Ինֆոքոմ

ՊՆ-ն օրենքի խախտմամբ չի տրամադրում ռազմական ոլորտում Փաշինյանի հայտնած տվյալների մասին տեղեկություն

ՊՆ-ն օրենքի խախտմամբ չի տրամադրում ռազմական ոլորտում Փաշինյանի հայտնած տվյալների մասին տեղեկություն

«Ինչի՞ է հակառակորդը հարձակվել, որովհետեւ տեսել է, որ մենք 80-ականների զենքերի էջը փակում ենք [...]։ Եթե տեսնեին, որ մեր բանակը շարունակում է փլուզվել, քանդվել․․․, որ մեր գնդի հրամանատարները փող չեն ունեցել լամպ փոխելու․․․[...]։ Այո, պատրաստվել ենք պատերազմի եւ դրանով դրդել ենք պատերազմ»։ Այս մասին դեռ 7-րդ գումարման խորհրդարանի գործունեության ընթացքում՝ մայիսի 5-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց այդ ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին, թե՝ մենք կարողացե՞լ ենք պատշաճ պատրաստվել պատերազմին։ Այս պատասխանի ժամանակ Փաշինյանը նաեւ ինժեներական աշխատանքների պլանավորման վերաբերյալ որոշակի տվյալներ ներկայացրեց՝ միեւնույն ժամանակ նշելով, որ թեպետ դրանցում «ինչ-որ գաղտնիության էլեմենտ կա», բայց ինքը հարկ է համարում հրապարակել։ Փաշինյանը նշեց, որ պատերազմից անմիջապես հետո վերլուծել են 2016-18թթ․ եւ 2018-20թթ․ ընկած ժամանակահատվածը։ Նրա հայտարարած տվյալներն այսպիսինն էին․ «2018-20թթ․ ընթացքում ամրաշինական կառույցներն ավելացել են 1,8 անգամ, կենցաղի, զինվորների ապահովման կառույցները՝ 2,7 անգամ (սա այն է, երբ դիրքերում ծառայության պայմանները փոխվում են), հավաքովի գետնատնակների թիվը՝ 5,9 անգամ, երկաթբետոնե կոնստրուկցիաներով ապաստարանների թիվն աճել է 55 անգամ, քառաթեւ հավաքովի գետնատնակների թիվն աճել է 55 անգամ, երկաթբետոնե կոնստրուկցիաներով գետնատնակներ՝ 64 անգամ, պաշտպանիչ հողաթմբեր՝ 1,3 անգամ, ռազմական ճանապարհներ՝ 1,4 անգամ։ Ուրիշ տվյալներ՝ հրաձգային զենքեր եւ մերձամարտի միջոցներ՝ աճել են 1,8 անգամ, հրետանային միջոցներ՝ 7,3 անգամ, օպտիկական սարքեր եւ սարքավորումներ՝ 3,5 անգամ, ավտոմոբիլային տեխնիկա՝ 2,3 անգամ, ինքնաթիռային եւ Kopter տեսակի ԱԹՍ-ներ՝ 6,8 անգամ, տեսադիտարկման սարքեր՝ 2 անգամ։ Անգա՛մ, ոչ թե տոկոս, այլ անգամ»,- թվարկեց Փաշինյանն ու հավելեց՝ այո՛, պատերազմի պատրաստվել են, բայց պատերազմի պատրաստվելիս չեն ասում՝ ժողովուրդ ջան, մենք պատրաստվում ենք։ Հետագայքում այս տվյալների մի մասը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն ակտիվորեն շրջանառեցին նախընտրական քարոզարշավից առաջ ու դրա ընթացքում։ Փաշինյանի ելույթից հետո՝ մայիսի 6-ին, գրավոր հարցմամբ դիմեցինք ՀՀ պաշտպանության նախարարություն՝ հասկանալու՝ այս տվյալները ճշգրտվա՞ծ են, եւ որքանո՞վ են այդ ցուցանիշներն աճել 2016-28թթ․՝ համեմատ 2014-16թթ․-ի։ ՊՆ ուղարկած մեր հարցմանը մինչ օրս բովանդակային պատասխան չի տրվել։ ՊՆ-ն օրենքով սահմանված ժամկետի խախտմաբ հայտնել է, թե հայցվող տեղեկությունն արդեն իսկ հրապարակված է։ ՊՆ-ին պատասխան գրությամբ խնդրել ենք ողջամիտ կարճ ժամանակահատվածում եւ օրենքով սահմանված կարգով հարցմանը պատասխանել ըստ էության՝ տրամադրել հայցվող տեղեկությունը՝ հարցերին պատասխանելով հերթականությամբ կամ նշել, թե որտեղ եւ երբ է հրապարակվել հայցվող տեղեկությունը։ Ի հավելումն՝ նախարարությանը հիշեցրել ենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հոդված 9-ի 7-րդ կետի 2-րդ մասի համաձայն՝ «եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի եւ ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում», նույն օրենքի հոդված 12-ի 3-րդ կետի համաձայն՝ «տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով՝ տեղեկություններ փնտրող անձին տրամադրել հավաստի եւ իր տնօրինության տակ գտնվող ամբողջական տեղեկություն»։ Այս գրությունը եւս մնաց անպատասխան, եւ ՊՆ կատարած մեր տասնյակ զանգերից հետո միայն հուլիսին՝ հարցումն ուղարկելուց երկու ամիս անց, առաջարկեցին նախարարաին ուղարկած նույն հարցումը հասցեագրել ՀՀ ՊՆ ԳՇ պետին։ Հուլիսի 26-ին ԳՇ պետին հասցեագրած նույնաբովանդակ հարցմանն ի պատասխան՝ դարձյալ ստացանք գրություն, ըստ որի՝ հայցվող տեղեկությունը հրապարակված է, իսկ լրացուցիչ տեղեկության տրամադրումը մերժվում է՝ գաղտնիք պարունակելու հիմքով։ Այս անգամ եւս չի կատարվել օրենքի պահանջը, չի նշվել՝ որտեղ է հրապարակված մեր հայցած տեղեկությունը, եւ անգամ հստակեցված չէ, թե հավելյալ ո՞ր տեղեկությունն է համարվում գաղտնի, քանզի մենք խնդրել էինք տրամադրել այն տվյալները, որոնք ներկայացրել էր Փաշինյանը։ Ընդ որում՝ հարցման առաջին արձագանքում գաղտնիքի մասին որեւէ նշում չի եղել։ Զանգի միջոցով կրկին խնդրեցինք պատշաճ պատասխանել հարցերին եւ, իհարկե, առաջնորդվելով իր գործելաոճով, պատասխան չստացանք։ Այսպիսով, ՊՆ-ում կա՛մ չեն տիրապետում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին, այդ պատճառով խախտում են այն՝ չտրամադրելով տեղեկության հրապարակման աղբյուրը կամ այն տնօրինողի անունը, կա՛մ տիրապետում են օրենքին, սակայն անհասկանալի պատճառով ցանկություն չունեն ներկայացնելու հայցվող տեղեկություններըլ։ Եւ քանի որ տեղեկություն չենք ստանում իրավասու մարմնից, դժվար է գնահատել՝ վարչապետի հայտնած ցուցանիշները որքանով են ճշգրիտ, եւ քանզի ՊՆ-ն չի տրամադրում նաեւ 2016-18թթ․-ին հիշատակված ոլորտներում աճի ցուցանիշները, համեմատության եզրեր չեն լինում։ Որպես օրինակ՝ սոցցանցերում ՔՊ շրջանակներից տարածվող մի նկար եւ տեսանյութ, որոնցում ներկայացված են երկաթբետոնե կոնստրուկցիաներով ապարատների՝ 2018-20թթ․ աճի ցուցանիշը, եւ այլ տվյալներ։ Բացի դրանից՝ ե՛ւ Փաշինյանն իր խոսքում նշեց՝ իր հայտնած տեղեկությունները գաղտնիքի էլեմենտ են պարունակում, ե՛ւ ԳՇ-ից են պատասխանել, որ մեր հայցած տեղեկություններում գաղտնիքի տարր կա։ Առաջիկայում կփորձենք պարզաբանում ստանալ՝ որ տեղեկությունն է համարվում գաղտնի, եւ արդյոք Փաշինյանը հրապարակել է գաղտնիք հանդիսացող տվյալներ։ Հայարփի Բաղդասարյան
12:09 - 18 օգոստոսի, 2021
Սահմանին այս պահին հարաբերական անդորր է․ ԳՇ պետի տեղակալ  Անդրանիկ Մակարյան

Սահմանին այս պահին հարաբերական անդորր է․ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը հայտնեց, որ սահմանին այս պահին հարաբերական անդորր է։ Հայկական կողմի զոհերի և վիարվորների մասին տեղեկությունն արդեն հրապարակված է, իսկ հակառակորդի կորուստների վերաբերյալ տվյալներ հայտնի չեն։  «Սահմանին այն իրավիճակն է, ինչին ականատես եք և լրագրողներդ ունեք համապատասխան տեղեկութուններ։ Սահմանում մեր զինված ուժերի ամնենօրյա ծառայողական, մարտական գործողության առօրյան է։ Քանի մենք ունենք իրավիճակը սրող հարևաններ լարվածություն միշտ էլ լինելու  է, մեր խնդիրն այն է, որ ցանկացած ժամանակ ոչ միայն լինենք պատրաստ, այլ նաև կարողանանք ճնշել»։  Անդրադառնալով Պաշտպանության նախարար Արաշակ Կարապետյանի այն խոսքին, թե բոլոր միջոցները պետք է օգտագործել ՀՀ սահմանն անցած հակառակորդին ճնշելու համար, ԳՇ պետին տեղակալն ասաց, թե նախարարի խոսքերը պետք է  ընդունել բառի բուն իմաստով։  Տավուշում ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ ԳՇ պետի տեղակալն ասաց, որ տեղեկություն չունի, թե այդ առումով ինչ  գործընթաց է ընթանում։  «Երասխի և Կութի ուղղությամբ հակառակորդը միայն լարվածություն է առաջացնում, չի փորձում առաջ գալ»,- եզրափակեց Մակարյանը։
12:46 - 17 օգոստոսի, 2021
Թուրքական օդուժի հարվածից սպանվել է եզդի հրամանատար Սայիդ Խըդր Հասանը․ Ռուստամ Բաքոյանը ԱԺ-ում խոսեց եզդիական համայնքի շարունակվող ցեղասպանության մասին

