ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Արդիականացման պահանջ |acnis.am|

Արդիականացման պահանջ |acnis.am|

acnis.am: Երկրների կյանքում միշտ գալիս է մի ժամանակաշրջան, երբ անհրաժեշտություն է առաջանում իրականացնել պետության եւ հասարակության «վերբեռնում»` եթե համացանցային եզրութաբանություն օգտագործենք։ Հաջողելու դեպքում «վերբեռնման» կամ մոդեռնացման (արդիականացման, նորացման) հեղինակների անունները «ոսկե» տառերով են գրվում պատմության էջերում։ Օրինակ` Ռուսաստանի արդիականացման հեղինակը համարվում է Պետրոս Առաջինը, չնայած իրականում ոչ պակաս, եթե ոչ ավելին, այդ երկրի համար արել է Եկատերինա Երկրորդը: Ֆրանսիայի` որպես առաջավոր երկրի, կայացման գործում մեծ ներդրում է ունեցել Կարդինալ Ռեշիլյեն։ XIX դարում Ճապոնիայում սկսվեց Մեյձիի ժամանակաշրջանը` դա երկրի մոդեռնացման ժամանակաշրջանն է։ Աշխարհից կտրված փակ, ավանդական երկիրը կարողացել էր կարճ ժամանակում «շտկել մեջքը» եւ շատ արագ արդիականանալ։ «Չինական հրաշք»-ի գլխավոր ճարտարապետն ու այսօրվա Չինաստանի հիմքը դնողը Դեն Սյաոպինն էր։ Այս ցուցակը կարելի է երկար շարունակել ու բերել Սինգապուրի, Հարավային Կորեայի, Միացյալ արաբական էմիրությունների եւ այլ երկրների օրինակները։ Ի՞նչն է հատկապես հետաքրքիրը. բոլոր վերը թվարկվածներն առաջադիմական մարդիկ էին եւ հեղափոխություն անում էին նախեւառաջ մարդկանց ուղեղներում, կրթական ոլորտում, տնտեսական հարաբերություններում ու պետական կառավարման համակարգում: Եվ դա անում էին գիտակցված, նախօրոք մտածված պլանի համաձայն, սակայն չէին ջարդում պետական համակարգերն ու մարդկանց «հների» ու «նորերի» չէին բաժանում։ «Նորերը» նրանք էին, ովքեր ընդունում էին հրապարակավ հայտարարված նոր արժեքները։ Հայաստանում 2018-ին իշխանության եկած նոր կառավարությունը շատ է խոսում հեղափոխությունների մասին` տնտեսական, մշակութային, իրավական եւ այլ բնորոշիչներով, սակայն երկրի մոդեռնացման հստակ հաշվարկված ծրագիր դեռեւս չենք տեսնում։ Եղածն էլ ավելի շուտ «PR» արշավներ են հիշեցնում, քան գիտակցված քաղաքական նախագծեր։ 2018-ի իշխանափոխությունը, որին մասնակցում էին հարյուր հազարավոր մարդիկ, չէր կարող իրականանալ, եթե չլիներ ամրապնդված հանրային համոզմունք, որ կյանքն այսպես շարունակել այլեւս անհնար է, դրանից ոչինչ չի ստացվի, հետեւաբար պահանջվում են փոփոխություններ:   Շարունակությունը՝ acnis.am-ում։
19:13 - 12 սեպտեմբերի, 2020
Կառավարությունը խթանում է ինտենսիվ այգիների հիմնումը․ ինչ ազդեցություն կունենա նոր ծրագիրը |armtimes.com|

