Լիբանան

Բեյրութի հյուրանոցների 90%-ը վնասվել է պայթյունից, չկա մի բիզնես, որը տուժած չլինի. էկոնոմիկայի նախարար
 |tert.am|

Բեյրութի հյուրանոցների 90%-ը վնասվել է պայթյունից, չկա մի բիզնես, որը տուժած չլինի. էկոնոմիկայի նախարար |tert.am|

tert.am: Բեյրութում գործող յուրաքանչյուր բիզնես տուժել է նախօրեին տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով: CNN-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել երկրի էկոնոմիկայի նախարար Ռաուլ Նեհմեն: «Չկա նույնիսկ մեկ բնակարան Բեյրութում, որը տուժած չլինի, ոչ մի բիզնես և ոչ էլ ապրանքի որևէ պահեստ: Սա հսկայական հարված է տնտեսությանը, նավահագիստը նույնպես մասնակիորեն ջնջվել է»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ դեռ շատ վաղ է լիակատար գնահատական տալու տնտեսությանը հասցված վնասին: «Ոչ ոք ներկա պահին չի կարող իմանալ ճիշտ թիվը՝ մեկ մլրդ դոլար, երկու, երեք, հինգ, տաս. մենք չգիտենք: Դեռ չափազանց շուտ է: Սակայն այն շատ բարձր է»,- շեշտել է պաշտոնյան: Վերջինիս խոսքով՝ կառավարության առաջնահերթությունը ներկա պահին մարդկանց հիմնական կարիքները հոգալն է, հիմնականում սննդի հարցը, ինչպես նաև ավերված տները վերականգնելու համար անհրաժեշտ նյութերի մատակարարումը: Լիբանանյան պետական լրատվամիջոցը հայտնել է նաև, որ վնասվել է լիբանանյան մայրաքաղաքի հյուրանոցների 90 տոկոսը:
21:44 - 05 օգոստոսի, 2020
ՀՀ-ն Լիբանան կուղարկի դեղորայք, բժշկական սարքավորումներ, սնունդ և այլ պարագաներ․ Մանե Գևորգյան

ՀՀ-ն Լիբանան կուղարկի դեղորայք, բժշկական սարքավորումներ, սնունդ և այլ պարագաներ․ Մանե Գևորգյան

ՀՀ կառավարությունը՝ Արտաքին գործերի նախարարության եւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների ղեկավարների հետ՝ մեր երկրից եղբայրական Լիբանանին օգնություն ցուցաբերելու նպատակով: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ «Քննարկումների արդյունքում հստակեցվել են կարիքների հիմնական ուղղությունները, որոնց շրջանակում էլ ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ՝ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով:  Օժանդակությունը կլինի դեղորայքի, բժշկական սարքավորումների, սննդի և այլ պարագաների տեսքով: ՀՀ կառավարության օգնությունը տեղ կհասնի հնարավորինս արագ՝ հատուկ չվերթով: Հիշեցնենք, վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ՝ Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը հայտնելով օժանդակություն ցուցաբերել բարեկամ Լիբանանին և նրա եղբայրական ժողովրդին»,- գրել է Գևորգյանը:
20:15 - 05 օգոստոսի, 2020
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սկսել է Լիբանանի հայ համայնքի կարիքների գնահատման և վերլուծության գործընթաց

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սկսել է Լիբանանի հայ համայնքի կարիքների գնահատման և վերլուծության գործընթաց

