ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Պետք է իրավիճակին հետևելով՝ թույլ չտանք հասնել կարմիր գծերին. Արսեն Թորոսյան |armenpress.am|

Պետք է իրավիճակին հետևելով՝ թույլ չտանք հասնել կարմիր գծերին. Արսեն Թորոսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների ամենամեծ թիվը եղել է հուլիսի 6-ին, իսկ ամենացածր թիվը՝ սեպտեմբերի 11-ին։ Այդ մասին կառավարության նիստում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ սեպտեմբերի 11-ից մինչ օրս օրվա կտրվածքով  դրական դեպքերի թիվն աճում է՝ հասնելով 374-ի: «Այսօրվա թիվն, իհարկե, կտրուկ տարբերվում է նախորդ օրերի աճից, սակայն տենդենցը սկսվել է սեպտեմբերի 11-ից։ Եվ, այո, դա պայմանավորված է թե շարժունակության մեծացմամբ, թե համաճարակային կանոնների նկատմամբ մեր կարգապահությամբ»,- ասաց նախարարը։ Արսեն Թորոսյանի խոսքով՝ եթե մեկ շաբաթվա ընթացքում սրանից ավելի կտրուկ աճ լինի, արդեն դա կապվելու է դպրոցների վերաբացման հետ։ «Խոսքը միայն դպրոցի ներսում փոխանցման մասին չէ։ Դպրոցներն ինքնին և ուսումնական հաստատությունները մեր բնակչության զանգվածային շարժունակությունն ապահովող ամենամեծ գործոններից մեկն են, որը փաստացի չկար երկար ժամանակ։ Եվ դա մենք ավելացրել ենք, իհարկե, գնահատելով ռիսկերը։ Եվ պետք է իրավիճակին հետևելով՝ թույլ չտանք հասնել կարմիր գծերին»,- ասաց նախարարը:
12:39 - 24 սեպտեմբերի, 2020
Կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված գործում է 100 տոկոսով թափանցիկ |armenpress.am|

Կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված գործում է 100 տոկոսով թափանցիկ |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսային հիվանդության հետ ապրելու տրամաբանության շրջանակում պետք է շարունակել կրել դիմակներ, պահել սոցիալական հեռավորություն և հաճախ լվանալ ձեռքերը: Այս մասին կառավարության նիստում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ կան գործոններ, որոնք դժվար են կառավարվում: «Մասնավորապես, հասարակական տրանսպորտում վիրուսի տարածման ուղիղ ռիսկի գործոնը»,- ասաց նա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ի վերջո, բոլոր երկրները մոտավորապես նույն իրավիճակում են լինելու: «Զարգացումները դա են ցույց տալիս, Եվրոպայում երկրորդ, բայց շատ ավելի մեծ ալիք է սկսվել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված 100 տոկոսով թափանցիկ է գործում՝ չթաքցնելով որևէ թիվ:
12:30 - 24 սեպտեմբերի, 2020
Ֆրանսիական ընկերությունը ՀՀ-ում կիրականացնի ճանապարհների տեխնիկական հսկողություն |armenpress.am|

Ֆրանսիական ընկերությունը ՀՀ-ում կիրականացնի ճանապարհների տեխնիկական հսկողություն |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը Ֆրանսիայում գրանցված «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությանը թույլատրեց լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ իրականացնել: Ըստ նախագծի հիմնավորման, որոշմամբ անհետաձգելի է համարվել մի շարք տրանսպորտային օբյեկտների շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների գնման կարիքը‚ և թույլատրվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տվյալ ավտոմոբիլային ճանապարհների տեխնիկական հսկողության ծառայությունները ձեռք բերել ինժեներական ծառայություններ մատուցող միջազգային ընկերություններից՝ մեկ անձից գնման ընթացակարգով: «Նշված որոշման պահանջներին համապատասխան տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերության միջև կնքվել է «Պետության  կարիքների համար տեխնիկական հսկողության ծառայությունների  մատուցման պետական  գնման» պայմանագիրը, որի համաձայն՝ «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությունը պետք է իրականացնի վերը նշված որոշմամբ նախատեսված մի շարք տրանսպորտային օբյեկտների շինարարության որակի տեխնիկական հսկողությունը։ Ֆրանսիայի օրենսդրության համաձայն՝ «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությունն իրավասու է զբաղվել ինժեներական (տեխնիկական վերահսկողության) գործունեությամբ, այդ թվում քաղաքաշինության, տրանսպորտային ենթակառուցվածքների բնագավառում: Ակնկալվում է, որ «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությունը ձեռք կբերի «Շինարարության որակի տեխնիկական հսկողություն» գործունեության տեսակով զբաղվելու իրավունք, ինչը հնարավորություն կտա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել Պայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները»,- ասված է հիմնավորման մեջ:
12:07 - 24 սեպտեմբերի, 2020
Եվրահանձնաժողովը ՀՀ-ում դատական ոլորտի բարեփոխումների համար կհատկացնի 30 մլն եվրո

