Հակոբ Արշակյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն է, ԱԺ փոխնախագահ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարարը։

Ծնվել է 1985թ. ապրիլի 16-ին Երեւանում:

2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2009թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) եւ տեխնոլոգիա» բաժինը (բակալավրիատ): 2011թ.՝ նույն բաժնի մագիստրատուրան:

2010-2014թթ. աշխատել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համակարգերի ճարտարագետ: 2014-2017թթ.՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային (Հնդկաստան, Ռուսաստան եւ ԱՊՀ, Արաբական երկրներ, Աֆրիկա) ղեկավար:

2018թ. հունվար-մայիս՝ «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն: 2018թ. մայիս-հոկտեմբեր՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ: 2018-2019թթ.՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, 2019-2021թթ.՝ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար:

2008-2012թթ. եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության հիմնադիր անդամ: 2012թ.՝ «ՀԻՄԱ» ՀԿ նախագահ: 2014թ. եղել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:

2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2019 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 4-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Հայաստանը Ադրբեջանի հետ սահմանին 134 ռադիոհաճախականության մասով պայմանավորվածություն է ձեռք բերել

 |armenpress.am|

Հայաստանը Ադրբեջանի հետ սահմանին 134 ռադիոհաճախականության մասով պայմանավորվածություն է ձեռք բերել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը նախորդ տարի ադրբեջանական կողմի հետ սահմանային հատվածում շուրջ 134 ռադիոհաճախականությունների մասով կարողացել է պայմանավորվածություն ձեռք բերել, արդյունքում հայկական կողմը դրանք հիմա ազատորեն օգտագործում է:  Այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը: Հեռահաղորդակցության միության հետ համագործակցության շրջանակներում 2019-ին Ժնևում 3 հանդիպում է տեղի ունեցել ադրբեջանական կողմի հետ՝ սահմանային ռադիոհաճախականությունների հարցով: Նախարարը նշեց, որ ցանկացած երկու երկրների միջև սահմանային հատվածում կարող է այնպես լինել, որ  ռադիոհաճախականություններն իրար խանգարեն: «Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև այժմ բանակցությունները դժվար էին ստացվում, որպեսզի կարողանայինք համաձայնության գալ, թե որ շերտերն են իրենք օգտագործում, և որը՝ հայկական կողմը: Հեռահաղորդակցության համաշխարհային միության նախագահը այցելեց Հայաստան: Եվ այդ շրջանակում կարողացանք պայմանավորվածություններ ձեռք բերել, որ  ադրբեջանական կողմից հետ այդ հանդիպումները տեղի ունենան: Եվ դրանք արդյունք տվել են: Շուրջ 134 հաճախականության ուղղությամբ կան պայմանավորվածություններ, և հիմա այդ հաճախականություններն ազատորեն օգտագործվում են մեր կողմից»,-ասաց նախարարը:    
19:30 - 08 հունիսի, 2020
Վարչապետն ընդգծել է թվայնացման, ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման ռազմավարությունների կարևորությունը

