ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Կորոնավիրուսի դրական դեպքերի նվազման միտումը կարծես նորից սկսում է շարունակվել. Փաշինյան |armenpress.am|

Կորոնավիրուսի դրական դեպքերի նվազման միտումը կարծես նորից սկսում է շարունակվել. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին դարձյալ խնդրում է պահպանել կորոնավիրուսի հակահամավարակային կանոնները, քանի որ Covid-19-ի դրական դեպքերի նվազման միտումը, կարծես, նորից սկսում է շարունակվել: Այս մասին Փաշինյանն ասաց օգոստոսի 27-ի կառավարության նիստում: «Արդեն գործնականում 6 օր մենք ունեինք 200-ից նվազ ամենօրյա դեպք, երեկվա ցուցանիշը 203 է, սակայն հետազոտությունների նաև շատ մեծ թիվ ենք ունեցել՝ 1938: Մենք պետք է ամեն ինչ անենք հետազոտությունների մեծ ծավալը պահելու համար, և կրկին ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտության վրա: Կարող ենք ասել, որ նախորդ շաբաթվա տվյալներով դեպքերի նվազման միտումը, որ կանգ էր առել, կարծես նորից սկսում է շարունակվել, և սա կապված է բացառապես հակահամավարակային կանոնների պահպնման որակով, որը մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքագծից է կախված, և էլի ուզում եմ խնդրել, որպեսզի մենք առավելագույնս նախանձախնդիր լինենք հակահամավարակային կանոնների պահպանման գործում»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այդ կանոնների որոշակի թուլացումից հետո դրանք պահպանելը հիմա ավելի հեշտ է, քան նախկինում: Վարչապետը նշեց, որ կորոնավիրուսից 864 մահ է արձանագրվել, ևս 265 մահ է եղել կորոնավիրուսով վարակված մարդկանց շրջանում, բայց մահը վրա է հասել այլ պատճառով, և կառավարության ցավակցությունները հայտնեց մահացածների հարազատներին:
12:15 - 27 օգոստոսի, 2020
Փաշինյանը խնդրեց հատուկ ուշադրություն դարձնել բնական գազի շահագործման անվտանգության կանոններին |armenpress.am|

Փաշինյանը խնդրեց հատուկ ուշադրություն դարձնել բնական գազի շահագործման անվտանգության կանոններին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին խնդրեց առանձնահատուկ ուշադրություն դարձնել բնական գազի շահագործման անվտանգության կանոններին: Այս մասին Փաշինյանն ասաց կառավարության օգոստոսի 27-ի նիստում՝ անդրադառնալով նախօրեին Երևանի Ռայնիսի փողոցում տեղի ունեցած պայթյունից բնակելի շենքի փլուզման դեպքին: «Երեկ ցավալի պատահար տեղի ունեցավ Երևանում: Ռայնիսի, 1 հասցեում գտնվող շենքում գազի պայթյունից ավերվեց մի ամբողջ շքամուտք՝ 12 բնակարանով: Պետք է ցավով արձանագրել, որ այսպիսի դեպքերի շարք է արձանագրվում Հայաստանում, ինչը պետք է մեր ուշադրությունը սևեռի բնական գազի շահագործման անվտանգության կանոնների պահպանման խնդրի վրա: Ուզում եմ մեր հայրենակիցների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա և խնդրել, որ մեզնից յուրաքանչյուրն առանձնահատուկ ուշադրությամբ վերաբերվի բնական գազի շահագործման անվտանգության կանոններին»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ բնակարանից զրկված բոլոր քաղաքացիները, որոնք ժամանակավոր կացարան տեղափոխվելու ցանկություն են հայտնել, արդեն տեղավորվել են հյուրանոցում, սակայն եղել են նաև ընտանիքներ, որոնք ցանկացել են այլ տեղ տեղավորվել: «Հարցը կառավարության և Երևանի քաղաքապետարանի օրակարգում է, և մենք առաջիկայում կկողմնորոշվենք մեր հետագա անելիքների վերաբերյալ»,- նշեց վարչապետը:
11:28 - 27 օգոստոսի, 2020
Համայնքների խոշորացում․ վարչական ապարատի օպտիմալացումից սպասումներն ու փաստացի իրավիճակը

Համայնքների խոշորացում․ վարչական ապարատի օպտիմալացումից սպասումներն ու փաստացի իրավիճակը