 |armenpress.am|

Եվրահանձնաժողովը ՀՀ-ում դատական ոլորտի բարեփոխումների համար կհատկացնի 30 մլն եվրո |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական հանձնաժողովը Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացման նպատակով կհատկացնի 30 մլն եվրո: ՀՀ կառավարության սեպտեմբերի 24-ի նիստի օրակարգում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. Փուլ I» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը: Ըստ նախագծի հիմնավորման, ֆինանսավորման համաձայնագրի նախագծով սահմանվում է Եվրոպական միության կողմից «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. Փուլ I» ծրագրի ֆինանսավորումը՝ 30 մլն  եվրո գումարի չափով, որից 3 մլն եվրոն միտված է տեխնիկական աջակցությանը (հիմնականում խորհրդատվական ծառայություններին), իսկ մնացած 27 մլնը՝ երեք հավասար մասնաբաժիններով հատկացվելու է պետական բյուջեին՝ ըստ համաձայնագրի ընդհանուր և հատուկ պայմանների իրականացման։ Ծրագիրն ուղղված է արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության բարեփոխումների իրականացման գործընթացին աջակցելուն՝ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի (ՀԸԳՄ) շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորություններին և ԵՄ լավագույն գործելակերպերին համապատասխան։ Ծրագրի ընդհանուր նպատակն է հնարավոր դարձնել արդարադատության ոլորտում օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի ապահովումը։ Հատուկ նպատակներն են արդարադատության համակարգում անկախության, բարեվարքության և հաշվետվողականության ամրապնդումը, ծառայությունների մատուցման և դրա կատարողականի բարելավումը, ինչպես նաև կոռուպցիայի նկատմամբ դատական համակարգի հակազդեցության ուժեղացումը։ Ծրագրի հիմքում ընկած են Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ և վերջինիս 2019-2023թթ. գործողությունների ծրագրով ամրագրված առաջնահերթությունները, ինչպիսիք են՝ կոռուպցիայի դեմ պայքարը, դատավորների անկախության, անկողմնակալության ու հաշվետվողականության, ինչպես նաև դատական իշխանության գործունեության արդյունավետության բարելավումը։ Ծրագրում արտացոլված են նաև ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունում տեղ գտած առաջնահերթությունները, որոնցից է մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի և համապատասխան կանխարգելիչ, դատախազական և քննչական մարմինների ստեղծումը։ Բյուջետային աջակցության միջոցների փոխանցմամբ ՀՀ կառավարությանը հնարավորություն կտրվի բարելավել արդարադատության ոլորտի և դրա հետ փոխկապակցված հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և իրագործման համար անհրաժեշտ ֆինանսական կարողությունը։ Տեխնիկական աջակցությունը կնպաստի բարեփոխումների իրականացմանը, իրազեկվածության բարձրացմանը, կանոնավոր մշտադիտարկում իրականացնելու և համապատասխանությունը գնահատելու նպատակով տվյալների հավաքագրման մեխանիզմների կատարելագործմանը։
21:30 - 23 սեպտեմբերի, 2020
Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառումը

Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառումը

ՀՀ կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառումը։ Նպատակը զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերություններին աջակցելն է։ Այդ մասին տեղեկացնում ենք Էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքի էջից: Նշված տրանսպորտային ընկերություններին կտրամադրվի 2020 թ․ ապրիլի 1-ից սկսած չվճարված տոկոսագումարների 75 տոկոսի փոխհատուցման միջոցով աջակցություն, որը կնպաստի վերջիններիս վարկային պարտավորությունների կատարմանը՝ իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև՝ զարգացման նպատակով ձեռքբերված վարկի դիմաց գրավի առարկա հանդիսացող գույքը պաշտպանելու համար։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված միջոցառման շահառու են տնտեսական գործունեության H49.3, H49.42 և N79 դասակարգիչները հայտարարագրած տրանսպորտային ոլորտի՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն տնտեսավարողները, որոնք ստեղծվել են մինչև 2019 թվականի հունվարի 1-ը, կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումից օգտվելու հայտ չեն ներկայացրել, 2019 թվականի իրացման շրջանառության առնվազն 50 տոկոսը ձևավորվել է հետևյալ պատվիրատուների անկանխիկ վճարումների արդյունքում՝  զբոսաշրջային գործակալություններ և օպերատորներ, տեղերի ամրագրում և զբոսաշրջության ոլորտի այլ ծառայություններ մատուցող տնտեսվարողներ, կացության կազմակերպում իրականացնող տնտեսվարողներ, օտարերկրյա բանկային հաշվից վճարում իրականացրած քաղաքացիներ կամ կազմակերպություններ: Փոխհատուցումը տրամադրվում է մինչև 2021 թվականի մարտ ամիսը ներառյալ։
20:27 - 23 սեպտեմբերի, 2020
Քննարկվում է «Հին Երևան» ծրագրի իրացումները պետական մարմնի մասնակցությամբ շարունակելու հարցը

