Ինֆոքոմ

Պեսկովն «Ազովստալից» զինվորականների դուրսբերումը չի կապում Ուկրաինայի հետ բանակցությունների վերսկսման հետ

Պեսկովն «Ազովստալից» զինվորականների դուրսբերումը չի կապում Ուկրաինայի հետ բանակցությունների վերսկսման հետ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ուկրաինական Մարիուպոլ քաղաքի «Ազովստալ» գործարանում գտնվող ուկրաինացի զինվորականները վայր են դնում զենքն ու հանձնվում են։ Նա հերքել է այն, որ զինվորականներին տարհանում են, և կարծում է, որ նրանց դուրս բերելու գործընթացը կապված չէ Ուկրաինայի հետ բանակցությունների վերսկսման հետ, հայտնում է «Կոմերսանտը»։ Երեկ Մոսկվան ու Կիևը հայտարարել են, որ բանակցությունները կասեցված են։ Ռուսաստանը պնդում է, որ «Ազովստալի» ուկրաինացի զինվորականները գերի են հանձնվում։ Ուկրաինան դա անվանում է զինվորականներին դուրս բերելու հումանիտար գործողություն, Կիևը հետագայում ուզում է նրանց փոխանակել ռուսաստանցի ռազմագերիների հետ։ Այս առնչությամբ Պեսկովն այսօր ասել է, որ «մեկնաբանությունը կարող է միայն միանշանակ լինել»։ «Նրանք, ովքեր [այնտեղ] թաքնվում էին, այն զինվորականները, որոնք թաքնվում էին «Ազովստալի» տարածքում, զենքը վայր են դնում և հանձնվում են», - կարծում է նա։ Պեսկովը նաև հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն «իրոք առաջ չեն շարժվում»։ «Չեմ կարծում, որ դրանք մեծապես փոխկապակցված գործընթացներ են (բանակցություններն ու «Ազովստալից» զինվորականներին դուրս բերելը – խմբ․)․․․ Մենք իրոք արձանագրում ենք այս գործընթացը շարունակելու ցանկության լիակատար բացակայություն ուկրաինացի բանակցողների մոտ», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ ՌԴ ՊՆ տվյալներով՝ արդեն «գերի է հանձնվել Ուկրաինայի և «Ազով» ստորաբաժանման» 959 զինծառայող։ ՌԴ Քննչական կոմիտեն մտադիր է նրանց հարցաքննել։ Ռուսաստանի Պետդումայում քննարկում են ռուսաստանցի գերիների հետ «Ազովի» անդամների փոխանակման արգելքի հարցը, իսկ ստորաբաժանումն ուզում են ահաբեկչական կազմակերպություն ճանաչել։   Նորա Վանյան
15:05 - 18 մայիսի, 2022
Բելառուսում կարող են մահապատժի ենթարկել ահաբեկչական գործողությունների կատարման փորձի համար

Բելառուսում կարող են մահապատժի ենթարկել ահաբեկչական գործողությունների կատարման փորձի համար

Բելառուսի Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որը մահապատիժ է նախատեսում ահաբեկչական գործողությունների կատարման փորձի համար, ստորագրել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ օրինագիծն ընդունել էր Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատը (ներքին պալատ) և հաստատել էր Հանրապետության խորհուրդը (վերին պալատ)։ Քրեական օրենսգրքում ներառված փոփոխությունների համաձայն՝ մահապատիժ է նախատեսվում միջազգային բարդություններ կամ պատերազմ սադրելու նպատակով օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչի նկատմամբ մահափորձի նախապատրաստման, ինչպես նաև միջազգային ահաբեկչական գործողության կամ ատոմային էներգիայի կիրառմամբ, ռադիոակտիվ նյութերի կամ միջուկային նյութերի, քիմիական կամ կենսաբանական նյութերի կիրառմամբ ահաբեկաչական գործողությունների կատարման փորձի նախապատրաստման համար։ Մահապատիժ կարող է կիրառվել նաև պետական կամ հասարակական գործչի նկատմամբ մահափորձի նախապատրաստման համար՝ նրա պետական կամ հասարակական գործունեության առնչությամբ՝ իշխանական մարմինների որոշումների կայացման վրա ազդելու կամ բնաչությանն ահաբեկելու նպատակով։ Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման պահից 10 օր անց։   Նորա Վանյան
14:46 - 18 մայիսի, 2022
Ոստիկանությունը ստանալու է հավելավճար՝ պայմանավորված այս օրերին գերլարված ծառայություն  իրականացնելով․ Ֆիդանյան

