Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի նախկին վարչապետն Էրդողանին աշխարհի համար կորոնավիրուսից ավելի վտանգավոր է համարում  |armenpress.am|

Թուրքիայի նախկին վարչապետն Էրդողանին աշխարհի համար կորոնավիրուսից ավելի վտանգավոր է համարում |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին աշխարհի համար COVID-19 համավարակից առավել վտանգավոր է համարում: Այս մասին հայտնում է The National News-ը: «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի մեծ վտանգ է ներկայացնում աշխարհի համար, քան կորոնավիրուսի համավարակը: Եվրոպայի և աշխարհի համար ամենամեծ վտանգը բռնապետությունն է, որը տարածում են պոպուլիստ առաջնորդները, ինչպիսին պարոն Էրդողանն է: Քանի դեռ մեր ժողովուրդը տառապում է, կա խորը կոռուպցիա, իսկ մեր երկրի արժանապատվությունը վիրավորվում է արտասահմանում, մենք կշարունակենք արտահերթ ընտրությունների կոչ անել»,- իր ղեկավարած կուսակցության համակիրների հետ հանդիպման ընթացքում ասել է ընդդիմության առաջնորդ Դավութօղլուն:  
19:20 - 02 նոյեմբերի, 2020
Թուրքիայում ՌԴ դեսպանի համոզմամբ` պետք է ձեռնպահ մնալ հակամարտությունն ավելի սրող քայլերից |azatutyun.am|

Թուրքիայում ՌԴ դեսպանի համոզմամբ` պետք է ձեռնպահ մնալ հակամարտությունն ավելի սրող քայլերից |azatutyun.am|

azatutyun.am:   Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են է՛լ ավելի սրել ղարաբաղյան հակամարտությունը, հայտարարել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը: «Մենք պետք է հաշվի առնենք գլխավորը. ընթանում են մարտեր, մարդիկ մահանում են, և եթե ինչ-որ մեկը հիմա կարող է ազդել իրադարձությունների զարգացման վրա, կատարել նույնիսկ չնչին ներդրում հրադադարի ռեժիմի հաստատման գործում, դա պետք է օգտագործել»,- ասել է Ռուսաստանի դեսպանը` հավելելով, որ այժմ բոլորը պետք է զերծ մնան քայլերից, որոնք կարող են յուղ ավելացնել այս կրակի վրա։ Ռուս դիվանագետը նշել է, որ Մոսկվան ու Անկարան «ամենասերտ շփումների մեջ են» Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ, միաժամանակ խոսել հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների մասին: Դեսպանը հիշեցրել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերը, ով ասել էր. «Այս օրերին թեժ հակամարտության գոտում զինյալների ներկայությունը մեծ վտանգ է պարունակում և խորապես մտահոգում Ռուսաստանին»:
20:59 - 01 նոյեմբերի, 2020
Թուրք հասարակական գործիչ Օսման Քավալայի ձերբակալության երրորդ տարին բորբոքել է հասարակական տրամադրությունները |armenpress.am|

Թուրք հասարակական գործիչ Օսման Քավալայի ձերբակալության երրորդ տարին բորբոքել է հասարակական տրամադրությունները |armenpress.am|

armenpress.am: Հայամետ հասարակական գործիչ, «Անադոլու քյուլթուր» հիմնադրամի ղեկավար, ակտիվիստ Օսման Քավալան արդեն 3 տարի է, ինչ գտնվում է կալանքի տակ: Թուրքիայի տարբեր շրջաններում հասարակությունը մեծ աղմուկ է բարձրացրել՝ պահանջելով Քավալայի ազատությունը: Որպես հանցագործության ապացույց, առանց որևէ իրավական պատճառի, ինչպես նաև առանց մեղադրական եզրակացության Օսման Քավալան 3 տարի անցկացնում է բանտում: «Միայն անձի նկատմամբ ատելությունը, անսահման թշնամանքը, չարությունը խլեցին Օսման Քավալայի 3 տարիները, բավական է, ազատություն Քավալային»,- թուրք լրագրող Ջան Դյունդարը  գրառում է կատարել  «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: Քավալան մեղադրվում է 2013-ին Թուրքիայում տեղի ունեցած Գեզի այգու ցույցերին մասնակցելու և 2016-ին հեղաշրջման փորձին աջակցելու մեջ: 2017-ի