Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Խորհրդարանն ընդունեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում առաջարկվող լրացումը |1lurer.am|

Խորհրդարանն ընդունեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում առաջարկվող լրացումը |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:  ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով հնարավորություն կտրվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը կատարողական ծախսեր չգանձել պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի, ծնողի, տատի, պապի, քրոջ կամ եղբոր վերաբերյալ հարուցված կատարողական վարույթները կարճվելու դեպքում:
14:05 - 18 նոյեմբերի, 2021
Օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցողների համար կսահմանվեն պահանջներ |armenpress.am|

Օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցողների համար կսահմանվեն պահանջներ |armenpress.am|

armenpress.am: Օդանավակայանի տարածքում տաքսիների գործունեության հարցը կկարգավորվի: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: Փոխնախարարը նախ նշեց, Հանրապետության օդանավակայանների տարածքում առանձին կարգավորում չունի տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը, ինչի պատճառով ոլորտում առաջացել են խնդիրներ: «Առաջարկվում է օդանավակայանի տաքսի կայանատեղից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել «Ա» տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան նախատեսվում է 200 հազար դրամ: Սահմանել օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին և տարիքային սահմանափակմանը ներկայացվող պահանջներ, սահմանել վարչական պատասխանատվության միջոցներ՝ ոլորտի իրավախախտումների համար»,-ասաց Սիմոնյանը: Այսպիսով սահմանվում է, որ օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիա տրվում է միայն այն կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչեւ 7 տարեկան, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ եւ տաքսու շախմատաձեւ տարբերանշան ունեցող ավտոմոբիլներ: Լիցենզիաների սահմանափակ քանակ չի սահմանվելու: ՔՊ-ից Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվեց, թե արդյոք այդ կարգավորումներն ավելի չեն թանկացնելու ծառայությունները, որոնք քաղաքացիները վճարում են օդանավակայանից փոխադրվելիս: Փոխնախարարն արձագանքեց. «Այդ օրենքի նախագիծը մշակվել է, որ բացառվի այն վիճակը, երբ զբոսաշրջիկը գալիս է ՀՀ և դեպի կենտրոն ուղևորվելիս հասկանում է, որ այդ ծառայությունն արժե շատ ավելի թանկ, քան եվրոպական ամենաթանկ երկրներում»: Նախագծով նախատեսված չէ արգելք սահմանել տաքսիով դեպի օդանավակայան փոխադրումների համար: Խոսքը հենց օդանավակայանի տարածքից փոխադրումների մասին է, այն փոխադրումների, որոնք, այսօր, ըստ փոխնախարարի, մեծամասամբ կարող են իրականացվել ապօրինի: «Խոսքն այդ մարդկանց օրինական դաշտ բերելու մասին է»,-ասաց Սիմոնյանը: Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ ստանալով 58 կողմ ձայն:
11:11 - 18 նոյեմբերի, 2021
Ազգային ժողովն իր մեծամասնությամբ ամբողջությամբ կտրված է այսօր Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրներից․ «Հայաստան» դաշինք

Ազգային ժողովն իր մեծամասնությամբ ամբողջությամբ կտրված է այսօր Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրներից․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել․ ««Հայաստան» դաշինքը իրավիճակի վերաբերյալ երեկ հանդես է եկել հստակ հայտարարությամբ: Այսօր դաշինքը նախաձեռնել է քաղաքական խորհրդակցություններ: Խմբակցության պատգամավորների մի խումբ գործուղվել է Սյունիք, մյուսը միջազգային գործընկերներին է ներակայացնում իրավիճակը: Ծայրահեղ անհանգստացնող է Հայաստանի ինքնիշխանության դեմ Ադրբեջանի հանցագործության նոր ալիքը, միջազգային պատշաճ արձագանքի բացակայությունը, այս ձախողված իշխանության դիմադրելու անկարողությունը: Արձանագրում ենք՝ Ազգային ժողովն իր մեծամասնությամբ ամբողջությամբ կտրված է այսօր Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրներից: Նրանց միակ օրակարգն ու նպատակը ցանկացած գնով, այդ թվում շարունակական զիջումներով իշխանության մնալն է: Մեր նպատակն է նրանց հեռանալը, ինքնիշխանության երաշխավորումը: Մեր որոշումն այս շաբաթվա նիստերին չմասնակցելու մասով, անփոփոխ է»:
17:53 - 17 նոյեմբերի, 2021
2020-ի պատերազմի ընթացքում զոհվածների ընդհանուր թիվը 3788 է, անհայտ է 243 անձի գտնվելու վայրը, գերության մեջ է 40 անձ․ Նարեկ Մկրտչյան |tert.am|