Ոստիկանությունը ստանալու է հավելավճար՝ պայմանավորված այս օրերին գերլարված ծառայություն իրականացնելով․ Ֆիդանյան

Փոխոստիկանապաետ Արա Ֆիդանյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Դիմադրություն»  շարժման անհանազանդության ակցիաների ընթացքում ոստիկանության գործողություններին․ «Որևէ ոստիկան անտեղի չի հարվածի և որևէ ոստիկան անտեղի տեղը ծայրահեղ միջոցի չի դիմի։ Բերման ենթարկելը իրենից ենթադրում է որոշակի ուժի կիրառում, և մեր համաքաղաքացիները ամեն կերպ փորձում են և դիմադրում են ոստիկանությանը, և հնարավոր են դեպքեր, արձանագրել ենք որոշ դեպքեր, պետք է փաստեմ, որ դրանք հատուկենտ են, աղաղակվում և բարձրաձայնվում է, որ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում, դա այդպես չէ, բացառիկ դեպքեր են» ։ Նա նաև նշեց, որ ոստիկանությունում ծառայողական քննություններ են իրականացվում․  «Եթե չեմ սխալվում, այս պահի դրությամբ ոստիկանությունում 31 ծառայողական քննություն է իրականացվում, ոչ միայն անհամաչափ ուժ կիրառելու հետ կապված, այլ առհասարակ ոստիկանության տարբեր ծառայողների կողմից որոշ գործողությունների առնչությամբ։ 20 դեպքերով նախապատարստավում են նյութեր, և 2 քրեական գործ  արդեն իսկ հարուցված է ոստիկանության գործողությունների առնչությամբ, ասաց նա՝ նշելով, որ այս ողջ ժամանակահատվածում ոստիկանությունը գործել է լիարժեք բարձր պրոֆեսիոնալիզմով և ցուցաբերել է բացարձակ գրագետ ծառայություն»։  Ֆիդանյանը տարրական մանիպուլյացիա համարեց լուրերը, ըստ որոնց մեծ թվով ոստիկաններ այս օրերին լքում են համակարգը․  «Հրապարակվեցին անուններ, որոնք վաղուց լքել էին ոստիկանության շարքերը։ Ոստիկանությունից դուրս եկող անձիք կան, ոչ ոք չի թաքցնում, դա մշտական պրոցես է։ Տարվա մեջ մենք ունենալու ենք ավելի շատ ոստիկանությունից դուրս եկած անձիք, քան նախորդ տարի։ Բայց կան դրա պատճառները։ Ձևավորվել է Հակակոռուպցիոն կոմիտե, և ոստիկանության որոշ աշխատակիցներ տեղափոխվում են այդ ծառայություն։ Նոր քրեադատավարական օրենսգիրք է ուժի մեջ մտնելու և հետաքննությունը որպես այդպիսին վերանալու է,  ոստիկանության որոշ աշխատակիցներ իրենց ծառայությունը շարունակելու են Քննչական կոմիտեում»։  Փոխոստիկանապետը անդրադարձավ նաև լուրերին, ըստ որոնց ոստիկանները պարգևավճարներ են ստանալու ցուցարաների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար, Ֆիդանյանը նշեց․ «Դրանք տարրական ստեր են։ Ոստիկանությունը ստանալու է հավելավճար և դա պայմանավորված է բացառապես այն հանգամանքով, որ այս օրերին, մոտավորապես 20 օր ոստիկանությունը գերլարված ծառայություն է իրականացնում։ Համաձայն իրավակարգավորումների՝  հավելյալ վարձատրություն, գիշերային ժամերի, աշխատանքից դուրս ժամերի համար ոստիկանության աշխատողները չեն ստանում։ Այս դեպքում ոստիկանությունը պետք է կարողանա ֆինանսապես ապահովել իր աշխատողներին»։
12:20 - 18 մայիսի, 2022
Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ հանձնաժողովի նիստից Աննա Գրիգորյանի բացակայությանը

Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ հանձնաժողովի նիստից Աննա Գրիգորյանի բացակայությանը