Այսօր՝ վաղ առավոտից, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և անձամբ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կապ են հաստատել Լիբանանի հայ համայնքի հոգևոր, կրթական, առողջապահական, բարեգործական, լրատվական տասնյակ կառույցների ներկայացուցիչների և ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ, կատարել Բեյրութում իրավիճակի ու կարիքների նախնական գնահատում: Այս մասին հայտնում են  Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Ըստ համայնքից ստացված տեղեկատվության՝ այժմ համայնքում առկա են հետևյալ առաջնային կարիքները՝ դեղորայքի տրամադրման կամ գնման օգնություն (հատկապես՝ քրոնիկական հիվանդություն ունեցողների համար), առաջնային անհրաժեշտության սնունդ և ջուր, հայահոծ թաղամասերում բնակարանների, խանութների, եկեղեցիների, հանրային կենտրոնների վերանորոգման ֆինանսական աջակցություն, հայրենադարձվել ցանկացողների վերադարձի գործընթացի հեշտացում և աջակցություն: Համայնքային ներկայացուցիչները երկրորդային կարիք են մատնանշել համայնքին հոգեբանական աջակցության տրամադրումը: Համայնքային գործիչներն ընդգծել են նաև, որ իրենք ևս անցկացնում են կարիքների գնահատում, և վերջնական վերլուծության համար անհրաժեշտ է որոշ ժամանակ: Այսօր երեկոյան Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ տեղի է ունենալու հավաք  համայնքային ղեկավարների հետ, որի ընթացքում կքննարկվեն հենց այս հարցերը: Արամ Ա կաթողիկոսը և Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Լիբանանում և հայ համայնքի շրջանակներում ընդհանուր իրավիճակը, խոսվել է զոհերի և վիրավորների մասին: Այժմ ջանքերն ուղղված են իրավիճակը ճիշտ գնահատելու ուղղությամբ, որը թույլ կտա աջակցությունը դարձնել ավելի թիրախային: Գլխավոր հանձնակատարը Արամ Ա-ի հետ մշտական կապի մեջ է համակարգային ձևով աշխատելու համար: Կարիքների հիման վրա մեր գրասենյակի կողմից կատարված վերլուծությամբ՝ կառաջարկվեն աջակցության ընթացիկ ուղիներ:
19:13 - 05 օգոստոսի, 2020
Արցախը պատրաստ է ընդունել լիբանանահայերին |civilnet.am|

Արցախը պատրաստ է ընդունել լիբանանահայերին |civilnet.am|

civilnet.am: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը անդրադարձել է Բեյրութում տեղի ունեցած մահաբեր պայթյունին, հեռախոսազրույց ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ Այս մասին  ասաց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Նախագահը հայտարարել է, որ մենք պատրաստ ենք 100-150 ընտանիք ընդունել Արցախում։ Դա նորություն չէ, և այս դեպքով չէ պայմանավորված։ Այդ մտադրությունը եղել է նաև անցյալում՝ կապված Լիբանանում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի հետ։ Առավել ևս այս պայթյունից հետո, նախագահը խոսել է Արամ Առաջինի հետ և հայտնել է պատրաստակամություն ինչպես ընտանիքների ընդունման, այնպես էլ տարբեր աջակցության ծրագրեր իրականացնելու առումով։ Այսինքն, բոլոր հնարավորություններով այսօր Արցախը պատրաստ է օգնելու լիբանանահայությանը և Լիբանանի եղբայրական ժողովորդին»,- ասաց Վահրամ Պողոսյանը։ Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 78-ի, ավելի քան 4000-ը վիրավորվել է (օգոստոսի 5-ի կեսօրի դրությամբ)։ Զոհվածների թվում վեց հայ կա։
16:52 - 05 օգոստոսի, 2020
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոչնչացվել է հացահատիկի պահեստը. երկրում առկա հացահատիկի պաշարը մեկ ամիս էլ չի բավարարի |tert.am|

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոչնչացվել է հացահատիկի պահեստը. երկրում առկա հացահատիկի պաշարը մեկ ամիս էլ չի բավարարի |tert.am|

