Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Նոր նախագծով քաղաքացիություն ստանալու դիմումները 6 ամսվա փոխարեն կքննարկվեն 90 աշխատանքային օրում |1lurer.am|

Նոր նախագծով քաղաքացիություն ստանալու դիմումները 6 ամսվա փոխարեն կքննարկվեն 90 աշխատանքային օրում |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը քննարկում է ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: «Առաջարկվում է ՀՀ-ում մշտապես բնակվող ազգությամբ հայերի և նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիության ճանաչման դիմում ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝ միաժամանակ օրենքում հստակ ամրագրելով ճանաչման գործընթացն իրականացնող մարմինները: Նախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքացի հանդիսացող չափահաս զավակներ ունեցող անձանց իրավունք վերապահել առանց ՀՀ-ում 3 տարի մշտական բնակության և հայերենով բացատրվելու կարողության պահանջի, ձեռք բերելու ՀՀ քաղաքացիություն»,- ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելիս առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու հնարավորություն նախատեսել բոլոր օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում: «Նախագծով նախատեսվում է նաև փոփոխել քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը՝ 6 ամսվա փոխարեն սահմանելով 90 աշխատանքային օր»,- հավելեց Ֆիդանյանը:
12:01 - 26 հոկտեմբերի, 2021
Ամանորյա երկար հանգիստը որևէ ավանդական տոնի հետ կապ չունի․ Վահան Քերոբյան

Ամանորյա երկար հանգիստը որևէ ավանդական տոնի հետ կապ չունի․ Վահան Քերոբյան

Կառավարության կողմից ներկայացրած «Տոների և հիշատակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, դիմելով նախագծի հիմնական զեկուցող, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ասաց, որ հայ ժողովուրդը չափից ավելի է աշխատում, իսկ ամանորը առիթ է ընտանիքով հավաքվելու, հանգստանալու համար։ «Ու՞մ մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց։ Ամսի 1-ից աշխատանքի շտապող մարդը ոչ ընկերոջ, ոչ հարազատի տոնը չի շնորհավորելու։ Դուք մարդկանց զրկում եք իրար հետ շփվելու, հայկական ավանադական ինչ-որ բան պահելու հնարավորությունից»։ Նազարյանը հետաքրքրվեց նաև՝ ճի՞շտ է, արդյոք, այն պնդումը, որ այս ամենի հիմնական նպատակը հունվարի 7-ը աշխատանքային օր հռչակելն էր․ «Որովհետև մնացած բոլոր 4 տաղավար տոներին հաջորդած մեռելոցները խլեցիք»։ Քերոբյանն էլ ասաց՝ իր և իր գործընկերների մտքով է անցել այս նախագիծը․ «Բայց պարզվում է նաև, որ  ձեր գործընկերների մտքով է դա վաղուց անցել։ Արամ Վարդևանյանը նշեց, որ այդ նախագիծը Կարեն Կարապետյանի կառավարությունն է փորձել անցկացնել, ինչ որ պատճառներով չի ստացվել»։ Քերոբյանի խոսքով՝ բիզնես հանրույթը կոնեսուս ունի, բոլորը կողմ են այս նախագծին։ «Ես կարող եմ բերել նաև ասոցիացիաների կարծիքը։ Ձեր հետ ամբողջությամբ համաձայն եմ, որ ՀՀ-ում աշխատողների իրավունքները  և պարտականությունները պետք է ավելի լավ պաշտպանվեն։ Ինքս էլ, նախկին գործարար լինելով, գիտեմ, թե ինչպես են բազմաթիվ ընկերություններում վերաբերում աշխատողների պարտականություններին։ Այստեղ մենք ունենք մեծ անելիք»։ Անդրադառնալով ավանդույթների վերաբերյալ Նազարյանի դիտարկմանը, Քերոբյանն ասաց․ «Երբ դուք խոսում եք ավանդույթների մասին, ապա ես չեմ կարող հիշել, թե այդ ավանդույթները ինչ արմատներ ունեն։ 2000-ականներից նոր սկսվել է այսքան երկար ամանորյան տոներ նշելը։ Եվ որևէ ավանդական տոնի հետ այս ամանորյա երկար հանգիստը կապ չունի։ Կապ ունի միայն հունվարի 6-ը, որը Սուրբ Ծննդյան տոնն է, և 31-ն ու 1-ն էլ սովետական տարիներին ներդրված ամանորյա տոնակատարություններն են ու վերջ»։ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով կառավարությունն առաջարկում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել որպես աշխատանքային օրեր։
11:09 - 26 հոկտեմբերի, 2021
ԱԺ-ն շփման գծում տիրող իրավիճակին և սահմանազատման խնդիրներին առնչվող թեմայով փակ քննարկում կանի |armenpress.am|

