ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է ՔՏՀԱ տեսչական մարմնի 2019-2020թթ. գործունեության հաշվետվությունը

Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է ՔՏՀԱ տեսչական մարմնի 2019-2020թթ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ սեպտեմբերի 23-ին քննարկվել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2019թ. գործունեության հաշվետվությունը և 2020թ. առաջին 8 ամսվա աշխատանքների կատարողականը: Այս մասին հայտնում են  ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ այս տեսչական մարմինը ձևավորվել է նախկինում գործող 5 տեսչության օպտիմալացման արդյունքում և իրականացնում է տեսչական գործառույթներ՝ քաղաքաշինության, տեխնիկական, հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, հողօգտագործման և քարտեզագրման բնագավառներում: Կատարվել են օրենսդրական փոփոխություններ, կարգավորվել են տեսչական մարմնի կողմից վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու շրջանակը և լիազորությունները: Ինչպես տեսչական մյուս մարմիններում, այստեղ ևս ամբողջովին ներդրվել է ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ:   Ապա Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները: Նրա խոսքով՝ 2019թ. տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտում ստուգումներ են իրականացվել 1200-ից ավելի դպրոցներում, այժմ ՏԻՄ հետ քննարկումներ են ընթանում ազդանշանման ինքնաշխատ համակարգերի և հրդեհաշիջման կահավորանքի թերությունները վերացնելու ուղղությամբ: Վարչապետի հանձնարարությամբ իրականացվել է 135 ստուգում, բացահայտվել է գրեթե 1200 խախտում, տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումները վերացնելու կարգադրագրեր: Հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել ՀՀ գործող բոլոր մանկական ճամբարներում և  կարուսելներում, կրկնայցերի շրջանակում պարզվել է, որ խախտումների մեծ մասը վերացված է։  Քաղաքաշինության ոլորտում՝ 2700-ից ավելի դիտարկումների ընթացքում հայտնաբերվել է 411 ինքնակամ կառույց, տրանսպորտի անվտանգության ոլորտում իրականացվել է մշտադիտարկում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի, տրանսպորտային միջոցների շահագործման և տեխզննության անցկացման կայանների գործունեության նկատմամբ, էներգետիկայի ոլորտում՝ էներգատեղակայանքներում իրականացվել են տեխնիկական ստուգումներ: Ներկայացվել են արձանագրված թերությունները շտկելու և խախտումների վերացնելու վերաբերյալ առաջարկներ: Հողօգտագործման ոլորտում՝ ստուգում է իրականացվել մարզային 21 համայնքում, արձանագրվել է 339 խախտման դեպք, կազմվել է 21 ակտ, որոշ խախտումների մասով հարուցված են քրեական գործեր։ Գեղամ Շախբազյանը նշել է, որ COVID-19-ով պայմանավորված՝ ՏՄ2020թ. գործունեության տարեկան ծրագրով սահմանված մի շարք միջոցառումներ կատարվել են ոչ ամբողջ ծավալով: Այնուամենայնիվ, տեսչական գործառույթները շարունակաբար իրականացվել են նշված բոլոր ոլորտներում և ուղղություններով: Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ ստեղծվել է 11 աշխատանքային խումբ, և Ոստիկանության  հետ  համատեղ իրականացվում են ամենօրյա մշտադիտարկումներ տրանսպորտի ոլորտում, որոնց արդյունքում արդեն կազմվել է 1797 արձանագրություն։ Ստուգումներ են իրականացվել պայթյունավտանգ օբյեկտներում:   Հաշվետվությունը լսելուց հետո վարչապետն անդրադարձել է մի շարք հարցերի՝ մասնավորապես, հետաքրքրվել է հակահրդեհային կանոնների խախտումների արձանագրումից հետո տարվող աշխատանքով: Պարզաբանումներ են ներկայացվել տարբեր նշանակության ռիսկային օբյեկտներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների և ձեռնարկված միջոցառումների մասին: Քննարկվել է հակահրդեհային ապահովագրության համակարգի ներդրման հարցը: Կառավարության ղեկավարը խոսել է նաև գազի ներտնային սպասարկմանն առնչվող ռիսկերի մասին՝ կարևորելով չափանիշների սահմանումը և արդյունավետ վերահսկողությունը: Վարչապետն անդրադարձել է հանրապետության տարածքում առկա ինքնակամ կառույցների խնդրին՝ հետաքրքրվելով մշակվող լուծումներով: Պատասխանատուները զեկուցել են, որ այդ նպատակով մշակվել և շրջանառվում է համապատասխան օրենսդրական կարգավորումների փաթեթ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հանրության շրջանում այն մոտեցման տարածումը, որ ցանկացած շինարարություն իրականացնելու համար պետք է համապատասխան նախագիծ ունենալ և ընդգծել, որ օրենսդրական դաշտի ապահովումը ևս կնպաստի այսուհետ ինքնակամ շինարարության բացառմանը: Քննարկվել են նաև վտանգավոր թափոնների կառավարմանը և պայթյունավտանգ օբյեկտներին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը քննարկման արդյունքներով հանձնարարականներ է տվել պատասխանատուներին: Հաջորդիվ ներկայացվելու են Սննդամթերքի անվտանգության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները:
18:40 - 23 սեպտեմբերի, 2020
Մինչեւ շաբաթվա վերջ նախատեսվում է իրականացնել անձանց տեղաշարժի մասին հավաքագրված տեղեկությունների ոչնչացման գործընթացը

Մինչեւ շաբաթվա վերջ նախատեսվում է իրականացնել անձանց տեղաշարժի մասին հավաքագրված տեղեկությունների ոչնչացման գործընթացը

