Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Պետական վերահսկողական ծառայությունը կանխարգելիչ միջոցառումների շրջանակում նոր մեխանիզմներ է ներդրել

Պետական վերահսկողական ծառայությունը կանխարգելիչ միջոցառումների շրջանակում նոր մեխանիզմներ է ներդրել

Ազգային ժողովում 2022թ. պետական բյուջեի հաստատման գործընթացին զուգահեռ Պետական վերահսկողական ծառայությունում արդեն իսկ ակտիվորեն իրականացվում են բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների նկատմամբ մշտադիտարկման նախապատրաստական աշխատանքներ: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից հայտնում են, որ առկա տեղեկատվական շտեմարանների միջոցով ՊՎԾ-ն իրականացնելու է 2022թ. բյուջետային բոլոր միջոցառումների ժամանակին և որակով կատարման նկատմամբ ընթացիկ դիտարկում՝ առանց կատարող մարմնի աշխատանքներին միջամտելու: ՊՎԾ կողմից առավել ռիսկային գնահատված միջոցառումների պատշաճ կատարման նկատմամբ կիրականացվի առավել ինտենսիվ մշտադիտարկում: Այս գործընթացի նպատակն է հնարավորինս վաղ փուլում հայտնաբերել միջոցառումների իրականացման ժամկետային և որակական թերացումները և վարչապետին ներկայացնել առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ: ՊՎԾ-ն կանխարգելիչ գործառույթների իրականացման ընթացքում ըստ անհրաժեշտության ակտիվորեն համագործակցելու է զանգվածային լրատվամիջոցների, քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների հետ:
12:26 - 30 նոյեմբերի, 2021
Քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը կկրճատվի. հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին |armenpress.am|

Քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը կկրճատվի. հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց գործադիրի ներկայացրած օրենքի նախագծին, որով  ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը 6 ամսվա փոխարեն սահմանվում է 90 աշխատանքային օր: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը: «Օրինագծի բուն նպատակն է առավել պարզեցնել, հստակեցնել քաղաքացիության տրամադրման գործընթացը, մասնավորապես ներկայիս 6 ամսվա ժամկետի փոխարեն նախատեսվում է 90 աշխատանքային օր սահմանել»,- ասաց Ֆիդանյանը: Այսպիսով, օրինագծի նպատակը ժամկետների կտրուկ կրճատումը, վարչարարության կրճատումն է, որ քաղաքացիները հնարավորություն ունենան արագ ստանալ ՀՀ քաղաքացիությունը: «Օրինագծի ընդունումից հետո այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստման հիման վրա ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում անձի՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ կմտնի օտարերկրյա պետության քաղաքացիություն ստանալու ապացույցը նրա կողմից անձնագրային ծառայություն ներկայացնելու պահից»,-ասաց Ֆիդանյանը: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը լրամշակվել է: Մասնավորապես, օրենքի նախագծում կատարված փոփոխությունը նպատակ ունի օրենքից հանել որպես քաղաքացիությունը դադարեցնելու նոր հիմք նախատեսվող սխալ տվյալների ներկայացումը: Այդպիսի տվյալների ներկայացումը կարող է պայմանավորված լինել, օրինակ, լեզվական խոչընդոտներով, հարցաթերթիկը լրացնելիս առաջադրվող հարցերը ոչ հստակ հասկանալու հանգամանքով կամ տեխնիկական վրիպակի պատճառով:
11:18 - 30 նոյեմբերի, 2021
Հայ և հույն պատգամավորների հանդիպմանն անդրադարձ է կատարվել հետպատերազմյան իրադրությանը

Հայ և հույն պատգամավորների հանդիպմանն անդրադարձ է կատարվել հետպատերազմյան իրադրությանը

ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 29-ին հանդիպել են Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Դիմիտրիոս Մարկոպուլոսի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունը: Ողջունելով հյուրերին` հայ խորհրդարանականները բարձր են գնահատել հայ-հունական հարաբերությունները, կարեւորել երկու խորհրդարանների փոխգործակցության հետագա զարգացումը, բարեկամական խմբերի սերտ աշխատանքը: Միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման տեսանկյունից կարեւորվել է միջազգային խորհրդարանական կառույցներում համատեղ աշխատանքը: Արման Եղոյանն արժեւորել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի իրականացումը, որը վստահվել է Հունաստանի եւ Իտալիայի խորհրդարաններին: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ այս ծրագիրն Ազգային ժողովի համար իրականացվում է առաջին անգամ եւ մեծ դեր ունի խորհրդարանի կարողությունների զարգացման հարցում: Կողմերը համոզմունք են հայտնել, որ ծրագրի միջոցով երկու խորհրդարանների կապերն էլ ավելի կամրապնդվեն: Զրուցակիցներն արժեւորել են խորհրդարանների վերահսկողական եւ ներկայացուցչական գործառույթների իրականացումը: Օրենսդիրները խոսել են հայ եւ հույն ժողովուրդների` դարերի պատմություն ունեցող բարեկամությունից, ընդհանուր մարտահրավերներից: Անդրադարձ է կատարվել հետպատերազմյան իրադրությանը, կարեւորվել է տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատումը: Պատգամավորները նաեւ ընդգծել են տնտեսական եւ զբոսաշրջային ոլորտներում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:
19:56 - 29 նոյեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանն առաջնահերթություն է համարել ՀԱՊԿ պետությունների միջեւ ռազմական համագործակցության զարգացումը

