Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Էդ գնով ևս 300 հոգի տուն են առել. Սուրեն Պապիկյանը չհայտնեց բնակարանի ամրագրման ամսաթիվը |factor.am|

Էդ գնով ևս 300 հոգի տուն են առել. Սուրեն Պապիկյանը չհայտնեց բնակարանի ամրագրման ամսաթիվը |factor.am|

factor.am: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր բնակարանը ձեռք է բերել 2021 թվականին, սակայն ամրագրման ամսաթիվը չհստակեցրեց։ Նախարարը հավելեց, որ ներկայիս հայտարարագիրը 2021թվականինն է, ինքն էլ դրանից հետո շուրջ 1 տարի ապրել է, աշխատել, գումար վաստակել։ Պապիկյանն ընդգծեց, որ իր գնածից ավելի էժան այդ տարածքում բնակարան է գնել 300 հոգի․ «Հետևություններ դուք արեք կամ թող անեն այլ մարմիններ»։ Հիշեցնենք, որ «Հետք»-ը հոդված էր հրապարակել, որ Սուրեն Պապիկյանը Երևանի կենտրոնում 165 քմ տարածքով թանկարժեք բնակարան է ձեռք բերել, որի շուկայական գինն այժմ 412.000 ԱՄՆ դոլար է, իսկ 6 ամիս առաջ` գործարքի ժամանակ, այն արժեցել է 168 000 ԱՄՆ դոլար։ Պաշտպանության նախարարը վստահեցրեց, որ անպայման հայտարարագիր կներկայացնի, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե ինչպես է ձեռք բերել իր նոր բնակարանը։ «Ես հայտարարագրով կներկայացնեմ, թե որտեղից ինձ գումար, ումից եմ վերցրել, որ բանկից եմ վարկ վերցրել և որքան է եղել կանխավճարը, ինչպես նաև դա ինչի արդյունքում է գոյացել։ Կներկայացնեմ նաև` արդյոք այդքան աշխատավարձ եմ ստանում կամ հաշվիս այդքան գումար ունեցել եմ, թե ոչ։ Ամեն ինչ կհրապարակվի։ Ներկայիս հայտարարագիրը 2021 թվականինն է, ես էլ 2022–ին, շուրջ 1 տարի, ապրել եմ, աշխատել եմ, գումար եմ վաստակել։ Այժմ էլ 2023 թվականն է»,– նշեց Պապիկյանը։ Նշենք, որ երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես անդրադարձել էր թեմային և նշել․ «Եթե դուք ճիշտ եք, ես Ձեզ առաջարկ ունեմ․ ասում եք՝ 412 հազար դոլար արժե, ես Ձեզ առաջարկում եմ, որ գնաք բանկի հետ բանակցեք, 300 հազար դոլարով գնեք էդ տունը, եւ 400 հազար դոլարով վաճառեք, ինչպես Դուք պնդում եք, եւ երբ 400 հազար դոլարով վաճառեք, մենք բոլորս կիմանանք, որ դուք ճիշտ եք, ընդ որում՝ դրա արդյունքում 100 հազար դոլար մաքուր շահույթ կունենաք»,։
14:57 - 15 մարտի, 2023
Այս պահին Հայաստանի սահմաններին կուտակումներ արձանագրված չեն․ Պապիկյան
 |armenpress.am|

Այս պահին Հայաստանի սահմաններին կուտակումներ արձանագրված չեն․ Պապիկյան |armenpress.am|