Մինչեւ այս շաբաթվա ավարտ նախատեսվում է իրականացնել արտակարգ դրության ընթացքում հեռախոսների միջոցով անձանց տեղաշարժի մասին հավաքագրված տեղեկությունների ոչնչացման գործընթացը։ Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ընթացքում պարետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։ ՀՀ կառավարության 16.03.2020 թվականի N 298-Ն որոշման մեջ նշված է, որ համակարգչային հատուկ ծրագրում մշակված բոլոր տվյալները պետք է ոչնչացվեն արտակարգ դրության ավարտից հետո՝ երկշաբաթյա ժամկետում։ Ոչնչացման գործընթացը կազմակերպելու եւ իրականացնելու է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն՝ ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության եւ այն բոլոր մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք արտակարգ դրության ժամանակահատվածում հասանելիություն են ունեցել տվյալներին կամ մշակել են դրանք։ Տվյալների ոչնչացման գործընթացին կարող են մասնկացել նաեւ մեկական ներկայցուցիչ ՀՀ ԱԺ խմբակցություններից։ Infocom-ը փորձեց ԱԺ խմբակցություններից տեղեկանալ՝ ստացե՞լ են ծանուցումը եւ արդեն որոշե՞լ են՝ ով է մասնակցելու տվյալների ոչնչացման գործընթացին․ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հայտնեցին, որ ծանուցումն ստացել են, սակայն դեռեւս չեն որոշել՝ ով է մասնակցելու, իսկ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչը լինելու է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ կապ հաստատել չստացվեց։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ վարչապետի աշխատակազմը ծանուցում է ուղարկել վերոնշյալ մարմիններին՝ առաջարկելով ներկայացնել ներկայցուցչի վերաբերյալ տվյալներ՝ ոչնչացման գործընթացին մասնակցելու համար։ Մասնագիտական շրջանակների հետ քննարկումների արդյունքում ընտրվել է գործընթացը, որը նկարագրված է կառավարության N 298-Ն որոշման մեջ, որը կապահովի տվյալների ամբողջական ոչնչացումը։ Տվյալների ոչնչացնումն իրականացվելու է տվյալների նյութական կրիչների (տվյալների կենտրոնային համակարգերի կոշտ սկավառակների) ապամագնիսացման եւ ֆիզիկական ոչնչացման եղանակով, այն ձեւով, որն անհնար է դարձնում վերականգնել տվյալների բովանդակությունը։  Փոխվարչապետի գրասենյակից նաեւ նշել են, որ համակարգչային հատուկ ծրագրից որեւէ արտահոսք չի գրանցվել։ Այս ընթացքում ծրագրի միջոցով վերլուծվել են 10.853 վարակակրի կոնտակտներ, արդյունքում հաստատվել է 1548 քաղաքացի, որոնք իրապես շփում են ունեցել վարակակրի հետ եւ նրանց ինքնամեկուսանալու հրահանգ է տրվել։ Ինքնամեկսուցածների մոտ տեղադրվել է StayHome հավելվածը, որն ապահովել է ինքնամեկուսացման ռեժիմի պահպանումը, ինչպես նաեւ ինքնամեկուսացածի ուղղակի կապը՝ իր բուժող բժշկի հետ։  Infocom-ը հետաքրքրվել էր՝ ե՞րբ կհրապարակվի պաշտոնական վիճակագրությունն այն մասին, թե համավարակի դեմ պայքարի գործընթացում ինչ ռիսկեր է չեզոքացրել այս տվյալների հավաքագրումը, ինչին ի պատասխան՝ նշել են, որ համեմատության համար պետք է դիտարկել նման ծրագրի բացակայության սցենարը։ Այս պարագայում, ըստ մեր ստացած պատասխանի, վերոնշյալ թվերը վկայում են համակարգչային հատուկ ծրագրի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ունեցած դերի մասին․ օրինակ՝ 178 վարակակիրները ծրագրի միջոցով չհայտնաբերվելու դեպքում իրենց ամենօրյա շփումների միջոցով կնպաստեին կորոնավիրուսի ավելի տարածմանը։  Զարա Խաչատրյան
18:14 - 23 սեպտեմբերի, 2020
ՌԴ մեկնել ցանկացողները երեխաների հետ գիշերել են կառավարության շենքի մոտ, հայտարարել են նստացույց ու հացադուլ |pastinfo.am|

ՌԴ մեկնել ցանկացողները երեխաների հետ գիշերել են կառավարության շենքի մոտ, հայտարարել են նստացույց ու հացադուլ |pastinfo.am|

pastinfo.am: Կառավարության շենքի դիմաց Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող քաղաքացիները նստացույց և հացադուլ են անում։ Քաղաքացիներից 20-ը գիշերել են դրսում, այսօր այլ քաղաքացիներ ևս միացել են նստացույցին, նրանց շարքերում են նաև անչափահաս երեխաներ։ Առավոտյան նրանից երկուսին ընդունել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Գոհ ենք, որ մեզ հրավիրեց ընդունելության, բայց ամեն դեպքում մեր ակցիաները չենք դադարեցնի, շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև հարցի լուծում ստանալը»,-  հայտնեց նստացույց անող Արթուր Ոսկանյանը։ Նստացույցի մասնակիցների խոսքով՝ վարչապետն իրենց հայտնել է, որ սահմանների չբացվելը կապված է կորոնավիրուսի վարակակիրների թվի հետ ու նշել, որ լուծման եզրեր կգտնի՝ հոկտեմբերին, վարչապետերի հանդիպումից հետո, սակայն քաղաքացիներն ասել են, որ չեն կարող այդքան սպասել։ ՌԴ մեկնել ցանկացողները պահանջում են, որ առաջնային լուծում տրվի 200 հոգու, ովքեր ամբողջ օրը փողոցում են՝ նստացույց են անում, բողոքում և ակցիաներ կազմակերպում։ Վստահեցնում են՝ նրանց  հարցը հրատապ է։ Հանդիպման ժամանակ ցուցարարները նաեւ բարձրաձայնել են, որ ԵԱՏՄ մյուս երկրներում էլ վիճակը բարվոք չէ, բայց նրանց հետ սահմանները բաց են, վարչապետը պատասխանել է, որ երկու երկրում այդ տվյալներն արհեստականորեն իջեցված են: Ակցիայի մասնակիցները չգիտեն երբ կլինի պատասխանը, այդ պատճառով էլ իրենց ակցիան և հացադուլը շարունակվելու է: Նրանք հայտնեցին, որ օրվա ընթացքում իրենց են միանալու թիմակիցները, իսկ երեկոյան 20 հոգով կշարունակեն հացադուլը և նստացույցը:
14:59 - 23 սեպտեմբերի, 2020
Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին անդրադարձ է կատարվել տնտեսական և IT ոլորտներին