Թուրքական օդուժի հարվածից սպանվել է եզդի հրամանատար Սայիդ Խըդր Հասանը․ Ռուստամ Բաքոյանը ԱԺ-ում խոսեց եզդիական համայնքի շարունակվող ցեղասպանության մասին

Այսօր Ազգային ժողովում ՔՊ խմբակցության, եզդիական համայնքը ներկայացնող պատգամավոր Ռուստամ Բաքոյանն անդրադարաձավ եզդի հրամանատար Սայիդ Խըդր Հասանի սպանությանը։ Վերջինս սպանվել է թուրքական օդուժի հարվածից եզդիական Շանգալ քաղաքում։ Հրամանատարից բացի զոհվել է նաև իր զարմիկը և վիրավորվել է երեք խաղաղ բնակիչ։ Պատգամավորն իր ելույթում մասնավորապես ասաց․  «Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել առ այսօր իմ ժողովրդի նկատմամբ տեղի ունեցող ցեղասպանության վրա, որոնք միջազգային հանրության անտարաբերության ու թողտվության պայմաններում շարունակվում են և կշարունակվեն, քանի դեռ չեն ճանաչվել, կանխարգելել և դատապարտվել՝ հետագայում բացառելով նմանօրինակ հանցագործությունների իրականացումը։ Ասեմ, որ Սայիդ Խըդր Հասանը այն եզդի հրամանատարներից է, որը 2014 թվականին, երբ Սինջարում տեղի ունեցավ կոտորած, ցեղասպանություն եզդիների նկատմամբ, նա եզակի մարդկանցից էր, որ կարողացավ զորք հավաքել և իր զորքով փորձել փրկել ցեղասպանությունից և մասամբ հաջողվեց։ Թուրքական օդուժը պարբերաբար հարվածում է և երրորդ եզդի հրամանատարն է, ով զոհվում է թուրքական զինուժի կրակից։ Ասեմ, որ եզդիները ունեն մեծ երազանք, որը այսօր նպատակ է  և մենք գնալու ենք մեր նպատակի հետևից ու թուրքական ներխուժումը այս տարածք ցույց է տալիս իրենց անհանգստությունը այն մասին, որ այստեղ ձևավորվելու է մի անվտանգության գոտի կամ որևէ ստատուս, որը չի բխելու թուրքերի շահերից, բայց մենք հետ չենք կանգնելու մեր նպատակներից, մենք գնալու ենք դրա ետևից և անկախ նրանից դա թուրքերին դուր կգա, թե ոչ մենք կառուցելու ենք մեր երկիրը»։
12:14 - 17 օգոստոսի, 2021
Հայկ Մամիջանյանը կոչ արեց արձագանքել Իլհամ Ալիևի հարցազրույցի ժամանակ հնչած պնդումներին

Հայկ Մամիջանյանը կոչ արեց արձագանքել Իլհամ Ալիևի հարցազրույցի ժամանակ հնչած պնդումներին

Թշնամի պետության ղեկավարը CNN-ի թուրքական գրասենյակին տված հարցազրույցի մեջ արեց պնդումներ, որոնց պատասխանը այս ամբիոնից պետք է հնչի։ Այս մասին ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ելույթ ունենալով՝ ասաց խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ «Նա (Իլհամ Ալիևը - խմբ․) փորձեց անվանել «ազատության համար մղվող պատերազմ╗ իրենց սանձազերծած ռազմական գործողությունները, ինչով ընդունեց, ինչը շատ կարևոր է միջազգային հանրության համար, որ պատերազմական գործողությունները մեկնարկել է Ադրբեջանը։ Հաջորդ կարևորագույն կետը, որի մասին ինքը հասցրեց խոսել, խաղաղության պայմանագրի իր պատկերացումներն են։ Ես ուզում եմ հիշեցնել թշնամի երկրի ղեկավարին, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն է»,- ասաց Մամիջանյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը իրավունք չունի երբևէ իր քիթի խոթի Հայաստանի և ստրատեգիկ գործընկերոջ հարաբերությունների մեջ։ Մամիջանյանը նշեց, որ ինքը վերահաստատում է, որ երկկողմ հարաբերությունները Հայաստանի և Արցախի միջև կարևորագույն ասպեկտ են տարածաշրջանային անվտանգության համար։ «Խոսելով սպառազինության մասին՝ ինքը կասկածի տակ դրեց, թե ինչու մեր ստրատեգիական գործընկերը պիտի աջակցի և համագործակցի մեզ հետ սպառազինությնա հարցում, սակայն ինքն է եղել այն պետությունը, որ տարածաշրջանում սկսել է սպառազինության մրցավազքը։ Ցանկացած բանակցությունների նախապայման պիտի հանդիասան մեր գերի եղբայրների վերադարձը և Արցախի կարգավիճակի վերջնական պատասխանը։ վարտելով թշնամուն ուղղված նախադասությունը՝ ևս մեկ անգամ պիտի հիշեցնեմ, որ Արցախը երբեք, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։ Մամիջանյանի խոսքով՝ ինքը երկու, երեք օր է՝ հետևում է լրահոսին։ Նա նշեց, ոչ երեկ Հայաստանում տեղի ունեցավ բրիֆինգ ԱԳ նախարարի առաջին տեղակալի և Ուրուգվայի ԱԳ նախարարի միջև․ «Ոչ մի խոսք էս հարցազրույցի մասին, որևէ պաշտոնական արձագանք տեղի չունեցավ ո՛չ ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի անունից, ո՛չ այլ գերատեսչությունից։ Մի անգամ երբ լսում եք «կապիտուլյանտ» բառը, արագ կանխվում է էս դահլիճում։ Ինչ ասեմ․ պատկերացրեք թշնամու տեղը մեզ, պատկերացրեք, որ «կապիտուլյանտ» բառն է հնչել ու արձագանքեք»։
11:46 - 17 օգոստոսի, 2021
Աֆղանստանի նախագահը հայտնել է, որ լքել է երկիրը՝ արյունահեղությունից խուսափելու համար

Աֆղանստանի նախագահը հայտնել է, որ լքել է երկիրը՝ արյունահեղությունից խուսափելու համար

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին հայտարարություն է տարածել, որ լքել է երկիրը՝ արյունահեղությունից խուսափելու համար։ Այս մասին գրում է AFP-ն։ Իր ֆեյսբուքյան էջում Հանին ասել է, որ կանգնած է եղել դժվարին որոշման առջև, քանի որ վտանգված է Քաբուլի միլիոնավոր բնակիչների ճակատագիրը և քաղաքի անվտանգությունը 20-ամյա պատերազմից հետո, որն արդեն անհամար զոհեր է տվել: «Արյունահեղությունից խուսափելու համար ես մտածեցի, որ ավելի լավ է հեռանամ»,- նշել է նա: Նա հավելել է, որ Թալիբանի մարտիկները, որոնք մտել են Քաբուլի նախագահական պալատ, պատմական փորձության առաջ են կանգնած։ «Թալիբանը հաղթանակ տարավ սրի և զենքի վճռով․ նրանք պարտավոր են պաշտպանել մեր հայրենակիցների պատիվը, բարգավաճումն ու ինքնահարգանքը»,- ասել է Աֆղանստանի նախագահը: Նա մանրամասներ չի հաղորդել իր գտնվելու վայրի մասին: 
10:19 - 16 օգոստոսի, 2021
Լրագրողների աշխատանքի համակարգո՞ւմ, թե՞ սահմանափակում․ Ալեն Սիմոնյանը և Գեղամ Մանուկյանը անդրադարձան լրագրողների աշխատանքին ԱԺ-ում

Լրագրողների աշխատանքի համակարգո՞ւմ, թե՞ սահմանափակում․ Ալեն Սիմոնյանը և Գեղամ Մանուկյանը անդրադարձան լրագրողների աշխատանքին ԱԺ-ում