Կառավարությունը խթանում է ինտենսիվ այգիների հիմնումը․ ինչ ազդեցություն կունենա նոր ծրագիրը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարությունը ցանկանում է խթանել ինտենսիվ այգեգործությունը՝ դրանց հիմնման համար օժանդակություն տրամադրելով։ Այդ պատճառով էկոնոմիկայի նախարարությունը քննարկման է ներկայացրել ՀՀ-ում այգեգործության զարգացման 2020-2023 թթ. ծրագիրը։ Նախագծի նպատակն է պետական աջակցության մեխանիզմների, մասնավորապես՝ մատչելի վարկավորման եւ ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով ինտենսիվ այգեգործության, ինչպես նաեւ ոռոգման արդիական համակարգերի եւ կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար նպաստավոր պայմաններ ստեղծելը։ Խոսքը հիմնականում վերաբերում է խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտղանոցների հիմնմանը։ Ծրագրով նախարարությունը շահառուին օժանդակելու 3 տարբերակ է առաջարկում, որոնցից մեկը կարող է նա ընտրել՝ 0.5-30 հա այգեհիմնման (ներառյալ առաջին տարվա խնամքի ծախսերը) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում, 0.5-30 հա ոռոգման արդիական համակարգերի եւ/կամ 0.5-10 հա կարկտապաշտպան ցանցերի ներդրման նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում, 0.5-10 հա այգեհիմնման, 0.5-10 հա կարկտապաշտպան ցանցերի եւ 0.5-10 հա ոռոգման արդիական համակարգերի ներդրման նպատակով կատարված ծախսերի (այգեհիմնման դեպքում՝ առանց առաջին տարվա խնամքի ծախսերի) մասնակի փոխհատուցում: Ծրագրի շրջանակում շահառուի կողմից կատարված ծախսերի ռիսկը կրում է շահառուն։ Նախարարությունը ծրագրի իրականացումից ակնկալում է հետեւյալ արդյունքները. ցածր բերքատու ավանդական այգիների փոխարեն բարձր բերքատու այգիների հիմնում, այգեգործության ոլորտի ներդրումային գրավչության բարձրացում, մրցունակ, տարբեր սեզոնային արտադրության, երկարաժամկետ պահպանվող, որակական եւ համային բարձր հատկանիշներով օժտված պտղի եւ հատապտղի արտադրություն, ծրագրի մասնակից տնտեսավարողների եկամուտների ավելացում, վճարունակության բարձրացում, ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում, կարկտապաշտպան ցանցերի ներդրման արդյունքում կարկտահարության ռիսկի նվազեցում, այգեգործական արտադրանքի ինքնարժեքի իջեցում՝ արտադրության արդյունավետության բարձրացման հաշվին, ոռոգման արդիական համակարգերով, կարկտապաշտպան ցանցերով, ժամանակակից ու մրցունակ տնկանյութերի տեսակներով հագեցած այգիների տարածքների ավելացում տարեկան 100 հա, կարկտապաշտպան ցանցերով պաշտպանված հողատարածքների ավելացում՝  տարեկան 10 հա, ժամանակակից ոռոգման համակարգեր ունեցող հողատարածությունների ավելացում՝ տարեկան 100 հա: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գեւորգյանը՝ ծրագրի մասին դրական կարծիք ունի. «Շատ լավ ծրագիր է, դեռ վաղուց նախապատրաստվում էր, որ սա պետք է լինի։ Հայաստանն ունի փոքր հողային ռեսուրսներ, ու այս առումով ինտենսիվ այգիները եւ ջերմոցային տնտեսությունները միակ տարբերակն են արդյունավետ գյուղատնտեսության համար»։ Պատգամավորը հիշեցրեց, որ ջերմոցային տնտեսությունների համար արդեն իսկ կան աջակցության ծրագրեր եւ հիմա ինտենսիվ այգիների համար է ծրագիր ներկայացվում։ «Սա գյուղատնտեսական նոր տեխնոլոգիա է, նոր հարթություն է։ Հայաստանում կան ինտենսիվ այգիներ, բայց շատ տարածված չեն, քանի որ հիմնումը պահանջում է որոշակի ֆինանսական բեռ։ Սկզբում դու շատ ես գումար ծախսում, բայց հետո շատ էլ վաստակում ես»,- ասաց նա։ Հարցին որքանո՞վ է առաջարկվող օժանդակության ծրագիրը շահավետ եւ խթանիչ, որպեսզի մարդիկ մտածեն ինտենսիվ այգիներ հիմնելու մասին, Գեւորգյանը պատասխանեց. «Տոկոսային սուբսիդավորումն ըստ էության նշանակում է, որ անտոկոս վարկ են վերցնում։ Այսինքն մարդը գնում պարտքով գումար է վերցնում եւ առանց տոկոսի վերադարձնում։ Սա լուրջ խթան է եւ կարծում եմ լիովին բավարար, որպեսզի ապագա այգեգործները շահագրգռվեն դրանով»։ Անդրադառնալով հարցին՝ թե արդյո՞ք ինտենսիվ այգիներ հիմնելու ծրագիրը կարելի է հեղափոխական քայլ համարել գյուղատնտեսության ոլորտում՝ հաշվի առնելով, որ սրանով կնվազեն ավանդական այգիները, նա պատասխանեց. «Ավանդական այգիներն իրենք իրենցով արդյունավետ չեն։ Դրանք շատ աշխատատար են, ստացվող բերքը քիչ է, ավելի շատ են կախված բնակլիմայական պայմաններից, արտադրանքի որակը բավականին ցածր է, ինքնարժեքը բարձր է եւ մրցունակ չեն։ Մարդկությունը եկել է նրան, որ ավանդական այգիները չեն ապահովում այն որակն ու արժեքը, ինչի կարիքը կա»։ Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանը շեշտը պետք է դնի ոչ թե ցորենի վրա, որն աճում է շատ երկրներում, այլ այն պտուղների, որը մեր բնակլիմայական եւ աշխարհագրական պայմանների առումով ավելի շահավետ է։  Գեւորգյանը նաեւ ասաց, որ ինտենսիվ այգիները շատ արագ են բերք տալիս: Հարցին՝ ավանդական այգուց ստացվող մի՞րգն ավելի լավ համ ունի, թե ինտենսիվ այգունը, նա պատասխանեց. «Շատ հետաքրքիր հարց է եւ հիմա գյուղացիների շրջանում շատ է շոշափվում։ Ինտենսիվ խնձորենու վրա դուք կարող եք պատվաստել ե՛ւ հայկական սորտեր, ե՛ւ այլ սորտեր ու արդյունքը նույնը կստանաք։ Ինտենսիվ այգու ծառերը կարճ են, ավելի հեշտ է մշակել, իսկ մեծ ծառերի դեպքում պտուղի մի մասը կորչում է։ Ինտենսիվ այգու 1 հա-ից հնարավոր է հավաքել 35-40 հեկտար խնձորի բերք, իսկ ավանդականը մոտ 2 անգամ պակաս»։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
10:57 - 12 սեպտեմբերի, 2020
Կառավարությունը հրաժարվում է տրամադրել Ամուլսարի վերաբերյալ նյութերը. ՀԲՃ