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին անդրադարձ է կատարվել տնտեսական և IT ոլորտներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանի և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Մեթ Մյուրեյի համանախագահությամբ կայացել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի առցանց խորհրդակցությունների բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել տնտեսական, էներգետիկ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցությանը և դրանց զարգացման հեռանկարին: Սեդրակ Բարսեղյանն ամերիկյան կողմին ներկայացրել է Հայաստանի Կառավարության գերակայությունները՝ անդրադառնալով ոլորտային ռազմավարությունների և 2020-2050 թթ. ՀՀ վերափոխման ռազմավարության կարևորությանը և առաջնահերթություններին: Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին այս դժվարին ժամանակահատվածում Հայաստանին տրամադրվող աջակցությունն ընդլայնելու համար, որն ուղղված էր ոչ միայն կորոնավիրուսի հաղթահարմանը առողջապահության ոլորտում, այլև մյուս ոլորտներում կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանը: Հայկական կողմից ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունների ներկայացուցիչները:  ԱՄՆ կողմից համանախագահող Մեթ Մյուրեյը նիստի ընթացքում, շնորհավորելով հայկական կողմին սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած Անկախության տոնի կապակցությամբ, ներկայացրել է հայ-ամերիկյան երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները, ինչպես նաև անդրադարձել Հայաստանում կանանց դերի խթանման հարցին: ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին նիստի ընթացքում ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և Կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Ամփոփելով նիստը հայկական և ամերիկյան կողմերի պաշտոնյաները կարևորել են նման ձևաչափով քննարկումները՝ ընդգծելով դրանց արդյունավետությունը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից:
22:15 - 22 սեպտեմբերի, 2020
«Ինչու օրենքով ընտրված մեր ռեկտորը մինչև օրս դեռ նշանակված չէ այդ պաշտոնում». ՀՊՏՀ դասախոսներն ու ուսանողները ակցիա են անում Կառավարության դիմաց
 |tert.am|

«Ինչու օրենքով ընտրված մեր ռեկտորը մինչև օրս դեռ նշանակված չէ այդ պաշտոնում». ՀՊՏՀ դասախոսներն ու ուսանողները ակցիա են անում Կառավարության դիմաց |tert.am|

tert.am: Կառավարության դիմաց բողոքի ակցիա արեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներն որ դասախոսները։ Նրանք ցանկանում են իմանալ, թե ինչու օրենքով ընտրված ռեկտորը մինչև օրս դեռ նշանակված չէ այդ պաշտոնում։Արդեն շուրջ 2 տարի է՝ Հայաստանի պետական տնտեսագիտական  համալսարանը ղեկավարվում է ռեկտորի պաշտոնակատարների կողմից։ 2020 թվականի մայիսին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերջապես հայտարարեց «ՀՊՏՀ» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ: Հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների ձայների 2/3-ով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրվեց Դիանա Գալոյանը: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ Կառավարությունը հաստատում է ռեկտորի ընտրության արդյունքները, ինչը ընտրությունից ավելի քանի երկու ամիս անց դեռևս չի իրականացվել։ Այս իրավիճակը ավելի է խորացնում անորոշությունը, որը ստեղծվել է ՀՊՏՀ շուրջ՝ հանդիսանալով ճգնաժամի պատճառ:
11:44 - 22 սեպտեմբերի, 2020
Կառավարությունը շնորհակալ է այն մարդկանց, ովքեր իրենց գործունեությամբ ապացուցում են այն, ինչի մասին մենք ասում ենք. վարչապետը՝ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակակիրներին

Կառավարությունը շնորհակալ է այն մարդկանց, ովքեր իրենց գործունեությամբ ապացուցում են այն, ինչի մասին մենք ասում ենք. վարչապետը՝ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակակիրներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ «Զվարթնոց» տաճարում մասնակցել է «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը, որն անցկացվում է Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ մարզպետները, Հայաստանում հավատարմագրված օտարերկրա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներն ու պաշտոնատար այլ անձինք: Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 13 մասնակիցներին՝ «Մոշ» ստուդիոյի հիմնադիր Արմինե Աղաջանյանին, անասնաբույժ Սուրեն Վարդանյանին, արծաթագործներ` Անի Սարգսյանին և Նարինե Եղոյանին, «Լուսիա ֆուդ» ընկերության հիմնադիրներ` Լուսինե Բարաթյանին և Ռաֆայել Մարտիրոսյանին, «Ասպ» հեծյալ ակումբի հիմնադիր Տիգրան Բաղիշջանյանին, եռաչափ տպիչներ արտադրող ընկերության հիմնադիր Արթուր Խոջաբաղյանին, դիզայներ, կոշկակար Հայկ Անանյանին, «Twinz» ակնոց արտադրող ընկերության հիմնադիրներ՝ Բաբկեն և Դավիթ Խաչատրյաններին, խխունջաբույծ Վահե Հախվերդյանին, մեղվաբույծ Կարլեն Ճաղարյանին, հրուշակագործներ՝ Յոլանտ Հատտատին և Ռաֆֆի Ռշտունիին, ինժեներ, Ռոբբին ռոբոտի համահեղինակ Կարեն Խաչիկյանին: Մասնակիցներից մեկին՝ 13-րդ գլխավոր մրցանակ-արձանիկը հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս տարի նաև երկու հատուկ մրցանակ էր նախատեսված: Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար խորհրդանշական մրցանակ են ստացել բժիշկները, հուլիսյան հերոսական մարտերի համար՝ զինծառայողները: Մրցանակները հանձնվել են բժիշկ Սարգիս Ղազարյանին և ժամկետային զինծառայող Նարեկ Հակոբյանին: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, մասնավորապես, նշել է. «Իսկապես հրաշալի երեկո ստացվեց: Նախորդ տարի Գյումրիում տեղի ունեցավ «Մեր ժամանակների հերոսը» առաջին մրցանակաբաշխությունը, և իսկապես տպավորիչ միջոցառում էր: Այս տարվա միջոցառումն ավելի լավն է: Եվ ակնհայտ է, որ մի շատ կարևոր իրադարձություն է հայտնվել՝ ի դեմս «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության: Եվ հիմա արդեն վստահ եմ, որ մենք բոլորս սպասելու ենք ամեն տարի այս օրվան՝ «Մեր ժամանակների հերոսներին» փառաբանելու համար: Մեր այսօրվա միջոցառումն սկսվեց ընդգծմամբ, որ այս տարվա իրական հերոսները մեր զինվորներն ու բժիշկներն են: Եվ շատ խորհրդանշական է, որ այս տարի իմ առաջարկով և հանրապետության նախագահի հրամանագրերով Զինված ուժերի կապիտան Ռուբեն Սանամյանը և վաստակաշատ բժիշկ Հրայր Հովակիմյանն արժանացան Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչման: Եվ դրանով արդեն այս տարվա խորհուրդն իսկապես ամբողջացավ: Բայց նաև կարևոր է, որ մենք փառաբանում ենք «Մեր ժամանակների հերոսներին», մենք դրանով փառաբանում ենք մարդու, քաղաքացու ստեղծարար ներուժը: Շատ հերոսներ իրենց մրցանակը ստանալով՝ շնորհակալություն են հայտնում կառավարությանը: Իրականում կառավարությունն է շնորհակալ այդ մարդկանց, որովհետև նրանք իրենց գոյությամբ, իրենց գործունեությամբ ապացուցում են, որ այն ինչի մասին մենք ասում ենք, դա հնարավոր է, դա իրական է: Մենք խոսում ենք անհատական ջանքի առանցքային և շրջադարձային նշանակության մասին: Մենք խոսում ենք այն մասին, որ յուրաքանչյուր մարդ կարող է կերտել իր միջավայրը, կարող է կերտել իր բարեկեցությունը, և, իհարկե, այստեղ կառավարության դերն առանցքային է՝ քաջալերելու մեր ժամանակների հերոսներին: Գլխավոր մրցանակակրի մասին: Իհարկե, մեր հաղորդաշարի հերոսները՝ բոլորն արժանի են գլխավոր մրցանակի, բայց մենք մտածում էինք, թե ինչ առանձնահատկություն պետք է ունենա գլխավոր մրցանակակիրը: Եվ կարծում եմ՝ այդ առանձնահատկությունը հետևյալն է. մեր գլխավոր հերոսը զարմանալի հետևողականություն է ցուցաբերել ինքն իր կյանքը փոխելու հարցում: Ընդ որում՝ իր կյանքը փոխելու անհրաժեշտություն, մեզ հայտնի պատճառներ չի ունեցել: Ունեցել է աշխատանք, ընդ որում, բավականին երկար աշխատել է բանկային համակարգում, այնուհետև աշխատել է պետական կառավարման համակարգում, բայց, ի վերջո, որոշել է գնալ ոչ թե սովորական պաշտոնյայի կարիերայի հետևից, այլ որոշել է գնալ ստեղծագործական հաճույքի, ստեղծագործական վայելումի և ստեղծագործական երջանկության հետևից և գնացել է ու որոշել ստեղծել խաղալիքներ երեխաների համար: Գնացել և որոշել է ստեղծել այնպիսի խաղալիքներ երեխաների համար, որ նրանց կսովորեցնի կառուցել, նրանց կսովորեցնի ստեղծել, նրանց կսովորեցնի արարել: Եվ ուրեմն՝ մեր գլխավոր մրցանակակրի անունն է Սևակ Մարկոսյան»: Վարչապետը 13-րդ գլխավոր մրցանակը հանձնել է «Մարկոս թոյս» ընկերության հիմնադիր Սևակ Մարկոսյանին:
09:12 - 22 սեպտեմբերի, 2020
Վարչապետին ներկայացվել են Տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները

Վարչապետին ներկայացվել են Տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվում են պետական կառավարման մարմինների 2019-2020թթ. գործունեության հաշվետվությունների լսումները: Առաջին անգամ քննարկվել է կառավարությանը ենթակա տեսչական մարմինների գործունեության կատարողականը: Վարչապետին այսօր զեկուցվել է Առողջապահության և աշխատանքի, Կրթության, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինների կողմից 2019թ. և 2020թ. առաջին 8 ամսվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին: Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նախ ներկայացրել է տեսչական ոլորտում իրականացվող ծրագրերը: Նա նշել է, որ 2018թ. ոլորտի բարեփոխման շրջանակում 18 տեսչության օպտիմալացման արդյունքում ձևավորվել է 6 տեսչական մարմին: Վերջիններս կառավարությանը ենթակա մարմիններ են, գործառույթների հստակ տարանջատման շնորհիվ անկախ են քաղաքականություն մշակող մարմնից, և չկա շահերի բախում, ինչպես նախկինում: Որպես կարևոր ձեռքբերում՝ նշվել է տեսչական բոլոր մարմիններում ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրումը, որի շրջանակում պլանային ստուգումներն իրականացվում են տնտեսվարող սուբյեկտների գործունեության ռիսկայնության աստիճանը հաշվի առնելով, այլ ոչ թե պատահականության սկզբունքով: Ա. Ասոյանի խոսքով՝ 2020թ. կորոնավիրուսային հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների շրջանակում իրականացվել է մոտ 81000 ստուգայց, հայտնաբերված խախտումների արդյունքում կասեցվել է 5300 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն: Ներկայում աշխատանք է տարվում տեսչական մարմինների գործունեության արդյունավետության գնահատման չափանիշների փոփոխության, օրենսդրական կարգավորումների բարելավման, հանրային վերահսկողության և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման գործուն մեխանիզմների ձևավորման ուղղությամբ:Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ներկայացրել է կատարված աշխատանքները՝ նշելով, որ- 2019թ. ձեռք է բերվել աշխատանքային նոր գույք և համակարգչային տեխնիկա, բարելավվել են աշխատանքային պայմանները, ինչի խնդիրը չէր լուծվում 2017-ից։-ԱԱՏՄ Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետը տեղակայվել է Մեղրիի մաքսակետում հատկացված նոր տարածքում, որտեղ ապահովված են աշխատանքային բարվոք պայմաններ, վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանների դեպքում անձին մեկուսացնելու հատված։ Ընթացքի մեջ են «Զվարթնոց» օդանավակայանում հսկիչ կետի զննման սենյակի կառուցման աշխատանքները:-Օրենսդրական փոփոխություների արդյունքում՝ արտակարգ դրության ընթացքում աշխատողների իրավունքների խախտման վերաբերյալ բողոքներն այսուհետ քննելու է ԱԱՏՄ-ն, ամբողջական վերահսկողությունը կմեկնարկի 2021-ից։ Նախատեսվում է ներդնել բողոքների ներկայացման էլեկտրոնային համակարգ:- 2019 թ. հարուցվել 1674 վարչական վարույթ, ինչը 2018 թ. համեմատ աճել է 1466-ով: 1674-ից 548-ն իրականացվել է գազա- և բենզալցակայաններում հասարակական զուգարաններին ներկայացվող սանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարումը պարզելու նպատակով։ 2020թ. արտակարգ դրության շրջանում իրականացվել է 23144 մշտադիտարկում, հարուցվել է 710 վարչական վարույթ:- Գործարկվել են ԱԱՏՄ թեժ գիծը և նոր կայքը՝ https://hlib.am/ հասցեով, կատարվել են իրազեկման լայնածավալ աշխատանքներ:- ԱԱՏՄ-ն գլխամասը և տարածքային կենտրոնները կունենան նոր շենքեր, ինչով կտնտեսվեն վարձակալությանն ուղղվող պետական միջոցները։Վարչապետը հետաքրքրվել է, թե արդյոք, մասնավորապես, սանհանգույցների մասով վարույթների հարուցման արդյունքում իրականացված աշխատանքները նպաստել են այս ուղղությամբ որակական փոփոխության: Ա. Ասոյանը և Հ. Ավագյանը նշել են, որ ԱԱՏՄ-ն համագործակցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, շարունակաբար իրականացվում է հանրային սանհանգույցների գույքագրում, այս կապակցությամբ մշակվել և շրջանառվում է առաջարկների փաթեթ: Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, անդրադառնալով կատարված աշխատանքներին, նշել է, որ 2019թ. ստուգումների ընթացքում դրական դինամիկա է արձանագրվել սովորողներին տրված գրավոր աշխատանքների արդյունքների, հանրակրթության ոլորտում մեկ ստուգման արդյունքում միջին ռիսկային միավորի և նաև ստացված դիմումների թվի առումով: Որոշակի խնդիրներ են արձանագրվել նախադպրոցական, հանրակրթական և միջին մասնագիտական հաստատություններում հաստիքների համալրման առումով:2020թ. արտակարգ դրության պայմաններում իրականացվել է 1086 մշտադիտարկում մանկապարտեզներում, հայտնաբերված խախտումներով պայմանավորված` մի քանի օրով կասեցվել է 15 մանկապարտեզի գործունեություն: Հեռավար կրթության ներգրավվածությունը պարզելու նպատակով իրականացվել է էլեկտրոնային հարցում. 400 դպրոցի և 45 նախնական ու միջին մասնագիտական հաստատության կողմից լրացված հարցաթերթերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հեռավար ուսուցման գործընթացում ներգրավվածությունը կազմում է 80 տոկոս: Քննարկման է ներկայացվել «Կրթության բնագավառի պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կնպաստի կրթության բովանդակության նկատմամբ առավել արդյունավետ պետական վերահսկողության ապահովմանը:Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ուսումնական հաստատություններում դասավանդման որակի հարցին և հետաքրքրվել այս ուղղությամբ կատարվող աշխատանքներով: Ալ. Շագաֆյանը տեղեկացրել է, որ դա իրականացվում է գրավոր աշխատանքների հանձնարարման, դասալսումների ինստիտուտի կոնցեպտուալ բարեփոխման և կրթական գործընթացի գնահատման միջոցով: Հաշվի առնելով կարողությունների և ռեսուրսների սահմանափակ լինելը՝ ԿՏՄ-ն դիտարկում է նորարարական տեխնոլոգիաների միջոցով գործընթացի ինքնաշխատ կազմակերպման հնարավորությունը: Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը ներկայացրել է ոչ պարենային արտադրանքի, չափումների միասնականության ապահովման և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքները: Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, ստուգումների ծավալը 40 տոկոսով ավելի է եղել նախատեսվածից՝ կատարվել է 743 ստուգում, արձանագրվել է 503 խախտում: Մասնավորապես՝- Սեղմված բնական գազի վաճառքը ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ-ներում) այժմ իրականացվում է կգ-ով: 2019թ. մայիսից մինչ օրս իրականացված ստուգումների ժամանակ թերլիցքավորման դեպքեր չեն հայտնաբերվել:- Հանվել է չափագիտական նորմերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս 3 աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու պահանջը. արդյունքում ավելացել են բենզալցակայաններում և հեղուկ գազի լցակայաններում թերալցումների բացահայտման դեպքերը, նվազել է թերալցումների վերաբերյալ ստացվող բողոքների թիվը։Ա. Կոտոլյանն անդրադարձել է նաև ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի, հեղուկացված ածխաջրային գազերի, խաղալիքների, երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի ոլորտներում առկա ռիսկերին: Նշվել է, որ նախկինում ՇՎՏՄ-ն ուսումնասիրում էր միայն համապատասխան սերտիֆիկատի առկայությունը, օրենսդրական բարելավումների արդյունքում հիմա գնահատվելու է նաև արտադրանքի համապատասխանությունը չափանիշներին: Այժմ շրջանառվում է նաև խախտումների համար պատասխանատվության միջոցների խստացման վերաբերյալ առաջարկների փաթեթը:Վարչապետին մանրամասներ են ներկայացվել տեսչական մարմնի կազմում լաբորատոր փորձարկումների իրականացման հնարավորությունների վերաբերյալ: Քննարկվել են տեխնիկական հագեցվածության բարելավմանը վերաբերող հարցեր: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ամփոփելով ներկայացված զեկույցները, նշել է, որ 2018թ. առ այսօր մեծածավալ աշխատանք է իրականացվել հատկապես տեսչական մարմինների գործունեության օրենսդրական բազայի կարգավորման առումով, և Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի հետ դրական համագործակցություն է իրականացվում:
18:57 - 18 սեպտեմբերի, 2020
Կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի հերթական հանդիպումը

Կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի հերթական հանդիպումը

Կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի նախագահությամբ կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի հերթական հանդիպումը: Հանդիպմանն ինչպես անձամբ, այնպես էլ տեսակապի միջոցով մասնակցել են մի շարք դեսպաններ և միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։ Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, ներկայացրել կորոնավիրուսային համավարակով պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակն ու դրա սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված Կառավարության միջոցառումները: Փոխվարչապետը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի զարգացման գործընկերներին այս դժվար ժամանակաշրջանում Հայաստանին աջակցելու համար՝ կարևորելով համագործակցության խորացումը բոլոր գործընկերների հետ: Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը: Ելույթները վերաբերում էին Կորոնավիրուսային համաճարակի տնտեսական ազդեցության գնահատականներին, ԿՈՎԻԴ-19-ի ռիսկերին, ՄԱԿ-ի սոցիալ-տնտեսական արձագանքման և վերականգնման պլանին: Քննարկումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Կառավարության ձեռնարկած միջոցառումներին, կորոնավիրուսի հավանական երկրորդ ալիքին դիմակայման պատրաստվածությանը, առկա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, ռազմավարությունների մշակման ընթացքին: Ամփոփելով հանդիպումը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը կարևորել են նման ձևաչափով քննարկումները՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ մտքերի փոխանակման տեսանկյունից:
14:49 - 18 սեպտեմբերի, 2020
Հագուստի ներկրմամբ զբաղվող մի խումբ քաղաքացիներ հանդիպել են վարչապետի օգնականների հետ |armenpress.am|

Հագուստի ներկրմամբ զբաղվող մի խումբ քաղաքացիներ հանդիպել են վարչապետի օգնականների հետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հագուստի ներկրմամբ զբաղվող մի խումբ քաղաքացիներ Կառավարության դիմաց շարունակում են դժգոհություն հայտնել  մաքսազերծման նոր կարգի հետ կապված։ Ցուցարարներից մի քանիսը հանդիպել են վարչապետի խորհդարականներ Նաիրի Սարգսյանի և Սուրեն Ղամբարյանի հետ, ներկայացրել են իրենց անհամաձայնությունը մաքսային արժեքի բարձրացման հետ կապված։ Նրանց խոսքով` նոր կանոնակարգով իրենց ապրանքների մաքսազերծման գները 6 անգամ կբարձրանան, ինչը կազդի հագուստի գների և իրենց հետագա գործունեության վրա։ Հանդիպման մասնակիցներից մեկը հայտարարեց, որ ներկայացրել են իրենց պահանջները, վարչապետի օգնականներն էլ իրենց հերթին կետ առ կետ ամեն ինչ կներկայացնեն վարչապետին, հետո կլինի վարչապետի պատասխանը: Քաղաքացին, սակայն, չհստակեցրեց, թե երբ կլինի վարչապետի պատասխանը, քանի որ այդ հարցով խորհրդակցություն պետք է հրավիրվի։
14:30 - 18 սեպտեմբերի, 2020
Մարդկանց մաքսային տեռորի են ենթարկում, խաբում են, թե ամեն ինչ նորմալ է. հագուստ ներկրող |tert.am|

Մարդկանց մաքսային տեռորի են ենթարկում, խաբում են, թե ամեն ինչ նորմալ է. հագուստ ներկրող |tert.am|

tert.am: Մարդկանց խաբում են, թե ամեն ինչ նորմալ է, ոչ մի բանն էլ նորմալ չէ, ոչ մի հարց էլ չի լուծվել: Այս մասին այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրուցում ասաց հագուստի և կոշիկի ներկրմամբ զբաղվող տնտեսվարողներից մեկը: Նշենք, որ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են անում հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողները։ Նրանք բողոքում են Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց հետևանքով ստիպված են ներկրված ապրանքն ավելի բարձր գնով մաքսազերծել։ Նշում են, որ այս պարագայում ստիպված են լինելու 6 անգամ ավելի թանկ վաճառել ապրանքը, իսկ գնորդներն այդքան հնարավորություն չունեն։ «Սա ընդամենը մաքսային տեռոր է, ժողովրդին մաքսային տեռորի են ենթարկում: Մենք լավ գիտենք, թե ինչ է եղել: Մինչև այս հարցը չլուծեն, խնդիրը չի վերջանալու: Մենք Կառավարությանը շանս ենք տալիս, որ վերանայեն հարցը»,- ասաց նա:
13:40 - 18 սեպտեմբերի, 2020
Վարչապետին սպասարկող ինքաթիռը դասվում է այն շարքին, որի մասին տեղեկությունը պետք է լինի գաղտնի․ Էդուարդ Աղաջանյան |tert.am|

