Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

ԱԺ-ում ՀՌՀ անդամի պաշտոնում ներկայացվեց Արթուր Մանուկյանի թեկնածությունը

 |armenpress.am|

ԱԺ-ում ՀՌՀ անդամի պաշտոնում ներկայացվեց Արթուր Մանուկյանի թեկնածությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում ներկայացվեց Արթուր Մանուկյանի թեկնածությունը: Թեկնածուին ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Թագուհի Ղազարյանը: Մանուկյանի թեկնածությունը ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Անդրադառնալով Մանուկյանի գործունեությանը՝ Ղազարյանը նշեց, որ 1997-2000 թթ թեկնածուն աշխատել է Ա1+  հեռուստաընկերությունում՝ որպես ռեժիսոր, 2001-2003 թթ «Հայրենիք» հեռուստաընկերությունում՝ որպես ռեժիսոր, իսկ 2005-2007 թթ «Արմենակոբ» հեռուստաընկերությունում՝ կրկին որպես ռեժիսոր: Մի քանի թատրոններում Մանուկյանը եղել է որպես դերասան: Մանուկյանը 2015-ից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, 2018-2019 թթ եղել է Երևանի ավագանու անդամ, 2019-ի սեպտեմբերից՝ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Իմ քայլը» դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Նա 2016 թ-ին ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է Գարեգին Նժդեհ մեդալով:
19:24 - 20 հունվարի, 2022
Պետք չէ հեռուստաալիք կամ թերթ փակել, դեղին մամուլը նույնպես մամուլ է. ՀՌԱՀ անդամի թեկնածու |hetq.am|

Պետք չէ հեռուստաալիք կամ թերթ փակել, դեղին մամուլը նույնպես մամուլ է. ՀՌԱՀ անդամի թեկնածու |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը հերթական նիստում քննարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար թեկնածուների հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է ՀՀ մշակույթի առաջին նախարար Հակոբ Հակոբյանի (բանաստեղծ Հակոբ Մովսեսի թեկնածությունը): «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ՀՌԱՀ թեկնածու Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեց, եթե հեռուստաալիքների դեմ պետությունը փորձի բռնաճնշում իրականացնել ու փորձի կասեցնել լիցենզիան կամ հեռարձակումը, ո՞րն է լինելու իր դիրքորոշումը: Հակոբ Հակոբյանն արձագանքեց` քաղաքական նպատակով որևէ հեռուստաալիք փակելուն միանգամայն դեմ է: «Փառք ու պատիվ մեր իշխանություններին, որ մինչև այսօր ոչ մի հեռուստատեսություն չի փակել, ինչպես փակվել է սրանից առաջ: Ես կարծում եմ՝ մեր իշխանություններն այնքան խոհեմություն կունենան, որ կշարունակեն այդ գիծը»,- ասաց նա: Նույն խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հետաքրքրվեց թեկնածուի քաղաքական հայացքներից, արդյոք իրեն համարում է անկուսակցական, թե՞ որոշակի քաղաքական կողմնորոշում ունի: «Ասում են արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին է, ես էլ 200 երգ գիտեմ, 200-ն էլ` պետության մասին: Ես պետականամետ մարդ եմ, չեմ թաքցրել իմ քաղաքական հայացքները: Կարծում եմ` մինչև այսօր մենք պետություն չեք կառուցել, կամ չենք ուզեցել կամ հնարավորություն չի եղել, իսկ այսօր պետություն կառուցելու ռեալ հնարավորություն ունենք»,- արձագանքեց ՀՌԱՀ անդամության թեկնածուն: Պատգամավորն հստակեցրեց հարցը՝ հասկանալու համար ընդդիմադիր է, թե՞ ոչ: «Ես ընդդիմադիր եմ, որովհետև կարծում եմ 30 տարվա ընթացքում մեր երկրում պետության մոդելի մի կաղապար է ձևավորվել, որը բոլորիս մեջ էսպես թե էնպես կա: Ես կարծում եմ՝ եկել է մի իշխանություն, որն այդ մոդելին ընդդիմադիր է, և ես էլ, համակրելով այդ իշխանություններին, ինձ համարում եմ ընդդիմադիր»,- ասաց Հակոբյանը: Վարդևանյանը նաև անդրադարձավ թեկնածուի այն խոսքերին, որ տարիներ առաջ Հ/Ը է եթերազրկվել, ինչն իր համար անընդունելի է: Նա հարցրեց, թե արդյոք թեկնածուն գիտի վերջին չորս տարվա ընթացքում որևէ դեպքի մասին, երբ եթերազրկում է եղել: Հակոբյանն ասաց` չգիտի նման դեպքի մասին: Վարդևանյանը մանրամասնեց` Հ2 Հ/Ը-ը զրկվել է լիցենզիայից: «Ես տեղյակ չեմ, եթե նման բան է եղել, վատ բան է եղել, պետք չէ հեռուստաալիք կամ թերթ փակել, եթե իհարկե հանցագործ նպատակներ չեն հետապնդում: Դեղին մամուլը նույնպես մամուլ է, մեր մամուլը լիքն է դեղինով: Ես էն կարծիքին եմ, որ դա փակել պետք չէ, թող դեղինը դեղնի, վերջանա»,- եզրափակեց թեկնածուն:
17:56 - 20 հունվարի, 2022
Խաղամոլության ռիսկը մեծանում է. բուքմեյքերական գովազդը կարգելվի հեռուստատեսությամբ, համացանցով, ռադիոյով, կարգելվի նաև արտաքին գովազդը. ֆինանսների փոխնախարար |tert.am|