2020-ի պատերազմի ընթացքում զոհվածների ընդհանուր թիվը 3788 է, անհայտ է 243 անձի գտնվելու վայրը, գերության մեջ է 40 անձ․ Նարեկ Մկրտչյան |tert.am|

tert.am: Ըստ քննչական կոմիտեի տվյալների՝ զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը կազմում է 3788 անձ, այդ թվում՝ 3712 զինծառայող, 76 քաղաքացիական անձ, անհայտ է 222 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ «Ադրբեջանի կողմից գերության մեջ պահվող ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 40 անձ, այդ թվում 37 զինծառայող և 3 քաղաքացիական անձ։ Մինչ օրս Ադրբեջանի կողմից Հայաստան է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 114 զինծառայող և քաղաքացիական անձ»,-ասաց նա և նշեց, որ այս տվյալները հոկտեմբեր ամսվա տվյալներ են։ Նա հայտնեց, որ սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ վիրավորում և ստացիոնար բուժում է ստացել 7888 անձ, հաշմանդամություն է սահմանվել 1464 անձի համար, այդ թվում՝ 113-ը՝ առաջին խմբի հաշմանդամություն:
15:27 - 17 նոյեմբերի, 2021
ԿԲ նախագահը ներկայացրեց գնաճի կանխատեսումները |armenpress.am|

ԿԲ նախագահը ներկայացրեց գնաճի կանխատեսումները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կենտրոնական բանկը կանխատեսում է, որ տարվա վերջում գնաճը կգերազանցի նախանշված թիրախային ցուցանիշը՝ 4 տոկոսը, սակայն հաջորդ տարի, եթե ռիսկեր ի հայտ չգան, վերադարձ կկատարվի այդ ցուցանիշին: Այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ-ում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով ՔՊ-ից Գևորգ Պապոյանի ՝ գնաճի վերաբերյալ հարցին: «Մենք ունենք մանդատ՝ այնպես անել, որ ՀՀ քաղաքացիների կենսամակարդակը չնվազի, ու այդ մանդատը վերաբերում է գնաճի կարգավորմանը: Այս  տարին սպեցիֆիկ տարի էր՝ պայմանավորված կորոնավիրուսի հետևանքներով, համաշխարհային պարենի շուկաներում հիմնական պարենային ապրանքների գների բարձրացմամբ, ինչպես նաև առաջարկի նկատմամբ պահանջարկի ավելի արագ տեմպերով աճով »,-ասաց Գալստյանը: Ըստ նրա՝ գնաճի ավել բարձր ցուցանիշներին բերող երկրորդ բաղադրիչը պարենի միջազգային գներն են՝ պայմանավորված թե բեռնափոխադրումներով, թե որոշակի առումով նաև՝ վատ բերքով: «Մենք տեսանք, որ Հայաստանում 2021-ին 2020-ից հետո, երբ բավականին բարձր խնայողություններ էին կուտակվել, մարդիկ սկսեցին  այդ խնայողությունները ծախսել, որը հավելյալ պահանջարկ է ստեղծել: Դրա արդյունքում այս պահի դրությամբ՝ մեր գնաճը 9,1 տոկոս է»,-ասաց Գալստյանն ու հիշեցրեց, որ ԿԲ խորհրդի վերջին նիստում վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանվել է նույն մակարդակի վրա: Գալստյանը հիշեցրեց `ՀՀ կենտրոնական բանկն առաջինն էր տարածաշրջանում, որ անցած տարվա դեկտեմբերին սկսել է տոկոսադրույք բարձրացնել: Ինչ վերաբերում է գնաճի հետագա զարգացումներին`Գալստյանն ասաց. «Մենք ակնկալում ենք, որ տարվա վերջում կունենանք գնաճ, որը կգերազանցի մեր թիրախը: Բայց լիահույս ենք, ու բոլոր ջանքերը արդեն գործադրված են. մենք համոզված ենք, որ եթե գնում ենք բազային սցենարով, ու նոր ռիսկեր ի հայտ չեն գալիս, մյուս տարվա ընթացքում վերադառնում ենք մեր 4 տոկոս թիրախին»:
14:02 - 17 նոյեմբերի, 2021
Ֆինանսների նախարարն ԱԺ-ում ներկայացրել է 2022թ. պետական բյուջեի նախագիծը |hetq.am|