Ալեն Սիմոնյանն առաջնահերթություն է համարել ՀԱՊԿ պետությունների միջեւ ռազմական համագործակցության զարգացումը

Նոյեմբերի 29-ին Մոսկվայում առցանց տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ  խորհրդի եւ ԽՎ-ի  14-րդ համատեղ լիագումար նիստը: ՀԱՊԿ-ում նախագահող պետության խորհրդարանի ղեկավար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր ծավալուն ելույթում անդրադարձել է ժամանակակից աշխարհի միջազգային եւ ազգային անվտանգության խնդիրներին, ինչպես նաեւ՝ ընդլայնվող նոր մարտահրավերներին ու սպառնալիքների մասշտաբներին: Այս մասին հայտնում են  ՀՀ ԱԺ-ից: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ն առանցքային հարթակ է անվտանգության ապահովման համար՝ երաշխավորելու կազմակերպության անդամ պետությունների անվտանգությունը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը: Անդրադառնալով 2021 թվականի սեպտեմբերին Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի նախագահության ստանձնմանը՝  նա շեշտել է, որ Հայաստանի նախագահության առաջնահերթությունները կենտրոնացած են Կազմակերպության ներուժի ընդլայնմանը՝ ի շահ հավաքական անվտանգության ապահովման զարգացման: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ նշվում է հիմնարար փաստաթղթի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակը եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակը: ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել է ընդլայնել նաեւ համատեղ հայտարարություններ անելու պրակտիկան՝ թարմացնելով  ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները: Խոսելով առաջնահերթություններից՝ Ալեն Սիմոնյանն  առանձնացրել է ՀԱՊԿ պետությունների միջեւ ռազմական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:  Ելույթում անդրադարձ է եղել ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, տեղեկատվական անվտանգության ապահովմանը եւ մի շարք այլ հարցերի:  Ալեն Սիմոնյանը  կարեւորել է  ՀԱՊԿ-ի խորհրդարանական հարթության հետագա ինստիտուցիոնալացման ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկումը: Նա մասնակիցներին տեղեկացրել է, որ  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակը նշելու եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հոբելյանական նիստը Երեւանում անցկացնելու եւ մի շարք այլ  առաջարկներով:
16:46 - 29 նոյեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ին Մադրիդում հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, մանրամասնելով՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ 1995 թվականին Միջխորհրդարանական միությանը Ազգային ժողովի անդամակցությունից ի վեր ՀՀ խորհրդարանը մշտապես ակտիվորեն մասնակցել է կազմակերպության աշխատանքներին՝ կարեւորելով Միջխորհրդարանական միության դավանած սկզբունքներն ու համամարդկային արժեքները: Կողմերը քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդու եւ քաղաքացու հիմնարար ազատությունների եւ իրավունքների իրացմանը, տարբեր ոլորտներում կանանց ու երիտասարդների ներկայացվածությանն առնչվող հարցեր: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովը միացել է «Այո երիտասարդությանը խորհրդարանում» Միջխորհրդարանական միության նախաձեռնությանը: Զրույց է ծավալվել ՀՀ-ում 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո երկրում իրականացվող բարեփոխումների, մշակվող օրենսդրության շուրջ: Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարը գոհունակություն է հայտնել միության աշխատանքներին ՀՀ ԱԺ ներգրավվածության համար՝ մասնավորեցնելով, որ Հայաստանի պատգամավորները եղել են կառույցի մշտական հաձնաժողովների բյուրոների, կին պատգամավորների բյուրոյի, հատուկ կոմիտեների անդամներ: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է, որ ՀՀ ԱԺ-ն կանի հնարավորը միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման աջակցության ուղղությամբ:
11:16 - 29 նոյեմբերի, 2021
Մադրիդում ԱԺ նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման անհրաժեշտությանը