ԱԺ-ն շփման գծում տիրող իրավիճակին և սահմանազատման խնդիրներին առնչվող թեմայով փակ քննարկում կանի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովում փակ նիստում քննարկում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» թեմայով: Նիստի մեկնարկին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդն առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» թեմայով հրատապ քննարկում անցկացնել փակ նիստում: Համապատասխան որոշման նախագիծը քվեարկությամբ ստացավ 63 կողմ, 17 ձեռնպահ ձայներ: Առաջարկվել է հարակից զեկուցման հնարավորություն տալ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցին և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանին: Այս որոշման նախագիծը ևս քվեարկությամբ ընդունվեց:
10:34 - 26 հոկտեմբերի, 2021
Մեկնարկել է ԱԺ քառօրյան․ նիստին ներկա է «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Արթուր Սարգսյանը

Մեկնարկել է ԱԺ քառօրյան․ նիստին ներկա է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը

Մեկնարկել է Ազգային ժողովի քառօրյան։ Նիստի սկզբում, երբ ԱԺ  փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ներկայացնում էր նստաշրջանի օրակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, դահլիճ մտավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը, ով արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կալանավորվել էր, իսկ օրեր առաջ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ «Հայաստան» դաշինքի պատգմավորները ծափահարություններով դիմավորեցին Սարգսյանին։ Քիչ հետո Արթուր Սարգսյանը երդվեց և ստանձնեց պատգամավորական մանդատը․ «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ, բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»։
10:27 - 26 հոկտեմբերի, 2021
Ազգային ժողովում ստեղծվել է ևս մեկ քննիչ հանձնաժողով

Ազգային ժողովում ստեղծվել է ևս մեկ քննիչ հանձնաժողով

Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաեւ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերը ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային ժողովը: Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է ««Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով: «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի 2021թ. հոկտեմբերի 26-ին սկսվող հերթական նիստերում»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:
16:26 - 25 հոկտեմբերի, 2021
Պետական ծախսերի քաղաքականությունն ուղղված կլինի տնտեսական աճի խթանմանը. ԿԲ-ն բյուջեի նախագիծը որակեց հավակնոտ |armenpress.am|