tert.am: Լիբանանի էկոնոմիկայի նախարար Ռաուլ Նեհմեն հայտարարել է, որ Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով ոչնչացել է նավահանգստում գտնվող ցորենով լցված երկրի գլխավոր հացահատիկի պահեստը, ինչի հետևանքով երկրում մնացել է մեկ ամսից պակաս ժամանակահատվածի համար նախատեսված հացահատիկ, սակայն մատակարարող նավերն այժմ ճանապարհին են: Այս մասին գրում է Reuters գործակալությունը: Նախարար Ռաուլ Նեհմեն գործակալությանն ասել է, որ Լիբանանին ամենաքիչը երեք ամսվա հացահատիկի պաշար է պետք` ապահովելու համար պարենային անվտանգությունը, և նա այժմ նոր պահեստների համար տարածքներ է փնտրում: Նրա խոսքով` պաշարներն այժմ կբավարարեն «մի ամսից էլ քիչ ժամանակահատվածի համար»: Լիբանանի երկրորդ խոշորագույն քաղաքի` Տրիպոլիի նավահանգստի տնօրեն Ահմեդ Թամերի խոսքով՝ Բեյրութի պահեստը 120 000 տոննա հացահատիկի տարողություն ուներ: Նա տեղեկացրել է նաև, որ Տրիպոլիի նավահանգիստը հացահատիկի պահեստ չունի, սակայն ցորենը կարելի է տեղափոխել 2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող պահեստներ: Պայթյունի պահին Բեյրութի պահեստում պահվում էր 15 000 տոննայից ոչ ավելի ցորեն: Ներմուծողների միության ղեկավար Ահմեդ Հաթիթը «Ալ-Ախբար» թերթին տեղեկացրել է, որ պայթյունի պահին պահեստում գտնվող պաշարները բավարար էին ներքին շուկայի մեկուկես ամսվա կարիքները հոգալու համար, կան նաև 4 նավեր 28 000 տոննա հացահատիկով, որոնք դեռևս չեն ժամանել նավահանգիստ: Լիբանանի մայրաքաղաքում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից: Բեյրութի նավահանգստում որոտացած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորները 4000-ից ավելի են, հայտնում է Լիբանանում Կարմիր խաչի գրասենյակը: Զոհերից 6-ը հայ են:
15:44 - 05 օգոստոսի, 2020
Վերջին 40 տարում սա Լիբանանի հայ համայնքի ստացած ամենամեծ ցնցումն էր` աննախադեպ նյութական վնասով. հավատում ենք՝ կստանանք համահայկական աջակցություն. Հակոբ Հավաթյան |tert.am|

Վերջին 40 տարում սա Լիբանանի հայ համայնքի ստացած ամենամեծ ցնցումն էր` աննախադեպ նյութական վնասով. հավատում ենք՝ կստանանք համահայկական աջակցություն. Հակոբ Հավաթյան |tert.am|