նոյեմբերի 1-ին նա ձերբակալվեց Թուրքիայի քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի «Սահմանադրական կարգը խաթարելու փորձի» և 312-րդ հոդվածի «Սահմանադրական կարգը խաթարելու փորձի» մեղադրանքներով: Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ 2020թ. փետրվարի 18-ին Քավալան 312-րդ հոդվածից արդարացվել է և ազատ արձակվել: Բայց շատ չանցած՝ փետրվարի 19-ին կրկին ձերբակալվեց, այս անգամ 309-րդ հոդվածի մեղադրանքով, արդարացվեց 2020թ. մարտի 20-ին: Քավալայի դեմ մեղադրանքները հաստատելու համար բավարար ապացույցներ Թուրքիայի իշխանությունները մինչ օրս չեն ներկայացրել: Ստամբուլում Քավալային պատկանող հրատարակչությունում տպագրվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր, նրա նախաձեռնությամբ բազմիցս կազմակերպվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկումներ: 2020-ի սեպտեմբերի 15-ին արժանացել է Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակին՝ արվեստի ու մշակույթի ոլորտներում իր ներդրման համար:
17:28 - 01 նոյեմբերի, 2020
Թուրքիան ահաբեկիչներին ռազմաճակատ է տեղափոխում քաղաքացիական օդանավակայանների, օդանավերի միջոցով, առանց փաստաթղթի |armenpress.am|

Թուրքիան ահաբեկիչներին ռազմաճակատ է տեղափոխում քաղաքացիական օդանավակայանների, օդանավերի միջոցով, առանց փաստաթղթի |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան Սիրիայից ահաբեկչական խմբավորումների ռազմաճակատ տեղափոխումն իրականացնում է քաղաքացիական օդանավակայանների և քաղաքացիական օդանավերի միջոցով: Այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը՝ մանրամասներ ներկայացնելով ձերբակալված վարձկան ահաբեկիչ, ազգությամբ արաբ,  Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաքննությունից: Վարդանյանը նախ շեշտեց, որ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերը, որը համապատասխան գումարի դիմաց ադրբեջանական կողմից ներգրավված է եղել ռազմական գործողություններում, և նրա հետ տեղափոխվածների խումբը Սիրիայի Արաբական Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահմանը հատել են առանց որևէ փաստաթղթի: «Թուրքիայի ԶՈՒ-ի, սահմանապահ զորքերի կամ ոստիկանության կողմից նրանց մուտքը որևէ կերպ չի խոչընդոտվել, ավելին՝ Թուրքիայի Հանրապետության ԶՈՒ-ն և ոստիկանությունն աջակցել են նրանց մուտքին՝ Սիրիայից Թուրքիա»,-ասաց Վարդանյանը:    Այդ անձինք սահմանը հատելիս իրենց մոտ որևէ փաստաթուղթ չեն ունեցել: «Նրանք տեղափոխվել են Թուրքիայի քաղաքացիական օդանավակայան, այն զինվորական օդանավակայան չի հանդիսացել և Թուրքիայի դրոշը կրող քաղաքացիական օդանավով տեղափոխվել են Թուրքիայի մեկ այլ քաղաքացիական օդանավակայան, որտեղից էլ Ադրբեջանի դրոշը կրող՝ կրկին քաղաքացիական օդանավով տեղափոխվել են Ադրբեջան: Եվ օդանավակայանները, և օդանավերը բոլորը եղել են քաղաքացիական: Այսպիսով, քաղաքացիական օդանավակայանների և օդանավերի միջոցով է իրականացվում վարձկանների տեղափոխությունը»,-ասաց Քրեագիտական վարչության պետը: Այդ վարձկաններին նախապես տրվել են քաղաքացիական սպորտային համազգեստներ, իրենց մոտ չեն ունեցել անձը հաստատող որևէ փաստաթուղթ, բջջային հեռախոս կամ այլ իր: Ամբողջն իրականացվել է Թուրքիայի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, ԶՈՒ-ի, ոստիկանության հովանավորությամբ և աջակցությամբ: «Այդ ահաբեկչական խմբավորումների և ֆինանսավորումը, և զինումը իրականացվում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից: Թուրքիան ամբողջությամբ աջակցում և հովանավորում է այս պատերազմը, որն Ադրբեջանը սանձազերծել է Արցախի դեմ»,-նշեց Վարդանյանը: Թուրքիայի զինվորականներն են ղեկավարում ամբողջ հրետանին, ԱԹՍ-ները և ռազմական օպերացիաները: Այսպիսով, ամբողջը կառավարվում է թուրք բարձրաստիճան զինվորականների և այլ զինծառայողների կողմից:
