Ինֆոքոմ

Ի՞նչ է հայտնի աշխարհում տարածվող նոր «կապկի ծաղիկ» վարակի մասին․ Politico

Ի՞նչ է հայտնի աշխարհում տարածվող նոր «կապկի ծաղիկ» վարակի մասին․ Politico

Politico առցանց թերթը գրում է աշխարհում տարածվող նոր՝ «կապկի ծաղիկ» վարակի մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Ճիշտ այն պահին, երբ աշխարհը սկսեց մտածել կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին, հայտնվեց մեկ այլ վարակ, որը գիտնականների անհանգստությունն է առաջացնում։ «Կապկի ծաղիկ» վարակի դեպքեր են հայտնաբերվել Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում, Շվեդիայում, Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում։ «Կապկի ծաղիկը» սովորաբար հանդիպում է Աֆրիկայում և այն անձանց մոտ, որոնք արտերկրում են եղել։ Սակայն, ԵՄ հիվանդությունների վերահսկման գործակալության տվյալներով, Եվրոպայում վերջերս արձանագրված դեպքերը ցույց են տալիս, որ վարակը, կարծես, առաջին անգամ է մի մարդուց մյուսին փոխանցվում՝ առանց Աֆրիկայի հետ որևէ կապի։   Ի՞նչ է «կապկի ծաղիկը»  «Կապկի ծաղիկ» վարակը պատկանում է հարուցիչների նույն խմբին, որոնք ծաղիկ հիվանդությունն են առաջացնում։ Ախտանիշներն են բարձր ջերմությունը, մկանացավը, լիմֆատիկ հանգույցների այտուցը և գլխացավը։ Որպես կանոն՝ առաջին երեք օրվա ընթացքում մարդու մարմնի վրա ցան է հայտնվում, սկզբից՝ դեմքին, այնուհետև՝ տարածվում ձեռքերի և ոտքերի վրա։ «Կապկի ծաղիկը» պակաս վտանգավոր է, քան ծաղիկը։ Եվրոպայում հայտնաբերված դեպքերը մինչ օրս մահվան չեն բերել, սակայն այս հիվանդությունը վարակվածներին օրերով կարող է մահճակալին գամել։ Սովորաբար այն տևում է 2-4 շաբաթ։   Ի՞նչն է մտահոգում մասնագետներին Վարակաբան Մարիոն Քուփմանսի խոսքով՝ մտահոգությունները կապված են այն բանի հետ, որ «կապկի ծաղիկ» վարակի դեպքերն արձանագրվել են մի քանի տարբեր երկրներում այն դեպքում, երբ այն սովորաբար այդքան վարակիչ չէ։ «Սա շատ անսովոր է», - ասել է նա՝ հավելելով, որ պետք է ավելի շատ տեղեկություններ հավաքել։ Իտալիայի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Ֆրանչեսկո Վայան այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ իտալական լաբորատորիաները հույս ունեն եկող շաբաթ առանձնացնել վարակը։ Նրա խոսքով՝ դա նաև թույլ կտա հասկանալ, թե արդյոք ծաղիկի դեմ պատվաստանյութի առաջացրած հակամարմինները կարող են պայքարել նոր վարակի դեմ։ Իսկ Սաութհեմփթոնի համալսարանի ավագ գիտաշխատող Մայքլ Հեդն ասում է․ «Հնարավոր է՝ հետհամավարակային փուլում մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք լասսա, «կապկի ծաղիկ», էբոլա և մյուս հազվադեպ, բայց լուրջ պաթոգենների տեղային և գլոբալ  հետևանքները հասկանալուն», - ասել է նա։   Ի՞նչ են խորհուրդ տալիս մասնագետները Հանրային առողջապահության ոլորտի պրոֆեսոր Ջիմի Ուիթվորթի խոսքով՝ Մեծ Բրիտանիայում հիվանդության տարածումն «աննախադեպ» էր։ Այնուամենայնիվ, ըստ նրա, եթե դեպքերը հայտնաբերվեն, մեկուսացվեն և բուժվեն, ինչպես նաև հայտնաբերվեն վարակվածի սերտ շփումները, իրավիճակն «արագ կարելի է վերահսկողութան տակ առնել»։ Այն երկրներին, որոնք ծաղիկի դեմ պատվաստանյութեր ունեն, Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը խորհուրդ է տալիս դիտարկել վարակվածների հետ սերտ շփումներ ունեցածներին պատվաստելու հարցը։ Կենտրոնը նշում է, որ, եթե հակավիրուսային դեղամիջոցները հասանելի են, դրանք պետք է դիտարկել ծանր դեպքերի բուժման համար։ Մեծ Բրիտանիայում որոշ բուժաշխատողների և ռիսկի խմբում գտնվողներին առաջարկվում է ծաղիկի դեմ պատվաստվել։ Իսպանիայում, ինչպես հայտնում է El País թերթը, առողջապահության նախարարությունը պատրաստվում է պատվաստանյութի հազարավոր դեղաչափեր գնել՝ հիվանդության բռնկումը զսպելու համար։ Իտալիայում, ինչպես նշել է Վրանչեսկո Վայան, հակավիրուսային դեղամիջոցներ կան, որոնք կարող են փորձնական կիրառություն ստանալ «անհրաժեշտության դեպքում»»։   Նորա Վանյան  
21:27 - 20 մայիսի, 2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա․ Ադրբեջանի վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա․ Ադրբեջանի վարչապետ

