Ինֆոքոմ

Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ հանձնաժողովի նիստից Աննա Գրիգորյանի բացակայությանը

Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ հանձնաժողովի նիստից Աննա Գրիգորյանի բացակայությանը

Այսօր՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ՔՊ խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ նույն հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի բացակայությանը։  «Ես երեկ հետևում էի Երևանում կատարվող իրադարձություններին և նկատեցի, որ մեր նոր գործընկերը, այդպես էլ բախտ չի վիճակվել նրան հանդիպելու, խոսքը Աննա Գրիգորյանի մասին է, որը փոխարինել է պարոն Արթուր Ղազինյանին, ելույթով էր հանդես գալիս և դիմում էր Ներքին Հանդի Հասմիկին, որ Սյունիքը վտանգված է, Երևանից էր դիմում։ Եթե տիկին Գրիգորյանը այդպես էլ չներկայանա, որպեսզի մենք հաստատենք նրա ներկայությունը, կդիմեմ Ներքին Հանդի Հասմիկին, որպեսզի խնդրեմ, որ Աննա Գրիգորյանին դիմի, որպեսզի նա ավելի շատ մասնակցի մեր աշխատանքներին, որտեղ քննարկվում են մեր երկրի անվտանգությանը վերաբերող հարցեր։ Մեր երկրում անվտանգության հարցերի հարթակ է համարվում նաև մեր հանձնաժողովը և այստեղ քննարկվող խնդիրները, նաև Սյունիքին վերաբերող, ուղերձս մնում է ուժի մեջ»։ Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումը շարունակում է անհնազանդության ակցիաները, որոնց մասնակցում են նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։
11:27 - 18 մայիսի, 2022
Մարիուպոլի վերջին պաշտպանները․ ի՞նչ է ուկրաինական «Ազով» գունդը․ Reuters