15:07 - 01 նոյեմբերի, 2020
Սիրիացի վարձկանները՝ Լեռնային Ղարաբաղում․ գերմանական Der Spiegel-ի ծավալուն անդրադարձը

Սիրիացի վարձկանները՝ Լեռնային Ղարաբաղում․ գերմանական Der Spiegel-ի ծավալուն անդրադարձը

Գերմանական Der Spiegel լրատվական կայքը հոկտեմբերի 29-ին ծավալուն անդրադարձ է կատարել արցախա-ադրբեջանական պատերազմին ու ներկայացրել մարտական գործողություններին մասնակցած սիրիացի վարձկանի հետ հարցազրույց։ Դահամ Ալասադի, Գիոմ Պեղյեի, Քրիստոֆ Ռոյթերի հեղինակած հոդվածն ամբողջությամբ՝ ստորեւ։ Սիրիացի վարձկանները՝ Լեռնային Ղարաբաղում Շաբաթներ շարունակ Թուրքիան Կովկաս է ուղարկում սիրիացի զինյալների։ Նրանք պետք է ի կատար ածեն Թուրքիայի նախագահի ծավալապաշտական ֆանտազիաները, ինչի համար շատերն իրենց կյանքի գնով են վճարում։  Թարեքը ողջ է վերադարձել։ Մեր օրերում նրա վերադարձն ավելի շուտ բացառություն է այն հազարավոր սիրիացիների համեմատ, որոնք Թուրքիայից որպես վարձկաններ էին տարվել Կովկաս։ Սեպտեմբերի սկզբից սկսած՝ նրանց փուլ առ փուլ նետում են Ադրբեջանի հարձակվողական առաջնագիծ, որտեղ նրանք պայքարում են՝ վերադարձնելու մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը։ Իրականում միայն սպանվածներն են արագ վերադառնում։ Մյուս դեպքերում վարձկանները պետք է ամիսներով մնան այնտեղ։ Թե ինչպես Թարեքին հաջողվեց պատերազմից երկու շաբաթ հետո տուն վերադառնալ, դրամատիկ շրջադարձերով հարուստ մի պատմություն է։ Սա պատմություն է թուրքական իշխանության ծավալապաշտապան պլանների, բայց նաեւ վերջինիս տապալման մասին։ Այնուամենայնիվ, կա մեկը, որը եղելությունն իր սեփական դիտանկյունից կարող է պատմել, թեեւ նրա պատմածների միայն որոշ մասն է հնարավոր ստուգել։ Թարեքի պատմությունը սկսվում է բուն մարտերից շատ ավելի առաջ։ Արդեն օգոստոսի կեսերից թուրքական բանակի կողմից վերահսկվող սիրիական ապստամբների կենտրոն Իդլիբում եւ Հալեպի հյուսիսային շրջանում լուրեր էին պտտվում, որ թուրքերը նորից տղամարդկանց են հավաքագրում՝ ինչպես Լիբիա ներխուժելու ժամանակ։ Սակայն այս անգամ զինյալներ էին հավաքագրում Ադրբեջանի համար՝ թուրքերի եղբայրների՝ ինչպես նրանց անվանում են Անկարայում։ Նախատեսված էր, որ սիրիացիները պետք է պահպանեին թուրքական ռազմաբազանները՝ դրա համար ստանալով ամսական մինչեւ 2000 դոլար, ինչը կասկածելի կերպով շատ գումար էր պահակության համար։ «Պահակության մասին պատմությանը ոչ ոք էլ չէր հավատում»,- ասում է Թարեքը, որը թուրքական գաղտնի ծառայությունների վախից իր իսկական անունով չի ներկայանում։ «Հիմա արդեն ամեն ինչ միեւնույն է։ Առջեւում ձմեռ է։ Ո՞նց պետք է ապրենք, որտե՞ղ պետք է ապրենք»։ 21-ամյա երիտասարդը եւ նրա ծնողները փախստական են դարձել իրենց իսկ երկրում, երբ անցած ձմեռ Բաշար ալ Ասադի զորքերը գրավեցին նրանց գյուղը։ Երբ պատերազմը (խմբ. սիրիական) սկսվեց, Թարեքը դեռ դեռահաս էր, նա այդպես էլ դպրոցը չավարտեց, որովհետեւ շուտով, ըստ էության, այլեւս դպրոց չէր էլ լինելու։ Երբ թուրքերը Լիբիայի համար զինվորագրում էին իրականացնում, նա դեռ իր ընտանիքի հետ ապրում էր իրենց գյուղում։ Սեպտեմբերին շրջանառվող լուրերը հաստատվում են։ Թուրքերը հավաքագրման հարցը թողել էին իրենց ենթակայության տակ գտնվող սիրիական փորձառու կազմակերպություններին՝ առաջին հերթին երկու ավազակային խմբավորումների՝ Համզա եւ Սուլթան Մուրադ դիվիզիաներին։ Ամեն ինչ կազմակերպվում էր գլխավոր շտաբի հրահանգներով։ Սեպտեմբերի 22-ին Բասուտա գյուղում՝ Համզա խմբավորման գլխավոր կայանատեղիում, հավաքում են մոտ 700 տղամարդու՝ նրանց տարիքը եւ պիտանիությունը ստուգելու համար։ Անձնագրին եւ այլ փաստաթղթերի ոչ ոք ուշադրություն չէին դարձնում, մերժում էին միայն նրանց, որոնք 18 տարեկանից փոքր էին երեւում։ Այդ ժամանակ հավաքագրում են մոտ 500 հոգու՝ այդ թվում Թարեքին եւ նրա 42-ամյա վաղեմի ծանոթ Մուհամեդ ալ Շալանին։ Ի տարբերություն շատերի՝ վերջինս երկար տարիների մարտական փորձ ուներ, եւ նրա հրամանատարության տակ պետք է լիներ մի փոքր խումբ՝ այդ թվում եւ Թարեքը։ Բացի ամսական 1500 դոլար աշխատավարձից եւ վիրավորման դեպքում բժշկական ծախսերից՝ զոհվելու պարագայում նրանց ընտանիքները պետք է ստանան 60 հազար դոլար, ինչպես նաեւ Թուրքիայում կացության իրավունք։ Պայմանավորվածությունը գրավոր չի ամրագրվում։ Բայց եթե Թուրքիան չվճարի, անմիջապես այդ լուրը բերնեբերան կտարածվի։ Չէ՞ որ ի վերջո բոլորը փողի համար էին այնտեղ։ Ասադի ռեժիմի դեմ պայքարում Էրդողանի ցույց տված օժանդակությունը պատանդի կարգավիճակում է դրել սիրիացիներին. Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, որի գնալով ավելի մեծ հատվածներ դեռեւս 2015 թվականից սկսած թուրքական ռազմական եւ գաղտնի ծառայություններն են վերահսկում, բնակություն է հաստատել ավելի քան 3 միլիոն մարդ՝ «բանտարկված» լինելով՝ մի կողմից՝ Ասադի զորքերի, մյուսից՝ Թուրքիայի կողմից։ Նրանք մի տեսակ կենդանի հումք են դարձել, որոնց Էրդողանը գործի է դնում իր ռազմական գործողություններում՝ ինչպես Լիբիայում, Սիրիայի քրդական բնակավայրերում եւ այժմ էլ Լեռնային Ղարաբաղում։ Հազիվ թե սիրիացիներից որեւէ մեկը գիտի՝ ինչ կռիվ է սա ընդհանրապես, եւ որ իրենք դարձել են Ստալինի իշխանական խաղերի վերջին զոհերը։ Հենց Ստալինն էր հայերով բնակեցված տարածքը ժամանակին կցել Խորհրդային Ադրբեջանին։ Հայերը, օգտվելով փլուզվող Խորհրդային Միության քաոսային իրավիճակից, գրավել էին Լեռնային Ղարաբաղը։ 1994 թվականից սկսված՝ փխրուն հրադադար էր հաստատվել։ Երբ Բասուտայում ավարտվում է ռազմական ստուգատեսը, տղամարդիկ տեղափոխվում են սահման եւ ստանում կապույտ համազգեստ։ Անվտանգության աշխատողները հավաքում են նրանց անձնագրերը եւ հեռախոսները։ Հաջորդ առավոտյան զինյալները մեկնում են Թուրքիա՝ Գազիանթեփի օդանավակայան։ Խումբը բաժանվում է։ Թարեքը եւ եւս 300 հոգի բեռնատար ինքնաթիռով մեկնում են Անկարա, այնտեղից էլ արդեն մարդատար ինքնաթիռով՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Այնուհետեւ զինվորական ավտոբուսներով նրանց տեղափոխում են Իրանի սահմանին գտնվող զինվորական հավաքատեղի։ Այնտեղ նրանց բաժանվում են ռուսական զենքեր, բայց մինչեւ այդ պահը այդպես էլ չեն հասկանում՝ իրենց ինչ է սպասվում։ Հետո հանկարծ գիշերվա կեսին հրաման է գալիս. «Շտապ պատրաստվե՛ք, հարձակվելու ենք հայերի վրա»,- հիշում է Թարեքը։  Սիրիացիներից բաղկացած 10-15 հոգանոց յուրաքանչյուր խմբի կցվում է ադրբեջանցի մի թարգմանիչ։ Իսկ թուրքական զինվորականներից, որոնց բազաները սիրիացիները իբր թե պետք է հսկեին, ոչ մեկն այդպես էլ չի գալիս ո՛չ այդ գիշեր, ո՛չ ավելի ուշ։ Մոտավորապես ժամը 3-ի սահմաններում լսվում է ավտոշարասյան ձայնը, եւ սկսվում ադրբեջանական զորքերի տեղափոխումը։ «Մենք առաջնագծի ճանապարհն անգամ չգիտեինք»,- պատմում է Թարեքը,- «դեռ տեղ էլ չէինք հասել, երբ սկսվեցին մարտերը»։ Ավտոշարասյունն առաջնորդող մեքենան ստանում է առաջին ուղղակի հարվածը, որից հետո խավարի մեջ հրե գունդ է փայլատակում։ «Մենք կանգ առանք։ Ադրբեջանցիների