Ինֆոքոմ

Լուգանսկի շրջանի գյուղական դպրոցին ավիահարված է հասցվել, ենթադրաբար 60 զոհ կա․ շրջանի ռազմական վարչակազմի պետ

Լուգանսկի շրջանի գյուղական դպրոցին ավիահարված է հասցվել, ենթադրաբար 60 զոհ կա․ շրջանի ռազմական վարչակազմի պետ

Ուկրաինայի Լուգանսկի շրջանի Բելոգորովկա ավանի դպրոցին հասցված ավիահարվածի հետևանքով, նախնական տվյալներով, կարող էր զոհվել 60 մարդ, BBC Russian-ի փոխանցմամբ՝ հայտնել է Լուգանսկի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։ Նրա խոսքով՝ փլատակների տակից հաջողվել է 30 մարդ դուրս բերել, նրանցից 7-ը վիրավոր են։ «Ըստ ամենայնի՝ շենքերի փլատակների տակ մնացած բոլոր 60 անձինք զոհվել են», - ասել է Գայդայը։ Դպրոցին ավիահարված հասցնելու մասին նա հաղորդել էր երեկ երեկոյան։ Դպրոցում, նրա տվյալներով, շուրջ 90 մարդ էր թաքնվում՝ «գրեթե ողջ գյուղը»՝ նրանք, ովքեր չէին հասցրել տարհանվել։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության մամուլի բաժինը շաբաթ օրը հայտնել էր միայն երկու զոհի մասին և նշել, որ որոնումները շարունակվելու են կիրակի։ Վերջին շաբաթվա ընթացքում Բելոգորովկայի մերձակայքում մշտական մարտեր են ընթանում։ Գայդայն այդ վայրը «թեժ կետ» է անվանել։ Ռուսաստանի ՊՆ-ն չի մեկնաբանել դպրոցի վրա ռումբ ընկնելու մասին ուկրաինական իշխանության հայտարարությունը։
16:11 - 08 մայիսի, 2022
Պուտինը Հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորել է ԱՊՀ երկրների առաջնորդներին, Ուկրաինայի և Վրաստանի ժողովուրդներին

Պուտինը Հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորել է ԱՊՀ երկրների առաջնորդներին, Ուկրաինայի և Վրաստանի ժողովուրդներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, ինչպես նաև Աբխազիայի, Հարավային Օսիայի, Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներին և քաղաքացիներին, Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին, գրում է «Ինտերֆաքսը»։ «Շնորհավորական ուղերձներում Ռուսաստանի նախագահն առանձնահատուկ ընդգծել է, որ այս օրը մենք շնորհակալություն ենք հայտնում և հարգանքի տուրք մատուցում մարտիկներին և թիկունքի աշխատավորներին, որոնք անհամար զոհաբերությունների և զրկանքների գնով ջախջախել են նացիզմը»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։ «Այսօր ընդհանուր պարտքը նացիզմի վերածնունդը թույլ չտալն է, որն այնքան տառապանքներ է պատճառել տարբեր երկրների մարդկանց», - ասված է հաղորդագրությունում։ Ինքնահռչակ ԴԺՀ և ԼԺՀ ղեկավարներին ուղղված շնորհավորական ուղերձներում ՌԴ նախագահը նշել է, որ «այսօր մեր զինծառայողներն, ինչպես նրանց նախնիները, թիկունք-թիկունքի կռվում են հայրենի հողը նացիստական արատից ազատագրելու համար», նա վստահություն է հայտնել, որ «ինչպես 1945 թ-ին, հաղթանակը մերն է լինելու»։ «Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին և Ուկրաինայի քաղաքացիներին հասցեագրված ուղերձում ՌԴ նախագահն ընդգծել է այն մարդկանց գաղափարային հետնորդների ռևանշի անթույլատրելիությունը, որոնք տապալվել են Հայրենական Մեծ պատերազմում»։
15:35 - 08 մայիսի, 2022
«Ոչ մի չարիք չի խուսափի պատասխանատվությունից»․ Զելենսկիի ուղերձն՝ Ուկրաինայում նշվող Հիշատակի և հաշտեցման օրը