Մարիուպոլի վերջին պաշտպանները․ ի՞նչ է ուկրաինական «Ազով» գունդը․ Reuters

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Մարիուպոլում հանձնվել է 265 ուկրաինացի զինվորական, որոնք պաշտպանում էին «Ազովստալ» գործարանը՝ ռուսական բանակի կողմից գրավված քաղաքի դիմադրության վերջին օջախը։ Գերեվարվածների թվում 51 ծանր վիրավոր կա։ Ուկրաինայի Գլխավոր շտաբը հայտնել է, որ պաշտպանությունն իրականացնող ստորաբաժանումների հրամանատարներին հրաման է տրվել պահպանել մարտիկների կյանքը։ «Ուկրաինացի հերոսներն Ուկրաինային ողջ են պետք», - ասել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինան փորձելու է «Ազովստալի» պաշտպաններին փոխանակել ռուսաստանցի ռազմագերիների հետ։ Reuters-ը գրում է «Ազով» գնդի մասին, որը շուրջ երկու ամիս պաշտպանում էր Մարիուպոլն ու «Ազովստալը»։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, ըստ ամենայնի, լիակատար վերահսկողության տակ է առնում Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող Մարիուպոլ նավահանգստային քաղաքն ուկրաինական վերջին ուժերի ակնհայտ հանձնվելուց հետո, որոնք պատսպարվում էին հսկայական մետաղագործական գործարանում։   Ինչպե՞ս է ձևավորվել «Ազով» գունդը «Ազով» գունդը ձևավորվել է՝ որպես աշխարհազորի կամավորական բազմաթիվ խմբերից մեկը, որոնք միավորվել էին Մոսկվայի աջակցությունը վայելող ռուսամետ անջատողականների դեմ պայքարելու համար, որոնք 2014 թ-ին ՌԴ կողմից Ղրիմի թերակղզու բռնակցումից հետո Ուկրաինայից անջատված երկու շրջան են կազմել Ուկրաինայի արևելքում։ Մարիուպոլն «Ազով» գնդի հոգևոր հայրենիքն է, այն օգնել է Ուկրաինային 2014 թ-ին վերադարձնել քաղաքը ռուսամետ ուժերի վերահսկողությունից։ Մարիուպոլում էլ գտնվում էր գնդի մշտական տեղակայվան վայրը մինչև 2022 թ-ի ներխուժումը։ Գնդի ձևավորումը կապված է Անդրեյ Բիլեցկու «Ուկրաինայի հայրենասեր» կազմակերպության հետ, որն, ըստ քննադատների, կրում էր ազգայնական, ուկտրաաջ գաղափարներ։ «Ազով» գնդի տարբերանշանը նման է սև «վոլֆսանգելին»՝ խորհրդանիշի, որն օգտագործում էին որոշ նացիստական կազմավորումներ և, որոշ քննադատների կարծիքով, նեոնացիստական է։ «Ազովը» պնդում է, որ տարբերանշանը կազմված է N և I տառերից, որոնք նշանակում են «ազգի գաղափար» (ուկր․՝ Ідея Nації – խմբ․), և հերքում է, որ այն նեոնացիստական է։ Ավելի ուշ «Ուկրաինայի հայրենասերը» վերանվանվեց «Ազգային կորպուսի» և, չնայած մյուս ազգայնական կուսակցությունների հետ կազմած դաշինքին, չկարողացավ հաղթել 2019 թ-ի ընտրություններում։ 2018 թ-ին ԱՄՆ Պետդեպարտամենտն «Ազգային կորպուսն» անվանեց «ատելության ազգայնական խումբ»։ Ուկրաինայում քաղաքական էքստրեմիզմը հետաքննող Reporting Radicalism խումբը, որը գործում է Freedom House-ի հովանու ներքո, պնդում է, որ Բիլեցկին բացահայտ ռասիստական մի քանի տեքստեր է գրել։ Բիլեցկին հերքում է իր մոտ ռասիստական կամ նեոնացիստական հայացքների առկայությունն ու ասում, որ հավատում է արժեքների վրա հիմնված ազգայնականությանը: Միջազգային անվտանգության և համագործակցության ստենֆորդյան կենտրոնը «Ազովը» նկարագրում է՝ որպես «Ուկրաինայում տեղակայված ծայրահեղ աջ ազգայնական ռազմականացված կազմակերպություն»։   «Ազովն»՝ Ազգային գվարդիայի կազմում 2014 թ-ին «Ազով» գունդը ներառվեց Ուկրաինայի Ազգային գվարդիայի կազմում, որը երկրի ներքին գործերի ռազմական թևն է։ Կիևը հայտարարել է, որ գունդը բարեփոխվել է, մի կողմ թողել արմատական ազգայնական արմատներն, ու այն ոչ մի կապ չունի քաղաքականության հետ։ «Նրանք մեր պետության պաշտոնական բանակն են։ Նրանք, ովքեր ցանկանում էին քաղաքականությամբ զբաղվել, գնացել և զբաղվում են քաղաքականությամբ։ Նրանք, ովքեր որոշել են ծառայել Ուկրաինայի Զինված ուժերում, դարձել են Զինված ուժերի մի մասը», - մայիսի 1-ին ասել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունական ERT հեռուստաալիքին տված հարցազրույցում։ CNN-ին տված մեկնաբանությունում նախորդ ամիս «Ազովն» ասել էր, որ «գնահատում և հարգում ենք Անդրեյ Բիլեցկուն՝ որպես գնդի հիմնադիր և առաջին հրամանատար, սակայն ոչ մի կապ չունենք նրա քաղաքական գործունեության և «Ազգային կորպուս» կուսակցության հետ»։ «Ազովը» հերքում է ֆաշիզմի, նացիզմի և ռասիզմի մեղադրանքներն ու նշում, որ գնդում ծառայում են տարբեր ծագման ուկրաինացիներ, այդ թվում՝ հույներ, հրեաներ, Ղրիմի թաթարներ և ռուսներ։ Գնդի ներկայիս և չորրորդ հրամանատարը Դենիս Պրոկոպենկոն է, որին ազգությամբ հրեա Զելենսկին Ուկրաինայի հերոսի կոչում է շնորհել։ Պարզ չէ, թե քանի զինծառայող ունի «Ազով» գունդը, սակայն մեդիայում հանդիպում է 900-2500 մարդ թիվը։   «Ազովի» դերը Մարիուպոլի պաշտպանության գործում «Ազով» գունդն առանցքային դեր է խաղացել 2014 թ-ի հունիսին ռուսամետ ուժերից Մարիուպոլի ազատագրման հարցում։ Այդ տարվա ընթացքում Մարիուպոլը մի քանի անգամ մի կողմից մյուսի վերասհկողության տակ էր անցնում, մինչ Կիևի ուժերը կռվում էին անջատողականների դեմ։ Այս նավահանգստային քաղաքը կենսական կարևորություն ունի Ռուսաստանի համար՝ Ազովի ծովի ափի, ինչպես նաև ռուսամետ տարածքը Ղրիմի հետ կապող ցամաքային կամրջի նկատմամբ լիակատար վերահսկողություն ապահովելու համար։ «Ազովի» մարտիկները դարձել են Մարիուպոլում ռուսական զորքերին ուկրաինական դիմակայության հանրային դեմքը։ Դրա անդամները տեսանյութեր էին հրապարակում Մարիուպոլի մետաղագործական գործարանում ընթացող մարտերի մասին։ Մինչ Ռուսաստանն իր վերահսկողության տակ էր առնում Մարիուպոլի նորանոր շրջաններ, «Ազովի» տեղակայման վայրն ուկրաինական մյուս զորքերի հետ միասին դառնում էր «Ազովստալ» մետաղագործական կոմբինատը, որը Եվրոպայի խոշորագույններից մեկն է։ Ուկրաինայում շատերի համար «Ազովը» մարմնավորում է Ռուսաստանի դեմ մարտնչելու Ուկրաինայի վճռականությունը, որը, Զելենսկու խոսքով, «ձգտում է ոչնչացնել երկիրը»։   Նորա Վանյան  
20:52 - 17 մայիսի, 2022
Կլինի հստակություն, բանակցությունները կշարունակվեն․ Պոդոլյակ

