Իտալիա

Իտալիան (պաշտոնապես Իտալիայի Հանրապետություն) ունիտար խորհրդարանական հանրապետություն է Եվրոպայում: Տարածքը 301.338 կմ քառակուսի է։ 61 միլիոն բնակչությամբ չորրորդ ամենախոշոր բնակչություն ունեցող երկիրն է Եվրոպական միությունում:

Իտալիան գտնվում է Հարավային Եվրոպայում` զբաղեցնելով Ապենինյան թերակղզու ողջ տարածքը: Հյուսիսում սահմանակից է Ֆրանսիային, Շվեյցարիային, Ավստրիային եւ Սլովենիային: Հյուսիսում իտալական սահմանն ավարտվում է Ալպերի մոտ՝ ներառելով Պադանի եւ Վենետիկի հարթավայրերը: Իտալիայի կազմի մեջ են մտնում Ապենինյան ողջ թերակղզին, ինչպես նաեւ միջերկրածովյան Սիցիլիա, Սարդինիա եւ հարակից մանր կղզիները: Սան Մարինոն եւ Վատիկանը, որոնք ինքնիշխան պետություններ, Իտալիայի կազմում գտնվող անկլավներ են: Իսկ Կամպիոնե դ’Իտալիան իտալական էքսկլավ է, որը գտնվում է Շվեյցարիայում:

Իտալիան, սկսած 1946-ի հունիսի 2-ից ունիտար խորհրդարանական պետություն է, երբ 1946-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում միապետությունը լուծարվել է: Երկրի գլուխը նախագահն է: Ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է Սերջիո Մատարելլան: Երկրի նախագահը ընտրվում է խորհրդարանի կողմից՝ 7 տարի ժամկետով:  Իտալիան ունի խորհրդարանական կառավարություն, որը հիմնված է համամասնական ներկայացուցչության ընտրական համակարգի վրա: Խորհրդարանը երկպալատ է: Ստորին պալատը Իտալիայի պատգամավորների պալատն է, իսկ վերին պալատը՝ Սենատը, որը տեղակայված է Պալացցո Մադամա նստավայրում: Երկու պալատներն էլ ունեն միեւնույն իրավասությունները: 

Իտալիայի բնակչության մեծ մասը կաթոլիկներ են, չնայած, որ 1985 թվականից երկիրը չունի պետական կրոն:
Միլանի հայ համայնքը բողոքի ցույց է անցկացրել ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի |armenpress.am|

Միլանի հայ համայնքը բողոքի ցույց է անցկացրել ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի |armenpress.am|

armenpress.am: Իտալիայի Միլան քաղաքի Սկալա հրապարակում հայ համայնքի նախաձեռնությամբ բողոքի ցույց է անցկացվել ընդդեմ Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի: Հարյուրավոր մարդիկ են մասնակցել բողոքի ակցիային: Հայ համայնքի նախաձեռնած ցույցի ընթացքում մասնակիցները պարզել են Հայաստանի դրոշներն ու «Հայաստանը խաղաղություն է ցանկանում», «Հայերն ընդդեմ միջազգային ահաբեկչության» գրությամբ պաստառներ: «Իտալիայի հայկական ծագմամբ քաղաքացիներն այս ամենում տեսնում են թուրքական ազգային քաղաքականության շարունակությունը, որը ձևավորվել է 19-րդ դարի վերջնամասում»,- ասված է հայ համայնքի նախագահ Բայկար Սիվազլյանի ուղերձում: Ակցիայի մասնակիցները Իտալիայի կառավարությունից խնդրել են ցույց տալ դիվանագիտական միջամտություն և օգնել խաղաղություն հաստատել տարածաշրջանում:
21:16 - 06 հոկտեմբերի, 2020
Ինչ-որ իմաստով Վենետիկը նաև հայկական քաղաք է․ Հայաստանի և Իտալիայի նախագահների բարձր հովանու ներքո նախագահական նստավայրում կգործի իտալական արվեստի բացառիկ նմուշների ցուցադրություն

Ինչ-որ իմաստով Վենետիկը նաև հայկական քաղաք է․ Հայաստանի և Իտալիայի նախագահների բարձր հովանու ներքո նախագահական նստավայրում կգործի իտալական արվեստի բացառիկ նմուշների ցուցադրություն

Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահների հովանու ներքո այսօր Հանրապետության նախագահի նստավայրում բացվել է իտալական արվեստի բացառիկ նմուշների ցուցադրությունը: «Պաոլո և Կարոլինա Ձանի» հիմնադրամից բերված և Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակը պատկերող 18-րդ դարի չորս կտավները պատկանում են անվանի վարպետներ Ջովանի Անտոնիո Կանալետոյի, Բերնարդո Բելոտոյի, Ֆրանչեսկո Գվարդիի և Միկելե Մարիեսկիի վրձնին: Բացելով ցուցահանդեսը՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ այն Հայաստանի և Իտալիայի ժողովուրդների միջև թե՛ պատմական, թե՛ ներկայիս խորը, սերտ բարեկամական ու ջերմ հարաբերությունների վկայությունն է: «Ցուցահանդեսի մասին խոսել ենք մոտ մեկ տարի առաջ՝ Իտալիայի Հանրապետության նախագահի և դեսպանի հետ: Հավաքածուն այստեղ է Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի բարձր հովանավորությամբ,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: -Այս ցուցահանդեսն իրականում երկկողմ է, որովհետև, ըստ պայմանավորվածության, մենք ունենալու ենք մեր ցուցահանդեսն Իտալիայում, նկարները ցուցադրվելու են Իտալիայի նախագահի պալատում: Այն ծրագրվում է Հայաստանի նախագահի՝ Իտալիա նախատեսվող պետական այցի ընթացքում: Ես ծրագրում եմ ինձ հետ տանել մեր մեծագույն վարպետների մինչև մեկ տասնյակ գործեր»: Անդրադառնալով ցուցադրված կտավներին՝ նախագահ Սարգսյանը դրանք համաշխարհային գեղանկարչության լավագույն նմուշներից է համարել: «Նկարները կապված են մի քաղաքի հետ, որը մեզ բոլորիս շատ մոտ է. խոսքը Վենետիկի մասին է: Իսկ այն մեզ մոտ է բազմաթիվ պատճառներով՝ ոչ միայն Մխիթարյան միաբանության, այլև հայ վաճառականների, ովքեր Վենետիկի հետ կապված են եղել դարեր,-ասել է Հանրապետության նախագահը: -Մինչև այսօր մենք հսկայական ներկայություն ունենք այնտեղ, Վենետիկի համալսարանում կա հայագիտական կենտրոն, Վենետիկի հետ կապված են շատ հայտնի անուններ, իտալացի դասախոսներ, ճարտարապետներ, արվեստաբաններ, որոնք նաև տեղյակ են հայ ճարտարապետության և ճարտարագիտության մասին, բազմաթիվ գրքեր ու հոդվածներ ունեն այս թեմաներով: Հետևաբար, ինչ-որ իմաստով Վենետիկը նաև հայկական քաղաք է»: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանում Իտալիայի դեսպանության և անձամբ դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի դերը ցուցահանդեսի կազմակերպման գործում: Դեսպան Վինչենցո Դել Մոնակոն շնորհակալություն է հայտնել երկու երկրների նախագահներին նման մշակութային նախաձեռնության համար: «Սա ցուցադրություն է, որն իրականություն է դարձել Ձեր և Իտալիայի նախագահի բարձր հովանու ներքո, ում կողմից ողջույններ եմ փոխանցում Ձեզ,-դիմելով նախագահ Սարգսյանին՝ ասել է դեսպանը: -Այս նախաձեռնությունը միայն մեկնարկն է, քանի որ շուտով Հռոմում ներկայացվելու է նաև հայկական մշակույթը։ Ցուցադրված այս չորս կտավները պատահական ընտրության արդյունք չեն, դրանցից յուրաքանչյուրն ունի հատուկ իմաստ: Չորս կտավները ներկայացնում են 18-րդ դարը, որը բացառիկ ժամանակաշրջան է հայ-իտալական երկկողմ հարաբերությունների համար»:
20:00 - 24 սեպտեմբերի, 2020
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը Իտալիայի դեսպանի հետ քննարկել է հարցերի լայն շրջանակ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը Իտալիայի դեսպանի հետ քննարկել է հարցերի լայն շրջանակ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ քննչական կոմիտեի նախագահը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններն ու կարևորել երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված համագործակցության ավանդույթները՝ այդ համատեքստում անդրադառնալով նաև փոխգործակցությունն առավել սերտացնելու հեռանկարներին։ «Քննչական կոմիտեի գործունեության ժամանակահատվածում մենք հասցրել ենք զգալ Իտալիայի գործընկերների աջակցությունը, որի մասնավոր դրսևորումներից է ՀՀ  քննչական կոմիտեի վարույթում քննված գործերով Իտալիայի Հանրապետության իրավասու մարմիններին ուղարկված իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների կատարմամբ ցուցաբերված պատշաճ իրավական օգնությունը, ինչի արդյունքում հնարավոր է եղել ապահովել մի շարք քրեական գործերով իրականացվող նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը»,- ասել է Հայկ Գրիգորյանը: Կողմերն անդրադարձել են նաև 2020թ. մարտին Ռուսաստանի Դաշնությունում Իտալիայի դեսպանության ֆինանսական գվարդիայի կցորդ, գեներալ Մաուրիցիո Մուսկառայի՝ ՀՀ քննչական կոմիտե կատարած այցին, ինչի արդյունքում մշակվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի նախագիծ, որի ստորագրումը, համավարակով պայմանավորված, հետաձգվել է: Հանդիպման ավարտին դեսպանը շնորհակալություն է հայտնել՝ ջերմ ընդունելության համար և նշել, որ դեսպանությունը պատրաստակամ է իր առավելագույն ջանքերը գործադրելու՝ երկու երկրների համատեղ ծրագրերը կյանքի կոչելու համար:
20:35 - 22 սեպտեմբերի, 2020
Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնը, չնայած կորոնավիրուսի հարուցած դժվարություններին, կկայանա. ТАСС |tert.am|

Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնը, չնայած կորոնավիրուսի հարուցած դժվարություններին, կկայանա. ТАСС |tert.am|

tert.am: Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնի հանդիսավոր բացումը կկայանա այսօր։ Կինոյում ունեցած ներդրման համար կշնորհվի «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» հատուկ մրցանակը. այս տարի դրա «տիրուհին» բրիտանացի դերասանուհի Թիլդա Սուինթոնն է: Ինչպես հայտնում է ТАСС-ը, այս տարվա կինոփառատոնն առանձնահատուկ է ստեղծված իրավիճակի պատճառով. «Բիեննալեի» ղեկավարությունը, որը զբաղվում է աշխարհի ամենահին կինոփառատոնի կազմակերպմամբ, ի սկզբանե կտրուկ որոշում էր կայացրել և հրաժարվել փառատոնը հետաձգելու կամ առցանց եղանակով կազմակերպելու տարբերակից: 1932 թ-ին՝ Բենիտո Մուսոլինիի կառավարման ժամանակ, հիմնադրված փառատոնն իր գրեթե 90-ամյա պատմության ընթացքում ընդամենը մի քանի անգամ չի անցկացվել՝ պատմական տարբեր իրադարձությունների բերումով, բայց անգամ համավարակը այդ դեպքերի շարքին չդասվեց: Կինոփառատոնի ծրագրում 50 երկրից ներկայացված 60 կինոնկար է ընդգրկված:
09:44 - 02 սեպտեմբերի, 2020
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 23,7 միլիոնին, մահացել է շուրջ 813 հազար, բուժվել՝ 15,3 միլիոն մարդ |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 23,7 միլիոնին, մահացել է շուրջ 813 հազար, բուժվել՝ 15,3 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Կորոնավիրուսի վարակակիրների թիվն աշխարհում մոտենում է 23,7 միլիոնին, հիվանդությունից մահացել է ավելի քան 813 հազար մարդ, ապաքինվել է շուրջ 15,3 միլիոնը, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Կորոնավիրուսի տարածման պատճառով Իսպանիայում Կատալոնիայի կառավարությունը խստացնում է սահմանափակումները: Արգելվում է հավաքվել ավելի քան 10-հոգանոց խմբերով: Իշխանությունները խոստացել են դպրոցներում և ինստիտուտներում թեստեր անցկացնել: Երկուշաբթի օրն այնտեղ COVID-19-ի 1776 դեպք է գրանցվել: «Առաջիկա երեք շաբաթվա ընթացքում մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի երկիրը կարողանա աշխատել, և ուսումնական հաստատությունները վերաբացվեն», - ասել է Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տորան: Մինչդեռ Հոնկոնգում ասում են, որ բժիշկները կարողացել են նույնականացնել առաջին COVID-19-ով հիվանդին, որը լիովին բուժվելուց հետո կրկին վարակվել է կորոնավիրուսով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մեկնաբանել է տեղեկատվությունը՝ ասելով, որ պետք չէ հապճեպ եզրակացություն անել, նույնիսկ եթե առկա է կրկնակի վարակման փաստված դեպքը: «Այլ կորոնավիրուսների հետ փորձից մենք գիտենք, որ մարդու մոտ հակամարմինները (իմունային պատասխանը) որոշ ժամանակ պահպանվում են: Բայց այն կարող է նաև թուլանալ» - ասել է ԱՀԿ ներկայացուցիչ Մարիա Վան Կերխովեն: Ամբողջ աշխարհում սպասում