Բոլոր տարիներին էլ Հայաստանում մամուլը այս կամ այն կերպ եղել է ճնշումների տակ, եղել են ոտնձգությունների լրատվամիջոցների, առանձին լրագրողների նկատմամբ։ Նույն ԱԺ շենքում եղել են նման խայտառակ դեպքեր, որ միանգամից հանրային և նաև իշխանությունը ստիպված է եղել արձագանքել։ Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նրա խոսքով՝ դրա հետ մեկտեղ՝ եղել են ազատ, խիզախ լրագրողներ, լրագրողներ, որ թեկուզ նույն ԱԺ շենքում կանոնակարգերը խախտելով, բայց իրենց քաղաքացիական դիրքորոշումը կլատարել են։ Մանուկյանը նաև հիշեցրեց, որ այսօր ՔՊ պատգամավորներից մեկը՝ Սարգիս Խանդանյանը, իր գործընկերները՝ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը այս ամբիոնի դիմաց իրենց քաղաքացիական դիրքորոշումն են հայտնել՝ ընդդեմ գազի շուրջ պայմանագրի։ «Որևէ ԱԱԾ աշխատող քացով դուրս չի հանել նրան, որևէ մեկին էլ այստեղից չեն վռնդել, և ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումն էլ չեն ընդհատվել։ Մամուլի նկատմամբ ճնշումները սկսել են ստանալ համակարգային բնույթ, սկսել են ակտիվ սահմանափակումներ լրատվամիջոցների նկատմամբ, ընդհանրապես լրատվական դաշտի նկատմամբ։ Դեռ 3, 4 տարի առաջ էր, երբ կառավարությունը փորձեց իր նիստերի հեռարձակումը դադարեցնել, ես հիշում եմ՝ ինչ մեծ բողոքի ալիք բարձրացավ՝ սկսած լրատվամիջոցներից, վերձացրած հասարակական սեկտորով, հասարակական կազմակերպություններով։ Կառույց չկար, որ դրա դեմ չխոսեր»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ի վերջո՝ հետո նոր ձևավորված կառավարությունը բաց ռեժիմով էր։ Մանուկյանը նշեց, որ այսօր ԱԺ աշխատանքների լուսաբանումը ուղղակի խայտառակ ձևով սահմանափակվում է․ «Սահմանափակվում են լրագրողների գործունեության հիմնական այն գործիքները, որով լրագրողը կարող է իր պարտականությունները և հանրության ԱԺ գործունեությունը լիարժեք ներկայացնել։ Նայում եմ օթյակում իմ նախկին գործընկերներին ու պատկերացնում եմ՝ ինչ շատ ավելի դժվարությամբ են նրանք կարողանալու հնարավորինս հանգամանալից, տարողունակ նյութեր պատրաստել ԱԺ գործունեության, երբ զրկված են նույնիսկ տեսնել։ ԱԺ-ի՝ հանրային ծառայող համարվող պատգամավորները իրենց աշխատասենյակներում ինչով են զբաղված, միջանքներում ով, ում հետ այս կամ այն բանակցությունն է վարում, զրուցում և այլն և այլն»։ Պատգամավորի խոսքով՝ քաղաքացին իրավունք ունի իմանալ իր ընտրած պատգամավորների՝ հանրային վայրերում գործունեության մասին․ «Այս մի քանի օրվա մեջ մենք տեսանք նոր, աննախադեպ երևույթներ, երբ լրագրողին ամբողջ նստաշրջան զրկում են լուսաբանելու իրավունքից, երբ ցանկացած մեկը հեռախոսով նկարել է, բոլոր լրատվամիջոցներով, այդ թվում Հանրային լրատվամիջոցներով ներկայացվել է ԱԺ աշխատանքը, այդ թվում՝ ամբողջ ԱԺ տարածքում հարյուրավոր զինված ծառայողների ներկայությունը, բայց կոնկրետ մեկ լրագրողի զրկում են իր աշխատանքից։Վերջին մեկ, մեկուկես տարվա ընթացքում որքան ինստիտուցիոնալ, կարևոր օրենսդրական սահմանափակումների շուրջ է եղել այդ հայտարարությունները, կպատկերացնեն, թե մի բան է ասել աննախադեպ է մամուլի ազատությունը և այլ բան իրական կյանքը»։ Ամփոփելով իր խոսքը՝ Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ եղել է վերջին շրջանում մամուլի նկատմամաբ ֆինանսական օրենսդրական սահմանափակումների խայտառակ մի շքահանդես, որտեղ երբ նախաձեռնությունների հեղինակները խոսում են հանրային շահի մասին, իբր թե շահումով խաղեր և այլն, բայց լրագրողները հո հասկանում են, որ ենթատեքստում ուղղակի ֆինանսական, լոբբիստական գործունեության տարրեր կան էդտեղ։ Մանուկյանը նաև հիշեցրեց, որ համավարակի ընթացքում, պատերազմի ընթացքում լրագրողները, խմբագիրները զինվորի պես ենթարկվել են օրենքին։ Մանուկյանի ելույթից հետ արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորի պնդումներին։ «Նախ՝ երևի պիտի շնորհակալություն հայտնենք, որ պատերազմի օրերին լրատվական դաշտը պետության հետ համագործակցել է, զարմանում եմ, որ դա ներկայացվում է՝ գիտեք ինչ մեզ շնորհակալություն հայտնեք, որ պատերազմի ժամանակ ինչ ասել եք, արել ենք, բա ի՞նչ պիտի արվեր։Մամուլի հետ կապված ելույթ եք ունենում, բայց գրում, գրում էի, մտածում էի էս թուղթը չի հերիքի, թե որքան տեղ կարելի է ձեզ հակադարձել»,- նշեց նա։ Սիմոնյանի խոսքով՝ երբևիցե ՀՀ-ում էնքան ընդդիմադիր հեռուստաալիք չի եղել։ Այնուհետև անդրադառնալով խորհրդարանում լրագրողների սահմանափակումներին՝ Սիմոնյանը հարց ուղղեց, թե Մանուկյանը կարո՞ղ է ասել՝ որ ամենաժողովրդավար երկրներիում, բաստիոն երկրներում՝ Անգլիայում, Հունաստանում, կամ Եվրախորհրդարանում լրագրողը կարող է մտնել, դուռը բացել կամ պատգամավորին միջանցքում հետապնդել և ինչ ուզել, անել։ Աժ նախագահի խոսքով՝ դա բացառված է , չկա ոչ մի երկրում նման բան։ «Այն, ինչ դուք նկարագրում եք, աշխարհում գրեթե որևիցե տեղ գոյություն չունի։ Մի քիչ ավելի փակ երկրներում նույնիսկ շենքից ներս չեն թողնում լրագրողներին։ Էլ չեմ ասում, որ հեղափոխությունից հետո խոսքի ազատության կտրուկ աճը բերել է այն աստիճանի, որ ոմանք՝ նորմալ քաղաքացիներ և վերլուծաբաններ դա համեմատում են լկտիության հետ։ Այսինքն՝ որոշ մարդիկ խառնել են խոսքի ազատությանը լկտիության հետ»,- ընդգծեց նա։ Ամփոփելով ելույթը՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ լրագրողների աշխատանքը ԱԺ շենքում համակարգվելու է․ «Լրագրողները հնարավորություն են ունենալու Ձեր ասած պատգամավորներին մոտենալ, երբ նրանք գալու են շենք, բայց չեն գնալու, դուռը չեն բացելու, մտնեն պատգամավորի սենյակ, չեն վազելու պատգամավորի հետևից, որովհետև դա անհարգալից վերաբերմունք է թե՛ լրագրողի, թե՛ պատգամավորի նկատմամբ»։
13:03 - 12 օգոստոսի, 2021
Ինձ համար տարօրինակ է, որ անգամ խորհրդարանից դուրս գալիս են ստուգում պատգամավորներին․ Թագուհի Թովմասյան

Ինձ համար տարօրինակ է, որ անգամ խորհրդարանից դուրս գալիս են ստուգում պատգամավորներին․ Թագուհի Թովմասյան

Ինձ համար տարօրինակ է, որ անգամ խորհրդարանից դուրս գալիս են ստուգում պատգամավորներին։ Եվ անձնական իրերը նորից զննության ենթարկում այն դեպքում, որ եթե մտնելիս հասկանալի է՝ կա անվտանգային միջավայր ապահովելու խնդիր, դուրս գալիս միանգամայն անտրամաբանական է։ Այս մասին Ազգային ժողովում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Թագուհի Թովմասյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին՝ ԱԺ-ում անվտանգային հատուկ միջոցառումների վերաբերյալ։ Թովմասյանը նշեց, որ այս մասով ինքը լրացուցիչ քննարկում կծավալի արդեն ձևավորված հանձնաժողովի ֆորմատով։ ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն էլ հարց ուղղեց Արթուր Վանեցյանի հայտարարության վերաբերյալ, որում նա նշել էր, որ եթե իշխանության գա, կլուծի գերիների խնդիրը։ Բաթոյանը հետաքրքրվեց, թե ովքեր են Վանեցյանի այդ ծանոթները և արդյո՞ք նա այժմ կարող է լուծել այդ խնդիրը։ Թովմասյանն արձագանքեց՝ հիշեցնելով, որ Վանեցյանը ԱԱԾ երկարամյա սպա է, և նոր չէ կամ վերջին 3 տարիներին չէ, որ «հեղափոխոթյունից հետո միամիտ հայտնվել է ԱԱԾ-ում և նոր պետք է կապեր ստեղծեր»։ «Նաև իր մարդկային տեսակը ճանաչելով՝ ես վստահ եմ, որ նա իսկապես ունի շատ լավ մարդկային հարաբերություններ աշխարհիւ տարբեր երկրներում տարբեր մարդկանց հետո։ Պարոն Վանեցյանը հստակ ասել է՝ երբ ես լինեմ իշխանություն, իսկ նա այսօր ընդդիմադիր խմբակցության ղեկավար է, և բնականաբար խոսում ենք տարբեր կարգավիճակների մասին, և իշխանություն չունենալը բնականաբար արդեն ֆիքսված է, և հետևաբար նաև անկարելի է այս պահին այս կարգավիճակով լուծել այդ հարցը»,- նշեց նա։
11:52 - 12 օգոստոսի, 2021
Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ զարգացումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու․ Նիկոլ Փաշինյան

Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ զարգացումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության՝ օգոստոսի 12-ի նիստի սկզբում հանդես եկավ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Հուլիսի 29-ին ես ուրվագծել եմ ՀՀ կառավարության պատկերացումը մեր տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի, երկարատև կայունության և խաղաղություն հաստատելու քայլերի մասին։ Ինչպես նաև ընդգծել եմ միջազգային գործընկերների հետ այդ ուղղությամբ աշխատելու ՀՀ պատրաստակամությունը։ Հուլիսի 29-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ևս հանդես եկան հայտարարությամբ, որի առանցքային ուղերձը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության նվազմանն ուղղված քայլերի ձեռնարկումն էր, սադրիչ քայլերից և հայտարարություններից զերծ ,մնալու՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված կոչը, ինչպես նաև հակամարտության տևական կարգավորման շուրջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելը։ ՀՀ ԱԳՆ-ն հուլիսի 30-ին հանդես եկավ հայտարարությամբ, որով ողջունեց համանախագահողների հայտարարությունը՝ այդպիսով արտահայտելով ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո խաղաղ բանակցությունները վերսկսելու ՀՀ հանձնառությունը։ Մեզ համար միանշանակ ընդունելի է նաև սադրիչ գործողությունների և հայտարարություններին զերծ մնալու համանախագահների կոչը։ Ակնհայտ է, որ այս պայմանի պահպանումը առանցքային նշանակություն ունի բանակցային մթնոլորտ ձևավորելու համար։ Ու եթե սադրիչ հայտարարությունների հետագծելիության հարցը մեծ բարդություն չի ներկայացնում, սադրիչ գործողությունների և հրադադրի ռեժիմի խախտումներ նախաձեռնողի հարցը մշտապես բանավեճերի տեղիք է տալիս։ Նախկինում ասել եմ, հիմա էլ կարծում եմ՝ հրադադրի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումը և այդ սադրիչ գործողության հասցեական դատապարտումը էական նշանակություն ունի իրադրության հետագա կայունացման համար։ Այսուհանդերձ նման գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկման։ Հուլիսի 29-ի ելույթում այս հարցին նույնպես անդրադարձել եմ՝ ասելով, որ կարծում եմ՝ դա պիտի լինի ՀԱՊԿ դիտորդական առաքելություն, իսկ եթե ՀԱՊԿ-ի համար դա ընդունելի չէ, այլընտրանքը մնում է ԵԱՀԼ ՄԽ համանախագահության դիտորդական առաքելությունը։ Վերադառնալով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կոչի՝ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույյն մակարդակում, և մենք սպասում ենք կոնկրետ առաջարկների։ Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր ժողովրդից ստացած մանդատը կառավարության վրա դնում է հատուկ պատասխանատվություն։ Այս խնդիրը լուծելու համար մենք պետք է լինենք առավելագույնս ակտիվ և ճկուն, մեր տրամադրվածությունը պիտի լինի հետևյալը․ առավելագույնն անելո օրակարգում առկա խնդիրներով լուծումների գնալու համար։ Իհարկե, կան հարցեր, որոնք հնարավոր է լուծել ավելի արագ, հարցեր կան, որոնց լուծումն ավելի երկար ժամանակ է պահանջում, բայց մեր տրամադրվածությունը, կրկնում եմ, պիտի լինել հետևյալը՝ գնալ լուծումների։ Նման հարցերից մեկը, որը կարծում եմ՝ հնարավոր է արագ լուծել, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է, տարածաշրջանային ապաշրջափակման օրակարգը, և կարծում եմ՝ պետք է օր առաջ սկսենք աշխատանքները փոխվարչապետների եռակողմ ձևաչափում, և լինենք առավել ակտիվ և նախաձեռնող տարածաշրջանում նոր կոմունիկացիոն և տնտեսական հնարավորությունների իրագործման տեսանկյունից։ Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ մեր դիրքորոշումը անփոփոխ է, և կարծում ենք՝ այս ուղղությամբ աշխատանքները պետք է ակտիվանան։ Թշնամության և թշնամանքի հետագա խորացումը մեր տարածաշրջանում անթույլլատրելի է։ Դա սպառնալիք է ոչ միայն ողջ տարածաշրջանի, այլև միջազգային անվտանգության համար։ Թե թշնամության մթնոլորտի խորացումը ինչպիսի դրսևորումների կարող է բերել, տեսանք Բաքվում բացված, այսպես կոչված, «ավարի պուրակի» օրինակով, որը, կարծում եմ, անարգանք է մեր տարածաշրջանի և տարածաշրջանային քաղաքակրթության հասցեին։ Սա ընդգշում եմ ցույց տալու, թե որքան հրատապ է տվյալ հարցի կառավարումը։ Թշնամության հաղթահարումը կարող է և պետք է դառնա մեր տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակագի կարևորագույն բաղադրիչներից մեկը։ ՀՀ-ն համոզված է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման համար առանցքային են հարևան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և/կամ զարգացումը։ Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ զարգացումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու։ Այս համատեքստում հարկ եմ համարում նշել, որ, ցավոք, որոշ ուժեր փորձում են սխալ լույսի ներքո ներկայացնել ՀՀ մտադրությունները՝ ասելով՝ ՀՀ-ն ԶՈՒ բարեփոխումները առաջնահերթություն է հռչակել սահմանակից երկրների նկատմամբ ագրեսիվ քաղաքականության վարելու համատեքստում։ ՀՀ-ն, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն ԶՈՒ-ն զարգացնելու և վերափոխելու ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, և մենք տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունենք։ Մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է։ Մենք ագրեսիվ որևէ մտադրություն չունենք, և տարածաշրջանի կայունությունը մեր  երկարատև ռազմավարությունն է։ Մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսություն սկսել այս օրակարգի շուրջ միջազգային մեր գործընկերների աջակցությամբ, ըստ անհրաժեշտության՝ նաև ուղիղ շփումների միջոցով»։
11:31 - 12 օգոստոսի, 2021
Չեմ կարող կրել պատասխանատվություն անտեղյակության համար․ Թագուհի Թովմասյանը՝ իշխող խմբակցության անդամ եղած ժամանակաշրջանի մասին

Չեմ կարող կրել պատասխանատվություն անտեղյակության համար․ Թագուհի Թովմասյանը՝ իշխող խմբակցության անդամ եղած ժամանակաշրջանի մասին

Դուք գիտեք՝ ես բազմիցս հայտարարել եմ, որ ես երբեք պատասխանատվությունից խուսափող տեսակ չեմ։ Ես կրում եմ պատասխանատվություն իմ բոլոր քայլերի և դրանց հետևանքների համար, բայց ես սովոր եմ պատասխանատվություն կրել այն բանի համար, ինչից տեղյակ եմ։ Այս մասին Ազգային ժողովում ասաց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ պատասխանել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հարցին։ Վերջինս հարցրել էր, թե արդյո՞ք Թովմասյանը պատասխանատվություն կրում 7-րդ գումարման ԱԺ «Իմ քայլը» դաշինքի գործողությունների համար մինչև 2020թ․ նոյեմբեր, երբ Թոմվասյանը դուրս եկավ խմբակցությունից։ «Դուք շատ լավ գիտեք, որ խմբակցության ներսում և ընդհանրապես հատկապես պատերազմական իրավիճակում և դրանից հետո խմբակցությունը ընդհանրապես տեղյակ չի եղել կամ գոնե ես՝ խմբակցության ներկայացուցիչս, տեղյակ չեմ եղել իշխանության որևէ գործողության, դրա տրամաբանության, դրա հիմնավորումների մասին։ Եվ եթե տեղյակ չեմ, բնականաբար չեմ կարող կրել պատասխանատվություն անտեղյակության համար»,- ասաց Թագուհի Թովմասյանը։ Արձագանքելով պատասխանին՝ Ռուբինյանը հարցրեց, թե արդյո՞ք Թովմասյանը «Պատիվ ունեմ» խմբակցությունից տեղյակ է ամբողջապես։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավորն էլ նշեց․ ««Պատիվ ունեմ» խմբակցությունը նոր է ձևավորվել, ավելի այլ ավանդույթներով և խմբակցությունը, ուզում եմ հատուկ ընդգծել, ոչ ընդդիմադիր խմբակցություն է, և պատասխանատվությունը ընդդիմադիր խմբ պատգամավորների դեպքում այլ է։ Բնականաբար ես կրում եմ նաև պատասխանատվություն պատգամավորական այս գործունեության համար»։
11:00 - 12 օգոստոսի, 2021
ՊՆ-ն լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն ունի՝ հասկանալու՝ ՀՀ ինքնիշխան տարածքի որ հատվածներում քանի ադրբեջանցի կա

ՊՆ-ն լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն ունի՝ հասկանալու՝ ՀՀ ինքնիշխան տարածքի որ հատվածներում քանի ադրբեջանցի կա