Քննարկվում է «Հին Երևան» ծրագրի իրացումները պետական մարմնի մասնակցությամբ շարունակելու հարցը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի գլխավորությամբ սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի առաջին նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, իր ելույթում Վարագ Սիսեռյանն ասել է. «Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ, Այսօր Երևանի 14ա թաղամասում «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի առաջին նիստն է: «Հին Երևան» ծրագիրը մայրաքաղաքի կայուն զարգացման առանցքային բաղադրիչներից է թե՛ քաղաքաշինական և թե՛ պատմամշակութային արժեքների պահպանման և նորովի մատուցման տեսանկյունից: Ծրագիրը միտված է խթանելու շինարարական գործընթացները Երևանում՝ պահպանելով քաղաքի կենտրոնական հատվածի կոլորիտը և պատմամշակութային միջավայրը: Ներկայումս ընթանում են իրացման ակտիվ աշխատանքներ: Տարածքում առկա մոտ 150 գույքից այս պահին օտարման ենթակա է մնացել 47-ը: Իրացումների և շինարարական գործընթացների հետ կապված խնդիրները գույքագրվում են ամենօրյա ռեժիմով, կատարվում են ակտիվ աշխատանքներ խնդիրներին պետական մակարդակով լուծում տալու ուղղությամբ: 2018 թվականից ի վեր արձանագրվել է դրական տեղաշարժ թե՛ իրացումների և թե՛ շինարարության մասով, մասնավորապես՝ բարձրացվել է բնակիչներին տրամադրվող փոխհատուցման գումարի չափը: Այս փուլում քննարկվում է նաև իրացումների գործընթացը պետական կամ համայնքային մարմնի մասնակցությամբ շարունակելու հարցը, ինչը կնպաստի գործընթացների առավել արդյունավետ լինելուն: Հարկ է նշել, որ ելնելով ծրագրի իրագործման ծավալներից և բազմաշերտ բնույթից՝ ընթացիկ աշխատանքների իրականացման ընթացքում առաջանում են մի շարք խնդրահարույց հարցեր՝ մասնավորապես հողերի օտարումների, շինարարական թույլտվությունների և այլնի հետ կապված: Մենք կքննարկենք և կգույքագրենք բոլոր խնդիրները ու կփորձենք գտնել համապատասխան լուծումներ բոլոր խնդիրներին և ավարտին հասցնել այս ծրագիրը»:  Նիստին մասնակից տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են հողերի իրացման, նախագծային և շինարարական ընթացիկ աշխատանքների ներկա վիճակը: Համապարփակ անդրադարձ է կատարվել ծրագրի իրականացման հետ կապված առկա հիմնական խնդիրների գույքագրմանը և դրանց լուծմանը վերաբերող հարցերին: Նախանշվել են աշխատանքային խմբի գործունեության հետագա քայլերը:
19:55 - 23 սեպտեմբերի, 2020
ՀՀ-ն և ՉԺՀ-ն շահագրգռված են համագործակցության զարգացմամբ. վարչապետի և դեսպանի հրաժեշտի հանդիպումը

ՀՀ-ն և ՉԺՀ-ն շահագրգռված են համագործակցության զարգացմամբ. վարչապետի և դեսպանի հրաժեշտի հանդիպումը