«Չնայած եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում շարունակվող հանդիպումներին (Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով-խմբ․) Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա»։ Այս մասին, ինչպես հայտնում է Ադրբեջանի Հանրապետության նախարարների կաբինետը, հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։ Ասադովը նաև հայտնել է, որ Ադրբեջանը հստակեցրել է խաղաղության պայմանագրի նախապատրաստման պատվիրակության, ինչպես նաև Հայաստանի հետ սահմանների սահմանազատման և սահմանագծման ազգային հանձնաժողովի կազմերը։ Սակայն նա կազմերի մասին այլ մանրամասներ չի հայտնել։  Ադրբեջանի վարչապետը մտահոգություն է հայտնել, թե «Հայաստանը չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հռչակագրի 4-րդ կետը, համաձայն որի՝ հայկական զինված ուժերը պետք է  դուրս բերվեն Ադրբեջանի (նկատի ունի՝ Արցախի գրավյալ տարածքները-խմբ․) տարածքից»։ Ալի Ասադովը հավելել է, որ «պաշտոնական Բաքուն մոտ ապագայում երկու հարցերում էլ լուրջ առաջընթաց է ակնկալում եւ կարեւոր է համարում այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը»։    
21:00 - 20 մայիսի, 2022
Ուկրաինական «Ազով» գնդի հրամանատարը խոսել է «Ազովստալի» պաշտպանության դադարեցման պայմանների մասին

Ուկրաինական «Ազով» գնդի հրամանատարը խոսել է «Ազովստալի» պաշտպանության դադարեցման պայմանների մասին

Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքը պաշտպանող «Ազով» գնդի հրամանատար Դենիս Պրոկոպենկոն հայտարարել է, որ քաղաքի պաշտպանության դադարեցման և «Ազովստալ» գործարանում գտնվող զինծառայողների կյանքը պահպանելու հրամանը տվել է Ուկրաինայի ռազմական ղեկավարությունը, և դրա համար երեք պայման է եղել։ Այս մասին, ՈւՆԻԱՆ-ի փոխանցմամբ, Պրոկոպենկոն ասել է իր նոր տեսաուղերձում։ «Չնայած ծանր մարտերին, օղակաձև պաշտպանությանն ու մատակարարումների բացակայությանը՝ մենք մշտապես խոսել ենք մեզ համար երեք կարևորագույն պայմանների՝ քաղաքացիական անձանց, վիրավորների և զոհերի մասին», - ասել է նա։ «Հաջողվել է տարհանել քաղաքացիական անձանց, ծանր վիրավորները ստացել են անհրաժեշտ օգնությունը․ նրանց հաջողվել է տարհանել՝ հետագայում փոխանակելու և Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածք տեղափոխելու պայմանով։ Զոհված հերոսների մասին․ գործընթացը շարունակվում է։ Հույս ունեմ՝ մոտ ժամանակներս նրանց հարազատներն ու ողջ Ուկրաինան կկարողանան պատվով հուղարկավորել իրենց հերոսներին», - հավելել է Պրոկոպենկոն։ «Ազովստալից» ուկրաինացի զինվորականներին դուրս բերելու գործընթացը մեկնարկել է մայիսի 17-ին։ Երկրի պաշտպանության նախարարությունը դեռևս մանրամասներ չի հաղորդում գործարանի տարածքից վիրավոր ուկրաինացի  զինվորականների դուրսբերման մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր նշել է, որ գործարանի արգելափակումը շարունակվում է, «զենքը վայր է դրել 1908 մարդ»։   Նորա Վանյան
15:59 - 20 մայիսի, 2022
Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մասնակցել «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով համաժողովին

Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մասնակցել «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով համաժողովին

