Արտակ Բեգլարյան

Արտակ Արտյոմի Բեգլարյանը (հուլիսի 5, 1988Ստեփանակերտ) 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

2012-2013 թթ․ եղել է ԱՀ վարչապետի օգնականը։ 2014-2017 թթ․ դասավանդում էր Արցախի պետական համալսարանում։ 2013 -2017 թթ․ ԱՀ վարչապետի մամուլի քարտուղարն էր: 2017 թ․ նոյեմբերի 1-ից նշանակվել է Արցախի պետական նախարարի խորհրդական: 2018 թ․ փետրվարի 1-ից նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար: 2018 թ․ հոկտեմբերի 31-ին ընտրվել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան։ 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ արտահերթ զեկույց

Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ արտահերթ զեկույց

Արցախի և Հայաստանի Հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպանները դեկտեմբերի 18-ին հրապարակել են համատեղ արտահերթ զեկույց՝ Արցախում ռազմական գործողությունները լուսաբանող լրագրողների վրա ադրբեջանական հարձակումների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ աշխատակազմը: Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմանը զուգահեռ՝ դիտավորյալ և չտարբերակված թիրախավորման են ենթարկվել նաև լրագրողները և նրանց սպասարկող տրանսպորտային միջոցները, որի հետևանքով ծանր վիրավորվել է 7 լրագրող (5 օտարերկրյա ու 2 հայ) և զոհվել է լրագրողական խմբի ուղեկցող 1 անձ: Դիտավորյալ թիրախավորման մասին է վկայում այն փաստը, որ լրագրողները կրում էին հատուկ համազգեստ և տարբերակիչ նշաններ, որոնք առկա էին նաև նրանց մեքենաների վրա: Բացի դրանից, որոշ վկայություններ նշում են, որ հարվածներից առաջ և ընթացքում դեպքերի վայրերում թռիչքներ էին կատարում ադրբեջանական հետախուզական ԱԹՍ-ները, ինչը նշանակում է, որ լրագրողները լիովին տեսանելի ու տարբերակելի են եղել ադրբեջանական զինված ուժերի համար: Միևնույն ժամանակ պատերազմական գործողությունները լուսաբանելու նպատակով Արցախում գտնվող լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու նպատակով Ադրբեջանը քրեական հետապնդման է ենթարկել և սև ցուցակներում ներառել Արցախում լրագրողական գործունեություն ծավալող արտասահմանյան որոշ լրագրողների: Ավելին, պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական իշխանությունները սահմանափակել են միջազգային լրագրողների անկախ գործունեությունը Ադրբեջանի տարածքում՝ հսկողության տակ պահելով նրանց տեղաշարժը և արհեստական խոչընդոտներ ստեղծելով նրանց համար: Վերլուծելով լրագրողների թիրախավորման բոլոր դեպքերի հանգամանքները, ինչպես նաև ադրբեջանական կողմի այլ վերաբերելի գործողություններն ու հայտարարությունները՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները հանցավոր նպատակ են ունեցել ամբողջովին մեկուսացնել Արցախը միջազգային տեղեկատվական հոսքերից ու անկախ աղբյուրներից՝ թաքցնելու համար Արցախի ժողովրդի դեմ իրականացվող լայնածավալ ու դիտավորյալ պատերազմական հանցագործությունները: Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախի ժողովրդի նկատմամբ իրագործվող վայրագությունները լուսաբանելու նպատակով Արցախի արտաքին գործերի նախարարության կողմից հավատարմագրվել են օտարերկրյա 190 լրատվական ընկերությունների 390 լրագրողներ, ինչպես նաև Արցախ են այցելել հարյուրավոր հայ լրագրողներ: Զեկույցի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ այստեղ:
23:14 - 18 դեկտեմբերի, 2020
Վարդաշատ գյուղում գտնված կնոջ ինքնությունը վերջնականորեն կհաստատվի ԴՆԹ անալիզի արդյունքներով․ ԱՀ ՄԻՊ