Այսօր՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ՔՊ խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ նույն հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի բացակայությանը։  «Ես երեկ հետևում էի Երևանում կատարվող իրադարձություններին և նկատեցի, որ մեր նոր գործընկերը, այդպես էլ բախտ չի վիճակվել նրան հանդիպելու, խոսքը Աննա Գրիգորյանի մասին է, որը փոխարինել է պարոն Արթուր Ղազինյանին, ելույթով էր հանդես գալիս և դիմում էր Ներքին Հանդի Հասմիկին, որ Սյունիքը վտանգված է, Երևանից էր դիմում։ Եթե տիկին Գրիգորյանը այդպես էլ չներկայանա, որպեսզի մենք հաստատենք նրա ներկայությունը, կդիմեմ Ներքին Հանդի Հասմիկին, որպեսզի խնդրեմ, որ Աննա Գրիգորյանին դիմի, որպեսզի նա ավելի շատ մասնակցի մեր աշխատանքներին, որտեղ քննարկվում են մեր երկրի անվտանգությանը վերաբերող հարցեր։ Մեր երկրում անվտանգության հարցերի հարթակ է համարվում նաև մեր հանձնաժողովը և այստեղ քննարկվող խնդիրները, նաև Սյունիքին վերաբերող, ուղերձս մնում է ուժի մեջ»։ Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումը շարունակում է անհնազանդության ակցիաները, որոնց մասնակցում են նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։
11:27 - 18 մայիսի, 2022
Մարիուպոլի վերջին պաշտպանները․ ի՞նչ է ուկրաինական «Ազով» գունդը․ Reuters