armenpress.am: Ռազմական էսկալացիայի վտանգը երբեք էլ չի դադարել, դրա մասին իշխանությունները մշտապես հայտարարել են։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։  «Էսկալացիայի վտանգը երբեք էլ չի դադարել, մենք դրա մասին մշտապես հայտարարել ենք՝ հաշվի առնելով մեր հարևան երկրի ղեկավարի հայտարարությունը, այդ թվում՝ ագրեսիվ հռետորաբանությունը։ Դա մեզ տեղիք է տալիս լինել աչալուրջ եւ պատրաստ լինել մեր երկրի սահմանների պաշտպանությանը»,-ասաց նա: Հարցին, թե ինչպե՞ս ենք դիմակայելու ռազմական էսկալացիային, Պապիկյանը պատասխանեց։ «Դա զինված ուժերի դիմակայման  խնդիրն է, ես մանրամասներ այստեղ չեմ ուզում ասել: Անհրաժեշտության դեպքում դիմելու ենք նաև գործընկերներին: Եթե կարիք լինի, կդիմենք, եկեք հիմա չեղած բանի մասին չխոսենք: Հարցնում եք՝ պատրա՞ստ եք  դիմակայելու, մենք պատրաստ ենք ամեն գնով պաշտպանելու մեր երկրի յուրաքանչյուր միլիմետրը»: Արդյոք Արցախի և Հայաստանի սահմաններին կուտակումներ կան․ հարցին ի պատասխան Սուրեն Պապիկյանն ասաց․ «ԼՂ շուրջ կուտակումների եւ մնացածի մասին ՊԲ-ն մշտապես հանդես է գալիս հայտարարություններով: Նաեւ ռուս խաղաղապահներն են դրա մասին ամենօրյա հաղորդագրություն տարածքում: Սրանով կառաջարկեմ հարցը փակել: Ինչ վերաբերում է ՀՀ սահմաններին, այս պահին կուտակում արձանագրված չէ, բայց սա չի ենթադրում, որ մենք պետք է մեր աչալրջությունը դադարեցնենք կամ պակասեցնենք: Քանի որ խոսվում է պատրաստ լինելու մասին, չստացվի, որ մենք պատրաստվում ենք պատերազմի, մենք մեր խաղաղության օրակարգից չենք շեղվում, բայց դա չի նշանակում, որ մեր երկրի սահմանները կամ տարածքային ամբողջականությունը սակարկելի են»:
14:38 - 15 մարտի, 2023
Ո՞րն է պատճառը, որ 2020-ի պատերազմից հետո առաջնագիծը կահավորված չէ․ հարց Պապիկյանին
 |civilnet.am|

Ո՞րն է պատճառը, որ 2020-ի պատերազմից հետո առաջնագիծը կահավորված չէ․ հարց Պապիկյանին |civilnet.am|

civilnet.am: Ո՞րն է պատճառը, որ 2020 թվականի պատերազմից հետո առաջնագիծը կահավորված չէ․ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հարց ուղղեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Վերջինս արձագանքեց՝ առաջնագծի փոփոխությունը կիլոմետրերով ու կատարված աշխատանքի չափով ներկայացվել է պատգամավորներին փակ նիստերից մեկի ժամանակ։ «Կառուցվել են հարյուրավոր կիլոմետրերով բարձրլեռնային ճանապարհներ, կառուցվել են հարյուրավոր հենակետեր, բայց նաև պիտի հիշենք, որ այս ըթնացքում էսկալացիաներ են եղել ու եղել է առաջնագծի փոփոխություն՝ ոչ հօգուտ մեզ ու ժամանակ առ ժամանակ կարիք է եղել շեշտադրումն անել նոր առաջնագծի վրա»,- պատասխանեց պաշտպանության նախարարը։ Ռեսուրսները, որ ներդրված են, կարող են էականորեն փոխել առաջնագծի որակն ու պատկերը, վստահեցրեց Պապիկյանը։ Նա անպատասխանատու որակեց հայտարարությունները, թե առաջնագծում ոչինչ չի արվում։
12:54 - 15 մարտի, 2023
«Մի տարի է՝ իմ տունն ուզում եմ վաճառել, որ ես էլ բնակարան ձեռք բերեմ, չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել»․ Փաշինյան

«Մի տարի է՝ իմ տունն ուզում եմ վաճառել, որ ես էլ բնակարան ձեռք բերեմ, չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել»․ Փաշինյան