tert.am: Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից ամենամեծ վնասները կրել են Բուրջ Համուդի հայաշատ շրջանը, Բեյրութի մի շարք այլ շրջաններ, ներառյալ հայկական շրջանները: Այս մասին ասաց ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամ Հակոբ Հավաթյանը: Նա նշեց, որ հիմա վիրավորների և մահացածների ճշգրիտ թիվ չի կարող ասել, քանի որ դեռ բուժման, օգնություն ցուցաբերելու աշխատանքները շարունակվում են: «Ամբողջական զորաշարժ է համայնքի մեջ: Մեծ վնասներ են կրել եկեղեցական, ազգային, կուսակցական, բարեգործական, միութենական, կրթական դպրոցներ և հաստատություններ: Բուրջ Համուդի շրջանի բնակիչների բոլոր տները վնասվել են, իհարկե, վնասների չափը տարբեր է, կան, որ պարզապես ապակիներն են կոտրվել: Վնասվածքների զգալի մասը ապակիների պատճառով են մարդիկ ստացել, իհարկե, կան նաև ծանր վնասվածքներ ու կոտրվածքներ ունեցողներ»,- պատմեց նա: Հակոբ Հավաթյանի փոխանցմամբ՝ այս պահին արդեն իսկ Բուրջ Համուդի քաղաքապետարանը և հայկական ակումբներն սկսել են ճանապարհների մաքրման աշխատանքները, որ երթևեկությունը կարգավորվի: Նա նշեց, որ շենքերի դարպասներն են մաքրում, ամեն մարդ աշխատանքի մեջ է: «Մենք փորձառություն ունենք և հավաքական ջանքերով այս աղետը կհաղթահարենք: Ամբողջ ժողովուրդը զորաշարժի մեջ է և դա իրենց համար ոչ թե պարտականություն է, այլ իր տան պես է զգում ամբողջ Բուրջ Համուդը: Բուրջ Համուդը վայելում է համայն հայության զորակցությունը: Երեկ գիշերվանից արդեն արտասահմանյան տարբեր գաղութներից զորակցական հայտարարություններ եղան: Արամ Առաջին վեհափառը պայթյունից կարճ ժամանակ անց անձամբ եկավ Բուրջ Համուդ՝ տեղում ծանոթացավ ավերվածությանը և ամբողջ լիաբանանահայությանն իր զորակցությունը հայտնեց: Ցնցումը համատարած է, մեծ է, սգում ենք նաև զոհերի կորուստը, հույս ունենք, որ այդ թիվը չի ավելանա և այս ցնցումից ևս լիբանանահայությունը պատվով դուրս կգա»,- նշեց նա: Հավաթյանի խոսքով՝ նյութական վնասներն աննախադեպ են: «Անցնող 40 տարվա ցնցումներից, որ համայնքը ստացել էր, այս մեկն ամենամեծն է, նաև պետք է հաշվի առնել, որ Լիբանանը հիմա ապրում է թե՛ տնտեսական  ճգնաժամ, և թե՛ համավարակով պայմանավորված դրություն և սա եկավ էլ ավելի ծանրացնելու իրավիճակը»,- ասաց Հավաթյանը: Հարցին՝ դեռ պաշտոնական վարկած չկա՞, թե ինչից է եղել պայթյունը, Հավաթյանը նշեց, որ այս պահի դրությամբ հետաքննությունը շարունակվում է, պետական մարմիններն աշխատանքի մեջ են: «Բեյրութի նավահանգիստը գրեթե ամբողջությամբ քանդված է և դա տնտեսական իմաստով էլ իր վատ անդրադարձը պետք է ունենա առաջիկա ամիսներին, որովհետև մայր երակն է ապրանքատար աշխատանքի»,- շեշտեց նա:  Ինչ վերաբերում է վարկածին, թե Բեյրութի նավահանգստային գոտում տեղի ունեցած հզոր պայթյունների պատճառը դարձել Է պահեստում պահվող ամոնիումի նիտրատը, Հավաթյանը նշեց, որ նման որոշ ուսումնասիրություններ կատարվում են, բայց դատական մարմինները աշխատանքի մեջ են՝ պարզելու համար պատասխանատուներին և հիմնական պատճառները: Նա հավելեց, որ մինչև հիմա վերլուծությունները մասնագիտական հենք չունեն, պետք է ամբողջական մասնագիտական աշխատանքն ավարտվի և այդ մեկն իբրև պաշտոնական եզրակացություն տրամադրվի: Հարցին՝ անտուն մնացած հայեր կա՞ն, նա պատասխանեց. «Անտուն մնացած հայեր չունենք, որովհետև այն բնակարաններում, որոնք շատ մեծ վնասներ են կրել, մեր ակումբները վերականգնման աշխատանքներ են կատարել, դասավորումներն արվել են և մինչև երեկո ամեն մարդ իր տան մեջ կարող է մնա, սա հստակ է»:   Ինչ վերաբերում է Հայաստանից արձագանքին, Հավաթյանը նշեց, որ զորակցական խոսք ստացել են  և´ Հայաստանից, և´ Արցախից: «Դա բնական է, որ Հայաստանն ու Արցախն այս հանգրվանին իրենց զորակցությունը հայտնեցին: Վստահ ենք, որ Բուրջ Համուդը՝ իբրև սփյուռքահայության միջնաբերդ, շատ շուտով պետք է ստանա համահայկական ամբողջական զորակցություն՝ իրեն վերագտնելու, իր երթը վերանորոգ հանձնառությամբ շարունակելու առումով»,- ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
14:50 - 05 օգոստոսի, 2020
Ռուսաստանը պայթյունի հետևանքով տուժածների համար Բեյրութում շարժական հոսպիտալ կտեղակայի |tert.am|

Ռուսաստանը պայթյունի հետևանքով տուժածների համար Բեյրութում շարժական հոսպիտալ կտեղակայի |tert.am|