Մարիուպոլի վերջին պաշտպանները․ ի՞նչ է ուկրաինական «Ազով» գունդը․ Reuters

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Մարիուպոլում հանձնվել է 265 ուկրաինացի զինվորական, որոնք պաշտպանում էին «Ազովստալ» գործարանը՝ ռուսական բանակի կողմից գրավված քաղաքի դիմադրության վերջին օջախը։ Գերեվարվածների թվում 51 ծանր վիրավոր կա։ Ուկրաինայի Գլխավոր շտաբը հայտնել է, որ պաշտպանությունն իրականացնող ստորաբաժանումների հրամանատարներին հրաման է տրվել պահպանել մարտիկների կյանքը։ «Ուկրաինացի հերոսներն Ուկրաինային ողջ են պետք», - ասել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինան փորձելու է «Ազովստալի» պաշտպաններին փոխանակել ռուսաստանցի ռազմագերիների հետ։ Reuters-ը գրում է «Ազով» գնդի մասին, որը շուրջ երկու ամիս պաշտպանում էր Մարիուպոլն ու «Ազովստալը»։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, ըստ ամենայնի, լիակատար վերահսկողության տակ է առնում Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող Մարիուպոլ նավահանգստային քաղաքն ուկրաինական վերջին ուժերի ակնհայտ հանձնվելուց հետո, որոնք պատսպարվում էին հսկայական մետաղագործական գործարանում։   Ինչպե՞ս է ձևավորվել «Ազով» գունդը «Ազով» գունդը ձևավորվել է՝ որպես աշխարհազորի կամավորական բազմաթիվ խմբերից մեկը, որոնք միավորվել էին Մոսկվայի աջակցությունը վայելող ռուսամետ անջատողականների դեմ պայքարելու համար, որոնք 2014 թ-ին ՌԴ կողմից Ղրիմի թերակղզու բռնակցումից հետո Ուկրաինայից անջատված երկու շրջան են կազմել Ուկրաինայի արևելքում։ Մարիուպոլն «Ազով» գնդի հոգևոր հայրենիքն է, այն օգնել է Ուկրաինային 2014 թ-ին վերադարձնել քաղաքը ռուսամետ ուժերի վերահսկողությունից։ Մարիուպոլում էլ գտնվում էր գնդի մշտական տեղակայվան վայրը մինչև 2022 թ-ի ներխուժումը։ Գնդի ձևավորումը կապված է Անդրեյ Բիլեցկու «Ուկրաինայի հայրենասեր» կազմակերպության հետ, որն, ըստ քննադատների, կրում էր ազգայնական, ուկտրաաջ գաղափարներ։ «Ազով» գնդի տարբերանշանը նման է սև «վոլֆսանգելին»՝ խորհրդանիշի, որն օգտագործում էին որոշ նացիստական կազմավորումներ և, որոշ քննադատների կարծիքով, նեոնացիստական է։ «Ազովը» պնդում է, որ տարբերանշանը կազմված է N և I տառերից, որոնք նշանակում են «ազգի գաղափար» (ուկր․՝ Ідея Nації – խմբ․), և հերքում է, որ այն նեոնացիստական է։ Ավելի ուշ «Ուկրաինայի հայրենասերը» վերանվանվեց «Ազգային կորպուսի» և, չնայած մյուս ազգայնական կուսակցությունների հետ կազմած դաշինքին, չկարողացավ հաղթել 2019 թ-ի ընտրություններում։ 2018 թ-ին ԱՄՆ Պետդեպարտամենտն «Ազգային կորպուսն» անվանեց «ատելության ազգայնական խումբ»։ Ուկրաինայում քաղաքական էքստրեմիզմը հետաքննող Reporting Radicalism խումբը, որը գործում է Freedom House-ի հովանու ներքո, պնդում է, որ Բիլեցկին բացահայտ ռասիստական մի քանի տեքստեր է գրել։ Բիլեցկին հերքում է իր մոտ ռասիստական կամ նեոնացիստական հայացքների առկայությունն ու ասում, որ հավատում է արժեքների վրա հիմնված ազգայնականությանը: Միջազգային անվտանգության և համագործակցության ստենֆորդյան կենտրոնը «Ազովը» նկարագրում է՝ որպես «Ուկրաինայում տեղակայված ծայրահեղ աջ ազգայնական ռազմականացված կազմակերպություն»։   «Ազովն»՝ Ազգային գվարդիայի կազմում 2014 թ-ին «Ազով» գունդը ներառվեց Ուկրաինայի Ազգային գվարդիայի կազմում, որը երկրի ներքին գործերի ռազմական թևն է։ Կիևը հայտարարել է, որ գունդը բարեփոխվել է, մի կողմ թողել արմատական ազգայնական արմատներն, ու այն ոչ մի կապ չունի քաղաքականության հետ։ «Նրանք մեր պետության պաշտոնական բանակն են։ Նրանք, ովքեր ցանկանում էին քաղաքականությամբ զբաղվել, գնացել և զբաղվում են քաղաքականությամբ։ Նրանք, ովքեր որոշել են ծառայել Ուկրաինայի Զինված ուժերում, դարձել են Զինված ուժերի մի մասը», - մայիսի 1-ին ասել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունական ERT հեռուստաալիքին տված հարցազրույցում։ CNN-ին տված մեկնաբանությունում նախորդ ամիս «Ազովն» ասել էր, որ «գնահատում և հարգում ենք Անդրեյ Բիլեցկուն՝ որպես գնդի հիմնադիր և առաջին հրամանատար, սակայն ոչ մի կապ չունենք նրա քաղաքական գործունեության և «Ազգային կորպուս» կուսակցության հետ»։ «Ազովը» հերքում է ֆաշիզմի, նացիզմի և ռասիզմի մեղադրանքներն ու նշում, որ գնդում ծառայում են տարբեր ծագման ուկրաինացիներ, այդ թվում՝ հույներ, հրեաներ, Ղրիմի թաթարներ և ռուսներ։ Գնդի ներկայիս և չորրորդ հրամանատարը Դենիս Պրոկոպենկոն է, որին ազգությամբ հրեա Զելենսկին Ուկրաինայի հերոսի կոչում է շնորհել։ Պարզ չէ, թե քանի զինծառայող ունի «Ազով» գունդը, սակայն մեդիայում հանդիպում է 900-2500 մարդ թիվը։   «Ազովի» դերը Մարիուպոլի պաշտպանության գործում «Ազով» գունդն առանցքային դեր է խաղացել 2014 թ-ի հունիսին ռուսամետ ուժերից Մարիուպոլի ազատագրման հարցում։ Այդ տարվա ընթացքում Մարիուպոլը մի քանի անգամ մի կողմից մյուսի վերասհկողության տակ էր անցնում, մինչ Կիևի ուժերը կռվում էին անջատողականների դեմ։ Այս նավահանգստային քաղաքը կենսական կարևորություն ունի Ռուսաստանի համար՝ Ազովի ծովի ափի, ինչպես նաև ռուսամետ տարածքը Ղրիմի հետ կապող ցամաքային կամրջի նկատմամբ լիակատար վերահսկողություն ապահովելու համար։ «Ազովի» մարտիկները դարձել են Մարիուպոլում ռուսական զորքերին ուկրաինական դիմակայության հանրային դեմքը։ Դրա անդամները տեսանյութեր էին հրապարակում Մարիուպոլի մետաղագործական գործարանում ընթացող մարտերի մասին։ Մինչ Ռուսաստանն իր վերահսկողության տակ էր առնում Մարիուպոլի նորանոր շրջաններ, «Ազովի» տեղակայման վայրն ուկրաինական մյուս զորքերի հետ միասին դառնում էր «Ազովստալ» մետաղագործական կոմբինատը, որը Եվրոպայի խոշորագույններից մեկն է։ Ուկրաինայում շատերի համար «Ազովը» մարմնավորում է Ռուսաստանի դեմ մարտնչելու Ուկրաինայի վճռականությունը, որը, Զելենսկու խոսքով, «ձգտում է ոչնչացնել երկիրը»։   Նորա Վանյան  
20:52 - 17 մայիսի, 2022
Կլինի հստակություն, բանակցությունները կշարունակվեն․ Պոդոլյակ