Ֆինանսների նախարարն ԱԺ-ում ներկայացրել է 2022թ. պետական բյուջեի նախագիծը |hetq.am|

hetq.am: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ազգային ժողով է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Ստորև ներկայացնում ենք Ֆինանսների նախարարի ելույթի սեղմագիրն առանց խմբագրման. «Հարգելի՛ գործընկերներ, 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը ձեւավորվել է Հայաստանի կառավարության 2021-2026 ծրագրով սահմանված՝ անվտանգային, տնտեսական եւ սոցիալական ոլորտներին վերաբերող հստակ առաջնահերթությունների հիմքով եւ ԱԺ կողմից հաստատվելով՝ պետք է դառնա կառավարության ծրագրի իրականացման ֆինանսական ապահովումը երաշխավորող իրավական հիմքը: Բյուջեի նախագծով լուծումներ են տրվել հարկաբյուջետային քաղաքականության եւ ոլորտային ծախսային քաղաքականությունների մի շարք կարեւոր հարցերի, որոնց վերաբերյալ պարզաբանումները կներկայացվեն սույն զեկույցի շրջանակում: 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը ձեւավորվել է բարդ ժամանակահատվածում, երբ դեռեւս հաղթահարված չեն 2020 թվականին արձանագրված երկու մարտահրավերների՝ կորոնավիրուսի համավարակի եւ արցախյան պատերազմի անվտանգային, սոցիալական եւ տնտեսական հետեւանքները: Այնուամենայնիվ, կարող ենք արձանագրել, որ նշված ոչ նպաստավոր պայմաններում կառավարությանը հաջողվել է կառավարել հիմնական ռիսկերը, որոնք իրենց հերթին կվնասեին տնտեսական զարգացմանը: Չնայած 2020 թվականի արձանագրված 7.4% տնտեսական անկմանը, ինչպես նաեւ դրա հետեւանքով՝ 2019-ի համեմատությամբ հարկային եկամուտների մոտ 80 մլրդ դրամով նվազմանը, 2020-ի ընթացքում կառավարությունն ամբողջ ծավալով եւ առանց ուշացումների կատարել է  իր ստանձնած բոլոր պարտավորությունները: Իհարկե, դա պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ կառավարությունը որոշում է կայացրել գնալ պետական բյուջեի դեֆիցիտի ավելի մեծ չափի ֆինանսավորման, քան նախատեսված էր: Արդյունքում բավականին բարդ պայմաններում պահպանվել է մակրոտնտեսական կայունությունը, ինչը չափազանց կարեւոր գործոն է տնտեսական զարգացման բնականոն միջավայրի վերականգնման համար: Կարող ենք արձանագրել, որ դա այն կարեւոր պայմաններից մեկն է, ինչի շնորհիվ արդեն 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է տնտեսության վերականգնման բարձր տեմպ՝ 5% չափով: Սա թույլ է տալիս կանխատեսել, որ տնտեսության վերականգնումը կշարունակվի նաեւ տարվա վերջին ամիսների ընթացքում եւ հուսալի հիմք կդառնա 2022-ի բարձր տնտեսական աճի համար: [Մակրոտնտեսական կայունություն] - Միանշանակ է, որ կառավարությունը չափազանց կարեւորում է մակրոտնտեսական կայունության հարցը, եւ 2022թ. պետական բյուջեի նախագծում հստակ առաջնահերթություն են  ծրագրերը, որոնք ուղղված են այդ խնդրի ապահովմանը: Այդ ծրագրերի հիմքում հետեւյալ հիմնական մոտեցումներն են՝ - Ստեղծել մակրոտնտեսական այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր կլինեն մասնավոր հատվածի բարձր տնտեսական ակտիվության համար եւ հուսալի պայմաններ կստեղծեն տարվա արդյունքներով 7% տնտեսական աճի համար.- Կառավարության ծախսային ծրագրերով, հատկապես՝ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված կապիտալ նշանակության ծրագրերով նպաստել բարձր տնտեսական ակտիվությանը՝ միաժամանակ բարձրացնելով տնտեսական աճի երկարաժամկետ պոտենցիալը․ 2022-ի համար պետական բյուջեի կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 347 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 4.5%-ը.- Բարելավել հարկային վարչարարությունը, զգալիորեն ավելացնել հարկային եկամուտները, երաշխավորել հարկման համահավասարություն եւ տնտեսական մրցակցության արդար պայմաններ.- Իրականացնել 2190 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ծախսեր, ինչը մոտ 204 մլրդ դրամով կամ 10.3% ավելին է, քան 2021-ի համար ճշտված ծախսային բյուջեն, կամ 340 մլրդ դրամով ավելի, քան տարվա համար հաստատվածը.- Բյուջետային ծախսերի կառուցվածքը համապատասխանեցնել միջնաժամկետ ֆինանսավորման սեփական հնարավորություններին: Ընթացիկ ծախսերը սահմանափակել պետական բյուջեի հարկային եկամուտների չափով, իսկ ներգրավված պարտքային միջոցները բացառապես ծախսել զարգացմանն ուղղված կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով.- Շնորհիվ հարկային եկամուտների ավելացման, ծախսերի կառավարման կանոնների վերականգնման, ինչպես նաեւ՝ անվտանգ չափով բյուջետային դեֆիցիտի մեծության (ՀՆԱ-ի 3.1%), 2022-ին իրականացնել նկատելի ֆիսկալ կոնսոլիդացիա եւ զգալիորեն բարելավել կառավարության պարտքի կառավարման հարցերը. 