Մադրիդում ԱԺ նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման անհրաժեշտությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մադրիդում մասնակցում է Իսպանիայի խորհրդարանի հովանու ներքո անցկացվող Միջխորհրդարանական միության 143-րդ քառօրյա վեհաժողովին: ՀՀ ԱԺ նախագահը նոյեմբերի 28-ի նիստում ելույթ է ունեցել: Նա շնորհակալություն է հայտնել իսպանացի գործընկերներին՝ երկու տարվա ընդմիջումից հետո համաժողովի գերազանց կազմակերպման և ջերմ հյուրընկալության համար: Խորհրդարանի նախագահը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը և հայ ժողովուրդը բազմաթիվ ներքին և արտաքին մարտահրավերների են առերեսվում: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է լայնամասշտաբ բարեփոխումներ բազմաթիվ ոլորտներում՝ ի նպաստ ժողովրդավարական արժեքների և սկզբունքների: Նա շեշտել է, որ ժողովրդավարությունը Հայաստանում այլընտրանք չունի: Ազգային ժողովի նախագահը ժողովրդավարության զարգացման լուրջ մարտահրավերներից է համարել ապակայունացման և տարածաշրջանային հակամարտությունների վտանգը: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծած և 44 օր տևած Լեռնային Ղարաբաղի պատերազմին՝ ԱԺ նախագահը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հակամարտության կարգավորման երկարատև լուծում գտնելու անհրաժեշտությունը: Հետպատերազմյան իրադարձությունների ներկայացման համատեքստում Ալեն Սիմոնյանը ներկաներին հիշեցրել է երկու օր առաջ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի Սոչիում կայացած հանդիպումը, ուր քննարկվել են իրավիճակը կայունացնելու ուղիները՝ ապաշրջափակել բոլոր տրանսպորտային և հաղորդակցության միջոցները և լուծել մարդասիրական խնդիրները, այդ թվում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը: Նա ուշադրություն է հրավիրել ազնիվ երկխոսության անհրաժեշտությանը, որի պարագայում բոլոր հարցերը կարող են լուծվել առանց ուժի կիրառման: Օրենսդիր մարմնի ղեկավարը ժողովրդավարության ժամանակակից մարտահրավերներից մեկն է համարել կոռուպցիան՝ հավելելով, որ դրա դեմ պայքարը հիմնական առաջնահերթություններից մեկն է Հայաստանում: Ելույթում անդրադարձ է եղել նաև երիտասարդության, Հայաստանում լրատվամիջոցների ազատության, կանանց իրավունքների հարցերին: Եզրափակելով խոսքը՝ ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում պետք է մեկտեղել ջանքերը՝ ժողովրդավարության նոր մարտահրավերներին դիմակայելու համար: Վեհաժողովում հնչած ելույթների, քննարկումների օրակարգային հիմնական թեզերը կառուցված են ժողովրդավարության ժամանակակից մարտահրավերների շուրջ: Համաժողովի նպատակն է ընդլայնել Միջխորհրդարանական միության անդամների հաղորդակցման հնարավորությունները՝ նպաստելով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը: Համաժողովի նախորդ երկու օրվա ընթացքում պատվիրակներն անդրադարձել են քաղաքական համակարգերի նկատմամբ հանրային վստահության թուլացման, սոցիալական ցանցերի միջոցով բևեռացման և ապատեղեկատվության տարածման պայմաններում խորհրդարանների գործառույթներին և որոշիչ դերակատարությանը: Խորհրդարանականները մտքեր են փոխանակել հասարակության հետ արդյունավետ համագործակցության, որոշումների կայացման գործընթացի ներառականության և ներկայացուցչականության վերաբերյալ: Միջխորհրդարանական միությունում ընդգրկված է ավելի քան 120 անդամ երկիր: Համաժողովին նախատեսված է ընդունել նաև Միջխորհրդարանական միության 2022-2026 թվականների նոր ռազմավարությունը: Այն նպատակ ունի վերակողմնորոշել միջխորհրդարանական վեհաժողովն այն ոլորտներում, որտեղ այն կարող է մեծ ազդեցություն ունենալ և որտեղ խորհրդարանական գործիքակազմի անհրաժեշտություն կա: Ռազմավարությունը սահմանում է հետևյալ քաղաքական առաջնահերթությունները՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցներ, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և գենդերային հավասարություն, խաղաղություն ու անվտանգություն, կայուն զարգացում:
17:10 - 28 նոյեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը 93 միլիոնի նոր պայմանագիր է կնքել |civilnet.am|

Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը 93 միլիոնի նոր պայմանագիր է կնքել |civilnet.am|

civilnet.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերությունը օգոստոսին Արթիկի համայնքապետարանի հետ  93 միլիոն դրամի նոր պայմանագիր է կնքել։ Այդ մասին տեղեկանում ենք պետական գնումների Armeps համակարգից։ Թեև «Եվրոասֆալտը» ասֆալտապատման մրցույթում հաղթել է օգոստոսի 13-ին, վերջինիս հետ կնքված պայմանագիրը համակարգ վերբեռնվել է վերջերս։  «Եվրոասֆալտի» կողմից պայմանագիրը ստորագրել է Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը։ Պայմանագրով «Եվրոասֆալտը» պարտավորվում է Արթիկում իրականացնել Պռոշյան փողոցի ու Գարեգին Նժդեհ 1-ին նրբանցքի ասֆալտապատման աշխատանքներ։ 93 միլիոնից  մոտ 75 միլիոնը ուղղվելու է Պռոշյան փողոցի հիմնանորոգմանը, 18-ը՝ Գարեգին Նժդեհ 1-ին նրբանցքի հիմնանորոգմանը։ Այս փողոցների ասֆալտապատման մրցույթին մասնակցել է հինգ ընկերություն ու ամենաէժան գինն առաջարկել է «Եվրոասֆալտ»-ը՝ 93 միլիոն դրամ։ Նրանից ընդամենը մեկ միլիոն դրամ ավել առաջարկել էր «Դուստր Մոնիկա» ՍՊԸ-ն։  Այս տարվա ընթացքում արդեն Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը պետական ու համայնքային մարմիների հետ կնքել է 700 միլիոն դրամի պայմանագրեր։ Գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովը նաև շահերի բախման մասին հայտարարություն էր արել՝ նշելով, որ իրենք ու իրենց հետ փոխկապակցված անձինք չեն հանդիսանում «Եվրոասֆալտի» հիմնադիրներ կամ բաժնետերեր։  Օգոստոսի 26-ին Սիվիլնեթը գրել էր, որ Կառլեն Սիմոնյանը տնօրեն ու փոխտնօրեն է դարձել երեք ընկերություններում, որոնք զբաղվում են բետոնի արտադրությամբ ու ասֆալտապատմամբ։ «Եվրոասֆալտ» և «Եվրոասֆալտ 1»-ում Սիմոնյանը տնօրեն է, բետոնի արտադրությամբ զբաղվող «Թի էս քնսթրաքշն» ընկերությունում՝ փոխտնօրեն։ «Եվրոասֆալտ»-ի բաժնետերերը Սվետլանա Պողոսյանն ու Գրետա Թադևոսյանն են, իսկ «Եվրոասֆալտ 1»-ի բաժնետերը Ուշիում բնակվող տնային տնտեսուհի Սիրուշ Դավթյանն է։ ՍիվիլՆեթը այցելել էր Դավթյանի բնակարան, արձանագրել նրա սոցիալական վիճակը։ Սիրուշ Դավթյանը հրաժարվել էր մանրամասներ հայտնել Կառլեն Սիմոնյանի հետ կապերից ու ասֆալտապատման գործընթացում իր մասնակցությունից։  «Եվրոասֆալտ»-ի գործարանը գտնվում է Երևան-Աշտարակ մայրուղում։ Գործարանի տարածքում են կայանում «Թի էս քնսթրաքշն» ընկերության մի քանի բետոնխառնիչ մեքենաներ։  Շարունակությունը՝ civilnet.am-ում
12:42 - 27 նոյեմբերի, 2021
Հայաստանը շահագրգիռ է խորացնելու երկկողմ հարաբերությունները. Հակոբ Արշակյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