Վարդաշատ գյուղում գտնված կնոջ ինքնությունը վերջնականորեն կհաստատվի ԴՆԹ անալիզի արդյունքներով․ ԱՀ ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքում պարզել ենք, որ որոնողական աշխատանքների ընթացքում Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում գտնված կնոջ մարմինը բարձր հավանականությամբ Նինա Դավիթյանն է: Ինքնությունը վերջնականորեն կհաստատվի ԴՆԹ անալիզի արդյունքներով: Այս մասին հայտնում է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ «Նինա տատիկը 80 տարեկան էր, ով իր ամուսնու՝ Դավիթ Դավիթյանի հետ մնացել էր Վարդաշատ գյուղի իր տանը և սպանվել ադրբեջանական զինծառայողների կողմից: Փորձաքննության նախնական տվյալներով՝ մարմնի կրծքավանդակին և աջ ձեռքին առկա են հրազենային վնասվածքներ, իսկ գլխի որոշ ոսկորներ ջախջախված են, ինչը կարող է լինել կա՛մ հրազենային, կա՛մ կոշտ առարկայի հարվածի հետևանք:Նշեմ, որ ամուսնու ճակատագրի մասին որևէ տեղեկություն դեռ չկա»,- գրել է նա:
22:19 - 18 դեկտեմբերի, 2020
Ըստ նախնական տվյալների՝ Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած ստորաբաժանում․ ԱՀ ՄԻՊ

Ըստ նախնական տվյալների՝ Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած ստորաբաժանում․ ԱՀ ՄԻՊ

Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայ նոր ռազմագերիների վերաբերյալ տեղեկության շուրջ կապ եմ հաստատել մի շարք մարմինների ու տեղում գտնվող որոշ զինծառայողների հետ: Ըստ իմ հավաքագրած նախնական տվյալների՝ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում, բարձր հավանականությամբ որն էլ երևում է ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում: Բացարձակ անընդունելի է այս միջադեպը, որը պետք է արագորեն ու խստորեն քննվի իրավապահ մարմինների կողմից՝ պարզելու համար բոլոր հանգամանքներն ու մեղավորների շրջանակը: ԱՀ և ՀՀ բոլոր լիազոր մարմինները պարտավոր են անհապաղ քայլեր ձեռնարկել մեր բոլոր ռազմագերիներին րոպե առաջ տուն վերադարձնելու ուղղությամբ: Դրանից բացի, անհրաժեշտ է հստակ տեղեկություններ տրամադրել ռազմագերիների հարազատներին և վարել հնարավորինս թափանցիկ հանրային հաղորդակցություն՝ խուսափելու համար ապատեղեկատվություններից ու ավելորդ լարվածություններից»:
13:54 - 16 դեկտեմբերի, 2020
Այժմ հարկ է նոր թափով շարունակել ջանքերը, քանի որ Ադրբեջանում դեռ պահվում են որոշակի քանակի հայ գերիներ. Արտակ Բեգլարյան

Այժմ հարկ է նոր թափով շարունակել ջանքերը, քանի որ Ադրբեջանում դեռ պահվում են որոշակի քանակի հայ գերիներ. Արտակ Բեգլարյան

Մեր 44 գերեվարված հայրենակիցներին բարի վերադարձ Հայրենիք: Թող ոչ ոք այլևս չտեսնի այն, ինչ տեսել են նրանք ու իրենց հարազատները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:  «Շնորհակալ եմ բոլոր մարմիններին ու անձանց, որոնք փոքր-ինչ ներդրում ունեցան գեթ մեկ կյանքի փրկման գործում: Առանձնահատուկ շնորհակալ եմ իմ փոքրիկ թիմին ու կամավորներին՝ պատերազմի թեժ օրերից սկսած գերիների վերաբերյալ անընդհատ տվյալներ հավաքագրելու, վերլուծելու, պատկան մարմիններին ու փաստաբաններին փոխանցելու, հարազատների հետ կապը պահելու և այլ համապատասխան աշխատանքների համար, նաև որոնց շնորհիվ հաջողվել է փրկել զգալի քանակի կյանքեր:Եվ այդպիսի համակարգված ու ներդաշնակ աշխատանքներ կատարել են մի քանի թիմեր Արցախում և Հայաստանի Հանրապետությունում, որոնց ջանքերի առյուծի բաժինն անտեսանելի է եղել, իսկ արդյունքների մի մասն՝ արդեն այսօր տեսանելի:Այժմ հարկ է նոր թափով շարունակել ջանքերը, քանի որ Ադրբեջանում դեռ պահվում են որոշակի քանակի հայ գերիներ, որոնց մի մասի վերաբերյալ անհերքելի ապացույցները փոխանցել ու փոխանցում ենք պետական ու միջազգային լիազոր մարմիններին: Բացի նրանցից, դեռ առկա են անհետ կորած բազմաթիվ ռազմագերիներ ու տասնյակ քաղաքացիական անձինք, որոնց մի մասը, հուսանք, ողջ են և նրանց ևս պետք է տուն վերադարձնել, իսկ եթե՝ ողջ չեն, ապա առնվազն պարզել նրանց ճակատագիրը:Այնպես որ,  դեռ մեծածավալ անելիքներ կան այս ուղղությամբ, և ես պատրաստ եմ շարունակել առավելագույն աջակցությունս այս գործընթացի հիմնական դերակատարներին, որպեսզի բոլոր հայտնի ու դեռևս անհայտ գերիները կարճ ժամկետում հասնեն իրենց օջախներ»,- գրել է Բեգլարյանը:      
09:08 - 15 դեկտեմբերի, 2020
Ադրբեջանական ԶՈՒ-երի գործողությունները կենսական սպառնալիքներ են հարուցել Հին շեն գյուղի բնակչության ֆիզիկական անվտանգության համար. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանական ԶՈՒ-երի գործողությունները կենսական սպառնալիքներ են հարուցել Հին շեն գյուղի բնակչության ֆիզիկական անվտանգության համար. Արցախի ՄԻՊ