Խաղամոլության ռիսկը մեծանում է. բուքմեյքերական գովազդը կարգելվի հեռուստատեսությամբ, համացանցով, ռադիոյով, կարգելվի նաև արտաքին գովազդը. ֆինանսների փոխնախարար |tert.am|

tert.am: 2019թ.-ի հունիսի 19-ին ԱԺ-ի կողմից ընդունվել է փոփոխություն գովազդի մասին օրենքում, որի ժամանակ ինտերնետ շահումով խաղերի գովազդի որոշակի սահմանափակումների պայմաններում, այնուամենայնիվ, հնարավորություն է եղել հեռուստաընկերությամբ, ռադիոյով, համացանցով գովազդներ իրականացնելու, որից հետո Ֆինանսների նախարարությունը, ՊՎԾ-ն սկսել են մշտադիտարկումներ իրականացնել 2000թ.-ից ուժի մեջ մտած գովազդային դաշտում, որպեսզի հասկանան՝ ինչ է կատարվում։ Այս մասին ԱԺ-ում ««Գովազդի մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակներում ասաց Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը։ «2020թ.-ի վերջում 2018թ.-ի համեմատ ունեցել ենք խաղադրույքների 6 անգամ աճ, իսկ միջին խաղադրույքներ կատարելը ավելացել է մոտ 3 անգամ։ Այս ամենը համադրելով միջազգային միտումներին՝ հասկացել ենք, որ մեզ մոտ այն շատ արագ է զարգանում և ռիսկեր կան, որ այդ զարգացման ընթացքում մեզ մոտ խաղամոլության ռիսկը մեծանում է։ Հասկանալով, որ ռիսկեր ունենք, հիմա վերադառնում ենք այն կարգավորումներին, որ ունեցել ենք մինչև 2019թ.-ը և առաջարկում ենք ինտերնետ շահումով խաղերի մասին գովազդը սահմանափակել` թողնելով միայն չորսաստղանի և բարձր հյուրանոցներում, սահմանային անցակետերում և այն վայրերի արտաքին և ներքին մասում, որտեղ իրենք գործունեություն են իրականացնում»,- ասաց փոխնախարարը։ Հայրապետյանի կարծիքով՝ այս նախագծով փորձ է արվում ինչ-որ չափով մեղմել այս իրավիճակը:
16:31 - 20 հունվարի, 2022
Հայաստանում 2021-ի հունվար-նոյեմբերին կատարվել է 3,2 տրիլիոն դրամի խաղադրույք․ Բաբկեն Թունյան |armenpress.am|

