ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Վանաձորի երկու տեքստիլ ֆաբրիկաներում չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները |armenpress.am|

Վանաձորի երկու տեքստիլ ֆաբրիկաներում չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանըմտահոգված է Վանաձոր քաղաքի երկու տեքստիլ ֆաբրիկաներում կորոնավիրուսի թվերի քանակով: Կառավարության օգոստոսի 20-ի նիստի ընթացքում Թորոսյանը հայտնեց, որ այդ ֆաբրիկաներում չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները: «Մի քանի օր առաջ խոսեցինք այն մասին, որ մենք պրոակտիվ գնում և թեստավորում ենք անում: Վանաձոր քաղաքի տարբեր տեսակի հաստատություններից վերցրած գրեթե բոլոր տեղերում ունենք զրոյական դրական արդյունք, բացառությամբ տեքստիլի երկու խոշոր ֆաբրիկաների: Դրանցից մեկում 200 նմուշից 50-ը դրական է եղել: Դա նշանակում է, որ այդ ֆաբրիկայում կանոնները չեն պահպանվում ընդհանրապես»,- ասաց Թորոսյանը: Նախարարը նշեց, որ այդ դրական դեպքերը հետո տեղափոխվում են ընտանիքներ և հանգեցնում լուրջ հետևանքների: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ տեսչական մարմինները պետք է ավելի հետևողական լինեն այս հարցում:
12:04 - 20 օգոստոսի, 2020
Կառավարությունում քննարկվել է Կադաստրի կոմիտեի գործունեության հաշվետվությունը

Կառավարությունում քննարկվել է Կադաստրի կոմիտեի գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է Կադաստրի կոմիտեի 2019թ. և 2020թ. առաջին 4 ամսվա գործունեության հաշվետվությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները: Մասնավորապես, 2019թ. մշակվել և ներկայացվել է ինտեգրված կադաստրի հայեցակարգը, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Փոփոխված ժամանակացույցով՝ ներկայում լրամշակման փուլում է ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը: 2020թ. իրականացվել է միջազգային Երկրատարածական տվյալների ստանդարտների ուղեցույցների կազմում և դրանց համապատասխան քարտեզագրական շերտերի ստանդարտացում և մուտքագրում գեոպորտալ, որի զարգացման և կարիքների գնահատման ընթացքում նախատեսվում է ներդրնել նոր ծրագրային և սերվերային համակարգեր: Առցանց, անթուղթ անշարժ գույքի կադաստրի ներդրման շրջանակում որոշակիորեն կարգավորվել է օրենսդրական դաշտը, որով պայմանավորված՝ իրավունքների գրանցման ու տեղեկատվության տրամադրման բարեփոխումներ կիրականացվեն գրանցման, տարածական տվյալների և արխիվի ոլորտներում: Կադաստրի կոմիտեի առցանց ծառայությունների մատուցման հարթակի (e-cadastre.am) վերագործարկմամբ բարելավվել է ծառայությունների մատուցման որակը, շարունակաբար պարզեցվում են առցանց դիմումների ներկայացման ընթացակարգերը. այժմ օրական ստացվող առցանց դիմումների քանակը հասնում է 300-400-ի: Կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ հասցեների միասնական ռեգիստրի ստեղծման հայեցակարգը: Մշակվում են հայեցակարգից բխող օրենսդրական փոփոխությունների նախագծերը, որոնց հիման վրա կգործարկվի հասցեների միասնական համակարգի առցանց հարթակը: Այժմ իրականացվում են փողոցների տեղադիրքի և անվանումների ճշգրտման, թվայնացման, տվյալների բազայի ստեղծման աշխատանքներ, արդեն 8 մարզում դրանք ավարտվել են: Իրականացվել են ՀՀ հողերի և դրանց բարելավումների գնահատումներ, տեղեկատվությունը հրապարակվել է կոմիտեի կայքում: Փոփոխված ժամանակացույցով իրականացվել են ՀՀ միասնական տարածագնահատման նոր գոտևորման սահմանմամբ և «Անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ պայմանավորված միջոցառումները: Ավարտին են հասցվել Վաղարշապատ քաղաքի քարտեզագրական հենքի ստեղծման աշխատանքները: Մշակվել և քննարկման է ներկայացվել «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը. այժմ այն լրամշակման փուլում է և առաջիկայում կներկայացվի շահագրգիռ կողմերի քննարկմանը։ Կառուցվածքային բարեփոխումների շրջանակում Կադաստրի կոմիտեի 5 տարածքային ստորաբաժանումից 2-ը միավորվել են 1-ում, այժմ գործում է 4 տարածքային ստորաբաժանում: Վարչապետը հետաքրքրվել է հաշվետու ժամանակահատվածում՝ 2019թ. և 2020թ. առաջին 4 ամսում նախատեսված մի շարք միջոցառումների կատարման ժամանակացույցի փոփոխության պատճառներով: Կադաստրի կոմիտեի ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել այդ առնչությամբ և նշել, որ այժմ կոմիտեն աշխատում է թե՛ ընթացիկ, թե՛ հաշվետու շրջանում նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է հետևողական լինել այս հարցում և աշխատանքները կազմակերպել սահմանված ժամանակացույցին համապատասխան: 
21:39 - 19 օգոստոսի, 2020
ԲՀԿ-ի վեց տնտեսական մանիպուլյացիաները․ ինչու չեն իրագործվել Ծառուկյանի ծրագրերը

