Ինֆոքոմ

Զելենսկին Ռուսաստանի դեմ ավելի շատ պատժամիջոցների կոչ է արել Դավոսի համաժողովում

Զելենսկին Ռուսաստանի դեմ ավելի շատ պատժամիջոցների կոչ է արել Դավոսի համաժողովում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովում տեսակապով ունեցած իր ելույթում միջազգային հանրությանը կոչ է արել «առավելագույն» պատժամիջոցները կիրառել Ռուսաստանի դեմ, որը ներխուժել է իր երկիր։ Այդ միջոցներն, ըստ նրա, պետք է ներառեն նավթային էմբարգո, բոլոր ռուսական բանկերի արգելափակում և Ռուսաստանի հետ առևտրի լիակատար դադարեցում, գրում է DW-ն։ Զելենսկին ասել է, որ բոլոր օտարերկրյա ընկերությունները պետք է լքեն ՌԴ-ն, որպեսզի անուղղակիորեն չաջակցեն ռուսական ռազմական ագրեսիային։ Նա հայտնել է նաև, որ Կիևը դիտարկում է բալթյան նավահանգիստների օգտագործման հնարավորությունն՝ Ուկրաինայից սերմնահատիկի արտահանման համար։ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը Դավոսի գլխավոր թեմաներից մեկն է լինելու։ Համաժողովը տևելու է մինչև մայիսի 26-ը։ Դրան մասնակցում է շուրջ 2 հազար մարդ, այդ թվում՝ համաշխարհային 50 առաջնորդ։ Ռուսաստանը համաժողովին այս տարի չի մասնակցում։ Նորա Վանյան
17:15 - 23 մայիսի, 2022
Պուտինը հայտարարել է ազգային արժույթներով հաշվարկների անցնելու դրական արդյունքի մասին

Պուտինը հայտարարել է ազգային արժույթներով հաշվարկների անցնելու դրական արդյունքի մասին

Գործընկերների հետ ազգային արժույթներով հաշվարկների անցնելն իր արդյունքն է տալիս, դա նպաստում է ռուբլու ամրապնդմանը, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Մեր գործընկերների հետ առևտրում ազգային արժույթին՝ ռուբլուն, անցնելը նույնպես իրենն ասում է։ [...] Իրավիճակն օբյեկտիվորեն այնպես դասավորվեց, որ մենք դա արեցինք։ Ոչ ի վնաս մեր գործընկերների, ուզում եմ սա ընդգծել։ Ոչ ի վնաս մեր գործընկերների։ Կատարելով մեր բոլոր պարտավորությունները», - ասել է նա։ Պուտինը նաև նշել է, որ ռուսական տնտեսությունը դիմանում է պատժամիջոցներին․ «Ցանկանում եմ նշել, որ, չնայած բոլոր բարդություններին, ռուսական տնտեսությունը դիմանում է պատժամիջոցային հարվածին, բավականին արժանապատիվ ձևով է դիմանում։ Այս մասին են վկայում բոլոր հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները»։ Նորա Վանյան
16:39 - 23 մայիսի, 2022
Լեհաստանը խզում է գազի մատակարարման պայմանագիրը Ռուսաստանի հետ

Լեհաստանը խզում է գազի մատակարարման պայմանագիրը Ռուսաստանի հետ

Լեհաստանն այսօր հայտարարել է, որ խզել է Յամալի գազատարով ռուսական գազ ստանալու պայմանագիրը Ռուսաստանի հետ։ Վարշավան մերժել էր գազի դիմաց ռուբլով վճարելու պահանջը, ի պատասխան՝ Մոսկվան ապրիլին դադարեցրել էր գազի մատակարարումը, գրում է Reuters-ը։ Լեհաստանի կլիմայի հարցերի նախարար Աննա Մոսկվան, որն այս որոշման մասին հայտնել է Թվիթերում, լեհական PAP լրատվական գործակալությանն ասել է, որ Վարշավայի որոշումը չի ազդել լեհական ընկերության կառավարման ներքո գտնվող գազատարով Գերմանիայից Լեհաստան եկող գազի հոսքի վրա։ Ավելի վաղ Լեհաստանը հայտնել էր, որ մտադիր չէ երկարաձգել ռուսական գազի մատակարարման պայմանագիրը, որի ժամկետը լրանում էր 2022 թ-ի վերջին։ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան հաստատել է լեհական կառավարության վճռական մոտեցման իրավացիությունը՝ ռուսական գազից լիովին անկախ դառնալու հարցում։ Մենք միշտ ենք իմացել, որ «Գազպրոմը» հուսալի գործընկեր չէ», - հայտարարել է Մոսկվան։ «Գազպրոմը» Reuters-ին չի մեկնաբանել այս հարցը։ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի իշխանությունը կուսումնասիրի պայմանագրի վաղաժամկետ խզման վերաբերյալ Լեհաստանի որոշումը։ Նա նշել է, որ Լեհաստանի իշխանությունը Ռուսաստանի նկատմամբ «լպիրշ, խելագարության հասնող դիրքորոշում» է զբաղեցնում։ Նորա Վանյան
15:59 - 23 մայիսի, 2022
Իտալիան Ռուսաստանին է փոխանցել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման պլան, այն ուսումնասիրվում է․ ՌԴ ԱԳՆ