Կլինի հստակություն, բանակցությունները կշարունակվեն․ Պոդոլյակ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հաստատել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները ներկա պահին կասեցված են, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։ Պոդոլյակը մի մի քանի պատճառ է նշել․ «Ռուսաստանը չի ցուցադրում աշխարհում այսօրվա գործընթացների առանցքային ընկալում։ Եվ իր ծայրահեղ բացասական դերի։ Երկրորդ հերթին՝ Ռուսաստանը չի հասկանում, որ ցանկացած դեպքում պատերազմն արդեն չի ընթանում՝ ՌԴ կանոնների, ժամանակացույցի կամ պլանների համաձայն։ Ուկրաինայի դիմադրությունը և պրոֆեսիոնալ դիմադրությունը միայն աճում է։ Այդ պատճառով էլ ՌԴ-ն իր ոչ մի նպատակի չի հասնելու»։ Որպես երրորդ պատճառ Պոդոլյակը նշել է այն, որ Ռուսաստանում քաղաքական էլիտան «վախենում է ճշմարտությունն ասել»։ Մասնավորապես, այն, որ այժմ պատերազմից պետք է դուրս գալ «բոլորովին այլ պայմաններով, քան սկզբում էր»։ Այդ պատճառով էլ, ըստ Պոդոլյակի, Ռուսաստանը նախընտրում է շարունակել բանակցությունները՝ «որպես իր քարոզչության մի տարր՝ միայն ներքին սպառման համար»։ «Այսօր ընդհանրապես խոսք չի գնում բանակցային գործընթացից ուկրաինական պատվիրակության «դուրս գալու կամ դուրս չգալու» մասին, խոսքը միայն նպատակահարմարության և հստակության մասին է այս փուլում։ Կլինի հստակություն, քաղաքական բանակցությունները կշարունակվեն», - ասել է նա։ Այսօր ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ բանակցությունները դադարեցվել են, քանի որ «Ուկրաինան գործնականում դուրս է եկել բանակցային գործընթացից»։   Նորա Վանյան  
16:38 - 17 մայիսի, 2022
Գերմանիայի ֆինանսների նախարարը պատրաստ է քննարկել ՌԴ Կենտրոնական բանկի օտարերկրյա ակտիվների առգրավման գաղափարը

Գերմանիայի ֆինանսների նախարարը պատրաստ է քննարկել ՌԴ Կենտրոնական բանկի օտարերկրյա ակտիվների առգրավման գաղափարը

Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները պատրաստ է քննարկել Ռուսաստանի պետական ակտիվների առգրավման և դրանք Ուկրաինայի վերականգնմանն ուղղելու գաղափարը։ Այս մասին նա ասել է գերմանական Handelsblatt և եվրոպական ևս երեք թերթերին տված հարցազրույցում, գրում է Reuters-ը։ «Քաղաքական առումով ես բաց եմ Ռուսաստանի Կենտրոնական բանկի օտարերկրյա ակտիվների առգրավման գաղափարի համար», - ասել է Լինդները՝ հավելելով, որ այս առաջարկներն արդեն քննարկվում են G7-ի և Եվրամիության շրջանակում։ «Մասնավոր ակտիվների դեպքում մենք պետք է հասկանանք, թե օրինական դաշտում ինչ է հնարավոր անել։ Մենք պետք է հարգենք օրենքի գերակայությունը, նույնիսկ երբ գործ ունենք ռուսաստանցի օլիգարխների հետ», - ասել է նախարարը։   Նորա Վանյան  
15:54 - 17 մայիսի, 2022
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու նախագծին

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու նախագծին

Այսօր Ազգային ժողովի Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովը  դրական եզրակացություն տվեց ՔՊ խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի և Լիլիթ Մինասյանի՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծին։  Նախագծով, հիշեցնենք, առաջարկվում էր  պետական մարմիններին հնարավորություն տալ  դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, եթե վերջինս խախտել է աշխատանքային գոտում գործող կանոնները։  Նախգծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը հանձնաժողովի նիստում տեղեկացրեց, որ նախագիծը քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Արդարադատության նախարարության գործընկերների հետ։  «Նախագծի փոփոխվող հոդվածները ստացել են հետևյալ տեսքը․ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնող դիմումով կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից։ Ընդ որում, լրագրողի հավատարմագրած մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցվել միայն եթե հավատարմագրման դադարեցման մասին լրատվամիջոցը նախազգուշացվել է և մեկ տարվա ընթացքում լրագրողը կրկին խախտել է սույն 6-րդ հոդվածով նախատեսված կանոնները, այն է՝ աշխատակարգի կանոնները»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը։ Պատգամավորը պարզաբանեց՝ լրագրողի խախտման դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կնախազգուշացվի պետական մարմնի կողմից, ինչից հետո եթե լրատվամիջոցի կողմից որևէ գործողություն չիրականացվի,  մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ  խախտումը կրկնելու դեպքում  պետական մարմինը կդադարեցնի հավատարմագրումը։  Հովհաննիսյանն ընդգծեց՝ գործնականում լրատվական գործունեություն իրականացնողը չի զրկվելու պետական մարմնում ներկայացված լինելու հնարավորությունից, այսինքն՝ որևէ իրավունք այս իմաստով չի խախտվում։  Հանձնաժողովը նաև դիմեց Ազգային ժողովին՝  նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը  առաջին ընթերցմամբ քննարկումից հետո՝ 24 ժամվա ընթացքում կազմակերպելու համար։
15:54 - 17 մայիսի, 2022
Դիվանագիտական կարգավորումը հնարավոր է միայն ՌԴ զորքերի դուրսբերումից հետո․ Շոլցն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Դիվանագիտական կարգավորումը հնարավոր է միայն ՌԴ զորքերի դուրսբերումից հետո․ Շոլցն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսով քննարկել են ռազմական և հումանիտար իրավիճակն Ուկրաինայում։ «Նրանք եզրակացության են եկել, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների միջոցով հակամարտության դիվանագիտական կարգավորումը կպահանջի Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում և ռուսական զորքերի դուրսբերում Ուկրաինայից», - DW-ի փոխանցմամբ՝ ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը։ Վլադիմիր Զելենսկին Շոլցի հետ բանակցություններն «արդյունավետ» է անվանել։ «Քննարկել ենք իրավիճակը ճակատում, ՌԴ վրա գործադրվող ճնշումը շարունակելու հարցը, պատժամիջոցների խստացումը, խաղաղության հասնելու հեռանկարները։ Գնահատում ենք Գերմանիայի աջակցությունն, այդ թվում՝ պաշտպանական։ Հույսեր ենք կապում ԵՄ-ին Ուկրաինայի լիիրավ անդամակցության ճանապարհին Գերմանիայի հետագա աջակցության հետ», - գրել է Ուկրաինայի նախագահը Թվիթերում։   Նորա Վանյան
15:14 - 17 մայիսի, 2022
Ուկրաինայի հետ բանակցությունները դադարեցվել են․ Ռուսաստանի ԱԳՆ