Քիչ առաջ վերադարձա Շուշիի շրջանի Մեծ շեն ու Հին շեն գյուղերից, որտեղ այցելել էի տեղում հասկանալու համար իրավիճակն ու մեր քաղաքացիների իրավունքներին սպառնացող վտանգները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: «Ադրբեջանական զինված ուժերի գործողություններն ակնհայտորեն ոչ միայն խախտել են քաղաքական ամենաբարձր մակարդակի պայմանավորվածությունները, այլ նաև կենսական սպառնալիքներ են հարուցել հատկապես Հին շեն գյուղի բնակչության, ներառյալ՝ մի խումբ երեխաների ու կանանց ֆիզիկական անվտանգության համար: Մինչև հիմա այդ վտանգները շարունակում են գործել՝ պայմանավորված ադրբեջանական զինծառայողների զբաղեցրած դիրքերով ու ցուցաբերած վարքով: Ողջունելի է, որ Պաշտպանության բանակի և ՌԴ խաղաղապահ զորակազմի որոշ ստորաբաժանումներ  տեղում վերահսկում են իրավիճակը, ինչի շնորհիվ որևէ միջադեպ չի արձանագրվել: Սակայն ավելի լուրջ ջանքեր են անհրաժեշտ խնդիրը կարգավորելու և ադրբեջանական զինծառայողներին Արցախի այդ բնակավայրերից դուրս մղելու համար: Իրավիճակը ներկայացրել եմ Հանրապետության ղեկավարությանը և ստացել հավաստիացում, որ Արցախի ու Հայաստանի իշխանությունները ռուսական կողմի հետ համատեղ աշխատում են խնդիրն արագ կարգավորելու ուղղությամբ: Արցախի յուրաքանչյուր բնակչի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի անվերապահ կերպով»,- գրել է նա:
21:58 - 14 դեկտեմբերի, 2020
ԱՀ ՄԻՊ-ը հանդիպում-քննարկում է ունեցել Կանադայի խորհրդարանականների հետ

ԱՀ ՄԻՊ-ը հանդիպում-քննարկում է ունեցել Կանադայի խորհրդարանականների հետ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ որպես հիմնական խոսնակ, մասնակցել է Կանադայի խորհրդարանի «Կանադա-Արցախ» ու «Կանադա-Հայաստան» բարեկամության խմբերի և Կանադայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ խորհրդարանում կազմակերպված առցանց հանդիպում-քննարկմանը:  Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՄԻՊ աշխատակազմը։ Պաշտպանը խորհրդարանականներին է ներկայացրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման դեպքերը, Ադրբեջանի զինված ուժերի և ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացված ռազմական հանցագործությունները և հայ գերիների ու զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորումները: Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ Կանադան պետք է գործնական քայլեր ձեռնարկի Ադրբեջանի ու Թուրքիայի հանցավոր վարքի պատժման ու նոր հանցագործությունների կանխման ուղղությամբ՝ որպես դրական օրինակ նշելով կոնկրետ զինատեսակների պահեստամասերի վաճառքի արգելքի կիրառումը: Հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձ է կատարվել Արցախում առկա հումանիտար իրավիճակին, տեղահանված և անօթևան անձանց կարիքներին, հայ գերիների վերադարձին և զոհվածների մարմինների փոխանակմանը վերաբերող մի շարք հարցերի:  Հանդիպմանը ելույթ են ունեցել նաև «Կանադա-Արցախ» բարեկամության խմբի ղեկավար Ռեյչըլ Հարդերը, «Կանադա-Հայաստան» բարեկամության խմբի ղեկավար Բրայան Մեյը և Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը՝ ընդգծելով Արցախի ժողովրդի իրավունքների լրիվ ու արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը:
20:31 - 12 դեկտեմբերի, 2020
Անհայտ կորածների և գերիների տվյալները ՄԻՊ-երը տրամադրում են պատկան մարմիններին. Բեգլարյանը մանրամասներ է ներկայացրել |armenpress.am|