Իտալիան Ռուսաստանին է փոխանցել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման պլան, այն ուսումնասիրվում է․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի իշխանությունն Իտալիայից ստացել է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման պլան։ Այժմ այդ պլանն ուսումնասիրման փուլում է, «Կոմերսանտի» փոխանցմամբ՝ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Նա պարզաբանել է, որ Ռուսաստանն իր վերաբերմունքը պլանին կձևակերպի այն բանից հետո, երբ ավարտի դրա ուսումնասիրումը։ «Մենք այն վերջերս ենք ստացել, ուսումնասիրում ենք», - ասել է դիվանագետը։ Պլանի մանրամասները նա չի հաղորդել։ Իտալիայի իշխանության մշակած ռազմավարության մասին հայտնի է դարձել անցյալ շաբաթ։ La Repubblica թերթը գրել էր, որ պլանը ներառում է հրադադարի հաստատում և ռուսական զորքերի լիակատար դուրսբերում, Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների աստիճանական չեղարկում, Եվրամիությանն Ուկրաինայի արագացված անդամակցություն և նրա կողմից հրաժարում ՆԱՏՕ-ին անդամացությունից, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պայմանագրի ստորագրում՝ Դոնբասի և Ղրիմի թերակղզու «վիճելի տարածքների» պատկանելիության մասին, ինչպես նաև Եվրոպայի անվտանգության մասին նոր պայմանագրի ստորագրում։ Այս ռազմավարությունը փոխանցվել է նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին։ Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն նշել էր, որ իր երկրի մշակած պլանը թույլ կտա Թուրքիային ու Հնդկաստանին ներգրավել միջազգային կազմակերպությունների և միավորումների ջանքերին։ Մայիսի 19-ին Կրեմլը հայտնել էր, թե ծանոթ չէ Իտալիայի պլանին, սակայն «ողջունում է բոլոր նրանց մասնակցությունն, ովքեր կարող են նպաստել կարգավորմանը»։ Նորա Վանյան
15:31 - 23 մայիսի, 2022
«Դավոսը» վերադառնում է․ արդյո՞ք համաշխարհային էլիտան նկատել է, որ աշխարհը փոխվել է․ CNN

«Դավոսը» վերադառնում է․ արդյո՞ք համաշխարհային էլիտան նկատել է, որ աշխարհը փոխվել է․ CNN