Ուկրաինայի հետ բանակցությունները դադարեցվել են․ Ռուսաստանի ԱԳՆ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները դադարեցվել են։ «Ոչ, բանակցությունները չեն շարունակվում։ Ուկրաինան գործնականում դուրս է եկել բանակցային գործընթացից», - ասել է նա լրագրողներին։ Ռուդենկոն հավելել է, որ բանակցությունները «ոչ մի ձևով» չեն ընթանում, գրում է «Կոմերսանտը»։ Ուկրաինայի հետ բանակցություններում առաջացած խնդիրների մասին առաջին անգամ հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ապրիլի կեսերին։ Այն ժամանակ նա հայտարարել էր, որ Կրեմլը դժգոհ է ուկրաինական կողմից՝ բանակցություններում դիրքորոշման հաճախակի փոփոխման պատճառով։ Մայիսի 4-ին Պեսկովը հայտարարել էր, որ բանակցություններում «հազիվ թե կարելի է որևէ զարգացում արձանագրել, ավելի շուտ՝ ընդհակառակը»։ Մայիսի 13-ին Կրեմլը հաղորդել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ բանակցություններն «ըստ էության, արգելափակվել են Կիևի կողմից»։ Ավելի վաղ Ուկրաինան էր Ռուսաստանին մեղադրել բանակցություններ վարելուց հրաժարվելու համար։ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ «Ռուսաստանն իրական և բովանդակալից բանակցություններ վարելու պատրաստակամություն չի դրսևորում»։ Նորա Վանյան
14:58 - 17 մայիսի, 2022
Սեռը փոխելու համար բժշկական միջամտությունն օրինական դարձնելու օրենքի նախագիծ գոյություն չունի

Սեռը փոխելու համար բժշկական միջամտությունն օրինական դարձնելու օրենքի նախագիծ գոյություն չունի

Ընդդիմության՝ մայիսի 15-ի հանրահավաքի ընթացքում Սերժ Սրապիոնյանն իր ելույթում հայտարարեց, թե մի նախագիծ է շրջանառվում, ըստ որի, իբր, մարդը կարող է որոշել իր սեռը փոխել, և պետությունն այդ վիրահատության համար նրան տրամադրելու է 25 հազար դոլար․ «Արդեն քանի օր մամուլում շրջանառվում է մի լուր, թե պատրաստված է նախագիծ սեռափոխության մասին, որտեղ թույլ են տալու, որ նույնասեռ մարդիկ ամուսնան, և դա գրանցվելու է պետականորեն գրանցման սեղաններում։ Թույլ են տալու, որ մարդը որոշի իր սեռը փոխել, և պետությունը այդ վիրահատության համար տալու է 25 հազար դոլար, որպեսզի մարդը փոխի իր սեռը։ Թույլ են տալու, որ այդ մարդը այդ դեղերը ընդունի և ստանա 2 մլն դրամ դրա համար»։ Նրա ելույթը տարածել են 24․news.am, mediahub.am, bavnews.am, zham.am և այլ կայքեր (արխիվացված հղումներ՝ 1, 2, 3, 4)։ Սերժ Սրապիոնյանի տեղեկության աղբյուրը yerevan.today կայքն է։ Սակայն կայքի տարածած տեղեկությունները պաշտոնապես հերքվել են։ Այսպիսով, կայքը մայիսի 11-ին գրել է․ «Yerevan.Today-ի ձեռքի տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որում հստակ, սևով սպիտակի վրա գրված է՝ ՀՀ Կառավարությանն առաջարկվում է  նույնասեռական տղամարկանց առնվազն երեք ոլորտներում արտոնել նոր իրավունքներով՝ ընդհուպ սեռափոխության անվճար վիրահատություն, հետևաբար ամուսնության և նույնասեռականներին զագսավորելու փաստաթղթային խնդիրները լուծել» (արխիվացված հղումը)։ Ըստ Yerevan.Today-ի տեղեկությունների՝ փետրվար-մարտ ամիսներից Արդարադատության նախարարության, Առողջապահության նախարարության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ պետական համակարգի ներքին օղակներում փակ քննարկվում է Հայաստանում սեռը փոխելու բժշկական միջամտությունը օրինական դարձնելու օրենքի նախագիծ․ «Նույն օրենքով հեղինակները նախատեսում են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչին աղջիկ կամ տղա դառնալու վիրահատությունն իրականացնել լրիվ անվճար սկզբունքով՝ պետպատվերի շրջանակներում»: Ինչպես տեսնում ենք, Yerevan.Today-ի հրապարակման մեջ ոչինչ չկա «25 հազար դոլար վճարելու» մասին, չնայած Սերժ Սրապիոնյանն իր ելույթում նշում է այդ թիվը։ Առողջապահության նախարարությունը դեռ մայիսի 12-ին հերքել էր լուրը, թե Արդարադատության, Առողջապահության նախարարությունների և ՄԻՊ գրասենյակի հետ «փակ քննարկվում է Հայաստանում տրանսգենդերների համար սեռը փոխելու բժշկական միջամտությունը օրինական դարձնելու օրենքի նախագիծը»։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրանսենյակից հայտնել են, որ գրասենյակը նման որևէ նախագծի կամ նախաձեռնության քննարկմանը ներգրավված չէ։ Արդարադատության նախարարի խոսնակն էլ, մեկնաբանելով նախագծի մասին տեղեկությունը, նշեց, որ այն «բացարձակ սուտ է»։ Այսպիսով, լրատվամիջոցները տարածում են Սերժ Սրապիոնյանի հայտարարությունը՝ հիմնված Yerevan.Today-ի հրապարակման վրա, որը պաշտոնապես հերքում են Առողջապահության և Արդարադատության նախարարություններն ու ՄԻՊ գրասենյակը։ Աննա Սահակյան
13:24 - 17 մայիսի, 2022
ԱԺ նիստերին չմասնակցելու վերաբերյալ որևէ քաղաքական հայտարարություն չի արվել․ Վարդանյանը՝ ընդդիմադիրների բացակայության մասին