«Ոչ մի չարիք չի խուսափի պատասխանատվությունից»․ Զելենսկիի ուղերձն՝ Ուկրաինայում նշվող Հիշատակի և հաշտեցման օրը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղերձ է հղել ուկրաինացիներին՝ Հիշատակի և հաշտեցման օրվա կապակցությամբ, որը նշվում է Երկրորդ աշխարհամարտի ավարտի օրը։ Նա հայտարարել է, որ «չարիքը չի խուսափելու պատասխանատվությունից» և «չի թաքնվելու բունկերում», գրում է Liga.net-ը։ Տեսաուղերձը նկարահանվել է Կիևի մոտ գտնվող Բորոդյանկա բնակավայրում՝ փլուզված շենքի ֆոնին։ «Այս տարի մենք այլ կերպ ենք ասում «այլևս երբեք»։ Այլ կերպ ենք լսում «այլևս երբեք» խոսքերը։ Դրանք հնչում են ցավոտ, դաժան։ Առանց բացականչության և հարցական նշանով», - ասել է նա։ Զելենսկու խոսքով՝ փետրվարի 24-ին՝ ուկրաինական պատերազմի մեկնարկի օրը, «երբեք»-ը «ջնջել են, գնդակահարել և ռմբակոծել հարյուրավոր հրթիռներով»։ Նա ասել է, որ «չարիքը վերադարձել է», «ուրիշ կարգախոսներով, բայց նույն նպատակով» Ռուսաստանը «նացիզմի արյունոտ վերակառուցում է սկսել»։ «Ոչ մի չարիք չի խուսափի պատասխանատվությունից։ Չի կարողանա թաքնվել բունկերում։ Դրանից ոչինչ չի մնա, քարը քարին չի մնա», - ասել է նա։
15:00 - 08 մայիսի, 2022
«Նպատակը ոգեշնչելն է»․ STARMUS փառատոնի շրջանակում Հայաստան կայցելեն Նոբելյան մրցանակակիրներ ու հայտնի երաժիշտներ

«Նպատակը ոգեշնչելն է»․ STARMUS փառատոնի շրջանակում Հայաստան կայցելեն Նոբելյան մրցանակակիրներ ու հայտնի երաժիշտներ