Հայաստանում 2021-ի հունվար-նոյեմբերին կատարվել է 3,2 տրիլիոն դրամի խաղադրույք․ Բաբկեն Թունյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի  2021 թվականի հունվար-նոյեմբերին կատարվել է 3, 2 տրիլիոն դրամի խաղադրույք: Ազգային ժողովում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ «Որպեսզի հասկանալի լինի, թե դա ինչ թիվ է, ասեմ, որ ՀՀ  բյուջեի եկամտային մասը նախորդ տարի եղել է մոտ 1,6 տրիլիոն դրամ, այսինքն՝ բյուջեի եկամտային մասին  երկու անգամ գերազանցող թիվ է»,-պարզաբանեց Թունյանը: Պատգամավորը ասաց, թե խաղադրույքների  ու շահումների տարբերությունը մոտ 70 միլիարդ դրամ է, այսինքն ՝ 70 միլիարդ դրամ մարդիկ պարտվել են: «Կան ընկերություններ, որոնք անգամ  այս իրավիճակում ցույց են տվել, որ  իրենք  վնասով են աշխատում, սա շատ տարօրինակ վիճակագրություն է: Կա ընկերություն, որն անցած տարի  մոտ մեկ միլիարդ դոլարի խաղադրույք է ընդունել, բայց վնասով է աշխատել, որովհետև  100 միլիոն դոլարի ծախսեր է կատարել»,-ասաց պատգամավորը։
16:28 - 20 հունվարի, 2022
Խորհրդարանը քննարկում է ՀՌՀ անդամի պաշտոնում Հակոբ Հակոբյանի թեկնածությունը |armenpress.am|

Խորհրդարանը քննարկում է ՀՌՀ անդամի պաշտոնում Հակոբ Հակոբյանի թեկնածությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Հակոբ Հակոբյանի թեկնածությունը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում ԱԺ-ին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հակոբ Հակոբյանի թեկնածությունը: Թեկնածուին ներկայացրեց ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Թեկնածուն իր ելույթում ասաց. «Ես կարծում եմ՝ այն ճանապարհը, որով այժմ անցնում է ՀՀ-ն, առանձնահատուկ ուշադրություն պետք է նվիրվի մեդիա դաշտին՝ հենց թեկուզ այն պատճառով, որ բազմիցս և բազմաթիվ մասնագետների կողմից նշված է, որ տեղեկատվությունը հասարակության, ինչպես նաև պետության բերանն է, նաև ականջը»,-նշեց Հակոբյանը: Անդրադառնալով տեսալսողական դաշտի իր պատկերացումներին՝ նա ասաց. «Այսօրվա մեր բոլոր իրողությունները՝ թե քաղաքական, թե հասարակական, տեղավորված են այդ դաշտում: Քաղաքական իմաստով ես առանձնապես մեծ խնդիրներ չեմ տեսնում»: Անդրադառնալով մեդիա դաշում իր նկատած խնդիրներին՝ նա նշեց. «Հեռուստատեսության մեջ մի շարք ալիքներ, չնայած կոռեկտությանը, չնայած նրան, որ տեղեկատվական դաշտի իրենց խնդիրները կատարում են, սակայն ստեղծվել են կամ կուսակցությունների, կամ կուսակցական լիդերների, կամ կուսակցական հնարավորությունների սահմաններում»,-ասաց նա:
16:03 - 20 հունվարի, 2022
Ռոբերտ Քոչարյանի՝ Էրդողանին ուղղված նամակը 2005 թ․-ին հրապարակվել է մի շարք լրատվամիջոցներում․ Վահագն Ալեքսանյանը սխալվում է

Ռոբերտ Քոչարյանի՝ Էրդողանին ուղղված նամակը 2005 թ․-ին հրապարակվել է մի շարք լրատվամիջոցներում․ Վահագն Ալեքսանյանը սխալվում է