մի մասը զոհվել էր, մի մասն էլ՝ փախել։ Իսկ մենք չգիտեինք՝ ուր պետք է փախչել առհասարակ։ Մեր գլխավերեւներում որոտում էին մարտական ինքնաթիռները, հեռվում լսվում էին պայթյունի ձայներ, մենք սողսողալով հասանք մի թաքստոց եւ սպասեցինք»։ Ըստ Թարեքի խոսքերի՝ միայն վաղ առավոտյան, երբ դադարել էին կրակոցները, եկան զինվորներ եւ սիրիացիներին հետ տարան ճամբար։ Այդ գիշերը բոլորը ողջ մնացին։ Շալանը՝ զորքերի առաջնորդը, եւ եւս մի քանի հոգի գնում են Համզայի դիվիզիայի հրամանատարի մոտ, որն ուղեկցել էր առաջին զորախմբին, եւ բողոքում, որ իրենց բերել են անծանոթ մի տեղ եւ տեղանքին օտար՝ իրենք դատապարտված են դառնալ թնդանոթի միս։ Հրամանատարը, որն իրեն շնորհել էր Սաիֆ Աբու Բաքր հաղթական անունը, զայրույթով պատասխանում է. «Դուք այստեղ կռվելու համար եք եկել։ Այլընտրանք այլեւս չունեք»։ Հաջորդ գիշեր էլ են էժան պրծնում։ Կրկին սիրիացիների շատ խմբեր ուղարկվում են առաջնագիծ։ Այս անգամ նրանք հայտնվում են հայ դիպուկահարների եւ ականանետերի կրակի տակ, ոչ մի մետր առաջ չեն կարողանում շարժվել, իսկ նահանջելիս չեն կարողանում անգամ իրենց զոհերի մարմինները վերցնել։ Շալանը նորից է գնում հրամանատարի մոտ։ Սաիֆ Աբու Բաքրը հանում է ատրճանակը, պահում ծերունու քունքին եւ գոռում. «Ես քեզ հենց հիմա կսպանեմ, եթե հետ կանգնես»,- պատմում է Թարեքը։ Դրանից հետո Սաիֆ Աբու Բաքրը դիմում է Թարեքին եւ մյուսներին. «Այլեւս հետ ճանապարհ չկա։ Դուք պետք է կռվեք, կամ էլ ես ձեզ հենց հիմա կգնդակահարեմ»։ Սաիֆ Աբու Բաքրը, որի քաղաքացիական անունը Սաիֆ Բալուդ է, 2012 թվականին որպես երիտասարդ լեյտենենտ միացել էր ապստամբերին։ Շուտով նա իր հպատակությունն է առաջարկում թուրքերին եւ 2013 թվականի ամռանը սկսում է համագործակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, կարճ ժամանակ անց նրան հաջողվում է փախչել Թուրքիա, որտեղ նա դառնում է ԻՊ-ի դեմ պայքար մղող խմբավորման պարագլուխը։ Այդ խմբավորմանն աջակցում էր Ամերիկայի գաղտնի ծառայությունը։ Թուրքական անվտանգության ծառայության ապարատին հավատարիմ լինելու շնորհիվ՝ նա շուտով դառնում է Համզայի դիվիզիայի ղեկավար, ստանում բրիգադի գեներալի կոչում եւ անընդհատ նոր զորքեր է հավաքագրում Անկարայի համար։ Սակայն Լեռնային Ղարաբաղում ամեն ինչ ըստ պլանի չի ընթանում։ Սաիֆ Աբու Բաքրը որոշում է փակի տակ պահել ահաբեկիչների համառ ղեկավար Շալանին, որից հետո ավելի ու ավելի շատ զինյալներ են ընդդիմանում։ Ի վերջո թուրք սպաները միջնորդում են՝ ասելով, որ սիրիացիները իրավունք ունեն մեկ անգամ զանգել, պետք է մի քիչ էլ կռվեն, մինչեւ հաջորդ հերթափոխը կգա Սիրիայից։ Սեպտեմբերի 29-ի մարտերից մեկի ժամանակ զոհվում է Մուհամեդ ալ Շալանը։ Զինվորագրվածների ընտանիքներն այժմ սպառնում են Սիրիայում տեղակայված Համզայի գլխավոր շտաբին. «Մեր որդիներին ողջ հե՛տ վերադարձրեք, կամ էլ մենք ձեզ կսպանենք»,- պահանջում են նրանք։ Միայն առաջին շաբաթների ընթացքում զոհվել են տասնյակ սիրիացիներ՝ Սիրիայի հյուսիսային շրջաններից, բայց նաեւ փախստականներ՝ Սիրիայի այլ հատվածներից։ Դերզորցի Քասեմ Մուստաֆա ալ Ղաթմուռը, որը մասնացել էր նաեւ Լիբիայի կռիվներին եւ ողջ մնացել, ասում է. «Սկզբում Լիբիա, հիմա Ադրբեջան․ շնորհակա՛լ եմ քեզ, Էրդողա՛ն, որ մեզ աշխարհը ցույց ես տալիս»։ Միայն հոկտեմբերի 4-ին 40 դիակ հետ է տարվել Սիրիա։  Մի թուրք սպա դիմում է Թարեքին եւ ողջ մնացած մյուս սիրիացիներին ու ասում. «Եթե ուզում եք ձեր աշխատավարձը ստանալ, պետք է շարունակեք կռվել»։ Ըստ Թարեքի՝ իրենք հրաժարվել են գումարից։ Հոկտեմբերի 12-ին նրանք վերադառնում են Սիրիա, սակայն նրանց մի մասին