ԲՀԿ-ի վեց տնտեսական մանիպուլյացիաները․ ինչու չեն իրագործվել Ծառուկյանի ծրագրերը

ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հուլիսի 11-ին ֆեսբուքյան իր էջում հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ ներկայացվում են Գագիկ Ծառուկյանի այն նախաձեռնություններն ու ծրագրերը, որոնք կյանքի չեն կոչվել իշխանությունների «ապաշնորհ կառավարման պատճառով»: Տեսանյութում խոսվում է հետևալ ծրագերի, նախաձեռնությունների մասին․ Կեմպինսկի Լյուքս դասի հյուրանոց, որը կյանքի է կոչվում Քուվեյթի թագավորական ընտանիքի ներկայացուցիչ շեյխ Ահմադ Ալ-Ֆահադ Ալ-Սաբահի հետ համատեղ․ ներդրումների նախնական ծավալը ավելի քան 100 մլն դոլար էր: Աբովյանում կառուցվող բազմաբնակարան թաղամաս՝ երիտասարդների համար․ բնակարան էր ձեռք բերելու ավելի քան 2000 ընտանիք՝ վճարելով  ամսական ընդամենը 65․000 դրամ: Արսիլիցիումի գործարան․ ներդրումային ծրագիրն արժենալու էր մոտ 1 մլրդ դոլար, բացվելու էր մոտ 3000 աշխատատեղ: Եղվարդ քաղաքում «Արմօյլ» ընկերության գործարանի կառուցում: Բամբակի գործարան, որը աշխատատեղով պետք է ապահովեր 300-ից ավելի մարդու: 20 մլրդ վարկային ռեսուրս երկիր ներգրավելու նախաձեռնություն, որի միջոցով փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին վարկերը հասանելի էին դառնալու 1-1,5 տոկոսով։ Անդրադառնանք այս նախաձեռնություններից յուրաքանչյուրին՝ հասկանալու՝ ինչքանով է դրանց չիրագործումը ապաշնորհ կառավարման արդյունք: Կեմպինսկի լյուքս դասի հյուրանոց, որի աշխատանքները, ԲՀԿ-ականների պնդմամբ, «քաղաքապետարանի ստեղծած արհեստական խոչընդոտների պատճառով» կիսատ են մնացել 2011 թվականին, ըստ մամուլի հրապարակումների, Kempinski Hotel Group-ը Երևանում, ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում և չեխական Մարիենբադում 5-աստղանի հյուրանոցներ կառուցելու պայմանագիր էր կնքել: 2017-ին Աբովյան 5 հասցեում սկսվեցին հյուրանոցի շինարարական աշխատանքները: Իրականացվում էին «Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող շինության քանդման աշխատանքներ՝ այս և հարակից տարածքներում հյուրանոցային համալիրը կառուցելու նպատակով: Դեռևս 2008-ին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի դեմ Աբովյան 5 հասցեում իրականացվող շինարարության հետ կապված հայց էր ներկայացվել դատարան։ Հայցվորը հարևան շենքի սեփականատեր Աննա Մարտիրոսյանն էր: Ըստ հայցի՝ շինարարական աշխատանքներն ընթացել էին խախտումներով, ինչի արդյունքում վնասվել էր իր շենքի սեյսմակայունությունը: Դատարանը վճռել էր դադարեցնել շինարարությունը՝ մինչև կառուցապատող ընկերությունը վերացնի խախտումները: Հյուրանոցի շինարարական աշխատանքները ընդհատումներով շարունակվել են նաև դրանից հետո:  2018 թվականի փետրվարին Մարտիրոսյանը մեկ այլ հայցով դիմել էր դատարան, որի արդյունքում նորից կասեցվել էր հյուրանոցի շինարարությունը: Հայցով «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ից պահանջվում էր Աբովյան փողոց 5 հասցեին կից տարածքները վերականգնել մինչ շինարարական աշխատանքների եղած դրությունը, շինարարությունն իրականացնել շինարարական նորմերի ու քաղաքաշինական նորմերի պահանջների համապատասխան` ապահովելով սեյսմիկ կարը։ 2018թ. փետրվարի 16-ին Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը տվել է շինարարության թույլտվություն, սակայն փետրվարի 19-ին դատարանը վարույթ է ընդունել «Մուլտի գրուպ» կոնցեռնի դեմ ներկայացված հայցը, որի արդյունքում կասեցվել են շինարարական աշխատանքները, և անվավեր են ճանաչվել 2017-ի դեկտեմբերին և 2018-ի փետրվարին Երևանի քաղաքապետարանի տված շինարարության թույլտվությունները: Շինարարական աշխատանքների ընթացքում «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերության գլխավոր տնօրենը չի պահպանել օրենսդրության համապատասխան պահանջները, և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունում 2018թ. ապրիլի 3-ին կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, հայտնաբերված իրավախախտման փաստով Երևանի քաղաքապետարանի (քաղաքապետ՝ Տարոն Մարգարյան)  նախաձեռնությամբ հարուցվել է վարչական վարույթ և 2018թ. մայիսի 2-ին կայացվել է որոշում՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենին ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին՝ նշանակելով վարչական տույժ՝ 200.000 ՀՀ դրամի չափով: Գլխավոր տնօրենը ծանուցվել է շինարարական աշխատանքները դադարեցնելու մասին, սակայն, անտեսելով այն, շարունակել է աշխատանքները: Նույն վարչական իրավախախտումը կրկին հայտնաբերելուց հետո՝ 2018թ. հունիսի 7-ին, կազմվել է ևս մեկ արձանագրություն, որի հիման վրա Երևանի քաղաքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2018թ. հունիսի 27-ին կրկին կայացվել է որոշում՝  ՍՊԸ գլխավոր տնօրենին ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին և նշանակվել է վարչական տույժ՝ 2.500.000 ՀՀ դրամի չափով: Քրեական գործով «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերության գլխավոր տնօրենին՝ Սեդրակ Առուստամյանին, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315.1-րդ հոդվածով՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու և դրա հետևանքները չվերացնելու, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելու և անօրինական կառույցները չքանդելու հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: 2020թ. ապրիլի 8-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն՝ եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ: Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև 2020թ. ապրիլի 14-ին՝ իր նկատմամբ կրկնակի վարչական տույժ նշանակվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, Երևան քաղաքի Աբովյան 5/1, 5/2, 5/5 հասցեներում շինության կառուցումը չդադարեցնելու և հիշյալ շինության կառուցումը շարունակելու մեղադրական եզրակացությամբ: Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակված է 2020թ. հուլիսի 24-ին, տեղեկանում ենք DataLex դատական տեղեկատվական համակարգից: Այսպիսով՝ տեսանյութում հնչած այն պնդումը, թե հյուրանոցի շինարարական աշխատանքները կիսատ են մնացել քաղաքապետարանի ստեղծած արհեստական խոչընդոտների պատճառով, անհիմն են, քանի որ դրա պատճառը հարուցված դատական գործերն են: «Երիտասարդական թաղամաս»՝ Աբովյանում Գագիկ Ծառուկյանը Աբովյան քաղաքի 55-ամյակի տոնակատարության ժամանակ Աբովյանի քաղաքացիներին խոստացել էր կառուցել նոր բնակելի թաղամաս՝ երիտասարդների համար: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին հայտարարությունից 1 ամիս անց, սակայն 2019թ. փետրվարին Կոտայքի մարզպետարանի իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնող աշխատանքային խումբն արձանագրել է Աբովյան քաղաքում ինքնակամ կառուցվող շենքերի հիմքերի իրականացման փաստ: Մեր հարցմանն ի պատասխան՝ Կոտայքի մարզպետարանից տեղեկացրին, որ Աբովյանի քաղաքապետին առաջարկվել է կասեցնել ապօրինի շինարարությունը և սահմանված կարգով օրինականացնել հետագա կառուցապատումը: 2019թ. ապրիլի 9-ին Աբովյանում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքները ուղարկվել են Կոտայքի մարզի դատախազին՝ դրանք քննության առարկա դարձնելու նպատակով: Հետագայում՝ 2019թ. հուլիսի 3-ին, համայնքի ղեկավարի ցուցաբերած անգործության հետևանքով և ՀՀ Կոտայքի մարզպետի ահազանգի հիման վրա ՀՀ քաղաքաշւնության, տեղնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն իրականացրել է տեսչական ստուգումներ, և դրանց արդյունքների հիման վրա 2019թ. հուլիսի 4-ին կազմվել է հողերի օգտագործման և պահպանման խախտումների վերաբերյալ թիվ 12 ակտը: Համայնքի ղեկավարը, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի դրույթների կիրառմամբ ինքնակամ կառուցապատում իրականացնող Մուլտի Գրուպ Կոնցեռնին Աբովյան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցի թ.թ. 6,7,8,9, 21 և 22 հասցեներում գտնվող սեփական հողամասերի վրա ինքնակամ շինություններ կառուցելու համար նշանակվել է 200․000 դրամ վարչական տուգանք: Նշված հասցեներին հարակից, համայնքային սեփականություն հանդիսացող ավելի քան 3,7 հա հողատարածքում իրականացված թվով 13 շենքերի ինքնակամ կառուցման համար նշանակվել է ևս 400․000 դրամ տուգանք: Տեսչական մարմինը արձանագրված խախտումների վերաբերյալ նյութերը ուղարկել է ՀՀ դատախազություն: Ըստ հարցման պատասխանի՝ ինքնակամ կառուցապատում իրականացնող ընկերությունը՝ Մուլտի Գրուպ Կոնցեռնը, շինարարությունը չի դադարեցրել, Աբովյանի քաղաքապետն էլ գործուն միջոցներ չի ձեռնարկել ինքնակամ շինարարությունը դադարեցնելու համար, այդ թվում՝ ընկերության վրա չի կիրառվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույթը՝ համաձայն որի՝ տուգանքները նշանակելուց հետո ինքնակամ շինարարությունը շարունակելը առաջացնում է տուգնաքի նշանակում՝ 2․500․000 դրամի չափով:  2019թ. օգոստոսին Կոտայքի մարզպետարանում կայացել է Երիտասարդական թաղամասի հարցի քննարկում, որին մասնակցել է նաև Աբովյանի քաղաքապետը: Քննարկման ադյունքում առաջարկվել է դադարեցնել շինարարությունը և մեկամսյա ժամկետում քայլեր իրականացնել՝ դրանց օրինականացման ուղղությամբ: 2019-ի սեպտեմբերին Աբովյանի քաղաքապետարանում Կոտայքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության, հողաշինության և հողօգտագործման բաժնի պետերի մասնակցությամբ կայացած քննարկման ընթացքում առաջարկվել է, որ Աբովյանի քաղաքապետին լիցենզավորված ընկերությունների ներգրավմամբ իրականացվեն չափագրման աշխատանքներ, որոնց արյունքում կօրինականացվի շինարարությունը: Հոկտեմբերին իրականացված տարածքի տեղազննության արդյունքում պարզվել է, որ շինարարական աշխատանքները լայն թափով շարունակում են ընթանալ: Նոյեմբերի 25-ին Աբովյանի քաղաքապետարանի և Կոտայքի մարզպետարանի աշխատակիցների համատեղ շրջայցի ընթացքում շինարարությունն արդեն դադարեցված է եղել: Համեմատելով նախորդ ստուգայցի ժամանակ արձանագրված տվյալները՝ պարզվել է, որ թիվ 10 շենքը ավելացել է ևս 2 հարկով, թիվ 11-ը և 13-ը 3-ից դարձել են 5 հարկ, իսկ թիվ 14-ը 6-ից դարձել է 9 հարկ: Այսպիսով՝ Երիտասարդական թաղամասի շինարարական աշխատանքները կիսատ են մնացել ոչ թե իշխանությունների ապաշնորհ կառավարման, այլ շինարարության ապօրինի լինելու պատճառով: Արսիլիցիումի գործարանի ներդրումային ծրագիր, որն, իբրև, կիսատ է մնացել՝ «արհեստական խոչընդոտների, բյուրոկրատական  քաշքշուկների» պատճառով  «Արսիլիցիում» ՍՊԸ-ն 2018 թվականին հիմնել են Գագիկ Ծառուկյանն ու Դավիթ Գևորգյանը:  Սիլիցիումը թթվածնից հետո բնության մեջ ամենատարածված քիմիական տարրն է Երկրի վրա: Բնության մեջ ազատ վիճակում չի հանդիպում. հանդիպում է գլխավորապես միացությունների մեջ, մասնավորապես՝ գրանիտի, բազալտի, քվարցի, կավի, ավազի: Սիլիցիումը օգտագործվում է ջերմաէլեկտրական, ռադիո-լուսատեխնիկական սարքեր, ուղղիչներ և փոխարկիչներ պատրաստելու համար։ Սիլիցիումի փոշուց ստանում են համաձուլվածքներ, սիլիցիդներ և սիլիցիումի կարբիդ։ Ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի դիմումի և Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանի առաջարկության հիման վրա ընդունվել է որոշում՝ Արարատ քաղաքային  համայնքի վարչական տարածքում գտնվող, «ԱՐՍԻԼԻՑԻՈՒՄ» ՍՊԸ-ի սեփականությունը  հանդիսացող  10,0 հա հողամասից 7,0 հա մակերեսով գյուղատնտեսական  նշանակության  արոտավայր  հողատեսքը՝ փոխել և դարձնել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս: Այստեղ կառուցվելու էր սիլիցիումի գործարան, սակայն, օրենքով սահմանված կարգով կազմակերպված առաջին հանրային լսումների ժամանակ կազմակերպիչների նախաձեռնությունը մերժվել է, ինչի պատճառով գործարանի կառուցման աշխատանքները կիսատ են մնացել: Արարատի բնակիչները նույնպես դեմ էին արտահայտվել իրենց քաղաքում սիլիցիումի գործարանի կառուցմանը: Մեր գրավոր հարցին՝ գործարանը ի՞նչ վնաս կարող էր հասցնել բնակչության առողջությանը, Շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանել է, որ գործարանի շահագործման և կառուցման նախագծային փաստաթղթերը չեն ներկայացվել նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: «Արմօյլ» գործարան, որն, ըստ տեսանյութի, «պատկան գերատեսչությունների հարուցած արհեստական խոչընդոտների պատճառով» չի հաջողվում գործարկել Ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին: Ըստ ընկերության կայքում տեղ գտած տվյալների՝ այն զբաղվելու էր նավթային հումքի, նավթամթերքի` ավտոյուղերի, դիզելային վառելիքի, բիտումի ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով:  2018 թվականի հուլիսի 10-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ «Արմօյլ» ՓԲԸ նկատմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել էր, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում նավթավերամշակման գործարանի շինարարությունը սկսելուց առաջ «Արմօյլ» ՓԲԸ-ն չի իրականացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի հիման վրա գործարանի հետագա կառուցմամբ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն, որի արդյունքում Տեսչական մարմնի՝ արդեն նախկին  ղեկավար Արթուր Գրիգորյանը հուլիսի 16-ին կայացրել էր նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու որոշում՝ մինչև ՇՄԱԳ-ը և փորձաքննության դրական որոշման ստացումը։ 2018 թվականի հուլիսի 14-ին և 18-ին ընկերությունը տեխնիկական փաստաթղթերը ներկայացրել էր բնապահպանության նախարարություն՝ ՇՄԱԳ-ի և փորձաքննության համար, սակայն ՇՄԱԳ փորձաքննության մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասին չհամապատասխանելու հիմնավորմամբ՝ փաստաթղթերը երկու անգամն էլ վերադարձվել էին լրակազմման: Սակայն ՇՄԱԳ փորձաքննության վերաբերյալ ընկերության դիրքորոշումն այս ընթացքում փոփոխվել էր: «Արմօյլ» ընկերության գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդիի կարծիքով՝ իրենց արտադրությունը ենթակա չէր փորձաքննության, քանի որ բիտում և քսայուղերի արտադրության մասով օրենքը ոչ մի փորձաքննություն չի նախատեսում: Բնապահպանության նախարարությունը «Արմօյլ» ընկերության արտադրությունը դասել էր նավթավերամշակման արդյունաբերության վառելիքայուղային ուղղվածության գործարանների շարքին և դրանով պայմանավորված՝ որոշել, որ այն ենթակա է փորձաքննության: Ընկերությունը, սակայն, հրաժարվում էր ՇՄԱԳ փորձաքննությունից:  Բացի սրանից՝ 2019 թվականի փետրվարի 5-ին «Արմօյլ» ընկերության դեմ հայցադիմում էր ներկայացրել ընկերության կառուցած նավթամթերքի վերամշակման գործարանի հարևանությամբ՝ Եղվարդի Նատի թաղամասում պտղատու այգիներ հիմնած և տարիներ շարունակ չրի արտադրությամբ զբաղվող «Ռիվալ» ընկերությունը և նրա հիմնադիր Ռաֆիկ Վիրաբյանը՝ սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջով: «Ռիվալ»-ի և Ռաֆիկ Վիրաբյանի հայցադիմումն ընդդեմ «Արմօյլ» ՓԲԸ-ի՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2019թ. փետրվարի 21-ին վարույթ էր ընդունել: Նույն օրը դիմումատուն հայցի ապահովման վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջով՝ որպես հայցի ապահովման միջոց, կիրառել անշարժ գույքի վրա արգելանքը, ցանկացած գործողություն իրականացնել արգելելը և շինաշխատանքների դադարեցում պարտավորեցնելը: Դատարանը բավարարել էր «Ռիվալ» ընկերության և Ռաֆիկ Վիրաբյանի միջնորդությունը, և դրա հիման վրա էլ ԴԱՀԿ-ն կատարողական վարույթ էր հարուցել և ընդունել նշված որոշումները: ԴԱՀԿ-ն արգելել էր «Արմօյլ»-ին նշված հասցեներում գտնվող տարածքներում իրականացնել ցանկացած տեսակի գործողություն:  2019թ. օգոստոսի 22-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունել 2019թ. հուլիսի 31-ին ներկայացված՝ «Ռիվալ» ՍՊԸ-ի և նրա հիմնադիր Ռաֆիկ Վիրաբյանի՝ վնաս պատճառող գործունեությունն արգելելու պահանջի մասին հայցադիմումն ընդդեմ «Արմօյլ» ՓԲԸ-ի: Շրջակա միջավայրի նախարարությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Քաղաքաշինության կոմիտեն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և Եղվարդ համայնքի ղեկավարը գործում ներգրավված են եղել որպես երրորդ անձինք:  2020թ. հունիսի 18-ին «Ռիվալ» ՍՊԸ և նրա հիմնադիր Ռաֆիկ Վիրաբյանը նորից հայցադիմում են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ «Արմօյլ» ՓԲԸ-ի դեմ՝ շինություններն ինքնակամ քանդելուն` ապամոնտաժելուն պարտավորեցնելու պահանջով: Գործում որպես երրորդ անձինք ներգրավված են եղել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և Քաղաքաշինության կոմիտեն: Հայցադիմումը վարույթ է ընդունվել 2020թ. հունիսի 8-ին: Հայցվորը նաև պատասխանողին որոշակի գործողություններ արգելելու վերաբերյալ հայցի ապահովում կիրառելու միջնորդություն է