2020-ին արձանագրված՝ ՀՆԱ-ի նկատմամբ 63.5% մակարդակից պարտքի հետեւողական նվազեցման արդյունքում 2022-ի ավարտին այն կգտնվի ՀՆԱ-ի 60.2% մակարդակին մոտ: Էապես կբարելավվի պարտքի կառուցվածքը` դրանում ավելացնելով դրամային պարտքի տեսակարար կշիռը, եւ կնվազեցվեն արտարժութային ռիսկերը: [Արտաքին տնտեսական պայմաններ] - 2020թ. կորոնավիրուսի համավարակով պայմանավորված համաշխարհային տնտեսական անկումից հետո 2021թ. սկսվել է համընդհանուր վերականգնում: Կանխատեսվում է, որ համաշխարհային տնտեսությունը տարվա արդյունքներով կարձանագրի մոտ 5.9% տնտեսական աճ: Ընդ որում, բարձր տեմպերով վերականգնում են արձանագրում նաեւ Հայաստանի առեւտրային հիմնական գործընկերները՝ Ռուսաստանի Դաշնությունը, Եվրոմիության գոտու տնտեսությունները, ԱՄՆ-ն եւ Չինաստանը: Սպասվում է, որ համաշխարհային տնտեսության վերականգնումը կշարունակվի նաեւ 2022 թվականին՝ արձանագրելով 4.9% տնտեսական աճ:  [Կանխատեսվող աճի կառուցվածք] – 2022 թվականին 7% տնտեսական աճի թիրախը որոշակիորեն բարձր է տնտեսական աճի պոտենցիալից, եւ դրան հասնելու ուղիները պահանջում են հետեւողական ջանքեր: Տարբեր գնահատականներով՝ Հայաստանի տարեկան տնտեսական աճի պոտենցիալը գտնվում է 4.5% սահմաններում: Գալիք տարվա համար պոտենցիալից բարձր աճին նպաստող հիմնական գործոնների թվում լինելու են բարենպաստ արտաքին տնտեսական պայմանները, 2021 թվականին արձանագրված տնտեսական վերականգնման բարձր տեմպերը, շինարարության եւ արդյունաբերության ճյուղերի աճի վրա կառավարության կապիտալ ծախսերի ընդլայնողական ազդեցությունը, ինչպես նաեւ մասնավոր հատվածի ծրագրերի իրականացման ուղղությամբ կառավարության թիրախային գործողությունները: Համապատասխանաբար, 2022-ի տնտեսական աճին հիմնականում կնպաստեն ծառայությունները, արդյունաբերությունը եւ շինարարությունը, իսկ ծախսային բաղադրիչների կողմից՝ վերջնական սպառման աճը, ապրանքների եւ ծառայությունների արտահանումը, ինչպես նաեւ՝ պետական եւ մասնավոր ներդրումների աճը:  [Բյուջեի ցուցանիշների մասին առավել մանրամասն] - 2022 թ. պետական բյուջեի մասին օրենքով սահմանված՝- Ծախսերը կկազմեն մոտ 2190 մլրդ դրամ, ինչը 2021 թվականի համար սպասվող  ծախսերից ավելին է 204 մլրդ դրամով կամ 10.3%-ով.- Ընթացիկ ծախսերը կկազմեն 1843 մլրդ դրամ, ինչը 2021 թվականի ընթացիկ ծախսերից ավելին է 81 մլրդ դրամով կամ 4.6%-ով.- Կապիտալ ծախսերը կկազմեն 357 մլրդ դրամ, ինչը մոտ 130 մլրդ դրամով կամ մոտ 60%-ով ավելին է 2021թ կապիտալ ծախսերից:- Ավելացող ծախսերի 40%-ն ուղղվելու է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը, իսկ 60%-ը՝ կապիտալ ծախսերին:   [2022թ. ՀՆԱ-ի նկատմամբ] –  - Պետական բյուջեի ծախսերը կկազմեն 27.8%, այս տարվա համար սպասվող 28.2%-ից 0.4 տոկոսային կետով ավելի պակաս: Նվազումը պայմանավորված կլինի գալիք տարվա համար պլանավորված բյուջեի դեֆիցիտի ավելի ցածր ցուցանիշով.- Ընթացիկ ծախսերը կազմելու են ՀՆԱ-ի 23.4%-ը՝ այս տարվա համար սպասվող 25.1%-ի դիմաց: Նվազման պատճառը նույնն է․ հաջորդ տարվա ընթացքում կառավարությունը պետք է ապահովի վերադարձ հարկաբյուջետային կանոններին եւ սահմանափակվի ընթացիկ ծախսերի այնպիսի մակարդակով, ինչը չի գերազանցի պետական բյուջեի հարկային եկամուտները․- Կապիտալ ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 4.5%-ը, ինչն այս տարվա համար սպասվող 3.2%-ից ավելի է 1.3 տոկոսային կետով: Տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքներին ուղղվող կապիտալ ծախսերի աճը լինելու է աննախադեպ բարձր եւ թույլ կտա հետագա տարիների համար ստեղծել տնտեսական աճի պոտենցիալը բարձրացնելու կայուն հիմքեր: [Ըստ ծրագրային բյուջետավորման] - Ծախսերի կազմում առավել մեծ կշիռ կունենան ծառայությունների ձեռքբերումների ֆինանսավորմանն ուղղվող ծախսերը՝ մոտ 908 մլրդ դրամ կամ ընդհանուր ծախսերի 41.5%-ը, տրանսֆերների ձեւով կծախսվի 757 մլրդն դրամ կամ ընդհանուր ծախսերի 34.6%-ը: Ընդհանուր ծախսերի 10-ական տոկոս կծախսվի հանրային սեփականության կառավարման եւ պետական պարտքի սպասարկման ուղղությամբ (216 եւ 214 մլրդ դրամ)։ [Պետական բյուջեի եկամուտները] - 2022թ. պետական բյուջեի եկամուտները կանխատեսվում են 1946 մլրդ դրամ չափով, ինչն ավելին է 2021-ի նկատմամբ 289 մլրդ դրամով կամ 17.5%-ով: Բյուջեի եկամուտները կկազմեն 2022-ի ՀՆԱ-ի 24.7%-ը: Եկամուտների գերակշիռ մասը՝ մոտ 95%-ը կձեւավորվի հարկային վճարումներից  Շարունակությունը՝ hetq.am-ում
12:33 - 17 նոյեմբերի, 2021
Կապիտալ ներդրումների հիմնական ուղղություններով նախապատրաստական աշխատանքներ են կատարվում |armenpress.am|