Համայնքերի խոշորացումից տնտեսական ի՞նչ օգուտներ էր ակնկալում կառավարությունը   2012 թվականին, երբ Հայաստանում դեռ չէր մեկնարկել համայնքների խոշորացման գործընթացը, կառավարության մշակած «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգում» խոսվում էր այն մասին, որ համայնքների խոշորացումը պետք է տնտեսապես հիմնավորված լինի։ «Համայնքների միացման արդյունքում նոր ստեղծված համայնքի աշխատակազմի թվաքանակը զգալիորեն ավելի քիչ կլինի, քան այդ համայնքի կազմի մեջ միավորված նախկին համայնքների աշխատակազմերի հանրագումարային թվաքանակը: Այդպիսով զգալիորեն կկրճատվեն ապարատի պահպանման ծախսերը: Դրա արդյունքում կավելանան բնակչությանը ծառայություններ մատուցելուն ուղղված ֆինանսական հնարավոր միջոցների չափերը»,- նշվում էր հայեցակարգում: 2013թ․ նախկին տարածքային կառավարման նախարարության մշակած «Համայնքների խոշորացումը` որպես Հայաստանի վարչատարածքային բաժանման օպտիմալացման միջոց» աշխատանքային տեղեկանքում որպես համայնքների խոշորացման տնտեսական օգուտ նշվում էր համայնքների վարչական ապարատի օպտիմալացումը։ Տեղեկանքում երկու խոշորացվելիք համայնքի օրինակով բացատրվում էր, թե ինչ սկզբունքով են ձևավորվելու խոշորացված համայնքների համայնքապետարանների աշխատակազմերը, և ըստ այդմ՝ ինչ ֆինանսական օգուտներ են լինելու համայնքների համար։ Սկզբունքը, ըստ տեղեկանքի, հետևյալն էր․ երբ համայնքները միավորվում էին որևէ փնջում, համայնքային կենտրոնում համայնքապետարանի աշխատակազմը մեծանում էր, սակայն կրճատվում էին արդեն նախկին համայնքների, խոշորացումից հետո՝ բնակավայրերի աշխատակազմերը, և դրանց կրճատումից խնայված դրամական միջոցները նոր խոշորացված համայնքը կարող էլ ուղղել համայնքային այլ կարիքներ հոգալու համար։ Այսպես, օրինակներից մեկը Կոտայքի մարզի Գառնի համայնքն էր։ Գառնին և ևս հինգ համայնքներ հիպոթետիկ պետք է միավորվեին փնջային սցենարով (խոշորացման սցենարների և Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ առավել մանրամասն՝ այստեղ)։ Այս համայնքների համայնքապետարանների աշխատակազմերի ընդհանուր թիվը 2012-ի դրությամբ կազմել է 62, որից 20-ը եղել է համայնքային կենտրոն Գառնիում։ Այստեղ հաստիքների թիվն ավելանալու էր 6-ով (այդ թվում՝ 5 բնակավայրերի 1-ական վարչական ներկայացուցիչները), և ստացվելու էր, որ նախկին համայնքների համայնքապետարանների ընդհանուր 62 աշխատատեղի փոխարեն խոշորացված համայնքի համայնքապետարանն ունենալու էր 26 աշխատատեղ։ Համաձայն նախահաշվի՝ Գառնի խոշորացված համայնքի՝ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով տարեկան ծախսերը (այսինքն՝ համայնքապետարանի աշխատակազմի պահպանմանն ուղղված ծախսերը), կազմելու էին 54,545.5 հազ. դրամ։ 2012 թվականի դրությամբ բոլոր համայնքների հանրային ծառայությունների գծով բյուջետային ընդհանուր ծախսերը կազմել են 94,668.6 հազ. դրամ: Ստացվում էր, որ հանրային ծառայությունների գծով բյուջետային ընդհանուր ծախսերը նվազելու էին նախկին համայնքների աշխատակազմերի կրճատման հաշվին։ «Կատարված հաշվարկի արդյունքում Գառնի խոշորացված համայնքի՝ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով բյուջետային ընդհանուր օգուտները կազմում են 45,123.1 հազ. դրամ, որը համարվում է համայնքների խոշորացման արդյունքում առաջացած ազատ գումար։ Նոր ձևավորվող համայնքի ՏԻՄ-երը դա կարող են ուղղել ինչպես հանրային ծառայությունների այլ տեսակների մատուցման ծավալների ընդլայնմանը և որակի բարձրացմանը, այնպես էլ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը և կապիտալ ներդրումների կատարմանը»,- նշվում էր տեղեկանքում։ Մենք փորձել ենք Վայոց ձորի և Տավուշի մարզերի խոշորացված համայնքների օրինակով հասկանալ, թե խոշորացման նախորդ տարում համայնքային բյուջեների որ մասն են կազմել ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով ծախսերը, և արդյոք խոշորացումից հետո՝ 2019-ի դրությամբ, այդ ծախսերը կրճատվել են։ Չենք ուսումնասիրել միայն Տավուշի մարզի Իջևան համայնքը, քանի որ այն խոշորացվել է այս տարի՝ ի տարբերություն Վայոց ձորի և Տավուշի մարզերի մյուս համայնքների, որոնք խոշորացվել են 2015-ից 2017 թվականների ընթացքում։ Օրինակում նշվող Գառնի խոշորացված համայնքն այս պահի դրությամբ ձևավորված չէ, դրա համար այն հնարավոր չէր ուսումնասիրել։   Համայքապետարանների աշխատակազմերի պահպանմանն ուղղվող ծախսերը Տավուշում՝ մինչև խոշորացումը և խոշորացումից հետո   Տավուշի մարզի Դիլիջան համայնքը խոշորացվել է 2015-ին։ Նախքան խոշորացումը՝ 2014 թվականին, Դիլիջան խոշորացված համայնքի կազմում եղած նախկին 7 համայնքների տարեկան ընդհանուր բյուջետային ծախսերը կազմել են ավելի քան 563 մլն դրամ, իսկ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով տարեկան ծախսերը՝ մոտ 186 մլն դրամ։ Այսինքն՝ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով ծախսերը կազմել են ընդհանուր բյուջետային ծախսերի 33%-ը։ Որպեսզի այս տվյալները համեմատենք Դիլիջան խոշորացված համայնքի 2019-ի բյուջեի տվյալների