Անհայտ կորածների և գերիների տվյալները ՄԻՊ-երը տրամադրում են պատկան մարմիններին. Բեգլարյանը մանրամասներ է ներկայացրել |armenpress.am|

armenpress.am: Արցախի մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հետազոտությունները ռազմագերիների, գերեվարված քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման ուղղությամբ: Այս մասին տեղեկացրեց Արցախի Մարդու իրավունքերի պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ այդ հետազոտությունը հիմնականում իրականացվում է ադրբեջանական բաց աղբյուրներից ձեռքբերված տեսանյութերի հիման վրա: «Վերջին ժամանակահատվածում  որպես այդ ուսումնասիրությունների արդյունք մենք նշել  ենք Ադրբեջանում գտնվող 60 հայ  ռազմագերու և 40 գերեվարված քաղաքացիական անձանց մասին: Այդ թվերը, սակայն, տատանվող են, քանի որ աստիճանաբար նոր տեսանյութեր ենք հայտնաբերում: Բացի այդ վերջերս ադրբեջանական կողմից նաև քաղաքացիական անձանց դիակներ են վերադարձրել: Պետք է ընդգծել, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների թվի վերաբերյալ մեր տվյալները բաց աղբյուրների հետազոտությունների արդյունքում ենք ի հայտ բերել, ուստի վերջնական չեն ու պետք է պաշտոնապես հաստատում ստանան:Այդ պատճառով, չնայած մեր հետազոտությունների շարունակականությանը՝  ներկայումս թվեր և այլ մանրամասներ հրապարակելը ճիշտ չեմ համարում, քանի որ կարող է բացասաբար անդրադառնալ գերիների ճակատագրի վրա: Բնականաբար, մեր ստացած տեղեկությունները, որոնք տրամադրում ենք պատկան մարմիններին որոշիչ ազդեցությունն են ունենում գերիների որոնման ու նրանց ճակատագրերը պարզելու գործում»,-մանրամասնեց Արտակ Բեգլարյանը:  Նրա խոսքով, պատերազմի ընթացքում և այդուհետ ՄԻՊ աշխատակազմն իր փաստահավաք առաքելության արդյունքում հավաքագրած նյութերը ներկայացրել է միջազգային կառույցներին, որոնք, սակայն, առայժմ անարձագանք են թողնում  ադրբեջանական ռազմական հանցագործությունների վերաբերյալ փաստերը՝ այդ թվում նաև ռազմագերիների ու քաղաքացիական գերիների նկատմամբ խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքի դրսևորումները: Անդրադառնալով ռազմական գործողությունների վայրերում ըստ հավանականության ողջ մնացած հայ զինվորների որոնման հնարավորությունների վերաբերյալ հարցին, Արտակ Բեգլարյանը, նշեց, որ այս օրերին շատ հարազատներ այդ հարցով դիմում են նաև ՄԻՊ -ին:  «Շատ բնական է, որ հարազատները բոլոր հնարավոր ձևերով փորձում են ինչ- որ տեղեկություն ստանալ անհայտ կորած զինվորների մասին: Նկատելի է, որ որոշ կառույցներում  պատշաճ վերաբերմունք չեն դրսևորել անհայտ կորածների հարազատների նկատմամբ, ինչն անընդունելի է: Ուստի մարդիկ փորձում են բոլոր հնարավոր ձևերը: Ընդհուպ՝ տվյալներ են հրապարակում սոցիալական ցանցերում՝ փորձելով այդ կերպ լրացուցիչ տեղեկություն ստանալ: Անհայտ կորածների ու գերիների հարազատների տառապանքներն ու որևէ լրացուցիչ տեղեկություն ստանալու ձգտումը, հույսը մեզ համար բնական ու ըմբռնելի են: Այդուհանդերձ, կրկին հորդորում եմ հարազատներին չհրապարակել անհայտ կորածների ու գերիների վերաբերյալ տեղորոշող և այլ մանրամասներ պարունակող տվյալներ, քանի որ դրանք կարող են ճակատագրական հետևանք ունենալ: Նրանք կարող են դիմել ՀՀ և Արցախի Մարդու իրավունքների պաշտպաններին: Անհայտ կորածների ու գերիների հարցերով են զբաղվում նաև Պաշտպանության բանակի համապատասխան հանձնաժողովը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ»,-ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը` նկատելով` ինչ վերաբերում է ռազմական գործողությունների համապատասխան վայրերում հավանականորեն ողջ մնացած մեր զինվորների ու քաղաքացիների որոնման ու հայտնաբերման  աշխատանքներին, ապա ադրբեջանական կողմը որոնողա-փրկարարական գործընթացում արհեստական խոչընդոտներ է ստեղծում։
09:45 - 10 դեկտեմբերի, 2020
Հայաստանին է վերադարձվել երեք տարեց քաղաքացիական գերի, ինչպես նաև մեկ տարեց անձի դի․ Արտակ Բեգլարյան