են հուսալի պատվաստանյութի COVID-19-ի դեմ: Իտալիայում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտում ստեղծված պատվաստանյութը սկսել են փորձարկել կամավորների վրա: Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, գարնանը դեղամիջոցը զանգվածային արտադրության կդրվի: Երեկ Մեքսիկայում մեկնարկել է պետական դպրոցների 30 միլիոն աշակերտներին հեռուստատեսության միջոցով դասավանդելու փորձնական ծրագիրը: Միացյալ Նահանգներում, մինչդեռ, շատ դպրոցների առցանց դասընթացներն առաջին օրն ընդհատվել են Zoom համակարգում ծագած խնդիրների պատճառով: Zoom-ը գործնական հանդիպումների, առցանց ուսուցման և համաճարակի ընթացքում սոցիալական հավաքույթների համար ամենատարածված տեսակապի միջոցն է: Խնդիր է ծագել, երբ Միացյալ Նահանգների միլիոնավոր ուսանողներ միաժամանակ սկսել են հեռավար ուսուցումը: Կապը մոտ 2,5 ժամով անջատվել է:
11:19 - 25 օգոստոսի, 2020
Աշխարհը շարունակում է պայքարել կորոնավիրուսի դեմ |azatutyun.am|

Աշխարհը շարունակում է պայքարել կորոնավիրուսի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Իսպանական իշխանությունները նոր սահմանափակումներ են մտցնում. այնտեղ վարակվածների աճի տեմպը Եվրոպայում ամենաբարձրերից մեկն է: Մադրիդում և զբոսաշրջային գոտիներում փակ են գիշերային ակումբները, բարերն ու ռեստորանները իրավունք ունեն աշխատել մինչև գիշերվա ժամը 1-ը: Արգելվում է նաև հասարակական վայրերում ծխելը, եթե սոցիալական հեռավորություն պահելու հնարավորություն չկա: Սահմանափակումներ են մտցվում ծերանոցներ այցելությունների դեպքում: Ֆրանսիայում, արդեն երկրորդ օրն է անընդմեջ, նոր վարակների թիվը գերազանցում է 3 հազարը: Ավելի ու ավելի շատ քաղաքներ և համայնքներ դիմակ կրելը պարտադիր են դարձնում նույնիսկ փողոցում: Ֆրանսիայի մայրաքաղաքը հայտարարվել է բարձր ռիսկի տարածք, ինչպես նաև Մարսելը: Իտալիայի կառավարությունը առնվազն երեք շաբաթով փակում է բոլոր ակումբները, այժմ շրջանները զրկված են ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքից, թե երբ վերաբացել դրանք: Բացի այդ, երեկոյան 6-ից մինչև առավոտյան 6-ը պարտադիր է դիմակներ կրել փողոցում՝ բարերի, ակումբների կամ այլ վայրերի դիմաց, որտեղ կարող են մարդիկ հավաքվել: Հունաստանը, որը մտահոգված է օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում վարակի թվի աճով, ընդլայնում է այն երկրների ցուցակը, որոնց քաղաքացիները մուտքի իրավունք պետք է ապահովեն կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա, որը պետք է արված լինի վերջին 3 օրերի ընթացքում: Ցուցակում են հայտնվել Բելգիան, Իսպանիան, Նիդերլանդները, Չեխիան և Շվեդիան: Ճապոնիան հայտարարել է, այս տարվա ապրիլ-հունիսն ընկած ժամանակահատվածում գրանցել է տնտեսության ռեկորդային՝ 27,8 տոկոս անկում:
10:27 - 17 օգոստոսի, 2020
Իտալական ԶԼՄ-ներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, Հռոմի Պապի ուղերձին