tert.am: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 5-ին Բեյրութ կուղարկի շարժական հոսպիտալով, բժիշկներով, փրկարարներով և «Ռոսպոտրեբնադզոր» ծառայության աշխատակիցներով 5 ինքնաթիռ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել են նախարարության մամուլի ծառայությունից: «Հումանիտար ակցիայի շրջանակում Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ընդհանուր առմամբ 5 ինքնաթիռ կուղարկվի լիբանանյան Բեյրութ` օգնություն ցուցաբերելու և երեկ տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքները չեզոքացնելու համար»,-հայտարարել են մամուլի ծառայությունից: «Բոլոր մասնագետները կունենան հատուկ կոստյումներ և պաշտպանության միջոցներ` հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը»,-նշել են նախարարությունում: Լիբանանի մայրաքաղաքում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից: Բեյրութի նավահանգստում որոտացած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորները 4000-ից ավելի են, հայտնում է Լիբանանում Կարմիր խաչի գրասենյակը: Զոհերից 6-ը հայ են: Պայթյունի հարվածային ալիքն այնքան ուժեղ է եղել, որ մայրաքաղաքի որևէ հատված ավերածությունից զերծ չի մնացել, անգամ հարևան Հորդանանում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել: Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել: Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու: «Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:
13:40 - 05 օգոստոսի, 2020
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Լիբանանի ժողովրդին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Լիբանանի ժողովրդին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը օգոստոսի 5-ին ցավակցագիր է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Նաիմ Աունին՝ իր խոր ցավն արտահայտելով Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունի առնչությամբ, որը պատճառ դարձավ մարդկային անմեղ զոհերի, բազմաթիվ վիրավորների և ավերածությունների: Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Նորին Սրբությունն իր վշտակցությունն է փոխանցել Լիբանանի պետական ավագանուն, անմեղ զոհերի ընտանիքներին ու հարազատներին և Լիբանանի բարեկամ ողջ ժողովրդին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով պայթյունից տուժածներին։ «Մեր մաղթանքն է, որ Լիբանանի աստվածասեր ժողովուրդը հաղթահարի առկա դժվարությունները և շարունակի իր խաղաղ ու ստեղծագործ կյանքի ընթացքը», - նշել է Վեհափառ Հայրապետը: Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ՝ դժվարին այս պահին բերելով իր զորակցությունը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանությանը և Լիբանանի հայ համայնքին։ Հայոց Հովվապետն իր ցավակցություններն է ուղղել Արամ Ա Կաթողիկոսին հայորդիների մահվան առիթով, հետաքրքրվել պայթյունի հետևանքով Բեյրութի բնակչությանը, հայ համայնքին և կաթողիկոսարանին պատճառված վնասներով։
13:34 - 05 օգոստոսի, 2020
Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ

Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ:Նախագահը հետաքրքրվել է նախօրեին Բեյրությում տեղի ունեցած հուժկու պայթյունի մանրամասներով՝ իր խորին մտահոգությունը հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նախագահ Սարգսյանն իր անհանգստություն է հայտնել պայթյունից տուժած հայահոծ Բուրջ Համուդ թաղամասի իրադրության, Մայրավանքի կրած վնասների և լիբանանահայ մեր հայրենակիցների վիճակի կապակցությամբ: Հանրապետության նախագահն իր ցավակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ պայթյունի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ, որոնց թվում նաև մեր հայրենակիցներ կան: Նա նաև շուտափույթ ապաքինում է մաղթել պայթյունից վիրավորված մեր հայրենակիցներին: Իր զորակցությունը հայտնելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին և, ի դեմս նրա, լիբանանահայ գաղութին` նախագահ Սարգսյանը նաև աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Նախագահը վստահություն է հայտնել, որ բազում փորձությունների միջով անցած և դրանք հաղթահարած լիբանանահայերը, Լիբանանի ողջ բարեկամ ժողովրդի հետ միասին կկարողանա հաղթահարել նաև այս ծանր փորձությունը:
13:22 - 05 օգոստոսի, 2020
Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է․ ԱԳՆ խոսնակ

Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնում է, որ Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է։ Այս մասին նա գրել է, իր ֆեյսբուքյան էջում։«ԱԳՆ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Լիբանանին թիրախային աջակցության տրամադրումն Լիբանանի ճգնաժամային կառույցի հետ համակարգելու նպատակով։ Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների հետ՝ միասնաբար գնահատելու լիբանանյան կողմի կարիքները և աջակցության շրջանակը։ Զուգահեռաբար կապ է պահպանվում հայ համայնքային կառույցների հետ՝ կարիքները գնահատելու նպատակով։ Լիբանանում դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, գործում է թեժ գիծ։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք կապ պահպանել բացառապես ինձ հետ՝ դեսպանությանը թույլ տալով անխափան իրականացնել համակարգման ողջ աշխատանքը։ Ձեռնարկվող քայլերի մասին տեղեկատվությունը կտրամադրենք հավելյալ», - հավելել է նա։
12:04 - 05 օգոստոսի, 2020