հետ, պետք է հասկանանք, թե 2014-ի բյուջետային ծախսերը 2019-ի չափանիշներով որքան կկազմեին՝ հաշվի առնելով այդ տարիների գնաճը։ Այսպես, եթե ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով տարեկան ծախսերը 2014-ին կազմել են մոտ 186 մլն դրամ, 2019-ին կկազմեին ավելի քան 199 մլն դրամ։ Արդեն 2019-ին Դիլիջան խոշորացված համայնքի տարեկան ընդհանուր բյուջետային ծախսերը կազմել են մոտ 907 մլն դրամ, իսկ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով ծախսերը՝ ավելի քան 188 մլն դրամ, այսինքն՝ ընդհանուր բյուջետային ծախսերի 21%-ը։  Եթե համեմատենք 2014-ի և 2019-ի տվյալները, կտեսնենք, որ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով ծախսերը Դիլիջան խոշորացված համայնքում ավելի քան 11 միլիոն դրամով քիչ են, քան 2014-ին համայնքի կազմում ընդգրկված նախկին համայնքների ծախսերը միասին վերցրած։ Ինչ վերաբերում է համայնքապետարանների աշխատակազմերին, ապա եթե 2014-ին Դիլիջան խոշորացված համայնքի կազմում ընգրկված բոլոր նախկին համայնքները միասին ունեցել են 94 դրույք, ապա 2019-ին Դիլիջանի համայնքապետարանում եղել է 54 դրույք (աշխատատեղերը ներկայացված են ոչ թե աշխատակիցների թվաքանակով, այլ դրույքաչափերով)։ Այս տվյալների վերլուծությունից կարելի է ենթադրել, որ Դիլիջան խոշորացված համայնքի ձևավորման արդյունքում իրոք համայնքապետարանների աշխատակազմերի կրճատումից խնայվել են դրամական միջոցներ, և համայնքի ընդհանուր բյուջետային ծախսերում նվազել են համայնքապետարանի աշխատակազմին ուղղվող դրամական միջոցները։ Գրաֆիկ 1-ում ներկայացված են Տավուշի մարզի համայնքներում աշխատակազմերի պահպանմանն ուղղվող ծախսերի փոփոխությունները խոշորացումից առաջ և հետո։  Տավուշի մարզի ևս երկու համայնքում գործել է այս սկզբունքը․ Նոյեմբերյանի կազմում ընդգրկված նախկին 9 համայնքների համայնքապետարաններում խոշորացման նախորդ տարում միասին վերցրած եղել է 97 դրույք, իսկ Նոյեմբերյան խոշորացված համայնքի համայնքապետարանում անցած տարի եղել է 60 դրույք։ Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով տարեկան ծախսերը նվազել են մոտ 39 մլն դրամով։ Աշխատակազմերին ուղղվող ծախսերը 2019-ին կազմել են ընդհանուր բյուջեի 30%-ը՝ 2016-ի 40%-ի փոխարեն։ Բերդի կազմում ընդգրկված նախկին 17 համայնքների համայնքապետարաններում խոշորացման նախորդ տարում միասին վերցրած եղել է 196,6 դրույք, իսկ Բերդ խոշորացված համայնքի համայնքապետարանում 2019-ին եղել է 95 դրույք։ Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով տարեկան ծախսերը նվազել են մոտ 15 մլն դրամով։ Եթե բոլոր համայնքներում միասին վերցրած աշխատակազմերին ուղղվող գումարները նախկինում կազմել են ընդհանուր բյուջեի 42%-ը, ապա Բերդի ընդհանուր բյուջեում 2019-ին այդ ծախսերը կազմել են 28%: Գրաֆիկ 2-ում ներկայացված են Տավուշի մարզի համայնքների ընդհանուր բյուջեներում աշխատակազմերի պահպանմանն ուղղվող ծախսերի մասնաբաժինների փոփոխությունները խոշորացումից առաջ և հետո։ Կողբ խոշորացված համայնքում, որտեղ միավորված է 2 համայնք, 2019-ի դրությամբ 2015-ի համեմատ աճել են աշխատակազմերի պահպանման ծախսերը, սակայն ընդհանուր բյուջետային ծախսերը ևս աճել են։ Ընդհանուր ծախսերն ավելացել են մոտ 32 մլն դրամով, աշխատակազմերի պահպանման ծախսերը՝ մոտ 6 մլն դրամով։ Կողբ խոշորացված համայնքի համայնքապետարանում 2019-ին եղել է 21,5 դրույք, իսկ մինչև խոշորացումը նախկին համայնքները միասին ունեցել են 22 դրույք։ Ընդհանուր բյուջեում համայնքապետարանի աշխատակազմին ուղղվող ծախսերի մասնաբաժինը, սակայն, նվազել է՝ դառնալով 35%՝ 39%-ի փոխարեն։ Հետաքրքիր է, որ Այրում համայնքում (ստեղծվել է 8 համայնքների միավորմամբ) ընդհանուր բյուջետային ծախսերը մոտ 26 մլն դրամով պակասել են, սակայն համայնքապետարանի աշխատակազմին ուղղվող ծախսերն ավելացել են ավելի քան 15 մլն դրամով։ 2016-ին նախկին համայնքապետարաններում միասին վերցրած եղել է 75 դրույք, 2019-ին Այրումի համայնքապետարանում դրույքները կրճատվել են՝ դառնալով 46։ Այրում խոշորացված համայնքի դեպքում ավելացել է նաև ընդհանուր բյուջեում աշխատակազմին ուղղվող դրամական միջոցների մասնաբաժինը՝ 43%-ի փոխարեն դառնալով 53%:  Գրաֆիկ 3-ում ներկայացված են Տավուշի մարզի համայնքներում համայնքապետարանների աշխատատեղերի դրույքների փոփոխությունները խոշորացումից առաջ և հետո։ Համայքապետարանների աշխատակազմերի պահպանմանն ուղղվող ծախսերը Վայոց ձորում՝ մինչև խոշորացումը և խոշորացումից հետո   Վայոց ձորի Ջերմուկ խոշորացված համայնքը ձևավորվել է 4 համայնքների միավորմամբ։ Մինչև խոշորացումը նախկին համայնքների համայնքապետարանները միասին ունեցել են 48,7 դրույք, իսկ Ջերմուկ խոշորացված համայնքը 2019-ին ունեցել է 42 դրույք։ Աշխատակազմերի պահպանմանն ուղղված ծախսերն աճել են ավելի քան 5 մլն դրամով։ Մոտ 212 մլն դրամով ավելացել է նաև համայնքի ընդհանուր բյուջեն։ Ընդհանուր բյուջեում աշխատակազմին ուղղվող գումարների մասնաբաժինը նվազել է՝ 35%-ից դառնալով 24%։ Վայքում (ստեղծվել է 5 համայնքների