Հայաստանը շահագրգիռ է խորացնելու երկկողմ հարաբերությունները. Հակոբ Արշակյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանոմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Հանդիպմանը ներկա են եղել բարեկամական խմբի անդամներ Բաբկեն Թունյանը, Լենա Նազարյանը, Գուրգեն Արսենյանը: Ողջունելով հյուրին՝ Հակոբ Արշակյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանում Չինաստանի դեսպանության և ՀՀ Ազգային ժողովի միջև առկա է արդյունավետ համագործակցություն: Այս հարցում ԱԺ փոխնախագահն ընդգծել է դեսպանի ուրույն դերակատարությունը: «Հայ-չինական հարաբերությունները շարունակում են վերընթաց ուղի ապահովել, փոխվստահության ու փոխըմբռնման ընդլայնման հնարավորություններ կան: Հայաստանը շահագրգիռ է խորացնելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական և հումանիտար»,- փաստել է խորհրդարանի փոխխոսնակը: Դեսպանն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսության մակարդակը: Ըստ Ֆան Յոնգի՝ պետք է ակտիվացնել խորհրդարանական փոխգործակցությունը, հաճախակի դարձնել փոխայցերը, որոնց թիվը նվազել է համավարակի պատճառով: Որպես բարեկամական խմբի ղեկավար՝ Հակոբ Արշակյանն առանձնակի կարևորել է այս ձևաչափի գործուն նշանակությունը օրենսդիրների միջև շփումների ակտիվացման և երկկողմ օրակարգի առաջմղման հարցում: Լենա Նազարյանն անդրադարձել է կորոնավիրուսային համավարակի դեմ համատեղ պայքարին և այս հարցում կարևորել Չինաստանի աջակցությունը մեր երկրին: Գուրգեն Արսենյանը երկկողմ համագործակցության ընդլայնման համատեքստում խոսել է կրթական, մշակութային ծրագրերի իրականացման անհրաժեշտության մասին և հավելել, որ դա հնարավորություն կտա երկու ժողովուրդներին փոխադարձաբար ծանոթանալու մշակութային արժեքներին: Բաբկեն Թունյանը, կարևորելով տնտեսական համագործակցության խթանումը,  կարծիք է հայտնել, որ չնայած համավարակին՝ տնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկան հիմնականում պահպանվել է: Պատգամավորն անդրադարձել է երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման անհրաժեշտությանը: Կողմերը կարևորել են նաև համագործակցության խթանումը զբոսաշրջության ոլորտում:
14:50 - 26 նոյեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է համաժողովի եւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից: Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 25-26-ին Սանկտ Պետերբուրգի  Տավրիդյան պալատում մասնակցել է  Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նախագահությամբ տեղի ունեցած «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկում եւ կայուն զարգացման նպատակները» խորագրով համաժողովին: ԱՊՀ մասնակից երկրների խորհրդարանների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, առողջապահական ոլորտի փորձագետների մասնակցությամբ քննարկման են դրվել COVID-19 համավարակի պատճառով մի շարք ոլորտներում տեղի ունեցած բազմաբնույթ փոփոխությունները:  Զրույց է ծավալվել համավարակի հետեւանքով հանրային առողջապահության ոլորտը կարգավորող միջազգային եւ տեղական օրենսդրության շուրջ: ԱՊՀ երկրների խորհրդարանների ղեկավարները ներկայացրել են իրենց երկրների ներկա սանիտարական վիճակը, պատվաստումներին առնչվող տվյալները եւ խորհրդարաններում համավարակի պայմաններում աշխատելու փորձի փոխանակում են իրականացրել: Համաժողովին զուգահեռ տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովների նիստերը: Խորհրդարանականները քննարկել են տվյալ ոլորտներում մոդելային օրինագծերին առնչվող քայլերի քարտեզագրման հեռանկարային ուղղությունները: Համաժողովին հաջորդել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը:
12:29 - 26 նոյեմբերի, 2021
Քննարկվել են Արցախի հումանիտար ճգնաժամը և Կարմիր խաչի դերը դրա լուծման գործում