ներկայացրել, որը, սակայն, դատարանը մերժել է: Այսպիսով՝ պնդումը, թե «Արմօյլ» գործարանը պատկան գերատեսչությունների հարուցած արհեստական խոչընդոտների պատճառով չի հաջողվում գործարկել, սխալ է, քանի որ այն կապված է ընկերության՝ ՇՄԱԳ փորձաքննությունից հրաժարվելու, ինչպես նաև «Ռիվալ» ՍՊԸ-ի ներկայացրած հայցադիմումների հիմքով հարուցված դատական գործերի հետ: Բամբակի գործարանի մասին 2017 թվականին «Մուլտի գրուպ» կոնցեռնի և «Սաբբաղ գրուպ» ընկերության միջև կնքվել է ներդրումային պայմանագիր, որով նախատեսվում էր հետագա 5 տարիների ընթացքում Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ոլորտում ավելի քան 4 հազար աշխատատեղ ստեղծել: 2019-ի ապրիլին Երևանի Արգիշտի 9 հասցեում հիմնվել է «ԾԱՌՈՒԿՅԱՆ ՔՈԹԹՈՆ ՌՈԴ» ՍՊԸ-ն, որի հիմնական նպատակը տեքստիլի արտադրության ամբողջ ցիկլը (բամբակի մշակումից՝ մինչև արտադրանքի թողարկում) Հայաստանում իրականացնելն էր: Հիմնադիրներն են Գ. Ծառուկյանը (70 %), Գագիկ Խաչիկյանը (20 %), որը նաև ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է, Ամմար Սաբբաղը (5 %)՝ «Սաբբաղ գրուպ» ընկերության վարչական կազմի ղեկավարը, ու Ֆաուզի Ակֆալին (5 %): Ըստ հարկ վճարողների ռեգիստրի՝ Գագիկ Ծառուկյանի, Ամմար Սաբբաղի և Ֆաուզի Ակֆալիի մասնակցությունը դադարեցված է: Ընկերությունն Արաքս գետի ափին՝ Արմավիրի մարզի Արաքս և Հայկաշեն համայնքներում, հիմնել էր բամբակի դաշտեր: Հայկաշեն համայնքի կազմում գտնվող Գայ համայնքի բնակիչների սեփականությունը հանդիսացող հողերում ևս բամբակի սերմ էր ցանվել, որի մասին բնակիչները իմացել էին պատահաբար: Նրանց պնդմամբ՝ Հայկաշեն համայնքի ղեկավարը՝ Վարշամ Հովհաննիսյանը, առանց իրենց իմացության թույլատրել է իրենց սեփականություն հանդիսացող հողերում բամբակ ցանել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելու հատկանիշներով, որոնք ակնհայտորեն դուրս են եղել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց։ «ԾԱՌՈՒԿՅԱՆ ՔՈԹԹՈՆ ՌՈԴ» ՍՊԸ-ի հիմնադիր Գագիկ Խաչիկյանի առնչությամբ էլ պարզվել էր, որ նա անցյալ տարի ստեղծել էր «Ուզբեկ տեքստիլ գրուպը», աշխատանքի էր հրավիրել տաջիկների, որոնց մի մասին հետագայում հրաժարվել էր աշխատավարձ վճարել։ Տաջիկները բողոքի ակցիաներ անցկացրին, բարձրացած աղմուկից հետո վճարվեցին ու հեռացան Հայաստանից։ Պարզվել էր նաև, որ Խաչիկյանը Ծովազարդի տեքստիլի ֆաբրիկայի սեփականատերն է, որը չի կատարել խոշոր չափով վարկային պարտավորություններ։ Խաչիկյանը երկու անգամ մեղավոր է ճանաչվել փաստաթղթեր կեղծելու ու սահմանն ապօրինի հատելու համար։ Երկու անգամ էլ նույն գործողությունը կատարելու համար տուգանք է վճարել։ Հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Պետեկամուտների կոմիտեն հունիսի 24-ին «Ծառուկյան քոթթոն ռոդին» ծանուցել էր ավելի քան 4.8 միլիոն դրամ չկատարած հարկային պարտավորությունների մասին։ Բամբակի գործարանի աշխատանքների ձգձգման վերաբերյալ մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացրին, որ Արարատի մարզի Հայանիստ համայնքում բամբակի գործարանի կառուցման համար ՀՀ կառավարության աջակցություն նախատեսված չէ, և այն իրականացնում է մասնավոր ներդրողը: Իսկ ըստ նախնական տեղեկության՝ վերջին 5 ամիսների ընթացքում աշխատանքներ չեն տարվել՝ մասնավոր ընկերությունում առկա ֆինանսական խնդիրների պատճառով: 20 մլրդ դոլարի ներդրում, որը, ըստ ԲՀԿ-ականների, «իշխանությունների՝ բավարար կամք չցուցաբերելու պատճառով» կյանքի չկոչվեց Այս նեդրումային ծրագրի մասին խոսել էր նաև Գագիկ Ծառուկյանը՝ հունիսի 16-ին իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու միջնորդության քննարկման ժամանակ: Ելույթի ժամանակ Ծառուկյանը մեղադրել էր իշխանություններին՝ ներդրումային ծրագրերի նկատմամբ անտարբերություն ցուցաբերելու համար: Սակայն, իրականում, ներդրումային այս ծրագիրը չի իրականացվել, քանի որ դրա իրականացումը կհամարվեր հակաօրինական:  Հիշյալ ներդրումային ծրագրի համար ներդրողը պահանջել է պետական երաշխիք, որը համարվում է պետական պարտքի բաղկացուցիչ մաս: Ըստ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի՝ պետական պարտքը կառավարության պարտքի և Կենտրոնական բանկի պարտքի հանրագումարն է: Ներդրումները և զարգացման ծրագրերը համարվում են կառավարության պարտք:  Նույն օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կառավարության պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցության սահմանային շեմը պետք է լինի 60 տոկոս: Կառավարության պարտքը նախորդ տարվա վերջի դրությամբ կազմել է 6․8 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 49․9 տոկոսը։  Եթե կառավարությունն ընդուներ այս ծրագիրը, ապա տեղի կունենար Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված հարկաբյուջետային կանոնների խախտում, և կառավարության պարտքն էապես կգերազանցեր ինչպես օրենքով ամրագրված սահմանային շեմը, այնպես էլ՝ երկրի ՀՆԱ-ն (մոտ 2 անգամ)։ Այս մասին Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո գրել էր Fip.am-ը: Ըստ այդմ՝ տեսանյութում հնչած այն պնդումը, թե ներդրումային ծրագիրը չի իրականացել իշխանությունների՝ բավարար կամք չցուցաբերելու պատճառով, իրականությանը չի համապատասխանում: Այսպիսով, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի չիրագործված ներդրումային ծրագրերի վերաբերյալ 5 րոպե 47 վայրկյան տևողությամբ տեսանյութում առնվազն հինգ ապատեղեկատվություն և մանիպուլյացիոն պնդում կա։ Զարա Խաչատրյան
12:29 - 18 օգոստոսի, 2020
Դիմակ կրելու կարգում փոփոխություններ կան. պարետը նոր որոշում է ստորագրել