Կլինի հստակություն, բանակցությունները կշարունակվեն․ Պոդոլյակ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հաստատել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները ներկա պահին կասեցված են, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։ Պոդոլյակը մի մի քանի պատճառ է նշել․ «Ռուսաստանը չի ցուցադրում աշխարհում այսօրվա գործընթացների առանցքային ընկալում։ Եվ իր ծայրահեղ բացասական դերի։ Երկրորդ հերթին՝ Ռուսաստանը չի հասկանում, որ ցանկացած դեպքում պատերազմն արդեն չի ընթանում՝ ՌԴ կանոնների, ժամանակացույցի կամ պլանների համաձայն։ Ուկրաինայի դիմադրությունը և պրոֆեսիոնալ դիմադրությունը միայն աճում է։ Այդ պատճառով էլ ՌԴ-ն իր ոչ մի նպատակի չի հասնելու»։ Որպես երրորդ պատճառ Պոդոլյակը նշել է այն, որ Ռուսաստանում քաղաքական էլիտան «վախենում է ճշմարտությունն ասել»։ Մասնավորապես, այն, որ այժմ պատերազմից պետք է դուրս գալ «բոլորովին այլ պայմաններով, քան սկզբում էր»։ Այդ պատճառով էլ, ըստ Պոդոլյակի, Ռուսաստանը նախընտրում է շարունակել բանակցությունները՝ «որպես իր քարոզչության մի տարր՝ միայն ներքին սպառման համար»։ «Այսօր ընդհանրապես խոսք չի գնում բանակցային գործընթացից ուկրաինական պատվիրակության «դուրս գալու կամ դուրս չգալու» մասին, խոսքը միայն նպատակահարմարության և հստակության մասին է այս փուլում։ Կլինի հստակություն, քաղաքական բանակցությունները կշարունակվեն», - ասել է նա։ Այսօր ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ բանակցությունները դադարեցվել են, քանի որ «Ուկրաինան գործնականում դուրս է եկել բանակցային գործընթացից»։   Նորա Վանյան  
16:38 - 17 մայիսի, 2022
Գերմանիայի ֆինանսների նախարարը պատրաստ է քննարկել ՌԴ Կենտրոնական բանկի օտարերկրյա ակտիվների առգրավման գաղափարը

Գերմանիայի ֆինանսների նախարարը պատրաստ է քննարկել ՌԴ Կենտրոնական բանկի օտարերկրյա ակտիվների առգրավման գաղափարը

Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները պատրաստ է քննարկել Ռուսաստանի պետական ակտիվների առգրավման և դրանք Ուկրաինայի վերականգնմանն ուղղելու գաղափարը։ Այս մասին նա ասել է գերմանական Handelsblatt և եվրոպական ևս երեք թերթերին տված հարցազրույցում, գրում է Reuters-ը։ «Քաղաքական առումով ես բաց եմ Ռուսաստանի Կենտրոնական բանկի օտարերկրյա ակտիվների առգրավման գաղափարի համար», - ասել է Լինդները՝ հավելելով, որ այս առաջարկներն արդեն քննարկվում են G7-ի և Եվրամիության շրջանակում։ «Մասնավոր ակտիվների դեպքում մենք պետք է հասկանանք, թե օրինական դաշտում ինչ է հնարավոր անել։ Մենք պետք է հարգենք օրենքի գերակայությունը, նույնիսկ երբ գործ ունենք ռուսաստանցի օլիգարխների հետ», - ասել է նախարարը։   Նորա Վանյան  
15:54 - 17 մայիսի, 2022
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու նախագծին