Այս տարվա սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում կանցկացվի գիտության, կրթության, արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը, որը կկրի «50 տարի Մարսի վրա» խորագիրը։ Նախկինում այն անցկացվել է եվրոպական տարբեր երկրներում, փառատոնին մասնակցել են հայտնի գիտնականներ, երաժիշտներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ։ Փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց, որ 6-րդ STARMUS-ին մասնակցելու նպատակով Հայաստան են գալու Նոբելյան մրցանակի 8 դափնեկիրներ, հայտնի երաժիշտներ։ STARMUS-ին մասնակցելու համար Հայաստան կգա Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայտնի բիոքմիկոս Թիմ Հանտը, հայտնի տիեզերագնաց Քրիզ Հադֆիլդը։ Փառատոնին կմասնակցեն ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը, հայտնի ռոք երաժիշտներ Սերժ Թանկյանը,  Ռիք Վեյքմանը, Sons of Apollօ խումբը։ «Այնպիսի մարդիկ են հետաքրքված STARMUS-ին մասնակցելով, ինչպես Բրայան Մեյը, Փիթեր Գեբը, ու ես համոզված եմ, որ մասնակցելու են։ Շատ մեծ հետաքրքրություն կա Իլոն Մասկի, Բեզոսի գալու վերաբերյալ, ինչպես ասում են` Աստված տա, ամեն ինչ լավ լինի, որ իրենք էլ գան»,-ասաց Գարիկ Իսրայելյանը՝ հավելելով, որ առաջիկայում՝ որոշ պարբերականությամբ նաև մյուս հյուրերի անունները կհրապարակեն։STARMUS-ի նպատակը ոգեշնչելն էԳարիկ Իսրայելյանը պատմեց, որ STARMUS փառատոնի գաղափարը Queen ռոք խմբի կիթառահար Բրայան Մեյինն ու իրենն է եղել․ «Մենք միասին գաղափարը սինթեզեցինք ու 10 տարի տևեց, մինչև եկանք այն գաղափարին, որ պետք է ստեղծել այսպիսի փառատոն։ STARMUS-ի ամենակարևոր նպատակը ոգեշնչելն էր՝ ոգեշնչել մարդկանց, առաջին հերթին երիտասարդներին, որ գիտությունը շատ կարևոր է, առանց գիտության, առանց տեխնոլոգիաների ու առանց արվեստի մարդկության իմաստը գոյություն չունի»։ Աստղաֆիզիկոսը նշեց՝ իրենք ցանկանում են, որ գիտության և հասարակության միջև եղած անջրպետը նվազի․ «Եգիպտոսի քրմերը գաղտնի էին պահում, թե ինչպես են հաշվում Լուսնի և արևի խավարումները, այսինքն՝ գիտությունը գաղտնիք է եղել նույնիսկ հասարակությունից։ Այդ անջրպետը  շատ անգամ արհեստականորեն է պահվել, իսկ հետո  գիտությունը այնքան բարդացավ, որ սկսեցին զարգանալ քվանտային ֆիզիկան, բիոտեխնոլոգիաները, ու այդ բարդությունը սկսեց այդ անջրպետը ստեղծել գիտության ու հասարակության միջև։ Եթե հասարակությունը չհասկանա, թե գիտությունը ինչի համար է պետք, այն չի գնահատվի  ու գիտությունը կմահանա։ Մարդիկ պետք է անպայման հասկանան դրա կարևորությունը։ Ես չեմ ասում, որ նրանք հասկանան քվանտային մեխանիկան, բայց կարևոր է իմանալ  հիմնական գիտական բազան․ ինչու է արվում է, ինչպես է արվում,  ինչ է գիտական մեթոդիկան»։Նա նշեց, որ STARMUS-ում փորձել են ներգրավել այն արվեստագետներին, ովքեր ուզում են գիտնականների հետ աշխատել, ովքեր ուզում են ստեղծագործել, ովքեր ուզում են համագործակցել ու ովքեր ուզում են աջակցել, որպեսզի գիտությունը հասանելի լինի հանրությանը․ «Պարզվեց, որ այդպիսի արվեստագետները շատ են, կան արվեստագետներ, որոնք պատրաստ են ձեռք մեկնել գիտնականներին, օգնել իրենց, որպեսզի գիտության հարգանքը, գիտության պոպուլյարիզացիան հասարակության մեջ մեծանա»։ Ինչո՞ւ  Հայաստանում  Աստղաֆիզիկոսն ասաց՝ STARMUS-ը որոշել են անցկացնել Հայաստանում, որովհետև այստեղ վերջին 30 տարում գրեթե ոչինչ չի արվել գիտության մասսայականացման համար․  «Զրոյական աշխատանք է կատարվել, որպեսզի գիտությունը հասցվի հասարակությանը։ Հիմա ես գիտեմ, որ թե՛ ԿԳՄՍ նախարարությունը, թե Գիտության կոմիտեն առաջին անգամ  սկսել են քայլեր տանել այդ ուղղությամբ, որի վառ օրինակն է STARMUS փառատոնը Հայաստան բերելը։ Հայաստանում եղել է շատ լավ գիտություն, շատ մեծ գիտնականներ են եղել, շատ տրադիցիաներ են եղել  թե՛ գիտության, թե արտադրության, թե՛ տեխնոլոգիաների։ Ցավոք, այդ ամեն ինչը շատ թուլացել էր, և փորձելու ենք վերականգնել դա»։ Գարիկ Իսրայելյանը նաև պարզաբանեց, թե ինչու է փառատոնն այս անգամ կրում «50 տարի Մարսի վրա» խորագիրը․ «Հիմա մենք սկսել ենք ուրիշ դարաշրջան, որի տեխնոլոգիաները գնալու են մարդկությանը դեպի Մարս հասցնելը, բայց որը փոխելու է ամբողջ մարդկությանը։ Ինչպես 60-70 թվականները փոխեց մարդկությանը, այնպես էլ այդ խնդիրները, որ մեզ պետք է փորձեն հասցնել Մարս, էլի փոխելու են մարդկությանը, ու շատ են փոխելու։ Մեր փառատոնին կխոսենք այդ մասին․ ինչպես կլիմայի դեմ պայքարել, ինչպես նոր տեխնոլոգիաները արվելու են միայն նրա համար, որ մարդը կարողանա Մարսի վրա քաղաքներ ստեղծել, դա ազդելու է երկրագնդի կյանքի վրա, լավացնելու է կյանքը, բոլոր տեղական խնդիրները լուծվելու են դրա ուղղությամբ»։Փառատոնը նվիրված է Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի վայրէջքի 50-ամյակին։ Մարս 3-ը դեպի կարմիր մոլորակ է տեղափոխվել հայ հայտնի ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M ռոբոտը։ Գարիկ Իսրայելյանը   Ի՞նչ է սպասվում փառատոնի ընթացքումԳիտնականի կարծիքով՝ Հայաստանում արտակարգ երիտասարդություն կա, և իրենց նպատակն է լինելու ոգեշնչել դպրոցականներին, ուսանողներին, հասարակությանը։  Փառատոնի շրջանակներում գիտնականները դասախոսություններ կկարդան դպրոցներում ու բուհերում, հանդիպումներ կլինեն Նոբելյան մրցանակակիրների, աստղագնացների,  նորարարների հետ։ Հանդիպումներ կլինեն գիտական համայնքի հետ՝ Գիտությունների ազգային ակադեմիայի միջոցով․ «Փորձելու ենք համագործակցության ընդհանուր եզրեր գտնել,  դրա համար դիալոգ է պետք։ Ի տարբերություն այլ գիտական փառատոնների, մենք չենք թաքցնելու մեր գիտնականներին կամ ինեժեներներին ժողովրդից։ Մեր փառատոնը փակ չի լինելու, մենք չենք փակվելու համալիրում, այնտեղ սկսենք ու այնտեղ էլ վերջանա, STARMUS-ը բացվելու է ու նույնիսկ պլաններ կան թե՛ Գյումրիի, թե՛ Լոռիի հետ կապված, այսինքն՝ կփորձենք մաքսիմում բացել, որ ամբողջ Հայաստանում հետաքրքիր բաներ լինեն»։Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ասաց՝ իրենց համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել STARMUS փառատոնը․ «Միջոցառումն իր յուրահատկությամբ հնարավորություն կընձեռի նաև խթանելու գիտության և արվեստի զարգացումը Հայաստանում և ստեղծելու հզոր գիտական համայնք՝ համատեղելով տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող արդյունաբերությունը, ուսումնական կենտրոնները և գիտական հաստատությունները։Փառատոնի կազմակերպումը կստեղծի համագործակցության նոր հնարավորություններ արվեստի և գիտության բնագավառներում, այն հարթակ կհանդիսանա երիտասարդ գիտնականների կարողությունների զարգացման համար, կխրախուսի նրանց ներգրավվածությունը գիտական կյանքում և նախաձեռնողականությունը»։Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն էլ ասաց, որ նախարարությունը կարևորում է Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը․ «STARMUS փառատոնը այն միջոցառումներից է, որը հնարավորություն կտա մեր ծրագրերին սկիզբ տալու համար։ STARMUS փառատոնի անցկացումը Հայաստանում գալիս է մեկ անգամ ևս փատելու, որ Հայաստանը գիտության, տեխնոլոգիաների, երաժշտության և արվեստի բնագավառում կարևոր դերակատարություն է ունեցել։ Վիկտոր Համբարձումյան, Ալեքսանդր Քեմուրջյան, Սերգեյ Մերգելյան, Գրիգոր Գուրզադյան, Արամ Խաչատրյան, Կոմիտաս․ այս և շատ այլ անուններ հայտնի են աշխարհի բոլոր անկյուններում, իսկ նրանց թողած գիտական ու մշակութային ժառանգությունը դարձել է համամարդկային արժեք»։  Նանե Ավետիսյան
18:47 - 06 մայիսի, 2022
Բալթյան երկրների արտգործնախարարները Կիև են այցելել