Պետական ծախսերի քաղաքականությունն ուղղված կլինի տնտեսական աճի խթանմանը. ԿԲ-ն բյուջեի նախագիծը որակեց հավակնոտ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կենտրոնական բանկը 2022 թվականին պետական բյուջեի նախագիծը գնահատում է բավականին հավակնոտ: Այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը՝ ներկայացնելով ԿԲ եզրակացությունը: «Ընդհանուր գնահատմամբ՝ կարելի է ասել, որ 2022 թվականին պետական բյուջեի ծրագիրը բավականին հավակնոտ է, և կառավարության  միջնաժամկետ ծախսերի ծրագրի համեմատ ենթադրում է տնտեսական աճի և ներուժի էական արագացում»,-ասաց Երիցյանը: Նախագծով 2022-ի համար նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս ցուցանիշ: ԿԲ նախագահի տեղակալը նկատեց՝ 2022-ի համար նախանշված բարձր տնտեսական աճի հիմքում  ընկած են մեծածավալ պետական ներդրումների իրականացումը ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ոլորտներում, ինչպես նաև ներառված են տնտեսության արտահանելի հատվածների խթանմանն ուղղված միջոցառումները, որոնք կնպաստեն երկրի մրցունակության և ընդհանուր արտադրողականության բարձրացմանը: «2022-ին կշարունակվի համախառն պահանջարկի արագ վերականգնումը՝ պայմանավորված թե ներքին և թե արտաքին պահանջարկի աճերով: Ընդ որում, ի տարբերություն 2021-ի, ներքին պահանջարկի աճը դիտարկվող ժամանակահատվածում պայմանավորված կլինի կառավարության կողմից ներդրումների խթանման քաղաքականության ներքո ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումների բարձր աճերով: Ուստի տնտեսական ներուժի վրա ազդեցության տեսակետից կարևոր ենք համարում ներդրումների խրախուսման և արտահանման խթանման ուղղությամբ նախատեսված միջոցառումները և գործողությունների առավել հստակ նկարագրումն ու քննարկումը բյուջեի ծրագրի շրջանակներում»,-ասաց Երիցյանը: Տնտեսության վերականգնման և հարկային վարչարարության շարունակական բարելավման, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումների իրականացման  արդյունքում 2022-ին ակնկալվում է հարկեր-ՀՆԱ ցուցանիշի էական՝ 0.9 տոկոսային կետ ավելացում, որի պայմաններում պետբյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա կունենան զսպող ազդեցություն: «2022-ի պետական ծախսերի քաղաքականությունն ուղղված կլինի տնտեսական աճի խթանմանը՝ թիրախավորելով պետական ներդրումների մասնաբաժնի էական ավելացումը և ծախսերի արդյունավետ կառավարումը՝ միաժամանակ վերադարձ կատարելով սահմանված հարկաբյուջետային կանոններին»,-նշեց Երիցյանը:
13:36 - 25 հոկտեմբերի, 2021
Զինված ուժերը իրավիճակին համահունչ վերակազմավորելու խնդիրը  բարդ է․ չեմ տեսնում իշխանության իրական ցանկությունը, որը մեզ կտանի այդ ճանապարհով․ Աբրահամյան

Զինված ուժերը իրավիճակին համահունչ վերակազմավորելու խնդիրը բարդ է․ չեմ տեսնում իշխանության իրական ցանկությունը, որը մեզ կտանի այդ ճանապարհով․ Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի ՀՀ-ն զինված ուժերը վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար։ «Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը դրանով արձագանքում էր Ադրբեջանից հնչող այն հայտարարություններին, որ Հայաստանը ռևանշի գնալու նպատակ ունի, և փորձում է ցույց տալ, որ նրանք որևէ պարագայում Արդբեջանի համար չեն կարող վտանգ ներկայացնել»։ Նրա խոսքով՝ գոնե մինչև 2018 թ․-ը հայկական զինուժը առաջնորդվել է այն սկզբունքով, որ տարածաշրջանում կարող են տեղի ունենալ սցենարային տարբեր զարգացումներ և հայկական զինուժը պետք է պատրաստ լինի իրավիճակի զարգացման բոլոր սցենարներին։ Պատգամավորի դիտարկմամբ՝ երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է զինված ուժերի բարեփոխումների, պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու հայտարարությունների մասին, դրանք չպետք է լինեն հայտարարություններ, որոնք գրված են թղթի վրա․ «Պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու, և առհասարակ իրավիճակին, եղած սպառնալիքներին համահունչ զինված ուժերը վերակազմավորելու խնդիրը բավականին բարդ է և ես չեմ տեսնում այն հնարավորությունը, ես չեմ տեսնում իշխանության այն իրական ցանկությունը, որը մեզ հնարավորություն է տալու գնալու այդ ճանապարհով»։
13:15 - 25 հոկտեմբերի, 2021
Խորհրդարանական ընդդիմությունը նախատեսում է օրակարգ բերել երկու քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը

Խորհրդարանական ընդդիմությունը նախատեսում է օրակարգ բերել երկու քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը

Խորհրդարանական ընդդիմությունն ասուլիս է հրավրել՝ խոսելու կառավարող ուժի դեմ պայքարելու իրենց գործիքակազմի մասին՝ հիշեցնելով, որ իրենք մշտապես հայտարարել են, որ օգտագործելու են խորհրդարանական եւ արտախորհրդարանական գործիքակազմերն ու հնարավորությունները։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ Ազգային ժողովի՝ վաղն սկսվող նիստերի օրակարգում երկու կարեւոր հարցեր են ներառվելու։ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախաձեռնել են երկու քննիչ հանձնաժողովների ստեղծում․ մեկը վերաբերելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների օգտագործմանը, մյուսը՝ արդարադատության ոլորտին։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, խոսելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների օգտագործման վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, նախ հիշեցրեց, որ պատերազմի օրերին մեր հայրենակիցները ոչինչ չէին խնայում՝ Հիմնադրամին փոխանցումներ կատարելու համար։ Այնինչ, ըստ պատգամավորի, շրջանառվող լուրերի համաձայն՝ հիմնավոր կասկած կար, որ թե՛ բուն Հիմնադրամի ծախսային հատվածը, թե՛ պետբյուջե կատարած փոխանցումը անհասկանալի եւ կասկածելի պայմաններում եւ նպատակներով իրականացվել է չարաշահումներով․ «Մամուլում նորություններ եղան, ըստ որոնց՝ նոր գրանցված ՍՊԸ-ներով կանխիկացումներ են եղել, գնումների մեծ մասն իրականացվել է նորմալ ընթացակարգը, ՊՆ-ն, իսկ գնումների որոշ պարագաներում թե՛ գնման գինը, թե՛ ապրանքի արյդունավետությունը մեծ կասկածներ է առաջացրել։ ՀՀ հիմնադրամը պարտավորվել է իրականացնել աուդիտ եւ արդյունքը ներկայացնել հանրությանը։ Այդ աուդիտի արդյունքները Հիմնադրամի կայքում չեն եղել, իսկ իմ գրավոր հարցմանը պատասխանել են, որ աուդիտի արդյունքները պետք է հաստատվեն Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, նոր հրապարակվեն»,- ասաց Մամիջանյանը՝ որոշակի կասկած հայտնելով նաեւ աուդիտ իրականացրած կազմակերպության մասով։ Ուստի, «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել են քննիչ հանձնաժողովի ստեղծում, որը կուսումնասիրի պետբյուջե փոխանցման օրինականությունը, եւ, հաշվի առնելով քննիչ հանձնաժողովների գործիքակազմը, առհասարակ ծախսվող գումարների արդյունավետությունը։ Խորհրդարանական ընդդիմությունը համատեղ նախաձեռնում է նաեւ արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի ստեղծում։ Ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի՝ վերջին երեք տարիների ընթացքում այս ոլորտում բազմաթիվ խնդիրներ են եղել․ «Հիշում եք, 2021-ի հուլիսին դատավորներին գործերի մակագրման տեխնիկական համակարգը իշխանությունները խլեցին, որոշեցին, որ այլեւս չեն կարող թույլ տալ, որ պատահականությունը որոշի՝ որ դատավորը որ գործը քննի, ու խլեցին։ Մինչ օրս այդ համակարգը խլված է։ Ոնց է ստացվում, որ 21-րդ դարի տեղեկատվական տեխնոլոգիաների լուծումների դարում այդ համակարգը չի գործում, այն տարիներով գործել է։ Այդ համակարգը 2013 թվականին միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ ներդրվեց, այն դատարանների անկախության երաշխավորման կարեւոր գործիօքներից մեկն էր, ողջունվել էր ԵԽ-ի, ԱՄՆ դեսպանատան կողմից, բայց այսօր այդ կազմակերպությունները որեւէ մտահոգություն չունեն»,- ասաց Վարդեւանյանը՝ նշելով, որ քննիչ հանձնաժողովի ուսումնասիրման տիրույթում քննության առաջին առարկան սա է լինելու։ Քննիչ հանձնաժողովն ուսումնասիրելու է նաեւ Արդարադատության նախարարության կողմից դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները․ «Դրանք մեծ թափ ստացան 2020-ի նոյեմբերից։ Այդ ժամանակվանից իշխանության համար սկզբունքային էր կալանավորումների ֆետիշացումը։ Այն դատավորներների նկատմամբ, որոնք չեն հանդուրժել այդ իրավիճակը, հարուցվել են կարգապահական վարույթներ»,- նշեց պատգամավորը։ Նա ասաց, որ նախատեսում են երեք ամսում ավարտել աշխատանքները եւ մանրամասն ներկայացնել խնդիրների վերաբերյալ իրավիճակը, ապա հանդես գալ զեկույցով։
13:12 - 25 հոկտեմբերի, 2021
Պարտքի հետևողական և շարունակաբար նվազեցման ենք գնալու. Խաչատրյանը ներկայացնում է պետբյուջեի նախագիծը |armenpress.am|