Դիմակ կրելու կարգում փոփոխություններ կան. պարետը նոր որոշում է ստորագրել

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ` 1. Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները. 1) Որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6. Սահմանել, որ դիմակ կրելը պարտադիր է բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում, բացառությամբ՝ ա. մինչև 6 տարեկան երեխաների, բ. քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3- րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ, գ. ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս, դ. գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ՝ պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումների մասնակցության դեպքում:»: 2) Որոշման 6.1-րդ կետից հետո ավելացնել 6.2-րդ կետը հետևյալ բովանդակությամբ. «6.2. Դիմակն անհրաժեշտ է կրել՝ սույն որոշման հավելված N 18-ով սահմանված կանոններին համապատասխան:» 3) Որոշման 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «7. Պարտադիր դիմակ կրելու այլ դեպքերը և պահանջները սահմանվում են սույն որոշման Հավելվածներ 2-17-ով:» 4) Որոշման 10-րդ կետի առաջին նախադասության մեջ «հավելված N 2-4-ով, 6-ով» բառերը փոխարինել «հավելված N 2-6-ով» բառերով: 5) Որոշման 11-րդ կետում «Արման Սարգսյանին» բառերը փոխարինել «Վահե Ղազարյանին» բառերով: 2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասված է որոշման մեջ:
16:33 - 14 օգոստոսի, 2020
Կառավարությունում պատրաստվում է փաթեթ Լիբանանից ժամանողներին ըստ արժանվույն ընդունելու համար |armenpress.am|

Կառավարությունում պատրաստվում է փաթեթ Լիբանանից ժամանողներին ըստ արժանվույն ընդունելու համար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունը պատրաստում է մի փաթեթ, որ կարողանա ըստ արժանվույն ընդունել Լիբանանից Հայաստան եկողներին: Ասուլիսին այս մասին նշեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Մենք պետք է կարողանանք ըստ արժանվույն ընդունել այն մարդկանց, ովքեր ցանկանում են գալ Հայաստան, ապրել այստեղ, դառնալ հասարակության լիիրավ անդամներ, քաղաքացիներ, հարկ վճարողներ, զինվորներ, և փորձենք միասին կերտել մեր երազած Հայրենիքը»,- ասաց Զարեհ Սինանյանը: Անդրադառնալով հարցին, թե Հայաստանն իրականացնո՞ւմ է լիբանանահայերի նկատմամբ  հայրենադարձության քաղաքականություն, Զարեհ Սինանյանը խնդրի այսպիսի դրվածքն այնքան էլ ճիշտ չի համարում: Նա նշեց, որ հայրենադարձության քաղաքականության դեպքում պետությունը թելադրողի դերում է: Այսինքն՝ ինքն է ստեղծում այն իրավիճակը, որի արդյունքում մարդիկ ուզում են վերադառնալ Հայրենիք: «Այս պարագայում իրականում մենք դիտորդի դերում ենք: Ժամանակի ընթացքում մեր կամքից անկախ ստեղծվել են հանգամանքներ, որոնք հանգեցրել են այս իրավիճակին: Դրանցից  է Լիբանանին պարտադրված երկարաժամկետ տնտեսական ճգնաժամը, որը մի փոքր արհեստածին է, բայց հետևաքնեը լուրջ են: Հաջորդ խնդիրն այդ երկրի բանկային համակարգի կաթվածահար վիճակն է: Այնտեղ առկա է տարբեր երկրների շահերի բախում: Մարդկանց մոտ լուրջ վախ կա, որ կարող են ունենալ Սիրիայի քաղաքացիական պատերազմը հիշեցնող երևույթներ: Ավելացնենք կորոնավիրուսով պայմանավորված խնդիրները: Պայթյունն էլ վերջին հարվածն էր: Արդյունքում ունենքն այն, ինչ ունենք»,- ասաց Զարեհ Սինանյանը: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նկատեց, որ Լիբանանից դուրս գալու տրամադրությունները քաղաքացիների շրջանում կային դեռ 2019 թվականից: Մասնավորապես, նա ներկայացրեց 2019 թվականի վերջին անցկացված սոցհարցման տվյալները: Հարցմանը մասնակցել է 521 լիբանանահայ: Հարցվածների 58 տոկոսը նշել էր, որ մոտ ապագայում լքելու է Լիբանանը: Զգալի հատվածն էլ ասել էր, որ մտածում են Հայաստան գալու մասին: «Մենք որպես պետություն պատասխանատվություն ենք կրում մեր քաղաքացիների համար: Դեսպանության տվյալներով, Լիբանանում 25 հազար ՀՀ քաղաքացի է բնակվում, մենք պատասխանատվություն ունենք մեր հայրենակիցների համար»,-հավելեց Զարեհ Սինանյանը:
15:45 - 14 օգոստոսի, 2020
Մենք կշարունակենք տնտեսական վերելքի մեր ուղին. Փաշինյան |armenpress.am|

Մենք կշարունակենք տնտեսական վերելքի մեր ուղին. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո Հայաստանը կշարունակի տնտեսական վերելքի ուղին: Այս մասին Փաշինյանն ասել է BBC-ի HARDtalk հաղորդման ընթացքում: «2019 թվականին մենք ունեցանք Եվրոպայում ամենամեծ տնտեսական աճը։ Տնտեսական հաջողությունից զատ, մեր երկիրը հսկայական առաջընթաց արձանագրեց միջազգային բոլոր վարկանիշների գծով` ժողովրդավարություն, խոսքի ազատություն, դատական համակարգի անկախություն, հակակոռուպցիոն քաղաքականություն։ Երկու տարի շարունակ միջազգային հեղինակավոր հանդեսների կողմից Հայաստանը ճանաչվեց տարվա երկիր ոչ միայն ժողովրդավարության առումով, այլև տնտեսական ցուցանիշներով։ Իհարկե, համավարակով պայմանավորված իրավիճակն ընդհատեց մեր թռիչքը, բայց մենք կշարունակենք տնտեսական վերելքի մեր ուղին»,- ասել է Փաշինյանը:
11:54 - 14 օգոստոսի, 2020
Կանոնների պահպանումն էականորեն բարելավվել է բոլոր տնտեսավարողների մոտ. Ավինյան |armenpress.am|