Վարչապետն ընդգծել է թվայնացման, ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման ռազմավարությունների կարևորությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում է ՀՀ պետական կառավարման մարմինների 2019թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը: Այսօր ներկայացվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հաշվետվությունը, զեկուցմամբ հանդես է եկել նախարար Հակոբ Արշակյանը: Նախարարի հաղորդմամբ՝ 2019թ. մայիսի վերջ ստեղծված նախարարությունը հաշվետու ժամանակահատվածում աշխատանքներ է իրականացրել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ռազմարդյունաբերության, թվայնացման, հեռահաղորդակցության խթանման ուղղություններով: Ոլորտային ցուցանիշների մասով նշվել է, որ ընդհանուր շրջանառությունն աճել է 30 տոկոսով, ԲՏԱ շրջանառության մասնաբաժինը ՀՆԱ-ում աճել է 2.4 տոկոսով:25 տոկոսով աճել է ոլորտի ընկերությունների թիվը, ինչը, Հ. Արշակյանի խոսքով, պայմանավորված է նորաստեղծ ընկերություններին արտոնությունների և դրամաշնորհների տրամադրմամբ: Արձանագրվել է նաև ոլորտում զբաղվածության մակարդակի աճ՝ շուրջ 21 տոկոս: Մշակվել են և ընթացքի մեջ են «Գաղափարից բիզնես», «Վիրտուալ կամուրջ», «Բուհ-մասնավոր» կրթական, «Ներուժ», «Ազգային վենչուրային ֆոնդ» և մի շարք այլ ծրագրեր: Նախարարը նշել է, որ 2019թ. իրականացված աշխատանքների արդյունքում Արցախի հետ ռոումինգի սակագները 2020թ. հունվարից նվազել են 52 տոկոսով, և այդ գործընթացը շարունակական է լինելու: Միջազգային համագործակցության շրջանակում Հայաստանի տաղավարը մասնակցել է 4 միջազգային ցուցահանդեսի, ստորագրվել է 7 հուշագիր, առ այսօր կնքված պայմանագրերի ծավալը կազմում է 400.000 ԱՄՆ դոլար: Փոխգործակցությունը զարգացնելու պայմանավորվածություններ են ձեռք բերվել ինչպես մի շարք երկրների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ, այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:Շարունակվել են մարզերի տեխնոլոգիական զարգացման ծրագրերը. այդ համատեքստում 58,4 մլն դրամ է տրամադրվել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնին, 90,2 մլն դրամ՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնին: Հ. Արշակյանը ներկայացրել է նաև 2020թ. մեկնարկած ծրագրերը՝ «Ծրագրավորման հիմունքներ» անվճար հեռավար դասընթացներ, որոնք կազմակերպվել են կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված, կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման մարտահրավերների հաղթահարման դրամաշնորհներ, մշակվում է փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ կառավարման և զարգացման հայեցակարգը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կառավարմանն է անցել Ռազմարդյունաբերական կոմիտեն. կատարվել է հայկական ռազմարդյունաբերական համալիրի ստեղծած նմուշների քարտեզագրում, ստեղծվել են համապատասխան կատալոգներ: Հաշվետու ժամանակաշրջանում նախարարությունում կատարվել է նաև օպտիմալացում, գերատեսչությունը համալրվել է նոր մասնագետներով, շուրջ 28 տոկոսով աճել է միջին աշխատավարձը: Ներկայացվել է նաև Վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարողականը: Վարչապետը, նախարարի զեկուցումից հետո, հետաքրքրվել է ՀՀ կառավարության գործունեության 2019-2023թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում ԲՏԱ նախարարության կատարած աշխատանքներով, այդ թվում նաև՝ ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքով: Հ.Արշակյանը զեկուցել է, որ թվայնացման, ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման ռազմավարությունները գրեթե պատրաստ են: Կառավարության ղեկավարն ընդգծել է փաստաթղթերի կարևորությունը, հանձնարարել ավարտին հասցնել դրանց մշակումը, և, ներդաշնակեցնելով կառավարության միջոցառումների ծրագրի հետ, սեղմ ժամկետում ներկայացնել քննարկման: Վարչապետ Փաշինյանի հարցադրմանն ի պատասխան՝ նախարարը զեկուցել է նաև կապի ոլորտում իրականացված միջոցառումների մասին. ԲՏԱ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություններով, որոնց նպատակը կապի ենթակառուցվածքների զարգացումն է և հասանելիության շրջանակի ընդլայնումը: Այդ ուղղությամբ քննարկումներն ընթացքի մեջ են: Այս համատեքստում կառավարության ղեկավարը հանձնարարել է արագացնել ինչպես կապի, այնպես էլ ոլորտային մյուս ուղղություններով ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի մշակումը և միջգերատեսչական շրջանառության դնել: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԲՏԱ նախարարության կողմից թվային գործիքների, առցանց հարթակների ներդրման ու կիրառման ուղղությամբ միջոցառումների շարունակական իրականացումը և տվել համապատասխան հանձնարարականներ:
17:17 - 29 մայիսի, 2020
Հակոբ Արշակյանը հեռավար քննարկում է ունեցել ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարարի հետ

Հակոբ Արշակյանը հեռավար քննարկում է ունեցել ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարարի հետ

 ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը մայիսի 19-ին հեռավար քննարկում է ունեցել Ռուսաստանի Դաշնության առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Նախարար Մանտուրովը հայկական կողմին հակիրճ ներկայացրել է մինչ օրս բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտում  երկու երկրների կողմից իրականացվող ծրագրերի զարգացման դինամիկան, թիրախային ոլորտները և համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Մասնավորապես մատնանշել է տիեզերական արդյունաբերության ոլորտում նկատվող ակտիվ զարգացման դինամիկան, որը նշանավորում է Հայաստանում «Ռոսկոսմոսի» կողմից տիեզերական մոնիտորինգի կենտրոնի գործարկման ծրագրով: Նախարար Արշակյանը իր ռուս գործընկերոջը ներկայացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, կարևորել բարձր-տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական ոլորտների համագործակցության ուղղությունները, որոնք քննարկվել և արձանագրվել են հայ-ռուսական միջկառավարականտնտեսական և ռազմատեխնիկական հանձնաժողովների հանդիպումների ընթացքում: Գործընկերներն արձանագրել են, որ Հայաստանը դեռ Խորհրդային միության տարիներից կուտակել է անհրաժեշտ գիտատեխնիկական և մարդկային ներուժ՝ ստեղծելու անհրաժեշտ տեխնիկական լուծումները փոխգործակցության հիմնական ուղղություններով: Հանդիպման ավարտին նախարարները ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ, որոնք տեղակալների մակարդակով առաջիկայում կքննարկվեն աշխատանքային կարգով: Հրաժեշտի խոսքում նախարար Մանտուրովը նշել է, որ ռուսական կողմը ընդլայնել է արտադրական հնարավորությունները և պատրաստ է Հայաստանին տրամադրել բժշկական պարագաներ՝ Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով: Նախարար Արշակյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով աշխարհը կհաղթահարի Կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունները և մարդիկ կվերադառնան բնականոն կյանքի:
16:45 - 20 մայիսի, 2020
Քննարկվել է փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ կառավարման և զարգացման հայեցակարգը

Քննարկվել է փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ կառավարման և զարգացման հայեցակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման և զարգացման հայեցակարգի շուրջ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է ամփոփ վերլուծություն՝ «Հայփոստ» ՓԲԸ գործառույթների, մատուցվող՝ փոստային, ինչպես նաև հանրային և ֆինանսական ծառայությունների շրջանակի, դրանց ծավալների ու ցուցանիշների վերաբերյալ։ Նախարարն անդրադարձել է փոստային օպերատորի կառավարման մոդելին, առկա միջազգային փորձին, ներկայացրել այս նպատակով 2019 թ. նոյեմբերին վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքները: Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն։ Քննարկման առարկա են դարձել «Հայփոստ» ՓԲԸ հետագա կառավարման մոդելին, մատուցվող ծառայությունների շրջանակին, անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացմանը, արդիականացմանը, թվային օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր։ Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է առաջիկայում ներկայացնել «Հայփոստ» ՓԲԸ կառավարման մոդելի ընտրության կոնկրետ տարբերակներ՝ հաշվի առնելով քննարկված հարցերի շրջանակը և ներկայացված առաջարկները:
13:40 - 17 ապրիլի, 2020
Ռազմարդյունաբերության ոլորտի պատվերները ստացվել են, պայմանագրերը՝ ստորագրվել․ Արշակյան
 |shantnews.am|

Ռազմարդյունաբերության ոլորտի պատվերները ստացվել են, պայմանագրերը՝ ստորագրվել․ Արշակյան |shantnews.am|

shantnews.am: ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր կառավարությանը հարցրեց՝ ի՞նչ է լինելու ռազմարդյունաբերական ընկերությունների հետ, որոնք գործունեությունը չեն դադարեցրել և չեն կարող դիմել օժանդակության ծրագրերին։ Գորգիսյանը ասաց, որ իրեն դիմած ընկերությունները բողոքել են պատվերների բացակայությունից։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ասաց, որ այս պահին արդեն պատվերները տրվել են ընկերություններին, պայմանագրերը կնքվել են, վճարումները՝ իրականացվել։ Ավելի լայն պատասխանելով հարցին՝ Արշակյանն ասաց, որ կանոնակարգումների հետ կապված՝ տարեսկզբին ընկերությունները ստիպված են լինում որոշակի պարապուրդի շրջանում լինել։ Դա կանխելու համար, ըստ Արշակյանի, ԲՏԱ նախարարությունը ներկայումս կարգավորումների փոփոխության տարբերակներ է քննարկում ՊՆ-ի հետ։
19:28 - 15 ապրիլի, 2020
215 հազար թոշակառուի թոշակներ և 87 հազար մարդու նպաստներ առաքվել են իրենց բնակարաններ․ Հակոբ Արշակյան