Ընդդիմադիր պատգամավորները մտան Marriott Armenia Hotel հյուրանոց, որտեղ, ինչպես հայտնել ենք, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Freedom House միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունենում «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում: Նշենք, որ համաժողովին զուգահեռ՝ Հանրապետության հրապարակում՝ հյուրանոցի դիմաց, ակցիա են իրականացնում մի խումբ քաղաքացիներ: Նրանք վանկարկում են «առանց Նիկոլ Հայաստան», «ամոթ» և այլն: Այդ վանկարկումների ներքո էլ Նիկոլ Փաշինյանը մտավ հյուրանոց: Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մուտք գործել համաժողովի անցկացման դահլիճ: Տեղում էր նաև ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը: Պատգամավորները՝ Հայկ Մամիջանյանը, Աննա Մկրտչյանը, Աննա Գրիգորյանը, Ագնեսա Խամոյանը, Արամ Վարդևանյանը և այլք, միջանցքում էին՝ այդ դահլիճի դռան մոտ: Նրանք անգլերենով վանկարկում էին «Նիկոլ, դավաճան», որ, իրենց խոսքով, համաժողովի ներկաների մի մասի համար էլ հասկանալի լինի իրենց բողոքը: Աննա Գրիգորյանը հայտնեց, որ «Հայաստանը շատ հեռու է ժողովրդավարությունից. ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մտնել մի քննարկման, որտեղ Freedom house է»: Պատգամավոր Արամ Վարդևանյանը, որը զրուցել էր ՊՊԾ գնդի պետի հետ, ասաց, որ հրավիրվածների ցուցակում միայն իշխանությունը ներկայացնող պատգամավորներն են: Նրանք դուրս եկան հյուրանոցից և այնտեղ հավաքված քաղաքացիներին ներկայացրին, թե ինչ է կատարվել շենքի ներսում:
13:12 - 20 մայիսի, 2022
«Հայաստանի իշխանությունները ճնշումների են ենթարկվում երկրի ներսում ռադիկալների, իսկ դրսից՝ սփյուռքի կողմից»․ Չավուշօղլու

«Հայաստանի իշխանությունները ճնշումների են ենթարկվում երկրի ներսում ռադիկալների, իսկ դրսից՝ սփյուռքի կողմից»․ Չավուշօղլու

«Երևանը պետք է դրական արձագանքի Բաքվի խաղաղարար նախաձեռնություններին»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Հիմա մենք ամեն անգամ ասում և խրախուսում ենք, որ Հայաստանը նույնպես արձագանքի այս բարի մտադրություններին: Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները ճնշումների են ենթարկվում երկրի ներսում ռադիկալների (արմատականների), իսկ դրսից՝ սփյուռքի կողմից»։ Չավուշօղլուի խոսքով՝  թուրքական կողմը ոչ միայն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին է ասել, որ հայկական կողմին պետք է այս ուղղությամբ խրախուսել, այլ նաև իրենց մյուս զրուցակիցներին։ «Երեկվա մեր հանդիպման ժամանակ (Չավուշօղլուի և Բլինքենի-խմբ․)  ևս մեկ անգամ հիշեցրինք, որ Թուրքիան և Ադրբեջանը խաղաղություն են ուզում և ցույց են տվել իրենց բարի կամքը տարածաշրջանում կայունության համար»։ Չավուշօղլուն հիշեցրել է, որ ադրբեջանական կողմն է Հայաստանին առաջարկել կնքել խաղաղ համաձայնագիր։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը իր հերթին աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններին։
12:39 - 20 մայիսի, 2022
«Առանց Թրեյսի Հայաստան». ցուցարարները կոչ են անում հետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպանին

«Առանց Թրեյսի Հայաստան». ցուցարարները կոչ են անում հետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները այսօր Ֆրանսիայի հրապարակից քայլերթով շարժվեցի դեպի Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր, ապա դեպի Հանրապետության հրապարակում: Նրանք հրապարակում են՝ Marriott Armenia Hotel-ի դիմաց, որտեղ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ու Freedom House միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունենում «Ժողովրդավարության հայկական ֆորումը»: Այս պահին ֆորումում ելույթ է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ներկա են նաև Հայաստանում ԵՄ ու ԱՄՆ դեսպանները: Ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը խոսեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի մասին՝ նշելով, թե «նա ինչպես կարող է գնալ Ադրբեջան, հանդիպել բռնակալ Ալիևի հետ, հետո գալ, Հայաստանում ժողովրդավարության դասեր տալ»: Նա նշեց, որ պետք է հետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպանին: Նրա ելույթից հետո հավաքվածները սկսեցին վանկարկել «առանց Թրեյսի Հայաստան»:
12:22 - 20 մայիսի, 2022
Գների աճ, տնտեսական մռայլ հեռանկարներ․ The New York Times-ը՝ Ռուսաստանի տնտեսության մասին

Գների աճ, տնտեսական մռայլ հեռանկարներ․ The New York Times-ը՝ Ռուսաստանի տնտեսության մասին