Հայաստանին է վերադարձվել երեք տարեց քաղաքացիական գերի, ինչպես նաև մեկ տարեց անձի դի․ Արտակ Բեգլարյան

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան տեղափոխված երեք գերիները տարեց քաղաքացիական անձինք են, որոնք մնացել էին իրենց բնակավայրերում ադրբեջանական ներխուժման ժամանակ: Նրանք հայկական կողմին են փոխանցվել առաջնահերթության սկզբունքով, առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով։ Նրանց հետ միասին հայկական կողմին է փոխանցվել նաև մեկ այլ տարեց անձի մարմինը, որը մահացել է ադրբեջանական գերության մեջ՝ մեզ համար դեռևս անհայտ հանգամանքներում: Նշված անձանց հարազատներն արդեն պատշաճ կերպով տեղեկացվել են նրանց վերադարձի մասին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ համադրում ենք մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մեր աշխատանքները, որոնց շրջանակներում համապատասխան գործողություններ ենք կատարելու վերադարձված անձանց իրավունքներին առնչվող հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մենք նաև շարունակում ենք համատեղ ջանքերը գերիների ու անհայտ կորածների վերաբերյալ տվյալների հավաքագրման ու վերլուծության և պետական լիազոր մարմիններին հնարավորինս աջակցելու, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցներում առնչվող հարցերի բարձրացման ուղղությամբ»:
09:26 - 10 դեկտեմբերի, 2020
Արտակ Բեգլարյանն ընդունել է Արցախ այցելած ֆրանսիացի պատգամավորներին

Արտակ Բեգլարյանն ընդունել է Արցախ այցելած ֆրանսիացի պատգամավորներին

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ընդունել է ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությանը, որոնք Արցախ էին այցելել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադիա Գորձունյանի ուղեկցությամբ:   Պաշտպանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ֆրանսիայի կողմից Արցախի ժողովրդին ցուցաբերված աջակցության համար: Նա նշել է, որ Արցախի և Ֆրանսիայի բարեկամությունը հիմնված է համամարդկային արժեքների վրա, որոնցից ամենակարևորը մարդու իրավունքների ու ազատությունների հարգումն ու պաշտպանությունն է:   Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից պատերազմական հանցագործությունների վերաբերյալ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության արդյունքները և ընդգծել, որ ակնկալում է ֆրանսիացի գործընկերների աջակցությունն այդ հանցագործությունների պատշաճ արձանագրման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Պաշտպանը շեշտադրել է, որ միջազգային հանրության պարտավորությունների մեջ է մտնում կանխարգելել նորանոր հանցագործությունները, ներառյալ՝ արդեն տեղի ունեցած հանցագործությունների հանդեպ անհանդուրժողական վարքի միջոցով:   Ֆրանսիացի խորհրդարանականները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ներդնել բոլոր ջանքերը Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար, ինչպես նաև հետամուտ լինելու ադրբեջանա-թուրքական հանցագործությունների դատապարտման և պատժման հարցում:   Պաշտպանի ուղեկցությամբ հյուրերը այցելել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մայրաքաղաք Ստեփանակերտում տուժած մի շարք բնակելի շինություններ ու քաղաքացիական ենթակառուցվածքներ և ծանոթացել հասցված նյութական վնասին:
19:02 - 08 դեկտեմբերի, 2020
Արման Թաթոյանը և Արտակ Բեգլարյանը ավարտել են հայ գերիների ու զոհերի մարմինների նկատմամբ ադրբեջանական ԶՈւ-երի վայրագությունների վերաբերյալ 5-րդ փակ զեկույցը