միավորմամբ) ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով ծախսերն ավելացել են մոտ 12 մլն դրամով։ Համայնքապետարանների դրույքների ընդհանուր թիվը նախքան խոշորացումը եղել է 42,5, իսկ 2019-ին կրճատվել է՝ դառնալով 39։ Բյուջետային ընդհանուր ծախսերը ևս աճել են ավելի քան 33 մլն դրամով, իսկ աշխատակազմին ուղղվող դրամական միջոցների մասնաբաժինն ընդհանուր բյուջեում նվազել է՝ 51%-ից դառնալով 49%: Գրաֆիկ 4-ում ներկայացված են Վայոց ձորի մարզի համայնքներում աշխատակազմերի պահպանմանն ուղղվող ծախսերի փոփոխությունները խոշորացումից առաջ և հետո։  Արենիում (ստեղծվել է 9 համայնքների միավորմամբ) ևս համայնքապետարանի աշխատակազմի պահպանմանն ուղղված ծախսերն աճել են ավելի քան 58 մլն դրամով։ Մոտ 152 մլն դրամով ավելացել են նաև ընդհանուր բյուջետային ծախսերը։ Համայնքապետարանի դրույքները խոշորացման նախորդ տարում կազմել են 95, իսկ 2019-ին՝ 60,5։ Ընդհանուր բյուջետային ծախսերում աշխատակազմերի պահպանմանն ուղղված ծախսերի մասնաբաժինը նվազել է․ եթե 2015-ին այդ ծախսերը կազմել են ընդհանուր բյուջետային ծախսերի 62%-ը, ապա 2019-ին կազմել են 54%-ը: Զառիթափում (ձևավորվել է 9 համայնքների միավորմամբ) համայնքապետարանի հաստիքների թվաքանակն՝ ըստ դրույքների գրեթե չի փոխվել (70,1-ից դարձել է 70 ), սակայն աշխատակազմերին ուղղվող ծախսերը կրճատվել են ավելի քան 99 մլն դրամով։ Հետաքրքիր է, որ Զառիթափում ավելի քան 85 մլն դրամով կրճատվել են նաև համայնքի ընդհանուր բյուջետային ծախսերը։ Այստեղ նվազել է նաև համայնքապետարանի աշխատակազմի պահպանմանն ուղղված ծախսերի մասնաբաժինը՝ 62%-ից դառնալով 45%: Գրաֆիկ 5-ում ներկայացված են Վայոց ձորի մարզի համայնքների ընդհանուր բյուջեներում աշխատակազմերի պահպանմանն ուղղվող ծախսերի մասնաբաժինների փոփոխությունները խոշորացումից առաջ և հետո։ Գլաձորում (ստեղծվել է 3 համայնքի միավորմամբ) խոշորցումից առաջ բոլոր համայնքապետարանների դրույքները միասին կազմել են 51, իսկ 2019-ին Գլաձորի համայնքապետարանում եղել է 26 դրույք։ 2019-ին համայնապետարանի աշխատակազմի պահպանմանն ուղղված ծախսերը կրճատվել են մոտ 27 մլն դրամով, և եթե 2016-ին այդ ծախսերը բոլոր համայնքներում միասին վերցրած կազմել են համայնքների ընդհանուր բյուջեների 56%-ը, ապա 2019-ին կազմել են Գլաձորի բյուջեի 28%-ը։ Եղեգիսում (ստեղծվել է 12 համայնքի միավորմամբ) աշխատակազմերի պահպանմանն ուղղվող ծախսերը նվազել են մոտ 32 մլն դրամով, աշխատատեղերի դրույքները 85-ից դարձել են 63,7, իսկ ընդհանուր բյուջետային ծախսերում աշխատակազմին ուղղվող ծախսերը կազմել են 47%՝ 2016-ի 75%-ի փոխարեն։ Գրաֆիկ 6-ում ներկայացված են Վայոց ձորի մարզի համայնքներում համայնքապետարանների աշխատատեղերի դրույքների փոփոխությունները խոշորացումից առաջ և հետո։ Վարչական ապարատի օպտիմալացումը խոշորացված համայնքների համար տնտեսական օգուտներ ունեցե՞լ է   Այսպիսով, մեր ուսումնասիրած 11 համայնքանքներից 6-ում աշխատակազմերի պահպանմանն ուղղված ծախսերը 2019-ի դրությամբ բացարձակ թվերով նվազել են։ Այս 6 համայնքներում ավելացել են նաև ընդհանուր բյուջետային ծախսերը, ինչը նշանակում է, որ ընդհանուր ծախսերում աշխատակազմերի պահպանմանն ուղղված ծախսերի մասնաբաժիններն էականորեն նվազել են։ Իսկ Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքում, չնայած նվազել են նաև ընդհանուր բյուջետային ծախսերը, այդ ծախսերում աշխատակազմերի պահպանմանն ուղղված ծախսերի մասնաբաժինը ևս նվազել է։ Մնացած 5 համայնքներից 4-ում, խոշորացումից առաջվա տվյալների հետ համեմատած, 2019-ին ավելացել են աշխատակազմերի պահպանման ծախսերը։ Չնայած այս հանգամանքին,  ավելացել են նաև այս համայնքների ընդհանուր բյուջետային ծախսերը, և դրա հաշվին ընդհանուր ծախսերում աշխատակազմերի պահպանմանն ուղղված ծախսերի մասնաբաժինները նվազել են։ Վերը նշված բոլոր 10 համայնքներում խոշորացումից հետո կրճատվել են համայնքապետարանների աշխատակազմերի դրույքները։ Ի տարբերություն այս 10 համայնքների՝ Տավուշի մարզի Այրում համայնքում նվազել են ընդհանուր բյուջետային ծախսերը, իսկ աշխատակազմերի պահպանմանն ուղղված ծախսերն, ընդհակառակը, ավելացել են, ըստ այդմ՝ ավելացել է նաև ընդհանուր ծախսերում աշխատակազմերի պահպանմանն ուղղվող ծախսերի մասնաբաժինը։ Ինչ վերաբերում է համայնքապետարանի աշխատակազմերի դրույքներին, դրանք նվազել են։ Փաստորեն, եթե համայնքների մի մասում խոշորացումից հետո բացարձակ թվերով նվազել են համայնքապետարանների աշխատակազմերի պահպանման ծախսերը, մյուս մասում, չնայած բացարձակ թվով աճին, նվազել են այդ ծախսերի մասնաբաժինները ընդհանուր բյուջեում` բացառությամբ Այրում համայնքի, որտեղ այս սկզբունքը չի գործել, և խոշորացումից հետո նախկին համայնքապետարանների աշխատակազմերի կրճատման արդյունքում 2019-ի դրությամբ դրամական միջոցներ չեն խնայվել։ Հեղինակներ՝ Աննա Սահակյան, Կատյա ՄամյանԽորհրդատու՝ Հրանտ Միքայելյան
19:53 - 22 օգոստոսի, 2020
Տեղի ունեցավ Հայաստանի կառավարության կողմից սիրիահայությանը հատկացված ֆինանսական օգնության տրամադրումը