New York Times-ը գրում է ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքով այս երկրի համար առաջացած տնտեսական դժվարությունների մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Մոսկվայում գնորդները բողոքում են, որ մեկ կիլոգրամ բանանի գինը 60-ից 100 ռուբլի է դարձել։ Բանկերը կրճատել են տրամադրվող անդորրագրերի քանակը՝ թղթի պակասի պատճառով։ Հագուստի արտադրողները հայտարարում են, որ մնացել են առանց կոճակների։ «Ռուսաստանի տնտեսական հեռանկարներն առանձնահատուկ մռայլ են։ Ուկրաինայի դեմ դաժան պատերազմ սկսելով՝ Ռուսաստանն ընտրել է ավելի աղքատ և տնտեսական առումով պակաս ազդեցիկ դառնալը», - հայտարարել է Ֆինլանդիայի բանկը։ Նույնիսկ Ռուսաստանի Կենտրոնական բանկն է այս տարվա համար կանխատեսում հսկայական արժեզրկում՝ 18-23%, և արտադրական ծավալների 10% կրճատում։ Հեշտ չէ պարզել պատերազմի և պատժամիջոցների ազդեցությունը ռուսական տնտեսության վրա այն պայմաններում, երբ անգամ «պատերազմ» և «ներխուժում» բառերի օգտագործումն է անօրինական համարվում։ Նախագահ Վլադիմիր Պուտինը պնդում էր, թե տնտեսությունը դիմանում է ԱՄՆ, Եվրոպայի և մյուս երկրների կիրառած միջոցներին։ Մոսկվայի ձեռնարկած ֆինանսական քայլերը սկզբնական փուլում օգնել են մեղմել տնտեսական վնասները։ Հակամարտության սկզբում երկրի Կենտրոնական բանկը կրկնապատկել էր հիմնական տոկոսադրույքը՝ այն հասցնելով 19%-ի, որպեսզի կայունացնի ռուբլին, իսկ վերջերս այն կարողացել է նվազեցնել տոկոսադրույքը մինչև 14%։ Ռուբլու փոխարժեքն ամենաբարձր մակարդակի վրա է վերջին երկու տարում։ Եվ, թեև Ռուսաստանը ստիպված է եղել նավթը զեղչված գնով վաճառել, համաշխարհային գների գլխապտույտ աճը բերում է նրան, որ նավթից ստացվող հարկային մուտքերն այս տարի գերազանցում են 180 մլրդ դոլարը՝ չնայած արդյունահանման ծավալի կրճատմանը, հայտնում է Rystad Energy-ն։ Բնական գազի մատակարարումները ՌԴ բյուջեն կավելացնեն ևս 80 մլրդ դոլարով։ Ամեն դեպքում, Պուտինը նշաններ չի ցուցաբերում, որ արտասահմանի ճնշումն իրեն կարող է ստիպել վերջ տալ Ուկրաինայում ռազմական գործողություններին։ Սակայն վերլուծաբաններն ասում են, որ աշխարհի խոշորագույն առևտրային գործընկերներից և տեխնոլոգիական ընկերություններից շատերի հետ կապերի խզումը մեծ և երկարաժամկետ վնաս կհասցնի Ռուսաստանի տնտեսությանը։ Ֆինլանդիայի բանկի Անցումային տնտեսությունների ինստիտուտի ավագ խորհրդական Լորա Սելանկոյի խոսքով՝ ձեռնարկությունների աշխատանքի համար անհրաժեշտ պահեստամասերի պահուստները կսպառվեն մի քանի ամսից։ Իսկ առաջատար տեխնոլոգիաների և օտարեկրյա ներդրումների բացակայությունն ապագայում թույլ չի տա իրացնել Ռուսաստանի արտադրական ներուժը։ Ռուսաստանի Կենտրոնական բանկն արդեն խոստովանել է, որ սպառողների պահանջարկն ու վարկավորման ծավալները կրճատվում են, և «ձեռնարկությունները զգալի դժվարություններ ունեն արտադրության և լոգիստիկայի ոլորտներում»: Յելի մենեջմենթի դպրոցի տվյալներով՝ հարյուրավոր օտարերկրյա ընկերություններ կասեցրել են իրենց գործունեությունը Ռուսաստանում կամ նույիսկ հեռացել են երկրից։ Օրինակ՝ այս շաբաթ McDonald’s ընկերությունը հայտարարել է, որ Ռուսաստանում երեք տասնամյակ աշխատելուց հետո պլանավորում է վաճառել բիզնեսը, որը ներառում է 850 ռեստորան և 62 հազար աշխատատեղ։ Ֆրանսիական Renault ավտոարտադրողն այս շաբաթ նույնպես հայտարարել է բիզնեսը ՌԴ կառավարությանը վաճառելու մասին, թեև այդ գործարքի շրջանակում ընկերությունը հնարավորություն ունի հետ գնելու իր մասնաբաժինը վեց տարվա ընթացքում։ Իսկ փաթեթավորման նյութերի և թղթի մատակարար Stora Enso ֆիննական ընկերությունը հայտարարել է Ռուսաստանում իր երեք գործարանների վաճառքի մասին։ Ռուս-ուկրաինական պատերազմն ու համաշխարհային տնտեսությունը Ռուսական նավթից ու գազից հրաժարվելու Եվրոպայի խոստումը Մոսկվային ստիպելու է նոր գործընկերներ փնտրել, հատկապես՝ Չինաստանում և Հնդկաստանում։ Սակայն Ասիայի հետ համագործակցությունն, ըստ Rystad Energy-ի ավագ վերլուծաբան Դարյա Մելնիկի՝ «ժամանակ և մասշտաբային ներդրումներ կպահանջի ենթակառուցվածքներում, ինչը միջնաժամկետ հեռանկարում կհանգեցնի Ռուսաստանում արտադրության և եկամուտների կտրուկ անկման»։ Առանց պահեստների բավարար քանակի Ռուսաստանը, հնարավոր է, ստիպված լինի կրճատել նավթի և գազի ընդհանուր արդյունահանումը։ Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ պատժամիջոցների պատճառով այս տարի նավթի արդյունահանման 17% կրճատում կարող է տեղի ունենալ։ Մյուս ոլորտներում նույնպես անկում է նկատվում։ Մարտին մարդատար ավտոմեքենաների արտադրությունը կրճատվել է 72%-ով՝ անցյալ տարվա համեմատ։ Ներկրման ծավալների կրճատում է նկատվում արդյունաբերական, սպառողական ապրանքների ոլորտներում։ Սպառողների համար առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճն այնքան զգալի է, որ Թվիթերում «Իսկ ի՞նչ է պատահել» անվանումով էջ է հայտնվել, որտեղ ռուսաստանցիները բողոքում են ամեն ինչի գների աճից՝ Palmolive շամպուններից մինչև նեկտարինը։ Երկրի սահմաններից դուրս Ռուսաստանի տնտեսական հեռանկարները նույնպես վատթարանում են։ Այս ամիս ֆիննական Fennovoima ընկերությունը հայտարարել է ռուսական պետական «Ռոսատոմ» կորպորացիայի հետ պայմանագրի խզման մասին, որով նախատեսվում էր «Հանհիկիվի-1» ատոմակայանի շինարարությունը։ «Մենք խորապես հիասթափված ենք։ Այդ որոշման հիմքերը բացարձակապես անհասկանալի են», - ասել էր «Ռոսատոմը»»։   Նորա Վանյան  
22:12 - 19 մայիսի, 2022
Ըստ Հրայր Թովմասյանի՝ իր վերաբերյալ գործում առկա որոշ ապացույցներ պետք է անթույլատրելի ճանաչվեն