Կառավարությունը հրաժարվում է տրամադրել Ամուլսարի վերաբերյալ նյութերը. ՀԲՃ

«Հայկական բնապահպանական ճակատը» հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՀ քննչական կոմիտեն հրաժարվում է շահագրգիռ հանրությանը տրամադրել 2018թ-ի ամռանն Ամուլսարի խնդրով հարուցված քրեական գործի շրջանակներում պատվիրված միջազգային փորձաքննության մասնագիտական նյութերը։ Այս առումով շատ կարևոր է իմանալ, որ դեռևս 2019թ-ի մայիսից այդ նյութերը ոչ միայն հասանելի են եղել հանքահանությամբ զբաղվելու ցանկություն ունեցող ընկերությանը, այլև Քննչական կոմիտեն ընկերությանը հնարավորություն է տվել այդ նյութերի վերաբերյալ ներկայացնելու կարծիքներ, առարկություններ, մասնակցելու մի շարք քննարկումների։ Արդեն մեկ տարուց ավելի է, որ նույնիսկ պաշտոնական հարցումների միջոցով մենք չենք կարողանում ստանալ վերոնշյալ նյութերը։ Անցած տարի մեր հարցումներն ուղղակի մնացին անպատասխան: Այս տարի՝ 2020թ-ի հուլիսի 24-ի մեր հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրեցին, որ այդ փաստաթղթերը միջանկյալ նյութեր են եղել և դրանք հրապարակելու կարիք իրենք չեն տեսնում։ Մեր հարցման բովանդակությունը հետևյալն էր․ «Ամուլսարի խնդրով ՀՀ քննչական կոմիտեի պատվիրած ուսումնասիրությունների վերջնական փաստաթղթից բացի, լիբանանյան «ԷԼԱՐԴ» և ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերությունների կողմից կազմվել են նաև նախնական զեկույցներ։ Հաշվի առնելով հարցի հանրային նշանակությունը և այս ողջ գործընթացի թափանցիկության անհրաժեշտությունը՝ Քննչական կոմիտեն առնվազն պետք է հրապարակի նաև հետևյալ բոլոր փաստաթղթերը․ 2019թ-ի մայիսի 31-ին ներկայացրած Անկախ գնահատման մասնակի նախնական զեկույցը։ 2019թ-ի հունիսի 14-ին ներկայացրած Անկախ գնահատման նախնական զեկույցը։ 2019թ-ի հունիսի 14-ին ներկայացրած Անկախ գնահատման նախնական զեկույցի վերաբերյալ Լիդիանի ներկայացրած մեկնաբանությունները, որոնք ստացել են հունիսի 28-ին և հուլիսի 4-ին։ 2019թ-ի հուլիսի 3-ին ստացված Լիդիանի պատասխանները «ԷԼԱՐԴ» և «ԹիԱրՍի» թիմի 2019թ-ի հունիսի 28-ին առաջադրված հարցերին՝ երկրաքիմիական տվյալների և մեղմման միջոցառումների վերաբերյալ։ Խնդրում ենք մեզ տրամադրել կամ հրապարակել վերոնշյալ բոլոր փաստաթղթերը»։ Նույն ճակատագրին արժանացավ նաև 2020թ-ի հուլիսի 24-ի Վարչապետի աշխատակազմին ուղղված մեր հետևյալ հարցումը, որին առ այսօր պատասխան չենք ստացել․ «2020թ-ի մարտի 12-ին Ջերմուկ քաղաքում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Քննչական կոմիտեն, ELARD-ի և Լիդիանի բանավեճի արդյունքում, կազմել է 154 հարցանոց հարցաշար, որն առաջիկայում կուղարկվի նաև շահագրգիռ հասարակական կազմակերպություններին, նաև Գիտությունների ազգային ակադեմիային, որպեսզի այդ հարցաշարը ճշտվի, որի շուրջ արդեն տեղի կունենա ELARD-ի և Լիդիանի ներկայացուցիչների ամփոփիչ հարցաքննություն, որի արդյունքում այդ բոլոր բանավեճերը կլուծվեն։ Վարչապետի ելույթը տեսեք այստեղ։ Այս առումով խնդրում ենք մեզ և շահագրգիռ հասարակական կազմակերպություններին ուղարկել այդ 154 հարցանոց հարցաշարը»։ Մեր կողմից անհասկանալի և անընդունելի է այս երկակի մոտեցումն, ու ընդհանրապես, Ամուլսարում հաքահանությամբ զբաղվելու նպատակ ունեցող ընկերության հետ անկախ միջազգային փորձագիտական խմբի հետազոտությունների կամ ինչ-որ հարցաշարերի քննարկումը։ Դա նույնն է, ինչ որոշակի հանցանքի մեջ կասկածվողի հետ քննարկես անկախ փորձաքննության արդյունքները, լսես նրա առարկություններն ու հարցնես նրա կարծիքը դրանց մասին։ Բացի այդ, եթե այդ նյութերը հասանելի են եղել մի շահագրգիռ կողմին՝ ուրեմն պետք է հասանելի լինեն նաև մյուսներին։ Հակառակ դեպքում լուրջ և հիմնավոր կասկածներ են առաջ գալիս այս ողջ գործընթացի անաչառության վերաբերյալ։ Մեկ անգամ ևս կոչ ենք անում վերջ տալ ժողովրդից թաքուն արվող գործողություններին և հրապարակել վերոնշյալ բոլոր փաստաթղթերը։ Մենք նաև տեղեկություններ ենք ստացել այն մասին, որ հիմա՛ էլ են հանրությունից թաքուն արվում գործողություններ, որոնցում կրկին մասնակցելու հնարավորություն է տրվել հանքահեններին»։
10:50 - 12 սեպտեմբերի, 2020
Որոշակի միտում կա՝ կապված ճգնաժամի հետ, որ ներհոսք է նկատվում դեպի հայրենիք |lragir.am|