Իտալական ԶԼՄ-ներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, Հռոմի Պապի ուղերձին

Իտալական մի շարք պարբերականներ անդրադարձել են Հռոմի պապի՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային միջադեպերի հետ կապված ուղերձին, խաղաղության կոչին: Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ մասնավորապես, «Իլ Մեսսաջերո»-ն, «Իլսուսսիդիարիո» պարբերականը և այլ ԶԼՄ-ներ մատնանշել են, որ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի որոշ հատվածների վրա հարձակումները նախաձեռնել է ադրբեջանական կողմը, հրետանու և անօդաչու թռչող սարքերի միջոցով՝ թիրախավորելով հայկական բնակավայրերը, ենթակառույցները, տները, նույնիսկ վնասելով Covid-ի դեմ պայքարելու համար դիմակներ արտադրող ընկերությունը: Հոդվածներում նշվում է, որ էսկալացիան քաղաքական մի շարք պատճառների հետևանք է, ինչպես, օրինակ, Ադրբեջանի նախագահի զանգվածային քարոզչությունը, ով երկրի ներսում պայքարում է համաձայնության աստիճանական կորստի դեմ:  Անդրադարձ է կատարվում նաև Մեծամորի ատոմակայանին ադրբեջանական սպառնալիքին, ինչպես նաև Անկարայի «Հայաստանը կվճարի» արտահայտությանը ու մեջբերումներ կատարվում Հռոմի Պապի կիրակնօրյա կոչից:  Հռոմի Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը հուլիսի 19-ին Ս․ Պետրոս հրապարակում տեղի ունեցած կիրակնօրյա Angelus-ի ընթացքում վերահաստատել է համաշխարհային զինադադարի մասին իր կոչն ու մտահոգություն հայտնել կովկասյան տարածաշրջանում վերսկսված զինադադարի խախտումների վերաբերյալ և միջազգային հանրությանը միջնորդելու կոչ արել: Իր խոսքում Հռոմի Պապը մասնավորապես ասել է. «Առանձնահատուկ մտահոգությամբ եմ հետևում անցնող օրերի ընթացքում Կովկասի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված բախումների սրացմանը։ Իմ աղոթքներս եմ ուղղում զոհվածների ընտանիքներին և հուսով եմ, որ միջազգային հանրության հանձնառությամբ և կողմերի միջև բարի կամքի ու երկխոսության միջոցով հնարավոր կլինի գալ երկարատև խաղաղ լուծման»:
15:17 - 20 հուլիսի, 2020
ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի տեղակալի հետ

ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի տեղակալի հետ

Հուլիսի 16-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսազրույց ունեցավ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Մանլիո Դի Ստեֆանոյի հետ: Ավետ Ադոնցն իր իտալացի գործընկերոջը ներկայացրեց Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածի երկայնքով Ադրբեջանի կողմից զինուժի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական ագրեսիան: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը դատապարտեց նաև Թուրքիայի ԱԳՆ կողմից կատարած կողմնակալ և սադրիչ հայտարարությունը: Մանլիո Դի Ստեֆանոն նշեց, որ Իտալիան մնում է այն տեսակետին, որ նման խնդրիները պետք է լուծվեն բացառապես բանակցությությունների միջոցով: Մանլիո Դի Ստեֆանոն ընդգծեց, որ Իտալիայի ԱԳ նախարարության կողմից արդեն իսկ տարածված հաղորդագրությունում իտալական կողմը կոչ է արել կողմերին զերծ մնալ լարվածության հետագա աճից, վերադառնալ կառուցողական բանակցային դաշտ և խնդիրը լուծել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում՝ բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով: Իտալիայի ԱԳՄՀ նախարարի տեղակալն հավելեց, որ այս հարցում Հայաստանը կարող է ակնկալել Իտալիայի լիակատար աջակցությունը: Կողմերը գոհունակությամբ անդրադարձան երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակին և դրանց հետագա խորացմանը։ Ավետ Ադոնցն ու Մանլիո Դի Ստեֆանոն փոխադարձաբար ներկայացրեցին համավարակի վերաբերյալ Հայաստանում և Իտալիայում տիրող իրավիճակը, կառավարությունների կողմից ձեռնարկված միջոցները՝ ուղղված համավարակի հաղթահարմանն ու սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: Այս համատեքստում նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը շնորհակալություն հայտնեց Իտալիայի իշխանություններին՝ համավարակի շրջանակներում Հայաստանին ցուցաբերած օգնության և Հայաստան գործուղված բուժանձնակազմի համար: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև երկուստեք կարևորություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:
22:45 - 16 հուլիսի, 2020
Արսեն Թորոսյանն ընդունել է Իտալիայից ժամանած բժիշկների թիմի ղեկավարին