215 հազար թոշակառուի թոշակներ և 87 հազար մարդու նպաստներ առաքվել են իրենց բնակարաններ․ Հակոբ Արշակյան

Ընդհանուր առմամբ արդեն 215 հազար թոշակառուի թոշակներ առաքվել են իրենց բնակարաններ, այս մասին ասուլսի ընթացքում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Նախարարը շնորհակալություն հայտնեց «Հայփոստի» աշխատանքի համար: «Հազարավոր աշխատակիցներ այս օրերին իրենց ծառայությունն են մատուցում մեր քաղաքաքացիներին, նաև խոցելի խմբերին: Արդեն հայտնել էինք, որ փոստատարները կառաքեն թոշակները խոցելի խմբում գտնվող մեր կենսաթոշակառուների համար, որոնք կանխիկ էին ստանում: Հիմա այդ գործըընթացը գրեթե ավարտին է մոտենում: Ընդհանուր առմամբ արդեն 215 հազար թոշակառուի թոշակներ առաքվել են իրենց բնակարաններ»,- հայտնեց Հակոբ Արշակյանը։ Նա նշեց, որ  խոցելի խմբերից նպաստառուների նպաստները նույնպես առաքվել են՝ շուրջ 87 հազար մարդու, ընտանիքների։ «Մինչև երկու տարեկան երեխաների խնամքի համար նախատեսված միջոցները ևս, նրանք, որոնք առցանց չեն իրականացվում, կրկին առաքվում են ընտանիքներ։ Կենսաթոշակառուների թոշակներն արդեն 96%-ով հասցված են հասցեատերերին, իսկ նպաստների մասով ունենք 77% ցուցանիշ»,- ասաց նախարարը։  
14:09 - 08 ապրիլի, 2020
133 հայտ ենք ստացել, 37-ը կարելի է կիրառել, այսօր կամ վաղը հաղթողները հայտնի կդառնան․ Արշակյանն անդրադարձել է կորոնավիրուսի հետևանքները զսպող գաղափարների մրցույթին

133 հայտ ենք ստացել, 37-ը կարելի է կիրառել, այսօր կամ վաղը հաղթողները հայտնի կդառնան․ Արշակյանն անդրադարձել է կորոնավիրուսի հետևանքները զսպող գաղափարների մրցույթին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ կորոնավիրուսի հետևանքները զսպող գաղափարների, լուծումների մրցույթին և նշեց, որ դրա վերջնաժամկետն ավարտվել է։ «133 հայտ ենք ստացել, որոնցից 37-ը գաղափարի փուլում էր, 59-ը՝ մշակման, ևս 37-ը՝ կիրառման, այսինքն՝ որ կարելի է վերցնել, մոդիֆիկացնել ու կիրառել։ Այդ հավելվածներն ու լուծումները հիմնականում մեկուսացման մեջ գտնվող մարդկանց տեղաշարժի վերահսկողության, ծերերի և խոցելի խմբերի խնամքի ու օգնության, սարքավորումների, պաշտպանիչ սարքերի տվյալների գրանցման և այլ ուղղություններով են, նաև արհեստական բանականության, մեքենայական ուսուցման և վիրտուալ իրականության կիրառման նոր լուծումներով»,- ասաց նախարարը։Հակոբ Արշակյանի խոսքերով՝ ստացել են նաև որոշակի առաջարկներ առևտրի հարթակների և առցանց հավելվածների մասով։ Նա հայտնեց, որ գնահատականները կտրվեն անկախ հանձնաժողովի կողմից, այսօր կամ վաղը հաղթողները կհանրայնացվեն։«Տվյալներ ենք ստանում էլեկտրոնային առևտրի տարբեր հարթակներից, որտեղ եռապատկվել է շրջանառությունը, տարբեր գնահատականներով՝ բազմապատկվել է նաև օնլայն դրամական միջոցների շրջանառությունը։ Կարծում եմ՝ սա հետագայում ևս Հայաստանի տնտեսությանը թե՛ թափանցիկության առումով, թե՛ հարմարավետության, թե՛ տարածքների համաչափ զարգացման առումով կօգնի, հաշվի առնելով, որ առևտրային բազմաթիվ ցանցեր ու խանութներ Երևանում են, արդեն հասանելի կլինեն նաև մարզերում»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ այս տենդենցը կշարունակվի։ԲՏԱ նախարարը նաև նշեց, որ Paypal-ի ու այլ վճարահաշվարկային համակարգերի հետ բանակցություններն ընթացիկ փուլում են։ «Իսկապես ջանքեր գործադրվում են այդ ուղղությամբ՝ թե՛ սփյուռքի, թե՛ PayPal-ում աշխատող մեր հայրենակիցների ներգրավվածությամբ։ Հայաստանում նույնպես աշխատանքային խումբ կա՝ տարբեր ոլորտներից ներգրավված, նախարարությունում արտաքին կապերի վարչությունն է զբաղվում այդ հարցերով, նաև ԿԲ-ն է ներգրավված»,- հայտնեց նա։Արշակյանը վստահեցրեց՝ հենց պրոգրես ունենանք, անպայման կտեղեկացնի, իրենք շատ են կարևորում այս հարցը։ 
13:59 - 08 ապրիլի, 2020
ԲՏԱՆ-ն ունի թոքերի  արհեստական օդափոխման վերականգնված 10 սարք և պատրաստ է տրամադրել ԱՆ-ին․ Հակոբ Արշակյան