Քննարկվել են Արցախի հումանիտար ճգնաժամը և Կարմիր խաչի դերը դրա լուծման գործում

Սանկտ Պետերբուրգում անցկացվող «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկում և կայուն զարգացման նպատակները» միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 25-ին հանդիպել են Կարմիր խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Բրիջիտ էբեսենի հետ: Հանդիպմանը քննարկվել է Արցախի հետպատերազմյան հումանիտար ճգնաժամը և կազմակերպության դերը դրա լուծմանն ուղղված հարցերում: Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման տարածաշրջանային ղեկավարը գոհունակություն է հայտնել Հայաստանում ԿԽ-ին և ԿՄ-ին առնչվող օրենսդրության վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ մշակվում է ԱՊՀ նմանաբնույթ մոդելային օրենք: Քննարկվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության կարողությունների զարգացման ուղղությամբ ԿԽ-ի և ԿՄ-ի միջազգային ֆեդերացիայի դերակատարությունը: Ալեն Սիմոնյանը կարևորել է միջազգային կազմակերպությունների անմիջական ներկայացվածությունն Արցախում: Հանդիպմանն անդրադարձ է եղել առաջիկայում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգսյին ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի՝ Հայաստան այցին: ՀՀ ԱԺ նախագահը գլխավոր քարտուղարին ընդունելու և օրակարգային առաջնահերթություները քննարկելու պատրաստակամություն է հայտնել:  
16:29 - 25 նոյեմբերի, 2021
«Հայաստան» խմբակցությունը կողմ է տարածաշրջանի ապաշրջափակմանը, սակայն ոչ ՀՀ-ի ինքնիշխանության նվազեցման հաշվին |armenpress.am|

«Հայաստան» խմբակցությունը կողմ է տարածաշրջանի ապաշրջափակմանը, սակայն ոչ ՀՀ-ի ինքնիշխանության նվազեցման հաշվին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը դեմ չէ խաղաղությանը և Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտմանը, բայց ոչ առանց համապատասխան պայմանների և ոչ ի հաշիվ Հայաստանի և Արցախի շահերի կորստի: Այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը խմբակցության ներկայացրած «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներում: Օհանյանը նկատեց, որ սահմանագծման և սահմանազատման համար անհրաժեշտ պայման է, որ հակառակորդ պետությունները դառնան խաղաղ ապրելու պատրաստ հարևան պետություններ՝ մանավանդ ունենալով պատշաճ մակարդակի դիվանագիտական հարաբերություններ և փոխվստահություն: Եվ այդ ամբողջ գործընթացը պետք է իրականացնի հարևան պետությունների կառավարությունների կողմից ստեղծված խառը հանձնաժողովը, նպատակային է կիրառել միջազգային և ազգային նորմերով ամրագրած տեղեկություններ, որոնք հստակ բխում են ՀՀ շահերից: «Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում այդ գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ չկան»,-ասաց Օհանյանը: Նա հիշեցրեց 44-օրյա պատերազմի ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմի վայրագությունների, Արցախի մեծ մասն օկուպացնելու և ՀՀ տարածք ներխուժելու մասին՝ շեշտելով, որ հիմա էլ չի փոխել իր հռետորաբանությունն ու հայատյացությունը, չի վերադարձնում հայ գերիներին: «Եվ սողացող պատերազմի սկզբունքներով, տարածքներ պոկելու մեթոդով իր համար իր իսկ GPS-ներով միակողմանի սահմանազատում և սահմանագծում է իրականացնում, հատկապես Սյունիքում ճանապարհների ապաշրջափակման անվան տակ՝ Զանգեզուրի միջանցքի ձևավորման համար»,- ասաց նա:   Խմբակցության ղեկավարը մեղադրեց գործող իշխանությանը այդ վիճակին հասնելու համար: Նա իշխանությանը մեղադրեց դիվանագիտական և բանակցային գործընթացի թերի գործադրման մեջ: «Հայաստան» դաշինքը դեմ չէ խաղաղությանը և սահմանների ճշգրտմանը, բայց ոչ առանց համապատասխան պայմանների, ժամանակավրեպ և ի հաշիվ Հայաստանի և Արցախի շահերի կորստի: Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները, հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը, մեր բոլորի կարծիքով, պետք է բացառեն Արցախի ներառումն Ադրբեջանի կազմում: Ինչ վերաբերում է տարածաշրջանի ապաշրջափակման և տարածաշրջանային կոմունիկացիաների գործարկմանը՝ ապա մենք կողմ ենք դրան: Սակայն՝ ոչ ի հաշիվ մեր երկրի անվտանգության ապահովան և ինքնիշխանության մակարդակի նվազեցման: Թուրք-ադրբեջանական նախապայմաններն այս հարցում անընդունելի են»: «Մենք գտնում ենք, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վեճերը կարող են լուծվել բացառապես խաղաղ միջոցներով՝ առանց ուժի և ուժի սպառնալիքի կիրառման, միջազգային պրակտիկայի համաձայն ուժի սպառնալիքով տարածքային խնդիրների լուծումը հակասում է միջազգային մի շարք կոնվենցիաներին: ՀՀ-ն չունի որևէ միջազգային իրավական պարտավորվածություն՝ հիմք ընդունելու որևէ քարտեզ՝ ընդ որում առանց կոորդինատների, բացատրագրերի»,- ասաց Օհանյանը: Նա շեշտեց՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթած տարածքների դեօկուպացիան տարածաշրջանում խաղաղության հաստատման գլխավոր նախապայմանն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: Ըստ նրա՝ ՀՀ-ն պաշտոնապես ներկայացնող որևէ անձ չի կարող գրավոր և բանավոր համաձայնության գալ՝ խախտելով  Արցախի Հանրապետությանը և ՀՀ-ին վերաբերող հիմնարար իրավական նորմեր:
13:03 - 25 նոյեմբերի, 2021
Ինչի՞ց վերցրիք, որ ինչ-որ մեկը հանձնել է Ղարաբաղը. ԱԺ-ն ներկայացրել է Ալեն Սիմոնյանի պատասխանը ռուս լրագրողին