Արսեն Թորոսյանն ընդունել է Իտալիայից ժամանած բժիշկների թիմի ղեկավարին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին և Իտալիայից Հայաստան ժամանած բժիշկների թիմի ղեկավար Մարիո Ռավիոլոյին: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում աջակցություն ցուցաբերելու համար հունիսի 27-ին Իտալիայից Հայաստան էր ժամանել 11 բուժաշխատողից կազմված մարդասիրական առաքելությունը: Խումբն իր հետ բերել էր նաև առաքելության իրականացման համար անհրաժեշտ պարագաներ: Նախարարը շնորհակալություն է հայտնել այս շաբաթների ընթացքում կատարված հսկայական աշխատանքի համար` նկատելով, որ բազում երկրներ ներկայումս գտնվում են շատ բարդ իրավիճակում, իսկ միասնական պայքարը շատ կարևոր է: Արսեն Թորոսյանը խոսել է Հայաստանում օրական գրանցվող տվյալների մասին և հույս հայտնել, որ նմանատիպ միջազգային համագործակցության արդյունքում ձեռք բերված հավելյալ փորձն ու գիտելիքները կօգնեն Հայաստանին ավելի սահուն հաղթահարելու համաճարակային իրավիճակը: Վինչենցո դել Մոնակոն շնորհակալություն է հայտնել հայկական կողմին հյուրընկալության համար ևշեշտել, որ այս ամենն Իտալիայի և Հայաստանի կառավարություննների ճիշտ մոտեցումների արդյունքն է:  «Համոզված եմ, որ երկուստեք ձեռք բերված գիտելիքներն անհրաժեշտության դեպքում կծառայեն միմյանց օգնություն ցուցաբերելուն: Սա ոչ թե քաղաքական, այլ մարդասիրական խնդիր է, որի համար պետք չէ պլաններ կազմել: Մենք պետք է փորձի փոխանակում անենք, քանի որ սա մի բան է, որի միջով անցնում են բոլորը, և որքան շատ ենք տեսնում վարակի դեպքեր, այնքան ավելի շատ գիտելիք ենք ձեռք բերում` երկրորդ ալիքի դեպքում ավելի պատրաստ լինելու համար»,- ասել է դեսպանը:  «Անշուշտ, սա մարդասիրական առաքելություն է, և յուրաքանչյուր ժողովուրդ պետք է աջակցի մեկը մյուսին: Հայ և իտալացիբժիշկներնայսօր տեսակետներենփոխանակում: Հուսովեմ, որկարճաժամկետ այսպիսի ծրագիրը կարող է հիմք հանդիսանալ երկարաժամկետ համագործակցության համար», -ասել է Արսեն Թորոսյանը: Իտալացիների խմբի ղեկավարը կիսվել է Հայաստանում ձեռք բերած իր տպավորություններով և ցանկություն հայտնել շարունակական գործունեություն ծավալել հայ բժիշկների հետ` կազմակերպելով փորձի փոխանակման նմանատիպ ծրագրեր: Կողմերը պայմանավորվել են հետագայում ևսնախաձեռնելմիջգերատեսչական համագործակցության ծրագրեր, քննարկվել են կազմակերպչական այլ հարցեր: Հանդիպման վերջում իտալացի բժիշկներին են հանձնվել փոքրիկ հուշանվերներ և պատվոգրեր` ի նշան Հայաստանին ցուցաբերված աջակցության: Նախարարի հետ հանդիպման ավարտից հետո կարճատև միջոցառում է տեղի ունեցել Իտալիայից և Գերմանիայից ժամանած բժշկական թիմերի միջև, որին մասնակցել են նաև նախարարության ներկայացուցիչները: Կողմերը քննարկել են Հայաստանում COVID-19–ի դեմ պայքարի և բուժման հարցերը,կիսվել իրենց փորձով ու գիտելիքներով:
18:17 - 15 հուլիսի, 2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է իտալացի բուժաշխատողների խմբին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է իտալացի բուժաշխատողների խմբին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իտալացի բուժաշխատողների խմբին, որը ժամանել է հայ գործընկերներին օգնելու կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը և Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Շնորհակալություն հայտնելով իտալացի բուժաշխատողներին աջակցության համար՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ շատ ավելի հաճելի կլիներ նրանց հյուրընկալել ոչ թե համավարակի պայմաններում, այլ՝ Հայաստանը տեսնելու ու բացահայտելու նպատակով այցի շրջանակում: «Բայց հիմա աշխարհը հայտնվել է կորոնավիրուսի համավարակին դեմ հանդիման, մեր երկու երկրները լուրջ փորձությունների միջով են անցել և անցնում: Դուք այստեղ եք՝ մեզ օգնելու,-ասել է նախագահը: -Ուստի այսօր բոլորիդ և յուրաքանչյուրիդ անձնապես շնորհակալություն ասելու պահ է, շնորհակալություն Իտալիային, Իտալիայի ժողովրդին, իմ լավ բարեկամ, նախագահ Սերջիո Մատարելլային: Սա ցույց է տալիս, որ մենք ոչ միայն դժվարին օրերի ընկերներ ենք, այլև որ երկու հինավուրց ժողովուրդների՝ հազարամյակներով շարունակվող բարեկամությունը հարատև է»: Նախագահը բոլոր բուժաշխատողներին հրավիրել է համավարակի հաղթահարումից հետո կրկին այցելել Հայաստան: Դեսպան Վինչենցո Դել Մոնակոն նշել է, որ իտալացի բուժաշխատողների՝ համավարակի դեմ պայքարի փորձն օգտակար կլինի հայ գործընկերների ու բարեկամ հայ ժողովրդի համար: «Կորոնավիրուսի համավարակից քաղած դասերից հիմնական ուղերձն այն է, որ միայն համագործակցությամբ է հնարավոր հաղթահարել այս մարտահրավերը: Համավարակը մեզ սովորեցրեց, որ ոչ թե փոխկապակցվածությունն է կարևոր, այլ միասնականությունը»,-նշել է դեսպանը:
18:47 - 13 հուլիսի, 2020
Իտալիան արգելել է Հայաստանից ու ևս 12 երկրից եկողների մուտքը |panarmenian.net|