Լուսանկարը՝ ՄԻՊ ֆեյսբուքյան էջից, Գեղարքունիքի մարզ Այս տարվա մայիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ է։ Այդ օրն Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներթափանցել ու հաստատվել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքի եւ Սյունիքի սահմաններից ներս։ Մինչ օրս պաշտոնյաներն ու պատասխանատու անձինք տարբեր տվյալներ են ներկայացրել այն մասին, թե ադրբեջանցի քանի զինծառայող կա ՀՀ տարածքում, եւ թե որ հատվածներում են նրանք տեղակայված։ Հանրային վրդովմունքն ու լարվածությունը փոքր ինչ թոթափելու համար որոշ պաշտոնյաներ, այդ թվում՝ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ժամանակ առաջ նաեւ մեկնել էին Սյունիքի մարզ՝ լուսանկարներ հրապարակելով Սեւ լճի տարածքից, որի շրջակայքում, ըստ տարբեր տեղեկությունների, տեղակայված են հակառակորդի զինծառայողները։  Մայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր նախ 250, ապա որոշ ժամանակ անց՝ մոտ 600 զինծառայողների մասին։ Հունիսի 22-ին արդեն ՀՀ ՊՆ ԳՇ պետ Արտակ Դավթյանը տեղեկություն էր հայտնել, որ ՀՀ տարածքում այդ պահի դրությամբ շուրջ 1000 ադրբեջանցի զինծառայող կա։ Դրանից հետո այլ թվերի մասին չի խոսվել։ Պարբերաբար հաղորդագրություններ են տարածվել ադրբեջանական զինծառայողների սադրիչ գործողությունների, փոխհրաձգությունների, կրակահերթերի մասին, որոնք արձակվել են Գեղարքունիքի եւ Սյունիքի սահմանային բնակավայրերի ուղղությամբ, սակայն չի նշվել, թե հակառակորդի՝ հատկապես որ հատվածներում տեղակայված ուժերն են խախտել հրադադարի պայմանավորվածությունը։ Վերջինն, ի դեպ, ձեռք է բերվել ռուսական կողմի միջնորդությամբ, իսկ այս ընթացքում ռուս սահմանապահների հենակետեր են տեղակայվել Սյունիքի մարզի՝ հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում։ Իսկ հուլիսի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել էր, որ մարզում ռուս սահմանապահների տեղակայումն օրերի հարց է, սակայն այս պահի դրությամբ նրանց տեղակայման մասին պաշտոնական տեղեկություն չկա։ Պաշտոնական ստույգ տեղեկություն չկա նաեւ հակառակորդի զինծառայողների գտնվելու կոնկրետ վայրերի եւ նրանց թվի մասին։ Ուստի հուլիսի 22-ից մինչ օրս գրավոր հարցումներ ենք ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել այն մասին, թե կոնկրետ օրվա դրությամբ (հուլիսի 22 - օգոստոսի 11) ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցի քանի՞ զինծառայող կա, ապա թե մասնավորապես ո՞ր տարածքներում է տեղակայված ադրբեջանական զորքը, ամեն հատվածում մոտ քանի՞ զինծառայող կա, մինչեւ ո՞ր հատվածներ են խորացել ադրբեջանցի զինծառայողները, կոնկրետ օրվա դրությամբ որքա՞ն է կազմում ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման առավելագույն խորությունը՝ կիլոմետրով եւ ըստ տարածքների։  Պաշտպանության նախարարությունից, սակայն, մինչ օրս տեղեկություն չենք ստացել։ Ավելին, մի շարք օրերի ուղարկված հարցումներին պատասխանելու համար օրենքով սահմանված ժամկետն անցել է, սակայն որեւէ պատասխան չի եղել։ Անցած 20 օրվա համար ուղարկած մեր հարցումներից երեքին նախարարությունից եկել է պատասխան նամակ, ըստ որի՝ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա, ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում, այսինքն՝ 30 օրվա ընթացքում։  «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ 30-օրյա ժամկետում պատասխանում են միայն այն դեպքում, երբ գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք։ Թե ինչ լրացուցիչ աշխատանք պետք է կատարեն նախարարության աշխատակիցները, որպեսզի պատասխանեն, թե, օրինակ, 2021 թվականի օգոստոսի 10-ի դրությամբ հակառակորդի զինծառայողները ՀՀ որ մարզի որ տարածքում են, անհասկանալի է։  Խնդրահարույց է նաեւ հանգամանքը, որ ՊՆ-ն լրացուցիչ ժամանակ է խնդրել ոչ թե բոլոր օրերին ուղարկված նույնաբովանդակ հարցումներին պատասխանելու համար, այլ միայն օգոստոսի 2-ի, 5-ի եւ եւս մեկ օրվա գրություններին պատասխանելու համար։ ՊՆ-ից, սակայն, չեն նշել, թե որն է այդ երրորդ օրը, որի համար եւս լրացուցիչ ուսումնասիության կարիք կա։ Ի դեպ՝ պատասխան նամակով խնդրել էինք հստակեցնել՝ որ օրվա հարցման մասին է խոսքը, սակայն արձագանք այդպես էլ չենք ստացել։ Ընդ որում, հարկ է նշել, որ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին պարբերական զանգերի միջոցով փորձում ենք հասկանալ, թե, ի վերջո, երբ կստանանք գրավոր հարցումների պատասխանները, սակայն մշտապես ստանում ենք անհստակ պատասխան՝ «կփոխանցենք համապատասխան մարմիններին», «զբաղվածության պատճառով պատասխաններն ուշանում են», «ձեր գրությունն ուղարկվել է ՊՆ քարտուղարություն» բովանդակություններով, կամ զանգերն ուղղակի մնում են անպատասխան։ Պաշտպանության նախարարության այս գործելաոճից եզրակացնել կարելի է, որ համապատասխան մարմինները կա՛մ չեն տիրապետում հակառակորդի զինծառայողների տեղակայման վայրերի ու նրանց թվի մասին տեղեկությանը, դրա համար հավելյալ ուսումնասիրության ժամանակ են խնդրում, կամ անհասկանալի պատճառով փորձում են հնարավորինս հետաձգել տեղեկության տրամադրումը։ Հայարփի Բաղդասարյան
21:46 - 11 օգոստոսի, 2021
Ինչպես կանխել բուլինգը [Challenge 22.2 |  Արփի Համբարյան]

Ինչպես կանխել բուլինգը [Challenge 22.2 | Արփի Համբարյան]

«Challenge» նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարելու հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։   Երեխայի կյանքում եղած ցանկացած երևույթ, լինի դրական, թե բացասական, մեծ ազդեցություն է թողնում նրա հետագա կյանքի որակի վրա։ Երևի արդեն շատերդ գիտեք` ինչ է բուլինգը, ինչ ազդեցություն է թողնում երեխայի հոգեբանության վրա և ինչ հետևանքների կարող է հանգեցնել ։ Ես 26 տարեկան եմ։ Ողջ կյանքիս ընթացքում ուղղակի կամ անուղղակի ձևով առնչվել եմ բուլինգի հետ, բայց միայն 6 ամիս առաջ եմ բացահայտել, թե ինչ է դա, և թե այն, ինչը վաղուց ծանոթ էր անանուն կերպարով, ինչ է իրականում։ Իմ անտեղյակությունն ու թեմայի շուրջ ոչ լիարժեք պատկերացումն ունեն մի քանի պատճառներ, որոնցից ամենակարևորը թերևս մեր հասարակության՝ խնդիրները ստվերում  պահելու ձգտումն է այն պատճառաբանությամբ, որ եթե խնդիրը փակի տակ է, դադարում է տարածվել ու գոյություն ունենալ։  Նախորդ վեց ամիսների ընթացքում «Նոր Լույս» ՀԿ-ի իրականացրած «Պայքար ընդդեմ բուլինգի» ծրագրի շնորհիվ ունեցա մեծ հնարավորություն խորապես ուսումնասիրելու և բաց աչքերով առերեսվելու խնդրին և դրա քայքայիչ հետևանքներին։  Վերջերս թեմայի շուրջ հերթական քննարկման ընթացքում հստակ հարց ստացա․ «Լավ, որ այդքան խոսում եք երևույթից, արդեն հասկացանք, իսկ լուծում չունե՞ք, ի՞նչ եք առաջարկում»։ Լուծումներ միշտ կան․ այս խնդրի լուծումն ու կանխարգելումը պետք է լինեն երեխա, ծնող և ուսուցիչ ակտիվ համագործակցության ու, միևնույն ժամանակ, նրանց հանդեպ անհատական մոտեցման  շնորհիվ։  Բուլինգի կանխարգելման հարցում ուսուցիչներն ունեն իրենց մեծ ազդեցությունը։ Ամեն ինչ պետք է սկսել կանխարգելումից․ Դպրոցում կարող եք կազմակերպել բաց դասեր, իրազեկիչ հանդիպումներ, որոնց ընթացքում աշակերտները մանրամասն կծանոթանան  երևույթին։ Դասղեկի ժամերին կարող եք պարբերաբար անդրադառնալ խնդրին, քննարկել երևույթը, խոսել դրա  վատ ազդեցությունների մասին։  Աշակերտներին ներկայացրե՛ք իրենց իրավունքները, միասին կարդացե՛ք այն օրենքները, որոնցով պաշտպանվում են այդ  իրավունքները։ Երբ բուլինգ եք նկատում Ձեր աշակերտների մոտ, լսե՛ք երկու կողմին էլ, առանց նվաստացումների բուլերին բացատրե՛ք, որ բուլինգը վատ երևույթ է։ Երբեք մի՛ խրախուսեք բուլերների կատարած վատ արարքները։ Թե՛ բուլերի, թե՛ զոհի ծնողներին զգուշացրե՛ք հարաբերությունների և գործողությունների ընթացքի մասին` նրանց հետ լինելով ակտիվ համագործակցության մեջ։  Բուլինգի կանխարգելման հարցում անհամեմատելի է ծնողի դերը․  Մի՛շտ պատրաստ եղեք Ձեր երեխայի հետ երկխոսության, քննարկեք թե՛ լավ, թե՛ վատ արարքները։ Դարձե՛ք ձեր երեխայի համար վստահելի, լավ ընկեր, խրախուսե՛ք այն ժամանակ, երբ պատմում է իր խնդիրների մասին, սովորեցրե՛ք խնդիրներն ինքնուրույն լուծել, բայց նաև ցո՛ւյց տվեք Ձեր աջակցությունը և մի՛շտ հիշեցրեք, որ նրա կողքին եք։ Ճանաչե՛ք Ձեր երեխայի ընկերներին, հասկացե՛ք, թե ում հետ է անցկացնում իր ժամանակը։  Օգնե՛ք Ձեր երեխային հասկանալ, թե ինչ է բուլինգը, և ինչպես կարելի է կանխել այն։ Նրան բացատրե՛ք, որ բուլինգը լավ երևույթ չէ և կարող է վատ ազդեցություն ունենալ ինչ-որ մեկի համար։ Ձեր երեխային սովորեցրե՛ք կարեկից լինել և, իհարկե, կարեկցե՛ք նրան։  Երբ Ձեր երեխան ենթարկվել է բուլինգի, առաջին հերթին ուսումնասիրե՛ք իրավիճակը համակողմանի։ Ժամանա՛կ տրամադրեք,  որպեսզի հասկանաք` իրականում ինչ է պատահել, ովքեր են ներգրավված եղել, ինչպես է ամեն ինչ սկսվել։ Կա՛պ պահպանեք ներգրավված բոլոր երեխաների ծնողների հետ` նրանց զգուշացնելով իրենց երեխայի վարքի մասին։  Համագործակցե՛ք Ձեր դպրոցի հետ․ քննարկե՛ք յուրաքանչյուր հանգամանք, աջակցե՛ք Ձեր երեխային՝ պահանջելով, որ բուլերը կրի պատասխանատվություն իր կատարածի համար, քանի որ երբ նա իր արարքին  համապատասխան պատասխանատվությունը չի կրում, անպատժելիության մթնոլորտում նման դեպքերի հաճախականությունը մեծանում է։ Մշտապես կա՛պ պահպանեք դպրոցի հոգեբանի հետ, հանդիպե՛ք և նրա հետ քննարկե՛ք Ձեր երեխայի պահվածքը։ Երեխայի և հոգեբանի համատեղ աշխատանքը ևս կարող է օգնել այս հարցում։ Վստա՛հ եղեք, որ Ձեր երեխան ապահով միջավայրում է և իրեն թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես լավ է զգում ։  Եվ վերջապես, եղե՛ք լավ օրինակ Ձեր երեխայի համար։ Երբ Դուք դպրոցում կամ բակում ենթարկվում եք բուլինգի, մի՛շտ հիշեք մեկ կարևոր փաստ․ Դուք ոչ ոքի չեք կարող փոխել, կարող եք փոխել միայն ինքներդ Ձեզ․  Բուլինգի ժամանակ երբեմն լռությունը Ձեր ամենաճիշտ որոշումը կարող է լինել, քանի որ բուլերները սպասում են հենց Ձեր արձագանքին, ագրեսիվ պատասխանին ու լաց լինելուն։ Նրանք այդ տեսարանից հաճույք են ստանում։ Երբ պատասխան ագրեսիա ցույց տաք, բուլերն այդ ժամանակ կտոնի Ձեր նկատմամբ ունեցած հաղթանակը։ Բուլինգի ժամանակ պարզապես լռ՛եք, առանց որևէ զգացմունք ցույց տալու՝ հեռացե՛ք այդ միջավայրից․ այս դեպքում Դուք Ձեզ հետ կտանեք բուլերի հզորությունն, ու նա կմնա ձեռնունայն։ Ձե՛ռք բերեք շատ ընկերներ, որոնք բնույթով հանգիստ, հավասարակշռված են, ունեն բարձր առաջադիմություն և դրական հեղինակություն դպրոցում․ երբ լինեք նման միջավայրում, նախ Դուք կսկսեք շատ ավելի լավ սովորել, ավելի լավը դառնալ, բացի այդ՝ Ձեր ընկերների հետ միասին բուլերներին կստիպեք հեռու մնալ ձեզնից։ Բուլինգի ենթարկվող երեխաները շատ հաճախ ամաչկոտ են, ունեն որոշակի վախեր և վախենում են նաև բուլերից. այս դեպքում պետք է ուժ հավաքել և գոնե մեկ անգամ դեմ առ դեմ կանգնել բուլերի հետ և ինքնավստահությամբ հասկացնել, որ Դուք չեք վախենում նրանից։ Սա Ձեզ համար կարող է շատ դժվար լինել, բայց վախի շղթաներն ավելի ամուր են կապվում կանգնած ժամանակ, իսկ երբ Դուք փոքրիկ քայլ եք կատարում, դրանք թուլանում են։ Երբ մեկ անգամ առճակատման գնաք, կտեսնեք, թե ինչպես եք հաղթահարում Ձեր վախը, իսկ բուլերն այդ ամենից հետո անակնկալի կգա, ու հավանականությունը մեծ է, որ հանգիստ կթողնի Ձեզ։  Մի՛ ամաչեք օգնություն խնդրել Ձեր ուսուցիչներից ու ծնողներից․ այն, ինչ Դուք անում եք, մատնություն չէ, դուք այդ քայլով կանխում եք մեծ խնդիր։ Վստա՛հ եղեք, որ բուլերների հիմնական թիրախը միայն Դուք չեք։ Վստահաբար շատ շատերն են, իսկ երբ Դուք բարձրաձայնում եք խնդրի մասին, նախ ինքներդ Ձեզ եք օգնում, ապա` ուրիշներին։ Հաջողությո՛ւն գրանցեք Ձեր կյանքում․ սկսե՛ք ավելի լավ սովորել, հաճախել սպորտի, ձեռքբերումներ ունենալ և այլն։  Այս ամենի շնորհիվ կբարձրանան Ձեր հեղինակությունը, սեփական անձի հանդեպ ինքնագնահատականն ու վստահությունը, իսկ հաջողակ, ինքնավստահ, ուժեղ ու անվախ երեխաներից բուլերները աշխատում են հեռու մնալ։ Դադարե՛ք փորձել դուր գալ բուլերներին․ Ձեզ հաստատ վատ ընկերներ պետք չեն, երբեք մի՛ փորձեք լինել նրանց շրջապատում։ Երբ բուլինգը հասարակական վայրում է, կարող եք բարձրաձայն հանդիմանել բուլերին ու բացատրել նրան, որ իր արարքը սխալ է․ այս դեպքում շատերի ուշադրությունը կգրավեք, և վստահաբար շատերը Ձեզ հետ համակարծիք կլինեն ու կսկսեն, Ձեզ աջակցելով, քննադատել բուլերի վատ արարքը։ Կարող եք նաև հաճախել սպորտի։ Իհարկե, ոչ փոխադարձ բուլինգի համար։  Հնարավոր է, որ երբեք չկիրառեք այդ գիտելիքները, բայց միայն այն միտքը, որ Դուք ուժեղ եք ֆիզիկապես, կարող է բուլերին հետ պահել Ձեզնից։  Երբեմն, եթե ոչ մի միջոց չի օգնում, կարող եք ամեն ինչ սկսկել նոր էջից. կարող եք փոխել տհաճ միջավայրը, տեղափոխվել այլ դպրոց, այլ դասարան և կենտրոնանալ միայն ուսման ու առաջընթացի վրա։  Սրանք բուլինգի կանխարգելման փոքրիկ միջոցներն են, որոնք շատ դեպքերում կարող են օգտակար լինել բուլինգի զոհերի համար։ Եվ մեկ կարևոր խորհուրդ բոլորին․ մի՛ լռեք, խոսե՛ք այս խնդրի մասին, Ձեր լռությամբ խրախուսում եք խնդրի տարածումը։  Հետգրություն․ մարտահրավերը բաց է հետաքրքրվողների համար։
18:48 - 11 օգոստոսի, 2021
Մարիա Կարապետյանը կիսատ է ներկայացրել Սերժ Սարգսյանի՝ Արցախի կարգավիճակը որոշող հանրաքվեի մասին խոսքերը

