններում վթարները պարտավոր են վերացնել իրենք` սեփականատերերը»,- ասված է հայտարարության մեջ։ Հասցեների ցանկը կարող եք տեսնել այստեղ։ Ընկերությունը ներկայացրել է պարզաբանում ջրամատակարարման գրաֆիկների վերաբերյալ։
12:17 - 26 սեպտեմբերի, 2020
ՀԾԿՀ-ն մոնիթորինգ է նախաձեռնել «Վեոլիա Ջուր» ընկերությունում

ՀԾԿՀ-ն մոնիթորինգ է նախաձեռնել «Վեոլիա Ջուր» ընկերությունում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Վեոլիա Ջուր» ընկերությունում նախաձեռնել է ընկերության կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ՝ 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: Աս մասին տեղեկացրին ՀԾԿՀ մամուլի բաժնից: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից 2020 թվականի օգոստոսի 7-ին ներկայացված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտի ուսումնասիրության շրջանակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախաձեռնել է ընկերության կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ՝ 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:  Հանձնաժողովը հայտնում է, որ խմելու ջրի ոլորտում ապօրինի միացումների կամ ապօրինի ջրօգտագործման դեպքերի վերաբերյալ տեղեկատվության տիրապետելու դեպքում քաղաքացիները կարող են դրանք տրամադրել հանձնաժողովին՝ զանգահարելով (010) 584 529 հանձնաժողովի թեժ գծին: Միաժամանակ տեղեկացնում է, որ ցանկության դեպքում կարող են անձամբ մասնակցել վերը նշված մոնիթորինգին: 
11:25 - 20 օգոստոսի, 2020
Ե՞րբ և ո՞ւմ են վաճառվել Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները. մաս 2 |fip.am|

Ե՞րբ և ո՞ւմ են վաճառվել Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները. մաս 2 |fip.am|