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու նախագծին

Այսօր Ազգային ժողովի Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովը  դրական եզրակացություն տվեց ՔՊ խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի և Լիլիթ Մինասյանի՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծին։  Նախագծով, հիշեցնենք, առաջարկվում էր  պետական մարմիններին հնարավորություն տալ  դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, եթե վերջինս խախտել է աշխատանքային գոտում գործող կանոնները։  Նախգծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը հանձնաժողովի նիստում տեղեկացրեց, որ նախագիծը քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Արդարադատության նախարարության գործընկերների հետ։  «Նախագծի փոփոխվող հոդվածները ստացել են հետևյալ տեսքը․ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնող դիմումով կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից։ Ընդ որում, լրագրողի հավատարմագրած մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցվել միայն եթե հավատարմագրման դադարեցման մասին լրատվամիջոցը նախազգուշացվել է և մեկ տարվա ընթացքում լրագրողը կրկին խախտել է սույն 6-րդ հոդվածով նախատեսված կանոնները, այն է՝ աշխատակարգի կանոնները»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը։ Պատգամավորը պարզաբանեց՝ լրագրողի խախտման դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կնախազգուշացվի պետական մարմնի կողմից, ինչից հետո եթե լրատվամիջոցի կողմից որևէ գործողություն չիրականացվի,  մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ  խախտումը կրկնելու դեպքում  պետական մարմինը կդադարեցնի հավատարմագրումը։  Հովհաննիսյանն ընդգծեց՝ գործնականում լրատվական գործունեություն իրականացնողը չի զրկվելու պետական մարմնում ներկայացված լինելու հնարավորությունից, այսինքն՝ որևէ իրավունք այս իմաստով չի խախտվում։  Հանձնաժողովը նաև դիմեց Ազգային ժողովին՝  նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը  առաջին ընթերցմամբ քննարկումից հետո՝ 24 ժամվա ընթացքում կազմակերպելու համար։
15:54 - 17 մայիսի, 2022
Դիվանագիտական կարգավորումը հնարավոր է միայն ՌԴ զորքերի դուրսբերումից հետո․ Շոլցն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Դիվանագիտական կարգավորումը հնարավոր է միայն ՌԴ զորքերի դուրսբերումից հետո․ Շոլցն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսով քննարկել են ռազմական և հումանիտար իրավիճակն Ուկրաինայում։ «Նրանք եզրակացության են եկել, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների միջոցով հակամարտության դիվանագիտական կարգավորումը կպահանջի Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում և ռուսական զորքերի դուրսբերում Ուկրաինայից», - DW-ի փոխանցմամբ՝ ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը։ Վլադիմիր Զելենսկին Շոլցի հետ բանակցություններն «արդյունավետ» է անվանել։ «Քննարկել ենք իրավիճակը ճակատում, ՌԴ վրա գործադրվող ճնշումը շարունակելու հարցը, պատժամիջոցների խստացումը, խաղաղության հասնելու հեռանկարները։ Գնահատում ենք Գերմանիայի աջակցությունն, այդ թվում՝ պաշտպանական։ Հույսեր ենք կապում ԵՄ-ին Ուկրաինայի լիիրավ անդամակցության ճանապարհին Գերմանիայի հետագա աջակցության հետ», - գրել է Ուկրաինայի նախագահը Թվիթերում։   Նորա Վանյան
15:14 - 17 մայիսի, 2022
Ուկրաինայի հետ բանակցությունները դադարեցվել են․ Ռուսաստանի ԱԳՆ

Ուկրաինայի հետ բանակցությունները դադարեցվել են․ Ռուսաստանի ԱԳՆ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները դադարեցվել են։ «Ոչ, բանակցությունները չեն շարունակվում։ Ուկրաինան գործնականում դուրս է եկել բանակցային գործընթացից», - ասել է նա լրագրողներին։ Ռուդենկոն հավելել է, որ բանակցությունները «ոչ մի ձևով» չեն ընթանում, գրում է «Կոմերսանտը»։ Ուկրաինայի հետ բանակցություններում առաջացած խնդիրների մասին առաջին անգամ հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ապրիլի կեսերին։ Այն ժամանակ նա հայտարարել էր, որ Կրեմլը դժգոհ է ուկրաինական կողմից՝ բանակցություններում դիրքորոշման հաճախակի փոփոխման պատճառով։ Մայիսի 4-ին Պեսկովը հայտարարել էր, որ բանակցություններում «հազիվ թե կարելի է որևէ զարգացում արձանագրել, ավելի շուտ՝ ընդհակառակը»։ Մայիսի 13-ին Կրեմլը հաղորդել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ բանակցություններն «ըստ էության, արգելափակվել են Կիևի կողմից»։ Ավելի վաղ Ուկրաինան էր Ռուսաստանին մեղադրել բանակցություններ վարելուց հրաժարվելու համար։ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ «Ռուսաստանն իրական և բովանդակալից բանակցություններ վարելու պատրաստակամություն չի դրսևորում»։ Նորա Վանյան
14:58 - 17 մայիսի, 2022
Սեռը փոխելու համար բժշկական միջամտությունն օրինական դարձնելու օրենքի նախագիծ գոյություն չունի