թուրքական գաղտնի ծառայությունները ձերբակալում են՝ հավանաբար շատ համառ ու անհնազանդ լինելու պատճառով։ Մյուսներին ստիպում են լռել։ Թարեքի գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ մինչեւ հոկտեմբերի վերջը 3000-4000 սիրիացի վարձկաններ են Ադրբեջան ուղարկվել։  Իսկ կռիվը շարունակվում է։ Միջազգային հանրության պարտադրած 3 հրադադարներից եւ ոչ մեկը չպահպանվեց։ Ադրբեջանը կարծես փորձում է այն իրավիճակն օգտագործել՝ մինչեւ վերջին սիրիացին հետ նվաճելու Լեռնային Ղարաբաղը։ Սիրիացի հուսահատ ընտանիքները ստանում են իրենց որդիների դագաղները։ Թուրքիայից հրահանգված է՝ սպանվածներին արագ եւ լուռ թաղել։ Ըստ տեղացիների՝ իրենց հարազատները մարտում որպես նահատակներ են մահացել, ոչ թե հանցագործներ։ Թաղման ժամանակ իմամն (մահմեդականների հոգեւոր առաջնորդը) իր քարոզում հիշատակում է նաեւ Թարեքի հորեղբայրներից մեկի եւ զարմիկի անունը․ երկուսն էլ զոհվել են Լեռնային Ղարաբաղում։ «Այս ամենի մեջ արժանապատվության գոնե մի փոքր նշյուլ կա»,- դառնացած ասում է բարեկամներից մեկը,- «նրանք գնացին կռվելու, որովհետեւ ուզում էին գոյատեւելու համար գումար վաստակել»։ Թարգմանությունը՝ Շահանե Խաչատրյանի
21:21 - 31 հոկտեմբերի, 2020
Որտե՞ղ են ԵՄ ուժեղ գործողությունները՝ ընդդեմ Ադրբեջանի, Թուրքիայի. Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր |armenpress.am|

Որտե՞ղ են ԵՄ ուժեղ գործողությունները՝ ընդդեմ Ադրբեջանի, Թուրքիայի. Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Ջոել Ֆորդևինդը նկատել է, որ Արցախում Թուրքայի և սիրիացի ջիհադիստների աջակցությամբ Ադրբեջանի վայրագությունները Եվրամիության կողմից համապատասխան արձագանքի չեն արժանանում. Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում: Պատգամավորն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Հիմա որտե՞ղ են ԵՄ ուժեղ գործողություններն ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի: Ինչո՞ւ հիմա չկիրառել նպատակային պատժամիջոցներ կամ Լեռնային Ղարաբաղի վրայով թռիչքների արգելման գոտի ստեղծել: Ինչքա՞ն զոհեր դեռ պետք է լինեն, մինչև որևէ բան պատահի»,-շեշտել է պատգամավորը: Նա հրապարակած նկարով համեմատականներ է անցկացրել՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 2-ին, երբ Գերմանիայի կառավարությունը հայտնեց Նավալնիի թունավորման մասին, արձագանքը եղավ այն, որ Եվրամիությունը և Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ, իսկ երբ նույն թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիան, Ռուսաստանը, Սիրիան հաստատեցին, որ Թուրքիան սիրիացի ջիհադիստների է ուղարկում Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ կռվելու համար, ու որի արդյունքում հազարավոր զոհեր կան, ԵՄ-ի կողմից արձագանք չկա:
15:32 - 31 հոկտեմբերի, 2020
Զգուշություն դրսևորելով՝ Ստամբուլի 200 հայ ՀՀ է եկել․ Սինանյանի խոսքով՝ սփյուռքի համախմբումն աննախադեպ է |armtimes.com|

Զգուշություն դրսևորելով՝ Ստամբուլի 200 հայ ՀՀ է եկել․ Սինանյանի խոսքով՝ սփյուռքի համախմբումն աննախադեպ է |armtimes.com|