Բալթյան երկրների արտգործնախարարները Կիև են այցելել

Բալթյան երկրների արտգործնախարարները Կիևում են։ Ինչպես հաղորդել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկևիչն, իրենք ժամանել են՝ ավարտին հասցնելու այցը, որը կիսատ էր մնացել փետրվարի 24-ին ռուսական ներխուժման պատճառով, գրում է Liga.net-ը։ «Մենք այստեղ ենք, որ հաստատենք մեր համերաշխությունն ու քննարկենք հետագա աջակցությունը», - գրել է Ռինկևիչը։ Լիտվայի արտգործնախարար Վիտաուտաս Լանդսբերգիսը հայտնել է, որ այցի ընթացքում քննարկվում է տուժած բնակավայրերի վերականգնումը և Ուկրաինայի համար ԵՄ թեկնածուի կարգավիճակը։ «Փթթուն Կիևը հիշեցնում է այն մասին, որ երկիրը պատրաստ է լուսավոր ապագայի», - գրել է նա։ Էստոնիայի ԱԳ նախարարն ասել է, որ իրենք Կիև են ժամանել՝ ցուցադրելու իրենց անբեկանելի աջակցությունն ու քննարկելու Ուկրաինային օգնելու մյուս հնարավորությունները։   Նորա Վանյան
16:13 - 06 մայիսի, 2022
Ռուսաստանի ԱԳՆ հերքում է Ուկրաինային կամ Մեծ Բրիտանիային միջուկային հարված հասցնելու հավանականությունը

Ռուսաստանի ԱԳՆ հերքում է Ուկրաինային կամ Մեծ Բրիտանիային միջուկային հարված հասցնելու հավանականությունը

Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում միջուկային զենք կիրառել Ուկրաինայում, գրում է «Կոմերսանտը»։ «Մեր կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառման սցենարները հստակ ամրագրված են դոկտրինային փաստաթղթերում։ Դրանք կիրառելի չեն այն խնդիրների կատարման համար, որոնք դրված են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ», - ասել է Զայցևը։ Նա նշել է նաև, որ Ռուսաստանը հավատարիմ է հետևյալ սկզբունքին՝ «միջուկային պատերազմում չի կարող հաղթող լինել, և այն չպետք է սանձազերծվի»։ Մեծ Բրիտանիային միջուկային հարված հասցնելու հավանականության քննարկումը Զայցևն աբսուրդ է անվանել․ «Ձեր հարցը հասկացա՝ որպես ներկա պահին Ուկրաինայում կատարվող իրոք կարևոր իրադարձություններից բրիտանական հասարակության ուշադրությունն այն հարցերի քննարկման վրա շեղելու հերթական անհաջող փորձ, որոնց առաջ քաշումն ինքնին աբսուրդային է թվում», - ասել է նա։ Ավելի վաղ ռուսաստանցի հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը «Ռոսիա-1»-ի եթերում հայտարարել էր, որ «Սարմատ» հրթիռի կամ «Պոսեյդոն» էներգետիկ կայանքի մի հարվածը կարող է «Բրիտանիան ջրային անդունդը նետել»։   Նորա Վանյան
16:11 - 06 մայիսի, 2022
Հունգարիան չի կարող սատարել Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներն այն տեսքով, որը կա․ Վիկտոր Օրբան