Մարիա Կարապետյանը կիսատ է ներկայացրել Սերժ Սարգսյանի՝ Արցախի կարգավիճակը որոշող հանրաքվեի մասին խոսքերը

Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն իր ելույթում, անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների քննադատություններին, ասաց․  «Տիկին Աննա Մկրտչյանը («Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր- խմբ․) որպես այն փառահեղ բանակցային ժառանգության առհավատչյա, որը Սերժ Սարգսյանը թողել է մեզ, մեջբերում է Ալիևի խոսքերն առ այն, թե նրան փակ դռների հետևում ստիպում էին ճանաչել Արցախը։ Ես նախընտրում եմ վկայակոչել Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, որ Ապրիլյան պատերազմից հետո (իր հարցազրույցում նա այս մասին բաց տեքստով խոսել է) ևս մի զիջում է արել՝ հանրաքվեի հարցի սահմանափակ կամ ոչ սահմանափակ լինելու մասով։ Մասնավորապես, նա ասել է, իր խոսքերն են, որ քանի որ Ադրբեջանի սահմանադրությունը թույլ չէր տալիս հարցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ արդյոք նրանք ցանկանո՞ւմ են լինել անկախ, թե՞ ոչ, ինքը համաձայնել է այս հարցը դուրս թողնել փաթեթից և ստորագրել այլ փաստաթուղթ։ Այպիսի հոյակապ ժառանգություն եք դուք մեզ թողել»։ ԱԺ նիստի ընթացքում Մարիա Կարապետյանի ելույթին արձագանքեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ պնդելով, որ Կարապետյանը ոչ ամբողջական է մեջբերել Սերժ Սարգսյանի խոսքերը։ «Կազանի բանակցային գործընթացի պարագայում խոսքը երեք իրարից անբաժանելի փաստաթղթերի մասին է՝ երկու երկրների միջև, Մինսկի խմբի համանախագահների միջև հայտարարություն և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հայտարարություն, որոնցից յուրաքանչյուրն ուներ մի մակարդակ և Հայաստանի համար շատ կարևոր կետերի բարձրաձայնումներ»,- ասաց Մամիջանյանը։ Մարիա Կարապետյանն իր ելույթում խոսում էր Սերժ Սարգսյանի՝ այս տարվա փետրվարին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի մասին, որտեղ, ի թիվս այլ հարցերի, նա անդրադարձել էր Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, կարգավորման փաթեթային և փուլային տարբերակներին, Մադրիդյան սկզբունքներին և Կազանյան փաստաթղթին։ Սարգսյանի խոսքով՝ ինքը պատրաստ էր ստորագրել հակամարտության կարգավորման մի փաստաթուղթ, որը ենթադրում էր 7 կամ 5+2 շրջանների վերադարձ Ադրբեջանին (կախված նրանից՝ կարգավորումը լինելու էր փաթեթայի՞ն, թե՞ փուլային տարբերակով)՝ Արցախի անկախության ճանաչման դիմաց։ Անդրադառնալով հարցին, թե ինչպես էր լուծվելու Արցախի ժողովրդի ինքնորոշման և Արցախի կարգավիճակի հարցը՝ Սարգսյանը նշել էր․ «Քանի որ Ադրբեջանը, պարզ է, շատ դժկամությամբ էր շարունակում բանակցություններն այդպիսի պայմանների շուրջ, մենք մտածեցինք տարբերակ՝ ունենալ երեք փաստաթուղթ․ մեկ փաստաթուղթ ստորագրել Ադրբեջանի հետ, որ ամբողջովին չէր բավարարում մեր նվազագույն ցանկությունները․ խոսքը հետևյալի մասին է՝ առաջին կետը, երբ խոսում էր ԼՂ բնակչության ազատ կամարտահայտության մասին, ձևակերպված էր, ինչպես ասացի, հետևյալ կերպ, որ ԼՂ վերջնական կարգավիճակը որոշվում է ԼՂ բնակիչների ազատ կամարտահայտությամբ, որն ունի պարտադիր իրավական ուժ, և որի օրակարգը ոչնչով չէր սահմանափակվում։ Այս վերջին պարբերությունը, վերջին բառակապակցությունը կտրականապես Ադրբեջանին չէր բավարարում, ինչո՞ւ, որովհետև առաջին երկու ձևակերպումները տեղավորվում էին իր Սահմանադրության շրջանակներում, բացի դրանից՝ վերջում Ադրբեջանը շատ հանգիստ կարող էր ասել՝ այո, ազատ կամարտահայտությամբ, որն ունի պարտադիր իրավական ուժ, բայց, հաշվի առնելով Ադրբեջանի Սահմանադրությունը, չի կարող լինել հանրաքվե՝ Ադրբեջանի տարածքային ամբողջությանը վերաբերող։ Դրա համար մտածվել էր հետևյալ գաղափարը, որ Ադրբեջանի հետ ստորագրվի փաստաթուղթ՝ առանց այս վերջին իմ ասած մտքի՝ «օրակարգը ոչնչով չի սահմանափակվում», դրան անմիջապես զուգահեռ ունենալ համանախագահ երկրների հայտարարությունը՝ այս պարբերությամբ հանդերձ, և ողջամիտ ժամկետներում ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը՝ համանախագահների հայտարարության հիման վրա»։ Սարգսյանը, փաստորեն, հարցազրույցում իրոք ասել է, որ համաձայնել է Ադրբեջանի հետ ստորագրվելիք փաստաթղթից հանել կետը, որով հանրաքվեի «օրակարգը ոչնչով չի սահմանափակվում»․ սա այսօրվա իր ելույթում արձանագրեց նաև Մարիա Կարապետյանը։   Սակայն վերջինս Սերժ Սարգսյանի խոսքից մեջբերեց միայն մի հատված՝ բաց թողնելով այն մասը, որտեղ Սարգսյանը պնդում է, թե Ադրբեջանի հետ ստորագրվող փաստաթղթում բացակայող հատվածը լինելու է համանախագահ երկրների հայտարարությունում, որի հիման վրա էլ ընդունվելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը։ Հիշյալ հարցազրույցում Սերժ Սարգսյանը նշում է․ «Այդ պայմանավորվածությունը մենք ունեինք արդեն 2016-ի աշնանը՝ Ապրիլյան պատերազմից հետո։ Այսինքն՝ սրանով ևս մեկ անգամ հերքվում է այն հիմար միտքը, որ Ապրիլյան պատերազմի արդյունքներով մենք, իբր, պայմանավորվել էինք հենց այնպես Ադրբեջանին վերադարձնել յոթ շրջան»։  Ամփոփելով՝ նշենք, որ Մարիա Կարապետյանը Սերժ Սարգսյանի՝ Արցախի կարգավիճակը որոշող հանրքավեին վերաբերող խոսքերը ներկայացնում է ոչ ամբողջական՝ այդպիսով տպավորություն ստեղծելով, թե Սարգսյանը համաձայնել է համաձայնագրից ամբողջովին հանել հանրաքվեի օրակարգի սահմանափակ լինել/չլինելու հարցը, մինչդեռ այդ հարցն, ըստ Սարգսյանի, պետք է ներառվեր համանախագահների հայտարարության մեջ, ոչ թե առհասարակ չլիներ։ Աննա Սահակյան  
15:55 - 11 օգոստոսի, 2021
Նպատակահարմար է, որ Արցախի հարցով բանակցությունները շարունակվեն ՄԽ  շրջանակներում․ Էդուարդ Աղաջանյան