Ինչի՞ց վերցրիք, որ ինչ-որ մեկը հանձնել է Ղարաբաղը. ԱԺ-ն ներկայացրել է Ալեն Սիմոնյանի պատասխանը ռուս լրագրողին

«Երեկ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ շտապեցին արտատպել «Комсомольская правда»-ի թղթակցի` «Պատերազմից մեկ տարի անց Արցախում» վերնագրով ծավալուն հրապարակման` ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին վերաբերող հատվածը: Ալեն Սիմոնյանի հետ զրույցում լրագրողն իր զգացողությունները ներկայացրել է որպես փաստ, որոնք բնավ չեն արտացոլում հարցազրույցի իրական պատկերը»: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը և ներկայացնում մանրամասներ հարցազրույցի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. «Եղելությունը հետեւյալն է՝ նախ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առանձին հարցազրույց չի տվել տվյալ լրատվամիջոցի լրագրողին: Լրատվամիջոցի ներկայացուցիչն ԱԺ նախագահի հետ հանդիպել է նոյեմբերի 12-ին ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների լրագրողների հետ միասին՝ Հայաստան այցի շրջանակում: Իրականում լրագրողի հարցը եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պատասխանը խեղաթյուրված են եւ կտրված կոնտեքստից: Լրագրողը հոդվածում նաեւ նշում է, որ փորձում է պաշտպանել Ռուսաստանին հերթական մեղադրանքից: Սակայն, հարցուպատասխանի ընթացքում հստակ երեւում է, որ ոչ միայն մեղադրանք չի հնչել Ռուսաստանի հասցեին, այլեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայն չէ լրագրողի դիտարկումների հետ: Ներկայացնում ենք հարցուպատասխանը. Լրագրող- Դուք հանձնել եք Ղարաբաղը... ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան- Դուք կարծում եք, որ մենք հանձնե՞լ ենք Ղարաբաղը: Լրագրող- Ես կարծում եմ, որ դա արվել է այն բանի համար, որպեսզի Հայաստանը փոխի աշխարհաքաղաքական վեկտորը՝ ռուսաստանյանից մեկ այլ... ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան- Այդպիսի ընկալում, այդպիսի մտքեր կան նաեւ հայ հասարակության մոտ, որ Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը, նույն ձեր տրամաբանությամբ... Լրագրող- Իսկ դուք համաձայ՞ն եք այդ մտքի հետ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան- Իսկ դուք ինչի՞ց վերցրիք, որ ինչ-որ մեկը հանձնել է Ղարաբաղը: Որովհետեւ, գիտեք, երբ ասում եք, որ ինչ-որ մեկը հանձնել է Ղարաբաղը, դուք վիրավորում եք զոհվածներին եւ այն ընտանիքներին, որոնք իրենց հարազատներին կորցրել են այդ պատերազմում: Մեր ժողովուրդը կռվել է մինչեւ վերջ, եւ եթե որեւէ մեկը պատրաստվեր որեւէ բան հանձնել, կար մի քանի տարբերակ դա անելու համար՝ սկսած Լավրովի պլանից, վերջացրած այնպիսի որոշմամբ, որի դեպքում 3800 զոհ չէր լինի հայկական կողմից: Այնպես որ, ասել, թե ինչ-որ մեկը ինչ-որ բան հանձնել է, նշանակում է՝ չիմանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, չիմանալ, թե ինչ է կատարվում Ադրբեջանում, ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, եւ, ցավոք սրտի, Ռուսաստանում: Լրագրող- Դեռ հոկտեմբերին ես Դոնբասի կամավորականների հավաքին էի: Մի քանի հազար մարդ պատրաստվում էին ձեզ օգնելու գալ: Միության ղեկավարն ասաց՝ պետք չի գնալ, մի քանիսը գնացել են եւ վերադարձել: Հայաստանում ընդունվել էր վարձկանության մասին օրենքը, եւ կամավորականներից շատերը հայտնվում էին այդ օրենքի տիրույթում: Այսինքն՝ դուք գիտակցաբար փակել եք այն մարդկանց հոսքը, որոնք պատրաստ էին արյուն թափել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան- Մենք մարդկանց քանակի հետ կապված խնդիր չենք ունեցել: Մեր խնդիրն այն էր՝ ինչպես պայքարել բայրաքթարների դեմ, որոնց հնարավոր չէր խոցել մեր ունեցած տեխնիկայով: Մենք դուրս ենք հանել մեր մոտավորապես 25 հազար զինծառայողներին այն տարածքներից, որոնք անցան Ադրբեջանի վերահսկողության տակ: Ու դուք կարծում եք, որ պատերազմը պարտվել ենք, որովհետեւ մարդ չունեի՞նք: Իրո՞ք: Դուք կարծում եք, որ 2020 թվականին պատերազմը հաղթում են մարդի՞կ: Կից ներկայացնում ենք տեսագրությունն առանց որեւէ միջամտության եւ դատողությունները թողնում ձեզ, թե արդյո՞ք հարցազրույցը վերածվել է բանավեճի կամ Ալեն Սիմոնյանը զրույցի կեսից «տաքացել է»: Կոչ ենք անում «Комсомольская правда»-ի թղթակից Դմիտրի Ստեշինին զերծ մնալ տարատեսակ շահարկումներից եւ ջուր չլցնել այն մարդկանց ջրաղացին, ովքեր փորձում են վնասել հայ-ռուսական հարաբերությունները ու իրենց քայլերով սեպ խրել բարեկամ եւ դաշնակից երկու երկրների միջեւ»:
15:21 - 24 նոյեմբերի, 2021
ՊՆ-ն ասում է՝ կան զոհեր, բայց չի հրապարակվում ո՛չ թվեր, ո՛չ անուններ, սա աննախադեպ երևույթ է Հայաստանի պաշտպանական ոլորտում. Գեղամ Մանուկյան |tert.am|