Հունգարիան չի կարող սատարել Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներն այն տեսքով, որը կա․ Վիկտոր Օրբան

Հունգարիան չի կարող սատարել Եվրամիության պատժամիջոցենրի նոր փաթեթը, որը ներառում է նավթի ներկրման արգելք, այն տեսքով, որը հիմա կա, Reuters-ի փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Նա նշել է, որ ռուսական նավթի ներկրման արգելքի մասին Եվրահանձնաժողովի ներկայիս առաջարկը հավասարազոր է կլինի Հունգարիայի տնտեսության վրա նետված «ատոմային ռումբի»։ Վարչապետը հայտարարել է նաև, որ Հունգարիան պատրաստ է նոր առաջարկի շուրջ բանակցությունների, եթե այն համապատասխանի Հունգարիայի շահերին։ Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն առաջարկել էր Մոսկվայի դեմ ամենախիստ պատժամիջոցների փաթեթն Ուկրաինայում պատերազմ սկսելու համար, սակայն ԵՄ որոշ երկրներ մտահոգ են, որ ռուսական նավթի մատակարարման դադարեցումն իրենց շատ ժամանակ չի տա նախապատրաստվելու՝ չնայած որ ֆոն դեր Լյայենը նշել էր․ Սլովակիայի և Հունգարիայի համար բացառություն կարվի մինչև 2023 թ-ի ավարտը։ Օրբանը պետական ռադիոյին ասել է, որ երկրին անհրաժեշտ կլինի հինգ տարի և հսկայական ներդրումներ՝ ներկայիս համակարգը վերափոխելու համար։ Նշենք որ, Հունգարիայի նավթի պահանջարկի 65%-ն ապահովվում է ռուսական նավթի հաշվին։   Նորա Վանյան
15:22 - 06 մայիսի, 2022
Ռուս-ուկրաինական բանակցությունները լճացման փուլում են․ ՌԴ ԱԳՆ

Ռուս-ուկրաինական բանակցությունները լճացման փուլում են․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունները լճացման մեջ են, այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը, գրում է ՏԱՍՍ-ը։ Զայցևն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի երկրները, որոնք կողմ են ռազմական գործողությունների շտապ դադարեցմանը, անում են ամեն ինչ, դա թույլ չտալու համար։ «Աճում են զենքի մատակարարումներն Ուկրաինային, որոնց մասշտաբները հաշվարկվում են միլիարդավոր դոլարներով։ Միայն Վաշինգտոնը $3,8 միլիարդի ռազմական ապրանք է ուղարկել, - նշել է նա։ Սպառազինության մատակարարմանն ակտիվորեն մասնակցում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան, Լեհաստանն ու Բալթյան երկրները։ Դա հանգեցնում է ռազմական գործողությունների ձգձգմանը, քաղաքացիական ենթակառուցվածքների ավերմանը և զոհերի՝ խաղաղ բնակչության շրջանում»։ Զայցևի խոսքով՝ Մոսկվայի հետ բանակցություններ վարելու ցանկության բացակայության մասին ուկրաինացի քաղաքական գործիչների հայտարարությունները միայն հաստատում են Ուկրաինայի ապամիլիտարացման և դենացիֆիկացիայի խնդրի կատարման կարևորությունը։   Նորա Վանյան  
14:41 - 06 մայիսի, 2022
ՔՊ-ն ձեզ հետ կարող է քննարկել միայն թալանը անցնցում վերադարձնելու հարցը․ Բադալյանը՝ ընդդիմությանը

ՔՊ-ն ձեզ հետ կարող է քննարկել միայն թալանը անցնցում վերադարձնելու հարցը․ Բադալյանը՝ ընդդիմությանը