Ըստ Հրայր Թովմասյանի՝ իր վերաբերյալ գործում առկա որոշ ապացույցներ պետք է անթույլատրելի ճանաչվեն

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի կարծիքով՝ իրեն առաջադրված մեղադրանքը նման է ավազե պարանի․ «Որտեղ որոշես փաթաթել, այն ցաքուցրիվ է լինելու»,- Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում հայտարարեց նա։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց նրա եւ նրա սանիկ Նորայր Փանոսյանի վերաբերյալ գործի քննությունը։ Հիշեցնենք՝ Թովմասյանն ու Փանոսյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Առաջադրված մեղադրանքները նրանք չեն ընդունում։ Ըստ մեղադրանքի՝  2010-2014 թթ ընթացքում Հրայր Թովմասյանը, լինելով Արդարադատության նախարար եւ ունենալով կազմակերպական-տնօրինչական լիազորություններ, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել Արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։ Դրանից բացի, ըստ մեղադրանքի, նա, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտնակատար անձանց հետ համակցությամբ, հարկադրվել է Նոտարական պալատի նախագահին պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել Արդարադատության նախարարության եւ Նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։ Նորայր Փանոսյանի մեղադրանքը եւս այս դրվագների վերաբերյալ է․ նա այդ ժամանակ զբաղեցրել է Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը։ Նախաքննության ընթացքում Փանոսյանը կալանավորված է եղել, այժմ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Նշենք, որ քրեական գործը դատարանում է 2020 թվականի մարտ ամսից, դատարանն ապացույցների հետազոտման փուլում է։ Հրապարակվեցին գործում առկա զննությունների արձանագրություններ Այսօրվա նիստի ընթացքում մեղադրող դատախազ Արսեն Մարգարյանը հրապարակեց նախաքննության ընթացքում կատարված զննությունների արձանագրությունները, որոնց թվում էր Արդարադատության նախարարությունից 2019 թվականի դեկտեմբերի 2-ին ստացված մի սկավառակի զննության արձանագրություն։ Սկավառակի մեջ, ինչպես դատախազը նշեց, առկա էր երկու թղթապանակ՝ «Հրայր Թովմասյան 1» եւ «Հրայր Թովմասյան 2» վերնագրերով։ Դրանցում Նոտարական պալատի բանկային հաշվի քաղվածքներն էին, կնքած վարձակալության պայմանագրեր։ Չանդրադառնալով արձանագրության բովանդակային մասին՝ Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց զննել բուն սկավառակը՝ պարզելու համար, թե կոնկրետ ինչ հանգամանքներում են թղթապանակներին այդ անվանումները տրվել, արդյո՞ք ի սկզբանե այդպես են վերնագրված եղել, թե՞ երբ քննիչը պահանջել է, կատարող անձն է այդ անվանումը տվել։ Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն ասաց, որ տեխնիկական պատճառներով սկավառակը կզննեն նիստի ավարտին, այժմ կշարունակեն ապացույցների հետազոտումը։ Պաշտպանը, սակայն, պնդեց՝ մինչեւ չիմանան, թե ինչ պայմաններում են ստեղծվել այդ թղթապանակները, չեն կարող վստահաբար ասել, որ դրանք համապատասխանում են Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված «այլ փաստաթուղթ» ապացույցի տեսակին․ «Ես պնդում եմ, որ առկա թղթապանակները վարույթն իրականացնող մարմնի կամայականության եւ նախարարության պաշտոնատար անձանց հետ անօրինական համագործակցության արդյունք են, որովհետեւ դրանք ի սկզբանե առկա չեն եղել նախարարությունում, համապատասխան վայրից ստացվել են, եւ համապատասխան վայրում այդ անվանումներով թղթապանակներ առկա չեն եղել»,- ասաց նա։ Ելույթ ունեցավ նաեւ Հրայր Թովմասյանը՝ հարց հնչեցնելով, թե ինչի՞ց են ենթադրել, որ սկավառակի վրա նշված «Հրայր Թովմասյան»-ը հենց ինքն է, որովհետեւ ըստ ընտրողների ռեգիստրի՝ ՀՀ-ում այդ անուն-ազգանունով 123 անձ կա․ «Միգուցե մյուս Հրայր Թովմասյաններից մեկն է, միգուցե նրան է պետք բերել, այստեղ կանգնեցնել, դուք ասացիք՝ վրան գրված է, եթե վրան գրված լիներ ձեր անուններից մեկը, ձեր գլխավոր դատախազի անունը, ի՞նչ էիք անելու»,- դիմելով դատախազներին՝ հարցրեց Թովմասյանը։ Դատավորը հիշեցրեց, որ նա իր հայտարարությունները պետք է դատարանին ուղղի, ինչից հետո Թովմասյանը շարունակեց․ «Ես ասում եմ՝ ՀՀ նախագահի անունն էր վրան գրված կամ Պողոս Պողոսյան էր գրված,  ինչի՞ց եք ենթադրել, որ դա ես եմ, եթե վրան գրվածով որոշել եք, որ դա ապացույց է, եւ դատարանն էլ ժամանակ է վատնում դա ուսումնասիրելու վրա, եկեք փորձաքննություն նշանակենք, պարզենք՝ 2012 թվականի՞ն է գրվել «Հրայր Թովմասյան», թե՞ 2019-2020 թթ, ես ձեզ վստահեցնում եմ, որ 2020 թ է գրված լինելու կամ 2019-ին, 2018-ին»։ Դատախազները, այնուամենայնիվ, արձագանքեցին Թովմասյանի հայտարարություններին։ Մասնավորապես, մեղադրող դատախազ Արմեն Մուրադյանն ասաց՝ թե ում են նկատի ունեցել, ապացույցների գնահատման արդյունքում է պետք պարզել, բայց կարիք չկա իրենց կամ գլխավոր դատախազի անունը շահարկելու, ինչ-որ օրինակներ բերելու, եւ եթե վիճարկման առարկա է, թե երբ է դա կատարվել, ապա կողմը կարող է համապատասխան ընթացակարգով միջնորդություն ներկայացնել, որի վերաբերյալ իրենք դիրքորոշում կհայտնեն, այնինչ պարզապես հայտարարության տեսքով զուտ կասկածի տակ դնելը անհարկի քննադատություն է։ Պաշտպան Միհրան Պողոսյանն էլ հարցրեց․ «Գլխավոր դատախազն էլ մեկը չէ, ինչի՞ց ենթադրեցին, որ հենց գործող գլխավոր դատախազին նկատի ունենք թե՞ բոլոր գլխավոր դատախազներին են պաշտպանում»։ Արձագանքելով դատախազ Արմեն Մուրադյանն ասաց․ «Ցանկացած,  բոլորին»։ Մյուս դատախազ Արսեն Մարգարյանն էլ նշեց՝ չի կարծում, թե որեւէ իրավաբանի համար ֆայլի վերնագիրը պիտի ապացույց հանդիսանա, դրա բովանդակությունն է ապացույց․ «Հարցում են կատարել, ինչ ստացել են, դա էլ զննության են ենթարկել, չզննեի՞ն»,- հարց հնչեցրեց նա՝ ասելով, թե ֆայլի անվանումը չի կարող ապացույցի թույլատրելիության կասկածի տեղիք տալ։ Նա նաեւ նշեց՝ չի կարծում, որ այլ Հրայր Թովմասյանին նկատի ունեցած լինեն, քանի որ գործով քննվում է այդ տարածքների հետ դատավոր Հրայր Թովմասյանի առնչությունը։ Կարճ ժամանակ անց, երբ դատարանը զննեց սկավառակը, պարզ դարձավ, որ դրանում առկա երկու թղթապանակները ստեղծվել են 2019 թվականի դեկտեմբերի 2-ին, այսինքն՝ այն նույն օրը, երբ Նախարարությունից ուղարկվել են նախաքննական մարմնին։ Պաշտպանն արձանագրեց, որ Հրայր Թովմասյանի անվանումը գրվել է սոսկ ցույց տալու նպատակով, թե Թովմասյանը կապ ունի այդ տարածքների հետ։ Ըստ պաշտպանական կողմի՝ գործում առկա որոշ ապացույցներ պետք է անթույլատրելի ճանաչվեն Հաջորդ ապացույցը, որ քննարկվեց, նախաքննության ընթացքում կատարված գաղտալսումների ձայնագրությունները պարունակող սկավառակն էր։ Դատախազ Արսեն Մարգարյանը կարծիք հայտնեց, որ այդ սկավառակը եւս պետք է հետազոտել, որպեսզի հետագայում չհնչեն հայտարարություններ, թե այդ ձայնագրությունները քննիչի ենթադրություններն են։ Պաշտպանական կողմը, սակայն, պնդեց, որ այդ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ուստի այն ոչ թե պետք է հետազոտել, այլ պետք է հանել ապացուցողական բազայից՝ անթույլատրելի ապացույց ճանաչելով։ Բանն այն է, որ այդ ձայնագրությունները ձեռք են բերվել օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ինչի վերաբերյալ, օրենքի համաձայն, պետք է արձանագրություն կազմել, իսկ ըստ պաշտպանների՝ քրեական գործում նման փաստաթուղթ առկա չէ։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն ասաց, որ ապացույցների հետազոտման փուլում դատարանը չի կարող դրանց գնահատական տալ, երբ կհասնեն միջնորդությունների փուլին, պաշտպանները կարող են համապատասխան միջնորդություն ներկայացնել․ «Միջնորդությունները, որոնք կներկայացվեն ապացույցների թույլատրելիության, արժանահավատության, գնահատման վերաբերյալ, դատարանը հետաձգելու է, եւ դրանց անդրադառնալու է խորհրդակցական սենյակում վերջնական դատական ակտ կայացնելիս»,- ասաց նա։ Ամբաստանյալ Նորայր Փանոսյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը պնդեց՝ իրենք կաշկանդված չեն այս փուլում եւս միջնորդություններ ներկայացնելուց․ «Պետք է ուսումնասիրվի տվյալ սկավառակի ծագումնաբանությունը, թե ինչպես է այն հայտնվել այս քրեական գործում, եւ մի փաստաթուղթ կա, որը կարող է ուղղորդել, դա արձանագրությունն է՝ տվյալ ՕՀՄ-ն անցկացնալու մասին, «լազերային սկավառակ» ՕՀՄ գոյություն չունի ոչ օրենսդրության մեջ, ոչ բնության մեջ»,- ասաց նա։ Հրայր Թովմասյանն էլ նշեց, որ օրենքի խախտմամբ ձեռքբերված ապացույցը  պետք է հասու չլինի նաեւ դատավորին, որովհետեւ որքան էլ նա անաչառ եւ կամային լինի, դա կարող է ազդեցություն թողնել նրա ներքին համոզման վրա։ Այնուհանդերձ, բուն միջնորդությունը դատարանը չքննարկեց՝ շարունակելով հրապարակել գործում առկա փաստաթղթերը։ Դրանցից մեկն էլ Հրայր Թովմասյանի բնակարանում իրականացված խուզարկության արձանագրությունն էր։ Պաշտպանական կողմը պնդեց, որ այդ ապացույցը չպետք է հետազոտվի, որովհետեւ այն եւս ձեռք է բերվել օրենքի խախտմամբ։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է խուզարկություն կատարելու որոշմանը։ Քննիչը դատարանի թույլտվությամբ խուզարկել է Թովմասյանի բնակարանը, սակայն այդ որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է, եւ ամիսներ անց Վերաքննիչ դատարանը բավարարել է բողոքը․ «Կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որ իմ բնակարանի խուզարկությունը եղել է անօրինական»,- ասաց Հրայր Թովմասյանը՝ տարակուսանք հայտնելով, թե ինչու է քննիչը լուսանկարել իր բնակարանը․ «Իրենք եկել էին իմ տուն՝ գտնելու այդ տարածքների հետ կապված ինչ-որ պայմանագիր, ես ուզում եմ հասկանալ՝ երբ քննիչը իմ ննջարանը նկարում էր, կարծում էր՝ դա պատին կպցրա՞ծ էի լինելու, այսինքն՝ նկարում էր որպես ապացու՞յց, երբ իմ բնակարանի սանհանգույցն էր նկարում, ի՞նչ էր կարծում, որ այդտե՞ղ էի փակցրել, ի՞նչի համար էր նկարում»,- ասաց նա՝ ենթադրելով, թե գալու նպատակը այլ է եղել․ «Հիմա ես չեմ ուզում, որ Դուք իմանաք՝ իմ ննջարանում ինչ կա, այդ իրավունքը ունե՞մ թե՞ չունեմ, ուզում եմ հասկանալ՝ իմ պատը կապույտ էր թե կարմիր, ի՞նչ կապ ունի, որ այդ լուսանկարները բերել են»,- դիմելով դատարանին՝ հարցրեց նա։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հայտնեց՝ գործում առկա են լուսանկարների պատճենները, դրանք անգույն են․ «Ավելի լավ, կարող էր մի հոգեբան գալ ու ասել, որ եթե տան պատերը կարմիր են, ուրեմն՝ նա հակում ունի նոտարներին հանձնարարություն տալու»,- արձագանքեց Թովմասյանը։ Դատարանը շարունակեց ապացույցների հետազոտումը, որից հետո պաշտպանական կողմի աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 2-ին։   Միլենա Խաչիկյան
20:40 - 19 մայիսի, 2022
Ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու համար ներկրողների կեսը հաշիվներ է բացել «Գազպրոմբանկում»․ ՌԴ փոխվարչապետ

Ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու համար ներկրողների կեսը հաշիվներ է բացել «Գազպրոմբանկում»․ ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ ռուսական «Գազպրոմից» գազ գնող օտարերկրյա 54 ընկերությունների մոտավորապես կեսը հաշիվներ է բացել «Գազպրոմբանկում», գրում է «Կոմերսանտը»։ Սխեման, որով ռուսական գազի գնորդներն արտարժույթ են փոխանցում «Գազպրոմբանկի» իրենց հաշիվներին՝ հետագայում այն ռուբլով փոխանակելու համար, Նովակն անվանել է հարկադիր և անհրաժեշտ միջոց՝ արտահանումից ստացված եկամուտները հնարավոր կալանքից պաշտպանելու համար։ «Մոտ օրերս կունենանք վերջնական ցանկը, թե ով է գազի դիմաց ռուբլով վճարել, ով է հրաժարվել վճարումից», - ասել է ՌԴ փոխվարչապետը։ Երեկ ռուսական բանկում հաշիվ բացելու գործընթաց է սկսել իտալական Eni ընկերությունը, էներգակիրների համար վճարմանն առնչվող ՌԴ պայմաններն ընդունելու մասին է հայտարարել նաև Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Ռիխարդ Սուլիկը, «Գազպրոմբանկի» հետ բանակցություններ է այժմ վարում ֆրանսիական Engie-ն։ Նշենք, որ, Ռուսաստանի պահանջի համաձայն, ռուսական գազի դիմաց վճարումների համար «ոչ բարեկամ երկրները» պետք է հաշիվներ բացեն «Գազպրոմբանկում»՝ հաշվարկները ռուսական ռուբլով իրականացնելու համար։   Նորա Վանյան
16:11 - 19 մայիսի, 2022
Գերմանիայի կանցլերը կոչ է արել Եվրամիությանն Ուկրաինայի արագ անդամակցության չսպասել