Որոշակի միտում կա՝ կապված ճգնաժամի հետ, որ ներհոսք է նկատվում դեպի հայրենիք |lragir.am|

lragir.am: Հարցազրույց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ․ Պարոն Գանտահարյան, երեկ Բեյրութում պայթյուն տեղի ունեցավ։ Ի՞նչ է կատարվում այս պահին։ Կա արդյոք դիտավորություն։ Դիտավորության մասին պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ բան չկա հիշատակած։ Նախ ճշտենք, որ սա պայթյուն չի, այլ հրդեհ է: Անիվներ են հրկիզվել և նաև գյուղի որոշ պահեստներ: Մեծ հրդեհ է եղել: Դեռ պաշտոնական որևէ տեղեկություն չկա, թե ինչից է այն առաջացել, բայց մանավանդ հրդեհի վայրը խուճապի մթնոլորտ ստեղծեց քաղաքում, որովհետև մարդկանց մոտ տխուր հուշերը վերականգնվեցին: Արդեն իսկ հայտարարվեց, որ հրդեհին անմիջապես մոտ գտնվող շրջակայքից մարդիկ հեռանան, որ չվնասվեն: Դա էր պատճառը, ոչ թե պայթյունավտանգ լինելը: Բանակը ներգրավվեց հրդեհը մարելու աշխատանքներին: Հիմա փոքր ծավալով հրդեհը շարունակվում է, բայց արդեն կարելի է ասել, որ մեկուսացվել է, չի տարածվում: Բայց քանի որ հրդեհի վայրը նավահանգստում էր, մարդկանց մոտ տպավորություն էր, որ սա ևս կարող է պայթյունավտանգ նյութ լինել, հզոր պայթյուն կարող էր վերստին որոտալ և այլն, բայց նման բան չկա: Ըստ վիճակագրության՝ լիբանանահայերի 49 տոկոսը ցանկություն է հայտնել տեղափոխվել Հայաստան: Այս թվերի հետ կապված ի՞նչ կարող եք ասել, և արդյոք Հայաստանի իշխանությունների ձեռնարկած միջոցառումներն այս ուղղությամբ բավարար են: Հստակ վիճակագրական թվեր, հարցախույզներ, հարցաթերթիկներ չկան, բայց պարզ է, որ մարդիկ ուզում են դուրս գալ, հատկապես պայթյունից հետո, որը եկավ գումարվելու տնտեսական ճգնաժամին: Իրականությունը հետևյալն է, որ վերականգնողական աշխատանքները շարունակվում են, մարդկանց բնակարանները, խանութները, վաճառատները վերանորոգվում են, նաև համայնքային կենտրոնները՝ եկեղեցիներ, կուսակցական, մշակութային կենտրոններ և այլն: Ուզում եմ ասել, որ մի կողմից վերականգնողական աշխատանքներն են ընթանում, և համայնքն անպայման կվերականգնվի, բայց յուրաքանչյուր ճգնաժամից հետո բնական է, որ արտահոսքի միտումներ կարող են լինել: Պաշտոնապես և կուսակցությունները, և եկեղեցին հայտարարել են, որ նա, ով դեռ ուզում է թողնել երկիրը, նախընտրելի կլինի, որ գնա հայրենիք: Կա հայրենիք գնալու որոշակի միտում, որովհետև այս բոլոր ճգնաժամերից առաջ էլ արդեն կտրուկ ավելացել էին ՀՀ քաղաքացիության համար դիմողները, շատ լիբանանահայեր բնակարաններ էին գնել Հայաստանի տարբեր տարածքներում: Ուզում եմ ասել, որ որոշակի ենթահող կար, և նման ճգնաժամի դեպքում, երբ մարդը տեսնում է, որ կա տնտեսական ճգնաժամ, իսկ ինքն ունի ՀՀ քաղաքացիություն կամ Հայաստանում ունի բնակարան կամ բարեկամներ, պարզ է, որ պետք է գնա իր մոտ: Այդ գնացողների մի մասը հետ են գալիս, մի մասը մնում են: Այնուամենայնիվ, որոշակի միտումը տեսանելի է: Հայաստանում, կարծում եմ, օժանդակության փաթեթը հատուկ լիբանանահայերի համար օրինաչափ է՝ անվճար բժշկություն, անվճար կրթություն, և նաև իմացա, որ բնակարանների վարձակալման առումով, ովքեր որևէ եկամուտ չունեն, որոնց տները փլուզվել, քանդվել են, նրանց նաև որոշակի սուբսիդավորում են տալիս: Կարծում եմ՝ առաջին հանգրվանի համար սա օրինաչափ է: Բայց սա ճգնաժամի հետևանքով գրանցվող հայրենադարձություն է, հետևաբար սա մեծ հայրենադարձության օրակարգի մի մասն է միայն: Ես հասկանում եմ, որ մեծ հայրենադարձության համար պայմանները նաև չեն նպաստում, քանի որ հայրենադարձության դրդող առաջին գործոնը պետք է լինի աշխատանքը: Շարունակությունը՝ lragir.am-ում
09:59 - 12 սեպտեմբերի, 2020
ՔՏՀԱՏՄ-ն վերահսկել է հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման գործընթացը

ՔՏՀԱՏՄ-ն վերահսկել է հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման գործընթացը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները և ՀՀ Ոստիկանության աշխատակիցները համատեղ վերահսկողական գործառույթներ են իրականացրել Երևանի Էրեբունի, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում, ՀՀ Արմավիրի մարզում՝ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը. «Մասնավորապես՝ վերահսկողություն են կատարել Արցախի փողոցի, Բաղրամյան պողոտայի ողջ երկայնքով, Հանրապետության հրապարակի և հարակից կանգառներում, ինչպես նաև ՃՈ Նորագավիթի հենակետում՝ մայրաքաղաք մուտք գործող և դուրս եկող  մի քանի տասնյակ տրանսպորտային միջոցների անվտանգ գործունեության նկատմամբ։ Արդյունքում տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում կրկին խախտումներ չեն հայտնաբերվել։      Իրականացված դիտարկումների ընթացքում, ինչպես նախորդ օրը, այնպես էլ այսօր, մայրաքաղաքի տվյալ վարչական շրջաններում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում արձանագրվել են նորից գերբեռնված երթ իրականացնող տրանսպորտային միջոցներ։ ՀՀ Արմավիրի  մարզում   դիտարկվել են շուրջ  չորս տասնյակ տրանսպորտային միջոցներ, որի արդյունքում տաքսի ավտոմոբիլներում  խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ  կանոնավոր երթուղիներում հայտնաբերվել են իրավախախտման  երկու դեպք, որից մեկը եղել է ՀՀ պարտի կողմից տրված ցուցումների խախտում՝ մասնավորապես թիվ 203 Էջմիածին-Երևան միկրոավտոբուսում  եղել են  նստատեղերից ավել ուղևորներ, իսկ Արմավիր-Նորավան   ներմարզային  թիվ 001 երթուղին շահագործվել է առանց ճանապարհային թերթիկ։  Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։ Խիստ վերահսկողական աշխատանքներին զուգահեռ, Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են ամենօրյա իրազեկման աշխատանքներ, տրվել պարտադիր կատարման ցուցումներ։ ՔՏՀԱՏՄ-ի կողմից արտակարգ դրության պայմաններում վերահսկողական գործառույթներն ամենօրյա և շարունակական բնույթ են կրելու»,- ասված է հաղորդագրության մեջ։
18:15 - 11 սեպտեմբերի, 2020
Հայաստանում 4 ամսով սահմանվում է կարանտին