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հունվարի 17-ի նիստում ԱԺ ամբիոնից ընթերցեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2005 թվականի ապրիլի 25-ին Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված պատասխան նամակից մի հատված․ «Հարգելի՛ վարչապետ, ես ստացել եմ ձեր նամակը․ որպես երկու հարևաններ՝ մենք պետք է աշխատենք ճանապարհներ գտնել միասին ներդաշնակ ապրելու։ Ահա թե ինչու առաջին օրվանից ձեզ պարզեցինք մեր ձեռքը՝ հաստատելու հարաբերություններ, բացելու սահմանը և երկխոսություն սկսելու երկու երկրների և ժողովուրդների միջև»։ Այնուհետև Վահագն Ալեքսանյանը հորդորեց գտնել այս նամակի մասին մինչև 2011 թվականի օգոստոսը հրապարակված գոնե մի հոդված՝ տպավորություն ստեղծելով, որ այն գաղտնի է պահվել․ «Սա, տիկնայք և պարոնայք, հատված է Ռոբերտ Քոչարյանի 2005 թվականի ապրիլի 25-ին Թուրքիայի Հանրապետության վարչապետ Էրդողանին գրված նամակից։ Խնդրում եմ՝ անցեք արխիվներով, բոլոր լրատվականների արխիվներով, փորձեք գտնել գոնե մի հոդված կամ հրապարակում այդ մասին մինչև 2011 թվականի օգոստոսը, երբ Ժուլիան Ասանժի «Wikileaks»  կայքը հրապարակեց սա։ Ի՞նչ գիտեր այս մասին հայ հանրությունը, ու կամ ի՞նչ էր անում այդ ժամանակ նորից խորհրդարանական խմբակցություն Դաշնակցությունը»։ Մենք փորձեցինք պարզել՝ արդյո՞ք այս նամակի մասին հանրությունն առաջին անգամ իմացել է 2011 թվականին։  «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը 2011 թ․-ին՝  «Wikileaks»-ի հրապարակումից հետո գրել էր, որ դեռևս 2005 թվականին «Մեդիամաքս»-ը հրապարակել է Քոչարյանի նամակը, որը բացառիկության կարգով գործակալությանն է տրամադրել ՀՀ նախագահի աշխատակազմը։ Ռոբերտ Քոչարյանի նամակը 2005 թվականի ապրիլին հրապարակել է նաև «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը, «Panarmenian.net» կայքը, իսկ «Առավոտ» օրաթերթի էլեկտրոնային կայքում հոդված է հրապարակվել, որում Ռոբերտ Քոչարյանի նամակի վերաբերյալ մեկնաբանություններ են տալիս խորհրդարանի պատգամավորները։  2021 թվականին «Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնը» հրապարակում է արել, որում ներկայացվում է Քոչարյանի պատասխան նամակը Էրդողանին. այն, ըստ «Անի» կենտրոնի, հրապարակվել է «Ազգ» օրաթերում 2005 թվականի ապրիլի 27-ին։ «Ալիք» օրաթերթը նույնպես իր 2005 թվականի ապրիլի 28-ի համարում հրապարակել է Քոչարյանի նամակը։ Այդ մասին տեղեկանում ենք Ազգային գրադարանի արխիվից։  «Ալիք» օրաթերթի 2005 թ․-ի ապրիլի 28-ի համարը  Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը սխալվում է, քանի որ Ռոբերտ Քոչարյանի՝ Էրդողանին ուղղված նամակը հենց 2005 թվականին հրապարակվել է մի շարք լրատվամիջոցներում և հանրությունը հնարավորություն ուներ տեղեկանալու նշյալ նամակի մասին։ Նանե Ավետիսյան
15:21 - 20 հունվարի, 2022
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պաշտոնյաների հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պաշտոնյաների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 19-ին հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսի, Բրեդ Շերմանի եւ հանրապետական Քրիս Սմիթի հետ: Այս մասին հաղորդում է ԱԺ աշխատակազմը: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսը նշել է, որ իրենք 2018 թվականից ի վեր առանձնակի ուշադրությամբ հետեւում են Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին: Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել մշտապես աջակցելու այդ բարեփոխումներին: Հանդիպմանը քննարկվել են 44-օրյա պատերազմին եւ դրա հետեւանքներին առնչվող հարցեր: Ամերիկացի գործընկերների խնդրանքով Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի սահմանային անվտանգության, հետպատերազմյան հումանիտար խնդիրների լուծման եւ Ադրբեջանում պահվող պատանդների հայրենադարձման հարցերին: Ամերիկյան կողմը տեղեկացրել է, որ ԱՄՆ Ներկայացուցիների պալատը եւ մասնավորապես իրենց հանձնաժողովը խիստ մտահոգված է ռազմագերիների ճակատագրով եւ կարծում է, որ նրանք պետք է անհապաղ հայրենիք վերադարձվեն: Հանձնաժողովի նախագահը հանդիպմանը շեշտել է, որ չափազանց կարեւոր է ապահովել Հարավային Կովկասի կայունությունը եւ այդ համատեքստում անհրաժեշտ է հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը եւ խնդրի տեւական կարգավորմանը: Միացյալ Նահանգները մեծապես կնպաստի դրան՝ այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: Հանդիպմանն Ալեն Սիմոնյանն ընդգծել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Ցեղասպանության ճանաչման կարեւորությունը՝ շեշտելով այդ հարցում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դերակատարությունը: Շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին բարձր գնահատանքի համար՝ ներկաները եւս մեկ անգամ շեշտել են, որ այն իսկապես շարունակական աշխատանքի արդյունք է եղել: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ եւ փոխադարձ այցելություններ: ԱԺ նախագահը հրավիրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին ու անդամներին այցելել Հայաստան՝ տեղում ծանոթանալու առկա խնդիրներին եւ ժողովրդավարական ձեռքբերումներին:
14:05 - 20 հունվարի, 2022
Կաթնային յուղի փոխարինիչ կամ այլ հավելանյութեր պարունակող կաթնամթերքը նախատեսվում է ցուցադրել առանձին դարակաշարերում |1lurer.am|