ԱԺ նիստերին չմասնակցելու վերաբերյալ որևէ քաղաքական հայտարարություն չի արվել․ Վարդանյանը՝ ընդդիմադիրների բացակայության մասին

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների՝ նիստերին չմասնակցելու հարցին։  «Եթե որևիցե հիմնարկի որևիցե աշխատակից երկար ժամանակ բացակայի առանց հարգելի պատճառի, առանց հայտարարելու, թե ինչ է տեղի ունենում, անմիջապես այդ անձը կենթարկվի պատասխանատվության։ Տվյալ պարագայում, կարծես թե, թաքնվելով անձեռնմխելիության և որոշակի խորհրդարանական արտոնությունների ետևում, մենք ունենք նման գործընթաց»։  Վարդանյանի խոսքով՝ չի էլ հայտարարվել բոյկոտ, Ազգային ժողովի նիստի, նստաշրջանի կամ հանձնաժողովի նիստերի աշխատանքներին չմասնակցելու վերաբերյալ որևէ քաղաքական հայտարարություն չի արվել․ «Որպեսզի հասկանանք, որ մենք գործ ունենք, ըստ էության, ոչ թե պարզապես «դասից փախնելու», այլ ինչ-որ քաղաքական դիրքորոշման հետ։ Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ մենք գործ ունենք քաղաքական մարմնի հետ, և պետք է հարգենք ոչ այնքան մեր գործընկերներին՝ դիմադիր կամ ընդդիմադիր, այլ նաև այն քաղաքացիներին, ովքեր իրենց քվեն են փոխանցել այդ անձանց, մենք որոշակի ըմբռնումով ենք մոտենում, բայց այդ ըմբռնումը համատեղելի պետք է լինի և իրավունքի գերակայության և իրավական պետության կոնցեպտի հետ և մենք ի վերջո պետք է հանրային հաշվետվողականություն ներկայացնենք մեր գործունեության վերաբերյալ»։ Հիշեցնենք՝ այսօր առավոտից «Դիմադրություն» շարժման անդամները վերսկսել են անհնազանդության ակցիաները։ Ակցիաներին մասնակցում են նաև Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։
12:04 - 17 մայիսի, 2022
Ցուցարարների պնդմամբ՝ ոստիկանները տարեց կնոջ ձեռքն են վնասել