Վարչապետին սպասարկող ինքաթիռը դասվում է այն շարքին, որի մասին տեղեկությունը պետք է լինի գաղտնի․ Էդուարդ Աղաջանյան |tert.am|

tert.am: Օրենքով սահմանված է, որ վարչապետին սպասարկող ինքաթիռը դասվում է այն շարքին, որի մասին տեղեկությունը պետք է լինի գաղտնի: Այս մասին այսօր ՔՊ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի օդանավը ներկելու հետ կապված գումարների վերաբերյալ խոսակցությունների մասին: Մամուլում ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական «Airbus A319» ինքնաթիռը ներկելու համար հատկացվել է 250.000 դոլար: Էդուարդ Աղաջանյանը հերքեց այս տեղեկությունը: «Այդ թիվը չի համապատասխանում իրականությանը, բայց ցավոք, ես չեմ կարող այդ թիվը բարձրաձայնել՝ հաշվի առնելով գաղտնիության չափանիշները»,- ասաց նա և հարցին, թե որն էր առաջնահերթությունը վարչապետի օդանավը վերափոխելու, Աղաջանյանը նշեց, որ խնդիր էր առաջացել և ներկը կիսով չափ ջնջվում էր, թափվում էր:
09:43 - 18 սեպտեմբերի, 2020
Էդուարդ Աղաջանյանն անդրադարձավ կառավարության նիստի զեկուցվող հարցերի թվի նվազմանը

 |armenpress.am|

Էդուարդ Աղաջանյանն անդրադարձավ կառավարության նիստի զեկուցվող հարցերի թվի նվազմանը |armenpress.am|

armenpress.am: Կառավարության նիստերում զեկուցվող հարցերի թիվը նվազել է միայն այն պատճառով, որ դրանք ոչ այնքան մեծ կարևորություն կարող են ունենալ հանրային ընկալման մեջ. ընտրությունը կատարում է վարչապետի աշխատակազմը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: «Կխնդրեմ որևէ նպատակային բան չտեսնել այս պրոցեսի մեջ: Մեր քննարկումների արդյունքում որոշում կայացվեց, որ մի շարք հարցերին այլևս կառավարության նիստի օրակարգում չենք անդրադառնա՝ հաշվի առնելով, որ մեր գնահատմամբ՝ դրանք հանրային ընկալման մեջ այն կարևորությունը չունեն, որի համար կառավարության նիստի օրակարգում արժեր այդ հարցերը քննարկել»,-ասաց Աղաջանյանը: Անդրադառնալով հարցին՝ թափանցիկությունը դրանից չի՞ տուժում՝ Աղաջանյանը պատասխանեց, որ այդ տրամաբանությամբ կարելի է նիստի օրակարգում ներառված բոլոր հարցերը դարձնել զեկուցվող, և 24 ժամը չի հերիքի այդ օրվա կառավարության նիստը ավարտելու համար: Նա նշեց, որ պետք է ֆիքսել՝ խոսքը կառավարության նիստի օրակարգում տեղ գտած հարցերի մասին է, որոնք հրապարակված են, հասանելի են, դրանց բովանդակությունն ամբողջությամբ հասանելի է՝ թե լրագրողներին, թե հանրությանը: «Հետևաբար, խնդրում եմ, թաքցնելու մասին ընդհանրապես չխոսել: Խոսքը կառավարության նիստի օրակարգերում քննարկման դրվող հարցերի ընտրության մասին է: Եվ կառավարությունը, մասնավորապես վարչապետի աշխատակազմն ունի լիազորություն՝ այդ ընտրությունը իրականացնելու: Եվ մենք դա իրականացնում ենք՝ ունենալով որոշակի սկզբունքներ ու չափորոշչներ»,-ասաց Աղաջանյանը: Նա  նշեց, որ դա կառավարության գնահատման տիրույթում է, բնականաբար՝ սուբյեկտիվ է, սակայն ցանկացած որոշում վստահաբար խնդրահարույց կարող է լինել ինչ-որ շրջանակների համար:
09:16 - 18 սեպտեմբերի, 2020
Հրազդանում սանիտարական աղբավայրը կկառուցի իրանական ընկերությունը |armenpress.am|