Հայաստանում 4 ամսով սահմանվում է կարանտին

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչև հունվարի 11-ը ներառյալ երկրում սահմանվելու է կարանտին: Կառավարության համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում: «Հաշվի առնելով այն, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2020 թվականի մարտին հայտարարել է կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համավարակ, և ամբողջ աշխարհում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, այն, որ Հայաստանի Հանրապետությունում ևս հիվանդությունը ստացել է լայնածավալ տարածում, և երկրում առաջացել է համաճարակ՝ հիմք հանդիսանալով արտակարգ իրավիճակի առաջացման, հաշվի առնելով նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախազգուշացումը համավարակի երկրորդ ալիքի վտանգի մասին, կարևորելով բնակչության առողջության պահպանման և առողջական վիճակի բարելավման նպատակով համապատասխան կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, հաշվի առնելով առողջապահության ոլորտի լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) համապատասխան առաջարկությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20.2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 20.3-րդ հոդվածի 4-րդ մասով, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «թ» և «ժ» կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․1․ Սահմանել կարանտին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:2․ Սահմանել կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները և սահմանափակումները` համաձայն հավելվածի:3․ Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցառումները և սահմանափակումները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով՝ այդ օրենքներով նախատեսված մարմինների կողմից:4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես»,- ասված է որոշման մեջ:
16:37 - 11 սեպտեմբերի, 2020
Եղեգնուտի նախկին համայնքապետն ուզում է վերադառնալ, գյուղացիները դեմ են, բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց. Ուղիղ |tert.am|

Եղեգնուտի նախկին համայնքապետն ուզում է վերադառնալ, գյուղացիները դեմ են, բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց. Ուղիղ |tert.am|

tert.am: Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց։ Ասում են՝ 27 տարի ղեկավարած նախկին համայնքապետն ուզում է վերադառնալ, սակայն իրենք դեմ են։ Ավագանու անդամ Անտոն Խուրշուդյանը  լրագրողների հետ զրույցում ասաց, որ համայնքի բնակիչները հավաքվել են Կառավարության դիմաց, քանի որ ցանկանում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել: Նա պատմեց, որ երկու տարի առաջ համայնքում ակցիա են իրականացրել, որի հետևանքով համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանն իր դիմումի համաձայն լքել է պաշտոնը, համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվելուց հետո նախկին համայնքապետը դիմել է Առաջին ատյանի դատարան, որպեսզի իր հրաժարականի դիմումը չեղարկվի և իր պաշտոնին վերադառնա: Առաջին ատյանը դիմումը մերժել էր, քանի որ մարզպետի որոշումն առկա էր, սրանից հետո դիմել է Վերաքննիչ դատարան, որը ավագանու ներկայացմամբ՝ դիմումը բավարարել է մասնակի, որից հետո դիմել է Վճռաբեկ դատարան: Հիմա նախկին համայնքապետը ստացել է ժամանակավոր պաշտոնակատարի կնիք: Ավագանին նշեց, որ նախկին համայնքապետն իր համար տարածք է վերցրել, ասում է, որ նա է գյուղապետը, թղթեր է ստորագրում, կնիքներ է տալիս ու ոչ ոք չգիտի, թե այդ լիազորությունները որտեղից են իրեն հասել: «Մենք հիմա պահանջում ենք, որ նախկինը հետ չգա, մեր պահանջը հին գյուղապետի չվերադառնալն է, բայց ստացվում է, որ մենք հիմա գյուղապետ չունենք, իսկ նախկին գյուղապետը չգիտենք՝ որտեղից պեչատը վերցրել է, եկել է ու ասում է, որ գյուղապետ է, ինքնահռչակ գյուղապետ է»,- ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
12:41 - 11 սեպտեմբերի, 2020
Սմբատ Գոգյանի ներկայացրած փաստերի հիման վրա կառավարությունում ծառայողական քննություն է անցկացվել |aysor.am|