Ցուցարարների պնդմամբ՝ ոստիկանները տարեց կնոջ ձեռքն են վնասել

«Դիմադրություն» շարժման անդամները ակցիա են իրականացնում Կիևյան-Օրբելի խաչմերուկում, որին մասնակցում է նաև Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։ Ակցիայի ընթացքում միջադեպ տեղի ունեցավ։ Ցուցարարների պնդմամբ՝ ոստիկանները վնասել էին տարեց կնոջ ձեռքը։ Հայկ Մամիջանյանը Infocom-ին հայտնեց, որ իրենք խաղաղ ակցիա էին իրականացնում և փորձում էին կանաչ լույսի տակ փողոցն անցնել, բայց ոստիկանները տարեց կնոջ ձեռքն են վնասել: Վերջինս պատմեց նաև, որ ոստիկաններից մեկը հրել է իրեն, երբ փորձում էր չթողնել, որ նրանք մի երիտասարդի քաշքշեին: Ոստիկանները չմեկնաբանեցին տեղի ունեցածը։ Քիչ հետո տարեց կնոջը օգնություն ցույց տալու նպատակով խաչմերուկ ժամանեց Շտապօգնությունը, որի աշխատակիցը հայտնեց, որ կնոջ թևը հավանաբար դուրս է ընկել․ պետք է ռենտգեն հետազոտություն իրականացնեն։
09:49 - 17 մայիսի, 2022
Թուրքիան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը․ Էրդողան

Թուրքիան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը․ Էրդողան

Թուրքիան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Անկարայում Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Անկարան չի համաձայնի Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալուն ՆԱՏՕ-ին այն բանից հետո, երբ երկու երկրները հրաժարվեցին կատարել հանրապետության խնդրանքը՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող անձանց արտահանձնման վերաբերյալ: Նա Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակություններին խորհուրդ է տվել իրենց նեղություն չտալ՝ մեկնելով Թուրքիա՝ համոզելու Անկարային ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։ «Երկուշաբթի օրը նրանց պատվիրակությունները գալու են Թուրքիա։ Գալիս են մեզ համոզելու՞․ կներեք, թող իրենց նեղություն չտան։ Անվտանգության երաշխիք հանդիսացող ՆԱՏՕ-ին անդամակցությանը մենք «այո» չենք ասի, որովհետև այդ ժամանակ ՆԱՏՕ-ն կդադարի լինել անվտանգության կազմակերպություն և կդառնա մի վայր, որտեղ կլինեն ահաբեկիչների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Թուրքիան «այո» չի ասելու այն երկրների անդամակցությանը, որոնք պատժամիջոցներ են կիրառում մեր երկրի նկատմամբ»։ Էրդողանը նշել է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան հստակ և միանշանակ վերաբերմունք չունեն ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ և անգամ  Ֆինլանդիայի և Շվեդիայի խորհրդարանականների մեջ կան «ահաբեկչության կողմնակիցներ»։  
21:54 - 16 մայիսի, 2022
Ռուսաստանը խնդիր չունի՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հետ կապված․ Պուտին

Ռուսաստանը խնդիր չունի՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հետ կապված․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ, հաշվի առնելով Ֆինլանդիայի կամ Շվեդիայի հետ ՌԴ հարաբերություններում խնդիրների բացակայությունը, Հյուսիսատլանտյան դաշինքին այս երկրների անդամակցությունը Ռուսաստանի համար անմիջական սպառնալիք չի ներկայացնում, գրում է «Կոմերսանտը»։ «Ինչ վերաբերում է [ՆԱՏՕ-ի] ընդլայնմանն, այդ թվում՝ դաշինքի նոր անդամների՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի հաշվին, կցանկանայի տեղեկացնել, որ Ռուսաստանն այս պետությունների հետ խնդիր չունի», - ասել է Պուտինը ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովի ժամանակ։ ՌԴ նախագահը հավելել է, որ ռազմական ենթակառուցվածքի ընդլայնմանը Ռուսաստանի անխուսափելի արձագանքը կախված է «այն սպառնալիքներից, որոնք մեզ համար կստեղծվեն»՝ մեկնաբանելով, որ «խնդիրը ստեղծվում է դատարկ տեղը»։ Պուտինը նաև հայտարարել է, որ, իր կարծիքով, ՆԱՏՕ-ն դուրս է գալիս «իր աշխարհագրական նշանակությունից» և «ոչ այնքան լավ ձևով» է փորձում ներգրավվել միջազգային հարցերի լուծմանը։   Նորա Վանյան
18:00 - 16 մայիսի, 2022
«McDonald’s»-ը հեռանում է Ռուսաստանից 32 տարվա աշխատանքից հետո