Շվեյցարական Դավոս քաղաքում անցկացվում է Համաշխարհային տնտեսական համաժողովը։ Դրա շրջանակում քննարկվելու են իրավիճակն Ուկրաինայում, անհետաձգելի հումանիտար հարցերն ու անվտանգության խնդիրները, համավարակից հետո տնտեսության վերականգնումը և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը։ Համաժողովին ներկա չի լինի ռուսական պատվիրակությունը, քանի որ Ուկրաինա ներխուժման պատճառով Ռուսաստանի դեմ ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցների ֆոնին համաժողովը կասեցրել է ՌԴ հետ հարաբերությունները։ CNN-ը գրում է Դավոսում քննարկվելիք խնդիրների մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։ «Վերջին անգամ, երբ առաջատար քաղաքական գործիչները, ընկերությունների ղեկավարներն ու միլիարդատերերը հավաքվել էին շվեյցարական այս լեռնային քաղաքում՝ քննարկելու հասարակության ամենամեծ խնդիրներն ու ներկայացնելու իրենց լուծումները, Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը ոչ այլ ինչ էր, քան հեռավոր սպառնալիք։ Տնտեսությունը եռում էր, իսկ ամենախոշոր հակամարտությունը Եվրոպայում ներառված չէր որևէ մեկի՝ լուրջ ռիսկերի ցանկում։ Ավելի քան երկու տարի անց աշխարհը գլխիվայր շուռ եկավ Covid-19-ի համավարակի և Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով։ Սակայն շվեյցարական Դավոս ժամանած հարուստ և ազդեցիկ անձանց համար քիչ բան է փոխվել։ Համաժողովը կոչված է միավորելու կարևոր մարդկանց՝ արդիական խնդիրերի համար լուծում գտնելու։ Այդ խնդիրներից են անհավասարությունը, կլիմայի փոփոխությունները, տեխնոլոգիաների ապագան և աշխարհաքաղաքական կոնֆլիկտը։ Սակայն, խնդիրների լուծման համար աշխարհի ամենահարուստ մարդկանցից ոմանց այս համաժողովին հրավիրելու տրամաբանությունը մեր օրերում էլ ավելի անկատար է։ Oxfam-ի՝ հունվարին հրապարակած հաշվետվության համաձայն՝ համավարակի ընթացքում միլիարդատերերն իրենց կարողությունն ավելացրել են 5 տրլն դոլարով։ Իսկ տասնյակ միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում հայտնվել են ծայրահեղ աղքատության մեջ համաշխարհային տնտեսության կանգի պատճառով։ Ֆինանսական շուկայում այս տարվա զեղչված գներով վաճառքները հարվածել են գերհարուստների գրպանին։ Սակայն սա չի սփոփի զարգացած և զարգացող երկրների այն մարդկանց, որոնք վերջին տասնամյակներում կենսաապահովման վատթարագույն ճգնաժամին են բախվել։ Սննդամթերքի և վառելիքի գների սրընթաց աճն արդեն հանգեցնում է սովի և զրկանքների, անկայունություն բերում, ցույցեր առաջացնում։ 2022 թ․-ի համաժողովը պլանվորվում էր անցկացնել հունվարին, սակայն այն հետաձգվել էր կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածման պատճառով։ Մինչ կազմակերպիչները նախապատրաստում էին գարնանային հանդիպումը, ծանրաքաշ մասնակիցներից շատերի մոտ ժամանակացույցի խնդիրներ էին առաջանում, ոմանք էլ հրաժարվում էին մասնակցությունից։ ԱՄՆ խոշորագույն JPMorgan Chase բանկի գլխավոր տնօրեն Ջեյմի Դայմոնը չի մասնակցելու միջոցառմանը գրաֆիկի պատճառով, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը մեծ ելույթ էր ունեցել Դավոսի 2017 թ․-ի համաժողովում, այցով գտնվելու է Հարավային Կորեայում և Ճապոնիայում։ Չինաստանի ներկայությունը զգալիորեն կրճատվել է․ նրա խոշոր քաղաքները դեռևս համակված են կորոնավիրուսով: Գլխավոր իրադարձությունն, ըստ ամենայնի, լինելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ելույթը երկուշաբթի օրը, որի ներկայությունն ակնկալվում է տեսակապի միջոցով։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նույնպես ելույթ կունենան եկող շաբաթվա վերջում․ դրանցում բարձրացված հարցերը մանրամասն կքննարկվեն, քանի որ Եվրամիության երկրները փորձում են պայմանավորվածության գալ ռուսական նավթի էմբարգոյի շուրջ։ Նախկինում ռուսաստանցի քաղաքական գործիչներն ու օլիգարխները Դավոսի անքակտելի մասն էին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ անցյալ տարի է ելույթ ունեցել առցանց ձևաչափով անցկացված Համաշխարհային տնտեսական համաժողովում, նա հրավիրվել էր նաև համաժողովի մասնակիցների առջև ելույթ ունենալու 2015 թ․-ին՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանը բռնակցել էր Ղրիմը։ 2020 թ․-ին մասնակիցների թվում էին «Լուկոյլի», «Սբերբանկի» և «Յանդեքսի» ղեկավարներն, ինչպես նաև ՌԴ էներգետիկայի նախարարը։ Այս տարի Պուտինը չի մասնակցելու համաժողովին, ինչպես նաև ռուսաստանցի ոչ մի պաշտոնյա, մագնատ կամ ղեկավար։ Մինչդեռ ծրագրով նախատեսվում է այնպիսի հարցերի քննարկում, ինչպիսիք են «Սառը պատերազմ 2.0»-ն և «Վերադարձը պատերազմին»»։   Նորա Վանյան
21:01 - 22 մայիսի, 2022
ԱՄՆ նախագահն ասել է, որ «մտահոգված չէ» Հյուսիսային Կորեայի միջուկային նոր փորձարկումների առնչությամբ