Սեռը փոխելու համար բժշկական միջամտությունն օրինական դարձնելու օրենքի նախագիծ գոյություն չունի

Ընդդիմության՝ մայիսի 15-ի հանրահավաքի ընթացքում Սերժ Սրապիոնյանն իր ելույթում հայտարարեց, թե մի նախագիծ է շրջանառվում, ըստ որի, իբր, մարդը կարող է որոշել իր սեռը փոխել, և պետությունն այդ վիրահատության համար նրան տրամադրելու է 25 հազար դոլար․ «Արդեն քանի օր մամուլում շրջանառվում է մի լուր, թե պատրաստված է նախագիծ սեռափոխության մասին, որտեղ թույլ են տալու, որ նույնասեռ մարդիկ ամուսնան, և դա գրանցվելու է պետականորեն գրանցման սեղաններում։ Թույլ են տալու, որ մարդը որոշի իր սեռը փոխել, և պետությունը այդ վիրահատության համար տալու է 25 հազար դոլար, որպեսզի մարդը փոխի իր սեռը։ Թույլ են տալու, որ այդ մարդը այդ դեղերը ընդունի և ստանա 2 մլն դրամ դրա համար»։ Նրա ելույթը տարածել են 24․news.am, mediahub.am, bavnews.am, zham.am և այլ կայքեր (արխիվացված հղումներ՝ 1, 2, 3, 4)։ Սերժ Սրապիոնյանի տեղեկության աղբյուրը yerevan.today կայքն է։ Սակայն կայքի տարածած տեղեկությունները պաշտոնապես հերքվել են։ Այսպիսով, կայքը մայիսի 11-ին գրել է․ «Yerevan.Today-ի ձեռքի տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որում հստակ, սևով սպիտակի վրա գրված է՝ ՀՀ Կառավարությանն առաջարկվում է  նույնասեռական տղամարկանց առնվազն երեք ոլորտներում արտոնել նոր իրավունքներով՝ ընդհուպ սեռափոխության անվճար վիրահատություն, հետևաբար ամուսնության և նույնասեռականներին զագսավորելու փաստաթղթային խնդիրները լուծել» (արխիվացված հղումը)։ Ըստ Yerevan.Today-ի տեղեկությունների՝ փետրվար-մարտ ամիսներից Արդարադատության նախարարության, Առողջապահության նախարարության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ պետական համակարգի ներքին օղակներում փակ քննարկվում է Հայաստանում սեռը փոխելու բժշկական միջամտությունը օրինական դարձնելու օրենքի նախագիծ․ «Նույն օրենքով հեղինակները նախատեսում են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչին աղջիկ կամ տղա դառնալու վիրահատությունն իրականացնել լրիվ անվճար սկզբունքով՝ պետպատվերի շրջանակներում»: Ինչպես տեսնում ենք, Yerevan.Today-ի հրապարակման մեջ ոչինչ չկա «25 հազար դոլար վճարելու» մասին, չնայած Սերժ Սրապիոնյանն իր ելույթում նշում է այդ թիվը։ Առողջապահության նախարարությունը դեռ մայիսի 12-ին հերքել էր լուրը, թե Արդարադատության, Առողջապահության նախարարությունների և ՄԻՊ գրասենյակի հետ «փակ քննարկվում է Հայաստանում տրանսգենդերների համար սեռը փոխելու բժշկական միջամտությունը օրինական դարձնելու օրենքի նախագիծը»։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրանսենյակից հայտնել են, որ գրասենյակը նման որևէ նախագծի կամ նախաձեռնության քննարկմանը ներգրավված չէ։ Արդարադատության նախարարի խոսնակն էլ, մեկնաբանելով նախագծի մասին տեղեկությունը, նշեց, որ այն «բացարձակ սուտ է»։ Այսպիսով, լրատվամիջոցները տարածում են Սերժ Սրապիոնյանի հայտարարությունը՝ հիմնված Yerevan.Today-ի հրապարակման վրա, որը պաշտոնապես հերքում են Առողջապահության և Արդարադատության նախարարություններն ու ՄԻՊ գրասենյակը։ Աննա Սահակյան
13:24 - 17 մայիսի, 2022
ԱԺ նիստերին չմասնակցելու վերաբերյալ որևէ քաղաքական հայտարարություն չի արվել․ Վարդանյանը՝ ընդդիմադիրների բացակայության մասին