Արման Թաթոյանը և Արտակ Բեգլարյանը ավարտել են հայ գերիների ու զոհերի մարմինների նկատմամբ ադրբեջանական ԶՈւ-երի վայրագությունների վերաբերյալ 5-րդ փակ զեկույցը

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ միասին ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 5-րդ փակ զեկույցը: Այն 5-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով:  Փաստաթուղթը վերաբերում է նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածին, իսկ մենք արդեն սկսել ենք 6-րդ զեկույցի պատրաստման աշխատանքները: Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը: Այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է: Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին: Հ.Գ. Նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը: Այն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաև Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ»:
20:53 - 03 դեկտեմբերի, 2020
ՀՀ և Արցախի ՄԻՊ-երը ներկայացրել են հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինուժի դաժանությունների վերաբերյալ 5-րդ փակ զեկույցը

ՀՀ և Արցախի ՄԻՊ-երը ներկայացրել են հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինուժի դաժանությունների վերաբերյալ 5-րդ փակ զեկույցը

Ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 5-րդ փակ զեկույցը: Այն 5-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը: Վերաբերում է նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածին, իսկ մենք արդեն սկսել ենք 6-րդ զեկույցի պատրաստման աշխատանքները: Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը: Այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է: Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին: Հ.Գ. Նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը: Այն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաև Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ:
10:51 - 03 դեկտեմբերի, 2020
Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել պատերազմի հետևանքով անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ հերթական հանդիպումը

Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել պատերազմի հետևանքով անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ հերթական հանդիպումը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ հերթական հանդիպումը: Նախագահը նրանց ուշադրությանն է ներկայացրել վերջին օրերի ընթացքում կատարված որոնողական աշխատանքների արդյունքները և նշել, որ ամենօրյա պարբերականությամբ շարունակվում են այդ ուղղությամբ բանակցություններն Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի պատասխանատուների հետ: Նախագահ Հարությունյանը լսել է նաև ներկաների առաջարկությունները և վստահեցրել, որ բոլոր ջանքներն ուղղված են մեր զինծառայողների ճակատագրերը պարզելուն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվական կապն ավելի արդյունավետ դարձնելու և զինծառայողների մասին ճշգրտվող յուրաքանչյուր տեղեկություն օպերատիվ կերպով հարազատներին հաղորդելու վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարներ Վաղարշակ Հարությունյանն ու Միքայել Արզումանյանը, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը, ինչպես նաև ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
18:56 - 02 դեկտեմբերի, 2020
Կարողացել ենք առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը չենք կարողացել պարզել․ ԱՀ ՄԻՊ

Կարողացել ենք առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը չենք կարողացել պարզել․ ԱՀ ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գիշեր-ցերեկ անընդհատ թարմացնում ենք գերիների վերաբերյալ մեր ցանկերը՝ հրապարակված տեսանյութերի և հարազատների ներկայացրած այլ ապացույցների հիման վրա: ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել ենք առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չենք կարողացել պարզել: Էլ չեմ նշում վկայությունների, զանգերի և այլ ապացույցների հիման վրա հավաքագրվող տվյալները:Առանձին փաստահավաք գործունեություն ենք իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի:Հավաքագրված բոլոր տվյալները պարբերաբար փոխանցում ենք պետական ու միջազգային լիազոր մարմիններին՝ ակնկալելով արդյունավետ աշխատանք գերիների իրավունքների պաշտպանության ու վերադարձի ապահովման ուղղությամբ: Հատուկ համագործակցություն ունենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և անհատ փաստաբանների հետ՝ տվյալների փոխանակման ու այլ համապատասխան գործընթացների հարցում»։
09:09 - 02 դեկտեմբերի, 2020
Խիստ դատապարտելի են վերջին օրերին սոցցանցերում հայության տարբեր խմբերի հանդեպ վիրավորական ու խտրական վերաբերմունքի դրսևորումները․ Արցախի ՄԻՊ