«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երեւանի կենտրոնում թանկարժեք բնակարան է ձեռք բերել՝ մոտ 2-3-սենյականոցի կրկնակիի չափ։ Այդ գործարքի գինն այսօր 412 հազար դոլար է, իսկ գործարքի ժամանակ՝ վեց ամիս առաջ, այն արժեցել է 168 հազար դոլար։ Կառուցապատող ընկերությունը հայտնի նախկին ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանի Ջերմուկ գրուպն է․ վերջինս եւ Պապիկյանն առանձնապես չեն պարզաբանել, թե ինչպես է հնարավոր եղել մոտ 100մլն դրամով էժան ձեռք բերել բնակարանը։ Դուք ԱԺ-ում կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պաշտոնյաներին առաջարկեցիք գնալ ճշմարտության հետեւից, ընդհուպ դատի տալ․ այսօր ոչ Պապիկյանն է դատի տվել մեզ [Հետք-ին], ոչ առավել եւս Աշոտ Արսենյանի Ջերմուկ գրուպ ընկերությունը, իսկ իրավապահներին կարծես թե առանձնապես չի հետաքրքրում այս թեման․ ըստ Ձեզ՝ ի՞նչ հետեւություն անի այս ամենից հանրությունը»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանին «Հետք»-ի լրագրողը, ինչին ի պատասխան Փաշինյանը ասաց․  «Եթե դուք ճիշտ եք, ես Ձեզ առաջարկ ունեմ․ ասում եք՝ 412 հազար դոլար արժե, ես Ձեզ առաջարկում եմ, որ գնաք բանկի հետ բանակցեք, 300 հազար դոլարով գնեք էդ տունը, եւ 400 հազար դոլարով վաճառեք, ինչպես Դուք պնդում եք, եւ երբ 400 հազար դոլարով վաճառեք, մենք բոլորս կիմանանք, որ դուք ճիշտ եք, ընդ որում՝ դրա արդյունքում 100 հազար դոլար մաքուր շահույթ կունենաք։ Այսինքն, եթե էս գործարքը բանկին առաջարկեք, բանկը պիտի երջանիկ լինի, որովհետեւ ինքն էլ իր շահույթի մասն ունի։ Ես բոլոր էդ դեպքերում ՀԿ-ներին, լրագրողներին առաջարկում եմ գնալ այս ճանապարհով։ Ես ներողություն եմ խնդրում պարոն Պապիկյանից իր անձնական գործերին միջամտելու համար, բայց ես կպնդեմ, որ ինքը 300 հազար դոլարով էդ տունը վաճառի Ձեզ, եւ հետո կհետեւենք՝ Դուք 400 հազարով վաճառեցիք, թե չէ։ Ես մի տարի է իմ տունն ուզում եմ վաճառել, որ հնարավոր է՝ ես էլ բնակարան ձեռք բերեմ, չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել։ Եւ Ձեր օրինակին հետեւելով՝ գուցե դա էլ անեմ։ Ներողություն խնդրելով՝ մի հարց տամ ներկաներին, բայց մինչ այդ անդրադառնամ իմ զեկույցում հրապարակված թվերին․ 2018-ից մինչ էսօր 25 հազար մարդ, օգտվելով եկամտային հարկի վերադարձի ծրագրից, նորակառույց տանը 1, 2, 3, 4- սենյականոց բնակարան ա գնել․ ներկաների մեջ կա՞ն մարդիկ, որոնք 2018-ից ի վեր բնակարան են ձեռք բերել եւ օգտվում են եկամտային հարկի ծրագրից։ Կա՞ն, էդ ի՞նչ, կոռուպցիայով ե՞ք զբաղվում դուք։ 25 հազար մարդ ՀՀ-ում 35 միլիարդ դրամ մարդկանց տվել ենք, որպեսզի իրենք իրենց բնակարանային հարցերն ապահովեն։ Իրավապահ մարմիններին հրահանգելու կարիք չկա, բայց եթե Ձեզ դա պետք ա, ուղիղ հրանագում եմ՝ ստուգեք բոլոր տվյալները, բոլոր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողը հիշեցրեց, որ Աշոտ Արսենյանն է կառուցել այդ շենքը, որի որդին բանակում չծառայելու համար քրեական հետապնդման էր ենթարկվում, հետո քրեական հետապնդումը դադարեցվեց, հետո այդ նույն որդին ՔՊ կուսակցության աջակցությանբ եւ վարչապետի որոշմամբ նշանակվեց նախ Ջերմուկ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, ապա նա դարձավ Ջերմուկ համայնքի ղեկավար, եւ այս կոնտեքստում լրագրողն իրավապահներին առաջարկեց նկատի ունենալ նաեւ այս ամենը։ Վարչապետն արձագանքեց, որ եթե կարճվել է գործը, ուրեմն հիմքեր են եղել, հակառակ պարագան ինքը պարզապես բացառում է։
14:09 - 14 մարտի, 2023
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի

Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի

Մարտի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, շրջել մարտական դիրքերում: Մարտական հերթապահություն իրականացնող զորամասի հրամանատարը ներկայացրել է իրադրությունն առաջնագծում: Զորամիավորման հրամանատարը պաշտպանության նախարարին զեկուցել է սահմանագոտու երկայնքով իրականացված լայնածավալ ինժեներական, ամրաշինական աշխատանքների վերաբերյալ։ Նախարար Պապիկյանը զրուցել է առաջնագծում պահպանություն իրականացնող ժամկետային անձնակազմի հետ, զգոն ու անվտանգ ծառայություն մաղթել հայրենիքի պաշտպաններին: Ավելի ուշ պաշտպանության նախարարն այցելել է զորամասի ենթակա ստորաբաժանումներից մեկի համար նոր կառուցված մշտական տեղակայման վայր, շրջել շինհրապարակում, հետևել կառուցապատման աշխատանքներին: Զորամասն ապահովված է լինելու հարմարավետ զորանոցներով, շտաբային, թիկունքային, ճաշարանային շենք-շինություններով, առանձին նշանակության ենթակառույցներով: Սուրեն Պապիկյանը շինարարության պատասխանատուներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել շինությունների անվտանգային նորմերին, ռազմական տեխնիկայի և սպառազինության պահման վայրերին, ինչպես նաև խստորեն պահել շենքերի ամրաշինական չափորոշիչները: Զորամասը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա երկրորդ կեսին:        
12:24 - 02 մարտի, 2023
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս, ներկայացրել ԶՈւ բարեփոխումների հիմնական դրույթները