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:  Այս մասին հայտնում են  ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին ակտիվ գործունեությամբ հայ-չինական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար և նշել, որ նրա պաշտոնավարման տարիներին երկու պետությունների համագործակցությունը տարբեր ուղղություններով եղել է սերտ ու արդյունավետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Չինաստանի հետ գործակցությունն ընդլայնել ու առավել ամրապնդել: Վարչապետի խոսքով՝ դրա համար լավ հիմք են նախորդ տարի Պեկինում ունեցած իր քննարկումները ՉԺՀ նախագահի և վարչապետի հետ: Թիան Էրլունը շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ կառավարությանը համագործակցության համար՝ հավելելով, որ չինական կողմը ևս հետաքրքրված է Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի ընդլայնմամբ: Դեսպանի խոսքով՝ անցած տարիների ընթացքում երկու պետությունների միջև աճել է առևտրաշրջանառությունը, ընդլայնվել են հումանիտար կապերը: Նա վստահություն է հայտնել, որ երկկողմ համագործակցության մեծ ներուժը կիրացվի առաջիկա տարիների ընթացքում, ինչի հիմքը Հայաստանի և Չինաստանի կառավարությունների կամքն է: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության, առողջապահության, կրթական  ոլորտներում համագործակցությանը և նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել չինական կողմին մեր երկրին 200 շտապ օգնության ավտոմեքենաներ նվիրաբերելու համար:
18:55 - 23 սեպտեմբերի, 2020
Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է ՔՏՀԱ տեսչական մարմնի 2019-2020թթ. գործունեության հաշվետվությունը

Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է ՔՏՀԱ տեսչական մարմնի 2019-2020թթ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ սեպտեմբերի 23-ին քննարկվել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2019թ. գործունեության հաշվետվությունը և 2020թ. առաջին 8 ամսվա աշխատանքների կատարողականը: Այս մասին հայտնում են  ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ այս տեսչական մարմինը ձևավորվել է նախկինում գործող 5 տեսչության օպտիմալացման արդյունքում և իրականացնում է տեսչական գործառույթներ՝ քաղաքաշինության, տեխնիկական, հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, հողօգտագործման և քարտեզագրման բնագավառներում: Կատարվել են օրենսդրական փոփոխություններ, կարգավորվել են տեսչական մարմնի կողմից վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու շրջանակը և լիազորությունները: Ինչպես տեսչական մյուս մարմիններում, այստեղ ևս ամբողջովին ներդրվել է ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ:   Ապա Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները: Նրա խոսքով՝ 2019թ. տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտում ստուգումներ են իրականացվել 1200-ից ավելի դպրոցներում, այժմ ՏԻՄ հետ քննարկումներ են ընթանում ազդանշանման ինքնաշխատ համակարգերի և հրդեհաշիջման կահավորանքի թերությունները վերացնելու ուղղությամբ: Վարչապետի հանձնարարությամբ իրականացվել է 135 ստուգում, բացահայտվել է գրեթե 1200 խախտում, տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումները վերացնելու կարգադրագրեր: Հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել ՀՀ գործող բոլոր մանկական ճամբարներում և  կարուսելներում, կրկնայցերի շրջանակում պարզվել է, որ խախտումների մեծ մասը վերացված է։  Քաղաքաշինության ոլորտում՝ 2700-ից ավելի դիտարկումների ընթացքում հայտնաբերվել է 411 ինքնակամ կառույց, տրանսպորտի անվտանգության ոլորտում իրականացվել է մշտադիտարկում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի, տրանսպորտային միջոցների շահագործման և տեխզննության անցկացման կայանների գործունեության նկատմամբ, էներգետիկայի ոլորտում՝ էներգատեղակայանքներում իրականացվել են տեխնիկական ստուգումներ: Ներկայացվել են արձանագրված թերությունները շտկելու և խախտումների վերացնելու վերաբերյալ առաջարկներ: Հողօգտագործման ոլորտում՝ ստուգում է իրականացվել մարզային 21 համայնքում, արձանագրվել է 339 խախտման դեպք, կազմվել է 21 ակտ, որոշ խախտումների մասով հարուցված են քրեական գործեր։ Գեղամ Շախբազյանը նշել է, որ COVID-19-ով պայմանավորված՝ ՏՄ2020թ. գործունեության տարեկան ծրագրով սահմանված մի շարք միջոցառումներ կատարվել են ոչ ամբողջ ծավալով: Այնուամենայնիվ, տեսչական գործառույթները շարունակաբար իրականացվել են նշված բոլոր ոլորտներում և ուղղություններով: Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ ստեղծվել է 11 աշխատանքային խումբ, և Ոստիկանության  հետ  համատեղ իրականացվում են ամենօրյա մշտադիտարկումներ տրանսպորտի ոլորտում, որոնց արդյունքում արդեն կազմվել է 1797 արձանագրություն։ Ստուգումներ են իրականացվել պայթյունավտանգ օբյեկտներում:   Հաշվետվությունը լսելուց հետո վարչապետն անդրադարձել է մի շարք հարցերի՝ մասնավորապես, հետաքրքրվել է հակահրդեհային կանոնների խախտումների արձանագրումից հետո տարվող աշխատանքով: Պարզաբանումներ են ներկայացվել տարբեր նշանակության ռիսկային օբյեկտներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների և ձեռնարկված միջոցառումների մասին: Քննարկվել է հակահրդեհային ապահովագրության համակարգի ներդրման հարցը: Կառավարության ղեկավարը խոսել է նաև գազի ներտնային սպասարկմանն առնչվող ռիսկերի մասին՝ կարևորելով չափանիշների սահմանումը և արդյունավետ վերահսկողությունը: Վարչապետն անդրադարձել է հանրապետության տարածքում առկա ինքնակամ կառույցների խնդրին՝ հետաքրքրվելով մշակվող լուծումներով: Պատասխանատուները զեկուցել են, որ այդ նպատակով մշակվել և շրջանառվում է համապատասխան օրենսդրական կարգավորումների փաթեթ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հանրության շրջանում այն մոտեցման տարածումը, որ ցանկացած շինարարություն իրականացնելու համար պետք է համապատասխան նախագիծ ունենալ և ընդգծել, որ օրենսդրական դաշտի ապահովումը ևս կնպաստի այսուհետ ինքնակամ շինարարության բացառմանը: Քննարկվել են նաև վտանգավոր թափոնների կառավարմանը և պայթյունավտանգ օբյեկտներին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը քննարկման արդյունքներով հանձնարարականներ է տվել պատասխանատուներին: Հաջորդիվ ներկայացվելու են Սննդամթերքի անվտանգության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները:
18:40 - 23 սեպտեմբերի, 2020
Մինչեւ շաբաթվա վերջ նախատեսվում է իրականացնել անձանց տեղաշարժի մասին հավաքագրված տեղեկությունների ոչնչացման գործընթացը