Տեղի ունեցավ Հայաստանի կառավարության կողմից սիրիահայությանը հատկացված ֆինանսական օգնության տրամադրումը

Օգոստոսի 21-ին Դամասկոսի Հայոց առաջնորդարանում դեսպան Տիգրան Գևորգյանի և Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի կառավարության կողմից սիրիահայությանը հատկացված ֆինանսական օգնության տրամադրումը Դամասկոսի կարիքավոր հայ ընտանիքերին: Ֆինանսական օգնության տրամադրումն իրականացնելու համար Առաջնորդարանին կից ստեղծված հատուկ հանձնաժողվը շուրջ 300 կարիքավոր հայ ընտանիքներին տրամադրել է դրամական օժանդակություն, որով մեր հայրենակիցները Դամասկոսում  և արվարձաններում գործող խանութների ցանցից կարող են ձեռք բերել սննդամթերք, առաջին անհրաժեշտության ապրանքներ և անձնական հիգենայի պարագաներ: Մոտ օրերս սիրիահայության հատկացված ՀՀ կառավարության օգնության հաջորդ չափաբաժինը կբաշխվի նաև Հալեպի և հյուսիսարևելյան շրջանների 4750 կարիքավոր հայ ընտանիքներին:
13:18 - 22 օգոստոսի, 2020
«Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություն` հոգեբուժական միջամտություն ստանալու հոդվածի առնչությամբ |hetq.am|

«Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություն` հոգեբուժական միջամտություն ստանալու հոդվածի առնչությամբ |hetq.am|

hetq.am: Կառավարությունը խորհրդարան է ուղարկել «Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ, որով առաջարկվում է սահմանել 16 տարին լրացած հոգեկան առողջության խնդիր ունեցող երեխայի՝ հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ կամավոր իրազեկված համաձայնություն տալու իրավունքը: Նշվում է, որ եթե բժշկի կարծիքով նա ունակ է հասկանալու բժշկական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւաքները, այդ տեղեկությունները չեն վնասի երեխային կամ կդյուրացնեն նրան բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը, ապա նրա կարծիքն ամրագրելը պարտադիր է: Նշված պայմանների բացակայության դեպքում առաջարկվում է 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն իրականացնել «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 24-րդ հոդվածով սահմանված ոչ հոժարակամ հոսպիտալացման կարգով, եթե հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությամբ նրա նկատմամբ անհրաժեշտ է իրականցնել հոգեբուժական միջամտություն: Իսկ 16 տարին չլրացած երեխայի համար առաջարկվում է գրավոր իրազեկված համաձայնությունը ստանալ նրա օրինական ներկայացուցչից: Նախագիծը շրջանառության մեջ է դրվել օգոստոսի 3-ին, փոփոխությունների համար հիմք է հանդիսացել Սահմանադրական դատարանի 2020 թվականի հունվարի 30-ի թիվ ՍԴՈ-1504 որոշումը,  ըստ որի՝ առանց իր տեսակետը հաշվի առնելու երեխային հոգեբուժական հաստատությունում հոսպիտալացնելիս այն դեպքերում, եթե երեխայի տարիքը և հոգեկան առողջությունը թույլ են տալիս, որ վերջինս արտահայտի իր կամքը, ճանաչվել է Սահմանադրությանը հակասող: Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2020 թվականի հունիսի 1-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին «Երեխայի իրավունքների մասին» օրենքի վերաբերելի իրավակարգավորումները համապատասխանեցնելու որոշման պահանջներին: Ստացվում է, որ խորհրդարանը խախտել է ՍԴ-ի մատնանշած ժամկետը, և Սահմանադրությանը հակասող հոդվածը չի փոխել մինչ նախանշված ժամկետը: Սահմանադիրը հստակ պահանջ է դրել, որպեսզի երաշխավորվի երեխայի կարծիքը ցանկացած հարցի վերաբերյալ ազատ արտահայտելու իրավական հնարավորությունը: Եւ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անհրաժեշտ է գնահատել երեխայի տարիքը և հասունության մակարդակը, որպեսզի հնարավոր լինի գնահատել երեխայի՝ իր հոգեկան առողջության վիճակը գիտակցելու, իր հոգեկան անձեռնմխելիությանը բժշկական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետևանքները հստակ հասկանալու և կանխատեսելու ունակությունը: Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից: Հիշեցնենք, որ նախագիծը ԱԺ լիագումար նիստերի օրակարգում հայտնվելու համար նախ պետք է ստանա գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը:
12:07 - 22 օգոստոսի, 2020
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանի ձեռքբերման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է. ովքեր կարող են դառնալ շահառուները |hetq.am|

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանի ձեռքբերման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է. ովքեր կարող են դառնալ շահառուները |hetq.am|

hetq.am: Մանկահասակ երեխա ունեցող 1085 ընտանիք այս տարի կկարողանա օգտվել բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից: Կառավարությունն այս տարվա մայիսին 14-ին ընդունել է որոշում, որով կյանքի է կոչել ծնելիության խրախուսման, երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր: Ծրագրերն արդեն վերագործարկվել են, ուղղությունները երեքն են` աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը, խթանել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզային բնակավայրերում և երեխայի ծննդյան դեպքում հիպոթեքային վարկի թեթևացում կատարել: Ծրագրի բաղադրիչներ Ծրագիրն իրենից ներկայացնում է 3 ենթածրագիր: Ըստ առաջինի` այս տարի նախատեսվում է միանվագ դրամական աջակցություն տրամադրել 245 շահառուի: Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող շահառուին և ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը։ Այս դեպքում շահառուն պետք է ունենա առնվազն երկու անչափահաս երեխա: Միանվագ դրամական աջակցության չափը կազմում է  ձեռք բերվող բնակարանի արժեքի հինգ տոկոսը, բայց ոչ ավելի, քան մեկ միլիոն դրամը: Նկատենք, սակայն, որ յուրաքանչյուր երեխայի ծննդյան փաստի հետ մեկտեղ գումարի չափը կարող է ավելանալ, միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կարող է լինել 2 միլիոն դրամ: Շահառուի` մինչև 30 տարեկան լինելու պարագայում դրամական աջակցության չափը կարող է ավելանալ, այս պարագայում առավելագույն չափը կարող է լինել 2,6 միլիոն դրամը: Մյուս ենթածրագրով աջակցություն է տրվում ձեռք բերվող բնակարանի կանխավճարի ապահովագրության համար` ապահովագրության տարեկան վարձավճարը կատարելու համար: Այս դեպքում շահառուն առնվազն մեկ անչափահաս զավակ պետք է ունենա: Դրամական աջակցության չափը սահմանվում է համապատասխան պայմանագրով սահմանված տարեկան ապահովագրական վճարի 90 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տարեկան 180 հազար դրամը: Այս ենթածրագրով այս տարի աջակցություն կարող է տրամադրվել 540 շահառուի: Երրորդ ենթածրագրով էլ աջակցություն է տրամադրվում երեխայի ծննդով պայմանավորված հիպոթեքային վարկ մարող ընտանիքին, գումարն ուղղվում է հիպոթեքային վարկի մայր գումարի մարմանը: Այս դեպքում ընտանիքի երկրորդ երեխան պետք է ծնված լինի 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, և երեխայի ծննդյանը նախորդող առնվազն մեկ տարվա ընթացքում շահառուն չպիտի ժամկետանց հիպոթեքային վարկ ունենա: Այս դեպքում աջակցություն կարող է ստանալ 300 շահառու: Բոլոր ենթածրագրերի դեպքում շահառուն կարող է օգտվել միայն մեկ անգամ, հիպոթեքային վարկի գործողության ընթացքում բնակարանի օտարման դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման: Բոլոր դեպքերում  բնակարանի առավելագույն արժեքը 30 միլիիոն դրամն է, որը շահառուի երրորդ և հաջորդ երեխայի հաշվով ավելացվում է 5-ական միլիոն դրամով: Ովքեր կարող են դառնալ ծրագրի շահառուներ Վերջին տարիներին պետական աջակցության բնակարանաշինության ծրագրերի հիմնական շահառուներն են եղել երիտասարդ ընտանիքները, երիտասարդ մասնագետները, ԵՊՀ շրջանավարտները, այս ծրագրերի շրջանակում հիմնականում շեշտադրում է արվել բնակարանաշինությանը Երևանում, ինչը, սակայն  հասանելի չի եղել մարզային բնակիչներին: Քանի որ բացառությամբ Վանաձորի ու Գյումրիի, այլ համայնքներում գրեթե չկան նորակառույց շենքեր: Այս ծրագրի դեպքում էական չէ՝ շահառուն որ համայնքի բնակիչ է, ձեռք բերվող բնակարանը (անհատական բնակելի տունը) առաջնային շուկայից է, թե երկրորդային, ամուսինները պետական, թե մասնավոր հատվածի աշխատակից են, որքան է նրանց տարիքային հանրագումարը: Այս ծրագրի դեպքում ծրագրի շահառու կարող են դառնալ բացառապես ընտանիքում մանկահասակ երեխա(ներ) ունեցող ընտանիքները, որոնց վարկունակությունը կհամապատասխանի հիպոթեքային վարկ ձեռբերելու համար: Շարունակությունը՝ hetq.am-ում
17:49 - 20 օգոստոսի, 2020
Ամուլսար․ կառավարությունը չկատարեց իր խոստումները․ ՀԲՃ