ԱՄՆ նախագահն ասել է, որ «մտահոգված չէ» Հյուսիսային Կորեայի միջուկային նոր փորձարկումների առնչությամբ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ասիա կատարած իր այցի ժամանակ Սեուլում (Հարավային Կորեա) ասել է, որ «մտահոգված չէ» Հյուսիսային Կորեայի միջուկային նոր փորձարկումների առնչությամբ, որոնք վերջին հինգ տարում առաջինն են, գրում է Reuters-ը։ Լրագրողների այն հարցին, թե ինչ ունի նա փոխանցելու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, Բայդենն ասել է․ «Բարև։ Վերջակետ»։ Ավելի վաղ ԱՄՆ հետախուզական ծառայությունները հայտնել էին, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է միջուկային նոր փորձարկումներ իրականացնել։ «Մենք պատրաստ ենք այն ամենին, ինչ անում է Հյուսիսային Կորեան», - ասել է ԱՄՆ նախագահը։ Նախօրեին Բայդենն ու նրա հարավկորեացի գործընկեր Յուն Սոկ Յոլը պայմանավորվածություն էին ձեռք բերել՝ դիտարկելու ավելի մասշտաբային զորավարժությունների անցկացման հարցն՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի փորձարկումների։ Իր այցի շրջանակում Բայդենը կհանդիպի նաև «Անվտանգության քառակողմ երկխոսություն» (Quad) կառույցի անդամ Ճապոնիայի, Հնդկաստանի և Ավստրալիայի առաջնորդների հետ։ Նորա Վանյան
17:23 - 22 մայիսի, 2022
Ուկրաինան իր ապագան որոշելու իրավունք ունի․ Լեհաստանի նախագահը՝ Ուկրաինայի Գերագույն ռադայում

Ուկրաինան իր ապագան որոշելու իրավունք ունի․ Լեհաստանի նախագահը՝ Ուկրաինայի Գերագույն ռադայում

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այսօր ելույթ է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայում, հայտնում է Liga.net-ը։ Դուդան օտարերկրյա առաջին նախագահն է, որը ելույթ է ունեցել Ուկրաինայի խորհրդարանում ռուսական ներխուժումից ի վեր։ «Այսօր ազատ աշխարհի դեմքն Ուկրաինան է», - ասել է նա։ «Ձայներ են հայտնվել, որոնք ասում են, թե Ուկրաինան պետք է զիջի Պուտինի պահանջներին։ Սակայն միայն Ուկրաինան իրավունք ունի որոշելու իր ապագան», - ընդգծել է Լեհաստանի նախագահը։ Reuters-ը գրում է, որ ռուսական ներխուժումից հետո Վարշավան իրեն դրսևորել է՝ որպես Կիևի հավատարիմ դաշնակիցներից մեկը։ Լեհաստանը Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների կողմնակից է և ակտիվորեն սատարում է Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությունը։ «Չեմ հանգստանա, մինչև որ Ուկրաինան Եվրամիության անդամ չդառնա», - ասել է Անջեյ Դուդան։ Նորա Վանյան
15:48 - 22 մայիսի, 2022
Լիտվան դադարեցրել է ռուսական էներգակիների ներկրումը