Մինչեւ շաբաթվա վերջ նախատեսվում է իրականացնել անձանց տեղաշարժի մասին հավաքագրված տեղեկությունների ոչնչացման գործընթացը

Մինչեւ այս շաբաթվա ավարտ նախատեսվում է իրականացնել արտակարգ դրության ընթացքում հեռախոսների միջոցով անձանց տեղաշարժի մասին հավաքագրված տեղեկությունների ոչնչացման գործընթացը։ Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ընթացքում պարետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։ ՀՀ կառավարության 16.03.2020 թվականի N 298-Ն որոշման մեջ նշված է, որ համակարգչային հատուկ ծրագրում մշակված բոլոր տվյալները պետք է ոչնչացվեն արտակարգ դրության ավարտից հետո՝ երկշաբաթյա ժամկետում։ Ոչնչացման գործընթացը կազմակերպելու եւ իրականացնելու է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն՝ ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության եւ այն բոլոր մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք արտակարգ դրության ժամանակահատվածում հասանելիություն են ունեցել տվյալներին կամ մշակել են դրանք։ Տվյալների ոչնչացման գործընթացին կարող են մասնկացել նաեւ մեկական ներկայցուցիչ ՀՀ ԱԺ խմբակցություններից։ Infocom-ը փորձեց ԱԺ խմբակցություններից տեղեկանալ՝ ստացե՞լ են ծանուցումը եւ արդեն որոշե՞լ են՝ ով է մասնակցելու տվյալների ոչնչացման գործընթացին․ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հայտնեցին, որ ծանուցումն ստացել են, սակայն դեռեւս չեն որոշել՝ ով է մասնակցելու, իսկ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչը լինելու է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ կապ հաստատել չստացվեց։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ վարչապետի աշխատակազմը ծանուցում է ուղարկել վերոնշյալ մարմիններին՝ առաջարկելով ներկայացնել ներկայցուցչի վերաբերյալ տվյալներ՝ ոչնչացման գործընթացին մասնակցելու համար։ Մասնագիտական շրջանակների հետ քննարկումների արդյունքում ընտրվել է գործընթացը, որը նկարագրված է կառավարության N 298-Ն որոշման մեջ, որը կապահովի տվյալների ամբողջական ոչնչացումը։ Տվյալների ոչնչացնումն իրականացվելու է տվյալների նյութական կրիչների (տվյալների կենտրոնային համակարգերի կոշտ սկավառակների) ապամագնիսացման եւ ֆիզիկական ոչնչացման եղանակով, այն ձեւով, որն անհնար է դարձնում վերականգնել տվյալների բովանդակությունը։  Փոխվարչապետի գրասենյակից նաեւ նշել են, որ համակարգչային հատուկ ծրագրից որեւէ արտահոսք չի գրանցվել։ Այս ընթացքում ծրագրի միջոցով վերլուծվել են 10.853 վարակակրի կոնտակտներ, արդյունքում հաստատվել է 1548 քաղաքացի, որոնք իրապես շփում են ունեցել վարակակրի հետ եւ նրանց ինքնամեկուսանալու հրահանգ է տրվել։ Ինքնամեկսուցածների մոտ տեղադրվել է StayHome հավելվածը, որն ապահովել է ինքնամեկուսացման ռեժիմի պահպանումը, ինչպես նաեւ ինքնամեկուսացածի ուղղակի կապը՝ իր բուժող բժշկի հետ։  Infocom-ը հետաքրքրվել էր՝ ե՞րբ կհրապարակվի պաշտոնական վիճակագրությունն այն մասին, թե համավարակի դեմ պայքարի գործընթացում ինչ ռիսկեր է չեզոքացրել այս տվյալների հավաքագրումը, ինչին ի պատասխան՝ նշել են, որ համեմատության համար պետք է դիտարկել նման ծրագրի բացակայության սցենարը։ Այս պարագայում, ըստ մեր ստացած պատասխանի, վերոնշյալ թվերը վկայում են համակարգչային հատուկ ծրագրի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ունեցած դերի մասին․ օրինակ՝ 178 վարակակիրները ծրագրի միջոցով չհայտնաբերվելու դեպքում իրենց ամենօրյա շփումների միջոցով կնպաստեին կորոնավիրուսի ավելի տարածմանը։  Զարա Խաչատրյան
18:14 - 23 սեպտեմբերի, 2020
ՌԴ մեկնել ցանկացողները երեխաների հետ գիշերել են կառավարության շենքի մոտ, հայտարարել են նստացույց ու հացադուլ |pastinfo.am|