Կապիտալ ներդրումների հիմնական ուղղություններով նախապատրաստական աշխատանքներ են կատարվում |armenpress.am|

armenpress.am: Պետությունը 2022-ի համար կապիտալ ներդրումների հիմնական ուղղություններով արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ է կատարում՝ տարվա ընթացքում ապահովելու բյուջեի նախագծով նախատեսված ծավալները: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ նիստում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը: ՔՊ-ից Սերգեյ Բագրատյանը նկատեց՝ 2021-ին կապիտալ ծախսերը թերակատարվել են: Պատգամավորը 2022-ի բյուջեի նախագծով կապիտալ ծախսերը 130 մլրդ դրամով ավելացնելը լուրջ մարտահրավեր համարեց, նա հետաքրքրվեց, թե արդյոք կարողանալո՞ւ են հաջորդ տարի կատարել ամբողջ կապիտալ ծախսերը: 2022-ի պետբյուջեի նախագծով նախատեսվում են 357 մլրդ դրամ ընդհանուր արժեքով կապիտալ ծախսեր, որոնք 2021-ի հաստատված ցուցանիշը գերազանցում են ավելի քան 130 մլրդ դրամով: Նախարարը նկատեց՝ ամենահաճախ տրվող հարցն է՝ հնարավոր լինելո՞ւ է իրականացնել ժամանակին և ամբողջ ծավալով: «Այս հարցը նաև կառավարության առաջիկա անելիքների թվում առանցքային նշանակության հարց է: Այս խնդրի իրագործումը կախված է թե կառավարության գործողությունների և որոշումների արդյունավետությունից և թե այդ որոշումներին մասնավոր հատվածի արձագանքից»,- ասաց Խաչատրյանը: Նա նկատեց՝ կապիտալ ծախերը ժամանակին չեն կատարվում կամ կատարվում են նախատեսված ժամկետում ոչ ամբողջ ծավալով այն դեպքում, երբ տարբեր կազմակերպչական հարցերով պատասխանատու գերատեսչությունը մրցույթը չի կազմակերպում ժամանակին և չի հրավիրում մասնավոր հատվածի կազմակերպություններին, կամ, եթե դրանք կատարվում են նախատեսված ժամկետներում, ապա մասնավոր հատվածի՝ մրցույթը շահած կազմակերպությունը ոչ ամբողջ ծավալով և ճիշտ ժամանակին է կարողանում ապահովել իր խոստումները: Ըստ նախարարի՝ երկու դեպքում էլ կան թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներ: «Մեր խնդիրն է առաջին հերթին սուբյեկտիվ պատճառները հասցնել նվազագույնի, այնպես անել, որ օբյեկտիվ պատճառները գան այնպիսի լիարժեք համապատասխանության, որ այդ աշխատանքները կատարվեն ժամանակին և ամբողջ ծավալով»,-ասաց նախարարը: Անդրադառնալով նրան, թե կառավարությունն այդ ուղղությամբ ինչ է անում՝ Խաչատրյանը նշեց. «Արդեն հիմա, երբ դեռևս մեկնարկած չէ 2022 թվականը, նախապատրաստական աշխատանքներ են տարվում բոլոր այն ուղղություններով, որոնք 2022-ին պետք է լինեն մեր կապիտալ ներդրումների հիմնական ուղղությունները: Նախապատրաստվում են համապատասխան մրցույթներ»,-ասաց նախարարը: Պետբյուջեի կապիտալ ծախսային ծրագրերը հատկապես ենթադրում են շինարարության ակտիվացում: Նախարարի խոսքով ՝այն շինարարական կազմակերպությունները, որոնք մասնակցել կամ մասնակցում են առաջիկայում այդ կապիտալ ծրագրերի իրականացմանը, վերազինվում են, թարմացնում են իրենց սարքավորումների կազմը, համալրում են աշխատակիցների կազմը որակյալ մասնագետներով և պատրաստվում են այդ ավելացվող ծավալներով աշխատանքների իրականացմանը: Պետությունը լիահույս է, որ 2022-ը լինելու է այդ ամբողջ ծավալների իրականացման ժամանակահատված:
11:52 - 17 նոյեմբերի, 2021
Երևանում հիփոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգն աստիճանաբար կհանվի |armenpress.am|