armtimes.com: «Ի պաշտպանություն Արցախի՝ սփյուռքի մեր հայրենակիցների կողմից կազմակերպվող մոբիլիզացիոն աշխատանքները  աննախադեպ են. նրանք օգնում են հայրենիքին ե՛ւ ֆինանսապես, ե՛ւ մարդասիրական օգնությամբ, եւ կամավորներով, ե՛ւ իրենց երկրներում տարբեր քաղաքական ակտեր իրագործելով»։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ հավելելով, որ նման համախմբում, սփյուռքահայերի խոսքով, երբեւէ չի եղել։ Քաղաքական այդ ակտերը, որ դրսեւորվում են հիմնականում խաղաղ ակցիաների տեսքով, միշտ չէ, որ խաղաղ ավարտ են ունենում։ Ֆրանսիայի Վալանս, Նիցցա, Վիեն քաղաքներում, նաեւ ԱՄՆ-ում նախորդող օրերին դրանց հաջորդեցին սադրիչ գործողություններ, թուրքերի կողմից հայերի դեմ ուղղված հարձակումներ։ Նման հարձակումների, ինչպես նաեւ՝ հայերի անվտանգության հարցերի շուրջ Զարեհ Սինանյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ: - Պարոն Սինանյան, սփյուռքահայերի խաղաղ ակցիաները  մի շարք երկրներում հանդիպում են թուրք-ադրբեջանական սադրիչ գործողությունների։ 2 օր առաջ հարձակումներ եղան Ֆրանսիայի մի քանի քաղաքներում, ԱՄՆ-ում, մարդիկ տուժեցին։ Ի՞նչ է պետք անել հայերի անվտանգությունը ապահովելու, նման սցենարներից խուսափելու համար։ - Մենք պետք է աչալուրջ լինենք եւ միշտ հիշենք, որ գործ ունենք թուրքերի հետ, որոնց լեզուն բռնությունն է՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք գտնվում։ Մոտ 10 օր առաջ մենք կոչ էինք արել համայնքներին զգույշ լինել, խուսափել որեւէ առճակատումից, որովհետեւ թուրքերը եւ ադրբեջանցիները հաստատ փորձելու են սադրել մեր հայրենակիցներին եւ բախումները ռազմաճակատից տեղափոխել երրորդ երկրների տարածք, ինչպես արել են նախկինում։ Կհիշեք՝ 2020 թվականի Տավուշյան մարտերից հետո ինչպիսի կոնֆլիկտներ տեղի ունեցան Լոս Անջելեսից մինչեւ Մոսկվա, հետեւաբար, սպասելի էր այս ամենը։ Պատկերացրեք՝ երբ մենք սկսենք արդեն ռազմական հաղթանակներ տոնել, թուրքերն ինչպես են իրենց ողջ ատելությունը թափելու սփյուռքի մեր հայրենակիցների վրա։ Նախքան նման դեպքեր առաջանալը պետք է կապվել տեղի իրավապահների հետ եւ օգտագործել այդ ռեսուրսը անվտանգություն ապահովելու համար։ Դժվար է պատկերացնել՝ սրանից բացի ուրիշ ինչ քայլերի պետք է դիմել։ Բնական է՝ մենք կոչ չենք անելու ինքնապաշտպանական խմբեր կազմել, ամենակարեւորը զգուշությունն է, պետք է փորձեն որոշ ժամանակ մենակ չլինել, խմբերով շրջել եւ խուսափել ադրբեջանցիների եւ թուրքերի հետ կոնտակտի մեջ մտնելուց։ - Նախորդ օրը երեկոյան Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը հայտնեց, որ տեղեկություններ են ստացել այնտեղ գտնվող հայերի նկատմամբ հնարավոր ոտնձգությունների վերաբերյալ։ Ձեզ հայտնի՞ է՝ ինչ տեղեկությունների մասին է խոսքը, այնտեղ ի՞նչ է տեղի ունեցել։ - Կոնկրետ Նիդեռլանդների դեպք հայտնի չէ, բայց նման զգուշացումներ տարբեր համայնքներում մեր դեսպանատները անում են՝ հիմնվելով օպերատիվ տեղեկության վրա։ Եթե սոցիալական մեդիայում կամ այլ տեղերում տեսնում են, որ նման տեղեկություն է տարածվում կամ թերեւս, օրինապահ մարմիններն են հայտնում իրենց, իրենք էլ տեղեկացնում են մեր հայրենակիցներին։ - Իսկ Դուք հետեւո՞ւմ եք, թե նման սադրանքներին տեղի իրավապահների ինչ գործողություններ են հաջորդում, արդյո՞ք նրանք պատժվում են։ -Այո, հետեւում եմ, գիտեմ, որ Ֆրանսիայում մեր հայրենակցի գլխին մուրճով հարվածած անձին տասը տարվա ազատազրկում է սպառնում, քրեական գործ է  հարուցվել։ Սրանից երկու օր առաջ Ֆրեզնո քաղաքում էր մի անձ հարձակվել հայ ցուցարարների վրա, երեք հոգու դանակով վնաս էր հասցրել։ Այս դեպքով եւս քրեական գործ է հարուցվել, նա ձերբակալվել է։ Ես շատ կուզեի իմանալ՝ ինչ են արել Ֆրանսիայի իրավապահները երթի այն մասնակիցների դեմ, որոնք արշավ էին կազմակերպել եւ «ո՞ւր եք, հայեր, դուրս եկեք» վանկարկումներով, հայհոյանքներ տալով՝ հայերին էին փնտրում, որ հաշվեհարդար տեսնեին նրանց հետ։ Դրա մասին դեռ տեղեկություն չունենք։ - Հստակ գիտե՞ք, թե մուրճերով հայերի վրա հարձակված թուրքերից քանիսն են ձերբակալվել։ - Ոչ, առայժմ գիտեմ, որ քրեական գործ է հարուցվել։ Տեսանյութում երեւում է, որ փախուստի դիմողներից երկուսը գետնին ընկած են ուշաթափ վիճակում, հայ երիտասարդները նրանց պատժել էին, ուզում եմ ասել՝ ոմանց չի հաջողվել փախչել, նրանց էլ էին հիվանդանոց տարել։ - Իսկ Ֆրեզնոյում հայերի վրա հարձակված քաղաքացին ի՞նչ ազգություն ուներ։ - Նա ամերիկացի էր, ազգանունը՝ Ֆոնսեկա, դա պորտուգալական ազգանուն է, այդ կողմերում Պորտուգալիայի ծագումով շատ ամերիկացիներ են ապրում, հետեւաբար զարմանալու բան չկա։ -Կարելի՞ է ենթադրել, որ այլազգի քաղաքացիների միջոցով են թուրքերը փորձում իրենց սպառնալիքները ի կատար ածել։ - Չեմ կարծում, որ Ֆրեզնոյի դեպքը նման բան է մեզ հուշում, որովհետեւ այդ մարդը պարզապես վրդովել էր, որ հայերը ճանապարհը փակել էին, եւ ինքը չէր կարողանում ուզած տեղը հասնել։ - Առհասարակ, էթնիկ հողի վրա ատելության կոչ, սպառնալիքներ հնչեցնելու համար պատասխանատվություն սահմանված է աշխարհում, ճի՞շտ է։ - Այո, արեւմտյան աշխարհում, իհարկե, սահմանված է։ Հատկապես Ռուսաստանում շատ խիստ է, ինչը եւս բնական է. Ռուսաստանը, լինելով բազմաէթնիկ երկիր, շահագրգռված չէ իր տարածքում էթնիկ բախումներ թույլ տալու, հետեւաբար կարծում եմ, որ բոլոր տեղերում էլ մեր հայրենակիցները պաշտպանված են։ Առավել մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում Ստամբուլից, նաեւ՝ Միջին Արեւելքի որոշ երկրներից, Իրանից, ասում են՝ մեր հայրենակիցները շատ տեղերում ահաբեկված են, փորձում են տներից շատ դուրս չգալ: Դա, իհարկե, շատ անհանգստացնող է։ Ունենք մոտ 200 հայրենակից, որոնք լքել են Ստամբուլը եւ հիմա ՀՀ-ի ճանապարհին են. եթե չեմ սխալվում, երեկ Վրաստանում էին, ամենայն հավանականությամբ, արդեն հասած կլինեն Հայաստան։ - Զգուշավորություն դրսեւորելո՞վ են եկել թե՞ միջադեպ է եղել։ - Իմ կարծիքով՝ զգուշավորություն են դրսեւորել, բնական է, որ նման մթնոլորտում շատ ճնշող է մնալ եւ պատրանք ունենալ, թե ապահով կլինեն։ Պատերազմից առաջ մենք հետեւում էինք՝ ինչ թվով լիբանանահայեր են վերադառնում հայրենիք, սակայն պատերազմը մեր պրոֆիլը, մեղմ ասած, փոխեց, հիմա դժվար է հստակ ասել, թե քանիսն են այս ընթացքում վերադարձել։ Շարունակությունը՝ armtimes.com կայքում։
12:05 - 31 հոկտեմբերի, 2020
Վիեննայում շուրջ 50 իսլամիստ հարձակվել է կաթոլիկ եկեղեցու վրա |armenpress.am|

Վիեննայում շուրջ 50 իսլամիստ հարձակվել է կաթոլիկ եկեղեցու վրա |armenpress.am|

armenpress.am: Թուրքական ծագում ունեցող շուրջ 50 երիտասարդ հոկտեմբերի 29-ին ներխուժել է Վիեննայում գտնվող Սուրբ Անտոնիո Պադովացու կաթոլիկ եկեղեցի: Այս մասին հայտնում է «Kurier» պարբերականը: Եկեղեցի ներխուժած երիտասարդները վնաս են պատճառել՝ ոտքով հարվածելով գույքին, ջարդել են եկեղեցական պարագաները: Եկեղեցու սպասավորները ոստիկանություն են կանչել, թեպետ խուլիգաններին հաջողվել է փախչել մինչև իրավապահների ժամանումը: Ամեն դեպքում, առկա է երիտասարդների գործողությունների տեսագրություն: Իրավապահները կարծում են, որ հարձակման կազմակերպիչները մի խումբ թուրք իսլամիստ ֆանատներ են, որոնք վերջին ամիսներին ոստիկանության ուշադրությունն են գրավել: Իրավապահներն արդեն նույնականացրել են 10 անձի: Ավելի վաղ նրանք արդեն աչքի էին ընկել հասարակական կարգի խախտմամբ: Կաթոլիկ եկեղեցու նկատմամբ ոտնձգությունը կատարվել է Ֆրանսիայում իսլամիստների կողմից հարձակումների և Թուրքիայի նախագահի՝ Եվրոպայում իսլամի նկատմամբ վախի մասին հայտարարության ֆոնին: Ֆրանսիայում քաղաքացիների վրա մի քանի հարձակումներ են գրանցվել Նիցցայում, Լիոնում, Ավինյոնում հոկտեմբերի 29-ին և 30-ին:
10:48 - 31 հոկտեմբերի, 2020