ԲՏԱՆ-ն ունի թոքերի արհեստական օդափոխման վերականգնված 10 սարք և պատրաստ է տրամադրել ԱՆ-ին․ Հակոբ Արշակյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն այս պահին ունի թոքերի  արհեստական օդափոխման 10 վերականգնված սարքեր, որոնք պատրաստ է տրամադրել Առողջապահության նախարարությանը: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը: «Անդրադարձ կատարելով թոքերի արհեստական օդափոխման սարքերի վերաբերյալ մեր վերջին կոչերին, ուզում եմ ասել, որ շատ լավ արձագանքներ ենք ստացել, 280-ից ավելի նամակներ ենք ստացել, որոնք արդեն ուսումնասիրվել ու դասակարգվել են վերջին երկու օրերի ընթացքում։ Տարբեր տեղերից հայտնաբերված և տեղեկատվական արդյունաբերության նախարարությանը տրամադրված 10 սարք ունենք այս պահին, որոնք վերականգնվել են և ենթակա են շահագործման։ Անհրաժեշտության դեպքում այն կտրամադրենք ԱՆ-ին»,- նշեց Արշակյանը։Նախարարը տեղեկացրեց, որ նամակներ են ստացել նաև արտերկրից՝ Լիբանանի, ՌԴ-ի, Գերմանիայի, ԱՄՆ-ի մեր հայրենակիցներից, որոնք անհրաժեշտության դեպքում պատրաստ են օգնել Հայաստանի ինժեներներին՝ միջազգային փորձանմուշներ ստանալու, մասնագիտական խորհրդատվության հարցում։ «Վերջերս տասնյակ նյութեր են շրջանառվում տարբեր մարդկանց և խմբերի կողմից  թոքերի արհեստական օդափոխման սարքերի վերաբերյալ, որոշներն, իհարկե, լուրջ սարքեր են, բայց մեծամասնությունը 3D պրինտերով տպած սարքեր են, որոնք, ըստ էության, չեն լուծում այն խնդիրները, որոնք դրված են»,- ասաց ԲՏԱ նախարարն ու պարզաբանեց, որ այդ սարքերն իրականում պետք է ունենան արձագանքման համակարգեր, տարբեր տեսակի սենսորներ, որոնք գնահատում են պացիենտի վիճակը և ըստ դրա են գործում։ «Այդ սարքը միայն պոմպի դեր չի կատարում, օդ մղում ու արտամղում, այլ ամբողջապես փոխարինում է շնչառական համակարգին, և անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի կամ որևէ ինդիկատոր միանա, բժիշկներին տեղեկացնի իրավիճակի մասին։ Այդպիսի սարքերիի նախագծումը բավական բարդ պրոցես է, կխնդրեմ ու կոչ կանեմ, որ այս հարցին լուրջ վերաբերվենք, դա մեկ շաբաթում կամ նույնիսկ ամսում լուծվող հարց չէ»,- ասաց Հակոբ Արշակյանը։Նախարարի