Լիտվան դադարեցրել է ռուսական էներգակիների ներկրումը

Լիտվան մայիսի 22-ից դադարել է էլեկտրաէներգիա ներկրել Ռուսաստանից, գրում է DW-ն։ Ավելի վաղ այդ մասին հայտարարել էր էլեկտրաէներգիայի փոխանցման համակարգի Litgrid լիտվական օպերատորը։ «Բորսայի Nord Pool օպերատորը որոշում է կայացրել կասեցնել Բալթյան երկրներում Ռուսաստանից էլեկտրաէներգիայի միակ ներկրող «Ինտեր ՌԱՕ» ընկերությունների խմբի՝ ռուսական էլեկտրաէներգիայի վաճառքը։ Կիրակի օրվանից ռուսական էլեկտրաէներգիան այլևս չի ներկրվի Լիտվա», - ասված է մայիսի 20-ի հաղորդագրությունում։ «Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի առևտրի կասեցումը չի ազդի էլեկտրաէներգիայի փոխանցման լիտվական համակարգի հուսալիության վրա։ Երկրում էլեկտրաէներգիայի պահանջարկը կբավարարվի տեղական էլեկտրակայանների և ռազմավարական գործընկերից՝ ԵՄ երկրներից ներկրման հաշվին», - ասել է Litgrid-ի գլխավոր տնօրեն Ռոկաս Մասյուլիսը։ Սա նշանակում է, որ մայիսի 22-ից երկրում չի լինի ոչ ռուսական գազ, ոչ նավթ, ոչ էլ էլեկտրաէներգիա, հաղորդել է Լիտվայի էներգետիկայի նախարարությունը։ «Սա շատ կարևոր սահմանագիծ է ոչ միայն դեպի էներգետիկ անկախություն տանող Լիտվայի ճանապարհին։ Սա մեր համերաշխության արտահայտումն է մարտնչող Ուկրաինայի հետ, մենք չենք կարող թույլ տալ, որ մեր փողերով ֆինանսավորվի ռուսական ռազմական մեքենան», - ասել է Լիտվայի էներգետիկայի նախարար Դայնիուս Կրեյվիսը։ Նախարարի խոսքով՝ Լիտվայի լիակատար էներգետիկ անկախության մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ երկիրը կարողանա ոչ միայն ապահովել էլեկտրաէներգիայի իր պահանջարկը տեղական կանաչ էներգետիկայի հաշվին, այլև արտահանել այն։ Նորա Վանյան
15:14 - 22 մայիսի, 2022
Վարագույրների հետևում խոսում էին ՀՀ-ում ժողովրդավարության մասին․ մեզ համար իրական ժողովրդավարությունը առաջնահերթություն է․ Իշխան Սաղաթելյան

Վարագույրների հետևում խոսում էին ՀՀ-ում ժողովրդավարության մասին․ մեզ համար իրական ժողովրդավարությունը առաջնահերթություն է․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը այսօր կայացած հանրահավաքին ամփոփեց «Դիմադրություն» շարժման գրանցած արդյունքները։ Դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ նա ասաց․ «Էսօր դուք ցույց տվեցիք՝ եթե որեւէ մեկը համարձակվի որեւէ փաստաթուղթ ստորագրել, Հայաստան չի մտնելու»։ Սաղաթեյանն անդրադարձավ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը․ «Որ պատկերացնեք՝ մեր շարժումը ինչ ծավալների է հասել, ու ինչ արդյունքներ ունենք, շատ լավ չափորոշիչ է երեկ Թուրքիայի բացահայտ աջակցությունը օրվա իշխանություններին։ ՀՀ իշխանություններին օգնության է շտապել Թուրքիայի ԱԳ նախարար, որ հայտարարել է, թե Հայաստանի իշխանությունը ներսից արմատական ուժերի, դրսից՝ սփյուռքի ազդեցության տակ է։ Ճիշտ եք ասում՝ ՀՀ իշխանությունը ժողովրդի ճնշման տակ է, սփյուռքը ոտքի է, Արցախը ոտքի է, իսկ ձեր գործընկերը՝ մերժված», - հայտարարեց նա։ Ամփոփելով երեկվա իրենց գործողությունները՝ Սաղաթելյանը նշեց, որ հետապնդելով Լիտվայի նախագահին հստակ ուղերձ հղեցին՝ այն մարդը, որի հետ հանդիպում է, լեգիտիմ չէ։ «Երեկ ՀՀ-ում տեղի էր ունենում մի կարեւոր միջոցառում՝ «Ժողովրդավարությունը Հայաստանում» թեմայով, սա խայտառակություն էր․ ժողովրդավարության թեմայով միջոցառմանը թույլ չէին տալիս մտնել լրատվամիջոցներին կամ ընդդիմադիր գործիչներին, վարագույրների հետեւում խոսում էին ՀՀ-ում ժողովրդավարության մասին։ Հայաստանում չկա ժողովրդավարություն, քանի որ դրա թշնամին հայտնվել է իշխանության գլխին», - նշեց ընդդիմադիր գործիչը։  Սաղաթելյանն խոսեց նաեւ «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի ելույթի մասին՝ նշելով, որ «ՀՀ-ում ատելության մթնոլորտ ստեղծողը ունի հստակ հասցե՝ Նիկոլ Վովայի Փաշինյան»։ «Երբ որ վարչապետի աթոռին հայտնված անձը Աժ-ում հայտարարում էր՝ թաթիկներդ կկտրեմ, կծեփեմ ասֆալտին, ընտրարշավի ժամանակ մուրճը ձեռքին վազում էր համայնքի ղեկավարների հետեւից, ձեզանից որեւէ մեկը ձայն չէր հանում, լռում էր, եւ այս իրավիճակի պատասխանատվությունը ինչ-որ կերպով կիսում եք նաեւ դուք։ Հետեւաբար, այո, ՀՀ-ում ատելության խոսքը պետք է վերանա։ Պետք է լինի համերշխություն», - ասաց Սաղաթելյանը։ Սաղաթելյանը նշեց՝ իրենց համար ժողովրդավարական ինստիտուտների կայացումը, իրական ժողովրդավարությունը եւ երկրի իրական բարեփոխումները առաջնահերթություններ են։ Նրա խոսքով՝ ամբողջ ծավալով աշխատելու են միջազգային գործընկերների հետ իրական ժողովրդավարություն ունենալու համար։
22:46 - 21 մայիսի, 2022
Մարդիկ հայտարարում են, որ դիրքերում զորք չկա, բա ԱԱԾ-ն մոնիթորինգ է անում միայն ընդդիմադի՞ր հայացքներով մարդկանց․ Տիգրան Աբրահամյան