«McDonald’s»-ը հեռանում է Ռուսաստանից 32 տարվա աշխատանքից հետո

«McDonald’s» արագ սննդի ռեստորանների ցանցը հայտարարել է, որ հեռանում է Ռուսաստանից և վաճառում իր բիզնեսը երկրում, գրում է Meduza-ն։ Ռուսական շուկան վերջնականապես լքելու իր որոշումն ընկերությունը բացատրել է ուկրաինական պատերազմի առաջացրած մարդասիրական ճգնաժամով, ինչպես նաև նրանով, որ Ռուսաստանում բիզնեսը պահպանելն «արդեն աննպատակահարմար է և չի համապատասխանում «McDonald’s»-ի արժեքներին»։ Ակնկալվում է, որ ռուսական շուկայից հեռանալու հետևանքով ընկերության կրած վնասները կարող են հասնել 1,2-1,4 մլրդ դոլարի։ Ցանցը կպահպանի Ռուսաստանում իր ապրանքանիշի նկատմամբ իրավունքն, իսկ ռեստորանները, որոնք կբացվեն «McDonald’s»-ի փոխարեն, չեն կարողանա օգտագործել նրա անվանումը, տարբերանշանը և ճաշացանկը։ Ռեստորանների ցանցի գնորդը դեռևս հայտնի չէ։ Ընկերությունը խոստացել է աշխատակիցների աշխատավարձերը վճարել մինչև այն պահը, երբ վաճառքն ավարտվի։ Իսկ ՏԱՍՍ-ի տվյալներով՝ «McDonald’s»-ը պլանավորում է հունիսին վերսկսել աշխատանքը Ռուսաստանում՝ նոր բրենդով։ ««McDonaldʼs»-ը Ռուսաստան կվերադառնա նոր բրենդի ներքո։ Ռեստորանների ցանցն ու ճաշացանկն, ինչպես նաև աշխատատեղերը կպահպանվեն։ Մատակարարների 90%-ը ռուսական են, նրանց հետ համագործակցությունը կպահպանվի։ Փաստացի, կհեռանա միայն անվանումը», — ասել է ՏԱՍՍ-ի աղբյուրն ընկերությունում։ Այս տարվա մարտին «McDonaldʼs»-ը հայտարարել էր Ռուսաստանի տարածքում իր 850 ռեստորանների փակման մասին՝ ուկրաինական պատերազմի ֆոնին։ Ինչպես նշում է The New York Times-ը, ընկերությունը Ռուսաստանում աշխատել է 32 տարի։ Ցանցի առաջին ռեստորանը բացվել էր Մոսկվայում 1990 թ-ին։   Նորա Վանյան
17:22 - 16 մայիսի, 2022
Լիտվայի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Լիտվայի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան մայիսի 18-20-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Լիտվայի նախագահի մամուլի ծառայությունը։ Մայիսի 18-ին Բաքվում Նաուսեդան կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ «քննարկելու երկկողմ համագործակցությունն էներգետիկայի և էկոնոմիկայի ոլորտներում, Կովկասյան տարածաշրջանում անվտանգության հետ կապված իրավիճակն ու համագործակցությունն Ադրբեջանի և Եվրամիության միջև»։ Մայիսի 19-20-ը Լիտվայի նախագահը հանդիպում կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ։ «Հանդիպումների ընթացքում կքննարկվի անվտանգության հետ կապված իրավիճակը Կովկասյան տարածաշրջանում, ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում, ԵՄ-Հայաստան համագործակցությունն Արևելյան գործընկերության ձևաչափում, ինչպես նաև Լիտվա-Հայաստան երկկողմ հարաբերությունները», - ասված է հաղորդագրությունում։ Նշվում է նաև, որ Լիտվայի նախագահը կհանդիպի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, տեղի լիտվական համայնքի ներկայացուցիչների հետ և կայցելի Ծիծեռնակաբերդ։   Նորա Վանյան
16:33 - 16 մայիսի, 2022