Երևանում հիփոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգն աստիճանաբար կհանվի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով հիփոթեքային վարկի տոկոսադրույքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգը Երևանում աստիճանաբար կսահմանափակվի և կհանվի:  Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ընդունվեց՝ ստանալով 57 «կողմ» ձայն: Առաջարկվում է հիփոթեքային վարկի տոկոսադրույքներին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում սահմանափակել, ապա աստիճանաբար հանել մինչև 2025 թվականը: Նախագծով առաջարկվում է ամրագրել, որ համակարգից օգտվելու համար, երբ գույքը ձեռք է բերվում կամ նախատեսվում է կառուցել Երևանի առաջին գոտում, հիփոթեքային վարկը պետք է ստացված լինի մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը, նույն տրամաբանությամբ` երկրորդ գոտու համար՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, երրորդ գոտու համար անհրաժեշտ պայման է սահմանվում, որ վարկը ստացված լինի մինչև 2023-ի հուլիսի 1-ը, որից հետո 1.5 տարի դադար է առաջարկվում: Երևանի մնացած գոտիների համար նախապայման է առաջարկվում, որ հիփոթեքային վարկը ստացված լինի մինչև 2025-ի հունվարի 1-ը: Առաջարկվում է կարգավորել նաև անցումային հարաբերությունները, ըստ որի` եթե շինարարության թույլտվությունը ստացված լինի մինչև 2022-ի հունվարի 1-ը, ապա դրա շրջանակում կառուցված շենքից բնակարանների վաճառքի գործարքներն ամբողջությամբ կսպասարկվեն եկամտային հարկի վերադարձի համակարգի շրջանակներում՝ առանց սահմանափակումների:
11:27 - 17 նոյեմբերի, 2021
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտ ստեղծելու մասին նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտ ստեղծելու մասին նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտ ստեղծելու վերաբերյալ նախագիծը։ Նախագծին 56 պատգամավոր «կողմ» է քվեարկել, «դեմ»՝ 0, «ձեռնպահ»՝ 0։ Նախագծով՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունները կընդլայնվեն սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրման միջոցով: Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ներդրման նպատակն է զարգացնել Հայաստան-սփյուռք գործակցությունը, բարձրացնել այդ բնագավառում իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, ապահովել հայ համայնքների միջեւ կայուն հարաբերությունները եւ համայնքի ներուժի նպատակային ներգրավումը, ինչպես նաեւ աջակցել հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը: Սփյուռքի գործերի հանձնակատարները նշանակվում են հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով, չեն վարձատրվում, չունեն նորմավորված աշխատանքի եւ աշխատաժամանակի ռեժիմ: Նրանք Հայաստան-սփյուռք գործակցության վերոհիշյալ ուղղություններով տրամադրելու են մասնագիտական խորհրդատվություն և աջակցելու են սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից սփյուռքի հետ փոխգործակցության բնագավառում իրականացվող աշխատանքներին։
11:17 - 17 նոյեմբերի, 2021
Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերը կկրճատվեն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |armenpress.am|

Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերը կկրճատվեն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը: «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 57 կողմ ձայն: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել են փոփոխություններ: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով կառավարությունն առաջարկում էր տոներին ոչ աշխատանքային թողնել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը: Երկրորդ ընթերցմամբ քննարկման համար գործադիրն առաջարկել է ոչ աշխատանքային օրերի ցանկում ընդգրկել նաև հունվարի 2-ը: Մայր Աթոռը նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո առաջարկել էր ոչ աշխատանքային օրեր թողնել նաև հունվարի 5-ը՝ որպես Սուրբ Ծննդյան Ճրագալույցի տոնական օր և հունվարի 7-ը՝ որպես մեռելոց հիշատակի օր: 
11:01 - 17 նոյեմբերի, 2021
Կերկարաձգվի հին նմուշի անձնագրերի տրամադրման վերջնաժամկետը․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |1lurer.am|

Կերկարաձգվի հին նմուշի անձնագրերի տրամադրման վերջնաժամկետը․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության հեղինակած ««ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Առաջարկվում է մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագրերը տրամադրել մինչև նրանց 19 տարին լրանալը (գործող 18 տարեկանի փոխարեն), իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման, ինչպես նաև օրենքի համապատասխան հոդվածներով սահմանված բժշկական վերափորձաքննության ժամկետով: Պաշտպանության ոլորտում Հանրապետության լիազոր պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կարող է տրամադրվել նաև այլ ժամկետով՝ ուսման, բուժման, սպորտային, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով: Օրինագծերի ընդունման դեպքում անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը կերաշխավորվի նաև այն դեպքերում, երբ հիվանդությամբ պայմանավորված՝ շարժվելու, կոգնիտիվ ունակությունը, հիշողությունը կորցրած կամ բժշկական հաստատությունում անգիտակից վիճակում գտնվող քաղաքացին ի վիճակի չի լինի անձամբ ներկայացնելու դիմում: Առաջարկվում է հին, ոչ կենսաչափական նմուշի անձնագրերը ՀՀ քաղաքացիներին տրամադրելու վերջնաժամկետը երկարաձգել ևս մեկ տարով՝  2022 թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
10:57 - 17 նոյեմբերի, 2021
Ռազմագերիների, անհետ կորածների խնդրի վերաբերյալ ԱԺ փակ քննարկումը չի կայանա |azatutyun.am|

Ռազմագերիների, անհետ կորածների խնդրի վերաբերյալ ԱԺ փակ քննարկումը չի կայանա |azatutyun.am|

azatutyun.am: Ռազմագերիների, անհետ կորածների խնդրի վերաբերյալ խորհրդարանական փակ քննարկումը չի կայանա, պատճառը հիմնական զեկուցող, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի բացակայությունն էր։ Նիստի ընթացքում այս մասին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: «Երրորդ նիստում պետք է քննարկեինք հասարակական հետաքրքրություն ներկայացնող ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները, հրատապ թեմայով հարցը, բայց քանի որ հիմնական զեկուցողը դահլիճից բացակայում է, այս հարցը հերթական նիստերի օրակարգից դուրս է գալիս, և մենք շարունակում ենք քննարկել օրակարգային մյուս հարցերը», - հայտնեց ԱԺ փոխնախագահը: Այս քննարկումը պաշտոնական գրությամբ նախաձեռնել էին ընդդիմադիր խմբակցությունները։ Որոշումն ընդունվեց այսօր առավոտյան 61 կողմ ձայնով: Մինչ քվեարկությունը, սակայն, ընդդիմադիր երկու խմբակցությունները բոյկոտեցին նիստը` լքելով դահլիճը: «Ընդդիմադիր խմբակցությունները պահանջել էին արտահերթ նիստ, արտահերթ խորհրդի նիստ, որպեսզի երեկ կառավարությունից բացատրություններ ստանանք, թե ինչ է կատարվում մեր հայրենիքի սահմաններում: Այդ գործընթացը տապալվեց իշխող մեծամասնության կողմից, փոխարենն այսօր ԱԺ օրակարգում մենք տեսնում ենք սնդիկի մասին օրենքի «կարևորագույն» կետի ներառումը: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները կվերադառնան լիագումար նիստերի դահլիճ այն ժամանակ, երբ մեր երկրի առջև ծառացած խնդիրները քննարկվեն ըստ կարևորության և ըստ օրհասական վտանգի, իսկ ձեր սնդիկ փարթիներին մենք մասնակցելու ցանկություն չունենք», - հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: Նիստից հետո հրավիրված ասուլիսին ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը պարզաբանեց` նիստերին դահլիճ չեն վերադառնա անգամ իրենց նախաձեռնած գերիների հարցով քննարկման ընթացքում, քանի որ փակ ձևաչափն իրենց համար անընդունելի է: «Պահանջել ենք, որպեսզի ներկայանան այս հարցի քննարկման համար Նիկոլ Փաշինյանը, արտաքին գործերի նախարարը, պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը: Լավ, եթե ոչ այս հարցով, ուրիշ ի՞նչ հարցով են, որ այս մարդիկ պարտավորվածություն ունեն ներկայանալու: Ազգային ժողովի ղեկավարությունն էլ փաստորեն չի կարողանում ապահովել այս մարդկանց ներկայությունն Ազգային ժողովում», - շեշտեց պատգամավորը: Կանոնակարգ օրենքի համաձայն՝ հիմնական զեկուցողի բացակայության ժամանակ հարցն օրակարգից դուրս է գալիս։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ը ևս նիստերի դահլիճ չվերադարձավ։ Պատգամավոր Աննա Մկրտչյանը պնդեց՝ իշխող մեծամասնությունը խեղաթյուրել է նիստի բովանդակությունը և ձևաչափը։  
19:38 - 16 նոյեմբերի, 2021
Կոչ ենք անում, որ մեր ռուս գործընկերները և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների գործընկերները արձագանքեն ստեղծված իրավիճակին․ Վաղարշակ Հակոբյան