Ամուլսար․ կառավարությունը չկատարեց իր խոստումները․ ՀԲՃ

«Հայկական բնապահպանական ճակատը» հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2018թ-ի դեկտեմբերին վարչապետը ջերմուկցիներին ասում էր, որ միջազգային փորձաքննության արդյունքների հիման վրա կորոշվի Ամուլսարի հետագա ճակատագիրը։ Այդ արդյունքները Քննչական կոմիտեն հրապարակեց 2019թ-ի ամռանը՝ փորձելով դրանք ներկայացնել Լիդիանի համար դրական շեշտադրումներով։ Սակայն այդ ուսումնասիրությունը կարդացած մարդիկ թույլ չտվեցին հանրությանը մոլորեցնել։ Իսկ արդեն 2019թ-ի օգոստոսի 29-ին կազմակերպված տեսակոնֆերանսի ընթացքում ԷԼԱՐԴ-ի փորձագետները մեկ անգամ ևս հաստատեցին, որ Ամուլսարի հարցում անհրաժեշտ է իրականացնել նոր բնապահպանական գնահատում, քանի որ եղած փաստաթղթերով հնարավոր չէ գնահատել իրական վտանգները։ Նրանք զարմացած էին, որ այդպիսի հարց է առաջացել ՀՀ կառավարությունում, քանի որ զեկույցում այդ ամենի մասին հստակ գրված է եղել։ Նրանք նաև շատ զարմացած էին, որ տեսակոնֆերանսին մասնակցում են Լիդիան ընկերության ներկայացուցիչները։ Սակայն այս ամենից հետո ՀՀ կառավարությունը չկատարեց իր խոստումն ու խնդրի արդարացի լուծման բեռն ու պատասխանատվությունը թողեց ջերմուկցիների ու գիտակից քաղաքացիների ուսերին՝ չնայած նրան, որ կար շատ պարզ լուծում․ միջազգային ուսումնասիրության արդյունքների հիման վրա ուժը կորցրած ճանաչել 2016թ-ին նախորդ կոռուպցիոն կառավարության տված փորձաքննական դրական եզրակացությունը։ Խնդրի լուծման անհարկի ձգձգումն ևս մի տարի՝ 2020թ-ի հուլիս-օգոստոս ամիսներին բերեց իրավիճակի լուրջ սրման և բախումների Ամուլսարի մատույցներում և Երևանում։ Մանրամասները՝ տեսանյութում »
13:42 - 20 օգոստոսի, 2020
Ինչքան ուժեղացնենք քաղաքացու անհատական պատասխանատվության ինստիտուտը, այնքան կունենանք ուժեղ պետություն․ ՀՀ վարչապետ |tert.am|

Ինչքան ուժեղացնենք քաղաքացու անհատական պատասխանատվության ինստիտուտը, այնքան կունենանք ուժեղ պետություն․ ՀՀ վարչապետ |tert.am|