ՌԴ մեկնել ցանկացողները երեխաների հետ գիշերել են կառավարության շենքի մոտ, հայտարարել են նստացույց ու հացադուլ |pastinfo.am|

pastinfo.am: Կառավարության շենքի դիմաց Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող քաղաքացիները նստացույց և հացադուլ են անում։ Քաղաքացիներից 20-ը գիշերել են դրսում, այսօր այլ քաղաքացիներ ևս միացել են նստացույցին, նրանց շարքերում են նաև անչափահաս երեխաներ։ Առավոտյան նրանից երկուսին ընդունել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Գոհ ենք, որ մեզ հրավիրեց ընդունելության, բայց ամեն դեպքում մեր ակցիաները չենք դադարեցնի, շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև հարցի լուծում ստանալը»,-  հայտնեց նստացույց անող Արթուր Ոսկանյանը։ Նստացույցի մասնակիցների խոսքով՝ վարչապետն իրենց հայտնել է, որ սահմանների չբացվելը կապված է կորոնավիրուսի վարակակիրների թվի հետ ու նշել, որ լուծման եզրեր կգտնի՝ հոկտեմբերին, վարչապետերի հանդիպումից հետո, սակայն քաղաքացիներն ասել են, որ չեն կարող այդքան սպասել։ ՌԴ մեկնել ցանկացողները պահանջում են, որ առաջնային լուծում տրվի 200 հոգու, ովքեր ամբողջ օրը փողոցում են՝ նստացույց են անում, բողոքում և ակցիաներ կազմակերպում։ Վստահեցնում են՝ նրանց  հարցը հրատապ է։ Հանդիպման ժամանակ ցուցարարները նաեւ բարձրաձայնել են, որ ԵԱՏՄ մյուս երկրներում էլ վիճակը բարվոք չէ, բայց նրանց հետ սահմանները բաց են, վարչապետը պատասխանել է, որ երկու երկրում այդ տվյալներն արհեստականորեն իջեցված են: Ակցիայի մասնակիցները չգիտեն երբ կլինի պատասխանը, այդ պատճառով էլ իրենց ակցիան և հացադուլը շարունակվելու է: Նրանք հայտնեցին, որ օրվա ընթացքում իրենց են միանալու թիմակիցները, իսկ երեկոյան 20 հոգով կշարունակեն հացադուլը և նստացույցը:
14:59 - 23 սեպտեմբերի, 2020
Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին անդրադարձ է կատարվել տնտեսական և IT ոլորտներին