ՊՆ-ն ասում է՝ կան զոհեր, բայց չի հրապարակվում ո՛չ թվեր, ո՛չ անուններ, սա աննախադեպ երևույթ է Հայաստանի պաշտպանական ոլորտում. Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Արդեն տևական ժամանակ է, որ առաջնագծի տարբեր հատվածներում տեղի են ունենում ռազմական գործողություններ, և միաժամանակ աննախադեպ երևույթ է տեղի ունենում Հայաստանի պաշտպանական ոլորտում։ Այս մասին Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի արտահերթ նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Հանրությունը զրկվում է ամբողջական լրատվություն ստանալու հնարավորությունից։ Վստահ եմ՝ բոլորը գիտակցում են` ինչ վտանգներով է հղի, երբ հանրությունը տեղեկություն չստանալու պարագայում հայացքն ուղղում է թշնամական պետությունների տեղեկատվական աղբյուրներին։ Բայց այս անգամ ևս մեկ աննախադեպ բան է արձանագրվել․ ՊՆ-ն իր գործունեության ողջ ընթացքում առաջին անգամ պաշտոնական մամլո հաղորդագրությամբ տեղեկացնում է հանրությանը, որ կան զոհեր, բայց  չի հրապարակվում զոհերի թիվ, չեն հրապարակվում անուններ։ Արդյունքում հանրության մեջ՝ հատկապես առաջնագծում ծառայող զինծառայողների ծնողների մեջ ստեղծվում է սարսափելի հուզական վիճակ»։
12:19 - 23 նոյեմբերի, 2021
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալվել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալվել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը նոյեմբերի 23-ին հյուրընկալվել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Ժերար Լարշեին «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով համաժողովին մասնակցելու հրավերի համար: Ֆրանսիայի Սենատի նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար՝ նշելով, որ հանգամանորեն հետեւում են հայաստանյան իրավիճակին եւ քաջատեղյակ են հետպատերազմյան զարգացումներին: Գործընկերները հատկանշական են համարել այն, որ համաժողովն անց է կացվելու 2020թ. նոյեմբերի 23-ին Ֆրանսիայի Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձեւի գրեթե միաձայն ընդունումից մեկ, եւ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքի ընդունումից 20 տարի անց: ՀՀ օրենսդիր մարմնի նախագահը փաստել է, որ պատմական այդ իրադարձությունները Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ համերաշխության բացառիկ դրսեւորումներ են, իսկ Ֆրանսիայի ներքաղաքական կյանքում՝ միակարծության եզակի օրինակներ: Այս համատեքստում հայկական կողմը բարձր է գնահատել Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւերի ընդունումը, ինչպես նաեւ ֆրանսիական պետության եւ տարբեր կազմակերպությունների իրականացրած մարդասիրական օգնությունը: Կողմերն անդրադարձել են Հայաստանի սահմանին Ադրբեջանի իրականացրած սադրիչ եւ ագրեսիվ գործողություններին՝ արձանագրելով, որ Ադրբեջանը խախտում է 2020-ի  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Գործընկերոջ խնդրանքով հետպատերազմյան իրավիճակի վերաբերյալ մանրամասներ ներկայացնելով՝ Ալեն Սիմոնյանը շեշտել է Հայաստանի կոչը միջազգային բոլոր գործընկերներին՝ հստակորեն եւ հասցեական արձագանքել ադրբեջանական կողմի՝ տարածաշրջանային խաղաղությունը եւ անվտանգությունը լրջորեն վտանգող այս գործողություններին ու գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերման ուղղությամբ: Կողմերը փաստել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու եւ մանդատի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի կարեւորությունը: Զրույցի ընթացքում ուշադրություն է հրավիրվել հետպատերազմյան հումանիտար խնդիրների հրատապ կարգավորմանը, այդ թվում՝ բոլոր ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների հայրենադարձման անհրաժեշտությանը: Կողմերն անդրադարձել են հանդիպումից ժամեր առաջ հայ-ադրբեջանական սահմանից Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի  ուղղությամբ բացած կրակին, ինչի հետեւանքով զոհվել է զինծառայող Սուրեն Սաֆարյանը: Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները կողմերը համարել են ոտնձգություն նաեւ ժողովրդավարության հանդեպ: Գործընկերները խոսել են միջպետական հարաբերությունների զարգացման հարցերում միջխորհրդարանական համագործակցության հատկանշական գործառույթներից, ինչպես նաեւ՝ հայ-ֆրանսիական բարձրաստիճան քաղաքական երկխոսության դինամիկայից: Հանդիպումը եզրափակվել է ՀՀ ԱԺ-ի եւ ՖՀ Սենատի միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրմամբ, որով նախատեսվում է օրենսդիր մարմինների բազմաբեւեռ համագործակցություն՝ ի նպաստ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բարեկամության եւ համերաշխության:
12:13 - 23 նոյեմբերի, 2021
Հանձնաժողովի արտահերթ նիստը վերածվեց վիճաբանության  ՔՊ և «Հայաստտան» խմբակցությունների պատգամավորների միջև |hetq.am|