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս, ներկայացրել ԶՈւ բարեփոխումների հիմնական դրույթները

Շարունակվում են պաշտպանության նախարարի այցերը հանրապետության N զորամիավորման զորամասեր, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մարտի 1-ին ՊՆ N զորամաս կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ողջունել է առավոտյան տողանի շարված անձնակազմին: Ելույթում նախարար Պապիկյանը կարևորել է զինծառայողների բարձր առաջադիմությունը ուսումնամարտական վարժանքների, տեսական ու գործնական պարապմունքների ընթացքում: Սուրեն Պապիկյանն անդրադարձել է զորքերի մարտունակության ամրապնդմանը, մարտական պատրաստության լիարժեք ապահովմանն ուղղված քայլերին, ներկայացրել ԶՈւ բարեփոխումների հիմնական դրույթները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը սպաներին հանձնարարել է անհանդուրժող լինել զորքերում հայտնաբերվող արատավոր երևույթների, միջանձնային ոչ կանոնադրային հարաբերությունների նկատմամբ: Այնուհետև նախարար Պապիկյանը առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, լսել նրանց մտահոգությունները, առաջարկությունները, հետաքրքրվել ծառայողական և սոցիալական ապահովության հարցերով: Սուրեն Պապիկյանը սպաներին մանրամասներ է ներկայացրել մեկնարկող ատեստավորման գործընթացի վերաբերյալ և վստահություն հայտնել, որ այն դրական ազդեցություն կունենա զինծառայողների մարտական պատրաստության վրա: Պաշտպանության նախարարը տեղում մի շարք ցուցումներ է տվել զորամիավորման և զորամասի հրամանատարական կազմին:
12:17 - 01 մարտի, 2023
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ զինված ուժերում անցկացվել է հավաք-խորհրդակցություն

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ զինված ուժերում անցկացվել է հավաք-խորհրդակցություն

Փետրվարի 28-ին ԶՈւ բանակային N զորամիավորումում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ «Զինվորական կարգապահության առկա խնդիրները, դրանց պատճառահետևանքային կապերը և բարելավման ուղիները» թեմայով: Հավաքին մասնակցել են կայազորի ենթակա զորամասերի հրամանատարները, նրանց տեղակալները, ստորաբաժանումների հոգևոր սպասավորները, մարզի իրավապահ համակարգի ներկայացուցիչները։ Զորամիավորման հրամանատարն իր զեկույցում ներկայացրել է ենթակայությամբ գործող զորամասերում արձանագրված կարգապահության խախտումների վիճակագրությունը, բացահայտված դեպքերը, որոնց վերլուծությունը թույլ կտա արատավոր երևույթների դեմ պայքարի նոր լուծումներ գտնել: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորելով խորհրդակցության թեման, ընդգծել է, որ ոչ կանոնադրային հարաբերությունների և արատավոր բարքերի դեմ պայքարը զինված ուժերում անհրաժեշտ է ուժեղացնել, բացառել դրանց կրկնությունները: Սուրեն Պապիկյանը նշել է, որ արձանագրված մտահոգիչ դեպքերի դեմ համալիր գործիքակազմով պայքարի կարևորագույն քայլը դեպքերի իրական պատճառները հայտնաբերելն ու կանխարգելիչ որոշումներ ընդունելն է: Հավաք-խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել նաև զորամիավորման ղեկավար կազմի սպաները՝ ներկայացնելով մարտական, ոչ մարտական կորուստների, պատահարների մանրամասներն ըստ իրականացված վերլուծության: Պաշտպանության նախարարը ռազմական ոստիկանության կայազորային ստորաբաժանման հրամկազմին տվել է ցուցումներ՝ զորամասերում, մարտական դիրքերում արձանագրված յուրաքանչյուր դեպքի առնչությամբ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել և ուժեղացնել հսկողությունը ոչ միայն կարգապահության առանձին դրվագները, այլև սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսների առկայությունը զինծառայողների շրջանում բացառելու համար: Նախարար Պապիկյանը նշեց, որ այս ուղղությամբ առաջիկայում կիրականացվեն կտրուկ քայլեր:
12:05 - 28 փետրվարի, 2023