Սմբատ Գոգյանի ներկայացրած փաստերի հիման վրա կառավարությունում ծառայողական քննություն է անցկացվել |aysor.am|

aysor.am: Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի ներկայացրած փաստերի հիման վրա կառավարությունում ծառայողական քննություն է կատարվել։ «Իմ ասած փաստերի հիման վրա ծառայողական քննություն է եղել։ Ինձ կանչեցին, հարցեր տվեցին։ Մոտակա օրերին որոշումը կլինի։ Քննությունը եղել է օգոստոսի վերջերին», - այս մասին ասաց Սմբատ Գոգյանը։ ԲՈԿ նախագահը, հիշեցնենք, աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել, հայտարարելով, թե կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ «Ես աշխատանքից ազատման դիմում եմ գրել՝ ներկայացնելով խնդիրները։ Դեռ այդ խնդիրների լուծումները չեմ տեսել։ Աշխատանքից ազատման հրամանի վերաբերյալ կտեղեկանանք կառավաության կայքից», - ասաց Սմբատ Գոգյանը։ Սմբատ Գոգյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել ամիսներ առաջ՝ մայիսի 14-ին։
17:46 - 10 սեպտեմբերի, 2020
Ես չեմ լսել, որ համավարակի ժամանակ որևէ պետություն հարկային բեռ է ավելացնում. աբսուրդ է այս պահին նման բան անելը. հագուստի և կոշիկի ներկրմամբ զբաղվող տնտեսվարող |tert.am|

Ես չեմ լսել, որ համավարակի ժամանակ որևէ պետություն հարկային բեռ է ավելացնում. աբսուրդ է այս պահին նման բան անելը. հագուստի և կոշիկի ներկրմամբ զբաղվող տնտեսվարող |tert.am|

tert.am: Ես չեմ լսել այնպիսի պետության մասին, որը համավարակի ժամանակ հարկային բեռ է ավելացնում: Աբսուրդ է այս պահին նման բան անելը: Այս մասին կառավարության դիմաց հագուստ ու կոշիկ ներկրող քաղաքացիների բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց մասնակիցներից մեկը: Նա նշեց, թե գրեթե երկու ամիս փակ են եղել առևտրի կենտրոնները, իսկ այս իրավիճակում պարզապես անկարող են մի քանի անգամ ավելի մաքսային վճարում կատարել: Անդրադառնալով տնտեսավարողների և ՊԵԿ փոխնախագահի՝ երեկ կայացած հանդիպմանը՝ ակցիայի մասնակիցները նշեցին, թե թեև մի քանի հարցի վերաբերյալ ընդհանուր հայտարարի են եկել, սակայն իրենց խնդրին ամբողջական լուծում չի տրվել, դրա համար պահանջում են մեկ տարի շարունակել աշխատել նախկին պայմաններով և ներկրվող ապրանքի 1 կգ-ի համար վճարել նախկին չափով: Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշեց՝ կորոնավիրուսի պայմաններում դժվարություններն ավելացել են, խանութներ են փակվում, աշխատանքը պահելու խնդիր կա: «Պանդեմիայից դուրս չենք եկել, վիճակը շատ ծանր է: Ժամանակ տվեք՝ շնչենք, հետո այդ հարցը քննարկեք: Թող մեկ տարի ժամանակ տան, մտնեն, ստուգեն առևտրի շուկաները, աշխուժությունը ստուգեն, հետո կանչեն փոքր ու միջին ձեռնարկատերերիս, քննարկենք, որոշեն ավելացման չափը»,-ասաց նա:
13:41 - 10 սեպտեմբերի, 2020
Սեպտեմբերի մեջ 1-2 տասնյակ ավիաընկերություն կվերսկսի կանոնավոր չվերթները դեպի ՀՀ․ Փաշինյան |armtimes.com|