tert.am: Ես այդքան էլ լավատես չեմ մարզպետարանի կամ որևէ պետական մարմնի վերահսկողական մեխանիզմի արդյունավետության վերաբերյալ, փոխարենը մտածում եմ, որ շատ արդյունավետ կարող է լինել, եթե քաղաքացիներն իրենք վերահսկեն գործընթացը, իրենք գնահատեն, օրինակ, իրենց քաղաքապետի աշխատանքը: Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եթե քաղաքացին վերահսկողությունն իր պարտականությունը չի համարում, կարելի է լարվել՝ 1 տարի, 2-3 տարի, վերահսկողություն սահմանել առավել խիստ, բայց եթե քաղաքացի-իշխանություն հարաբերությունների խորքային, բովանդակային փոփոխություն տեղի չի ունենում, ժամանակավոր մի բան կլինի, հետո ամեն ինչ «դարձ ի շրջանս յուր» տեղի կունենա»,-նշեց նա: «Այսօր գլուխ ենք գովում՝ սուբվենցիա արեցինք, սա արեցինք, նա արեցինք, գլուխ ենք գովում, որ հիմա մի մարզում այնքան ճանապարհ են նորոգում, ինչքան նախկինում ամբողջ հանրապետությունում 1 տարում, բայց իրականում դեռ այնքան պետք է կառուցենք:Համայնքներում էլ ավերակ վիճակը կապված է մի պարզ բանի հետ՝ ընտրություն կատարելու որակի ու չափանիշների հետ: Ամեն մարդ այսօրվա իր բակի, փողոցի վիճակի հետ կապը պետք է տեսնի նախորդ ընտրություններում, դրա նախորդ ընտրություններում իր քվեարկության հետ, որովհետև դա եղել է իր քաղաքական ներդրումը»,-ասաց նա՝ հավելելով, թե իր ընկալած քաղաքական փիլիսոփայությունն այն է, որ քաղաքացու գործողությունը անմիջական ազդեցություն է ունենում իրականության մեջ. «Մենք ինչքան ուժեղացնենք քաղաքացու անհատական պատասխանատվության ինստիտուտը, այնքան կունենանք ուժեղ պետություն՝ բոլոր առումներով՝ սկսած անվտանգությունից, վերջացրած տնտեսությունից, առողջապահությունից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Առավել մանրամասն՝ tert.am-ում
13:23 - 20 օգոստոսի, 2020
Կառավարությունն առաջարկում է սոցիալական գովազդն ազատել հարկումից |armenpress.am|

Կառավարությունն առաջարկում է սոցիալական գովազդն ազատել հարկումից |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հարկային օրենսգրքում և հարակից մի շարք օրենքներում, ինչի արդյունքում սոցիալական գովազդը կազատվի հարկումից: Գործադիրի օգոստոսի 20-ի նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Այս նախագծով առաջարկվում է սոցիալական գովազդն ազատել հարկումից և վերահսկողության իրականացումը վերապահել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին: Այստեղ ներկայացված երեք օրենքներում փոփոխությունները միտված են համայնքի ֆինանսական միջոցները մեծացնելուն և լիազորությունների ապակենտրոնացում ապահովելուն»,- ասաց Պապիկյանը: Նախարարը նշեց, որ նախագիծը շատ կարևոր նշանակություն ունի և այն տարածքային համաչափ զարգացման շրջանակում էական առաջխաղացում է, բխում է ՀՀ համաչափ զարգացման իշխանության գաղափարից և լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված քայլերից մեկն է:
13:01 - 20 օգոստոսի, 2020
Խոստումները պետք է կատարել․ ՌԴ մեկնել ցանկացողների ակցիայի մասնակիցը՝ կառավարության անտարբերության մասին |tert.am|

Խոստումները պետք է կատարել․ ՌԴ մեկնել ցանկացողների ակցիայի մասնակիցը՝ կառավարության անտարբերության մասին |tert.am|

tert.am: Մեզ այսքան խոստումներ տվեցին, որ կզանգեն, կօգնեն, բայց մինչև հիմա ոչինչ չի եղել, դրա համար էլի հավաքվել ենք, որ պարոն Փաշինյանի հետ հանդիպենք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության դիմաց հավաքված ակցիայի մասնակից-կազմակերպիչներից Դավիթ Հարությունյանը:Նշենք, որ նրանք բողոքում են փակ սահմանների դեմ և ցանկանում են ՌԴ մեկնել: Նրանցից մի քանիսը անցած շաբաթ հրավիրվել էին Կառավարության անդամների հետ քննարկման, սակայն մինչև այսօր չեն ստացել իրենց խնդրի լուծումը:«Մենք ուզում ենք, որ մեզ մարդու տեղ դնեն: Այսօր եկել ենք մի մարդու նկարով, որը մահացել է այն ժամանակ, երբ իրենց վրացական կողմը թույլ չի տվել անցնել սահմանը: Մենք այսօր հարցի լուծում ենք ուզում և այս մարդու կյանքը պետք է բոլորին դաս լինի, եթե չեն ուզում, որ էլի նման բան լինի, պետք է քայլեր սկսեն»,- ասաց նա:Ակցիայի մասնակիցը նշեց՝ այսօր վերջին անգամ է գալիս իր պահանջով, որովհետև հիասթափվել է կառավարությունից և նույն կերպ յուրաքանչյուր գնացող քաղաքացի, այլևս չի վերադառնա հայրենիք: Ավելին՝ tert.am-ում
12:43 - 20 օգոստոսի, 2020
Կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց Դդմաշենի կամրջի վերանորոգման համար |armenpress.am|

Կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց Դդմաշենի կամրջի վերանորոգման համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը պետական բյուջեում վերաբաշխում կատարելու որոշում ընդունեց՝ Դդմաշեն համայնքի կամուրջը վերանորոգելու համար: Որոշման նախագիծը գործադիրի օգոստոսի 20-ի նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ մարզային նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող կամրջի մասնակի փլուզման հետևանքով նշված կամրջով երթևեկությունը դարձել է վտանգավոր: Հաշվի առնելով, որ չփլուզված մասը նույնպես գտնվում է վթարային վիճակում, այն վերանորոգելու անհրաժեշտություն է առաջացել: Տվյալ կամուրջը Դդմաշեն համայնքի համար ունի կենսական նշանակություն»,- ասաց Պապիկյանը: Նախարարը նշեց, որ կամրջի վերանորոգման համար նախատեսվում է հատկացնել 12,5 մլն դրամ, որը գոյացել է Գեղարքունիքի մարզպետարանի խնայողությունների արդյունքում:
12:29 - 20 օգոստոսի, 2020