Կոչ ենք անում, որ մեր ռուս գործընկերները և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների գործընկերները արձագանքեն ստեղծված իրավիճակին․ Վաղարշակ Հակոբյան

Տարածաշրջանային և եվրոպական ինտեգրման հարցերի մշատակն հանձնաժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ԱԺ հայտարությունների ժամին ասաց, որ դեռևս մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում, ինչի մասին բարձրաձայնվել է ամենաբարձր մակարդակով՝ կոչ անելով ռազմավարական գործընկերներին եւ միջազգային հանրությանը արձանագրել եւ կանխել տեղի ունեցող սադրանքը։ «Մենք՝ որպես եվրասիական և տարածաշրջանային ինտեգրացիոն հանձնաժողով, կոչ ենք անում, որպեսզի առաջին հերթին մեր ռուս գործընկերները և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների մեր գործընկերները արձագանքեն ստեղծված իրավիճակին։ Մենք նաև կոչ ենք անում, որ երկուստեք ստեղծված պայմանագրերին համապատասխան գործողություններ ծավալվեն։ Միաժամանակ, շատ կարևոր ենք համարում, որ Ադրբեջանի Հանրապետությունը դադարեցնի իր այս գործելաոճը, վերադառնա կոռուցողական դաշտ՝ հավատարիմ մնալով նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածություններին,  և շարունակի իրականացնել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը»։
18:02 - 16 նոյեմբերի, 2021
Վստահության փխրուն իրողությունը, որ գոյություն ունի մեր ռազմավարական գործընկերության հետ հարաբերություններում, մեկ վայրկյանում կարող է փոխվել, եթե միջամտություններ չլինեն. Քոչարյան

Վստահության փխրուն իրողությունը, որ գոյություն ունի մեր ռազմավարական գործընկերության հետ հարաբերություններում, մեկ վայրկյանում կարող է փոխվել, եթե միջամտություններ չլինեն. Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը այսօր՝ ԱԺ հայտարարությունների ժամին, ասաց, որ  ՀՀ ինքնիշխան տարածքում տեղի են ունենում մարտական գործողություններ և Ադրբեջանը խախտել է ՀՀ ինքնիշխան տարածքը։ Քոչարյանը հիշեցրեց՝ ՀՀ-ն ՀԱՊԿ հիմնադիր անդամ է և միաժամակ ունի 44-օրյա պատերազմի հրադադարի ռեժիմի երաշխավորի՝ ՌԴ-ի հետ համագործակցային հարաբերություններ։ Նրա խոսքով՝ ՌԴ-ն պետք է արձագանքի հրադադարի ռեժիմի խախտմանը․ «Նաև խախտված է ՀԱՊԿ կանոնակարգի բոլոր կետերը։ Միջազգային հանրության համար մտահոգիչ պետք է լինի էսկալացիայի ավելացումը այն առումով, որ պետք է չմոռանանք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օգտագործվեցին ահաբեկչական խմբեր, և այդ խմբերը եթե այս պահին նկատելի չեն, մեկ այլ լարվածության ավելացման հետ մեկտեղ այդ խմբերը նորից կդառնան տեսանելի և վտանգ կներկայացնեն ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի համար, այլ նաև միջազգային հանրության համար ևս»։ Պատգամավորը հավելեց նաև՝ վստահության թեկուզ փխրուն իրողությունը, որ գոյություն ունի մեր ռազմավարական գործընկերության հետ հարաբերություններում, մեկ վայրկյանում կարող է փոխվել, եթե այնուամենայնիվ այս գործողությունների մեջ միջամտություններ չլինեն․ «Որովհետև այսպես թե այնպես եթե գործողություն է գնում, մեր զինված ուժերը իր առջև դրված մարտական խնդիրը պետք է լուծի և այդ խնդրի լուծման հետ կապված բոլորս անելիք ունենք»։
17:17 - 16 նոյեմբերի, 2021