Կաթնային յուղի փոխարինիչ կամ այլ հավելանյութեր պարունակող կաթնամթերքը նախատեսվում է ցուցադրել առանձին դարակաշարերում |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախագծի համաձայն` մանրածախ առևտրի կետերում կաթնամթերքը պետք է ցուցադրված լինի առանձին դարակաշարերում, այնպես, որ հստակ երևա, թե որ կաթնամթերքն է պատրաստված բնական հումքով, որը` բուսական յուղով կամ այլ պարունակությամբ` կաթնային յուղի փոխարինիչով կամ այլ հավելանյութերով: Դարակաշարը պետք է ուղեկցվի «պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ»  ընթեռնելի նշումով: Այդպիսով գնորդները միանգամից կտեսնեն, թե ինչպիսի պարունակություն ունի տվյալ կաթնամթերքը: Սահմանվել է, որ կարգավորումը պետք է վերաբերի որոշակի մակերեսից մեծ տարածք ունեցող խանութներին` հաշվի առնելով փոքր խանութների սահմանափակ հնարավորություններն ու դրանց վերահսկելու դժվարությունները: 
11:52 - 20 հունվարի, 2022
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը կարգավորող նախագիծը |armtimes.com|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը կարգավորող նախագիծը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քիչ առաջ ընդունել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որը նպատակ ունի կարգավորել ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Նախագիծը ԱԺ քվեարկությամբ ստացավ 68 «կողմ», 33 «դեմ» ձայներ, 3 բացակա պատգամավորներ ծրարով թողել էին իրենց քվեարկությունները: Վիլեն Գաբրիելյանը հիշեցրել էր, որ 8-րդ գումարման ԱԺ-ի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը չի կարողանում  ընտրել նախագահի տեղակալ: Իրավասու խմբակցությունն անընդհատ առաջադրում է նույն թեկնածուին՝ Արթուր Ղազինյանին, սակայն հանձնաժողովի մեծամասնությունը թեկնածուին չի ընտրում, և կանոնակարգը տվյալ խնդիրը չի կարգավորում: Այսպիսով` պատգամավորն առաջարկում է սահմանել, որ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու, որի դեպքում եթե նոր թեկնածուն չընտրվի, ապա դրանից առաջ առաջադրված մարդը կրկին կարող է առաջադրվել:
11:47 - 20 հունվարի, 2022
Ռուբինյանին լիազորել եմ և կրում եմ պատասխանատվությունը․Նիկոլ Փաշինյան |hetq.am|

Ռուբինյանին լիազորել եմ և կրում եմ պատասխանատվությունը․Նիկոլ Փաշինյան |hetq.am|

hetq.am: ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում հատուկ ներկայացուցիչ նշանակելու որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է կայացրել: «Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել, կայացրել եմ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին: Պատգամավորը հարցրել էր, թե ինչ հրամանագրի, ինչ որոշման հիման վրա է Ռուբինյանը նշանակվել այդ պաշտոնյանին: «Ռուբինյանը հաշվետու է ինձ, Անվտանգության խորհրդին և մեծ հաշվով` ժողովրդին»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը հավելեց` անկախ նրանից, թե ով կլինի բանակցողի կարգավիճակում,  ամբողջ պրոցեսի պատասխանատվությունն ինքն է կրում: «Այդպես վարվել եմ, որ թաքնված գաղտնի կուսակցականի հանկարծ այդ կարգավիճակով չօժտեմ, որ պետությանը զեկուցելու փոխարեն զեկուցի այլ երկրների ազդեցության գործակալներին: Լիազորել եմ և կրում եմ պատասխանատվությունը»,-եզրափակեց Փաշինյանը:
19:06 - 19 հունվարի, 2022
Ես եմ պարոն Քերոբյանին արգելել հրաժարական տալ․ Նիկոլ Փաշինյան

Ես եմ պարոն Քերոբյանին արգելել հրաժարական տալ․ Նիկոլ Փաշինյան

«Ես եմ պարոն Քերոբյանին արգելել հրաժարական տալ»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արեգնազ Մանուկյանն ԱԺ դահլիճում դարձյալ հիշեցրեց, որ Քերոբյանն ասել էր, որ եթե 2021 թվականին երկնիշ տնտեսական աճ չապահովվի, ապա ինքը հրաժարական է տալու։ Մանուկյանը, դիմելով Էկոնոմիկայի նախարարին, հետաքրքրվեց՝ երբ է նա պատրաստվում հրաժարական տալ։ Հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ նշելով, որ ինքն է Քերոբյանին արգելել հրաժարական տալ․ «Ես կորոշեմ՝ յուրաքանչյուր նախարար եւ կառավարության անդամ ինչքան կաշխատի եւ ինչքան չի աշխատի»,- ասաց Փաշինյանը։ Այսօր՝ Ազգային ժողովի նիստում, երբ քննարկվում էր «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը միացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ճեպազրույցը, որում նա 2021 թվականին խոստանում է երկնիշ տնտեսական աճ. «Այս մարդը խոստանում էր, որ եթե 2021 թվականին երկնիշ տնտեսական աճ չապահովվի, ապա ինքը հրաժարական է տալու։ Երկնիշ աճ ապահովվեց, բայց առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների մասով, երկնիշ տնտեսական աճ չապահովվեց, բայց այս մարդը այդ դեպքում հրաժարական չտվեց։ Արեգնազ Մանուկյանը հետաքրքրվեց, թե Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երբ է պատրաստվում հրաժարական տալ»։ Մանուկյանը Քերոբյանին նույն հարցը ուղղեց նաև «Առևտրի և ծառայությունների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկման ընթացքում։  Քերոբյանն էլ, արձագանքելով, ասել էր, որ ձայնագրությունը կիսատ է․ «Եթե բարի լինեք, ամբողջությամբ միացնեք ձայնագրությունը, բոլորի համար պարզ կլինի, որ արտահայտությունը, որ ես արել եմ, կատակով եմ արել, որովհետև այն կոնտեսքտը, որում դա ասվել է, եղել է կատակով արած, որովհետև դրան շարունակել է արտահայտություն՝ գո՞հ եք»։
17:52 - 19 հունվարի, 2022
Առայժմ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողով ձեւավորված չէ

Առայժմ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողով ձեւավորված չէ

Առայժմ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողով ձեւավորված չէ։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցին, ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։Նա նշեց, որ այժմ քննարկվում են այն պայմանները, որոնցով այդ հանձնաժողովը կարող է սկսել աշխատել․ «Մենք հիմա աշխատում ենք այն ուղղությամբ, եւ մեր համոզմունքն է, որ քանի դեռ կոնկրետ քայլեր չեն իրականացվել սահմանագոտում կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, մեխանիզմներ, որոնք կօգնեն կանխել հետագա բախումները՝ մտադրված կամ տեխնիկական պատճառներով տեղի ունեցող, այդ հանձնաժողովը դժվարություններ կունենա ստեղծվելու եւ աշխատելու հարցում«,- ասաց Միրզոյանը։ Նրա խոսքով՝ ժամկետների հարցում հստակություն չկա, բայց կա ընկալում, որ խոսքը մոտալուտ գործընթացի մասին է․ «Հենց հանգամանքները պարզվեն, ձեռնտու լինեն կողմերին, հանձնաժողովը կարող է ձեւավորվել եւ աշխատել»։
17:44 - 19 հունվարի, 2022
Անթույլատրելի է որեւէ կալանավորի թույլ տալ համայնքային որեւէ  ընտրության նպատակով բացակայել ՔԿՀ-ից․ նախարարն անդրադարձավ Վանաձորի ավագանու նիստին Մ․ Ասլանյանի մասնակցության հարցին