Նպատակահարմար է, որ Արցախի հարցով բանակցությունները շարունակվեն ՄԽ  շրջանակներում․ Էդուարդ Աղաջանյան

«Ես անկեղծորեն ցավում եմ, որ մեր բովանդակային քննարկումները հաճախ ընդմիջվում են նմանատիպ դրսևորումներով, և ես առաջին հերթին կոչ եմ անում մեր՝ ՔՊ կուսակցության մեր գործընկերներին, որևէ պարագայում չտրվել այն սադրանքներին, որոնք հաճախ հնչում են դահլիճի մյուս կողմից»,- այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի սկզբում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած իրարանցմանը։ ՔՊ խմբակցության պատգամավորն այս համատեքստում արձանագրեց, որ իր մոտ դիսոնանս է առաջացնում ընդդիմադիր ուժերի մեջ այն ներքին հակասությունը, որն, ըստ Աղաջանյանի, անզեն աչքով էլ տեսանելի է․ «Որովհետև անկեղծորեն ես չեմ հասկանում ու չեմ հավատում, որ «Հայաստան» դաշինքի  որոշ գործընկերների համար ընդունելի են իրենց իսկ խմբակցության այլ գործընկերների դիրքորոշումները, պահվածքը և խոսույթը, որովհետև տարբերությունը շատ մեծ է ,և այդ դիսոնանսը, կարծում եմ, բոլորիս մոտ առկա է»,- ասաց նա։ Ապա, անցնելով հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրման վերաբերյալ իրեն ուղղված հարցերին, Աղաջանյանը նախ խոսեց Արցախի հիմնահարցի վերաբերյալ բանակցություններին, որի մասին խոսել էր «Պատիվ ունեմ» խմբակցության Տիգրան Աբրահամայնը․ «Այս հարցի շուրջ, կարծում եմ, թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ մեր ռուս գործընկերները արտահայտել են իրենց դիրքորոշումը առ այն, որ նպատակահարմար է, որ բանակցությունները շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի  շրջանակներում։ Պարոն Աբրահամյան, Դուք նաև խոսեցիք հետհեղափոխական կառուցողական բանակցությունների ֆոնին այն ռազմական զարգացումների մասին, որոնք տեղի են ունեցել, ըստ էության արձանագրելով, որ այդ թվացյալ կառուցողական բանակցությունների հետևում կոնկրետ ռազմական գործընթանցներ են տեղի ունեցել։ Այս ինֆորմացիան ինձ համար նորություն է, և չգիտեմ Դուք այն որտեղից եք ստացել, կխնդրեմ հնարավորության դեպքում նաև իրավապահ մարմիններին հաղորդեք այդ ինֆորմացիան, կամ Պաշտպանության նախարարությանը, որովհետև, կարծում եմ, որ այդտեղ հանցավոր անգործության դեպքեր կան»։ Անդրադառնալով արտաքին քաղաքականության ոլորտում առաջնահերթություններին՝ Աղաջանյանն ընթերցեց իրենց ծրագրի այդ հատվածը․ «Արտաքին քաղաքականության մեր ուղենիշն է ինչպես ՀՀ և Արցախի ժողովրդի, այնպես էլ սփյուռքահայության իրավունքների, անվտանգության և շահերի ապահովումը։ Արտաքին և անվտանգային քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից են լինելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաև մշակութային և կրոնական ժառանգության պահպանումն ու հումանիտար խնդիրների լուծումը։ Հայաստանի Հանրապետությունն օգտագործելու է իր ողջ ներուժը՝ վերոնշյալ նպատակներին հասնելու համար՝ առաջնորդվելով ներպետական շահերով և հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության հրամայականով»։
14:19 - 11 օգոստոսի, 2021
Անվտանգության աշխատակիցները մուտք գործեցին նիստերի դահլիճ. Ալեն Սիմոնյանը հանձնարարեց անջատել ուղիղ եթերը

Անվտանգության աշխատակիցները մուտք գործեցին նիստերի դահլիճ. Ալեն Սիմոնյանը հանձնարարեց անջատել ուղիղ եթերը

Ազգային ժողովում այսօր Իշխան Սաղաթելյանն իր ելույթն ուղղեց Ալեն Սիմոնյանին՝ նշելով, թե իր կարծիքով՝ վերջինս «իր շեֆի կողմից  ունի հանձնարարություն», որպեսզի ԱԺ-ում որոշ բառեր չհնչեցվեն, օրինակ՝ հողատու, կապիտուլյանտ բառերը։ «Հավանաբար դա եղել է Ձեր՝ ԱԺ նախագահ դառնալու պայմաններից մեկը, ասեմ, որ դա քաղաքական գնահատական է, դա անձնական վիրավորանք չէ։ Ձեր գործունեության արդյունքում մենք հայրենազրկվել ենք, երկիրը տարել եք կապիտուլյացիայի, և դուք դրա մասին շատ եք լսելու։ ԱԺ նախագահը չի կարող չարաշահել իր տեղը դերը և  տեղին անեղին վիրավորական արտահայտություններ հնչեցնի Աժ պատագամվորների հասցեին։ Եթե ԱԺ նախահգահը իր գործառույթներով պարտավոր է կազմակերպել ԱԺ բնականոն գործունեությունը, ապա բարի եղեք կազմակերպել։ Ընդհանրապես ուզում եմ հշեցնել ձեզ, էդ որ կառուցողական խոսքեր, ատելության քարոզ, նորմալ արտահայտվելու կոչեր եք անում, հիշեք ձեր քաղաքական ղեկավարի հնչեցրած միտքը, էն որ ասում էր ընդդիմադիրներին կբռնեմ, կշինեմ։ Երբ կոչեր եք անում, հիշեք ինչեր էիք խոսում, հետևաբար նստեք, համակերպվեք, լսեք, իսկ ԱԺ նախագահը պարտավոր է պատշաճ կերպով կազմակերպել ԱԺ բնականոն աշխատանքը, և Դուք որևէ լիազորություն չունեք, քան այստեղ նստած պատգամավորներից որևէ մեկը»,- նշել է Սաղաթելյանը։ Նշենք, որ այսօր Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամվոր Աննա Մկրտչյանը իր ելույթի ժամանակ կրկին օգտագործեց «կապիտուլյանտ Նիկոլ» արտահատությունը, որից հետո Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը անջատեց վերջինիս խոսափողը և դուրս հրավիրեց ԱԺ նիստերի դահլիճից։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն, ի պատասխան Սաղաթելյանի հայտարարույթունների, արձագանքեց, որ բնակչությունն արդեն պատասխանել է այն որակումներին, թե ով է կապիտուլյանտն ու հողատուն։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ելութից հետո պետք է ելույթ ունենար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Սակայն, մինչ նա կսկսեր խոսել, պատգամավորները տեղից ինչ-որ բաներ ասացին, իսկ նիստը վարող Ալեն Սիմոնյանը մի քանի անգամ կոչ արեց լռություն պահպանել, սակայն նրա պահանջին պատգամավորներն ականջալուր չեղան, և Սիմոնյանը նախազգուշացում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանին ու Ագնեսա Խամոյանին։ Նիստերի դահլիճում իրարանցում սկսվեց, որը րոպեներ չէր դադարում։ Ալեն Սիմոնյանը ստիպված եղավ ներս հրավիրել ԱԺ անվտանգության աշխատակիցներին, որպեսզի նրանք կարգ ու կանոն հաստատեն խորհրդարանի դահլիճում։ Սիմոնյանի պահանջով նիստի ուղիղ հեռարձակումն ընդհատվեց։
13:04 - 11 օգոստոսի, 2021
ՀԱՊԿ ղեկավարությունում հասկացել են, որ եթե չկոտրեն ստեղծված մթնոլորտը, հակառուսական տրամադրությունները  կարող են ավելի բորբոքվել․ Գարիկ Քեռյան