խոսքերով՝ Հայաստանում առկա արտադրական հզորությունները՝ գործարանները, ինժեներական կայացած ընկերություններ, գիտահետազոտական խմբեր, համալսարաններ պատրաստակամություն են հայտնել միանալու թոքերի օդափոխման սարքերի նախագծման, տեստավորման, լաբորատոր փորձարկումների, պահեստամասերի արտադրության կամ ներկրման գործին։ Արշակյանն անդրադարձավ նաև լրագրողներից մեկը դիտարկմանը, թե ինչու՞ պետական գույք համարվող սարքերը սարքին վիճակում չեն գտնվել։ «Պնդումը, թե անսարք վիճակում գտնվող սարքերը պետական սեփականություն են, այդպես չէ, դրանք պետական սեփականություն չեն, համենայնդեպս, իմ տեղեկություններով։ Դրանք տարբեր ժամանակներում դուրս գրված, որևէ տեղ գտնվող սարքավորումներ են։ Միգուցե շուրջ երկու տասնյակ սարք արդեն վերանորոգվել է, նրանք, որոնք պետական կամ որևէ կլինիկայի սեփականություն են հանդիսացել, վերանորոգվել ու վերադարձվել են իրենց տերերին»,- ասաց նա։Նախարարը պարզաբանեց, որ այն 10 հատը, որոնց մասին խոսում էր, ուղղակի սարքեր են, որոնք տարբեր անհատների ու ձեռնարկությունների կողմից դուրս են բերվել ու տրամադրվել են վերանորոգման համար, և դա առանձին պատմություն է։«Հիմա աշխատում ենք թոքերի օդափոխման սարքերի արտադրության նախագծի վրա, որ հստակ մոդելավորենք՝ ինչպես ենք գնում դրան։ Քայլ առ քայլ՝ սկզբում նախագծում, հետո արտադրություն, և թե ովքեր պիտի դա անեն։ Փորձելու ենք մրցակցային մեխանիզմներ կիրառելով անել, բայց հաշվի ենք առնելու, որ ժամանակային մեծ շռայլություն չպետք է թույլ տանք։ Առաջիկա օրերին արդեն լուծումները կունենանք»,- ասաց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։Նա նշեց, որ թոքերի արհեստական օդափոխման համակարգեր գնելու ու ներմուծելու հետ կապված բարդություններ կան, պարետատունն է այդ հարցով զբաղվում։ «Գիտեմ, որ որոշակի խմբաքանակներ գնվել են ու կբերվեն Հայաստան, ընդ որում, ոչ միայն արհեստական օդափոխության համակարգեր, այլև թթվածնի մատակարարման սարքեր, որոնք այլ կատեգորիայի են պատկանում։ Դրանք այս պահին տեղափոխվում են Հայաստան»,- ասաց նախարարը։
13:40 - 08 ապրիլի, 2020
Վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին

Վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ այցելել է «Ինժեներական քաղաք»: Կառավարության ղեկավարին նախ ներկայացվել են հայ մասնագետների կողմից ռազմական նշանակության տեխնիկական միջոցների մշակումներն ու լուծումները, այնուհետև վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին: Հայաստանի ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչները նշել են, որ այժմ աշխատում են թոքերի արհեստական շնչառության նոր սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության մշակումների վրա և կոնկրետ առաջարկություններ են ներկայացնելու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Միաժամանակ նշվել է, որ մասնագետները հաջողությամբ կարողանում են վերականգնել սարքերը, որոնք մինչ այդ գտնվում էին պահեստներում: Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված ուղղություններով հայ ինժեներների աշխատանքները և նշել, որ կառավարությունն իր հերթին պատրաստ է օժանդակել ծրագրերի արդյունավետ իրականացմանը:
13:21 - 03 ապրիլի, 2020
Առցանց առևտրով զբաղվող հայաստանյան ընկերությունները պատրաստ են պատվերների ծավալների մեծացմանը

Առցանց առևտրով զբաղվող հայաստանյան ընկերությունները պատրաստ են պատվերների ծավալների մեծացմանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Հայաստանում առցանց առևտրով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու արտակարգ դրության պայմաններում առցանց առևտրի աճի դինամիկան, դրա արդյունքում ծագած խնդիրներն ու հնարավոր լուծումները։Հանդիպմանը մասնակցել են շուրջ մեկ տասնյակ առցանց առևտրով զբաղվող ընկերությունների ղեկավարներ:Նրանք, մասնավորապես, նշել են, որ Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում առցանց առևտրի ծավալներն աճել են՝ որոշ դեպքերում մինչև 50 տոկոսով՝ հատկապես պարենամթերքի, միրգ-բանջարեղենի առաքումների դեպքում: Ընկերությունների ներկայացուցիչները նաև վստահեցրել են, որ առկա ռեսուրսներով կարողանում են լիարժեք սպասարկել ստացված պատվերները, որոշ դեպքերում՝ նաև մարզերում:Ընկերությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են հարկման ժամանակակից էլեկտրոնային համակարգերի ներդրման և կայքերի լոկալիզացման ուղղությամբ բարեփոխումների անհրաժեշտության մասին, ներկայացրել առաջարկներ այդ ուղղություններով:Քննարկվել են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի հետ համագործակցության հնարավոր եզրերը․ նշված գործընթացներում ընկերության մարզային ցանցի օգտագործման միջոցով առաքումների իրականացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև առցանց առևտրի աճին համընթաց առաջացող խնդիրներին ու խոչընդոտներին, դեպի մարզեր ընդլայնման հնարավորություններին՝ առցանց հարթակների տեխնիկական սպասարկման, լոգիստիկ, առաքման ընդլայնման և մի շարք այլ հարցերի:Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել համախմբելու ուժերը երկրում ստեղծված իրավիճակում հանրությանը՝ առցանց առևտրի միջոցով հնարավորինս հարմարավետ ծառայություններ մատուցելու նպատակով:
14:18 - 24 մարտի, 2020
ՏՏ հայ մասնագետների խումբը կմոդելավորի կորոնավիրուսի հնարավոր տարածումը Հայաստանում

ՏՏ հայ մասնագետների խումբը կմոդելավորի կորոնավիրուսի հնարավոր տարածումը Հայաստանում

Կորոնավիրուսի (COVID-19) տարածման տվյալների հավաքագրման, վերլուծության, միջազգային գործընկերների ունեցած տվյալների համադրման, իրավիճակի ընթացքի կանխատեսման նպատակով ստեղծվել է հետազոտական խումբ, որում ներգրավված են  վերլուծաբաններ, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության մասնագետներ, այլ փորձագետներ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել  ձևավորված խմբի մասնագետների հետ, քննարկել առաջիկա քայլերն ու հնարավորությունները։ Խմբի ձևավորումը նպատակ ուներ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ օջախների քարտեզագրման, մարդկանց տեղաշարժերի վերաբերյալ տեղեկատվության, տարածման գոտիների և այլ տեղեկատվության համադրման արդյունքում կորոնավիրուսի (COVID-19)  ընդհանուր հավանական տարածման մոդելավորում իրականացնելու, ինչը լուրջ աջակցություն կարող է հանդիսանալ առողջապահական ոլորտի ենթակառուցվածքների աշխատանքի համար: Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ հետազոտական խմբի գործունեությունը թույլ կտա իրավիճակի մասին հավաստի և ճշգրիտ տեղեկատվություն ստանալ, ինչը կնպաստի հիվանդության տարածման կանխարգելման աշխատանքների առավել լավ համակարգման իրականացմանն ու  կառավարելի դարձնելուն: Նախարարը կարևորել է գիտահեն այս նախագիծը կյանքի կոչելու ուղղությամբ՝ միասնական նպատակի իրականացման գործում յուրաքանչյուր մասնագետի անհատական ջանքերի ներդրումը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են նաև խմբի գործունեության ուղղությունները, ռեսուրսների անհրաժեշտությունն ու հնարավոր ժամկետները։ Նախագիծն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ ՀՀ առողջապահության նախարարության հետ փոխգործակցության արդյունքում:
16:27 - 19 մարտի, 2020