ԱԺ նիստերին չմասնակցելու վերաբերյալ որևէ քաղաքական հայտարարություն չի արվել․ Վարդանյանը՝ ընդդիմադիրների բացակայության մասին

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների՝ նիստերին չմասնակցելու հարցին։  «Եթե որևիցե հիմնարկի որևիցե աշխատակից երկար ժամանակ բացակայի առանց հարգելի պատճառի, առանց հայտարարելու, թե ինչ է տեղի ունենում, անմիջապես այդ անձը կենթարկվի պատասխանատվության։ Տվյալ պարագայում, կարծես թե, թաքնվելով անձեռնմխելիության և որոշակի խորհրդարանական արտոնությունների ետևում, մենք ունենք նման գործընթաց»։  Վարդանյանի խոսքով՝ չի էլ հայտարարվել բոյկոտ, Ազգային ժողովի նիստի, նստաշրջանի կամ հանձնաժողովի նիստերի աշխատանքներին չմասնակցելու վերաբերյալ որևէ քաղաքական հայտարարություն չի արվել․ «Որպեսզի հասկանանք, որ մենք գործ ունենք, ըստ էության, ոչ թե պարզապես «դասից փախնելու», այլ ինչ-որ քաղաքական դիրքորոշման հետ։ Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ մենք գործ ունենք քաղաքական մարմնի հետ, և պետք է հարգենք ոչ այնքան մեր գործընկերներին՝ դիմադիր կամ ընդդիմադիր, այլ նաև այն քաղաքացիներին, ովքեր իրենց քվեն են փոխանցել այդ անձանց, մենք որոշակի ըմբռնումով ենք մոտենում, բայց այդ ըմբռնումը համատեղելի պետք է լինի և իրավունքի գերակայության և իրավական պետության կոնցեպտի հետ և մենք ի վերջո պետք է հանրային հաշվետվողականություն ներկայացնենք մեր գործունեության վերաբերյալ»։ Հիշեցնենք՝ այսօր առավոտից «Դիմադրություն» շարժման անդամները վերսկսել են անհնազանդության ակցիաները։ Ակցիաներին մասնակցում են նաև Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։
12:04 - 17 մայիսի, 2022
Ցուցարարների պնդմամբ՝ ոստիկանները տարեց կնոջ ձեռքն են վնասել

Ցուցարարների պնդմամբ՝ ոստիկանները տարեց կնոջ ձեռքն են վնասել

«Դիմադրություն» շարժման անդամները ակցիա են իրականացնում Կիևյան-Օրբելի խաչմերուկում, որին մասնակցում է նաև Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։ Ակցիայի ընթացքում միջադեպ տեղի ունեցավ։ Ցուցարարների պնդմամբ՝ ոստիկանները վնասել էին տարեց կնոջ ձեռքը։ Հայկ Մամիջանյանը Infocom-ին հայտնեց, որ իրենք խաղաղ ակցիա էին իրականացնում և փորձում էին կանաչ լույսի տակ փողոցն անցնել, բայց ոստիկանները տարեց կնոջ ձեռքն են վնասել: Վերջինս պատմեց նաև, որ ոստիկաններից մեկը հրել է իրեն, երբ փորձում էր չթողնել, որ նրանք մի երիտասարդի քաշքշեին: Ոստիկանները չմեկնաբանեցին տեղի ունեցածը։ Քիչ հետո տարեց կնոջը օգնություն ցույց տալու նպատակով խաչմերուկ ժամանեց Շտապօգնությունը, որի աշխատակիցը հայտնեց, որ կնոջ թևը հավանաբար դուրս է ընկել․ պետք է ռենտգեն հետազոտություն իրականացնեն։
09:49 - 17 մայիսի, 2022