Մարդիկ հայտարարում են, որ դիրքերում զորք չկա, բա ԱԱԾ-ն մոնիթորինգ է անում միայն ընդդիմադի՞ր հայացքներով մարդկանց․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով ընդդիմության հերթական հանրահավաքին խոսեց ընդդիմության բողոքի գործողությունների մասնակիցներին ուղղված՝ սահման գնալու կոչերին։ «Բոլոր այն մարդկանց, որոնք համարում են, թե այստեղ հավաքված մարդիկ պետք է գնան պոստ պահելու, ուզում եմ հարցնել՝ դուք, առհասարակ, տեղյա՞կ եք, որ սա պետություն է։ Ինչի՞ ամեն կարող է առավոտն արթնանալ, ինչպես Փաշինյանն էր ասում, վերցնել իր սաղավարտը, զրահաբաճկոնը ու գնա պոստ պահելու՞։ Բա պետությունը, պետական կառույցներն ինչի՞ համար են, բա ոստիկանության այդ զոքերը, որ 4 տարի առաջ պոպուլիզմով ասում էիք՝ ոստիկանական զորքերը այսուհետ պիտի պոստ պահեն, ինչի՞ պոստ չեն պահում կամ ընդհանուր ուժի 10-15 տոկոսով են պահում», - նշեց նա։ Աբրահամյանն անդրադարձավ նաեւ ԱԱԾ գործունեությանը՝ նշելով․ «Քարոզչական տեսանյութեր էին հրապարակում․ մարդիկ էին, որոնք կոչ էին անում մեզ՝ այստեղ հավաքվածներիս, գնալ մարտական դիրքեր, ասում էին՝ դրա կարիքը կա, ու՞ր է նայում ԱԱԾ-ն։ Մարդիկ հայտարարում են, որ դիրքերում խնդիր կա, զորք չկա, բա ԱԱԾ-ն մոնիթորինգ է անում միայն ընդդիմադիր հայացքներո՞վ մարդկանց», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։  
20:08 - 21 մայիսի, 2022
Ի՞նչ է հայտնի աշխարհում տարածվող նոր «կապկի ծաղիկ» վարակի մասին․ Politico