Խիստ դատապարտելի են վերջին օրերին սոցցանցերում հայության տարբեր խմբերի հանդեպ վիրավորական ու խտրական վերաբերմունքի դրսևորումները․ Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է սոցցանցերում տարբեր խմբերի հանդեպ վիրավորական վերաբերմունքին։ Գրառման մեջ ասվում է․«Անվերապահորեն ու խստիվ դատապարտելի են վերջին օրերին սոցցանցերում նկատվող՝ հայության տարբեր խմբերի հանդեպ վիրավորական ու խտրական վերաբերմունքի դրսևորումները: Թեև տհաճորեն եմ անդրադառնում դրանց, սակայն պարտավոր ու ստիպված եմ՝ հաշվի առնելով դրանց ծավալները և ուժգնությունը:1. Ընդհանրապես ու հատկապես այս վճռորոշ իրավիճակում, մեզ հարիր ու թույլատրելի չեն հայության տարանջատման և ներքին թշնամանքի հրահրման ճղճիմ փորձերը: Մարդու իրավունքների պաշտպանության և ներքին միասնականության մշակույթի ապահովումը պարզապես հրամայական է մեր ներքին ու արտաքին մարտահրավերների արդյունավետ դիմագրավման ճանապարհին:2. Արցախը, որպես հայ ազգի արժանապատվության ու անվտանգության գլխավոր աղբյուրներից մեկը, հատկապես վերջին տասնամյակներում անդադար եղել է հայության հատուկ հոգածության ներքո: Դա ոչ ոք չի կարող ժխտել կամ ուրանալ, և բոլորս էլ միշտ եղել ենք երախտապարտ յուրաքանչյուր անձի, ով իր ամենափոքր իսկ ներդրումն է ունեցել Հայրենիքի (ներառյալ՝ Արցախի) անվտանգության ապահովման ու զարգացման գործում: Վերջին պատերազմը նույնպես բացառություն չէր, երբ ազգովի լծված էինք մեկ նպատակի՝ փոխօգնության բացառիկ մթնոլորտում. վկան՝ նաև տեղահանված արցախցիներին ու ընդհանրապես Արցախին ցուցաբերվող զանգվածային անշահախնդիր աջակցությունը:3. Հաշվի առնելով տարանջատման ու թշնամանքի դրսևորումներում կեղծ օգտատերերի ակտիվ դերակատարությունը՝ ակնհայտ է, որ արտաքին և միգուցե ներքին կոնկրետ ուժեր շահագրգռված են հայ ազգը պառակտելու և Արցախի հանդեպ բացասական տրամադրություններ խթանելու հարցում: Եվ, ցավոք, այդ նպատակներին սպասարկող հուզական մանիպուլյացիաների ծուղակն են ընկնում բազմաթիվ անձինք, որոնք ամենևին դիտավորություն չեն ունենում վնասելու մեզ համար այնքան կարևոր ներքին համերաշխությունն ու ամրությունը: Ուստի, դա ևս մեկ հիմք պետք է լինի սրտացավ մարդկանց համար զգուշանալ նման արհեստական ու հանցավոր արշավներին հավատալուց և մասնակցելուց: Նույնը, իհարկե, վերաբերում է նաև արցախաբնակ մեր հայրենակիցներին:4. Թեև մարդն իր գործողություններում մեծապես առաջնորդվում է իռացիոնալ հիմքերով, սակայն ունի նաև ռացիոնալությունը կիրառելու կարողություն: Հետևաբար, մենք ունակ ու պարտավոր ենք հատկապես այսպիսի դեպքերում չտրվել կարծրատիպերը չարաշահող մանիպուլյացիաներին և ջուր չլցնել մեր սեփական արժեքներին ու սկզբունքներին հակասող գործընթացների ջրաղացին: Ռացիոնալ եզրահանգումներից հետո հնարավոր է գիտակցել կոնկրետ երևույթների պատճառներն ու հետևանքները, արհեստական ընդհանրացումների ու տարանջատման փորձերի վտանգավորությունը:Եկե՛ք երբեք չմոռանանք հատկապես ճգնաժամային պայմաններում մեր ներազգային համերաշխության ու միասնական ջանքերի անհրաժեշտությունը»:
12:58 - 30 նոյեմբերի, 2020