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին անդրադարձ է կատարվել տնտեսական և IT ոլորտներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանի և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Մեթ Մյուրեյի համանախագահությամբ կայացել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի առցանց խորհրդակցությունների բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել տնտեսական, էներգետիկ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցությանը և դրանց զարգացման հեռանկարին: Սեդրակ Բարսեղյանն ամերիկյան կողմին ներկայացրել է Հայաստանի Կառավարության գերակայությունները՝ անդրադառնալով ոլորտային ռազմավարությունների և 2020-2050 թթ. ՀՀ վերափոխման ռազմավարության կարևորությանը և առաջնահերթություններին: Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին այս դժվարին ժամանակահատվածում Հայաստանին տրամադրվող աջակցությունն ընդլայնելու համար, որն ուղղված էր ոչ միայն կորոնավիրուսի հաղթահարմանը առողջապահության ոլորտում, այլև մյուս ոլորտներում կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանը: Հայկական կողմից ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունների ներկայացուցիչները:  ԱՄՆ կողմից համանախագահող Մեթ Մյուրեյը նիստի ընթացքում, շնորհավորելով հայկական կողմին սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած Անկախության տոնի կապակցությամբ, ներկայացրել է հայ-ամերիկյան երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները, ինչպես նաև անդրադարձել Հայաստանում կանանց դերի խթանման հարցին: ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին նիստի ընթացքում ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և Կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Ամփոփելով նիստը հայկական և ամերիկյան կողմերի պաշտոնյաները կարևորել են նման ձևաչափով քննարկումները՝ ընդգծելով դրանց արդյունավետությունը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից:
22:15 - 22 սեպտեմբերի, 2020
«Ինչու օրենքով ընտրված մեր ռեկտորը մինչև օրս դեռ նշանակված չէ այդ պաշտոնում». ՀՊՏՀ դասախոսներն ու ուսանողները ակցիա են անում Կառավարության դիմաց
 |tert.am|

«Ինչու օրենքով ընտրված մեր ռեկտորը մինչև օրս դեռ նշանակված չէ այդ պաշտոնում». ՀՊՏՀ դասախոսներն ու ուսանողները ակցիա են անում Կառավարության դիմաց |tert.am|

tert.am: Կառավարության դիմաց բողոքի ակցիա արեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներն որ դասախոսները։ Նրանք ցանկանում են իմանալ, թե ինչու օրենքով ընտրված ռեկտորը մինչև օրս դեռ նշանակված չէ այդ պաշտոնում։Արդեն շուրջ 2 տարի է՝ Հայաստանի պետական տնտեսագիտական  համալսարանը ղեկավարվում է ռեկտորի պաշտոնակատարների կողմից։ 2020 թվականի մայիսին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերջապես հայտարարեց «ՀՊՏՀ» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ: Հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների ձայների 2/3-ով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրվեց Դիանա Գալոյանը: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ Կառավարությունը հաստատում է ռեկտորի ընտրության արդյունքները, ինչը ընտրությունից ավելի քանի երկու ամիս անց դեռևս չի իրականացվել։ Այս իրավիճակը ավելի է խորացնում անորոշությունը, որը ստեղծվել է ՀՊՏՀ շուրջ՝ հանդիսանալով ճգնաժամի պատճառ:
11:44 - 22 սեպտեմբերի, 2020
Կառավարությունը շնորհակալ է այն մարդկանց, ովքեր իրենց գործունեությամբ ապացուցում են այն, ինչի մասին մենք ասում ենք. վարչապետը՝ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակակիրներին

Կառավարությունը շնորհակալ է այն մարդկանց, ովքեր իրենց գործունեությամբ ապացուցում են այն, ինչի մասին մենք ասում ենք. վարչապետը՝ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակակիրներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ «Զվարթնոց» տաճարում մասնակցել է «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը, որն անցկացվում է Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ մարզպետները, Հայաստանում հավատարմագրված օտարերկրա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներն ու պաշտոնատար այլ անձինք: Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 13 մասնակիցներին՝ «Մոշ» ստուդիոյի հիմնադիր Արմինե Աղաջանյանին, անասնաբույժ Սուրեն Վարդանյանին, արծաթագործներ` Անի Սարգսյանին և Նարինե Եղոյանին, «Լուսիա ֆուդ» ընկերության հիմնադիրներ` Լուսինե Բարաթյանին և Ռաֆայել Մարտիրոսյանին, «Ասպ» հեծյալ ակումբի հիմնադիր Տիգրան Բաղիշջանյանին, եռաչափ տպիչներ արտադրող ընկերության հիմնադիր Արթուր Խոջաբաղյանին, դիզայներ, կոշկակար Հայկ Անանյանին, «Twinz» ակնոց արտադրող ընկերության հիմնադիրներ՝ Բաբկեն և Դավիթ Խաչատրյաններին, խխունջաբույծ Վահե Հախվերդյանին, մեղվաբույծ Կարլեն Ճաղարյանին, հրուշակագործներ՝ Յոլանտ Հատտատին և Ռաֆֆի Ռշտունիին, ինժեներ, Ռոբբին ռոբոտի համահեղինակ Կարեն Խաչիկյանին: Մասնակիցներից մեկին՝ 13-րդ գլխավոր մրցանակ-արձանիկը հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս տարի նաև երկու հատուկ մրցանակ էր նախատեսված: Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար խորհրդանշական մրցանակ են ստացել բժիշկները, հուլիսյան հերոսական մարտերի համար՝ զինծառայողները: Մրցանակները հանձնվել են բժիշկ Սարգիս Ղազարյանին և ժամկետային զինծառայող Նարեկ Հակոբյանին: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, մասնավորապես, նշել է. «Իսկապես հրաշալի երեկո ստացվեց: Նախորդ տարի Գյումրիում տեղի ունեցավ «Մեր ժամանակների հերոսը» առաջին մրցանակաբաշխությունը, և իսկապես տպավորիչ միջոցառում էր: Այս տարվա միջոցառումն ավելի լավն է: Եվ ակնհայտ է, որ մի շատ կարևոր իրադարձություն է հայտնվել՝ ի դեմս «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության: Եվ հիմա արդեն վստահ եմ, որ մենք բոլորս սպասելու ենք ամեն տարի այս օրվան՝ «Մեր ժամանակների հերոսներին» փառաբանելու համար: Մեր այսօրվա միջոցառումն սկսվեց ընդգծմամբ, որ այս տարվա իրական հերոսները մեր զինվորներն ու բժիշկներն են: Եվ շատ խորհրդանշական է, որ այս տարի իմ առաջարկով և հանրապետության նախագահի հրամանագրերով Զինված ուժերի կապիտան Ռուբեն Սանամյանը և վաստակաշատ բժիշկ Հրայր Հովակիմյանն արժանացան Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչման: Եվ դրանով արդեն այս տարվա խորհուրդն իսկապես ամբողջացավ: Բայց նաև կարևոր է, որ մենք փառաբանում ենք «Մեր ժամանակների հերոսներին», մենք դրանով փառաբանում ենք մարդու, քաղաքացու ստեղծարար ներուժը: Շատ հերոսներ իրենց մրցանակը ստանալով՝ շնորհակալություն են հայտնում կառավարությանը: Իրականում կառավարությունն է շնորհակալ այդ մարդկանց, որովհետև նրանք իրենց գոյությամբ, իրենց գործունեությամբ ապացուցում են, որ այն ինչի մասին մենք ասում ենք, դա հնարավոր է, դա իրական է: Մենք խոսում ենք անհատական ջանքի առանցքային և շրջադարձային նշանակության մասին: Մենք խոսում ենք այն մասին, որ յուրաքանչյուր մարդ կարող է կերտել իր միջավայրը, կարող է կերտել իր բարեկեցությունը, և, իհարկե, այստեղ կառավարության դերն առանցքային է՝ քաջալերելու մեր ժամանակների հերոսներին: Գլխավոր մրցանակակրի մասին: Իհարկե, մեր հաղորդաշարի հերոսները՝ բոլորն արժանի են գլխավոր մրցանակի, բայց մենք մտածում էինք, թե ինչ առանձնահատկություն պետք է ունենա գլխավոր մրցանակակիրը: Եվ կարծում եմ՝ այդ առանձնահատկությունը հետևյալն է. մեր գլխավոր հերոսը զարմանալի հետևողականություն է ցուցաբերել ինքն իր կյանքը փոխելու հարցում: Ընդ որում՝ իր կյանքը փոխելու անհրաժեշտություն, մեզ հայտնի պատճառներ չի ունեցել: Ունեցել է աշխատանք, ընդ որում, բավականին երկար աշխատել է բանկային համակարգում, այնուհետև աշխատել է պետական կառավարման համակարգում, բայց, ի վերջո, որոշել է գնալ ոչ թե սովորական պաշտոնյայի կարիերայի հետևից, այլ որոշել է գնալ ստեղծագործական հաճույքի, ստեղծագործական վայելումի և ստեղծագործական երջանկության հետևից և գնացել է ու որոշել ստեղծել խաղալիքներ երեխաների համար: Գնացել և որոշել է ստեղծել այնպիսի խաղալիքներ երեխաների համար, որ նրանց կսովորեցնի կառուցել, նրանց կսովորեցնի ստեղծել, նրանց կսովորեցնի արարել: Եվ ուրեմն՝ մեր գլխավոր մրցանակակրի անունն է Սևակ Մարկոսյան»: Վարչապետը 13-րդ գլխավոր մրցանակը հանձնել է «Մարկոս թոյս» ընկերության հիմնադիր Սևակ Մարկոսյանին:
09:12 - 22 սեպտեմբերի, 2020