Ի՞նչ է հայտնի աշխարհում տարածվող նոր «կապկի ծաղիկ» վարակի մասին․ Politico

Politico առցանց թերթը գրում է աշխարհում տարածվող նոր՝ «կապկի ծաղիկ» վարակի մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Ճիշտ այն պահին, երբ աշխարհը սկսեց մտածել կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին, հայտնվեց մեկ այլ վարակ, որը գիտնականների անհանգստությունն է առաջացնում։ «Կապկի ծաղիկ» վարակի դեպքեր են հայտնաբերվել Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում, Շվեդիայում, Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում։ «Կապկի ծաղիկը» սովորաբար հանդիպում է Աֆրիկայում և այն անձանց մոտ, որոնք արտերկրում են եղել։ Սակայն, ԵՄ հիվանդությունների վերահսկման գործակալության տվյալներով, Եվրոպայում վերջերս արձանագրված դեպքերը ցույց են տալիս, որ վարակը, կարծես, առաջին անգամ է մի մարդուց մյուսին փոխանցվում՝ առանց Աֆրիկայի հետ որևէ կապի։   Ի՞նչ է «կապկի ծաղիկը»  «Կապկի ծաղիկ» վարակը պատկանում է հարուցիչների նույն խմբին, որոնք ծաղիկ հիվանդությունն են առաջացնում։ Ախտանիշներն են բարձր ջերմությունը, մկանացավը, լիմֆատիկ հանգույցների այտուցը և գլխացավը։ Որպես կանոն՝ առաջին երեք օրվա ընթացքում մարդու մարմնի վրա ցան է հայտնվում, սկզբից՝ դեմքին, այնուհետև՝ տարածվում ձեռքերի և ոտքերի վրա։ «Կապկի ծաղիկը» պակաս վտանգավոր է, քան ծաղիկը։ Եվրոպայում հայտնաբերված դեպքերը մինչ օրս մահվան չեն բերել, սակայն այս հիվանդությունը վարակվածներին օրերով կարող է մահճակալին գամել։ Սովորաբար այն տևում է 2-4 շաբաթ։   Ի՞նչն է մտահոգում մասնագետներին Վարակաբան Մարիոն Քուփմանսի խոսքով՝ մտահոգությունները կապված են այն բանի հետ, որ «կապկի ծաղիկ» վարակի դեպքերն արձանագրվել են մի քանի տարբեր երկրներում այն դեպքում, երբ այն սովորաբար այդքան վարակիչ չէ։ «Սա շատ անսովոր է», - ասել է նա՝ հավելելով, որ պետք է ավելի շատ տեղեկություններ հավաքել։ Իտալիայի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Ֆրանչեսկո Վայան այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ իտալական լաբորատորիաները հույս ունեն եկող շաբաթ առանձնացնել վարակը։ Նրա խոսքով՝ դա նաև թույլ կտա հասկանալ, թե արդյոք ծաղիկի դեմ պատվաստանյութի առաջացրած հակամարմինները կարող են պայքարել նոր վարակի դեմ։ Իսկ Սաութհեմփթոնի համալսարանի ավագ գիտաշխատող Մայքլ Հեդն ասում է․ «Հնարավոր է՝ հետհամավարակային փուլում մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք լասսա, «կապկի ծաղիկ», էբոլա և մյուս հազվադեպ, բայց լուրջ պաթոգենների տեղային և գլոբալ  հետևանքները հասկանալուն», - ասել է նա։   Ի՞նչ են խորհուրդ տալիս մասնագետները Հանրային առողջապահության ոլորտի պրոֆեսոր Ջիմի Ուիթվորթի խոսքով՝ Մեծ Բրիտանիայում հիվանդության տարածումն «աննախադեպ» էր։ Այնուամենայնիվ, ըստ նրա, եթե դեպքերը հայտնաբերվեն, մեկուսացվեն և բուժվեն, ինչպես նաև հայտնաբերվեն վարակվածի սերտ շփումները, իրավիճակն «արագ կարելի է վերահսկողութան տակ առնել»։ Այն երկրներին, որոնք ծաղիկի դեմ պատվաստանյութեր ունեն, Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը խորհուրդ է տալիս դիտարկել վարակվածների հետ սերտ շփումներ ունեցածներին պատվաստելու հարցը։ Կենտրոնը նշում է, որ, եթե հակավիրուսային դեղամիջոցները հասանելի են, դրանք պետք է դիտարկել ծանր դեպքերի բուժման համար։ Մեծ Բրիտանիայում որոշ բուժաշխատողների և ռիսկի խմբում գտնվողներին առաջարկվում է ծաղիկի դեմ պատվաստվել։ Իսպանիայում, ինչպես հայտնում է El País թերթը, առողջապահության նախարարությունը պատրաստվում է պատվաստանյութի հազարավոր դեղաչափեր գնել՝ հիվանդության բռնկումը զսպելու համար։ Իտալիայում, ինչպես նշել է Վրանչեսկո Վայան, հակավիրուսային դեղամիջոցներ կան, որոնք կարող են փորձնական կիրառություն ստանալ «անհրաժեշտության դեպքում»»։   Նորա Վանյան  
21:27 - 20 մայիսի, 2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա․ Ադրբեջանի վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա․ Ադրբեջանի վարչապետ