fip.am: Անկախացումից հետո Հայաստանի ռազմավարական նշանակության մի շարք օբյեկտներ, ենթակառուցվածքներ տարբեր պատճառաբանություններով և փաստարկներով մասնավորեցվեցին և վաճառվեցին, հանձնվեցին օտարերկրյա կառավարման։   Նախորդ հոդվածում անդրադարձ էր կատարվել «Գույք պարտքի դիմաց» պայմանագրին, ինչպես նաև ՀԷՑ-ի և «Հայգազի» վաճառքի պատմություններին: Երկրորդ մասում կներկայացնենք «Սևան-Հրազդան» հիդրոէլեկտրակայանների կասկադի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վաճառքի, ինչպես նաև երկաթուղու, ջրամատակարարման համակարգի, Մեծամորի ատոմակայանի և «Հայփոստի» հավատարմագրային կառավարումն օտարերկրյա կազմակերպություններին տրամադրելու պատմությունները։ «Սևան-Հրազդան» հիդրոէլեկտրակայանների կասկադ «Սևան-Հրազդան» հիդրոէլեկտրակայանների կասկադը յոթ ՀԷԿ-երի՝ Սևանի, Հրազդանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի, Երևան-1-ի և Երևան-3-ի համակարգ է, որի գումարային հզորությունը կազմում է 559.4 մՎտ, իսկ տարեկան նախագծային արտադրանքը՝ 2.32 մլրդ կՎտ.ժամ:  2003 թվականին Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարության որոշմամբ Մեծամորի ատոմակայանի միջուկային վառելիքի դիմաց գոյացած պարտքը մարելու նպատակով ընդամենը 25 միլիոն դոլարի դիմաց 7 ՀԷԿ-ից բաղկացած կասկադը տրվեց «Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» ՓԲԸ-ին («ՄԷԿ» ՓԲԸ), որը պատկանում էր ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը: 2011 թվականին «ՌուսՀիդրոն» ձեռք բերեց «ՄԷԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը: 2019 թվականին հայտնի դարձավ, որ «Սևան-Հրազդան» կասկադը ակտիվների և պասիվների հետ միասին 173 միլիոն ռուբլով վաճառվել է «Տաշիր» ընկերությանը:  Ջրամատակարարում Մինչև 2016 թվականը Հայաստանում ջրամատակարարում իրականացնում էր 5 ընկերություն՝ «Երևան Ջուրը», «Հայջրմուղկոյուղին», «Լոռի-ջրմուղկոյուղին» «Շիրակ-ջրմուղկոյուղին» և «Նոր Ակունքը»: Ընդ որում, 2006 թվականից դրանց կառավարումն իրականացնում էին երկու ֆրանսիական ընկերություններ. «Երևան Ջուրը» կառավարում էր «Վեոլիա Գրուպը», իսկ մնացածը՝ սկսած 2004 թվականից՝ «Սուարը»: 2016 թվականին ջրամատակարարման համակարգը կառավարման հանձնվեց մեկ ընկերության: Կառավարությունը պայմանագիր կնքեց ֆրանսիական «Վեոլիա ջուր» ընկերության հետ: 800 միլիոն եվրո արժեցած գործարքով ընկերությունը 15 տարով վարձակալեց նախկինում 5 ընկերությունների կողմից օգտագործվող և պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը:  Մեծամորի ատոմակայանը Ըստ «Էներգետիկայի մասին» օրենքի՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը և մասնավորեցման ենթակա չեն: Սակայն դրա կառավարման իրավունքը հանձնվել է օտարերկրյա կազմակերպությունների: 2003 թվականին «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ին փոխանցվեց Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հավատարմագրային կառավարումը։ ԱԷԿ-ի հավատարմագրային կառավարման իրավունքը ռուսական ընկերությանը փոխանցվեց այն բանից հետո, երբ տարեկան 100 միլիոն դոլարի հոսանք արտադրող ԱԷԿ-ն այլևս չէր կարողանում վճարել Ռուսաստանից ներկրված միջուկային վառելիքի դիմաց գոյացած մոտ 40 միլիոն դոլար պարտքը։ ԱԷԿ-ի ստացած շահույթի 25 տոկոսը ստանալու էր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵՍ» ընկերությունը, մնացած 75 տոկոսը՝ Հայաստանի կառավարությունը:  2012 թվականին պայմանագիրը կասեցվեց ռուսական ընկերության դիմումի համաձայն, քանի որ, ըստ ռուսական լրատվամիջոցների, աշխատանքային պայմանները շահավետ չէին: Հարցմանն ի պատասխան՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնեցին, որ ներկայում ատոմակայանը հանձնված չէ հավատարմագրային կառավարման և պատկանում է Հայաստանի Հանրապետությանը:  Երկաթուղի 2007 թվականին Հայաստանի կառավարությունը հաստատեց հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու մրցույթի անցկացման մասին որոշումը: 2008 թվականի  փետրվարին կառավարությունը հավանության արժանացրեց Հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու վերաբերյալ որոշումը: Ռուսական կողմին հանձնված կառավարման ժամկետը 30 տարի է՝ քսան տարվա աշխատանքից հետո տասը տարի երկարաձգելու իրավունքով՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ:  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մասնավորեցվեց 2004 թվականին, երբ կառավարությունը 132 միլիոն դոլարի դիմաց գործարանը օտարեց 4 ընկերության: Գերմանական «Քրոնիմեդ» ընկերությունը ստացավ կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, Երևանի «Մաքուր երկաթ» գործարանը՝ 15 տոկոսը, «Արմենիան Մոլիբդենիում Փրոդակշըն» և «Զանգեզուր Մայնինգ» փակ բաժնետիրական ընկերությունները՝ 12․5-ական տոկոսը։ 2014 թվականին «Քրոնիմեդը» գնեց «Մաքուր երկաթ» գործարանի բաժնեմասերը: Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկի բաժնետերերի մասին մանրամասն անդրադարձ էր կատարել «Սիվիլնեթը»՝ բացահայտելով կոմբինատի կապը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի  և այլ անձանց հետ: «Հայփոստ» Փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության միանձնյա սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է: Այն ծառայություններ է մատուցում Հայաստանի ողջ տարածքում՝ 900 փոստային բաժանմունքներում:  2004 թվականին ընկերության հավատարմագրային կառավարումը կառավարության որոշմամբ անցավ «Կոնվերս Ինվեստ» ընկերությանը, ապա՝ ընդամենը երկու տարի անց, կառավարիչը փոխվեց: 2006 թվականին կառավարության որոշմամբ «Հայփոստի» հավատարմագրային կառավարման պատասխանատվությունը ստանձնեց նիդերլանդական «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո էռնեկյանին: Գործընթացն իրականացվեց առանց մրցույթի:  2015 թվականին, արդեն Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունը որոշում կայացրեց՝ ընկերությունն ամբողջովին մասնավորեցնելու մասին: Ըստ կառավարության ներկայացուցիչների՝ մասնավորեցումը նպաստելու էր կապի ոլորտի զարգացմանը և նոր ներդրումների իրականացմանը: Սակայն 2019 թվականին կառավարության դիրքորոշումն այս հարցում փոխվեց: Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանն Ազգային ժողովում հայտարարեց, որ «Հայփոստը» կարևոր է պետական ծառայությունների մատակարարման տեսանկյունից, և այդ պատճառով դրա մասնավորեցումը նպատակահարմար չէ: 2020 թվականին՝ 16 տարվա հավատարմագրային կառավարումից հետո, «Հայփոստն» անցավ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Այսպիսով, այսօր Հայաստանի էներգետիկ ոլորտում բացարձակ գերիշխող դիրքեր են զբաղեցնում ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը և ռուսական «Գազպրոմ Արմենիան»: Լուսինե Ոսկանյան
16:14 - 14 օգոստոսի, 2020