Կանոնների պահպանումն էականորեն բարելավվել է բոլոր տնտեսավարողների մոտ. Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Տեսչական մարմինների ստուգումների արդյունքները ցույց են տվել, որ  տնտեսավարողներն ամեն ամիս ավելի պարտաճանաչ վարքագիծ են դրսևորում հակահամաճարակային կանոնները պահպանելու գործընթացում։ Այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: «Եթե հունիս ամսին խախտումները ստուգումների ընթացքում կազմում էին մոտավորապես տուգանվածների 20 տոկոսը, արդեն օգոստոսի առաջին տասնօրյակի ընթացքում մենք հասել ենք մոտավորապես 3.9 տոկոսի: Ընդհանուր առմամբ՝ այստեղ խնդրահարույցն այն է, որ մենք, որպես այդպիսին, ստուգումների հստակ մեթոդաբանություն չենք ունեցել, և որոշ տեղերում միգուցե մի քանի անգամ տեսչական մարմինները ստուգումներ իրականացրել են, բայց դա չի կարելի ասել, որ շատ հստակ կանոնակարգված է եղել»,- ասաց Ավինյանը՝ հույս հայտնելով, որ արդեն հետագա օրենսդրական փոփոխություններից հետո այդ հարցերը դուրս կգան:  Փոխվարչապետն ընդգծեց, որ ընդհանուր առմամբ կանոնների պահպանումն էականորեն բարելավել է բոլոր տնտեսավարողների մոտ:
13:53 - 13 օգոստոսի, 2020
Չնչին կոպեկներով այս դահլիճում ամբողջ Հայաստանի գույքը ոչ միայն սեփականաշնորհվել է, այլև դրանից հետո գույքահարկ չի վճարվել․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

Չնչին կոպեկներով այս դահլիճում ամբողջ Հայաստանի գույքը ոչ միայն սեփականաշնորհվել է, այլև դրանից հետո գույքահարկ չի վճարվել․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ ՀԴՄ չխփելը զինվորի հացը գողանալ է և այստեղ նեղանալու կարիք չկա։ Այդ մասին վարչապետը նշեց կառավարության նիստին՝ անդրադառնալով կառավարություն-բիզնես գործընկերությանը։ «Ի՞նչ է նշանակում՝ ՀԴՄ չխփել, այն ժամանակ ասում էին՝ կառավարությունը կոռումպացված է, բոլորը տանում են, մենք էլ ենք տանում։ Հիմա էլ ղալաթ կանի մեկը, որ կասի՝ կառավարությունը կոռումպացված է: Հիմա էլ ես եմ ասում, որ այդ կոռուպցիոն երևույթն այդտեղ մնացել է։ Կրկին եմ ասում, ՀԴՄ չխփելը զինվորի հացը գողանալ է, և այստեղ նեղանալու կարիք չկա։ Հիշում եմ այն քննարկումները, երբ  հասկանալի պատճառներով տարբեր ոլորտներ գալիս էին ու բյուջեից ակնկալում էին այս կամ այն  աջակցությունները։ Հիշում եմ նաև 2 տարի առաջվա քննարկումը, երբ մենք այդ նույն մարդկանց ներկայությամբ ասում էինք, որ բյուջեն բոլորիս գրպանն է, պետք չէ ամեն ինչ անել, որ բյուջե  մի կոպեկ պակաս վճարել և այս հանդիպումների ընթացքում հիշեցնում էի մեր գործընկերներին  երկու տարի առաջվա քննարկումը, հիմա եկել ասում եք՝ բյուջեից այս տվեք, այն տվեք, բայց որ խոսքը գնում է այն մասին, թե ինչքանով են պարտաճանաչ բյուջե վճարում, այդ ժամանակ դրա մասին խոսք չի գնում: Դրա համար էլ գործարար միջավայրն իմ հանդիպումներից դուրս է գալիս, ու ասում, որ մի քիչ դժգոհ են։ Լավ է, որ դժգոհ եք, որովհետև պետք է մեր վարքագծի մասին մտածենք, չէ՞»,–  ասաց վարչապետը:   Նիկոլ Փաշինյանը նշեց, թե երբ խոսում են հարկային կարգապահության բարձրացման մասին, բոլորն ասում են, որ դա չեն կարող անել։ «Ոչ մեկ չի ասում, որ մեր պետական և անձնական ամբիցիաները բավարարելու համար բոլորս պետք է ավելի շատ աշխատենք։ Այսօր խոսում են գույքահարկի բարձրացման մասին և փորձում են դրա հետ կապված խնդիր առաջացնել։ Ոչ մեկ չի ասում՝ եկեք տեսնենք, թե Երևանի կենտրոնում գույքահարկը քանի՞ կոպեկ է: Ոչ ոք չի արձանագրում, որ Հայաստանում անշարժ գույքի հարկ ընդհանրապես գոյություն չի ունեցել, որովհետև փախեփախի տրամաբանության մեջ է եղել, որովհետև անշարժ գույքի կադաստրային արժեքը դրված է եղել սեփականաշնորհումների հիմքում և չնչին կոպեկներով այս դահլիճում ամբողջ Հայաստանի գույքը ոչ միայն սեփականաշնորհվել է, այլև դրանից հետո գույքահարկ չի վճարվել»,- նկատեց վարչապետը: 
12:58 - 13 օգոստոսի, 2020
Մանկատան 163 շրջանավարտների հատկացված բնակարանները սեփականության իրավունքով կնվիրաբերվի նրանց |armenpress.am|