Իտալիան արգելել է Հայաստանից ու ևս 12 երկրից եկողների մուտքը |panarmenian.net|

panarmenian.net: Իտալիան արգելել է Հայաստանից եկողների մուտքը երկիր՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածվածության հետևանքով ստեղծած ռիսկերով, հայտնում է Reuters գործակալությունը։ Բացի Հայաստանից, արգելվել է ևս 12 երկրից եկողների մուտքը։ Այդ երկրներն են Բահրեյնը, Բանգլադեշը, Բրազիլիան, Բոսնիա և Հերցոգովինան, Չիլին, Քուվեյթը, Հյուսիսային Մակեդոնիան, Մոլդովան, Օմանը, Պանաման, Պերուն և Դոմինիկյան Հանրապետությունը։ Արգելքը վերաբերում է նաև նրանց, ովքեր Իտալիա գալուն նախորդած 14 օրում այցելել են տվյալ երկրներ։ Շենգենյան վիզա ունեցողների և այլ ոչ եվրոպական երկրների քաղաքացիների համար մուտքը բաց է, սակայն երկիր ժամանելուց հետո նրանց սպասվում է 14-օրյա կարանտին։ Հուլիսի 10-ի դրությամբ Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 242,000, դրանից մահվան 35,000 դեպք։
11:56 - 10 հուլիսի, 2020
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում հասավ 11,8 միլիոնի, մահացել է 544 հազար, բուժվել՝ 6,5 միլիոն մարդ |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում հասավ 11,8 միլիոնի, մահացել է 544 հազար, բուժվել՝ 6,5 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհում Covid-19-ի դեպքերի ընդհանուր թիվը մոտ 11,8 միլիոն է, հիվանդությունից մահացածներինը՝ ավելի քան 544 հազար, բուժվել է մոտ 6,5 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Դեպքերի թվով առաջին եռյակում են ԱՄՆ-ը, Բրազիլիան և Հնդկաստանը, Ռուսաստանը հիմա 4-րդ տեղում է: Միացյալ Նահանգներում մեկ օրում հաստատված վարակի դեպքերի թվի նոր ռեկորդ է գրանցվել՝ ավելի քան 60 հազար 200: Covid-19 է ախտորոշվել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ: Օտարերկրյա ուսանողներին արգելվելու է մնալ Միացյալ Նահանգներում, եթե 2020 թվականի աշնանը նրանց դասընթացներն անցկացվեն բացառապես առցանց ձևաչափով: Ավստրալիայի իշխանությունները 5 միլիոն բնակչություն ունեցող Մելբուռն քաղաքում առաջիկա վեց շաբաթվա համար նորից խստագույն սահմանափակումներ են մտցրել՝ տանից կարելի է դուրս գալ միայն խանութ գնալու և հարազատներին օգնելու նպատակով: Իսրայելում կրկին փակվել են ֆիթնես ակումբները, հյուրանոցները, լողավազանները և տուրիստական վայրերը: Անգլիայում փաբերի բացվելուց ընդամենը մի քանի օր հետո իշխանությունները փակել են առնվազն երեք նման հաստատություն, որոնց այցելուների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Ղազախստանում Covid-19- ի նոր դեպքերի թիվն աճում է: Ղրղըզստանում շտապ կերպով տեղեր են պատրաստվում հիվանդների ցերեկային խնամքի համար: ԱՄՆ-ը պաշտոնապես տեղեկացրեց ՄԱԿ-ին ԱՀԿ-ից դուրս գալու մասին Երեկ ԱՄՆ-ը պաշտոնապես տեղեկացրեց ՄԱԿ-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) դուրս գալու մասին: Վաշինգտոնը մեղադրում է ԱՀԿ-ին կորոնավիրուսի համավարակին արձագանքը ուշացնելու մեջ: Այսպիսով, ընթացակարգի համաձայն, ամենամեծ դոնորի՝ ԱՀԿ-ից դուրս գալը տեղի է ունենալու մեկ տարին լրանալուց հետո, այսինքն` հաջորդ տարվա հուլիսի 6-ին: Մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը մտադիր է լիովին դադարեցնել հարաբերությունները կազմակերպության հետ, քանի որ դրա ղեկավարությունը հրաժարվել է իրականացնել այն բարեփոխումները, որոնց մասին պնդում էր ամերիկյան վարչակազմը: Թրամփը ևս մեկ անգամ մեղադրել է ԱՀԿ-ին՝ ասելով, թե կազմակերպությունը հայտնվել է Չինաստանի լիակատար վերահսկողության տակ: ԱՄՆ նախագահի պնդմամբ՝ Չինաստանի իշխանությունները և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարությունը չեն ձեռնարկել համապատասխան միջոցներ նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
12:16 - 08 հուլիսի, 2020