Գերմանիայի կանցլերը կոչ է արել Եվրամիությանն Ուկրաինայի արագ անդամակցության չսպասել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երկրի խորհրդարանում այսօր ունեցած իր ելույթի ժամանակ ասել է, որ պետք չէ սպասել Եվրամիությանը Կիևի անդամակցության վերաբերյալ արագ որոշումների, գրում է DW-ն։ Այս հարցում նա սատարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը կարծում է, որ դա «մի քանի ամսվա կամ մի քանի տարվա հարց չէ»։ ԵՄ անդամակցությանը սպասող մյուս թեկնածուների նկատմամբ արդարության նկատառաւմներից ելնելով՝ պետք չէ կրճատել եվրաինտերգման ուղին, ասել է Գերմանիայի կանցլերը։ Նա հավելել է, որ, ըստ ամենայնի, Եվրահանձնաժողովն Ուկրաինայի հայտի վերաբերյալ իր գնահատականը կներկայացնի հունիսի վերջին։ Շոլցն իր ելույթում նաև կողմ է արտահայտվել Ուկրաինային ծանր սպառազինության մատակարարմանը։ «Մեզ բոլորիս ընդհանուր նպատակ է միավորում․ թույլ չտալ Ռուսաստանին հաղթել այս պատերազմում։ Ուկրաինան պետք է դիմանա», - ընդգծել է նա։   Նորա Վանյան
15:30 - 19 մայիսի, 2022
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական երեք ավիաընկերությունների դեմ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական երեք ավիաընկերությունների դեմ

Մեծ Բրիտանիան այսօր հայտարարել է, որ նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի «Աերոֆլոտ», «Ուրալյան ավիաուղիներ», «Ռոսիա» ավիաընկերությունների դեմ՝ թույլ չտալու համար, որպեսզի նրանք վաճառեն բրիտանական օդանավակայաններում ինքնաթիռների չօգտագործվող վայրէջքատեղերը, գրում է Reuters-ը։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ, իր գնահատականով, վայրէջքատեղերն արժեն  50 մլն ֆունտ (61,9 մլն դոլար)։ «Մենք արդեն փակել ենք մեր օդային տարածքը ռուսական ավիաուղիների համար։ Այսօր մենք հոգ ենք տանում, որպեսզի նրանք չկարողանան կանխիկացնել մեր օդանավակայաններում իրենց շահեկան վայրէջքատեղերը։ Յուրաքանչյուր տնտեսական պատժամիջոց ընդգծում է մեր հստակ ուղերձը [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինին․ մենք կանգ չենք առնելու, մինչև որ Ուկրաինան չհաղթի», - ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը։ Ռուսական այս երեք ավիաուղիների ակտիվները կսառեցվեն։   Նորա Վանյան
14:44 - 19 մայիսի, 2022