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ, ձեզ հետ կարող է քննարկել միայն թալանը անցնցում վերադարձնելու տարբերակը»։ Ընդդիմությանը դիմելով՝ այս մասին այսօր՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում, հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ հիշեցնելով, որ ընդդիմադիրները այս օրերին հաճախ են տեղեկություններ տարածում, թե վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ կամ անցնում հեռանալու տարբերակներ է քննարկում․ «Մնացած տարբերակները քննարկելի չեն»,- ասաց նա: Նշենք, որ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրել «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծի քննարկման նպատակով։ Մտքերի փոխանակման փուլում, սակայն, Բադալյանը նախագծից չխոսեց։ Նա նախ հիշեցրեց, որ ընդդիմությունը հայտարարել էր, որ այսօր՝ ժամը 12-ին, պարալիզացնելու է Երեւան քաղաքը, եւ ասաց՝ քանի հարմար առիթ է, եւ բոլորը հավաքվել են մի տեղում, նրանց մի քանի հարց կհղի, որոնք շատ կարեւոր են, եւ որոնց պատասխանները հետաքրքրում են քաղաքացիներին․ «Երբ դուք մեկ տարի ութ ամիս բոլոր հնարավոր հարթակներից եւ ամբիոններից անընդհատ Նիկոլ Փաշինյանին մեղադրում եք պատերազմի համար, դրանով ի՞նչ եք ուզում ասել, աշխարհին ուզո՞ւմ եք ասել, որ Ադրբեջանը բացարձակապես մեղք չունի պատերազմ սանձազերծելու համար, ո՞րն է դրա նպատակը, խնդրում եմ հստակ պատասխանել, արդյո՞ք նպատակը այն է, որ վաղը հնարվորության դեպքում ասեք՝ մենք ձեզ արդարացրեցինք, խնդրում ենք՝ Շուշին ու Հադրութը հետ տվեք»։ Այնուհետեւ Բադալյանը հետաքրքրվեց՝ ինչպես են լինելու ընդդիմության հարաբերությունները հարեւանների հետ, բանակցելո՞ւ են թե՞ ոչ, եթե այո, ապա ինչպե՞ս, ի՞նչ ֆորմատով, եթե այո, ապա ի՞նչ է լինելու դրանից հետո․ «Երրորդ հարցը հետեւյալն է․ ով է վարչապետի ձեր թեկնածուն, այսօր դուք անընդհատ խոսում եք այն մասին, որ Փաշինյանն ասել է, որ կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ ՀՀ-ն չի ունենա վարչապետ, եւ փորձում եք տարբեր ձեւերով մանիպուլացնել այս արտահայտությունը, ինչո՞ւ չունեք վարչապետի թեկնածու, հնարավո՞ր է արդյոք, որ ձեր ենթադրյալ հաղթանակի դեպքում ՀՀ-ն իսկապես չունենա»։ Պատգամավորը հետաքրքրվեց նաեւ, թե ինչ է լինելու Արցախի հետ եւ խնդրեց այդ հարցին շատ հստակ պատասխանել։
12:50 - 06 մայիսի, 2022
Ի՞նչ կկատարվի, եթե Վլադիմիր Պուտինն Ուկրաինային պաշտոնապես պատերազմ հայտարարի․ BBC Russian

Ի՞նչ կկատարվի, եթե Վլադիմիր Պուտինն Ուկրաինային պաշտոնապես պատերազմ հայտարարի․ BBC Russian