Անթույլատրելի է որեւէ կալանավորի թույլ տալ համայնքային որեւէ ընտրության նպատակով բացակայել ՔԿՀ-ից․ նախարարն անդրադարձավ Վանաձորի ավագանու նիստին Մ․ Ասլանյանի մասնակցության հարցին

Անցյալ դեկտեմբերին Վանաձորի ՏԻՄ ընտրություններում Վանաձորի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի անունով ստեղծված դաշինքը հաղթահարել էր անցողիկ շեմը՝ ստանալով ձայների 38,70 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր 25.06 տոկոս, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը՝ 14,53 տոկոս, «Հայրենիք» կուսակցությունը՝ 4,48 տոկոս, և «Ապրելու երկիրը»՝ 4,29 տոկոս։ ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմինե Կյուրեղյանը նշեց, որ Մամիկոն Ասլանյան դաշինքին 15 մանդատ է վստահվել արդյունքում, նրա խոսքով՝ քաղաքացիների ակնկալիքը եղել է այն, որ հենց Ասլանյանն էլ կլինի քաղաքապետ․ «Անմիջապես հետո Ալսանյանին կալանավորելու գործընթաց է հետեւել։ Հաշվարկում կար այն, որ 15 մանդատը կդառնար 14, եթե նույնիսկ 2 մանդատ միանա, 16-16-ով քաղաքապետ չեն ընտրի, որովհետեւ նա ձեր ուզած քաղաքապետը չէ։ Մինչեւ հիմա այդ մարդուն քրեակատարողական հիմնարկում եք պահում, չնայած այս դեպքում կալանավորումը կարելի էր որպես խափանման միջոց չօգտագործել»,- ասաց Կյուրեղյանը, եւ, դիմելով Արդարադատության նախարարին՝ մեջբերեց ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածը, որի 4-րդ կետի համաձայն՝ ՏԻՄ մարմիններ ընտրվելու եւ ընտրելու իրավունք չունեն դատարանի օրինական վճռով դատապարտվածները․ այդ ցանկի մեջ, Կյուրեղյանի խոսքով, Մամիկոն Ասլանյանը չի մտնում, ուստի նա պետք է մասնակցի ավագանու առաջին նիստին՝ որպես ընտրող եւ ընտրվող։ Նա  հարց հնչեցրեց՝ մասնակցելո՞ւ է արդյոք Ասլանյանն այդ նիստին, ո՞վ է ապահովելու նրա մասնակցությունը, ի՞նչ մեխանիզմներով։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, անդրադառնալով հարցի քաղաքական մասին, նշեց, որ բազմաթիվ տեղերում ընտրվել են իշխանական ուժը չներկայացնող համայնքապետեր, եղել են համայնքներ, որտեղ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածում ունեցել է 40-ից ավելի տոկոս, բայց ընտրվել է մեկ այլ թեկնածու․ «Ինչ վերաբերում է հարցի իրավական կողմին՝ այստեղ նույնիսկ կար հարցում ՄԻՊ-ին, թե ինչպես կարող է ՔԿՀ-ն ապահովել մարդու ընտրվելու իրավունքը։ Մենք սա գրել ենք ՄԻՊ-ին, փաստաբանին, որ օրենսդրությունը որեւէ կերպ չի նախատեսում սահմանադրական այդ իրավունքի իրացումն այն դեպքերում, երբ անձը կալանքի տակ է։ Կան թույլտվության մեխանիզմներ, թե մարդը, որը կալանավորված է, երբ կարող է լքել ՔԿՀ-ն։ Մենք ՄԻՊ-ին ներկայացրել ենք, որ, ցավոք, ՔԿՀ ղեկավարը, կամ Արդարադատության նախարարն իրավասու չեն մեկնաբանել կամ կոնկրետ քայլ անել, որը դուրս է իրենց լիազորություններից։ Նախարարության իմաստով ուղղակի անթույլատրելի է որեւէ կալանավորի թույլ տալ որեւէ համայնքային ընտրութան նպատակով բացակայել ՔԿՀ-ից»,- ասաց Կարեն Անդրեասյանը։
17:27 - 19 հունվարի, 2022
Չնայած Ադրբեջանի դիրքորոշմանը, թե ԼՂ հիմնախնդիրը լուծված է, աշխարհը դրա հետ համաձայն չէ, եւ իրականությունն էլ այդպիսին չէ․ Արարատ Միրզոյան