Սեպտեմբերի մեջ 1-2 տասնյակ ավիաընկերություն կվերսկսի կանոնավոր չվերթները դեպի ՀՀ․ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտեր է հավաքում, որ հասկանանք, թե որ ավիրաընկերություններն են, որոնք պատրաստվում են դեպի Հայաստան կանոնավոր ավիաչվերթները վերականգնել։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչքան հասկանում եմ, սեպտեմբերի մեջ 1-2 տասնյակ ավիաընկերություն կվերսկսի կանոնավոր չվերթները դեպի ՀՀ, ընդ որում, մենք փոփոխություն ենք իրականացրել նաեւ կարանտինային ռեժիմների հետ կապված. արտերկրից ժամանած այն քաղաքացիները, որոնք չեն ուզում կարանտինում մնալ 14 օր, կարող են տեղում կորոնավիրուսի թեստ հանձնել, 1 օրվա ընթացքում պատասխանը կլինի, եւ եթե բացասական լինի այն, մարդը կարող է կարանտին չանցնել»,- ասաց վարչապետը։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ իր հերթին նշեց, որ ՀՀ-ն այս պահի կարգավորումներով օդային ճանապարհով մուտքի արգելք չի սահմանել որեւէ երկրի քաղաքացիների նկատմամբ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ ԵԱՏՄ-ում հարց են բարձրացրել, որ կանոնավոր ուղեւորափոխադրումների վերականգնման սցենար մշակեն։
12:20 - 10 սեպտեմբերի, 2020
Կառավարությունն արտոնություն տրամադրեց դիմակներ արտադրող ընկերությանը․ 35 նոր աշխատատեղ կստեղծվի |armtimes.com|

Կառավարությունն արտոնություն տրամադրեց դիմակներ արտադրող ընկերությանը․ 35 նոր աշխատատեղ կստեղծվի |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում արտոնություն տրամադրեց «ԲԱԱՄ ՎԵՆՏՉՐ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ին: Մասնավորապես, ՀՀ կառավարության սահմանած կարգով ընտրված «ԲԱԱՄ ՎԵՆՏՉՐ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2020 թվականի սեպտեմբերի 5-ից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվեց ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով: Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին եւ զբաղվում է բարձրորակ բժշկական դիմակների արտադրությամբ։ Մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է արտադրել 2-3 մլն հատ դիմակ։ Արտադրանքը իրացվելու է ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում այնպես էլ ՀՀ տարածքից դուրս։ Արդեն իսկ իրականացվել է 132 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 242 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար: Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալը տարեկան կկազմի 7․2 մլրդ դրամ, որից 2․4 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 2․4 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2․4 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 35 նոր աշխատատեղ` 120 հազար դրամ միջին աշխատավարձով: Ընկերությունը նախատեսում է այդ ընթացքում ներմուծել 242 մլն 530 հազար 712 դրամի ապրանքներ:
12:08 - 10 սեպտեմբերի, 2020
Կառավարությունը հաստատեց. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կունենա 40 հաստիք և 6 վարչություն |armenpress.am|

Կառավարությունը հաստատեց. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կունենա 40 հաստիք և 6 վարչություն |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հաստատեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը և հաստիքացուցակը: Ըստ հիմնավորման, հանձնաժողովը կունենա 40 հաստիք և 6 վարչություն: Հանձնաժողովը կունենա նախագահ, 4 անդամ, գլխավոր քարտուղար: Հանձնաժողովի վարչություններն են՝ Հայտարարագրերի վերլուծության վարչությունը, Վարույթների և իրավական ապահովման վարչությունը, Անհամատեղելիության պահանջների և  այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների, բարեվարքության և շահերի բախման վարչությունը, Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչությունը, Մեթոդական աջակցության վարչությունը, Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչությունը:
12:05 - 10 սեպտեմբերի, 2020
ԵԱՏՄ-ում պաշտոնապես բարձրացրել ենք հարցը, որպեսզի կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման սցենար հաստատենք. փոխվարչապետ |shantnews.am|

ԵԱՏՄ-ում պաշտոնապես բարձրացրել ենք հարցը, որպեսզի կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման սցենար հաստատենք. փոխվարչապետ |shantnews.am|

shantnews.am: ԵԱՏՄ-ում պաշտոնապես բարձրացրել ենք հարցը, որպեսզի կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման սցենար հաստատենք ու աշխատենք միասնական կանոնով: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում չկան օդային ու ցամաքային կանոնավոր ուղևորափոխադրումներ: Միակ բացառությունը Ռուսաստան-Բելառուս ցամաքային ուղին է, որն այլ պատճառներով ու այլ հանգամանքների բերումով է կանոնավոր բաց: Կարծում եմ, որ ԵԱՏՄ գործընկերները պատրաստ են այդ քննարկման, և վիճակի կլինենք միասնական կանոնը սահմանել այնպես, որ սիմետրիկ գործի ԵԱՏՄ բոլոր պետությունների համար: Եթե շատ մոտ ժամանակում հնարավոր չլինի բացել կանոնավոր ուղևորափոխադրումները, ապա փոխադրումների ստանդարտը միասնական սահմանում կունենա մոտ շրջանում»,-ասաց Գրիգորյանը:
12:01 - 10 սեպտեմբերի, 2020