Այս շաբաթվա սկզբին CNN ամերիկյան հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդել է, որ մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է պաշտոնապես պատերազմ հայտարարել Ուկրաինային։ Ի՞նչ է գործնականում նշանակում պատերազմ հայտարարելը, և ինչպե՞ս կարող է Ռուսաստանում մոբիլիզացիա անցկացվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը, որի հոդվածը կրճատումներով ներկայացնում ենք ընթերցողին․ «Ինչպես պնդում են CNN-ի աղբյուրները, Պուտինը կարող է օգտվել Հաղթանակի օրվա խորհրդանշական իմաստից, որպեսզի կամ հայտարարի Ուկրաինայում ռազմական հաջողությունների, կամ ռազմական գործողությունների սրացման, կամ էլ թե մեկի, թե մյուսի մասին։ Նրանց կարծիքով, առավել հավանական է Ուկրաինային պաշտոնապես պատերազմ հայտարարելու սցենարը։ Ռուսական ներխուժումն Ուկրաինա սկսվել է փետրվարի 24-ին, սակայն ռուսական իշխանությունը պնդում է, որ դա «հատուկ ռազմական գործողություն է»։ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների առնչությամբ «պատերազմ» և «ներխուժում» բառերն արգելված են։ Ինչպես գրում է CNN-ը, պաշտոնապես պատերազմ հայտարարելը կարող է ուժեղացնել հանրային աջակցությունն՝ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, ինչպես նաև ռուսական իշխանությանը թույլ կտա մոբիլիզացիա հայտարարել, որի կարիքը Ռուսաստանն այժմ շատ է զգում։ Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մայիսի 9-ին Ռուսաստանում մոբիլիզացիայի հնարավոր հայտարարումը երեկ անվանել է «սուտ և անհեթեթություն»։ Փետրվարի 20-ին՝ այսպես կոչված հատուկ ռազմական գործողության մեկնարկից երեք օր առաջ, հաղորդագրություններն այն մասին, որ պլանավորվում է ռուսական զորքերի ներխուժում Ուկրաինա, Պեսկովը սադրանք և հիսթերիայի ուժգնացում էր որակել։ «Հիշեցնում ենք, որ Ռուսաստանն իր ողջ պատմության ընթացքում երբեք ոչ ոքի վրա չի հարձակվել։ Եվ Ռուսաստանը, որն այդքան պատերազմներ է վերապրել, Եվրոպայի վերջին երկիրն է, որն ընդհանրապես ուզում է խոսել, անգամ արտաբերել «պատերազմ» բառը, - ասել էր Պուտինի խոսնակը։ Ենթադրությունը, որ մայիսի 9-ին Պուտինը կարող է մոբիլիզացիա հայտարարել, ինչպես նաև «համաշխարհային նացիզմի դեմ» լայնամասշտաբ պատերազմի մասին խոսել, ավելի վաղ առաջ էր քաշել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։ Միաժամանակ, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի խոսքով՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ապրիլի 21-ին կայացած իրենց հանդիպման ժամանակ հայտնել է իրեն, որ ռուսական իշխանությունը մայիսի 9-ին պլանավորում է ավարտել ռազմական գործողությունները Պուտինը մարտի սկզբին ասում էր, որ Ռուսաստանի համար նախադրյալներ չկան ռազմական կամ որևէ այլ դրություն մտցնելու, քանի որ այն մտցվում է միայն արտաքին ագրեսիայի դեպքում։ Ըստ «Ռազմական դրության մասին» Դաշնային սահմանադրական օրենքի՝ արտաքին ագրեսիա կարող են համարվել մի շարք գործողություններ, այդ թվում․ օտարերկրյա պետության բանակի հարձակումը Ռուսաստանի Դաշնության տարածքի վրա, դրա տարածքի կամ մի մասի ռազմական օկուպացիան, ցանկացած բռնակցում; Ռուսաստանի դեմ զենքի կիրառումը։ Օրինակ՝ տարածքի ռմբակոծումը; նավահանգիստների կամ ափերի արգելափակումը; օտարերկրյա բանակի հարձակումը ռուսական զորքերի վրա՝ անկախ դրանց տեղակայման վայրից։   Պատերազմի վիճակ և ռազմական դրություն Ռազմական դրություն կարող է մտցվել այն բանից հետո, երբ Ռուսաստանը պաշտոնապես պատերազմ է հայտարարել։ Պատերազմի վիճակը փաստացի հանգեցնում է ռազմական դրության հաստատման, թեև իրավական տեսակետից դրանք տարբեր բաներ են․ «պատերազմի վիճակ» եզրը վերաբերում է միջպետական հարաբերություններին, «ռազմական դրությունը» հատուկ իրավական ռեժիմ է պետության ներսում։ «Պաշտպանության մասին» օրենքի 18-րդ հոդվածում ասվում է, որ «պատերազմի վիճակը հայտարարվում է դաշնային օրենքով՝ ՌԴ վրա այլ պետության կամ մի խումբ պետությունների զինված հարձակման դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ ՌԴ-ն պետք է կատարի  միջազգային պայմանագրերը»։ Պատերազմ հայտարարելու հասկացությունն ամրագրված է միջազգային իրավունքում։ «Ռազմական գործողություններ սկսելու մասին Կոնվենցիայում», որն ընդունվել է Հաագայում 1907 թ-ին, ասված է, որ  ռազմական