«Չնայած եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում շարունակվող հանդիպումներին (Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով-խմբ․) Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա»։ Այս մասին, ինչպես հայտնում է Ադրբեջանի Հանրապետության նախարարների կաբինետը, հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։ Ասադովը նաև հայտնել է, որ Ադրբեջանը հստակեցրել է խաղաղության պայմանագրի նախապատրաստման պատվիրակության, ինչպես նաև Հայաստանի հետ սահմանների սահմանազատման և սահմանագծման ազգային հանձնաժողովի կազմերը։ Սակայն նա կազմերի մասին այլ մանրամասներ չի հայտնել։  Ադրբեջանի վարչապետը մտահոգություն է հայտնել, թե «Հայաստանը չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հռչակագրի 4-րդ կետը, համաձայն որի՝ հայկական զինված ուժերը պետք է  դուրս բերվեն Ադրբեջանի (նկատի ունի՝ Արցախի գրավյալ տարածքները-խմբ․) տարածքից»։ Ալի Ասադովը հավելել է, որ «պաշտոնական Բաքուն մոտ ապագայում երկու հարցերում էլ լուրջ առաջընթաց է ակնկալում եւ կարեւոր է համարում այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը»։    
21:00 - 20 մայիսի, 2022
Ուկրաինական «Ազով» գնդի հրամանատարը խոսել է «Ազովստալի» պաշտպանության դադարեցման պայմանների մասին

Ուկրաինական «Ազով» գնդի հրամանատարը խոսել է «Ազովստալի» պաշտպանության դադարեցման պայմանների մասին

Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքը պաշտպանող «Ազով» գնդի հրամանատար Դենիս Պրոկոպենկոն հայտարարել է, որ քաղաքի պաշտպանության դադարեցման և «Ազովստալ» գործարանում գտնվող զինծառայողների կյանքը պահպանելու հրամանը տվել է Ուկրաինայի ռազմական ղեկավարությունը, և դրա համար երեք պայման է եղել։ Այս մասին, ՈւՆԻԱՆ-ի փոխանցմամբ, Պրոկոպենկոն ասել է իր նոր տեսաուղերձում։ «Չնայած ծանր մարտերին, օղակաձև պաշտպանությանն ու մատակարարումների բացակայությանը՝ մենք մշտապես խոսել ենք մեզ համար երեք կարևորագույն պայմանների՝ քաղաքացիական անձանց, վիրավորների և զոհերի մասին», - ասել է նա։ «Հաջողվել է տարհանել քաղաքացիական անձանց, ծանր վիրավորները ստացել են անհրաժեշտ օգնությունը․ նրանց հաջողվել է տարհանել՝ հետագայում փոխանակելու և Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածք տեղափոխելու պայմանով։ Զոհված հերոսների մասին․ գործընթացը շարունակվում է։ Հույս ունեմ՝ մոտ ժամանակներս նրանց հարազատներն ու ողջ Ուկրաինան կկարողանան պատվով հուղարկավորել իրենց հերոսներին», - հավելել է Պրոկոպենկոն։ «Ազովստալից» ուկրաինացի զինվորականներին դուրս բերելու գործընթացը մեկնարկել է մայիսի 17-ին։ Երկրի պաշտպանության նախարարությունը դեռևս մանրամասներ չի հաղորդում գործարանի տարածքից վիրավոր ուկրաինացի  զինվորականների դուրսբերման մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր նշել է, որ գործարանի արգելափակումը շարունակվում է, «զենքը վայր է դրել 1908 մարդ»։   Նորա Վանյան
15:59 - 20 մայիսի, 2022