Պարտքի հետևողական և շարունակաբար նվազեցման ենք գնալու. Խաչատրյանը ներկայացնում է պետբյուջեի նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Պետությունը նախատեսում է հետևողական և շարունակաբար նվազեցնել պետական պարտքը՝ այն բերելով օրենքով սահմանվածի շրջանակ: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը: «2020-ը, կախված թե համավարակի, թե պատերազմական գործողությունների ազդեցությամբ, հանգեցրել է նրան, որ մենք արդյունքում ունեցանք ՀՆԱ-ի նկատմամբ 63.5 տոկոս պետական պարտք: Այդ հանգամանքը օրենքով սահմանված կանոնների բերումով պահանջում է, որ հաջորդ  5 տարիների ընթացքում կառավարությունը ԱԺ ներկայացնի այնպիսի բյուջետային շրջանակ, որով երաշխավորվում է պարտքի վերադարձ՝ 60 տոկոսը չգերազանցող սահմանում»,-ասաց Խաչատրյանը: Նա շեշտեց՝ 2021-ի և 2022-ի կանխատեսվող գործողությունների արդյունքում պետք է հասնեն նրան, որ 2022-ի ամփոփ ցուցանիշը կազմի ՀՆԱ-ի 60.2 տոկոսը: «Հետագա տարիներին նույնպես կունենանք ոչ շատ կտրուկ նվազում: Դեֆիցիտի ֆինանսավորման միջոցով խելամիտ կապիտալ կամ զարգացման ծրագրեր իրականացնելը այն կարևոր նախապայմաններից են, որ պետք է ապահովեն տնտեսական պոտենցիալի ապահովում և բարձը տնտեսական աճ: Այս տեսանկյունից մենք պարտքի հետևողական և շարունակաբար նվազեցման ենք գնալու: Եվ մյուս կողմից խելամիտ սահմանաչափով ֆիսկալ տարածք ազատելով, արտադրողական և արդյունավետ ծրագրեր իրականացնելով՝ ստեղծելու ենք այնպիսի ծրագիր և իրականացնելու ենք այնպիսի միջոցառումներ, որոնք նպաստելու են տնտեսական աճի բարձր ցուցանիշների պարագայում պետբյուջեի կատարմանը»,-ասաց նախարարը: Նախատեսվում է, որ դեֆիցիտը կազմելու է 3.1 տոկոս: Ըստ Խաչատրյանի՝ դա այն խելամիտ անվտանգ չափն է, որով պարտք ներգրավելով՝ կառավարությունը կկարողանա իրականացնել ոլորտային զարգացման համապատասխան ծրագրեր: Որպես երկրորդ կարևոր առանձնահատկություն նախարարը նշեց հարկային եկամուտների ավելացման պահանջը: Կառավարության ծրագիրը սահմանել է, որ մինչև 2026 թ հարկային եկամուտներ պետք է հասցվեն համախառն ներքին արդյունքի 25 տոկոսին: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր տարի պետք է առնվազն 0.5 տոկոսային կետով հարկային եկամուտների բարելավում լինի: «Կապիտալ ծախսերի զգալի ավելացում ենք ունենալու: Դրանք վերաբերում են թե տնտեսական, թե սոցիալական ենթակառուցվածքներին: Մենք այս բոլորը միասին վերցրած տեսնում ենք տնտեսական աճի կայուն միջավայր ստեղծելու համատեքստում որպես նախապայման, որովհետև թե 2022-ը, թե հաջորդող տարիները կառավարության ծրագրի այն ժամանակահատվածն է, որ թիրախային 7 տոկոս տնտեսական աճը նվազագույն ցուցանիշն է»,-ասաց Խաչատրյանը: 2022-ի բյուջեի նախագծում դրվել է 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսում:
12:43 - 25 հոկտեմբերի, 2021
Մեր նպատակը ցանկացած նոր զիջում ամեն գնով կանխելն է. հայրենիքն է կարևոր, ոչ թե կորսված հայրենիքում իշխանության հեռացումը. Իշխան Սաղաթելյան