գործողությունները «չպետք է սկսվեն առանց նախապես և ոչ երկիմաստ զգուշացման, որը կունենա կամ պատերազմի փաստարկված հայտարարման ձև, կամ վերջնագրի ձև՝ պատերազմի պայմանական հայտարարմամբ», որից հետո պետությունները մտնում են «պատերազմի վիճակի մեջ»։ Ռազմական դրությունը Ռուսաստանում կարգավորվում է մի քանի օրենքներով՝ «Ռազմական դրության մասին», «Պաշտպանության մասին», «Մոբիլիզացիայի մասին», «Կապի մասին», «Զինապարտության և զինվորական ծառայության մասին»։ Այն վերաբերում է պետության գրեթե բոլոր ոլորտներին՝ հանրային կյանքին, իշխանության մարմիններին, տնտեսությանը, բիզնեսին, մամուլին, քաղաքական կարգավորմանը և այլն։ Նախագահն ու գործադիր իշխանությունը նման իրավիճակում կստանան բացառիկ լիազորություններ։ Կարող է դադարեցվել քաղաքական կուսակցությունների գործունեությունը, արգելվել հանրահավաքները, հավաքները, ցույցերը, գրաքննություն սահմանվել, սահմանափակվել մարդկանց տեղաշարժը և այլն։   Մոբիլիզացիա Ռազմական դրության պայմաններում կարող է մոբիլիզացիա հայտարարվել։ Այն կարող է լինել համընդհանուր կամ մասնակի, այսինքն՝ մտցվել երկրի ողջ տարածքում կամ դրա առաձին հատվածներում։ Մոբիլիզացիան կապված չէ ռազմական դրության սահմանման հետ․ այն կարող է հայտարարվել նաև առանց ռազմական դրության, ինչպես նաև չհայտարարվել ռազմական դրության ժամանակ։ Այս հասկացությունը բանակ զորակոչվողներին չի վերաբերում։ Մոբիլիզացիան վերաբերում է իշխանական մարմիններին, արդյունաբերությանը և  ընդհանրապես ողջ տնտեսությանը։ Սակայն, նախևառաջ, այն կապված է զինված ուժերի հետ, որոնք կարող են համալրվել պահեստային զինծառայողներով։ Պատերազմ և մոբիլիզացիա հայտարարելը կարող է նվազագույն երկու խնդիր լուծել, որոնց, ինչպես նշում են շատ փորձագետներ, բախվել է ռուսական բանակը՝ պատերազմում անձնակազմի պակասի և Ուկրաինայում ռազմական գործողությունների գոտի մեկնելուց հրաժարման խնդիրը։ Ներկա պահին Ուկրաինայում ռուսական բանակի գրոհն, ինչպես նշում են դիտորդները, ոչ մեծ տեմպերով է զարգանում։ Պենտագոնի ներկայացուցչի խոսքով՝ ռուսական զորքերն աննշան հաջողություններ ունեն ուկրաինական Իզյում և Պոպասնայա քաղաքներից դեպի արևելք, սակայն առաջընթացը եղել է «դանդաղ և անհավասար»։ Բացի այդ, Պենտագոնը նշել է, որ ռուսական ուժերն, ըստ ամենայնի, վախենում են ռիսկից և աշխատում են խուսափել զոհերից։ Այն մասին, որ ռուսական բանակում մարդկային ուժի պակաս է զգացվում, անուղղակիորեն վկայում է նաև այն, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մարտի սկզբից փորձում է պայմանագրային զինծառայողների հավաքագրել աշխատանքի որոնման HeadHunter և SuperJob քաղաքացիական կայքերի միջոցով։ Ռազմական դրության և համընդհանուր մոբիլիզացիայի հայտարարումը լայնորեն քննարկվում է սոցցանցերում։ Մոբիլիզացիայի կողմնակիցների կարծիքով՝ Ռուսաստանը չի կարող Ուկրաինայի դեմ պատերազմում հաղթել՝ կենդանի ուժի բազմակի առավելություն չապահովելով։ Սակայն բլոգային միջավայրում շատերը մտավախություն են հայտնում, որ ռազմական դրությունը, իրավունքների և ազատությունների ավելի շատ սահմանափակումը, քան հիմա է, տնտեսական միջոցները՝ հարկադիր մոբիլիզացիայի հետ միասին հղի են հասարակությունում սոցիալական դժգոհությունով, որն, առանց այդ էլ, զրկանքներ է կրում։   Տնտեսություն Ռազմական դրությունը կարող է լուրջ ազդեցություն գործել երկրի տնտեսության վրա։ Օրինակ՝ ընկերությունները պարտավորվում են իրենց գույքը տրամադրել պաշտպանական կարիքների համար։ Կազմակերպությունները նաև պարտավոր են կատարել պատվերներ և առաջադրանքներ՝ պաշտպանական նպատակով։ Ըստ օրենքի՝ քաղաքացիներին կարելի կլինի ներգրավել պաշտպանական կարիքների համար արվող աշխատանքներում։ Նրանք պետք է մասնակցեն զենքի կիրառման հետևանքների չեզոքացմանը, տնտեսական օբյեկտների վերականգնմանը, պայքարեն հրդեհների դեմ և այլն։ «Ռազմական դրության մասին» օրենքի 8-րդ հոդվածը թույլ է տալիս ռազմական դրության ժամանակ կիրառել փաստացի ցանկացած միջոց, որը կարող է ազդել տնտեսական գործունեության վրա, մասնավորապես, կարող են ժամանակավոր սահմանափակումներ մտցվել «տնտեսական և ֆինանսական գործունեության, գույքի շրջանառության, ապրանքների, ծառայությունների և ֆինանսական միջոցների ազատ տեղաշարժի համար»։   Նորա Վանյան
23:14 - 05 մայիսի, 2022