Չնայած Ադրբեջանի դիրքորոշմանը, թե ԼՂ հիմնախնդիրը լուծված է, աշխարհը դրա հետ համաձայն չէ, եւ իրականությունն էլ այդպիսին չէ․ Արարատ Միրզոյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախորդ շաբաթ ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում սպառնացել էր ճնշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվելու փորձերը: Ալիևը մասնավորապես ասել էր. «Նրանք (համանախագահները) չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է: Մենք ենք լուծել այս խնդիրը նրանց փոխարեն»: Ադրբեջանի նախագահը նաև պնդել էր, թե եթե հակամարտող կողմերից մեկը ասում է, թե հիմնախնդիրը լուծված է, ապա «միջնորդության տեղ այլևս չկա»: Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվեց՝ ինչպես է ՀՀ արտաքին գերատեսչությունը պատրաստվում արձագանքել այս հայտարարությանը։ Ի պատասխան՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նկատեց՝ առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը հանդես է գալիս ոչ կառուցողական հայտարարություններով եւ դիրքորոշմամբ, ինչը, նրա կարծիքով, խանգարում է եղած խնդիրների՝ կառուցողական մթնոլորտում քննարկմանն ու ընդունելի լուծումներ գտնելուն․ «Այդուհանդերձ, ոչ միշտ են հրապարակային հայտարարությունները ամբողջությամբ կամ մասնակիորեն համընկնում փակ սենյակներում քննարկված մոտեցումների հետ։ Մի բան է Ադրբեջանի դիրքորոշումը, մի բան է իրականությունը, մի բան է միջազգային հանրության դիրքորոշումը։ Իսկ իրականությունն այն է, որ չնայած Ադրբեջանի մեկ տարի կամ ավելի շարունակ մատուցվող դիրքորոշմանը, թե ԼՂ հիմնախնդիրը լուծված է, եւ ոչ ԼՂ հիմնախնդիր, ոչ ԼՂ գոյություն չունի, այս մեկ տարվա ընթացքում մենք տեսել ենք, որ աշխարհը դրա հետ բոլորովին համաձայն չէ եւ իրականությունն էլ էդպիսին չէ»,- ասաց Միրզոյանը՝ նշելով, որ հերթական ապացույցն անցած դեկտեմբերին Ստոկհոլմում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական համաժողովում բազմաթիվ երկրների հնչեցրած դիրքորոշումներն են, որ կա ԼՂ հիմնախնդիր, որը պետք է լուծում ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատում․ «Սա միակ ձեւաչափն է, որն ունի միջազգայնորեն ճանաչված մանդատ, այն է՝ գտնել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորում»,- ասաց ԱԳ նախարարը։ Նա նշեց, որ այս պահին ԵԱՀԿ  ՄԽ համանախագահության ֆորմատում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպում նախատեսված չէ, բայց այս պահին նախատեսված է ՄԽ համանախագահների այց տարածաշրջան։
16:54 - 19 հունվարի, 2022
Հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել․ Միրզոյան

Հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել․ Միրզոյան

Այսօր՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հիշեցրեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, ըստ որի՝ հայկական կողմը նոր առաջարկներ ունի սահմանագծման հանձնաժողովի վերաբերյալ։ Ադրադառնալով Գրիգորյանի ասածին՝ ԱԳ նախարարը նշեց․ «Այո, հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանը ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ ռուսական կողմի միջնորդությամբ նաև Ադրբեջանին և մյուս գործընկերներին։ Այժմ սպասում ենք արձագանքի։ Բնականաբար, դետալները չեմ կարող հրապարակել և իմաստ էլ չունի իրականում։ Կարող եմ ասել միայն, որ դրանք բխում են կառավարության և վարչապետի կողմից նախապես և մշտապես բարձրաձայնված զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման մեր նախապես հռչակված հայեցակարգից»,-ասաց Միրզոյանը։
16:52 - 19 հունվարի, 2022