Մեր նպատակը ցանկացած նոր զիջում ամեն գնով կանխելն է. հայրենիքն է կարևոր, ոչ թե կորսված հայրենիքում իշխանության հեռացումը. Իշխան Սաղաթելյան

Սոցիալական ցանցերում ու տարբեր հարթակներում բուռն քննարկման առարկա է դարձել նոյեմբերի առաջին տասնօրյակում հանրահավաքի մասին իմ հայտարարությունը։ Ոմանք մեղադրում են մեզ՝ ասելով, որ նոյեմբերի 9-ին հանրահավաք կազմակերպելն անիմաստ է, քանի որ ամեն ինչ արդեն վերջացած կլինի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրռում է կատարել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: «Ոմանք էլ դիտավորյալ խեղաթյուրում են խոսքս՝ հետապնդելով այլ նպատակ: Սիրելի' հայրենակիցիներ, իրականությունը հետևյալն է. քանի որ այս ընթացքում բազմիցս հայտարարել ենք, որ մեր պայքարը չի դադարել, և, որ առաջիկայում նախատեսել ենք կոնկրետ քայլեր, մենք տասը օր առաջ դիմել էինք Երևանի քաղաքապետարան՝ նոյեմբերի 9-ին և 10-ին հանրահավաք և երթ կազմակերպելու համար։ Ես, ի պատասխան լրագրողի հարցին, հաստատել եմ, որ այս պահին նոյեմբերի 9-ին նախատեսված հանրահավքը ուժի մեջ է։ Սա, իհարկե, չի նշանակում, որ մինչև նոյեմբերի 9-ը մենք ոչինչ չենք անելու, այդ թվում՝ հանրահավաք։ Տասնյակ անգամներ ասել եմ, հիմա ևս մեկ անգամ կրկնում եմ՝ մեր նպատակն է կանխել նոր կապիտուլիացիան և Հայաստանի թրքացումը: Երբեք մեր նպատակը չի եղել թողնել, որ իշխանությունները երկիրը տանեն պարտության, և միայն դրանից հետո ասենք՝ կրկնակի դավաճան եք: Այդպես ենք վարվել նաև անցած տարի պատերազմի օրերին՝ անընդհատ հանդես գալով ստեղծված իրավիճակից դուրս գալու առաջարկներով: Դեռ պատերազմի ամենաթեժ օրերին էինք առաջարկել՝ռազմաճակատում բեկում մտցնելու համար երկրում ռազմաքաղաքական օպերատիվ շտաբ ստեղծել: Ես շնորհակալ և երախտապարտ եմ մեր այն ընկերներին, քաղաքացիներին, ովքեր գիշեր ցերեկ պայքարել են և շարունակում են պայքարել, որովհետև հասկանում են, որ վճռվում է հայրենիքի ճակատագիրը։ Առաջիկա օրերին կխոսենք ավելի մանրամասն, այստեղ միայն ցանկանում եմ վերահաստատել, որ Համահայկական դիմադրության ձևավորումը կենսական անհրաժեշտություն է։ Եվ նոր կորուստներից խուսափելու միակ ճանապարհը. Մենք այս մասին հայտարարել էինք դեռևս օգոստոսին։ Կրկնում եմ՝ մեր նպատակը ցանկացած նոր զիջում ամեն գնով կանխելն է: Արդյո՞ք դա հնարավոր է, իմ կարծիքով՝ հնարավոր է, եթե զերծ մնանք անիմաստ շահարկումներից, լինենք միասնական, համախմված ու բավարար թվաքանակով։ Կանենք դա, կստացվի և կփրկենք հայրենիքը, այլապես՝ միշտ էլ մեղավորներ կգտնվեն, անհոգ եղեք:Հայրենիքն է կարեւոր, ոչ թե կորսված հայրենիքում իշխանության հեռացումը»,- գրել է նա:
10:36 - 25 հոկտեմբերի, 2021
Նազելի Բաղդասարյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստին

Նազելի Բաղդասարյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստին

Հոկտեմբերի 21-22-ը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պետականաշինության եւ տեղական ինքնակառավարման փորձի ուսումնասիրման մշտական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում են  ԱԺ-ից։ «ԱՊՀ անդամ երկրների կայուն զարգացման հայեցակարգի» նախագիծն արժանացել է խորհրդարանականների հավանությանը, հաշվի են առնվել առաջարկներն ու դիտողությունները: Այն ներառվել է ԱՊՀ ՄԽՎ հաջորդ լիագումար նիստի օրակարգում: Քննարկվել է նաեւ «Միջազգային դիտորդության մասին» մոդելային օրենքի նախագիծը: ՀՀ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը քննարկման ժամանակ խոսել է ՌԴ Պետդումայի եւ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելությունների դերի ու նշանակության մասին: Դիտարկումները, որոնք ներկայացվել են հայկական պատվիրակության կողմից, ընդունվել են ի գիտություն եւ կքննարկվեն հաջորդ նիստում»:
18:04 - 22 հոկտեմբերի, 2021
«Հայաստան» հիմնադրամից պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրելու հարցով ստեղծվել է քննիչ հանձնաժողով

«Հայաստան» հիմնադրամից պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրելու հարցով ստեղծվել է քննիչ հանձնաժողով

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից: ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը  կքննարկվի Ազգային ժողովի 2021թ. հոկտեմբեր 26-ին սկսվող հերթական նիստերում»,-նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանի հայտարարության մեջ:
17:07 - 22 հոկտեմբերի, 2021
ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով ՄԻՊ-ը դիմել է ՍԴ

ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով ՄԻՊ-ը դիմել է ՍԴ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր դիմել է Սահմանադրական դատարան ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով։ Դիմումով, մասնավորապես, վիճարկվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի կարգավորումները․ «Խոսքը վերաբերում է օրենսդրական բացի, ինչպես նաև իրավական որոշակիությունից զուրկ ձևակերպումների հետևանքով լրագրողների գործունեության սահմանափակումներին ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնների ներքո սահմանելու իրավաչափությանը։ Մյուս հարցն առնչվում է որոշ սահմանափակումներ նախատեսող դրույթներում իրավական որոշակիությունից զուրկ ձևակերպումների, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ՝ հանգեցնում են Սահմանադրությամբ երաշխավորված՝ կարծիքի արտահայտման ազատության, տեղեկություններ ստանալու իրավունքի անհամաչափ սահմանափակմանը, ինչպես նաև չեն համապատասխանում միջազգային պրակտիկային և մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին: Խնդիրն այն է, որ Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական գործունեությանն առնչվող հարցերն ԱԺ կանոնակարգում ունեն անորոշ կարգավորում: Սահմանված չեն առանձին, իրավական կոնկրետ կարգավորումներ, որոնցով կամ որոնց հիման վրա կամրագրվեն Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում հավատարմագրված լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները։ Հավատարմագրված լրագրողների նկատմամբ գործնականում կիրառվող հետևանքները, պատասխանատվության միջոցները չունեն իրավական հիմք, չեն ստացել օրենսդրական մակարդակով ամրագրում, ինչպես նաև կանխատեսելի չեն հենց իրենց լրագրողների համար:  Դիմումում Պաշտպան անդրադարձել է նաև նրան, որ անորոշ  կարգավորումների ու բացի պատճառով ստեղծվել է այնպիսի վիճակ, որ տարբեր հանրային գործիչներ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ լրագրողների աշխատանքի նշված սահմանափակումները հիմնավորելիս բերում են հանցագործությունների դեմ պայքարի հիմնավորումներ: Չեն կարող ընդունելի լինել, որ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների մասին խոսելիս համեմատություններ են տարվում, օրինակ, ծանր հանցանքներ (օրինակ՝ ահաբեկչություն) կատարած անձանց կամ վարձկանների հետ՝ դրանով առավել նպաստելով հասարակությունում, ինչպես նաև կոնկրետ մարմինների մոտ լրագրողական գործունեության նկատմամբ կարծրատիպերի ձևավորմանը կամ խորացմանը: Լրագրողների աշխատանքի խոչընդոտները, ընդհուպ մինչև լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելով կամ քաշքշելով մասնագիտական աշխատանքի իրականացումն առանց հիմնավորումների արգելելու պրակտիկան դիմումում հիմնավորվել է կոնկրետ օրինակներով: Դիմումում մանրամասն վերլուծված է նաև անվտանգության աշխատակիցների վերաբերմունքը, նրանց գործողությունները լրագրողների նկատմամբ (առանց հիմնավորումների լրագրողական նյութերը ջնջելու պահանջներ, հավատարմագրումից զրկելու սպառնալիքի դեպքեր և այլն): ԱԺ-ում հավատարմագրված լրագրողի աշխատանքի պետք է կանոնակարգվի ոչ թե հանցավորության դեմ պայքարի կամ այդ իմաստով ԱԺ անվտանգության ապահովման, այլ կոնկրետ մարմնի բնականոն գործունեության տեսանկյունից՝ մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքով և առանց լրագրողի աշխատանքի խոչընդոտների: Մարդու իրավունքների պաշտպանի համար Ազգային ժողովի անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարևորություն, բայց լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետևում: Այս ամենին էլ գումարվում է այն, որ լրագրողներն իրենք պատշաճ իրազեկված չեն իրենց իրավունքների, մասնագիտական գործունեության սահմանափակումների վերաբերյալ, այդ թվում՝ սահմանափակումների հստակ սահմանների, դրանց բնույթի, նպատակի, ինչպես նաև այդ սահմանափակումներին չհետևելու դեպքում իրենց համար առաջացող կամ առաջանալիք բացասական իրավական հետևանքների վերաբերյալ: Դիմումում արձանագրված է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը քննարկումներ է իրականացրել ԱԺ աշխատակազմի հետ: Ներկայացված է նաև, որ ԱԺ նախագահի հետ խնդիրները քննարկել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Սակայն հարցն, այնուամենայնիվ, այն վիճակում է, որ պետք է լուծում ստանա ՍԴ որոշման տիրույթում: Նշված դիմումով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վիճարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, 14-րդ հոդվածի 7-րդ մասի, 54-րդ հոդվածի 4-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 42-րդ, 51-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածներին»:
14:53 - 22 հոկտեմբերի, 2021