Հրազդանում սանիտարական աղբավայրը կկառուցի իրանական ընկերությունը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը թույլատրեց  Իրանում գրանցված  «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերությանը  «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակներում իրականացնել «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ բաժնի 3-րդ կետով նախատեսված՝ լիցենզավորման ենթակա քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման գործունեություն: Ըստ ընդունված որոշման հիմնավորման, նախագծի ընդունումը պայմանավորված է «Կոտայքի ու Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ծրագրի շրջանակներում «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերությանը շինարարության իրականացման թույլտվություն տալու անհրաժեշտությամբ: Հայաստանի և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի ապրիլի 5-ին ստորագրված եւ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2016 թվականի հունիսի 30-ին վավերացված միջազգային համաձայնագրի համաձայն` իրականացման փուլում է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը», որի շրջանակներում նախատեսվում է կառուցել ԵՄ համապատասխան չափանիշների ստանդարտներին համապատասխան սանիտարական աղբավայր ու ներդնել աղբահանության արդյունավետ համակարգ: Ծրագրի ընդհանուր բյուջեն 11 մլն եվրո է, որից 5,5 մլն-ը հանդիսանում է վարկային միջոց, 5,5 մլն եվրոն` դրամաշնորհ: Վերջինիս 3.5 մլն-ը տրամադրվում է Եվրոպական հարեւանության ներդրումային հիմնադրամի կողմից (NIF), իսկ 2,0 մլն.-ը` Արեւելյան Եվրոպայի էներգաարդյունավետության եւ բնապահպանական գործընկերության ծրագրից (E5P): Վարկի մարման ժամկետը 15 տարի է և կսպասարկվի քաղաքային համայնքների կողմից: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված աղբահանության սակագների շրջանակներում բարելավել բնակչության համար աղբահանության սպասարկման որակը:  Ծրագրի շրջանակներում երկու մարզերի բոլոր համայնքներում կոշտ կենցաղային թափոնների հավաքման եւ հեռացման պատշաճ ծառայությունների մատուցման ու նոր սանիտարական աղբավայրի կառուցման ու շահագործման նպատակով նախատեսվում է `   - Հրազդանում  ԵՄ չափանիշներին համապատասխան նոր աղբավայրի կառուցում (ներառյալ ենթակառուցվածքները, շինություններն ու կառույցները),  -  2 փոխաբեռնման կայանների կառուցում (Ակունք եւ Մարտունի),     - թափոնների հավաքման բեռնատարների, թափոնների համար կոնտեյներների/արկղների ձեռք բերում, - աղբավայրի շահագործման աշխատանքների համար մասնագիտացված սարքավորումների ձեռք բերում, -  թափոնների հավաքման նոր կետերի տեղադրում: Ծրագրի շրջանակներում կառուցվող սանիտարական աղբավայրի և երկու փոխաբեռնման կայանների կառուցման համար շինարարական կազմակերպության ընտրության համար հայտարարված  միջազգային մրցութային հայտերը բացվել են ս․թ. հունվարի 24-ին։ Հայտերի գնահատման արդյունքներով «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական  ընկերությունը ճանաչվել է հաղթող, քանի որ վերջինիս մրցութային առաջարկը ճանաչվել է մրցութային փաստաթղթերին էապես համապատասխանող, բավարարել է որակավորման չափանիշներին եւ հանդիսացել  է ամենացածր գնահատված գին առաջարկած ընկերությունը: Մրցույթի առաջարկների գնահատման զեկույցն ու պայմանագրերի շնորհման առաջարկությունը ուղարկվել է ՎԶԵԲ-ին որից հետո՝ 2020 թվականի հուլիսի 7-ին ՎԶԵԲ-ից ստացվել է  «պայմանագրերի շնորհման» գրություն-հաստատումը, իսկ հուլիսի 15-ին «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերությանը ուղարկվել է  «պայմանագրերի շնորհման» ծանուցում («Ընդունման նամակ»)։ Վերոնշյալ գործընթացի հաջորդ փուլը ենթադրում է շինարարական աշխատանքների պայմանագրերի կնքումը, սակայն մինչ այդ անհրաժեշտ է լուծել «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերության շինարարության  իրականացման թույլտվություն հարցը։ «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն տալու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում հաղթող մասնակիցը հնարավորություն կունենա իրականացնել ՀՀ-ի եւ ՎԶԵԲ-ի միջեւ կնքված միջազգային համաձայնագրով նախատեսված աշխատանքները՝ Հրազդան համայնքում տարածաշրջանում առաջին սանիտարական աղբավայրի եւ համապատասխան ենթակառուցվածքների, ինչպես նաեւ Ակունք ու Մարտունի համայնքներում փոխաբեռնման կայանների կառուցման աշխատանքները:
13:43 - 17 սեպտեմբերի, 2020
Կառավարությունն ընդունեց ԶՈՒ ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովմանն ուղղված որոշում |armenpress.am|

Կառավարությունն ընդունեց ԶՈՒ ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովմանն ուղղված որոշում |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը թույլատրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ենթակայության «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ին պատկանող գույքով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերման դիմաց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընդունված որոշմամբ սահմանվել է նաև, որ ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը: «Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության ԶՈՒ ավիացիայի թռիչքների անվտանգությունը ապահովելու նպատակով: ՊԱՌ-10 բերման և ՄՌՄ-80 մարկերային փարոսները երկարատև շահագործման արդյունքում սպառել են իրենց աշխատանքային ռեսուրսներն ու ենթակա են միջին վերանորոգման: Դրանց վերանորոգման արդյունքում հնարավոր է օգտագործել ԶՈւ կարիքների համար, որը կիրականացվի ԶՈւ միջոցների հաշվին: ԶՈՒ ավիացիայի 2020թ. ծախսային ծրագրով նախատեսված է միջոցների  միջին վերանորոգումը: Որոշման նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա թռիչքների անվտանգության ապահովումը պարզ եւ բարդ օդերեւութաբանական պայմաններում»,- ասված է հիմնավորման մեջ:
13:18 - 17 սեպտեմբերի, 2020
Զեյթունի փլուզված շենքի բնակիչներին բնակարանի գնման վկայագրեր կտրամադրվեն |shantnews.am|

Զեյթունի փլուզված շենքի բնակիչներին բնակարանի գնման վկայագրեր կտրամադրվեն |shantnews.am|

shantnews.am: Զեյթունի փլուզված բնակելի շենքի բնակիչներին բնակարան տրամադրելու հարցն այսօր կառավարության նիստի օրակարգում է եղել: Վարչապետը հարկ է համարել ընդգծել, որ տարածքը պետք է վերադարձվի համայնքին, ծառայի որպես ազատ տարածք: Որոշ ժամանակ հետո տարածքում ավտոտնակներ ու կրպակներ չպետք է հայտնվեն: «Պատահարի հետևանքով 5-րդ մուտքի թվով 12 բնակարաններ փլուզվել են, և բնակիչներին ժամանակավորապես բնակեցրել են տարբեր հասցեներով՝ մինչև նրանց խնդրի լուծումը: ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականի համաձայն՝ առաջարկվել է այդ ընտանիքների խնդիրը բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցության տրամադրման եղանակով լուծելու նպատակով նախապատրաստել կառավարության որոշման նախագիծ: Տրամադրված ելակետային տվյալների հիման վրա՝ հաշվարկվել է այդ ընտանիքների ելակետային աջակցության չափը: 1քմ շուկայական արժեքը տվյալ դեպքում 330 հազար դրամ է: Աջակցությունը տրամադրվելու է բնակարանների սեփականատերերին», -ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ԺՊ Արմեն Ղուլարյանը՝ հավելելով, որ վճարումը կկատարվի նոտարի միջոցով: Ավելի ցածր գումարով բնակարան ձեռք բերողների պարագայում հատկացվող ու ավելացած գումարը կմնա նրան, ավելի բարձր գումարով ձեռք բերելու պարագայում բացը պետք է լրացնի ձեռք բերողը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։
13:00 - 17 սեպտեմբերի, 2020