Հանձնաժողովի արտահերթ նիստը վերածվեց վիճաբանության ՔՊ և «Հայաստտան» խմբակցությունների պատգամավորների միջև |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը վերածվեց վիճաբանության և ՔՊ և «Հայաստտան» խմբակցությունների պատգամավորների՝ միմյանց հասցեին վիրավորանքների ու մեղադրանքների: Օրակարգում կրկին հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր: Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մեղադրանք հնչեցրեց «Հայաստան» խմբակցության հասցեին՝ ասելով, թե դաշինքին սպասարկող ԶԼՄ-ներն են, որ ադրբեջանական աղբյուրներից զազրելի տեղեկություններ են տարածում: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ իր հերթին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին ու Վահագն  Ալեքսանյանին մեղադրեց մանիպուլյացիաների ու սուտ տեղեկություններ տարածելու մեջ: «Ստախոսն ինքներդ եք»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: «Դուք դեռ պետք է դատվեք։ Դուք ու Վահագն Ալեքսանյանը, որ հրապարակային հայտարարում եք, թե գուցե «Հայաստան» դաշինքն է հրավիրել Ադրբեջանին: Դուք պետք է պատասխան տաք»,- ասաց Մինասյանը: «Դատվողները շատ շուտով կդատվեն»,- արձագանքեց Վահագն Ալեքսանյանը: Ընդդիմադիր պատգամավորները լքեցին սենյակը, որից հետո հանձնաժողովականները կրկին մերժեցին Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
11:59 - 23 նոյեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Ռիշար Ֆեռանի հետ

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Ռիշար Ֆեռանի հետ

Նոյեմբերի 22-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Ռիշար Ֆեռանը: Ողջույնների փոխանակումից հետո կողմերը հանգամանորեն քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին օրեր առաջ տեղի ունեցած Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունները, ինչի հետևանքով կան զոհեր, գերեվարված հայ զինծառայողներ և անհետ կորածներ: Ալեն Սիմոնյանը նշել է, որ վերջին հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքներ օկուպացնելու՝ ադրբեջանական կողմի հետևողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսի 12-ից՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ուժերի ներթափանցմամբ: ԱԺ նախագահի խոսքով՝ սա հարձակում էր նաև ժողովրդավարության վրա: Գործընկերների քննարկման առանցքում են եղել 44-օրյա պատերազմին հաջորդած իրադարձությունները, Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանն ուղղված մարտահրավերները: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիային՝ Ադրբեջանում որպես պատանդ պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերադարձի, արցախահայ փախստականների իրավունքների, Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցերում իշխանության տարբեր թևերի ղեկավարների, ինչպես նաև հանրային գործիչների ցուցաբերած մեծ ուշադրության համար: Նա հատկանշական է համարել Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից 2020թ. դեկտեմբերի 3-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված «Եվրոպայի և Արևելքի քրիստոնեական համայնքների և հայ ժողովրդի պաշտպանության մասին» բանաձևը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի ընդունած բանաձևերը կարևոր հանգրվան են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի կարգավորման և այդ գործընթացում Ֆրանսիայի ակտիվ դերակատարման ամրապնդման համար Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Ֆրանսիան եղել և մնում է Հայաստանի բարեկամը՝ անկախ աշխարհագրորեն հեռու լինելուց: Կողմերը գոհունակությամբ փաստել են միջխորհրդարանական համագործակցության ամրությունը՝ դրանց շարունակական զարգացման գործում առանձնացնելով Հայաստանի և Ֆրանսիայի օրենսդիր մարմինների  բարեկամության խմբերի դերը: Հանդիպման ավարտին գործընկերներն ընդգծել են համատեղ ջանքերի կարևորությունը Հայաստանի և Ֆրանսիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության շարունակականության և ընդլայնման գործում: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած  պատվիրակությունը Ֆրանսիայում է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի  հրավերով: Երկօրյա աշխատանքային այցի շրջանակում պատվիրակությունը մասնակցելու է Ֆրանսիայի Սենատի նախագահի բարձր հովանու ներքո անցկացվելիք «Հայաստանը մեկ տարի անց» խորագիրը կրող համաժողովին:
16:37 - 22 նոյեմբերի, 2021