ՀԱՊԿ ղեկավարությունում հասկացել են, որ եթե չկոտրեն ստեղծված մթնոլորտը, հակառուսական տրամադրությունները կարող են ավելի բորբոքվել․ Գարիկ Քեռյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի այցելությունը Հայաստան հիմնականում քաղաքական նպատակ ունի․ առաջին հերթին՝ կոտրել արդեն ստեղծված եւ կարծրացող կարծիքը, որ ՀՀ-ն պետք է դուրս գա այդ կառույցից, հալեցնել առաջացած սառույցը, եւ ինչ-որ առումով աշխուժացնել Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ մնալու կողմնակիցներին։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը երեկ աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել։ Նա հանդիպումներ ունեցավ ՀՀ քաղաքական եւ ռազմական ղեկավարության հետ՝ քննարկելով նաեւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճաը։ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը Զասը վստահեցրել է, որ ՀԱՊԿ աշխատանքային մարմինները կներդնեն բոլոր ջանքերը հայկական կողմի հայտարարվելիք առաջնահերթությունները կյանքի կոչելու համար։  Զասի այցի ընդհանուր օրինաչափությունն, ըստ մեր զրուցակցի, այն էր, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում բավականին մեծ նեգատիվ վերաբերմունք կար ՀԱՊԿ-ի նկատմամբ, որովհետեւ ե՛ւ հանրության լայն շրջանակներում, ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության օղակներում հասունացել էր այն հարցը, թե, ամեն դեպքում, ինչու ՀԱՊԿ-ը չմիջամտեց Հայաստանի՝ պատերազմի դադարեցմանն ուղղված ջանքերին, եւ ինչու ՀԱՊԿ-ի դաշնակից Հայաստանը ստիպված եղավ ստորագրել պարտվողական հայտարարություն։  «Այս քննարկումներն, իհարկե, շարունակվում էին եւ են նաեւ պատերազմից հետո, դրանք քաղաքական դիսկուրսում շատ կարեւոր տեղ են զբաղեցնում։ Այս հանգամանքն էականորեն նպաստեց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալեւ եւ արեւմտյան պետությունների հետ ռազմաքաղաքական դաշնակցության գնալու կողմնակիցները սոցցանցերում եւ իրենց հրապարակային ելույթներում իշխանություններին կոչ անեն խզել բոլոր կապերը ՀԱՊԿ-ի հետ։ Այս նեգատիվ վերաբերմունքն ինչ-որ առումով խորացավ նաեւ այն ժամանակ, երբ սկսեցին հայ-ադրբեջանական սահմանային ընդհարումները, եւ երբ Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին, բայց պատասխանն էականորեն ուշացավ, իսկ պատասխանում ՀԱՊԿ-ը մերժում էր Հայաստանի խնդրանքը՝ աջակցություն ցույց տալու հարցով»։ Քաղաքագետ Գարիկ Քեռյանի դիտարկմամբ՝ այս ընդհանուր մթնոլորտում երկվությունը՝ արդյոք այդ կառույցում Հայաստանի մնալը ճի՞շտ է, թե՞ ոչ, եւ քննարկումները շատ արդիական են նաեւ այսօր, ուստի պատահական չէ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը կարեւոր է այս քննարկումների թեժացման ֆոնին։ Նրա խոսքով՝ հավանաբար, ՀԱՊԿ ղեկավարության մեջ, մասնավորապես, Կրեմլում էլ հասկացել են, որ եթե ինչ-որ առումով չկոտրեն ստեղծված տրամադրությունները, ապա շատ հնարավոր է, որ արեւմտյան կողմնորշման կողմնակիցներն ավելի շատանան եւ հակառուսական տրամադրությունները դրսի ծառայությունների միջամտությամբ ավելի բորբոքվեն։ «Իհարկե, Զասի այցը կապված է նաեւ այն հանգամանքի հետ, որ Հայաստանը սեպտեմբերին ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը, եւ այստեղ կա բավականին լուրջ գործիքակազմ, որ Հայաստանը կարողանա փոխել ՀԱՊԿ անդամ պետությունների ընդհանուր տրամադրությունը Հայաստանի նկատմամբ։ Չնայած, կարծում եմ, ՀԱՊԿ անդամ լինել-չլինելու քննարկումներն այդքան էլ առարկայական չեն, որովհետեւ այդ կառույցում մեր մնալը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի հետ մեր ռազմաքաղաքական համագործակցությամբ, եւ դժվար թե Հայաստանում կամ այլուր լինեն այնպիսի միամիտ մարդիկ, որոնք մտածեն, թե Ղազախստանը, Բելառուսը կամ Տաջիկստանը կարող են գալ եւ այստեղ մեզ համար կռվել կամ մեր սահմանները պաշտպանել»։ Այսօր Արարատի զորամաս կատարած այցի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը լրագրողի հարցին ի պատասխան՝ կարծիք է հայտնել, որ հայ-ադրբեջանական սահմանային կոնֆլիկտի քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն, եւ անհրաժեշտ է շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձեւաչափով:  Քաղաքագետը համաձայն է Զասի այս հայտարարության հետ։ Ըստ նրա՝ մտածել այլ կերպ նշանակում է դեմ գնալ Հայաստանի պետական շահերին, որովհետեւ պատերազմից հյուծված եւ քայքայված բանակով դուրս եկած Հայաստանն ի վիճակի չէ նոր ռազմական կոնֆլիկտի գնալու․ «Եթե մենք նույնիսկ ունենանք այդ հնարավորությունը, այն պետք է բացառել։ Մեր ուղին միմիայն հայ-ադրբեջանական բանակցությունների սկսումն է եւ դրանց արդյունավետ շարունակումը, մինչեւ ավարտվեն սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները։ Առանց այդ համաձայնագրի կնքման՝ Հայաստանը կշարունակի գտնվել պատերազմական իրավիճակում, եւ, այո, այստեղ մենք պետք է օգտագործենք ՀԱՊԿ մեր գործընկերների աջակցությունը, եթե նրանք կարողանան միջնորդական առաքելություն վերցնել իրենց վրա եւ եթե հասնի այն կետը, որ պարզվի՝ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններն այն աստիճանի խորացած թշնամական են, որ երկու երկրներն ի վիճակի չեն խաղաղ բանակցություններ վարել սահմանագծման եւ սահմանազատման վերաբերյալ, այստեղ միակ ելքը երրորդ կողմն է, որը կարող է իր մասնագիտական հանձնաժողովով, արդիական գործիքակազմով ճշտել հայ-ադրբեջանական սահմանը»։  Իսկ այդ երրորդ կողմը, Քեռյանի համոզմամբ, կարող է լինել ե՛ւ Մինսկի խմբի համանախագահ երկրների հանձնաժողովը, ե՛ւ ՀԱՊԿ անդամ պետությունների հանձնաժողովը, ե՛ւ, օրինակ, միայն ՌԴ-ն․ «Երրորդ կողմին, տվյալ դեպքում, պետք է վերապահվեն սահմանագծման լիազորությունները՝ պայմանավորվածությամբ, որ երկու կողմերը պետք է անվերապահորեն ընդունեն երրորդ կողմի որոշումը»,- ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով՝ սա, իհարկե, վերջին, ծայրագույն քայլը պետք է լինի պատերազմից խուսափելու համար, բայց նա համոզված է, որ, թերեւս, պետք է փորձել հայ-ադրբեջանական բանակցային նորմալ գործընթաց սկսել, որովհետեւ դա չի վերաբերելու Արցախի խնդրին, այլ վերաբերելու է տեխնիկական խնդրի լուծմանը՝ սահմանագծմանը եւ սահմանազատմանը։  Իսկ թե ինչ առաջնահերթ անելիքներ ունի Հայաստանը՝ իրավիճակին հանգուցալուծում տալու համար, քաղաքագետի խոսքով՝ դիվանագիտությունը եւ քաղաքական գործիչների հասունությունը երեւում են ոչ թե խաղաղ, այլ այսպիսի դժվար ժամանակներում, երբ պետք է գտնել լուծումներ՝ գնալով ամենաանհավանական քայլերի, կոնտակտների․ «Դա պահանջում է ճկունություն, հեռատեսություն, միջնորդների, բարեկամների, դաշնակիցների ուժերի օգտագործում․․․։ Այն, որ մենք հիմա պատրաստ չենք պատերազմի, դա ամբողջ աշխարհը գիտի, այդ թվում՝ Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանն էլ։ Բայց պատմության մեջ շատ դեպքեր են եղել, երբ պարտված պետությունն այնպես է հասել հաշտության կնքման, որ պատմաբանները նույնիսկ կասկածում են՝ այդ երկիրը պարտված էր, թե հաղթած։ Պետք է գործադրել դիվանագիտական ողջ ներուժն ու ցուցաբերել քաղաքական հասունություն։ Մենք պետք է մեր հակառակորդ հարեւանների հետ ապրելու համակեցության կանոններ գտնենք, եթե տուրք տանք կեղծ, ուլտրա-ազգայնական, ողբալի եւ պաթոսախառն կոչերին, մենք մեր ապագան չենք կերտի։ Մենք ունենք Հայաաստանի Հանրապետություն, մեր խնդիրն է պահել մեր պետությունը, զարգացնել, ինչը կլինի մեր զոհերի ամենավեհ հուշարձանը։ Իսկ որպեսզի պետությունը կայանա, մենք պետք է կարողանանք գտնել այդ համակեցության կանոնները»,- եզրափակեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։ Հայարփի Բաղդասարյան
23:00 - 10 օգոստոսի, 2021