Մանկատան 163 շրջանավարտների հատկացված բնակարանները սեփականության իրավունքով կնվիրաբերվի նրանց |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը 2003-2015 թթ. ընթացքում ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանները նվիրաբերում է դրանք զբաղեցրած  մանկատան 163 շրջանավարտներին: Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ բնակարանները տրամադրվել էին անհատույց օգտագործման իրավունքով` 10 տարի ժամկետով: «Պայմանագրով նախատեսվում էր, որ հետագայում բնակարանը կարող էր մասնավորեցվել կամ տրվել վարձակալության, չնայած դրան՝ մանկատան շրջանավարտների դիմումներին ընթացք չէր տրվել և շրջանավարտներից երեքի զբաղեցրած բնակարանների շենքերի նախնական վիճակը դեռևս 2003-2004 թթ., այսինքն՝ մինչ պայմանագիր կնքելը, գնահատվել է 3-րդ աստիճանի վնասվածության, ուստի նախագծով առաջակվում է այս շահառուներին տրամադրել բնակարանի գնման վկայագիր՝ պայմանով, որ կհանձնեն նախկինում իրենց հատկացված տարածքը»,- ասաց Բաթոյանը՝ ավելացնելով, որ հերթական ցուցակում ներառված, սակայն բնակարան չստացած մնացած շահառուների համար 2019 թվականին մեկնարկել է բնակարանների գնման վկայականներ գնելու գործընթացը, արդյունքում շրջանավարտներին հնարավորություն է տրվում ձեռք բերել բնակարան սեփականության իրավունքով:  «Նույն կարգավիճակով անձինք հայտնվեցին անհավասար պայմաններում, նախագծի ընդունմամբ կվերացվի այս անհավասարությունը և կամբողջացնի 1991-2019 թթ. մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրների լուծումը»,- ասաց նա:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ճի՞շտ է հասկանում, որ մինչև 2019 թվականը ներառյալ, մանկատների բոլոր շրջանավարտներին, ովքեր չունեն բնակարան, տրամադրվելու է բնակարան: Զարուհի Բաթոյանը դրական պատասխան տվեց՝ ավելացնելով, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք շրջանավարտ են եղել 1991- 2019 թվականը, չունեն սեփականություն, կունենան բնակարան:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ շեշտը պետք է դրվի մանկատան սաների պատշաճ կրթություն ունենալու իրավունքի վրա: «Երկու օր առաջ քննարկել ենք այդ հարցը, թե կոնկրետ ինչ միջոցներ պետք է ձեռնարկենք: Մեր խնդիրը չպետք է լինի մեր մանկատան սաներին բնակարան տալը, մեր խնդիրը պետք է լինի այն, որ մանկատան սաներին շրջանավարտ դառնալու պահին և հետագայում էլ կրթական այնպիսի հմտություններով կարողանանք օժտել, որ նրանք մեկ-երկու տարի, հնարավոր է, վարձակալության փոխհատուցում ստանան, ապա իրենք իրենց աշխատանքով բնակարան ձեռք բերեն: Իրականում բնակարանով մենք հարց չենք լուծում, եթե հետագայում գնանք այս դեպքերի հետևից, կտեսնենք, որ բնակարան տվել ենք, դա լավ է հնչում, «յուղոտ» վերնագիր է, իսկ իրականում դա հարց չի լուծում»,- ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այստեղ պետք է գտնել ճիշտ լուծում: «Ճիշտ լուծումը մարդու անհատական հատկանիշները զարգացնելու, տաղանդը, աշխատունակությունը, աշխատանքի շուկայում նրանց մրցունակությունը բարձրացնելու մեջ է, մնացած բոլոր ճանապարհները գուցե լավ են հնչում, ականջահաճո են, իրականում դրանք արդյունավետ ճանապարհներ չեն: Դրանք ավելի արդյունավետ են քաղաքական գործիչների համար քաղաքական դիվիդենտներ շահելու իմաստով, իսկ շահառուների համար այդքան էլ արդյունավետ չեն»,-  ընդգծեց գործադիրի ղեկավարը: 
12:09 - 13 օգոստոսի, 2020
Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառումը

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառումը

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառումը: Այս ծրագրով տնտեսվարողներին օգնություն կտրամադրվի գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման հարցում։ Շահառու կարող են հանդիսանալ այն տնտեսվարողները, որոնք ունեն բարվոք վարկային պատմություն, դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունեն չկատարված հարկային պարտավորություններ։ 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի 220820 ծածկագրին դասվող ապրանքների (կոնյակի սպիրտ և շշալցված կոնյակ)  100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցող չափով իրացում, այդ թվում՝ արտահանում ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լրացուցիչ 100 դրամ և/կամ 25 դրամ պետական տուրքի վերադարձման դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունեն չկատարված հարկային պարտավորություններ։ Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով` մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, իսկ արտարժույթով` մինչև 9 տոկոս տոկոսադրույքով, որոնք ամբողջությամբ սուբսիդավորվում են։
12:06 - 13 օգոստոսի, 2020
Գործադիրը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը. կօգտվի տուրիզմի ոլորտը

Գործադիրը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը. կօգտվի տուրիզմի ոլորտը

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառում: Ծրագրի շահառու կարող են դառնալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն իրավաբանական անձինք կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերը, որոնք  ստեղծվել են մինչև 2020 թվականի մարտի 31-ը, միջոցառման շրջանակում տրամադրվող աջակցության ամսվա ընթացքում ունեցել են առնվազն 3 աշխատող, 2020 թվականի առաջին եռամսյակի կամ այդ եռամսյակում ընդգրկված որևէ ամսվա համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկով տնտեսավարողի գործունեության առնվազն 50 տոկոսը վերաբերել է հետևյալ ոլորտներին՝ Կացության կազմակերպում, Հանրային սննդի կազմակերպում, Զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում և զբոսաշրջային ոլորտի այլ ծառայություններ, Առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ։
11:56 - 13 օգոստոսի, 2020
Եկել է տնտեսական բլոկում մեր անելիքներով ավելի ինտենսիվ զբաղվելու ժամանակը. վարչապետի մոտ կայացել է հերթական խորհրդակցությունը

Եկել է տնտեսական բլոկում մեր անելիքներով ավելի ինտենսիվ զբաղվելու ժամանակը. վարչապետի մոտ կայացել է հերթական խորհրդակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տնտեսության տարբեր ճյուղերում հակաճգնաժամային նոր միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր: «Այսօր հավաքվել ենք քննարկելու ճգնաժամային իրավիճակում մեր տնտեսությանն աջակցելու հետագա քայլերը: Մինչև հիմա ընդունել ենք հակաճգնաժամային 22 միջոցառում, որոնց մի մասն ավարտվել է, մի մասն ընթացքի մեջ է: Մենք այս օրերին առանձին ոլորտների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում կկայացնենք որոշումներ, բայց նաև ռազմավարություն ունենալու խնդիր ունենք, թե ինչպես ենք պատրաստվում հաղթահարել տնտեսական ճգնաժամը: Հույս ունենք, որ առողջապահական հատվածում արդեն հաղթահարման փուլում ենք, և եկել է ժամանակը, որ ավելի ինտենսիվ զբաղվենք տնտեսական բլոկում մեր անելիքներով»,- նշել է վարչապետ Փաշինյանը: Այնուհետև քննարկվել են ճգնաժամից տուժած զբոսաշրջության ոլորտում աշխատատեղերի պահպանմանը, խաղողի մթերման գործընթացն իրականացնելու և նոր կարողությունների ձևավորման նպատակով կազմակերպություններին արտոնյալ վարկային միջոցների տրամադրմանը, արտահանման և ներմուծման ընթացակարգերի, կառուցապատման չափորոշիչների պարզեցմանը, ինչպես նաև կապիտալ ներդրումների խթանմանը վերաբերող նախագծեր: Ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ: Խորհրդակցության մասնակիցները համոզմունք են հայտնել, որ ինչպես կառավարության հակաճգնաժամային նախորդ միջոցառումները, այնպես էլ նորերը կնպաստեն տնտեսության վերականագնմանն ու զարգացմանը: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ վարչապետը հանձնարարել է վերը նշված ուղղություններով միջոցառումների նախագծերը բերել վերջնական տեսքի և դրանք ներկայացնել կառավարության քննարկմանն ու հաստատմանը: 
19:30 - 12 օգոստոսի, 2020